Changes
==Գլուխ IV։ Նավաստու սնդուկը==
Ես, իհարկե, իսկույն պատմեցի մորս այն բոլորն, ինչ որ գիտեի։ Գուցե պետք է այդ մասին ավելի շատ պատմեի։ Մենք ծանր և վտանգավոր դրության մեջ ընկանք։
Դրամի մի մասը, նավապետի մահից հետո, եթե միայն փող ուներ նա, անպայման պետք է պատկաներ մեզ։ Բայց հազիվ թե Սև Գամփռի և կույր մուրացիկի նման նրա ընկերները համաձայնեին հրաժարվել իրենց ավարից, հանգուցյալի պարտքերը վճարելու համար։ Նավապետի հրամանը՝ ձի նստել և գնալ բժիշկ Լիվսիի ետևից, ես կատարել չկարողացա. չէր կարելի մորս թողնել մենակ, անպաշտպան։ Այդ մասին մտածել էլ հարկավոր չէր։ Մենք չէինք համարձակվում երկար ժամանակ մնալ տանը, մենք ցնցվում էինք մինչև անգամ այն ժամանակ, երբ մեր օջախի ածուխներն ընկնում էին երկաթե ցանցի վրա։ Մենք վախենում էինք մինչև անգամ ժամացույցի չխկչխկոցից։ Ամեն տեղից ինչ-որ ձայներ էինք լսում, կարծես թե մեկը մոտենում էր մեր տանը։
Երբ մտածում էինք, թե հատակի վրա մեռած մարմին է ընկած և որ մոտիկում, ինչ-որ տեղ թափառում է զզվելի կույր մուրացիկը, մազերս բիզ-բիզ էին կանգնում։ Մի րոպե ուշանալ չէր կարելի։ Պետք է ինչ-որ բան ձեռնարկեինք։ Եվ մենք որոշեցինք միասին ճանապարհվել դեպի մոտիկ գյուղը օգնություն կանչելու։ Որոշեցինք ու կատարեցինք։ Գլուխներս բաց սկսեցինք վազել սառը մշուշի միջով։ Արդեն սկսել էր մթնել։
Գյուղը չէր երևում, սակայն մոտիկ էր, մի քանի հարյուր յարդ տարածության վրա, հարևան ծովախորշի հակառակ կողմում։ Ինձ շատ արիացնում էր այն հանգամանքը, որ կույր մուրացիկը հակառակ կողմով էր գնացել։ Մենք գնում էինք, թեև ոչ երկար ժամանակ, երբեմն կանգ էինք առնում և ականջ դնում։ Սակայն չորս կողմը սովորական ձայներ էին. շնչում էր մակընթացությունը, և անտառում ագռավներն էին կռկռում։
Գյուղում արդեն մոմերը վառել էին, և ես չեմ մոռանում, թե նրանց դեղնավուն փայլը դռներում և պատուհաններում ինչպես հանգստացրեց մեզ։ Եվ սա միակ օգնությունն էր, որ մեզ հաջողվեց ստանալ։ Ոչ ոք գյուղի բնակիչներից չհամաձայնեց գալ մեզ մոտ՝ «Ծովակալ Բենբոու»։
Որքան շատ էինք խոսում մեր հուզմունքի մասին, այնքան ուժեղ էին այդ մարդիկ կռթնում իրենց անկյուններում։ Նավապետ Ֆլինտի անունը, որ ինձ մինչ այդ անծանոթ էր, նրանցից շատերին ծանոթ էր և սարսափեցնում էր։ Նրանցից ոմանք հիշեցին, թե ինչպես մի անգամ, դաշտում, «Ծովակալ Բենբոուի» մոտ աշխատելիս, ճանապարհին ինչ-որ կասկածելի մարդիկ տեսան։ Անծանոթները նրանց մաքսանենգ թվացին, և նրանք տուն շտապեցին, որ իրենց դռներն ավելի ամուր փակեն։ Նրանցից մեկն էլ ծովախորշում տեսել էր մի փոքրիկ նավ, որ կոչվում էր Լոգովո Կիտա։ Այդ պատճառով էլ միայն հիշելը նավապետի մտերիմների մասին սարսռեցնում էր նրանց։ Գտնվեցին համարձակ մարդիկ, որոնք համաձայնեցին գնալ բժիշկ Լիվսիի ետևից, որ ապրում էր մյուս կողմում, սակայն պանդոկի պաշտպանությանը ոչ ոք չէր ուզում մասնակցել։
