==III==
Մեկ անգամ, աշնանային մի առավոտ, վերարկուի օձիքը բարձրացրած և ցեխը չփչփացնելով, Իվան Դմիտրիչը նրբանցքներով ու հետնաբակերով դժվարությամբ գնում էր մի ինչ֊որ քաղքենու տուն՝ կատարողական թերթիկով դրամ ստանալու։ Նրա տրամադրությունը մռայլ էր, ինչպես միշտ լինում էր առավոտները։ Նրբանցքներից մեկում նրան պատահեցին երկու շղթայակապ կալանավորներ և նրանց հետ՝ չորս հրացանավոր ուղեկցորդ։ Առաջներում Իվան Դմիտրիչը շատ հաճախ էր պատահում կալանավորների և ամեն անգամ նրանք իր մեջ զարթեցնում զարթնեցնում էին կարեկցության ու անհարմարության զգացում, իսկ այժմ այս հանդիպումը նրա վրա ինչ֊որ հատուկ, տարօրինակ տպավորություն գործեց։ Հանկարծ, չգիտես ինչու, նրան թվաց, թե իրեն ևս կարող են շղթայակապ անել և այդպես ցեխի միջով բանտ տանել։ Քաղքենուն այցելելուց հետո տուն վերադառնալիս՝ փոստի մոտ նա հանդիպեց իրեն ծանոթ ոստիկանական վերակացուին, որը բարևեց և մի քանի քայլ նրա հետ գնաց փողոցով, ու, չդիտես չգիտես ինչու, այդ բանը Իվան Դմիտրիչին կասկածելի թվաց։ Տանն ամբողջ ժամանակ նրա մտքից չէին հեռանում կալանավորներն ու հրացանավոր զինվորները, և անհասկանալի հոգեկան տագնապը խանգարում էր նրան կարդալ և կենտրոնանալ։ Երեկոյան տան լույսը չվառեց, իսկ գիշերը չքնեց ու անվերջ մտածում էր այն մասին, որ իրեն կարող են ձերբակալել, շղթայակապ անել ու բանտ նստեցնել։ Նա չէր հիշում, թե ինքը երբևէ հանցանք է գործել, և կարող էր երաշխավորել, որ ապագայում ևս երբեք մարդ չի սպանի, ոչինչ չի հրդեհի և չի գողանա. բայց մի՞թե դժվար է դիպվածով ակամա հանցագործություն կատարել և մի՞թե հնարավոր չէ զրպարտություն, վերջապես՝ դատական սխալ։ Չէ՞ որ զուր չէ ժողովրդական դարավոր փորձն ուսուցանում, որ մուրացկանությունից ու բանտից խուսափելու երաշխիք չկա։ Իսկ դատական սխալն այժմյան դատավարության պայմաններում շատ հնարավոր է ու դրա մեջ ոչինչ չկա զարմանալի։ Այն մարդիկ, որոնք պաշտոնական, գործարար վերաբերմունք ունեն դեպի ուրիշի տառապանքը, օրինակ՝ դատավորները, ոստիկանները, բժիշկները, ժամանակի ընթացքում, սովորական դառնալու հետևանքով, այն աստիճան քարսիրտ են դառնում, որ եթե ցանկանան էլ՝ չեն կարող իրենց հիվանդներին վերաբերվել այլ կերպ, քան ձևականորեն։ Այս տեսակետից նրանք ոչնչով չեն զանազանվում իրենց տան հետնաբակում ոչխար և հորթ մորթող ու նրանց արյունը չնկատող գեղջուկից։ Իսկ դեպի անհատը ձևական, անհոգի վերաբերմունք ցայց տալու դեպքում՝ անմեղ մարդուն բոլոր իրավունքներից զրկելու և տաժանակիր աշխատանքների դատապարտելու համար դատավորին պետք է միայն մի բան՝ ժամանակ։ Միա՛յն ժամանակ, որպեսզի պահպանի որոշ ձևականություններ, որոնց համար դատավորին ռոճիկ են վճարում, և այնուհետև ամեն ինչ վերջացած է։ Հետո արդարություն ու պաշտպանություն փնտրիր այդ փոքրիկ, կեղտոտ քաղաքում, երկաթուղուց երկու հարյուր վերստ հեռավորության վրա։ Եվ մի՞թե նույնիսկ ծիծաղելի չէ մտածել արդարության մասին, երբ ամեն մի բռնություն հասարակությունն ընդունում է որպես խելացի և նպատակահարմար անհրաժեշտություն, և ողորմածության ամեն մի ակտ, օրինակ՝ արդարացման դատավճիռ, առաջ է բերում գժգոհության, քինախնդրության զգացումի մեծ պոռթկում։
