Changes

Սեւ մարդը

Ավելացվել է 29 904 բայտ, 08:54, 16 Հոկտեմբերի 2013
/* 7 */
― Տեսնո՞ւմ ես, դու ինձնից բախտավոր ես, դու դեռ ապրում ես, իսկ ես չկամ․ ուզո՞ւմ ես փոխենք տեղներս։ ― Իսկ Իվան Սորոկինը քնած տեղը ծիծաղում է․ ինչպե՜ս չծիծաղես․ կոմունալ բաժնի վարիչ Բուրդենկոն, նա որն ամուսնացել է իր կնոջ հետ, նստած դիմում է գրում օրգաններին․ ― խնդրում եմ ինձ ուղարկեք այնտեղ, որտեղ գտնվում է իմ այժմյան կնոջ օրինկան ամուսինը, թող գա, տիրություն անի իր կնոջը, իսկ ես գնամ նրա տեղը մի քիչ հանգստանա՜մ․․․ Իմամ Ալի Բագիրբեկովը բարաքի ավագն է․ նա պետի հետ խոսում է, խոսում զարմանալի սահուն ռուսերենով։
 
 
==8==
 
 
― ՃԸ՛՛ԼԹ, ճը՛լթ, ճը՛լթ․․․
 
Բրուտանոցի և բոլոր շինությունների տանիքների եզրերից կախված սառցե լուլաներն սկսեցին կաթել։
 
― Ճը՛լթ, ճը՛լթ, ճը՛լթ․․․
 
Այս ապրիլն է։ Այս նշանակում է, որ գարունը չի մոլորել իր ճանապարհը, զգացվում է նրա հեռավոր շունչը։ Կգա մի օր նա։ Դրսում մի կաչաղակ կչկչաց։ Նամակ կստանամ, ― մտածեցի ես, ― նամակ կստանամ, ― մտածեց Մամոն, Աշոտ դային չի հավատում կաչաղակներին, իսկ Սանոն, ― այսպես ենք կոչում մենք բոլորս նրան, ― իսկ Սանոն կաչաղակի կչկչոցը չլսեց անգամ․ ի՜նչ կաչաղակի կչկչոց, նա ընդամենը երեք օր առաջ ստացավ Լյալյաից նրա լուսանկարը։ Լուսանկարվել է նա Սարանսկում, լուսանկարից նայում է կենդանի, վառ Լյալյան և որ կողմից նայես, Լյալյան նայում է քեզ․ ուղիղ քո աչքերին, շրթունքները կիսաբաց են, մարգարտաշար ատամները ժպտում են, նա կարծես ուզում է քեզ մի կարևոր, շա՜տ կարևոր բան ասել, բայց դեռ մտածում է, ասել, թե՞ չասել․․․
 
Հեշտությամբ չտիրացավ Սանոն այդ գանձին։ Շատ բան անցավ֊դարձավ։
 
― Ճը՛լթ, ճը՛լթ, ճը՛լթ․․․
 
․․․ Մի անգամ Լյալյան, ըստ իր սովորության, ճաշի ընդմիջումին եկավ մեզ մոտ։ Նա բարևեց լուրջ ու մտախոհ, խոսեց ամենահասարակ բաների մասին, առանց նայելու Սանոյի կողմը։ Ես այդ համարեցի պարզապես պատահականություն։ Բայց ահա նա հառաչեց, ժպտաց և ասաց․
 
― Սիրտս թեթևանում է, երբ խոսում եմ երեքիդ հետ․․․
 
― Չորսիս հետ, ― ուղղում է Աշոտ դային։
 
― Երեքի՛դ հետ, ― պնդում է Լյալյան և ոտքից գլուխ չափում է Սանոյին, կարծես առաջին անգամ է տեսնում նրան։ Հետո նա ընդհուպ մոտենում է նրան, բռնում նրա խուսափող հայացքը և ասում․
 
