Changes
Նոր էջ «{{Վերնագիր |վերնագիր = Ոստիկան ռոբոտը |հեղինակ = [[Հարրի Հարիսոն]] |թարգմանիչ = Ջուլիետա Ղազարյան (ռու...»:
{{Վերնագիր
|վերնագիր = Ոստիկան ռոբոտը
|հեղինակ = [[Հարրի Հարիսոն]]
|թարգմանիչ = Ջուլիետա Ղազարյան (ռուսերենից)
|աղբյուր = [[«Ուխտագնացություն դեպի երկիր»]]
}}
[[Category: Արձակ]]
Դա ֆաներայի մի մեծ արկղ էր, որը տեսքով նման էր դագաղի եւ կշռում էր, երեւի, մի ամբողջ տոննա։ Մկանուտ ջահելը՝ բեռնատարի վարորդը, ուղղակի ներս խցկեց դա ոտիկանական տեղամասի դռնից ու ինքը գնաց։ Ես հայացքս կտրեցի գրանցման մատյանից ու գոռացի նրա ետեւից։
— Սա ի՞նչ բան է։
— Ես ի՜նչ իմանամ,— պատասխանեց նա, ցատկելով մեքենայի խցիկը։— Հո ռենտգեն չունեմ, ես միայն բեռներ եմ փոխադրում։ Այս արկղը Երկրից եկավ առավոտյան հրթիռով, ավելին չգիտեմ։
Նա պոկվեց տեղից շատ ավելի արագ, քան պահանջվում էր, եւ կարմիր փոշու մի ամպ բարձրացրեց իր ետեւից։
— Հանաքչի,— փնթփնթացի ես։— Մարսում շատացել են հանաքչիները։
Երբ վեր կացա տեղիցս ու կռացա արկղի վրա, ատամներս կրճտացին փոշուց։ Ոստիկանապետ Կրայգը, երեւի լսելով աղմուկը, դուրս եկավ իր առանձնասենյակից ու օգնեց ինձ աննպտակ զննել արկղը։
— Կարծում ես, ռո՞ւմբ է,— ասաց նա ձանձրացող տոնով։
— Ո՞ւմ մտքով է անցել պայթեցնել մեզ։ Այն էլ այսքան մեծ ռումբով։ Եվ որտեղի՞ց՝ Երկրի՜ց։
Պետը գլխի շարժումով համաձայնվեց ինձ հետ եւ պտտվեց արկղի շուրջը։ Արկղի վրա հետադարձ հասցեն չէր գրված։ Վերջիվերջո ստիպված մի նիգ գտանք, ու ես սկսեցի բացել կափարիչը։ Երբ տեղից շարժեցի կափարիչը, այն հեշտությամբ պոկվեց ու ընկավ գետին։
Այ հենց այդ ժամանակ էլ մենք առաջին անգամ տեսանք Նեդին։ Մեր բախտն ավելի շատ կբերեր, եթե նրան տեսնեինք ոչ թե առաջին, այլ վերջին անգամ։ Եթե իսկույն կափարիչը դնեինք տեղը եւ այդ օյինբազությունը նորից ետ ուղարկեինք Երկի՜ր… Հիմա ես արդեն գիտեմ, թե ինչ բան է «Պանդորայի արկղը»։
Այնինչ մենք բերաններս բաց կանգնել էինք ու ոչխարի պես նայում էինք։ Իսկ Նեդը անշարժ պառկել ու նայում էր մեզ։
— Ռոբոտ,— ասաց ոստիկանապետը։
— Նուրբ դիտողականություն ունես, իսկույն երեւում է, որ ոստիկանական ուսումնարան ես ավարտել։
— Հա՜֊հա՜֊հա՜։ Դե իմացիր, թե ինչո՞ւ է նա այստեղ։
Ես ուսումնարան չեմ ավարտել, բայց դա ինձ չխանգարեց շատ արագ գտնել նամակը։ Այն դուրս էր ցցվել հաստ գրքից, որ դրված էր արկղի հատվածամասերից մեկում։ Պետը վերցրեց նամակը եւ սկսեց կարդալ առանց ոգեւորության։
— Այսպես, այսպես, «Յունայթեդ ռոբոտիքս» ֆիրման փրփուրը բերանին ապացուցում է, որ… «ճիշտ շահագործման դեպքում ռոսոտները կարող են անգնահատելի օգնություն ցույց տալ որպես ոստիկան… Մեզնից ուզում են, որ մենք դաշտային փորձեր կատարենք… Առաջարկվող ռոբոտը նորագույն փորձնական մոդել է, արժեքը՝ 120 հազար»։
Երկուսս էլ նորից նայեցինք ռոբոտին, ամբողջովին համակված մի ցանկությամբ՝ նրա փոխարեն տեսնել դրամական արժեթղթեր։ Պետը խոժոռվեց եւ, շրթունքները շարժելով, նամակը կարդաց մինչեւ վերջ, իսկ ես մտածում էի, թե ռոբոտին ինչպես հանեմ իր այդ ֆաներայե դագաղից։
Չգիտեմ, դա փորձնական մոդել էր թե չէ, սակայն այդ մեխանիզմը գեղեցիկ տեսք ուներ։ Ամբողջովին կապույտ էր, նավաստիական համազգեստի գույնի, իսկ դրսի անցքերը, կեռերը եւ մնացած բաները ոսկեզօծ էին։ Ինչ֊որ մեկը լավ չարչարվել էր, որ այդպիսի արդյունք ստանա։ Նա շատ էր հիշեցնում համազգեստ հագած ոստիկանի, սակայն չկար ծաղրանկարային նմանություն։ Թվում էր, պակասում է միայն ոստիկանի կրծքանշանն ու ատրճանակը։
Այդ պահին ես թույլ առկայծում նկատեցի ռոբոտի ակնային ոսպնյակում։ Մինչ այդ մտքովս չէր անցնում, որ նրան կարելի է կենդանացնել։ Կորցլելու բան չունեի, ուստի եւ ասացի․
— Դուրս արի արկղից։
Ռոբոտը վեր թռավ սրընթաց ու թեթեւ, ինչպես հրթիռ, վայրէջք կատարեց ինձնից երկու ոտնաչափ հեռու եւ կտրիճավարի պատվի առավ․
— Ոստիկանական փորձնական ռոբոտը, սերիական համարը՝ XPO֊456934B, պատրաստ է իր պարտականությունները կատարել, սըր։
Ռոբոտի ձայնը դողում էր ջանադրությունից, ու ինձ թվում էր, լսում եմ նրա պինդ պողպատե մկանների դռռոցը։ Նրա մաշկը, երեւի, չժանգոտվող պողպատից էր եւ ուղեղի փոխարեն ուներ մի փունջ հաղորդալար, բայց նա ինձ թվում էր իսկական նորելուկ ոստիկան, որը ժամանել է ծառայության։ Մանավանդ որ ուներ մարդու հասակ, երկու ձեռք, երկու ոտք եւ ներկված էր համազգեստի գույնով։ Հենց որ մի քիչ կկոցում էի աչքերս, իմ առջեւ կանգնում էր Նեդը՝ մեր տեղամասի նոր ոստիկանը, որը վերջերս էր ավարտել դպրոցը եւ լի էր աշխատանքային խանդավառությամբ։ Ես գլուխս ցնցեցի, որ կտրվեմ այդ տեսիլքից։ Սա ընդամենը վեց ոտնաչափ բարձրությամբ մի մեքենա էր, որին գիտական այրերը սարքել էին իրենց հաճույքի համար։
— Ազատ կանգնիր, Նեդ,— ասացի ես։ Նա առաջվա պես կանգնել էր պատվի առած։— Ազա՛տ։ Այսպիսի ջանադրության պատճառով դու ձեռք կբերես արտանետիչ կափույրի ոլորում։ Ասենք, ես այստեղ ընդամենը սերժանտ եմ։ Իսկ պետը այնտեղ է։
