Changes

Սեւ մարդը

Ավելացվել է 28 904 բայտ, 10:36, 12 Հոկտեմբերի 2013
/* 5 */
Ահա և «գործարար բակը», որը ոչ մի նմանություն չունի ոչ մի բակի հետ։ Մոտ վեց հեկտարանոց բաց տարածություն է դա, որի վրա տեղավորված են արհեստանոցներ, պահեստներ, գրասենյակներ, աղյուսի չորանոցներ։ Արևելյան, արևմտյան, հյուսիսային և հարավային կողմերում կանգնած են հսկիչ աշտարակներ։ Աշտարակների վրա պահակները ձանձրանում են, ― փախուստի ոչ մի դեպք։ Մի անգամ միայն տագնապ եղավ մեծ և անասելի․ այդ գարնանն էր։
Երբ «գործարար բակի» ողջ ամձնակազմը երեկոյան հնգյակներով կանգնեց ճամբար վերադառնալու համար, ստուգման ժամանակ պարզվեց, որ չկա Վենիամին Զակինը, որի պաշտոնը խոհանոցում գետնախնձոր մաքրելն էր։ Իսկույն ականջից ականջ հայտնի եղավ, որ շատերը կասկածում էին, թե նա այն չէ, ինչ ցույց էր տալիս իրեն, որ անաշխատունակ, քամուց օրորվող, շատակեր, քնկոտ Զակինի դիմակի տակ «գործարար բակի» խոհանոցում կոճղի վրա նստած գետնախնձորէ մաքրում իսրայելացի ընդհատակյա մի հերոս, որ կարողացավ պահականու քթի տակով սլանալ դեպի ազատություն, որտեղ նրան սպասում են մեծ առաքելություններ և մեծագործություններ։ Ծույլ, հույլ, թույլ Զակինը մի ակնթարթում սրբապատկերի նման հարմար կերպով տեղավորվեց ոսկեզօծ շրջանակների մեջ և անմահաբար հերոսացավ և հերոսաբար սրբացավ։ Ահավո՜ր Զակին․․․ Այո՛, պահականին իրար անցավ։ Նրանք մի բան արած լինելու համար վազեցին զանազան ոռղղությամբ, մտան ցեխերը, մինչև անգամ գրասենյակը և ահա զարմանալին․ աղյուսի գործարանի կողմերից երևաց նորին իսրայելական մեծության Վենիամին Աբրամովիչ Զակինը, արհեստական, զսպանակավոր մարդու նման քայլերը փոխելով, ուսից կախված անբաժան, Ռամզես արքայի ժամանակներից մնացած տոպրակաով։ Շուտով հայտնի դարձավ, որ նա ճաշից հետո իր քայլեն ուղղել է դեպի աղյուսի գործարանը՝ ճաշից հետո և ընթրիքից առաջ լրացուցիչ կերպով մի թեթև կազդուրվելու համար։ Այս նպատակով նա վերցնում է մի քանի ընտրովի գետնախնձոր և հանձնում է իրեն բարեհաջող քամուն, որը բարեբախտաբար փչում էր դեպի աղյուսի գործարանը։ Այդտեղ նա գտնում է հանգած, բայց դեռ տաք մի քուրա, գետնախնձորը թաղում տաք մոխիրների մեջ և թրծարանից առավոտյան հանած դեռ ջերմ աղյուսների վրա պառկում է և ննջում փարավոնական, բարձր մակարդակի նինջով։ Ամբողջ պատմությունը։ Երբ ոսկե շրջանակներից դուրս ընկած և պսակազերծված հերոսը երկու պահակների ուղեկցությամբ որոշակի կերպով մոտեցավ, բարձրացավ մի ընդհանուր ծիծաղ։ Իր ծիծաղը չկարողացավ զսպել մինչև անգամ գերմանացի հյուսն Դոմինիկ Կարլովիչ Ֆեֆերը, որը բուն հեղինակն էր Զակինի նոր վերավորակավորման ու նենգափոխման․․․ Այդպես պատահեց։ ․․․ Բրուտանո՛ց, անմոռանալի բրուտանոց։ Ես վառում եմ վառարանը․ այս անհրաժեշտ է ոչ միայն տաքանալու, այլև ջուր տաքացնելու՝ ցեխ պատրաստելու համար։ Վառարանը զվարթ աղմկում է։ Մամոյի հետ բաց, տախտակե պատգարակով կրում ենք շագանակագույն հողը և լցնում տաշտակը։ Մամոյի տրամադրությունն այսօր բարձր է, նա չի հայհոյում ինձ ոչ միայն Աշոտ դայու ներկայուցյամբ, այլև բացակայությամբ։ Կարճահասակ է Մամոն, մոտ քառասունհինգ տարեկան, արագաշարժ և հնարագետ, երբ քաղցած է՝ անսահման չար, երբ կուշտ է՝ չափավոր բարի, գլուխը երկարավուն, քիթը կեռ, բարակ շրթունքները բեղերի փակագծերով ամփոփված, Մամոն, աբասթումանցի ազատ կառապան Մամոն, որն անգամ մի քիչ հայերեն գիտի և նույնքան ռուսերեն։ Ցեխը պատրաստ է։ Աշոտ դային և Մամոն նստում են իրենց չարխերի վրա։ Պտտվում է անիվը, Աշոտ դային վերցնում է մի կտոր ցեխ, դնում է չարխին, մատներով օգնում, ձև է տալիս անշունչ կավին և ահա հողե նույնքան անշունչ ամանը պատրաստ է։ Իզուր չէ, որ Աշոտ դային մեծ հեղինակություն ունի ճամբարում, մի ժամում մի քանի տասնյակ ամաններ կողք֊կողքի շարելը նրա համար խաղ ու պար է, պատվո տախտակից նրա անունը չի իջնում, և նա մրցակից չունի։ Նա պատրաստում է նաև սափոր, մոխրաման, ծաղկաման։ Պետերը, պահակները նրան «մաստեր» են անվանում, Մամոն՝ «ուստա»։ Ով՝ ով, Մամոն իրավունք ունի Աշոտ դայուն «ուստա» անվանելու, որովհետև ամբողջ օրվա ընթացքում հազիվհազ արյուն, ո՛չ, քրտինք թափելով, անհայտ «սվոլիչ»֊ներին հայհոյելով, մատներին չենթարկվող կավը տաշտում շրփացնելով կարողանում է միայն տասը֊տասներկու աման պատրաստել, որոնք վարպետի պատրաստած ամաններից տարբերվում են այնպես, ինչպես ագռավները աղավնիներից։ ― Սվոլիչ, ցեխն էլ ցեխ չի՛, չի՜ հասել, ― գոռում է նա, իսկ ես գիտեմ, որ «սվոլիչը» ոչ այնքան ցեխին է վերաբերում, որքան ինձ։ Աշոտ դային բարձրանում է տեղից, տաշտից վերցնում է Մամոյի շպրտած ցեխի գունդը, դնում է իր չարխին, և բարեձև ամանը պատրաստ է։ Խեղճացած Մամոն ուզում է մի բան ասել, բայց այդ պահին լսվում է ճաշի ազդանշանը։ Մամոն արագ վեր է թռչում տեղից, լվանում է ձեռքերը, վերցնում փոքրիկ դույլը և վազում խոհանոց ճաշ բերելու։ Բայց այդ միջոցին դուռը բացվում է և ներս է մտնում ոչ ավելի ոչ պակաս, քան մոլդավուհի Սև Լյալյան։ Կասկած չկա, որ եթե Մամոն այստեղ լիներ, վեր պիտի թռչեր տեղից, երկու ձեռքով մերկացներ գլուխը և աջ ձեռքի հինգ մատով ճակատի աջակողմը ծածկելով, ամբողջ ձայնով գոռար․ ― «վնիմանի՜», ― ինչպես անում է նա, երբ բրուտանոցում երևում է որևէ ազատանի․ ― «դատարկ գլխով պատվի չեն առնում», ― կասեր «գործարար բակի» պետը, իսկ Մամաոն կժպտար ամբողջ դեմքով, առանց