Changes

Հիվանդասենյակ համար 6

1010 bytes removed, 22:22, 10 Նոյեմբերի 2013
/* X */
==X==
    Իվան Դմիտրիչը պառկած էր նույնպիսի դիրքով, ինչպես երեկ՝ ձեռքերով գլուխը բռնած և ոտքերը ծալած։ Նրա դեմքը չէր երևում։
    — Բարև՛, բարեկամս,— ասաց Անդրեյ Եֆիմիչը։— Դուք քնած չե՞ք։
    — Նախ՝ ես ձեր բարեկամը չեմ,— խոսեց Իվան Դմիտրիչր՝ բերանը բարձին դրած,— իսկ երկրորդ՝ դուք իզուր եք ջանք թափում. ինձանից ո՛չ մի բառ չեք կարող կորզել։
    — Տարօրինակ է...— քրթմնջաց Անդրեյ Եֆիմիչը՝ շփոթված։— Երեկ մենք այնպես խաղաղ էինք զրուցում, բայց դուք, չգիտես ինչու, հանկարծ վիրավորվեցիք և մեկից ընդհատեցիք խոսակցությունը... Երևի ես որևէ կերպ անհարմար արտահայտվեցի կամ, գուցե, ձեր համոզմունքներին չներդաշնակող մի՞տք հայտնեցի...
    — Հա՛, ես էլ հենց հավատացի՜ ձեզ, էլի՛,— ասաց Իվան Դմիտրիչը՝ կիսաբարձրանալով և ծաղրական ու անհանգիստ նայելով բժշկին, նրա աչքերը կարմրած էին։— Լրտեսելու և կտտանքների ենթարկելու կարող եք գնալ մի ուրիշ տեղ, իսկ այստեղ դուք գործ չունեք։ Ես դեռ երեկ հասկացա, թե դուք ինչու էիք եկել։
    — Տարօրինա՜կ երևակայություն է,— ժպտաց բժիշկը։ — Ուրեմն դուք ենթադրում եք, թե ես լրտե՞ս եմ։
    — Այո , ենթադրում եմ... Լրտես կամ մի բժիշկ, որի մոտ ինձ պառկեցրել են փորձարկության համար,— այդ միևնույն է։
    — Ա՜խ, դուք ինչ... ներեցեք... խենթն եք։
    Բժիշկը նստեց նրա անկողնի մոտ գտնվող տաբուրետին և հանդիմանաբար օրորեց գլուխը։
    — Բայց ենթադրենք թե դուք ճշմարիտ եք,— ասաց նա։ — Ենթադրենք թե ես դավաճանաբար բռնում եմ ձեզ ձեր ասածով, որպեսզի մատնեմ ոստիկանությանը։ Ձեզ ձերբակալում են ու հետո դատում։ Բայց մի՞թե դատարանում և բանտում դուք ձեզ ավելի վատ եք զգալու, քան այստեղ։ Իսկ եթե աքսորեն ուրիշ տեղ՝ բնակվելու և մինչև անգամ ուղարկեն տաժանակիր աշխատանքի, մի՞թե այդ ավելի վատ կլինի, քան այս ֆլիգելում նստելը։ Ենթադրում եմ, որ ավելի վատ չէ... էլ ինչո՞ւ վախենալ։
    Ըստ երևույթին, այս բառերն ազդեցին Իվան Դմիտրիչի վրա։ Նա հանգիստ նստեց։
    Երեկոյան ժամը չորսն անց էր,— դա այն ժամանակն էր, երբ Անդրեյ Եֆիմիչը սովորաբար շրջում էր իր սենյակներում, և Դարյուշկան հարցնում էր նրան, թե գարեջուր խմելու ժամանակը չէ՞ արդյոք։ Դուրսը խաղաղ, պարզ եղանակ էր։
    — Իսկ ես ճաշից հետո դուրս եկա զբոսնելու և ահա անցա ձեզ մոտ, ինչպես տեսնում եք,— ասաց բժիշկը։— Կատարյալ գարուն է։
    — Հիմա ո՞ր ամիսն է։ Մա՞րտը,— հարցրեց Իվան Դմիտրիչը։
    — Այո՛, մարտի վերջն է։
    — Դուրսը ցե՞խ է։
