Changes
/* Քառասունիններորդ գլուխ */
Երկու ջենթլմենները իսկույն բաժանվեցին՝ երկուսն էլ սաստիկ հուզված ու գրգռված։
==Հիսուներորդ գլուխ==
Հետապնդում ու փախուստ
Թեմզայից ոչ հեռու, գետի այն մասում, ուր Ռոթերհայթ եկեղեցին է գտնվում, ուր առափնյա շենքերը ամենից կեղտոտն են և գետի վրա գտնվոզ նավերը ածխավաճառների փոշու և բազմաթիվ ցածրահարկ տների ծխի պատճառով բոլորից սևը, կա մի վայր, որը Լոնդոնում թաքուն մնացած մի շարք նման վայրերի ամենագարշելին, ամենատարօրինակը և ամենից արտառոցն է, և որի նույնիսկ անունը անծանոթ է բնակչության մեծ մասին։
Այնտեղ հասնելու համար այցելուն պետք է անցնի նեղ ու ցեխոտ փողոցների լաբիրինթոսի միջով, ուր խռնված է առափնյա բնակչության ամենաաղքատ ու ամենաբիրտ մասը։ Ամենից էժան ու ամենից անորակ մթերքները դիզված են խանութներում, և ամենակոպիտ ու ամենահասարակ հագուստները ճոճվում են վաճառորդի դռնից կամ տների փայտորմներից ու լուսամուտներից։ Բախվելով ամենացածր խավի պատկանող աշխատավորների, բեռնակիրների, ածխահատների, լիրբ կանանց, գզգզված շորերով երեխաների և առափնյա ամեն տեսակի խաժամուժի, նա դժվարությամբ կընթանա առաջ։ Հետզհետե նրան կպաշարեն աջ ու ձախ կողմում ճյուղավորված նրբանցքների զզվելի տեսարանները՝ իրենց գարշահոտությամբ, նրա ականջնրը կխլանան ծանրաբեռ սայլերի ճռնչյունից, որոնք յուրաքանչյուր անկյունում բարձրացող բազմաթիվ պահեստներից ապրանքների հսկայական դեզեր են փոխադրում։ Վերջապես հասնելով ավելի հեռավոր և նվազ բազմամարդ փողոցներին, այցելուն կանցնի դեպի մայթը թեքված երերուն տների առաջով, խարխուլ պատերի կողքով, կտեսնի կարծես ընկնելու պատրաստ կիսավեր ծխնելույզներ, լուսամուտներ, որոնց պահպանող երկաթյա ձողերը ժամանակի ու կեղտի պատճառով բոլորովին փտած են, և նման բազմաթիվ այլ երևույթներ, որ խոսում են լքվածության ու անխնամ թողնվածության մասին։
Ահա այսպիսի մի թաղամասում, Դայքեդից և Սաութվորդ Բորրոյից անդին գտնվում է Հակոբի կղզին։ Այդ կղզին շրջապատված է ցեխոտ մի խրամատով, որը մակընթացության ժամերին ունենում է վեցից ութ ոտք խորություն տասնհինգից քսան ոտք լայնություն։ Անցյալում այդ կոչվել է Միլլ Պանդ, բայց այս պատմության շրջանում այն ճանաչված էր որպես Ֆոլլի Դիլ։ Թեմզայի այս ծոցը մակընթացության ժամանակ միշտ կարելի է լցնել ջրով, եթե Լեդ Միլլզի ջրարգելակները բացվեն, որտեղից և նա ժառանգել է իր անունը։ Այսպիսի դեպքերում որևէ օտարական, կանգնելով փայտե կամուրջներից մեկի վրա, որը գցված է դրա լայնքով, կտեսնի, թե երկու կողմերում գտնվող տների բնակիչները ջուրը վեր քաշելու համար հետևի դռներից և լուսամուտներից ինչպես են ներքև իջեցնում դույլեր, տաշտեր և բոլոր տեսակի տնային սպասեղեն։ Եվ երբ հայացքը կտրելով այս գործողություններից, նա ուղղակի տներին նայի, նրա առաջ կբացվի չափազանց ապշեցուցիչ մի տեսարան։ Նա կտեսնի ներքևի տիղմը ծածկելու համար տախտակամածներ, վեց֊յոթ ընտանիքների ընդհանուր գործածության ենթակա խորտակված պատշգամբներ, գոյություն չունեցող սպիտակեղենը փռելու համար դուրս ցցված ձողերով՝ ջարդված ու վերանորոգված լուսամուտներ, փոքր, կեղտոտ, հեղձուցիչ սենյակներ, ցեխից դուրս ցցված և նորից ցեխը գլորվելու (ինչպես պատահել է մի քանիսի հետ) պատրաստ փայտյա շինություններ, խարխլաված ու կեղտի մեջ կորած պատեր, փտած հիմքեր, վերջապես աղքատության բոլոր տեսակի խորշեցուցիչ նշաններ, նեխվածության ու փտածության գարշելի հետքեր։ Ահա այս բոլորը զարդարում են Ֆոլլի Դիչի ափերը։
Հակոբի կղզում պահեստները աներդիկ են ու դատարկ պատերը փուլ են գալիս, լուսամուտները այլևս լուսամուտի նման չեն, դռները թեքված և համարյա ընկնում են փողոցների վրա, ծխնելույզները սևացած են, բայց ոչ մի ծուխ չի բարձրանում դրանց միջից։ Մոտավորապես քառասուն տարի առաջ, երբ այս վայրը տակավին կորուստներ չէր տեսել և բարձրագույն ատյանի դատավճիռներին ենթարկվելով դեռևս չէր տուժել, դա բարգավաճ մի կենտրոն էր, բայց այժմ իրոք մի լքված կղզի է այդ։ Տները տեր չունեն։ Այն մարդիկ, որ սիրտ են անում ապրել այդպիսի վայրում, խորտակում են դռները, մտնում են ներս և այնտեղ էլ մնում են մինջև իրենց կյանքի վերջը։ Նրանք, ովքեր բնակություն են հաստատել Հակոբի կղզում, պետք է գաղտնի ապաստարան որոնելու լուրջ պատճառներ ունեցած լինեն, կամ, արդարև հասած լինեն շատ հետին չքավորության, եթե ոչ, դժվար թե որևէ մեկը ցանկանա ապրել այնտեղ։
Ահա այս տներից մեկի վերնասենյակում, բավականին մեծ ու մեկուսացած տուն, որը մյուսների նման կիսվեր վիճակում էր, բայց ուներ ամուր պահպանված դռներ ու լուսամուտներ, և որի հետևի մասը վերևում նկարագրված ձևով խրամատին էր նայում, նստած էին երեք տղամարդ, որոնք սպասողականություն ու շփոթվածություն արտահայտող հայացքներով մերթ ընդ մերթ իրար նայելով, բավական ժամանակից ի վեր սպասում էին խոր ու չարագուշակ լռության մեջ։ Դրանցից մեկը Թոնի Քրեքիթն էր, մյուսը՝ միստր Չիթլինգը, իսկ երրորդը՝ հիսուն տարեկան մի ավազակ, որի քիթը ճզմված էր անցյալում տեղի ունեցած ինչ֊որ ընդհարման ժամանակ, և որի դեմքի վրա կար ահռելի մի սպի, հավանաբար նույնպես ստացված այդպիսի կռիվներից մեկում։ Այս մարդը տաժանակիր աշխատանքի դատապարտված ու այժմ վերադարձաց մի աքսորյալ էր, և նրա անունը Քեգզ էր։
― Քանի որ նախկին երկու որջերը շատ վտանգավոր դարձան, լավ կլիներ ուրիշ թաքստարան ընտրեիր քեզ համար, բարեկա՛մ, և այստեղ չգայիր, ― ասաց Թոբին, շուռ գալով դեպի միստր Չիթլինգը։
― Իսկ դու ինչո՞ւ այդպես չարեցիր, ապուշի գլուխ, հը՞, ― ասաց Քեգզը։
― Դե, ես կարծում էի, որ դուք մի քիչ ավելի ուրախ կլինեիք ինձ տեսնելով, ― մելամաղձոտ պատասխանեց միստր Չիթլինգը։
― Լսի՛ր, բարեկամ, ― ասաց Թոբին, ― երբ մեկը իրեն պահում է այնքան մեկուսացած, ինչպես ես եմ ինձ պահում, և դրա շնորհիվ ունի մի անդորր անկյուն, որի շուրջը ոչ ոք չի պտտվում և հոտ քաշում, բավականին անախորժ բան է ընդունել այլելությունը մի երիտասարդի, որը գտնվում է այնպիսի դրության մեջ, ինչպիսի դրության մեջ դու ես գտնվում, անկախ այն բանից, թե այդ երիտասարդը թղթախաղի համար կարող է նկատվել հարգելի ու հաճելի մի անձնավորություն։
― Նամանավանդ, երբ այդ մեկուսացած երիտասարդ ջենթլմենը իր մոտ տեղ է տվել մի բարեկամի, որը վերադարձել է օտար երկրներից ավելի շուտ, քան նրան սպասում էին, և որը, չափազանց համեստ լինելու պատճառով, այժմ չի ցանկանում դատավորներին ներկայանալ, ― ավելացրեց միստր Քեգզը։
Կարճ լռություն տիրեց, որից հետո Թոբի Քրեքիթը, ըստ երևույթին իր սովորական անփույթ ու սնապարծ ձևը պահպանելու հետագա ճիգերը անօգուտ համարելով, դարձավ դեպի Չիթլինգը և հարցրեց․
― Ֆեգինին ե՞րբ ձերբակալեցին։
― Ճաշի ժամանակ, այսօր ցերեկվա ժամը երկուսին։ Չարլին և ես մի կերպ թաքնվեցինք լվացքատան ծխնելույզում, իսկ Բոլթերը գլուխնիվայր մտավ դատարկ ջրի տակառը, բայց ոտները այնքան երկար էին, որ վերևից դուրս ցցվեցին, հետևաբար նրան ևս տարան։
― Իսկ Բե՞թը։
― Խե՜ղճ Բեթ։ Նա գնաց դիակը տեսնելու և խոսելու մեկի հետ, որ այլևս գոյություն չուներ, ― պատասխանեց միստր Չիթլինգը ավելի ու ավելի մռայլվելով, ― տեսնելուց հետո նա խելագարվեց։ Ինչպիսի՜ աղեխարշ աղաղակներ էր արձակում, և խելահեղորեն մազերն ու հագուստները գզգզելով, ինչպե՜ս էր գլուխը պատերին խփում։ Հետևաբար, ինչ֊որ յուրահատուկ շապիկ հագցրին վրան ու տարան գժանոց, ու այնտեղ էլ մնում է այժմ։
― Փեքրիկ Բեյթսը որտե՞ղ է, ― հարցրեց Քեգզը։
