Changes
/* ՔԵՌԻՆ։ Լեննին */
― Ասում եմ, որ շատ վատ է,― կրկնեց քեռին։ Նրանք կանգնել էին փողոցի վրա բացվող ճակատամուտքի մոտ։ Քանի որ թվաց, թե բարապանը ականջ է դնում, Կ֊ն քեռու հետ փողոց իջավ, և աշխույժ երթևեկությունը կլանեց նրանց։ Մինչ այդ Կ֊ից կառչած քեռին առաջվա պես չէր հետաքրքրվում դատավարությունով․ նրանք որոշ ժամանակ նույնիսկ լուռ քայլեցին։
― Բայց ինչպե՞ս եղավ,― հարցրեց քեռին ու այնպես անսպասելի կանգ առավ, որ նրանց հետևից եկող մարդիկ վախեցած հետ քաշվեցին։― Նման բաներն, ախր, հանկարծակի չեն լինում։ Դրանք երկար ժամանակ նախապատրաստվում են։ Դրանց համար պետք է որ նախանշաններ լինեին։ Ինչո՞ւ չես գրել։ Դու գիտես, որ քեզ համար ամեն ինչ կանեմ, ես ախր ինչ֊որ չափով քո խնամակալն եմ դեռ և մինչև այժմ հպարտ եմ եղել դրանով։ Ես, իհարկե, այսօր էլ կօգնեմ, միայն թե այժմ, երբ դատավարությունը ընթացքի մեջ է, շատ դժվար է։ Համենայնդեպս, ավելի լավ կլինի, եթե կարճատև արձակուրդ վերցնես և մեզ մոտ՝ գյուղ գաս։ Դու մի փոքր նիհարել ես․ միայն այժմ նկատեցի։ Գյուղում կկազդուրվես, լավ կլինի։ Քեզ, անշուշտ, շատ դժվարություններ են սպասում։ Դրանից բացի, ինչ֊որ չափով կկտրվես դատավարությունից։ Այստեղ նրանք ազդելու բոլոր հնարավոր միջոցներն ունեն և անհրաժեշտության դեպքում կիրառում են քո դեմ, մինչդեռ եթե գյուղում լինես, ստիպված կլինեն նախ մարդ ուղարկել կամ կփորձեն նամակով, հեռագրով ու հեռախոսով տեղյակ պահել։ Թեև դու չես ազատվի նրանցից, բայց այդ քայլ հնարավորություն կտա թուլացնել ազդեցությունը և ազատ շնչելու հնարավորություն կտա քեզ։
― Նրքնա կարող են արգելել ինձ քաղաքից հեռանալ։― Քեռու խոսքերը մի փոքր ազդել էին Կ֊ի վրա։
― Չեմ կարծում, որ այդպես կվարվեն,― մտախոհ ասաց քեռին։― Քո հեռանալը չի թուլացնի նրանց ազդեցությունը։
― Ես մտածում էի,― Կ֊ն բռնեց քեռու թևատակից ու չթողեց, որ նա կանգնի,― թե դու այս ամենին ինձնից պակաս կարևորություն կտաս, մինչդեռ այժմ այնքան ծանր ես ընդունում։
― Յոզեֆ,― բացականչեց քեռին, ուզեց պոկվել զարմիկի ձեռիքց, որ նորից կարողանա կանգնել, բայց Կ֊ն չթողեց։― Դու առաջվանը չես։ Դու, ախր, միշտ խելամիտ ես եղել և եհնց այժմ է բանականությունը լքում քեզ։ Ի՞նչ է, ուզում ես դատը տանո՞ւլ տալ։ Գիտե՞ս, թե ի՞նչ է նշանակում դա։ Դա նշանակում է, որ դու պարզապես կջնջվես, և որ բոլոր բարեկամներիդ քեզ հետ կքաշես կամ ցեխի մեջ մտցնելու աստիճան կնվաստացնես։ Յոցե՛ք, տիրապետիր քեզ։ Քո անտարբերությունը խելագարեցնում է ինձ։ Քեզ նայողը ակամա ուզում է հավատալ «Այդ գործն սկսողը հենց սկզբից էր տանոլւ տվել» ասացվածքին։
