Changes
Բայց առաջ չվազելու համար այստեղ բավականանանք մի օրինակով ևս, որը վերաբերում է հենց ապրանքի ձևին։ Եթե ապրանքները օժտված լինեին խոսելու ձիրքով, ապա նրանք կասեին՝ մեր սպառողական արժեքը, գուցե, հետաքրքրում է մարդկանց։ Սպառողական արժեքը մեզ, իբրև իրերի, չի վերաբերում։ Բայց այն, ինչ վերաբերում է մեր իրային բնույթին, այդ արժեքն է։ Մեր՝ որպես ապրանք-իրերի սեփական շրջանառությունը դրա լավագույն ապացույցն է։ Մենք միմյանց հարաբերում ենք միայն որպես փոխանակային արժեքներ։ Հիմա լսենք, թե ապրանքի այդ հոգին ինչ է ազդարարում տնտեսագետի բերանով. «Արժեքը (փոխանակային արժեքը) իրերի հատկությունն է, հարստությունը (սպառողական արժեքը) մարդու հատկությունն է։ Արժեքն այս իմաստով անհրաժեշտորեն ենթադրում է փոխանակություն, իսկ հարստությունը՝ ոչ»<ref>«Obscrvations օո certain verbal disputes in Political Economy, particularly relating to Value, and to Demand and Supply». London 1821, էջ 16։</ref>։ «Հարստությունը (սպառողական արժեքը) մարդու ատրիբուտն է, արժեքը ապրանքի ատրիբուտն է։ Մարդը կամ հասարակությունը հարուստ են. մարգարիտը կամ ադամանդը թանկագին են... Մարգարիտը կամ ադամանդը արժեք ունեն իբրև մարգարիտ կամ ադամանդ»<ref>S. Bailey: «A Critical Dissertation on the Nature etc. of Value», էջ 165։</ref>։ Մինչև այժմ դեռ ոչ մի քիմիկոս մարգարտի կամ ադամանդի մեջ փոխանակային արժեք չի հայտնագործել։ Բայց այս քիմիական նյութը հայտնագործող տնտեսագետները, որոնք մտքի քննադատական խորության հատուկ հավակնություն ունեն, գտնում են, որ իրերի սպառողական արժեքը կախված չէ նրանց նյութական հատկություններից, այնինչ արժեքը հատուկ է նրանց՝ իբրև իրերի։ Այս համոզմունքի մեջ նրանց ամրապնդողն այն զարմանալի հանգամանքն է, որ իրերի սպառողական արժեքը մարդկանց համար իրացվում է առանց փոխանակության, այսինքն՝ իրի և մարդու միջև եղած անմիջական հարաբերության մեջ, մինչդեռ արժեքը կարող է իրացվել միայն փոխանակության մեջ, այսինքն՝ հասարակական որոշ պրոցեսում։ Այստեղ ինչպե՜ս չհիշես բարեհոգի Դոգբերրիին, որը գիշերապահ Սիկոլին ուսուցանում է, թե «լավ արտաքինը հանգամանքների պարգև է, իսկ կարդալու և գրելու արվեստը բնության պարգև է»<ref>«Observations»-ի հեղինակը և Ս. Բեյլին մեղադրում են Ռիկարդոյին, թե իբր նա չի նկատել փոխանակածին արժեքի հարաբերական բնույթը և այն դարձրել է մի ինչ-որ բացարձակ բան։ Իրոք, ընդհակառակն է, այն երևութական հարաբերականությունը, որ ունեն այս իրերը, օրինակ՝ ադամանդը, մարգարիտը որպես ֊փոխանակային արժեքներ, նա վեր է ածել դրանց՝ իբրև մարդկային արտաքինի տակ թաքնված իսկական հարաբերության, դրանց իբրև. մարդկային աշխատանքի սոսկական արտահայտությունների, հարաբերականության։ Եթե ռիկարդոյականները Բեյլուն պատասխանեցին կոպիտ, բայց ոչ համոզիչ կերպով, ապա միայն այն պատճառով, որ նրանք իրեն՝ Ռիկարդոյի մոտ չգտան արժեքի ու արժեքի ձևի կամ փոխանակային արժեքի միջև եղած ներքին կապի մատնանշում։</ref>։
===ԵՐԿՐՈՐԴ ԳԼՈՒԽ։ ՓՈԽԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՊՐՈՑԵՍԸ===
Ապրանքներն իրենք իրենց լեն կարող շուկա գնալ և փոխանակվել։ Հետևապես, մենք պետք է դիմենք ղրանց պահողներին, ապրանքատերերին։ Ապրանքներն իրեր են, ուստի և անպաշտպան են մարդու հանդեպ։ Եթե նրանք հոժարակամ չեն գնում, նա կարող է ուժ գործադրել, այսինքն՝ վերցնել նրանց<ref>XII դարում, որ այնպես հռչակված է իր բարեպաշտությամբ, ապրանքների մեջ հաճախ պատահում էին շատ նրբահաճո իրեր։ Այսպես, այն ժամանակվա մի ֆրանսիացի բանաստեղծ Լանդիի շուկայում գտնված ապրանքների շարքում՝ գործվածքների, կոշիկների, կաշիների, գյուղատնտեսական գործիքների, մորթիների և այլ բաների կողքին անվանում է նաև «femmes folles de leur corps» [հասարակաց կանանց]։</ref>։ Որպեսզի տվյալ իրերը միմյանց հարաբերեն իբրև ապրանքներ, ապրանքատերերը պետք է իրար հարաբերեն իբրև այնպիսի անձեր, որոնց կամքը տնօրինում է այդ իրերը, այսպիսով, մի ապրանքատեր միայն մյուսի կամքով, հետևապես նրանցից յուրաքանչյուրը երկուսի համար ընդհանուր կամային ակտի միջոցով կարող է յուրացնել ուրիշի ապրանքը, օտարելով իր սեփականը։ Հետևապես, նրանք պետք է փոխադարձաբար իրար մասնավոր սեփականատերեր