Changes
Այս բառերը միանգամայն բնական հնչեցին․ XX սերիայի ռոբոտներին ստեղծում էին հենց այսպիսի մթնոլորտի համար։ Արտաքուստ նրանք ոչ մի բանով նման չէին մարդուն։ Ցածրահասակ էին եւ լայն, նրանց ծանրության կենտրոնը գտնվում էր գետնի մակերեւույթից մեկ ֆուտից էլ պակաս բարձրության վրա։ Ռոբոտները ունեին վեց ոտք՝ կարճ ու հաստ, որոնք նախատեսված էին մի քանի տոննա ծանրաբեռնվածության համար այնպիսի պայմաններում, երբ ձգողությունը երկուսուկես անգամ գերազանցում է երկրային ձգողությունը։
Կշռի ավելցուկը հավասարակշռելու համար ռոբոտներին օժտել էին մի այնպիսի ռեակցիայով, որը մի քանի անգամ գերազանցում է Երկրի վրա անհրաժեշտ ռեակցիան։ Բացի այդ, ռոբոտները պատրաստված էին բերիլիումային֊իրիդիումային֊բրոնզե համաձուլվածքից, որը ոչ մի քայքայման չէր ենթարկվում։ Այս համաձուլվածքի դեմ անզոր էին բոլոր տեսակի զենքերը, բացի հազար մեգանոն հզորությամբ ատոմային զենքից։ Սպասելով ռադիոկոդի մասնագետին՝ ռոբոտներն զբաղված էին նրանով, որ բավական անվստահորեն աշխատում էին գոնե ինչ֊որ կերպ նկարագրել յուպիտերցիների արտաքինը։ XX֊1֊ը նշեց նրանց շոշափուկները եւ մարմնի շրջանաձեւ համաչափությունը, ու այլեւս անկարող էր… որեւէ բան ավելանել։ Երկրորդն ու Երրորդը ամեն կերպ ճգնում էին օգնել նրան, բայց նույնպես անարդյունք։ — Չի կարելի ինչ֊որ բան նկարագրել,— վերջապես հայտարարեց Երրորդը,— չհամեմատելով մի այլ բանի հետ։ Ես երբեք տեսած չկամ այսպիսի արարածներ… Այդ ժամանակամիջոցում յուպիտերցիները դադարեցին փորձել իրենց զենքը եկվորների վրա։ Ռոբոտները դուրս նայեցին նավից։ Մի խումբ յուպիտերցիներ առաջ էին գալիս տարօրինակ ցատկերով։ Ռոբոտները դուրս եկան նրանց ընդառաջ։ Յուպիտերցիները կանգ առան տասը ֆուտ հեռավորության վրա։ Երկու կողմերն էլ լռում էին եւ չէին շարժվում տեղից։ Հանկարծ լսվեց մի ուժգին չրխկոց, եւ XX֊1֊ը ուրախ ասաց․ — Սա ռադիոկոդն է։ Նրանց կապի մասնագետը եկել է։ Այդպես էլ կար։ Մորզեի բարդացված այբուբենը, որը քսանհինգ տարվա ընթացքում Յուպիտերի բնակիչները եւ Հանիմեդի մարդիկ համատեղ ջանքերով վեր էին ածել զարմանալիորեն ճկուն հաղորդակցման միջոցի, վերջապես կիրառվեց մոտիկից։ Այժմ առաջ էր եկել մեկ յուպիտերցի, իսկ մյուսները ես էին քաշվել։ Նա էլ սկսեց բանակցությունները։ — Որտեղի՞ց եք եկել,— չրխկաց նա։ XX֊3֊ը՝ որպես առավել մտավորապես զարգացած, խոսեց ռոբոտների խմբի անունից։ — Մենք Հանիմեդից ենք, Յուպիտերի արբանյակից։ — Ինչի՞ համար եք եկել,— շարունակեց յուպիտերցին։ — Մեզ ինֆորմացիա է հարկավոր։ Մենք եկել ենք այստեղ, որ ուսումնասիրենք ձեր աշխարհը եւ ստացած տեղեկությունները հասցնենք Հանիմեդ։ Եթե օգնեք մեզ… — Դուք պետք է ոչնչացվեք,— իր