― Չէ՞ որ դու խոստացել էիր ինձ։ Ա՛ռ քեզ․․․
 
Ապտակը ոչինչ, միջին թափի, վերջ ի վերջո կանացի ապտակ էր, բայց մի՞թե դրանով ապտակը դադարում է ապտակ լինելուց, իսկ մյուս կողմից․․․ Ես հիշեցի Աշոտ դայու հարվածը նույն թիրախին և ինձ թվաց, որ ես տեսա ամենածանր ապտակը կյանքում տեսած և անձամբ ճաշակած բոլոր ապտակներից։
 
Չէի սխալվել։ Սանոն փուլ եկավ նստարանի վրա, ասես երկաթե ձեռքի ծանր հարվածից, գլուխն առավ ձեռքերի մեջ և մատներով ծածկեց աչքերը։ Նա կռացավ, կծկվեց, փոքրացավ։ Հանկարծակիի եկած բրուտանոցը լռեց։
 
― Ի՞նչ է պատահել, ― լսվեց Աշոտ դայու անվրդով ձայնը։
 
― Խոստացել էր վերջ տալ թղթախաղին, իսկ ես հավատացի նրան, ― չկտրելով աչքը արագ֊արագ շնչող Սանոյից, մեղմացած գանգատվեց Լյալյան, ― պարզվում է, որ նրա ոչ մի խոսքին չի կարելի հավատալ։ Կոմենդանտը պատմեց․ ի՛նքն է թուղթ խաղացողների գլխավորը։ Կեսգիշերին ճամբարի պետը դուրս է գալիս և նկատում, որ սրանց բարաքում աղոտ լույս է վառվում։ Վերցնում է կոմենդանտին, հերթապահ ավագին և մտնում է բարաքը։ Տեսնում են նստել թուղթ են խաղում։ Մոտենում են աննկատելի կերպով խաղաթղթերը խլելու համար։ Կամպանիան իրար է անցնում։ Խուզարկում են բոլորին, ոչ մի խաղաթուղթ ոչ մեկի մոտ։ Մերկացնում են սրան, ոչ մի խաղաթուղթ։ Պետը ասում է՝ տղերք, ես տեսա, որ դուք թուղթ էիք խաղում, ես տեսա խաղաթղթերը, ցույց տվեք․ ո՞ւր կորցրիք, խոստանում եմ չվերցնել։ ― Եվ ի՞նչ եք կարծում, այս հերոսը խաղաթղերը հանում է հենց իրեն պետի գրպանից։ Ուրեմն ի՞նչ, ― հարցնում է պետը, ― խաղաթղթերը պետք է մնային իմ գրպանո՞ւմ․․․ ― իհարկե ո՛չ, ― պատասխանում է այս հերոսը, ― դուք դուրս կգայիք առանց դրանց։ Խաղաթղթերը կմնային ինձ մոտ։ Լավ, ― ասում է պետը, ― ես չեմ դրժում իմ խոսքը, բայց իմացիր, որ եթե մի անգամ էլ աչքովս ընկար, այնպիսի տեղ կուղարկեմ քեզ, որ այստեղը հիշես, ինչպես Ադամն է հիշում դրախտը․ ― Ճի՞շտ է, ասա, ճի՞շտ է․․․
 
Սանասարը լուռ էր։
 
― Այսօր կգնաս պետի մոտ, կհանձնես խաղաթղթերը և կխնդրես, որ քեզ տեղափոխի յոթերորդ բարաք։ Ուրիշ ասելիք չունեմ։
 
Ու գնաց։
 
Բրուտանոցի և բոլոր շինությունների տանիքների եզրերից կախված սառցե լուլաները սկսեցին կաթել։
 
― Ճը՛լթ, ճը՛լթ, ճը՛լթ․․․
 
․․․ Սանոն փոխադրվեց համար 7 բարաքը, հատուկ կարգադրությամբ։ Ոչ միայն այդ։ Մի անգամ նա նստեց Աշոտ դայու տեղը, վերցրեց մի կտոր ցեխ և սկսեց պտտեցնել․ դուրս եկավ ինչ֊որ ծուռտիկ, հողե աման հիշեցնող բան։ Նա վերցրեց իր ստեղծագործությունը, ճխլեց, ձեռների մեջ հունցեց և նորից պտտեցրեց։ Մոտեցավ Աշոտ դային և սկսեց օգնել նրան․
 
