Changes
/* Տասներորդ գլուխ */
Օլիվերը, մեծ ճիգ գործադրելով, հազիվ բարձրացավ տեղից։ Ոստիկանը պինդ բռնած օձիքից, սաստիկ արագությամբ նրան քարշ տվեց փողոցներով։ Ծերունի ջենթլմենը քայլում էր ոստիկանի կողքից, իսկ նրանք, ովքեր կարողացել էին ավելի առաջ անցնել, մերթ ընդ մերթ ետ դառնալով՝ նայում էին Օլիվերին։ Եվ այսպես, տղաների հաղթական աղաղակների տակ, ամբոխը շարժվեց առաջ։
==Տասնմեկերորդ գլուխ==
Պատմում է ոստիկանական դատավոր միստր Ֆենգի մասին և տալիս է որոշ պատկերացում, թե նա ինչպես էր գործադրում օրենքը
Հանցագործությունը կատարվել էր այն շրջանում, որը գտնվում էր մայրաքաղաքի շատ հայտնի ոստիկանական բաժանմուքներից մեկի սահմաններում։ Ամբոխը Օլիվերին ընկերակցելու բավականությունն ունեցավ միայն մինչև երկու֊երեք փողոց, այսինքն՝ մինչև այնտեղ, որ կոչվում է Մաթոն Հիլ։ Դրանից հետո անցնելով ինչ֊որ կամարակապ դարպասից դեպի մի կեղտոտ գավիթ, Օլիվերը կողմնակի մուտքով առաջնորդվեց արդարադատության այդ հեղինակավոր հաստատությունը։ Մտնելով սալահատակված մի փոքրիկ բակ, նրանք հանդիպեցին երեսը մազերի խրձակներով պատած մի հաղթանդամ մարդու, որի ձեռքին բանալիների մի խուրձ կար։
― Ի՞նչ է պատահել, ― անհոգությամբ հարցրեց այդ մարդը։
― Մի ինչ֊որ փոքրիկ գրպանահատի են բռնել, ― պատասխանեց Օլիվերին բերող հսկիչը։
― Տուժող կողմը դո՞ւք եք, սըր, ― հարցրեց բանալիներով մարդը։
― Այո՛, ― պատասխանեց ծերունի ջենթլմենը, ― բայց ես այնքան էլ վստահ չեմ, որ իրոք այս տղան է թռցրել իմ թաշկինակը։ ― Ես․․․ ես կնախնտրեի գործը կարճել։
― Հարկավոր է իսկույն ևեթ գնալ դատավորի մոտ, ― պատասխանեց մարդը։ ― Նորին գերազանցությունը կես րոպեից կվերջացնի իր աշխատանքները։ Դե՛, շարժվի՛ր, կախաղանի բաժին։
Այս հրավերը ուղղված էր Օլիվերին․ հետևաբար, նա ներս մտավ ինչ֊որ դռնից, որ այդ մարդը խոսելիս բանալիով բաց էր արել, և իրեն գտավ քարահատակ մի խցում։ Այստեղ նրան խուզարկեցին և ոչինչ չգտնելով՝ դուռը վրայից կողպեցին։
Այդ խուցը իր ձևով ու ծավալով նման էր գետնահարկային մի սենյակի, միայն նվազ լուսավորված։ Այն սարսափելի կեղտոտ էր, քանի որ երկուշաբթի առավոտ էր, և նախօրոք զբաղեցված էր եղել վեց հարբաց մարդկանցով, որոնք շաբաթ գիշերվանից, այլ տեղ էին արգելափակվել։ Բայց սա դեռ ոչինչ։ Մեր ոստիկանատներում կանայք ու տղամարդիկ ամենաչնչին մեղադրանքով ― այդ բառը արժե ընդգծել ― արգելափակվում են այնպիսի նկուղներում, որոնց հետ համեմատած՝ Նյուգեյթի խցերը պալատներ էին հիշեցնում, մինչդեռ այնտեղ բանտարկում են ամենավտանգավոր եղեռնագործներին, որոնք դատվել են, ճանաչվել հանցապարտ և մահապատժի են ենթարկվել։ Ով կասկածում է մեր խոսքի ճշմարտությանը, թող համեմատի այդ երկուսը։
Երբ բանալին պտտվելով՝ խցի դուռը ամուր փակեց, ծերունի ջենթլմենը նույնքան ողբալի տեսք ուներ, որքան Օլիվերը։ Նա հառաչելով նայեց ձեռքում բռնած գրքին, որ անմեղ պատճառն էր այդ անախորժության։
― Ինչ֊որ արտահայտություն կա այդ տղայի դեմքի վրա, ― ասաց ծերունի ջենթլմենը ինքն իրեն, երբ դանդաղ հեռանում էր և մտքի մեջ մոլորված՝ գրքի ծայրով կզակն էր քորում․ ― Ինչ֊որ բան, որը և՛ հուզում, և՛ հետաքրքրում է ինձ։ Արյո՞ք նա իսկապես անմեղ է։ Կարծես այդպես է երևում նրա դեմքից։ Օ՜հ, ― բացականչեց ծերունի ջենթլմենը հանկարծակի կանգ առնելով և աչքերը հառելով դեպի երկինք։ ― Տեր աստված, ուրիշ որտե՞ղ եմ հանդիպել աչքերի այդ արտահայտությանը։
Մի քանի րոպե մտորելուց հետո ծերունի ջենթլմենը, դեռևս նույն մտքերի մեջ խորասուզված, մտավ դեպի բակ բացվող մի նախասենյակ և այնտեղ անկյունում առանձնանալով՝ ոգեկոչեց երկար տարիների մշուշե վարագույրի տակ սքողված դեմքերի մի հոծ բազմություն։ «Ո՛չ», գլուխը թափահարելով ասաց նա վերջապես, «երևի պատրանք է»։
Այսուհանդերձ, նա նորից մոլորվեց նույն մտքերի մեջ։ Նա ոգեկոչել էր այդ դեմքերը և այժմ հեշտ չէր նրանց վերստին պարուրել մոռացության մշուշով։ Այնտեղ կային դեմքեր բարեկամների ու թշնամիների, և դեմքեր շատերի, որոնք համարյա անծանոթներ էին, բայց համառորեն նայում էին իրեն՝ ամբոխի միջից։ Այնտեղ կային դեմքեր դեռատի և ծաղկափթիթ աղջիկների, որոնք այժմ արդեն պառավել էին։ Այնտեղ կային դեմքեր, որոնց շիրիմը վաղուց եղծվել էր, բայց միտքը, արհամարելով մահվան գոյությունը, դեռևս պատկերում էր նրանց անցյալի թարմությունը ու շքեղությամբ՝ վերակենդանացնելով նրանց աչքերի փայլը, ժպիտի պայծառությունը, նրանց հոգու ճաճանչը դուրս հանելով կավե պատյանի միջից և շշնջալով նրանց անդրշիրիմյան գեղեցկության մասին, գեղեցկություն, որը փոխված էր միայն ավելի վսեմանալու համար, և երկրի սահմաններից դուրս էր բերված միայն որպես ջահ՝ մեղմ ու գողտրիկ ցոլքով լուսավորելու համար դեպի երկինք ձգվող շավիղը։
Բայց ծերունի ջենթլմենը չկարողացավ մտաբերել ոչ մի դեմք, որը նվազագույն չափով իսկ նմանվեր Օլիվերին։ Հետևաբար, նա նորից հառաչեց այն հուշերի համար, որոնք վրդովել էին իր հոգու անդորը և, բարբախտաբար, մտացիր ծերունի լինելով, նրանց մի անգամ ևս թողեց խունացած գրքի էջերում։
Ուսի վրա թեթև հպում զգալով, նա սթափվեց, գիրքը շտապ փակեց և հետևելով բանալիներով մարդուն՝ անմիջապես տարվեց հանրածանոթ միստր Ֆենգի առջև։
Դատական ատյանը միջնորմով բաժանված մի նախասենյակ էր։ Վերևի անկյունում նստած էր միստր Ֆենգը, իսկ մեղադրյալների համար սահմանված տեղում կանգնած էր խեղճ փոքրիկ Օլիվերը, տեսարանի ահավորությունից սարսափած, ամբողջ մարմնով դողալով։
Միստր Ֆենգը նիհար, երկարիրան, պնդավիզ և միջահասակ մարդ էր։ Մազը սակավ էր, այն էլ միայն քունքերի վրա և գլխի հետևի մասում։ Նրա դեմքը խոժոռ էր ու կարմրած, դա գուցե պետք էր վերագրել այն հանգամանքին, որ նա սովորաբար պահանջից ավելի էր խմում։ Բայց չխմելու դեպքում էլ նրա դեմքի գույնը գուցե պարսավանքի առարկա դառնար, թեպետ այդպիսով բավականին ծանր վնասներից ազատված կլիներ։
Ծերունի ջենթլմենը հարգանքով գլուխ տվեց և առաջանալով դեպի դատավորի գրասեղանը՝ իր այցաքարտը դրեց նրա առաջ ու ասաց․
― Ահավասիկ իմ անունն ու հասցեն, սըր, ― հետո մեկ երկու քայլ ետ գնաց և դարձյալ քաղաքավարի ու ջենթլմենական ձևով գլուխը թեթև հակելով՝ սպասեց հարցաքննության։
Դիպվածը այնպես բերեց, որ միստր Ֆենգը այդ րոպեին առավոտյան լրագրերից մեկի առաջնորդող հոդվածն էր կարդում, հոդվածագիրը ակնարկում էր միստր Ֆենգի վերջերս կայացրած ինչ֊որ որոշումը և երեք հարյուր հիսուներորդ անգամ հանձանրարում էր Ներքին Գործերի Նախարարին հատուկ ուշադրություն դարձնել դրա վրա։ Հետեևաբար, միստր Ֆենգը շատ վատ տրամադրության մեջ էր և գլուխը զայրացած վեր բարձրացրեց։
― Ո՞վ եք դուք, ― հարցրեց նա։
Ծերունի ջենթլմենը, բավական զարմացած, մատնացույց արավ իր այցաքարտը։
― Ոստիկան, ― ասաց միստր Ֆենգը այցաքարտը լրագրի հետ արահամարհանքով դեն շպրտելով, ― ո՞վ է այս մարդը։
― Իմ անունը, սըր, ― ասաց ծերունի ջենթլմենը, ջենթլմենին վայել եղանակով, ― իմ անունը Բրաունլո է։ Թույլ տվեք հարց տալ և իմանալ այն դատավորի անունը, որը, օգտվելով իր դիրքից, անհիմն ու անբացատրելի անարգանքով է դիմում հարգելի մի անձնավորության։ ― Այս ասելով միստր Բրաունլոն շուրջը նայեց, կարծես որոնելով մեկին, որը պահանջված տեղեկությունը հաղորդեր իրեն։
― Ոստիկա՛ն, ― ասաց միստր Ֆենգը՝ լրագրերը մի կողմ նետելով, ― այս մարդը ինչի՞ համար է մեղադրվում։
― Նա բոլորովին չի մեղադրվում, ձերդ գերազանցություն, ― պատասխանեց ոստիկանը։ ― Նա հանդես է գալիս որպես մեղադրող, ձերդ գերազանցություն։
Նորին գերազանցությունը հրաշալի գիտեր այդ, բայց դա ճնշելու լավ միջոց էր, միաժամանակ և անվտանգ։
― Ուրեմն նա հանդես է գալիս ընդդեմ տղայի, այդպե՞ս է, ― ասաց Ֆենգը, ոտից գլուխ արհամարհանքով զննելով միստր Բրաունլոին։ ― Երդվեցրե՛ք նրան։
― Նախքան երդվելս, թույլ տվեք ինձ մի խոսք ասել, ― սկսեց միստր Բրաունլոն, ― ճշմարիտն ասած՝ ես երբեք առանց շոշափելի փաստերի չէի կարող հավատալ․․․
― Ձեր լեզուն ձե՛զ պահեցեք, սըր, ― վճռականորեն ասաց միստր Ֆենգսը։
― Չե՛մ պահի, սըր, ― պատասխանեց ծերունի ջենթլմենը։
― Այս րոպեիս լռեցեք, թե չէ ձեզ գրասենյակից դուրս շպռտել կտամ, ― ասաց միստր Ֆենգը, ― դուք լրբի ու անպատկառի մեկն եք։ Ինչպե՞ս եք համարձակվում սպառնալ դատավորին։
― Ինչ ասացի՞ք, ― բացականչեց ծերունի ջենթլմենը կարմրելով։
― Երդվեցրո՛ւ սրան, ― հրամայեց Ֆենգը քարտուղարին։ ― Էլ ոչ մի խոսք, երդվեցրո՛ւ սրան։
Միստր Բրաունլոն չափից դուրս զայրացավ, բայց մտածելով, որ իր զայրույթին անձնատուր լինելով՝ կարող էր վնասել տղային, զսպեց իրեն և ենթարկվելով հրահանգին՝ անմիջապես երդվեց։
― Ուրեմն, ― ասաց Ֆենգը, ― ի՞նչ մեղադրանք է հարուցված այս տղայի դեմ։ Ի՞նչ ունեք ասելու, սըր։
― Ես կանգնել էի մի գրքի կրպակի առաջ, ― սկսեց միստր Բրաունլոն։
― Լռեցե՛ք, պարոն, ― ասաց միստր Ֆենգը։ ― Ոստիկա՛ն։ Որտե՞ղ է ոստիկանը։ Երդվեցրե՛ք այդ ոստիկանին։ Հապա, ոստիկա՛ն, լսում եմ ձեզ։
Ոստիկանը պատշաճ խոնարհությամբ զեկուցեց, թե ինչպես էր ստանձնել գործը, ինչպես էր Օլիվերին խուզարկել և ոչինչ չէր գտել նրա վրա, և ահա այդ էր իր բոլոր իմացածը։
― Վկաներ կա՞ն, ― հարցրեց միստր Ֆենգը։
― Ո՛չ, ձերդ գերազանցություն, ― պատասխանեց ոստիկանը։
Միստր Ֆենգը մի քանի րոպե լուռ մնաց, ապա դառնալով մեղադրողին, չափազանց բորբոքված՝ ասաց․
― Վերջ ի վերջո հայտնելո՞ւ եք, թե ինչ գանգատ ունեք այս տղայի հանդեպ։ Չէ՞ որ դուք երդվել եք։ Այժմ, եթե մերժեք որևէ վկայություն տալ, ես ձեզ կպատժեմ դատական ատյանը անարգելու համար։ Ես անպայման կը․․․
Թե նախադասությունը ինչպես վերջացավ, ոչ ոք չիմացավ, քանի որ քարտուղարը և բանտապահը հենց այդ ժամանակ շատ ուժեղ հազացին, և առաջինի ձեռքից մի ինչ֊որ ծանր գիրք ընկավ հատակին, ― անշուշտ պատահաբար, ― և հաջորդ բառերը բոլորովին անլսելի դարձան։
Բազմիցս ընդհատվելով և իրեն հասցրած նախատինքները կուլ տալով, միստր Բրաունլոն մի կերպ պատմեց եղելությունը, ակնարկելով միևնույն ժամանակ, որ մի պահ շփոթվելով վազել էր տղայի հետևից, որովհետև տեսել էր, որ նա փախչում է։ Այնուհետև հույս հայտնեց, որ դատավորը, հավատ ընծայելով իր խոսքերին, տղային կվերաբերվեր մեղմությամբ, որքան այդ թույլատրելի էր օրենքի սահմաններում, քանի որ նա իսկապես գող չէր, այլ գուցե պատահաբար էր ընկել գողերի խմբի մեջ։
Նա առանց այդ էլ արդեն տուժել է, ― ասաց ծերունի ջենթլմենը իր խոսքը եզրափակելով։ ― Եվ ես վախենում եմ, ― ավելացրեց նա անձկությամբ նայելով մեղադրյալի կողմը, ― իսկապես վախենում եմ, որ նա հիվանդ է։
― Այո՛, ճի՜շտ որ հիվանդ է, ― ասաց միստր Ֆենգը քմծիծաղ տալով։ ― Է՜, քո այդ աճապարությունները այստեղ չեն անցնի, փոքրիկ դատարկապորտ։ Դու մեզ չես կարող խաբել, իմացա՞ր։ Անունդ ի՞նչ է։
Օլիվերը փորձեց պատասխանել․ բայց նրա լեզուն թերացավ իր պաշտոնը կատարելու։ Նա մահու չափ գունատ էր, և կարծես ամեն ինչ պտտվում էր շուրջը։
― Անունդ ի՞նչ է, աներես սրիկա, ― ասաց միստր Ֆենգը։ ― Ոստիկա՛ն, ի՞նչ է սրա անունը։
Այս հարցը ուղղվեց շերտավոր բաճկոնով և կոպիտ արտաքինով մի ինչ֊որ ծեր մարդու, որը կանգնել էր մեղադրյալի կողքին։ Նա կռացավ Օլիվերի վրա և հարցը կրկնեց, բայց տեսնելով, որ տղան իսկապես ի վիճակի չէ պատասխանելու, և համոզվելով, որ նրա լռությունը դատավորին ավելի կկատաղեցնի, վճիռը դարձնելով առավել ևս անողոք, հնարամտության դիմեց։
― Ասում է, որ իր անունը Թոմ Հուայթ է, ձերդ գերազանցություն, ― պատասխանեց այդ փափկասիրտ ոստիկանը։
― Օ՜, ուրեմն չի բարեհաճում բարձրաձայն խոսել, այդպե՞ս է, ― ասաց Ֆենգը։ ― Շա՛տ լավ, շա՛տ լավ։ Իսկ որտե՞ղ է ապրում։
― Որտեղ որ պատահի, ձերդ գերազանցություն, ― պատասխանեց ոստիկանը, դարձյալ ձևացնելով այնպես, իբրև թր Օլիվերի պատասխանն է հաղորդում։
― Ծնողներ ունի՞, ― հարցրեց միստր Ֆենգը։
― Ասում է նրանք մահացել են, երբ ինքը երեխա է եղել, ձերդ գերազանցություն, ― վրա բերեց ոստիկանը, նորից կռահոլով սովորական պատասխանը։