ճանաչեն։ Այս իրավական հարաբերությունը, որի ձևը պայմանագիրն է,— հաստատված է այն օրենքով, թե ոչ, միևնույն է,— մի կամային հարաբերություն է, որի մեջ արտացոլվում է տնտեսական հարաբերությունը։ Այս իրավական կամ կամային հարաբերության բովանդակությունը տրված է հենց տնտեսական հարաբերությամբ<ref>Պրուդոնը հավիտենական արդարության, justice etemelle-ի իր իդեալը սկզբում քաղում է ապրանքային արտադրությանը համապատասխանող իրավական հարաբերություններից, որով, նկատենք ի դեպ, բոլոր ֆիլիստերների համար տալիս է այն բանի մխիթարական ապացույց, թե ապրանքային արտադրության ձևը նույնքան հավիտենական է, որքան արդարությունը։ Հետո նա աշխատում է, ընդհակառակը, իրական ապրանքային արտադրությունն ու նրան համապատասխանող իրական իրավունքը փոխակերպել արդարության այդ իդեալի համաձայն։ Ի՞նչ կասեինք մենք քիմիկոսի մասին, որը նյութափոխության իրական օրենքներն ուսումնասիրելու և նրանց հիման վրա որոշ խնդիրներ Լուծելու փոխարեն կամենար նյութափոխությունը փոխակերպել «natliralite»-ի ու «affinite»-ի [«բնահատկության» ու «համասեռության»] «հավիտենական իդեաների» համաձայն։ Երբ մեզ ասում են, թե վաշխաժությունը հակասում է «justice eternelle»-ին «հավիտենական արդարությանը»], «equite eternelle»-ին, «mutualite eternelle»-ին [«հավիտենական ճշմարտությանը», «հավիտենական փոխադարձությանը»] ու այլ «verite- eternelle»-ների [«հավիտենական ճշմարտությունների»], ապա արդյոք մենք թեկուզ մի փոքր ավելի՞ բան ենք իմանում վաշխառության մասին, քան դեռ եկեղեցական հայրերը գիտեին, երբ նրանք ասում էին, թե վաշխառությունը հակասում է «gräce eternelle»-ին, «foi eternelle»-ին, «volonte eternelle de-Dieu»-ին [«հավիտենական ողորմածությանը», «հավիտենական հավատին», «աստծու հավիտենական կամքին»]։</ref>։ Անձերն այստեղ միմյանց համար գոյություն ունեն միայն իբրև ապրանքների ներկայացուցիչներ, այսինքն՝ իբրև ապրանքատերեր։ Հետազոտության ընթացքում մենք կտեսնենք ընդհանրապես, որ անձերի տնտեսական բնորոշ դիմակները լոկ տնտեսական հարաբերությունների անձնավորումներ են, և որ այդ անձերը կանգնած են իրար դեմ որպես այգ հարաբերությունները կրողներ։
Ապրանքատիրոջն իր ապրանքից տարբերում է հատկապես այն հանգամանքը, որ ապրանքի համար ամեն մի այլ ապրանքային մարմին ծառայում է միայն որպես նրա սեփական արժեքի դրսևորման ձև։ Որպես ի ծնե լեվելլեր [հավասարար] ու ցինիկ՝ ապրանքը միշտ պատրաստ է փոխանակելու ո՛չ միայն իր հոգին, այլև մարմինը ամեն մի այլ ապրանքի հետ, թեկուզ վերջինն օժտված լինի դեռ ավելի պակաս հրապուրիչ կերպարանքով, քան Մարիտորնան։ Ապրանքային այլ մարմինների կոնկրետ հատկությունները ընկալելու ունակության այս բացակայությունը ապրանքատերը լրացնում է իր սեփական հինգ ու նույնիսկ ավելի զգայարաններով։ Տիրոջ համար նրա ապրանքը անմիջական սպառողական արժեք չունի։ Այլապես նա ապրանքը շուկա չէր հանի։ Ապրանքն սպառողական արժեք ունի ուրիշների համար։ Ապրանքատիրոջ համար ապրանքի անմիջական սպառողական արժեքը միայն այն է, որ նա փոխանակային արժեքը կրողն է, և, հետևապես, փոխանակության միջոց է<ref>«Որովհետև երկակի է ամեն մի բարիքի գործածություն։ — Մեկը հատուկ է իրեն, որպես այսպիսիին, մյուսը՝ ոչ. այսպես, սանդալը կարող է ծառայել հագնելու համար և փոխանակելու համար։ Երկուսն էլ սանդալի սպառողական արժեքներն են, որովհետև նույնիսկ նա, ով սանդալը փոխանակում է իրեն պակասող թանի, օրինակ, ուտելեղենի Հետ, նա սանդալն օգտագործում է որպես սանդալ։ Բայց այդ նրա գործածության բնական եղանակը չէ։ Որովհետև փոխանակության համար չէ, որ նա գոյություն ունի»։ (Aristoteles: «De Republica», գիրք I, գլ. 9)։ [Հմմտ. «Политика Аристотеля», Ս. Ա. Ժեբելևի թարգմ. ՍՊԲ, 1911, էջ 23։]</ref>։ Այս պատճառով էլ ապրանքատերը ձգտում է իր ապրանքն օտարել ու փոխանակել այնպիսի ապրանքների հետ, որոնց սպառողական արժեքի կարիքը նա ունի։ Բոլոր ապրանքները սպառողական արժեք չունեն իրենց տերերի համար և սպառողական արժեք են իրենց ոչ-տերերի համար։ Հետևաբար, նրանք պետք է շարունակ ձեոքից-ձեոք անցնեն։ Բայց ձեռքից ձեռք անցնելու այս շարժումը կազմում է նրանց փոխանակությունը, իսկ փոխանակության մեջ նրանք միմյանց հարաբերում