Changes

Ժիրայր Գլենց (վեպ) մաս առաջին

Ավելացվել է 103 531 բայտ, 18:29, 17 Մարտի 2014
/* 5 */
Շա՞տ էր քնել Ժիրայրն արդյոք, թե քիչ, երբ լսեց թեթեւ ոտնաձայն հատակի վրա՝ զգուշությունից դանդաղած։
 
Նա բաց արեց աչքերը։ Կապույտ շրջազգեստով, կապույտ եւ սպիտակ երիզավոր կոֆտայով, վարանոտ, վախեցած, սենյակի մեջտեղում կանգնել էր մի այնպիսի նիհար, թեթեւ օդային աղջիկ, որ եթե նույնիսկ դիտմամբ դոփեր ոտքերը, հազիվ կարողանար ավելի մեծ շրշոց հանել։ Հանցանք գործածի խոշորացրած աչքերով նա նայում էր պառկած մարդուն՝ տանջալի զղջումով տեսնելով իր արարքի հետեւանքը՝ նրա արթնանալը։
 
— Բարեւ ձեզ…— ասաց նա կարմրելով, ներողություն հայցողի պես։
 
Ժիրայրը կտրուկ վեր ցատկեց, ելավ ոտքի։ Իր աղջիկը… Նրա սիրտն սկսեց ուժգին բաբախել։ Իր հարազատ, իր արյունակից աղջիկը… Մի՞թե, իրոք, իրենն է այդ շփոթված, նիհար, գեղեցիկ աղջիկը…
 
Հպարտություն, խանդաղատանք, պոռթկալու պատրաստ ջղաձիգ հեկեկոց, չգիտես՝ ուրախությունի՞ց, թե՞ երկար տարիներ կորցրածի վշտից, այրեցին նրա կուրծքը՝ ինչպես անզգուշորեն մի ումպով խմած եփ թեյ։
 
— Դու գիտե՞ս, թե ով եմ ես,— խռովահույզ ձայնով, տանջվելով, որ նա «դուք»֊ով խոսեց իր հետ, հարցրեց Ժիրայրը։
 
— Այո։ Դուք իմ հայրիկն եք։
 
— «Դու» ասա ինձ, խնդրում եմ,— պոռթկաց Ժիրայրի կոկորդից եւ նրա աչքերը լցվեցին արցունքով։ Նա խելագար խանդ զգաց աշխարհի հանդեպ, Ջոնի, Բրաբիի հանդեպ, որոնց այդ աղջիկը կարող էր ասել «դու», ասում էր «դու», իսկ նրան, հարազատ, արյունակից հորը՝ ոչ…
 
Աղջիկն իր նիհար թեւերով հանկարծ գրկեց հոր գոտկատեղը, գլուխը հպեց նրա կրծքին, խոնարհեց ներքեւ եւ, նայելով հատակին, գուցե եւ աչքերը փակած, շշնջաց․
 
— Դո՛ւ, դո՛ւ, դո՛ւ… Հայրիկ, դո՛ւ… Սիրելի հայրիկ…, դո՛ւ…
 
Ժիրայրն արագ վեր բարձրացրեց նրա գլուխը։ Աղջկա աչքերը լիքն էին արցունքով։ Բայց նա չուզեց էլ թաքցնել այդ։ Նայելով ներքեւից վերեւ, հոր աչքերին, նա կրկնեց․
 
— Դո՛ւ, դո՛ւ, դո՛ւ…
 
Նրա նիհար ուսերը ցնցվեցին ետ ու առաջ, նա բարձրացավ ոտների ծայրի վրա, թեւերը փաթաթեց հոր պարանոցով՝ ամուր, ամուր, կարծես խեղդել էր ուզում իր փխրուն ուժով, եւ սկսեց համբուրել նրան, ոչ թե նրան, այլ նրա գունաթափ բուշլատը, դրա փայտե կոճակները, պատռվածքից դուրս ցցված գորշ բամբակը։ Իսկ նրա շրթունքները թրթռում էին ամեն կողմ եւ նա ճիգով էր կարողանում իրար վրա բերել դրանք եւ կրկնել անընդհատ․
 
— Դու, դու, դու… Հայրիկ, դու…
 
Ժիրայրը, նրա հուզված վիճակով արդեն անհանգստացած, նստեցրեց նրան բազմոցի վրա, նստեց կողքին։ Աղջիկն արագ դեպի իրեն ձգեց հոր գլուխը, նայեց ճաղատանալ սկսող ճակատին եւ ասաց․
 
— Ես համարյա այդպես էլ պատկերացնում էի քեզ, հայրիկ։ Քե, քեզ, քեզ…
 
— Ուրեմն դու…— Ժիրայրը հազիվ կարողացավ արտաբերել իր խոսքի կտրված եւ կոկորդով ետ սահած շարունակությունը,— ուրեմն դու մտածո՞ւմ էիր իմ մասին…
 
— Միշտ, միշտ, միշտ…— շշնջաց աղջիկը։— Ոչ ոքի չէի ասում, ոչ Ջոնին, ոչ մայրիկին, եւ մտածում էի։ Մայրիկն սկզբում մեզ ասում էր, որ դու պատերազմումն ես զոհվել։ Իսկ ես մտածում էի։ Հետո իմացա, որ դու պատերազմում չես եղել եւ չես զոհվել։ Եվ էլի մտածում էի։ Չգիտեի՝ ապրո՞ւմ ես, թե ոչ։ Միեւնույնն է, միշտ մտածում էի։ Լսիր, հայրիկ… դու, դու, դու…
 
Ժիրայրը գրկեց աղջկան, համբուրեց նրա մազերը, ուզեց թողնել, բայց զգաց, որ ձեռքերը չեն ենթարկվում նրան։ Նա դեպի իրեն ձգեց իր աղջկան եւ սկսեց կարկուտի պես համբույրներ տեղալ նրա մազերի, աչքերի, դեռ մանկական ձեռքերի, մատների, եղունգների վրա։ Նա հազիվ զսպեց իրեն՝ չհանելու նրա փոքրիկ կիսակոշիկները, համբուրելու դրանց ներբանները, կրունկները, ինչպես մայրն է անում խանդաղատանքից՝ իր երեխային առաջին անգամ կոշիկ հագցնելուց հետո։ Իր աղջիկը, իր մեծ, բայց իր փոքր աէջիկը…
 
Նա վերցրեց աղջկա զույգ ձեռքերը, դրեց իր ճակատին, դրանցով շոյեց այնտեղի երկու խոր ծալքերը, կարծես ուզում էր հարթել։ Հոր առաջին շարժումից հետո ձեռքերն իրենք շարունակեցին շոյել ճակատը։
 
— Դու շա՞տ ես տանջվել, հայրիկ…
 
— Շատ…— իր հարազատի մոտ անկեղծորեն շշնջաց Ժիրայրը։— Շատ։
 
Աղջիկը պոռթկալի գրկեց հորը, թեքեց նրա մեծ գլուխն իր փոքրիկ, նիհար ուսի վրա եւ ասաց հոգու խորքից եկող հաստատակամությամբ․
 
— Դու այլեւս չես տանջվի։ Ես չեմ թողնի։
 
— Գիտեմ, աղջիկս։ Չեմ տանջվի։ Դու չես թողնի։
 
Ահա թե ինչն էր պակասում նրան այդ տասնվեց տարվա, երկու ամսվա եւ տասնհինգ օրվա ընթացքում… Ոչ հաց, ոչ հանգիստ, ոչ քուն, ոչ տաք անկյուն, ոչինչ, ոչինչ միայն կանացի քնքուշ հոգատարություն։ Մո՞ր, քրո՞ջ, կնո՞ջ, աղջկա՞,— միայն թե կանացի քնքշություն, այդ ամենազոր, ամենաբուժիչ, ամենակենսատու էլիքսիրն աշխարհում։
 
Ժիրայրը վերցրեց իր գլուխն աղջկա ուսից՝ վախենալով հոգնեցնել նրան։ Գրկեց մի թեւով եւ նրանք լուռ, անշարժ, նստած մնացին այդպես՝ երկար, շատ երկար, որովհետեւ նրանք հայր ու աղջիկ էին եւ արդեն միասին էին եւ խոսքեր հարկավոր չէին նրանց եւ ոչինչ հարկավոր չէր…
 
Այդպես նստած էլ գտավ նրանց Բրաբին՝ մտնելով սենյակ։
 
— Դուք արդեն ծանոթացել եք,— ասաց նա՝ ո՛չ հարցական ձեւով, ո՛չ զարմանքով, ո՛չ զվարթությամբ, այլ միայն փաստն արձանագրելով։ Եվ Ժիրայրը նորից տհաճորեն ապշեց, որ այդ կինը երբեմնի այն երիտասարդ Բրաբին էր, որի ամեն մի բառի, շարժման, հայացքի, ձայնի մեջ արտահայտվում էր զգացմունքը, որեւէ զգացմունք, ամեն անգամ ոչ միայն ներքուստ խոր, այլեւ արտաքուստ ցցուն։ Եթե դա ուրախություն էր՝ ապա լեռան պես բարձր էր, թախիծ՝ անտառի պես ընդարձակ էր, սեր՝ հեղեղի պես հորդ էր… Մի՞թե սարը հարթվել էր, անտառը ոչնչացել, հեղեղը ցամաքել… Մի՞թե բնաջնջվել էր ամբողջ բնությունը…
 