― Նա թափառելու էր դես֊դեն, մութն ընկնելուց առաջ այստեղ չգալու համար, բայց երևի շուտով կգա, ― պատասխանեց Չիթլինգը։ ― Այժմ ուրիշ որևէ տեղ չկա ապաստանելու, քանի որ «Հաշմանդամների» բոլոր մարդիկ ձերբակալված են, իսկ մյուս որջի գինետունը վխտում է ոստիկաններով, աչքովս տեսա այնտեղից անցնելիս։
― Սա կործանում է, ― նկատեց Թոբին՝ շրթները կծելով։ ― Այս փոթորիկը երևի շատերին կքշի։
― Ատյանի նիստը շարունակվում է, ― ասաց Քեգզը, ― դիակի վերաբերյալ հարցաքննությունը վերջանալուց հետո, եթե Բոլթերը մատնի նաև մնացյալներին, ― իսկ նա այդ անպայման կանի, դատելով այն բանից, որ արդեն ասել է, ― նրանք կապացուցեն Ֆեգինի մասնակցությունը, դատը կլինի ուրբաթ օրը, և նա վեց օրից կճոճվի օդում։ Ահա թե ի՛նչ։
― Դուք պետք է լսեիք, թե մարդիկ ինչպես էին հեծեծում, ― ասաց Չիթլինգը։ ― Ոստիկանները դևերի նման կռվում էին, այլապես ամբոխը բզկտած կլիներ նրան։ Մի անգամ նրան գցեցին գետին, բայց ոստիկաններն օղակ կազմեցին նրա շուրջն ու մի կերպ առաջացան։ Դուք պետք է տեսնեիք, թե ցեխոտված ու արյունաթաթախ վիճակում՝ ինչպես էր նա շուրջը նայում և ինչպես էր փարվում ոստիկաններին, ասես նրանք իր ամենասիրելի բարեկամները լինեին։ Այժմ ես նորից տեսնում եմ նրանց․ տեսնում եմ ամբոխի ճնշման տակ դժվարությամբ կանգուն մնացող և նրան քարշ տվող այդ ոստիկաններին, տեսնում եմ մեկը մյուսի հետևից վերև ցատկող ու իրենց ատամները կրճտացնելով նրա վրա հարձակվելու փորձեր անող մարդկանց, ես տեսնում եմ արյունը նրա մազերի ու մորուքի վրա և լսում եմ կանանց վայրագ ճիչերը, կանայք, որ փողոցի անկյունում բազմության կենտրոնը խուժելով՝ երդվում էին նրա սիրտը պոկել կրծքից։
Այս տեսարանի սարսափած վկան ձեռքերով ականջները ամուր ծածկեց և փակ աչքերով սկսեց տագնապահար ու մոլորված վեր ու վար անել սենյակում։
Երբ նա այսպես զբաղված էր, իսկ մյուս երկուսը աչքերը հատակին հառած լուռ նստել էին, աստիճանների վրա լսվեց թաթերի վրա ինչ֊որ քսվրտոց, և հանկարծ Սայքսի շունը նետվեց սենյակից ներս։ Նրանք վազեցին դեպի լուսամուտը, խուճապահար վայր իջան ու դուրս եկան փողոց։ Շունը բաց լուսամուտից էր ներս ցատկել․ նա ոչ մի ճիգ չգործադրեց նրան հետևելու, և տերն էլ ոչ մի տեղ չէր երևում։
― Այս ի՞նչ է նշանակում, ― ասաց Թոբին, երբ սենյակ էին վերադարձել։ ― Մի՞թե նա այստեղ է գալիս։ Հույս ունեմ․․․ հույս ունեմ, որ այդպիսի բան չի լինի։
― Եթե այստեղ գալու լիներ, շան հետ կգար, ― ասաց Քեգզը, կռանալով և քննելով կենդանուն, որը հևասպառ պառկել էր հատակին։ ― Հե՛յ, մի քիչ ջուր բերեք, այնքան է վազել, կարծես ուշաթափվելու է։
― Մինչև վերջին կաթիլը խմեց, ― ասաց Չիթլինգը, բավական ժամանակ շանը լուռ դիտելուց հետո։ ― Ցեխաթաթախ է, կաղ, և համարյա կուրացած․ երևի շատ հեռվից է գալիս։
― Որտեղի՞ց կարող է եկած լինել, ― բացականչեց Թոբին։ ― Անշուշտ նա եղել է նաև մյուս հաճախատեղիներում և, տեսնելով, որ դրանք լիքն են անծանոթ մարդկանցով, փութացել է այստեղ, ուր շատ անգամ է եղել։ Բայց նախքան այստեղ գալը, որտե՞ղ կարող է եղած լինել և ինչպե՞ս է այստեղ հասել առանց նրա։
― Նա (ոչ ոք մարդասպանի անունը չէր տալիս), նա չի կարող անձնասպանություն գործած լինել։ Ի՞նչ եք ենթադրում, ― ասաց Չիթլինգը։
Թոբին գլուխը թափահարեց։
― Եթե անձնասպանություն գործած լիներ, ― ասաց Քեգզը, ― շունը պիտի ցանկանար ոճրի վայարը առաջնորդել մեզ։ Ո՛չ, ես կարծում եմ՝ նա փախել է արտասահման, իսկ շանը թողել է այստեղ։ Երևի մի կերպ խույս է տվել, այլապես այնքան էլ հեշտ չէր լինի ազատվել նրանից։
Այս ենթադրությունը թվալով ամենից հավանականը, ընդունվեց որպես ճիշտ եզրակացություն։ Ապա շունը կծկվեց մի աթոռի տակ ու խոր քուն մտավ, և այլևս ոչ ոք ուշք չդարձրեց նրան։
Քանի որ մութն արդեն ընկել էր, նրանք փեղկը փակեցին և մի մոմ վառելով դրեցին սեղանին։ Վերջին երկու օրերի սարսափելի դեպքերը շատ խոր տպավորություն էին գործել նրանց վրա, որը քանի գնում, այնքան մեծանում էր սպառնացող վտանգի և իրենց կացության անորոշության հետևանքով։ Նրանք յուրաքանչյուր ձայնից ցնցվում էին․ Աթոռները ավելի մոտեցրին իրար․ տիրում էր ճնշող լռություն, որը շատ հազվադեպ էր խզվում, այն էլ շշուկներով։ Նրանք այնքան զարհուրած էին, ասես սպանված կնոջ դիակը հարևան սենյակում լիներ։
Բավական ժամանակ այսպես նստել էին, երբ հանկարծ ներքևի մուտքի դուռը ուժգին ծեծեցին։
― Երևի փոքրիկ Բեյթսն է, ― ասաց Քեգզը, իր զգացած վախը զսպելու համար զայրացած շուրջը նայելով։
Դուռը նորից ծեծեցին։ Ո՛չ, այդ նա չէր։ Նա երբեք այդպես չէր ծեծում։
Քրեքիթը լուսամուտից նայեց և, ամբողջ մարմնով դողալով, գլուխը ներս քաշեց։ Կարիք չկար ասելու, թե ով էր․ նրա գունատված դեմքը բավականին որոշակի խոսում էր այդ մասին։ Շունը նույնպես մի ակնթարթում ոստնեց իր տեղից և կաղկանձելով վազեց դեպի դուռը։
― Պետք է նրան ներս թողնենք, ― ասաց Թոբին, մոմը վերցնելով։
― Ուրիշ ելք չկա՞, ― հարցրեց մյուսը խռպոտ ձայնով։
― Ոչ, բոլորովի՛ն։ Մենք պետք է անպայման ներս թողնենք նրան։
― Մեզ խավարի մեջ մի՛ թողնիր, ― ասաց Քեգզը, բուխարուց մի մոմ վերցնելով։
Ձեռքերը այնպես էին դողում, որ մինչև նրան հաջողվեց վառել այն, դուռը դարձյալ ծեծեցին։
Քրեքիթը գնաց ներքև և վերադարձավ մեկի հետ, որի դեմքի ներքևի մասը ծածկված էր թաշկինակով, մի թաշկինակ էլ գլխարկի տակից կապված էր գլխին։ Նա դանդաղորեն հանեց այդ թաշկինակները։ Կապարագույն դեմք, խորն ընկած աչքեր, նիհարած այտեր, երեք օրվա մազակալած երես, կարճ խռպոտ շնչառություն։ Սա ոչ թե Սայքսն էր, այլ ասես Սայքսի ուրվականը։
Նա ձեռքը դրեց սենյակի մեջտեղում գտնվող մի աթոռի հենակին և կարծես պատրաստվում էր նստել, երբ թվաց, որ ուսի վրայից ետ նայեց և սարսռալով աթոռը հետ քաշեց, որքան հնարավոր էր մոտեցրեց պատին, ― ու նստեց։
Նրանք մի բառ անգամ չէին փոխանակել։ Նա լռությամբ մերթ մեկին, մերթ մյուսին էր նայում։ Եթե որևէ մեկը գաղտագողի հետևում էր նրան, նրա հայացքին հանդիպելիս աչքերը շրջում էր այլ կողմ․ երբ նրա խռպոտ ձայնը խզում էր լռությունը, երեքն էլ ցնցվում էին, ասես այդ ձայնը երբեք չէին լսել։
― Շունը ինչպե՞ս եկավ այստեղ, ― հարցրեց նա։
― Մենակ։ Երեք ժամ առաջ։
― Երեկոյան թերթն ասում է, թե Ֆեգինը ձերբակալված է, ճի՞շտ է, թե սուտ։
― Ճի՛շտ է։
Դարձյալ լռություն։
― Սատանան տանի բոլորիդ, ― ասաց Սայքսը ձեռքը ճակատին դնելով։ ― Ոչինչ չունե՞ք ինձ ասելու։
Ինչ֊որ անհանգիստ շարժումներ կատարվեցին, բայց ոչ ոք չխոսեց։
― Դու, որ այս տան տերն ես, ― ասաց Սայքսը դեպի Քրեթիթը շրջվելով, ― ի՞նչ ես մտածում անել։ Դավաճանելո՞ւ ես ինձ, թե թողնելու ես, որ մնամ ասյտեղ մինչև հետապնդումը կվերջանա։
― Կարող ես մնալ, եթե ապահով ես համարում, ― բավական վարանումից հետո պատասխան տվեց մյուսը։
Սայքսը աչքերը դանդաղորեն բարձրացրեց դեպի իր հետևի պատը, ավելի ճիշտ՝ փորձեց գլուխը շուռ տալ այն կողմը ու հարցրեց, ― իսկ․․․ դիակը․․․ դիակը թաղե՞լ են։
Նրանք գլխով բացասական պատասխան տվեցին։
― Ինչո՞ւ չեն թաղել, ― տաքացած գոչեց նա, նույն հայացքով շուրջը նայելով ― ինչո՞ւ են այդպիսի տգեղ բաներ երկրիս մակերեսին թողնում։ Ո՞վ է դուռը ծեծում այնտեղ։
Քրեքիթը սենյակից դուրս գալիս ձեռքի շարժումով հասկացրեց, որ վախենալու բան չկա, և իսկույն վերադարձավ՝ իր հետ բերելով Չարլի Բեյթսին։ Սայքսը նստել էր դռան դիմաց, հետևաբար, երբ տղան ներս մտավ, առաջին անգամ նրան տեսավ։
― Թոբի, ― ասաց տղան ընկրկելով, երբ Սայքսը աչքերը նրան ուղղեց, ― դու ներքևում ինչո՞ւ ինձ այդ մասին չասացիր։
