Changes
Այն ճանապարհը, որ ոտք է դնում ոսկին, դուրս գալով դրամահատականից, վերջիվերջո, նրան առաջնորդում է դեպի հալոցը։ Այն է՝ ոսկեդրամները շրջանառության մեջ մաշվում են, մեկը՝ շատ, մյուսը՝ քիչ։ Ոսկեդրամի տիտղոսն ու նրա ոսկե սուբստանցի քանակությունը, նրա անվանական բովանդակությունն ու իրական բովանդակությունը սկսում են կամաց-կամաց հեռանալ իրարից։ Համանուն ոսկեդրամները տարբեր արժեք են ձեռք բերում, որովհետև նրանք այժմ տարբեր կշիռ ունեն։ Ոսկին՝ որպես շրջանառության միջոց շեղվում է ոսկուց՝ որպես գների մասշտաբից և միաժամանակ դադարում է այն ապրանքների իրական համարժեքը լինելուց, որոնց գինը նա իրացնում է։ Այստեղից ծագող բախումների պատմությունը կազմում է միջին դարերի և նոր ժամանակի դրամահատման գործի պատմության բովանդակությունը ընդհուպ մինչև XVIII դարը։ Շրջանառության պրոցեսի բնական տենդենցը֊, որը ձգտում ֊է դրամի ոսկի կեցությունը դարձնել ոսկու երևութականություն, այսինքն՝ դրամից ստեղծել լոկ նրա պաշտոնական մետաղային բովանդակության սիմվոլ — ընդունված է նույնիսկ ամենաարդիական օրենսդրության կողմից, վերջինը սահմանում է մետաղի կորստի այն աստիճանը, որը ոսկեդրամը դարձնում է շրջանառության համար ոչ պիտանի, այսինքն՝ ապադրամացնում է։
Եթե փողի շրջանառությունն ինքը բաժանում է դրամի իրական բովանդակությունն անվանական բովանդակությունից, նրա մետաղյա գոյությունը անջատում է նրա ֆունկցիոնալ գոյությունից, ապա նրա մեջ արդեն թաքնված է դրամի ֆունկցիա կատարող մետաղե փողը ուրիշ նյութից պատրաստած նիշերով կամ հասարակ սիմվոլներով փոխարինելու հնարավորությունը։ Արծաթե և պղնձե նիշերի որպես ոսկեդրամին փոխարինողների դերը բացատրվում է պատմականորեն, մի կողմից, ոսկու կամ արծաթի բոլորովին աննշան կշռաքանակները դրամահատելու տեխնիկական դժվարություններով և, մյուս կողմից, այն հանգամանքով, որ ստորին մետաղները բարձր մետաղներից, արծաթը ոսկուց, պղինձը՝ արծաթից ավելի վաղ են արժեքի չափ ծառայելև, հետևապես, շրջանառություն են ունեցել իբրև փող այն վայրկյանին, երթ ավելի ազնիվ մետաղը նրանց գահազուրկ է արել։ Նրանք ոսկուն փոխարինում են ապրանքային շրջանառության այն բնագավառներում, որտեղ դրամն ամենից արագ է շրջան գործում, հետևաբար և ամենից արագ է մաշվում, այսինքն՝ այնտեղ, որտեղ գնումների ու վաճառքների ակտերը շարունակ նորոգվում են ամենափոքր մասշտաբով։ Ոսկու այդ ուղեկիցներին ոսկու տեղը գրավելուն խանգարելու նպատակով օրենքը սահմանում է վճարումների ցածր չափերը, որոնց սահմաններում պարտադիր է նրանց ընդունումը ոսկու փոխարեն։ Այն հատուկ ոլորտները, որտեղ շրջանառություն ունեն դրամների տարբեր տեսակները, իհարկե, միահյուսվում են իրար։ Մանրուն դրամը հանդես է գալիս ոսկու կողքին ամենափոքրիկ ոսկեդրամի կոտորակային մասերը վճարելու համար, ոսկին շարունակ ոտք է դնում այդ մանրածախ շրջանառության ասպարեզը և նույնքան շարունակ դուրս է նետվում այնտեղից մանր դրամով փոխարինվելու միջոցով<ref>«Եթե արծաթադրամ միշտ միայն այնքան կա, որքան հարկավոր է մանր վճարումների համար, ապա այն երբեք չի կարող կուտակվել ավելի խոշոր վճարումների համար բավարար քանակներով... Խոշոր վճարումների ժամանակ ոսկու՝ գործածությունը անխուսափելիորեն հասցնում է նրա գործածությանը նաև մանրածախ առևտրի մեջ, ով ոսկեդրամ ունի, մանր գնումների համար էլ է