Նեդը շրջվեց դեպի ձախ եւ սրընթաց ու անաղմուկ սահեց ոստիկանապետի մոտ։ Պետը, լսելով պատրաստականության մասին ռոբոտի զեկույցը, նայում էր նրան, ինչպես տուփից դուրս եկած սատանայի։
— Հետաքրքիր է, կարո՞ղ է նա մի ուրիշ բան էլ անել, բացի զեկույցցից,— ասաց պետը, պտտվելով ռոբոտի չորս կողմը եւ հետաքրքրությամբ նայելով նրան… ինչպես շունն է նայում սյանը։
— Ֆունկցիաները, շահագործումը, ինչպես նաեւ խելամիտ գործողությունները, որոնց ընդունակ են ոստիկանական փորձնական ռոբոտները, նկարագրված են ձեռնարկի 184—213 էջերում։
Նեդի ձայնը մի վայրկյան խլացավ՝ ռոբոտը սուզվեց արկղի մեջ եւ հայտնվեց հիշյալ հատորով։
— Նույն այս կետերի մանրամասն մեկնաբանումը կարելի է գտնել նաեւ 1035—1267֊րդ էջերում։
Պետը, որը միանգամից հազիվ էր կարդում երգիծական ամսագրի մի էջը, հաստափոր գիրքը այնպես բռնեց, ասես դա կարող էր իրեն կծել։ Մտքում որոշելով նրա կշիռը եւ շոշափելով կազմը՝ հատորը շպրտեց իմ սեղանին։
— Զբաղվիր սրանով,— ասաց ինձ, գնալով դեպի իր առանձնասենյակը։— Եվ ռոբոտով նույնպես։ Մի բան արա…
Պետն ընդունակ չէր երկար կենտրոնանալու որեւէ գործի վրա, իսկ այս անգամ ստիպված էր ուշադրությունը լարել մինչեւ վերջ։
Ես սկսեցի թերթել գիրքը հետաքրքրասիրությունից։ Մինչեւ հիմա ինձ չէր վիճակվել գործ ունենալ ռոբոտների հետ, այդ պատճառով էլ նրանց մասին գիտեի այնքան, որքան գիտի հասարակ մահկանացուն։ Հնարավոր է, որ նույնիսկ ավելի քիչ գիտեի։ Գրքի անհամար էջերում տեղ էին գտել մանր տառերով շարված գերիմաստ բանաձեւեր, ինը գույնանի էլեկտրական սխեմաներ ու դիագրամներ, եւ այլն, եւ այլն։ Դրանց ուսումնասիրումը պահանջում էր հատուկ ուշադրություն, որին այն ժամանակ ես ընդունակ չէի։ Գիրքը փակելով՝ հայացքս գամեցի Նայնպորտ քաղաքի նոր ծառայողին։
— Դռան ետեւը ավել է դրված։ Գիտե՞ս, ինչ են անում ավելով։
— Այո, սըր։
— Այդ դեպքում, ավլիր սենյակը, աշխատելով հնարավորին չափ քիչ փոշի բարձրացնել։
Նա գերազանց կատարեց գործը։
Ես նայում էի, թե հարյուր քսան հազար արժեցող մեքենան ինչպես է մի կույտի մեջ հավաքում ծխախոտի մնացորդները եւ ավազը, ու մտածում էի, թե ինչու են, այնուամենայնիվ, նրան ուղարկել Նայնպորտ։ Երեւի այն պատճառով, որ ամբողջ Արեգատնային համակարգում չկար ավելի փոքր ու աննշան ոստիկանական ստորաբաժանում, որպիսին մերն էր։ Ինժեներները, երեւի, գտնում էին, որ հենց դա է պետք դաշտային փորձարկումների համար։ Նույնիսկ եթե այդ ռոբոտը պայթի էլ, ոչ ոքի չի հուզի։ Հետագայում որեւէ մեկը ինչ֊որ ձեւով կիմանա այդ մասին։ Դեհ ինչ, տեղը ճիշտ են ընտրել։ Նայնպորտը իսկը կորած մոլորված տեղ էր։
Հենց նույն պատճառով ես էլ եմ այստեղ։ Միակ իսկական ոստիկանը։ Գոնե այսպիսի մեկը պետք է լինի, ոպ թվա, թե գործ է արվում։ Ոստիկանապետ Ալոնցո Կրայգի խելքը բավականացնում է միայն այն բանի համար, որ հանկարծ փողերը չթափի, երբ ձեռքը կաշառք են խոթում։ Մենք ունենք նաեւ երկու ոստիկան։ Մեկը ծեր է ու միշտ հարբած։ Մյուսը դեռ խակ կաթնակեր է։ Ես տասը տարի ծառայել եմ մայրաքաղաքի ոստիկանությունում, Երկրի վրա։ Ինչո՞ւ թողեցի եկա այստեղ՝ դա արդեն իմ անձնական գործն է։ Վաղուց արդեն հատուցել եմ նախկին սխալներիս համար, գալով այստեղ՝ Նայնպորտ։
Նայնպորտը քաղաք չէ, սա մի վայր է, որտեղ կանգ են առնում ճանապարհին։ Մշտապես այստեղ ապրում են միայն նրանք, ովքեր սպասարկում են ժամանողներին՝ հյուրանոց ունեցողները, թղթախաղով փող սարքողները, պոռնիկները, պանդոկապանները եւ ուրիշներ։
Այստեղ կա նաեւ տիեզերակայան, բայց այնտեղ իջնում են միայն բեռնատար հրթիռները։ Որպեսզի տանեն դեռ գործող հանքերի մետաղները։ Նայնպորտը մի քաղաք է, որը երբեք չի տեսել իսկական կյանք։ Եթե մի հարյուր տարի հետո այստեղ գոնե ցից տնկված լինի ավազի մեջ ի նշան այն բանի, որ մի ժամանակ գոյություն է ունեցել Նայնպորտը, շա՜տ լավ կլինի։ Ես այն ժամանակ արդեն չեմ լինի, էնպես որ թքած…
Նորից ձեռքս վերցրի գրանցման մատյանը։ Խցերում նստած են հինգ հարբեցող՝ միջին չափն է։ Մինչ ես գրանցում էի նրանց, Ֆեթսը քարշ տալով բերեց վեցերորդին։
— Փակվել էր տիեզերականի կանանց զուգարանում եւ դիմադրեց ձերբակալելիս,— զեկուցեց նա։
— Հասարակական կարգուկանոնի խախտում հարբած վիճակում։ Գցիր դրան խուց։
Ֆեթսը տարավ իր զոհին, նրա տակտով օրորվելով։ Ես միշտ զարմանում եմ, տեսնելով, թե Ֆեթսը ինչպես է վարվում հարբածների հետ․ սովորաբար նա ավելի շատ էր կոնծած լինում, քան իր զոհերը։ Ես երբեք նրան չեմ տեսել ոչ հարբածությունից իրեն կորցրած, ոչ էլ լրիվ սթափ։ Չնայաթ դրան, նրա պղտոր աչքերը երբեք չէին դավաճանում հարբածներին որսալիս։ Նա հրաշալի էր անում այդ բանը։ Որ ծակուծուկն էլ մտնեին՝ գտնում էր նրանց։ Անկասկած այն պատճառով, որ բնազդը նույն տեղն էր առաջնորդում նրանց։
Ֆեթսը շրխկացրեց վեցերորդ խցի դուռը եւ, ութ գրելով, ետ եկավ։
— Սա ի՞նչ բան է,— ցույց տվեց նա ռոբոտին։
— Ռոբոտ է։ Ես մոռացել եմ համարը, որ գործարանում մայրիկը տվել է նրան, ուստի անունը դրել ենք Նեդ։ Նա հիմա մեզ մոտ է աշխատում։