Մյուս երեքի վերաբերմունքը այնքան ահավոր ազդեցություն էր թողել նրա վրա, որ թշվառականը հոժար էր անգամ այս տղային սիրաշայել։ Հերևաբար, նա գլխով արեց և պատրաստվեց նրա ձեռքը սեղմելու։
― Թողեք մի ուրիշ սենյակ գնամ, ― ասաց տղան՝ ավելի հեռանալով։
― Չա՛րլի, ― ասաց Սայքսը՝ վեր կենալով, ― մի՞թե դու․․․ դու ինձ չես ճանաչում։
― Ավելի չմոտենաս ինձ, ― պատասխանեց տղան՝ ետ֊ետ գնալով և սարսափած աչքերով նայելով մարդասպանին։
Մարդը կիսաճամփին կանգ առավ, և նրանք իրար նայեցին, բայց Սայքսի աչքերը աստիճանաբար խոնարհվեցին։
― Դուք երեքդ վկա, ― գոչեց տղան, բռունցքը ճոճելով և խոսելիս ավելի ու ավելի գրգռվելով։ ― Դուք երեքդ վկա, ես նրանից չեմ վախենում։ Եթե նրան ձերբակալելու համար այստեղ գան, ես մատնելու եմ նրան։ Այո՛, մատնելու եմ։ Ձեզ պարզ ասեմ։ Դրա համար նա թող սպանի ինձ, եթե կցանկանա կամ թե կհամարձակվի, բայց եթե այստեղ լինեմ, նրան անպայման կմատնեմ։ Ես այդ կանեի անգամ, եթե նրան ողջ֊ողջ խորովելու լինեին։ Ոճի՜ր։ Օգնությո՜ւն։ Եթե ձեր երեսի մեջ մի մարդու քաջություն կա, դուք կօգնեք ինձ։ Ոճի՜ր։ Օգնությո՜ն։ Բռնեցե՜ք նրան։
Այսպես ճչալով և ձեռքերը կատաղորեն թափահարելով օդի մեջ, տղան մենակ խոյացավ հաղթանդամ մարդու վրա և, հարձակումը հանկարծակի լինելու պատճառով, նրան ցած տապալեց։
Երեք հանդիսատեսները բոլորովին շշմել էին։ Նրանցից որևէ մեկը չփորձեց միջամտել, և տղան ու մարդը թավալվեցին հատակին։ Տղան բոլորովին անտարբեր էր այն բոլոր հարվածների հանդեպ, որ թափվում էին իր գլխին։ Նա ավելի ու ավելի պինդ էր բռնում մարդասպանի օձիքից և ամբողջ ուժով շարունակ օգնություն էր կանչում։
Պայքարը շատ անհավասար էր, հետևաբար, երկար չէր կարող տևել։ Սայքսը տղային վար էր տապալել և ծունկը դրել նրա կոկորդին, երբ Քրեքիթը, ահաբեկված, ետ քաշեց նրան և մատնացույց արեց լուսամուտը։ Ներքևում ճրագներ էին պլպլում, լսվում էին բարձր և հուզված խոսակցության ձայներ, անհամար ոտքերի դոփյուն, ― ասես վերջ չկար նրանց, ― որոնք մոտ գտնվող փայտյա կամրջի վրայով անցնում֊գալիս էին այս կողմ։ Բազմության մեջ կարծես կար նաև մի ձիավոր, քանի որ անհարթ սալահատակի վրա դոփում էին ձիու սմբակներ։ Ապա դուռը ուժգին թակեցին, և այնպիսի խուլ աղաղակներ բարձրացան, որ անգամ ամենախիզախ մարդուն սոսկում կպատճառեին։
― Օգնությո՜ն, ― գոչեց տղան զարհուրելի ձայնով։ ― Նա այստե՛ղ է։ Դուռը խորտակեցե՜ք։ Նա այստե՛ղ է։
― Թագավորի անունով, ― ձայնեցին դրսից, և խուլ աղաղակը նորից բարձրացավ, բայց ավելի ուժեղ։
― Դուռը խորտակեցե՜ք, ― ճչաց տղան։ ― Չկարծեք, որ նրանք կամովին կբացեն։ Վազեցե՛ք ուղիղ դեպի այն սենյակը, ուր լույսն է վառվում, և դուռը խորտակեցե՛ք։
Երբ տղան դադարեց խոսելուց, դռան վրա սկսեցին տեղալ ծանր հարվածներ, և ծովածավալ բազմությունը օդը թնդացրեց ուրախության բարձրագոչ աղաղակներով։ Մի որևէ սենյակի դուռ բաց արե՛ք, որ այս ճվացող դժոխքի ծնունդին ներսում փակեմ, ― կատաղած գոռաց Սայքսը ետ ու առաջ վազելով և տղային դատարկ պարկի նման հեշտությամբ քարշ տալով։ ― Այդ դուռը, շո՛ւտ։
Նա տղային շպրտեց ներս, դուռը ամուր կողպեց և բանալին դրեց գրպանը։
― Ներքևի դուռը ապահով փակվա՞ծ է։
― Կրկնակի կողպված և շղթաներով ամրացված, ― պատասխանեց Քրեքիթը, որը մյուս երկու մարդկանց նման դեռևս մնում էր հուսահատ ու շփոթված վիճակում։
― Փեղկերը ամո՞ւր են։
― Պատած են երկաթյա շերտերով։
― Իսկ լուսամո՞ւտները։
― Լուսամուտները նույնպես։
― Գրողը տանի բոլորիդ, ― գոռաց սրիկան՝ փեղկը բացելով և ամբոխին ասպարեզ կարդալով։ ― Արե՛ք ինչ կարող եք։ Տեսե՛ք, թե ինչ խաղ եմ խաղալու ձեր գլխին։
Մարդկային ականջին դեռ չէր հասել այնպիսի ահավոր վայնասուն, ինչպիսին արձակեց գազազած ամբոխը։ Մի մասը շենքի ավելի մոտիկ գտնվողներից պահանջեցին տունը հրկիզել, ուրիշները աղաղակեցին, թե տեղնուտեղը պետք է գնդակահարել նրան։ Այդ բոլորի մեջ, սակայն, ոչ ոք այնքան կատաղած չէր, որքան ձիավորը։ Նա նժույգից ցած թռավ և, բազմությունը ջրի նման ճեղքելով, լուսամուտի տակ բոլոր մյուս ձայները խեղդող մի ձայնով գոռաց․
― Քսան գինեա նրան, ով մի ելարան կճարի։
Ամենամոտիկում գտնվողները ձայնակցեցին նրան, և հարյուրավորներ արձագանք տվեցին հեռվից։ Ոմանք ելարան էին պահանջում, ոմանք մուրճ էին փնտրում, ուրիշները ջահերով ետ ու առաջ էին վազում, ասես այդ բաները ճարելու համար, և նորից ետ էին գալիս ու աղաղակում, մի այլ մաս շունչը անտեղի սպառում էր անեծքներ ու հայհոյանքներ տեղալով, շատերը խելագարի մոլուցքով առաջ էին շարժվում և խանգարում մյուսներին, ամենախիզախներից մի քանիսը փորձեցին ջրի խողովակների և որմնախորշերի վրայով մագլցել պատը, ու այսպես, ներքևի մթության մեջ ամբոխը ալեկոծվում էր, ինչպես մոլեգնած քամուց խշշացող եգիպտացորենի դաշտը, որտեղից մերթ ընդ մերթ լսվում էր ամեհի վայնասուն։
― Մակընթացությո՜նը, ― գոչեց մարդասպանը, երբ լուսամուտի ապակիները ծածկելով ընկրկեց սենյակ, ― իմ եկած ժամանակ մակընթացությունը սկսվել էր։ Մի պարան տվեք ինձ, մի երկար պարան։ Բոլորը խճողված են շենքի առջևում։ Ես ինձ կգցեմ Ֆոլլի Դիչի մեջ և խույս կտամ։ Մի պարան տվեք ինձ, այլապես երեք ոճիր ես կգործեմ, ապա անձնասպան կլինեմ։
Ահաբեկված մարդիկ մատնացույց արեցին, թե որտեղ են պահված այդ իրերը, և մարդասպանը, շտապ ընտրելով ամենաերկար և ամենաամուր պարանը, փութաց դեպի տան կտուրը։
Տան հետևի մասում գտնվող բոլոր լուսամուտները վաղուց փակված էին կղմինդրով։ Մնացել էր միայն մի փոքրիկ գաղտնի բացվածք այն սենյակում, ուր տղան էր արգելափակված, այդ էլ նրա մարմնի համար շատ փոքր էր, բայց այս բացվածքից նա անընդհատ զգուշացրել էր դրսում կանգնողներին՝ ուշադիր հսկել տան հետևի մասը։ Հետևաբար, երբ մարդասպանը տանիքի դռնից կտուր ելավ, մի բարձրագոչ աղաղակ այդ ազդարարեց շենքի առջև կանգնած ամբոխին, և բազմությունը իսկույն հեղեղի նման այն կողմ հոսեց։ Սայքսը իր հետ վերև էր տարել նաև մի գերան՝ դուռը ապահով ծածկելու համար։ Այժմ նա այդ գերանը այնպես ամրացրեց դռան հետևը, որ ներսից բաց անելը համարյա անհնարին էր։ Ապա սողալով կղմինդրների վրայով՝ ցած նայեց։
Ջրի հոսանքը դարձել էր մյուս կողմը, և ամբողջ տարածությունը տիղմ էր ու ցեխ։
Ամբոխը, մի քանի րոպե շունչը պահած, ուշադիր հետևել էր նրա շարժումներին, վստահ չիմանալով, թե ինչ էր մտադիր անելու, բայց երբ գլխի ընկավ ու տեսավ, որ տեղատվության պատճառով Ֆոլլի Դիչից փախչելու նրա ծրագիրը ձախողման էր մատնվել, այնպիսի հաղթական աղաղակներ բարձրացրեց, որ նախորդները, համեմատած սրանց, լոկ շշուկներ էին։ Ձայնի ալիքները կրկին ու կրկին լեռնացան օդում, և խուլ արձագանքը տարածվեց հեռու֊հեռուները։ Նրան անիծելու համար ասես ամբողջ քաղաքի բնակչությունն էր թափվել այնտեղ։
Մարդիկ ամեհի հորձանքով խուժում էին առաջ, մինչ ջահերի ուժգին փայլը ցույց էր տալիս նրանց կատաղած և վրիժառության կրքով բռնկած դեմքերը։ Ամբոխը մուտք էր գործել խրամատի մյուս կողմում գտնվող տները, բաց էին արվել փեղկերը կամ ուղղակի տեղերից պոկվել֊գցվել էին մի կողմ։ Լուսամուտների առջև լող էին տալիս անթիվ, անհամար դեմքեր, տանիքները լցված էին մարդկանցով։ Բոլոր կամուրջները (իսկ երեքը դրանցից պարզ երևում էին) կքել էին բազմության ծանրության տակ։ Մարդկային հեղեղը դեռևս շարունակում էր հոսել, փնտրելով որևէ հարմար տեղ՝ թշվառականին գոնե մի րոպեով տեսնելու համար։
― Հիմա կբռնեն նրան, ― գոչեց ամենամոտիկում գտնվող կամուրջի վրա կանգնած մի մարդ։ ― Ուռա՜։