    — Ո՛չ, շատ ցեխ չէ։ Պարտեզում արդեն շավիղներ կան։
    — Հիմա լավ կլիներ կառքով որևէ տեղ քաղաքից դուրս գնալ,— ասաց Իվան Դմիտրիչը, տրորելով իր կարմրած աչքերը, ասես քնից նոր արթնանալով.— հետո վերադառնալ տուն՝ տաք, բարեհարմար առանձնասենյակը և... և մի կարգին բժշկի մոտ բուժել գլխացավը... Վաղուց է ես մարդավարի չեմ ապրել։ Իսկ այստեղ խիստ վա՜տ է։ Անհանդուրժելի՜ վատ է։
    Երեկվա հուզմունքից հետո նա հոգնած էր ու թուլացած և դժկամությամբ էր խոսում։ Նրա մատները դողում էին, և դեմքից երևում էր, որ գլուխը սաստիկ ցավում է։
    — Տաք, բարեհարմար առանձնասենյակի և այս հիվանդասենյակի միջև ոչ մի զանազանություն չկա,— ասաց Անդրեյ Եֆիմիչը։— Մարդու հանգստությունն ու բավականությունը ոչ թե իրենից դուրս է, այլ հենց իր մեջ։
    — Այսինքն ինչպե՞ս։
    — Սովորական մարդը՝ լավը կամ վատը սպասում է իրենից դուրս, այսինքն՝ կառքից և առանձնասենյակից, իսկ խորհողը՝ ինքն իրենից։
    — Գնացե՛ք այդ փիլիսոփայությունը քարոզեցեք Հունաստանում, որտեղ տաք է և նարնջի հոտ է բուրում, իսկ այստեղ՝ այդ մեր կլիմային հարմար չէ։ Ես այն ո՞ւմ հետ էի խոսում Դիոգենեսի մասին։ Ձեզ հե՞տ էր, ինչ է։
    — Այո՛, երեկ ինձ հետ։
    — Դիոգենեսն առանձնակի և տաք շենքի կարիք չուներ, այնտեղ առանց դրան էլ շոգ է։ Պառկիր տակառի մեջ և նարինջ ու ձիթապտուղ կեր։ Իսկ եթե նրան վիճակվեր Ռուսաստանում ապրել, նա ոչ թե դեկտեմբերին, այլ մայիսին կխնդրեր սենյակ թողնել իրեն։ Հավանորեն ցրտից կուչ կգար։
    — Ո՛չ։ Ցուրտը, ինչպես և ամեն մի ցավ, կարելի է չզգալ։ Մարկոս Ավրելիոսն ասել է. «Ցավը— ցավի կենդանի պատկերացումն է. կամքի ուժ գործադրիր այդ պատկերացումը փոխելու, դեն նետիր այն, դադարիր գանգատվել, և ցավը կանհետանա»։ Այս ճշմարիտ է։ Իմաստունը կամ պարզապես խորհող, լրջմիտ մարդն աչքի է ընկնում հատկապես նրանով, որ արհամարհում է տառապանքը. նա միշտ գոհ է և ոչ մի բանի վրա չի զարմանում։
    — Ուրեմն ես ապուշ եմ, որովհետև ես տանջվում եմ, դժգոհ եմ և զարմանում եմ մարդու ստորության վրա։
    — Դուք իզուր եք այդպես խոսում։ Եթե դուք հաճախակի խոր մտածեք, ապա կհասկանաք, թե որքան չնչին է այն բոլոր արտաքինը, որ մեզ հուզում է։ Հարկավոր է ձգտել կյանքի ըմբռնման, իսկ ճշմարիտ երանությունը դրա մեջ է։
