Changes

Պահապանները

Ավելացվել է 52 167 բայտ, 16:09, 23 Նոյեմբերի 2013
Իսկ այս անգամ նվերներն էլ ուղղակի զարմանալի էին։ Ավելի երիտասարդ հոբիթներն այնպես էին զարմացել, որ քիչ էր մնում Հյուրասիտությունը մոռանային։ Նրանց զարմանահրաշ խաղալիքներ էր բաժին ընկել․ ոմանց հրաշալի, իսկ ոմանց՝ կարելի է ասել, նույնիսկ կախարդական։ Խաղալիքների մի մասը վաղօրոք էին պատվիրված եղել, մեկ տարի առաջ, եւ բերված էին Սեւագետքից կամ Սարամիջի թագավորությունից․ դա թզուկների ջանքերի արդյունքն էր։
Երբ բոլորին դիմավորեցին, ողջունեցին ու դարպասից ներս անցկացրին, երգ պար, երաժշտություն, խաղեր սկսվեցին՝ իսկ կերուխումին չափ ու սահման չկար։ Հյուրասիտությունը եռակի էր․ նախաճաշ, թեյ, ճաշ (կամ համարյա թե՝ ընթրիք)։ Նախաճաշի եւ թեյի համար ժողովուրդը մտնում էր վրանները, իսկ մնացած ամբողջ ժամանակ ուտում ու խմում էին ով ինչ եւ որտեղ ուզում էր, տասնմեկից մինչեւ յոթի կեսը, մինչեւ հրավառության սկսվելը։  Հրավառության կառավարը Գանդալֆն էր․ նա ոչ միայն բերել էր հրթիռները, այլեւ անձամբ ինքն իր ձեռքով էր սարքել, որպեսզի երկիքը զարդարի կրակե պատկերներով։ Հենց ինքն էլ շատ շրխկաններ, բենգալյան կրակներ, ոսկեցրոնք, ջահ֊կայծանետեր, գաճաճ մոմեր, էլֆական կայծակներ ու գոբլինական շանթահարվածներ էր պատրաստել։ Նա դրանք շատ լավ էր սարքում, տարեցտարի ավելի լավ։  Հրավառ թռչունները սավառնում էին երկնքում, թնդացնելով երկնային բարձունքներն իրենց զիլ երգով։ Ծխի մուգ բների վրա գարնանային վառ կանաչ տերեւներ էին բռնկվում, փայլփլուն ճյուղերից հոբիթների գլխին կրակե ծաղիկներ էին սփռվում ու հանգչում ուղիղ նրանց քթի մոտ՝ օդում նուրբ բույր տարածելով։ Պսպղուն թիթեռնիկների պարսերը ճախրում էին ծառերի վրա, երկինք էին խոյանում գունավոր կրակները եւ դառնում արծիվներ, առագաստներ, կարապների երամներ։ Բոսոր ամպերը հողին փայլուն հորդ անձրեւ էին թափում։ Հետո հնչեց մարտական կոչը, ու արծաթե նիզակների խուրձը սլացավ դեպի երկինք եւ օձի ֆշշոցով թափվեց գետը։ Բիլբոյի պատվին տրվելիք իր ամենաշքեց համարը Գանդալֆը պահել էր վերջում, երեւի որոշել էր հոբիթներին մահացու զարմացնել, եւ նա հասավ իր նպատակին։ Բոլոր կրակները հանգան, երկնքում ծխի մի վիթխարի սյուն հայտնվեց։ Սա քուլա֊քուլա դարավ հեռավոր սար, որի գագաթը հուրհրաց ու բոցավառվեց վառ կանաչ կրակով։ Բոցից ոսկեկարմիր վիշապ դուրս թռավ, սարսափելիորեն իսկական, միայն թե մի քիչ փոքր․ աչքերը կատաղությամբ վառվում էին, երախից կրակ էր ժայթքում, կատաղի մռնչոցով նա երեք ֆշշացող շրջան գծեց՝ իջնելով դեպի ժողովուրդը։ Բոլորը կռացան, շատերը բերանքսիվայր պառկեցին։ Վիշապը անցավ հոբիթների գլխավերեւով, օդում գլուխկոնծի տվեց եւ խլացուցիչ թնդյունով պայթեց Գետամերձի վրա։  ― Համեցե՜ք սեղանի մոտ, ― լսվեց Բիլբոյի ձայնը։  Համընդհանուր սարսափն ու շփոթությունը ասես օդ ցնդեց․ հոբիթները մեկը մյուսի հետեւից ոտքի էին թռչում։ Հրաշալի խնջույք էր լինելու․ ազգականների համար հատուկ սեղաններ էին բացված ծառի մոտի մեծ վրանում։ Այնտեղ հարյուր քառասունչորս հրավիրյալ էր հավաքված (այդ թիվը հոբիթների մոտ կոչվում է «գուրտ», բայց ժողովրդին գուրտերով հաշվելը ընդունված չէ)՝ ընտանիքներ, որոնց հետ Բիլբոն եւ Ֆրոդոն թեկուզ որեւէ հեռավոր ազգակցական կապ ունեին, եւ մի քանի ընտանիքի բարեկամներ, ինչպես Գանդալֆը։  Շատ֊շատ էիին այնտեղ Պարկինսներն ու Բոքոնակները, Ճագարակներն ու Բրենդիզայքները, չէին մոռացված Գեղանիցները (Բիլբոյի տատիկի ազգականները), Ուտոնցներն ու Խմոնցները (պապիկի ազգականները), ներկայացված էին Խորափորները, Կուղբոնցները, Ցմփորիկները, Փորսուղները, Տոհմակները, Զուռնաչները եւ Մազթափները։ Ոմանք չգիտես ինչ ազգական էին գալիս Բիլբոյին, նրանց մի մասը Նորգորդում բնավ չէր եղել։ Ներկա էր նաեւ Օթհո Քսակ֊Պարկինսը, կնոջ՝ Սերինիայի հետ։ Նրանք Բիլբոյին տանել չէին կարողանում եւ արհամարհում էին Ֆրոդոյին, բայց հրավերը ոսկե թանաքով գրված էր մարմարե թղթի վրա, եւ նրանք գայթակղությանը չդիմացան։ Բացի այդ, նրանց զարմիկ Բիլբոն վաղուց ի վեր մեծ համբավ էր վայելում իր խոհանոցի շնորհիվ։  Հարյուր քառասունչորս