Ասում են, թե վախկոտությունը վարակիչ է։ Սակայն վեճերը և հակաճառությունները ընդունակ են մարդուն քաջություն ներշնչել։ Երբ բոլորն էլ հրաժարվեցին մեզ հետ գալուց, մայրիկս հայտնեց, որ չի ցանկանում կորցնել այն դրամը, որ պատկանում է իր որբացած որդուն։
― Դուք կարող եք, որքան ուզում եք վախենալ, ես և Ջիմը վախկոտներից չենք։ Մենք կվերադառնանք այն ճանապարհով, որով եկել ենք։ Ձեզ նման պնդակազմ, լայնաթիկունք մարդկանց համար պատիվ չի բերում ճտի սիրտ ունենալը։ Մենք այն սնդուկը բաց կանենք, եթե դրա համար մեռնելու էլ լինենք։ Ես շատ շնորհակալ կլինեմ, տիկին Կրոսալի, եթե թույլ տաք վերցնելու ձեր պայուսակը, որ նրա մեջ լցնենք ու բերենք այն փողերը, որ օրենքով մեզ են պատկանում։
Ես, իհարկե, հայտնեցի, թե կգնամ մորս հետ և, իհարկե, բոլորը գոռացին, թե դա անմտություն է։ Այնուամենայնիվ, տղամարդկանցից ոչ ոք չասաց, թե կգա ճանապարհ դնելու։ Օգնությունը սահմանափակվեց նրանով միայն, որ տվին ինձ մի լցրած ատրճանակ և խոստացան պատրաստ պահել թամբած ձիեր, որ եթե ավազակներն ընկնեն մեր ետևից, կարողանանք փախչել։ Իսկ մի երիտասարդ սլացավ բժշկի մոտ զինված ուժ բերելու։
Իմ սիրտն ուժգին խփում էր, երբ մենք ուղղվեցինք դեպի մեր վտանգավոր ճանապարհը։ Ցուրտ գիշեր էր։ Լիալուսինը դուրս եկավ։ Նա արդեն բարձրացել էր հորիզոնի վրա և մշուշում կարմրին էր տալիս՝ յուրաքանչյուր րոպե ավելի պայծառ փայլելով։ Մենք հասկացանք, որ շուտով ցերեկվա պես լույս կլինի, և մեզ վերադարձին նկատելը դժվար չի լինի։ Այդ պատճառով էլ սկսեցինք ավելի շտապել։ Մենք անձայն ու արագ անցնում էինք ցանկապատերի երկարությամբ և ճանապարհին ոչ մի սարսափելի բանի չհանդիպելով, վերջապես հասանք «Ծովակալ Բենբոուին»։
Տուն հասնելով, ես իսկույն փակեցի դուռը նիգով։ Ծանր շնչելով, մենք կանգնած էինք մթության մեջ, մեն-մենակ դատարկ տան մեջ, որտեղ ընկած էր դիակը։ Հետո մայրիկս պանդոկից մոմ բերեց և ձեռք ձեռքի բռնած, մտանք ընդհանուր սենյակը։ Նավապետն ընկած էր նույն դրությամբ, ինչպես թողել էինք, մեջքի վրա, բաց աչքերով, մի ձեռքը ետ գցած։
— Վարագույրներն իջեցրու, Ջի՛մ,— շշնջաց մայրիկս։— Նրանք կարող են մեզ հետևել պատուհանից... Իսկ այժմ,— ասաց նա, երբ վարագույրներն իջեցրի,— պետք է որոնել սնդուկի բանալին։ Բայց ես կուզենայի իմանալ, թե ո՞վ սիրտ կանի մեռելին ձեռք տալ։
Այս ասելիս, նա մինչև անգամ քիչ հեկեկաց։
Ես չոքեցի։ հատակին, նավապետի ձեռքի մոտ, ընկած էր մի փոքրիկ թղթի կտոր, մի կողմին սև գույն քսված։ Ես չկասկածեցի, որ սև նշանը հենց սա է։ Արագ վերցրի թուղթը և նկատեցի, որ մյուս երեսին, գեղեցիկ, պարզ ձեռագրով գրված է՝ «Ժամանակ ենք տալիս մինչև երեկոյան ժամը տասը»։
— Նրանք կգան ժամը 10-ին, մայրիկ,— ասացի ես։
Եվ հենց այդ վայրկյանին մեր հին ժամացույցն սկսեց խփել։ Այս հանկարծակի ձայնն ստիպեց մեզ ուժեղ ցնցվել։ Բայց ուրախացրեց մեզ, որովհետև ժամը վեցն էր միայն։
— Դե՛, Ջիմ,— ասաց մայրս, — որոնիր բանալին։