Հարցաքննության այս կետում Օլիվերը գլուխը բարձրացրեց, աղերսորեն շուրջը նայեց և նվաղուն ձայնով մի ումպ ջուր խնդրեց։
― Կեղծում է, ― ասաց միստր Ֆենգը․ ― ինձ հիմարի տե՞ղ ես դրել, ինչ է։
― Կարծում եմ՝ նա իրոք հիվանդ է, ձերդ գերազանցություն, ― առարկեց ոստիկանը։
― Ես ավելի լավ գիտեմ, ― ասաց միստր Ֆենգը։
― Ուշադրություն դարձրեք նրան, ոստիկան, ― ասաց ծերունի ջենթլմենը, ձեռքերը բնազդաբար դեպի վեր բարձրացնելով, ― նա հիմա կընկնի։
― Հեռո՛ւ կանգնիր, ոստիկա՛ն, ― գոռաց Ֆենգը, ― թող ընկնի, եթե ցանկանում է։
Օլիվերը բարեշնորհ հրամանից օգտվելով, ուշագնաց եղավ և փռվեց հատակին։ Գրասենյակում գտնվող բոլոր մարդիկ իրար նայեցին, բայց ոչ ոք չհամարձակվեց տեղից շարժվել։
― Գիտեի, որ կեղծում է, ― ասաց Ֆենգը, կարծես դա իրականությունը հաստատող անվիճելի փաստ լիներ։ ― Այդպես էլ թողեք նրան․ նա շուտով կձանձրանա այդ դերասանությունից։
― Ի՞նչ վճիռ եք կայացնելու գործի մասին, սըր, ― հարցրեց քարտուղարը ցածրաձայն։
― Պարզ է, ― պատասխանեց միստր Ֆենգը, ― երեք ամսվա տաժանակիր աշխատանք։ Ազատեցե՛ք սրահը։
Այնտեղ կանգնած մարդկանցից երկուսը պատրաստվում էին ուշագնաց տղային իր խուցը փոխադրել, երբ դուռը հանկարծ բացվեց և համեստ, սև, հնամաշ կոստյում հագած ինչ֊որ մեծահասակ մարդ խուճապահար մտավ գրասենյակ և առաջացավ դեպի ատյանը։
― Կացե՛ք, կացեք։ Մի տանեք նրան։ Ի սեր աստծո, մի րոպե կացե՛ք, ― գոչեց նորեկը հևասպառ։
Թեպետ այդպիսի հաստատություններում նախագահող ոգիները լրիվ ու անսահման իշխանություն ունեն Նորին վեհափառության՝ թագուհու բոլոր հպատակների, և հատկապես ամենաաղքատների, ազատության, բարի համբավի և նույնիսկ կյանքի վրա, և թեպետ նման պատերի ներսում այնքան աներևակայելի խարդախություններ են տեղի ունենում յուրաքանչյուր օր, որ հրեշտաները արտասվելով կարող էին իրենց աչքերի լույսը կորցնել, այդ բոլորը սակայն թաքնված էր հասարակությունից, բացառությամբ այն պարագայից, երբ մի բան պատահաբար, դուրս է սպրդում և հրապարակվում մամուլում։ Հետևաբար, միստր Ֆենգը շատ զայրացավ՝ տեսնելով մի ինքանկոչ հյուր, որն այնքան անպատկառորեն խախտում էր կարգը։
― Ի՞նչ է պատահել։ Ո՞վ է այս մարդը։ Դո՛ւրս շպռտեցեք նրան։ Ազատեցե՛ք գրասենյակը, ― գոռաց միստր Ֆենգը։
― Ես պետք է խոսեմ, ― գոչեց մարդը։ Ես թույլ չեմ տա, որ ինձ դուրս անեք։ Ես ականատես եղա ամբողջ դեպքին։ Ես գրքի կրպակի տերն եմ։ Ես պահանջում եմ երդվել։ Ես թույլ չեմ տա, որ ինձ լռեցնեն։ Միստր Ֆենգ, դուք պետք է լսեք ինձ։ Դուք չպետք է մերժեք ինձ, սըր։
Այդ մարդը իրավացի էր։ Նա խիստ վճռական արտահայտություն ուներ, իսկ հարցը ստանում էր այնպիսի լուրջ բնույթ, որ այլևս հնարավոր չէր լռության մատնել։
― Երդվեցրե՛ք այդ մարդուն, ― դեմքի չափազանց տհաճ արտահայտությամբ քրթմնջաց միստր Ֆենգը։ ― Այժմ խոսի՛ր, ի՞նչ ունես ասելու։
― Ահա թե ինչ, ― ասաց մարդը, ― ես տեսա, թե ինչպես երեք տղա՝ երկու այլ տղա և այս բանտարկյալը, դեգերում էին փողոցի մյուս կողմը, երբ այս ջենթլմենը գիրք էր կարդում։ Թաշկինակը գողացավ մի ուրիշ տղա, ես իմ աչքով տեսա այդ։ Տեսա նմանապես, որ այս տղան բոլորովին զարմացած և ապշահար դիտում էր դեպքը։ ― Այնուհետև պատվարժան գրավաճառը, մի փոքր հանդարտված, սկսեց ավելի մանրամասնորեն պատմել, թե ինչպես էր կատարվել գողությունը։
― Իսկ ինչո՞ւ ավելի շուտ չներկայացաք, ― ասաց Ֆենգը կարճ դադարից հետո։
― Խանութը պահող չկար, ― պատասխանեց մարդը։ Բոլորը, ովքեր կարող էին ինձ օգնել, միացել էին հետապնդողների խմբին․ հազիվ հինգ րոպե առաջ կարողացա մեկին ճարել և ամբողջ ճանապարհը վազելով եմ եկել այստեղ։
― Մեղադրողը կարդում էր, այդպե՞ս է, ― հարցրեց Ֆենգը քիչ հետո։
― Այո՛, ― պատասխանեց մարդը, ― և հենց այն գիրքը, որն այժմ նրա ձեռքին է։
― Այդ միևնույն գիրքը, հա՞, ― ասաց Ֆենգը։ ― Իսկ արժեքը վճարվա՞ծ է։
― Ո՛չ, չի՛ վճարված, ― պատասխանեց մարդը ժպտալով։
― Օ՜հ, աստված իմ, ես բոլորովին մոռացել էի այդ մասին, ― բացականչեց մտացրիվ ծերունի ջենթլմենը անմեղունակ տոնով։
― Հը՜մ, ա՛յ քեզ հիանալի մարդ։ Ուրեմն փոխանակ ձեր պարտքերը վճարելու, դուք նախնտրել եք հետապնդել մի խեղճ տղայի, այո՞, ― ասաց Ֆենգը ծիծաղելի ճիգ գործադրելով, որ մարդասեր երևա։ ― Ես գտնում եմ, որ դուք այդ գրքին տիրացել եք շատ կասկածելի և անպատվաբեր պայմաններով, և դուք ձեզ շատ բախտավոր պետք է համարեք, որ այդ առարկայի սեփականատերը հրաժարվում է ձեր դեմ դատ բաց անել։ Լավ կլիներ խրատվեիք այս դեպքից, այլապես մի օր անպայման դուք ձեր մաշկի վրա կզգաք օրենքի ամբողջ խստությունը։ Տղան անմեղ է։ Ազատե՛ք գրասենյակը։
Հրամանը կատարվեց։ Միստր Բրաունլոն ևս, գիրքը մի ձեռքին և հնդկեղեգյա գավազանը մյուս ձեռքին, զայրույթի ու արհամարհանքի բուռն կրքով համակված, դուրս եկավ սրահից։ Երբ բակ հասավ, նրա զայրույթը անմիջապես չքացավ։ Փոքրիկ Օլիվեր Թվիստը ուշաթափ վիճակում պառկած էր սալահատակին։ Նրա շապկի կոճակները արձակված էին, գլխին ջուր էր շաղ տված, դեմքը սաստիկ գունատ էր, և նա ամբողջ մարմնով դողում էր։
― Խե՜ղճ տղա, խե՜ղճ տղա, ― ասաց միստր Բրաունլոն կռանալով երեխայի վրա։ ― Մի կառք կանչեցեք։ Մի՞թե չկա մեկը, որ մի կառք կանչի։
Շուտով մի կառք բերվեց, Օլիվերին զգուշությամբ պառկեցրին նստարանին, իսկ ծերունի ջենթլմենը նստեց նրա դիմաց։
― Կարո՞ղ եմ ձեզ ուղեկցել, ― ասաց գրավաճառը ներս նայելով։
― Օ՜հ, տե՜ր իմ աստված, անշուշտ կարող եք, սիրելիս, ― անմիջապես պատասխանեց միստր Բրաունլոն։ ― Բոլորովին մոռացել էի ձեր մասին։ Աստվա՜ծ իմ, աստվա՜ծ իմ, այս չարաբաստիկ գիրքը տակավին ձեռքիս է։ Ներս մտեք, ներս մտեք։ Խե՜ղճ տղա, ամեն մի րոպեն թանկ է։
Գրավաճառը մտավ կառքը, և նրանք իսկույն շարժվեցին։
==Տասներկուերորդ գլուխ==
Որտեղ Օլիվերին խնամում են ավելի լավ, քան երբևէ դրանից առաջ, և որտեղ պատմությունը անդրադառնում է ծերունի զվարթ ջենթլմենին ու նրա փոքրիկ բարեկամներին
Կառքը դղրդալով անցավ գրեթե նույն ճանապարհով, որով Օլիվերը անցել էր, երբ Ստահակի ընկերակցությամբ առաջին անգամ մտել էր Լոնդոն։ Այլինգտոնում «Հրեշտակին» հասնելուց հետո նա թեքվեց այլ ուղղությամբ և, վերջապես, Պենտոնվիլլի մոտ, խաղաղ ու զով մի փողոցում գտնվող ինչ֊որ կոկիկ տան առաջ կանգ առավ։ Այստեղ, միստր Բրաունլոյի կարգադրությամբ փոքրիկ հիվանդի համար իսկույն անկողին պատրաստեցին և Օլիվերին հոգածությամբ պառկեցնելով դրա մեջ, սկսեցին անսահման խանդաղատանքով խնամել նրան։ Խե՜ղճ երեխա, նման հոգատարություն նա կյանքում երբերք չէր տեսել։
Բայց Օլիվերը օրերով անգիտակ մնաց իր նոր բարեկամների կողմից իրեն ցույց տրված այդ բարեսիրտ վերաբերմունքին։ Արևը շատ ու շատ անգամ շողաց երկնքում և անհետացավ հորիզոնից, ապա նորից շողաց և նորից անհետացավ, բայց տղան, տենդի սաստկությունից ուշակորույս, տակավին հյուծվում ու սպառվում էր։ Որդը այնպիսի համառությամբ չի կարող ավերել անկենդան դիակը, ինչպիսի համառությամբ այդ դանդաղորեն սողացող կրակը քայքայում էր կենդանի մարմինը։
Բայց ահա, մի օր վերջապես ուշքի գալով՝ նա կարծեց, թե զարթնել էր ինչ֊որ մղձավանջային, տագնապալի երազից։ Որքա՜ն դժգույն, նիհարած ու տկար էր նա։ Անկողնուց դժվարությամբ վեր բարձրանալով, գլուխը հենեց իր անզոր թևի վրա և անձկությամբ շուրջը նայեց։
― Այս ի՞նչ սենյակ է։ Որտե՞ղ են բերել ինձ, ― ասաց Օլիվերը։ ― Սա այն վայրը չէ, որտեղ ես քնել էի։
Երեխան այդ բառերն արտասանեց հազիվ լսելի, նվաղկոտ ձայնով, որովհետև շատ տկար էր և ուժասպառ․ այնուամենայնիվ, դրանք լսելի դարձան։ Մահճակալն առագաստավորող վարագույրը նույն րոպեին բացվեց և շատ կոկիկ ու մաքուր հագնված, համակրելի դեմքով մի պառավ լեդի, որը բազկաթոռին նստած ասեղնագործում էր, մոտեցավ անկողնուն։
― Հանգիստ, սիրելիս, հանգիստ, ― ասաց պառավ լեդին քնքշությամբ, ― դու պետք է լուռ պառկես, այլապես նորից կհիվանդանաս։ Քո դրությունը ծանր էր, չափազանց ծանր։ Պառկի՛ր, սիրելիս, պառկի՛ր։ ― Այս խոսքերով պառավ լեդին Օլիվերի գլուխը զգուշությամբ իջեցրեց բարձի վրա և մազերը ճակատից հետ տանելով՝ այնպիսի խանդատանքով և սիրով նայեց նրա դեմքին, որ երեխան ակամայից իր փոքրիկ հյուծված ձեռքը դրեց նրա բուռը և քաշելով փաթաթեց իր վզին։
― Ողորմած աստվա՜ծ, ― ասաց պառավ լեդին, և նրա աչքերը արցունքից մշուշվեցին, ― որքա՜ն երախտապարտ սիրտ ունի այս փոքրիկը։ Սիրունիկ մանչուկ։ Արդյոք նրա մայրը ի՞նչ կզգար, եթե իմ փոխարեն նա հսկած լիներ իր զավակի քով և կարողանար տեսնել նրան։
― Միգուցե նա ինձ տեսնում է, ― շշնջաց Օլիվերը ձեռքերն իրար միացնելով։ ― Միգուցե նա նստած է իմ սնարի մոտ։ Ինձ այնպես է թվում, թե նա իսկապես նստած էր կողքիս։
― Դու տաքության մեջ զառանցում էիր, սիրելիս, ― ասաց պառավ լեդին մեղմորեն։
― Երևի, ― պատասխանեց Օլիվերը, ― որովհետև երկինքը շատ հեռու է մեզնից, և նրանք այնքան երջանիկ են այնտեղ, որ հազիվ թե ցանկանային այցի գալ ու նստել մի խեղճ տղայի մահճակալի մոտ։ Բայց եթե իմ մայրն իմանար, որ ես հիվանդ եմ, երևի կկարեկցեր ինձ անգամ այնտեղից, քանի որ մեռնելուց առաջ նա ինքն էլ շատ ծանր հիվանդ էր։ Սակայն նա իմ մասին ոչինչ չի կարող իմանալ, ― ավելացրեց Օլիվերը կարճ լռությունից հետո։ ― Եթե ինձ հիվանդ վիճակում տեսած լիներ, նա վշտից կմռայլվեր, իսկ իմ երազներում նրա դեմքը խաղաղ ու երջանիկ է եղել։
Պառավ լեդին ոչինչ չպատասխանեց․ նա սրբեց նախ իր աչքերը, հետո ակնոցը, որ անկողնու ծածկոցի վրա էր և կարծես թե իր աչքերի անբաժան մասն էր կազմում, ապա Օլիվերի համար ինչ֊որ զովացուցիչ խմիչք բերեց և շոյելով նրա այտերը՝ ասաց, որ պետք է շատ հանգիստ պառկի, այլապես նորից կհիվանդանա։
Օլիվերը լուռ մնաց, մասամբ նրա համար, որ ցանկանում էր ամեն բանում հնազանդվել պառավ լեդիին, և մասամբ էլ այն պատճառով, որ խոսելուց բոլորովին ուժասպառ էր եղել։ Շուտով նա հանգիստ քնեց և զարթնեց ինչ֊որ մոմի լույսից, որ դրված էր իր անկողնու մոտ։ Այդ լույսով նա տեսավ մի ջենթլմենի, որի ձեռքին ոսկյա մի մեծ ժամացույց կար։ Սա քննելով Օլիվերի զարկերակը, ասաց, որ հիվանդի առողջական վիճակը անհամեմատ ավելի լավ է։
― Դու իսկապես քեզ ավելի լավ ես զգում, այնպես չէ՞, սիրելիս, ― հարցրեց ջենթլմենը։
― Այո՛, շնորհակալություն, սըր, ― պատասխանեց Օլիվերը։
― Ես գիտեմ, որ ավելի լավ ես զգում, ― ասաց ջենթլմենը, ― նաև քաղցած ես, այնպես չէ՞։
― Ո՛չ, սըր, ― պատասխանեց Օլիվերը։
― Հը՜մ, ― ասաց ջենթլմենը, ― ես գիտեմ, որ քաղցած չես։ Միսիս Բեդվին, նա քաղցած չէ, ― կրկնեց ջենթլմենը՝ գիտակ մարդու տեսք ընդունելով։
Պառավ լեդին գլուխը հարգալից խոնարհեց․ թվում էր, թե նա բժշկին շատ հանճարեղ մարդ էր համարում։ Բժիշկը նույնպես այդ կարծիքն ուներ իր մասին։
― Քնել ես ուզսւմ, այնպես չէ՞, սիրելիս, ― հարցրեց բժիշկը։
― Ո՛չ, սըր, ― պատասխանեց Օլիվերը։
― Ո՛չ, ― ասաց բժիշկը շատ խորամանկ և գոհունակ եղանակով։ ― Քնել չես ուզում, ոչ էլ ծարավ ես, այնպես չէ՞։
― Այո՛, սըր, ծարավ եմ, ― պատասխանեց Օլիվերը։
― Ճիշտ այնպես, ինչպես պատկերացնում էի, միսիս Բեդվին, ― ասաց բժիշկը։ ― Շատ բնական է, որ ծարավ լինի։ Կարող եք մի քիչ թեյ տալ, և կարմրացրած հաց առանց կարագի։ Նրան շատ տաք չպահեք, բայց միևնույն ժամանակ զգույշ եղեք, որ չմրսի․ կբարեհաճեի՞ք այս բոլորն անել։
Պառավ լեդին խոնարհաբար գլխով արեց։ Ապա բժիշկը զովացուցիչ ըմպելիքը ճաշակելուց և որակի մասին իր հավանությունը հայտնելուց հետո, շտապ մեկնեց։ Աստիճաննեից իջնելիս նրա կոշիկները ճռճռում էին, ինչպես այդ հատուկ է հարուստ ու անվանի մարդկանց ոտնամաններին։
Օլիվերը շուտով նորից քնեց։ Երբ զարթնեց, ժամը գրեթե տասներկուսն էր։ Պառավ լեդին, շատ գորովալից ձայնով բարի գիշեր մաղթելով, նրան հանձնեց մի գեր պառավ կնոջ հսկողությանը, որը հենց նոր էր եկել, կապոցի մեջ բերելով մի փոքրիկ աղոթագիրք և գիշերային մի մեծ թասակ։ Նա թասակը դրեց գլխին, աղոթագիրքը՝ սեղանին և Օլիվերին հայտնելով, որ եկել էր նրան հսկելու, աթոռը մոտեցրեց բուխարիկին ու սկսեց մրափել։ Մրափելիս նա մեկ տնքում էր, մեկ աթոռի վրայից դեպի առաջ ընկնելով և կոկորդում ինչ֊որ բան խցկվելով՝ ասես խեղդամահ էր լինում։ Այս ամենը սակայան նրա վրա ազդում էին միայն այն չափով, որ նա քիթը շատ ուժեղ շփում էր և ապա նորից հանգիստ մրափում։