Գլխարկները հանվեցին, և օդը նորից թնդաց աղաղակներից։
― Խոստանում եմ հիսուն ֆունտ պարգև նրան, ով մարդասպանին կբռնի ողջ վիճակում, նույն կողմից լսվեց ինչ֊որ ծերունի ջենթլմենի ձայնը։ ― Ես կմնամ իմ տեղում, մինչև նա կգա գումարը ստանալու ինձնից։
Ամբոխը նորից փոթորկվեց։ Ճիշտ այդ միջոցին լուր տարածվեց, որ դուռը վերջապես խորտակվել է և ելարան որոնող մարդը բարձրացել է սենյակ։ Մարդկային հոսանքը հանկարծակի փոխեց իր ընթացքը, երբ այս տեղեկությունը թև առած հասավ բոլորին, և լուսամուտներում գտնվողները փողոց դուրս վազելով միացան մյուսներին։ Ամենքը հրում֊հրմշտում էին իրար, ամենքը ճգնում էին իրարից առաջ անցնել, մոտենալ դռանը և, ոստիկանների հսկողությամբ դուրս եկած ժամանակ, տեսնել եղեռնագործին։ Որքան սոսկալի էր լսել շնչահեղձությունից ճչացող և խճողումի մեջ ոտքերի տակ կոխրտվող մարդկանց վայնասունը։ Նեղ անցքերը բոլորովին փակված էին, ժողովրդի մի մասը շտապում էր շենքի առջևում տեղ գրավել, ուրիշները, զուր փորձեր էին կատարում զանգվածից դուրս գալու, և այս ընդհանուր իրարանցման մեջ ամբոխի ուշադրությունը մի րոպե շեղվել էր մարդասպանից, չնայած որ նրան ձերբակալված տեսնելու բուռն ցանկությունը, ― եթե հնարավոր է, ― ավելի էր սաստկացել։
Մարդասպանը տեսնելով ամբոխի կատաղությունը և իր փախչելու անկարելիությունը, կծկվել մնացել էր շենքի տանիքին, բայց ակնթարթային արագությամբ նկատելով տեղի ունեցող այս հանկարծակի փոփոխությունը, վեր թռավ տեղից։ Նա վճռեց իր կյանքը փրկելու համար մի վերջին փորձ անել՝ իրեն գցելով խրամատ, և ենթարկվելով տիղմի մեջ խեղդամահ լինելու վտանգին, աշխատել սողոսկելով փախչել խավարի ու շփոթության մեջ։
Տոգորված նոր ուժով ու եռանդով և խթանված տան ներսում բարձրացած աղմուկից, որը ազդարարում էր այն մասին, թե դուռը իրոք խորտակված էր, նա ոտքը դեմ տվեց ծխնելույզին, պարանի մի ծայրը լավ ամրացրեց դրա շուրջը և մատների ու ատամների օգնությամբ րոպեապես պարանի մյուս ծայրում մի հաստատուն օղակ շինեց։ Պարանի երկարությունը նրան կիջեցներ այնքան, որ հողից նրան բաժանող տարածությունը ավելի պակաս կլիներ իր սեփական հասակից, ապա ձեռքում պահած դանակով կկտրեր այդ և ցած թռչելով կփախչեր։
Ճիշտ այն րոպեին, երբ նա օղակը, նախքան թևերի տակով անցկացնելը, հագցրեց գլխին, և ճիշտ այն ժամանակ, երբ վերոհիշյալ ծեր ջենթլմենը (որը ամբոխի ճնշմանը դիմադրելու և տեղում հաստատ մնալու համար ամուր փարվել էր կամուրջի բազիրքներին) վրդովմունքով նախազգուշացրեց մոտը գտնվողներին, որ մարդը պարանով ցած իջնելով խույս էր տալու, ահա ճիշտ այդ րոպեին մարդասպանը ուսի վրայից հետև՝ կտուրին նայելով, թևերը հանկարծ վեր բարձրացրեց և զարհուրելի մի վայնասուն արձակեց։
― Աչքե՜րը, նորի՜ց այդ աչքերը, ― աղաղակեց նա անդրաշխարհային ձայնով։
Ընկրկելով այնպես, որ ասես կայծակնահար էր եղել, նա հավասարակշռությունը կորցրեց և կտուրի եզրից գլորվեց ցած։ Օղակը վզին էր։ Մարմնի ծանրության տակ ձգվելով և նեղանալով, դա ամուր սեղմեց նրա կոկորդը, և նա երեսունհինգ ոտք բարձրությունից վար կախվեց։ Տեղի ունեցավ հանկարծակի ցնցում, անդամների ահռելի ջղաձգություն, և ահա այնտեղ էլ նա մնաց օդում կախված, դանակը պինդ սեղմած իր փայտացած ձեռքի մեջ։
Հին ծխնելույզը ծանրությունից երերաց, այնուամենայնիվ դիմադրեց։ Մարդասպանի անկենդան մարմինը խփեց պատին, և տղան, ճոճվող դիակը դեն հրելով, պատուհանից ձայն տվեց դրսի մարդկանց, որ, ի սեր աստծո, գան ու վերցնեն իր առջևից։
Մի շուն, որը մինչ այդ թաքնված մնացել էր այնտեղ, չարագուշակ կաղկանձելով կտուրի եզրից ետ ու առաջ վազեց և, պատրաստվելով ցատկել մեռած մարդու ուսերին, ցած թռավ։ Սակայն վրիպելով, թավալգլոր ընկավ խրամատի մեջ և գլուխը խփելով մի քարի գանգը փշրեց։
==Հիսունմեկերորդ գլուխ==
Լուսաբանվում են մեկից ավելի առեղծվածներ և բովանդակում է ամուսնության առաջակություն առանց պայմանականությունների
Նախորդ գլխում տեղի ունեցած դեպքերից ընդամենը երկու օր էր անցել, երբ Օլիվերը ցերեկվա ժամը երեքին իրեն գտավ մի կառքում, որը արագ ընթացքով գնում էր դեպի իր ծննդավայրը։ Նրա հետ էին միսիս Մեյլին, Ռոզը, միսիս Բեդվինը և բարի բժիշկը, իսկ միստր Բրաունլոն մի մարդու ուղեկցությամբ, որի անունը հիշված չէր, փոստատար կառքով գալիս էր հետևից։
Ճանապարհին նրանք շատ չէին խոսում։ Օլիվերը այնքան էր հուզված, որ մտքերը կենտրոնացնել չէր կարողանում, նա նույնիսկ խոսելու ընդունակությունը որոշ չափով կորցրել էր, և նրա ուղեկիցները կարծես գրեթե նույն համեմատությամբ բաժանում էին նրա հուզմունքը։ Թեև միստր Բրաունլոն նրան և երկու լեդիներին շատ զգույշ հայտնել էր Մոնքսից բռնությամբ ձեռք բերված խոստովանությունների մասին, և թեև նրանք գիտեին, թե այս ճամբորդության նպատակն էր արդեն իսկ բարեհաջող կերպով սկսված մի գործ, այնուամենայնիվ, իրենց համար մթնոլորտը դեռևս մշուշված էր սաստիկ տարակուսանքով ու անորոշությամբ։
Նույն ազնվահոգի բարեկամը, միստր Լոզբերնի օգնութմաբ, խոհեմորեն կասեցրել էր այն բոլոր տեղեկության աղբյուրները, որոնց միջոցով նրանք կարող էին իմանալ վերջին երկու օրերին պատահած ահավոր դեպքերի մասին։ «Ճիշտ է, ― ասել էր նա, ― շուտով ամեն ինչ կլսեն, բայց գուցե դա կլինի այնպիսի ժամանակ, երբ նրանք կգտնվեն ավելի հանդարտ հոգեկան վիճակում, իսկ սրանից ավելի վատը անշուշտ չի կարող լինել»։ Հետևաբար, նրանք լուռ ընթանում էին, յուրաքանչյուրը խորհրդածելով այն շարժառիթի մասին, որ իրենց ի մի էր հավաքել, սակայն ոչ ոք նրանցից տրամադրված չէր արտահայտվելու այն հարցերի շուրջը, որ զբաղեցնում էր բոլորի միտքը։
Բայց եթե Օլիվերը այդ տպավորությունների տակ երկար ժամանակ լուռ էր, քանի դեռ իրեն անծանոթ ճանապարհներով գնում էին դեպի իր ծննդավայրը, ապա նրա կրծքում ինչպիսի՜ զգացումներ զարթնեցին, և վաղեմի հուշերը ի՛նչ ուժեղ հորձանքով հեղեղեցին նրան, երբ կառքը թեքվեց մի խճուղի, որտեղից նա ոտով անցել էր որպես խեղճ, թափառական մի տղա, որ ո՛չ ընկեր ուներ իրեն օգնելու, ո՛չ էլ տանիք պատսպարվելու համար։
― Տե՛ս, այնտե՛ղ, այնտե՛ղ, ― գոչեց Օլիվերը, հուզված բռնեկով Ռոզի ձեռքը և կառքի լուսամուտից դուրսը մատնացույց անելով, ― ահա ցանկապատը, որի վրայից անցա, ահա մացառուտները, որոնց հետև թաքնվեցի, վախենալով որ ինձ կհետապնդեն և բռնությամբ ետ կտանեն։ Ահա դաշտամիջյան արահետը, որը առաջնորդում է դեպի այն հին տունը, ուր ես ապրել եմ, երբ փոքր երեխա էի։ Օ՜հ, Դի՛կ, Դի՛կ, իմ սիրելի վաղեմի ընկեր, եթե մեկ էլ կարողանայի տեսնել քեզ։
― Դու շուտով կտեսնես նրան, ― պատասխանեց Ռոզը, քնքշությամբ սեղմելով նրա ձեռքը։ ― Դու կասես նրան, թե որքան երջանիկ ես և որքան ես հարստացել, և թե ինչպես այդ բոլորով հանդերձ քո ամենամեծ երջանկությունն այն է, որ վերադարձել ես նրան երջանկացնելու համար։
― Այո՛, այո՛, ― ասաց Օլիվերը, ― մենք նրան կտանենք այստեղից, այնպես չէ՞, մենք նրան կհագցնենք և ուսման կտանք, մենք կխնամենք նրան և կուղարկենք որևէ գյուղական խաղաղ անկյուն կազդուրվելու և ամրանալու․ մենք այս բոլորը կանենք, այնպես չէ՞։
Ռոզը գլխով դրական պատասխան տվեց․ տղան ժպտում էր երանության այնպիսի արցունքների միջից, որ նա չկարողացավ խոսել։
― Դու նրա հետ բարությամբ ու քնքշությամբ կվարվես, որովհետև բոլորի հետ ես այդ ձևով վարվում, ― ասաց Օլիվերը։ ― Գիտեմ, նրա պատմածները լսելով դու կարտասվես, բայց ոչի՛նչ, ոչի՛նչ, ամեն ինչ վերջացած կլինի, և դու նորից կժպտաս, ― այդ ես գիտեմ, ― մտածելով, թե որքան փոխված է նա․ այդպես վարվեցիր և ինձ հետ։ Երբ ես փախչում էի, նա ինձ ասաց․ «Աստված օրհնի քեզ»․ այժմ ես նրան կասեմ՝ Աստված օրհնի քեզ և ցույց կտամ, թե ինչպես եմ սիրում նրան այդ բանի համար, ― խանդաղատանքով լցված արտասվելով ասաց տղան։
Երբ նրանք մոտեցան գյուղաքաղաքին և վերջապես սկսեցին անցնել դրա նեղլիկ փողոցներով, բավականին դժվար հարց եղավ Օլիվերին զսպել և նրան հանդարտ պահել պատշաճության սահմաններում։ Ահա այնտեղ էր դագաղագործ Սովերբերրիի խանութը, ճիշտ այնպես, ինչպես որ կար, միայն ավելի փոքր և նվազ պատկառազդու, քան այն, ինչ որ նա հիշում էր։ Այնտեղ էին բոլոր ծանոթ խանութներն ու տները, որոնցից գրեթե յուրաքանչյուրի հետ մի որևէ փոքր միջադեպ էր կապված։ Ահա Հեմֆիլդի սայլը, հենց այն մեկը, որ նա ուներ տարիներ առաջ, կանգնած հնամենի գինետան դռանը։ Ահա և աղքատանոցը, իր մանկության օրերի մռայլ բանտը, որի տխրատեսիլ լուսամուտները խոժոռ նայում էին փողոցին։ Ահա նույն նիհարակազն դռնապանը, գլխավոր մուտքի առաջ, որին տեսնելով Օլիվերը ակամայից կծկվեց և ապա ծիծաղեց իր անմտության վրա, հետո արտասվեց, ապա նորից ծիծաղեց։ Ահա դռներում ու լուսամուտներում երևացող տասնյակներով դեմքեր, որոնց նա լավ էր ճանաչում։ Վերջապես, համարյա ամեն ինչ մնում էր այնպես, ինչպես նախկինում․ ասես դեռ երեկ էր գնացել այդտեղից և իր վերջին կարճատև կյանքը եղել էր մի երջանիկ երազ միայն։
Բայց ոչ, այդ ստույգ, շոշափելի, ուրախալի իրականություն էր։ Կառքը կանգ առավ գյուղաքաղաքի կենտրոնական հյուրանոցի առաջ ( Օլիվերը անցյալում այդ շենքին նայել էր երկյուղածությամբ, համարելով այդ հսկա մի պալատ, որը, սակայն, այժմ ասես կորցրել էր իր շքեղությունն ու մեծությունը)․ այդտեղ ժպիտներով և բարեհաճորեն նրանց դիմավորեց միստր Գրիմվիգը, համբուրելով թե՛ դեռատի լեդիին, թե՛ պառավ լեդիին ու բոլորի հետ վերաբերվելով այնպես, ասես խմբի մեծ հայրը լիներ, և ոչ մի անգամ ցանկություն չհայտնելով իր գլուխը ուտելու, որ իսկ այն դեպքում, երբ Լոնդոն գնալու ամենակարճ ճանապարհի մասին վիճեց մի փոստատար տղայի հետ, որ շատ վաղուց աշխատում էր այդտեղ, և պնդեց, որ ինքն ավելի լավ գիտեր այդ ճանապարհը, թեև դրանով նա անցել էր միայն մեկ անգամ, այն էլ շատ խոր քնած վիճակում։ Ճաշը պատրաստ սպասում էր նրանց, ննջասենյակները դասավորված էին, ամեն ինչ կարգադրված էր ասես կախարդանքով։
Այս ամենով հանդերձ, երբ ճամբորդությունից առաջ եկած տաղտուկը վերջացավ, ճանապարհին տիրող լռությունն ու ճնշիչ մթնոլորտը վերստին համակեց նրանց։ Միստր Բրաունլոն նրանց հետ չճաշեց․ նա մնաց մի ուրիշ սենյակում։ Մյուս երկու ջենթլմենները մտահոգ դեմքերով անընդհատ ներս ու դուրս էին անում, իսկ այն կարճ պահերին, որ մնում էին նրանց մոտ, մեկուսի էին խոսակցում։ Մի անգամ միսիս Մեյլին դուրս կանչվեց, և մոտավորապես մեկ ժամ բացակայելուց հետո, վերադարձավ արտասվելուց ուռած աչքերով։ Այս բոլոր երևույթները Ռոզին և Օլիվերին, որոնք հարցի էությունից դեռևս լրիվ տեղյակ չէին, անհանգստացնում ու ջղագրգռում էին։ Նրանք նստել էին լուռ ու զարմացած, և եթե նույնիսկ մերթ ընդ մերթ մի քանի բառ էին փոխանակում, ապա այդ ամենը կատարվում էր շշուկներով, ասես հենց իրենց ձայնից վախենալով։
Վերջապես, երբ ժամը ինն էր եղել, և նրանք սկսել էին մտածել, թե այդ գիշեր երևի ուրիշ նորություն չեն լսելու, միստր Լոզբերնը և միստր Գրիմվիգը մտան սենյակ։ Նրանց հետևից եկան նաև միստր Բրաունլոն և ինչ֊որ մարդ, որին տեսնելով՝ Օլիվերը զարմանքից համարյա ճչաց, որովհետև նրան ասացին, թե այդ իր եղբայրն էր, և դա հենց այն միևնույն մարդն էր, որին ինքը հանդիպել էր գյուղի հրապարակում, և որը Ֆեգինի հետ իր փոքրիկ սենյակի լուսամուտից ներս էր նայել։ Մոնքսը, նույնիսկ տվայլ պահին չկարողանալով թաքցնել իր զգացմունքները, ատելությամբ լի մի հայացք նետեց ապշած տղայի վրա և նստեց դռան մոտ։ Միստր Բրաունլոն, որի ձեռքին թղթեր կային, եկավ ու կանգնեց այն սեղանի մոտ, ուր Ռոզն ու Օլիվերն էին նստած։
― Սա ցավատանջ մի պարտականություն է, ― ասաց նա, ― բայց Լոնդոնում բազմաթիվ ջենթլմենների առաջ ստորագրված այս հայտարարությունների էական մասը պետք է կրկնվի նաև այստեղ։ Ես քեզ կխնայեի այս նվաստացումը, բայց նախքան մեր բաժանվելը, մենք այն պետք է լսենք ուղղակի քեզնից, և դու գիտես, թե ինչ պատճառով։
― Շարունակեցե՛ք, ― դեմքը մյուս կողմ շուռ տալով՝ ասաց այն մարդը, որին ուղղվել էին այդ խոսքերը։ Եվ շո՛ւտ արեք։ Ւնձ թվում է, արդեն բավականին ծառայություն մատուցել եմ ձեզ։ Ինձ այստեղ երկար մի՛ պահեք։
― Այս փոքրիկը, ― ասաց միստր Բրաունլոն՝ Օլիվերին դեպի իրեն քաշելով և ձեռքը դնելով նրա գլխին, ― քո խորթ եղբայրն է, քո հոր՝ իմ սիրելի ընկերոջ՝ Էդվին Լեֆորդի ապօրինի որդին․ նրա մայրը Ագնես Ֆլեմինգն էր, այն թշվառ կինը, որը մահացավ սրա ծննդի ժամանակ։
Այո՛, ― ասաց Մոնքսը, սպառնալից նայելով դողացող տղային, որի սրտի բաբախյունը այնքան ուժգին էր, որ գուցե նա լսում էր։ ― Այդ նրանց բիճ որդին է։
― Քո օգտագործած բառը, ― խստությամբ ասաց միստր Բրաունլոն, ― նախատինք է նրանց համար, ովքեր երկրային ճղճիմ պարսավանքի սահմանները վաղուց անցել են։ Անպատվությունը ուրիշ ոչ մեկի վրա չի անդրադառնա բացի քեզնից, որ բառն օգտագործում ես։ Ոչինչ, այժմ մի կողմ թողնենք այդ։ Ուրեմն, նա ծնվեց այս գյուղաքաղաքում։
― Այս գյուղաքաղաքի աղքատանոցում, ― հնչեց խոժոռ պատասխանը։ ― Այդ պատմությունը ձեզ մոտ արդեն գրված է։ ― Խոսելիս նա անհամբերությամբ մատնացույց արեց թղթերը։
― Այն պետք է արձանագրվի նաև այստեղ, ― ասաց միստր Բրաունլոն, ունկնդիրներին նայելով։
― Դե՛, լսեք ուրեմն, ― վրա բերեց Մոնքսը։ ― Երբ նրա հայրը Հռոմում հիվանդացավ, իմ մայրը՝ այդ մարդու կինը, ինձ իր հետ վերցնելով Փարիզից գնաց նրա մոտ։ Նրանք վաղուց բաժանված էին և, որքան ես գիտեմ, իրար հանդեպ սիրո համարյա ոչ մի զգացում չունեին․ իմ մայրը այդ ուղևորությունը կատարեց նրա ունեցվածքին տիրանալու համար։ Բայց նա մեզ չճանաչեց, որովհետև գիտակցությունը կորցրել էր, և մինչև հաջորդ օրը ուշքի չգալով այդպես էլ մահացավ։ Նրա գրասեղանի դարակում գտնված թղթերի մեջ կային երկուսը, որ կրում էին նրա հիվանդության առաջին գիշերվա թվականը և հասցեագրված էին ձեզ, ― նա խոսքը ուղղեց միստր Բրաունլոյին։ ― Այնտեղ կար մի գրություն ձեզ համար, իսկ ծրարի վրա մի քանի տող, որով հայտնվում էր, թե այն պետք է ձեզ ուղարկվեր միայն իր մահից հետո։ Այս թղթերից մեկը մի նամակ էր, Ագնես կոչված այդ աղջկան, իսկ մյուսը մի կտակ էր։
― Ի՞նչ կարող ես ասել այդ նամակի մասին, ― հարցրեց միստր Բրաունլոն։
― Նամակի մասի՞ն։ Դա մի թերթ թուղթ էր լցված զղջումներով ու խոստովանություններով, և աղոթքներով առ աստված, որպեսզի օգներ աղջկան։ Նա այդ աղջկան խաբել էր՝ ասելով, թե ինչ֊որ առեղծվածային գաղտնիք, ― որ մի օր կհայտներ, ― խանգարում էր իր ամուսնությունը նրա հետ տվայլ ժամանակ։ Ուստի աղջիկը համբերությամբ սպասել էր, ամբողջ սրտով հավատալով արված խոստումերին, միչև որ այդ հավատքը այնքան հեռուներն էր տարել նրան, որ նա վերջապես կորցրել էր այն, ինչ֊որ չէր կարող վերադարձնել։ Նրան մնում էր մի քանի ամիս մինչև ծննդաբերությունը։ Նա գրում էր այն բոլորի մասին, որ ծրագրում էր աղջկա ամոթանքը ծածկելու համար, եթե ապրեր, և խնդրում էր նրան, որ եթե ինքը մեռնի, նա չանիծի իր հիշատակը, կամ չմտածի, որ իրենց գործած մեղքի հետևանքները կանդրադառնան իր կամ իրենց մանկիկի վրա, քանի որ այդ ամբողջի մեղավորը ինքն է։ Նա հիշեցնում էր այն օրվա մասին, երբ նրան տվել էր փոքրիկ մեդալիոնը և մատանին, որի վրա փորագրված էր նրա, այսինքն՝ աղջկա, անունը, խոստանալով մնցյալ տեղը լրացնել իր ազգանունով, ― որը նա հույս էր ունեցել շուտով անելու, ― և նրան պաղատագին խնդրում էր պահել այդ մեդալիոնը կրծքի վրա, սրտին մոտիկ, ինչպես արել էր առաջ։ Ապա նույն մոլեգնությամբ շարունակում էր նորից ու նորից կրկնել իր ասածները, ասես խելքը թռցրած լիներ։ Կարծում եմ այդպես էլ էր։
