==XII==
Դրանից հետո Անգրեյ Անդրեյ Եֆիմիչն սկսեց ինչ֊որ խորհրդավորություն նկատել իր շուրջը։ Գեղջուկ ծառաները, հիվանդապահուհիները և հիվանդները նրան հանդիպելիս հարցական նայում էին և ապա քչփչում իրար հետ։ Փոքրիկ Մաշան՝ վերակացուի աղջիկը, որին նա սիրում էր հանդիպել հիվանդանոցի պարտեզում, հիմա, երբ ինքը ժպտալով մոտենում էր նրան, որպեսզի նրա գլուխը շոյի, չգիտես ինչու, փախչում էր։ Փոստի պետ Միխայիլ Ավերյանիչը նրան լսելիս այլևս չէր ասում. «Միանգամայն ճիշտ է», այլ անհասկանալի շփոթմունքով քրթմնջում էր. «Այո՛, այո՛, այո՛»... և նայում էր նրան մտածկոտ ու տխուր։ Չգիտես թե ինչու, նա սկսեց խորհուրդ տալ իր բարեկամին թողնելու օղին ու գարեջուրը, բայց որպես քաղաքավարի մարդ, խոսում էր ոչ թե ուղղակիորեն, այլ ակնարկներով, պատմելով մերթ մի գումարտակի հրամանատարի մասին,— որ սքանչելի մարդ էր,— մերթ գնդի քահանայի մասին՝ մի գովական անձնավորության, որոնք խմում էին ու հիվանդացան, բայց, խմելը թողնելով, առողջացան կատարելապես։ Մի երկու֊երեք անգամ Անգրեյ Եֆիմիչի մոտ եկավ նրա պաշտոնակից Խոբոտովը. նա նույնպես խորհուրդ էր տալիս թողնել ոգելից խմիչքները և առանց որևէ նկատելի առիթի՝ հանձնարարում էր բրոմի կալիում ընդունել։
Օգոստոսին Անդրեյ Եֆիմիչը քաղաքագլխից մի նամակ ստացավ, որով նա խնդրում էր մի շատ կարևոր գործով շնորհ բերել իր մոտ։ Նշանակված ժամին քաղաքային վարչություն գալով՝ Անդրեյ Եֆիմիչն այնտեղ գտավ զինվորական ատյանի պետին, գավառական դպրոցի հաստիքային տեսչին, քաղաքային վարչության մի անդամի, Խոբոտովին և էլի ինչ֊որ լիքը, շիկահեր պարոնի, որին ներկայացրին որպես բժիշկ։ Այդ բժիշկը, որ ուներ լեհական դժվար արտասանելի ազգանուն, ապրում էր քաղաքից երեսուն վերստ հեռավորության վրա գտնվող ձիաբուծարանում և այժմ կառք նստած քաղաքով անցնելիս՝ կանգ էր առել այդտեղ։
— Այստեղ ձեր հիմնարկին վերաբերող մի հայտարարություն կա,— դիմեց Անդրեյ Եֆիմիչին քաղաքային վարչության անդամն այն բանից հետո, երբ բոլորը բարևեցին իրար և նստեցին սեղանի շուրջ։— Ա՛յ, Եվգենի Ֆյոդորիչն ասում է, որ գլխավոր շենքում դեղատան տեղը նեղվածք է և որ դեղատունը պետք է տեղափոխել ֆլիգելներից մեկը։ Այդ, իհարկե, ոչինչ, տեղափոխել կարելի է, բայց գլխավոր պատճառն այն է, որ ֆլիգելը նորոգում կպահանջի։
— Այո՛, առանց նորոգման յոլա չի գնա,— ասաց Անդրեյ Եֆիմիչը մտածելուց հետո։— Եթե օրինակ, անկյունի ֆլիգելը հարմարեցնենք դեղատան համար, ապա, ես կարծում եմ, հարկավոր կլինի minimum մի հինգ հարյուր ոուբլի։ ռուբլի։ Անարդյունավետ ծախս է։
Փոքր֊ինչ լռեցին։
— Տասը տարի առաջ ես արդեն պատիվ եմ ունեցել զեկուցելու,— շարունակեց Անդրեյ Եֆիմիչը ցածր ձայնով,— որ այս հիվանդանոցն իր ներկա ձևով քաղաքի համար իր միջոցներին չհամապատասխանող պերճանք է։ Հիվանդանոցը կառուցվել է քառասնական թվականներին, բայց չէ՞ որ այն ժամանակ քաղաքի ունեցած միջոցներն այլ էին։ Քաղաքը չափազանց շատ փող է ծախսում ոչ֊պետքական կառուցումների և ավելորդ պաշտոնների վրա։ Ես կարծում եմ, այդ փողերով ուրիշ կարգերում կարելի էր երկու օրինակելի հիվանդանոց պահել։
— Դե, ուրեմն, եկեք այդ ուրիշ կարգերը մտցնենք,— իսկույն ասաց քաղաքային վարչության անդամը։
— Ես արդեն պատիվ ունեցել եմ զեկուցելու, հանձնեցեք զեմստվոյի տնօրինությանը։
— Այո՛, փողը հանձնեցեք զեմստվոյին, իսկ նա կգողանա,— ծիծաղեց շիկահեր բժիշկը։
— Ինչպես այդ ընդունված է,— համաձայնեց քաղաքային վարչության անդամը և նույնպես ծիծաղեց։
Անդրեյ Եֆիմիչը տարտամ ու աղոտ հայացքով նայեց շիկահեր բժշկին, ասաց.