ընտրյալները հույս ունեին փառավոր հյուրասիրվել, միայն տանտիրոջ հետճաշյա ճառից էին վախենում (իսկ առանց դրա չի կարելի)։ Մեկ էլ տեսար «բանաստեղծության» անվան տակ մի անհեթեթություն դուրս կտա կամ մեկ֊երկու բաժակ գցելուց հետո կսկսի իր հիմար ու անհասկանալի ճանապարհորդության պատմությունն անել։ Ինչ֊որ չկարողացան ուտել, վերցրին հետները։ Հետո մի քանի շաբաթ շրջակայքում համարյա ոչ ոք ուտելլիք չէր գնում, բայց վաճառականները դրանից չտուժեցին․ միեւնույնն է, Բիլբոն նրանց մառանները, պահուստներն ու պահեստները մաքուր դատարկել էր, վճարելով, իհարկե։  Վերջապես, ծնոտներն սկսեցին ավելի դանդաղ շարժվել եւ եկավ ճառելու ժամը։ Հյուրերը, ինչպես հոբիթներն են ասում «կշտանալու վրա էին» եւ լավ տրամադրության մեջ էին։ Բաժակներում սիրած խմիչք էր, ափսեներում՝ սիրած խորտիկներ։ Դե ուրեմն՝ ինչ ուզում է, թող խոսի, կլսենք եւ ծափ կտանք։  ― Իմ սիրալիր ազգակիցնե՜ր, ― վեր կենալով սկսեց Բիլբոն։  ― Լռությո՛ւն, լռությո՛ւն, լռությո՛ւն, ― բղավեցին հյուրերը․ լռության խմբովին կոչը ավելի ու ավելի բարձր էր հնչում եւ ոչ մի կերպ չէր կարողանում հանդարտվել։  Բիլբոն վեր կացավ, մոտեցավ լապտերներով զարդարված ծառին եւ բարձրացավ աթոռի վրա։ Գույնզգույն շողերը ցոլցլացին նրա հանդիսավոր դեմքին․ մետաքսե անթեւ բաճկոնի վրա փայլփլում էին ոսկե կոճակները։ Նա բոլորին երեւում էր իր ողջ հասակով, մի ձեռքը գրպանից չէր հանում, իսկ մյուսը թափահարում էր գլխավերեւում։  ― Իմ սիրելի Պարկինսնե՜ր եւ Բոքոնակնե՜ե, ― նորից սկսեց նա, ― սիրելիներդ իմ Ճագարակնե՜ր եւ Բրենդիզայքնե՜ր, Գեղացինե՜ր, Ուտոնցնե՜ր ու Խմոնցնե՜ր, Խորափորնե՜ր, Զուռնաչնե՜ր, ինչպես նաեւ Կուղբոնցնե՜ր, Ցմփորիկնե՜ր, Տոհմակնե՜ր, Փորսուղնե՜ր եւ Մազաթափնե՜ր․․․ ― Եվ Մազաթաթնե՛ր, ― անկյունից գոռաց մի տարիքավոր հոբիթ։ Նա, իհարկե, Մազթաթ էր, սեղանին դրած նրա խոշոր թաթերը մազոտ էին։  ― Մազթաթնե՜ր, ― համաձայնեց Բիլբոն։ ― Սիրելի Քսակ֊Պարկինսներ, ես ուրախ եմ ձեզ ողջունելու Զառիթափի Պարկուտում։ Այժմ լրացել է իմ հարյուր տասնմեկ տարին՝ կարելի է ասել երեք հատ մեկ․․․  ― Ուռռա՜, ուռռա՜, ուռռա՜, երկար կյանք ունենաս, ― գոռացին հյուրերն ու ուրախ թեմբկահարեցին սեղաններին։  ― Հուսով եմ, որ բոլորդ էլ նույնքան ուրախ եք, որքան ես։  Խլացուցիչ ծափահարություններ, ճիչեր․ «Բա ո՜նց, բա ո՜նց»։ Շեփորներ ու փողեր, սրինգներ ու ֆլեյտաներ, զրնգոց ու թնդյուն։  Երիտասարդ հոբիթները հարյուրավոր երաժշտական չրխկաններ բացեցին՝ ՉՐՆՐՉ տարօրինակ դաջվածքով, նրանք չէին հասկանում, թե այդ դաջվածքն ինչի համար է, բայց չրխկանները հիանալի էին։ Դրանց մեջ դրված էին փոքրիկ հնչեղ գործիքներ։ Վրանի անկյունում պատանի Ճագարակներն ու Բրենիզայքները որոշելով, որ քեռի Բիլբոն արդեն վերջացրել է խոսելը (կարծես թե ամեն ինչ ասաց), նվագախումբ կազմեցին ու սկսեցին պարել։ Պատանի Շատուրախ Ճագարակն ու դեռատի Չաչանակ Բրենդիզայքը բարձրացան սեղանին ու սկսեցին զանգակները ձեռքներին «Զմփիկ֊դմփիկ» պարել՝ շատ դուրեկան, բայց մի քիչ բուռն պար։  Սակայն Բիլբոն ուշադրություն պահանջեց։ Նա մի փոքրիկ հոբիթի ձեռքից փողը խլեց ու երեգ անգամ փչեց։ Աղմուկը դադարեց։  ― Ես ձեզ երկար չե՛մ զբաղեցնի, ― գոռաց Բիլբոն։  Ամեն կողմից ծափահարեցին։  ― Ես ձեզ հավաքել եմ այժմ մի հատուկ նպատակով։ ― Սա այնպես էր ասված, որ բոլորը զգուշացան։ ― Ավելի ճիշտ՝ ոչ թե մեկ, այլ երեք հատուկ նպատակով (համարյա լռություն տիրեց եւ Ճագարակներից ոմանք նույնիսկ պարտաստվեցին լսելու)։ Նախ՝ ձեզ ասեմ, որ ես երջանիկ եմ բոլորիդ տեսնելու համար եւ որ այդպիսի հրաշալի հոբիթների հետ, ինչպիսին դուք եք, հարյուր տասնմեկ տարի ապրելուց հեշտ բան չկա․․․  Հավանության ուրախ գվվոց։  ― Ձեր բարի կեսին ես երկու անգամ ավելի վատ գիտեմ, քան հարկն է, իսկ վատ կեսին սիրում եմ երկու անգամ ավելի պակաս, քան պետք է։  Ուժեղ էր ասված, բայց ոչ լրիվ հասկանալի։ Հատուկենտ ծափեր հնչեցին, եւ բոլորը մտքերի մեջ ընկան․ արդյոք հաճելի՞ է դա լսելը։  ― Երկրորդը, որ դուք ուրախանաք իմ ծննդյան օրը։  Նախկին խրախուսիչ գվվոցը։  ― Ոչ թե իմ, այլ՝ մեր։ Քանի որ այդ օրը, ինչպես գիտեք, ոչ միայն ես եմ ծնվել, այլեւ իմ հորեղբոր ծոռը, իմ ժառանգ Ֆրոդոն։ Այժմ նա չափահաս է դառնում եւ անցնում է իմ կյանքի տնօրինությանը։  Ավագներից ինչ֊որ մեկը մեծահոգաբար ծափահարեց։ «Ֆրոդո՜, Ֆրոդո՜․․․ ծերուկ Ֆրո՜դո․․․» գոչգոչում էին երիտասարդները։ Քսակ֊Պարկինսները մռայլվեցին ու սկսեցին մտմտալ, թե այդ ինչպե՞ս է Ֆրոդոն «անցնում կյանքի տնօրինությանը»։  ― Լրանում է երկուսիս հարյուր քառասունչորս տարին, ճիշտ այնքան, ինչ քանակությամբ որ դուք եք այստեղ հավաքվել, կներեք արտահայտության համար՝ մեկ գուրտ։  Հյուրերը լուռ էին։ Այս ինչ նորություններ են։ Շատերը, հատկապես Քսակ֊Պարկինսները վիրավորվեցին, ենթադրելով, որ իրենց հրավիրել են այստեղ միայն կլոր թիվ լրացնելու համար։ «Համա՜ թե բան ասաց, մեկ գուրտ։ Թուհ, ի՜նչ էլ գռեհիկ է»։  ― Բացի այդ, այսօր տարելիցն է այն օրվա, երբ ես տակառին հեծած հասա Երկար լճի Էսգարոթ քաղաքը։ Չնայած այն ժամանակ ծննդյանս օրվա մասին բավական ուշ եմ հիշել։ Ընդամենը հիսունմեկ տարեկան էի, իսկ երիտասարդ տարիքում մեկ֊երկու տարին ի՞նչ որ։ Ճիշտ է, չտեսնված քեֆ սարքեցինք, միայն թե, հիշում եմ, խիստ մրսած էի ու հազիվհազ կմկմում էի․ «Չազանց երախտ եմ»։ Այժմ առիթից օգտվելով ասում եմ ինչպես հարկն է․ չափազանց երախտապարտ եմ բոլորիդ այն բանի համար, շոնրհ եք արել իմ համեստ տոնախմբությանը․․․  Համառ լռություն։ Բոլորը վախենում էին, որ հիմա ն մի երգ կամ բանաստեղծությու կսկսի, ու նախապես ձանձրանում էին․ ի՞նչ կլիներ, որ դրանով էլ վերջացներ, իրենք էլ կխմեին նրա ողջության կենացը։ Բայց Բիլբոն ոչ երգեց, ոչ էլ բանաստեղծություն արտասանեց։ Նա դանդաղ շունչ քաշեց։  ― Երրորդը եւ վերջինը, ― ասաց նա, ― ես ուզում մեկ Հայտարարություն անել։ ― Այդ բառը հանկարծ նա այնքան բարձր արտասանեց, որ բոլորը, ով դեռ չ վիճակի էր այդ անել, ուղղվեցին։ ― Վշտագին հայտարարում եմ ձեզ, որ թեպետ, ինչպես արդեն ասացի, հարյուր տասնմեկ տարի ձեր մեջ ապրելը շատ հեշտ է, սակայն ժամանակն է նաեւ պատվի մասին մտածելու։ Ես վերանում եմ։ Այս էր, որ ինձ տեսաք։ Մնաք բարով․․․  Նա աթոռից իջավ ու անհետացավ։ Կուրացուցիչ բոց բռնկվեց, ու բոլոր հյուրերը աչքները փակեցին։ Աչքները բաելով, նրանք տեսան, որ Բիլբոն ոչ մի տեղ չկա։ Հարյուր քառասունչորս շշկռված հոբիթներն այդպես էլ քարացան։ Ծերունի Օթհո Մազթաթը ոտքերը սեղանից իջեցրեց ցած ու սկսեց դոփել։ Հետո մեռյալ լռություն տիրեց, հյուրերն ուշքի էին գալիս։ Եվ հանկարծ Պարկինսները, Բոքոնակները, Ճագարակները, Բրենդիզայքները, Գեղանիցները, Ուտոնցներն ու Խմոնցները, Խորափորները, Կուղբոնցները, Ցմփորիկները, Փորսուղները, Տոհմակները, Զուռնաչները, Մազթափներն ու Մազթաթները՝ բոլորը միաժամանակ սկսեցին խոսել։  Նրանք համաձայնում էին մեկը մյուսի հետ, որ դա անվայել արարք էր ու անհարգալիր, որ հարկավոր է շտապ ուտելով ու խմելով դա մոռացության տալ։ «Ես միշտ էլ ասում էի, որ նա ծալապակաս է», ― լսվում էր ամեն կողմից։ Նույնիսկ չարաճճի Ճագարակները, չնչին բացառությամբ հավանություն չէին տալիս Բիլբոյին։ Համարյա ոչ ոք չասկացավ, թե ինչ տեղի ունեցավ․ փնովում էին հիմար արարքը։ Միայն ծեր ու իմաստուն Դուրրի Բրենդիզայքը խորամանկորեն աչքը ճտեց։ Ոչ զառամյալ հասակը, ոչ ուտեստների լիառատությունը նրա դատողությունը չէին կարողացել մթագնել, եւ նա իր հարս Զամիրալդային ասաց․  ― Ոչ, սիրելիս, այդ բոլորը հենց այնպես չէ։ Պարկինսը, ախր, համբակ է, երեւի նորից փախավ։ Ծեր հիմարը չի հանդարտվում։ Ի՜նչ արած։ Սեղանին ուտելիք հո՜ մնացել է։  Եվ նա ձայնեց Ֆրոդոյին, որ էլի գինի բերի։  Իսկ Ֆրոդոն միակն էր, որ ոչ մի բառ չէր արտասանել։ Լուռ նստել էր Բիլբոյի դատարկ աթոռի մոտ, բացականչություններին ու հարցերին ոչ մի ուշադրություն չդարձնելով։ Նա, իհարկե, գնահատեց արվածը, թեպետ այդ մասին նախապես գիտեր, ու հազիվ էր ծիծաղը պահում հյուրերի համերաշխ վրդովմունքի վրա։ Բայց ինչ֊որ շատ ծանր էր իր համար։ Նա հանկարծ հասկացավ, ր ծեր հոբիթին բավական լրջորեն է սիրում։ Հյուրերն ուտում֊խմում էին, քննարկում ու դատափետում էին Բիլբո Պարկինսի հին ու նոր հիմարությունները։ Զայրացան ու մեկնեցին միայն Քսակ֊Պարկինսները։ Վերջապես, Ֆրոդոն կարգադրություններ անելուց հոգնեց․ նա ձայն տվեց, որ էլի գինի մատուցեն, լուռ վեր կացավ, գավաթը դատարկեց Բիլբոյի ողջության կենացը եւ սուսուփուս վրանից դուրս ելավ։  Բիլբո Պարկինսը ճառելիս գրպանում շոշափում էր ոսկե Մատանին, այն նույն Մատանին, որ այսքան տարի գաղտնի էր պահում։ Աթոռից իջնելով, նա Մատանին հագավ, եւ այդ ժամանակվանից Հոբիթստանում նրան ոչ մի հոբիթ այլեւս չի տեսել։  Ժպիտով ականջ դնելով, թե ինչպես էն խժդժում ապշահար հոբիթները վրանում եւ ինչպես են լիասիրտ քեֆ անում հատուկ հրավերով չեկած հոբիթները, Բիլբոն գնաց տուն, հանեց տոնական հագուստը, ծալեց մետաքսե անթեւ բաճկոնը, խնամքով փաթաթեց թղթի մեջ եւ պահեց դարակում։ Հետո արագորեն վրան գցեց ինչ֊որ քրջեր ու կապեց հին կաշվե գոտին։ Գոտուց մի կարճ, հնամաշ պատյանով թուր էր կախված։ Բիլբոն հառաչեց եւ նավթալինով հագեցած պահարանից հանեց կնգուղավոր թիկնոցը։ Թիկնոցը պահված էր որպես թանկարժեք մի բան, չնայած պատված էր լաքաներով ու խունացած էր, իսկ ինչ֊որ ժամանակ երեւի մուգ կանաչ էր եղել։ Հագուստը հոբիթի վրայով մեծ էր։ Նա մտավ իտ աշխատասենյակը եւ գաղտնի դարակից շորի մեջ փաթաթված խորհրդավոր կապոց հանեց․ ձեռագիրը մեջը կաշվե թղթապանակ եւ ինչ֊որ հաստ ծրար։ Ձեռագիրն ու կապոցը խոթեց մի մեծ ու բերնեբերան լցված ուսապարկին։ Բայց հետո շտապով վերցրեց եւ դրեց գրպանը։ Այստեղ դուռը բացվեց ու արագաքայլ ներս մտավ Գանդալֆը։  ― Ողջույն, ― ասաց Բիլբոն։ ― Ես էլ հենց մտածում էի, թե ինչու չես երեւում։  ― Ուրախ եմ, որ հիմա տեսանելի ես, ― պատասխանեց հրաշագործը բազկաթոռին նստելով, ― որովհետեւ ուզում եմ մի երկու խոսք փոխանակել քեզ հետ։ Դե ինչ, քո կարծիքով, ամեն ինչ լա՞վ ստացվեց։  ― Իհարկե՛, ― հատսատեց Բիլբոն։ ― Միայն բոցի բռնկումն էր ավելորդ, նույնիսկ ես զարմացա, ո՜ւր մնաց մյուսները։ Պարզ է, որ քո գործերն են։  ― Իհարկե, իմ։ Իզուր չէ, որ երկար տարիներ Մատանին թաքցրել էիր, դե թող հիմա քո հյուրերը որոշեն․ դու անհայտացա՞ր, թե կատակ արեցիր։  ― Իսկ կատակս փչացրիր, ― ասաց Բիլբոն։  ― Դե ոչ թե կատակը, այլ հիմար խաղը․․․ միայն թե խոսելն արդեն ուշ է։ Անհանգստացրիր հարազատներիդ եւ ինն օր կամ իննսունինն օր քո մասին կխոսի ողջ Հոբիթստանը։  ― Թող բարբաջեն։ Ինջ հանգիստ է պետք, երկարատեւ հանգիստ, ես քեզ ասել եմ, չէ՞, անժամկետ հանգիստ․ հազիվ թե երբեւէ վերադառնամ այստեղ։ Դե, կարիք էլ չկա, ամեն ինչ տեղը տեղին դասավորված է․․․ Ծերացել եմ ես, Գանդալֆ, ոսկորներս նվվում են։ Բա՜ն են գտել ասելու․ «Լավ է պահպանվել»․․․։ ― Նա ֆռթացրեց։ ― Հասկանո՞ւմ ես, բարակ֊բարակել եմ, ոնց որ քցիպի հացի վրայի կարագը։ Դա զզվելի է, հարկավոր ինչ֊որ ձեւով փոփոխել կյանքը։  Գանդալֆը նրանից չէր հեռացնում սեւեռուն, մտահոգ հայացքը։  ― Ճիշտ է, իսկապես զզվելի է, ― մտախոհ ասաց նա։ ― Դու ամեն ինչ ճիշտ ես մտածել։  ― Արդեն էլ ինչ կա, գործը վճռված է։ Ես ուզում եմ նորից տեսնել լեռները։ Հասկանո՞ւմ ես, Գանդալֆ, լեռները։ Ուզում եմ մի տեղ գտնել, որտեղ իսկապես կարելի է հանգիստ առնել։ Խաղաղ ու հանգիստ, առանց պնդերես ազգականների, առանց հյուրերի, որպեսզի զանգը տվող չլինի։ Չէ որ գիրքս էլ պետք է ավարտեմ։ Գրքիս համար հրաշալի վերջ եմ մտածել․ «․․․ եւ ապրեց երջանիկ մինչեւ իր օրերի վերջը»։  Գանդալֆը ծիծաղեց․  ― Վերջը վատ չի։ Մենակ թե կարդացող չկա, ինչպես ուզում ես վերջացրու։  ― Ում պետք է, կկարդա։ Հրեն, Ֆրոդոն արդեն կարդացել է, չնայած վերջը չկար։ Ի դեպ, դու աչքդ Ֆրոդոյի վրա կպահե՞ս։  ― Երկու աչքս, չնայած հիմա դրա ժամանակը չունեմ։  ― Նա, իհարկե, հենց իմ առաջին կանչով կգար ինջ հետ։ Նույնիսկ խնդրում էր՝ Հյուրասիրությունից քիչ առաջ։ Բայց առայժմ այդ բոլորը նրա մոտ խոսքեր են։ Ա՜յ ինձ հարկավոր է մեռնելուց առաջ թավուտներն ու լեռները տեսնել, իսկ Ֆրոդոյի սիրտն այստեղ է, Հոբիթստանում, որտեղ կան մարգագետիններ, անտառակներ՝ տաքուկ հարմարավետ։ Հասկանաելի է, ես ամեն ինչ թողել եմ նրան, բացի մի քանի չնչին բաներից, հուսով եմ, երբ լրիվ վարժվի, երջանիկ կլինի։ Ժամանակն է, որ ինքը տերուտնօրեն դառնա։  ― Ամեն ինչ թողե՞լ ես, ― հարցրեց Գանդալֆը, ― Մատանի՞ն