― Ցուցամատդ՝ այսպես, բթամատդ՝ այսպես․․․ Տղա՝, ― բացականչեց նա, ― հրաշալի մատներ ունես, ― իզուր չէ, որ․․․ ― Նա լռեց, իսկ ես հիշեցի խաղաթղթերը։ Երևի Աշոտ դային այդ և հարակից հանգամանքների մասին ուզեց ակնարկել։ Այդ օրը նա պատրաստեց երեք աման, որոնք ոչ մի բանով նման չէին Մամոյի և ոչ մի բանով չէին տարբերվում Աշոտ դայու ամաններից։
 
Մամոն պաշտոնանկ եղավ։ Նա ինքը համոզվեց, որ այդ անխուսափելի է։ Մի քանի օրվա ընթացքում Սանոն կարողացավ յուրացնել աշխատանքն առանց քրտինք թափելու և օրական պատրաստել քառասունից հիսուն աման։
 
― Անպիտանի մատները կարծես ստեղծված են բրուտության համար, ― ասում էր Աշոտ դային։
 
Լյալյաի ուրախությանը չափ ու սահման չկար։
 
Չափ ու սահման չկար նաև Մամոյի ուրախությանը․ եթե Սանասարի մատներն ստեղծված էին բրուտության համար, ապա Մամոյի ոտներն ստեղծված էին ցեխ հունցելու համար։ Ամաններ պատրաստելը Մամոյի համար տաժանակիր աշխատանք էր․ նա տանջվում էր, ջանք թափում, թափում ազնիվ քրտինք, բայց նրա մատների տակից դուրս էին գալիս անհաջող, ծուռտիկ, մեկը մեծ, մյուսը փոքր, անհամաչափ ամաններ։ Ամաններ շինելուն նա սիրով հրաժեշտ տվեց, սիրով իր տեղը զիջեց Սանոյին նաև այն պատճառով, որ նա զգում էր, այդ Լյալյայի ցանկությունն է։ Նա պատրաստ է կատարելու Լյալյայի բոլոր ցանկությունները, իսկ նա, Լյալյան, անչափ սիրալիր է։ Շատ բան հարկավոր չէ Մամոյին, նա քչով գոհանում է, մի ժպիտ, մի «Մումու, ո՞նց ես», իսկ երբ մի անգամ Լյալյան ամրացրեց նրա բաճկոնի թուլացած կոճակը, նա իրեն զգաց յոթերորդ երկնքում․․․ Այդ գիշեր նա երազում տեսավ, որ Աբասթումանումն է, նստել է կառքը, ձիերին չափ է տալիս, թռչում են ձիերը, իսկ կառքում նստած է նա, Լյալյան, ― Մումո՜ւ, կամաց քշիր, ― խնդրում է նա։
 
Մի անգամ, առավոտյան, երբ «գործարար բակ» հասան բրիգադները, Լյալյան հեռվից ինձ նշան արավ, որ հետևեմ իրեն։ Ես հետևեցի նրան մինչև դերձականոցի դուռը, Լյալյան կանգ առավ և համոզվելով, որ ոչ ոք չի լսում մեզ, հարցրեց․
 
― Ձեզնից ո՞վ է ծանրոց ստացել վերջերս։
 
― Վարպետը, ― պատասխանում եմ ես։
 
― Քեզ հայտնի՞ է, թե ծանրոցում ինչ է եղել, ― հարցնում է նա։
 
― Հայտնի է։
 
― Օճառ կա՞ր։
 
― Այո։
 
― Քանի՞ կտոր։
 
― Երկու։
 
― Ի՞նչ գույնի։
 
― Վարդագույն։
 
― Հասկանալի է, ― ասում է նա, ― ցտեսությո՛ւն։
 
Ես դիմում եմ դեպի բրուտանոց, ուզում եմ բացատրել այս հարցաքննության իմաստը, բայց ոչ մի կերպ չեմ կարող։
 