— Այ քեզ կտրի՜ճ։ Թող խցերը մաքրի, երբ այդ քոսոտներին մենք դուրս կշպրտենք։
— Դա իմ պարտականությունն է,— ասաց Բիլլին՝ մտնելով սենյակ։ Նա սեղմեց դագանակը եւ խոժոռ նայեց գլխարկի հովարի տակից։ Չի կարելի ասել, թե Բիլլին հիմար է, պարզապես բնությունը խելքի փոխարեն ուժ էր տվել նրան։
— Հիմա դա Նեդի պարտականությունն է, որովհետեւ քո պաշտոնը բարձրացել է։ Դու կօգնես ինձ։
Երբեմն Բիլլին շատ օգտակար էր լինում, ու ես թանկ էի գնահատում նրա ատլետիկ կազմվածքը։ Իմ բացատրությունը ոգեւորեց նրան, նա նստեց Ֆեթսի կողքը եւ սկսեց նայել, թե Նեդն ինչպես է ավլում հատակը։
Այսպես տեւեց համարյա մեկ շաբաթ։ Մենք հետեւում էինք, թե Նեդն ինչպես է ավլում ու մաքրում, մինչեւ որ տեղամասը մանրէազերծ տեսք ընդունեց։ Պետը, որ միշտ հոգ էր տանում կարգուկանոնի մասին, գտավ, որ Նեդը կարող է կարել տոննաներով զեկուցագրերն ու այլ թղթերը, որոնք թափված էին իր աշխատասենյակում։ Պարզվեց, որ Նեդի համար շատ աշխատանք կա, ու մենք այնպես վարժվեցինք նրան, որ գրեթե չէինք նկատում ներկայությունը։ Ես գիտեի, որ նա ֆաներայե դագաղը տարել էր պահեստ ու գողտրիկ ննջարան սարքել այնտեղ իր համար։ Մնացած բաները ինձ չէին հետաքրքրում։
Ռոբոտի կառավարման ձեռնարկը թաղված էր իմ սեղանի դարակում, ու ես ոչ մի անգամ աչքի չանցկացրի այն։ Եթե դա անեի, ապա որոշ պատկերացում կկազմեի այն մեծ փոփոխությունների մասին, որ սպասում էին մեզ առաջիկայում։ Մեզնից ոչ մեկը չգիտեր այն մասին, թե ռոբոտը ինչ կարող է անել եւ ինչ չի կարող անել։ Նեդը հրաշալի կերպով կատարում էր հավաքարարի ու գործավարի պարտականությունները եւ դրանով սահմանափակվում էր։ Գործն առաջ չէր գնա, եթե մեր պետն այդքան ծույլ ու անբան չլիներ։ Հենց դրանից էլ սկսվեց։
Երեկոյան ժամը ինն էր, եւ պետը արդեն ուզում էր գնալ տուն, երբ հնչեց հեռախոսի զանգը։ Նա վերցրեց լսափողը, լսեց ու ցած դրեց։
— Գրինբեկի գինու խանութից է։ Նորից են նրան կողոպտել։ Խնդում են շտապ գնալ։
— Սա ինչ֊որ նոր բան է, սովորաբար մենք կողոպուտի մասին իմանում ենք մեկ ամիս հետո։ Ինչի՞ համար է նա փող տալիս Չինացի Ջոյին, եթե վերջինս նրան չի պաշտպանում։ Եվ ինչի համար է այդպիսի շտապողականությունը։
Պետը ծամծմեց ներքեւի շրթունքը եւ տանջալից մտորումներից հետո, վերջապես, վճիռ կայացրեց․
— Հապա մի գնա տես, ինչ է պատահել։
— Հիմա,— ասացի ու ձգվեցի գլխարկս վերցնելու։— Բայց տեղամասում մարդ չկա, պիտի սպասես, մինչեւ գամ։
— Էհ, չեղավ,— տնքաց նա։— Ես սովից մեռնում եմ, իսկ դու ուզում ես, որ նստեմ, սպասեմ…
— Ես կգնամ ցուցմունքներ վերցնելու,— ասաց Նեդը առաջ գալով եւ, սովորականի պես, պատվի առնելով։
Սկզբում պետը կուլ չտվեց խայծը։ Հապա պատկերացրեք, որ սառնարանը հանկարծ կենդանանա ու առաջարկի իր ծառայությունը։
— Դու ո՞նց պիտի ցուցմունքներ վերցնես,— փնչացրեց նա, իրեն խելոքի տեղ դրած սառնարանին նստեցնելով տեղը։ Սակայն խայթոցը պարուրված էր հարցական երանգով, եւ դրանում նա պետք է մեղադրեր միայն ինքն իրեն։ Ճիշտ երեք րոպեում Նեդը պետին պատմեց, թե ոստիկանը ինչպես է կատարում նախնական քննությունը զինված կողոպուտի կամ մի այլ գողության մասին հաղորդում ստանալիս։ Պետի չռած աչքերից դատելով՝ Նեդը շատ շուտով դուրս եկավ Կրեյգի խղճուկ գիտելիքների սահմանից։
— Բավակա՛ն է,— վերջապես պոռտքաց պետը,— եթե դու այդքան շատ բան գիտես, ինչո՞ւ պիտի ցուցմունք չվերցնես։
Ինձ համար դա հնչեց որպես տարբերակն այս դարձվածքի՝ «Եթե դու այդքան խելոք ես, ապա ինչո՞ւ հարուստ չես», որ դեռ դպրոցում ասում էինք մեր խելոքներին։ Նեդն այդպիսի բաները հասկանում էր բառացիորեն, եւ ուղղվեց դեպի դուռը։
— Դուք ուզում եք ասել, որ ե՞ս պետք է ցուցմունքներ վերցնեմ այդ կողոպուտի մասին։
— Այո,— ասաց Կրեյգը, զուտ օձիքն ազատելու համար նրանից, եւ Նեդի կապույտ կերպարանքն անհետացավ դռան ետեւում։
— Տեսքին որ նայես, չես ասի, թե այդքան խելոք է,— ասացի ես։— Նա իսկի չհարցրեց էլ, թե որտեղ է գտնվում Գրինբեկի խանութը։
Պետը գլխով արեց ի պատասխան, իսկ հեռախոսը նորից զնգաց։ Պետի ձեռքը, որ դեռ լսափողի վրա էր, մեքենաբար վերցրեց այն։ Մի վայրկյան լսում էր, ու նրա դեմքը հետզհետե ավելի ու ավելի էր գունատվում, ասես արյունը հանում էին երակներից։
— Կողոպուտը դեռեւս շարունակվում է,— վերջապես դժվարությամբ ասաց նա։— Գրինբեկի ցրիչը ուզում է իմանալ, թե մենք ինչ ենք ձեռնարկում։ Ես, ասում է, նստած եմ մյուս սենյակում, սեղանի տակ…
Ես չլսեցի շարունակությունը, որովհետեւ դուրս նետվեցի եւ նստեցի մեքենա։ Հազարումի անսպասելի բաներ կարող էին կատարվել, եթե Նեդը ինձնից շուտ հասներ խանութ։ Հրաձգություն կսկսվե, մարդիկ կտուժեին… Եվ այդ ամենի համար կմեղադրեին ոստիկանությանը, որ ոստիկանի փոխարեն պահածոյի տուփ են ուղարկել։ Թեպետ Նեդը պետի հրամանն էր կատարում, բայց դե հաստատ գիտեի, որ այդ գործն ինձ վրա են բարդելու։ Մարսում երբեք շոգ չի լինում, բայց ես քրտնել էի։