նրանով վճարում և գնած ապրանքի հետ մնացորդը ետ է ստանում արծաթով. այդպիսով, արծաթի այն ավելցուկը, որը հակառակ դեպքում կկուտակվեր մանրածախ առևտրականի մոտ, դուրս է քաշվում նրանից և ցրվում ընդհանուր շրջանառության մեջ։ Բայց եթե միշտ բավականաչափ արծաթ լիներ մանր գնումներն իրացնելու համար, առանց ոսկուն դիմելու, ապա մանրածախ առևտրականը բացառապես արծաթ կստանար մանր գնումների դիմաց և արծաթն անխուսափելիորեն կսկսեր կուտակվել նրա ձեռքում» (David Buchanan: «Inquiry into the Taxation and Commercial Policy of Great Britain». Edinburgh 1844, էջ 248, 249)։</ref>։
Արծաթե և պղնձե նիշերի մետաղյա բովանդակությունն օրենքը որոշում է կամայականորեն։ Նրանք շրջանառության մեջ ավելի արագ են մաշվում, քան ոսկեդրամը։ Այս պատճառով էլ նրանց դրամական ֆունկցիան փաստորեն դառնում է միանգամայն անկախ նրանց կշռից, այսինքն՝ ամեն մի արժեքից։ Ոսկու դրամական գոյությունը վերջնականապես անջատվում է նրա արժեքային սուբստանցից։ Դրա շնորհիվ՝ հարաբերաբար ոչ մի արժեք չունեցող իրերը, օրինակ, թղթի կտորները, հնարավորություն են ստանում ոսկու փոխարեն գործելու որպես դրամ։ Մետաղե փողանիշերի մեջ դեռ որոշ չափով սքողված է նրանց պուտ սիմվոլիկ բնույթը։ Թղթադրամի մեջ այդ բնույթը հանդես է գալիս լիակատար ակներևությամբ։ Ինչպես տեսնում ենք, ce n'est que le premier pas qui coute [միայն առաջին քայլն է դժվար]։
Այստեղ մենք նկատի ունենք միայն պարտադիր կուրս ունեցող պետական թղթադրամը։ Նա բուսնում է անմիջաբար մետաղե շրջանառությունից։ Ընդհակառակը, վարկային փողը ենթադրում է այնպիսի պայմաններ, որոնք մեզ բոլորովին անծանոթ են, քանի դեռ մնում ենք պարզ ապրանքային շրջանառության սահմաններում։ Միայն թռուցիկ նշենք, որ ինչպես թղթադրամը, այս բառի իսկական իմաստով, առաջ է գալիս փողի` որպես շրջանառության միջոցի ֆունկցիայից, վարկային փողի բնական արմատն էլ կազմում է փողի՝ որպես վճարման միջոցի ֆունկցիան<ref>Ֆինանսների մանդարին Վան Մաո-Ինն իրեն թույլ տվեց երկնքի որդուն ներկայացնել մի նախագիծ, որը քողարկված ձևով չինական պետական ասիգնացիաները փոխանակելի բանկային տոմսեր դարձնելու նպատակ էր հետապնդում։ Ասիգնացիոն կոմիտեի 1854 թ. ապրիլի հաշվետվության մեջ նա դրա համար պատշաճ շշպռանք ստացավ։ Թե արդյոք նա բամբուկի գավազանի համապատասխան քանակությամբ հարվածներ էլ ստացավ, այս մասին չի հաղորդվում։ Հաշվետվության վերջում ասվում է. «Կոմիտեն ուշադրությամբ կշռադատեց նրա նախագիծը և գտավ, որ նրա մեջ ամեն ինչ ուղղված է վաճառականների օգտին, և թագի համար օգտավետ ոչինչ չի խոստանում» («Arbeiten der Kaiserlich Russischen Gesandtschaft zu Peking über China», թարգմ. ռուսերենից դ-ր Կ. Աբելի և Ֆ. Ա. Մեկլենբուրգի, մ. I, Berlin 1858, էջ 47 և հաջ.)։ Ոսկեդրամների մետաղային մշտական կորստի մասին, որ տեղի է ունենում շրջանառության հետևանքով, Անգլիական բանկի «governor»-ներից [դիրեկտորներից] մեկu իր վկայության մեջ («բանկային ակտերի» հարցի առթիվ) լոդերի պալատի հանձնաժողովի առաջ հայտարարեց հետևյալը, «Ամեն տարի չափազանց թեթևանում Է սուվերենների մի նոր խումբ (խոսքը քաղաքական սուվերենների մասին չէ, այլ soveriegn-ի ֆունտ ստեռլինգի անունն է)։ Դրանցից նրանք, որոնք մեկ տարի շրջանառության մեջ են լինում որպես լիակշիռ, մաշվելու հետևանքով այդ ժամանակամիջոցում արդեն բավականաչափ կորցնում են, որպեսզի հաջորդ տարին կշռաթաթը իրենց դեմ թեքեն» (House of Lords' Committee 1848, № 429)։</ref>։