Բրուտանոցում Աշոտ դային ոչինչ չհարցրեց։ Ես էլ նրան ոչինչ չպատմեցի։ Սովորաբար մենք երեկոյան տանն ենք խոսում օրվա կարևոր և անկարևոր հարցերի մասին։
 
Սկսվեց սովորական աշխատանքային օրը։ Ընդմիջումին ներս մտավ Լյալյան և առանց սովորական բարևի կամ մեկի վրա նայելու, արագ մոտեցավ Սանոյին, որն զբաղված էր ձեռքերը լվանալով։
 
― Վերցրո՛ւ, գո՛ղ, և չհամարձակվես մյուս անգամ աչքիս երևալ։
 
Սանասարը նայեց Լյալյաի ձեռքի վարդագույն օճառներին և գունատվեց։
 
― Գո՛ղ, գո՛գ, գո՛ղ, գո՛ղ, ո՞ր ձեռքով գողացար, ո՞ւր է կացինը․ այս րոպեիս ես․․․ ― նա վերցրեց վառարանի մոտից փոքրիկ կացինը։
 
Արագ մոտեցավ Աշոտ դային։
 
― Լյալյա, կացինը տեղը դիր․․․ դու ինչո՞ւ ես լալկվել, չես բացատրում․․․ Թող քեզ հայտնի լինի, Լյալյա, որ Սանոն մեր գանձապահն է, մեր տնտեսվարը, մեր պահեստապետը և պահում է իրեն օրինակելի։ Ոչ մի գերածախս, ոչ մի յուրացում։ Ինչ վերաբերում է այդ․․․ օճառներին, ես նրան լիազորել էի, որ նվիրի քեզ․․․ Մեր կոլեկտիվի կողմից, ի՛ր կողմից։
 
Կացինն ընկավ Լյալյայի ձեռքից։
 
Նրա գնալուց հետո կատարվեց ևս մի զարմանալի բան։ Սանոն հարձակվեց Աշոտ դայու վրա։
 
― Ճը՛լթ, ճը՛լթ, ճը՛լթ․․․
 
Բրուտանոցի և բոլոր շինությունների տանիքների եզերերից կախված սառցե լուլաներն սկսեցին կաթել։
 
 
․․․ ՊԱՏՈՒՀԱՆՆԵՐԻ ապակիների վրա անտառային, բուսաբանական պեյզաժնեին փոխարինեցին կենցաղային սյուժեներ, երևացին մարդիկ, կենդանիներ։ Ցերեկները ապակիների սառույցները հալչում են, գիշերները սառչում և առավոտյան անհայտ, մեծ նկարիչը ապակիների վրա հանդես էր գալիս նորանոր, կախարդական ստեղծագործություններով․․․ Ահա ծառերի մեջ թաքնված մի խրճիթ, ծառերի խորքում երևում է մի մարդ որսորդական հրացանով, իսկ կողքին մի շուն ոչ թե չորքոտանի, այլ երկոտանի, բայց անկասկած շուն։ Ահա մի կին կանգնած օրորոցի մոտ․ երեխան չի երևում, օրորոցը դատարկ է, իսկ կինը ժպտում է անիմաստ ժպիտով։ Խաղողով լեցուն զամբյուղը ձեռքին մի աղջիկ է անցնում այգու ցանկապատի մոտով․ ցանկապատից այն կողմ երևում է մի տղա, կանացի գլխարկով, հովանոցը բռնած գլխին։ Հինգ րոպեից պատկերը փոխվում է, ― ճանապարհ է, մի կին, ձեռքը բռնած հոնքերի վրա, նայում է անհայտ ճանապարհին, հետո արջը կանգնած երկու ոտների վրա՝ մի թաթը վեր, մյուսը՝ վար, ասես պարելիս, Հիսուսը խաչի վրա ծիծաղելիս․․․ Մի քանի անգամ Լյալյան երևաց, մի անգամ, այնպես, ինչպես տեսա վերջին անգամ՝ գլուխը բարձին, աչքերը փակ, կիսաբաց շուրթերով, իսկ ինքը գունա՛տ, գունա՛տ․․․
 
