Changes
Ավա՜ղ իրեն։
== Բուսեղեներ և ծառապաշտություն ==
Լեռներից հետո երկրի վրա առկա բնության ամենամեծ և ամենավսեմ բաղադրիչը ծառերն են, որ երբեմն ահարկու ան այնտեղ, ուր թանձր անտառ են գոյացնում։ Մեր մեկնիչ վարդապետներից մեկը ասում է․ «Կարծէին հեթանոսք, թէ ի ներոքյ անտառախիտ ծառոց են աստուածք, կամ ի Խորափորս»։ Ծառերը թյուրահավատ մարդկանց մտքի վրա հզոր տպավորություն են գործել ու գործում են ոչ միայն մեծությամբ, այլև գեղեցկությամբ ու պես֊պես օգուտներով և ավելի, քան ոչ գործունակ ու անշարժ արարածները (լեռներ, քարեր)։ Այդպես է, քանզի նախորդները ունեն ոչ միայն արտաքին ու տեսանելի մասեր՝ այլազան կազմությամբ, գույներով և հատկություններով, այլև ներքին՝ թեկուզև պարզ գործարաններ, որոնցով երևան են գալիս, աճում են, սնվում են իրենց հատուկ բուսական կյանքով և ըստ դրա՝ ցամաքելով ու չորանալով մեռնում են։ Բայց դիակներն անգամ (փայտը) շատ բանի են պիտանի, մանավանդ տների ու տաճարների շինության և նրանց կահ ու կահույքի համար։ Ուրեմն զարմանալի չէ, որ ծառերը ինչ֊ինչ կերպով շատ ազգերի մեջ են սրբազանացվել, ու ի հայտ է եկել ծառապաշտությունը։ Մանավանդ, ինչպես բոլորը գիտեն, ծառերը իրենք էին յուրահատկորեն մարդկանց հրավիրում պաշտամունքի, քանզի քարերի ու լեռների պես անշարժ չէին մնում, այլ հողմերի հետ դաշնակցելով ըստ նրանց զորության կամ ավելի ու պակաս ուժեղ փչելուն՝ անուշ կամ ահավոր ձայներ էին արձակում։ Եվ քիչ ավելին իմացողների միտքը (ինչպես շատ ուրիշ բաների կապակցությամբ) դիմում է հույների առասպելներին և նրանց հռչակավոր պատգամախոս կաղնիներին, որոնցից գլխավորը Դոդոնի անտառն էր Եպյուտոսում։
Կաղնին իր մեծությամբ, սփռվածությամբ, հնությամբ, այսինք՝ դարեր դիմանալով, տերևների ու պտուղների ձևով սրբազան էր ոչ միայն հույների, այլև հատկապես կելտերի համար։ Վերջիններս իրենց թավ կաղնուտների մեջ ունեին պատգամախոս դրուիդներ ու դրուհիդուհիներ։ Ս․ գրքի նահապետական պատմության մեջ ևս հիշվում են ոչ միայն Մամբրեի կաղնին, այլև ուրիշ ծառեր՝ սաբեկը և բևեկնը, տանձենին և մորենին, նաև Լիբանանի մայրին, որոնք գետ պատվելի հիշատակարանների տեղիք էին ոչ միայն թյուրահավատների, այլև տեղ֊տեղ նաև աստվածապաշտների համար, մանավանդ որ Աստված շատ անգամ այդպիսի տեղանք էր ցույց տալիս նահապետներին ու մարգարեներին իր հայտնվելու համար՝ որպես աստվածային ժամադրության վայր։ Եվ երբ Դավիթը հարցնում էր Աստծուն, թե երբ ելնի թշնամու դեմ պատերազմելու, նրան ներշնչվում էր, թե տանձենիների կամ Լալոնից անտառի շշնկոցը լսելուց հետո։