Այն թղթանիշերը, որոնց վրա տպված են նրանց փողային անունները, ինչպես, օրինակ, 1 ֆ. ստ., 5 ֆ. ստ. և այլն, շրջանառության պրոցեսի մեջ են նետվում դրսից, պետության կողմից։ Որչափով նրանք իրոք շրջանառություն են կատարում ոսկու համանուն գումարների փոխարեն, նրանք իրենց շարժման մեջ արտացոլում են փողային շրջանառության օրենքները միայն։ Թղթադրամների շրջանառության առանձնահատուկ օրենքը կարող է առաջ գալ լոկ ոսկու նկատմամբ նրա ունեցած հարաբերությունից, լոկ այն բանից, որ նա ոսկու ներկայացուցիչն է։ Եվ այդ օրենքի էությունը պարզապես այն է, որ թղթադրամի թողարկումը պետք է սահմանափակվի նրա այն քանակով, որով պետք է իրոք շրջան գործեր այն ոսկին (կամ արծաթը), որը սիմվոլիկ կերպով ներկայացնում է թղթադրամը։ Ճիշտ է, ոսկու այն քանակը, որ շրջանառության ոլորտը կարող է կլանել, շարունակ տատանվում է, միջին որոշ մակարդակից մերթ վեր բարձրանալով, մերթ ցած իջնելով։ Սակայն շրջանառու միջոցների մասսան տվյալ երկրում երբեք չի իջնում մի որոշ մինիմումից, որը կարող է սահմանվել էմպիրիկ կերպով։ Այն հանգամանքը, որ այդ նվազագույն մասսան անընդհատ փոխում է իր բաղկացուցիչ մասերը, այսինքն՝ ամեն անգամ բաղկացած է լինում ոսկու ուրիշ մասնիկներից, իհարկե, ամենևին չի ազդում շրջանառության ոլորտի մեջ ունեցած նրա չափերի ու նրա մնայուն գործածության վրա։ Հետևաբար, նա հեշտությամբ կարող է թղթե սիմվոլներով փոխարինվել։ Բայց եթե մենք այսօր շրջանառության բոլոր կանալները լցնենք թղթադրամով, մինչև նրանց կատարյալ հագեցումը փողով, ապա վաղը նրանք ապրանքային շրջանառության որևէ տատանումների հետևանքով կարող են գերլցված լիներ։ Ամեն մի չափ կորչում է։ Բայց եթե թղթերն անցնում են իրենց չափից, այսինքն՝ համանուն ոսկեդրամների այն քանակից, որ կարող էր իսկապես շրջանառության մեջ գտնվել, ապա, դեռ մի կողմ թողած նրանց ընդհանուր վարկաբեկման վտանգը, նրանք այժմ ներկայացնում են ապրանքային աշխարհի ներսում ոսկու այն քանակը միայն, որը ընդհանրապես կարող են նրանք ներկայացնել, այսինքն՝ այն քանակը, որը որոշվում է ապրանքային աշխարհի իմմանենտ օրենքներով։ Եթե թղթերի տվյալ մասսան իր անունով, օրինակ, 2 ունցիա ոսկի է, բայց իրապես նա փոխարինում է 1 ունցիայի, ապա 1 ֆ. ստ. փաստորեն դառնում է, ասենք, 1/8 ունցիա ոսկու փողային անունը փոխանակ առաջվա ունցիա ոսկու։ Արդյունքը նույնը կլիներ, եթե ոսկին գների չափի իր ֆունկցիայում փոփոխություն կրեր։ Նույն արժեքները, որոնք առաջ արտահայտվում էին 1 ֆ. ստ. հավասար, գնով, հիմա արտահայտվում են 2 ֆ. ստեռլինգին հավասար գնով։
Թղթադրամը ոսկու, նիշ է կամ փողի նիշ։ Ապրանքային արժեքների նկատմամբ նրա հարաբերությունն այն է, որ ապրանքային արժեքներն իդեալականորեն արտահայտվում են ոսկու հենց այն քանակներով, որոնք զգայաբար ընկալելի սիմվոլիկ արտահայտություն են ստանում թղթերի մեջ։ Թղթադրամը միայն այն չափով է արժեքի նիշ, որչափով նա ներկայացնում է ոսկու որոշ քանակություն, իսկ ոսկու քանակությունը, ինչպես և ապրանքների ամեն մի ուրիշ քանակ, միաժամանակ նաև արժեքի քանակ<ref>'''2-րդ հրատ. ծանոթագրություն.'''