Առավոտյան Իվան Դմիտրիչն անկողնից վեր կացավ սարսափած, սառը քրտինքը ճակատին, արդեն բոլորովին համոզված, որ ամեն րոպե իրեն կարող են ձերբակալել։ Եթե երեկվա ծանր մտքերն այսքան երկար ժամանակ չեն հեռանում իր գլխից,— մտածում էր նա,— նշանակում է նրանց մեջ որոշ ճշմարտություն կա։ Դրանք, իսկապես, հո չէի՞ն կարող իր գլխում ծագել առանց որևէ դրդապատճառի։
Քաղաքապահն առանց շտապելու անցավ պատուհանների մոտով. այդ իզուր չէր։ Ահա երկու մարդ կանգ առան տան մոտ և լուռ մնացին։ Նրանք ինչո՞ւ են լռում։
Եվ Ւվան Իվան Դմիտրիչի համար եկան տանջալի օրեր ու գիշերներ։ Պատուհանների մոտով անցնող և բակ մտնող բոլոր մարդիկ լրտեսներ և խուզարկուներ էին թվում։ Կեսօրին ոստիկանապետն ըստ սովորականի երկձի կառքով անցնում էր փողոցով. նա իր քաղաքամերձ կալվածքից ոստիկանական վարչություն էր գնում, իսկ Ւվան Ղմիտրիչին ամեն անգամ թվում էր, թե նրա կառքը չափազանց արագ է գնում, և նրա դեմքն ունի ինչ֊որ առանձին արտահայտություն. հավանորեն շտապում է հայտարարելու, որ քաղաքում լույս է ընկել մի շատ խոշոր ոճրագործ։ Ւվան Դմիտրիչր ցնցվում էր ամեն զանգից ու դարպասի բախումից, տանջվում էր, երբ տանտիրուհու մոտ նոր մարդ էր տեսնում. ոստիկանների և ժանդարմների հանդիպելիս ժպտում էր ու սուլում, որպեսզի անտարբեր երևա։ Ձերբակալության սպասելով նա ողջ գիշերները մինչև լույս չէր քնում, բայց քնած մարդու պես խռմփացնում էր ու հառաչում, որպեսզի տանտիրուհուն թվա, թե քնած է. չէ որ եթե չի քնում, նշանակում է նրան խղճի խայթ է տանջում, ինչպիսի՜ հանցանշան։ Փաստերը և առողջ տրամաբանությունը համոզում էին նրան, որ այդ ամբողջ վախը դատարկ բան է և պսիխոպատիա, որ ձերբակալության ու բանտարկության մեջ, եթե դրան ավելի լայն հայացքով նայենք, իսկապես ասած, սարսափելի ոչինչ չկա,— միայն թև մարդու խիղճը հանգիստ լինի։ Բայց որքան ավելի խելացի և տրամաբանորեն էր դատում, հոգեկան տագնապն այնքան ավելի ուժեղ ու տանջող էր դառնում։ Դա նման էր նրան, որ մի ճգնավոր ցանկացել էր ծառերը կտրելով կուսական անտառում իր համար տեղ բացել և ինչքան ավելի եռանդով էր բանեցրել կացինը, այնքան ավելի խիտ ու արագ էր աճել անտառը։ Իվան Դմիտրիչը, վերջիվերջո տեսնելով, որ այդ անօգուտ է, բոլորովին թողեց դատողություն անելը և ամբողջովին անձնատուր եղավ հուսահատության ու երկյուղի։