Գիշերն այսպես համրաքայլ ընթացավ։ Օլիվերը որոշ ժամանակ արթուն մնաց, զբաղված լույսի փոքրիկ շրջագծերը հաշվելով, որ անդրադարձել էին առաստաղի վրա, և կամ նվաղուն աչքերով դիտելով պատերը զարդարող թղթի բարդ նկարները։ Որքան հանդիսավոր էր մթին սենյակը այդ խոր լռության մեջ։ Երբ տղան մտաբերեց, որ մահը բազմաթիվ օրեր ու գիշերներ սավառնել էր այնտեղ և տակավին կարող էր իր ահեղ ներկայությամբ լցնել այդ վայրը, նա երեսը թաղեց բարձի մեջ և սկսեց ջորմորեն աղոթել։
Աստիճանաբար նա սուզվեց այն խաղաղ ու անվրդով քնի մեջ, որը մոտ անցյալի տառապանքից հետո համակող անդորությունն է միայն մեզ շնորհվում, այն հանդարտ ու մեղմ նինջը, որից զարթնելը ցավ կպատճառի մարդուն։
Եվ եթե մահը այդպես լիներ, ո՞վ կցանկանար նորից արթնանալ ու տեսնել կյանքի բոլոր տվայտանքներն ու տառապանքները, ներկայի բոլոր հոգսերը, ապագայի անձկությունները և, մանավանդ, վերապրել անցյալի տաղկտալի հուշերը։
Պայծառ արևը վաղուց էր ծագել, երբ Օլիվերը բաց արեց իր աչքերը։ Նա ուրախ էր ու երջանիկ։ Մահվան վտանգն անցել էր։ Կյանքը նորից ժպտում էր նրան։
Երեք օրվա ընթացքում Օլիվերը կարողացավ բարձերին հենված նստել բազկաթոռին, բայց քանի որ դեռևս շատ տկար էր, միսիս Բեդվինը նրան փոխադրեց ներքև, իր փոքրիկ սենյակը։ Նրան խնամքով բուխարիկի մոտ տեղավորելուց հետո բարեսիրտ պառավ լեդին նստեց երեխայի կողքին և տեսնելով, որ սա լավ է զգում իրեն, ուրախությունից սկսեց սաստիկ արտասվել։
― Ինձ վրա ուշք մի դարձնի, սիրելիս, ― ասաց պառավ լեդին։ ― Պարզապես ուրախությունից եմ լաց լինում։ Արդեն ամեն ինչ վերջացավ, ես այժմ շատ հանգիստ եմ։
― Դուք իմ հանդեպ անչափ ազնիվ վերաբերմունք ունեք, տիկի՛ն, ― ասաց Օլիվերը։
― Լա՛վ, լա՛վ, այդպիսի բաների մասին մի՛ մտածիր, ― ասաց պառավ լեդին, ― ավելի լավ կանես, եթե քո արգանակը խմես, քանի որ ըստ բժշկի տված տեղեկության՝ միստր Բրաունլոն կարող է մեզ այցի գալ այս առավոտ, և մենք պետք է շատ լավ տեսք ունենանք, որովհետև որքան լավ լինենք, նա այնքան ավելի գոհ կմնա։ ― Այս ասելով՝ պառավ լեդին փոքրիկ ճաշամանով տաքացրեց մսաջուրը։ Սա շատ յուղալի թվաց Օլիվերին և նրան մտածել տվեց, թե այդ արգանակին բավականաչափ ջուր ավելացնելու դեպքում երեք հարյուր հիսուն աղքատնրերի համար կհայթաթվեր առատ ճաշ և նույնիսկ կավելանար։
― Նկարներ շա՞տ ես սիրում, անգինս, ― հարցրեց պառավ լեդին, տեսնելով, թե ինչպես Օլիվերը աչքերը սևեռել էր մի դիմանկարի, որը կախված էր պատին, ճիշտ իր բազկաթոռի դիմաց։
― Ճիշտն ասած՝ չգիտեմ, ― պատասխանեց Օլիվերը, աչքերը կտավից չհեռացնելով, ― այնքան քիչ նկարներ եմ տեսել, որ հազիվ թե իմանամ։ Որքա՜ն գեղեցիկ, քնքուշ դեմք ունի այս լիդին։
― Ա՜հ, ― ասաց պառավ լեդին, ― արվեստագետները միշտ էլ լեդիներին բնականից ավելի սիրուն են նկարում, այլապես նրանք հաճախորդներ չէին ունենա, փոքրիկս։ Այն մարդը, որը լուսանկարչական մեքենան է հնարել, պետք է իմանար, որ դրանով երբեք հաջողություն ձեռք չի բերի, քանի որ դա բնականի ճշգրիտ ընդորինակումն է, շատ ճիշտ ընդորինակումը, ― ասաց պառավ լեդին իր սրամտության վրա սրտանց ծիծաղելով։
― Ուրեմն դա դիմանկա՞ր է, տիկին, ― հարցրեց Օլիվերը։
― Այո՛, ― ասաց պառավ լեդին, մի րոպե գլուխը բարձրացնելով արգանակի վրայից և երեխային նայելով։
― Ո՞ւմ դիմանկարն է, ― հարցրեց Օլիվերը։
― Օ՜, ճիշտն ասած՝ չգիտեմ, սիրելիս, չգիտեմ, ― պատասխանեց պառավ լեդին զվարթ տրամադրությամբ։ ― Կարծում եմ ո՛չ դու, ո՛չ էլ ես նրան չենք ճանաչում։ Ինչպես երևում է դու հապշտակված ես այդ նկարով։
― Այնքա՜ն, այնքա՜ն չքնաղ է, ― պատասխանեց Օլիվերը։
― Վա՛հ, մի՞թե վախենում ես դրանից, ― ասաց պառավ լեդին, ապշած նկատելով, թե երեխան ինչպիսի երկյուղով էր դիտում նկարը։
― Օ՜հ, ո՛չ, ո՛չ, ― իսկույն պատասխան տվեց Օլիվերը, ― բայց նրա աչքերը այնքան մելամաղձոտ են և կարծես թե ինձ վրա են սևեռված։ Սիրտս ուժգին բաբախում է, ― ավելացրեց նա ցածր ձայնով։ ― Թվում է, թե այդ նկարը կենդանի է և ցանկանում է խոսել ինձ հետ, բայց չի կարողանում։
― Ողորմած աստվա՜ծ, ― բացականչեց պառավ լեդին ցնցվելով, ― այդպես մի խոսի, որդի։ Հիվանդության հետևանքով դու շատ տկար ես և ջղագրգիռ։ Թող քո բազկաթոռը մյուս կողմը շուռ տամ, և դու այդ նկարը այլևս չես տեսնի։ Ա՛յ, այսպես, ― ասաց պառավ լեդին և աթոռն իսկույն հակառակ կողմ դարձրեց։ ― Այժմ էլ չես տեսնի։
Օլիվերը սակայն այդ նկարը տեսնում էր իր մտքի աչքերով և այնքան հստակ ու որոշակի, որ կարծես իր դիրքը բոլորովին չէր փոխվել։ Բայց մտածելով, որ ավելի լավ կլիներ բարի լեդիին չմտահոգել, նրա հայացքին պատասխանեց մեղմ ժպիտով, իսկ միսիս Բեդվինը, ուրախանալով, որ նա իրեն ավելի լավ է զգում, հանդիսավոր կերպով արգանակի մեջ աղ և կարմրած հացի կտորներ գցելով՝ դրեց Օլիվերի առաջ։ Տղան մեծ ախորժակով կերավ։ Նա մսաջրի վերջին գդալի պարունակությունը հազիվ էր կուլ տվել, երբ դուռը բախեցին։
― Համեցե՛ք, ― ասաց պառավ լեդին։
Դուռը բացվեց, և շեմքին հայտնվեց միստր Բրաունլոն։
Ծերունի ջենթլմենը սենյակ մտավ աշխույժ քայլերով և հազիվ էր ակնոցը բարձրացրել ճակատին ու ձեռքերը սենեկազգեստի տակից մեջքին դրել, որ ուշադրությամբ Օլիվերին նայի, երբ հուզումից նրա դեմքը տարօրինակ կերպով ծամածռվեց։ Հիվանդության պատճառով Օլիվերը շատ հյուծված էր ու դժգույն։ Ի հարգանք յուր բարերարի, նա մի անզոր փորձ արավ ոտքի կանգնելու, բայց այդ փորձը վերջացավ նրանով, որ նորից ընկավ բազկաթոռի մեջ։ Այստեղ հանուն ճշմարտության պետք է ասել, որ միստր Բրաունլոյի սիրտը բավականաչափ մեծ լինելով և կարողանալով պարունակել վեց սովորական մարդու հումանիստական զգացումները՝ այս տեսարանից սաստիկ հուզվեց և, չգիտենք ջրաբաշխական ինչպիսի ներգործությամբ, որովհետև փիլիսոփայական հմտությունը պակասում է մեզ, նրա աչքերը լցվեցին արցունքով։
― Խե՜ղճ տղա, խե՜ղճ տղա, ― ասաց միստր Բրաունլոն թեթև հազալով։ ― Այս առավոտ ձայնս խռպոտել է, միսիս Բեդվին։ Երևի մրսել եմ։
― Կհուսամ սխալվում եք, սըր, ― ասաց միսիս Բեդվինը։ ― Ձեր սպիտակեղենը լավ չորացած էր։
― Չգիտեմ Բեդվին, չգիտեմ, ― ասաց միստր Բրաունլոն։ Կարծում եմ, որ երեկ ճաշին իմ օգտագործած անձեռոցը փոքր֊ինչ խոնավ էր, բայց դա կարևոր չէ հիմա։ Ինչպե՞ս ես քեզ զգում, սիրելիս։
― Շատ երջանիկ, սըր, ― պատասխանեց Օլիվերը, ― և շատ ու շատ երախտապարտ ձեր ցույց տված հոգատարության համար։
― Ի՜նչ խելոքն է, ― ասաց միստր Բրաունլոն։ ― Նրան ուտելու բան տվե՞լ ես, Բեդվին։ Որևէ սննդարար հեղուկ, հը՞։
― Հենց հիմա մի պնակ հիանալի արգանակ կերավ, ― պատասխանեց միսիս Բեդվինը, մարմինը ձգելով և նախավերջին բառը հատկապես ուժեղ շեշտելով, հաստատելու համար, որ ջրալի կերակուրներ և հյութալի ու սննդարար մսաջուրը ոչ մի առնչություն չունեն իրար հետ, բացարձակապես ո՛չ մի առնչություն։
― Փո՜ւհ, ― ասաց միստր Բրաունլոն թեթև սարսռալով, ― մի քանի բաժակ գինին շատ ավելի նպաստած կլիներ նրան, այնպես չէ՞, Թոմ Հուայթ։
― Իմ անունը Օլիվեր է, սըր, ― պատասխանեց փոքրիկ հիվանդը՝ չափազանց զարմացած։
― Օլիվե՜ր, ― ասաց միստր Բրաունլոն, ― Օլիվեր Հուայթ, հա՞։
― Ո՛չ, սըր, Թվի՛ստ, Օլիվեր Թվիստ։
― Տարօրինակ անուն է, ― ասաց ծերունի ջենթլմենը։ ― Իսկ ինչի՞ց դրդված դատավորին ասացիր, որ քո անունը Հուայթ է։
― Ես երբեք այդպիսի բան չեմ ասել, սըր, ― ապշած պատասխան տվեց Օլիվերը։
Պատասխանը կասկածելի թվաց, և ծերունի ջենթլմենը խստորեն նայեց Օլիվերի երեսին։ Սակայն անկարելի էր տարակուսել․ նրա նիհար ու հյուծված դեմքի ամեն մի գիծը ճշմարտություն էր արտահայտում։
― Երևի ինչ֊որ թյուրիմացություն կա այստեղ, ― ասաց միստր Բրաունլոն, և չնայած այլևս որևէ պատճառ չուներ Օլիվերին այդպես սևեռուն նայելու, այնուամենայնիվ, այն հին տպավորությունը, թե նա ինչ֊որ մոտիկից ծանոթ մեկի նմանությունն է կրում, այնքան համակեց ծերունի ջենթլմենի միտքը, որ նա հայացքը չկարողացավ հեռացնել տղայից։
― Կհուսամ, ինձնից չեք նեղացել, սըր, ― ասաց Օլիվերը, աչքերը պաղատագին վեր բարձրացնելով։
― Ո՛չ, ո՛չ, ― պատասխանեց ծերունի ջենթլմենը։ ― Օ՜հ, այս ի՞նչ է, Բեդվի՛ն, տե՛ս, տե՛ս։
Խոսելիս նա շտապ մատնացույց արեց Օլիվերի գլխավերևում կախված նկարը, ապա տղայի դեմքը։ Այնտեղ էր նրա կենդանի և երկրորդ արտացոլանքը։ Աչքերը, գլուխը, բերանը, ամեն մի գիծը հար և նման էին, դեմքի արտահայտությունը մի պահ այնքան նման էր նկարի լեդիի դեմքի արտահայտությանը, որ անգամ ամենանուրբ գծերը կարծես արտագրվել էին ապշեցուցիչ ճշգրտությամբ։
Օլիվերը չիմացավ այս հանկարծական բացականչության պատճառը, քանի որ, դեռևս բավականաչափ կազդուրված չլինելով, հուզմունքից չկարողացավ դիմանալ և ուշաթափվեց։
Թողնելով Օլիվերին այս վիճակում և չցանկանալով մեր ընթերցողին պահել անորոշության մեջ, այժմ վերադառնանք զվարճասեր ծերունի ջենթլմենի երկու փոքրիկ աշակերտներին և պատմենք այդ մասին։
Երբ Ստահակը և նրա արժանավոր ընկեր Վարպետ Բեյթսը միացան Օլիվերին հետապնդողների խմբին, նրանք լցվեցին մեծ հարգանքի զգացումով դեպի իրենց անձը, քանի որ միստր Բրաունլոյի անհատական սեփականությունը յուրացնելուց հետո նրանց հաջողվել էր մարդկանց ուշադրությունը շեղել այլ կողմ։
Եվ քանի որ իսկական անգլիացին ամենից առաջ և ամենամեծ պարծանքով կառչում է իր քաղաքացիական և անհատական ազատություններին, հազիվ թե անհրաժեշտ լինի ընթերցողի ուշադրությունը հրավիրել այն բանի վրա, որ Ստահակի և Վարպետ Բեյթսի այսպիսի վարմունքը պետք է նրանց բարձրացներ բոլոր հասարակական գործիչների և հայրենասերների աչքում։ Այդ երևույթը որոշ չափով կարդարացներ նաև նրանց անձնական ապահովության և անվտանգության մասին ունեցած մտահոգությունը, որը հաստատվում, ամրապնդվում է օրենսգրքով և որը որոշ խորիմաստ ու ողջախոհ փիլիսոփաների կողմից ընդունված է որպես բնության բոլոր արարքների, բոլոր գործերի հիմքը։ Այս փիլիսոփաները շատ իմաստուն կերպով բնության օրինաչափությունները դարձրել են տեսություն, բայց նրա իմաստությունն ու հասկացությունը նրբորեն և գեղեցիկ կերպով գովաբանելով հանդերձ, բոլորովին անտեսել են այն ամենը, ինչ կապված է սրտի ազնվության և վեհ զգացմունքների հետ։ Վերոհիշյալ զգացմունքները, սակայն, ոչ մի կերպ չեն պատկանում իգական սեռի այս մեծագույն ներկայացուցչին, որը տիեզերական հավանությամբ ճանաչված է իր սեռակիցների անհամար թերություններից և տկարություններից բոլորովին ձերծ մի անձնավորություն։
Եթե ես ցանկանայի շարունակել իմ փաստարկումները այս նուրբ ու դժվարին կացության մեջ գտնվող երկու փոքրիկ ջենթլմենների վարքագծի հույժ փիլիսոփայական բնույթի մասին, ես անմիջապես առաջ կքաշեի այն փաստը (նույնպես արձանագրված այս պատմության նախորդող մասում), որ երբ ընդհանուր ուշադրությունը կենտրոնացավ Օլիվերի վրա, նրանք հրաժարվեցին հետապնդումից և անենակարճ ճանապարհով գնացին տուն։ Չնայած չեմ ուզում պնդել, որ առհասարակ հայտնի և իմաստուն գիտնականների սովորությունն է իրենց խոսքը կարճ կապել (իրականում նրանք ավելի շատ տրամադրված լինելով այն երկարացնել զանազան շատախոսություններով ու շեղումներով, նման են այն շեղումներին, որ հարբած մարդիկ մտքերի շատ ուժեղ հորձանքի ճնշման տակ հակամետ են իրենց թույլ տալ), այսուհանդերձ, ես ուզում եմ ասել, և շատ պարզորոշ ասում եմ, որ բազմաթիվ մեծ փիլիսոփաների անփոփոխ սովորությունն է իրենց տեսությունները գործադրելու մեջ ցուցաբերել մեծ իմաստություն և կանխատեսություն, խիստ միջոցներ ձեռք առնելով որևէ պատահականության դեմ, որը կարող է նվազագույն իսկ չափով վտանգավոր լինել իրենց համար։ Ուստի մեծ արդարություն գործելու համար դուք կարող եք փոքր֊ինչ անիրավություն թույլ տալ և կարող եք օգտագործեք որևէ միջոց, որ նպատակը կարդարացնի։ Սահմանել արդարության կամ անիրավության չափանիշը, կամ երկուսի միջև եղած տարբերությունը, դա ամբողջությամբ թողնվում է դրանով շահագրգռված փիլիսոփաների հայեցողությանը, որպեսզի նա հստակ և անկողմնակալ կերպով վճռի ու տնօրինի։