— Թե փողի մասին գրող լավագույն հեղինակներն անգամ որքան աղոտ են ըմբռնում փողի զանազան ֆունկցիաները, ցույց է տալիս, օրինակ, հետևյալ հատվածը Ֆուլլարտոնից. «որչափով բանը վերաբերում է մեր ներքին առևտրին, ապա այն բոլոր փողային ֆունկցիաները, որոնք սովորաբար կատարվում են ոսկեդրամով ու արծաթադրամով, կարող են նույնպիսի հաջողությամբ կատարվել անփոխանակելի տոմսերի շրջանառությամբ, որոնք միայն օրենքով սահմանված ֆիկտիվ ու պայմանական արժեք ունեն։ Այս մի փաստ է, որ, կարծում եմ, ոչ ոք չի հերքի։ Այսպիսի արժեքը լիովին կարող էր բավարարել այն պահանջմունքները, որ ներկայումս լիարժեք դրամներն են բավարարում, և նույնիսկ կարող էր արժեքների ու գների չափի ֆունկցիա կատարել, եթե միայն շրջանառության մեջ թողարկվող տոմսերի քանակը չանցներ պատշաճ սահմաններից» (Fullarton: «Regulation of Currencies», 2-րդ հրատ., London 1845, էջ 21)։ Հետևապես, լոկ այն պատճառով, որ փողային ապրանքը շրջանառության մեջ կարող է փոխարինվել հասարակ արժենիշով, նա հարկավոր չէ ո՛չ իբրև արժեքների չափ, ո՛չ էլ որպես գների մասշտաբ։</ref>։
Վերջապես, հարց է առաջ գալիս, թե հապա ինչո՞ւ ոսկին կարող է փոխարինվել հենց իր նիշերով, որոնք ոչ մի սեփական արժեք չունեն։ Սակայն, ինչպես տեսանք, ոսկին կարող է փոխարինվել միայն այն չափով, որչափով նա մեկուսանում, ինքնուրույնություն է ձեռք բերում դրամի կամ շրջանառության միջոցի իր ֆունկցիայում։ Ճիշտ է, այդ ֆունկցիայի առանձնացումը տեղի չի ունենում առանձին ոսկեդրամների նկատմամբ, թեև երևան է գալիս նրանով, որ մաշված դրամները շարունակում են շրջանառության մեջ մնալ։ Ոսկու կտորները միայն դրամ կամ միայն շրջանառության միջոց են մնում այնքան ժամանակ միայն, քանի դեռ նրանք իրոք գտնվում են շրջանառության մեջ։ Բայց այն, ինչ կիրառելի չէ առանձին ոսկեդրամների վերաբերմամբ, կիրառելի է ոսկու այն նվազագույն մասսայի վերաբերմամբ, որը կարող է փոխարինվել թղթադրամով։ Այս մասսան շարունակ գտնվում է շրջանառության ոլորտում, անընդհատ գործում է իբրև շրջանառության միջոց, ուստի և գոյություն ունի բացառապես իբրև այդ ֆունկցիան կրող։ Հետևապես , նրա շարժումը լոկ Ա—Փ—Ա ապրանքային կերպարանափոխության հակադիր պրոցեսների մշտական փոխարկումն է մեկը-մյուսին, կերպարանափոխություն, որով ապրանքին հակադրվում է նրա արժեքի կերպարանքը միայն նրա համար, որպեսզի նորից իսկույն չքանա։ Ապրանքի փոխանակային արժեքի ինքնուրույն արտահայտությունն այստեղ լոկ անցողիկ մոմենտ է։ Նա անհապաղ փոխարինվում է մի ուրիշ ապրանքով։ Այդ պատճառով էլ բավական է փողի լոկ սիմվոլիկ գոյությունը ա՛յն պրոցեսում, որի մեջ փողը մի ձեռքից մյուսն է անցնում։ Փողի ֆունկցիոնալ գոյությունը, այսպես ասած, կլանում է նրա նյութական գոյությունը։ Որպես ապրանքային գների անցողակի օբյեկտիվացած արտացոլում, փողը ծառայում է լոկ իբրև հենց իր նիշ, ուստի և կարող է հասարակ նիշերով փոխարինվել<ref>Այն բանից, որ ոսկին ու արծաթը, որչափով նրանք գործում են որպես դրամ, այսինքն՝ բացառապես իբրև շրջանառության միջոց, իրենք իրենց նիշն են դառնում, Նիկոլա Բարրոնը բխեցնում է կառավարությունների «to raise money»-ի [«դրամի արժեքը բարձրացնելու»] իրավունքը, երբ նրանք կարող են, օրինակ, արծաթի մի այնպիսի քանակ, մինչև, այժմ գրոշ էր կոչվում, արծաթի մի ավելի մեծ քանակի, ասենք, թալերի անունով կոչել և այդպիսով վարկատուներին թալերների փոխարեն գրոշներ վճարել։ «Դրամը