Changes
==Գլուխ VI։ Նավապետի թղթերը==
Մենք արագ սլանում էինք և վերջապես կանգ առանք բժիշկ Լիվսիի դռանը։ Տան ճակատը պատած էր խավարով։
Պարոն Դենսն ինձ հրամայեց ձիուց ցած թռչել և դուռը ծեծել։
Աղախինը դուրս եկավ։
— Բժիշկ Լիվսին տա՞նն է,— հարցրեցի ես։
– Ո՛չ,— պատասխանեց նա։— Նա կեսօրից հետո տուն վերադարձավ, իսկ այժմ գնացել է կարվածատուն՝ ճաշելու և երեկոն կալվածատիրոջ հետ անցկացնելու։
— Այդ դեպքում մենք գնում ենք այնտեղ,— ասաց պարոն Դենսը։
Կալվածատունը հեռու չէր։ Ես մինչև անգամ ձի չնստեցի, այլ Դոգերի ասպանդակից բռնած, ձիու կողքից վազեցի։
Պուրակի դարպասը երևաց։ Երկար, լուսնի լույսով լուսավորված ծառուղին տանում էր դեպի հեռվում սպիտակին տվող կալվածատունը, որը շրջապատված էր հինավուրց այգով։ Պարոն Դենսը ձիուց ցած թռավ և ինձ տարավ կալվածատունը։ Մեզ իսկույն ներս թողին։
Երկար միջանցքով, որի վրա գորգ էր փռված, ծառան մեզ տարավ տանտիրոջ առանձնասենյակը։ Առանձնասենյակի պատերի մոտ գրքի պահարաններ էին դրված։ Յուրաքանչյուր պահարանի վրա մի կիսանդրի կար։ Կալվածատերը և բժիշկը, պայծառ կրակի մոտ նստած, ծխում էին։
Ես երբեք կալվածատիրոջն այդքան մոտիկից չէի տեսել։ Նա մի բարձրահասակ, վեց ֆուտից ավելի երկարություն ունեցղ տղամարդ էր, հաղթանդամ, լայն, մռայլ դեմքով, երկար ճանապարհորդության ժամանակ կոպտացած և քամահար դարձած։ Նա ուներ սև, շարժուն ունքեր, որոնք արտահայտում էին ոչ թե չարություն, այլ բարձրամիտ և դյուրագրգիռ բնավորություն։
— Մտե՛ք, պարոն Դենս,— ասաց նա հպարտությամբ և ներողամտորեն։
― Բարի՜ երեկո։
― Բարի երեկո, Դենս՛,— ասաց բժիշկը և գլխով արավ։— Բարի երեկո, Ջիմ, բարեկամ։ Այդ ի՞նչ բարեհաջող քամի է ձեզ այստեղ բերել։
Մաքսատան պետն ուղղվեց, ձեռները ցած գցեց և, ինչպես սովորած դասը, պատմեց մեր բոլոր արկածները։ Դուք տեսնեիք, թե ինչ բազմանշանակալից կերպով նայեցին իրար այդ երկու ջենտլմենները նրա պատմելու ժամանակ։ Նրանք այնպիսի հետաքրքրությամբ էին լսում, որ մինչև անգամ ծխելը դադարեցրին։ Իսկ երբ լսեցին, թե ինչպես մայրիկս գիշերով գնաց մեր տուն, բժիշկ Լիվսին իր ծնկին խփեց, իսկ կալվածատերը գոչեց՝ «կեցցե՛» և կոտրեց իր երկար ծխամորճը՝ բուխարու վանդակին խփելով։ Պարոն Տրելոնին, (եթե հիշում եք, այդպես էր կոչվում կալվածատերը) վաղուց էր թողել իր բազկաթոռը և շրջում էր սենյակում, իսկ բժիշկը, լավ լսելու նպատակով, գլխից վերցրեց իր դիմափոշոտ կեղծամը։ Տարօրինակ էր տեսնել նրան առանց կեղծամի, սև, կարճ խուզած մազերով։
Վերջապես պարոն Դենսն իր պատմությունը վերջացրեց։
