Changes

Դատավարություն

Ավելացվել է 17 995 բայտ, 16:20, 25 Հունվարի 2014
/* ՔԵՌԻՆ։ Լեննին */
― Ինչպե՞ս կարողացար այդպես վարվել, տղեկ,― բացականչեց նա։― Դու սարսափելի վնաս հասցրիր քո գործին, մինչդեռ այն լավ էր ընթանում։ Այդ չնչին, կեղտոտ արարածի հետ, որ հաստատ փաստաբանի սիրուհին է, մոռացար ամեն ինչ, ժամերով ներս չեկար։ Ոչ մի պատճառ չփնտրեցիր, պարզ ու շիտակ էիր․ վազեցիր նրա մոտ ու մնացիր։ Մինչդեռ մենք խմբովի նստել էինք․ քեռիդ, որ քեզ համար էր չարչարվում, փաստաբանը, որին, քո շահերից ելնլեով, պետք էր գրավել և, ամենից առաջ՝ գրասենյակների տնօրենը, այդ մեծատառով պարոնը, ում ձռքերում է քո գործն այս պահին։ Մենք ուզում էինք խորհրդակցել, թե ինչպե՞ս կարելի էր քեզ օգնել։ Ես պետք է զգուշորեն մշակեի փաստաբանին, նա իր հերթին՝ տնօրենին, իսկ դու,որ բոլոր հիմքերն ունեիր առնվազն ինձ պաշտպանելու համար, հեռացար։ Քո բացակայությունը հնարավոր չէր մինչև վերջ թաքցնել․ նրանք քաղաքավարի, գործիմաց մարդիկ են, չխոսեցին քո հեռանալու մասին, խնայեցին ինձ, բայց քանի որ չէին կարող այլևս հաղթահարել իրենք իրենք և որվհետև չէին կարող խոսել գործի մասին, լռում էին։ Մենք մի քանի րոպե լուռ նստած մնացինք ու ականջ դրեցինք, թե չե՞ս գա վերջապես։ Իզուր։ Ի վերջո տնօրենը ոտքի կանգնեց։ Նա ավելի երկար էր մնացել, քան սկզբում էր մտադիր, հրաժեշտ տվեց, ըստ երևույթին կարեկցեց ինձ, որ չկարողացավ օգնել, հետո, անհասկանալի սիրալիրությամբ, որոշ ժամանակ էլ մնաց դռան մեջ կանգնած ու գնաց։ Ես, իհարկե, ուրախ էի, որ գանց․ շնչելու օդն արդեն չէր բավականացնում ինձ։ Հիվանդ փաստաբանի վրա այդ ամենն ավելի վատ ազդեց։ Խեղ֊ մարդը չէր կարողանում խոսել, երբ հրաժեշտ տվեցի նրան։ Դու, հավանաբար, քո նպաստն ունեցար նրա լիակատար ուժասպառության հարցում։ Այդպես արագացնում ես մի մարդու մահը, ում վրա պետք է հույս դնես, իսկ ինձ, քո սիրելի քեռուն, ստիպեցիր ժամերով կանգնել անձրևի տակ ու մտատանջվել։ Հապա ձեռք տուր, լրիվ ջուր եմ դարձել։
 
==Փաստաբանը։ Ֆաբրիկատերը։ Նկարիչը==
 
Ձմեռային մի առավոտ (դրսում ձյուն էր գալիս, մառախլապատ եղանակ էր) չնայած գործը նոր էր սկսվել, Կ֊ն՝ չափից դուրս հոգնած, նստել էր իր գրասենյակում և ենթակա պաշտոնյաներից զգուշանալու համար ծառային պատվիրել էր նրանցից ոչ մեկին ներս չթողնել, պատճառաբանելով, թե պարոն հավատարմատարը կարևոր գործով է զբաղված։ Սակայն աշխատելու փոխարեն նա բազկաթոռին նստած պտույտ տվեց, դանդաղ փոխեց սեղանին դրված մի քանի առարկաների դիրքը, հետո՝ ինքն էլ չզգալով, առաջ պարզած թևը թողեց սեղանին ու մնաց գլուխը կախ, անշարժ նստած։
 