― Իսկ կտակը՞, ― հարցրեց միստր Բրաունլոն, մինչ Օլիվերի արցունքները առատորեն հոսում էին։
Մոնքսը լուռ էր։
― Կտակը, ― ասաց միստր Բրաունլոն, նրա փոխարեն խոսելով, ― գրված էր միևնույն ոգով, ինչպես նամակը։ Նա գրում էր այն տառապանքների մասին, որոնց նա ենթարկվել էր կնոջ պատճառով, խոսում էր քո՝ իր միակ որդու ըմբոստ խառնվածքի, անառակությունների, մոլությունների ու վաղահաս հոռի կրքերի մասին և այն մասին, թե քեզ ինչպես էին դաստիարակել, որ ատես նրան, և յուրաքանչյուրիդ՝ քեզ և քո մորը, թողնում է տարին ութ հարյուր ֆունտ եկամուտ։ Իսկ հիմնական հարստությունը նա բաժանում էր երկու հավասար մասի, մեկ մասը Ագնես Ֆլեմինգի համար, իսկ մյուսը՝ երեխայի, եթե այդ երեխան ողջ ծնվեր և չափահաս դառնար։ Երեխան աղջիկ լինելու դեպքում, տիրանալու էր ամբողջ գումարին, առանց առարկության, իսկ եթե այդ երեխան տղա լիներ, նա այդ գումարին տեր կկանգներ միայն այն պայմանով, որ մինչև չափահաս դառնալը իր անունը չարատավորեր որևէ անարդ, անպատիվ, ստոր ու ամոթալի արարքով։ Համաձայն նրա գրածի, այս պայմանը գրել էր շեշտելու համար, երեխայի մոր հանդեպ իր ունեցած վստահությունը և այն համոզմունքը, որն ավելի ամրապնդվել էր մոտալուտ մահվան պատճառով, թե երեխան կժառանգեր մոր քնքուշ սիրտը և վեհ հոգին։ Իսկ եթե նա հիասթափվեր իր ակնկալությունների մեջ, ապա ամբողջ ժառանգությունը անցնելու էր քո ձեռքը, որովհետև այն ժամանակ, երբ երկու զավակներն էլ հավասարապես վարկաբեկված կլինեին, միայն այն ժամանակ նա կհամաձայներ ընդունել քո անդրանիկության իրավունքը իր հարստության նկատմամբ, իրավունք, որը, սակայն, նյութականից այն կողմը չէր կարող անցնել և քո հանդեպ ունեցած դառն զգացմունքները չէին կարող փոխել, քանի որ դեռ մանկությունից քո այլամերժ ու անկարեկիր բնավորությամբ դու նրան վանել էիր քեզնից։
― Իմ մայրը, ― ասաց Մոնքսը ավելի բարձրաձայն, ― արեց այն, ինչ որ կաներ ամեն մի կին․ նա ոչնչացրեց այդ կտակը։ Նամակը երբեք իր նպատակին չհասավ, բայց այդ և այլ փաստաթղթեր նա խնամքով պահեց, շպրտելու համար նրանց երեսին, եթե այդ մարդիկ փորձեին թաքցնել գործած ամոթանքը։ Աղջկա հայրը ճշմարտությունն իմացավ իմ մորից այնպիսի չափազանցություններով, որ նրա սաստիկ ատելությունը, ― ես հարգում եմ նրան այդ արարքի համար, ― կարող էր թելադրել։ Եվ մարդը, որ անպատվության ու անարգանքի այս ծանր հարվածի տակ կքած, վերցրեց իր երկու աղջիկներին ու ապաստանեց Ուելսի հեռավոր մի անկյունում, փոխելով անգամ իր ազգանունը, որպեսզի բարեկամները երբեք չիմանային իր բարոյական նվաստացման մասին։ Այստեղ, կարճ ժամանակից հետո, նրան գտան իր անկողնում մահացած։ Աղջիկը մի քանի շաբաթ առաջ թաքուն հեռացել էր տանից։ Հայրը մոտակա բոլոր գյուղերն ու քաղաքները ոտքով շրջելով որոնել էր նրան և այն գիշեր, երբ նա տուն էր վերադարձել, համոզվելով, որ աղջիկը ինքնասպանություն է գործել՝ իր և հոր ամոթանքը թաքցնելու համար, այդ միևնույն գիշերը վշտից հանկարծամահ էր եղել։
Այստեղ կարճ լռություն տիրեց, որից հետո միստր Բրաունլոն շարունակեց պատմությունը։
― Տարիներ հետո, ― ասաց նա, ― այս մարդու՝ Էդվարդ Լիֆորդի մայրը եկավ ինձ մոտ։ Դեռ հազիվ տասնութ տարեկան հասակում նա լքել էր իր մորը, նախօրոք կողոպտելով նրա գոհարեղենները և մեծ քանակությամբ դրամ։ Նա այդ բոլորը վատնել էր խաղամոլությամբ ու արժեթղթեր կեղծելով, ապա փախել էր Լոնդոն, որտեղ երկու տարի առնչվել էր հասարակության ամենանողկալի տականքների հետ։ Մայրը տառապում էր ցավատանջ ու անբուժելի մի հիվանդությամբ և փափագում էր նախքան մեռնելը գտնել իր որդուն։ Բազմաթիվ հարցուփորձեր կատարեցինք և ձեռք առանք խիստ միջոցներ, այնուամենայնիվ որդուն գտնելու մեր բոլոր ջանքերը երկար ժամանակ անհետևանք մնացին, բայց ի վերջո այդ ջանքերը պսակվեցին հաջողությամբ, և նա իր մոր հետ վերադարձավ Ֆրանսիա։
― Այնտեղ երկարատև հիվանդությունից հետո նա մահացավ, ― ասաց Մոնքսը, ― ինձ ժառանգություն թողնելով այս գաղտնիքները և իր անմարելի, սաստիկ ատելությունը բոլոր նրանց հանդեպ, որոնց վերաբերում էին այդ գաղտնիքները, թեև կարիք չկար ատելությունը ինձ կտակելու, քանի որ այդ մեկը ես վաղուց ժառանգել էի։ Նա երբեք չէր հավատում այն բանին, որ աղջիկը վերջ տված կլիներ իր կյանքին, իր հետ ոչնչացնելով և երեխային։ Նա միշտ այն կարծիքին էր, որ ծնված էր ինչ֊որ արու զավակ, և այդ զավակը ողջ էր։ Ես երդվեցի իմ մորը, որ եթե այս տղան երբևիցե հանդիպեր իմ ճամփին, ես համառորեն հալածելու, միշտ անհանգստացնելու և անողոք ու աննահանջ ոխակալությամբ հետապնդելու էի նրան․ իմ սրտում կուտակված ամբողջ մաղձն ու ատելությունը թափելու էի գլխին և, թքելով այդ վիրավորական կտակի վրա, նրան քարշ էի տալու նույնիսկ մինչև կախաղան, եթե այդ հնարավոր լիներ։ Իմ մոր ենթադրությունը ճիշտ դուրս եկավ։ Ես վերջապես պատահեցի նրան կյանքի ճանապարհին։ Եթե ինձ չխանգարեին շաղակրատ պոռնիկները, ես գործը կվերջացնեի այնպես հաջող, ինչպես սկսել էի։
Մինչդեռ սրիկան, թևերը պինդ ծալած, իր նենգ ծրագրերի վիժելու պատճառով ինքն իր հասցեին անեծքներ էր քրթմնջում, միստր Բրաունլոն շուռ եկավ դեպի իր կողքին նստած սարսափահար ունկնդիրները և բացատրեց, որ Հրեան, որը եղել է Մոնքսի վաղեմի մեղսակիցն ու խորհրդատուն, մեծ վարձատրություն էր ստացել Օլիվերին իր ճանկի մեջ պահելու համար, որի մի մասը նա պետք է վերադարձներ, եթե պատահեր, որ տղային իր մոտից փախցնեին։ Ահա այդ դրամը վերադարձնելու կապակցությամբ առաջացած վեճի պատճառով էր, որ նրանք փութացել էին միսիս Մեյլիի ամառանոցը և Օլիվերի ինքնությունը հաստատել սենյակի լուսամուտից։
― Իսկ մեդալիոնը և մատանի՞ն, ― հարցրեց միստր Բրաունլոն, շուռ գալով դեպի Մոնքսը։
― Ես այդ իրերը գնեցի այն տղամարդուց և կնոջից, որոնց մասին ձեզ ասացի։ Կինը գողացել էր դրանք հիվանդապահ քրոջից, որն իր հերթին դրանք կողոպտել էր դիակից, ― աչքերը առանց վեր բարձրացնելու պատասխանեց Մոնքսը։ ― Իսկ թե հետո ի՛նչ պատահեց դրանց հետ, դուք այդ գիտեք։
Միստր Բրաունլոն պարզապես գլխով արավ միստր Գրիմվիգին, որը փութկոտությամբ դուրս գալով սենյակից, շուտով վերադարձավ ներս հրելով միսիս Բամբըլին և քարշ տալով նրա ամուսնուն, որը չկամությամբ հետևեց նրան։
― Արդյոք իմ աչքերը խաբո՞ւմ են ինձ, ― կեղծված ոգևորությամբ գոչեց միստր Բամբըլը, ― թե դա իսկապես փոքրիկ Օլիվերն է։ Օ՜հ, Օ֊լի֊վե՜ր, գեթ իմանայիր, թե ես որքա՜ն մտահոգված էի քեզ համար, և․․․
― Ձայնդ կտրի՛ր, հիմար, ― քրթմնջաց միսիս Բամբըլը։
― Անբնական ի՞նչ կա իմ ասածի մեջ, որ ինձ կշտամբում ես, միսիս Բամբըլ, ― նկատեց աղքատանոցի խնամակալը։ Մի՞թե ես չեմ կարող զգացվել, ես որ նրան դաստիարակել եմ ծխական ոգով, ― երբ տեսնում եմ, որ նա նստած է անչափ քաղցրաբարո լեդիների ու ջենթլմենների շրջանում։ Ես միշտ էլ սիրել եմ այդ տղային այնպիսի ջերմությամբ, ասես նա իմ․․․ իմ․․․ հարազատ պապը լիներ, ― հարմար բառը գտնելու համար կանգ առնելով, ասաց միստր Բամբըլը։ ― Միստր Օլիվե՜ր, սիրելի՜ս, հիշո՞ւմ ես սպիտակ բաճկոնով այն օրհնյալ ջենթլմենին։ Ա՜հ, նա անցյալ շաբաթ երկինք գնաց ոսկյա բռնակներով կաղնեփայտե դագաղի մեջ, Օլիվեր։
