Changes
Հեռախոսի զանգն իր անսպասելիությամբ թվաց չափազանց ուժեղ։ Երկուսն էլ ցնցվեցին։ Բրաբին վեր կացավ, ջնջոցը դրեց իր նստած աթոռի վրա, մոտեցավ հեռախոսի սեղանակին։
Ժիրայրն ակամայից լսում էր խոսակցությունը՝ առանց հասկանալու։ Նա չէր հասկանում ոչ միայն այն պատճառով, որ հուզված էր ու շփոթված, ոչ միայն այն պատճառով, որ լսում էր միայն կնոջը եւ ոչ թե նաեկ խոսակցին, այլեւ որ նա դրսից եկած մարդ էր՝ անծանոթ այդ կնոջը, անծանոթ նրա գործերին։ Այնուամենայնիվ բավական ձգձգված հեռախոսության ընթացքում նա աստիճանաբար հասկացավ, որ Բրաբին ինչ֊որ հիմնարկի պետ է կամ դրա պես մի բան, եւ որ նրանից կախում ունեցող ինչ֊որ մարդիկ խնդրում են նրան կարգադրել ինչ֊որ գործ, իսկ Բրաբին պատասխանում է, որ նա արձակուրդի մեջ է, իսկ արձակուրդն արդեն ավարտվում է եւ երկուշաբթի օրվանից նա նորից գնալու է աշխատանքի։ Այնպես որ, կարող են սպասել մի երկու օր։Ոչ, ոչ, նա հեռախոսով ոչինչ չի կարող կարգադրել, պետք է մոտիկից ծանոթանա գործին։ Իսկ եե ճիշտը կուզեք իմանալ, նա իրավունք էլ չունի արձակուրդի ընթացքում կարգադրություններ անելու։ Դիմեցեք նրա տեղակալին… Աստված իմ, Բրաբիի տեղակալին… Բրաբիի… Այն նիհար, հեզ կնոջ, աղջկա տեսքով, որն այն առավոտ Ժիրայրին նախաճաշ պատրաստելիս լուռ լաց էր լինում՝ առանց սրբելու այտերով հոսող արցունքահատիկները։ Երբ Ժիրայրը, նկատելով նրա լացը, վեր կացավ, գրկեց նրան եւ համբուրելով արցունքոտ այտը, հանգստացրեց, որ Հովիկին ոչինչ չի պատահի, որ նա կառողջանա, կինը պատասխանեց․— «Գիտեմ, ես նրա համար չեմ լալիս»… Նախորդ օրը Ժիրայրի հիմնարկում տեղի էր ունեցել փոթորկալի ժողով, որտեղ ծանր մեղադրանքներ էին շպրտել Ժիրայրի եւ մի ուրիշի հասցեին։ Այդ մյուս մարդը կիսամեռ վիճակում հազիվ էր ոտքերը դուրս քաշել ժողովից, իսկ Ժիրայրն առանձնապես չէր անհանգստացել, քանի որ գիտեր իր անմեղությունը։ Նրան զրպարտել էին առանց հիմքի։ Նա որոշել էր մոտ օրերը գրավոր հերքել զրպարտությունը՝ բերելով անվիճելի փաստեր։ Նա չէր կասկածում, որ ճշմարտությունը չի կարող չվերականգնվել մեր երկրում։ Իսկ երբ Ժիրայրն արդեն դուրս էր գալիս տնից, Բրաբին ձեռքի հուսահատ շարժումով արագ բռնեց նրա թեւքից, ընկավ գիրկը եւ փղձկաց․ «Ի՞նչ պիտի անեմ ես մենակ, առանց քեզ…»։ Բայց ժիրայրը ծիծաղեց երեխայի անմեղ, միամիտ ծիծաղով, համբուրեց կնոջը եւ ասաց, որ Հովիկի դեղը նա հենց հիմա կպատվիրի եւ աշխատանքից դուրս գալիս հետը կբերի։ Նա գնաց եւ վերադարձավ միայն այսօր։ Թե ինչ էր նշանակում տասնվեց տարվա, երկու ամսվա եւ տասնհինգ օրվա բացակայություն՝ Ժիրայրը չէր պատկերացնում։ Նա չէր կարողանում իր բաց թողած կյանքի մեջ դնել