Հայկազունների ականջն էլ խուլ չէր այդպիսի տերևաշարժ քնարներին։ Թեև մեր բնավայրը չուներ հունական կամ գալլական հսկա կաղնիները, ուներ, սակայն, հսկայագույն սոսիներ, որոնց մի մասը դեռ կա մինչ այսօր և մնում է այլևայլ կողմերում (ինչպես՝ Գողքնի Օրդվատը, Գանձակի Վադաշենը)։ Սրանց մեծությունը կամ հաստությունը իրենց բոլոր ազգակիցներին գերազանցում է՝ թերևս ոչ թե ոտնաչափով, այլ գրկաչափով չափելով։
Հին հայոց Դոդոնը Արմավիրում էր՝ ըստ ավանդության՝ կառուցված Հայկի թոռների կողմից, իսկ մերձակա ծառերը նրա անդրանիկի՝ Արմենակի ձեռնատունկն էին։ Եվ նրա ցեղի վերջին պայազատը՝ Անուշավանը, նույն ծառերի անվամբ կոչվեց Սոս, ինչպես պատմիչն է ասում (Խորենացի, Ա․Ի․) «Քանզի ձօնեալ էր ի Սօսիսն Արամենակայ՝ որ յԱրմաւիր․ զորոց զսաղարթուցն սօսաւիւն, ըստ հանդարտ և կամ սաստիկ շնչելոյ օդոյն՝ ոստոց եւեթ շարժումն, սովորեցան ի հմայս յաշխարհիս Հայկազանց․ և այս՝ ցբազում ժամանկս»։
Գրչագրերի տարբերությամբ Անուշավանի համար ասածը հետևյալն է․ «Սօս անունիւր կամ Սօսանուէր», ինչպես կարդացել է և Գրիգոր Մագիստրոսը․ «Սօսին յԱրմաւիր՝ առ դրան ապարանիցն արքունի, զոր Անուշաւանն պատուէր՝ Արայեանն մանուկ, վասն որոյ Սօսանուէրն կոչիւր»։
Ընթերցողները, անշուշտ, խորհում են, որ այս ծառին պիտի տրված լինի ընդհանուր սաղարթավոր ծառերի ձայնի <i>սոսյուն, սոսավյուն</i> կամ <i>սոսափյուն</i> անվանումը։ Վերջինս առավել սաստիկ և միաժամանակ ահարկու ձայնի նշանակ է։
Հռոմեացիները այս ծառերը նվիրաբերում էին պահապան ոգիներին և իրենց ծննդյան օրվա հիշատակին նրանց էին նվիրաբերում սոսու ճյուղերից պսակներ։ Հայերը իրենք էին իրենց նվիրաբերում սոսիների անտառին։ Երևի թե նրանք սոսիների սոսափյունի մեջ լսում էին իրենց նախնիների հոգիների ձայները ու ավելի կամ պակաս չափով պաշտամունք էին մատուցում։ Չաստվածների և նրանց նմանների կուռքերը և պատկերները փշրվեցին, կործանվեցին, անհետացան։ Մինչդեռ սոսին դեռ մնում է դալար ու կենդանի և իր պես հազարամյա սերունդներ է արձակում, որոնցով մարդկանց մտքի հիշատակներն էլ են մնում չջնջված։ Մեր որոշ թերամիտ ազգակիցների վերաբերյալ անցյալ դարի ջուղայեցի մի վարդապետ գրում է․ «Մեծամեծ ծառոցն համբուրեն, եթէ Սուրբ կայ ի վերայ»։ Ասում են նաև, որ մինչ այժմ էլ այդ մեծամեծ ծառերի գտնված վայրերում կան նաև դրանց չափից ավելի պատվի արժանացնողներ։