մաշվում և թեթևանում է, հաճախակի ձեռքից ձեռք անցնելով... Մարդիկ առևտրական գործերում ուշադրություն են դարձնում արծաթի անվան ու դրոշմվածքի և ոչ թե քանակի վրա»... «Կառավարության հեղինակությունը մի կտոր մետաղից փող է ստեղծում» (N. Barbon: «A Disourse Concerning Coining the New Money lighter. In Answer to Mr. Locke’s Considerations etc.». London 1696, էջ 29, 30, 25)։</ref>։ Հարկավոր է միայն, որ փողի նիշը իր սեփական օբյեկտիվ-հասարակական նշանակությունն ստանա, և թղթե սիմվոլն ստանում է այդ նշանակությունը պարտադիր կուրսի միջոցով։ Պետական այդ հարկադրանքը ուժ ունի միայն տվյալ հասարակության սահմաններում կամ ներքին շրջանառության ոլորտում, բայց և միայն այստեղ է, որ փողը լիովին լուծվում է շրջանառության միջոցի կամ դրամի իր ֆունկցիայի մեջ, և հետևապես, իբրև թղթադրամ կարող է գոյություն ունենալ իր մետաղյա սուբստանցից արտաքուստ մեկուսացած և զուտ ֆունկցիոնալ ձևով։
====3. ՓՈՂ====
Այն ապրանքը, որը գործում է իբրև արժեքի չափ և դրա շնորհիվ էլ գործում է անմիջաբար կամ փոխարինողների միջոցով նաև իբրև շրջանառության միջոց, փող է։ Ուստի ոսկին (կամ արծաթը) փող է։ Ոսկին որպես փող գործում է, մի կողմից, այն դեպքերում, երբ նա պետք է հանդես գա իր ոսկե (կամ արծաթե) մարմնականությամբ, որպես փողային ապրանք, այսինքն՝ այնտեղ, որտեղ նա հանդես է գալիս ո՛չ զուտ իդեալականորեն, ինչպես արժեքի չափի ֆունկցիայում, և ո՛չ էլ իր ներկայացուցիչներով փոխարինվելու ընդունակությամբ, ինչպես շրջանառության միջոցի ֆունկցիայում։ Մյուս կողմից՝ ոսկին (կամ արծաթը) գործում է որպես փող այն դեպքերում, երբ նրա ֆունկցիան — անկախ այն բանից, նա այդ ֆունկցիան անձամբ ինքն է կատարում, թե իր փոխարինողներիմիջոցով,— հաստատապես հատկացնում է նրան արժեքի միակ կերպարանքի կամ փոխանակային արժեքի միակ ադեկվատ կեցության դերը, ի հակակշիռ, մյուս բոլոր ապրանքների, որոնք հանդես են գալիս միայն իբրև սպառողական արժեքներ։
'''a) Գանձերի գոյացումը'''
Երկու հակադիր ապրանքային կերպարանափոխությունների անընդհատ շրջապտույտը կամ վաճառքի ու գնման ակտերի մշտական հաջորդափոխությունը երևան է գալիս փողի անդադար շրջանառության մեջ կամ նրա՝ որպես շրջանառության perpetuum mobile [անընդհատ գործող մեխանիզմի] ֆունկցիայի մեջ։ Փողն անշարժանում է կամ, ինչպես Բուազիլբերն է ասում, meuble immeuble [շարժական բարիքից անշարժ բարիքի], դրամից փողի է փոխարկվում, հենց որ ընդհատվում է կերպարանափոխությունների շարքը, և վաճառքը արդեն չի լրացվում անմիջապես նրան հաջորդող գնումով։
Ապրանքային շրջանառությունը զարգացման հենց իր առաջին սաղմնավորումից կյանքի է կոչում այն անհրաժեշտությունն ու բուռն ձգտումը, որ պետք է իր ձեռքում պահել առաջին կերպարանափոխության արդյունքը, ապրանքի փոխակերպված ձևը, կամ նրա ոսկե հարսնյակը<ref>«Փողով հարստությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ... հարստություն արդյունքներով, որոնք փող են դարձել (Mercier de la Riviere: «L’Ordre Naturel et Essentiel des «Societes Politiques», «Physioerates», հրատ. Daire, I մաս, Paris 1846, էջ 573)։ «Արդյունքների մեջ արտահայտված արժեքը միայն իք ձևն է փոխել» (նույն տեղում, էջ 486)։</ref>։ Ապրանքը ծախում են ոչ թե ուրիշ ապրանք գնելու համար, այլ ապրանքային ձևը փողային ձևով փոխարինելու համար։ Ձևի այդ փոփոխությունը նյութերի փոխանակության սոսկական միջնորդավորող օղակից դառնում է ինքնանպատակ։ Ապրանքի օտարված ձևն արգելքների է դեմ առնում, երբ ուզում է գործել որպես ապրանքի բացարձակ օտարելի ձև, կամ որպես նրա վաղանցուկ փողային ձևը միայն։ Դրա հետ միասին փողը քարանում է որպես գանձ, և ապրանքներ վաճառողը դառնում է գանձահավաք։