— Մենք վաղուց ենք ծանոթ, մայրիկ,— արդեն ավելորդ համարեց թաքցնել իր կյանքի ամենամեծ գաղտնիքն աղջիկը,— իմ մանկապարտեզ գնալուց ի վեր…
 
— Ինչո՞ւ հագուստդ չես փոխել,— առանց բարկանալու, առանց հանդիմանելու, ըստ էության առանց մինչեւ իսկ իրոք հարց տալու, ասաց մայրն աղջկան։
 
— Հայրիկի գալու առթիվ։ Թույլ կտա՞ս մայրիկ։
 
— Կարող ես։ Միայն թե գոգնոց հագիր, հետեւիր ճաշին։ Ես նորից դուրս եմ գալու։ Դու երեւի չթողեցիր հայրիկիդ քնելու։ Ախր երբ ես տուն եկա՝ նա քնած էր, իսկ երբ դու եկար՝ նախազգուշացրի, որ աղմուկ չանես։
 
— Ես լուռ նստել եւ նայում էի հայրիկին։ Հետո ուզեցի իսկույն դուրս ելնել սենյակից, որովհետեւ, եթե մնայի, պիտի մոտենայի ու առանց արթնացնելու համբուրեի, համբուրեի… Դեռ մի քայլ չէի արել, որ նա արթնացավ։
 
— Ոչինչ, ոչինչ,— ժպտաց Ժիրայրը,— ես քնել չեմ ուզում, ի՞նչ դրա ժամանակն է։ Ես դա հենց այնպես քնեցի, ինքնաբերաբար…
 
Բրաբին հեռախոսի եւ ռադիոընդունիչի սեղանակների մոտ կանգնած, ինչ֊որ բան էր մտմտում ինքնիրեն՝ մեջքով դեպի հայրն ու աղջիկը։
 
Հանկարծ Ժիրայրն անդրադարձավ, որ դեռ չգիտե աղջկա անունը։
 
— Անունդ ի՞նչ է, աղջիկս,— հարցրեց նա՝ թախիծով, ժպտալով հոր կողմից իր զավակին տրվող այդպիսի հարցի տրագիկոմիկականության վրա։
 
— Խիտա։
 
— Ի՞նչ։ կրկնիր։
 
— Խիտա։
 
«Ջոն»֊ից հետո Ժիրայրը չզարմացավ «Խիտա»֊յի վրա։
 
— Իսկ ե՞րբ ես ծնվել։
 
Պատասխանի փոխարեն աղջիկը հանկարծ վեր ցատկեց նստած տեղից։ Նրա դեմքը փայլում էր երջանկությունից։
 
— Հայրիկ,— բացականչեց նա,— ես այսօր եմ ծնվել։
 
— Այսօ՞ր…
 
Նորից նա՝ պատահականությունը, երջանիկ զուգադիպության կերպարանք առած։ Վերադարձի առաջին օրը պետք է հնչեին շեփորները եւ հնչեցին նորից, այս անգամ ավելի ուժգին։
 
— Այո, այո, այսօր, հայրիկ։ Ոչ միայն փոխաբերական իմաստով, այլեւ իսկապես, իսկապես։ Ի՞նչպես մոռացել էի, մայրիկ։ Այսօր ամբողջ օրը հիշում էի, բայց տուն գալուցս հետո մոռացա։
 
— Իսկ ես չէի մոռացել,— ասաց Բրաբին։
 
— Ի՜նչ լավ նվեր ստացա այսօր,— բացականչեց Խիտան՝ հորը գրկելով,— աշխարհի չափ նվեր։
 
— Ի՞նչ նվեր,— առանց զարմանքի, առանց մինչեւ իսկ հետաքրքրության, անարտահայտիչ ձայնով հարցրեց մայրը՝ շուռ գալով դեպի նա։ Տեսնելով հորն ու աղջկան գրակախառնված, նա ասաց՝ «ա», եւ գլխով հաստատական նշան արեց։
 
— Նվերը ես ինքս ստացա, աղջիկս, ոչ թե դու։
 
— Ոչ դու եւ ոչ էլ ես, հայրիկ, այլ մենք երկուսս…
 
Բրաբին հեռախոսի սեղանակը հրեց բոլորովին անկյունը, իսկ ռադիոընդունիչի սեղանակը՝ հակառակ կողմը։ Վեր կենալով տեղից, Ժիրայրն օգնեց նրան։ Երկու սեղանակների միջեւ ստեղծվեց արձակ տարածություն՝ այդ լիքը սենյակում տարօրինակորեն դատարկ։ Սենյակը, իհարկե, չկորցրեց իր երկրաչափական կանոնավորությունը, այլ ստացավ մի փոքր այն գծագրություն։
 
Խիտան հարցական նայեց մորը, բայց Բրաբին, մտնելով ննջարան, դրամ վերցրեց գրասեղանի դարակից։
 
Խիտան վազ տվեց խոհանոց, նայեց ճաշին ու վերադարձավ՝ հագին սպիտակ գոգնոց՝ ծածկված կրծքով։
 
— Անպիտան տղան երեւի նորից գնացել է առանց բան ուտելու,— անարտահայտիչ խաղաղ ձայնով արձանագրեց Բրաբին՝ տնից դուրս գալուց առաջ։— Էլի նկատողություն է ստանալու ինձանից։
 
— Նա կարծեմ կերավ ինչ֊որ բան,— ստեց Ժիրայրը։
 
Բրաբին, որ մոտեցել էր դռանը, կտրուկ շրջվեց, շեշտակի նայեց ամուսնու աչքերին։ Ժիրայրը սարսռեց նրա հայացքի ցրտի տակ։ Կնոջ դուրս գնալուց հետո նա դառը զղջումով զգաց, որ չպետք է ասեր այդ, նա իրավունք չուներ խառնվելու ուրիշների գործերին։ Մայրն իր զավակներին դաստիարակել է առանց նրա, եւ իզուր է նա, անկոչ հյուր, համարձակվում միջամտել, այն էլ՝ սկսելով ստելուց…
 
Բայց Ժիրայրի ցրտած հոգու վրա հանկարծ հորդեց վաղ գարնանային թարմ ու տաք շունչը։
 
— Հայրիկ,— ասաց Խիտան՝ մոր գնալուց հետո,— ես քեզ ցույց կտամ իմ բոլոր ընկեր֊ընկերուհիներին։ Որ բոլորը տեսնեն։ Հետո կտանեմ քեզ, ցույց կտամ իմ նախկին ընկեր֊ընկերուհիներին։ Հետո՝ մեր նախկին հարեւաններին։ Դրանից հետո ես քեզ ցույց կտամ իմ պիոներ ժամանակվա կոլվարին, մի շատ լավ աղջկա, որը հիմի ամուսնացել է։ Ցույց կտամ իմ մանկապարտեզի դաստիարակներին, մանավանդ մի զզվելի կնոջ՝ եթե նա դեռ աշխատում է այնտեղ։ Ես քեզ ցույց կտամ իմ ուսուցիչ֊ուսուցչուիներին՝ թե՛ հիմիկվա, թե՛ անցած։ Ես քեզ ցույց կտամ մի խուլիգան տղայի՝ մեր փողոցից, եւ երկու լավ տղաների՝ նույնպես մեր փողոցից։ Ցույց կտամ… Էլ ո՞ւմ ցույց կտամ։ Բոլորին։ Ոչ մեկին չեմ մոռացել, ոչ մեկին բաց չեմ թողնի։ Իսկապես, դու չե՞ս հոգնի, հայրիկ։ Եկ սկզբից պայմանավորվենք, որ ես ու դու շրջելու ենք թեւանցուկ եւ եթե ես մի անգամ սեղմեմ թեւդ՝ ուրեմն չես նայի մեր մոտով անցողին, իսկ եթե երկու անգամ սեղմեմ՝ կնայես։ Սիրալիր կնայես։ Դու չե՞ս բարկանա, եթե ես երբեմն լեզու հանեմ մեկնումեկին։ Ասենք՝ դու չես էլ նկատի․ մենք կանցնենք, հետո ես գլուխ շուռ կտամ ու կհանեմ։ Դա շատ անհրաժեշտ է ինձ։ Փողոցով գնալիս դու ինձ համար պաղպաղակ կգնես։ Փողը ես քեզ կամ սկզբից, դու, իհարկե, չունես։ Հետո կգնանք մանկական այգի ու կարուսել կնստենք քեզ հետ։ Թող ծիծաղեն, որ մենք մեծ ենք, ճի՞շտ է, մե՞զ ինչ։ Ես դիտմամբ մի անկարգություն կանեմ դպրոցում, որ ծնողիս կանչեն այնտեղ։ Իհարկե, դու ինքդ կգնաս եւ ոչ թե մայրիկը։ Մեծ անկարգություն չեմ անի, մի վախենա, ես երբեք ոչ մի անկարգություն չեմ արել, ոչ մեծ ոչ փոքր․ ինձ չէր կարելի ուրիշների նման, կվտարեին։ Կկանչեն քեզ, իսկ դու կբարկանաս իմ հասցեին՝ «Ես ցույց կտամ այդ անպիտանին»։ Նրանք քեզ կհամոզեն, որ կարիք չկա խիստ պատժելու, որ դա առաջին դեպքն է, իսկ դու ասա՝ «Իմ աղջիկը չէ՞, ուզեմ՝ կպատժեմ, ուզեմ՝ կներեմ»։
 
