==XI==
Այդ խոսակցությունը շարունակվեց ևս մոտ մի ժամ և, ըստ երևույթին, խոր տպավորություն գործեց Անդրեյ Եֆիմիչի վրա։ Նա սկսեց ամեն օր ֆլիգել գնալ։ Նա այնտեղ գնում էր առավոտները և ճաշից հետո, և հաճախ իրիկնամութն ընկնելիս դեռ զրուցելիս էր լինում Իվան Դմիտրիչի հետ։ Սկզբնական շրջանում Իվան Դմիտրիչը խրտնում էր նրանից, կասկածում, թե նա չար դիտավորություն ունի և բացահայտորեն իր անբարյացակամությունն էր արտահայտում. հետո ընտելացավ նրան և իր խիստ վերաբերմունքը փոխեց ներողամիտ֊հեգնականի։
Շուտով հիվանդանոցում լուր տարածվեց, թե բժիշկ Անդրեյ Եֆիմիչն սկսել է հաճախել համար 6 հիվանդասենյակը։ Ոչ ոք՝ ո՛չ բուժակը, ո՛չ Նիկիտան, ո՛չ հիվանդապահուհիները չէին կարողանում հասկանալ, թե նա ինչու է գնում այնտեղ, ինչու է ամբողջ ժամերով նստում, ինչ է խոսում և ինչու դեղատոմսեր չի գրում։ Նրա վարմունքը տարօրինակ էր թվում։ Միխայիլ Ավերյանիչը հաճախ նրան տանը չէր գտնում, մի բան, որ առաջ երբեք չէր պատահում։ Դարյուշկան էլ շատ էր մտահոգված, որովհետև բժիշկը գարեջուրը որոշված ժամանակին չէր խմում և երբեմն էլ մինչև իսկ ճաշին էր ուշանում։
Մի անգամ, այդ արդեն հունիսի վերջերին էր, բժիշկ Խոբոտովը ինչ֊որ գործով Անդրեյ Եֆիմիչի մոտ եկավ և, նրան տանը չգտնելով, գնաց բակում նրան որոնելու։ Այնտեղ նրան ասացին, որ ծեր բժիշկը հոգեհիվանդների մոտ է գնացել։ Ֆլիգել մտնելով և կանգ առնելով նախասենյակում, Խոբոտովն այսպիսի խոսակցություն լսեց.
— Մենք երբեք համաձայնության չենք գա, և ինձ ձեր հավատին դարձնել՝ ձեզ չի հաջողվի,— գրգռված ասում էր Իվան Դմիտրիչը։— Իրականությանր Իրականությանը դուք կատարելապես անծանոթ եք ու երբեք չեք տանջվել, այլ միայն տզրուկի պես սնվել եք ուրիշների տանջանքներով, իսկ ես անընդհատ տանջվել եմ՝ իմ ծննդյան օրից մինչև այսօր։ Այդ պատճառով անկեղծորեն ասում եմ, որ ես ինձ բոլոր կողմերով ձեզանից բարձր և ձեռնհաս եմ համարում։ Դուք չեք, որ պետք է ինձ սովորեցնեք։
— Ես բնավ հավակնություն չունեմ ձեզ իմ հավատին դարձնելու,— ասաց Անդրեյ Եֆիմիչը կամացուկ և ցավելով, որ իրեն չեն ցանկանում հասկանալ։— Եվ բանն այդ չէ, բարեկա՛մս։ Բանն այն չէ, որ դուք տանջվել եք, իսկ ես՝ ոչ։ Տանջանքն ու խնդությունն անցողիկ են. թողնենք դրանք, աստված իրենց հետ։ Բանն այն է, որ ես և դուք մտածում ենք. մենք միմյանց մեջ տեսնում ենք այնպիսի մարդու, որն ընդունակ է խորհել և դատել, և այդ մեզ համերաշխ է դարձնում, որքան էլ տարբեր լինեն մեր հայացքները։ Երանի դուք գիտենայիք, բարեկա՛մս, թե ինձ որքա՜ն է ձանձրացրել ընդհանուր խելագարությունը, ապիկարությունը, բթամտությունը, և ամեն անգամ ինչպիսի հաճույքով եմ ես զրուցում ձեզ հետ։ Դուք խելոք մարդ եք և դուք ինձ հրճվանք եք պատճառում։
Խոբոտովը մի վերշոկաչափ բացեց դուռը և նայեց հիվանդասենյակի ներսը. Իվան Դմիտրիչը թասակը գլխին և Անդրեյ Եֆիմիչը կողք֊կողքի նստած էին անկողնի վրա։ Խելագարը ծամածռություններ էր անում, ցնցվում, ջղաձգաբար փաթաթվում խալաթի մեջ, իսկ բժիշկը գլուխը կախ, անշարժ նստած էր, և նրա դեմքը կարմիր էր, դեմքի արտահայտությունն անօգնական, տխուր։ Խոբոտովն ուսերը թոթվեց, քմծիծաղ տվեց և հայացք փոխանակեց Նիկիտայի հետ։ Նիկիտան նույնպես ուսերը թոթվեց։
Մյուս օրը Խոբոտովը ֆլիգել եկավ բուժակի հետ։ Երկուսն էլ կանգնեցին նախասենյակում և ծածկաբար լսում էին ներսի խոսակցությունը։
— Մեր պապը կարծեմ բոլորովին ցնորվել է,— ասաց Խոբոտովը՝ ֆլիգելից դուրս գալով։
— Տե՛ր, ողորմյա մեզ մեղավորներիս,— հառաչեց բարեվայելուչ Սերգեյ Սերգեյիչը՝ ուշի֊ուշռվ ուշի֊ուշով շրջանցելով ջրափոսերը, որպեսզի չկեղտոտի իր հիանալի փայլեցրած սապոգները։— Պետք է խոստովանեմ, հարգելի Եվգենի Ֆյոդորիչ, ես այդ վաղո՜ւց էի սպասում։
==XII==