չրխկոցով ընդհատեց նրան յուպիտերցին։ XX֊3֊ը լռեց եւ մտախոհ ասաց ընկերներին․ — Տեր֊մարդիկ ասում էին, որ սրանք հենց այս դիրքն էլ բռնելու են։ Շատ տարօրինակ արարածներ են։ Ինքն էլ անցնելով չրխկոցի՝ նա ուղղակի հարցրեց․ — Ինչո՞ւ պիտի ոչնչացվենք։ Յուպիտերցին, հավանաբար, իր արժանապատվությունից ցածր համարեց նման հարցին պատասխանելը։ — Եթե քսանչորս ժամվա ընթացքում դուք հեռանաք Յուպիտերից, մենք ձեզ կխնայենք… Առայժմ դուրս չենք գա մեր մթնոլորտի սահմաններից եւ չենք ոչնչացնի հակայուպիտերային հրոսակախումբը, որը հաստատվել է Հանիմեդի վրա։ — Ես կուզենայի նշել,— ասաց Երրորդը,— որ մենք՝ Հանիմեդի եւ ներքին բոլորակների բնակիչներս…— Համաձայն մեր աստղագիտության,— ընդհատեց նրան յուպիտերցին,— գոյություն ունեն միայն Արեւը եւ մեր չորս արբանյակները։ Ոչ մի ներքին մոլորակ չկա։ Երրորդը հոգնեց վիճելուց։ — Լավ։ Թող այդպես լինի։ Մենք՝ Հանիմեդի բնակիչներս, ոչ մի ակնկալություն չունենք Յուպիտերի նկատմամբ։ Մենք բարեկամություն ենք առաջարկում։ Քսանհինգ տարի դուք Հանիմեդի մարդկանց հետ հաղորդակցվել եք ռադիոկոդի միջոցով, մի՞թե մի որեւէ պատճառ կա այսպես հանկարծակի պատերազմ հայտարարելու համար։ — Քսանհինգ տարի,— հետեւեց սառը պատասխանը,— մենք Հանիմեդի բնակիչներին համարում էինք յուպիտերցիներ։ Երբ իմացանք, որ դա այդպես չէ, որ մենք հաղորդակցվել ենք, ըստ մեր յուպիտերյան հասկացողության, ստորին կենդանիների հետ՝ որպես բանական էակների հետ, ապա որոշեցինք միջոցներ ձեռնարկել այդ խայտառակությունը վերացնելու համար։ Զրույցն այսքանով ավարտվեց։ Ռոբոտները վերադարձան նավ։ — Գործներս վատ են,— մտախոհ ասաց XX֊2֊ը։— Ամեն ինչ ընթանում է այնպես, ինչպես ասում էին տեր֊մարդիկ։ Յուպիտերցիների մոտ ծայրաստիճան զարգացած է գերազանցության կոմպլեքսը, եւ նրանք բացարձակապես անհանդուրժողական են այն ամենի նկատմամբ, ինչը վիրավորում է նրանց կոմպլեքսը։ — Անհանդուրժողականությունը,— նկատեց Երրորդը,— կոմպլեքսի բնական հետեւանքն է։ Վատն այն է, որ նրանց անհանդուրժողականությունը մարտնչող է։ Նրանք զենք ունեն… եւ նրանց գիտությունը նշանակալի նվաճումների է հասել։ — Հիմա ես չեմ զարմանում, որ մեզ հատուկ ցուցմունք է տրված չենթարկվել յուպիտերցիների հրամաններին,— բորբոքված խոսեց XX֊1֊ը։— Դրանք սոսկալի, անտանելի, կեղծ բարձրակարգ արարածներ են։— Եվ հավատարիմ ռոբոտը ջերմեռանդորեն ավելացրեց․— Ոչ մի տեր֊մարդ իրեն այդպես չէր պահի։ — Դա ճիշտ է, բայց գործին չի վերաբերում,— ասաց Երրորդը։— Տեր֊մարդկանց ահավոր վտանգ է սպառնում։ Յուպիտերը վիթխարի մոլորակ է, այստեղի բնակիչները աներեւակայելի պաշարներ ունեն եւ իրենց թվով հարյուր անգամ գերազանցում են ամբողջ երկրային