— Այդպես չի կարելի,— ժպտաց Ժիրայրը։
 
— Գիտեմ… Ուրեմն ասա միայն՝ «իմ աղջիկն է»…
 
— Խիտա, ճաշը…
 
— Թող խանձնվի։ Դա կդառնա աշխարհի ամենահամեղ ճաշը, ճիշտ չէ՞․ մեր զրույցի պատճառով խանձված ճաշ…
 
— Աղջիկս, խնդրում եմ քեզ… Ճաշը…
 
Հանկարծ Խիտան հասկացավ, որ հարկավոր էր իսկույն գնալ խոհանոց։ Առանց հորը նայելու նա վազեց դուրս։ Ժիրայրը բերանքսիվայր ընկավ բազմոցի վրա եւ կիսախեղդ հեկեկոցը ցնցեց նրա ամբողջ մարմինը։
 
«Ժիրա՞յր…— կարծես լսեց նա մի ուրիշի զարմացած ձայնն իր ականջի մոտ,— դա ի՞նչ նորություն է։ Ե՞րբ ես լաց եղել դու վերջին անգամ։ Կարծեմ ինչ֊որ խաղալիքի համար»…
 
Երբ քիչ հետո Խիտան մտավ ներս, հայրը հանգիստ նստած էր իր տեղում եւ սպասում էր աղջկան։
 
— Եթե տեսնես, թե ի՜նչ է կատարվում մեր խոհանոցում…— ասաց աղջիկը։— Է՛լ գինի, է՛լ ուտելիքներ։ Դրա համար է մայրիկն այդպես ներսուդուրս անում։ Մենք ամեն տարի ենք կատարում իմ ծննդյան տոնը։ Ջոնինը նույնպես։ Կատարում ենք մոտակա կիրակի օրը, դրա համար ետ ենք գցում կամ առաջ։ Ուրեմն, կկատարենք վաղը չէ մյուս օրը։ Առաջ հավաքվում էին միայն երեխաները, իսկ երբ մեծացա, սկսեցին հավաքվել մեծերը, իսկ իմ ընկեր֊ընկերուհիները գալիս են հաջորդ օրը։
 
Հեռախոսը զանգահարեց։ Խիտան չշարժվեց տեղից։ Հայրը նայեց նրան։
 
— Չեմ վերցնի,— ձեռքը թափ տվեց աղջիկը։— Դա մի տղա է։
 
— Ի՞նչ գիտես։
 
— Գիտեմ,— մեքենայաբար թեւի ժամացույցին նայելով, ասաց Խիտան։— Լավ տղա է, բայց իզուր է զանգահարում այսօր։
 
Հեռախոսը չէր դադարում։ Խիտան վեր կացավ եւ բարկացած դեմքով վերցրեց հեռախոսափողը։
 
— Մայրի՞կ… Ես կարծում էի, թե տղաներն են, դրա համար… Ներողություն։ Տանն է, իհարկե։ Այո, այո, շուտ֊շուտ խառնում եմ, հետեւում։ Ինչպե՞ս։ Ոչ ոքի՞… Ինչո՞ւ… Այո, դեռ չեմ ասել ոչ ոքի, բայց արդեն ուզում էի զանգ տալ բոլորին։ Լավ… Լավ։
 
Մոտենալով հորը, նա ասաց տարակուսանքով․
 
— Մայրիկը պատվիրեց առայժմ ոչ ոքի չասել քո վերադառնալու մասին… Իսկ ես արդեն ուզում էի…
 
— Մայրիկն իրավացի է,— մռայլվեց Ժիրայրը։
 
— Ոչ,— ժպտաց Խիտան,— դու վատ բան ես մտածում, իսկ դա սխալ է։ Հիմի ուրիշ ժամանակներ են, դու դեռ չգիտես։
 
— Ես ժամանակների մասին չեմ ասում,— աղջիկս, այլ մայրիկի։
 
— Դու նրան էլ չգիտես։ Նա բարի կին է, չնայած որ այդպես է։
 
— Ի՞նչպես։
 
— Ինչպես տեսնում ես։ Ես ինքս էլ չեմ կարող բնորոշել։ Բայց կտեսնես, նրա պատվերը լավ իմաստ ունի։
 
Ժիրայրը ոչինչ չպատասխանեց։
 
— Իսկ ինձ ոչ ոք չի կարող զրկել իմ հայրիկից,— ասաց Խիտան հանկարծ։— Եվ ոչ էլ դու կարող ես խուսափել ինձանից։ Ես կգամ քո ետեւից մինչեւ աշխարհի ծայրը…
 
===6===
 
Երբ Գլենցների ընտանիքը հավաքվեց ճաշի սեղանի շուրջը, Բրաբին դիմեց Ջոնին․
 
— Դու մարդկանց արդեն ասե՞լ ես հորդ վերադառնալու մասին։
 
— Ոչ…— Ջոնը շփոթված կարմրեց եւ գդալը բերանի մոտից ետ տանելով, դրեց տեղը։— Մոռացել էի… Գիտե՞ս, հայրիկ, ես ուշացել էի խմբակի պարապմունքից ու հենց որ հասա, իսկույն սկսեցի խոսել։ Իսկ դուրս գալիս մի այնպիսի վեճ սկսվեց մեր մեջ, որ ամբողջ ճանապարհին ոչնչի մասին չէինք խոսում՝ բացի կիսահաղորդիչներից։ Հայրիկ, դու գիտե՞ս, թե ինչ են դրանք։
 
— Գիտեմ։ Մի քիչ։
 
— Վաղը եւ մյուս օրը նույնպես ոչ ոքի չասես, Ջոն։
 
— Ինչո՞ւ…
 
— Բրաբի, գուցե ես խանգարում եմ ձեզ իմ ներկայությամբ։
 
— Դու ինձ չես հասկանում, Ժիրայր, ես ուզում եմ սյուրպրիզ անել։
 
— Տեսնո՞ւմ ես, հայրիկ, ախր ես քեզ ասացի։
 
— Խիտա, ի՞նչ ես աթոռդ կպցրել հայրիկի աթոռին։ Տեսնո՞ւմ ես, չի կարողանում թեւն ազատ շարժել։
 
— Իմ ի՞նչ գործն է, մայրիկ։ Իմ հայրիկն է՝ ես էլ խանգարում եմ։
 
— Դու ինձ չես խանգարում, աղջիկս։
 
— Իսկ ես ուզում եմ, ափսոս։ Որպեսզի չտարվես ուտելով ու ինձ մոռանաս։
 
Հեռախոսը զանգահարեց։
 
— Մի վերցրեք,— խնդրեց Խիտան։
 
— Ջոն, մոտեցիր,— կարգադրեց մայրը։
 
— Միշտ Խիտան է խանգարում ճաշը,— դժգոհ ասաց եղբայրը՝ վեր կենալով։ Վերցնելով հեռախոսափողը, նա ձեւացրեց քրոջ ձայնը։— Ալո՛… Տանն է։ Ճաշում է։ Խիտա, եկ։
 
— Ճաշում եմ։
 
— Խիտա…— ասաց մայրն անարտահայտիչ ձայնով։
 
Աղջիկը մոտեցավ հեռախոսին, վերցրեց փողը, առանց լսելու իսկույն ասաց դրա մեջ միայն մի բառ՝ «վաղը», եւ դրեց տեղը։
 
— Հայրիկ,— դիմեց որդին Ժիրայրին՝ վերցնելով մի կտոր հաց,— պատմիր քո մասին որեւէ բան։
 
— Ճաշի ժամանակ չի կարելի խոսել,— ոչ թե նկատողություն անելու, այլ հիշեցնելու ձեւով ասաց մայրը։
 
— Հարցը նույնիսկ դա չէ,— ասաց Ժիրայրը մռայլվելով եւ ուտելն ընդհատելով։— Լսիր, Ջոն… Կան ողբերգական, ծանր կամ թեկուզ միայն լուրջ այնպիսի նյութեր, որոնց մասին չի կարելի խոսել ի միջի այլոց, ճաշելուն զուգահեռ, ասենք թե՝ ինչպես թեթեւ երաժշտություն, մարսողության համար…
 
— Ներողություն, հայրիկ,— անկեղծ զղջաց տղան,— ես չէի ուզում քեզ վիրավորել…
 
Ժիրայրը չպատասխանեց, չմեղմացրեց կացությունը։ Լուռ շարունակեց ուտել։ Միայն թե ճաշն այժմ նրան թվում էր մի քիչ ավելի թթվաշ։ Նա այն տպավորության տակ էր, թե խոսել էր ոչ թե իր որդու հետ, այլ մի անծանոթ, օտար տղայի՝ բավական անտակտ։
 
Խիտան մի երկու անգամ հայացքն արագ֊արագ եղբոր ու հոր վրա շուռ տալուց հետո ասաց ժպտալով․
 
— Հայրիկ, դու ճիշտ ինձ նման ես ուտում՝ գդալը բերանդ տանելիս շրթունքներդ մի քիչ ձգում ես առաջ, կարծես թռչունն ուտելիք է բերում իր ձագերին, իսկ նրանք կտուցներն են երկարում դեպի նա։ Ճիշտ ինձ նման։ Այ թե ինչ է նշանակում հայր ու աղջիկ։
 
