Changes

Դատավարություն

Ավելացվել է 18 745 բայտ, 18:22, 27 Նոյեմբերի 2013
― Ինձ հետ կատարվածը,― առաջվանից ավելի մեղմ ձայնով առաջին շարքում նստածների դեմքերին անընդհատ հետևելով շարունակեց Կ֊ն, և նրա խոսքը դրանից կարծես փոքր֊ինչ կտրատված դրաձավ։― Ինձ հետ կատարվածը միայն մասնակի դեպք է և, որպես այդպիսին՝ ոչ այնքան կարևոր, որովհետև ես այնքան էլ ծանր չեմ ընդունում։ Սակայն դա շատերի դեմ կիրառված հետաքննության ձևի բնորոշ գիծն է։ Այդ է իմ խոսելու պատճառը, և ոչ թե իմ գործը։
 
Նա ակամա բարձրացրել էր ձայնը։ Ինչ֊որ տեղ մեկը բարձրացրած ձեռքերով ծափահարեց ու բղավեց․
 
― Կեցցե՛ք։ Իսկ ինչո՞ւ ոչ։ Կեցցե՛ք և կրկի՛ն անգամ կեցցեք։
 
Առաջին շարքում նստածներից ոմանք բռնեցին մորուքները, ոչ ոք բացականչության կողմը շուռ չեկավ։ Կ֊ն նույնպես ոչ մի նշանակություն չտվեց «կեցցեք» կանչին, սակայն քաջալերված էր․ այդ պահին նրա համար այնքան էլ կարևոր չէր բոլորի ծափահարությունը։ Բավական էր, որ ներկա գտնվողները սկսեին մտածել և որևէ մեկին կարելի լիներ համոզելով իր կողմը գրավել։
 
― Հռետորական հաջողությունն ինձ պետք չէ։― Իր մտքերի ընթացքից ելնելով ասաց Կ֊ն։― Թող դա ինձ համար անհասանելի լինի, կարևոր չէ։ Պարոն քննիչը, հավանաբար, ինձնից լավ է խոսում։ Դա, ախր, նրա գործն է։ Իմ ուզածը միայն սոցիալական արատի հրապարակային քննարկումն է։ Լսեցեք ինձ։ Մոտ տաս օր առաջ ինձ ձերբակալեցին։ Անձամբ ինձ համար ծիծաղելի է ձերբակալված լինելու փաստը, սակայն այժմ այդ մասին չխոսենք։ Վաղ առավոտյան հարձակվեցին ինձ վրա։ Քննիչի քիչ առաջվա խոսքերից բացառված չէ, որ նրանց հրամայած լինեին ինձնից ոչ պակաս անմեղ մի ներկարարի ձերբակալել, սակայն նրանք ինձ ընտրեցին։ Կողասենյակը երկու գռեհիկ պահակներ էին զբաղեցրել։ Եթե ես վտանգավոր ավազակ լինեի, դժվար թե ավելի խիստ նախազգուշական միջոցներ ձեռք առնված լինեին։ Դրանից բաից, նրանք վառ դրսևորված ապիկարներ էին։ Նրանք գլուխս տարան իրենց բարբաջանքով, ուզում էին, որ կաշառեի իրենց, սպիտակեղենս ու զգեստներս էին ուզում խաբկանքով կորզել, փող էին ուզում, որ իբր թե նախաճաշ բերեն ինձ համար՝ այն բանից հետո, երբ իմ սեփական նախաճաշը առանց ամաչելու կերան իմ աչքի առաջ։ Եվ ավելին, ինձ վերակացուի մոտ՝ երկրորդ սենյակ տարան։ Այդ սենյակում ի օրիորդ է ապրում, որին ես շատ եմ գնահատում, և պետք է տեսնեի, թե ինչպես է այդ սենյակը իմ պատճառով, բայց ո՛չ իմ մեղքով, պահակների ու վերակացուի այնտեղ գտնվելու փաստով ապականվում։ Հանգիստ մնալը հեշտ չէր, սակայն ես տիրապետեցի ինձ և անխռով տոնով հարցրեցի, թե ի՞նչն է իմ ձերբակալման պատճառը։ Եթե վերակացուն այստեղ լիներ, կհաստատեր այս խոսքերը։ Ի՞նչ եք կարծում, ի՞նչ պատասխանեց նա․ մինչև հիմա կարծես տեսնում եմ նրան իմ դիմաց․ նստել էր օրիորդի բազկաթոռին՝ որպես բթամիտ գոռոզության մարմնացում։ Պարոնայք, ընդհանրապես վերցրած՝ նա ոչինչ չպատասխանեց։ Գուցեև նա իրո՞ք ոչինչ չգիտեր․ ձերբակալել էր ինձ ու գոհ էր դրանից։ Նա նույնիսկ մի ավելորդ բան էր արել․ մեր բանկի երեք ցածր պաշտոնյաների էր բերել օրիորդի սենյակը, և նրանք զբաղված էին օրիորդի լուսանկարներին՝ նրա սեփականությանը ձեռք տալով ու իրար խառնելով։ Այդ պաշտոնյաների ներկայությունը, իհարկե, նաև ուրիշ նպատակ էր հետապնդում։ Նրանք, ինչպես նաև իմ բնակարանատիրուհին և նրա աղախինը, պետք է տարածեին ձերբակալության լուրը, վնաս պատճառեին իմ հասարակական դիրքին և իմ դիրքը թուլացնեին հատկապես բանկում։ Դրանից ոչինչ չստացվեց, նույնիսկ նվազագույնս չստացվեց։ Իմ բնակարանատիրուհին՝ մի պարզ անձնավորություն (ես այստեղ ուզում եմ նրա նունը հարգանքով տալ, ֆրաու Գրուբախ է նրա անունը), անգամ ֆրաու Գրուբախը բավական խելացի դուրս եկավ հասկանալու համար, որ նման մի ձերբակալությունը ուրիշ ոչինչ չի նշանակում, քան հարված, որ փողոցի ոչ բավական լավ դաստիարակված տղաներն են կարող հասցնել։ Կրկնում եմ, այս ամենը ինձ միայն տհաճություն պատճառեց և ժամանակավոր զոյրույթ, բայց արդյո՞ք չէր կարող ավելի վատ հետևանքներ ունենալ։
 