աչքերը կտրելու պետից։ ― Ուշադրությո՜ւն, ― զվարթ ձայնով կանչեց Լյալյան, ― սեփական ոտներով բրուտանոց ժամանեց Սև Լյալյան, ստուգելու համար բրուտանոցի պլանները․․․ ― Մեզ մոտ ամեն ինչ կարգին է, ― «զեկուցեց» Աշոտ դային, ― գործերը գնում են, գրասենյակը գրում է։ ― Իսկ իմ գործերը վատ են, ― լրջացավ աղջիկը ― նախ՝ ասեղով մատս ծակեցի և ամենասարսափելին՝ ճաշի ամանս կոտրվեց․ Ջարդվեց բաժակս, թափվեց գինին, Իմ վերջը ի՞նչ պիտի լինի, ― Երգեց նա և շարունակեց․ ― Ես գիտեմ, պիտի ասես՝ պահեստ գնա, պատասխանում եմ, ― պահեստապետին չեմ սիրում, նախ՝ ֆսֆսում է, երկրորդ՝ նայում է ագռավի աչքերով այնպես, որ ինձ թվում է, թե ես մի կտոր պանիր եմ։ Իսկ ես պանիր չեմ, իսկ եթե պանիր եմ, նրա համար չեմ, թող իմանա․․․ Այն էլ ասեմ, որ ես դիտմամբ ջարդեցի ամանս, որ գամ ձեզ հետ ծանոթանամ։ Իսկ եթե ճիշտը կուզեք․․․ նա ժպտաց ու երգեց․ Դու արևի երկիր, դու խաղողի երկիր, ՍԻրուն Մոլդավիա․․․ ― Իսկ եթե ճիշտ կուզեք, ոչ մի աման էլ չի ջարդվել․ մի պատրվակ պե՞տք էր ճարել, թե ոչ։ Ես կարող էի գալ և ասել, ― քեռիներ, ո՞ւմ կոճակն է ընկել, տվեք կարեմ․ դուք գլխի կընկնեիք, որ հնարած գործ է, իսկ աման խնդրելը․․․ ո՞վ կարող է մտքով անցկացնել, որ ուրիշ մտքով եմ եկել, ոչ ոք։ Աշոտ դային ծիծաղում է իրեն հատուկ անձայն ծիծաղով, իսկ այդ ժամանակ ներս է մտնում Մամոն դույլը ձեռքին։ Նա հանկարծակիի է գալիս, բայց անմիջապես կողմնորոշվում է, ժպտում ամբողջ դեմքով և բարևում է․ ― Վնիմանի ― զդրաստի․․․ ուստա, ― դիմում է նա հետո Աշոտ դայուն, ― հինգ բաժին տվեց խոհարարը, մի մոխրաման խնդրեց։ ― Ո՞ւմ հաշվից տվեց, ― հարցնում է Աշոտ դային կարծես ինքն իրեն։ ― Զրկիր Վանյայի հաշվին, այ ուստա, «բեզ վադի, նի սուդի֊տուդի», ― փայլեց իր ռուսերենով Մամոն՝ յոթերորդ երկնքից։ ― Ապրում եք ոնց որ պրովոկատոր, երեք հոգուն այսքան ճա՞շ, ― ասում է աղջիկը՝ ձեռքը խփելով երեսին։ ― Նստիր միասին ճաշենք, Լյալյա, ― ասում է Աշոտ դային, ― եղիր այսօր մեր հյուրը։ ― Կարծում եք կմերժե՞մ, ― հարցնում է նա՝ Աշոտ դայուց վերցնելով նրա աշխատանքային գոգնոցը և կախելով սյունից, ― վաղուց տղամարդկանց հետ չեմ ճաշել։ Նա հանում է իր վերարկուն և կախում մյուս սյունից։ Այսպիսի շռայլություն Աշոտ դայու կողմից Մամոն ուրիշ դեպքում կընդուներ որպես երկնքից ընկած կրակ ու պատիժ, բայց ահա նա ժպտում է․ քնքշությամբ շոյում սեփական բեղերը, երկար նստարանը քաշում է վառարանի մոտ, շորով մաքրում փոշին և ձեռքի ափով խփում է նստարանին։ ― Պաժալուստա՛․․․ Ապա թե Աշոտ դային լվացվում է, սրբում ձեռները, մտնում է բրուտանոցի երկրորդ, պատրաստ ամանեղենի բաժինը և դուրս է գալիս մի նոփ֊նոր աման ձեռքին։ Մամոն խլում է ամանը, եռացրած