― Սիրելիդ իմ քեռի, հուզմունքն այնքան ավելորդ է այստեղ։ Հիմա դու ես հուզված, բայց կարող է ես էլ հուզվեմ։ Զգացմունքներին տրվելով հնարավոր չէ դատը շահել։ Տեսնում ես, որ ես միշտ, հիմա նույնպես, շատ եմ հարգում քո խորհուրդները (թեև նրանք ինձ անակնկալի են բերում), բայց թույլ տուր, որ մի տեղ էլ իմ գիտեցածով շարժվեմ։ Քանի որ ասում ես, թե դատավարության պատճառով նաև ընտանիքն է անախորժության մեջ ընկնելու (ճիշտն ասած, այդ բանը չեմ կարող պատկերացնել, բայց դա այնքան էլ կարևոր չէ), ապա ուզում եմ ամեն ինչում քո խոսքերին հետևել։ Միայն թե գյուղ մեկնելը՝ թեկուզ ըստ քո ասածի, ձեռնտու չեմ համարում, որովհետև դա կնշանակի մեղավոր լինելու փաստը ընդունել ու փախուստի դիմել։ Դրանից բացի, չնայած այստեղ ինձ ավելի շատ են հետևում, քան եթե գյուղում լինեմ, սակայն այստեղ կարող եմ անձամբ հետևել գործին։
― Ճիշտ է։― Այնպիսի տոնով հաստատեց քեռին, կարծես այժմ վերջապես սկսել էին միմյանց հասկանալ։― Ես առաջարկեցի, որովհետև ինձ թվաց, թե այստեղ մնալով քո անտարբերությամբ կվնասես գործին, և մտածեցի, որ ավելի լավ է, քո փոխարեն ես գործի անցնեմ։ Իսկ եթե ուզում ես սեփական ուժերով ընթացք տալ գործին, դա, ինչ խոսք, ավելի լավ է։
― Այդ հարցում, ուրեմն, մենք համամիտ ենք,― ասաց Կ֊ն։― Իսկ այժմ որևէ առաջրակ ունե՞ս, թե ինչ եմ անելու հետո։
― Ես, իհարկե, նախ պետք է մի լավ մտածեմ գործի մասին։ Հիշիր, որ արդեն քսան տարի անընդմեջ գյուղում եմ ապրել և դատական գործերում իմ հոտառությունը տեղի է տվել։ Նման գործերում ավելի լավ կողմնորոշվող անձնավորությունների հետ ունեցած կարևոր կապերը ինքնըստինքյան թուլացել են։ Ինքդ էլ գիտես, որ գյուղում ես փոքր֊ինչ մեկուսացած եմ ապրել․ դա միայն նման առիթների դեպքում է նկատվում։ Թեև Էռնայի նամակից որոշ բաներ կանխագուշակում էի արդեն և այսօր քեզ տեսնելուց հետո համարյա թե համոզվեցի, այնուամենայնիվ, քո գործը ինձ համար մասամբ անակնկալ էր։ Սակայն դա էական չէ։ Այժմ ամենակարևորը ժամանակ չկորցնելն է։
Դեռ խոսելու ժամանակ քեռին ոտնաթաթերի վրա կանգնած, նշան արեց մեքենաներից մեկին և Կ֊ին իր հետևից մեքենայի մեջ քաշելու հետ մեկտեղ ինչ֊որ հասցե հայտնեց վարորդին։
― Հիմա կգնանք փաստաբան Հուլդի մոտ։ Նա իմ դասընկերն է եղել։ Երևի լսե՞լ ես այս անունը։ Ո՞չ։ Զարմանալի է։ Նա դատապաշտպանի ու աղքատների փաստաբանի մեծ համբավ է վայելու․ իսկ ես նրան վստահում եմ որպես մարդու։
― Ինչպես ուզում ես, վարվիր։ Ես չեմ առարկում,― ասաց Կ֊ն, թեև քեռու գործելու շտապ և անհետաձգելի կերպը անհաճո զգացում էր պատճառում․ որպես մեղադրյալ՝ աղքատների փաստաբանին դիմելու մեջ ուրախացուցիչ ոչինչ չկար։― Չգիտեի, որ նման գործերում կարելի է նաև փաստաբանի ներգրավել։
― Ինչ խոսք,― զարմացավ քեռին։― Ինքնին հասկանալի է։ Իսկ ինչո՞ւ ոչ։ Այժմ պատմիր ինձ ամեն ինչ, որ կատարվել է մինչև այսօր։ Ես ուզում եմ գործին լավ իրազեկ լինել։