են որպես արժեքներ և իրացվում են որպես արժեքներ։ Նշանակում է, ապրանքները պետք է նախ իրացվեն որպես արժեքներ, որպեսզի հնարավորություն ստանան իրացվելու որպես սպառողական արժեքներ։ Մյուս կողմից, ապրանքները, նախքան կկարողանան իրացվել որպես արժեքներ, պետք է ապացուցեն իրենց սպառողական արժեքի առկայությունը, որովհետև նրանց վրա ծախսված աշխատանքը հաշվի է առնվում այն չափով միայն, որչափով այն ծախսված է ուրիշների համար օգտակար ձևով։ Բայց միայն փոխանակությունը կարող է փաստորեն ցույց տալ, թե արդյոք աշխատանքն իրոք օգտակար է ուրիշների համար, արդյոք նրա արդյունքը բավարարում է օտարի որևէ պահանջմունքը։
Յուրաքանչյուր ապրանքատեր ուզում է իր ապրանքն օտարել, այն փոխանակելով միայն ուրիշ այնպիսի ապրանքների հետ, որոնց սպառողական արժեքը բավարարում է իր պահանջմունքները։ Այդ չափով նրա համար փոխանակությունը զուտ անհատական պրոցես է։ Մյուս կողմից, նա ուղում է իր ապրանքն իբրև արժեք իրացնել, այսինքն՝ իրացնել, փոխանակելով միևնույն արժեքն ունեցող որևէ այլ ապրանքի հետ, անկախ այն բանից, թե իր սեփական ապրանքը մյուս ապրանքների տերերի համար սպառողական արժեք ունի, թե ոչ։ Այդ չափով փոխանակությունը նրա համար մի ընդհանրական ու հասարակական պրոցես է։ Բայց բոլոր ապրանքատերերի համար միևնույն պրոցեսը չի կարող միաժամանակ միայն անհատական ու միայն ընդհանրական ու հասարակական պրոցես լինել։
Եթե բանն ավելի ուշադիր կերպով քննենք, ապա կտեսնենք, որ ամեն մի ապրանքատիրոջ համար յուրաքանչյուր օտար ապրանք նրա ապրանքի հատուկ համարժեքի դեր է խաղում, ուստի և նրա սեփական ապրանքը մյուս բոլոր ապրանքների ընդհանրական համարժեքի դեր է խաղում։ Բայց որովհետև բոլոր ապրանքատերերը միևնույն բանն են անում, ուստի ոչ մի ապրանք փաստորեն ընդհանրական համարժեք չէ, ուստի և ապրանքները չունեն նաև արժեքի ընդհանրական հարաբերական ձև, որի մեջ նրանք նույնացվեին որպես արժեքներ և համեմատվեին միմյանց հետ որպես արժեքի մեծություններ։ Այսպիսով, նրանք ընդհանրապես միմյանց դեմ կանգնած են ո՛չ թև որպես ապրանքներ, այլ միայն որպես արդյունքներ կամ սպառողական արժեքներ։
Այդ դժվար կացության մեջ մեր ապրանքատերերը դատում են Ֆաուստի պես։ «Սկզբում գործն էր»։ Եվ նրանք արդեն գործն արել էին, նախքան կսկսեին դատել։ Ապրանքային բնության օրենքները երևան են գալիս ապրանքատերերի բնածին բնազդի մեջ։ Նրանք վարող են իրենց ապրանքները միմյանց հավասարեցնել որպես արժեքներ, ուստի և որպես ապրանքներ, միայն դրանք հարաբերության մեջ գնելով որևէ ուրիշ ապրանքի հետ, միայն դրանք հակադրելով նրան՝ որպես ընդհանրական համարժեքի։ Այս ցույց տվեց ապրանքի վերլուծությունը։ Բայց միայն հասարակական գործողությունը կարող է մի որոշ ապրանք ընդհանրական համարժեք դարձնել։ Այս պատճառով մյուս բոլոր ապրանքների հասարակական գործողությունը զատում է նրանց միջից մի որոշ ապրանք, որի մեջ նրանք բոլորն արտահայտում են իրենց արժեքները։ Այսպիսով, այդ ապրանքի նատուրալ ձևը դառնում է համարժեքի հասարակականորեն ճանաչված ձև։ Մատնանշված հասարակական պրոցեսի միջոցով ընդհանրական համարժեքի ֆունկցիան դառնում է զատված ապրանքի առանձնահատուկ հասարակական ֆունկցիա։ Այդ ապրանքը դառնում է փող։ «Illi unum consilium habent et virtutem et potestatem suam bestiae tradunt». «Et ne quis possit emere aut vendere, nisi qui habet characterem aut nomen bestiae, aut numerum nominis ejus» (Apocalypse) [«Նրանք մի խորհուրդ ունեն և իրենց զորությունն ու իշխանությունը կտան գազանին»։ «Եվ ոչ ոք չի կարողանա ո՛չ գնել, ո՛չ վաճառել, բացի նրանից, ով ունի գազանի դրոշմը կամ անունը կամ նրա անվան թիվը»։ Հայտնության գիրք, գլ. XVII, 13 և գլ. XIII, 17]։
