Changes
==Գլուխ III։ Սև նշանը==
Կեսօրին մոտ ես նավապետի սենյակը մտա, տանելով զովացուցիչ խմիչք և դեղ։ Նա պառկած էր նույն դրության մեջ, ինչպես թողել էինք, միայն մի քիչ բարձր։ Նա ինձ չափազանց թույլ թվաց և միաժամանակ շատ վրդովված։
— Ջիմ,— ասաց նա,— այստեղ լավը միայն դու ես։ Եվ դու գիտես, որ ես միշտ բարի եմ եղել դեպի քեզ։ Ամեն ամիս ես քեզ չորս պենս էի տալիս։ Տեսնում ես, բարեկամ, իմ դրությունը վատ է, ես հիվանդ եմ և բոլորի կողմից մոռացված։ Եվ դու, Ջիմ, ինձ համար մի գավաթ ռոմ կբերես։ Այնպես չէ՞։
— Բժիշկը․․․— սկսեցի ես։
Բայց նա թույլ ձայնով, սակայն չափազանց բարկացած, սկսեց հայհոյել բժշկին։
— Բոլոր բժիշկները ցամաքի առնետներ են,— ասաց նա։— Իսկ ձեր այստեղի բժիշկը ինչ հասկացողություն ունի ծովագնացների մասին։ Ես եղել եմ այնպիսի երկրներում, որտեղ տաք է, ինչպես եռացող ձյութի մեջ, որտեղ մարդիկ մեռնում էին դեղին տենդից, իսկ երկրաշարժերը ճոճում էին ցամաքն, ինչպես ծովի ալիքը։ Ի՞նչ գիտե ձեր բժիշկն այդ վայրերի մասին։ Եվ ես ապրել եմ միայն ռոմով։ Այո՛, ռոմով։ Ռոմն ինձ համար և՛ միս էր, և՛ ջուր, և՛ կին, և՛ բարեկամ։ Եթե այժմ ռոմ չխմեմ, ես կլինեմ ինչպես ալեկոծությունից ափ նետված հին նավ։ Եվ իմ մահվան պատճառը դու կլինես, Ջիմ, և այն առնետը՝ բժիշկը։
Նա կրկին սկսեց հայհոյել։
— Նայի՛ր, Ջիմ, թե ինչպես են դողում մատներս,― շարունակեց նա խղճալի ձայնով։— Ես չեմ կարող կանգնեցնել նրանց, որ չդողդողան։ Այսօր ես ո՛չ մի կաթիլ բերանս չեմ դրել։ Այդ բժիշկը հիմար է, հավատացնում եմ քեզ։ Եթե ռոմ չխմեմ, Ջիմ, աչքիս սարսափելի բաներ կերևան։ Մի քանի բաներ արդեն երևացել են, աստված վկա։ Ես տեսա ծերունի Ֆլինտին, ահա այստեղ, անկյունում, մեջքիս ետևը կանգնած։ Տեսա նրան պարզ, ինչպես կենդանի։ Իսկ երբ աչքիս այդպիսի սարսափելի բաներ են երևում, ես գազան եմ դառնում։ Ձեր բժիշկն ինքն ասաց, որ մի բաժակն ինձ չի սպանի։ Ես քեզ կտամ մի ոսկե գինեյ մի գավաթ ռոմի համար, Ջիմ։
Նա այնքան համառորեն էր խնդրում և այնքան վրդովված էր, որ ես վախեցա է թե հայրիկս կլսի։ Հորս դրությունն այդ օրը հատկապես վատ էր, և նա լրիվ հանգստության կարիք ուներ։ Միաժամանակ ինձ ուժ էին տալիս բժշկի խոսքերը, թե մի բաժակը նրան չի վնասի։
— Ձեր փողն ինձ պետք չէ,— պատասխանեցի ես, որովհետև առաջարկած կաշառքն ինձ շատ վիրավորեց։— Ավելի լավ է վճարեցեք այն, ինչ-որ հորս պարտք եք։ Ես ձեզ համար մի բաժակ ռոմ կբերեմ, բայց դա կլինի վերջինը։