ջրով հիմնավորապես լվանում, հոտ քաշում, նորից լվանում, հետո բաժանում ճաշը և ուրախ կոլեկտիվն անցնում է գործի։ Սովորաբար Մամոն ուտում է չփչփացնելով և դրա համար նա մի անգամ չէ, որ ստացել է նկատողություն Աշոտ դայուց, իսկ այսօր նա ուտում է անձայն ու հանդիսավոր։ ― Քեռի, ― ասում է Լյալյան ճաշի ժամանակ, ― մի բան էլ պիտի խնդրեմ, ― թուղթ և մատիտ․․․ ― Երեկոյան, ― ասում է վարպետը, ― գնանք տուն, կստանաս։ ― Տո՞ւն, ― հարցնում է աղջիկը։ ― Տո՜ւն, ― ձգում է Մամոն։ ― Տուն, ― ասում եմ ես մտքումս, և չգիտես ինչու՝ բոլորս էլ տխրում ենք։ Հնչում է ազդանշանը։ Այդ նշանակում է ճաշի դադարը վերջացավ։ Աղջիկը վեր է թռչում տեղից։ ― Շնորհակալություն հյուրասիրության համար, վաղուց այսպիսի ախորժակով չէի ճաշել․․․ Իսկ եթե ինձ այստեղ տեսնեն, մեկուսարան չե՞ն քշի․․․ Չեն համարձակվի։ Ես գիտեմ, ո՜ւր եմ եկել։ Բոլորս ոտքի ենք կանգնում։ Աշոտ դային հագցնում է վերարկուն։ Նա նայում է բոլորիս և ժպտում է իր սպիտակ ատամներով և երգում․ Կակաչների երկիր, վարդերի երկիր, Սիրո՜ւն Մոլդավիա․․․ ― Գնացի, առանց ինձ չտխրեք։ Երեկոյան տանը կտեսնվենք։ Նայեց սառցապատ ապակիներին և կարծես ինքն իրեն կրկնեց․ ― Երեկոյա՛ն․․․ տանը․․․ Նա արագ բարձրացրեց գլուխը կարծես ինչ֊որ մտքից ազատվելու համար, գրեթե վազեց մինչև դուռը, երկու ձեռքով հրեց այն, առանց ետ նայելու բարձրացրեց ձեռքը, շարժեց մատներն իբրև հրաժեշտի նշան, ու դուռը ծածկվեց նրա ետևից։ Լռություն։ Ես նայեցի այն սյունին, որից քիչ առաջ կախված էր Լյալյաի վերարկուն։ Սյունը մերկ էր ու գեղեցիկ, ինչպես գեղեցիկ է նշենին տերևաթափից հետո։ Ես նկատեցի և այն, որ Աշոտ դայու ու Մամոյի հայացքը նույնպես թափառում է նույն սյունի ուղղությամբ։ Կակաչների երկիր, վարդերի երկիր, Սիրուն Մոլդավիա․․․  6  Օրամուտի մանուշակագույն աղջամուղջում օրորվում է ուղղիչ֊աշխատանքային ճամբարն իր շրջակայքով։ Սառնամանիքը սեղմում է։ Աշխատավորական բրիգադները «տուն» են վերադառնում։ Ինչ լավ է, երբ ֆիզիկական աշխատանքից հոգնած, ցրտից այրվող դեմքով բարաք ես մտնում ու զգում ես վառվող վառարանի անճառելի ջերմությունը։ Երևի աշխարհում չկա այնպիսի մեծ հաճույք, քան ֆիզիկական աշխտանքից հետո հանգստանալու հաճույքը։ Մենք ազատվում ենք ավելորդ շորերից, բարձրանում տախտակամածների վրա և անձնատուր ենք լինում այդ գերագույն հաճույքին։ Փառք կյանքին և Նուրանբանին, մանավանդ Նուրանբանին, որը վառ է պահում վառարանի կրակը և ջերմությունը։ Նուրանբաև, ես սիրում եմ քեզ։ Համար 7 բարաքի ավագ Կոլոկոլնիկովը մոտենում է բարաքի մեջտեղ դրված ընդհանուր սեղանին, մի ձեռքում իր վառվող ճրագը, մյուսում՝ նամակների մի փաթեթ։ Տիրում է լռություն։ Կոլոկոլնիկովը դնում է ակնոցը։ ― Պասյատոսյո՜ւչոս, ― հնչում է նրա գրեթե կանացի ձայնը։ Վառարանի աջակողմից, վարի տախտակամածից դուրս է թռչում մի հաղթանդամ երիտասարդ՝ թխադեմ, թխամազ, բաց կապույտ, թախծոտ աչքերով։ ― Պարի՛ր, ― ասում է Կոլոկոլնիկովը աջ այտը վեր քաշելով, մի դիմախաղ, որը նրա ժպիտն է։ Լուրջ դեմքով պարզում է իր ձեռները աջ ու ձախ, թեթև բարձրանում է ոտի մատների վրա, իջնում և ստանում է նամակը Եորգո Պապատոսյուլոսը։ ― Ռոստովսկի Վիկտոր Ռոմանովիչ․․․ ― Այստեղ եմ, ― լսվում է հրճվալից մի կռինչ․ Երկրորդ հարկի տախտակամածից սյունը գրկած վար է սահում շեկ, ցից մազերով մի ծերուկ՝ ակնոցները ճակատին․ գլխավոր դերձակ Ռոստովսկին մոտենում է ձեռները բարձր, որպես թե պարելով, ստանում նամակը։ ― Բագիրբեգով Մամալի թե Պապայի, սատանան գիտի, չեմ ջոկում։ Իմամ Ալի Բագիրբեգովը մոտենում է հեգնական ժպիտով։ Նրա անունը Կոլոկոլնիկովը դիտմամբ խեղաթյուրում է։ Նրան հայտնի է Իմամ Ալու ընդհատակյա խարդավանքները՝ բարաքի ավագ դառնալու համար։ ― Կարող ես չպարել։ Երբ աստծո և վերակարգիչի օգնությամբ ավագ դառնաս, այն ժամանակ կպարես։ Վերցրու, խեղճ մարդ, ռուսերեն ո՛չ գուգու, ո՛չ մումու ու դեռ ուզում է․․․ Աչքիս չերևա՛ս։ Ֆրենկել Իսիդոր Գալակտիոնովիչ։ ― Ես եմ Ֆրենկելը։ Առաջ է վազում գունդ ու կլոր, կլոր ակնոցներով և կարմիր թշերով «գործարար բակի» պահեստապետ Ֆրենկելը․ այս այն Ֆրենկելն է, որ Լյալյայի վկայությամբ նախ ֆսֆսում է և հետո, որ ավելի կարևոր է, նայում է Լյալայի վրա, ինչպես ագռավը մի կտոր պանրի վրա, իսկ Լյալյան պանիր չէ, իսկ եթե պանիր է․․․ Նա վերցնում է եռանկյունի նամակը, հոտոտում է և ասում․ ― Ծանրոցի հոտ եմ առնում։ Երբ նա անցնում է մեր մոտով, ես կռանում եմ տախտակամածին և ասում եմ նրա ականջին․ ― Ֆրենկել, Լյալյան պանիր չէ, իսկ եթե պանիր է, քեզ համար չէ․․․ Նա նայում է ինձ, կլոր ակնոցների տակ արագ֊արագ թարթում աչքերը և կարծես հասկանում է․ ― Չեմ սիրում հիմար կատակներ։ ― Ֆրենկել, ուրեմն մի՜ զբաղվիր հիմար կատակներով, ― գոռում եմ ես նրա ետևից։ ― Պոպեյկո Միխաիլ Միխայլովիչ․․․ Նամակներ կան Ալմա֊Աթայից և Ռոստովից, Սամարկանդից ու Երևանից, Մինսկից, Մախաչ֊Կալայից, Մոսկվայից, քաղաքներից, ավաններից, գյուղերից։ Բոլորն էլ գրում են, որ շատ լավ են, չափազանց ողջ և պետք եղածից ավելի առողջ են, որ հեռու չէ մեծ հանդիպման օրը և որ նրանց տանջում է միայն կարոտը, սրտամաշ կարոտը, որի համար և արտասվում են, իսկ այնպես ապրում են ուրախ, չափազանց ողջ և պետք եղածից ավելի առողջ։ ― Ասացե՜ք խնդրեմ, ախ, դու, խոլերա, տեսա՞ք արածը․․․ Սարոկինն է, Իվան Պետրովիչ Սարոկինը, քույրը գրում է, որ կինը՝ Նադյան, ամուսնացել է։ ― Ասացե՜ք