ոլորտի ազդեցության մարդկանց։ Եթե նրանք երբեւիցե ստեղծեն մի այնպիսի հզորության ուժային դաշտ, որը թաղանթ ծառայի տիեզերանավի համար, ապա հեշտությամբ կնվաճեն ողջ Արեգակնային համակարգը։ Հարցն այն է, թե որքա՞ն են առաջ գնացել այդ ուղղությամբ, ինչպիսի՞ զենք ունեն, ինչպիսի՞ նախապատրաստություն են տեսնում եւ այլն, եւ այլն։ Մեր խնդիրն է ձեռք բերել այդ տեղեկությունները։ — Ինձ թվում է, որ մենք մի քիչ պիտի սպասենք,— ավելացրեց Երրորդը։— Երեսուն ժամվա ընթացքում նրանք փորձեցին ոչնչացնել մեզ եւ ոչ մի արդյունքի չհասան։ Նրանք, հավանաբար, արեցին այն ամենը, ինչ կարողացան։ Գերազանցության կոմպլեքսը միշտ հանգեցնում է իր հեղինակությունը փրկելու անհրաժեշտությանը, եւ դրա ապացույցն է նրանց վերջնագիրը։ Նրանք ոչ մի դեպքում թույլ չէին տա, որ մենք թռչեինք, եթե կարողանային ոչնչացնել մեզ։ Բայց եթե մենք չհեռանանք իրենց մոլորակից, նրանք, հասկանալի է, չեն խոստովանի իրենց անզորությունը, այլ ավելի շուտ կձեւացնեն, իբր իրենք են ցանկացել, որ մենք մնանք։ Եվ նորից ռոբոտները հանդիպեցին ռադիոկոդի յուպիտերցի մասնագետի հետ։ Եթե XX սերիայի ռոբոտներին օժտած լինեին հումորի զգացումով, ապա նրանք գերագույն հաճույք կզգային։ Սակայն նրանք չափազանց լրջորեն էին վերաբերվում գործին։ Յուպիտերցին ասաց․ — Մենք ձեզ թույլ ենք տալիս մնալ կարճ ժամկետով, որպեսզի ինքներդ համոզվեք, որ մենք հզոր ենք։ Հետո դուք կվերադառնաք Հանիմեդ եւ ձեր ամբողջ խաժամուժին կհայտնեք, որ մեկ տարի հետո նրանց անխուսափելի կործանում է սպասում։ XX֊1֊ը ակամա նշեց, որ Յուպիտերի մեկ տարին հավասար է տասներկու երկրային տարվա։ Երրորդը անբռնազբոսիկ տոնով ասաց․ — Շնորհակալություն։ Դուք մեզ չե՞ք ուղեկցի դեպի մոտակա քաղաքը։ Մենք կուզենայինք շատ բան իմանալ։— Եվ, մի քիչ մտածելուց հետո, ավելացրեց․— Մեր նավին, հասկանալի է, չի կարելի ձեռք տալ։ Նա չէր սպառնում, այլ ուղղակի խնդրեց, որովհետեւ XX սերիայի եւ ոչ մի ռոբոտը կռվարար չէր։ Նրանց ստեղծելիս բացառել էին ամենաչնչին եափով բորբոքվելու հնարավորությունն իսկ։ Փորձարկումների երկար տարիների ընթացքում պարզվել էր, որ մարդկանց անվտանգության տեսակետից ուղղակի անհրաժեշտ է, որ XX սերիայի ռոբոտները հավասարակշռված եւ խաղաղ բնավորություն ունենան։ — Մեզ չի հետաքրքրում ձեր փտած տաշտակը,— ասաց յուպիտերցին։— Մեզանից ոչ մեկը չի պղծի իրեն՝ ձեռք տալով դրան։ Դուք կարող եք գալ մեզ հետ, բայց տասը ֆուտ հեռավորության վրա կքայլեք։ Հակառակ դեպքում՝ անմիջապես կոչնացվեք։ — Այ քեզ գոռոզամտությո՜ւն,— շշնջաց Երկրորդը։ Նավահանգստային քաղաքը գտնվում էր վիթխարի ամոնիակային լճի ափին։ Քամին քշում էր տանում մոլեգնած փրփրադեզ ալիքները, որոնք սրընթաց