էլ։ Դու այդպես էիր որոշել, հիշո՞ւմ ես․․․  ― Ի֊իհարկե ամեն ինչ․․․ իսկ Մատանին․․․ ― Բիլբոն հանկարծ պապանձվեց։  ― Որտե՞ղ է․․․  ― Ծրարի մեջ, եթե ուզում ես իմանալ, ― զայրացավ Բիլոբն։ ― Այնտեղ, բուխարիկի վրա։ Ոչ, այնտեղ չէ․․․ գրպանումս է։ ― Նա շփոթվեց։ ― Տարօրինակ է, ― քրթմնջաց նա։ ― Չնայած ի՞նչ տարօրինակ բան կա այստեղ։ Ուզենամ՝ կթողնեմ, չեմ ուզի՝ չեմ թողնի։  Գանդալֆը նայեց Բիլբոյին, եւ նրա աչքերը մի թեթեւ փայլեցին։  ― Իմ կարծիքով, Բիլբո, հարկավոր է թողնել, ― ասաց նա։ ― իսկ դու, ի՞նչ է, չե՞ս ուզում։  ― Ինքս էլ չգիտեմ։ Հիմա ինչ֊որ չեմ ուզում բաժանվել դրանից։ Եվ հետո՝ ինչո՞ւ։ Իսկ դու ի՞նչ ես կպել ինձանից, ― հարցրեց նա բեկբեկուն համարյա ծղրտալից ձայնով, գրգռված ու կասկածամտորեն։ ― Իմ Մատանին անհանգստացնում է քեզ, ասենք թե շատ բան եմ ձեռք բերել, քո ի՞նչ գործն է․․․․  ― Այո, իսկապես հանգիստ չի տալիս, ― հաստատեց Գանդալֆը։ ― Վաղուց էի ուզում քեզանից իմանալ ճշմարտությունը, շա՜տ վաղուց։ Կախարդական Մատանիները, գիտե՞ս արդյոք, կարխարդական են ամեն տեսակ նենգությւոններով ու անակնկալներով։ Իսկ քո Մատանին ինձ հատկապե՛ս էր հետաքրքրում, չեմ թաքցնի։ Եթե դու արդեն գնում ես ճանապարհորդելու, ապա ես ամեն կերպ պետք է աչքիցս չկորցնեմ այն։ Չափազանց երկար չտիրեցի՞ր դրան։ Հավատա ինձ, Բիլբո, Մատանին քեզ պետք չի գա։  Բիլբոն կարմրեց ու Գանդալֆի վրա մի կատաղի հայացք նետեց։ Նրա բարեհոգի դեմքը հանկարծ դաժանացավ։  ― Որտեղի՞ց գիտես, ― գոռաց նա։ ― Քո ի՞նչ գործն է։ Ի՛մն է, ի՛մն էլ կա։ Իմը, հասկանալի՞ է։ Ես եմ գտել, ինքն է իմ ձեռքը եկել։  ― Իհարկե, իհարկե, ― ասաց Գանդալֆը։ ― Միայն թե ի՞նչ կարիք կա այդպես հուզվելու։  ― Քեզ հետ մարդ իրենից դուրս կգա, ― պատասխանեց Բիլբոն։ ― Քեզ ասում եմ՝ իմն է։ Իմը․․ ի՛մ սքանչելին․․ Այո, հենց այդպես, ի՛մ սքանչելին․․․  Գանդալֆը նայում էր հանգիստ ու սեւեռուն, միայն թե նրա աչքերում տագնապալի զարմանք վառվեց։  ― Գիտենք, ― նկատեց նա, ― Մատանին այդպես անվանել են, բայց ո՛չ դու։  ― Այն ժամանակ ես չէի, իսկ հիմա՝ ես եմ ասում։ Եվ ի՞նչ։ Տեսե՜ք, տեսե՜ք, Գորլումն է ասել։ Նրանն է եղել Մատանին, իսկ հիմա իմն է։ Ի՛մն է, եւ ընդմիշտ։  Գանդալֆը վեր կացավ, եւ նրա ձայնը դաժան դարձավ։  ― Զգուշացի՛ր, Բիլբո, ― ասաց նա։ ― Մատանին թող, իսկ ինքդ գնա ուր ուզում ես, եւ կազատվես։  ― Թո՜ւյլ տվեցիր, շնորհակալ եմ։ Ինքս եմ իմ գլխի տերը․․․ ― համառորեն ճչաց Բիլբոն։  ― Հանգի՜ստ, հանգի՜ստ, սիրելի հոբիթ, ― խոսեց Գանդալֆը։ ― Քո ողջ կյանքում մենք ընկերներ ենք եղել, համա մի հիշի՛ր։ Դե՜, դե՜, արա ինչպես խոստացել ես՝ ուր այստեղ Մատանին։  ― Ուրեմն, ի՞նքդ ես ուզում․․․ Այդ դեպքում՝ ո՛չ, ― գոռաց Բիլբոն։ ― Չե՛ս ստանա․․․ Ես իմ սքանչելիին քեզ չեմ տա, հասկացա՞ր։ ― Նա բռնեց փոքրիկ թրի կոթը։  Գանդալֆի աչքերը փայլատակեցին։  ― Չէ՞ որ ես էլ կարող եմ զայրանալ, ― զգուշացրեց նա։ ― Զգո՜ւյշ, թե չէ Գանդալֆ Մոխրագույնին կտեսնես զայրացած․․․ ― Նա մի քայլ արեց դեպի հոբիթը, ահագնացավ, եւ նրա ստվերը գրավեց ամբողջ սենյակը։  Բիլբոն հետ֊հետ գնաց․ նա հեւում էր եւ չէր կարողանում ձեռքը գրպանից հանել։ Այդպես նրանք կանգնել էին մեկը մյուսի դիմաց, եւ օդը ասես զնգում էր։ Գանդալֆը հայացքով հոբիթին մեխեց պատին․ Բիլբոյի բռունցքները բացվեցին, եւ նա դողաց․  ― Այդ ի՞նչ ես անում, Գանդալֆ, ախր ոնց որ բոլորվին էլ դու չլինես, ― ասաց նա։ ― Ի՞նչ է պատահել։ Չէ՞ որ դա իմն է։ Չէ՞ որ ես եմ գտել, եւ եթե դա չլիներ, Գորլումն ինձ կսպաներ։ Ես գող չեմ, ես դա չեմ գողացել, հետո ի՞նչ, թե իմ հետեւից ինչ է գոռացել։  ― Ես քեզ գող չեմ էլ անվանել, ― պատասխանեց Գանդալֆը։ ― Դե ես ինքդ էլ թալանչի չեմ՝ քո «սքանչելին» ձեռքիցդ չեմ խլում, այլ օգնում եմ քեզ։ Ավելի լավ կլիներ առաջվա պես վստահեիր ինձ։ ― Նա շրջվեց, ստվերը սեղմվեց, եւ Գանդալֆը նորից ծեր ու հոգնած, կորամեջք ու մտահոգ դարձավ։ Բիլբոն ձեռքի ափով շփեց աչքերը։  ― Ների՛ր, խնդրում եմ, ― ասաց նա, ― վրաս ինչ֊որ բան եղավ․․․ Իսկապես որ, հիմա կարծեց անցավ։ Վաղուց ես՝ ես չեմ․ ինչ֊որ մեկի հայացքն է ինձ փնտրում, թե ինչ․․․ Ու անընդհատ էլ, գիտե՞ս, ցանկություն