Ես նավապետի գրպանները մեկց մյուսի ետևից քրքրեցի։ Մի քանի մանր դրամ, մի մատնոց, թել ու հաստ ասեղ, մի կտոր ծայրը կծված ծխախոտ, ծուռ կոթ ունեցող մի դանակ, գրպանի կողմնացույց, հրահան՝ ահա այն բոլորը, ինչ որ գտա։ Ես արդեն սկսեցի հուսահատվել։
— Կարող է վիզն է,— ասաց մայրիկս։
Զզվանքս հաղթահարելով, ես պատռեցի նրա շապկի օձիքը։ Եվ, իսկապես, յուղոտված թելով, որը ես իսկույն կտրեցի նավապետի սեփական դանակով, կախված էր բանալին։
Այս հաջողությունը մեզ հույս ներշնչեց, և մենք շտապեցինք վերև, այն փոքրիկ սենյակը, որտեղ այնքան երկար ժամանակ ապրել էր նավապետը և որտեղ, գալու օրից գտնվում էր նրա սնղուկը։
Արտաքինով դա նավաստու մի սովորական սնդուկ էր։ Խուփի վրա երևում էր Բ տառը, որը փորագրված էր տաքացրած երկաթով։ Անկյունները տրորված ու մաշված էին, կարծես այդ սնդուկը երկար ու դժվարին ծառայություն էր կաաարել։
— Բանալին տո՛ւր,— ասաց մայրիկս։
Կողպեքը դժվար էր բացվում, այնուամենայինվ, հաջողվեց բաց անել, և նա մի վայրկյանում խուփը ետ գցեց։
Ծխախոտի և կուպրի ուժեղ հոտ փչեց։ Ամենից առաջ մենք տեսանք մի նոր, լավ մաքրված ու արդուկված և, մորս ասելով, ոչ մի անգամ չհագած կոստյում։ Կոստյումը բարձրացնելով, մենք գտանք մի կույտ զանազան իրեր, երկնային մարմինների բարձրությունը չափելու գործիք (կվադրանտ), մի թիթեղյա գավաթ, մի քանի կտոր ծխախոտ, երկու զույգ գեղեցիկ ատրճանակներ, մի կտոր արծաթ, մի հին իսպանական ժամացույց, մի քանի էժանագին, բայց գլխավորապես արտասահմանում արտադրած մանր-մունր իրեր, մի զույգ կողմնացույց՝ պղնձե շրջանակով, և հինգ կամ վեց հրաշալի խեցի՝ Հնդկաչինից։ Հետագայում ես հաճախ էի մտածում էի, թե ինչու նավապետը, այդպիսի թափառական, վտանգավոր, հանցավոր կյանք ունենալով, քարշ էր տալիս իր ետևից այդ խեցիները։
Սակայն ուրիշ թանկարժեք առարկա, բացի արծաթի կտորից և մանր-մունր բաներից, մենք չգտանք, իսկ դրանք մեզ պետք չէին։ Մեզ փող էր հարկավոր, միայն փող։ Սնդուկի տակ գտնվում էր մի հին ծովային թիկնոց, որն աղի ջրից սպիտակել էր։ Մայրիկս անհամբերությամբ ետ գցեց թիկնոցը, և մենք տեսանք սնդուկում գտնվող վերջին իրերը. թղթի կապոցի պես մոմլաթում փաթաթված մի ծրար և քաթանի տոպրակ, որի մեջ, ձայնից դատելով, ոսկի կար։
— Ես ցույց կտամ այդ ավազակներին, որ ազնիվ կին եմ։ Ես կվերցնեմ միայն այնքան, ինչքան նա ինձ պարտք էր, ո՛չ մի ֆարտինգ ավելի։
Եվ նա սկսեց համրել փողն ու լցնել այն պայուսակը, որ ես բռնել էի։
Սա դժվար և երկար Ժամանակ խլող գործ էր։ Այստեղ հավաքված և խառնված էին զանազան տեսակի և տարբեր երկրների փողեր․․․ և՛ դուբլոններ, և՛ լուիդորներ, և գինեյներ, և՛ պիաստրներ և էլի ուրիշ փողեր, որոնք ինձ անծանոթ էին, գինեյնեը ամենից քիչ էին, իսկ մայրիկս միայն գինեյներն էր հաշվել կարողանում։