 
Սանոն հարձակվեց Աշոտ դայու վրա, գրկեց նրան հուզմունքից խեղդվելով, հետո որսաց նրա ձեռքը։
 
Աշոտ դային ձեռքը խլեց։
 
― Թո՛ղ, իմ ձեռքից ձեռք քաշիր։ Մտածիր քո՛ ձեռքի մասին, մաքրիր ձեռքդ ու համբուրիր քո՛ մաքրված ձեռքը։ Ձեռքը տրված է մարդուն աշխատելու համար և ոչ թե․․․ գողանալու կամ լիզելու։
 
Ինքն իրեն կորցրած Սանոն պոկվեց Աշոտ դայուց, նետվեց ետ, վերցրեց կացինը ձախ ձեռքով, աջ ձեռքի դաստակը դրեց դազգահին ու բարձրացրեց կացինը։ Աշոտ դային խլեց կացինը։
 
Այդ էլ ավելորդ է, դեռ պետք կգա քեզ․ չլիներ ձեռքը, ոչինչ չէր լինի աշխարհում, ո՛չ քաղաք, ո՛չ գյուղ, ոչինչ չէր լինի․․․ Ոչինչ բան է ուղեղը, մարդկային ուղեղը կարող է հղանալ հազար բարիք և հազար չարիք։ Ձեռքն է կառուցում բանտ ու պիոներական պալատ, ձե՛ռքը, ձե՛ռքը․․․ Մաքո՛ւր պահիր ձեռքը․․․
 
 
==9==
 
 
ԻՍԿ հիմա մայիս է ու ձնհալ։ Սևահողի շերտերն ավելի լայնանում են ու տարածվում, ձյունը, ձյան շերտերը բարակում են, փոքրանում, անհետանում։ Կեսօրին կարելի է զգալ արևի վերապահ, բարակ ջերմությունը, ջերմանում են մարդկանց սրտերը, գարնան բուրմունքով թրթռում է օդը, օրը։
 
Կիրակի է։ Մենք նստել ենք Աշոտ դայու հետ համար 7 բարաքի առաջ, հողի վրա հաստատված նստարանին և խոսում ենք ամենահնարավոր և անհնարին բաների մասին։ Ուղղիչ֊աշխատանքային ճամբարի բնակիչները դուրս են թափվել բարաքներից և վայելում են մայիսյան դեռ թույլ արևի ժլատ գուրգուրանքը։ Ոմանք երկու֊երեք հոգով, շատերն առանձին֊առանձին շրջում են ճամբարը կիսող մեծ ճանապարհի վրա ետ ու առաջ։ Լսվում է Գրիմբերգի բարձրաձայն ծիծաղը։ Աշոտ դային նայում է նրա կողմը և գլուխը տարուբերում․ չի սիրում նրան, այդ Գրիմբերգին Աշոտ դային։ Երիտասարդ է նա, միշտ մաքուր սափրված, բակենբարդներով, չապլինյան բեղերով, ծխամորճը ատամների արանքում, բոլորի հետ դու֊ով, բոլորի հետ սիրալիր, որը սակայն զբաղվում է սպեկուլյացիայով, խաբում է, առնում, խաբում է, ծախում, ժպտում է, խաբում, ցավակցում է, խաբում է, խաբում է, խաբում․․․
 
֊ Նրան կարելի՞ է ուղղել, ― հարցնում եմ ես։
 
― Ո՞ւմ, ― հարցնում է Աշոտ դային, իսկ ես գիտեմ, որ նա շատ լավ գիտե, թե ո՞ւմ մասին եմ հարցնում ես․ նա պարզապես ուզում է ժամանակ շահել մտածելու համար։
 