— Պարոն Դենս,— ասաց կալվածատերը,― դուք ազնիվ եք։ Դուք արիություն եք կատարել՝ ճզմելով ամենաարյունարբու չարագործներից մեկին։ Այդպիսիներին պետք է ճզմել, ինչպես ճզմում են ուտիճներին։ Հոկինս, ես տեսնում եմ, որ դու էլ քաջ երիտասարդ ես։ Այն զանգը տուր, Հոկինս։ Պարոն Դենսը պետք է գարեջուր խմի։
— Ուրեմն, Ջիմ,— ասաց բժիշկը։— ինչ, որ նրանք որոնում էին, քեզ մո՞տ է։
— Ահա՜,— ասացի ես և պարզեցի մոմլաթում փաթաթած ծրարը։
Բժիշկը բոլոր կողմերից դիտեց ծրարը։ Ըստ երևույթին, նա ուզում էր ծրարը շուտ բաց անել, բայց իրեն հաղթահարեց և ծրարը հանդարտ գրպանը դրեց։
— Կալվածատեր,— ասաց նա,– երբ Դենսը գարեջուր խմի, պետք է վերադառնա իր ծառայության պարտականությունները կատարելու։ Իսկ Ջիմ Հոկինսը պետք է այս գիշեր ինձ մոտ քնի։ Եթե թույլ կտաք, ես կխնդրեմ, որ նրան ընթրիքին սառը պաշտետ տան։
— Իհարկե, խնդրեմ, Լիվսի,— ասաց կալվածատերը։— Հոկինսն այսօր այդ բանին ավելի քան արժանացել է։
Իմ առաջ, փոքրիկ սեղաններից մեկի վրա, դրին աղավնու մսից պաշտետի մի մեծ բաժին։ Ես գայլի նման քաղցած էի և մեծ հաճությամբ ընթրեցի։ Իսկ այդ ժամանակ Դենսը, շատ նոր գովասանքներ լսելով, հեռացավ։
— Դե՛, կալվածատեր,— ասաց բժիշկը։
— Դե՛, բժիշկ,— ասաց կալվածատերը։
― Միաբերան,— ծիծաղեց բժիշկ Լիվսին։— Հույսով եմ, որ դուք այն Ֆլինտի մասին լսել եք։
— Լսե՞լ եմ արդյոք Ֆլինտի մասին,— բացականչեց կալվածատերը։— Դուք հարցնում եք, լսե՞լ եմ ես Ֆլինտի մասին։ Դա երբևիցե ծովի վրա լողացող ծովահեններից ամենաարյունարբուն է։ Սև մորուքը նրա մոտ մանուկ է։ Իսպանացիներն այնպես էին վախենում նրանից, որ խոստովանում եմ, պարոն, ես երբեմն հպարտանում էի, որ նա անգլիացի է։ Մի անգամ Տրինիդադ կղզու մոտ ես տեսա նրա առագաստների ծայրը, բայց մեր նավապետն այնպես վախեցավ, որ իսկույն նավը շրջեց և վերադարձավ Պորտ-Օֆ-Սպեյն։
— Ես նրա մասին լսել եմ այստեղ, Անգլիայում։ Բայց ահա մի հարց․ նա փող ունե՞ր արդյոք։
— Փող,— բացականչեց կալվածատերը։— Մի՞թե դուք չլսեցիք, թե ինչ էր պատմում Դենսը։ Բացի փողից, ուրիշ ի՞նչ կարող էին փնտրել այդ չարագործները։ Բացի փողից ի՞նչ է հարկավոր նրանց։ Ինչի՞ համար, բացի փողից, նրանք վատնգի կենթարկեին իրենց կաշին։
— Մենք իսկույն կիմանանք, թե ինչու են նրանք իրենց կաշին վտանգի ենթարկել,— պատասխանեց բժիշկը։— Դուք այնպես բորբոքվում եք, որ չեք թողնում ես խոսեմ։ Ահա թե ինչ կուզենայի պարզել․ ենթադրենք, թե այստեղ, իմ գրպանում գտնվում է մի բանալի, որի օգնությամբ կարելի է իմանալ, թե Ֆլինտը որտեղ է թաքցրել իր գանձը։ Արժե՞ արդյոք ջանք գործ դնել և ձեռք բերել այդ գանձը։
— Ջե՞ռք բերել, պարոն,— գոչեց կալվածատերը։– Արժե՞ ձեռք բերել։ Լսեցե՛ք։ Եթե իսկապես մեր ձեռքին գտնվում է մի բանալի, որի մասին դուք ասում եք, ես իսկույն Բրիստոլի նավաշինարաններում պատրաստել կտամ համապատասխան նավ, հետս կվերցնեմ ձեզ, Հոկինսին և կգնամ ձեռք բերելու այդ գանձը, նույնիսկ եթե որոնելու լինեինք մի ամբողջ տարի։
— Հրաշալի է,— ասաց բժիշկը։— Այդ դեպքում, եթե Ջիմը համաձայն է, եկեք ծրարը բաց անենք։
Եվ նա ծրարը դրեց իր առջև՝ սեղանին։
Ծրարն ամուր կարված էր թելով։ Բժիշկը հանեց իր գործիքների արկղը և վիրահատության մկրատով թելերը կտրտեց։ Ծրարի մեջ երկու բան կար՝ մի տետր և մի կնքված ծրար։
— Նախ նայենք տետրը,— առաջարկեց բժիշկը։ Նա սիրալիր կերպով կանչեց ինձ իր մոտ, որ կարողանամ մասնակցել գաղտնիքը բաց անելուն, և սկսեց տետրը թերթել։ Կալվածատերը և ես, նրա ուսի վրայից, հետաքրքրությամբ նայում էինք։
Տետրի առաջին երեսի վրա խզմզված էին ամեն տեսակի տառեր։ Երևում էր, որ այդ գրերր գրել են պարապությունից կամ գրիչ փորձելու համար։ Ի միջի այլոց, այստեղ կար և այն մակագրությունը, որ նավապետը դաջել էր իր ձեռքին․ «Թող կատարվեն Բիլի Բոնսի երազանքները» և ուրիշներ, օրինակ․ «Պարոն Վ. Բենս, ղեկապետ», «Բավականի ռոմ», «Արմավենիների ծովափին նա ստացավ բոլորը, ինչ իրեն հասնում էր», կային և ուրիշ մակագրություններ, բոլորովին անհասկանալի, որոնք բաղկացած էին գլխավորապես մի բառից։ Ինձ շատ հետաքրքրեց, թե ով է եղել նա, որն ստացել է «ինչ իրեն հասնում էր» և ի՞նչ էր նրան հասնում։ Գուցե դանակի զարկ մեջքին։
— Այս էջից շատ բան չես հասկանա,— ասաց բժիշկ Լիվսին։
Հաջորդ տասը կամ տասներկու երեսները լիքն էին տարօրինակ հաշվապահությամբ։ Գծի մի ծայրին գրված էր թվական, իսկ մյուս ծայրին գումար, ինչպես սովորաբար հաշվապահական մատյաններում։ Բայց բացատրությունների փոխարեն մեջտեղին գրված էին զանազան թվի խաչեր։ Օրինակ, 1746 թվի հունիսի 12-ի թվով նշանակված էր յոթանասուն ֆոլնտ ստեռլինգ, բայց բացատրության փոխարեն, թե որտեղից է այդ գումարը, դրված էր վեց խաչ։ Երբեմն, սակայն, ավելացված էր տեղի անունը, օրինակ․ «Կարակասի դիմաց» կամ ուղղակի նշված էր լայնությունն ոչ երկարությունը, օրինակ. «62° 17' 20», «19° 2' 40»։
Գրանցումները կատարվել էին համարյա քսան տարի։ Մուտք արված գումարները գնալով խոշորանում էին։ Եվ վերջում, հինգ համ վեց ջնջված սխալ գումարներից հետո գումար էր տված և տակը գրված․ «Բենսի բաժինը»։
— Ես ոչինչ չեմ կարողանում հասկանալ,— ասաց բժիշկ Լիվսին։