Նա սկսեց առանձնանալ ու խուսափել մարդկանցից։ Ծառայությունն առաջ էլ նրա համար զզվելի էր, իսկ այժմ դա անտանելի դարձավ։ Նա վախենում էր, թե իրեն որևէ կերպ կխաբեն, աննկատելիորեն գրպանը կաշառք կդնեն ու հետո կմերկացնեն որպես ոճրագործի կամ ինքը պետական փաստաթղթերում անզգուշաբար սխալ կգործի, որը հավասարազոր կլինի կեղծիքի, կամ ուրիշի փող կկորցնի։ Տարօրինակ է, որ ուրիշ ժամանակ նրա միտքը երբեք այդքան ճկուն ու հնարագետ չէր եղել, ինչպես այժմ է, երբ ամեն օր հազարավոր բազմազան առիթներ է հնարում, որպեսզի լրջորեն չվախենա, թե իր ազատությանը և պատվին վտանգ է սպառնում։ Բայց դրա փոխարեն զգալիորեն թուլացել է նրա հետաքրքրությունը դեպի արտաքին աշխարհը, մասնավորապես դեպի գրքերը, և հիշողությունն սկսել է խիստ դավաճանել։
Գարնանը, երբ ձյունը հալվեց ու վերացավ, գերեզմանատան մոտ, ձորակում գտան կիսով չափ նեխած երկու դիակ, մի պառավի և մի տղայի, որոնց վրա կային բռնի մահվան նշաններ։ Քաղաքում բոլորի խոսակցության առարկան այդ դիակները և անհայտ մարդասպաններն Էին։ Իվան Դմիտրիչը, որպեսզի չկարծեն, թե ինքն է նրանց սպան ողը, շրջում էր փողոցներում ու ժպտում, իսկ ծանոթների հանդիպելիս՝ գունատվում էր, կարմրում և սկսում հավատացնել, թե չկա ավելի ստոր ոճրագործություն, քան թույլերին և անպաշտպաններին սպանելը։ Բայց այդ կեղծիքը շուտով նրան հոգնեցրեց և, վաքր֊ինչ խորհրդածելուց հետո, նա որոշեց, որ այն վիճակում, որի մեջ ինքը գտնվում Է, լավագույնն է՝ թաքնվել տանտիրուհու նկուղում։ Նկուղում նա թաքնված մնաց ցերեկը, հետո գիշերը և հաջորդ ցերեկը, սաստիկ մրսեց և, մինչև մթնշաղը սպասելով՝ ծածուկ, գողեգող անցավ իր սենյակը։ Մինչև լուսաբաց նա կանգնեց սենյակի մեջտեղում առանց շարժվելու և ականջը ձայնի պահած։ Վաղ առավոտյան, արևածագից առաջ, տանտիրուհու մոտ վառարանագործներ եկան։ Իվան Դմիտրիչը լավ գիտեր, որ նրանք եկել են խոհանոցի վառարանը վերանորոգելու, բայց վախը նրան հուշեց, թե դրանք վառարանագործի կերպ մտած ոստիկաններ են։ Նա կամացուկ դուրս եկավ բնակարանից և, սարսափով բռնված, առանց գդակի ու սերթուկի՝ վազեց փողոցով։ Շները հաչելով հետապնդեցին նրան, թիկունքում ինչ֊որ տեղ մի գեղջուկ բղավեց, նրա ականջներում սուլեց օդը, և Իվան Դմիտրիչին թվաց, թե ամբողջ աշխարհի բռնությունը կուտակվել է իր թիկունքում ու հետապնդում է իրեն։
Նրան բռնեցին, բերեցին տուն և տանտիրուհուն ուղարկեցին բժիշկ կանչելու։ Բժիշկ Անդրեյ Եֆիմիչը, որի մասին հետո կխոսենք, կարգադրեց հիվանդի գլխին սառը թրջոցներ դնել և նշանակեց դափնեբալի կաթիլներ, տխուր օրորեց գլուխը և գնաց՝ տանտիրուհուն ասելով, որ ինքն այլևս չի գա, որովհետև մարդկանց չպետք է խանգարել խելագարվելու։ Քանի որ ապրուստի և բժշկության միջոցներ տանը չկային, ուստիև Իվան Դմիտրիչին շուտով ուղարկեցին հիվանդանոց և այնտեղ պառկեցրին վեներական հիվանդների հիվանդասենյակում։ Նա գիշերները չէր քնում, քմահաճություն էր անում ու անհանգստացնում հիվանդներին և շատով, Անդրեյ Եֆիմիչի կարգադրությամբ, նրան փոխադրեցին համար 6 հիվանդասենյակը։
Մի տարուց հետո քաղաքում բոլորովին մոռացան Իվան Դմիտրիչին, և նրա գրքերը, որ տանտիրուհին խառնիխուռն լցրել էր բակում ծածկի տակ գտնվող սահնակի մեջ, տղաները հափշտակեցին։
==IV==