շոշափելի, տեսանելի բովանդակություն։ Կանվանես դա հինգ տարի, տասը տարի, թե տասնվեց՝ էությունը չի փոխվի դրանից, տարիների քանակը կմնա լոկ թվաբանական աբստրակտ հասկացողություն։ Չկա ոչ մի պատկեր, ոչ մի հուշ, որը կապված լինի դրա հազարավոր օրերից որեւէ մեկի հետ, առանձնացնի այդ օրը մյուսներից, բոլոր օրերն իրարից, ամիսներն ու տարիներն իրարից։ Տասնվեց տարի, երկու ամիս եւ տասնհինգ օրը նրա համար ուներ այլ բովանդակություն, լցված էր մի այլ կյանքով։ Բայց այդ արդեն ոչ մի կապ չուներ նրա քաղաքի, նրա տան, նրա հարազատ մարդկանց հետ։ Եվ երբ նա ճգնեց ստեղծել իր կյանքի վերջին օրն օղակի պես եկավ ագուցվեց այսօրվա օղակին, իսկ տասնվեց տարի, երկու ամիս եւ տասնհինգ օրն առանձնակի ընկան մի կողմ՝ որպես ժանգոտ ու սեւ մի շղթայակտոր։ Բրաբին, մեջքով դեպի Ժիրայրը, վար դրեց հեռախոսափողը, մի պահ մնաց այդպես կանգնած՝ երեւի մտածելով, որ երբ նորից շուռ գա ու նայի, պիտի տեսնի՞ արդյոք Ժիրայրին, թե՞ նա տեսիլք էր, որ չքացավ։ Բայց գուցե կինը մտածում էր ավելի ռեալ եւ գործնական բաների մասին, մտածում էր, թե ինչ անի կամ ասի այժմ։ Շուռ գալով դեպի ամուսինը, նա հարցրեց․ — Սոված չե՞ս, Ժիրայր։ Ճիշտ է, այսօր դեռ ոչինչ չեմ եփել, բայց լավ ճաշ է մնացել երեկվանից։ Բրաբին չհասկացավ, թե ինչու նրա այդ խոսքերի ժամանակ Ժիրայրը ցնցվեց եւ անթարթ նայեց նրան՝ կարծես չհասկանալով հարցը։ Ապա ասաց դանդաղ․ — Ոչ, սոված չեմ։ — Այդ դեպքում ես վաննա կպատրաստեմ, լողացիր, հետո կխոսենք։ Բրաբին դուրս ելավ՝ տանելով իր հետ ջնջոցը։ Երեկվանից մնացած ճաշ… Ի՞նչ երեկվա մասին է խոսքը… Ժիրայրի համար երեկն այն օրն էր, երբ նա մեկնեց տնից՝ Հովիկի դեղատոմսը գրպանում։ Բայց ոչ, պետք է զգաստ մտածել․— երեկն այն օրն էր, երբ նա, գնացքի լուսամուտից անհամբեր նայելով դուրս, կիլոմետրերն էր հաշվում՝ շտապելով հասնել Երեւան։ Այժմ նա տեսնում էր, որ եղել է նաեւ մի ուրիշ երեկ, առանց նրա… Ճաշի սեղանի շուրջը հավաքվել են նրա կինը, նրա տղան, նրա աղջիկը, գուցե նաեւ հյուրեր՝ նույնքան անծանոթ։ Ճաշել են, խոսակցել իրենց գործերի մասին, եւ չի եղել դատարկ աթոռ, եւ չեն էլ հիշել ինչ֊որ վաղուց աղոտված, իսկ ոմանց համար մինչեւ իսկ բոլորովին անծանոթ մարդու… Երեկ… Դա միակ օրն էր հինգ հազար ինը հարյուր տասնութ անմարմին օրերից, որը ճաշի պարզ հիշատակությամբ նյութացավ եւ վերածվեց կոնկրետ օրվա։ Այրվածքի նման մի սուր ափսոսանք, ուշացած մարդու մի անդառնալի վիշտ կսկծացրեց նրա սիրտը, որ նա այստեղ չի եղել երեկ, սեղան չի նստել յուրայինների հետ։ Երեկ… Մի օր… Իսկ մնացած հինգ հազար ինը հարյուր տասնյոթ օրե՞րը… Ոչ, դրանք դեռ դատարկ թվեր էին նրա համար։ Առայժմ միայն երեկվա օրն էր նրա համար կենդանի օր, նա դրա կորուստի համար ավելի էր ափսոսում, քան մնացյալ ամբողջ ժամանակաշրջանի համար։ Ժիրայրն աթոռի վրա նստել էր մի տեսակ կուչ եկած, վախեցած, կարծես աշխատելով ըստ հնարավորին քիչ տեղ զբաղեցնել այդ անծանոթ սենյակում, ուրիշի տանը։ «Ճիշտ այդպես էի նստել տարիներ առաջ, հարցաքննության ժամանակ…»,— անցավ նրա մտքով։ Նա ուզեց թոթափել իրենից անախորժ հուշը։ Նայեց շուրջը։ Ինչպիսի՜ կանոնավոր եւ ներդաշնակ բնակարան… Շքեղությունն ամեն կողմ սփռված է ոչ թե «գեղարվեստական անփութությամբ», այլ երկրաչափական խստությամբ եւ մաթեմատիկական անվիճելիությամբ։ Եթե մի լուսամուտի քողն վարագույրն ունի յոթը ծալք, ապա մյուսինը նույնպես յոթն է եւ ոչ թե վեց կամ ութ։ Սփռոցը սեղանի վրա փռված է բոլորովին չջնջված խոր ծալքերով, կարծես պահարանից նոր հանված։ Սեղանի վրա՝ բյուրեղյան ջրաման եւ բյուրեղյա բաժակ՝ բյուրեղչա տակդիրի վրա, սեղանի ուղիղ մեջտեղում։ Սեղանի շուրջը՝ վեց փափուկ աթոռներ, իհարկե, երկարավուն կողմերում երկուական աթոռ, իսկ կարճ կողմերում՝ մեկական։ Կարելի է գրազ գալ, որ տարածությունները դրանց միջեւ համաչափ են՝ մինչեւ մի միլիմետր ճշտութամբ։ Բացառություն է կազմում այն աթոռը, դուրս քաշված եւ թիկնակը դեպի սեղանը դարձրած, որի վրա նստել էր Ժիրայրը։ Իսկ Բրաբին նստել էր ռադիոընդունիչի սեղանակակի մոտ դրված աթոռի վրա։ Ռադիոընդունիչն իր սեղանակով, հեռախոսն իր սեղանակով, բուֆետ֊պահարանը, գրքերի պահարանը, լայն ու մեծ բազմոցը, բոլորը փայլում են իրենց դեղնավուն֊շագանակագույն մակերեսներով, փայտանյութի մուգ ու բաց երանգներով։ Ապակեղենն ու բյուրեղը բուֆետ֊պահարանում եւ գրքերն իրենց պահարանում դարսված են այնպիսի սպառիչ կանոնավորությամբ ու ներդաշնակությամբ, կարծես դրված են այնտեղ միանգամ ընդմիշտ եւ այլեւս ձեռք չի կպել դրանց, թեեւ, կարելի է չկասկածել, որ ընտանիքի անդամներն ամեն օր օգտվում են դրանցից։ Այդ դեպքում ովքե՞ր են ապրում այս տանը, ինչպիսի՞ կանոնավոր ու կարգասեր մարդիկ։ Նրանք երեւի կատարում են երկրաչափորեն ճիշտ շարժումներ, չեն խախտում տտեղից ոչինչ, իսկ եթե խախտում են էլ կարճ ժամանակով, որեւէ իր օգտագործելու համար, ապա նորից, իսկույն, վերականգնում են կարգն ու ներդաշնակությունը… Ժիրայրի աչքն ընկավ իր բրեզենտե պայուսակին եւ նա իրանի մի ընդոստ շարժումով ձգվեց դեպի այն։ Գունաթափված, կեղտոտ, այն նման էր հազար պատահարներով անցած մի փոքրիկ կենդանու՝ հոգնատանջ տեսքով։ Դրա վրա, տեղ֊տեղ, մի ուղղությամբ ձգված հաստ թելերը քրքրվել թափվել էին եւ մնացել էին միայն դեմկտրուկ ուղղությամբ ձգվող թելերը, կարծես կենդանու մաշկն էր պլոկվել