― Ես լռում եմ։ Մի քանի րոպեից հետո Աշոտ դային պատասխանում է։
 
― Կուզիկին գերեզմանն էլ չի ուղղի․․․
 
Մոտենում է Մամոն․ տխուր Մամոն։
 
― Դայի, ― ասում է նա, ― Սանոն ձեռքից գնում է։
 
Աշոտ դային հառաչում է․ այդպես նա հառաչում է, երբ մի ծանր բան է հիշում։
 
― Որտե՞ղ է նա։
 
― Հիվանդանոցի ետևը։
 
― Ի՞նչ է անում։
 
― Հեչ, նստել, նայում է պատուհանին։
 
Պատուհանին․․․ Ես գիտեմ, թե ո՞ր պատուհանին, ի՞նչ պատուհանի մասին է խոսքը։
 
 
․․․ ԱՅՈ, Սանոն դարձավ մեր գանձապահը, պահեստապետը, տնտեսվարը այն օրից, երբ այդ մասին խոսեց Աշոտ դային, մեղանչելով ճշմարտության դեմ։ Չէր, բայց դարձավ։ Եվ ճիշտ դուրս եկավ Աշոտ դային ― ոչ մի զեղծում, ոչ մի յուրացում։
 
Իսկ ամեն օր բրուտանոց էր մտնում նա՝, լավ տրամադրությամբ, բրուտանոցը լցնելով իր ջերմ, կանացի շնչով․ նա կատակում էր բոլորիս հետ և առանձին֊առանձին, հետո մի երկու րոպեով առանձին խոսում էր Սանոյի հետ․ ցուցամատով խփում էր նրա ծնոտին ու գնում երգելով․
 
Խաղողի երկիր, մրգերի երկիր,
 
Սիրուն Մոլդավիա․․․
 
― Ուզում եմ մի օր ընկնել ձեր բարաքը, ― ասաց նա մի օր ― ուզում եմ տեսնեմ ինչպես եք ապրում։
 
Շուտով նա իրագործեց իր սպառնալիքը։ Այդ այն օրերին, երբ «գործարար բակի» պատվո տախտակի վրա Աշոտ դայու անունից հետո երևաց Սանոյի անունը․ ― «Սանասար Մելքումյան»։
 
 
․․․ ԵՐԲ նա ներս մտավ, թվաց, որ գարնանային շնչով լցվեց բարաքը։ Այդ օրն էլ կիրակի էր։ Բարաքի բնակիչներն զբաղված էին իրենց առօրյա մանր֊մունր գործերով։ Նրանք իրար անցան և ժպտացին ներողամիտ ժպիտով։ Կոլոկոլնիկովը կարող էր, իհարկե, նրան անմիջապես հեռացնել բարաքից, որովհետև այդ էր պահանջում ճամբարային կարգը․ ― կանայք իրավունք չունեն երևալու տղամարդկանց բարաքներում, տղամարդիկ իրավունք չունեն մտնել կանանց բարաքը, ― այսպես էր կարգը։ Կոլոկոլնիկովը փակել էր իր խուցը, Նուրանբաևը նայեց չսպասված հյուրին և շուռ եկավ, ― ես տեղեկություն չունեմ, ես զբաղված եմ իմ վառարանով։ «Գործարար բակի» պահեստապետ Ֆրենկելը ժպտաց ականջից ականջ, երբ տեսավ նրան, փորձեց անգամ մի բան ասել, բայց չհասցրեց։
 
― Ահա, թե որտե՜ղ են թառել իմ բազեները, ― ասաց նա ուրախ ձայնով, մեզ տեսնելով։ ― Եկա ժաշ ստացողների հետ, որպես ճաշի մատակարար, ճաշ բաժանող․․․ Ես՝ ճաշ բաժանող ու ահա թռա ձեզ մոտ․
 
Թռավ բազեն վեր, վեր,
 
Իջավ բազեն վար, վար,
 
Վիրավոր էր բազեն․․․
 
Ու ժպտաց իր ժպիտով։
 
Այդ միջոցին դրսից ներս ընկավ Մամոն ու շնչակտուր մոտեցավ․
 
― Դայի, նաչալնիկը․․․
 
Սանոն վեր թռավ տախտակամածից, Աշոտ դային ուզեց մի բան ասել, բայց այդ րոպեին հնչեց դռան մոտ կանգնածներից մեկի ազդարարությունը․
 
― Внимание!
 