Ապրանքային շրջանառության սկզբնական շրջանում է հենց, որ փող է դառնում սպառողական արժեքների ավելցուկը միայն։ Այսպիսով, ոսկին ու արծաթն ինքնըստինքյան դառնում են ավելցուկի կամ հարստության հասարակական արտահայտություն։ Գանձերի կուտակման այդ միամիտ ձևը հավերժանում է այն ժողովուրդների մոտ, որտեղ արտադրության ավանդական, սեփական սպառման վրա հիմնված եղանակին համապատասխանում է պահանջմունքների ամուր հաստատված մի շրջանակ։ Այդ մենք տեսնում ենք, օրինակ, ասիացիների, հատկապես հնդիկների մոտ։ Վանդերլինտը, որը երևակայում է, թե ապրանքային գները որոշվում են տվյալ երկրում եղած ոսկու կամ արծաթի մասսայով, իրեն հարց է տալիս, թե հնդկական ապրանքներն ինչո՞ւ այնքան էժան են։ Պատասխան,— որովհետև հնդիկները հորում են իրենց փողը։ 1602-ից մինչև 1734 թվականը,— ասում է նա,— նրանք հորել էին 150 միլիոն ֆանտ ստեռլինգի արծաթ, որն սկզբում Ամերիկայից բերվել էր Եվրոպա<ref>«Հենց այդ սովորության հետևանքով է, որ նրանք իրենց ապրանքներն ու մանուֆակտուրային արտադրանքներն այդպիսի ցածր գներով են բաց թողնում» (Vanderlint: «Money answers all Things». London 1734, էջ 95, 96)։</ref>։ 1856-ից մինչև 1866 թվականը, այսինքն՝ մեկ տասնամյակում, Անգլիան արտահանել է Հնդկաստան ու Չինաստան (Չինաստան արտահանված մետաղը մեծ մասամբ դարձյալ հոսում է Հնդկաստան) 120 միլիոն ֆ. ստ. արծաթ, որն առաջ փոխանակվել էր ավստրալիական ոսկու հետ։
Ապրանքային արտադրության հետագա զարգացման ընթացքում ամեն մի ապրանք արտադրող պետք է իրեն ապահովի nexus rerum-ով, որոշ «հասարակականորեն ճանաչված գրավականով»<ref>«Փողը գրավական է» (Jօհո Bellers: «Essays about the Poor, Manufactures, Trade, Plantations, and Immortality». London 1669, էջ 13)։</ref>։ Նրա պահանջմունքները կրկին ու կրկին անընդհատ հայտարարում են իրենց մասին և անընդհատ նրան դրդում են ուրիշի ապրանքը գնելու, մինչդեռ սեփական ապրանքի արտադրությունն ու վաճառքը ժամանակ արժեն և կախված են պատահականություններից։ Որպեսզի գնի առանց վաճառելու, նա պետք է նախ վաճառի առանց գնելու։ Այս գործառնությունը, եթե ընդհանուր կանոն համարենք, թվում է, թե ինքն իրեն հակասում է։ Սակայն ազնիվ մետաղներն իրենց արտադրության ակունքում փոխանակվում են անմիջաբար ուրիշ ապրանքների հետ։ Այստեղ տեղի է ունենում վաճառք (ապրանքատերերի կողմից) առանց գնման (ոսկու կամ արծաթի տերերի կողմից)<ref>Գնումը բառի խիստ իմաստով ենթադրում է, որ ոսկին ու արծաթն ապրանքի արդեն փոխակերպված ձև, այսինքն՝ վաճառքի արդյունք են։</ref>։ Եվ հետագա վաճառքները՝ առանց նրանց լրացնող գնման ակտերի՝ լոկ միջնորդավորում են ազնիվ մետաղների հետագա բաշխումը բոլոր ապրանքատերերի միջև։ Այսպիսով, շրջանառության բոլոր կետերում կուտակվում են ոսկե ու արծաթե գանձեր ամենատարբեր չափերով։ Ապրանքը որպես փոխանակային արժեք կամ փոխանակային արժեքը որպես ապրանք պահելու հնարավորության հետ միասին՝ արթնանում է ոսկու