― Բավական է սըր, ― ասաց միստր Գրիմվիգը կծու տոնով, ― զսպեցեք ձեր զգացմունքները։
― Կաշխատեմ, սըր, ― պատասխանեց միստր Բամբըլը։ ― Ինչպե՞ս եք, սըր։ Կհուսամ, որ շատ լավ եք, սըր։
Այս սրտագին ողջույնն ուղված էր միստր Բրաունլոյին, որն այժմ պատվարժան զույգի մոտ էր կանգնած։
― Այդ մարդուն ճանաչո՞ւմ ես, ― Մոնքսին մատնացույց անելով, հարցրեց նա։
― Ո՛չ, ― չոր պատասխան տվեց միսիս Բամբըլը։
― Գուցե դու ևս չես ճանաչում, ― ասաց միստր Բրաունլոն՝ խոսքը ուղղելով նրա ամուսնուն։
― Կյանքումս երբեք չեմ տեսել նրան, ― ասաց միստր Բամբըլը։
― Ոչ էլ թերևս որևէ բա՞ն ես վաճառել նրան։
― Ոչինչ չեմ վաճառել, ― ասաց միսիս Բամբըլը։
― Գուցե դու չե՞ս ունեցել երբևիցե որևէ ոսկե մեդալիոն և մատանի, ― հարցրեց միստր Բրաունլոն։
― Իհարկե չեմ ունեցել, ― պատասխանեց տեսչուհին։ ― Ինչո՞ւ եք մեզ այստեղ բերել, որ այսպիսի հիմարությունների պատասխանենք։
Միստր Բրաունլոն նորից միստր Գրինվիգին գլխով արեց, և այդ ջենթլմենը նորից զարմանալի պատրաստականությամբ դուրս գնաց կաղալով։ Բայց այս անգամ նա իր հետ չբերեց մի հաղթանդամ տղամարդու և կնոջ, այլ ներս առաջնորդեց երկու հաշմված պառավների, որոնք քայլելիս դողդողում ու երերում էին։
― Երբ պառավ Սելլին մեռավ, այդ գիշեր դու դուռը ծածկեցիր մեզ վրա, ― ասաց առաջին կինը՝ չորացած ձեռքը վեր բարձրացնելով, ― բայց դու չկարողացար ձայները խեղդել, կամ անլսելի դարձնել մետաղի հնչյունը։
― Ո՛չ, ո՛չ, ― շուրջը նայելով և անատամ ծնոտները շարժելով՝ ասաց երկրորդ պառավը։ ― Ո՛չ, ո՛չ, ո՛չ։
― Մենք լսեցինք, թե Սելլին ինչպես էր աշխատում պատմել քեզ իր արածը և թե դու ինչպես մի թուղթ վերցրիր նրա ձեռքից, և հաջորդ օրը նորից դարանելով քեզ, տեսանք, թե դու ինչպես գնացիր գրավառուի մոտ, ― ասաց առաջինը։
― Այո՛, ― ավելացրեց երկրորդը, ― իմացանք նաև այն, որ դա իսկապես մի մեդալիոն էր և ոսկի մատանի։ Մենք այդ իմացանք և տեսանք, թե այդ իրերը ինչպես հանձնվեցին քեզ։ Մենք այնտեղ էինք։ Օ՜հ, մենք ուղղակի կանգնած էինք քո կողքին։
― Դեռ ավելին, ― շարունակեց առաջինը, ― մենք դեռ ավելին գիտենք, որովհետև նա մեզ հաճախ պատմել էր այդ դեռատի մոր մասին, թե ինչպես խեղճ աղջիկը, զգալով, որ ծննդաբերությունից ապահով չէր պրծնելու, որոշել էր գնալ ու մեռնել իր երեխայի հոր շիրմի մոտ, բայց հիվանդացավ, այդ ցանկությունը մնացել էր անկատար, և նա մահացել էր աղքատանոցում։
― Արդյոք չէի՞ք կամենա իրեն՝ գրավառուին տեսնել, ― դեպի դուռը շարժվելով՝ հարցրեց միստր Գրինվիգը։
― Ո՛չ, ― պատասխանեց կինը, ― եթե սա, ― նա մատնացույց արեց Մոնքսին, ― այնքան ստոր է եղել, որ խոստովանել է, ինչպես տեսնում եմ, և դուք այդ վհուկներին հարձուփորձել եք մինչև գտել եք ճշգրիտ անձանց, ապա ես ոչինչ չունեմ ասելու։ Այո, ես իսկապես վաճառել եմ այդ իրերը, և դրանք գտնվում են այնպիսի տեղ, որ դուք երբեք չեք կարող ձեռք բերել։ Հետո՞ ինչ։
― Հետո ոչինչ, ― պատասխանեց միստր Բրաունլոն, ― միայն այն, որ այժմ մեզ մնում է հոգալ այն մասին, որ սրանից հետո երկուսդ էլ վստահություն պահանջող դիրքեր չզբաղեցնեք։
― Հույս ունեմ, ― ասաց միստր Բամբըլը, տխրագին շուրջը նայելով, մինչ միստր Գրիմվիգը երկու պառավների հետ դուրս եկավ սենյակից, ― հույս ունեմ, որ այս անախորժ փոքրիկ միջադեպը ինձ չի զրկելու իմ ծխական պաշտոնից։
― Անկասկած զրկելու է, ― պատասխանեց միստր Բրաունլոն։ ― Դուք պետք է հաշտվեք այդ մտքի հետ և նույնիսկ ձեզ երջանիկ զգաք, որ գործը այդքանով է վերջանում։
― Եվ այդ ամբողջի համար միսիս Բամբըլն է մեղավոր, նա պնդեց, որ այդպես լինի, ― շուրջը նայելով և ապահովվելով, որ միսիս Բամբըլը սենյակում չէ, ասաց միստր Բամբըլը։
― Այդ քեզ չի կարող արդարացնել, ― պատասխանեց միստր Բրաունլոն։ ― Երբ այդ իրերը ոչնչացրին, դու այդտեղ ներկա էիր, և արդարև, օրենքի առաջ դու ավելի մեղավոր ես համարվում, քանի որ օրենքը այն կարծիքին է, թե քո կինը շարժվել է համաձայն քո ցուցմունքների։
― Եթե օրենքը այդպես է կարծում, ― երկու ձեռքերով ամուր սեղմելով գլխարկը՝ ասաց միստր Բամբըլը, ― ապա ուրեմն օրենքը ավանակ է, ապուշ է։ Եթե այդ է օրենքի տեսակետը, ուրեմն օրենքը ամուլ է․ և վատթարագույնը, որ կարող եմ մաղթել օրենքի համար, այն է, որ նրա աչքերը բացվեն փորձի շնորհիվ, այո, փորձի շնորհիվ։
Վերջին երկու բառերը մեծապես շեշտելով, միստր Բամբըլը գլխարկը շատ պինդ հաստատեց գլխին և ձեռքերը խրելով գրպանները, հետևեց իր կողակցին դեպի ներքևի հարկը։
― Դեռատի լեդի, ― ասաց միստր Բրաունլոն, դառնալով դեպի Ռոզը, ― Տո՛ւր ինձ քո ձեռքը։ Մի՛ սարսռա։ Դու պետք է քաջությամբ լսես մնացայլ մի քանի բառերը։
― Եթե դրանք ունեն, ― չգիտեմ ինչպես կարող են ունենալ , ― եթե դրանք ունեն որևէ առնչություն իմ անձի հետ, խնդրում եմ, թույլ տվեք, որ մի ուրիշ անգամ լսեմ։ Այժմ տոկալու ո՛չ ուժ ունեմ, ո՛չ էլ կարողություն։
― Ո՛չ, վրա բերեց ծերունի ջենթլմենը, աղջկան թևանցուկ անելով, ― վստահ եմ, որ դու բավականին ոգու արիություն ունես։ Ճանաչո՞ւմ ես այս երիտասարդ լեդիին, սըր։
Այո՛, ― պատասխանեց Մոնքսը։
― Ես ձեզ առաջին անգամն եմ տեսնում, ― ասաց Ռոզը նվաղկոտ ձայնով։
― Իսկ ես քեզ հաճախ եմ տեսել, ― վրա բերեց Մոնքսը։
― Դժբախտ Ագնեսի հայրը երկու աղջիկ ուներ, ― ասաց միստր Բրաունլոն։ ― Ի՞նչ եղավ մյուս երեխայի ճակատագիրը։
― Այդ երեխային, ― պատասխանեց Մոնքսը, երբ նրա հայրը մահացավ օտարության մեջ, օտար անունով, չթողնելով որևէ նամակ, գիր կամ գրություն, որոնց միջոցով հնարավոր լիներ նրա բարեկամների ու ազգականների հետքը գտնել, այդ երեխային վերցրին ինչ֊ որ աղքատ գյուղացիներ և պահեցին որպես հարազատ։
― Շարունակի՛ր, ― ասաց միստր Բրաունլոն, միսիս Մեյլիին նշանացի հասկացնելով, մոտենալ իրենց, ― շարունակի՛ր։
― Դուք չկարողացաք գտնել այն վայրը, ուր այդ մարդիկ ապրում էին, ― ասաց Մոնքսը, ― բայց այնտեղ, ուր բարեկամությունը ձախողվում է, ատելությունը հաճախ հաղթանակում է։ Իմ մայրը, մի տարի անդադար որոնումներից հետո, գտավ այն, այո՛, և գտավ նաև երեխային։
― Քո մայրը վերցրեց նրան, այդպես չէ՞։
― Ոչ։ Այդ մարդիկ աղքատ էին և սկսեցին ձանձրանալ, ― մանավանդ ամուսինը, ― իրենց հրաշալի մարդասիրությունից։ Հետևաբար, իմ մայրը աղջկան թողեց նրանց մոտ, նրանց տալով մի փոքրիկ գումար, որը շուտով կսպառվեր, խոստանալով հետո ավելին ուղարկել, մի բան, որ նա երբեք մտադիր չէր անելու։ Այնուամենայնիվ, նա մտածեց, որ նրանց դժգոհությունն ու աղքատությունը բավականաչափ չէին կարող դժբախտացնել երեխային, ուստի նա այդ մարդկանց արեց քրոջ ամոթալի պատմությունը՝ բազմաթիվ խեղաթյուրումներով, որ ինքը հարմար համարեց, և խնդրեց լավ ուշադրություն դարձնել, քանի որ լինելով վատ ընտանիքից սերված և ապօրինի ծնված երեխա՝ վաղ թե ուշ նա անպայման կսայթաքեր կյանքում։ Հանգամանքների բերումով, մարդիկ հավատացին այս բոլորին, և այդտեղ աղջիկը մի այնպիսի ողորմելի ու դժբախտ գոյություն քարշ տվեց, որ նույնիսկ մենք բավարարված էինք, մինչև մի այրի լեդի, որ այդ ժամանակ ապրում էր Չեսթերում, աղջկան պատահաբար տեսավ, խղճաց նրան և տարավ իր տունը։ Երևի ինչ֊որ անիծյալ կախարդանք կար մեր դեմ, քանի որ, հակառակ մեր բոլոր ջանքերին, նա մնաց այդ լեդիի մոտ և երջանիկ էր։ Երկու֊երեք տարի առաջ ես նրա հետքը կորցրի և այլևս չտեսա նրան մինչև սրանից մի քանի ամիս առաջ։