գլորվում էին եւ ակնթարթաբար էլ փլվում ուժեղ ձգողականության պատճառով։ Նավահանգիստն այնքան էլ մեծ չէր, բայց ոչ մի կասկած չկար, որ կառույցների մեծ մասը գտնվում է գետնի տակ։ — Որքա՞ն բնակիչ ունեք,— հարցրեց Երրորդը։ — Սա փոքրիկ քաղաք է՝ տասը միլիոն բնակչությամբ,— պատասխանեց յուպիտերցին։ — Հասկանալի է։ Նշիր դա, Առաջին։ XX֊1֊ը ինքնաբերաբար սեւեռակեց դա իր հիշողության մեջ, շրջվեց դեպի լիճը եւ հետաքրքրությամբ նայեց։ Հետո թեւանցուկ արեց Երրորդին։ — Լսիր, իսկ սրանց մոտ ձուկ լինո՞ւմ է։ — Մեկ չի՞ քեզ համար։ — Ինձ թվում է, որ մենք պետք է տեսնենք։ Տեր֊մարդիկ հրամայել են իմանալ այն ամենը, ինչ հնարավոր է։ Երեք ռոբոտներից Առաջինը ամենապարզն էր, ուստի եւ բոլոր հրամանները բառացիորեն էր հասկանում։ — Թող Առաջինը նայի, եթե ուզում է,— ասաց Երկրորդը։— Թող տղան մի քիչ զվարճանա։ Դրանից վնաս չի լինի։ — Լավ։ Միայն ժամանակ չկորցնես։ Մենք ձկան համար չենք եկել այստեղ… Գնա, Առաջին։ XX֊1֊ը նետվեց դեպի լճափը, անցավ այն եւ ճողփյունով սուզվեց ամոնիակի մեջ։ Յուպիտերցին ուշադիր հետեւում էր նրան։ Ռադիոկոդի մասնագետը չրխկացրեց․ — Տեսնելով մեր գերազանցությունը, ձեր ընկերը, երեւի, հուսահատությունից որոշեց ինքնասպան լինել… Երրորդը անկեղծորեն զարմացավ․ — Ոչ բոլորովին։ Նա ուզում է տեսնել, թե արդյոք կենդանի արարածներ ապրո՞ւմ են ամոնիակի մեջ։— Եվ հետո ներողություն հայցող տոնով ավելացրեց․— Մեր ընկերը երբեմն շատ հետաքրքրասեր է լինում, նա այնքան էլ խելոք չէ, ինչպես մենք, բայց դա նրա միակ թերությունն է, որը արժանի է ներողամտության։ Յուպիտերցին երկար լուռ մնալուց հետո ասաց․ — Կխեղդվի։ — Նրան ոչ մի վտանգ չի սպառնում,— հանգիստ պատասխանեց Երրորդը։— Դուք մեզ թույլ կտա՞ք մտնել քաղաք, հենց որ նա վերադառնա։ Այդ պահին լճի խորքից հեղուկի մի քանի հարյուր մետրանոց շատրվան վեր խոյացավ։ Քամին որսաց այն եւ շպրտեց ներքեւ, շուրջը սփռելով անհամար ցայտեր։ Վեր խոյացավ եւս մեկ շիթ, հետո նորից մոլեգնորեն բլթբլթաց հեղուկը, եւ դեպի ափ ձգվեց տարօրինակ փրփրահետքը։ Երկու ռոբոտն էլ ապշած նայում էին կատարվածին։ Յուպիտերցիները անշարժ քարացել էին տեղում եւ նույնպես լարված նայում էին լճին։ Լճի երեսին հայտնվեց XX֊1֊ի գլուխը։ Նա դանդաղորեն դուրս եկավ ափ։ Բայց նրա ետեւից լճում երեւաց վիթխարի չափերի մի էակ, որը, կարծես, ամբողջովին բաղկացած էր ժանիքներից, ճիրաններից եւ փշերից։ Հետո ռոբոտները տեսան, որ այդ արարածը ոչ թե ինքն է շարժվում, այլ նրան ափ է հանում XX֊1֊ը։ XX֊1֊ը բավական վեհերոտ մոտեցավ յուպիտերցուն եւ ինքը կապի մեջ մտավ նրա հետ՝ տենդագին չրխկացնելով․ — Ես շատ ցավում եմ, որ այսպես ստացվեց, բայց այդ արարածն ինքը հարձակվեց