— Արդարամիտ պետք է լինել։
Նորից լռեցին։ Թեյ մատուցեցին։ Զինվորական ատյանի պետը, որ, չգիտես թե ինչու, շատ էր շփոթված, սեղանի վրայով ձեռքը դիպցրեց Անդրեյ Եֆիմիչի ձեռքին և ասաց.
— Դուք մեզ բոլորովին մոռացել եք, բժի՛շկ։ Ասենք, դուք վանական եք. թուղթ չեք խաղում, կանանց չեք սիրում։ Մեզպեսների հետ լինելը ձեզ ձանձրացնում է։
Բոլորը խոսեցին այն մասին, թե կարգին մարդու համար որքան ձանձրալի է այդ քաղաքում ապրելը։ Ոչ թատրոն կա, ոչ երաժշտություն, իսկ վերջին պարերեկույթին ակումբում կար մոտ քսան դամա և միայն երկու կավալեր։ Երիտասարդները չեն պարում, այլ ամբողջ ժամանակ խռնվում են բուֆետի մոտ կամ թուղթ են խաղում։ Դանդաղ ու ցածրաձայն, ոչ ոքի չնայելով՝ Անդրեյ Եֆիմիչն սկսեց խոսել այն մասին, թե որքան ցավալի է, որքան շատ ցավալի, որ քաղաքացիները, իրենց կենսական էներգիան, իրենց սիրտն ու ուղեղը ծախսում են թղթախաղի ու բամբասանքի վրա, բայց չեն կարողանում ու չեն ցանկանամ ժամանակն անցկացնել հետաքրքրական զրույցով ու ընթերցանությամբ, չեն ցանկանում վայելել այն հաճույքը, որ խելքն է տալիս։ Միայն խելքն է հետաքրքրական և ուշագրավ, իսկ բոլոր մնացածը մանր և նվաստ բան է։ Խոբոտովն ուշադիր լսում էր իր պաշտոնակցին ու հանկարծ հարցրեց.
— Անդրեյ Եֆի՛միչ, այսօր ամսի քանի՞սն է։
Պատասխան ստանալով՝ նա և շիկահեր բժիշկը, իրենց հմուտ չլինելն զգացող հարցաքննողների տոնով սկսեցին հարցնել Անդրեյ Եֆիմիչին, թե այսօր ինչ օր է, տարին քանի օր ունի և ճիշտ է, որ համար 6 հիվանդասենյակում մի զարմանահրաշ մարգարե է ապրում։
Ի պատասխան վերջին հարցի՝ Անդրեյ Եֆիմիչը կարմրեց և ասաց.
— Այո՛, նա հիվանդ, բայց հետաքրքրական երիտասարդ է։
Այլևս նրան ոչ մի հարց չտվին։
Երբ նա նախասենյակում իր վերարկուն էր հագնում, զինվորական ատյանի պետը ձեռքը դրեց նրա ուսին ու հոգոց հանելով ասաց.