Փողային բյուրեղը մի անհրաժեշտ արդյունք է փոխանակության պրոցեսի, որի մեջ աշխատանքի տարասեռ. արդյունքները փաստորեն հավասարեցվում են իրար և դրանով էլ փաստորեն ապրանքների փոխարկվում։ Փոխանակության ծավալման ու խորացման պատմական պրոցեսը զարգացնում է սպառողական արժեքի ու արժեքի այն հակադրությունը, որը նիրհում է ապրանքային բնության մեջ։ Այդ հակադրությանը շրջանառության համար արտաքին արտահայտություն տալու պահանջը տանում է դեպի ապրանքային արժեքի ինքնուրույն ձևի առաջացումը և հանգիստ չի տալիս, մինչև որ այդ խնդիրը վերջնականապես չի լուծվում ապրանքն ապրանքի ու փողի երկատվելու միջոցով։ Հետևաբար, նույն այն չափով, որչափով իրականանում է աշխատանքի արդյունքների փոխարկումը ապրանքների, իրականանում է նաև ապրանքի փոխարկումը փողի<ref>Հիմա մենք կարող ենք ըստ արժանվույն գնահատել մանր բուրժուական սոցիալիզմի խորամանկությունները, որն ուզում է ապրանքային արտադրությունը հավերժացնել ու միևնույն ժամանակ վերացնել «փողի և. ապրանքի հակադրությունը», այսինքն՝ վերացնել հենց փողը, որովհետև փողը գոյություն ունի միայն որպես այդ հակադրության բաղկացուցիչ մաս։ Նույնպիսի հաջողությամբ կարելի էր ձգտել վերացնելու պապին, միևնույն ժամանակ պահելով կաթոլիկությունը։ Այս մասին ավելի մանրամասն տե՛ս իմ «Zur Kritik der Politischen Oekonomie» աշխատությունը, էջ 61 և հաջ. [Կ. Մարքս. «Քաղաքատնտեսության քննադատության շուրջը»։ Կ. Մարքսի և. Ֆ, Էնգելսի Երկ., Հ, XII, մ. I, էջ 69 և հաջ.]։</ref>։
Արդյունքների անմիջական փոխանակությունը, մի կողմից, ունի արժեքի պարզ արտահայտության ձև, իսկ, մյուս կողմից, դեռ չունի այդ ձևը։ Այդ ձևն էր, ինչպես մենք տեսանք՝ A ապրանքի x քանակը = B ապրանքի y քանակին։ Իսկ արդյունքների անմիջական փոխանակության ձևն է` x քանակով A սպառման առարկան = y քանակով B սպառման առարկային<ref>Քանի դեռ փոխանակվում են ո՛չ թե սպառման երկու տարբեր առարկաներ, այլ, ինչպես հաճախ պատահում է վայրենիների մեջ, իրերի մի քաոսային բազմություն է առաջարկվում որպես համարժեք միևնույն իրի փոխարեն, այնքան ժամանակ նույնիսկ արդյունքների անմիջական փոխանակությանը իր նախադռնից այն կողմը չի անցել։</ref>։ Այստեղ A ու B իրերն ապրանքներ չեն փոխանակությունից առաջ, նրանք ապրանքներ են դառնում միայն փոխանակության շնորհիվ։ Առաջին նախադրյալը, որն անհրաժեշտ է, որպեսզի սպառման առարկան պոտենցիալ փոխանակային արժեք դառնա, հանգում է այն բանին, որ սպառման տվյալ առարկան կորցնում է իր սպառողական արժեքը, առկա է մի այնպիսի քանակով, որ գերազանցում է իր տիրոջ անմիջական պահանջմունքներից։ Իրերն ինքնըստինքյան մարդկանց համար արտաքին, ուրեմն և օտարելի բաներ են։ Որպեսզի այդ օտարումը փոխադարձ լինի, մարդիկ պետք է միայն լռելյայն վերաբերվեն միմյանց՝ որպես այդ օտարվող իրերի մասնավոր սեփականատերերի, ուրեմն և իբրև միմյանցից անկախ անհատների։ Սակայն փոխադարձ օտարվածության այդպիսի հարաբերություն գոյություն չունի բնաճուն համայնքի անդամների միջև, լինի այդ համայնքը նահապետական ընտանիք, հին հնդկական համայնք թե ինկերի պետություն և այլն։ Ապրանքների փոխանակությունն սկսվում է այնտեղ, որտեղ համայնքը վերջանում է,— օտար համայնքների հետ կամ օտար համայնքների անդամների հետ նրա շփման կետերում։ Բայց հենց որ իրերը ապրանքներ են դառնում արտաքին հարաբերությունների մեջ, նրանք ապրանքներ են դառնում հակադարձ ազդեցությամբ նաև համայնքի ներսում: Սկզբում նրանց քանակական փոխանակային հարաբերությունը բոլորովին պատահական է։ Նրանք փոխանակվել կարող են լոկ այն բանի շնորհիվ, որ նրանց տերերը կամենում են փոխադարձաբար դրանք օտարել։ Մինչ այդ կամաց-կամաց ամրապնդվում է օտար առարկաների սպառման պահանջը։ Փոխանակության մշտական կրկնությունը այն դարձնում է մի կանոնավոր հասարակական պրոցես։ Այդ պատճառով ժամանակի ընթացքում աշխատանքի պրոդուկտների գոնե մի մասը սկսում է նախամտածված կերպով արտադրվել փոխանակության կարիքների համար։ Այդ պահից սկսած, մի կողմից, ամրապնդվում է բաժանումը իրի՝ անմիջական գործածության համար ունեցած օգտակարության և փոխանակության համար ունեցած օգտակարության միջև։ Նրա սպառողական արժեքը անջատվում է նրա փոխանակային արժեքից։ Մյուս կողմից՝ այն քանակային հարաբերությունը, որով իրերը փոխանակվում են, կախում է ստանում հենց նրանց արտադրությունից։ Սովորույթը ֆիքսացիայի է ենթարկում այդպիսի քանակական հարաբերությունները որպես արժեքի մեծություններ։