Նայնպորտում գործում են փողոցային երթեւեկության տասնչորս կանոն, ու ես, դեռ մի թաղամաս էլ չանցած, խախտեցի բոլոր տասնչորս կանոնները։ Բայց որքան էլ որ շտապում էի, Նեդն ինձնից ճարպիկ դուրս եկավ։ Թեքվելով անկյունից, ես տեսա ինչպես նա բացեց Գրինբեկի խանութի դուռը եւ ներս մտավ։ Այնպես ուժեղ սեղմեցի արգելակները, որ դրանք ոռնացին, բայց ինձ վիճակվեց սոսկ ականատեսի բախտը։ Ասենք, դա էլ անվտանգ չէր։
Խանութում տնօրինում էին երկու եկվոր կողոպտիչ։ Մեկը կռացել էր գրասեղանի վրա, ասես գրասենյակային ծառայող լիներ, իսկ մյուսը, նրան հենված, կանգնած էր կողքը։ Նրանց զենքը չէր երեւում, բայց հենց որ կապույտ Նեդը հայտնվեց շեմքին, նրանց գերլարված նյարդերը չդիմացան։ Երկու հրացանն էլ միաժամանակ վեր բարձրացան, եւ Նեդը քարացած կանգ առավ տեղում։ Ես հանեցի ատրճանակս ու սպասեցի, թե պատուհանից երբ դուրս կթռչեն ջարդված ռոբոտի կտորները։
Նեդի ռեակցիան ակնթարթային էր։ Ես կարծում եմ, որ ոստիկան ռոբոտը հենց այդպիսին պիտի լինի։
— Զենքը ցա՛ծ գցեք։ Դուք ձերբակալված եք։
Նա, ըստ երեւույթին, ձայնը միացրեց ամբողջ հզորությամբ, ու այդ բառերը որոտացին այնքան խլացուցիչ, որ ականջներս նույնիսկ ցավացին։ Հետեւանքը եղավ այն, ինչ պետք էր սպասել։ Միաժամանակ լսվեցին երկու կրակոց։ Խանութի ցուցափեղկերի ապակիները զրնգոցով փշրվեցին, իսկ ես բերանքսիվայր ընկա հատակին։ Ձայնից հասկացա, որ կրակեցին հիսուն տրամաչափի բազուկայով<ref>Բազուկա — հակատանկային ռեակտիվ զենք։</ref>։ Հրթիռային արկերի դեմն առնել հնարավոր չէ։ Դրանք ջարդուփշուր են անում իրենց ճանապարհին եղած ամեն ինչ։
Բայց, կարծես, Նեդին դրանք չանհանգստացրին։ Նա միայն աչքերը փակեց։ Նեղ անցքով վահանիկը վերեւից ցած իջավ ու փակեց աչքերի ոսպնյակները։ Այնուհետեւ ռոբոտը շարժվեց դեպի առաջին կողոպտիչը։
Ես գիտեի, որ նա ճարպիկ է, բայց չէի պատկերացնում, թե ինչքան… Եվս երկու արկ դիպան նրան, երբ նա անցնում էր սենյակով, բայց կողոպտիչը չհասցրեց նորից նշան բռնել, նրա հրացանը հայտնվեց Նեդի ձեռքում։ Ամեն ինջ վերջացած էր։ Թուլացած մատների միջից դուրս քաշելով հրացանը եւ դնելով իր պայուսակը, Նեդը հանեց ձեռնաշղթան եւ հագցրեց գողի ձեռքերին։
Համար երկրորդ կողոպտիչը սլացավ դեպի դուռը, որտեղ ես ջերմ հանդիպում էի նախատեսել նրա համար։ Սակայն իմ օգնության հարկը չեէավ։ Մի քանի քայլ էլ չէր արել, երբ Նեդը հայտնվեց նրա դիմաց։ Նրանք բախվեցին իրար, թրխկոց լսվեց, կողոպտիչը ուշակորույս փռվեց հատակին, բայց Նեդը իսկի տեղից էլ չշարժվեց։ Կողոպտիչը այդպես էլ չզգաց, թե ինչպես Նեդը նրա ձեռքերին շղթաներ հագցրեց ու գցեց ընկերոջ կողքը։
Ես ներս մտա, Նեդից վերցրի հրացանները եւ պաշտոնապես հաստատեցի կալանավորումը։ Ահա այն ամենը, ինչ տեսավ սեղանի տակից դուրս սողացող Գրինբեկը, ու ինձ այլեւս ոչ մի բան պետք չէր։ Խանութը լիքը լցված էր ապակու բեկորներով ու մի հոտով, որպիսին փչում է օղու տակառից։ Գրինբեկը սկսեց գայլի պես ոռնալ գլխին եկած այս փորձանքից։ Նա, հավանաբար, ինձանից շատ չգիտեր հեռախոսային զանգի մասին, ուստի ես կպա պզուկոտ պատանուն, որը կաղալով եկավ պահեստից։ Զանգը հենց նա էր տվել։
Սա մի անհեթեթ դեպք էր։ Պատանին ընդամենը մի քանի օր էր աշխատում Գրինբեկի մոտ ու գլխի չէր ընկել, որ բոլոր կողոպուտների մասին պետք է հայտնել ոչ թե ոստիկանությանը, այլ այդ խանութն իրենց պաշտպանության տակ վերցրած տղերքին։ Ես պատվիրեցի Գրինբեկին, որ նա մի քիչ լուսավորի այդ ջահելին՝ թող տեսնի, թե իր մեղքով ինչ է եղել։
Այնուհետեւ երկու էքսկողոպտիչներին մտցրինք ավտոմեքենա։ Նեդը նստեց ետեւում՝ նրանց կողքին, որոնք իրար էին կպել թրջված որբուկների պես։ Ռոբոտը առանց խոսելու իր ազդրից հանեց առաջին բուժօգնության փաթեթը եւ վիրակապեց կողոպտիչին, որի վերքը թեժ գոտեմարտի ժամանակ ոչ ոք չէր նկատել։
Երբ մենք ներս մտանք, պետը դեռեւս նստած էր քաթանի պես գունատ դեմքով։ Նա իսկապես մեռելի գույն ուներ։
— Դուք կալանավորել եք,— շշնջաց նա։ Ես չհասցրի պատմել եղելությունը, երբ մի ավելի սոսկալի միտք անցավ նրա գլխով։ Նա բռնեց առաջին կողոպտիչի կրծքից ու կռացավ դեպի նա։
— Դուք Չինացի Ջոյի խմբի՞ց եք,— մռնչաց պետը։
Կողոպտիչը սխալ թույլ տվեց, որոշելով լռել։ Պետը մի այպիսի ապտակ հասցրեց նրան, որ աչքերից կայծեր թռան։ Երբ հարցը կրկնվեց, գողը ճիշտ պատասխան տվեց։
— Ես ոչ մի Չինացու չեմ ճանաչում։ Մենք միայն այսօր ենք եկել ձեր քաղաքը…
— Ազատ արվեստագետներ եք, փա՜ռք աստծո,— թեթեվացած շունչ քաշեց պետը եւ խրվեց բազկաթոռի մեջ։— Փակիր դրանց ու շուտ պատմիր, թե ինչ է եղել այնտեղ։
Ես խցիկի դուռը շրխկոցով փակեցի կողոպտիչների վրա ու դողացող մատով ցույց տվի Նեդին։
— Ահա հերոսը,— ասացի։— Անզեն ձեռքերով բռնեց դրանց… Սա փոթորիկ է, եւ ոչ թե ռոբոտ, առաքինի, բարի ուժ մեր մեղավոր հասարակությունում։ Եվ ընդ որում՝ անխոցելի ուժ։
Ես շոշափեցի Նեդի լայն կուրծքը։ Արկերը մի քիչ քերծել էին ներկը, իսկ մետաղի վրա ոչ մի խազ չկար։
— Սա ինձ վրա շատ թանկ կնստի, շատ տհաճություններ կպատճառի ինձ,— տնքաց պետը։