— Մեր՝ ծերերիս, հանգստի գնալու ժամանակն է։
Քաղաքային վարչությունից դուրս գալուց հետո Անգրեյ Եֆիմիչը հասկացավ, որ այդ մի հանձնաժողով էր, որը նշանակված էր իր մտավոր կարողություններն ստուգելու համար։ Նա վերհիշեց իրեն տրված հարցերը, կարմրեց և, չգիտես ինչու, այժմ առաջին անգամ իր կյանքում դառնորեն ափսոսաց բժշկագիտությունը։
«Աստվա՜ծ իմ,— մտածեց նա՝ վերհիշելով, թե հենց հիմա բժիշկներն ինչպես քննեցին իր առողջության վիճակը,— նրանք ախր այնքան վաղուց չէ, որ հոգեբուժության դասախոսություններ են լսել և քննություն տվել,— որտեղի՞ց է այդ կատարյալ տգիտությունը։ Նրանք հոգեբուժության մասին գաղափա՜ր չունեն»։
Եվ իր կյանքում առաջին անգամ նա իրեն զգաց վիրավորված ու բարկացած։
Այդ նույն օրը երեկոյան նրա մոտ եղավ Միխայիլ Ավերյանիչը։ Առանց բարև ասելու՝ փոստի պետը մոտեցավ, բռնեց նրա զույգ ձեռքերը և հուզված ձայնով ասաց.
— Թանկագի՜նս, բարեկա՜մս, ապացուցեք ինձ, որ հավատում եք իմ անկեղծ բարեհաճ վերաբերմունքին և ինձ ձեր բարեկամն եք համարում... Բարեկա՜մս,— և Անդրեյ Եֆիմիչին խանգարելով խոսել՝ հուզված շարունակեց։— Ես ձեզ սիրում եմ ձեր կրթվածության և ձեր հոգու ազնվության համար։ Լսեցե՛ք ինձ, թանկագի՜նս։ Գիտության կանոնները պարտավորեցնում են բժիշկներին թաքցնելու ձեզանից ճշմարտությունը, բայց ես զինվորականի սովորությամբ ճշմարտությունը մարդու երեսին եմ ասում, դուք տկա՜ր եք։ Ներեցեք ինձ, թանկագի՛նս, բայց այդ ճշմարիտ է, այդ վաղուց են նկատել ձեր բոլոր շրջապատողները։ Հենց նոր բժիշկ Եվգենի Ֆյոգորիչն Ֆյոդորիչն ինձ ասաց, որ ձեր առողջության համար ձեզ անհրաժեշտ է հանգստանալ և զվարճանալ։ Միանգամա՜յն ճիշտ է։ Հիանալի՜ է։ Մոտ օրերս ես արձակուրդ եմ վերցնելու և մեկնելու եմ մի քիչ այլ օդ շնչելու։ Ապացուցեցե՛ք, ուրեմն, որ դուք իմ բարեկամն եք,— միասի՜ն մեկնենք։ Գնա՛նք, մեր ջահելությունը վերհիշենք։
— Ես ինձ կատարելապես առողջ եմ զգում,— ասաց Անդրեյ Եֆիմիչը մտածելուց հետո։— Իսկ մեկնել չեմ կարող։ Թույլ տվեք ինձ որևէ այլ կերպ ապացացել ապացուցել ձեզ իմ բարեկամությունը։
Մեկնել ինչ֊որ տեղ, չգիտես թե ինչու, առանց գրքերի, առանց Դարյուշկայի, առանց գարեջրի, կտրուկ կերպով խախտել կյանքի այն կարգը, որ հաստատվել է քսան տարվա ընթացքում,— այդպիսի միտքն առաջին րոպեին նրան վայրենի ու ֆանտաստիկ թվաց։ Բայց նա վերհիշեց քաղաքային վարչությունում եղած խոսակցությունը և այն ծանր տրամադրությունը, որ ունեցավ այնտեղից տուն վերադառնալիս, ու կարճ ժամանակով քաղաքից մեկնելու միտքը,— այն քաղաքից, որտեղ հիմար մարդիկ իրեն խելագար են համարում,— ժպտաց նրան։
— Իսկ դուք իսկապես ո՞ւր եք մտադիր գնալ,— հարցրեց նա։
— Մոսկվա, Պետերրուրգ, Վարշավա... Վարշավայում ես անց եմ կացրել իմ կյանքի հինգ երջանկագույն տարիները։ Ի՜նչ զմայլելի քաղաք է։ Գնանք, թանկագի՜նս։
==XIII==