Ես մի բաժակ ռոմ բերեցի։ նա ագահաբար վերցրեց ու դատարկեց։
— Ա՛յ, հիմա լավ է,— ասաց նա,— ես միանգամից առողջացա։ Լսի՛ր, բարեկամս, բժիշկը չի՞ ասել, թե որքան ժամանակ պետք է պառկեմ այս մահճակալին։
— Առնվազն մի շաբաթ,— ասացի ես,― ոչ պակաս։
— Որոտ ու կայծակ,— բացականչեց նավապետը։— Մի շաբա՞թ։ Եթե ես մի շաբաթ պառկեմ, նրանք ժամանակ կունենան ինձ սև նշան ուղարկելու։ Այդ մարդիկ արդեն հոտ են առել, թե որտեղ եմ ես, այդ վատնիչներն ու դատարկաշրջիկները, որոնք չկարողացան պահել իրենցը, այժմ աչք են տնկել ուրիշի ունեցածի վրա։ Իսկական ծովայինները մի՞թե այդպես են վարվում։ Ահա, ես, օրինակ․ ես խնայող մարդ եմ և երբեք փողերը դես-դեն չեմ շպրտել և չեմ ցանկանում վաստակածս կորցնել։ Ես էլի կխաբեմ այդ մարդկանց։ Ես կհեռանամ այս ստորջրյա ժայռից և նորից նրանց բոլորին հիմարացած կթողնեմ։
Այս խոսքերն ասելով, նա սկսեց կամաց բարձրանալ անկողնից, հենվելով իմ ուսին այնպիսի ուժով, որ ես քիչ մնաց ցավից գոռայի։ Ծանր, ինչպես կոճղեր, նրա ոտներն իջան հատակին։ Եվ նրա կրակոտ խոսակցությունը բոլորովին չէր համապատասխանում հազիվ լսելի ձայնին։
Մահճակալի վրա նստելուց հետո նա երկար ժամանակ չէր կարողանում ոչ մի բառ արտասանել։ Վերջապես ասաց․
— Հոգիս հանեց այդ բժիշկը․․․ Ականջներս կարծես երգ են ասում։ Օգնիր, որ պառկեմ․․․
Բայց մինչև ձեռքս նրան պարզելը, նա կրկին ընկավ անկողնին և միառժամանակ լուռ պառկած էր։
― Ջի՛մ,― ասաց նա վերջապես,— դու այսօր տեսա՞ր այն ծովայինին։
— Սև Գամփռի՞ն,— հարցրեցի ես։
— Այո, Սև Գամփռին,— ասաց նա։— Նա շատ վատ մարդ է, բայց նրանք, ովքեր նրան ուղարկել են, ավելի վատն են։ Լսի՛ր, եթե ինձ չհաջողվի այստեղից հեռանալ, և նրանք ինձ սև նշան ուղարկեն, իմացի՛ր, որ ուզում են ձեռք գցել իմ սնդուկը։ Այն ժամանակ դու ձի նստիր, չէ՞ որ լավ ես ձի նստում, այնպես չէ՞, այն ժամանակ դու ձի նստիր և սլացիր․․․ Այժմ ինձ համար միևնույն է․․․ Սլացիր թեկուզ այն անիծված բժշկի մոտ, այն առնետի մոտ, և ասա, որ տախտակամածի վրա հավաքի բոլոր նավաստիներին, բոլոր երդվյալներին ու դատավորներին և հանկարծակի բռնի իմ հյուրերին «Ադմիրալ Բենբոուի» վրա, Ֆլինտի հին ավազակախումբը, բոլորին, մինչև վերջինը, քանիսը որ կենդանի են մնացել։ Ես առաջին ղեկապետն էի․ այո, ծերունի Ֆլինտի առաջին ղեկապետը, և ե՛ս միայն գիտեմ, թե որտեղ է գտնվում այն տեղը։ Նա ինքն ինձ հաղորդեց Սավանայում, երբ ընկած էր մերձիմահ, ինչպես ես եմ այժմ պառկած, տեսնո՞ւմ ես։ Բայց դու ոչինչ մի անի, մինչև որ ինձ սև նշան չուղարկեն կամ մինչև որ կրկին չես տեսնի Սև Գամփռին կամ միոտանի ծովագնացին։ Այդ միոտանուց, Ջիմ, բոլորից շատ զգուշացիր։