Արդյունքների անմիջական փոխանակության մեջ ամեն մի ապրանք անմիջականորեն փոխանակության միջոց է իր տիրոջ համար և համարժեք՝ իր ոչ-տիրոջ համար,— սակայն միայն այն չափով, որչափով այդ ապրանքը սպառողական արժեք է վերջինի համար։ Հետևաբար, փոխանակվող առարկան իր սեփական սպառողական արժեքից կամ փոխանակող անձերի անհատական պահանջներից անկախ արժեքի ոչ մի ձև դեռ չի ստանում։ Բայց այդպիսի ձևի անհրաժեշտությունը զարգանում է փոխանակության պրոցեսի մեջ մտնող ապրանքների թվի ու բազմազանության աճման համեմատ։ Խնդիրը ծագում է իր լուծման միջոցների հետ միաժամանակ։ Ապրանքների շրջանառությունը, որի ընթացքում ապրանքատերերը փոխանակում և հավասարեցնում են իրենց սեփական ապրանքներն ուրիշ տարբեր ապրանքների հետ, երբեք տեղի չի ունենում առանց այն բանի, որ այդ ժամանակ տարբեր ապրանքատերերի տարբեր ապրանքները նրանց շրջանառության շրջանակներում չփոխանակվեն միևնույն երրորդ ապրանքի հետ և չհավասարեցվեն նրան իբրև արժեքներ։ Այդպիսի երրորդ ապրանքը, դառնալով ուրիշ տարբեր ապրանքների համար համարժեք, անմիջաբար ստանում է համարժեքի ընդհանրական կամ հասարակական ձև, թեկուզ և նեղ սահմաններում։ Համարժեքի այս ընդհանրական ձևը երևան է գալիս և չքանում է հասարակական անցողակի շփման հետ միասին, որը կյանքի էր կոչել նրան։ Նա փոփոխակի ու թռուցիկ կերպով վիճակվում է մերթ այս, մերթ այն ապրանքին։ Բայց ապրանքների փոխանակության զարգացման հետ միասին նա ամուր կերպով սերտաճում է ապրանքների բացառապես միայն որոշ տեսակների հետ, կամ բյուրեղանալով փոխարկվում է փողային ձևի։ Թե ապրանքի հատկապես որ տեսակի հետ է նա սերտաճում, սկզբում այդ կախված է պատահմունքից։ Սակայն ընդհանրապես ու ամբողջությամբ առած՝ այստեղ վճռողական դեր են խաղում երկու հանգամանք։ Փողային ձևը սերտաճում է կամ այն առարկաներից ամենակարևորի հետ, որոնք փոխանակության միջոցով ստացվում են դրսից և իսկապես ներկայացնում են տեղական արդյունքների փոխանակային արժեքի երևան գալու բնաճուն ձևը, կա՛մ սերտաճում է սպառման այն առարկայի հետ, որը տեղական օտարելի գույքի գլխավոր տարրն է կազմում, ինչպես, օրինակ, անասունները։ Քոչվոր ժողովուրդներն առաջինն են զարգացնում փողային ձևը, որովհետև նրանց ամբողջ գույքը գտնվում է շարժուն, հետևապես և անմիջաբար օտարելի ձևի մեջ և որովհետև նրանց կենսաձևը նրանց միշտ շփման մեջ է դնում օտար համայնքների հետ և հենց դրանով էլ նրանց մղում է արդյունքների փոխանակության։ Մարդիկ հաճախ հանձին ստրուկի հենց մարդուն են դարձրել սկզբնական փողանյութ, բայց երբեք այդպիսի նյութ չեն դարձրել հողը։ Այդպիսի մի իդեա կարող էր առաջ գալ արդեն զարգացած բուրժուական հասարակության մեջ միայն։ Այդ իդեան ծագեց միայն XVII դարի վերջին երրորդում, իսկ ազգային մասշտաբով նրա փաստական իրագործման առաջին փորձը կատարվեց հարյուր տարի հետո, ֆրանսիական բուրժուական ռևոլուցիայի ժամանակ։
Այն չափով, որչափով ապրանքային փոխանակությունը ճեղքում է իր տեղական նեղ սահմանները, ուստի և ապրանքային արժեքը ծավալվելով դառնում է ընդհանրապես մարդկային աշխատանքի նյութականացում, փողի ձևն անցնում է այն ապրանքներին, որոնք հենց իրենց բնությամբ առանձնապես պիտանի են ընդհանրական համարժեքի հասարակական ֆունկցիա կատարելու համար, այն է՝ անցնում է ազնիվ մետաղներին։
Որ «ոսկին ու արծաթը իրենց բնությամբ փող չեն, բայց փողը իր բնությամբ ոսկի ու արծաթ է»<ref>Karl Marx: «Zur Kritik der Politischen Oekonomie», էջ 135 [Հմմտ. Կ. Մարքս, «Քաղաքատնտեսության քննադատության շուրջը» Կ, Մարքսի և Ֆ. Էնգելսի Երկ., հ. XII, մ. I, էջ 139]։ «Թանկագին մետաղներն... իրենց բնությամբ փող են» (Ga1ini: «Deila Moneta» Custodi-ի Parte Moderna ժողովածուում հ. III, էջ 137)։</ref>, այդ ապացուցվում է այդ մետաղների բնական հատկությունների ու նրանց հասարակական ֆունկցիաների զուգադիպումով<ref>Այս մասին ավելի մանրամասն տե՛ս իմ հենց նոր հիշատակած աշխատության մեջ, «Ազնիվ մետաղներ» վերնագրով բաժինը։</ref>։ Բայց առայժմ մենք գիտենք փողի միայն մեկ ֆունկցիա, այն է՝ ծառայել իբրև ապրանքային արժեքի արտահայտության ձև կամ իբրև նյութ, որի մեջ հասարակական արտահայտություն են գտնում ապրանքային արժեքների մեծությունները։ Արժեքի երևան գալու ադեկվատ ձև կամ մարդկային աբստրակտ, ուրեմն և միանման աշխատանքի նյութականացում կարող է լինել միայն մի այնպիսի նյութ, որի բոլոր նմուշահատերը միևնույն որակն ունեն։ Մյուս կողմից, որովհետև արժեքի մեծությունների տարբերությունը զուտ քանակական բնույթ է կրում, ուստի փողածին ապրանքը պետք է զուտ քանակական տարբերությունների ընդունակ լինի, այսինքն՝ պետք է օժտված լինի այնպիսի հատկություններով, որ կարելի լինի այն բաժանել ցանկացած մանր մասերի և այդ մասերից կրկին մի ամբողջություն կազմել։ Ոսկին ու արծաթը բնությունից ունեն այդ հատկությունները։