Երկու տղաները միայն այն ժամանակ համարձակվեցին կանգ առնել, երբ մեծ արագությամբ վազելով լաբիրինթոսանման փողոցների և բակերի միջով, շնչակտուր թաքնեվեցին ցածր ու մթին մի կամարակապ դարպասի տակ։ Այստեղ փոքր֊ինչ հանգստանալուց հետո Վարպետ Բեյթսը, ցնծության ճիչերով և բարձրաձայն քրքջալով, իրեն գցեց մի տան շեմքին և սկսեց թավալվել։
― Ի՞նչ է պատահել, ― հարցրեց Ստահակը։
― Հա՛, հա՛, հա՛, ― որոտաց Բեյթսը։
― Ձայնդ կտրի՛ր, ― առարկեց Ստահակը՝ կասկածանքով շուրջը նայելով։ ― Հիմարի մեկը, ուզում ես ձերբակալվե՞լ, ինչ է։
― Ես ինձ չեմ կարող զսպել, ― ասաց Չարլին, ― ո՜հ, չեմ կարող, երբ մտածում եմ այն մասին, թե նա ինչպես էր խելագարի նման վազում, ինչպիսի կայծակնային արագությամբ թեքվում էր անկյուններից, խփվում էր սյուներին, ընկնում, նորից բարձրանում և շարունակում վազել այնպես, կարծես և՛ նա, և՛ ամբոխը երկաթյա ուժ ունենային, մինչդեռ ես, թաշկինակը գրպանումս, հանգիստ, երգելով հետևում էի նրանց։ Օ՜յ, օ՜յ, աստված իմ, իսկապես որ հիանալի էր։ ― Վարպետ Բեյթսի վառ երևակայությունը տեսարանը ներկայացրեց չափազանց ուժեղ գույներով և երբ հասավ պատմության այս կետին, նա նորից գլորվեց դռան շեմքին և առաջվանից ավելի բարձր քրքրջաց։
― Արդյոք Ֆեգինը ի՞նչ կասի, ― հարցրեց Ստահակը, օգտվելով այն հանգամանքից, որ իր ընկերը, ծիծաղից թուլացած, չկարողացավ շարունակել պատմությունը։
― Ի՜նչ, ― կրկնեց Չարլի Բեյթսը։
― Այո, ի՞նչ կասի, ― ասաց Ստահակը։
― Պահ, ի՞նչ պետք է ասի որ, ― ասաց Չարլին՝ հանկարծ լրջանալով, քանի որ Ստահակը հարցը շատ լուրջ էր դրել։ ― Ի՞նչ պետք է ասի որ։
Միստր Դոքինզը մի քանի րոպե սուլեց, հետո գլխարկը հանեց և գլուխը քորելով՝ երեք անգամ նշանակալից թափահարեց։
― Ի՞նչ ես ուզում ասել, ― հարցրեց Չարլին։
― Տրա, լա, լա, լա, հիմարություն և անմտություն։ Գրողը տանի, թե ինչ եմ ուզում ասել, ― վրա բերեց Ստահակը, և նրա ուշիմ դեմքը թեթև հեգնանք արտահայտեց։
Այս պատասխանը բոլորովին գոհացուցիչ չէր։ Վարպետ Բեյթսը, զգալով այդ, նորից հարցրեց․
― Ի՞նչ ես ուզում ասել։
Ստահակը ոչ մի պատասխան չտվեց․ նա գլխարկը դարձյալ դրեց գլխին, իր երկար պիջակի ծայրը առավ թևի տակ, լեզուն խրեց թքի մեջ, հատկանշական ձևով վեց անգամ խփեց քթարմատին և կրնկի վրա պտտվելով՝ անաղմուկ դուրս եկավ բակից։ Վարպետ Բեյթսը մտածկոտ հետևեց նրան։
Այս խոսակցությունից մի քանի րոպե հետո ծերունի զվարթ ջենթլմենը սթափվեց ճռճռացող սանդուղքների վրա լսվող ոտնաձայներից։ Նա նստել էր կրակարանի մոտ, ձախ ձեռքում կար մի կտոր երշիկ ու մի փոքրիկ նկանակ հաց, աջ ձեռքում կար մի դանակ, իսկ եռոտանու վրա՝ մի պղնձյա կաթսա։
Երբ շրջվեց, նենգ ժպիտ էր ուրվագծված նրա գունատ դեմքին։ Նա շեկ, թավ հոնքերի տակից ուշադիր նայելով դեպի դուռը՝ գլուխը հակեց ու ականջ դրեց։
― Պա՛հ, մրթմրթաց հրեան, փոխելով դեմքի արտահայտությունը, ― միայն երկո՜ւսը։ Իսկ որտե՞ղ է երրորդը․ բա՞ն է պատահել, ինչ է։
Ոտնաձայները ավելի ևս մոտեցան, հասան հարթակին․ ապա դուռը կամացուկ բացվեց․ Ստահակն ու Չարլի Բեյթսը մտան ներս ու դուռը փակեցին։
==Տասներեքերորդ գլուխ==
Ուշիմ ընթերցողը ծանոթանում է մի քանի նոր դեմքերի, և այս առնչությամբ այս պատմությանը վերաբերող զանազան հաճելի նյութեր են շոշափվում
― Որտե՞ղ է Օլիվերը, ― սպառնալից հարցրեց Հրեան տեղից վեր թռչելով, ― որտե՞ղ է այդ տղան։
Փոքրիկ գողերը, իրենց ղեկավարի կատաղությունից կարծես ահաբեկված, անհանգիստ իրար նայեցին, բայց ոչ մի պատասխան չտվեցին։
― Ի՞նչ է պատահել տղային, ― ասաց Հրեան՝ Ստահակի օձիքից բռնելով և ահավոր հայհոյանքներով սպառնալով նրան․ ― Խոսի՛ր, թե չէ հիմա կխեղդեմ քեզ։
Չարլի Բեյթսի բնավորության ցայտուն գծերից մեկն էր՝ բոլոր դեպքերում խոհեմորեն մտածել նախ և առաջ սեփական անվտանգության մասին։ Հետևաբար, լսելով միստր Ֆեգինի վճռական արտահայտությունը և վախենալով, որ Ստահակից հետո խեղդվելու հերթը գուցե իրեն կհասնի, ծունկի եկավ և սկսեց երկարաձիգ ու բարձրագոչ աղաղակներ արձակել, որոնք նման էին կատաղած ցուլի բառաչի ու խլացնող փողհարության։
― Խոսելո՞ւ ես, ― որոտաց Հրեան, այնքան սաստիկ ցնցելով Ստահակին, որ զարմանալի թվաց, թե մեծ պիջակը ինչպես դուրս չեկավ նրա հագից։
― Նա ծուղակն ընկավ, հասկացա՞ր, ահա և բոլորը, ― ասաց Ստահակը խոժոռվելով։ ― Դե՛, թո՛ղ ինձ։ ― Եվ մի քանի ճարպիկ շարժումով դուրս սահելով պիջակի միջից, այն թողեց Հրեայի ձեռքերում, ապա իսկույն վերցրեց մեծ պատառաքաղը և փորձեց խփել ծերունի զվարթ ջենթլմենին, բայց վրիպեց։
Այս տագնապալի դրության մեջ Հրեան, իր տարիքին անհամապատասխան ճարպկությամբ, ետ քաշվեց, խլեց գարեջրամանը և պատրաստվում էր նետել իր հակառակորդի գլխին, երբ նույն րոպեին Չարլի Բեյթսը այնպիսի ահռելի մի ոռնոց արձակեց, որ նրա ուշադրությունը իր կողմը հրավիրեց, և Հրեան, փոխելով ուղղությունը, գարեջրամանը շպրտեց ուղիղ այդ փոքրիկ ջենթլմենի գլխին։
― Այս ի՞նչ բան է, ― մռլտաց մի թավ ձայն։ ― Դա ո՞վ շպրտեց վրաս։ Լավ է որ գարեջուրը դիպավ ինձ և ոչ թե գարեջրի ամանը, այլապես ինչ֊որ մեկի հետ հաշվի կնստեի։ Բայց ինձ զարմանալի է թվում, որ անիծյալ, վաշխառու, հարուստ մի ծեր հրեա ինչպես է գարեջուր շպրտում մարդկանց վրա, երբ ես գիտեմ, թե նա միայն ջուր կարող է շռայլել, այն էլ Ջրմուղային Ընկերությանը խաբած և երեք ամսվա դրամը չվճարած լինելու ծայրահեղ դեպքում։ Ինչե՜ր եմ տեսնում, Ֆեգին։ Անիծված լինեք դուք, վզկապս ինչպես է գարեջրով ողողվել։ Նե՛րս եկ, քծնոց սրիկա, ինչո՞ւ ես կանգնել դրսում․ տիրոջիցդ ամաչո՞ւմ ես, ինչ է։ Նե՛րս եկ։
Այս բառերը քրթմնջացող մարդը մոտավորապես երեսունհինգ տարեկան հաղթանդամ մի երիտասարդ էր։ Հագել էր սև թավշյա պիջակ, շատ կեղտոտ տաբատ, հնամաշ կոշիկներ և բամբակյա մոխրագույն գուլպաներ, որոնք ամփոփում էին մի զույգ խոշոր, ուռած սրունքներ, սրունքներ, որոնք այսպիսի տեսքով կատարյալ չեն համարվի, եթե զարդարված չլինեն շղթաներով։ Գլխին դրել էր սրճագույն գլխարկ և վզին փաթաթել կեղտոտ, խայտաբղետ մի թաշկինակ, որի ծոպերով սրբելով երեսի գարեջուրը՝ ի հայտ բերեց երեք օրվա մորուքով պատած լայն, խոժոռ դեմք և երկու դաժան աչքեր, որոնցից մեկը ինչ֊որ բռունցքի հարվածի երփներանգ հետքերն էր կրում, որ վերջերս էր ստացել։
― Նե՛րս արի, հասկացա՞ր, ― գոռաց այդ սրիկան։
Սպիտակ, թավամազ մի շուն, մռութը քսան տարբեր տեղերից ճանկռոտված ու պատառոտված, կծկվելով մտավ սենյակ։
― Իսկ մինչև հիմա ինչո՞ւ չէիր գալիս, ― ասաց մարդը։ ― Այնքան ես գոռոզացել, որ մարդկանց մոտ այլևս չես ուզում ճանաչել քո տիրոջը, հա՞։ Դե՛, պառկի՛ր։
Հրամանին հետևեց մի աքացի, որը կենդանուն շպրտեց սենյակի մյուս ծայրը։ Շունը երևի այդ վերաբերմունքին շատ սովոր էր, քանի որ լուռումունջ կծկվեց անկյունում և իր տգեղ աչքերը մի րոպեում քսան անգամ թարթելով՝ սկսեց այնպես նայել, ասես հարկաբաժինը զննելով էր զբաղված։
― Գլխումդ ի՞նչ ծրագիր կա դարձյալ։ Տղաների հետ վատ ես վարվում, հա՞․ ագահ, կծծի, անհագ ծերուկ, ― ասաց մարդը նստելով մի աթոռի։ ― Հետաքրքիր է, ինչո՞ւ չեն սպանում քեզ։ Ես անպայման կսպանեի, եթե նրանց տեղը լինեի։ Եթե ես քո աշակերտը լինեի, շատ վաղուց քեզ սպանած կլինեի, Ֆեգին։ Բայց ո՛չ, ինչ եմ ասում, սպանելուց հետո ես քեզ չէի էլ կարող վաճառել, որովհետև դու պիտանի ես միայն իբրև տգեղության մարմնացում մի շշի մեջ դրվելով ցուցադրվելու։ Ափսո՜ս, որ այդքան հսկա ծավալով ապակյա շշեր չեն պատրաստվում։
― Կամա՜ց, կամա՜ց, միստր Սայքս, ― ասաց Հրեան դողդողալով, ― այդքան բարձրաձայն մի՛ խոսի։
― Ինչո՞ւ ես ինձ «միստր» կոչում, ― պատասխանեց ոճրագործը, ― դու միշտ էլ ինչ֊որ նենգ նպատակներ ես հետապնդում, երբ սկսում ես այդ ձևով խոսել։ Իմ անունը գիտես, դրանով էլ կոչի ինձ։ Ես իմ անունը չեմ արատավորի, երբ որ ժամանակը գա։
― Լա՛վ, լա՛վ, ուրեմն, Բիլլ Սայքս, ― ասաց Հրեան քծնող համեստությամբ։ ― Երևի տրամադրությունդ ընկած է, Բիլլ։
― Գուցե ընկած է, ― պատասխանեց Սայքսը, ― քոնը նույնպես լավ չի երևում։ Իհարկե, այլ բան է, եթե պղինձներ շպրտած ժամանակ մտադիր ես այնքան քիչ վնաս հասցնել, որքան մատնություններ անելիս և․․․
― Գժվե՞լ ես, ինչ է, ― ասաց Հրեան զրուցակցի թևից բռնելով և տղաների կողմը մատնացույց անելով։
Միստր Սայքսը բավականացավ մի երևակայական օղակ անցկացնելով իր ձախ ականջը և գլուխը թեքելով իր աջ ուսի վրա, մի տեսակ մնջախաղ, որը երևի Հրեան շատ լավ էր հասկանում։ Ապա գողերի հատուկ ծածկալեզվով, որը համեմում էր նրա գրեթե ամբողջ խոսակցությունը, մի բաժակ ըմպելիք պահանջեց։ Բայց քանի որ այդ բառերը ընթերցողի համար բոլորովին անհասկանալի են, ավելորդ ենք համարում այստեղ արձանագրել դրանք։
― Եվ զգո՜ւյշ, չլինի հանկարծ թույն լցնես մեջը, ― ասաց միստր Սայքսը, գլխարկը դնելով սեղանին։
Սա կատակով ասվեց, բայց խոսողը եթե հնարավորություն ունենար տեսնելու, թե դեպի պահարանը շրջվելիս ինչպիսի նենգ ժպիտ խաղաց Հրեայի դեմքի վրա, և նա ատամներով ինչպես սեղմեց իր չար, դալուկ շուրթը, գուցե մտածեր, որ նախազգուշությունը այնքան էլ անտեղի չէր, և կամ ըմպելին պատրաստող մասնագետի հմտությունը կատարելագործելու ցանկությունը իրոք առկա էր ծեր ջենթլմենի զվարթ սրտում։
Միստր Սայքսը մի քանի բաժակ ըմպելիք կուլ տալուց հետո, երբ բարեհաճեց փոքրիկ ջենթլմենների ներկայությունը հաշվի առնել, նրանք կրկին անդրադարձան Օլիվերին, և Ստահակը, տվայլ պարագայի պատշաճ ու անհրաժեշտ բարեփոխումներով, մանրամասնորեն պատմեց տղայի ձերբակալության դեպքը։
― Վախենում եմ, ― ասաց Հրեան, ― նա այնպիսի բաներ ասի, որ փորձանքի մեջ գցի մեզ։
― Շատ հավանական է, ― ընդհատեց Սայքսը չարախինդ և խորամանկ ժպիտով․ ― Կորած մարդ ես, Ֆե՛գին։
― Եվ գիտես, ես վախենում եմ, ― ավելացրեց Հրեան զրուցակցին ուշադիր նայելով և խոսելով այնպես, ասես ընդհատումը չէր նկատել, ― վախենում եմ, որ եթե մենք ծուղակն ընկնենք, գուցե մեզ հետ ընկնեն նաև շատ֊շատերը, իսկ դա քեզ համար կարող է ավելի վատ հետևանքներ ունենալ, քան ինձ համար, սիրելիս։
Մարդը ցնցվեց և դեպի Հրեան շուռ եկավ։ Բայց ծերունի ջենթլմենը իր ուսերը բարձացրել էր մինչև ականջները և մտացրիվ ու սևեռուն նայում էր հանդիպակաց պատին։
Երկարատև լռություն տիրեց։ Հարգելի խմբակի յուրաքանչյուր անդամը խորասուզված էր մտածմունքների մեջ, անգամ շունը չէր բացառվում։ Նա, անկյունում լուռ կծկված, չարամտորեն լիզում էր իր դունչը․ թվում էր, թե նա ծրագրում էր հարձակվել առաջին իսկ ջենթլմենի կամ լեդիի ոտքերի վրա, երբ փողոց դուրս գար։
― Մեկնումեկը պետք է գնա և ստուգի, թե ինչ է կատարվել բանտում, ― այժմ շատ ավելի ցածր ձայնով ասաց միստր Սայքսը։
Հրեան գլխով հավանության նշան տվեց։
― Եթե նա արդեն չի մատնել մեզ և այժմ դատապարտված է, մինչև բանտից դուրս գա մենք ապահով ենք, ― ասաց միստր Սայքսը, ― իսկ դուրս գալուց հետո պետք է հետևել, պետք է անպայման գտնել նրան։
Հրեան նորից գլխով արեց։
Բացահայտ էր, որ այս ուղղությամբ աշխատելը մեծ խոհեմություն կլիներ, սակայն դժբախտաբար կար մի լուրջ պատճառ, որ արգելք էր հանդիսանում այս որոշումը գործադրելուն։ Բանն այն էր, որ և՛ Ստահակը, և՛ Չարլի Բեյթսը, և՛ Ֆեգինը, և՛ միստր Վիլյամ Սայքսը, բոլորն էլ անխտիր, սաստիկ հակակրություն ունեին ոստիկանատների նկատմամբ և ոչ մի առիթով չէին ցանկանում անգամ նրանց մոտով անցնել։
Այս անորոշ ու տհաճ դրության մեջ որքան երկար մնացին ու իրար դիտեցին՝ դժվար է գուշակել։ Սակայն հարկավոր չէ որևէ գուշակություն անել նյութի շուրջը, քանի որ հանկարծ հայտնվեցին այն երկու լեդիները, որոնց Օլիվերը մի այլ առիթով տեսել էր, և խոսակցությունը նորից աշխուժացավ։
― Ա՛յ թե իսկականն է, հա՜, ― ասաց Հրեան։ ― Բեթը կգնա, այնպես չէ՞, անուշիկս։