— Ոչ թե նա քեզ նման, այլ դու նրա,— ուղղեց եղբայրը։
 
Երկրորդ պնակի ժամանակ Բրաբին խոհանոցից բերեց մի շիշ գինի, տվեց որդուն բաց անելու։ Լցրեց բաժակները։
 
— Բարի վերադարձ քեզ, Ժիրայր,— ասաց նա իր անարտահայտիչ ձայնով, բայց ուղիղ նայելով ամուսնու աչքերին։
 
Ժիրայրը նայեց սպասողական, տագնապած։ Նրան թվում էր, թե հրաշք էր տեղի ունենալու իր աչքի առաջ, եւ ինչպես կինոյում մի պատկերը հալչելով փոխարինվում է մի այլ պատերով, հալչելու է իր առջեւ նստած կինը եւ նրա փոխարեն հայտնվելու է վատ հագնված, նիհար, հարազատ ԲրաբիՆ…
 
— Բարի վերադարձ,— կրկնեց դիմացի կինը։— Ինչպես ընդունված է ասել՝ կրածդ թող ապաշխարանք լինի։
 
Եվ, տարօրինակ զուգադիպությամբ, նա իր անարտահայտիչ ձայնով, իր դեմքի անդրդվելի արտահայտությամբ, կրկնեց այն խոսքերը, որոնք Ժիրայրն այսօր արդեն լսել էր մի անգամ՝ հոգեբուխ հուզմունքով արտասանված մի ուրիշի կողմից․
 
— Ցանկանում եմ քեզ ամեն լավ բան աշխարհում։
 
Բայց ոչ, խոսքերը նույնպես մի քիչ տարբեր էին։ Այն ժամանակ նրան ասացին՝ «ամեն, ամեն լավ բան»…
 
Այնուամենայնիվ, չնայած այս կնոջ ցրտաշունչ արտահայտությանը, Ժիրայրը բնավ չկասկածեց նրա խոսքերի նույնքան անկեղծությանը։ Եվ, իրոք, ի՞նչ առիթ ուներ Բրաբին կեղծելու, ամեն լավ բան չցանկանալու անարդարացիորեն այդպես դաժանորեն տուժած մարդուն, ընդ որում՝ իր զավակների հորը…
 
— Կենացդ, հայրիկ,— ցատկեց տեղից տղան եւ, մոտենալով հորը, բաժակ չխկացրեց նրա հետ։
 
— Մեր կենացը, հայրիկ,— ասաց Խիտան,— իմ եւ քո…
 
— Դո՞ւ որտեղից լույս ընկար,— ծաղրեց եղբայրը։
 
Խիտան միայն ձեռք թափ տվեց նրա վրա եւ կրկնեց՝ սակայն մի փոքր ուղղումով․
 
— Քո եւ իմ…
 
Նա բաժակը դրեց վար, արագ մոտեցավ բուֆետ֊պահարանին, բերեց այնտեղից մի թեյի բաժակ։ Մայրն ու եղբայրը լուռ հետեւում էին նրա շարժումներին։ Իսկ հայրը չէր տեսնում իր աղջկա արածը, նա տեսնում էր միայն իր աղջկան։
 
Խիտան իր եւ հոր գինին լցրեց թեյի բաժակը, ճոճելով խառնեց եւ նորից լցրեց գավաթները։
 
— Խիտա՛…— բացականչեց հայրը՝ անսպասելիորեն բարձր ձայնով,— իմ ազատության…
 
Աղջիկն իր փոքր ձեռքով վայրկենապես փակեց հոր բերանը․
 
— Լսիր, հայրիկ… Խնդրում եմ… Էլ ոչ մի խոսք… Դրա վրա ոչինչ չի կարելի ավելացնել…
 
Գուցե կողմնակի դիտող որեւէ անհոգի մարդու համար թատրոնական թվար այդ ամենը։ Գուցե հենց իրենց եւս, ներկա գտնվողներին եւ նույնիսկ մասնակիցներին, այդպես թվար որոշ ժամանակ հետո։ Բայց ոչ այդ րոպեին։
 
Ջոնն արտասովոր ակնածությամբ նայում էր Խիտային, կարծես դա իր կրտսեր քույրը չլիներ, իր ամենօրյա քույրը, այլ անծանոթ ու հրաշալի մի էակ։ Իսկ Բրաբին, որ նայում էր իր գեղեցիկ, բայց անարտահայտիչ աչքերով, հանկարծ սեղանի վրա դրեց իր մի բռունցքը, ապա դրա վրա՝ երկրորդը եւ ճակատը հպեց դրանց։ Սակայն դա տեւեց միայն մի վայրկյան։ Ոչ ոք չտեսավ։
 
Խիտան կատարեց եւս մի խենթություն։ Խլեց հոր կիսատ գավաթը նրա բերանի մոտից, խմեց ինքը, իսկ իրենը տվեց նրան։
 
Ժիրայրը, որը միայն հուզմունքից մոռանալով էր, որ սկսել էր անմիջապես խմել իր գինին՝ առանց խոսք ասելու, արտասանեց՝ Խիտայի կիսատ բաժակը ձեռքին․
 
— Շնորհակալություն ձեզ, սիրելիներ…
 
Այնուամենայնիվ, որքա՛ն արտահայտիչ է մարդկային ձայնը, որքա՛ն անհաշիվ են դրա տարբեր ինտոնացիաները… Նա ասաց ճիշտ այդպես եւ ոչ ուրիշ կերպ՝ «շնորհակալություն ձեզ, սիրելիներ», ընդ որում՝ չնայեց ոչ մեկին, բայց նրան ունկնդրող երեքն էլ զգացին, որ «շնորհակալություն»֊ը վերաբերում էր երեքին, իսկ «սիրելիներ»֊ը՝ միայն երկուսին…
 
— Շնորհակալություն… Ես չգիտեմ, թե ինչպես է դասավորվելու իմ կյանքն առաջիկայում, ես չգիտեմ, թե… Ես ոչինչ չգիտեմ։ Բայց, ինչ էլ որ լինի, ես… Թույլ կտա՞ք չխոսել…
 
— Դու այլեւս ասելու բան չունես,— ժպտաց Խիտան,— դու արդեն ամեն ինչ ասացիր։ Խմիր, հայրիկ։
 
Ճաշից հետո մայր ու աղջիկ սկսեցին հավաքել սեղանը, իսկ հայր ու որդի դուրս ելան բակի կողմի պատշբամբը։ Ջոնն շտապում էր ցույց տալ հորն իր արհեստանոցը։
 
Ընդարձակ պատշգամբի մի փոքր մասը պատնեշված էր մնացյալից եւ ապակեպատված։ Հայր ու որդի ննջարանի դռնով դուրս գալով պատշգամբի բաց մասը, մտան այդ վերանդա֊արհեստանոցը։
 
— Հայրիկ, դու ի՞նչ կրթություն ունես,— հետաքրքրվեց տղան։
 
— Միջնակարգ։
 
— Նրա համրա եմ հարցնում, որ իմանամ, թե ինչ կերպ բացատրեմ քեզ զանազան բաների մասին՝ մակերեսորե՞ն, թե մանրամասն։
 
— Մանրամասն, Ջոն, մանրամասն։
 
— Կիսահաղորդիչները, հայրիկ, լայն տարածում գտան միայն վերջին տարիներիս։ Դու հետեւե՞լ ես տեխնիկական գրականությանը։
 
— Ոչ պարբերաբար։ Ինչ որ ձեռքս ընկել է։ Եվ ինչ որ հասկացել եմ։ Դու, Ջոն, բացատրիր ինձ այնպես, որպես թե ես չափահաս մարդ չեմ, այլ ընդամենը քսաներեք տարեկան…
 
— Քսաներեքն էլ է չափահաս,— ծիծաղեց որդին,— եւ ինձանից վեց տարով մեծ։
 
— Այդ դեպքում պատմիր որպես տասերեք տարեկանի։
 
— Ախ, հայրիկ, հայրիկ,— մեծավարի հառաչեց Ջոնը,— ետ ես մնացել կյանքից։ Տասներեք տարեկան պիոներները կիսահաղորդիչներով ռադիոընդունիչներ են պատրաստում։
 
— Ապրես, Ջոն, դու ճիշտ գտար բառը։ Խոսիր ինձ հետ ինչպես կյանքից ետ մնացած մարդու։ Վերադարձիր ետ տասնվեց տարով…
 
— Մի տարեկան հասակից ես ոչ մի հուշ չունեմ,— ծիծաղեց որդին։
 
Ծիծաղեց նաեւ հայրը։
 
Ջոնը, ձեռքը մեկնելով դեպի աշխատասեղանի վրա դրված ինչ֊որ կիսահավաք սարք, արդեն ուզում էր բացատրություններ տալ, բայց Ժիրայրը բռնեց նրա ձեռքը․
 
— Սպասիր։ Նստենք մի քիչ։ Դու ուզում ես սկսել ոչ ամենասկզբից։ Նախ՝ ասա՝ ի՞նչպես եղավ, որ սկսեցիր հետաքրքրվել տեխնիկայով։
 
Ջոնը լարեց հիշողությունը, բայց ասաց մի պահ անց․
 
— Չգիտեմ։
 
— Մի շարք մեծ մարդկանց կենսագրության մեջ, գլխավորապես ուրիշների գրած, եւ ոչ թե իրենց, ասվում է, որ նրանք դեռ վաղ մանկությունից գիտակցելով գիտության ու տեխնիկայի դերը մարդկային քաղաքակրթության զարգացման մեջ, որոշել են իրենց ուժերը նվիրել այդ գործին։ Նկատի առ՝ դեռ վաղ մանկությունից…
 