— Այնինչ լույսի պես պարզ է,— բացականչեց կալվածատերը։— Մեր առաջ դրված է այդ անարգ շան մուտքի մատյանը։ Խաչերով փոխարինվում են ջրասույզ արված նավերը և թալանած քաղաքները։ Թվերը ցույց են տալիս այդ հոգեսպանի բաժինն ընդհանուր ավարից։ Այնտեղ, ուր նա վախեցել է անճշտությունից, մի քանի բացատրություններ է գրել, օրինակ. «Կարակասի դիմաց»։ Դա նշանակում է, որ Կարակասի մոտ թալանվել է որևէ դժբախտ նավ։ Այդ նավով գնացող խեղճ ծովագնացները վաղուց փտում են կորալների մեջ։
― Ճի՛շտ է,— ասաց բժիշկը։— Ահա թե ինչ է նշանակում ճանապարհորդ լինել։ Ճիշտ է։ Եվ նրա բաժինն ավելանում էր, որքան նա բարձրանում էր աստիճանով։
Ուրիշ ոչինչ չկար այդ տետրում, բացի մի քանի վայրերի անուններից, որոնք գրված էին մաքուր թերթերի վրա և անգլիական, իսպանական ու ֆրանսիական դրամները գործածվող փողերի վերածելու աղյուսակներից։
― Խնայող մարդ է,― բացականչեց բժիշկը։— Նրան հաշվի մեջ չես կարող խաբել։
— Իսկ այժմ,— ասաց կալվածատերը,— աեսնենք, թե ինչ կա այստեղ։
Ծրարը մի քանի տեղից կնքված էր, իբրև կնիք ծառայում էր մի մատանի, երևի այն մատանին, որ գտա նավապետի գրպանում։ Բժիշկը զգուշությամբ կոտրեց կնիքները և սեղանի վրա ընկավ մի ինչ-որ կղզու քարտեզ լայնությունն ու երկարությունը, ափերի մոտ ծովի ջրի խորությունը, բլուրները, նեղուցները, հրվանդանները նշանակված։ Առհասարակ այստեղ կար այն բոլորը, ինչ կարող է հարկավոր լինել, առանց վտանգի ենթարկվելու, մի անհայտ կղզու մոտենալու և խարիսխ ձգելու դեպքում։
Կղզու երկարությունն էր ինը և լայնությունը՝ հինգ մղոն։ Կղզին նման էր ծառս եղած գեր վիշապի։ Մենք նկատեցինք երկու նավահանգիստ, որոնք ծածկված էին փոթորիկներից, մեջտեղը մի բլուր, որը կոչվում էր «Հեռադիտակ»։
Քարտեզի վրա հետագայում արված շատ հավելվածներ կային։ Ամենից սուր կերպով աչքի էին ընկնում կարմիր թանաքով արված երեք խաչ, երկուսը կղզու հյուսիսային մասում, իսկ մեկը՝ հարավ արևմտյան։
Այդ վերջին խաչի մոտ, նավապետի խզմզածին չնմանվող, մանր, պարզ ձեռագրով գրված էր․ «''Գանձի գլխավոր մասն այստեղ է''»։
Քարտեզի հակառակ երեսի վրա կային նույն ձեռագրով դրված բացատրություններ։
Ահա այդ բացատրությունները․
«''Մեծ ծառ Հեռադիտակի ուսին, ուղղությունը դեպի Հ․Հ․Հ․-Ա․-ից։''
''Կմախքի կղզին Ա․Հ․-Ա․ և Ա․ վրա։''
''Տասը ֆուտ։''
''Արծաթի կտորները հյուսիսային փոսում են։ Կգտնես արևելյան բարձունքի լանջին, Սև ժայռից տասը սաժեն դեպի հարավ, եթե կանգնես երեսդ դեպի ժայռը։''
''Զենքերը գտնելը հեշտ է, ավազոտ բլրի բեջ հյուսիսային հրվանդանի ծայրին, ուղղվի Ա.–ի վրա և քառորդ կողմնատ դեպի Հ.''
''Դ. Ֆ.''»