Փողային ապրանքի սպառողական արժեքը երկատվում է։ Բացի այն հատուկ սպառողական արժեքից, որ նա ունի որպես ապրանք,— ոսկին, օրինակ, ծառայում է ատամներ լցնելու համար, հում նյութ է պերճանքի իրերի համար և այլն,— փողային ապրանքը ստանում է ձևական սպառողական արժեք, որ բխում է նրա առանձնահատուկ հասարակական ֆունկցիաներից։
Որովհետև մյուս բոլոր ապրանքները փողի հատուկ համարժեքներն են միայն, իսկ փողը նրանց ընդհանրական համարժեքն է, ապա նրանք որպես հատուկ ապրանքներ հարաբերում են փողին որպես ընդհանրական ապրանքի<ref>«Փողն ընդհանրական ապրանք է» (Verri: «Meditazioni sulla Ecorsomia Politica», էջ 16)։</ref>։
Մենք տեսանք արդեն, որ փողային ձևը տվյալ ապրանքի հետ մյուս բոլոր ապրանքների ունեցած հարաբերությունների արտացոլումն է, որը կարծրացած է այդ ապրանքի վրա: Հետևաբար, այն փաստը, թե փողն ապրանք է<ref>«Ինքնին ոսկին ու արծաթը, որոնց կարող ենք փողային մետաղ ընդհանուր անունը տալ, բարձրացող ու ընկնող... արժեքով... ապրանքներ են... Փողային մետաղի արժեքն այն ժամանակ կարող է ամենաբարձրը համարվել, երբ նրա ամենափոքր կշռաքանակը բավական է լինում երկրի հողագործական կամ արդյունաբերական արտադրության արդյունքի ամենամեծ քանակը գնելու համար և այլն» («A Discourse of the General Notions of Monev, Trade, and Exchanges as They stand in Relation each to other. By a Merchant». London 1695, Էջ 7)։ «Արծաթն ու ոսկին ինչպես դրամահատված, այնպես էլ չդրամահատված, թեև գործածվում են իբրև չափ մյուս բոլոր իրերի համար, այնուամենայնիվ, ավելի պակաս չափով ապրանքներ չեն, քան գինին, ծխախոտը, յուղը, հագուստը կամ կտորեղենը» («A Discourse concerning Trade, and that in particular of the East-Indies etc.». London 1689, էջ 2)։ «Թագավորության կապիտալն ու հարստությունը չեն սահմանափակվում միայն փողով, նմանապես ոսկին ու արծաթն էլ չի կարելի բացառել ապրանքների թվից» («The East-India Trade a most Profitable Trade». London 1677, էջ 4)։</ref>, միայն այն մարդու համար կարող է հայտնագործություն թվալ, ով ելնում է փողի պատրաստի ձևից՝ հետին թվով փողը վերլուծելու նպատակով։ Փոխանակության պրոցեսը այն ապրանքին, որը նա փող է դարձնում, տալիս է ո՛չ թե արժեքը, այլ միայն արժեքի նրա առանձնահատուկ ձևը։ Այս երկու սահմանումների շփոթումը հասցնում է այն բանին, որ ոսկու և արծաթի արժեքն սկսում են երևակայական համարել<ref>«Ոսկին ու արծաթը, իբրև մետաղներ, արժեք ունեն դրամ դառնալուց առաջ» (Galiani: «Deila Moneta»)։ Լոկկն ասում է. «Մարդկանց ընդհանուր համաձայնությունն արծաթին երևակայական արժեք է վերագրել նրա այն հատկությունների հետևանքով, որոնք արծաթը պիտանի են դարձնում փողի դերի համար»։ Ընդհակառակը, Լոն ասում է. «Ինչպե՞ս կարող էին տարբեր ազգեր երևակայական արժեք վերագրել միևնույն իրին... և ինչպե՞ս կարող էր այդ երևակայական արժեքը պահպանվել։ Թե նա հենց ինքը որքան վատ էր հասկանում բանի էությունը, ցույց են տալիս նրա հետևյալ խոսքերը. «Արծաթը փոխանակվում էր այն սպառողական արժեքի համաձայն, որ նա ուներ, այսինքն՝ իր իրական արժեքի համաձայն, որպես փող ծառայելու իր կոչման շնորհիվ արծաթն ստացավ նաև մի լրացուցիչ արժեք (une valeur additionnelle)» (Jean Law: «Considerations sur le numeraire et le commerce», E. Daire-ի «Economistes Financiers du XVIII siecle» հրատարակության մեջ, էջ 469, 470)։</ref>։ Որովհետև փողը իր որոշ ֆունկցիաներում կարող է փոխարինվել փողի հասարակ նիշերով, ուստի սրանից ծագել է մյուս սխալը, թե փողը միայն նիշ է։ Մյուս կողմից, այդ մոլորության մեջ նշմարվում է այն մշուշապատ կռահումը, թե իրերի փողային ձևը հենց նրանց համար մի կողմնակի բան է և թե այդ ձևը միայն իրերի հետևում թաքնված մարդկային հարաբերությունների դրսևորման ձևն է։ Այս իմաստով ամեն մի ապրանք միայն մի նիշ կլիներ, որովհետև որպես արժեք նա իր վրա ծախսված մարդկային աշխատանքի