խնդրեմ, ― կրկնում է նա ուշադրությամբ նայելով նամակին, կարծես հազվագյուտ նկար է դիտում, ― և ո՞ւմ հետ, մեր քաղսովետի կոմունալ բաժնի վարիչ Բուրդենկոյի հետ, նա, որ ինձ վրա ցուցմունք է տվել․․․ Եվ տեղն է այդ սրիկային, ― շարունակում է նա և չգիտես ինչու ժպտում, ― կինս նախ չբեր է, հեմոգլոբինից խեղճ, ջղային է ու սրտի արատ ունի, սարսափելի խանդոտ է ու փառասեր, տե՜ղն է այդ հարբեցող Բուրդենկոյին, թող տանջվի՛, հոգի՜ն դուրս գա։ Երկու բռունցքները ծնկներին, մազակալած, տանջված դեմքով, անթարթ, խոշոր աչքերով ճրագին է նայում Վլադիմիր Մավրինը, ― կինը գրում է, որ նրանց միակ որդին, Սերգեյ Մավրինը զոհվել է Բելոռուսական ճակատում։ ― Ցուցմո՞ւնք կտաս ինձ վրա, լի՛րբ, զրպարտիչ, դե քաշի՛ր պատիժդ, դավաճանի մեկը․ ասացե՜ք խնդրեմ, ― շարունակում է բարձրաձայն մտածել Իվան Սարոկինը․ ― ապրես Նադյուշա, շա՜տ ապրես, իմ վրեժը հանեցիր, Նադյուշա, սիրելիս․․․ ախ, դու, խոլերա․․․ Ընթրիքից հետո երևաց Սանասարը։ Վիրակապերը հանել էր նա, մաքուր սափրվել։ Փորձում է ժպտալ, չի հաջողվում։ ― Բարձրացիր, նստիր, դեզերտի՛ր, ֆիլո՛ն, ― ասում է Աշոտ դային։ Նա բարձրանում է և նստում։ Զամանովը շարժվում է տեղում։ ― Մի՛ վախենա, ― ասում է Սանասարը նրան հայերեն, ― թութունդ ինձ պետք չի։ ― Ինչո՞ւ ես եկել, ― հարցնում է նրան Աշոտ դային։ ― Որ մի անգամ էլ քիթ֊մռութիս տաս․․․ բինտ է, ունեմ, ― նա գրպանից հանում է գործածված վիրակապը։ ― Ես քո քիթ֊մռութի հետ գործ չունեմ, ― ձայնը բարձրացնում է Աշոտ դային, ― ես ոչ քո հայրն եմ, ոչ էլ քո խնամակալը, ես ուզում էի, որ դու մարդ դառնաս, չե՞ս ուզում, գնա՛ քա՛րշ եկ, գող֊ավազակի մեկը։ ― Ուրեմն ես մարդ չեմ, ― ասում է նա ասես ինքն իրեն, հետո նայում է ինձ, ― ասենք, ինչո՞ւ եմ հարցնում, ես մարդ֊մարդահաշիվ չեմ։ Պարզ է, ես էլ գիտեմ։ ― Կզղջաս, տղա, ― ցավով ձայնը բարձրացնում է Աշոտ դային, ― կհիշես ինձ, ուշ կլինի։ Սանասարը լարվեց․ ― Դատավորի պես ես խոսում հետս, այ Աշոտ դայի, բայց քո տեղն էլ նեղ է․ էդքան բան որ գիտես, էլ ինչո՞ւ ես նստել էստեղ, կգնայիր ռայսովետի նախագահ։ Թե՞ քեզ նստեցրել են, որ գլխիս խրատ կարդաս․․․ սպեցիալնի դրա համար ես նստել, հը՞․․․ Աշոտ դային մթնեց։ ― Թե ինչու եմ ես նստել, ― ասաց նա դանդաղ, ― քո խելքի բանը չէ․ ես գողություն կամ մարդասպանություն չեմ արել։ Երևի կա մեկը, որին հարկավոր է, որ ես էստեղ նստեմ։ Բայց ես չեմ կորցրել իմ մարդկային դեմքը։ Աշխատում էի դրսում, այստեղ էլ աշխատում եմ։ Դրսում երգելով էի աշխատում, իսկ այստեղ․․․ լաց չեմ լինի․ բայց հասկացիր, ում հարկավոր է, որ ես այստեղ նստեմ, նա անմահ չէ․ ամենամեծ գողը ազատության գողն է, իսկ դու․․․ դու ի՞նչ ես որ, մանր ժուլի՛կ, թութունի