    — Ըմբռնում...— դեմքը կնճռոտեց Իվան Դմիտրիչը։— Արտաքին, ներքին... Ներեցե՛ք, ես այդ չեմ հասկանում։ Ես միայն գիտեմ,— ասաց նա՝ ոտքի կանգնելով ու բարկացած նայելով բժշկին,— ես գիտեմ, որ աստված ինձ ստեղծել է տաք արյունից ու նյարդերից, այո՛։ Իսկ օրգանական հյուսվածքը, եթե այն կենսունակ է, պետք է արձագանքի ամեն մի գրգիռի։ Եվ ես արձագանքո՜ւմ եմ։ Ցավին ես պատասխանում եմ ճիչով ու արցունքներով, ստորությանը՝ զայրույթով, գարշելիությանը՝ զզվանքով։ Ըստ իս՝ հենց այս է, որ կյանք է կոչվում։ Որքան ցածր է օրգանիզմը, այնքան քիչ զգայուն է և այնքան թույլ է արձագանքում գրգիռին, և որքան բարձր է օրգանիզմը, այնքան զգայունակ է նա ու ավելի եռանդագին է անդրադառնում իրականությանը։ Այս ինչպե՞ս կարելի է չիմանալ։ Բժիշկ է և այսպիսի դատարկ բաներ չգիտե՜։ Տանջանքն արհամարհելու, միշտ գոհ լինելու և ոչնչի վրա չզարմանալու համար հարկավոր է հասնել ահա այսպիսի դրության,— և Իվան Դմիտրիչը ցույց տվեց հաստ, ճարպակալած գեղջուկին,—կամ թե տանջանքներով իրեն այն աստիճան կոփել, որպեսզի կորչի տանջանքի ամեն մի զգացողություն, այսինքն, ուրիշ խոսքով ասած՝ մարդ դադարի ապրել։ Ներեցե՛ք, ես իմաստուն չեմ ու ոչ էլ փիլիսոփա,— շարունակեց Իվան Դմիտրիչը բորբոքված,— և դրանից ոչինչ չեմ հասկանում։ Ես ի վիճակի չեմ դատողություն անելու։
    — Ընդհակառակը, դուք սքանչելի եք դատում։
    — Ստոյիկները, որոնց դուք այդպես ծաղրաբար նմանեցնում եք, խիստ հետաքրքրական մարդիկ էին, բայց նրանց ուսմունքն։ ուսմունքն անշարժացավ տակավին երկու հազար տարի սրանից առաջ և մազաչափ անգամ առաջ չի չարժվել ու չի շարժվի, որովհետև գործնական ու կենսունակ չէ։ Այն հաջողություն է ունեցել միայն փոքրամասնության շրջանում, որն իր կյանքն անց է կացնում ամեն տեսակ ուսմունքներ սերտելով ու նրանց համի քաղցրությունը վայելելով, իսկ մեծամասնությունն այն չէր հասկանում։ Դեպի հարստությունը, դեպի կյանքի հարմարություններն՝ անտարբերություն, դեպի տանջանքն ու մահը՝ արհամարհանք քարոզող ուսմունքը բոլորովին անհասկանալի է հսկայական մեծամասնությանը, որովհետև այդ մեծամասնությունը երբեք ճաշակած չի եղել ոչ հարստությունը, ոչ էլ կյանքի հարմարությունները. իսկ տառապանքներն արհամարհելը նրա համար կնշանակեր արհամարհել բուն իսկ կյանքը, քանի որ մարդու ամբողջ էությունը կազմում են՝ քաղցի, ցրտի, վիրավորանքների, կորուստների և մահվան հանդեպ համլետյան ահի զգայությունները։ Այդ զգայությունները ողջ կյանքն են։ Այդ կյանքը կարող է բեռ թվալ, նրան կարելի է ատել, բայց ոչ արհամարհել։ Այո՛, այսպես է. կրկնում եմ՝ ստոյիկների ուսմունքը երբեք չի կարող ապագա ունենալ, իսկ կյանքի սկզբից մինչև այսօր առաջադիմում են, ինչպես տեսնում եք, պայքարը, զգայուն վերաբերմունքը դեպի ցավը, գրգռին պատասխանելու ընդունակությունը...