— Դրա համար էլ նրանք մեծ մարդիկ են դարձել, հայրիկ։ Իսկ ես… Իսկ ինձ մոտ ամեն ինչ սկսվեց կարծեմ խաղալիքներից։
 
— Ճիշտ է, Ջոն։ Ի միջի այլոց, մեծ մարդկանց մոտ էլ, կարելի է չկասկածել, սկսվել է դրանից։ Իսկ կենսագրությունները փչոցներ են։ Կարելի է գրել ամեն տեսակ կենսագրություն։ Բայց մի կողմ թողնենք վաղ մանկությունը։ Իկս հիմա՞ ինչի մասին ես մտածում, օրինակ, այս սարքը պատրաստելիս։
 
Որդին տարակուսանքով նայեց հորը եւ նրա նիհար դեմքի երկու կողմերում ականջները դարձան կարծես ավելի ցցուն։
 
— Մտածում եմ, որ շուտ ավարտեմ,— ասաց նա վերջապես։
 
— Ուրի՞շ։
 
Ջոնը մոլորված նայեց կիսավարտ սարքին, կարծես դրա մեջ էր ուզում գտնել պատասխանը։
 
— Ուր՞իշ… որ չտխրեցնի ինձ, աշխատի։
 
— Ուրի՞շ։
 
— Չեմ կարող պատասխանել, հայրիկ, չեմ հասկանում հարցիդ իմաստը։
 
— Ուրիշ՝ արդեն սկսիր մտածել ժողովրդի մասին, դու այլեւս վաղ մանկության մեջ չես։ Պատրաստվիր մոտ ապագայում այնպիսի սարքեր պատրաստել, որ հեշտացնես կյանքը մարդկանց համար։ Դեռ շատ դժվար են ապրում մարդիկ աշխարհում, Ջոն, դու չգիտես…
 
Ջոնը գլխով դրական շարժումով արեց եւ մտասուզվեց։
 
— Հայրիկ, դու հումանիտա՞ր գիտություններ ես ավարտել,— հարցրեց նա մի պահ անց։
 
— Այո։
 
— Ինստիտո՞ւտ։
 
— Ակադեմիա։
 
— Ո՞րտեղից,— թերհավատորեն նայելով, հարցրեց որդին։— Եվ ե՞րբ։ Քիչ առաջ դու ասացիր, որ միջնակարգ կրթություն ունես։
 
— Էլի դերերը փոխվեցին,— ծիծաղեց հայրը։— Կարծեմ ես էլ հարցեր տվողը։
 
— Իսկ մի՞թե ինձ չի կարելի հարցեր տալ,— մի քիչ նույնիսկ վիրավորվեց որդին։
 
— Կարելի է, ինչո՞ւ չէ, Ջոն։ Բայց ավելորդ է, որովհետեւ ես քո բոլոր հարցերին մի պատասխան եմ տալու։ Կարող եմ եւ սկզբից, առանց հարցերիդ սպասելու։ Լսիր…
 
Ժիրայրը դանդաղեց, մտքով գնաց ինչ֊որ հեռու, շատ հեռու տեղ եւ ապա արտասվեց․
 
— Մի նայիր այդ հորից ներս, մազերդ կխանձվեն դրա բոցերից…
 
— Ի՞նչ հոր։
 
— Այն որ այլեւս գոյություն չունի։ Գիտե՞ս ինչ, Ջոն… Կան բաներ, որոնց համար դու հիմա էլ դեռ վաղ մանկության մեջ ես։ Մի շտապիր։ Հասունությունը կգա իր ժամանակին։ Ուրեմն, անիր կիսավաղորդիչներից։ Ես լսում եմ։
 
Բայց նրանց վիճակված չէր զբաղվել կիսահաղորդիչներով։ Արհեստանոցի շեմքի վրա հայտնվեց Խիտան եւ ասաց առարկություն չվերցնող տոնով․
 
— Ջոն, այսքան ժամանակ զբաղեցրիր իմ հայրիկին՝ բավական է։ Շնորհակալություն հայտնիր ինձ ու ազատիր նրան։
 
— Դուրս ես տալիս,— բարկացավ եղբայրը։
 
Քույրը շոշափեց նրա թույլ տեղը․
 
— Մի ամիս է, որ չարչարվում ես դրա վրա, բայց դեռ չես վերջացրել։ Այն էլ դեռ հարց է, բան դուրս կգա՞։
 
Ջոնը մռայլվեց, մտածկոտ շոյեց կիսահավաք սարքը եւ մրմնջաց․
 
— Որովհետեւ ժամանակ չկա, հա՛ խմբակ, հա՛… Լավ, հայրիկ, ես քեզ հետո կբացատրեմ, Խիտան եկավ խանգարեց…
 
Նա վերցրեց պտուտակների փոքրիւ բանալին։
 
— Հաջողություն եմ ցանկանում, Ջոն,— բարեմաղթեց հայրը։— Ես համոզված եմ, որ դուրս գալու է։ Կարդա ավելի շատ տեխնիկական գրականություն։ Եվ մտածիր ժողովրդի մասին…
 
«Ի՞նչ կարող եմ ասել այդպիսի ընդհանուր խոսքերից բացի»,— տխուր մտածեց նա։
 
Երբ հայր ու աղջիկ մտան ննջարան, եւ Ժիրայրն ուզում էր դուրս գալ մյուս սենյակը, Խիտան բռնեց նրա երկու ձեռքը, նստեցրեց նրան գրասեղանի մոտ դրված բազմոցի վրա, ինքը նստեց նրա դիմաց, աթոռին։ Ժիրայրը ներքին զարմանքով նայեց նրան։ Նա այլեւս կես֊երեխա չէր, այլ չափահաս աղջիկ։
 
— Հայրիկ… Մայրիկը դեռ չի՞ պատմել քեզ մեր մասին։ Իր մասին…
 
— Դեռ ոչ։
 
— Կարող է եւ չպատմել։ Ոչ թե ինչ֊որ բան թաքցնելու համար, այլ որովհետեւ նա ընդհանրապես քչախոս է եւ մի տեսակ փակ։ Կամ կարող է շատ հետո, որեւէ անգամ։ Դրա համար ես ինքս եմ ուզում պատմել…
 
— Ոչ, Խիտա,— ասաց Ժիրայրը վճռական։— Թող մայրիկն ինքը պատմի։ Ես կսպասեմ։
 
— Լավ,— համաձայնվեց Խիտան՝ նրան երկար նայելուց հետ։ Ապա, կարծես ինքնիրեն, կրկնեց․— սպասել…
 
Թվաց, թե նա ավարտած համարեց խոսակցությունն այդ մասին եւ անցնելով այլ նյութի, ասաց հորը․
 
— Դու գուցե ուզում ես հանգտսանա՞լ ճաշից հետո, հայրիկ։ Քո բազմոցի վրա։ Հիմա դա քոնն է լինելու։ Ջոնը կքնի ծալովի մահճակալի վրա, որն այսօր գնեց մայրիկը։ Իսկ այս սենյակում քնում ենք ես ու նա։ Սա նրա մահճակալն է, իսկ մյուսը՝ իմ։
 
— Շնորհակալություն, Խիտա,— ասաց Ժիրայրը կամացուկ։
 
Աղջիկը չհարցրեց, թե ինչի համար է հայրը շնորհակալ։ Նա հասկացավ։
 
Ժիրայրը վեր կացավ գնալու իր սենյակը։ Խիտան կրկնեց․
 
— Մայրիկն այնքա՛ն քչախոս է…
 
— Դու արդեն ամեն ինչ ասացիր, աղջիկը,— ժպտաց Ժիրայրը։— Համենայն դեպս՝ ամենաանհետաձգելին։ Այժմ կարելի է եւ սպասել։ Եվ նույնիսկ չսպասել։
 
— Կարելի՞ է միհարց, հայրիկ։
 
— Ասա, աղջիկս։
 
— Դու ի՞նչ կրթություն ունեիր երբ… գնացիր։
 
— Միջնակարգ։— Ժիրայրը հարցական նայեց նրան։
 
— Ուրիշ ոչինչ, հայրիկ։
 
— Բայց եւ այնպե՞ս։
 
— Առանց նպատակի, հայրիկ։ Հիշեցի ժողովրդական մի իմաստություն՝ վաղուց արդեն շաբլոն դարձած։ Ուզեցի մի անգամ էլ համոզվել, որ դա, չնայած շաբլոն է, բայց իմաստուն է։
 
— «Կյանքն ամենամեծ դպրոցն է»։ Դա՞։
 
— Այո։
 
— Բայց թերի է այդ իմաստությունը։ Լրացնե՞մ։
 
— Ոչ, հայրիկ։
 
— Ինչո՞ւ։
 
— Որովհետեւ ես եմ ուզում լրացնել։
 
— Դո՞ւ…
 
— Կարծում ես չե՞մ կարող, հայրիկ։ Այդ դպրոցը տեր֊թոդիկյան է, ֆալախկայով…
 
Ժիրայրը վեր ցատկեց տեղից եւ ուժգին գրկելով, համբուրեց աղջկա ճակատը։
 
— Իմ խելոք աղջիկս։
 
Խիտան ծիծաղեց։
 
— Ինչո՞ւ ես ծիծաղում։
 
— Իմ եւ քո վրա։ Ես միշտ մտածում էի, թե ո՞րտեղից է իմ էքսպանսիվ բնավորությունը, երբ մայրիկը բոլորովին հակառակն է։ Հիմա տեսնում եմ՝ դա քեզանից է գալիս, հայրիկ։
 