իրային թաղանթն է միայն<ref>«Փողը նրանց (ապրանքների) նիշն է» (V. de Forbonnais: «Elements du Commerce», նոր հրատ. Leyde 1766, էջ 143)։ «Որպես նիշ փողը ձգվում է ապրանքների կողմից» (նույն տեղը, էջ 155)։ Փողը իրի նիշն է ու ներկայացուցիչը» (Montesquieu: «Esprit des Lois». Oeuvres, London 1787, հ. II, էջ 3)։ [Հմմտ. Монтескье: «О духе законов»/ թարգմանություն Գոռնֆեдդի, Կովալևսկու խմբագրությամբ: ՍՊԲ, 1900 թ., էջ 385]։ «Փողը հասարակ նիշ չէ, որովհետև նա ինքը հարստություն է. նա արժեքի ներկայացուցիչը չէ, նա ինքն արժեք է» (Le Trosne:«De l’Interet Social», էջ 910)։ «Երբ մենք ուշադրություն ենք դարձնում արժեքի հասկացողության վրա, այն ժամանակ հենց ինքն իրը դիտվում է միայն որպես նիշ և նա նշանակություն ունի ոչ թե ինքնըստինքյան, այլ որպես այն իրի արտահայտությունը, որին արժե ինքը» (Hegel: «Philosophie des Rechts», էջ 100)։ [Հմմտ, Гегель: «Философия права» Соцэкгиз 1934 թ., § 63, էջ 87]։ Տնտեսագետներից շատ առաջ ոսկու՝ իբրև սոսկ նիշի պատկերացումը, ինչպես և ազնիվ մետաղներին վերագրվող երևակայական արժեքի պատկերացումը գործածության մեջ մտցրին իրավաբանները, որոնք լակեյական ծառայություն մատուցելով թագավորական իշխանությանը, ամբողջ միջնադարում հիմնավորում էին դրամը կեղծելու թագավորների իրավունքը հռոմեական կայսրության տրադիցիաներով ու պանդեկտների մեջ փողի մասին արտահայտված հասկացողություններով։ «Ոչ ոք չի համարձակվի կասկածել և չպետք է կասկածի,— ասում է իրավաբանների հավատարիմ աշակերտ Ֆիլիպ Վալուան 1346 թվականի մի դեկրետի մեջ,— որ միայն մեզ ու մեր արքայական մեծությանն է պատկանում... դրամ կտրելու, փող մատակարարելու և դրամի վերաբերյալ ամեն տեսակ կարգադրություններ անելու իրավունքը, փողը շրջանառության մեջ մտցնելու իրավունքը, այն էլ այնպիսի գնով, որը մեզ հաճելի է և որը մենք բարիք ենք համարում»։ Հռոմեական իրավունքի դոգման էր, թե փողի արժեքը կայսրն է դեկրետագրում։ Անպայման արգելված էր փողին՝ որպես ապրանքի վերաբերվելը։ «Ոչ ոք չպետք է փող գնի, որովհետև սահմանված լինելով բոլորի օգտագործման համար՝ փողը չպետք է ապրանք լինի։ Այս մասին լավ բացատրություններ տես G. F. Pagnini: «Saggio sopra il giusto pregio delle cose», 1751, Custodi-ի Parte Moderna-ում, հ. II։ Մասնավորապես իր աշխատության հատկապես երկրորդ մասում Պանյինին բանավիճում է պարոնայք իրավաբանների հետ։</ref>։
Բայց հասարակ նիշեր հայտարարելով այն հասարակական հատկությունները, որ ստանում են իրերը արտագրության որոշ եղանակի հիմքի վրա, կամ այն իրային ձևերը, որ ստանում են աշխատանքի հասարակական սահմանումներն արտադրության այդ եղանակի հիմքի վրա, հենց դրանով էլ նրանց հայտարարում են մարդկային բանականության կամայական արդյունք։ Այդպես էր XVIII դարի լուսավորիչների սիրած վարվելակերպը, որ նրանք կիրառում էին՝ գեթ ժամանակավորապես վերացնելու համար խորհրդավորության քողն այն առեղծվածային ձևերի վրայից, որոնցով պարուրված էին մարդկային հարաբերությունները, և որոնց ծագումը դեռ չէին կարողանում բացատրել։
Ինչպես արդեն առաջ նշեցինք, ապրանքի համարժեքային ձևը չի պարունակում նրա արժեքի մեծության քանակական սահմանումը։ Եթե մենք գիտենք միայն, որ ոսկին փող է, այսինքն՝ անմիջաբար փոխանակելի է մյուս բոլոր ապրանքների հետ, ապա մենք ամենևին էլ դեռ չգիտենք, թե, օրինակ, ի՞նչ արժեք է ներկայացնում տասը ֆունտ ոսկին։ Ինչպես և ամեն մի այլ ապրանք, Ոսկին էլ կարող է իր սեփական արժեքի մեծությունը արտահայտել միայն հարաբերորեն, միայն մյուս ապրանքների մեջ։ Նրա սեփական արժեքը որոշվում է նրա արտադրության համար պահանջվող աշխատաժամանակով և արտահայտվում է ամեն մի ուրիշ ապրանքի այն քանակով, որի մեջ նույնքան աշխատաժամանակ է բյուրեղացած<ref>«Եթե մեկը Պերուի հանքերից մեկ ունցիա արծաթ հանի և Լոնդոն բերի ժամանակի նույնպիսի ծախսումով, որը նրան անհրաժեշտ է մի բուշել հացահատիկ արտադրելու համար, ապա այդ արդյունքներից առաջինը կկազմի երկրորդի բնական գինը. և եթե նոր ու ավելի հարուստ հանքեր հայտնագործելու հետևանքով կարելի լինի երկու ունցիա արծաթը նույնքան հեշտությամբ ձեռք բերել, ինչպես հիմա մեկ ունցիան, ապա հացահատիկի բուշելը, caeteris paribus [մնացած հավասար պայմաններում] կարժենա 10 շիլլինգ, եթե նա առաջ 5 շիլլինգ արժեր» (William Petty: «A Treatise օո Taxes and Contributions». London 1667, էջ 31)։</ref>։ Ոսկու արժեքի հարաբերական մեծության այդպիսի սահմանումը փաստորեն տեղի է ունենում նրա արտադրության տեղում, անմիջական փոխանակային առևտրի մեջ։ Երբ ոսկին որպես փող մտնում է շրջանառության մեջ, նրա արժեքն արդեն տրված է։ Երբ դեռևս XVII դարի վերջին տասնամյակներում փողի վերլուծության միջոցով հաստատվեց, որ փողն ապրանք է, ապա, այնուամենայնիվ, այդ միայն վերլուծության սկիզբն էր։ Դժվարությունն այն չէ, որ ըմբռնենք, թե փողն ապրանք է, այլ այն, որ պարզենք, թե ապրանքն ինչպե՛ս և ինչո՛ւ է փող դառնում<ref>Պարոն պրոֆեսոր Ռոշերը մեզ սովորեցնում է, թե «Փողի սխալ սահմանումները կարելի է երկու գլխավոր խմբերի բաժանել — այնպիսի սահմանումներ, որոնք փողը ավելի շատ բան են համարում, քան ապրանքը, և սահմանումներ, որոնք փողը ավելի քիչ բան են համարում, քան ապրանքը»։ Այնուհետև գալիս է փողի վերաբերյալ աշխատությունների մի խայտաբղետ ցուցակ, որի մեջ փողի թեորիայի իրական պատմությունը հասկանալու ամենահեռավոր ակնարկ անգամ չի կարելի նշմարել։ Վերջում հետևյալ բարոյախոսությունը. «Ի դեպ, չի կարելի ժխտել, որ նորագույն տնտեսագետների մեծամասնությունը բավականաչափ ուշադրություն չի դարձնում այն առանձնահատկությունների վրա, որոնք փողը տարբերում են մյուս ապրանքներից» (ուրեմն, փողը, այնուամենայնիվ, մի ավելի շա՞տ կամ ավելի քի՞չ բան է, քան ապրանքը)... «Որքան որ այդ այդպես է, այնքան Գանիլի և մյուսների կիսամերկանտիլիստական ռեակցիան որոշ հիմք ունի» (Wilhelm Roscher: «Die Grundlagen der Nationalökonomie», 3-րդ հրատ. 1858, էջ 207—210)։ «Ավելի շա՜տ — ավելի քի՜չ — ո՜չ-բավականաչափ — որքա՜ն որ — որո՜շ»։ Այս կոչվու՜մ է հասկացողությունների սահմանում։ Եվ այսպիսի էկլեկտիկ պրոֆեսորական բարբաջանքը պ. Ռոշերը համեստորեն անվանում է քաղաքատնտեսության «անատոմիական-ֆիզիոլոգիական մեթոդ» [էջ 42]։ Ասենք՝ գիտությունը նրան է պարտական մի հայտնագործության համ ար, այն է՝ որ փողը «մի հաճելի ապրանք է» [էջ 206]։</ref>։
Մենք տեսանք, թե ինչպես արժեքի ամենապարզ արտահայտության մեջ արդեն՝ A ապրանքի x քանակը = B ապրանքի y քանակին, այն պատրանքն է ստեղծվում, թե իբր այն իրը, որի մեջ֊ արտահայտվում է մի ուրիշ իրի արժեքի մեծությունը, իր համարժեքային ձևն ունի ապրանքների այղ հարաբերությունից անկախ, որպես բնությունից իրեն հատուկ հասարակական որոշ հատկություն։ Մենք հետևեցինք ու պարզեցինք, թե ինչպե՛ս է ամրապնդվում այդ պատրանքը։ Նա լիովին ավարտվում է, երբ ընդհանրական համարժեքի ձևը սերտաճում է ապրանքների մի որոշ տեսակի նատուրալ ձևի հետ, կամ բյուրեղանալով ստանում է փողային ձև։ Այս դեպքում այն տպավորությունն է ստեղծվում, որ իբր ո՛չ թե տվյալ ապրանքն է փող դաոնում միայն այն պատճառով, որ մյուս բոլոր ապրանքներն իրենց արժեքները արտահայտում են նրա մեջ, այլ, ընդհակառակը, իբր թե նրանք բոլորն իրենց արժեքը նրա մեջ են արտահայտում, որովհետև նա փող է։ Միջնորդական շարժումը չքանում է իր սեփական հետևանքի մեջ և հետք չի թողնում։ Առանց իրենց կողմից որևէ աջակցության՝ ապրանքներն իրենց արժեքի պատրաստի կերպարանքը գտնում են իրենցից դուրս ու իրենց կողքին գոյություն ունեցող ապրանքային մարմնի մեջ։ Այդ իրերը — ոսկին ու արծաթը — հենց այն ձեևով, ինչպես որ նրանք դուրս են գալիս երկրի ընդերքից, ամեն մի մարդկային աշխատանքի անմիջական մարմնացումն են միաժամանակ։ Այստեղից էլ առաջ է գալիս փողի մոգական բնույթը։ Այն հասարակակարգում, որ մենք հիմա ուսումնասիրում ենք, մարդկանց հարաբերությունները արտադրության հասարակական պրոցեսում զուտ ատոմիստական են։ Դրա հետևանքով նրանց արտադրական հարաբերությունները իրային կերպարանք են ընդունում, անկախ նրանց վերահսկողությունից ու գիտակցական անհատական գործունեությունից։ Այդ երևան է գալիս ամենից առաջ այն բանի մեջ, որ նրանց աշխատանքի արդյունքները ընդհանրապես ապրանքի ձև են ընդունում։ Այսպիսով, փողային ֆետիշի առեղծվածն րնդհանրապես ապրանքային ֆետիշի առեղծվածն է, փողի մեջ այդ առեղծվածը միայն ավելի խիստ է աչքի ընկնում և շլացնում է հայացքը։
<references>