Ես գիտեի, որ նա խոսում է շորթիչների ավազակախմբի մասին։ Նրանք չեն սիրում, երբ ձերբակալում են գողերին, եւ երբ հրացանները կրակում են առանց իրենց հավանության։ Իսկ Նեդը կարծեց, թե պետն ուրիշ տհաճություններ ունի, եւ շտապեց բացատրություն տալ․
— Ոչ մի տհաճություն էլ չի լինի։ Ես երբեք չեմ խախտել ռոբոտների գործունեությունը սահմանափակող օրենքները, դրանք սարված են իմ սխեմայի մեջ եւ գործում են ավտոմատ կերպով։ Այդ մարդիկ, որ զենք հանեցին եւ բռնի ուժի դիմեցին, խախտել են ոչ միայն մեր, այլեւ մարդկային օրենքները։ Ես ոչ մի վնաս չեմ պատճառել մարդկանց, ես միայն կարգի եմ հրավիրել նրանց։
Այս ամենը չափազանց բարդ էր պետի համար, իսկ ես, կարծես, հասկանում էի։ Նույնիսկ հետաքրքրվեցի, թե մեքենան՝ ռոբոտը, ինչպես է գլուխ հանում օրենքների խախտումից եւ կիրառումից։ Նեդը դրան էլ պատասխանեց։
Ռոբոտները վաղուց են կատարում այդ ֆունկցիաները։ Մի՞թե ռադարային չափիչները չեն վկայում մարդկանց կողմից փողոցային երթեւեկության կանոնները խախտելու մասին։ Հարբածության աստիճանը որոշող ռոբոտ֊չափիչը իր պարտականություններն ավելի լավ է կատարում, քան հարբած մարդուն բռնած ոստիկանը։ Մի ժամանակ նույնիսկ ռոբոտներին թույլ էին տալիս լուծել սպանության հարցը։ Մինչեւ ռոբոտների գործունեությունը սահմանափակող օրենքների ընդունումը ամենուրեք կիրառվում էր զենքերի ավտոմատ նշանառությունը։ Հետագայում ի հայտ եկան զենիթային խոշոր զենքերի ինքնուրույն մարտկոցներ։ Ավտոմատ ռադարը հայտնաբերում էր բոլոր ինքնաթիռները։ Սակայն այն ինքնաթիռները, որոնք չէին կարողանում ճիշտ հաղորդել տարբերիչ ազդանշանը, նշագրվում էին, նրանց երթուղին հաշվարկվում էր, արկերի ավտոմատ մատուցողները եւ լիցքավորողները մարտի էին նախապատրաստում հաշվիչ մեքենաներով ղեկավարվող զենքերը, եւ ռոբոտը կրակում էր։
Չէր կարելի չհամաձայնվել Նեդի հետ։ Առարկություն հարուցում էր, թերեւս, միայն քոլեջի պրոֆեսորի նրա տոնը։ Դրա համար էլ ես փոխեցի խոսակցության թեման։
— Բայց ռոբոտը չի կարող փոխարինել ոստիկանին, այստեղ անպայման մարդ է հարկավոր։
— Իհարկե, դա ճիշտ է, սակայն ոստիկան֊ռոբոտի խնդրի մեջ չի մտնում մարդ֊ոստիկանին փոխարինելը։ Ես հիմնականում կատարում եմ ոստիկանական բազմատեսակ հանդերձավորման ֆունկցիաները, վերլուծում եմ դրանց գործողությունները եւ գտնվում եմ մշտապես պատրաստ վիճակում։ Բացի այդ, մեխանիկական օգնություն եմ ցույց տալիս, եթե պետք է լինում հարկադրական միջոցների դիմել։ Մարդուն ձերբակալելիս դուք ձեռլաշղթաներ եք հագցնում նրան։ Բայց եթե ինձ հրամայեք նույն բանն անել, ապա ես ոչ մի բարոյական պատասխանատվություն չեմ կրի։ Տվյալ դեպքում ես սոսկ մեքենա եմ, ձեռնաշղթա հագցնող մեքենա։
Ձեռքս բարձրացնելով, ես ընդհատեցի ռոբոտափաստարկների հեղեղը։ Նեդն ամբողջովին լցված էր փաստերով ու թվերով, եւ ես հասկացա, որ նրա հետ վիճելը անիմաստ է։ Երբ Նեդը ձերբակալում էր, ոչ մի օրենք չէր խախտում՝ դա վեր է կասկածից։ Բայց կան նաեւ այլ օրենքներ, որ հրապարակված չեն գրքերում։
— Չինացի Ջոյին դա դուր չի գա, բնավ դուր չի գա,— ասաց պետը, պատասխանելով իր իսկ մտքերին։
Ջունգլիների օրենք։ Այդպիսին չկար իրավագիտության գրքերում։ Իսկ Նայնպորտում իշխում էր հենց այդ օրենքը։ Քաղաքում բավական շատ էին հասարակաց տների, խաղատների եւ ոգելից խմիչքների տների սիրահարները։ Նրանք բոլորն էլ հպատակվում էին Չինացի Ջոյին։ Ինչպես եւ ոստիկանությունը։ Մենք բոլորս նրա բռի մեջ էինք եւ, կարելի է ասել, նրա խնամքի տակ։ Ասենք, դրանք այնպիսի բաներ էին, որ ռոբոտին չես էլ բացատրի։
— Իհարկե, Չինացի Ջոյին դուր չի գա։
Սկզբում ես կարծեցի, թե դա արձագանք է, իսկ հետո հասկացա, որ մեկը ներս մտավ ու կանգնեց իմ թիկունքում։ Դա Ալեքս անունով մի անասուն էր։ Վեց ֆունտ ոսկոր, մկանունք եւ անախորժություններ։ Նա կեղծ ժպտաց պետին, որն էլ ավելի խոր ընկղմվեց բազկաթոռի մեջ։
— Չինացի Ջոն ուզում է, որ դուք բացատրեք, թե ձեր ճարպիկ ոստիկանները ինչու են իրենց քիթը խոթում ուրիշի գործերի մեջ, կպչում մարդկանց եւ ստիպում, որ նրանք կրակեն ընտիր խմիչքներով լի շշերի վրա։ Նա հատկապես զայրացել է խուչի<ref>Խուչ — ինքնաթոր օղի, որ պատրաստում էին ամերիկյան հենդկացիները։</ref> համար։ Նա ասում է, որ քոթակներից հոգնել է, ու այսուհետեւ…
— Ես, ռոբոտս, ձերբակալում եմ ձեզ համաձայն Վերանայված օրենսգրքի 46֊րդ հոդվածի 19֊րդ կետի…
Մենք չէինք հասցրել աչքնեթս թարթել, երբ Նեդը ձերբակալեց Ալեքսին ու, այդպիսով, ստորագրեց մեր մահվան դատավճիռը։
Ալեքսը դանդաղկոտ մարդ չէր։ Շրջվելով, որ տեսնի, թե ով իրեն բռնեց, նա արդեն հանել էր ատրճանակը։ Եվ կրակեց ուղիղ Նեդի կրծքին, նախքան ռոբոտը կհասցներ խլել ատրճանակը եւ ձեռնաշղթաներ հագցնել։ Մենք բերաններս բաց նայում էինք ձերբակալվածին, իսկ Նեդը նորից արտասանեց մեղադրանքը։ Եվ ես հիշում եմ, որ նրա ձայնի մեջ անչափ գոհունակություն կար։
— Ձերբակալվածը, Պիտեր Ռակոմսկին, նույն ինքը Ալեքս Կացինը, փնտրվում է Կանալ֊սիթիում զինված կողոպուտի եւ սպանության փորձ կատարելու համար։ Նրան որոնում են նաեւ Դետրոյտի, Նյու Յորքի եւ Մանչեստրի տեղական ոստիկանությունները…