― Իսկ ո՞ւր, ― հարցրեց դեռատի լեդին։
― Հենց այստեղ, ոստիկանական տեղամասը, սիրելիս, ― ասաց Հրեան համոզիչ տոնով։
Այստեղ հօգուտ դեռատի լեդիի պետք է ասել, որ նա հաստատապես չմերժեց գնալ, նա միայն ասաց, որ պարզապես «օրհնված» կլիներ, եթե գնար։ Լեդին իրենից խնդրածը կատարելուց հրաժարվեց շատ նուրբ ու քաղաքավարի ձևով․ ապացույց այն իրողության, որ դեռատի լեդիի ի ծնե ունեղած բարձր դաստիարակությունը իրեն թույլ չէր տալիս իր ընկերների առաջարկությունները բացահայտորեն մերժելով ցավ պատճառել նրանց։
― Նենսի, սիրելի՛ս, դու ի՞նչ կասես, ― դեպի մյուս լեդին շրջվելով, փաղաքուշ ձայնով ասաց Հրեան։
― Դա լինելու բան չէ, հետևաբար այլևս չխոսենք այդ մասին, Ֆեգին, բոլորովին անօգուտ է, ― պատասխանեց Նենսին։
― Իսկ դու դրանով ի՞նչ ես ուզում ասել, ― նկատեց միստր Սայքսը՝ խոժոռված վեր նայելով։
― Այն ինչ֊որ արդեն ասացի, Բիլլ, ― անվրդով պատասխանեց լեդին։
― Ճի՞շտ։ Դու ամենահարմար անձն ես այդ գործի համար, ― պատճառաբանեց միստր Սայքսը, ― շրջապատում ոչ ոք ոչինչ չգիտե քո մասին։
― Եվ քանի որ չեմ էլ ցանկանում որ գիտենան, ― պատասխանեց Նենսին նույն անվրդով տոնով, ― ապա իմ պատասխանը ավելի շուտ ոչ է, քան թե այո, Բիլլ։
― Նա կգնա, Ֆեգին, ― ասաց Սայքսը։
― Ո՛չ, նա չի գնա, Ֆեգին, ― ասաց Նենսին։
― Անպայման կգնա, ― պնդեց Սայքսը։
Միստր Սայքսը իրավացի դուրս եկավ։ Հաջորդական սպառնալիքների, խոստումների ու կաշառքների ազդեցության տակ, վերոհիշյալ լեդին վերջապես հարկադրված եղավ ստանձնել սույն հանձնարարությունը։ Եվ արդարև, իր սիրելի ընկերուհու նման նա առարկելու այնքան էլ հարգելի պատճառներ չուներ, քանի որ Րեդկլիֆ կոչված հեռավոր, բայց արիստոկրատական արվարձանից դեռևս նոր էր տեղափոխվել Ֆիլդ Լեյնի թաղամասը և իր բազմաթիվ ծանոթներից որևէ մեկին հանդիպելու երկյուղը չէր ապրում։
Հետևաբար, հագուստի վրայից մի մաքուր, սպիտակ գոգնող կապելով և իր խոպոպաթղթերը թաքցնելով ծղոտե գլխարկի տակ (երկու առարկաներն էլ հայթայթվել էին Հրեայի անսպառ պահեստից), միսս Նենսին պատրաստվեց դուրս գալ։
― Ապասի՛ր մի րոպե, սիրելիս, ― ասաց Հրեան դարպասի մի մեծ բանալի կախելով դեռատի լեդիի աջ ձեռքի ցուցամատից։ ― Այժմ հիանալի է, իսկապես հիանալի է, սիրելիս, ― ասաց Հրեան ձեռքերը իրար շփելով։
― Օ՜հ, եղբա՜յր իմ։ Իմ խե՜ղճ, անուշի՜կ, անմե՜ղ, փոքրիկ եղբայր իմ, ― բացականչեց Նենսին հանկարծ փղձկալով և փոքրիկ զամբյուղն ու մեծ բանալին ծայրայեղ հուսահատությամբ տրորելով ձեռքի մեջ։ ― Արդյոք ի՞նչ է պատահել, ո՞ւր են տարել նրան։ Օ՜հ, գթացե՜ք ջենթլմեններ, և ինձ ասացեք, թե ինչ է կատարվել այդ սիրասուն տղայի հետ, խնդրո՜ւմ եմ, ջենթլմեններ, գթացե՜ք, ջենթլմեններ։
Շատ ողբալի ու սրտաճմլիկ ձևով արտասանված այս բառերը մեծապես հիացրին ունկնդիրներին։ Հետո միսս Նենսին մի րոպե կանգնեց, աչքով արեց, չարաճճի ժպտաց բոլորին ու անհետացավ։
― Ա՜հ, ուշիմ աղջիկ, ― ասաց Հրեան՝ շուռ գալով դեպի իր փոքրիկ բարեկամները և գլուխը նշանակալից շարժելով, ասես կամենալով հասկացնել նրանց, թե հարկավոր է հետևել աղջկա փայլուն օրինակին։
― Նա իր սեռի պարծանքն է, ― ասաց միստր Սայքսը՝ բաժակը լցնելով և իր հսկա բռունցքով սեղանին խփեց։ ― Դե՛, խմենք նրա կենացը։ Երանի թե բոլոր կանայք նրա պես լինեին։
Մինչդեռ այսպիսի բազմաթիվ գովասանքներ էին շռայլվում նրա հասցեին, հմուտ Նենսին շտապում էր ոստիկանատուն, և չնայած այն հանգամանքին, որ փողոցներում մենակ ու անպաշտպան քայլելը փոքր֊ինչ վախ էր ներշնչում նրան, այնուամենայնիվ, մի կարճ միջոցում նա բոլորովին ապահով տեղ հասավ։
Մտնելով հետևի մուտքից, նա բանալիով թեթև թակեց խցերից մեկի դուռը և ականջ դրեց։ Ներսից ոչ մի ձայն չլսվեց։ Լեդին հազաց և նորից ականջ դրեց։ Դարձյալ ոչ մի պատասխան։
― Օլիկ, սիրելի՜ս, ― մրմնջաց Նենսին քնքշությամբ, ― Օլի՜կ։
Ներսում ոչ ոք չկար, բացի թշվառ, ոտաբոբիկ մի վճրագործից, որը ձերբակալված էր սրինգ նվագելու մեղադրանքով։ Հասարակության դեմ նրա գործած հանցանքը բացահայտ կերպով ապացուցված լինելով, միստր Ֆենգը ըստ պատշաճի դատապարտել էր նրան մեկ ամսվա բանտարկության և ուղարկել Ուղղիչ տուն, տեղին ու զվարճալիորեն դիտել տալով, որ բանտարկյալը իր կրծքի բովանդակ ուժը փոխանակ երաժշտական գործիքի վրա սպառելու, շատ ավելի օգտակար կլիներ, եթե սպառեր պտտվող անվի վրա։ Բանտարկյալը ոչ մի պատասխան չտվեց․ նա մտովին զբաղված էր իր բռնագրավված սրնգի կորուստը ողբալով։ Հետևաբար, Նենսին առաջացավ և թակեց հաջորդ խցի դուռը։
― Հետո՞, ― լսվեց տկար ու նվաղկոտ մի ձայն։
― Իմ փոքրիկ Օլիկին եմ փնտրում։ Այդպիսի մի տղա չկա՞ այստեղ, ― հարցրեց Նենսին կեղծ հեկեկանքով։
―Ո՛չ, ― պատասխանեց ձայնը։ ― Աստված ո՛չ անի։
Խոսողը վաթսունհինգ տարեկան մի դատարկապորտ էր, որը բանտարկված էր սրինգ չնվագելու համար, կամ այլ կերպ ասած՝ օրինական ապրուստի միջոց չունենալով փողոցներում մուրացկանություն անելու համար։ Հաջորդ խցում կար մի ուրիշ մարդ, որը բանտ էր ուղարկված՝ իր համար ապրուստի միջոց ստեղծելով փողոցներում թիթեղյա ամաններ վաճառելու գործով, իսկ սա էլ մեղադրվում էր այն պատճառով, որ առանց արտոնագրի էր աշխատում։
Քանի որ այս հանցագործներից ո՛չ մեկը, ո՛չ էլ մյուսը Օլիվերին չէին անձնավորում, և կամ ոչինչ չգիտեին նրա մասին, Նենսին դիմեց շերտավոր բաճկոն հագած կոպիտ արտաքինով ոստիկանին և չափազանց սրտառուչ ողբ ու կոծով, որն ավելի սրտառուչ էր դառնում փոքրիկ զամբյուղի և մեծ բանալու ճշգրիտ ու հմուտ գործածությամբ, պահանջեց իր հարազատ եղբորը։
― Նա ինձ մոտ չէ, սիրելիս, ― ասաց ծերունին։
― Հապա որտե՞ղ է, ― ճչաց Նենսին մտամոլոր։
― Այն ջենթլմենը տարավ նրան, ― պատասխանեց ոստիկանը։
― Ո՞ր ջենթլմենը։ Օ՜հ, տե՜ր իմ աստված։ Ի՞նչ ջենթլմեն, ― բացականչեց Նենսին։
Ծերունին, տեսնելով քրոջ տագնապալի վիճակը, այդ անկապ հարցերին ի պատասխան տեղեկացրեց նրան, որ Օլիվերը ոստիկանատանը ուշաթափվել էր, և երբ, ինչ֊որ վկայի ցուցմունքով, հաստատվել էր, որ գողությունը ինքը չէր կատարել, քանի որ թաշկինակը գողացել էր մի ուրիշ տղա, որը այդ պահին ձերբակալված չէր, մեղադրող ծերունի ջենթլմենը վերցրել էր նրան այդ անզգա վիճակում և փոխադրել իր բնակարանը, իսկ թե այդ բնակարանը որտեղ էր գտնվում՝ նա չգիտեր։ Միայն ծերունի ջենթլմենի կառապանին տված հրահանգից, որ նա պատահաբար լսել էր, կարելի էր հետևացնել, որ դա Պենտոնվիլլի մոտերքը մի ինչ֊որ տեղ պետք է լիներ։
Դեռատի կինը մռայլվեց։ Նրան համակեց ահավոր կասկած ու անորոշություն։ Նա երերուն քայլերով ուղղվեց դեպի դարպասը, բայց հենց որ փողոց դուրս եկավ, տատանվող քայլերը փոխելով սրընթաց վազքի, լաբիրինթոսանման և կողմնակի ճանապարհներով վերադարձավ Հրեայի տունը։
Երբ միստր Բիլլ Սայքսը լսեց միսս Նենսիի զեկուցումը, նա իսկույն ձայն տվեց սպիտակ շանը, գլխարկը դրեց գլխին և առանց խմբին հրաժեշտ տալու ձևականության, շտապ դուրս եկավ տանից։
― Մենք պետք է իմանանք որտեղ է նա, սիրելիներ, մենք պետք է անպայման գտնենք նրան, ― ասաց Հրեան սաստիկ վրդովված։ ― Չարլի, դու պետք է շարունակ որոնես նրան մինչ որ լուր բերես նրա մասին, այդ է քո անելիքը։ Նե՛նսի, սիրելիս, ես պետք է անպայման գտնեմ նրան։ Այս բանը ես քեզ եմ վստահում, սիրելիս, քեզ և Ստահակին։ Բայց կացե՛ք, ― ավելացրեց Հրեան դողացող ձեռքերով ինչ֊որ դարակ բացելով, ― վերցրե՛ք այս դրամը, սիրելիներս։ Ես այս գիշեր խանութը փակելու եմ։ Դուք գիտեք, թե որտեղ կարելի է գտնել ինձ։ Շտապ հեռացե՛ք այստեղից։ Ոչ մի վայրկյան չմնաք։
Այս խոսքերով Հրեան նրանց դուրս հրեց սենյակից և, դուռը կրկնակի կողպեքով և այլ փականքներով ապահով ամրացնելուց հետո, դուրս քաշեց այն արկղիկը, որի գոյությունը, անկախ իր կամքից, Օլիվերին հայտնի էր դարձել։ Ապա սկսեց ժամացույցներն ու գոհարեղենները փութով թաքցնել իր զգեստների տակ։
Այս զբաղվածության պահին դուռը թեթև թակեցին, և նա ցնցվեց։
― Ո՞վ է, ― գոչեց նա զիլ ձայնով։
― Ինքս, ― պատասխանեց Ստահակը բանալու անցքից։
― Ւ՞նչ կա, ― գոչեց Հրեան անհամբերությամբ։
― Նենսին ուզում է իմանալ, նրան առևանգելու դեպքում մյո՞ւս որջը պետք է տանենք, ― հարցրեց Ստահակը։
― Այո՛, ― պատասխանեց Հրեան, ― հենց որ գտնեք նրան, իսկույն տարեք մյուս որջը։ Շուտ գտեք նրան, ինչ գնով լինի՝ գտեք նրան, ահա ամբողջը։ Հետո ինքս գիտեմ իմ անելիքը, անհոգ եղեք։
Տղան քրթմնջալով, թե ամեն ինչ պարզ է, վազեց սանդուղքն ի վար և միացավ իր ընկերուհուն։
― Նա մինչև հիմա չի մատնել մեզ, ― ասաց Հրեան իր զբաղմունքը վերսկսելով, ― իսկ եթե մտադիր է իր նոր բարեկամների շրջապատում շաղակրատել ու մեր գաղտնիքները դուրս տալ, ապա մենք դեռ կարող ենք նրա բերանը ծեփել։
==Տասնչորսերորդ գլուխ==
Բովանդակում է ավելի մանրամասն տեղեկություն Օլիվերի՝ միստր Բրաունլոյի մոտ լինելու մասին և այն երևելի գուշակությունը, որ արեց ոմն միստր Գրիմվիգ Օլիվերի հասցեին, երբ նա ուղարկվեց մի հանձնարարություն կատարելու
Երբ Օլիվերը սթափվեց այն ուշաթափությունից, որի պատճառը եղել էր միստր Բրաունլոյի հանկարծական բացականչությունը, ծերունի ջենթլմենն ու միսիս Բեդվինը զգուշությամբ խուսափեցին թե՛ նկարի և թե՛ Օլիվերի անցյալի կամ ապագայի մասին որևէ ակնարկություն անելուց։ Ընդհակառակն, նրանք սկսեցին խոսել այնպիսի նյութերի շուրջ, որոնք կարող էին միայն զվարճացնել տղային, առանց հուզելու նրան։ Օլիվերը տակավին թույլ էր զգում իրեն և ի վիճակի չէր նախաճաշի համար վեր կենալու, բայց երբ հաջորդ օրը իջավ տնտեսուհու սենյակը, նրա առաջին մտածմունքը եղավ անձկալից մի հայացք գցել պատին։ Նա հույս ուներ, որ դարձյալ կարող էր դիտել չքնաղ լեդիի դեմքը։ Սակայն հիասթափվեց, քանի որ նկարը վերցված էր այնտեղից։
― Ա՜հ, ― ասաց տնտեսուհին, ― հետևելով Օլիվերի աչքերի ուղղությանը։ ― Տեսնում ես, այնտեղ չէ։
― Տեսնում եմ, տիկին, ― պատասխանեց Օլիվերը։ ― Բայց ինչո՞ւ են վերցրել։
― Վերցրել են մանչուկ, որովհետև դա քեզ անհանգստացնում էր։ Միստր Բրաունլոն մտածելով, որ գուցե այդ նկարը քո ապաքինմանը արգելք կհանդիսանա, այդպես կարգադրեց, ― պատասխանեց պառավ լեդին։
― Օ՜հ, ո՛չ, ո՛չ, ինձ չէր անհանգստացնում, տիկի՛ն, ― ասաց Օլիվերը։ ― Ընդհակառակն, ինձ համար շատ հաճելի էր նայել այդ նկարին։
― Լա՛վ, լա՛վ, ― ասաց պառավ լեդին բարեհաճորեն, ― դու հնարավոր եղածին չափ շուտ կազդուրվիր, և մենք այդ նկարը նորից կկախենք։ Ա՛յ, խոսք եմ տալիս։ Իսկ այժմ խոսենք այլ նյութերի շուրջ։
Այդ էր այն ամբողջ տեղեկությունը, որ Օլիվերը կարողացավ ձեռք բերել նկարի մասին։ Եվ որովհետև ծեր լեդին հիվանդության ժամանակ մեծ հոգատարություն էր ցուցաբերել իր հանդեպ, Օլիվերը ճիգ թափեց գոնե առայժմ մոռանալ նկարը։ Ուստի նա ուշադիր լսեց այն բոլորը, որ լեդին պատմեց իր երեխաների մասին․ թե ինչպես իր համակրելի ու գեղեցիկ մի աղջիկը ամուսնացած էր մի համակրելի ու գեղեցիկ տղամարդու հետ, թե ինչպես Վեստ Ինդիայում ուներ մի որդի, որը ինչ֊որ վաճառականի մոտ աշխատում էր որպես քարտուղար և, իբրև բարի ու ծնողասեր որդի, սիրալիր նամակներ էր ուղարկում մորը տարին կանոնավորապես չորս անգամ։ Այս բոլորը մտաբերելիս նա հուզումից արտասվեց։ Երբ պառավ լեդին բավականին պատմել էր իր երեխաների շնորհքների մասին, մեջ բերելով նաև քսանվեց տարի առաջ մահացած իր ամուսնու արժանիքները, արդեն ժամանակն էր թեյելու։ Թեյից հետո պառավ լեդին սկսեց Օլիվերին մի թղթախաղ ցույց տալ, որը նա սովորեց այն արագությամբ, ինչ արագությամբ լեդին կարողացավ սովորեցնել նրան։ Նրանք խաղը մեծ հետաքրքրությամբ ու լրջությամբ շարունակեցին մինչև այն պահը, երբ նորից ժամանակն էր Օլիվերին կերակրելու։ Տղան պետք է խմեր ջրախառն տաք գինի, ուտեր մի շերտ կարմրած հաց, ապա հանգիստ քներ։
