==XV==
Անդրեյ Եֆիմիչն ապրում էր քաղքենուհի Բելովայի երեք պատուհան ունեցող տնակում։ Այդ տնակում կար միայն երեք սենյակ՝ չհաշված խոհանոցը։ Դրանցից երկուսը, որոնց պատուհանները բացվում էին փողոցի վրա, զբաղեցրել էր բժիշկը, իսկ երրորդում և խոհանոցում ապրում էին Դարյուշկան և քաղքենուհին՝ իր երեք երեխաներով։ Երբեմն տանտիրուհու մոտ գիշերելու էր գալիս նրա սիրեկանը՝ մի հարբած գեղջուկ, որ գիշերները մոլեգնում և սարսափ էր ազդում երեխաների ու Դարյուշկայի վրա։ Երբ նա գալիս էր և, խոհանոցում նստելով՝ սկսում էր օղի պահանջել, բոլորն էլ խիստ նեղվածք էին զգում, և բժիշկը, խղճալով, իր մոտ էր տանում լացող երեխաներին, քնեցնում էր իր բնակարանի հատակին, և այդ մեծ բավականություն էր պատճառում նրան։
Առաջվա պես նա վեր էր կենում ժամը ութին և թեյից հետո նստում էր իր հին գրքերն ու ժուռնալները կարդալու։ Նորերի համար նա արդեն փող չուներ։ Արդյոք նրանի՞ց էր, որ գրքերը հին էին, թե, միգուցե, շրջապատի փոփոխությունից՝ ընթերցանությունն այլևս խորությամբ չէր հափշտակում նրան ու հոգնեցնում էր։ Ժամանակը պարապ չանցկացնելու համար նա կազմում էր իր գրքերի մանրամասն ցուցակը և նրանց կողերին պիտակներ էր փակցնում, և այդ մեխանիկական, մանրակրկիտ աշխատանքը նրան ավելի հետաքրքրական էր թվում, քան ընթերցանությունը։ Միապաղաղ, մանրակրկիտ աշխատանքը մի ինչ֊որ անհասկանալի ձևով օրորում էր նրա մտքերը, նա ոչնչի մասին չէր մտածում, ու ժամանակն արագ էր անցնում։ Մինչև անգամ խոհանոցում նստելը և Դարյուշկայի հետ կարտոֆիլ կճպելը կամ նարինջ մաքրելը նրան հետաքրքրական էր թվում։ Շաբաթ և կիրակի օրերը նա եկեղեցի էր գնում։ Պատի մոտ կանգնելով ու աչքերը կիսախուփ անելով՝ նա լսում էր երգեցողությունը և մտածում էր իր հոր մասին, մոր մասին, համալսարանի, կրոնների մասին. նրան անդորրություն էր պատում, տխրություն ու հետո, եկեղեցուց հեռանալիս՝ նա ափսոսում էր, որ ժամերգությունն այդքան շուտ վերջացավ։
Նա երկու անգամ գնաց հիվանդանոց՝ Իվան Դմիտրիչի մոտ, նրա հետ զրուցելու։ Բայց երկու անգամն էլ Իվան Դմիտրիչը արտասովոր գրգռված ու չարացած էր. նա խնդրում էր հանգիստ թողնել իրեն, որովհետև դատարկ շաղակրատությունը նրան արդեն վաղուց է ձանձրացրել, և ասում էր, որ իր բոլոր տառապանքների համար նա անիծված, ստոր մարդկանցից խնդրում է միայն մի պարգև՝ մեկուսի բանտարկություն։ Մի՞թե մինչև անգամ այդ բանը մերժում են իրեն։ Երկու անգամն էլ, երբ Անդրեյ Եֆիմիչը հրաժեշտ էր տալիս նրան և բարի գիշեր մաղթում, նա բարկանում էր և ասում.