Միայն սոսին չէ, որ հայերի մեջ պատվելի էր ու պաշտված։ Կային, անշուշտ, ուրիշ ծառեր, որոնց մեջ նշանավորներից էր (նաև քրիստոնեության հաստատումից շատ դարեր հետո) բարդին, որին առանձնահատուկ էին պատվում <i>արևորդի</i> կոչվածները՝ թերի կրոնի հետևորդները մինչև 12֊րդ դար ու դրանից էլ հետո։ Այդ աղանդավորները գոյություն ունեն առ այսօր ու թեև հայ չեն ճանաչվում, բայց մեր ս․ Շնորհալին նրանց հայրերին կամ հորեղբայրներին այդպիսին էր ճանաչում․ նրանց մասին գրում ու վկայում էր․ «Այդ ծառ՝ որ Բարտի անուանի՝ ի կռապաշտութեան ժամանակն ի պաշտօն առեալ էր, յորս՝ և Դեւք մտանէին, և ի մարդկանէ երկրպագուիւն ընդունէին»։ Ինչո՞ւ էին հները այն պաշտում։ Հավանորեն նրա գեղեցիկ, սուլուլիկ և երկնաձիգ ձևի համար, իսկ արևորդիները՝ համարելով, թե Քրիստոսի խաչը եղել է բարդու փայտից, ինչի համար Շնորհալին զգուշացնելով ասում է․ «Զբարտի ծառն՝ մի՛ աւելի պատուէք քան զուռին և զկաղամախին և զայլս ի ծառոց, և մի՛ կարծէք թե փայտ խաչին Քրիստոսի՝ բարտի էր»։
Այս ծառերի պաշտամունքի վերաբերյալ հավելյալ վկայություն չենք գտնում նաև մեր վերջին դարերի գրվածքներում։ Բայց մի քանի տեսակ փոքր բույսերի և ծաղիկների մասին շատ բան է գրված բժշկարաններում, երազահաններում, աղթարքներում և գրապանակներում, որոնք դեռ ունեն իրենց փնտրողներն ու հավատացողները։ Թեպետ այսպիսի սնոտի հավատք ու կարծիքներ գտնվել և դեռ գտնվում են այլ ազգերի, նույնիսկ խոհուն գերմանացիների մեջ, սակայն հայերիս մեջ առանձնահատուկ պնդությամբ է պատվի արժանացվել և արժանացվում լոշտակ հանրածանոթ բույսը (ըստ հռոմեացիների՝ Bryonia Alba, ըստ ֆրանսիացիների՝ Bryone commune կամ Vigne blanche) իր երկճյուղ արմատով մարդու ազդրին ու սրունքին նման լինելու պատճառով։ Խաբեբաները, արմատը տաշելով ու կոկելով (ինչպես անում են նաև Գերմանիայում), եղած նմանությանը հավելում են նորերը, և այդ իսկ պատճառով այն անվանում են <i>մարդատակ, մարդախոտ, մարդածաղիկ</i> և այլն։ Մերազնյա հեղինակների շատ թյուր և դյուրահավատ գրվածքները թողնելով՝ հիշենք պտուղների մասին նրանց ասածները։ Դրանք սև են ու կարմիր, և երեքը, չորսը կամ վեցը միատեղ են՝ մեկ ճյուղի վրա։ Աղթարքները գրում են․ «Թէ մարդ գտնու յիրմէտ, չորս հատ՝ ոչ աւել և ոչ պակաս, և ի նոր կտաւ ծրարէ, և ի սարսափոտին (հիվանդի―Ղ․Ա․) վրայ կենայ՝ միտք, որ կարէ գիտել զերկնային և զերկրային յատկութիւնք»։ Եվ պատվիրում են արմատը քաղել մայիս ամսին՝ սահմանված աղոթքով՝ նրան կոչելով ամենայն խոտերի թագավոր․ «Զի Աստուած ետ քեզ զամենայն խոտից խասիաթն»։ Եվ դարձյալ ավելացնում են․ «Ասացել են [առաջին խելացիքն] թէ այս խոտս Սողոմոնի մատանած առնէ․ և ասկից ամենայն գազանք և սողունք՝ ի հրաման կենան․ և Աղեքսանդր թագաւորն այս խոտովս շատ բան և թագաւորութիւն վարէր»։
Մանրագորի հետ լոշտակի ունեցած կամ ենթադրական առնչությունը թողնում ենք բուսաբանների և բանասերների քննությանը։
<references/>