— Բայց այդ ի՞նչ նշան է, նավապետ,— հարցրի ես։
— Դա կոչ է, բարեկամս։ Դատարան հրավիրող ծանուցագրի նման։ Երբ ուղարկեն, ես քեզ կասեմ։ Դու միայն նրանց ձեռքից բաց մի թողնի, սիրելի Ջիմ, ես բոլորը քեզ հետ կկիսեմ, ազնիվ խոսք եմ տալիս։
Նա սկսեց խոսել, և նրա ձայնը գնալով թուլանում էր։ Ես նրան դեղ տվի, նա երեխայի պես ընդունեց։
— Դեռևս ոչ մի ծովային այնքան դեղի կարիք չի ունեցել, որքան ես։
Շատով նա ծանր ինքնամոռացության մեջ ընկավ, և ես նրան մենակ թողի։
Չգիտեմ ինչպես կվարվեի ես, եթե ամեն ինչ լավ վերջանար։ Երևի ամեն բանի մասին կպատմեի բժշկին, որովհետև ես սաստիկ վախենում էի, որ նավապետը կզղջա իր անկեղծության համար և կսպանի ինձ։ Բայց դրությունն ուրիշ կերպ դասավորվեց։ Երեկոյան իմ խեղճ հայրը հանկարձակի մեռավ, և մենք ամեն բան մոռացանք։ Այն ժամանակ ես այնպես էի համակված մեր վշտով, հարևանների այցելությամբ, թաղում կազմակերպելով և պանդոկի աշխատանքով, որ ժամանակ չունեի ո՛չ նավապետի մասին մտածելու և ո՛չ էլ նրանից վախենալու։
Հետևյալ առավոտ նա իջավ ներքև այնպես, որ կարծես թե ոչինչ չի պատահել։ Կերավ սովորական ժամերին, բայց ոչ ախորժակով, և, վախենում եմ, սովորականից ավելի խմեց, որովհետև ինքն էր լցնում ու խմում։ Խմելիս նա այնպես բարկացած էր փնչացնում ու փսփսում, որ ոչ ոք չէր համարձակվում արգելել նրան՝ ավելորդ չխմել։ Թաղման օրվա նախօրյակի երեկոյան նա սովորականի պես հարբած էր։ Զզվելի էր լսել նրա սանձարձակ, վայրի երգը մեր տխուր տանը։ Թեև նա շատ թույլ էր, սակայն մենք սաստիկ վախենում էինք նրանից։ Միակ մարդը, որ կարող էր նրա բերանը փակել, բժիշկը, հեռու էր․ նրան հրավիրել էին մի քանի կիլոմետրի վրա մի հիվանդի մոտ, և հորս մահից հետո ո՛չ մի անգամ մեր տան մոտերը չէր երևում։
Ես ասացի, որ նավապետը թույլ է։ Եվ իսկապես, նա ոչ միայն չէր առողջանում, այլ կարծես թե ավելի թուլանում էր։ Հազիվհազ էր բարձրանում սանդուղքով և օրորվելով, կաղալով մոտենում էր վաճառասեղանին։
Երբեմն նա քիթը դռնից հանում էր ծովի օդը շնչելու, բայց այդ ժամանակ բռնում էր պատից։ Նա շնչում էր ծանր և արագ, այն մարդու նման, որ սարնիվեր է բարձբանում։