Որքա՜ն երջանիկ էին անցնում Օլիվերի ապաքինման օրերը։ Նրան շրջապատող ամեն ինչ այնքան մաքուր էր և կոկիկ, և բոլորը այնքան բարի էին ու հոգատար նրա հանդեպ, որ այն աղմկահույզ ու փոթորկալից միջավայրից հետո, որտեղ նա անց էր կացրել իր ամբողջ մատաղ կյանքը, նրան այնպես էր թվում, թե դրախտումն է։ Երբ նա կազդուրվեց այնքան, որ արդեն ի վիճակի էր անկողնուց վեր կենալ և հագնվել, միստր Բրաունլոն նրա համար պատրաստել տվեց մի ձեռք նոր հագուստ, նոր կեպի և նոր կոշիկներ։ Քանի որ Օլիվերին ասացին, թե իր հին շորերի հետ կարող էր վարվել ինչպես կամենում է, նա այդ հին շորերը տվեց մի սպսսուհու, որն իր հանդեպ ազնիվ վերաբերմունք էր ցուցաբերել, խորհուրդ տալով, որ դրանք վաճառի մի հրեայի և դրամը օգտագործի ըստ իր ցանկության։ Սպասուհին հաճույքով կատարեց նրա ասածը և երբ Օլիվերը հյուրասենյակի պատուհանից տեսավ, թե հրեան ինչպես քուրջերը պարկի մեջ դնելով հեռացավ, կարծես ավելի ազատորեն շնչեց։ Նա չափազանց երջանիկ էր, որ դրանք նորից հագնելու վտանգից ընդմիշտ ազատվել էր։ Ճշմարիտն ասած՝ տխրահռչակ ցնցոտիներ էին, իսկ Օլիվերը կյանքում երբեք նոր զգեստ չէր ունեցել։
Նկարի միջադեպից մոտավորապես մի շաբաթ հետո, մի երեկո, երբ տղան նստած զրուցում էր միսիս Բեդվինի հետ, միստր Բրաունլոն սպասավորին ուղարկեց, հայտնելով, որ եթե Օլիվեր Թվիստն իրեն բավականաչափ լավ է զգում, ապա ինքը կցանկանար տեսակցել և մի փոքր խոսել նրա հետ իր առանձնասենյակում։
― Օ՜հ, տե՜ր իմ աստված։ Ձեռքերդ լվա և շուտ մոտս եկ, որ մազերդ սանրեմ, մանչուկ, ― ասաց միսիս Բեդվինը։ ― Ի՞նչ անենք հիմա։ Եթե իմանայինք, որ նա քեզ իր մոտ է կանչելու, գոնե վերնաշապիկիդ օձիքը կփոխեինք, և քեզ ավելի ներկայանալի կդարձնեինք։
Օլիվերը կատարեց միսիս Բեդվինի պատվերը, և թեպետ պառավ լեդին լուրջ մտահոգված էր, թե ժամանակ չկար անգամ նրա վերնաշապիկի օձիքը երիզող փոթածայրերը արդուկելու, այնուամենայնիվ, տղային ոտից գլուխ մեծ գոհունակությամբ զննելուց հետո ասաց, որ ի վերջո հնարավոր չէր նրան ավելի վայելուչ դարձնել։
Այսպես խրախուսված, Օլիվերը թեթև թակեց ծերունի ջենթլմենի առանձնասենյակի դուռը և ներս մտնելով իրեն գտավ անհամար գրքերով լի մի սենյակում, որի լուսամուտը բացվում էր փոքրիկ, բայց հաճելի պարտեզների վրա։ Լուսամուտի տակ կար մի սեղան, որի առջև նստած՝ միստր Բրաունլոն կարդում էր։ Երբ Օլիվերին տեսավ, գիրքը հրեց մի կողմ, տղային հրավիրեց սեղանի մոտ և առաջարկեց նստել։ Օլիվերը հնազանդվեց, ապշած մտածելով, թե որտեղ կարելի էր այսքան շատ թվով գրքեր կարդացող մարդիկ գտնել, գրքեր, որոնք կարծես թե գրված էին աշխարհը ավելի իմաստուն դարձնելու համար։ Եվ Օլիվերը առաջինը չէր, որ այդպես մտածեց։ Դա մի երևույթ է, որ նույնքան զարմանք է պատճառում Օլիվեր Թվիստից շատ ավելի փորձառու մարդկանց, նրանց կյանքի յուրաքանչյուր օրում։
― Շատ գրքեր կան, այնպես չէ՞, տղաս, ― ասաց միստր Բրաունլոն, նկատելով, թե Օլիվերը ինչպիսի հետաքրքրությամբ էր զննում հատակից մինչև առաստաղը հասնող դարակները։
― Չափազանց շատ, սըր, ― պատասխանեց Օլիվերը։ ― Կյանքումս այսքան շատ թվով գրքեր երբեք չեմ տեսել։
― Եթե քեզ լավ պահես, դու կկարդաս այդ բոլոր գրքերը, ― սիրալիությամբ ասաց ծերունի ջենթլմենը, ― և կարդալը քեզ ավելի դուր կգա, քան դիտելը (իհարկե որոշ դեպքերում), որովհետև ինչ խոսք, որ գոյություն ունեն այնպիսի գրքեր, որոնց արտաքին ձևավորումը ավելի գեղեցիկ է, քան բովանդակությունը։
― Երևի դրանք այդ մեծածավալ գրքերն են, սըր, ― ասաց Օլիվերը մատնացույց անելով մի քանի հսկա հատոր, որոնց կազմը հիմնականում ոսկեզօծված էր։
― Միշտ չէ, որ այդպես է, ― ասաց ծերունի ջենթլմենը և ժպտալով Օլիվերի գլուխը շոյեց, ― կան շատ գրքեր, որոնք նույնքան բովանդակալից են, բայց շատ ավելի փոքր ծավալ ունեն։ Չէի՞ր ցանկանա խելացի մարդ դառնալ և գրքեր գրել, հա՞։
― Ավելի կնախնտրեի կարդալ դրանք, սըր, ― պատասխանեց Օլիվերը։
― Ինչպես, ուրեմն չէի՞ր ցանկանա գրող դառնալ, ― հարցրեց ծերունի ջենթլմենը։
Օլիվերը մի քիչ վարանեց և վերջապես ասաց, որ ինքը կարծում է, թե շատ ավելի նախընտրելի է գրավաճառ դառնալ։ Այս խոսքի վրա ծերունի ջենթլմենը լիաթոք ծիծաղեց և ասաց, որ շատ կարգին բան էր մտածել։ Օլիվերը ուրախացավ, որ ծերունի ջենթլմենը գոհ մնաց իր պատասխանից, բայց թե ինչու, պարզ չէր իր համար։
― Լա՛վ, լա՛վ, ― ասաց ծերունի ջեմթլմենը լրջանալով։ ― Մի՛ վախենա, քեզ հեղինակ չենք դարձնի, երբ մի որևէ պարկեշտ արհեստ կա սովորելու, ծայրահեղ դեպքում կարող ենք դիմել և որմնադրության։
― Շնորհակալություն, սըր, ― ասաց Օլիվերը։ Նրա անմեղունակ պատասխանը դարձյալ շարժեց ծերունի ջենթլմենի ծիծաղը, և նա ինչ֊որ բան մրմնջաց տարօրինակ մի բնազդի մասին, բայց այդ ևս Օլիվերի համար անհասկանալի լինելով՝ նրա ուշադրությունից վրիպեց։
Ապա միստր Բրաունլոն, խոսելով ավելի սիրալիր, բայց շատ ավելի լուրջ տոնով, քան Օլիվերը երբևէ տեսել էր, ասաց․
― Այժմ, ես ուզում եմ, որ ինձ շատ ուշադիր լսես, տղաս։ Քեզ հետ խոսելու եմ առանց վերապահությունների, որովհետև վստահ եմ, որ դու քեզնից ավելի տարեց մարդկանց հավասար հասունություն ունես և կարող ես լրիվ ըմբռնել իմ ասածները։
― Օ՜հ, մի՛ ասեք, որ ինձ ետ եք ուղարկելու, սըր, ― ծերունի ջենթլմենի խոսելու լուրջ եղանակից վախեցած բացականչեց Օլիվերը։ ― Խնդրում եմ, ինձ մի՛ վտարեք այս տանից և մի՛ թողեք, որ դարձյալ փողոցներում թափառեմ։ Թող այստեղ մնամ և սպասավոր դառնամ, միայն թե ինձ նորից չուղարկեք այն սարսափելի վայրը, որտեղից եկել եմ։ Գթացեք ինձ նման մի խեղճ տղայի, սըր։
― Սիրելի փոքրի՜կս, ― ասաց ծերունի ջենթլմենը խորապես ազդված Օլիվերի այս ջերմ աղերսից, ― մի վախենա, որ ես երբևէ կլքեմ քեզ, բացի այն դեպքից, երբ քո վարքով կպարտադրես ինձ այդպես վարվել քեզ հետ։
― Ես երբե՛ք, երբե՛ք, առիթ չեմ տա, սըր, ― ընդհատեց Օլիվերը։
― Ես էլ այդպես եմ կարծում, ― ասաց ծերունի ջենթլմենը։ ― Ես հաճախ հիասթափվել եմ ուրիշներին հովանավորելու իմ ջանքերից, բայց դու վստահություն ես ներշնչում, և ինձ էլ անհասկանալի է, թե քեզնով ինչո՞ւ եմ այսքան հետաքրքրված։ Չնայած իմ կյանքի երջանկությունն ու բերկրանքը թաղված են այն շիրիմների մեջ, որտեղ ինձ շատ սիրելի մարդիկ խոր քնած են հավերժական քնով, այսուհանդերձ իմ սիրտը դագաղի չեմ վերածել և այնտեղ հավիտյան չեմ փակել իմ լավագույն զգացմունքները։ Ընդհակառակն, այդ զգացմունքները տառապանքի բովից անցնելով ավելի ազնվացել ու ամրացել են։
Քանի որ ծերունի ջենթլմենը այս բառերը ցածրաձայն ասաց, կարծես՝ ավելի ինքն իր հետ էր խոսում, քան իր զրուցակցի, Օլիվերը լուռ նստեց իր տեղում։
― Լա՛վ, լա՛վ, ― վերջապես ասաց ծերունի ջենթլմենը ավելի զվարթ տոնով։ ― Այս բոլորը քեզ ասում եմ այն պատճառով, որ դու դեռ փոքր ես, և իմանալով, որ շատ եմ տառապել, գուցե ավելի զգույշ լինես և առիթ չտաս, որ ուրիշ դառնություններ էլ ճաշակեմ։ Ասում ես՝ որբ ես և աշխարհում ոչ ոք չունես։ Բոլոր հարցուփորձերը, որ կարողացել եմ կատարել այդ ուղղությամբ,հաստատում են քո ասածը։ Պատմի՛ր, քո կյանքի պատմությունը․ որտեղի՞ց ես գալիս, ո՞վ է մեծացրել քեզ և ինչպե՞ս ընկար այն միջավայրը, որտեղ քեզ հանդիպեցի։ Ասա՛ ճշմարտությունը, և քանի ես կենդանի եմ, դու աննեցուկ չես մնա։
Օլիվերը հուզմունքից հեկեկալու պատճառով չկարողացավ իսկույն խոսել։ Նա հազիվ էր պատրաստվում պատմել, թե ինչպես էր երեխաների ագարակում մեծացել, և միստր Բամբըլը՝ հանձնաժողովի կարգադրությամբ, ինչպես էր նրան այնտեղից տեղափոխել աղքատանոց, երբ հանկարծ դարպասը շատ տարօրինակ և անհամբեր ձևով ծեծեցին, և սպասավորը սանդուղքն ի վեր վազելով ազդարարեց, միստր Գրիմվիգի ժամանումը։
― Վերև՞ է բարձրանում, ― հարցրեց միստր Բրաունլոն։
― Այո, սըր, պատասխանեց սպասավորը։ ― Հարցրեց, թե կարկանդակ ունե՞ք տանը, և իմ դրական պատասխանի վրա ասաց, որ եկել է թեյելու։
Միստր Բրաունլոն ժպտաց և Օլիվերին ասաց, որ միստր Գրիմվիգը իր վաղեմի բարեկամներից է, և որ նա չպետք է ուշ դարձնի նրա, այսպես ասած, ձևերին, քանի որ ներքուստ նա արժանիք ունեցող մարդ է։
― Իսկ ես գնա՞մ ներքև, սըր, ― հարցրեց Օլիվերը։
― Ո՛չ, ― պատասխանեց միստր Բրաունլոն, ― կնախնտրեի, որ այստեղ մնայիր։
Ճիշտ այդ րոպեին իր հաստ գավազանին հենված՝ սենյակ մտավ մի հաղթանդամ ծերունի ջենթլմեն, որի մի ոտքը փոքր֊ինչ կաղ էր։ Նա հագել էր կապույտ պիջակ, գծավոր բաճկոնակ, չինական մուգդեղին բամբակե տաբատ, սրունքի սռնապանները և շուրջանակի կանաչով երիզված լայնեզր, սպիտակ գլխարկ։ Նրա վերնաշապիկի կուրծքը զարդարված էր շատ նուրբ փոթածալերով, որոնք բաճկոնից դուրս էին ընկնում, և ժամացույցի չափազանց երկար, պողպատյա մի շղթա, որի ծայրին ոչինչ չկար, բացի մի բանալուց, որը ճոճվում էր այդ փոթածալերի տակից։ Սպիտակ վզկապի ծայրերը գնդակաձև հանգուցվել էին նարնջի մեծությամբ։ Իսկ ինչ վերաբերում էր նրա դեմքին, ապա դա այնքան տարատեսակ ծամածռությունների էր ենթարկվում, որ նկարագրության սահմաններից դուրս է։ Խոսելիս աչքեը մի տեսակ կկոցելու և գլուխը մի կողմ թեքելու յուրահատուկ ձև ուներ, որը թութակին էր հիշեցնում։ Նա այս դիրքն ընդունեց սենյակ մտած րոպեից, և ձեռքում նարնջի կճեպի փոքրիկ մի կտոր բռնած՝ դժգոհ ու ջղագրգիռ բացականչեց․
― Այստեղ նայե՛ք, տեսնո՞ւմ եք այս նարնջի կլեպը։ Մի՞թե անչափ զարմանալի և տարօրինակ բան չէ, որ ում տունը որ այցելության գնամ, պետք է անպայման սանդուղքների վրա գտնեմ աղքատ վիրաբույժի այս բարեկամին։ Նարնջի կլեպը եղավ պատճառը իմ կաղության և նարնջի կլեպից էլ մահանալու եմ վերջապես։ Այո՛, սըր, նարնջի կլեպից էլ մահանալու եմ։ Եթե այդ ճիշտ չէ, ես իմ գլուխը կուտեմ, սըր։
Միստե Գրիմվիգը այս հրաշալի առաջարկությամբ էր եզրափակում ու հաստատում իր ամեն մի խոսքը։ Իհարկե, դա շատ տարօրինակ առաջարկություն էր, և հատկապես տարօրինակ միստր Գրիմվիգի համար, քանի որ, եթե նույնիսկ ի սեր վիճաբանության մի րոպե ընդունենք, որ գիտության նվաճումները երբևէ կհասնեն այն աստիճանի, որ մարդ կկարողանա, այդպես կամենալու դեպքում, իր սեփական գլուխը ուտելու, ապա միստր Գրիմվիգի գլուխը այնքան մեծ էր, որ նույնիսկ ամենաորկամոլ մարդը հազիվ թե կարողանար տեղավորել այն իր ստամոքսի մեջ, բոլորովին հաշվի չառնելով այն հանգամանքը, որ դա պատած էր պուդրայի շատ հաստ շերտով։
― Ես իմ գլուխը կուտեմ, սըր, ― կրկնեց միստր Գրիմվիգը, գավազանը խփելով գետնին։ ― Օհօ՜։ Բարև, ո՞վ է այդ տղան, ― ավելացրեց նա նայելով Օլիվերին և մի քանի քայլ ետ գնալով։
― Փոքրիկ Օլիվեր Թվիստն է, որի մասին խոսում էինք, ― ասաց միստր Բրաունլոն։
Օլիվերը խոնարհվեց։
― Երևի դա այն տղան է, որ տենդով հիվանդացել էր, այնպես չէ՞, ― ասաց միստր Գրիմվիգը մի փոքր ավելի ընկրկելով։ ― Սպասեցե՛ք, մի րոպե։ Լռություն։ Գտա։ Ահա հենց այդ տղան էլ կերել է նարինջը։ Եթե այդ տղան չի կերել նարինջը, սըր, և չի նետել այս կճեպը աստիճանների վրա, ես իմ գլուխը կուտեմ, իրենն էլ հետը, ― եզրափակեց միստր Գրիմվիգը, տենդի մասին իր ամբողջ սարսափը հանկարծ մոռանալով։
― Ո՛չ, ո՛չ, նա ոչ մի նարինջ չի կերել, ― ասաց միստր Բրաունլոն ծիծաղելով։ ― Դե՛, գլխարկդ ցած դիր և խոսիր իմ փոքրիկ բարեկամի հետ։
― Ես շատ բծախնդիր եմ այս հարցում, ― ասաց դյուրագրգիռ ծերունի ջենթլմենը, ձեռնոցները ձեռքից հանելով։ Մեր փողոցի մայթի վրա միշտ էլ փոքր ի շատե նարնջի կճեպներ լինում են, և ես հաստատ գիտեմ, որ անկյունում ապրող վիրաբույժի սպասավոր տղան է գցում դրանք։ Երեկ գիշեր մի դեռատի կնոջ ոտքը սայթաքեց նարնջի կճեպի պատճառով, և նա ընկավ իր պարտեզի ցանկապատի վրա։ Հենց որ բարձրացավ, նկատեցի, որ նա իսկույն նայեց վիրաբույժի անիծված կարմիր լույսի ուղղությամբ։ «Մի՛ գնա նրա մոտ, ― բղավեցի ես լուսամուտից, ― նա մարդասպան է։ Նա՛ է դնում այդ ծուղակները»։ Եվ իրոք էլ այդպես է, թե որ այդպես չէ․․․ ― Այստեղ դյուրագրգիռ ծերունի ջենթլմենը գավազանը ուժգնորեն խփեց հատակին։ Այդ բանը իր բարեկամների կողմից ընդունված էր իբրև ակնարկություն գլուխը ուտելու նրա սովորական առաջարկության, քանի որ հաճախ բառերի փոխարեն դա արտահայտվում էր գավազանի հարվածով։ Ապա գավազանը պահելով ձեռքում, նա նստեց և լայն, սև ժապավենի ծայրից կախված ակնոցը դնելով աչքերին, սկսեց ուշիուշով նայել Օլիվերին։ Տղան, տեսնելով, որ զննության առարկա է դարձել, շառագունեց և նորից գլուխ տվեց։