եմ ունենում հագնել, որպեսզի անհետանամ, դրա համար էլ շարունակ շոշափում եմ, հետո ձեռքս հանում։ Փորձում եմ փակել դարակում, բայց երբ Մատանին գրպանումս չէ, հանգիստ չունեմ։ Ահա հիմա ինքս էլ չգիտեմ, թե ինչ անեմ այն։  ― Քո փոխարեն ես գիտեմ, թե ինչ պետք է անել, ― հայտարարեց Գանդալֆը։ ― Առայժմ գիտեմ։ Գնա եւ Մատանին թող այստեղ։ Հրաժարվիր դրանից։ Տուր Ֆրոդոյին, իսկ մնացածն իմ հոգսն է։  Բիլբոն անվճռականությամբ կանգնեց։ Հետո հառաչեց։  ― Լավ, ― ասաց նա, ― կտա՛մ։  Ապա ուսերը թոթվեց ու մեղավոր ժպտաց։  ― Ճիշտն ասած, դրա համար էլ սարքեցի այս տոնախմբությունը, որ ավելի շատ նվերներ բաժանվեր եւ միաժամանակ արդեն․․․ Թվում էր, այդպես ավելի հեշտ կլինի։ Իզուր էր թվում, իսկ հիմա պետք է գործը մինչեւ վերջ հասցնել։  ― Այլապես չարժեր սկսել, ― հաստատեց Գանդալֆը։  ― Ինչ արած, ― ասաց Բիլբոն։ ― Թող այն մնացած բաների հետ մեկտեղ հասնի Ֆրոդոյին։ ― Նա խոր հառաչեց։ ― Ժամանակն է, ես գնամ, թե չէ մեկ էլ տեսար մեկնումեկի աչքովն ընկա։ Բոլորին հրաժեշտ եմ տվել․․․ ― Նա վերցրեց ուսապարկն ու քայլեց դեպի դուռը։  ― Մատանին գրպանումդ մնաց, ― հիշեցրեց հրաշագործը։  ― Մնաց, այո, ― դառնությամբ գոռաց Բիլբոն։ ― Դրա հետ էլ կտակն ու մյուս թղթերը։ Վերցրու, ինքդ տնօրինիր։ Այդպես ավելի հուսալի կլինի։  ― Ոչ, Մատանին ինձ մի տուր, ― ասաց Գանդալֆը։ ― Դիր բուխարիկի վրա։ Ֆրոդոն հիմա կերեւա։ Ես կսպասեմ։  Բիլբոն ծրարը հանեց գրպանից ու քիչ էր մնում դներ ժամացույցի կողքը, բայց ձեռքը դողաց ու ծրարն ընկավ գետնին։ Գանդալֆը վայրկյանապես կռացավ, բարձրացրեց ու դրեց տեղը։ Հոբիթը նորից կատաղությունից ցնցվեց։  Բայց հանկարծ նրա դեմքը պայծառացավ ու ժպիտով լուսավորվեց։  ― Դեհ, ահա եւ բլորը, ― թեթեւացած ասաց նա։ ― Գնալու ժամանակն է։  Նրանք դուրս եկան միջանցք։ Բիլբոն ձեռքը վերցրեց իր սիրելի ձեռնափայտը եւ սուլեց։ Զանազան դռներից երեք թզուկ հայտվեցին։  ― Ամեն ինչ պատրա՞ստ է, ― հարցերց Բիլբոն։ ― Փաթաթվա՞ծ, մակագրվա՞ծ է․․․  ― Պատրաստ է, ― եղավ պատասխանը։  ― Դե ուրեմն՝ գնացինք։ ― Եվ նա քայլեց դեպի դուռը։  Պարզ գիշեր էր, սեւ երկնքում աստղեր էին փայլում։ Բիլբոն նայեց երկնքին ու լիաթոք շունչ քաշեց։  ― Մի՞թե, մի՞թե նորից ճանապարհ, ուր աչքդ կտրի, այն էլ թզուկների հետ․․․ Օհ, քանի՜ տարի եմ երազել այդ մասին․․․ Մնաս բարով․․․ ― ասաց նա իր տանը, գլուխը խոնարհելով։ ― Մնաս բարով, Գանդալֆ․․․ ― Ոչ թե մնաս բարով, Բիլբո, այլ ցտեսություն․․․ Միայն զգույշ եղիր․․ Դու փորձված հոբիթ ես ու իմաստուն․․․  ― Զգույշ եղիր․․․ Էլ ի՞նչ կուզեիր․․ Այդ մեկն արդեն՝ ո՛չ, իմ մասին հիմա մի անհանգստացիր։ Ես երջանիկ եմ, ինչպես վաղուց չեմ եղել, հավանաբար ինքդ էլ հասկանում ես, թե դա ինչ է նշանակում։ Իմ ժամանակը հասել է, եւ իմ ճամփան ինձ է սպասում։  Նա հառաչեց, առանց մի խոսք ասելու՝ մեջքով շրջվեց դեպի լույսերն ու գնաց՝ հետեւից էլ երեք թզուկը։ Սկզբում գնաց մտավ այգի, մտավ բարձր, խիտ խոտերի մեջ, ասես քամին շարժեր դրանք։  Գանդալֆը կանգնած նայում էր նրա հետեւից, մթության մեջ։  ― Ցտեսությո՛ւն, Բիլբո՜, իմ թանկագին հոբի՜թ․․․ ― ցածրաձայն ասաց նա եւ վերադարձավ տուն։   Ֆրոդոն իրեն շատ սպասել չտվեց, հայտնվեց ու տեսավ, որ Գանդալֆը մտքերի մեջ խորասուզված նստած է կիսախավար սենյակում։  ― Գնա՞ց, ― հարցրեց Ֆրոդոն։  ― Այո, գնաց, ― պատասխանեց Գանդալֆը, ― կարողացավ գնալ։  ― Իսկ ի՜նչ լավ կլիներ․․․ այսինքն, ես այնուամենայնիվ ամբողջ երեկո հույս ունեի, որ դա պարզապես կատակ է, ― ասաց Ֆրոդոն։ ― Թեպետ հոգուս խորքում գիտեի, որ նա իսկապես էլ կգնա։ Նա միշտ էլ լուրջ կատակներ է արել։ Իսկ հիմա ախր ուշացա ճանապարհ դնելուց։  ― Ոչինչ, նա հավանաբար այդպես էլ ուզում էր գնալ՝ սուսուփուս, ― ասաց Գանդալֆը։ ― Մի՛ վշտանա։ Հիմա նա իրեն լավ կզգա։ Քեզ փաթեթ է թողել։ Ա՜յ, այնտեղ է։  Ֆրոդոն վերցրեց ծրարը բուխարիկի վրայից, նայեց, նայեց, բայց չբացեց։  ― Այնտեղ պետք է կտակը լինի եւ այդ կարգի այլ թղթեր, ― ասաց հրաշագործը։ ― Դու այժմ Պարկուտի տերն ես։ Հա, այնտեղ է նաեւ ոսկե Մատանին։  ― Ինչպե՞ս, Մատանի՞ն էլ, ― բացականչեց Ֆրոդոն։ ― Նա դա էլ է թողել ինձ։ Ինչի՞ համար։ Ոչի՛նչ, պետք կգա։  ― Գուցե պետք կգա, իսկ գուցե եւ՝ ոչ, ― ասաց Գանդալֆը։ ― Ես քո փոխարեն Մատանուն առայժմ ձեռք չէի տա։ Պահպանիր այն եւ բացբերանություն մի արա։ Իսկ ես գնամ քնեմ։  Նոր օրը հոգսերով լի էր։ Հրդեհի արագությամբ լուր տարածվեց, իբրեւ թե Բիլբոյի ողջ ունեցվածքը վաճառքի է հանվելու կամ, ավելին՝ ձրի է բաժանվելու՝ արի ու վերցրու։ Հոբիթները խառնիխուռն ներս էին խուժում, իսկ տնից դուրս էին գալիս առանձին֊առանձին։ Սայլերն ու սայլակները բակը լցրել էին առմուտքից մինչեւ դարպաս։ Իրարանցման թեժ պահին հայտնվեցին Քսակ֊Պարկինսները։ Ֆրոդոն հենց այդ ժամանակ գնացել էր մի քիչ հանգստանալու եւ իր փոխարեն թողել էր բարեկամի՝ Մերի Բրենդիզայքին։ Երբ Օթհոն բարձրագոչ պահանջեց Բիլբոյի «այդ զարմիկ կոչեցյալին», Մերին խոնարհվեց եւ ձեռքերը տարածեց։  ― Նա վատառողջ է, ― ասաց նա։  ― Կարճ ասած, այդ զարմիկը թաքնված է, ― ճշտեց Սերինիան։ ― Դե, իսկ մենք եկել ենք նրան տեսության եւ անպայման կտեսնենք։ Հապա մի գնա ու զեկուցիր նրան։  Մերին գնաց զեկուցելու, եւ Քսակները երկար տնկվեցին դրսում։ Վերջապես նրանց ներս թողեցին աշխատասենյակ։ Ֆրոդոն նստած էր թղթերի մեջ կորած աշխատասեղանի առջեւ։ Նրա տեսքը հիվանդի էր, համենայնդեպս ոչ շատ բարեհամբույր՝ նա վեր կացավ, կանգնեց սեղանի մոտ, ձեռքերը գրպանում, բայց խոսում էր շատ հարգալիր։  Իսկ Քսակներն իրենց բավական աներես էին պահում։ Սկզբում նրանք սկսեցին զանազան իրերի համար շան մսի գին առաջարկել։ Ֆրոդոն պատասխանեց, որ նվերները՝ նվեր, իսկ ինչ վերաբերում է վաճառքին, ապա այստեղ առհասարակ ոչինչ չի վաճառվում։ Նրանք շրթունքները ծռմռեցին եւ ասացին, որ դա նրանց շատ կասկածելի է թվում։  ― մի բան ինձ համար պարզ է, ― ավելացրեց Օթհոն, ― որ ո՜վ֊ո՛վ, բայց դու ձեռքերդ լավ֊լա՜վ յուղել ես։ Պահանջում եմ անմիջապես ցույց տալ կտակը․․․  Եթե «զարմիկը» չլիներ, կալվածքը Օթհոյին կհասներ։ Նա կարդաց կտակը, վերընթերցեց եւ ֆռթացրեց։ Ավաղ, ամեն ինչ այնպես հստակ էր, եւ ութ վկա շատ խնամքով ստորագրել էին կարմիր թանաքով։  ― Մեզ նորից հիմարացրին, ― կնոջն ասաց Օթհոն։ ― Վաթսուն տարի սպասեցինք՝ եւ նորից․․․ Նա քեզ ի՞նչ է նվիրել, արծաթե գդալներ․․․ Ա՜յ քեզ սրիկա․․․  Նա չարացած նայեց Ֆրոդոյին ու հեռացավ։ Ճիշտ է, Սերինիան մի քիչ էլ մնաց։ Շուտով Ֆրոդոն զգուշությամբ գլուխը դուրս հանես աշխատասենյակից եւ տեսավ, որ նա մանրակրկիտորեն ստուգում է բոլոր անկյուններն ու թխկթխկացնում պատերն ու հատակը։ Ֆրոդոն վճռականորեն դուրս ճանապարհեց նրան։ Ըստ երեւույթին, Սերինիան պատրաստվում էր հրաժեշտին ինչ֊որ սպանիչ բան ասել եւ, շեմին շրջվելով՝ ֆշշացրեց․  ― Դու դեռ դրա համար կզղջաս, կաթնակեր։ Դո՞ւ ինչու ես մնացել, այստեղ քո տեղը չէ․ քեզնից ի՞նչ Պարկինս․․․ Դու․․․ դու ամենաիսկական Բրենդիզայք ես․․․  ― Լսեցի՞ր, Մերի։ Այ թե ինչպես են ինձ անպատվում, ― ասաց Ֆրոդոն նրա հետեւից դուռը փակելով։  ― Ի՜նչ էլ մի անպատվություն է, ― արձագանքեց Մերի Բրենդիզայքը։ ― Քեզ հաճոյախոսություն արեցին, իսկ դու ասում ես՝ անպատվեցին։ Դե քեզանից ի՜նչ Բրենդիզայք․․․   Ֆրոդոն ու Մերին զննեցին ամբողջ տունը ու վռնդեցին երեք պատանի հոբիթի (երկու Բոքոնակ ու մեկ Կուղբոնց), որոնք խուզարկում էին նկուղները։ Արագաշարժ Կրծունիկ Մազաթաթի հետ իսկական ծեծկռտուք ստացվեց․ նա մեծ մառանում թխկթխկացնում էր հատակը, ականջ դնում արձագանքին եւ առանց դադարի քանդում։  Բիլբոյի գանձերի մասին պատմությունները ագահ հետաքրքրասիրություն ու սին հույսեր էին արթնացնում, մանավանդ որ հայտնի է, թե մութ ճանապարհներով, երբեմն էլ չարագործությամնբ ձեռք բերված ոսկի արժե հափշտակել, միայն թե չխանգարեն։  Գրիզլիին խեղճացնելով ու դռնից դուրս շպրտելով, Ֆրոդոն փլվեց աթոռին։  ― Վերջակետ դիր, Մերի, ― ասաց նա։ ― Դուռը կողպիր եւ այլեւս ոչ ոքի չթողնես, թեկուզ բաբանով գա։  Նա հազիվ էր նստել ու ուզում էր թեյ խմել, երբ դուռը կամաց թակեցին։ «Նորից Սերինիան է, ― մտածեց նա, ― թող սպասի մինչեւ վաղը, թերեւս ավելի վիրավորական մի բան կմտածեմ»։ Նա գավաթից կում արեց, ուշադրություն չդարձնելով նոր, ավելի ուժեղ թանկոցին։ Հանկարծ պատուհանից