Ներս մտան ճամբարի պետը, գլխավոր բժիշկը, բուժակ Եոսիֆ Մերպերտը և կոմենդանտը։
 
― Վառարանի ետև՛, վառարանի ետև՛, ― շշնջացին մի քանի հոգի։
 
Բայց նա տեղից չշարժվեց։
 
Մի քանի հոգի փորձեցին ծածկել նրան, բայց ուշ էր։
 
Իր խցից դուրս թռավ Կոլոկոլնիկովը, ընդառաջեց շքաղմբին և զեկուցեց քնից նոր զարթնած մարդու խռպոտ ձայնով․
 
― Համար 7 բարաքի ավագ Միտրոֆան Միտրաֆոնովիչ Կոլոկոլնիկով․ բարաքում կարգի խախտման ոչ մի դեպք չի եղել։
 
Պետը առանց նայելու նրա վրա, անցնում է առաջ և մոտենում է Լյալյային։
 
― Դու կարող էիր գոնե թաքնվել, ― ասում է հանդարտ ձայնով, խախտելով լարված լռությունը։
 
― Հաշվեք, որ ինձ չեք տեսել, քաղաքացի պետ, ― պատասխանում է նա կես խնդրող, կես առաջարկող ձայնով։
 
― Հիմք չկա։ Անպատիժ թողնել չեմ կարող։ ― Նա դառնում է կոմենդանտին․ ― մեկուսարա՛ն․․․ ավագին հանել։
 
 
․․․ Իսկ մեկուսարանը ճամբարի բանտն է․ այնտեղ նստում են երեքից մինչև տասնհինգ օր՝ կարգապահության խախտողներն, ինչպես և նրանք, որոնց ջերմությունը 38֊ից վար է և հրաժարվում են աշխատանքից։ Այնտեղ նրանք ստանում են 300 գրամ հաց և եռացրած ջուր։ Նա դատապարտվեց երեք օրվա մեկուսացման, սակայն չկարողացավ լրիվ տանել պատիժը․ երրորդ օրը նա հիվանդացավ թոքերի ծանր բորբոքումով և տեղափոխվեց հիվանդանոց, կանանց բաժին։ Մենք, բրուտանոցի անձնուրաց ասպետներս, չլքեցինք նրան։ Կոմենդանտի օգնական Անջաբաձեն անձամբ հասցնում էր աղետյալին մեր օգնությունը․ օգնում էին նրան անգամ մարդիկ, որոնք անձամբ ծանոթ չէին նրա հետ․ այդ նա էր, միշտ առույգ, միշտ ժպտուն, բոլորին սիրելի էակ, որն ստեղծված էր սիրո, ազատ արևի համար, ծաղիկների ու երգի համար։
 
․․․ Մռայլվեց բրուտանոցը, այլևս ներս չի մտնում նա, չի խոսում, չի կատակում, չի զնգում նրա արծաթ ծիծաղը բրուտանոցում։ Տխուր է և Աշոտ դային, Մամոն թաղծում է, իսկ Սանոն․․․
 
Ճիշտ է, նրա անունը չիջավ պատվո տախտակից, ճիշտ է, նա չդադարեց մեր անբասիր տնտեսվարը լինելուց, բայց դժվար չէր նկատել, որ նա իր ամբողջ էությամբ ցնցված էր իրադարձություններից։ Ամեն անգամ, երբ աշխատանքից ճամբար ենք վերադառնում, նա՛ է բարաք վերադառնալուց առաջ վազում հիվանդանոց, իմանալու հիվանդության ընթացքի մասին, պատուհանի մթագնած կրկնափեղկերից նա է աշխատում տեսնել գոնե նրա գլուխը բարձերի վրա, նա՛ է այնքուն գիշերներ անցկացնում, նա՛ է օր֊օրին փոքրանում, կծկվում, հալվում․․․
 