― Սա է այդ տղան, հա՞, ― ասաց միստր Գրիմվիգը վերջապես։
― Այո՛, ― պատասխանեց միստր Բրաունլոն։
― Ինչպե՞ս ես, տղա՛, ― ասաց միստր Գրիմվիգը։
― Շատ ավելի լավ, շնորհակալություն, սըր, ― պատասխանեց Օլիվերը։
Միստր Բրաունլոն, կարծես վախենալով, որ իր տարօրինակ բարեկամը պատրաստվում էր ինչ֊որ տհաճ բան ասելու, Օլիվերին խնդրեց իջնել ցած և միսիս Բեդվինին իմաց տալ, որ պատրաստ են թեյելու։ Տղան հաճույքով դուրս եկավ սենյակից, քանի որ այցելուի վերաբերմունքը այնքան էլ դուր չէր եկել նրան։
― Շնորհալի տղա է, այնպես չէ՞, ― հարցրեց միստր Բրաունլոն։
― Չգիտեմ, ― պատասխանեց միստր Գրիմվիգը քմահաճորեն։
― Չգիտե՞ս։
― Ո՛չ, չգիտեմ։ Տղաների մեջ ոչ մի տարբերություն չեմ տեսնում։ Ես միայն երկու տեսակի տղաներ գիտեմ՝ նիհար տղաներ և գեր տղաներ։
― Իսկ Օլիվերը ո՞ր խմբին է պատկանում։
― Նիհարների։ Ես ճանաչում եմ մեկին, որը մի գեր տղա ունի։ Ուրիշները նրան անվանում են հիանալի տղա․ իսկ հիանալի ի՞նչ կա նրա կլոր գլխի, կարմիր այտերի և պսպղուն աչքերի մեջ։ Ընդհակառակը, սարսափելի տղա է․ մարմինը ասես դուրս է պայթելու նրա կապույտ կոստյումի կարամասերից։ Նավաստու ձայնով և գայլի ախորժակով մի տղա է նա։ Ես ճանչում եմ այդ թշվառականին։
― Լա՛վ, ― ասաց միստր Բրաունլոն, ― սրանք փոքրիկ Օլիվեր Թվիստի բնությանը համապատասխանող գծեր չեն, հետևաբար, իղուր տեղը մի՛ ջղայնանա։
― Իսկապե՞ս, ― վրա բերեց միստր Գրինվիգը, ― միգուցե նա ավելի վատ գծեր ունի։
Այստեղ միստր Բրաունլոն անհամբերությամբ հազաց, որը կարծես միստր Գրինվիգին չափից դուրս հաճույք պատճառեց։
― Ասում եմ, գուցե նա ավելի վատն է, ― կրկնեց միստր Գրիմվիգը։ ― Որտեղի՞ց է գալիս։ Ո՞վ է նա։ Տենդով հիվանդացել է․ հետո՞ ինչ։ Կարծում եք տենդը միայն լա՞վ մարդկանց յուրահատուկ հիվանդություն է։ Մի՞թե վատ մարդիկ տենդով չեն հիվանդանում։ Ես ճանաչում էի մի մարդու, որը Ջամայկայում կախաղան բարձրացավ իր տիրոջն սպանած լինելու համար։ Նա կյանքում վեց անգամ հիվանդացել էր տենդով, բայց նրան ներում շնորհվեց հենց այդ պատճառով։ Փո՜ւհ, հիմարաբանություն։
Ճշմարիտն ասած՝ Օլիվերի արտաքին տեսքն ու վարվելակերպը միստր Գրինվիգին թվացել էին արտակարգ հրապուրիչ և դուրեկան, բայց նա ընդհանրապես հակում ուներ հակաճառելու, որը այսօր առավելապես շեշտված էր աստիճանների վրա նարնջի կճեպը գտնելու պատճառով։ Բացի այդ, ներքուստ որոշած լինելով չենթարկվել տղաների լավ կամ վատ լինելու մասին ուրիշների հայտնած կարծիքներին, նա սկզբից ևեթ վճռել էր ընդդիմախոսել իր բարեկամին։
Երբ միստր Բրաունլոն ասաց, թե ինքը տակավին չէր զբաղվել Օլիվերի անցյալով, ի նկատի ունենալով այն պարագան, որ հուզումների դիմանալու համար նա դեռ բավականաչափ կազդուրված չէր, և երբ ընդունեց, որ տղան մինչև այժմ որևէ գոհացուցիչ պատասխան չէր տվել իր հարցերին, միստր Գրինվիգը չարախինդ քմծիծաղ տվեց։ Ապա նա հեգնանքով հարցրեց, թե արդյոք տնտեսուհին սովորություն ունե՞ր քնելուց առաջ արծաթեղեն սպասները հաշվելու, որովհետև, մի գեղեցիկ առավոտ եթե գթալներից մի քանիսը պակասեին, ինքը պատրաստ էր իր գլուխն ուտելու և այլն։
Չնայած միստր Բրաունլոն ևս որոշ չափով դյուրագրգիռ խառնվածք ուներ, այսուհանդերձ, իմանալով իր բարեկամի տարօրինակությունները, այս բոլորը տարավ մեծ համբերությամբ, և քանի որ թեյելիս միստր Գրիմվիգը բարեհաճեց գնահատել կարակնդակները՝ մթնոլորտը պարզվեց։ Նույնիսկ Օլիվերը, որ թեյում էր նրանց հետ, առաջին անգամ իրեն ազատ զգաց այս խստաբարո ջենթլմենի անախորժ ներկայությամբ։
― Իսկ ե՞րբ է Օլիվեր Թվիստը քեզ պատմելու իր կյանքի և արկածների ճշգրիտ, ստույգ ու մանրամասն պատմությունը, ― ճաշի վերջում հարցրեց միստր Գրիմվիգը՝ աչքի ծայրով Օլիվերին նայելով։
― Վաղը առավոտյան, ― պատասխանեց միստր Բրաունլոն։ ― Ես կնախընտրեի, որ առանձին տեսակցենք։ Վաղը առավոտյան ժամը տասին եկ ինձ մոտ, սիրելիս։
― Կգամ, սըր, ― ասաց Օլիվերը։ Բայց միստր Գրիմվիգի սևեռուն հայացքից շփոթված՝ նա որոշ վարանումով պատասխանեց։
― Գիտե՞ս ինչ, ― շշնջաց այդ ջենթլմենը միստր Բրաունլոյին։ ― Վաղը առավոտյան նա չի՛ գա քեզ մոտ։ Ես տեսա նրա վարանումը։ Նա քեզ խաբում է, բարեկամս։
― Կարող եմ երդվել, որ նա ինձ չի խաբում, ― պատասխանեց միստր Բրաունլոն ջերմորեն։
― Թե որ չխաբեց, ― ասաց միստր Գրիմվիգը, ― ես իմ գլուխը․․․ ― և գավազանը ուժեղ իջավ հատակին։
― Ես այդ տղայի անկեղծությունը կյանքովս կերաշխավորեմ, ― ասաց միստր Բրաունլոն, սեղանին հարվածելով։
― Իսկ ես իր կեղծիքի համար՝ ամբողջ գլխովս, ― վրա բերեց միստր Գրիմվիգը, նույնպես սեղանին խփելով։
― Մենք այդ կտեսնենք, ― ասաց միստր Բրաունլոն իր բորբոքվող զայրույթը զսպելով։
― Այո՛, կտեսնենք, ― ասաց միստր Գրիմվիգը դյութիչ մի ժպիտով, ― անպայման կտեսնենք։
Ճակատագրի քմահաճ մի զուգադիպությամբ ճիշտ այդ պահին միսիս Բեդվինը ինչ֊որ գրքեր ներս բերեց, որ միստր Բրաունլոն առավոտյան գնել էր այն միևնույն գրավաճառից, որի մասին արդեն խոսվել է այս պատմության մեջ, և կապոցը դնելով սեղանին՝ պատրաստվեց դուրս գալ սենյակից։
― Տղային ասա՝ թող սպասի, միսիս Բեդվին, ― ասաց Բրաունլոն, ― ինչ֊որ բան կա վերադարձնելու։
― Նա գնացել է սըր, ― պատասխանեց միսիս Բեդվինը։
― Կանչեցեք նրան, ― ասաց միստր Բրաունլոն, ― այդ գործը կարևոր է։ Աղքատ մարդ է, իսկ գրքերի փոխարժեքը չեմ վճարել։ Բացի այդ, կան որոշ գրքեր, որ պետք է վերադարձվեն։
Փողոցի դուռը բացվեց։ Օլիվերը վազեց մի ուղղությամբ, սպասուհին՝ մի այլ ուղղությամբ, իսկ միսիս Բեդվինը, շեմի վրա կանգնած, բղավեց տղայի հետևից, բայց իզուր։ Օլիվերը և աղջիկը շնչասպառ վերադառնալով հայտնեցին, որ տղային չգտան։
― Ափսոս, շատ ափսոս, ― բացականչեց միստր Բրաունլոն։ ― Ես ցանկանում էի, որ այդ գրքերն այս երեկո անպայման վերադարձվեին իրենց տիրոջը։
― Օլիվերի հետ ուղարկիր, ― ասաց միստր Գրիմվիգը չարախինդ ժպտալով, ― նա անպայման ապահով տեղ կհասցնի դրանք, իմացա՛ծ եղիր։
― Այո՛, թողեք ես տանեմ այդ գրքերը, խնդրում եմ, սըր, ― ասաց Օլիվերը։ ― Ամբողջ ճանապարհին կվազեմ, սըր։
Ծերունի ջենթլմենը պատրաստվում էր ասել, որ Օլիվերը ոչ մի դեպքում տանից դուրս չէր գնալու, երբ միստր Գրիմվիգը չարամտորեն հազաց։ Միստեր Բրաունլոն, հանկարծ փոխելով իր որոշումը, հայտնեց, որ տղան գնալու է։ Նա մտածեց, որ դա լավագույն առիթն է քմահաճ բարեկամին ապացուցելու, թե նա որքան անիրավացի է իր կասկածների մեջ։ Գոնե այս հանձնարարությունը պարկեշտորեն կատարելով՝ Օլիվերը կարող է իսկույն ևեթ հաստատել այդ։
― Դու պիտի անպայման գնաս, սիրելիս, ― ասաց ծերունի ջենթլմենը։ Գրքերը վերևում են, սեղանիս մոտ, աթոռի վրա։
Օլիվերը սաստիկ ուրախացած, թե վերջապես ծերունի ջենթլմենին որևէ ձևով օգտակար էր լինելու, գրքերը թևի տակ իջավ ցած և կեպին ձեռքին՝ սպասեց հանձնարարությունների։
Դու պետք է ասես, ― խոսեց միստր Բրաունլոն, հայացքը սևեռելով միստր Գրիմվիգի վրա, ― դու պետք է ասես, որ այս գրքերը ես ետ եմ բերել և որ եկել ես վճարելու այն չորս ֆունտ և տասը շիլլինգը, որ ես պարտք եմ նրան։ Սա մի հինգ ֆունտանոց է, հետևաբար, դու պետք է տասը շիլլինգ ետ բերես։
― Տասը րոպեից այստեղ կլինեմ, սըր, ― պատասխանեց Օլիվերը անկեղծորեն։ Ապա հինգ ֆունտանոցը դրեց պիջակի գրպանը, ուշադիր կոճկեց, գրքերը խնամքով դրեց թևի տակ և, հարգալից գլուխ տալով, դուրս եկավ սենյակից։
Միսիս Բեդվինը ուղեկցեց նրան մինչև փողոցի դուռը, մի քանի անգամ բացատրեց, թե որն էր ամենակարճ ճանապարհը, ինչ էր գրավաճառի անունը, որ փողոցում էր կրպակը, կրկին ու կրկին պատվիրեց ուշադիր լինել և չմրսել, ապա վերջապես թույլ տվեց, որ տղան մեկնի։
― Անմեղ հրեշտա՜կս, ― ասաց պառավ լեդին նայելով Օլիվերի հետևից։ ― Չգիտեմ, թե ինչու, բայց չեմ կարող հաշտվել այն մտքի հետ, որ նա թեկուզ մի կարճ միջոցով հեռանա իմ մոտից։
Հենց այդ րոպեին Օլիվերը, նախքան անկյունը թեքվելը, դեմքի զվարթ արտահայտությամբ շրջվեց և գլխով արեց։ Ծեր լեդին ժպտալով փոխադարձեց նրա ողջույնը և դուռը ծածկելով գնաց դեպի իր սենյակը։
― Ա՜յ, կտեսնեք, ամենաուշը քսան րոպեից նա այստեղ կլինի, ― ասաց միստր Բրաունլոն՝ գրպանից հանելով ժամացույցը և դնելով սեղանին։ ― Մինչ այդ մութը կընկնի։
― Դու իսկապե՞ս հավատում ես, որ նա կվերադառնա, ― հարցրեց միստր Գրիմվիգը։
― Իսկ դու չե՞ս հավատում, ― հարցրեց միստր Բրաունլոն ժպտալով։
Միստր Գրինվիգը այդ րոպեին մեծ ցանկություն ուներ հակաճառելու․ նրա ցանկությունը ավելի ևս սաստկացավ, երբ տեսավ իր բարեկամի ինքնավստահ ժպիտը։
― Ո՛չ, ― ասաց նա բռունցքի ուժեղ մի հարված իջեցնելով սեղանին, ― բոլորովի՛ն ոչ։ Նա այժմ իր հագին նոր զգեստ ունի, թևի տակ՝ մի շարք թանկագին գրքեր, իսկ գրպանում՝ հինգ ֆունտանոց։ Նա կմիանա իր հին ընկերներին՝ գողերին, և կծիծաղի քեզ վրա։ Եթե տղան երբևէ այս տունը վերադարձավ, սըր, ես իմ գլուխը կկտրեմ։
Այս խոսքերով՝ նա աթոռը ավելի մոտեցրեց սեղանին, և երկու բարեկամները նստեցին լուռ ու սպասողական դիրքով, ժամացույցը իրենց մեջտեղը դրած։
Թեպետ մենք պարծենում ենք մեր անխոհեմ և հապճեպ եզրակացություններով, այնուամենայնիվ, որպես լուսաբանություն, այստեղ արժե նշել, որ միստր Գրիմվիգը առանձնապես չարամիտ մարդ չէր, և նա խորապես ցավ կզգար, եթե իր հարգելի բարեկամը խաբեության զոհ գնար ու ընկներ հիմար դրության մեջ։ Բայց հատկապես այս դեպքում նա անձկությամբ և ամբողջ սրտով ցանկանում էր, որ Օլիվեր Թվիստը չվերադառնար։
Այնքան մթնեց, որ թվերը ժամացույցի երեսին հազիվ էին նշմարվում։ Բայց երկու ծերունի ջենթլմենները, դեռևս նստած սեղանի առաջ, ժամացույցն իրենց մեջտեղում, լռությամբ սպասում էին։
==Տասնհինգերորդ գլուխ==
Ցույց է տալիս, թե զվարճասեր ծերունի Հրեան և միսս Նենսին որքան հոգատար էին Թվիստի նկատմամբ։
Փոքր Սաֆրոն Հիլլի ամենակեղտոտ մասում, վատահամբավ մի գինետան մթին սրահում, ― խավար և մռայլ մի որջ, որն ամբողջ ձմռան ընթացքում լապտերի լույսով է լուսավորվում, և ուր ամռանը արևի ոչ մի ճառագայթ չի թափանցում, մտախոհ նստած էր թավշյա պիջակով, կարճ տաբատով, կիսակոշիկներով և գուլպաներով մի տղամարդ, որին, նույնիսկ այս աղոտ լույսի տակ, որևէ փորձառու ոստիկանական գործակալ չէր տատանվի ճանաչելու որպես միստր Վիլյամ Սայքս։ Նրա առջև, սեղանի վրա, կար պղնձե մի թաս և գինու փոքր բաժակ։ Ըստ երևույթին, նա մեծ քանակությամբ էր կոնծել այդ հեղուկից, քանի որ նրանից խմիչքի ուժեղ հոտ էր փչում։ Նրա ոտքերի տակ նստել էր կարմրած աչքերով սպիտակամազ մի շուն։ Սա աչքերը անընդհատ թարթելով նայում էր իր տիրոջը և լիզում դնչի կողքին բացված մի վերք, որը, ըստ երևույթին, հետևանք էր ինչ֊որ նոր ընդհարման։
Հանգի՛ստ, հանգի՛ստ, գարշելի արարած, ― ասաց միստր Սայքսը՝ հանկարծ լռությունը խզելով։ Արդյո՞ք նա այնքան տարված էր մտածմունքներով, որ շատ աչքերի թարթումը խանգարում էր իրեն, թե՞ իր խորհրդածությունից առաջացած սրտնեղությունը մեղմանում էր մի անվնաս կենդանու խփելով, դա դեռևս վիճելու հարց է և դժվար է ասել։ Սակայն ինչ էլ որ լինի պատճառը, արդյունքը եղավ այն, որ շանը բաժին հասավ և՛ աքացի, և՛ հայհոյանք։
Շները սովորաբար վրեժ չեն լուծում այն նախատինքների համար, որ իրենց են հասցնում, բայց միստր Սայքսի շունը, ունենալով իր տիրոջ նման քմահաճ բնավորություն և գուցե այդ պահին մեծապես դառնացած իր կրած վիրավորանքից, առանց վարանելու ատամները իսկույն խրեց նրա կիսակոշիկներից մեկի մեջ, և ուժեղ ցնցելուց հետո, կաղկանձելով թաքնվեց մի նստարանի տակ՝ հազիվ խուսափելով պղնձյա թասից, որ միստր Սայքսը շպրտեց նրա գլխին։
― Այդպես, հա՞, ― ասաց Սայքսը՝ մի ձեռքով ունելին խլելով, իսկ մյուսով գրպանից դուրս բերելով խոշոր մի դանակ։ Արի՛ այստեղ, սատանի ծնունդ։ Արի՛ այստեղ, լսո՞ւմ ես։