ծարավը։ Ապրանքային շրջանառության ընդլայնման հետ աճում է փողի իշխանությունը, հարստության մշտապես մարտական պատրաստության մեջ գտնվող այդ բացարձակ հասարակական ձևի իշխանությունը։ «Ոսկին մի զարմանալի՜ իր է։ Ով ոսկի ունի, նա տեր է ամեն բանի, ինչ որ ուզի։ Ոսկով կարելի է մինչև անգամ հոգիների առաջ դրախտի ճանապարհը բանալ»։ (Կոլումբոսը Յամայկայից 1503 թվականին գրած նամակում)։ Որովհետև փողի արտաքինից չի կարելի իմանալ, թե ի՛նչն է փող դարձել, ուստի փող է դառնում ամեն բան՝ թե՛ ապրանք, թե՛ ոչ-ապրանք։ Ամեն ինչ դառնում է առք ու վաճառքի առարկա։ Շրջանառությունը դառնում է մի ահագին հասարակական փորձանոթ, որի մեջ է ներքաշվում ամեն ինչ որպես փողային բյուրեղ նրա միջից դուրս գալու համար։ Այս ալքիմիային դիմադրել չեն կարող մինչև անգամ սրբերի մասունքները, ո՞ր մնաց պակաս կոպիտ res sacrosanctae, extra commercium hominum-ները [մարդկանց առևտրային շրջանառությունից բացառված սրբազան իրերը]<ref>Հենրիխ III-ը, Ֆրանսիայի ամենաքրիստոնյա թագավորը, կողոպտում է վանքերի ու այլ հաստատությունների սրբազան մասունքները՝ դրանք արծաթ դարձնելու համար։ Հայտնի է, թե ֆոկեյացիների ձեռքով Դելֆյան տաճարի գանձերի կողոպտումն ինչպիսի դեր խաղաց Հունաստանի պատմության մեջ։ Ինչպես հայտնի է, Աթենքում ապրանքների աստվածը տաճարներում էր ապրում։ Տաճարները «սրբազան բանկեր» էին։ Փյունիկեցիները, որոնք par excellence առևտրական ժողովուրդ էին, փողը բոլոր իրերի օտարված ձևն էին համարում։ Այդ պատճառով էլ միանգամայն բնական էր, որ սիրո աստվածուհու պատվին կատարվող տոների ժամանակ օտարականներին անձնատուր եղող կույսերն աստվածուհուն զոհաբերում էին իբրև վարձատրություն ստացած դրամը։</ref>։ Ինչպես որ փողի մեջ ջնջվում են ապրանքների բոլոր որակական տարբերությունները, փողն էլ իր հերթին որպես արմատական լեվելլեր, ջնջում է ամեն տեսակ տարբերությունները<ref>
<poem>
...Ոսկի՜։
Դեղին, շողշողուն, թանկագին ոսկի...
...Սրա մի բուռը կարող է սևին սպիտակ դարձնել,
Տգեղին սիրուն, սխալը ուղիղ, ստորը ազնիվ,
Ծերուկին ջահել, երկչոտին կտրիճ։
Օ՜, դուք աստվածներ, ինչո՞ւ է այդպես։
Ինչո՞ւ է այդպես, հզոր աստվածներ։
Սա ընդունակ է ձեզնից հեռացնել
Ձեր քրմերին ու սպասավորներին,
Մահամերձ մարդկանց բարձերը քաշել գլխատակերից։
Այս դեղին ստրուկն է
Ստիպում մարդկանց կապել ու քանդել սրբազան ուխտեր,
Նզովյալին օրհնել,
Բորոտությունը դարձնել պաշտելի,
Գողերին բարձր պաշտոնի կարգել,
Նրանց աստիճան և պատիվներ տալ,
Սենատորների գահին բազմեցնել։
Սա է խորշոմած այրի պառավին պսակում նորից...
...Գնա՛, նզովյալ հող,
Համայն մարդկության դու լպիրշ պոռնիկ,
</poem>
(Շեքսպիր, «Տիմոն աթենացի»։) [IV գործող., III տեսարան, Հայպետհրատ, 1950, էջ 97—98։]</ref>։ Բայց փողն ինքն ապրանք է, մի արտաքին իր, որը կարող է ամեն մի մարդու մասնավոր սեփականությունը դառնալ։ Այսպիսով, հասարակական ուժը դառնում է մասնավոր անձի մասնավոր ուժ։ Այս պատճառով անտիկ հասարակությունը պախարակում է փողը որպես դրամ, որի հետ փոխանակվում է նրա ամբողջ տնտեսական ու բարոյական կենսակարգը<ref>
<poem>
...Դո՛ւ ես, արծա՛թ, որ իսկապես կյանքում մարդկանց
Այլանդակում, նողկ ես դարձնում օրենքների զորությունն,
Դո՛ւ ես, որ մերթ խորտակում ես շեն քաղաքները փառապանծ,
Եվ դուրս նետում մահկանացու մարդկանց իրենց օջախից.