— Ինձնից հեռացրեք սրան,— գոռաց Ալեքսը։
Մենք դա կանեինք, ու ամեն ինչ տեղը տեղին կլիներ, եթե Բենի Բզեզը լսած չլիներ կրակոցի ձայնը։ նա գլուխը դռնից ներս մտցրեց ճիշտ այնքան, որքան որ պետք էր հասկանալու համար ներսում կատարվածը։
— Ալե՜քսը… Նրանք կպան Ալեքսից…
Գլուխն անհետացավ։ Ես նետվեցի դռան կողմը, բայց Բենին արդեն չքվել էր։ Չինացի Ջոյի տղերքը միշտ զույգ֊զույգ են ման գալիս քաղաքում։ Տասը րոպե հետո նա ամեն ինչ կիմանա։
— Գրանցեք,— հրամայեցի ես Նեդին։— Հիմա էլ ոչինչ չես փոխի, եթե նույնիսկ ազատ արձակենք նրան։ Աշխարհի վերջը եկել է։
Քթի տակ ինչ֊որ բան փնթփնթալով, ներս մտավ Ֆեթսը։ Ինձ տեսնելով՝ մատը տնկեց դռան կողմը։
— Էս ի՞նչ է պատահել։ Կոլոտ Բենի Բզեզը այնպես փախավ էստեղից, ասես տունը հրդեհ է ընկել։ Նա քիչ մնաց ջարդուփշուր լիներ իր մեքենայով։
Հետո Ֆեթսը տեսավ ձեռնաշղթաներով Ալեքսին եւ մի ակնթարթում զգոնացավ։ Նա ուղիղ մի վայրկյան բերանը բաց մտածեց ու ապա որոշում կայացրեց։ Միանգամայն հաստատուն քայլվածքով մոտեցավ պետին եւ նրա սեղանին դրեց իր ոստիկանական կրծքանշանը։
— Ես ծեր մարդ եմ եւ շատ եմ խմում, ինչը վայել չէ ոստիկանին։ Ուստի դուրս եմ գալիս ոստիկանությունից։ Եթե այնտեղ շղթայված կանգնած է ինձ հայտնի մի մարդ, ապա ես մի օր էլ չեմ ապրի, եթե մնամ այստեղ։
— Առնե՛տ,— դառնագին ասաց պետը, ատամներն իրար սեղմելով։— Փախչում ես խորտակվող նավից։ Առնե՛տ։
— Վերջ,— ասաց Ֆեթսը եւ գնաց։
Հիմա արդեն պետը ոչ մի բանի վրա ուշադրություն չդարձրեց։ Աչքն անգամ չթարթեց, երբ սեղանից վերցրեցի Ֆեթսի կրծքանշանը։ Չգիտեմ ինչի համար դա արեցի, երեւի կարծում էի, թե ճիշտ բան եմ անում։ Ամբողջ շիլափլավը սարքեց Նեդը, ու ես այնքան զայրացած էի, որ կուզեի տեսնել, թե նա ինչպես պիտի դուրս գա այս ամենի տակից։ Նրա կրծքի վրա երկու օղակ կար, ու ես բնավ չզարմացա, երբ նշանի քորոցը ճիշտ ու ճիշտ հարմարվեց օղակներին։
— Այ հիմա դու իսկակա՛ն ոստիկան ես։
Սպանիչ հեգնանքը ուղղակի ցայտում էր իմ բառերից։ Բայց ես պիտի իմանայի, որ ռոբոտները անզգա են հեգնանքի նկատմամբ։ Նեդը իմ հայտարարությունն ընդունեց բառացիորեն։
— Սա մեծ պատիվ է ոչ միայն ինձ համար, այլեւ բոլոր ռոբոտների։ Ես ամեն ինչ կանեմ, որպեսզի կատարեմ պարտքս ոստիկանության առջեւ։
Երկաթե վարտիքով հերո՜ս։ Երբ նա գրանցում էր Ալեքսին, պարզ լսվում էր, թե փորում ինչպես էին ուրախությունից սուլում սարքերը։
Եթե ամեն ինչ այդքան վատ չլիներ, ես երեւի հաճույք կստանայի այդ տեսարանից։ Նեդի մեջ այնքան շատ ոստիկանական սարքավորում կար, որքան չուներ մեր ամբողջ նայնպորտյան տեղամասը։ Նրա ազդրից դուրս թռավ թանաքե բարձիկը, որի վրա Նեդը ճարպկորեն սեղմեց Ալեքսի մատները, նախքան դրանց հետքերը կվերցներ ստվարաթղթի վրա։ Հետո ձերբակալվածին հեռացրեց իրենից, եւ նրա փորում ինչ֊որ բան չրխկաց։ նեդը շարունակում էր գործել, իսկ ես ինձ ստիպեցի մի կողմ քաշվել։ Ավելի լուրջ բաների մասին պետք էր մտածել։
Օրինակ, ինչպես անեմ, որ կենդանի մնամ։
— Հը՞, պետ, մի բան մտածեցի՞ր։
Ի պատասխան միայն տնքոց լսվեց, ու ես լրիվ ձեռ քաշեցի պետից։ Հետո եկավ Բիլլին՝ ոստիկանական մեր ստորաբաժանման մնացորդը։ Ես նրան հակիրճ բացատրեցի իրավիճակը։ Կամ հիմարությունից, կամ էլ խիզախությունից՝ նա որոշեց մնալ, ու ես հպարտ էի տղայի համար։ Նեդը դուռը փակեց կալանավորի վրա ու սկսեց ավլել սենյակը։
Եվ հենց այդ ժամանակ ներս մտավ Չինացի Ջոն։
Չնայած մենք սպասում էինք նրա հայտնվելուն, բայց, միեւնույն է, ցնցվեցինք։ Նա եկել էր մի խումբ կատաղի ջարդարարների հետ, որոնք նման էին բեյսբոլիստների եւ խմբվել էին դռների մոտ։ Չինացի Ջոն կանգնած էր առջեւում, ձեռքերը թաքցրած իր երկար, մանդարինի խալաթի թեւքերում։ Նրա ասիական դեմքը անխռով արտահայտություն ուներ։ Նա մեզ հետ խոսելու վրա ժամանակ չէր ուզում կորցնել, պարզապես խոսքը տվեց իր տղերքից մեկին։
— Մաքրվեք այստեղից։ Շուտով այստեղ կգա նոր ոստիկանապետ, ու ես չեմ ուզում, որ ամեն մի զիբիլ տնկված լինի դեմս։
Ես ջղայնացա։ Հետո ինչ, որ ես էլ եմ սիրում կաշառք վերցնել, բայց եւ այնպես ոստիկան եմ։ Ինձ աշխատավարձ տվողը մի ինչ֊որ ողորմելի ավազակ չէ։ Ինձ օլ էր հետաքրքրում Չինացի Ջոյի անձնավորությունը։ Ես մի ժամանակ փորձեցի նրա մասին բաներ իմանալ, բայց ապարդյուն։ Եվ այդ հետաքրքրությունը դեռ չէր լքել ինձ։
— Նեդ, ապա մի մի նայիր այդ խալաթավոր չինացուն ու ինձ ասա, թե ով է նա։
Ա՜յ թե արագ է աշխատում էլեկտրոնիկան։ Նեդն իսկույն տվեց պատասխանը, ասես դա անգիր էր արել մի քանի շաբաթ։
— Դա կեղծ ասիացի է, որն օգտագործում է իր մաշկի բնական դեղնությունը եւ այդ գույնն ավելի է թանձրացնում ներկերի միջոցով։ Նա չինացի չէ։ Նրա աչքերը վիրահատված են, սպիները մինչեւ հիմա էլ երեւում են։ Դա, անկասկած, արվել է իսկական արտաքինը թաքցնելու համար, սակայն ըստ Բերտիլիոնի, նրա ականջների չափերը եւ մյուս հատկանիշները թույլ են տալիս հաստատել նրա անձնավորությունը։ Միջազգային ոստիկանությունը շտապ կարգով փնտրում է նրան, նրա իսկական անունը…