Նա այլևս ինձ հետ չէր խոսում և, ըստ երևույթին, մոռացել էր իր անկեղծության մասին, բայց չնայելով իր թուլությանը, ավելի դյուրագրգիռ էր դարձել։ Հարբելով, հանում էր թուրն ու դնում սեղանին, և այդ Ժամանակ համարյա մարդկանց չէր նկատում, կարծես խորասուզված էր իր մտքերի և ցնորքային տեսիլքների մեջ։
Մի անգամ նա մինչև անգամ սկսեց ինչ-որ գյուղական սիրահարական երգ շվշվացնել, որը երևի երգել էր պատանի ժամանակ, ծովն ուղևորվելուց առաջ։ Այդ բանը մեզ շատ զարմացրեց։
Այդ դրության մեջ էին գործերը, երբ թաղման մյուս օրը, օրն ամպամած էր, մառախլապատ և ցուրտ, ցերեկվա ժամը երեքին ես դուրս եկա և կանգնեցի շեմքին։ Վիշտն ինձ տանջում էր։
Հանկարձ տեսա մի մարդ, որը կամաց գալիս էր ճանապարհով։ Երեի նա կույր էր, որովհետև ճանապարհը փնտրում էր ձեռնափայտով։ Նրա աչքերի և քթի վրա կանաչ վահանակ էր կախված։ Ծերությունից կամ հիվանդությունից կռացած, նա ամբողջովին փաթաթված էր մի հին, պատառոտված նավաստու թիկնոցում, որը նրան ավելի անճոռնի էր դարձնում։ Իմ կյանքում ես երբեք այդպիսի սարսափելի մարդ չէի տեսել։ Նա պանդոկի մոտ կանգնեց և բարձր, տարօրինակ ձայնով արտասանեց, դիմելով դատարկ տարածությանը․
― Չի՞ ասի արդյոք որևէ բարերար մարդ՝ իր հայրենիքը՝ Անգլիան, քաջությամբ պաշտպանելիս տեսողությունը կորցրած խեղճ կույրիս, թե ներկայումս որտեղ է գտնվում ինքը։
— Դուք գտնվում եք «Ադմիրալ Բենբոու» պանդոկի մոտ, Սև ժայռի ծովախորշում, բարի մարդ,— ասացի ես։
— Ես լսում եմ մի ձայն,— ասաց ծերունին,― և երիտասարդ ձայն։ Տվեք ինձ ձեր ձեռքը, բարի երիտասարդ, և առաջնորդեցեք ինձ դեպի այդ տունը։
Ես ձեռքս պարզեցի, և այդ սարսափելի անաչք էակը այնպիսի քաղցրավուն ձայնով ճանկեց ձեռքս, որ կարծես աքցանով բռնեց։ Ես այնպես վախեցա, որ ուզում էի փախչել։ Բայց կույրն ինձ դեպի իրեն քաշեց
— Իսկ այժմ, տղաս,— ասաց նա,— տար ինձ նավապետի մոտ։
— Պարոն,— ասացի ես,— ազնիվ խոսք, ես չեմ համարձակվում։
— Չե՞ս համարձակվում,— քմծիծաղ տվեց նա։— Ա՛յ թե ինչ։ Չե՞ս համարձակվում։ Տար ինձ իսկույն, թե չէ ձեռքդ կկոտրեմ։
Եվ նա այնպես շրջեց իմ ձեռքը, որ ես ճչացի։
– Պարոն,— ասացի,— ես մտածում եմ ոչ թե իմ մասին, այլ ձեր մասին։ Նավապետն այժմ այնպիսին չէ, ինչպես միշտ։ Նա նստած է սուրը ձեռքին։ Մի ուրիշ մարդ արդեն եկել է նրա մոտ և...
