Changes
/* 4 */
Պարզվից էլ պարզ էր, որ Մարիինսկ քաղաքի ճամբարային գլխավոր կետից մինչեւ այստեղ ձգվող մոտ երկու հարյուր կիլոմետր ճանապարհը կտրել էին նրանք ոտքով, ինչպես մենք իր ժամանակին, եւ չէր կարող պատահել, որ ճանապարհին նրանք զոհեր տված չլինեին, ինչպես մենք իր ժամանակին։ Ինչպես մենք իր ժամանակին՝ քայլել էին նրանք վարժեցված զինված պահակների եւ վարժեցված շների ու հրացանների կոթերի ուղեկցությամբ եւ միջամտությամբ, որովհետեւ պահակների համար նույնքան ձանձրալի ու հոգնեցուցիյ է եղել հսկողությունը, իսկ ճանապարհը՝ անվերջանալի։ Չէ, այս այն ճանապարհը չէ, որի մասին բանաստեղծն ասել ՝ «Այս ճանապարհը անվերջ լիներ…»։
Լսվում է շների հաչոցը, բաց դարպասից այն կողմ կանանց առաջապահները գետնափոր բաղնիք մտան, իսկ էտապը չէր վերջանում։ Բաղնիքի վարիչ Բագիրբեգովը ձեռները կանթաց մեջքին՝ կանգնել էր իր հաստատության մուտքի մոտ այնպիսի լուրջ և հանդիսավոր դեմքով, որպիսին ունենում են զինվորական շքերթ ընդունողները, իսկ չինացի Վանյան կռացած շփում էր բուսականությունից զուրկ այտերը և աշխատում լավ տեսնել անընդհատ հոսող կանանց դեմքերը՝ ասես ծանոթների հանդիպելու հույսով։ ― Ւննսունվեց, ― լսվեց թմբերի վրա նստոտած կալանավորներից մեկի՝ գործարար բակի պահեստապետ Ֆրենկելի ձայնը, երբ ներս մտավ իննսունվեցերորդ կալանավորուհին և նրա ետևից ծածկվեցին դարպասները։ Բոլորն ասես ուշքի եկան։ ― Իննսունվեցերորդին նայեք, ― լսվեց նույն Ֆրենկելի ձայնը, ― կարելի է ասել՝ ամբողջ էտապում միա՛կ կինը․․․ Հիրավի, Ֆրենկելը չէր չափազանցնում։ Կարծես բոլորից առանձնանալու նպատակով, քիչ ուշացումով դարպասից ներս մտավ իննսունվեցերորդը, երիտասարդ մի կին, ավելի շուտ՝ հասած մի աղջիկ՝ սև վերարկուով, սև գուլպաներով և սև կիսակոշիկներով, նա համարձակ աչքերով նայեց աջ ու ձախ, ծանոթներ որոնողի նման, ստադիոն մտնողի ինքնավատահ ու մարդամոտ քայլվածքով։ Բարևելու նման նա շարժեց գլուխը ու նկատելով, որ կալանավորների դեմքերին ոչ մի մկան չի շարժվում, բարձրացրեց աջ ձեռքը, շարժեց մատները, և լսվեց նրա զրնգուն ձայնը։ ― Մուժիկներ, Սև Լյալյան ողջունում է ձեզ։ Հանդիսավոր այս ընդունելությանն իրենց աղմկոտ մասնակցությունը բերին նաև քրեական հանցագործները։ Նրանք շարվեցին բաղնիքի տանիքին և սկսեցին երգել ճամբարային անթիվ֊անհամար սիրային երկարաշունչ երգերից մեկը, որը կոչվում էր «Մարուսյայի սերը»։ Մեջընդմեջ ոմանք անակնկալ միջամտում էին՝ երգից դուրս բաց խոսքերով գնահատելով այս կամ այն կնոջ գոյություն ունեցող կամ չունեցող մարմնական բարեմասնությունները, որից հետո նորից քաշում էին երգի տողերը։ Մարուսկա, Մարուսկա, Մարուսկա անգին, Ասա, ո՞վ գիշերեց քեզ մոտ, Քննի՞չը աներես, ճգնավո՞րը վանքից Կամ գուցե հարբած մի ծանո՞թ․․․ Այս է պատմությունը կանանց էտապի ժամանման, որը հետագայում նոր էջ բացեց կալանավորական կյանքի դեռ գրի չառնաված տարեգրության մեջ, որի մասին հետագայում այնքան պատմվեց ու նյութ դարձավ սրտաշարժ, անգիր երգերի, բերեց իր հետ այնքան ուրախություն, միաժամանակ և մորմոք ու ցավ։ Ովքե՞ր էին այդ անհայտ բանաստեղծներն ու երգահանները, ոչ ոք չտեսավ նրանց, ոչ ոք չիմացավ նրանց անունը, բայց ապրում էին նրանք, ստեղծագործում առանց թուղթ ու մատիտի, առանց ստեղծագործական գործուղման ու տողավարձի։ Մեկնող էտապները բանտից բանտ տանում էին այդ կենդանի, ժամանակակից, սրտակեղեք դյուցազներգությունները, ժամանող էտապները բերում էին նորերը՝ այս ամենն անգիր, բերնե֊բերան, սակայն որոնք մի օր գրի կառնվեն կամ գրի են առնվում անկասկած՝ միլիոնավորների աննախընթաց, անկարելի, անկրկնելի, ահավոր այդ ողբերգությունն ի գիտություն սերունդների։ Ամե՛ն։