— Գրողի ծոցը։― Գրողի՛ ծողը։
Եվ Անդրեյ Եֆիմիչն այժմ չգիտեր՝ արդյո՞ք երրորդ անգամ գնա, թե ոչ։ Իսկ գնալ ուզում էր։
Առաջներում հետճաշյա ժամերին Անդրեյ Եֆիմիչը շրջում էր սենյակում և մտածում, իսկ հիմա ճաշից մինչև երեկոյան թեյը նա պառկում էր բազմոցի վրա՝ երեսը դեպի նրա թիկունքր թիկունքը դարձրած և անձնատուր էր լինում մանրախնդիր մտքերի, որոնց ոչ մի կերպ չէր կարողանում հաղթահարել։ Նա իրեն վիրավորված էր զգում, որ իր ավելի քան քսանամյա ծառայության համար իրեն չտվին ոչ կենսաթոշակ, ոչ միանվագ նպաստ։ Ճիշտ է, նա ազնվորեն չի ծառայել, բայց չէ՞ որ կենսաթոշակ ստանում են բոլոր ծառայողներն անխտիր՝ ազնիվ են նրանք, թե ոչ։ Ժամանակակից արդարությունն էլ հենց այն է, որ աստիճաններով, շքանշաններով և կենսաթոշակով պարգևատրվում են ոչ թե բարոյական հատկություններն ու ընդունակությունները, այլ առհասարակ ծառայությունը՝ ինչպես էլ նա լինի։ Ինչո՞ւ ուրեմն միայն Անդրեյ Եֆիմիչը պետք է բացառություն կազմի։ Նա բոլորովին փող չուներ։ Ամաչում էր անցնել կրպակի մոտով և նայել կրպակի տիրուհուն։ Գարեջրի համար արդեն պարտ պարտք են երեսուներկու ռուբլի։ Քաղքենուհի Բելովային նույնպես պարտ պարտք են։ Դարյուշկան կամաց֊կամաց վաճառում է հին հագուստներն ու գրքերը և տանտիրուհուն խաբում, թե բժիշկը շուտով անչափ շատ փող է ստանալու։
Նա բարկանամ էր իր վրա, որ ճանապարհորդության ժամանակ ծախսեց իր հավաքած հազար ռուբլին։ Ինչպե՜ս պետք կգար հիմա այդ հազարը։ Նա վրդովվում է, որ մարդիկ իրեն հանգիստ չեն թողնում։ Խոբոտովն իր պարտքն էր համարում երբեմնապես այցելելու իր հիվանդ պաշտոնակցին։ Նրա ամեն ինչն ատելի էր Անդրեյ Եֆիմիչին. և՛ կուշտ մարդու դեմքը, և գռեհիկ, ներողամիտ տոնը, և՛ «պաշտոնակից» բառը, և՛ սապոգները. իսկ ամենից զզվելին այն էր, որ նա իր պարտականությունն էր համարում բժշկել Անդրեյ Եֆիմիչին և կարծում էր, թե իրոք բժշկում է։ Իր ամեն մի այցելության ժամանակ նա բերում էր մի սրվակ բրոմակալիում և խավարծիլի հաբեր։
Միխայիլ Ավերյանիչը ևս իր պարտքն էր համարում այցելել բարեկամին ու զվարճացնել նրան։ Ամեն անգամ Անդրեյ Եֆիմիչի մոտ նա մտնում էր արհեստական անկաշկանդությամբ, բռնազբոսիկ քրքջում էր ու սկսում հավատացնել, թե նա այսօր հիանալի տեսք անի և թե, փառք աստծո, բանը դեպի լավն է գնում, և դրանից կարելի էր եզրակացնել, որ իր բարեկամի դրությունը նա անհուսալի էր համարում։ Նա դեռևս Վարշավայի իր պարտքը չէր վճարել և ամոթի ծանր զգացումից ճնշվում էր, լարված էր, ուստիև ջանում էր ավելի բարձրաձայն ծիծաղել և ամեն ինչ ավելի ծիծաղելի պատմել։ Նրա անեկդոտներն ու պատմությունները հիմա անվերջ էին թվում ու տանջալի էին թե՛ Անդրեյ Եֆիմիչի, թե՛ հենց իր համար։
Նրա ներկայությամբ Անդրեյ Եֆիմիչը սովորաբար պառկում էր բազմոցի վրա՝ երեսը դեպի պատը դարձրած և լսում էր ատամները սեղմած։ Նրա հոգու վրա շերտ առ շերտ մաղձ էր նստում, և բարեկամի ամեն մի այցելությունից հետո նա զգում էր, որ այդ մաղձն ավելի ու ավելի է բարձրանում և ասես հասնում է կոկորդին։
Մանրախնդիր զգացումները խեղդելու համար նա շտապում էր մտածել այն մասին, որ թե՛ ինքը, թե՛ Խոբոտովը, թե՛ Միխայիլ Ավերյանիչը վաղ թե ուշ պետք է ոչնչանան՝ բնության մեջ նույնիսկ հետք չթողնելով։ Եթե երևակայենք, որ մի միլիոն տարուց հետո երկրագնդի մոտով տիեզերքի տարածության մեջ մի որևէ ոգի կթռչի, ապա նա կտեսնի միայն հող ու մերկ ժայռեր։ Բոլորը,— և՛ կուլտուրան, և՛ բարոյական օրենքը,— կկործանվի և մինչև անգամ կռատուկ չի բուսի նրանց տեղը։ Ուրեմն, ի՞նչ է ամոթը խանութպանի հանդեպ, չնչին Խոբոտովը, Միխայիլ Ավերյանիչի ծանր բարեկամությունը։ Այդ բոլորն անմիտ ու դատարկ բան է։
Բայց այսպիսի դատողություններն արդեն չէին օգնում։ Նա հազիվ էր պատկերացնում երկրագունդը մի միլիոն տարի հետո, որ մերկ ժայռի հետևից իսկույն երևում էր սապոգներ հագած Խոբոտովը կամ բռնի քրքջացող Միխայիլ Ավերյանիչը, և մինչև անգամ լսվում էր նրա ամաչկոտ շշնջյունը. «Իսկ Վարշավայի պարտքը, սիրելի՛ս, մոտ օրերս կվերադարձնեմ... Անպայմա՛ն»։
==XVI==