Դու ես իրոք, որ շեղում ես ճանապարհից վեհ հոգին
Եվ ներշնչում մարդկանց հաճախ գործեր մոլի ու խայտառակ։
</poem>
(Սոֆոկլես. «Անտիգոնե»։) [«Հույն ողբերգակներ», Հայպետհրատ, 1950, էջ 160։]</ref>։
Արդի հասարակությունը, որ դեռևս իր մանկական հասակում «դուրս է քաշել Պլուտոնին երկրի ընդերքից՝ նրա մազերից բռնած»<ref>«<Հունարեն տէքստ> ext«övtyj<;Հ՚տautovtov IDoutwvco» [«Ագահությունը հույս ուներ հենց Պլուտոնին մազերից բռնած դուրս քաշելու երկրի ընդերքից»] (Athenaeus: «Dei pnosophistarum [libri quindecim», գիրք VI, գլ. 23, Schweighäuser» 1802, հ. II, էջ 397])։</ref>, ոսկուն ողջունում է իբրև իր կյանքի ամենաինտիմ սկզբունքի փայլուն մարմնացումը։
Ապրանքը որպես սպառողական արժեք որոշ պահանջմունք է բավարարում և կազմում է նյութական հարստության որոշ տարրը։ Բայց ապրանքի արժեքը չափում է նրա ձգողական ուժի աստիճանը նյութական հարստության բոլոր տարրերի նկատմամբ, հետևապես, չափում է իր տիրոջ հասարակական հարստությունը։ Բարբարոսաբար պարզամիտ ապրանքատիրոջ համար, նույնիսկ արևմտա-եվրոպական գյուղացու համար, արժեքն անբաժանելի է արժեքի ձևից, ուստի և ոսկե ու արծաթե գանձի կուտակումը նրա համար համընկնում է արժեքի կուտակման հետ։ Ճիշտ է, փողի արժեքը փոխվում է, միևնույն է՝ հենց իր՝ փողային մետաղի արժեքի փոփոխության հետևանքով, թե մյուս ապրանքների արժեքի փոփոխության հետևանքով։ Բայց այդ չի խանգարում այն բանին, որ, նախ, 200 ունցիա ոսկին համենայն դեպս ավելի շատ արժեք է պարունակում, քան 100-ը, 300-ն ավելի, քան 200-ը և այլն, որ, երկրորդ, տվյալ իրի մետաղե բնաձևը մնում է որպես բոլոր ապրանքների ընդհանրական համարժեքային ձևը, մարդկային ամեն մի աշխատանքի անմիջականորեն հասարակական մարմնացում։ Գանձ կուտակելու ձգտումն իր բնությամբ չափ չի ճանաչում։ Որակապես կամ իր ձևով փողը սահման չունի, այսինքն նյութական հարստության ընդհանուր ներկայացուցիչն է, որովհետև նա կարող է անմիջաբար փոխարկվել ամեն մի ապրանքի։ Սակայն միաժամանակ փողի ամեն մի իրական գումար քանակապես սահմանափակված է, ուստի և սահմանափակ ուժ ունեցող գնման միջոց է։ Փողի քանակական սահմանի ու որակական անսահմանության միջև եղած այս հակասությունը գանձահավաքին ստիպում է շարունակ նորից ու նորից կուտակման սիզիֆյան աշխատանք կատարելու։ Նրա հետ նույնն է կատարվում, ինչպես աշխարհակալի հետ, որն ամեն մի նոր երկիր նվաճելիս լոկ մի նոր սահման է ձեռք բերում։
Ոսկին իր ձեռքում որպես փող, այսինքն՝ որպես գանձ ստեղծելու տարր պահելու համար պետք է արգելք լինել նրա շրջանառությանը, այն բանին, որ նա իբրև գնման միջոց չլուծվի սպառման միջոցների մեջ։ Հետևապես, գանձ ստեղծողը իր մարմնի պահանջմունքները զոհ է բերում ոսկե ֆետիշին։ Նա լուրջ է ընդունում ժուժկալության ավետարանը։ Բայց մյուս կողմից, նա կարող է շրջանառությունից դուրս կորզել որպես փող լոկ այն, ինչ ինքը տալիս է շրջանառությանը որպես ապրանք։ Որքան նա ավելի շատ է
<references>