Չինացի Ջոն կատաղությունից իրեն կորցրեց, ու ո՛չ իզուր տեղը։
— Այս օյինը… այս թիթեղյա բարձրախոսը… Մենք լսել ենք դրա մասին, մենք դրա մասին էլ ենք հոգացել։
Բազմությունը ետ֊ետ գնաց եւ ազատեց սենյակը, ու ես տեսա դռան մեջ կանգնած մի ջահելի, որը, ծնկի եկած, նշան էր բռնում բազուկայով։ Երեւի պատրաստվում էր կրակել հատուկ հակատանկային հրթիռներով։ Ես այսքանը հասցրի մտածել, մինչեւ նա կսեղմեր ձգանը։
Այդպիսի հրթիռով, թերեւս, կարելի է տանկ խփել։ Բայց ո՛չ ռոբոտին։ Համենայն դեպս՝ ոստիկան֊ռոբոտին։ Նեդը կռացավ, եւ նրա ետեւի պատը փշուր֊փշուր եղավ։ Երկրորդ կրակոցը չեղավ։ Նեդը ձեռքերով սեղմեց զենքի փողը, եւ այն նմանվեց հին ու ճմռթված ջրատար խողովակի։
Այդժամ Բիլլին որոշեց, որ ոստիկանական տեղամասում բազուկայով կրակող մարդը խախտում է օրենքը, եւ գործի դրեց իր մահակը։ Ես միացա նրան, որովհետեւ չէի ուզում ինձ զրկել զվարճանալուց։ Նեդը հայտնվեց ներքեւում, ինչ֊որ տեղ, բայց ես համոզված էի, որ նա իր գլխի ճարը կտեսնի։
Լսվեցին մի քանի խուլ կրակոցներ, եւ ինչ֊որ մեկը ճչաց։ Հետո էլ ոչ ոք չկրակեց, որովհետեւ, ինչպես ասում են, շունը տիրոջը չէր ճանաչում։ Բրուկլինցի Էդդի անունով ավազակը ատրճանակի կոթով խփեց գլխիս, իսկ ես ջարդեցի նրա քիթնումռութը։
Դրանից հետո, կարծես, ամեն ինչ պարուրվեց մշուշով։ Բայց ես շատ լավ եմ հիշում, որ տուրուդմփոցը դեռ էլի շարունակվեց։
Երբ մշուշը ցրվեց, զգացի, որ մենակ ես եմ մնացել ոտքի վրա։ Ավելի ճիշտ՝ հենվել էի պատին։ Լավ է, որ դեռ կար մի բան՝ հենվելու համար։
Դռնից ներս մտավ Նեդը՝ ջարդուփշուր արված Բրուկլինցի Էդդիին գրկած։ Շատ կուզեի մտածել, թե ես եմ նրան այդ օրը գցել։ Էդդիի դաստակները շղթայակապ էին։ Նեդը նրան խնամքով դրեց հատակին, մյուս ավազակների կողքը, ու ես հանկարծ նկատեցի, որ նրանց բոլորի ձեռքերն էլ շղթայակապ էին։ Ու հետաքրքրվեցի, թե Նեդն այդ ձեռնաշղթաները սարքում է հարկ եղած դեպքում, թե՞ դրանք բոլորը գտնվում են նրա դատարկ ոտքի մեջ։
Ինձնից մի քանի քայլ այն կողմ աթոռ տեսա։ Նստեցի ու մի քիչ թեթեւացա։
Չորս կողմն ամեն ինչ արյունոտված էր, եւ եթե ավազակներից մի քանիսը չտնքային, ես կկարծեի, թե դրանք դիակներ են։ Հանկարծ իսկապես դիակ տեսա։ Գնդակը դիպել էր նրա կրծքին, եւ հատակի արյան մեծ մասը նրան էր պատկանում։
Նեդը դեսուդեն հրմշտեց մարմինները եւ նրանց միջից դուրս հանեց Բիլլիին։ Նա ուշագնաց վիճակում էր։ Դեմքին սառել էր լայն ժպիտը, բռան մեջ սեղմված էին մահակի մնացորդները։ Որոշ մարդկանց շատ քիչ բան է պետք երջանիկ լինելու համար։ Գնդակը դիպել էր նրա ոտքին, եւ նա չշարժվեց նույնիսկ այն ժամանակ, երբ Նեդը պատռեց նրա տաբատը ու կապեց ոտքը։
— Ինքնակոչ Չինացի Ջոն եւ էլի մի հոգի փախան մեքենայով,— զեկուցեց Նեդը։
— Դա թող չանհանգստացնի քեզ,— մի կերպ խռխռացրի ես։— Նա մեզնից չի պրծնի։
Եվ միայն այդ ժամանակ գլխի ընկա, որ պետը դեռ նստած է բազկաթոռին, նույն դիրքով, ինչպես նստած էր մինչեւ տուրուդմփոցի սկսվելը։ Նույն բացակայող հայացքով։ Ես միայն այն ժամանակ, երբ սկսեցի խոսել նրա հետ, հասկացա, որ Նայնպորտի ոստիկանապետ Ալոնցո Կրեյգը մահացել է։
Սպանվել էր մի կրակոցով։ Փոքրիկ ատրճանակի կրակոցով։ Գնդակն անցել էր սրտի միջով, եւ ամբողջ հագուստը արյունոտ էր։ Ես շատ լավ գիտեի, թե ով է կրակել ատրճանակով։ Փոքր ատրճանակով, որը շատ հարմար է թաքցնել չինական լայն թեւքերի մեջ։
Հոգնածությունս ու շշմածությունս մի վայրկյանում անհետացան։ Մնաց միայն զայրույթը։ Հետո ինչ, որ պետը աշխարհիս ամենախելոք ու ամենաազնիվ մարդը չէր։ Բայց նա ավելի լավ բախտի էր արժանի։ Սպանվել է մի քոսոտ գանգստերի ձեռքով, որը երեւակայել է, թե կանգնել են իր ճանապարհին։
Եվ իսկույն հասկացա, որ ես պետք է կարեւոր վճիռ կայացնեմ։ Բիլլին դուրս է եկել շարքից, Ֆեթսը ծլկել է, Նայնպորտի ոստիկանությունից մնացել եմ միայն ես։ Այս շիլափլավից ազատվելու համար ինձ հարկավոր էր դուրս գալ փողոց եւ կանգ չառնել, ու ես համեմատաբար կհայտնվեի անվտանգության մեջ։
Կողքիս բզզում էր Նեդը, մեկ֊մեկ գրկելով ավազակներին ու խցերը տանելով։
Չգիտեմ, թե ինչը ազդեց վճռիս վրա։ Երեւի, Նեդի կապույտ մեջքը, որն անընդհատ աչքիս առաջ էր։ Կամ էլ թե ուղղակի հոգնեցի գլուխ պահելուց։ Ներքուստ պատրաստ էի այդ վճռին։ Ես զգույշ հանեցի պետի ոսկե նշանը եւ ամրացրի կրծքիս, իմ նշանի տեղը։
— Նայնպորտի նոր ոստիկանապետը,— ասացի ես, առանց դիմելու որեւէ մեկին։
— Այո, սըր,— ասաց Նեդը, անցնելով մոտովս։ Նա ձերբակալվածին դրեց հատակին, պատվի առավ ինձ ու նորից անցավ իր գործին։ Ես նույնպես պատվի առա։
Հիվանդանոցի մեքենան սլացավ՝ տանելով վիրավորներին ու մեռածներին։ Ես չարախնդորեն չէի նկատում սանիտարների հետաքրքրասեր հայացքները։ Երբ բժիշկը վիրակապեց գլուխս, ամեն ինչ ընկավ իր տեղը։ Նեդը լվաց հատակը։ Ես կուլ տվեցի հինգ հաբ ասպիրին ու սպասեցի, թե երբ սիրտս կդադարի թփթփալ, ու ընդունակ կլինեմ մտածելու հետագա անելիքներիս մասին։