վրաս։ Ես միայն ուզում էի նկարագրել նրան։ Հուսով եմ, որ սա այնքան էլ արժեքավոր կենդանի չէ։ Նրան միանգամից չպատասխանեցին, քանի որ հրեշի հայտնվելը չափազանց նոսրացրեց յուպիտերցիների շարքերը։ Նրանք նորից մոտեցան, երբ համոզվեցին, որ կենդանին մեռած է։ XX֊3֊ը ասաց համեստորեն․ — Հուսով ենք, դուք կներեք մեր ընկերոջը։ Նա մի քիչ անշնորհք է։ Մենք չէինք ցանկանում սպանել յուպիտերյան եւ ոչ մի կենդանու։ — Նա հարձակվեց վրաս,— բացատրեց Առաջինը,— նա ինձ կծեց առանց որեւէ պատճառի։ Նայեք։— Ու ցույց տվեց երկուֆուտանոց ժանիքը, որը կոտրվել էր կծելուց։— Նա կծեց ուսս եւ քիչ մնաց քերծեր։ Ես մի թեթեւ խփեցի նրան, որպեսզի ետ քշեմ, իսկ նա… սատկեց։ Ներեցեք ինձ։ Վերջապես յուպիտերցին խոսեց, սակայն նրա չրխկոցը այնքան էլ հստակ չէր։ Նա կարծես կակազում էր։ — Սա վայրի գազան է, որը շատ հազվադեպ է պատահում ափի մոտ, բայց լիճն այստեղ շատ խորն է։ Դեռեւս իրեն անհարմար վիճակում զգացող Երրորդը ասաց․ — Եթե դուք նրան օգտագործում եք որպես սնունդ, ապա մենք ուրախ կլինեինք… — Ոչ։ Մենք մեզ համար կարող ենք սնունդ հայթհայթել առանց մի ինչ֊որ խուժ… առանց կողմնակի օգնության։ Ինքներդ կերեք դրան։ Այդժամ XX֊1֊ը հեշտությամբ մի ձեռքով բարձրացրեց հրեշի դին ու նետեց լիճը։ Իսկ Երրորդը, իմիջայլոց, ասաց․ — Շնորհակալ ենք սիրալիր առաջարկության համար, բայց մենք սննդի կարիք չունենք։ Մենք, բնականաբար, ոչինչ չենք ուտում։ Մոտ երկու հարյուր զինված յուպիտերցիների ուղեկցությամբ ռոբոտներն իջան ստորերկրյա քաղաք։ Վերեւում քաղաքը փոքր էր թվում, բայց գետնի տակ բավական պատկառելի էր ու տպավորիչ։ Ռոբոտներին նստեցրին դիստանցիոն կառավարման վագոն (քանի որ իրեն հարգող եւ պատվարժան ոչ մի յուպիտերցի այնքան չէր նվաստանա, որ «ամեն տեսակ խուժանի հետ» նստեր նույն վագոնում), եւ նրանք ահավոր արագությամբ սլացան դեպի քաղաքի կենտրոն։ Իրենց անցած ճանապարհից նրանք եզրակացրին, որ քաղաքի մի ծայրից մյուսը հիսուն մղոն է, իսկ խորությամբ՝ ութ մղոն։ — Եթե յուպիտերցիների բնակչության քանակն այսպիսին է,— տրտում ասաց Երկրորդը, — ապա մեր զեկույցը տեր֊մարդկանց այնքան էլ մխիթարական չի լինի։ Չէ որ մենք պատահաբար իջանք Յուպիտերի ընդարձակ տարածքի այս կետում․ իսկական խոշոր բնակելի կետի մոտ վայրէջք կատարելու հնարավորությունը հազարից մեկն էր։ — Տասը միլիոն յուպիտերցի,— բացակայող տեսքով ասաց Երրորդը։— Ամբողջ բնակչությունը, երեւի, հաշվվում է տրիլիոններով, իսկ դա շատ մեծ բնակչություն է նույնիսկ Յուպիտերի համար։ Նրանց մոտ, հավանաբար, լրիվ ուրբանիստական քաղաքակրթություն է, իսկ դա խոսում է գիտության վիթխարի զարգացման մասին։ Եթե նրանք ունեն ուժադաշտ… Վագոնը կանգ առավ հրապարակում։ Մոտակա փողոցները լցված էին յուպիտերցիներով, որոնք նույնքան հետաքրքրասեր էին, ինչպես որ առհասարակ բոլոր քաղաքների բնակիչները նման պարագաներում։ Ռոբոտներին մոտեցավ ռադիոկոդի մասնագետը։ — Իմ հանգստանալու ժամն է։ Մենք ձեզ այնքան ենք ընդառաջում, որ նույնիսկ կացարան ենք տալիս մնալու համար, չնայած դա մեզ շատ մեծ անհարմարություններ է պատճառում, քանի որ, այնտեղ մնալով, դուք պղծում եք այդ կացարանը, եւ մենք ստիպված կլինենք ձեզնից հետո այն քանդել եւ նորից կառուցել։ Եվ, այնուամենայնիվ, դուք քնելու տեղ ունեք։ XX֊3֊ը ձեռքը թափ տվեց որպես բողոքի նշան եւ հատ֊հատ ասաց․ — Մենք շնորհակալ ենք, բայց, խնդրում եմ, այդքան նեղություն մի՛ կրեք։ Մենք դեմ չենք լինի, որ դուք մեզ թողնեք հենց այստեղ։ Եթե ուզում եք հանգստանալ, քնել, մենք ձեզ այստեղ էլ կսպասենք։ Ինչ վերաբերում է մեզ,— ավելացրեց նա ամենայն հանգստությամբ,— մենք ընդհանրապես չենք քնում։ Յուպիտերցին դրան ոչ մի պատասխան չտվեց։ Ի դեպ, եթե նա դեմք ունենար, ապա նրա արտահայտությունը երեւի ծիծաղելի կլիներ։ Յուպիտերցին գնաց, իսկ ռոբոտները մնացին վագոնում։ Նրանց շրջապատում էր զինված յուպիտերցիների պահակախումբը։ Անցավ բավական ժամանակ, մինչեւ որ վերադարձավ ռադիոկոդի մասնագետը։ Նա ներկայացրեց իր հետ եկած յուպիտերցիներին։ — Ինձ հետ եկել են կենտրոնական կառավարության երկու պաշտոնյա, որոնք սիրով համաձայնվեցին զրուցել ձեզ հետ։ Պաշտոնյաներից մեկը, հավանաբար, գիտեր կոդը եւ իր չրխկոցով անհամբերությունից ընդհատեց մասնագետին․ — Հե՜յ, խաժամո՜ւժ,— դիմեց նա ռոբոտներին,— հապա մի դուրս եկեք վագոնից։ Մենք ուզում ենք նայել ձեզ վրա։ Ռոբոտներն ուրախությամբ կատարեցին այդ պահանջը։ Ավ այն ժամանակ, երբ Երրորդն ու Երկրորդը թռան վագոնի աջ կողմից, Առաջինը ցած նետվեց ձախ պատի միջով։ Հենց «միջով», քանի որ չբարեհաճեց գործի դնել պատն իջեցնող մեխանիզմը եւ այն լրիվ տեղահան արեց։ Պատի ետեւից քանվեցին երկու անիվները եւ առանցքը։ Վագոնը փլվեց, ու XX֊1֊ը շշմած նայեց շուրջը։ Վերջապես նա չրխկացրեց․ — Ներեցեք։ Հուսով եմ, որ այս վագոնն այնքան էլ թանկ չէ։ XX֊2֊ը շփոթված ավելացրեց․ — Մեր ընկերը հաճախ է անշնորհք լինում։ Ներեցեք նրան։ XX֊3֊ը անհաջող փորձ արեց հավաքելու քարուքանդ եղած վագոնը։ XX֊1֊ը նորից ներողություն խնդրեց։ — Նյութը, որից պատրաստված է վագոնը, բոլորովին դիմացկուն չէ։ Այ տեսեք։— Նա երկու ձեռքով վերցրեց մեկ քառակուսի յարդ մեծության եւ երեք դյույմ հաստության պլաստիկը, որ երկաթի ամրություն ուներ, եւ այն ծռելով, մի ակնթարթում ջարդեց։— Ես դա պիտի հաշվի առնեի,— ասաց նա։ Յուպիտերյան կառավարության ներկայացուցիչը մի քիչ իջեցրեց իր տոնը․ — Վագոնը, միեւնույն է, պետք