Երբ Կ֊ն խոսքն ընդհատեց ու նայեց լուռ նստած քննիչին, նրան թվաց, թե քննիչը ամբոխի մեջ նստած մեկին հայացքով նշան արեց։ Կ֊ն ժպտաց։
 
― Հենց այս պահին պարոն քննիչը իմ ներկայությամբ իր մարդեկանցից մեկին գաղտնի նշան է անում։ Ուրեմն նրանց մեջ մարդիկ կան, որ այստեղից նշաններով են կառավարվում։ Չգիտեմ, արդյոք այդ նշանը սուլո՞ց, թե՞ ծափահարություն է կորզելու, սակայն, գիտակցելով հանդերձ, որ նախօրոք կանխորոշում եմ իմ գործի ընթացքը, հրաժարվում եմ իմանալ նշանի իմաստը։ Ինձ համար միևնույնն է, և ես պարոն քննիչին բացահայտ լիազորում եմ․ ներքևի վարձկան պաշտոնյաներին նշան անելու տեղակ պարզորոշ հրամայեք․ «Այժմ շվացրեք կամ՝ ծափահարեք»։
 
Քննիչը՝ շփոթված թե անհամբեր, այսուայնկողմ շարժվեց բազկաթոռի մեջ։ Թիկունքում կանգնած մարդը, որի հետ սա զրուցում էր սկզբում, կրկին խոնարհվեց, կարծես ուզում էր արիություն ներշնչել նրան կամ կարևոր խորհուրդ տալ։ Մարդիկ ներքևում աշխույժ, սակայն ցածրաձայն, զրուցում էին։ Երկու խմբակցությունները, որ քիչ առաջ թվում էր, թե հակառակ տեսակետներ ունեն, համախմբվեցին, հատուկենտ մարդիկ մատնացույց արեցին Կ֊ին, մյուսները՝ քննիչին։ Սենյակի մշուշանման ծուխը ծայրահեղ անտանելի էր, այն թույլ չէր տալիս նույնիսկ քիչ հեռու կանգնածներին ավելի լավ զննել։ Ծուխն, հավանաբար, հատկապես վերնասրահի մարդկանց էր խանգարում։ Նրանք, կատարվածի մասին մանրամասն տեղեկանալու համար՝ քննիչի կողմը վախվորած հայացքներ նետելով, ստիպված էին հավաքոեւյթի մասնակիցներին ցածրաձայն հարցուփորձ անել։ Պատասխանները նույնպես ցածրաձայն էին, խոսում էին ձեռքերը բերաններին դեմ կողքանց պահած։
 
― Հիմա վերջացնեմ,― ասաց Կ֊ն և, որովհետև զանգակ չկար, բռունցքով խփեց սեղանին։ Հարվածից վախեցած, քննիչի ու նրա խորհրդականի գլուխները իսկույն հեռացան իրարից։― Ես հեռու եմ այս ամենից, այդ իսկ պատճառով հանգիստ եմ դատողություններ անում, և դուք, թեթ ենթադրյալ դատը կարևոր է ձեզ համար, կարող եք մեծ օգուտ քաղել, եթե լսեք ինձ։ Քիչ առաջ ասածս խոսքերի համատեղ քննարկումը, խնդրում եմ, ավելի ուշ ժամի հետաձգել, քանզի ես ժամանակ չունեմ և շուտով գնալու եմ։
 
Անմիջապես լռություն տիրեց․ ուրեմն Կ֊ն արդեն այդ աստիճան իշխում էր ժողովի ընթացքի վրա։ Նստածներն առաջվա պես չէին աղմկում, այլևս ծափահարություններ չէին լսվում, թվում էր, թե Կ֊ի խոսքերը համոզել էին մարդկանց կամ արդեն համոզում էին։
 
― Կասկած չկա։― Կ֊ն շատկամաց խոսեց, որովհետև նրան դուր էր գալիս բոլոր ներկաներին լարված ականջ դնելը․ այդ լռության մեջ աղմուկ կար, որ ավելի հաճելի էր, քան ամենահիացական ծափահարությունը։― Կասկած չկա, որ կոնկրետ այս դեպքում՝ ձերբակալման ու այսօրվա հարցաքննության բոլոր դրսևորումների թիկունքում մի մեծ կազմակերպություն է կանգնած, մի կազմակերպություն, որ ոչ միայն կաշառվող պահակներ, գռեհիկ վերակացուներ ու քննիչներ ունի (նրանք համեստ են մաիայն՝ երբ դա ձեռնտու է), այլ նաև բարձր բարձրագույն աստիճանի անտենակազմ՝ ծառաների, գրագիրների, ժանդարմների, օգնական այլ ուժերի, նույնիսկ դահիճների (չեմ վախենում գործածել այս բառը) անհրաժեշտ, անհամար շքախմբով։ Ո՞րն է այս կազմակերպության անելիքը, պարոնայք։ Գուցե այն, որ անեմղ մարդկանց ձերբակալի և նրանց դեմ անիմաստ, մեծ մասամբ, ինչպես այս դեպքում է, ապարդյուն հետաքննությո՞ւն սկսի։ Ինչպե՞ս կարելի է այս ամենի անմտության պայմաններում ծառայակազմի բարքերի ապականությունից խուսափել։ Անհնար է, և անգամ ամենավերին դատավորը չի կարողանա դրան հասնել։ Այդ է պատճառը, որ պահակները փորձում են ձերբակալվածի հագից հանել շորերը, վերակացուները օտար բնակարաններ են խուժում, անմեղ մարդկանց հարցաքննելու փոխարեն քննիչը անարգում է նրանց ողջ հավաքույթի առաջ։ Պահակները միայն պահասենյակների մասին պատմեցին։ Այնտեղ է տարվում ձերբակալվածի սեփականությունը։ Ես կուզենայի մի անգամ տեսնել այդ սրահները, ուր ձերբակալվածի տքնանքով ձեռք բերած կարողությունն է փտում, քանի դեռ գող֊ծառայողները չեն յուրացրել։
 