Ուրիշ ոչինչ։ Այս գրանցումներն ինձ բոլորովին անհասկանալի էին թվում։ Սակայն, չնայելով իրենց համառոտության, գրանցումները բժշկին և կալվածատիրոջը հիացմունք պատճառեցին։
― Լիվսի,– ասաց կալվածատերը,— դուք պետք է իսկույն ձգեք ձեր ողորմելի պրակտիկան։ Վաղը ես գնում եմ Բրիստոլ։ Երեք շաբաթից հետո․․․ ո՛չ, երկու շաբաթից հետո․․․ ո՛չ տասն օրից հետո մենք մի լավ նավ կունենանք, պարոն, և նավաստիների ամենաընտիր խումբն Անգլիայում։ Հոկինսը կլինի նավի փոքրավոր։ Դու հիանալի փոքրավոր կլինես, Հոկինս։ Դու, Լիվսի, նավի բժիշկը կլինես, իսկ ես՝ ծովակալ։ Մենք մեզ հետ կվերցնենք Ռեդրետին, Ջոյսին և Գենտերին։ Բարեհաջող քամին կսլացնի մեզ մինչև կղզին։ Այդ գանձերը գտնելը շատ հեշտ է։ Մենք այնքան փող կունենանք, որ կարող կլինենք ուտել, լողանալ նրանց մեջ, շեղակի ջուրը նետել։
— Տրելոնի՛,― ասաց բժիշկը,— ես գալիս եմ ձեզ հետ։ Երաշխավորում եմ, որ ես ու Ջիմը կարդարացնենք ձեր վստահությունը։ Բայց մի մարդ կա, որին ես վախենում եմ վստահել։
— Ո՞վ է,― բացականչեց կալվածատերը։— Տվեք այդ շան անունը, պարո՛ն։
— Դո՛ւք,– պատասխանեց բժիշկը,— որովհետև գաղտնիք պահել չգիտեք։ Միայն մենք չենք, որ գիտենք այդ թղթերի մասին։ Այն ավազակները, որոնք այսօր երեկոյան տակնուվրա արին պանդոկը, ինչպես տեսնում եք, շատ համարձակ մարդիկ են, և այն ավազակները, որոնք մնացել են նավի վրա, կանեն, իհարկե, կանեն ամեն մի հնարավոր բան, որ տիրանան գանձին։ Մենք առանձին-առանձին ոչ մի տեղ չպետք է երևանք, մինչև ափից հեռանալը։ Ես Ջիմի հետ կմնամ այստեղ մինչև գնալը։ Դուք Ջոյսի և Գենտերի հետ ճանապարհ ընկեք Բրիսաոլ։ Եվ, որ ամենագլխավորն է, մեր գյուտի մասին ոչ ոքի չպետք է հայտնենք։
― Լիվսի,– պատասխանեց կալվածատերը,— Դուք միշտ ճշմարիտ եք։ Ես գերեզմանի պես լուռ կլինեմ։
=ԵՐԿՐՈՐԴ ՄԱՍ։ ՆԱՎԻ ԽՈՀԱՐԱՐԸ=
==Գլուխ VII։ Ես գնում եմ բրիստոլ==
Ճանապարհ ընկնելու նախապատրաստության համար ավելի շատ ժամանակ պահանջվեց, քան կարծում էր կալվածատերը։ Եվ առհասարակ մեր բոլոր նախնական պլաններն ստիպված էինք փոխել։ Նախ և առաջ, բժիշկ Լիվսիի ցանկությունը՝ չբաժանվել ինձանից, չիրագործվեց, նրան անհրաժեշտ եղավ գնալ Լոնդոն, բժիշկ գտնելու, որը նրա բացակայության ժամանակ փոխարիներ իրեն։ Կալվածատերը Բրիստոլոլմ շատ գործ ուներ։ Իսկ ես ապրում էի կալվածատանը, ծերունի որսորդ Ռեդրետի հսկողության տակ, համարյա ինչպես գերի, երազելով անծանոթ կղզիների և ծովային արկածների մասին։ Քարտեզի ուսումնասիրության վրա երկար ժամանակ գորձադրեցի և այն անգիր արեցի կալվածատան վարիչի սենյակում, կրակի մոտ նստած, ես մտքով մոտենում էի կղզուն զանազան կողմերից։ Ես ուսումնասիրում էի նրա յուրաքանչյուր վերշոկը, հազար անգամ բարձրանում էի Հեռադիտակ կոչվող բարձր բլուրը և այնտեղից հիանում նրա զարմանալի, մշտապես փափոխվող տեսարաններով։ Երբեմն կղզին վխտում էր վայրենիներով, և մենք պետք է պաշտպանվեինք նրանցից։ Երբեմն կղզին լիքն էր լինում գիշատիչ գազաններով, և մենք պետք է փախչեինք նրանցից։ Բայց այս բոլոր երևակայական արկածները դատարկ բաներ են, համեմատած այն տարօրինակ և ողբերգական արկածների հետ, որոնք իսկապես տեղի ունեցան։