գո՛ղ․․․ Զամանո՛վ, ծխել եմ ուզում։ ― Զամանովը, որն արդեն փաթաթել էր մի ծխախոտ ծխելու համար, պատրաստի ծխախոտը մեկնեց Աշոտ դայուն։ Ես երբեք նրան այսքան լարված, այսքան հուզված չեի տեսել։ Նա մոտեցրեց իր ծխախոտը ճրագի բոցին, իսկ նրա ձեռքը դողում էր։ ― Կփոխվե՜ն ժամանակները, կվերադառնանք մենք ազատ աշխատանքին, բայց քեզ նմանները․․․ մեր ճակատագիրը մեր ձեռքում չի՛, գրում են մեր ճակատին, ինչ ուզում են, իսկ դո՛ւ, դո՛ւ․․․ ― Դո՜ւ, դո՜ւ, ․․․ տեղից շարժվեց Սանասարը, ― ի՞նչ դու, դու․․ Ես գո՞ղ եմ ծնվել, ի՞նչ է։ Ես էլ մարդ էի, բայց մարդիկ ինձ գող շինեցին։ Դո՜ւ, դո՜ւ․․․ ― Ե՛տ կանգնիր, մա՛րդ դարձիր, այս է իմ, ասելը․․․ ― Ուշ հասար, ― մռմռաց Սանասարը, ― ջուրն եկել ջաղացը տարել է, չախչախն էլ հետը։ ― Նո՛ր ջրաղաց շինիր, նո՛րը, լա՛վը․․․ Այդ միջոցին մոտեցավ Մամոն։ ― Ուստա, այ ուստա․․․ ― Ի՞նչ կա, Մամո․․․ Մամոն բարձրացավ երկու ոտքի մատների վրա քիչ երկարելու բարի ցանկությամբ և ձեռքով նշան արավ Աշոտ դայուն, որ մոտենա։ Աշոտ դային կռացավ․ Մամոն ինչ֊որ շշնջաց նրա ականջին դեմքի ոգեշնչված արտահայտությամբ։ Աշոտ դային շոյեց իր ծնոտը և մի աչքը կիսափակ մնաց մի րոպե․ այդ նշանակում է, որ նա լուրջ մտածում է ինչ֊որ բանի մասին։ Իսկ Մամոն․․․ վերստին գտած իր նորմալ հասակը, նա սպասում է, ժպտացող աչքերը չկտրելով Աշոտ դայուց։ Աշոտ դային, առանց կտրվելու իր մտքերից, բաց է անում արկղը, այնտեղից հանում է մի քանի թերթ մաքուր թուղթ, ապա մի չգործածված մատիտ, խնամքով սրում է ու թուղթն ու մատիտը պարզում է Սանասարին․ ― Գնա՛, ասում է, ― չափարից էն կողմ մի աղջիկ կա, տո՛ւր նրան։ Մամոն ցույց կտա։ ― Աղջի՞կ, ի՞նչ աղջիկ, ― հարցնում է Սանասարը հանկարծակիի եկած ինձ նման և մանավանդ Մամոյի նման։ ― Աղջի՛կ, աղջկա պես աղջի՛կ, ― ձայնը բարձրացնում է Աշոտ դային։ ― Վերցրո՛ւ, գնա՛։ Վարանոտ քայլերով Սանասարը գնում է դեպի բարաքի դուռը, նրան հետևում է կոտրված Մամոն։ Քիչ անց, ներս է մտնում Մամոն և քայլերն ուղղում է դեպի աջակողմյան տախտամածի առաջին հարկը, իր տեղը։ ― Մամո՛, ― կանչում է Աշոտ դային, ― մո՛տ եկ։ ― Ի՞նչ կա, ― հարցնում է Մամոն դժգոհ, մինչև հոգու խորքը վիրավորված մարդու դառն արտահայտությամբ և ցույց է տալիս, որ զբաղված է ընթրիքին նախապատրաստվելու գործով։ Նա վերցնում է իր ամանը, փչում՝ երևի փոշին․․․ ― Տվե՞ց, ― հարցնում է Աշոտ դային։ ― Տվեց։ ― Գնա՞ց, ― ձեռք չի քաշում Աշոտ դային։ ― Խոսում են, ― լինում է պատասխանը։ Հնչեց ընթրիքի զանգը։ Երկու օր Սանասարը չերևաց։ Երրորդ օրը նա եկավ և առանց նախաբանի հայտնեց, որ ուզում է աշխատել բրուտանոցում։ Աշոտ դային տվեց իր համաձայնությունը։ ― Լավ։
Ադմին, Վստահելի
1876
edits