Դահլիճի ծայրում մեկը ճչաց։ Կ֊ն ընդհատեց խոսքը, և, որովհետև ցերեկցա լույսը մշուշը սպիտակավուն էր դարձրել ու կուրացնում էր, ձեռքի ափով հով արեց աչքերին, որ կարողանա նայել։ Լբացարարոհին էր․ հենց սկզբից նրա ներս մտնելը Կ֊ն խախտում էր համարել։ Մեղավոր էր նա, թե ոչ, հնարավոր չէր այժմ ասել․ մի տղամարդ քաշել էր նրան դռան մոտի անկյունը և իրեն էր սեղմում։ Բայց ոչ թե լվացարարուհին էր ճչում, այլ՝ տղամարդը․ լայն բացել էր բերանը և առաստաղին էր նայում։ Երկուսի շուրջը մի փոքր օղակ էր գոյացել, իսկ վերնասրահի՝ մոտ գտնվող այցելուները կարծես հիացած նայում էին, որ Կ֊ի հավաքույթում ստեղծած լուրջ մթնոլորտը նման ձևով է ընդհատվում։ Առաջին տպավորության անմիջական ազդեցության տակ Կ֊ն իսկույն ցանկացավ այդ կողմը վազել, մտածեց նաև, որ բոլորի համար կարևոր կլինի կարգուկանոն հաստատելը, զույգին առնվազն դահլիճից հեռացնելը, սակայն նրա աչքերի առաջ մոտական շարքերը մնացին ինչպես կային, ոչ ոք տեղից չշարժվեց և ոչ ոք չթողեց, որ Կ֊ն անցներ։ Դեռ ավելին։ Ծերունիները առաջ պարզած ձեռքերով խանգարեցին նրան, իսկ ինչ֊որ մեկի ձեռքը (Կ֊ն շրջվելու ժամանակ չունեցավ) հետևից բռնեց նրա օձիքը։ Կ֊ն, բնական է, այլևս չէր մտածում զույգի մասին, նրան թվաց, թե իր ազատությունը սահմանափակեցին, ձերբակալումը կարծես լուրջ էր դառնում, և նա՝ առանց իրեն հաշիվ տալու, ցատկեց պատվանդանից։ Այժմ նա դեմառդեմ կանգնել էր ամբոխի առաջ։ Նա ճի՞շտ կարծիքի էր եղել մարդկանց մասին, արդյո՞ք իր խոսքերին ավելի մեծ ազդեցություն չէր վերագրել։ Ուրեմն, քանի դեռ ինքը խոսում էր, նրանք ձևացնում էին, և այժմ, երբ հերթը եզրահանգումներին հասավ, նրանք արդեն կո՞ւշտ էին ձև թափելուց։ Ի՜նչ դեմքեր էին շրջապատել Կ֊ին։ Նրանց սև, փոքր աչքերը արագ֊արագ այսուայնկողմ էին շարժվում, այտերը կախ էին ընկած՝ ինչպես հարբեցողներինն է լինում, երկար, ցանցառ մորուքները ցցվել էին համառ, և մարդիկ խաղում էին դրանց հետ, բայց թվում էր, թե նրանք միայն իրենց մագիլներն էին ցույց տալիս և ոչ թե խաղում։ Մորուքների տակ (Կ֊ի միակ հայտնագործություոնն էր)՝ օձիքների վրա, տարբեր մեծության ու գույնի նշաններ էին պսպղում։ Որքան որ հնարավոր էր տեսնել՝ բոլորն այդ նշաններով էին։ Նրանք համախմբված էին՝ աջ ու ձախ թվացյալ խմբակցությունները, և երբ Կ֊ն պատհաբար շրջվեց, նման նշան տեսավ նաև ձեռքերը գոգը դրած, հանգիստ ներքև նայող քննիչի օձիքին։
 
― Այդպե՜ս,― բացականչեց Կ֊ն ու ձեռքերը վեր նետեց․ հանկարածակի ձեռք բերված ճանաչողությանը տարածություն էր պետք։― Ինչպես տեսնում եմ, բոլոր պաշտոնյաներդ նույն այլասերված ավազակախմբից եք, և, որ ձեր դեմ եմ խոսել, այժմ խռնվում եք այստեղ՝ լրտեսների ու խարդախների նման։ Թվացյալ խմբերի էիք բաժանվել, ինձ ստուգելու համար ծափահարում էիք, ուզում էիք սովորել, թե ինչպես պետք է անմեղ մարդկանց գայթակղել։ Դե, ես հուսով եմ, դուք իզուր տեղը չէիք այստեղ։ Կամ խոսել եք այն մասին, թե որևէ մեկը անմեղ կողմի պաշտպանությունն է ակնկալել ձեզնից կամ․․․ Թո՛ղ, թե չէ կխփեմ,― բղավեց Կ֊ն շատ մոտ եկած, դաղացող ծերունու վրա։― Կամ էլ, իրոք, ինչ֊որ բան սովորեցիք։ Դե, հաջողություն եմ ցանկանում ձեզ ձեր արհեստում։
 
Նա արագ վերցրեց սեղանի եզրին դրված գլխարկը և, համընդհանուր լռության տակ (կատարյալ անսպասելիության լռության տակ), մղվեց դեպի ելքը։ Պարզվեց, որ քննիչն ավելի արագաշարժ է, որովհետև նա արդեն սպասում էր դռան մոտ։
 
― Մի րոպե,― ասաց նա։ Կ֊ն կանգնեցմ, բայց ոչ քննիչին նայեց, այլ՝ դռանը, որի բռնակը արդեն ձեռքում էր։― Կուզենայի միայն Ձեր ուշադրությունը հրավիրել այն բանի վրա, որ Դուք այսօր (առայժմ դժվար թե գիտակցեք), որ Դուք այսօր զրկվեցիք այն առավելությունից, որ, ամեն դեպքում, ձերբակալվածի համար ընձեռում է հարցաքննությունը։
 
Կ֊ն, դռանը նայելով, ծիծաղեց։
 
― Քրջոտներ,― բղավեց նա։― Ձեզ լինեն բոլոր հարցաքննությունները։
 
Նա բացեց դուռը և աստիճաններով ներքև շտապեց։ Նրա թիկունքում բարձրացավ աշխուժությունը վերագտնող հավաքույթի աղմուկը․ այնտեղ հավանաբար սկսեցին ուսանողների պես քննարկել կատարված դեպքերը։