Կ֊ն սկսեց առանց որևէ բան թաքցնելու պատմել։ Նրա կատարյալ անկեղծությունը միակ բողոքն էր, որ կարող էր թույլ տալ իրեն՝ ի հակադրում քեռու տեսակետի․ դատավարությունը խայտառակություն է։ Միայն մեկ անգամ, այն էլ թեթևակի, նա հիշտակեց ֆրոյլայն Բյուրստների անունը, սակայն դա ստվեր չգցեց նրա անկեղծության վրա, որովհետև ֆրոյլայն Բյուրստները ոչ մի առնչություն չուներ դատավարության հետ։ Պատմելու ժամանակ նա մեքենայի լուսամուիտց դուրս էր նայում և նկատեց, որ մոտեցան հենց այն արվարձանին, ուր դատարանի գրասենյակներին էին գտնվում։ Նա քեռու ուշադրությունը հրավիրեց այդ հանգամանքի վրա, սակայն քեռին համընկնումը այնքան էլ արտառոց չհամարեց; Մեքենան կանգնեց մի մութ տան դիմաց։ Քեռին անմիջապես սեղմեց առաջին տան զանգը ու, մինչ սպասում էին, ժպտալով կրճտացրեց խոշոր ատամները և շշնջաց․
― Ժամը ութն է։ Դատական գործ ունեցողների այցելության համար անսովոր ժամ է, սակայն Հուլդը չի նեղանա ինձնից։
Դռան դիտանցքի մեջ երկու խոշոր, սև աչքեր երևացին, մի կարճ պահ զննեցին հյուրերին և անհետացան, բայց դուռը չբացվեց։ Քեռին և Կ֊ն փոխադարձաբար հաստատեցին միմյանց կարծիքները, որ տեսան զննող աչքերը։
― Նոր աղախին է, անծանոթներից վախենում է։― Կարծիք հայտենց քեռին ու նորից բախեց։ Աչքերը նորից հայտնվեցին։ Այժմ նրանց արտահայտությունը կարելի էր նույնիսկ տխուր համարել, սակայն դա երևի խաբկանք էր, որ առաջացել էր Կ֊ի և քեռու գլխավերևում՝ շատ մոտիկ, թշշալով այրվող, բայց քիչ լույս տվող գազի անլապտեր բոցից։
― Բացեք,― ձայն տվեց քեռին և բռունցքով բախեց դուռը։― Մենք պարոն փաստաբանի ընկերներն ենք։
― Պարոն փաստաբանը հիվանդ է։― Թիկունքում շշնջաց ինչ֊որ մեկը։
Փոքրիկ մուտքի հակառակ ծայրում, դռան մեջ կանգնել էր քնազգեստ հագած մի պարոն․ շշնջացողը նա էր։ Այդքան երկար սպասելը քեռուն կատաղեցնում էր արդեն։ Նա թափով շրջվեց ու բղավեց․
― Հիվա՞նդ։ Ասացիք հիվա՞նդ է,― հարցրեց նա ու սպառնալիք տեսքով քայլեց դեպի պարոնը, կարծես նա լիներ հիվանդությունը։
― Դուռը բաց է արդեն։― Պարոնը ցույց տվեց փաստաբանի դուռը, հավաքեց քնազգեստի փեշերն ու անհետացավ։ Դուռն, իսկապես, բաց էր։ Սպիտակ, երկար գոգնոց կապած մի ջահել աղջիկ կանգնել էր նախասենյակում և ձեռքի մոմով լուսավորում էր։ Կ֊ն ճանաչեց դիտանցքից նայող մուգ, փոքր֊ինչ դուրս պրծած աչքերը։
― Հաջորդ անգամ շուտ կբացեք։― Բարևի փոխարեն ասաց քեռին, երբ աղախինը՝ ծունկը թեթևակի ծալելով, ողջունեց։― Արի, Յոզեֆ։― Կանչեց նա աղջկա կողքով դանդաղ առաջ շարժվող Կ֊ին։
― Պարոն փաստաբանը հիվանդ է։― Հայտնեց աղջիկը, որովհետև քեռին առանց կանգ առնելու շտապեց դռներից մեկի կողմը։ Կ֊ն աղջկան էր նայում նաև այն ժամանակ, երբ վերջինս դուռը փակելու համար շուռ էր եկել․ նա տիկնիկի կլոր դեմք ուներ, ոչ միայն գունատ այտերն ու դունչն էին կլոր եզրագծվում, այլև նաև քունքերն ու ճակատը։
― Յոզեֆ։― Կրկին ձայն տվեց քեռին ու դիմեց աղախնին։― Սի՞րտն է ցավում։