երեւաց հրաշագործի գլուխը։  ― Եթե դու հենց հիմա ինձ ներս չթողնես, Ֆրոդո, ես ոչ թե դուռդ կպոկեմ, այլ քո ամբողջ հյուղակը տարտարոսի գիրկը կուղարկեմ, ― ճչաց նա։  ― Այդ դո՞ւ ես, Գանդալֆ, ներիր, խնդրում եմ, ― շտապեց ասել Ֆրոդոն, դեպի դուռը նետվելով։ ― Նե՛րս արի, նե՛րս արի․․․ Ես կարծում էի Սերինիան է։  ― Որ այդպես է․ լա՛վ , ներում եմ։ Մի անհանգստացիր, ես նոր նրան տեսա Գետամերձում, այնպիսի թթված դեմք ուներ, որ մինչեւ հիմա ատամներս սվսվում են։  ― Իսկ ես ավելի լավ է չտրտնջամ։ Ազնվորեն ասած, քիչ էր մնում Բիլբոյի Մատանին հագնեի, այնքան որ ուզում էի անհետանալ։  ― Չե՞ս հագել, ուրեմն՝ ապրես, ― ասաց Գանդալֆը։ ― Մատանու հետ զգույշ եղիր, Ֆրոդո։ Ես հենց այդ պատճառով էլ եկել եմ, որ քեզ երկու խոսք ասեմ։  ― Իսկ ի՞նչ կա որ։  ― Ի՞նչ գիտես Մատանում մասին։  ― Ինչ որ Բիլբոն պատմել է, ամբողջ պատմությունը՝ ինչպես է ինքը գտել Մատանին, ինչպես է իրեն օգնել։  ― Եվ ի՞նչ պատմություն է նա քեզ պատմել, ― հետաքրքրվեց հրաշագործը։  ― Ոչ, ո՛չ այն, որ թզուկներին է պատմել եւ որ գրված է իր գրքում, ― պատասխանեց Ֆրոդոն։ ― Նա ինձ ճիշտն է պատմել, այստեղ իմ տեղափոխվելուց համարյա անմիջապես հետո։ «Թող մեր մեջ ամեն ինչ մաքուր լինի, Ֆրոդո, ― ասաց նա, ― միայն թե դու լռիր։ Հիմա արդեն, միեւնույն է, իմն է Մատանին»։  ― Մեկը մեկից հետաքրքիր է, ― նկատեց Գանդալֆը։ ― Դե, իսկ քեզ դո՞ւ է գալիս։  ― «Նվերի» մասի՞ն ես ասում։ Այո, հիմար ու անհեթեթ մտահղացում է։ Իսկ որ գլխավորն է, Բիլբոյին բոլորովին նման չէ, հիշում եմ, ես շատ զարմացա։  ― Ես նույնպես։ Բայց կախարդական գանձերի տերերը վաղ թե ուշ սկսում են իրենք իրենց չնմանվել։ Արդ դու էլ շրջահայց եղիր։ Այդ Մատանին նրա համար չի սարքված, որ երբ ուզենաս՝ անհետանաս, այն կարող է ուրիշ հատկություններ էլ ունենալ։  ― Ինչ֊որ անհասկանալի է, ― ասաց Ֆրոդոն։  ― Դե ինձ համար էլ լրիվ հասկանալի չէ, ― խոստովանեց հրաշագործը։ ― Այդ Մարանին ինձ իսկապես հետաքրքեց միայն երեկ երեկոյան։ Դու մի հուզվիր, ես կպարզեմ։ Եվ լսիր իմ խորհուրդը, մի խոր տեղ պահիր։ Իսկ ամենակարեւորը, խոսացկությունների ու ասեկոսեների առիթ չտաս։ Կրկնում եմ՝ պահիր այն եւ բերանբացություն չանես։  ― Այ քեզ, հանելո՜ւկ։ Իսկ դրա մեջ ի՞նչ վտանգավոր բան կա։  ― Ես դեռ վստահ չեմ եւ չեմ խոսի։ Բայց հաջորդ անգամ, երեւի, որոշ բան կլսես։ Առայժմ մնաց բարով, ես հենց հիմա գնում եմ։ ― Նա վեր կացավ։  ― Ինչպես թե, հենց հիմա․․․ ― բացականչեց Ֆրոդոն, ― իսկ ես կարծում էի գոնե մի շաբաթ կապրես մեզ մոտ եւ այնպես հույս ունեի քո օգնության վրա․․․  ― Ես էլ էի մտաֆիր, բայց չվիճակվեց։ Հավանաբար, երկար ժամանակ կբացակայեմ, բայց վերջիվերջո անպայման կհայտնվեմ, կգամ քեզ այցելության։ Պատրաստ եղիր ինձ ցանկացած ժամանակ ընդունելու․ թաքուն կգամ։ Հոբիթների աչքին այլեւս չեմ ուզում երեւալ, ես հո տեսնում եմ, որ Հոբիթստանում ինձ չսիրեցին։ Ասում են, որ ինձանից միայն գլխացավանք ու անկարգություն է գալիս։ Ուրիշ էլ ո՞վ, թե ոչ ես եմ Բիլբոյին խելքից հանել, իսկ գուցեեւ նրան աշխարհից վերացրել եմ։ Բանից դուրս է գալիս, որ ես ու դու դավադրություն ենք սարքել եւ հիմա կիսում ենք նրա հարստությունը։  ― Ասո՜ւմ են, ― բացականչեց Ֆրոդոն։ ― Ասում են, իհարկե, Օթհոն ու Սերինիան։ Թու, ինչ զզվելի է։ Ես ուրախությամբ կտայի ե՛ւ Պարկուտը, ե՛ւ աշխարհում ամեն ինչ, միայն թե Բիլբոյին վերադարձնեի կամ գնացած լինեի նրա հետ մասին։ Ես իմ հարազատ վայրերը շատ եմ սիրում, բայց, ազնիվ խոսք, զգում եմ, որ իզուր պոչից չկպա։ Երբեւէ նորից կտեսնե՞մ նրան, կտեսնե՞մ արդյոք․․․  ― Ես էլ չգիտեմ, թե երբ, ― ասաց Գանդալֆը։ ― Եվ դեռ շատ բան չգիտեմ։ Զգույշ եղիր․․․ Եվ սպասիր ինձ ամենաանպատեհ ժամանակ։ Իսկ հիմա՝ մնաց բարով։  Ֆրոդոն ճանապարհ դրեց նրան մինչեւ շեմը, Գանդալֆը թափահարեց ձեռքն ու մեծ֊մեծ քայլերով գնաց։ Ֆրոդոյին թվաց, թե ծեր հրաշագործին մի ինչ֊որ ծանր բեռ գետնին է խոնարհում։ Մթնում էր, նրա մոխրագույն թիկնոցը վայրկենապես հալվեց աղջամուղջում։  Նրանք երկար ժամանակով բաժանվեցին։  ===Գլուխ երկրորդ․ Անցյալի ստվերը ===
[[Կատեգորիա:Արձակ]]
[[Կատեգորիա:Հեքիաթ]]