Մի անգամ նա հարցրեց․
 
― Դժոխք, դրախտ կա՞։
 
― Դժողքն էլ, դրախտն էլ երկրի վրա է, ― պատասխանեց Աշոտ դային։
 
Նա ավելի մռայլվեց։ Անիվն ավելի արագ պտտվեց։
 
․․․ Չէ, չի հնչի այլևս նրա ձայնը, երբ անցնում են բրիգադները հրշեջ աշտարակի կողքով։
 
― Քեռի, ա՛յ քեռի, մի նայի, ամնիստիան չի՞ երևում․․․
 
Աշտարակի վրա կանգնած հերթապահ պահակն էլ պետք է որ զարմացած լինի․ ― ո՞ւր կորավ այդ աղջիկը, ինչո՞ւ չի լսվում նրա ամենօրյա չարաճճի հարցը, չլինի՞, իսկապես, «ամնիստիան» եկել, տարել է նրան, իսկ ինքը, կանգնած բարձր աշտարակի գլխին, ոչինչ չի նկատել․․․
 
Լուսաբացին մահացավ նա։
 
Երեկոյան դեռ Սանոն մի կերպ օգտվելով հերթապահ սանիտարի բարեհոգությունից, ընկել է նրա մոտ։ Արտասվել է նա և խնդրել․
 
― Հիշիր ինձ և մի՛ գնա վատ ճանապարհով։ Թե չէ ես այն աշխարհում շատ կբարկանամ ու լաց կլինեմ։ Ինձ չլացացնես, Սանյա, ի՛մ բազե․․․
 
 
Գործարանի բանվորական ակումբի նախաձեռնությամբ կազմակերպված գրական երեկոն վերջացավ։ Դահլիճը թնդում է ծափահարություններից։ Հանդիսականները դուրս են հորդում։ Դուրս ենք գալիս և մենք։
 
Դռների մոտ ինձ սպասում է գործարանի ցեխի վարիչ ընկեր Սանասար Մելքումյանը։
 
― Գնանք։
 
Գարնանային խորունկ գիշեր։ Դիմացի բազմահարկ շենքի ծխնելույզներից մեկի վրա թառել է լուսինը։ Կարծես նա ծխնելույզից է դուրս եկել մի րոպեով օդ շնչելու և ուր որ է նորից պիտի մտնի ծխնելույզը։
 
― Աշոտ դայի՞ն, ― նորից հարցնում է Սանասարը։
 
― Թոշակի է անցել։ Դիլիջանումն է։
 
Մենք բարձրանում ենք նորակառույց շենքի երկրորդ հարկը։ Սանասարը սեղմում է զանգի կոճակը։
 
Ընդառաջ են վազում երկու թխորակ փոքրիկներ, տղա և աղջիկ։
 
― Լյալյա, ― նա ցույց է տալիս աղջկան, ― Աշոտիկ, ― ցույց է տալիս տղային։ Թուխ֊թխամազ կինը ժպտում է։ Դիմացի պատից նայում է Լյալյայի մեծացրած յուղաներկ նկարը։ Լուսանկարվել էր Սարանսկում․ նայում էր ասես կենդանի, վառ Լյալյան և որ կողմից նայես, նայում է նա քեզ, ուղիղ քո աչքերին։ Շրթունքները կիսաբաց են, ժպտում են մարգարտաշար, ճերմակ ատամները․ նա կարծես ուզում է քեզ մի կարևոր, շա՛տ կարևոր բան ասել, բայց դեռ մտածում է՝ ասե՞լ, թե՞ չասել․․․
Ադմին, Վստահելի
1876
edits