― Այժմ տեսնո՞ւմ ես նրան։
― Այո։ Նա հենված է ձեր թևին։
― Բայց նա առաջվա պես իմ զարմուհին է, ― բացականչեց միսիս Մեյլին, իր բազուկների մեջ առնելով ուշաթափվող աղջկան։ ― Նա առաջվա պես իմ թանկագին երեխան է։ Ամբողջ աշխարհի գանձերի հետ չեմ փոխի նրան։ Սա իմ հարազատ, իմ սիրասուն աղջիկն է։
― Միակ բարեկամը, որ ունեցել եմ կյանքում ― ասաց Ռոզը փարվելով նրան։ ― Բարեկամներից ամենաբարին ու լավագույնը։ Հիմա սիրտս կպայթի։ Օ՜հ, ես անկարող եմ տոկալ այս ամենին։
― Դու տոկացել ես շատ ավելի մեծ փորձությունների և ամենուրեք եղել ես երկրային բոլոր էակների ընտրելագույնն ու քնքշագույնը, երջանկություն սփռելով քո շրջապատի բոլոր մարդկանց վրա, ― ասաց միսիս Մեյլին, խանդաղատանքով գրկելով նրան։ ― Դե՛, բավական է, հոգյակս, հիշի՛ր, թե ով է սպասում քեզ իր գրկի մեջ առնելու։ Խե՜ղճ երեխա։ Հապա նայի՛ր, այստե՛ղ նայիր, իմ անգին։
― Դու իմ մորաքույրը չես, ― արտասվեց Օլիվերը, փաթաթվելով նրա պարանոցին, ― դու իմ քույրն ես, իմ սիրելի, հարազատ քույրը, որին հենց սկզբից մի բան թելադրեց ամբողջ հոգով սիրել։ Ռո՜զ, սիրելի՛, թանկագի՜ն Ռոզ։
Թող այս երկու որբերի թափած արտասուքը և նրանց երկար գրկախառնումների մեջ ասված կցկտուր բառերը մնան նվիրական։ Ե՛վ հայր, և՛ քույր, և՛ մայր գտնվեցին ու կորան այդ մի ակնթարթի մեջ։ Վիշտն ու խնդությունը միախառնվել էին միևնույն բաժակում․ բայց դրանք դառն արցունքներ չբերեցին, որովհետև ինքը՝ վիշտը ներկայանում էր մեղմացած և պարուրված այնպիսի քաղցր ու քնքուշ հիշատակներով, որ այդ դարձավ հանդիսավոր ուրախություն՝ կորցնելով վշտագին ցավի բոլոր հետքերը։
Նրանք երկա՜ր, երկա՜ր ժամանակ առանձին մնացին։ Վերջապես, ինչ֊որ մեկը դուռը թեթև թակեց։ Օլիվերը բացեց և կամաց դուրս սահեց սենյակից՝ տեղը զիջելով Հարրի Մեյլիին։
― Ես ամեն ինչ գիտեմ, ― ասաց նա նստելով գեղեցիկ աղջկա մոտ։ ― Սիրելի Ռոզ, ես ամեն ինչ գիտեմ։
― Ես այստեղ եմ գտնվում ոչ դիպվածով, ― ավելացրեց նա երկար լռությունից հետո, ― ոչ էլ այդ ամենը այս գիշեր լսեցի, ես այդ իմացա երեկ, այո՛ երեկ։ Անշուշտ կռահում ես, որ եկել եմ քեզ հյշեցնելու ինչ֊որ խոստման մասին։
― Սպասի՛ր, ― ասաց Ռոզը։ ― Դու ամե՞ն ինչ գիտես։
― Ամե՛ն ինչ։ Դու ինձ թույլ տվեցիր, մի տարվա ընթացքում որևէ ժամանակ նորոգել մեր վերջին խոսակցության նյութը։
― Այդպես է։
― Ես ճնշում չէի գործադրելու քեզ վրա, որ փոխես քո որոշումը, ― շարունակեց երիտասարդը, ― այլ միայն լսելու էի քո որոշման կրկնությունը, եթե այդպես էիր կամենում։ Ես քո ոտքերի տակ դնելու էի այն հասարակական դիրքն ու հարստությունը, որ ձեռք էի բերել, և եթե պնդեիր քո նախկին տեսակետը, ես, համաձայն իմ խոստման, որևէ ճիգ չէի գործադրելու, որ փոխես, լիներ դա խոսքով կամ գործով։
― Այն միևնույն պատճառները, որ ներգործում էին ինձ վրա այն ժամանակ, ներգործում են նաև այժմ, ― ասաց Ռոզը հաստատակամությամբ։ ― Եթե երբևիցե որևէ սրբազան պարտք ունեցել եմ նրա հանդեպ, որի բարեսրտությունը փրկել է ինձ թշվառությունից ու տառապանքներից, մի՞թե սա լավագույն առիթը չէ կատարելու այդ պարտքը ամենայն պատվախնդրությամբ։ Այո՛, դա ինձ համար դժվարին պարտք է, ― ասաց Ռոզը, ― բայց ես հպարտությամբ կտանեմ, դա իմ հոգու համար տվայտանք է, բայց համբերությամբ կտոկամ։
― Այս գիշերվա հայտնությունը, ― սկսեց Հարրին։
― Այս գիշերվա հայտնությունը, ― մեղմորեն պատասխանեց Ռոզը, ― այնչափով, որ քեզ է վերաբերում, բոլորովին չի կարող փոխել իմ դրությունը։
― Դու քո սրտի դռները փակում ես իմ առաջ, ― թախանձագին խոսեց սիրատոչոր երիտասարդը։
― Օ՜հ, Հա՜րրի, Հա՜րրի, ― ասաց դեռատի լեդին փղձկալով։ ― Երանի թե կարողանայի այդպես անել և ինձ ազատեի այս տառապանքից։
― Իսկ ինչո՞ւ ես քեզ ենթարկում այդ տանջանքին, ― ասաց Հարրին, վերցնելով նրա ձեռքը։ ― Մտածի՛ր, սիրելի Ռոզ, մտածի՛ր այս գիշերվա լսածներիդ մասին։
― Իսկ ինչե՜ր եմ լսել, ինչե՜ր եմ լսել, ― բացականչեց Ռոզը։ ― Նրա գործած անպատվությունը այնպես ազդեց իմ հարազատ հորս վրա, որ նա խույս տվեց բոլորից․ դե՛, բավական է ինչքան խոսեցինք այս մասին, Հարրի, բավական է։
― Ո՛չ, բավական չէ, դեռ չենք վերջացրել, ― ասաց երիտասարդը, պահելով նրան, երբ նա վեր կենալով՝ պատրաստվեց դուրս գալ սենյակից։ ― Իմ հույսերը, ցանկությունները, հեռանկարները, զգացմունքը, վերջապես ամենայն մտածմունք կյանքում, բացառությամբ քո հանդեպ ունեցած իմ սիրուց, ենթարկվել են փոփոխության։ Այժմ ես քեզ չեմ խոստանում մեծ դիրք քաոսային մի շրջապատում, կամ հարաբերություններ ու կապեր նենգ ու չարամիտ աշխարհի հետ, որտեղ ազնիվ մարդուն ստիպում են կարմրել ամենևին ոչ իրական անպատվության և ամոթանքի համար, այլ մի ընտանեկան բույն, ― մի սիրտ ու մի ընտանեկան բույն, ― այո, իմ սիրելի՛ Ռոզ, ահա այդ երկուսը, միայն այդ երկուսը կարող եմ մատուցել քեզ, ուրիշ ոչինչ։
― Ի՞նչ ես ուզում ասել, ― հարցրեց աղջիկը դողդոջուն ձայնով։
― Ուզում եմ ասել, որ երբ վերջին անգամ բաժանվեցի քեզնից, իմ մեջ անխախտ որոշում կայացրի՝ ամեն գնով տապալել քո և իմ միջև եղած երևակայական պատվարները և քո շրջապատը դարձնել իմը, եթե իմը չէր կարող դառնալ քոնը։ Որպեսզի իրենց ծագումով հպարտացող մարդիկ արհամարհական հայացքներով երբեք չվիրավորեն քեզ, ես որոշեցի ինքս հրաժարվել դրանցից։ Ահա այդ բոլորը ես արել եմ։ Նրա՛նք, ովքեր խորշել են ինձնից այս պատճառով, խորշել են քեզնից և, այդ առումով, հաստատել են քո ենթադրությունները։ Հայտնի մարդիկ և ազդեցիկ ու բարձրաստիճան ազգականներ, որոնք այն ժամանակ բարեհաճորեն ժպտում էին ինձ, այժմ սառնությամբ են վերաբերվում։ Բայց Անգլիայի բարգավաճ մի շրջանում կան ծովածավալ, ժպտուն սրտեր և դալարագեղ ծփուն անտառներ, իսկ մի գյուղական եկեղեցու մոտ, ― ի՛մ եկեղեցու մոտ, Ռոզ, ― կա մի համեստ տնակ, որով ես ինձ ավելի հպարտ կզգամ, երբ քեզ ունենամ իմ կողքին, քան եթե հազարապատիկ իրականացած լինեին այն բոլոր հույսերը, որոնցից ես կամովին հրաժարվել եմ։ Ահա այս է իմ դիրքն ու աստիճանը այժմ, և ես այդ ամբողջապես դնում եմ ոտքերիդ տակ։
― Որքան դժվար բան է սպասել, որ սիրահար զույգերը ընթրիքի գան, ― ասաց միստր Գրիմվիգը զարթնելով և գլխի վրայից իր թաշկինակը քաշելով։
Ճշմարիտն ասած՝ ընթրիքի ժամը վաղուց անցել էր։ Բայց ո՛չ միսիս Մեյլին, ո՛չ Հարրին, ո՛չ Ռոզը (որոնք բոլորը միասին եկան), իրենց արդարացնելու համար ոչ մի բան չկարողացան ասել։
― Ես այս գիշեր լրջորեն մտադրվել էի իմ գլուխը ուտել, ― ասաց միստր Գրիմվիգը, ― քանի որ սկսել էի մտածել, թե ուրիշ ոչ մի բան չպիտի կարողանայի ճարել։ Եթե ինձ թույլ կտաք, ես կհամբուրեմ հարսնացուին։
Միստր Գրիմվիգը առանց ժամանակ կորցնելու իրագործեց իր մտադրությունը՝ անմիջապես համբուրելով ամոթխածությունից շիկնած աղջկան։ Բժիշկն ու միստր Բրաունլոն, նրա օրինակին հետևելով, նմանապես համբուրեցին նրան։ Որոշ մարդիկ պնդում են, թե հարևան մութ սենյակում ինքը՝ Հարրի Մեյլին առաջինն է համբուրել Ռոզին, բայց, ըստ ավելի հեղինակավոր մարդկանց կարծիքի, այդ բացարձակ զրպարտություն է, քանի որ երիտասարդ է և բացի այդ՝ կղերական։
― Օլիվեր, մանչո՜ւկս, ― ասաց միսիս Մեյլին։ ― Այդ ո՞ւր էիր գնացել և ինչո՞ւ ես այդքան տխուր։ Դու արտասվում ես։ Ինչ է պատահել։
Այս աշխարհը հուսախաբությունների աշխարհ է։ Հաճախ մեր ամենից շատ փայփայած հույսերը, ավա՜ղ, մոխրանում են, և այնպիսի հույսեր, որ ամենից շատ են պատիվ բերում մեր անձին։
Խեզճ Դիկը մեռած էր։