Շունը, ինչ խոսք, լսեց, որովհետև միստր Սայքսը խոսեց իր բիրտ ձայնի ամենաբիրտ եղանակով, բայց, ըստ երևույթին, կենդանին, անբացատրելիորեն դեմ լինելով իր կոկորդը կտրելուն, գամվեց տեղում և, առաջվանից ավելի կատաղի կաղկանձելով, ատամներով ամուր բռնեց ունելու ծայրը և գազանի նման կծեց։
Այս դիմադրությունը ավելի զայրացրեց միստր Սայքսին։ Նա ծունկի եկավ և կատաղած հարձակվեց կենդանու վրա։ Շունը ցատկում էր աջից ձախ և ձախից աջ՝ կծելով, ոռնալով ու հաչելով։ Մարդը հարվածում էր, հայհոյում, խփում ու անիծում։ Պայքարը թե՛ մեկի և թե՛ մյուսի համար արդեն հասել էր չափազանց տագնապալի մի կետի, երբ դուռը հանկարծ բացվեց, և շունը նետի արագությամբ դուրս թռավ սենյակից։ Բիլլ Սայքսը մնաց մենակ՝ ունելին և դանակը ձեռքին։
Ինչպես հին առածն է ասում, կռվի մեջ միշտ պետք է երկու հակառակ կողմեր լինեն։ Միստր Սայքսը, շան անսպասելի անհետանալուց հիասթափված, նրա բաժին կռիվը իսկույն փոխանցեց նորեկին։
― Սատանի բաժին, ինչո՞ւ ես իմ և իմ շան միջև տեղի ունեցած հարցերի մեջ քո քիթը խոթում, ― ասաց Սայքսը կատաղի շարժուձևով։
― Չգիտեի, սիրելիս, չգիտեի, ― պատասխանեց Ֆեգինը հեզությամբ, որովհետև եկողը ինքն էր։
― Չգիտեի՞ր, վախկոտ ավազակ, ― ոռնաց Սայքսը։ ― Իսկ աղմուկը չէի՞ր կարող լսել։
― Ոչ մի շշուկ չլսեցի, կյանքովս եմ երդվում, Բիլլ, ոչ մի շշուկ, ― պատասխանեց Հրեան։
― Իհարկե չես լսի, ― խստությամբ պատասխանեց Սայքսը վայրագ քմծիծաղով։ ― Այնպես ես ներս ու դուրս սողոսկում, որ ոչ ոք չի իմանում, թե ինչպես ես գալիս ու ինչպես գնում։ Երանի կես րոպե առաջ շան տեղը լինեիր, Ֆեգին։
― Ինչո՞ւ, ― հարցրեց Հրեան բռնազբոսիկ ժպիտով։
― Որովհետև կառավարությունը, որը քեզ նման շների քաջութայն կեսն իսկ չունեցող մարդկանց կյանքի մասին հոգածություն է ցույց տալիս, թույլատրում է մի մարդու, որ շանը սպանի ինչ ձևով որ ցանկանում է, ― պատասխանեց Սայքսը, բազմանշանակ հայացքով դանակը փակելով, ― ահա՛ թե ինչու։
Հրեան ձեռքերը շփեց և սեղանի առջև նստելով՝ ձևացրեց, թե ծիծաղում է իր բարեկամի զվարճության վրա։ Այնուհանդերձ, ակնհայտ էր, որ սաստիկ վրդովված էր։
― Ծիծաղում ես, հա՞, ― ասաց Սայքսը ունելին դնելով տեղը և բիրտ արհամարհանքով նայելով նրան։ ― Ծիծաղի՛ր, տեսնենք։ Բայց քեզ երբե՛ք չի հաջողվի ինձ վրա ծիծաղել, բացառությամբ, երբ կախաղան կբարձրանամ։ Դու իմ բռումն ես, Ֆեգին, և թող նզովյալ լինեմ ես, եթե քեզ բաց թողնեմ իմ ձեռքից։ Եթե ես ընկնեմ, կընկնես նաև դու, ուրեմն զգույշ վարվիր ինձ հետ։
― Լա՛վ, լա՛վ, սիրելիս, ― ասաց Հրեան։ ― Ես այդ բոլորը գիտեմ։ Մենք փոխադարձ շահագրգռություն ունենք, Բիլլ, փոխադարձ շահագրգռություն։
― Հը՜մ, ― ասաց Սայքսը, կարծես մտածելով, թե Հրեան ավելի շատ էր շահագրգռված, քան ինքը։ ― Լա՛վ, հիմա խոսիր, ի՞նչ ունես ասելու։
― Բոլորը ապահով անցել են հալոցից, ― պատասխանեց Ֆեգինը։ ― Ահա՛ քո բաժինը։ Նույնիսկ մի քիչ էլ ավելի է, քան հարկավոր էր, սիրելիս, բայց քանի որ գիտեմ, թե դու ուրիշ անգամ դարձյալ ինձ լավություն կանես և․․․
― Կա՛րճ կապիր, ― ընդհատեց ավազակը անհամբերությամբ։ ― Որտե՞ղ է, տո՛ւր տեսնեմ։
― Համբերի՛ր, համբերի՛ր, սիրելիս, ― պատասխանեց Հրեան հաշտարար ձայնով։ ― Ահա՛ այստեղ է։ Բոլորովին ապահով։ ― Խոսելիս նա ծոցից դուրս քաշեց բամբակե մի հին թաշկինակ և անկյունից մի մեծ հանգույց քանդելով՝ այնտեղից հանեց թղթե մի փոքրիկ փաթեթ։ Սայքսը խլեց փաթեթը, շտապ բաց արեց և սկսեց հաշվել ոսկիները։
― Ա՞յս է ամբողջը, ― հարցրեց Սայքսը։
― Ամբողջը, ― պատասխանեց Հրեան։
― Հո կապոցը ճանապարհին բաց չե՞ս արել և մեկ֊երկուսը կուլ տվել, հը՞, ― հարցրեց Սայքսը կասկածամտությամբ։ ― Ի՞նչ ես վիրավորված տեսք ընդունում հարցիս վրա։ Կարծես կյանքումդ իսկի այդպիսի բան չես արել․․․ Դե՛, զնգացրու։
Այս բառերը պարզ անգլերենով հաղորդում էին զանգը տալու հրաման։ Զանգին պատասխանեց մի ուրիշ հրեա, որը Ֆեգինից փոքր էր տարիքով, բայց ուներ համարյա նույնքան ստոր ու վանող արտաքին։
Բիլլ Սայքսը պարզապես մատնացույց արեց դատարկ գարեջրամանը, և հրեան, լրիվ հասկանալով ակնարկը՝ գնաց այն լցնելու։ Բայց նախքան գնալը նշանակալից մի հայացք նետեց Ֆեգինի վրա։ Ծեր Հրեան, կարծես սպասելով այդ բանին, աչքերը մի րոպե բարձրացրեց և գլուխը թեթև շարժեց, այնքան թեթև, սակայն, որ մի ուրիշի կողմից հազիվ թե նշմարելի լիներ։ Սայքսը ոչինչ չնկատեց։ Նա այդ րոպեին կռացել էր, ու քանդած կոշիկի կապերն էր ամրացնում։ Եթե գլխի այդ պայմանական շարժումները նկատած լիներ, գուցե մտածեր, որ դրանք կարող էին չարագուշակ հետևանքներ ունենալ իր համար։
― Որևէ մեկը կա՞ այստեղ, Բարնի, ― հարցրեց Ֆեգինը, և քանի որ Սայքսը իրեն էր նայում, նա աչքերը հատակից վեր չբարձրացրեց։
― Ոչ մեկը, ― պատասխանեց Բարնին, որի բառերը սրտից էին բխում թե ոչ, համենայն դեպս քթի միջով էին ճանապարհ հարթում։
― Ոչ մե՞կը, ― զարմանքով հարցրեց Ֆեգինը, ― գուցե այդ արտահայտությունը նշանակում էր, որ Բարնին կարող էր անվերապահորեն ճիշտ խոսել։
― Ո՛չ մեկը, բացի Տետսիից, ― պատասխանեց Բարնին։
― Նենսի՞ն, ― բացականչեց Սայքսը։ ― Որտե՞ղ է։ Թող իմ աչքերը կուրանան, եթե ես այդ աղջկան չեմ հարգում իր բնածին հատկությունների համար։
― Դա խորտակարադուբ բի պդակ խաշած բիս է ուտուբ, ― պատասխանեց Բարնին։
― Ուղարկի՛ր նրան այստեղ, ― ասաց Սայքսը բաժակի մեջ օղի ածելով, ― ուղարկի՛ր նրան այստեղ։
Բարնին երկչոտ նայեց Ֆեգինին, ասես թույլտվություն ակնկալելով, բայց երբ տեսավ, որ Հրեան լուռ մնաց ու աչքերը հատակից չբարձրացրեց, նա հեռացավ և իսկույն վերադարձավ Նենսիի հետ, որը պճնված էր լայնեզր գլխարկով, գոգնոցով, զամբյուղով և դարպասի մեծ բանալիով։
― Հետապնդում ես, հա՞ Նենսի, ― հարցրեց Սայքսը՝ բաժակը մատուցելով նրան։
― Այո՛, Բիլլ, ― պատասխանեց դեռատի լեդին, դատարկելով բաժակի պարունակությունը, ― և արդեն ձանձրացել եմ այդ գործից։ Փոքրիկ լակոտը հիվանդ է եղել և անկողին է ընկել, և․․․
― Ահ, Նե՜նսի, սիրելի՜ս, ― ասաց Ֆեգինը վեր նայելով։
Արդյոք ծեր Հրեայի շեկ հոնքերի տարօրինակ կծկո՞ւմը, թե խորը ընկած աչքերի կիսով չափ փակվելը նախազգուշացրին միսս Նենսիին, որ նա պետք եղածից ավելին էր ասում, դա այնքան էլ կարևոր չէ մեզ համար։ Մենք այստեղ շահագրգռված ենք իրողությամբ, իսկ իրողությունն այն է, որ նա հանկարծ ընդհատեց իր խոսքը և, մի քանի շնորհալի ժպիտներ շռայլելով միստր Սայքսին, խոսակցությունը շեղեց այլ նյութերի շուրջ։
Մոտավորապես տասը րոպե հետո միստր Ֆեգինին բռնեց հազի ուժեղ նոպա, որի վրա Նենսին շալը ուսերին քաշեց և հայտարարեց, որ ժամանակն էր գնալու։ Միստր Սայքսը, գտնելով, որ ճանապարհի որոշ մասը համընկնում է իր գնալիք ճանապարհի հետ, առաջարկեց ընկերակցել նրան, և երկուսով մեկնեցին։ Շունը, հենց որ տերը բավականին հեռացավ, մի ինչ֊որ բակից դուրս սպրեդելով, սկսեց գաղտագողի հետևել նրան։
Երբ Սայքսը գնաց, Հրեան սենյակի դռնից գլուխը դուրս հանած նայեց նրա հետևից մինչ նա քայլում էր մութ միջանցքի երկայնքով, բռունցը ճոճեց օդի մեջ, մի գարշելի հայհոյանք մրթմրթաց, ապա մի դիվային ժպիտով վերստին նստեց սեղանի առջև և շուտով թաղվեց Հյու֊Էնդ֊Քրայի հետաքրքրաշարժ էջերի մեջ։
Մինչ այդ, Օլիվեր Թվիստը, հազիվ պատկերացնելով, որ զվարճասեր ջենթլմենի սահմաններին այնքան մոտիկ է գտնվում, հանգիստ քայլերով գնում էր դեպի գրավաճառի կրպակը։ Երբ հասավ Քլըրքնվել, նա պատահաբար թեքվեց մի կողմնակի փողոց, որը ճշտիվ իր գնալիք ճանապարհը չէր։ Բայց երբ անդրադարձավ իր սխալին, արդեն ճամփի կեսը անցել էր, և իմանալով, որ հնարավոր էր այդտեղից էլ գնալ, մտածեց, որ չարժե հետ դառնալ։
Նա գնում էր՝ մտածելով, թե երջանիկ և գոհ պետք է լիներ իր վիճակից և ինքը որքան կցանկանար գեթ մի անգամ տեսնել խեղճ փոքրիկ Դիկին, որ գուցե ճիշտ այդ րոպեին, քաղցած ու գանակոծված, դառնորեն լաց է լինում, երբ հանկարծ ցնցվեց մի դեռատի կնոջ սուր ճչոցից․
― Օ՜հ, իմ անգին եղբա՜յրս։
Տղան հազիվ էր գլուխը բարձրացրել տեսնելու, թե ինչ է պատահել, երբ մի զույգ բազուկներ ամուր փաթաթվեցին նրա վզին և հարկադրեցին կանգ առնել։
― Թո՛ղ, ― գոչեց Օլիվերը, ճգնելով դուրս գալ իրեն շղթայող ձեռքերից։ ― Թո՛ղ ինձ։ Դուք ո՞վ եք։ Ինչո՞ւ եք ինձ բռնել։
Այս խոսքերին ի պատասխան նրան գրկող դեռատի կինը դարձյալ ողբալի աղաղակներ արձակեց։ Կնոչ ձեռքում մի փոքրիկ զամբյուղ կար և դարպասի մի մեծ բանալի։
― Օ՜հ, տե՜ր աստված, ― ասաց դեռատի կինը, ― վերջապես գտա նրան։ Օ՜, Օլիվե՜ր, Օլիվե՜ր։ Օ՜հ, դու չարաճճի տղա, ինչքա՜ն եմ տառապել քո պատճառով։ Արի տուն, անուշիկս, արի՛։ Օ՜հ, գտա նրան։ ― Այս անհարիր բացականչություններով դեռատի կինը նորից փղձկաց և այնքան սոսկալիորեն ջղագրգռվեց, որ այդ միջոցին վրա հասնող մի քանի կանայք, խնդրեցին մսավաճառի մի աշակերտից, որ նույնպես ականատես էր, և որի գլուխը փայլում էր մազերին քսած ճարպի պատճառով, թե արդյոք լավ չէ՞ր լինի, եթե վազեր բժիշկ կանչելու։ Մսավաճառի աշակերտը, որը դատարկապորտի մեկն էր երևում, անտարբերությամբ պատասխանեց, թե կարիք չկա։
― Օ՜հ, ո՛չ, ո՛չ, ոչի՛նչ, ― ասաց դեռատի կինը, ամուր բռնելով Օլիվերի ձեռքից, ― արդեն տագնապն անցավ, ես ինձ ավելի լավ եմ զգում։ Շուտ տուն գնանք, անխի՛ղճ տղա։ Տուն գնանք։
― Ի՞նչ է պատահել, տիկի՛ն, հարցրեց կանանցից մեկը։
― Օ՜հ, տիկին, պատասխանեց դեռատի կինը, ― սրանից մոտավորապես մի ամիս առաջ նա փախավ իր ծնողներից, որոնք աղքատ ու պարկեշտ մարդիկ են, և գնաց ու միացավ գողերի և սրիկաների խմբին։ Խեղճ մայրը վշտաբեկ նրան է սպասում։
― Թշվառակա՜ն, ― ասաց կանանցից մեկը։
― Դե՛, տու՛ն գնա, փոքրիկ գազան, ― ասաց մյուսը։
Ես այդպիսի տղա չեմ, ― ահաբեկված պատասխանեց Օլիվերը։ ― Եո ո՛չ քույր ունեմ, ո՛չ հայր և ո՛չ էլ մայր։ Ես որբ տղա եմ և ապրում եմ Պենտոնվիլլում։
― Սրա՛ն լսեք, ինչպես ուրանում է ամեն ինչ, ― գոչեց դեռատի կինը։
― Վա՛հ, Նենսին է, ― բացականչեց Օլիվերը, հանկարծ ճանաչելով աղջկան, և զարմանքից ցնցվելով ընկրկեց։
― Տեսնո՞ւմ եք, ճանաչում է ինձ, ― ճչաց Նենսին, դիմելով շուրջը կանգնածներին։ ― Այլ կերպ չէր էլ կարող վարվել։ Բարի մարդիկ, խնդրում եմ, ստիպեք նրան, որ տուն գա, այլապես այս վարմունքով նա իր մորն ու հորը կսպանի, իսկ ինձ սրտաճաք կանի։
― Սատանան տանի, այս ի՞նչ աղմուկ է, ―ինչ֊որ գարեջրատնից դուրս պրծնելով գոռաց մի տղամարդ։ ― Սա՜, փոքրիկ Օլիվերն է։ Վերադարձրի՛ր խեղճ մորդ մոտ, շա՛ն լակոտ։ Իսկույն տուն գնա։
― Ես ծնողներ չունեմ։ Ես նրանց չեմ ճանաչում։ Օգնությո՜ւն, օգնությո՜ւն, ― գոչեց Օլիվերը՝ մաքառալով տղամարդու զորավոր բազուկների մեջ։
― Օգնությո՞ւն, ― կրկնեց մարդը։ ― Հիմի ես քեզ լավ օգնություն ցույց կտամ, փոքրիկ սրիկա։ Այդ ի՞նչ գրքեր են ձեռքումդ։ Գողացել ես, հա՞։ Տուր տեսնեմ։ ― Այս խոսքերով մարդը հատորները կոպտորեն խլեց մանկան ձեռքից և ամուր զարկեց նրա գլխին։
― Այ այդպե՜ս, ― ձայնեց ձեղնահարկի լուսամուտներից դիտող հանդիսականներից մեկը։ ― Այդ միակ միջոցն է նրան խելքի բերելու։
― Իհա՜րկե, ― բղավեց քնկոտ տեսքով մի ատաղձագործ, հավանությամբ նայելով դեպի այն կողմը։
― Այդ օգտակար կլինի նրա համար, ― ասացին երկու կին։
― Ես չեմ խնայի նրան, այդ մասին դուք անհոգ կացեք, ― ասաց տղամարդը մի հարված ևս իջեցնելով Օլիվերի գլխին և նրա օձիքից պինդ բռնելով։ ― Դե՛, գնա՛նք, փոքրիկ անզգամ։ Հե՛յ, Լուսսա՛կ, այստեղ եկ։ Լա՛վ հսկիր նրան, հսկի՛ր։
Վերջին հիվանդությունից թուլացած, հանկարծակի հարձակումից և գլխին իջած հարվածներից շշմած, շան կատաղի ոռնոցից ու մարդու գազանային վերաբերմունքից սարսափած և մանավանդ ընկճված դիտրդների մոտ գոյացած այն համոզմունքից, թե ինքն իսկապես նրանց պատկերած անզգամ փոքրիկ թշվառականն է, ի՞նչ կարող էր անել մի խեղճ երեխա։ Մութն արդեն ընկել էր, վատահամբավ մի թաղամասում էին գտնվում, օգնության հույս չկար, դիմադրելն անօգուտ էր։ Նրան իսկույն մեծ արագությամբ քարշ տվեցին մութ ու նեղլիկ բակերի լաբիրինթոսի միջով, և այն մի քանի նվաղկոտ ճիչերը, որ համարձակվեց արձակել, անլսելի մնացին։ Սակայն ի՜նչ փույթ, եթե անգամ լսելի լինեին։ Այդ մասին ո՛չ մտահոգվաղ կար, ո՛չ էլ անհանգստացող։