    Իվան Դմիտրիչը հանկարծ կորցրեց մտքերի թելը, կանգ առավ և սրտնեղած շփեց ճակատը։
    — Ուզում էի ինչ֊որ կարևոր բան ասել, բայց շփոթվեցի,— ասաց նա։— Ի՞նչ էի ասում։ Հա՛։ Այսպես, ուրեմն, ես այս եմ ասում. ստոյիկներից մեկն իրեն ստրկության վաճառեց, որպեսզի փրկագնի իր մերձավորին։ Ա՛յ, տեսնում եք, ստոյիկն էլ է անդրադարձել գրգիռին, որովհետև մի այնպիսի մեծահոգի ակտի համար, ինչպիսին է իրեն ոչնչացնելը հանուն իր մերձավորի, հարկավոր է վրդովված, կարեկցող հոգի։ Ես այստեղ, այս բանտում մոռացել եմ բոլորը, ինչ սովորել էի, ապա թե ոչ էլի որևէ բան կհիշեի։ Իսկ Քրիստոսին եթե վերցնե՞նք։ Քրիստոսն իրականությանը պատասխանամ էր նրանով, որ լալիս էր, ժպտում, տխրում, զայրանում, մինչև անգամ թախծում. նա ժպիտը դեմքին չէր ընդառաջ գնում տառապանքներին և չէր արհամարհում մահը, այլ աղոթում էր Գեթսեմանի պարտեզում, որպեսզի դառնության բաժակը հեռանա իրենից։
    Իվան Դմիտրիչը ծիծաղեց և նստեց։
    — Դիցուք թե մարդու հանգիստն ու գոհունակությունն իրենից դուրս չէ, այլ իր իսկ մեջ,— ասաց նա։— Դիցուք թե հարկավոր է արհամարհել տառապանքներն ու ոչնչի վրա չզարմանալ։ Բայց դուք ինչի՞ հիման վրա եք քարոզում այդ։ Դուք իմաստո՞ւն եք։ Փիլիսոփա՞ եք։
    — Ո՛չ, ես փիլիսոփա չեմ, բայց դա պետք է քարոզեն ամենքը, որովհետև այդ խելացի բան է։
    — Ո՛չ, ես ուզում եմ իմանալ՝ դուք ինչո՞ւ եք ձեզ ձեռնհաս համարում ըմբռնման, տառապանքների արհամարհման և այլ գործում։ Մի՞թե դուք երբևէ տանջվել եք։ Դուք տառապանքների մասին գաղափար ունե՞ք։ Սպասեք, երեխա ժամանակ ձեզ գանակոծե՞լ են։
    — Ո՛չ իմ ծնողները զզվանք էին տածում դեպի մարմնական պատիժները։
    — Իսկ ինձ հայրս անողոքաբար գանակոծում էր։ Իմ հայրը խիստ բնավորության տեր, հեմորոյով տառապողի տեսքով մի երկարաքիթ ու դեղնավիզ չինովնիկ էր։ Բայց խոսենք ձեր մասին։ Զեր Ձեր ամբողջ կյանքի ընթացքում ձեզ ոչ ոք անդամ անգամ մատ չի դիպցրել, ոչ ոք ահ չի տվել, չի ծեծկել. եզան պես առողջ եք դուք։ Դուք մեծացել եք ձեր հոր թևի տակ և սովորել նրա հաշվին, իսկ հետո մեկ անգամից ստացել եք անաշխատ վարձատրվող պաշտոն։ Քսան տարուց ավելի դուք ապրել եք ձրի բնակարանում՝ ձրի վառելիքով, լուսավորությամբ, ծառայով, ընդսմին, իրավունք ունենալով աշխատել ինչպես և ինչքան կկամենաք, թեկուզ ոչինչ չանել։ Բնությունից դուք ծույլ, փխրուն մարդ եք, ուստիև ջանացել եք ձեր կյանքն այնպես դասավորել, որպեսզի ձեզ ոչինչ չանհանգստացնի և տեղից չշարժի։ Գործերը դուք հանձնել եք բուժակին և մյուս սրիկաներին, իսկ ինքներդ նստել եք տաք ու խաղաղ ձեր տեղում, փող եք կուտակել, գիրք կարդացել, ձեզ հաճույք պատճառել զանազան բարձր և դատարկ բաների վերաբերյալ խորհրդածություններով և (Իվան Դմիտրիչը նայեց բժշկի կարմիր քթին) կոնծաբանությամբ։ Մի խոսքով՝ դուք կյանքը չեք տեսել, այն բոլորովին չգիտեք, իսկ իրականությանը ծանոթ եք միայն թեորիապես։ Իսկ տառապանքը դուք արհամարհում եք և ոչ մի բանի վրա չեք զարմանում մի շատ պարզ պատճառով. ունայնություն ունայնությանց, արտաքին և ներքին արհամարհանք դեպի կյանքը, տառապանքները և մահը, ըմբռնում, իսկական երանություն. այս բոլորը փիլիսոփայություն է, որ ամենից հարմարն է ռուս ծույլի համար։ Օրինակ, դուք տեսնում եք, թե գեղջուկն ինչպես է ծեծում իր կնոջը։ Ինչո՞ւ միջամտել։ Թո՛ղ ծեծի. միևնույն է՝ երկուսն էլ մեռնելու են վաղ թե ուշ, մանավանդ որ ծեծողն իր հարվածներով վիրավորում է ոչ թե նրան, ում ծեծում է, այլ հենց իրեն։ Հարբեցողությունը հիմար, անվայել բան է, բայց խմես էլ՝ պետք է մեռնես, չխմես էլ՝ պետք է մեռնես։ Ասենք, մի կին է գալիս, ատամները ցավում են...Դե՛, ի՞նչ կա որ։ Ցավը ցավի պատկերացումն է և, ի դեպ, հիվանդություններն էլ այս աշխարհում չես վերացնի, բոլորս էլ մեռնելու ենք. ուստիև՝ թո՛ղ, հեռացիր, ա՛յ կնիկ, ինձ մի խանգարիր մտածել և օղի խմել։ Երիտասարդը խորհուրդ է հարցնում, թե ինչ անի, ինչպես ապրի. նախքան պատասխանելը՝ մեկ ուրիշը կմտածեր, իսկ այստեղ պատասխանն արդեն պատրաստ է. ձգտիր ըմբռնման կամ ճշմարիտ երանության։ Իսկ ի՛նչ բան է այդ «ճշմարիտ երանությունը»։ Պատասխան չկա, իհարկե։ Մեզ այստեղ պահում են ճաղերի հետևում, փտեցնում են, խոշտանգում. բայց այդ հիանալի է և խելացի, որովհետև այս հիվանդասենյակի և տաքուկ, բարեհարմար առանձնասենյակի միջև ոչ մի զանազանություն չկա։ Հարմար փիլիսոփայություն է. թե՛ բան չես անի, թե՛ խիղճդ է մաքուր և թե՛ քեզ իմաստուն ես զգում... Ո՛չ, տե՛ր իմ, այդ փիլիսոփայություն չէ, մտածողություն չէ, մտքի խորություն չէ, այլ ծուլություն է, ֆակիրություն, թմրեցնող ինքնօրորում... Այո՛,— նորից բարկացավ Իվան Դմիտրիչը։— Տանջանքն արհամարհում եք, բայց երևի ձեր մատը որ դռան տակ գցեն, կոկորդո՜վ մեկ կբղավեք։
    — Բայց գուցեև չբղավեմ,— ասաց Անդրեյ Եֆիմիչը՝ հեզաբար ժպտալով։
    — Հա՛, ինչպես չէ։ Բայց, ա՛յ, եթե դուք կաթվածահար լինեիք կամ, դիցուք, որևէ հիմարի ու հանդուգնի մեկը իր դիրքից ու աստիճանից օգտվելով՝ հրապարակորեն վիրավորեր ձեզ, և դուք իմանայիք, որ նա անպատիժ կմնա, դե՛, այն ժամանակ դուք կհասկանայիք, թե ինչ ասել է ուրիշներին ըմբռնողության ու ճշմարիտ երանության խորհուրդ տալ։
    — Այդ օրիգինալ դատողություն է,— ասաց Անդրեյ Եֆիմիչը՝ բավականությունից ժպտալով ու ձեռքերը շփելով։— Ինձ հաճելի զարմանք է պատճառում ձեր ընդհանրացման հակումը, իսկ իմ բնութագիրը, որ դուք հենց նոր բարեհաճեցիք տալ, ուղղակի փայլուն է։ Խոստովանում եմ, որ ձեզ հետ զրուցելն ինձ հսկայական բավականություն է պատճառում։ Դե՛, ես ձեզ լսեցի, հիմա դուք էլ բարեհաճեցեք ինձ լսել...
==XI==