Երբ նա հաշվեց այն գումարի կեսը, որ պարտք էր մեզ նավապետը, ես հանկարծ նրա ձեռքը բռնեցի։ Խաղաղ և ցուրտ օդում մի ձայն լսեցի, որից արյունը սառավ իմ երակներում՝ կույրի ձեռնափայտի թխկոցը սառած ճանապարհի վրա։ Թխկոցը մոտենում էր, և մենք, շունչներս պահած, լսում էինք։ Հետո լսվեց մի ուժեղ զարկ պանդոկի դռանը, դրանից հետո դռան բռնակը շարժվեց, նիգը զնգաց՝ ինչ-որ մեկը փորձում էր ներս մտնել։ Ներսում ու դրսում հանդարտություն տիրեց։ Եվ վերջապես կրկին լսվեց ձեռնափայտի թխկոցը։ Թխկոցը հեռանամ էր և շուտով այլևս չլսվեց։ Այս հանգամանքը մեզ աննկարագրելի ուրախություն պատճառեց։
— Մայրի՛կ,— ասացի ես,— վերցրու բոլորը և շուտով փախչենք։
Ես համոզված էի, որ նիգով փակված դուռը կույրին կասկածելի թվաց, և որ նա այստեղ կբերի իր ողջ իշամեղվի բույնը։
Համենայն դեպս, ինչ լավ է, որ ես գլխի ընկա և դուռը նիգով փակեցի։
Սակայն մայրիկս, չնայած իր երկյուղին, չէր համաձայնում ոչ մի կոպեկ ավելի վերցնել նրանից, ինչ-որ հասնում էր մեզ և միաժամանակ համառորեն չէր համաձայնում քիչ վերցնել։ Նա ասում էր, որ դեռ ժամը յոթը չկա, որ մենք շատ ժամանակ ունենք։ Նա գիտի իր բոլոր իրավունքները և ոչ ոքին չի զիջի։ Նա համառորեն վիճում էր ինձ հետ մինչև այն ժամանակ, երբ հանկարծ երկարատև հանդարտ շվոցի ձայն լսեցինք, որը եկավ հեռվից, բլրի վրայից։ Մենք միանգամից հակաճառությունը դադարեցրինք։
— Ես կվերցնեմ այն, ինչ-որ հաշվել եմ,― ոտի կանգնելով ասպց մայրիկս։
— Իսկ ես կվերցնեմ և այս, ուղիղ հաշվի համար,— ասացի ես, վերցնելով մոմլաթի մեջ փաթաթված թղթի կապոցը։
Մի րոպեից հետո մենք արդեն ներքևում էինք։ Մոմը մնաց դատարկ սնդուկի մոտ։ Ես դուռը բաց արի, և մենք դուրս եկանք ճանապարհ։ Ոչ մի րոպե կորցնել չէր կարելի։ Մշուշն արագ ցրվում էր։ Լուսինը սաստիկ փայլում էր։ Միայն հովտի խորքում և պանդոկի դռան մոտ միգոտ մշուշի երերուն քող կար, կարծես նրա համար, որ թաքցնի մեր փախուստի առաջին քայլերը։ Բայց արդեն ճանապարհի կեսին, քիչ վերև, բլրի ստորոտում, մենք անխուսափելի կերպով պետք է լուսնի լույսի շերտի մեջ ընկնեինք, և դեռ սա բոլորը չէ. հեռվից մենք լսեցինք մեկի արագ մոտեցող քայլերի ձայնը։ Մենք ետ նայեցինք և տեսանք մի թռչող լապտեր՝ ինչ-որ մեկը լապտերը ձեռքին գալիս էր։
― Սիրելիս,— ասաց մայրիկս,— փողերը վերցրու և փախիր։ Ես զգում եմ, որ իսկույն կուշաթափվեմ։
«Երկուսս էլ կորանք»,— վճռեցի ես։ Ինչպե՜ս էի անիծում մեր հարևանների վախկոտությունը։ Ինչպե՜ս էի բարկանում խեղճ մայրիկի վրա, նրա ազնվության, նրա համեստության, անցյալի համարձակության և ներկայիս թուլության համար։
Բարեբախտաբար անցնում էինք մի ինչ-որ փոքրիկ կամրջի մոտով։ Ես մայրիկիս օգնեցի, որ ներքև իջնի։ Նա հառաչեց և ընկավ ուսիս վրա։ Չգիտեմ, որտեղից ես ուժ առա, սակայն նրան քարշ տվի ներքև՝ կամրջի տակ, առվակի մոտ։ Միայն վախենում եմ, որ այդ շատ կոպտորեն արեցի։ Կամուրջը ցածր էր և նրա տակ շարժվել կարելի էր միայն չորեքթաթ արած։ Ես սողացի առաջ, կամարի տակ, բայց մայրս համարյա ամբողջովին տեսանելի էր։ Մենք գտնվում էինք պանդոկից մի քանի քայլ հեռավորության վրա։
==Գլուխ V։ Կույրի վախճանը==