— Շո՛ւտ, քայլի՛ր,— ընդհատեց նա։
Ես երբեք այդպիսի կատաղի, սառը, զզվելի ձայն չէի լսել։ Այդ ձայնը ցավից ավելի ուժեղ վախեցրեց ինձ։ Ես հասկացա, որ պետք է ենթարկվեմ և նրան տարա ընդհանուր սենյակը, որտեղ նստած էր մեր հիվանդ ծովահենը, ռոմով թմրած։ Կույրը կառչեց ինձ իր երկաթե մատներով։ Նա ճնշում էր ինձ իր ամբողջ ծանրությամբ, և ես հազիվ էի ոտքի վրա կանգնում։
— Տար ինձ ուղիղ նրա մոտ, և երբ նա ինձ կտեսնի, ձայն տուր․ «Ահա ձեր բարեկամը, Բիլի»։ Եթե ձայն չտաս, ահա թե ինչ կանեմ։
Եվ այնպես սեղմեց իմ ձեռքը, որ քիչ էր մնում գիտակցությունս կորցնեի։ Այնպես էի վախենում կույր մուրացիկից, որ մոռացա իմ սարսափը նավապետի առաջ, և բաց անելով ընդհանուր սենյակի դուռը, դողդողուն ձայնով գոչեցի այն բառերը, որ կույրը հրամայել էր ասել։
Խեղճ նավապետը աչքերը վերև բարձրացրեց և միանգամից զգաստացավ։ Նրա դեմքը երկյուղ չէր արտահայտում, այլ, ավելի շուտ, մահվան տանջանք։ Նա փորձեց կանգնել, բայց, երևի ուժը չպատեց։
— Ոչի՛նչ, Բիլի, նստիր, որտեղ նստած ես,— ասաց մուրացիկը։– Ես չեմ կարող քեզ տեսնել, բայց լսում եմ, թե ինչպես են դողդողում քո մատները։ Գործը գործ է։ Պարզիր ձախ ձեռքդ։ Տղա՛, բռնիր նրա աջ ձեռքը և մոտեցրու իմ աջ ձեռքին։
Մենք երկուսս էլ հնազանդվեցինք։ Եվ ես տեսա, թե ինչպես նա իր այն ձեռքից, որով ձեռնափայտն էր բռնել, ինչ-որ մի բան փոխադրեց նավապետի ափը։
— Գործն արված է,— ասաց կույրը։
Այս ասելով, նա իմ ձեռքը բաց թողեց և կույրի համար անսպասելի արագությամբ դուրս թռավ փողոց։ Ես դեռ կանգնած էի անշարժ, լսելով նրա ձեռնափայտի հեռավոր թխկոցները։
Բավական ժամանակ անցավ, մինչև ես ու նավապետը սթափվեցինք։ Այդ ժամանակ միայն ես զգացի, որ դեռ բռնած եմ նրա ձեռքը։ Հանկարծ նա քաշեց իր ձեռքը և նայեց ափին։
— Ժամը տասին,— բացականչեց նա։— Վեց ժամ է մնում։ Դեռ ժամանակ կա։
Նա ոտքի ելավ, բայց իսկույն տատանվեց և կոկորդը բռնեց։ Այդպես տատանվելով կանգնեց մի քանի վայրկյան, հետո ինչ-որ տարօրինակ ձայն հանելով, ամբողջ ծանրությամբ ընկավ հատակի վրա երեսնիվայր:
Ես արագ մոտեցա նրան և կանչեցի մորս։ Բայց ուշ էր։ Նավապետը հանկարծամահ եղավ կաթվածահարությունից։ Եվ տարօրինակ է, ինձ այդ մարդը երբեք դուր չէր եկել, թեև վերջին ժամանակներս սկսել էի խղճալ, բայց նրան մեռած տեսնելով, լաց եղա։ Ես երկար ժամանակ լաց եղա, արցունքներս հոսում էին։ Սա երկրորդ մահն էր, որ տեղի էր ունենում իմ աչքի առաջ, և այն վիշտը, որ պատճառել էր ինձ առաջին մահը, դեռ թարմ էր իմ սրտում։
==Գլուխ IV։ Նավաստու սնդուկը==