Մտքերս ի մի ժողովելով, հասկացա, որ երկու կարծիք լինել չի կարող։ Դա ակնհայտ է։ Որոշումը գլուխս եկավ, երբ լցնում էի ատրճանակս։
— Լրացրու ձեռնաշղթաների պաշարը, Նեդ։ Մենք գնում ենք։
Ինչպես եւ ամեն մի լավ ոստիկան, նա հարցեր չտվեց։ Դուրս գալիս դուռը փակեցի եւ բանալին տվեցի նրան։
— Վերցրու։ Շատ հավանական է, որ երեկոյան կողմ քեզանից բացի էլ ոչ մի ոստիկան չի լինի Նայնպորտում։
Մեքենան հնարավորին չափ դանդաղ էի քշում դեպի Չինացի Ջոյի տուն։ Փորձում էի այս գրությունից դուրս գալու մեկ ուրիշ ելք գտնել։ Այդ ելքը չկար։ Սպանությունը կատարված է, եւ պատասխանատվության պետք է ենթարկել հենց Ջոյին։ Իսկ դրա համար պետք է ձերբակալել նրան։
Զգուշության համար կանգ առա փողոցի անկյունում եւ հակիրճ ցուցումներ տվեցի Նեդին։
— Պանդոկի եւ գողերի որջի այս զուգակցությունը պատկանում է նրան, ում մենք կանվանենք Չինացի Ջո այնքան ժամանակ, մինչեւ որ դու ժամանակ կունենաս ինձ ասելու նրա իսկական անունը։ Ես արդեն հոգնել եմ, հերիք է։ Մենք պետք է ներս մտնենք, գտնենք Ջոյին եւ հանձնենք նրան արդարադատության ձեռքը։ Պա՞րզ է։
— Պարզ է,— պրոֆեսորական չոր տոնով պատասխանեց Նեդը,— բայց ավելի հեշտ չէ՞ր լինի նրան ձերբակալել հենց հիմա, երբ նա գնում է հրեն այն մեքենայով, ու ոչ թե սպասենք նրա վերադառնալուն։
Մեքենան սլանում էր կողքի փողոցով՝ ժամում վաթսուն մղոն արագությամբ։ Երբ նա անցավ մեր մոտով, ես տեսա ետեւում նստած Ջոյին։
— Կանգնեցրու դրանց,— գոռացի գլխավորապես ինքս ինձ, որովհետեւ ես էի նստած ղեկի մոտ։ Միաժամանակ սեղմեցի աքսելերատորը եւ ուժգին ինձ քաշեցի արագությունը փոփոխելու լծակը, բայց դե դրանից ոչ մի օգուտ չեղավ։
Նրանց կանգնեցրեց Նեդը։ Իմ ճիչը հնչեց որպես հրաման։ Նեդը գլուխը դուրս հանեց մեքենայից, եւ ես իսկույն հասկացա, թե ինչու է սարքերի մեծ մասը դրված նրա իրանի մեջ։ Երեւի ուղեղը նույնպես։ Գլխի մեջ, հասկանալի է, շատ քիչ տեղ էր մնացել, քանի որ այնտեղ դրված էր մի այնպիսի՜ թնդանոթ…
Յոթանասուն միլիմետրանոց անվրեպ զենք։ Թիթեղը, որ ծածկում էր այն տեղը, ուր սովորաբար մարդկանց քիթն է լինում, սահեց մի կողմ, եւ երեւաց մեծ փողը։ Ինչ ուզում ես ասա՝ չտեսնված էր սարքված։ Ճիշտ ու ճիշտ աչքերի արանքը, որ նշան բռնելը հարմար լինի։
Բո՛ւմ։ Բո՛ւմ։ Քիչ մնաց խլանայի։ Հասկանալի է, որ Նեդը հրաշալի հրաձիգ էր, ես էլ հրաշալի կլինեի, եթե ուղեղի փոխարեն գլխումս հաշվիչ մեքենա լիներ։ Նա ծակծկեց ետեւի անվադողերը, ու մեքենան, թպրտալով սալահատակի վրա, կանգ առավ։ Ես դանդաղ դուրս եկա մեր մեքենայից, իսկ Նեդն առաջ սլացավ վազորդի արագությամբ։ Այս անգամ նրանք նույնիսկ չփորձեցին փախչել։ Նրանց խիզախության մնացորդները ցնդեցին, երբ Նեդի աչքերի արանքում տեսան զենքի ծխացող փողը։ Ռոբոտները այդ տեսակետից շատ ճշտապահ են, ուստի պետք է մտածել, որ նա դիտմամբ էր դրսում թողել թնդանոթը։ Երեւում է, ռոբոտները դպրոցում նույնպես հոգեբանություն են անցնում։
Մեքենայում երեք մարդ էին նստած եւ բոլորն էլ ձեռքերը վեր տնկեցին, ինչպես կովբոյական կինոնկարի վերջին կադրում։ Մեքենայի մեջ դրված էին շատ հետաքրքիր ճամպրուկներ։
Ոչ մեկը դիմադրություն ցույց չտվեց։
Միայն Չինացի Ջոն գռմռաց, երբ Նեդն ինձ ասաց, որ նրա իսկական անունը Ջո Սթենտին է եւ որ Էլմիրում վաղուց անհամբեր սպասում են, թե երբ պիտի նրան նստեցնեն էլեկտրական աթոռին։ Ես Ջո Սթենտինին խոստացա, որ հաճույքով իրեն տեղ կհասցնեմ հենց նույն օրը։ Թող նա բնավ չփորձի խուսափել պատժից տեղական իշխանությունների օգնությամբ։ Մյուսներին կդատեն Կանալ֊սիթիում։
Շատ ծանր օր էր։
Այդ ժամանակից ամեն ինչ խաղաղվել է։ Բիլլին դուրս է գրվել հիվանդանոցից եւ կրում է իմ սերժանտական ուսադիրները։ Նույնիսկ Ֆեթսն է վերադարձել, չնայած հիմա ժամանակ առ ժամանակ հարբած չի լինում եւ խուսափում է իմ հայացքին հանդիպելուց։ Մենք քիչ գործ ունենք, որովհետեւ մեր քաղաքը ոչ միայն դարձել է խաղաղ, այլեւ՝ ազնիվ։
Գիշերները Նեդը պարեկություն է անում քաղաքի փողոցներում, իսկ ցերեկներն աշխատում է լաբորատորիայում եւ իրար է կարում թղթերը։ Հնարավոր է, որ դա անելով Նեդը խախտում է կանոնները, բայց դե, կարծես, չի մտածում այդ մասին։ Նա ներկ է քսել գնդակներց քերծված տեղերին եւ անընդհատ փայլեցնում է կրծքանշանը։ Չգիտեմ, արդյոք ռոբոտը կարո՞ղ է երջանիկ լինել, բայց Նեդը հաստատ երջանիկ է։
Կարող եմ երդվել, որ երբեմն նա ինչ֊որ բան է բզզում քթի տակ։ Բայց երեւի դա շարժիչների եւ մյուս մեխանիզմների դռռոցն է։
Եթե խորը մտածենք, մենք, հավանաբար, աննախադեպ բան ենք արել՝ ռոբոտին դարձնելով լիիրավ ոստիկան։ Գործարանից դեռ ոչ ոք չի եկել, ու ես չգիտեմ, մենք առաջինն ենք, թե ոչ։
Էլի բան ունեմ ասելու։ Ես մտադիր չեմ ընդմիշտ մնալ այս խղճուկ քաղաքում։ Նոր տեղում աշխատանք գտնելու համար արդեն գրել եմ մի երկու հոգու։ Ուստի ոմանք շատ կզարմանան երբ կիմանան, թե իմ գնալուց հետո ով պիտի դառնա իրենց նոր ոստիկանապետը։