է ոչնչացվեր, քանի որ դուք արդեն պղծել եք,— նա լռեց եւ ավելացրեց․— Մենք՝ յուպիտերցիներս, գռեհիկ հետաքրքրասիրություն չենք ցուցաբերում ստորին կենդանիների նկատմամբ, սակայն մեր գիտնականներին փաստեր են հարկավոր։ — Մենք համաձայն ենք ձեզ հետ,— խրախուսիչ արձագանքեց Երրորդը։— Դրանք մեզ էլ են հարկավոր։ Յուպիտերցին չլսելու տվեց նրա խոսքը։ — Դուք, երեւի, զանգվածի նկատմամբ զգայուն օրգան չունեք։ Ինչպե՞ս եք, հապա, պատկերացում կազմում այն առարկաների մասին, որոնք չեք կարող շոշափել։ Երրորդը հետաքրքրությամբ հարցրեց․ — Դուք ուզում եք ասել, որ Յուպիտերի բնակիչները անմիջականորեն զգո՞ւմ են զանգվածը։ — Ես չեմ եկել այստեղ, որ պատասխանեմ ձեր հարցերին… ձեր լկտի հարցերին։ — Ուրեմն, որքան ես հասկանում եմ, ոչ մեծ զանգված ունեցող առարկաները ձեզ համար թափանցիկ են նույնիսկ ճառագայթման բացակայության ժամանակ։— Երրորդը շրջվեց Երկրորդի կողմը։— Այ թե ինչպես են նրանք տեսնում։ Այս մթնոլորտը թափանցիկ է նրանց համար, ինչպես վակուումը։ Յուպիտերցին նորից չրխկաց։ — Իսկույնեւեթ պատասխանեք իմ հարցին, թե չէ կհրամամայեմ ոչնչացնել ձեզ։ — Մենք էներգիան ենք զգում,— իսկույն պատասխանեց Երրորդը։— Մենք կարող ենք մեզ սարքավորել՝ ցանկացած հաճախականության էլեկտրամագնիսական տատանումները զգալու համար։ Հիմա մենք տեսնում ենք հեռավոր առարկաները, ճառագայթելով ռադիոալիքներ, իսկ մոտիկ առարկաները…— Ռոբոտը լռեց, ապա հարցրեց Երկրորդին․— Կա՞ մի այնպիսի կոդային բառ, որ կնշանակի գամմա֊ճառագայթ։ — Ես այդպիսի բառ չգիտեմ։ Երրորդը նորից դիմեց յուպիտերցուն․ — Մոտիկ առարկաները մենք տեսնում ենք մեկ ուրիշ ճառագայթման օգնությամբ, որը չունի կոդային բառ։ Յուպիտերցիները նահանջեցին, եւ, չնայած ռոբոտներին ոչ մի ձայն չհասավ, նրանց բացարձակապես աննկարագրելի մարմինների տարբեր մասերի անհասկանալի շարժումներից երեւում էր, որ եռանդագին խորհրդակցում են։ Այնուհետեւ պաշտոնյան կրկին մոտեցավ։ — Հանիմեդցի արարածներ։ Որոշեցինք ձեզ ցույց տալ մի քանի գործարան, որպեսզի ծանոթանաք մեր վիթխարի նվաճումների ամենաչնչին մասնիկին։ Այնուհետեւ ձեզ թույլ ենք տալիս վերադառնալ եւ արտաքին աշխարհի ողջ խաժա… բոլոր էակներին բացատրել իրենց դրության անհուսալիությունը։ Երրորդը դարձավ Երկրորդին։ — Տեսնո՞ւմ ես սրանց հոգեբանությունը։ Նրանք ամեն կերպ ճգնում են ապացուցել իրենց գերազանցությունը։ Խոսքն այժմ գնում է հեղինակությունը փրկելու մասին։— Ապա ռադիոկոդով ասաց։— Շնորհակալություն բարյացակամության համար։ Բայց շատ շուտով ռոբոտները հասկացան, որ յուպիտերցիները իսկապես խոշոր նվաճումներ ունեն։ Դա նմանվում էր հոյակապ ցուցահանդես այցելելու։ Յուպիտերցիները ցույց էին տալիս եւ բացատրում ամեն ինչ, հաճույքով պատասխանում էին բոլոր հարցերին, եւ XX֊1֊ը իր հիշողության մեջ բազմաթիվ վշտացնող նշումներ էր անում։ Սոսկ այս մեկ փոքրիկ քաղաքի հզորությունը մի քանի անգամ գերազանցում էր Հանիմեդի ռազմական կարողությանը։ Իրենց արդյունաբերական արտադրանքով տասը այսպիսի փոքր քաղաքները կարող էին գերազանցել մարդկանցով բնակված բոլոր մոլորակներին միասին վերցրած։ Իսկ չէ որ տասը այսպիսի քաղաքներում կբնակվեր, երեւի, Յուպիտերի բնակչության ամենաչնչին մասը։ Երրորդը դարձավ Առաջինին ու արմունկով հրեց նրան։ — Ի՞նչ եղավ։ — Երեւի, նրանք ուժադաշտ ունեն, ու այնժամ մեր տեր֊մարդիկ պարտված են,— լրջորեն ասաց XX֊1֊ը։ — Վախենում եմ, որ դու ճիշտ ես։ Իսկ ինչո՞ւ ես կարծում, որ նրանք ուժադաշտ ունեն։ — Որովհետեւ նրանք մեզ ցույց չեն տալիս գործարանի աջ թեւը։ Հնարավոր է, որ այնտեղ աշխատում են ուժադաշտերի վրա։ Նրանք գտնվում էին խոշոր պողպատաձուլական գործարանում, որտեղ պատրաստում էին ամոնիակակայուն կայծքարային֊պողպատային ձուլվածքի հարյուր փուտանոց ձողեր։ — Ի՞նչ կա այն թեւում,— հանգիստ հարցրեց Երրորդը պետական պաշտոնյային։ Վերջինս բացատրեց․ — Դա բարձր ջերմաստիճանների բաժանմունքն է։ Տարբեր պրոցեսները այնպիսի ջերմաստիճաններ են պահանջում, որոնք վտանգավոր են կյանքի համար, այդ պատճառով էլ այստեղ գործում է հեռուստակառավարումը։ Պաշտոնյան ռոբոտներին բերեց ջերմություն ճառագող պատիտ մոտ եւ ցույց տվեց ոչ մեծ կլոր պատուհանը, որը պաշտպանված էր ինչ֊որ թափանցիկ նյութով։ Այդպիսի պատուհաններ շատ կային, եւ դրանք լուսավորվում էին աղոտ կարմիր լույսով, որ արձակվում էր հրաշունչ վառարաններից եւ ճեղքում դուրս էր գալիս թանձր մթնոլորտի միջով։ XX֊1֊ը կասկածելի մի հայացք նետեց յուպիտերցիների վրա եւ չրխկաց․ — Դուք դեմ չե՞ք լինի, եթե ես մտնեմ այնտեղ եւ նայեմ, թե ինչն ինչոց է։ Դա ինձ շատ է հետաքրքրում։ — Դա ի՜նչ երեխայություն է, Առաջին,— նախատեց նրան Երրորդը։— Նրանք ասում են ճշմարտությունը։ Ասենք, եթե շատ ես ուզում, գնա նայիր։ Բայց չուշանաս, մենք ժամանակ չունենք։ Յուպիտերցին ասաց․ — Դուք չեք պատկերացնում, թե այնտեղ ինչքան շոգ է։ Դուք կկործանվեք։ — Օ՜ ոչ,— ասես ի միջի այլոց նետեց Առաջինը։— Շոգն ինձ ոչինչ չի անի։ Յուպիտերցիները մի փոքր խորհրդակցեցին, իսկ հետո իրար անցան։ Դրվեցին ջերմապաշտպան էկրաններ, եւ դեպի բարձր ջերմաստիճանների բաժանմունքը տանող դուռը բացվեց։ XX֊1֊ը մտավ արտադրամաս եւ իր ետեւից ամուր փակեց դուռը։ Յուպիտերցիները խմբվեցին պատուհանների մոտ։ XX֊1֊ը հասավ ամենամոտ վառարանին եւ բացեց հնոցի անցքը։ Քանի որ ռոբոտը շատ կարճլիկ էր, վառարանի ներսը տեսնելու համար նա թեքեց այն։ Հալված մետաղը սկսեց լիզել