— Մայրիկն էլ էրառաջ այդպես։
 
— Չի կարող պատահել,— անսպասելիությունից բացականչեց Խիտան։
 
— Աշխատիր, աղջիկս,— շարունակեց հայրը,— որերբեք, երբեք կյանքում քո մասին եւս չասեն նույնը՝ անցյալ կատարյալով․ «Խիտան էլ էր առաջ այդպես»։ Սիրո՞ւմ ես՝ սիրիր հոգուդ ամբողջ թափով, ատո՞ւմ ես՝ նույնպես։ Հիանո՞ւմ ես մի բանով կամ զարմանո՞ւմ ես մի բանի վրա՝ ապա թունդ էլ ամբողջ էությամբ։ Մի լինիր այսբերգի նման՝ ինը տասներորդը ջրի տակ, անտեսանելի, եւ միայն մի տասներորդը մակերեսից բարձր։ Մի ամաչիր բղավելուց, տնքալուց, քրքջալուց, եւ խաղաղվեիր միայն այն դեպքում,— թշնամուս էլ չէի ցանկանա այդ,— եթե դատարկվես, սպառվե, ոչինչ չունենաս արտաբերելու։ Չկա ավելի տխուր տեսարան, քան երբ մեկը ծիծաղում է առանց ուրախ կամ գոնե տխուր լինելու։ Դա թարս շուռ տված այսբերգ է։ Այդ դեպքում, իրոք, ավելի լավ է լինել խաղաղ եւ… քչախոս։
 
— Սխալվում ես, հայրիկ, մայրիկը ոչ դատարկվել է, ոչ սպառվել։
 
— Ուրեմն ավելի վատ։ Դա, ուղղակի ասած, սարսափելի է։ Դա նշանակում է ոչ թե մինչեւ իսկ այսբերգ լինել, այլ ստորջրյա խութ։ Այդպիսի մարդը մի օր ինքն է ընդհարվելու իրեն եւ խորտակվելու։ Ցանկանք, որ դա չվերաբերի մայրիկին։ Իսկ ես այդպես ապրել չեմ կրաող։ Այ, հիմա նստած եմ քեզ հետ, այստեղ, բայց գիտե՞ս ինչ եմ ուզում։ Ուզում եմ բարձրանալ կտուր եւ այնտեղից բղավել Երեւանով մեկ, բղավել ազատությունից, ուրախությունից, ապրելու եւ աշխատելու տենչից, սիրուց, ամեն ինչից…
 
— Մեզ կտանեն միլիցատուն,— ծիծաղեց աղջիկը։
 
— Մե՞զ։ Ես բղավելու եմ տասնվեց տարվա կուտակվածը։ Իսկ դո՞ւ ինչ գործ ունես իմ կողքին, կտուրի վրա,— զվարթ հարցրեց հայրը։
 
— Իսկ ես բղավելու եմ ավելի շատ տարիներով կուտակվածը։ Բա՞ս… Հաղթվեցի՞ր, հայրիկ։ Չասես, թե հիմար աղջիկ ունես։ Դու դեռ չես ճանաչում ինձ։ Աստիճանաբար կճանաչես ու կկորցնես իմ նկատմամբ ամեն հետաքրքրություն։
 
— Ինչո՞ւ։
 
— Ի՞նչ հետաքրքրիր է հայելու մեջ ժամերով նայել իրեն։
 
— Դու հայելի չես, Խիտա։ Հայելին կամ նույնությամբ է արտացոլում, կամ աղավաղում է։
 
— Այո, միայն,— համաձայնվեց աղջիկը։— Եվ երբեք ավելի չի գեղեցկանում, քան իրականության մեջ է։
 
— Ուրե՞մն։ Չէ՞ որ դու հրաշալի ես, աղջիկս։
 
— Ուրեմն հայելին ոչինչ չի աղավաղել։
 
Նայելով միմյանց, նրանք բարձր ծիծաղեցին, որ նստել են ահա այդպես եւ գովում են իրար։
 
===7===
 
Առաջին առավոտը Երեւանում…
 
Ժիրայրը բաց արեց աչքերը, նայեց։ Չի կարելի ասել, թե նա մի պահ չհասկացավ իր որտեղ լինելը։ Ընդհակառակը, ամբողջ գիշերը, քնի մեջ, նա զգում էր այդ եւ նրա էության մեջ տարածվել էր երանությունը,— երանություն անկողնի փափկությունից եւ բազմոցի ճկունությունից, երանություն թարմ օդից, որը հորդում էր երեկոյից ի վեր բաց թողած օդանցքով, երանություն հոգու, նյարդերի, մտքերի… Բայց, ոչ, ոչ մտքերի։ Քնի մեջ անգամ արթուն էր նրա մոտ այն գիտակցությունը, որ այդ տունն իրենը չէ, ինքը միայն հյուր է այնդտեղ։
 
Այժմ, արթնանալով, նա զգաց, թե ինչպես ամբողջ գիշերը նրա երանության վրա շաղ եկած տհաճության այդ փոշին հավաքվեց, կուտակվեց, պնդացավ եւ վերածվեց քարի ամրություն ունեցող հարցի՝ «Լավ, իսկ հետո՞»…
 
Ժիրայրը նայեց Ջոնի կողմը։ Ջոնն արդեն չկար։ Ծալովի մահճակալը՝ նույնպես։ Չկար նույնիսկ արձակ տարածությունը․ հեռախոսի եւ ռադիոընդունիչի սեղանակները դրված էին իրենց նախկին տեղերում։
 
«Ոչ միայն հյուր,— անցավ Ժիրայրի մտքով,— այլեւ անկոչ հյուր։ Գրավել եմ տղայի տեղը»…
 
Նա արագ վեր կացավ, նայեց բուֆետ֊պահարանի վրա դրված ժամացույցին։ «Լա՞վ ես սկսում առաջին առավոտդ,— բարկացավ նա մտքում իր վրա։— Ե՞րբ ես վերջին անգամ արթնացել այսքան ուշ»…
 
Մոտենալով լուսամուտին, նա տեսավ՝ փողոցը եռուզեռի մեջ էր, անցնում֊դառնում էին մարդիկ, գնում֊գալիս էին տրամվայներն ու մեքենաները։
 
Գնաց լվացվելու։ Անցնելով խոհանոցի դռան մոտով, նա դրա ապակու միջով տեսավ, որ խոհանոցի մյուս դուռը պատշբամբի վրա բաց է։ Տեսավ Խիտային՝ պատշգամբում մարզանք անելիս։ Լվացվելուց հետո, նախքան սենյակ վերադառնալը, խոհանոցով դուրս ելավ պատշգամբ։
 
Խիտան արդեն չկար։ Ջոնի արհեստանոցից գալիս էր խարտոցի խզզոց։ Ժիրայրը չուզեց խանգարել տղային եւ վերադարձավ իր անկողնու մոտ։
 
Անկողինն արդեն չկար։ Բազմոցը կարգի էր բերված նստելու համար։ Սենյակում ամեն ինչ վերստացել էր իր երկրաչափական կանոնավորությունը։
 
Ժիրայրը հագավ իր զինվորական տիպի հնամաշ վերնաշապիկը, կարգի բերեց իրեն, նստեց բազմոցի վրա՝ գնացքի սպասող ուղեւորի նման։ «Հետո՞…— նորից անցավ նրա մտքով,— հետո՞»…
 
Ննջարանի դուռը թխկթխկաց մի քանի անագմ, բացվեց, եւ այնտեղից դուրս ելավ Բրաբին՝ խալաթով, տնային ոտնամաններով։ Շքեղ խալաթի մեջ նա անհամեմատ ավելի կանացի էր եւ փարթամ։ Մոտենալով Ժիրայրին, նա մտերմաբար բարեւեց եւ սեղանի վրա դրեց թղթադրամի մի ստվար կապ։
 
— Կոստյում կգնես քեզ համար, կոշիկներ, գլխարկ… սպիտակեղեն։ Իհարկե, նաեւ վերնաշապիկ, գուլպաներ, թաշկինարներ, ինչ որ պետք է։
 
— Շնորհակալություն, Բրաբի։ Բայց ես չեմ վերցնի այդ դրամը։
 
— Հիմարություն։ Տղամարդու ավելորդ ինքնասիրություն։
 
Բրաբին նստեց ամուսնու կողքին, բազմոցի վրա։
 
— Ասում են՝ ինձ ինչ֊որ գումար է հասնում, Բրաբի։
 
— Եվ ուղեգիր՝ հանգստանալու։ Բայց դրանք կլինեն մի քիչ ուշ։ Իսկ վաղը մեզ մոտ հյուրեր են գալու։
 