այդ տեղերում եւ տակից երեւում էին կոպիտ մսի հաստ հյուսվածքները։ Սիրելի, փոքրիկ կենդանի, Ժիրայրի երկար տարիների ընկերը եւ այժմ միակ հարազատն այդ սենյակում… Հեռախոսը նորից զանգահարեց, եւ դրա մեղմ հնչյունը նորից ներգործեց Ժիրայրի վրա՝ սառը ջրի սթափեցնող ցնցուղի պես։ Նա վեր ցատկեց Բրաբիին կանչելու։ Արագ բաց արեց դուռը եւ ավելի արագ ծածկեց։ Ոչ, դա այն չէ, դա ննջարանի դուռն է։ Նա վախեցավ տեսնել այնտեղ ուրիշ տղամարդու գոյության նշաններ։ Իհարկե, հազիվ թե մի ուրիշ տղամարդու գոյությունն ավելի խորթ դարձներ նրա համար արդեն իսկ լիովին խորթ այդ բնակարանը, բայց նրա ուղղամիտ խառնվածքին հակառակ բան էր դեսուդեն հոտմտելը, ցույց չտրված բաներն անձնական ջանքերով տեսնելը։ Ժիրայրն իր պայուսակի մոտով դուրս ելավ նախասենյակ, աչքերով փնտրեց վաննայի դուռը։ Այն բաց էր։ Բրաբին նստել էր վաննայի եզրին՝ մի ոտքը կախ, եւ մտածում էր։ Նրա ետեւում խշշում էր ծորակից թափվող ջուրը։ — Բրաբի, հեռախոսը։ Կինն սթափվեց, վեր կացավ, Ժիրայրը նրա ետեւից վերադարձավ սենյակ։ Այս անգամ զանգահարում էր ինչ֊որ ծանոթ մի կին։ Երեւի Բրաբին պայմանավորվել էր հանդիպել նրա հետ եւ երեւի ժամանակն արդեն անցել էր։ Խոսելով հեռախոսափողի մեջ, Բրաբին մեքենայական շարժումով նայեց իր թեւի ժամացույցին եւ ասաց, որ չի կարող գնալ, որովհետեւ զբաղված է, մարդ է եկել իր մոտ Նա հենց այդպես ասաց՝ «մարդ»։ Եվ քանի որ ծանոթուհին պնդում էր, Բրաբին հարկադրվեց ասելու, որ ունի մերժելու շատ կարեւոր պատճառ, եւ որ հետո ամեն ինչ կբացատրի… Ժիրայրը շարջումներով հասկացրեց կնոջը, որ կարող է գնալ, ինքն արգելք չի լինի, կմնա տանը կամ դուրս կգա շրջելու։ Բայց կինը կտրուկ շարժեց ձեռքը՝ դեմքին տալով այնպիսի արտահայտություն, թե նա առանց այդ էլ չէր ուզում հանդիպել իր ծանոթուհուն, եւ Ժիրայրը հենց հաջող պատրվակ է նրա համար։ — Ջուրն արդեն պատրաստ է,— ասաց կինը՝ ավարտելով խոսակցությունը հեռախոսով։— Փոխնորդ սպիտակեղեն ունե՞ս։ — Այո,— ստեց Ժիրայրը՝ վախենալով, որ նրան կարող են առաջարկել ուրիշ տղամարդու սպիտակեղեն։ Նա դռան մոտից վերցրեց իր պայուսակը, գնաց։ Փակեց սենյակի դուռը ներսից եւ լուռ զմայլանքով նայեց շուրջը։ Երեխա ժամանակ նա հաճախ էր տեսնում երազում, թե ինչպես մի շափահաս աղջիկ, նար ձեռքից բռնած, նրան տանում էր ահա այսպիսի մի շողշողուն սենյակ, թեեւ ավելի մեծ, դահլիճ… Սենյակը ողողված էր առատ լույսով, որը տաք ջրի պես հորդում էր առաստաղի կենտրոնում եւ երկու տեղով հայելու վերեւում ամրացված կիսաթափանց լուսամփոփներից։ Պատերը, համարյա մինչեւ առաստաղ, սպիտակ կաֆելի աղյուսակներից էին։ Սպիտակ վաննա, լվացարանի սպիտակ խեցի։ Փայլում էր ծորակների եւ ցնցուղի նիկելը։ Լվացարանի վերեւում գտնվող մեծ հայելին իր մեջ վճիտ արտացոլում էր փայլուն շրջապատը։ Հայելու տակ՝ ապակյա թարեք՝ նիկելե շրջանակի մեջ առնված, վրան՝ օճառ, օդեկոլոն։ Վաննայի կողքի պատի վրա, վաննայի պռունգից մի քիչ բարձր, կաֆելե աղյուսակներից երկուսը դուրս են ցցել երկու թարեքներ, մեկը՝ գոգավոր, օճառի համար, մյուսը՝ տափակ, սունգի։ Լվացարանի եւ վաննայի նիկելե ծորակների վրա՝ հախճապակյա պտուտակներ, կապույտ՝ «սառը» եւ կարմիր՝ «տաք» բառերով։ Պատի վրա կախարան՝ սպիտակ ներկած փայտից, նիկելե ճաղերով, որոնք ունեն հախճապակյա սպիտակ գլխիկներ։ Մի ազատ անկյունում՝ կրեմագույն֊սպիտակ աթոռ՝ սպիտակեղենը դնելու համար։ Եվ այդ բոլորը՝ երկրաչափորեն կանոնավոր, մաթեմատիկորեն ներդաշնակ, օճառի կտորները՝ դեռ չսկսած, օդեկոլոնի սրվակը՝ նույնպես, երեսսրբիչը՝ ձեռք չտված, սրփիչ֊խալաթը՝ թարմության բույր արձակող… Ժիրայրն իր պայուսակը նետեց աթոռի տակ, ինքը նստեց աթոռի վրա՝ մոռանալով հանվել։ Ինչո՞ւ բերեց Բրաբին նրան այստեղ եւ ընդհանրապես ինչո՞ւ եկավ նա այս բնակարանը… Սանդուղքով բարձրանալով երկրորդ հարկ, նա դռներից մեկի վրա տեսավ պղնձե տախտակ՝ իր ազգանունով՝ Գլենց… Բ․ Ա․ Գլենց։ Ուզեց թակել, բայց նկատեց, որ դուռը բաց է։ Եվ իր ազգանունը կրող դռնով մտավ ուրիշի տունը… Մոտ երկու տասնյակ տարի առաջ, նա, եռանդով լի երիտասարդ, համատեղ կյանք սկսեց մի խելոք ու նվիրված աղջկա հետ։ Դրանից առաջ նրանք քսան տարի եւ տասնյոթ տարի ապրել էին առանձին֊առանձին։ Այժմ, միանալով, նրանք ծրագրել էին ե՛ւ լավ բնակարան ունենալ, ե՛ւ լավ հագնվել, ե՛ւ լավ ապրել, ե՛ւ երեխաներ ստեղծել, ե՛ւ բարձրագույն կրթություն ստանալ, ե՛ւ լավ գործեր կատարել հանուն հայրենիքի ու սեփական բավականության։ Կյանքը նրանց առջեւումն էր, եւ նրանք անշուշտ կիրագործեին իրենց ծրագիրը։ Բայց Ժիրայրը գնաց իրենից բոլորովին անկախ պատճառներով եւ Բրաբին մենակ, առանց նրա, շարունակեց կյանքը եւ հասավ այդ ամենին։ Ի՞նչ մաս ունի Ժիրայրն այդ ամենի ստեղծման մեջ… Ուրեմն ինչո՞վ է սա իր տունը, ինչո՞վ են Հովիկն ու աղջիկը նրա զավակները։ Նա ոչ միայն չի փայփայել ու դաստիարակել նրանց, այլեւ չի կարողացել դեղ անգամ հասցնել տղային նրա հիվանդության ժամանակ, իսկ աղջկան չի էլ տեսել, չգիտե անգամ նրա անունը… Եվ այժմ նա լողանալու է ուրիշի վաննայում, օգտվելու է ուրիշի օճառից ու սպունգից, մարմինը չորացնելու է ուրիշի սրբիչով, հագնելու է ուրիշի սրբիչ֊խալաթը։ Դրանք բոլորն ստեղծվել են երկրի դժվար ջանքերով, որոնց մեջ ոչ մի մասնակցություն չունի Ժիրայրը, եւ պատկանում են Բրաբիին, որին ոչնչով չի օգնել նույն անկոչ Ժիրայրը։