Դատավարության մասին միտքն այլևս չէր լքում նրան։ Նա արդեն բազմիցս մտածել էր, թե արդյոք լավ չէ՞ր լինի, եթե բացատրագիր մշակեր և դատարանին հանձներ։ Նա ցանկանում էր համառոտ շարադրել իր կենսագրությունը և ինչ֊որ չափով կարևոր թվացող յուրաքանչյուր իրադարձության համար բացատրություն տալ, թե ի՞նչ էր այդպես վարվելու պատճառը, արդյոք այդ արարքը՝ այսօրվա պատկերացումներից ելնելով, մերժմա՞ն, թե՞ հավանության էր ենթակա, և ի՞նչ պատճառներ էր կարող բերել այս կամ այն դեպքի կապակցությամբ։ Նման բացատրագրի առավելությունները՝ ընդհանրապես ոչ անբասիր փաստաբանի կազմակերպած պաշտպանության հետ համեմատած, կասկած չէին հարուցում։ Կ֊ն նույնիսկ տեղյակ էլ չէր, թե փաստաբաննն ինչ էր ձեռնարկել։ Համենայնդեպս, շատ բան արած չէր լինի, որովհետև արդեն մի ամիս իրեն չէր կանչել, դրանից բացի, նախկին զրույցների ժամանակ ևս Կ֊ն երբեք այն տպավորությունը չէր ունեցել, թե այս մարդը կկարողանա որևէ բանի հասնել։ Նախ, փաստաբանը բնավ չէր հարցաքննում, մինչդեռ հարցնելու շատ բան կար։ Կարևորը հարցնելն էր։ Կ֊ին թվում էր, թե անձամբ կարող է գործի հետ կապված անհրաժեշտ բոլոր հարցերը տալ։ Հարցնելու փոխարեն՝ փաստաբանն ինքն էր պատմություններ անում կամ լուռ նստում էր դեմհանդիման, երևի վատ լսողությունն էր պատճառը, որ փոքր֊ինչ խոնարհվում էր գաասեղանի վրա, մորուքի մազափնջերից մեկն էր քաշքշում և հայացքը գցում էր գորգին․ հավանաբար այնտեղ, ուր Կ֊ն էր Լեննիի հետ պառկել։ Նա երբեմն֊երբեմն դատարկ խրատներ էր տալիս, կարծես դիմացը երեխա էր նստած։ Խրատների պես անպետք ու ձանձրալի էին նաև խատմությունները, և վերջնահաշվի մասին խոսք բացվելիս Կ֊ն դրանց համար ոչ մի գրոշ վճարելու մտադրություն չուներ։
 
Փաստաբանը՝ երբ նրան թվում էր, թե բավական ահաբեկել է Կ֊ին, սովորաբար կրկին սկսում էր փոքր֊ինչ քաջալերել։ Նա պատմում էր, թե նման բազմաթիվգործեր է ունեցել և մասմաբ կամ լրիվ շահել է։ Գործեր, որոնք թեև իրականում այս մեկի նման ծանր չեն եղել, սակայն առաջին հայացքից ավելի անհուսալի են թվացել։ Այդ գործերի ցանկը նա գզրոցում է պահում (իր խոսքերի վրա փաստաբանը թխկթխկացնում էր սեղանի գզրոցներից մեկը), արձանագրությունները, ցավոք, չի կարող ցույց տալ, որովհետև խոսքը դատական գաղտնիքների մասին է։ Այնուամենայնիվ, նախկին բոլոր գործերի շնորհիվ ձեռք բերած հարուստ փորձը այժմ ի նպաստ Կ֊ի կլինի։ Ինքն, ինչ խոսք, իսկույն ձեռնամուխ է եղել, և առաջին հայցը համարյա պատրաստ է արդեն։ Դա շատ կարևոր է, որովհետև պաշտպանության թողած առաջին տպավորությունը շատ հաճախ գործի ողջ ընթացքն է պայմանավորում։ Ցավոք (ինքը պարտավոր է այս նրբության վրա հրավիրել Կ֊ի ուշադրությունը), երբեմն այնպես է ստացվում, որ առաջին հայցերը դատարանում չեն կարդացվում բնավ։ Դրանք պարզապես կցվում են գործին և հայտնում, որ մեղադրյալին հարցաքննելը և նրա վարքին հետևելը թղթերի վրա գրվածից շատ ավելի կարևոր է։ Եթե հայցվորը սկսում է շտապել, նրան հայտնում են, որ բոլոր անհրաժեշտ նյութերը հավաքելուց հետո, նախքան որոշումը հրապարակելը, փաստաթղթերը, ինքնին հասկանալի է՝ առաջին հայցը նույնպես, ստուգման են ենթարկվելու։ Ցավոք, շատ հաճախ այսպես էլ չի լինում, որովհետև առաջին հայցը սովորաբար կամ անուշադրության է մատնվում կամ անհետանում է, իսկ եթե նույնիսկ մինչև վերջ պահպանվում էլ է, ապա՝ ինչպես ինքն է տարբեր մարդկանցից տեղեկացել, դրա վրա հազիվ թե ուշադրություն են դարձնում։ Այս ամենը ցավալի է, բայց ոչ հիմքից զուրկ։ Թող Կ֊ն չմոռանա, որ հետաքննությունը հրապարակային չի լինելու։ Եթե դատարանը անհրաժեշտ համարի, կարելի է հրապարակային դարձնել, սակայն օրենքն այս հարցում հասարակության մասնակցությունը նկատի չի ունեցել։ Այդ պատճառով էլ դատական արձանագրությունները՝ ամենից առաջ՝ մեղադրականը, մեղադրյալի և նրա պաշտպանության համար անմատչելի են։ Հետևաբար, մարդ ընդհանրապես տեղյակ չէ կամ առնվազն հաստատ չգիտե, թե ինչի՞ դեմ է գործածելու առաջին հայցը, և այն կարող է սոսկ պատահականության շնորհիվ գործի ընթացքի համար կարևոր որևէ բան պարունակել։ Իրականությանն համապատասխանող և ապացույց պարունակող հայցերը կարելի է արդեն ուշ մշակել, երբ հարցաքննության շնորհիվ մեղադրման առանձին ենթակետերն ու դրանց հիմնավորումը ավելի հստակ երևան կամ ենթադրվեն։ Այս պայմանների առկայության դեպքում պաշտպանությունը, ինչ խոսք, շատ ծանր ու ոչ նպաստավոր դրության մեջ է։ Բայց դա դիտավորյալ է այդպես արված։ Օրենքով պաշտպանություն չի թույլատրվում, իրականում միայն համակերպվում են դրա հետ և շատ հաճախ օրենսդրության համապատասխան հոդվածում համակերպվելու վերաբերյալ նույնիսկ վեճեր են լինում։ Հետևաբար, դատարանի կողմից ճանաչում ստացած ոչ մի դատապաշտպան չի մնում, և դատարանում որպես դատապաշտպան հանդես եկողները իրականում միայն աղմկարարներն են։ Այս հանգամանքը, ինչ խոսք, դատարանից ստացած ընդհանուր տպավորության վրա արժեքազրկող ազդեցություն է թողնում, բայց եթե Կ֊ն հաջորդ անգամ դատարանի գրասենյակները գնա, թեկուզ հենց մի անգամ այնտեղ տիրող վիճակը տեսած լինելու համար, թող փաստաբանների սենյակը մտնի։ Նա հաստատ կսարսափի այնտեղի հասարակությունից։ Տրամադրված նեղ, ցածրիկ սենյակն իսկցույց կտա դատարանի՝ նրանց հանդեպ ունեցած արհամարհական վերաբերմունքը։ Սենյակը միայն երդիկանման փոքր անցքով է լուսավորվում, իսկ անցն այնքան բարձր է, որ եթե մարդ դուրս նայել ուզենա (ի դեպ, ով էլ այդպես վարվելու լինի, հենց անցքի դիմացից բարձրացող ծխնելույզի ծուխը քիթը կլցվի և կսևացնի դեմքը), նախ պետք է գորընկներներից մեկի մեջքին բարձրանա։ Այնտեղի վիճակը դիպուկ նկարագրող մի օրինակ ևս բերելու համար ասեմ, որ սենյակի հատակին արդեն տարուց ավելի է մի ծակ կա։ Մեծ չէ, մարդ մեջը չի ընկնի, բայց մի ոտքը հանգիստ կարելի է մտցնել։ Փաստաբանների սենյակը երկրորդ ձեղնահարկում է։ Եթե մեկնումեկի ոտքը ծակն ընկնի, կկախվի առաջին ձեղնահարկի առաստաղից՝ հենց այն միջանցքում, ուր մեղադրյալներն են սպասում։ Շատ բան ասված չի լինի, եթե փաստաբանների միջավայրում վիճակը խայտառակ բառով բնորոշվի։ Ղեկավարությանն ուղղված բողոքները նվազագույն հաջողություն իսկ չունեն, միաժամանակ սենյակում իրենց ծախսերով ինչ֊որ բան փոխել տալը խստագույնս արգելված է փաստաբաններին։ Բայց նրանց հանդեպ ունեցած վերաբերմունքն էլ իր հիմնավորումն ունի։ Դատարանն ուզում է հնարավորին չափ մեկուսացնել պաշտպանությանը․ ամեն ինչ պետք է մեղադրվող կողմին թողնվի։ Անկեղծ ասած, վատ ցանկություն չէ, և դժվար թե մարդ ավելի կոպիտ սալ թույլ տա, քան եթե մտածի, թե այդ դատարանում փաստաբանները մեղադրյալների համար անպետք մարդիկ են։ Ընդհակառակը, ուրիշ ոչ մի դատարանում նարնք այդքան անհրաժեշտ չեն, որքան այստեղ։
 
Հետաքննության ընթացնք, ընդհանուր առմամբ, ոչ միայն հասարակությունից է թաքցվում, այլ նաև մեղադրյալից։ Իհարկե, եթե պայմանները թույլ են տալիս, իսկ դա միայն լայն մասշտաբներով է հնարավոր։ Ի դեպ, մեղադրյալին չի թույլատրվում դատական արձանագրությունների բովանդակությանը ծանոթանալ, իսկ հարցաքննությունների ընթացքից ելնելով՝ նրանց հիմքում ընկած գործի մասին եզրակացնելը դժվար է հատկապես մեղադրյալի համար, որովհետև նա վեհերոտ է, և հնարավոր բոլոր հոգսերը նրան չեն թողնում կենտրոնանալ։ Պաշտպանությունը հենց այստեղ է ձեռնամուխ լինում։ Սովորաբար դատապաշտպանին չի թույլատրվում հարցաքննության ժամանակ ներկա գտնվել։ Նրանք պետք է հարցաքննությունից հետո, թեկուզ հենց հետաքննության սենյակի դռան մոտ, մեղադրյալին հարցուփորձ անեն, և այդ՝ հաճախ արդեն խամրած տեղեկություններից պաշտպանության համար անհրաժեշտ մանրամասները կորզեն։ Սակայն ամենակարևորը սա չէ, ու թեև գործունյա մարդը միշտ էլ կկարողանա մյուսներից ավելի շատ բան իմանալ, միևնույն է, այս ձևով հնարավոր չէ շատ բան անել։ Առաջին պլան են մղվում դատապաշտպանի անձնական կապերը․ ծանոթության մեջ է պաշտպանության գլխավոր արժեքը։ Կ֊ն հավանաբար արդեն անձնական փորձից գիտե, որ դատարանի ամենաստորին աստիճանակարգն այնքան էլ կատարյալ չէ․ պարտազանց ու հեշտ կաշառվող պաշտոնյաներ ունի, և նրանց պատճառով է խիստ պարփակված, միաձույլ դատարան ունենալու ձգտումը թերի մնում։ Հենց այստեղ են խցկվում փաստաբանների մեծ մասը․ կաշառքներ են տալիս, տեղեկություններ հավաքում, նախկինում նույնիսկ փաստաթղթերի հափշտակման դեպքեր են եղել։ Չի կարելի ժխտել, թե այսպես հնարավոր է մեղադրյալի համար տվյալ պահին անսպասելի, շատ նպաստավոր արդյունքների հասնել։ Դրանից հետո խաժամուժ դատապաշտպանները փքված են շրջում և նոր այցելուներ են գրավում իրենց կողմը, սակայն, ամբողջությամբ վերցրած, գործի ընթացքի համար այդ հաջողությունները կամ ոչ մի, կամ էլ ոչ մի լավ արդյունքների չեն հասցնում։ Միայն անձնական, և այն էլ բարձրաստիճան պաշտոնյաների, այսինքն՝ ենթակա դասի բարձր պաշտոնայաների հետ ունեցած ամուր կապերն են, որ իսկական արժեք ունեն։ Սկզբում թեկուզև աննշան, բայց հենց այդպես կարելի է հետագայում դատավարության ընթացքի վրա ավելի պարզորոշ ազդել։ Սակավաթիվ դատապաշտպաններ միայն կարող են այսպես վարվել, և այդ հարցում Կ֊ի ընտրությունը շատ նպաստավոր է։ Դոկտոր Հուլդից բացի, թերևս մի թե երկու փաստաբան կարող են նման ծանոթություններով աչքի ընկնել։ Իրենք, ինչ խոսք, չեն մտահոգվում փաստաբանների սենյակում հավաքվողների մասին և նրանց հետ անելիք չունեն։ Բայց շատ ավելի նեղ է դատարանի պաշտոնայների հետ ունեցած կապը։ Միշտ չէ, որ դոկտոր Հուլդին անհրաժեշտ է եղել դատարան գնալ, նախասենյակում քննիչի պատահաբար հայտնվելուն սպասել և, կախված նրա տրամադրությունից, մեծ մասամբ թվացյալ հաջողության հասնել կամ ձեռնունայն մնալ։ Ոչ։ Կ֊ն թերևս ինքն է տեսել, որ պաշտոնյաները (նրանց մեջ նաև բավական ազդեցիկները) իրենք են գալիս, պատրաստակամորեն պարզ կամ գոնե կռահելու հնարավորություն ընձեռնող տեղեկություններ են տալիս, դատավարությունների հեռագա ընթացն են քննարկում և, ինչո՞ւ ոչ, առանձին դեպքերում թույլ են տալիս համոզել իրենց ու հաճույքով են ընդունում դիմացինի տեսակետը։ Վերջին հարցում նրանց, համենայնդեպս, շատ վստահել չարժե, որովհետև ինչքան էլ պաշտպանության համար նպաստավոր, նոր ծրագիր կազմելիս լինեն, այնուամենայնիվ, գրասենյակ վերադառնալուց հետո հաջորդ օրվա համար այնպիսի մի որոշում են ընդունում, որ լրիվ հակասում է իրենց խոսքերին, և որքան էլ նախօրեին հայտարարած լինեին, թե լրիվ հրաժարվել են առաջվա մտադրությունից, միևնույն է, վճիռը մեղադրյալի համար ավելի խիստ է հնչում։