— Ես կվերադարձնեմ այդ գումարը,— գլխով ցույց տվեց Ժիրայրը դեպի սեղանը։
 
— Չեմ առարկում։
 
— Բրաբի։
 
— Ասա։
 
— Դու գո՞հ ես երեխաներից։
 
— Այո։ Իսկ դո՞ւ։
 
— Նույնպես։ Շնորհակալություն քեզ՝ նրանց դաստիարակելու եւ ամեն ինչի համար։
 
— Կարիք չկա։ Ես պարտավոր էի։ Նրանք իմ երեխաներն են։
 
Արտաքնապես շեշտը դրված չէր «իմ»֊ի վրա եւ այդ բառը թռավ֊անցավ համարյա աննկատելի։ Բայց դա զեփյուռ չէր, այլ չուգունե արկ։
 
— Բրաբի, նրանք ոչնչի կարիք չե՞ն զգացել։
 
— Երբ ամբողջ ժողովուրդն էր զգում՝ նրանք էլ միասին։ Իսկ դրանից հետո՝ ոչնչի։
 
— Եվ… ոչ ոքի՞։
 
— Դու ուզում ես, որ պատասխանե՞մ։
 
— Ոչ։ Դու արդեն պատասխանեցիր։ Ուրե՞մն։
 
— Հիմար բան ես մտածում, Ժիրայր։ Դու նրանց հայրն ես։ Եթե չես պակասել անցյալում, դա չի նշանակում, թե ավելորդ ես ներկայումս։
 
— Շնորհակալություն, Բրաբի,— ասաց Ժիրայրը՝ մի պահ մտածելուց հետո։— Այս անգամ դու չես կարող ասել՝ «կարիք չկա»։ Շնորհակալություն, որ նրանք չեն զգացել իմ բացակայությունը։ Դա եղել է քո ջանքերի շնորհիվ։
 
— Հանդիմանո՞ւմ ես։
 
— Ոչ, գովում։ Դու փոխարինել ես նաեւ ինձ։
 
— Հորը չի կարելի փոխարինել։ Համենայն դեպս՝ դա կնոջ գործ չէ։
 
— Հասկանում եմ։
 
— Ժիրայր, երեկ դու ինձ հարցրիր իմ անցյալի մասին։ Ուզո՞ւմ ես լսել։
 
— Ոչ։ Կարիք չկա։
 
— Երեւի Խիտան արդեն…
 
— Ոչ, այլ նրա համար, որ դրանից ոչինչ չի փոխվի։
 
Բրաբին չպատասխանեց։
 
— Գնիր լավ կոստյում,— ասաց նա քիչ հետո՝ վեր կենալով։— Եթե էլի դրամի կարիք ունենաս՝ վերցրու գրասեղանի ձախ դարակից։ Չխոսենք ապագայի մասին։ Նա ինքը կգա եւ կխոսի իր մասին։ Զգա քեզ՝ ինչպես քո տանը։
 
— Ես ինձ այդպես էլ զգում եմ,— ակամայից ժպտաց Ժիրայրը։— «Ինչպես» իմ տանը…
 
— Մի՞թե ես ու դու մեղավոր ենք, Ժիրայր։ Մեզ բաժանեցին իրարից։ Եթե քեզ բռնի զրկեցին ազատությունից, ապա ինձ, նույնքան բռնի, տվեցին ազատություն։ Ես ուզում էի քո կինը մնալ ընդմիշտ։ Հիշո՞ւմ ես։
 
— Մենք որոշեցինք չխոսել անցյալի մասին։
 
— Դու իրավացի ես։
 
Կինը խալաթի փեշերը հավաքեց իրար վրա՝ կարծես ցրտից։
 
— Քիչ հետո կնտսենք նախաճաշի։
 
— Երեխաները նո՞ւյնպես։
 
— Խիտան գնաց դպրոց, իսկ Ջոնը կգնա հիմա։
 
— Ես ավելի ուշ կնախաճաշեմ։ Դրսում։
 
— Երկուշաբթի օրվանից ես նույնպես։ Հիմնարկում։
 
— Դու ի՞նչ պաշտոն ունես, Բրաբի։
 
— Մի փոքրիկ գործարանի դիրեկտոր եմ։
 
— Եվ ունես բարձրագույն կրթությո՞ւն։
 
— Անշուշտ։ Ավարտեցի սրանից ութը տարի առաջ եւ անմիջապես նշանակեցին այդ աշխատանքին։ Հա, Ժիրայր, ահա քեզ դռան բանալի։ Իսկ հիմա եկ մտածենք, թե ում ենք հրավիրելու վաղը։ Մյուսներին ես ինքս։ Ուրեմն, նախ եւ առաջ Անթառամին։
 
— Ո՞վ է Անթառամը։
 
— Մոռացե՞լ ես,— հարցրեց կինը՝ առանց զարմանալու։— Իմ ու քո այն ժամանակվա ընկերուհին։
 
— Հիշեցի,— ասաց Ժիրայրը, թեեւ չհիշեց բոլորովին։
 
— Այնուհետեւ, Արտակին։ Թե՞ Արտակը քո ժամանակ չկար։ Այո, այո, նա հետո հայտնվեց։ Դե, դա ոչինչ, նաեւ նրան, իհարկե։ Իսկ է՞լ ում…
 
— Ես ոչ ոքի չեմ հիշում, Բրաբի։ Եվ կարծեմ ոչ ոք էլ չկա։ Ի միջի այլոց, ինձ համար միեւնույնն է։ Ինքդ ընտրիր։
 
— Մեր թանոթներից մի քանիսը զոհվել են պատերազմում, մի քանիսը… նույնպես չկան։ Իսկ մի քանիսն էլ Երեւանում չեն, ցրվել են զանազան կողմեր։ Ուրեմն, Անթառամին։ Մնացյալներին դու չես ճանաչում։ Ես հիմա նշեմ եւ հեռախոսով հայտնեմ բոլորին։ Ի միջի այլոց, Ժիրայր, դու վաղը տուն կգաս ժամը ութից ոչ շուտ։ Ես ուզում եմ սյուրպրիզ անել բոլորին։
 
— Դա ներկայացո՞ւմ է։
 
— Ոչ։ Ավելի լավ կստացվի։
 
— Ինչպես ուզում ես,— անտարբեր համաձայնեց Ժիրայրը։
 
Կինը մտավ ննջարան՝ հրավիրվածների ցուցակը կազմելու եւ համարյա իսկույն միջանցքի դռնից ներս մտավ Ջոնը՝ տնից գնալու պատրաստ։
 
— Բարի լույս, հայրիկ, դու արդեն վե՞ր ես կացել։ Իսկ մենք կարծում էինք՝ դեռ քնած ես։ Խիտան գնաց, պատվիրեց, որ համբուրեմ քեզ, բայց ես այդպիսի սենտիմենտալ բաներ չեմ սիրում։ Թող ինքը գա՝ համբուրի։ Ես գնում եմ դպրոց, կգամ, միասին կանցկացնենք ժամանակը։ Դու տանը կլինե՞ս։
 
— Այո, ես առայժմ տանն եմ։ «Ինչպես» տանը,— ակամայից դուրս թռավ ուղղումը նրա բերանից։
 
Ջոնն ուղղումը չլսեց, ելավ դուրս։
 
Մենակության անտանելի զգացումը ճմլեց Ժիրայրի սիրտը։ Նա վեր ցատկեց բազմոցից, համարյա վայելով սկսեց անցնել սենյակի մի պատից մյուսը։ Ի՞նչ անել, ո՞ւր գնալ, ո՞ւմ հանդիպել…
 
Չհարցնե՞լ արդյոք Խիտայի դպրոցի հասցեն եւ վազ տալ նրա մոտ՝ իր աղջկա… Բայց նա այժմ զբաղված է դասերով, իսկ դասերից հետո… Նա հեռախոսով ասաց ինչ֊որ տղայի՝ «վաղը»։ Ինչո՞ւ խանգարել։
 
Էլ ուրեմն ո՞ւր գնալ, ո՞ւմ հանդիպել…
 
Ժիրայրը պատրաստ էր դուրս վազել դեպի փողոցները, գտնել գոնե այն սպիտակ վերարկուով անծանոթ կնոջը։ Գտնել, բայց ի՞նչ ասել։ Ասել՝ «բարեւ», այո՞։ Եվ լսել՝ «Բարեւ։ Ձեզ ի՞նչ է հարկավոր։ Շնորհավորեցի, որ վերադարձե՞լ եք։ Փորձանք հո չընկա՞։ Վազն անցեք ինձանից»…
 
Ոչ երեխաներն զբաղված են, եւ չեն օգնի նրան ո՛չ Բրաբին, ո՛չ անթանոթ կինը։ Մենակության զգացումը կարող են փարատել միայն նրանք, ում հետ դու ապրել ես եւ աշխատել, չարչարվել եւ հանգստացել, սիրել եւ ուրախացել… Մարդիկ, որոնց հետ գտնվում ես որեւէ առնչության մեջ։
 
Ժիրայրը ցանկություն զգաց վերադառնալու այնտեղ, որտեղից եկել էր։ Այնտեղ իր բախտակիրներն են, երկար տարիների իր ընկերները։ Բայց ո, նրանք այլեւս այնտեղ չեն, նույնպես վերադարձել են իրենց տները։
 
Այ քեզ բան… Մի՞թե կարելի է լինել այսքան մենակ։ Ոչ ընտանիք, ոչ բարեկամ, ոչ ըկներ, ոչ ծանոթ…
 
Ո՞ւր գնալ, ո՞ւմ հանդիպել…
 
Ճիշտ է, կարելի է գնալ հիմնարկները՝ իր գործերը կարգավորելու։ Կդիմավորեն նրան այնտեղ խղճահարությունը, կարեկցությունը, ափսոսանքը եւ նման ազնիվ ու վիրավորական զգացումներ։ Բայց գուցե դա ավելի լավ է, քան գտնվել «ինչպես» իր տանը…
 
Ժիրայրն արագ հագավ բուշլատը, դրեց եռականջ մորթե գլխարկը եւ ելավ դուրս։
 
Պայուսակը նա վերցրեց իր հետ։ Դա նկատեց միայն փողոցում, բայց այլեւս չվերադարձավ՝ տեղը դնելու։
 
Առաջին առավոտը Երեւանում…
 
Որքա՛ն է երազել նա այդ մասին։ Եղե՞լ է արդյոք որեւէ առավոտ՝ մոտ վեց հազար այն առավոտներից՝ օտար, ողբերգական, որ նա չվերհիշեր ահա սա, եւ իրեն՝ ահա այսպես քայլելիս, այստեղով քայլելիս…
 
Վերհուշ… Ծերության միակ մխիթարությունը…
 
Բայց ի՞նչ ծերության մասին է խոսքը։ Ծերությունը, ինչպես հայտնի է, գալիս է կյանքի վերջում, երբ դիմացն այլեւս ճանապարհ չկա, պատ է կամ վիհ, կամ, ավելի ճիշտ՝ մի փոքրիկ հողաթումբ։ Առաջ նայել չես կարող, այնտեղ հեռանկար չկա։ Նայում ես ետ։ Եվ տանջալի քաղցրությամբ տեսնում ես երկար ճանապարհը՝ ձգված հովիտներով ու քարքարուտներով, մերթ ցեխի, մերթ վարդերի միջով, երբեմն՝ թխպոտ երկնքի տակ, երբեմն՝ պայծառ արեւի։ Դա քո կյանքն է։ Դու մտովին նորից ես կտրում այն, միայն թե հակառակ ուղղությամբ, ծերությունից մանկություն։ Դանդաղելով ճանապարհի ամեն մի հատվածում, դու կամ ժպտում ես բավականությամբ, կամ մռայլվում ես դժգոհությունից, կամ հառաչում ես թախիծով… Երբ դու առաջին անգամն էիր աննում այդտեղով, ժամանակ չունեիր մտածելու, դու պարզապես անցնում էիր։ Իսկ այժմ խորհում ես եւ գնահատում․ «Օհ, ի՜նչ լավ է եղել, ի՜նչ լավ եմ արել»… «Ափսոս… Բայց ուրիշ կերպ չէի կարող, դա ինձանից չէր կախված»… «Ինչպիսի՜ հիմարություն… Ի՞նչպես եմ կարողացել այդպիսի բան թույլ տալ ինձ»…
 
Հասնելով քո սեփական օրորոցին, դու կանգ ես առնում մի պահ, միայն մի պահ, թախիծով ու սիրով նայում ես անխռով քնած նորածնին եւ, շուռ գալով կրունկի վրա, պատրաստվում ես նորից անցնել նույն կյանքը, բայց արդեն սրբագրված։ Այժմ դու մտադրվել ես որոշ բաներ կատարել նախկինից ավելի շատ, որոշ բաներից հրաժարվել իսպառ, եւ միայն այն դեպքերում, երբ որեւէ բան փոփոխելը քեզանից չի կախված, ակամայից կրկնել նույնությամբ։
 
Դու կրնկիդ վրա շուռ ես գալիս քո օրորոցից եւ սառը քրտինքն իսկույն պատում է ճակատդ։ Փոխանակ առջեւումդ ձգվող ճանապարհի, դու տեսնում ես մի փոքրիկ հողաթումբ՝ ուղղակի ոտքերիդ տակ։ Ճանապարհ չկա, դա ճանապարհի վերջն է, դու արդեն հասել ես։ Ո՛չ նույնությամբ, ո՛չ սրբագրված, դու այլեւս չես կարող անցնել ոչ մի ճանապարհ, ոչ մի սանտիմետր։ Կյանքը մի անգամ է տրված եղել քեզ…
 
Բայց պատահում է երբեմն, ոմանց հետ, երբ ծերությունը գալիս է ոչ թե կյանքի վերջում, երբ այլեւս չկա ոչ մի ճանապարհ, այլ կեսին, երբ մյուս կեսը դեռ արջեւումն է։ Այժմ, վերադառնալով մինչեւ օրորոց, դու կյանքդ կարող ես սկսել նորից, քո ուզածի պես։
 
Իհարկե, կա այստեղ որոշ չափազանցություն։ Ոչ թե ծերությունն է գալիս կյանքի կեսին, այլ ծերության հատուկ խոհն ու հաշվեհարդարը քո անցած ճանապարհի մասին։ Եվ, ինչպիսի՜ երջանկություն, այդ խոհն ու հաշվեհարդարը ոչ թե անհեռանկար է, միայն մխիթարություն կամ ինքնախարազանման համար, այլ քո առաջիկա ճանապարհի նախապատրաստությունն է…
 
Բանտարկության տարիները Ժիրայրի համար հանդիսացել էին ահա այդ «ծերությունը»՝ կեսճանապարհին եկած։ Տասնվեց տարի շարունակ չունենալով ներկա, ավելի ճիշտ՝ ունենալով այնպիսի ներա, որից բաղձում ես հեռանալ գոնե մտովին, նա անդադար ունեցել էր երկու ապաստան՝ մերթ անցյալի երազները, մերթ ապագայի ծրագրերը։ Եվ նրան հավասարապես հաճելի էին եղել այդ երկու ապաստանները եւս, որովհետեւ դրանց երկուսի վրա էլ փողփողել էր ազատության դրոշակը։
 
Տարբերությունն անցյալի եւ ապագայի միջեւ այն էր, որ անցյալն ուներ միայն մի վարիանտ՝ այն, որ եղել էր, իսկ ապագան՝ հազար վարիանտներ։ Բայց այն մեկը հազար անգամ ավելի լավ էր հազարից, որովհետեւ իսկական կյանքն էր։ Իսկ այդ հազարը նույնպես, հազար անգամ լավ էին մեկից, որովհետեւ հնարավոր էին եւ ենթակա էին Ժիրայրի ազատ ընտրությանն ու կամքին՝ իրականություն դառնալու համար։ Եվ Ժիրայրը, հաշվելով րոպեներն ու ժամերը, անձկությամբ սպասում էր այն պահին, երբ հնարավորություն պիտի ունենար պոկվել տեղից ու վազել, վազել, վազել՝ անցնելու այդ հազար վարիանտ֊ճանապարհներից որեւէ մեկով։
 
Իսկ ո՞ր մեկով։
 
Բանտարկության առաջին տարիներին մտածելով այդ մասին, նա մոլորվել էր անորոշության մեջ։ Նա նման էր մի մարդու, որը պատրաստվում էր շուկա մտնել՝ մի սահմանափակ գումար գրպանում։ Քանի դեռ չի գնել ոչինչ՝ նա պոտենցիալ կերպով կարող է գնել ամեն ինչ՝ բոլոր մրգերը, բոլոր պտուղները, բոլոր բարիքները։ Բայց բավական է, որ գնի դրանցից մեկը՝ ծախսելով ունեցած դրամը, որպեսզի մնացյալ ամեն ինչը նրա համար դառնա այլեւս անհասանելի։ Այդպես երիտասարդն է հաճախ տատանվում մասնագիտություն ընտրելիս, այդպես աղջիկն է ընտրություն կատարում իրեն դուր եկած երիտասարդների միջեւ…
 
Սակայն հետո, ժամանակ անց, Ժիրայրը հասկացավ, թե ինչ էր նրան հարկավոր։ Հետագա կյանքի համար վարիանտներից նա վճռականապես ընտրեց մեկը։ Դա նրա անցյալ կյանքն էր՝ շատ թեթեւակի սրբագրված եւ բարեփոխված։ Նա ճիշտ էր ապրել իր կյանքը եւ որքան էլ որ ուշադիր էր նայում դրան՝ չէր գտնում զղջալու կամ իրեն դատապարտելու որեւէ լուրջ հիմք։
 
Այժմ, անցնելով Երեւանի փողոցներով, նա սրբագրում էր իր մի բացթողումը։ Գուցե դա միակ բանն էր, որի համար նա հաճախ հանդիմանել էր իրեն այնտեղ։ Իր կյանքի առաջին կեսը նա ապրել էր մի տեսակ ավտոմատիկորեն, առանց մտածելու դրա մասին, անդրադառնալու դրա գեղեցկությանը։ Ութ հազարից ավելի անգամներ նա անցյալում տեսել էր Երեւանի առավոտները՝ առանց ուշադրություն դարձնելու դրանց վրա։ Հարկավոր էր «այն» ողբերգությունը, հարկավոր էր այդ առավոտների վեց հազար անգամ կրկնված կորուստը, որպեսզի նա անդրադառնար, թե որքան երջանիկ էր եղել նա անցյալում։
 
Նա հանդիմանել էր իրեն նաեւ այն բանի համար, որ հարկ եղածի չափ չէր սիրել կնոջը, հարկ եղածի չափ չէր զբաղվել իր Հովիկով… Իհարկե, դա բոլորովին էլ այդպես չէր, բայց «այնտեղ» անցյալի ամեն ինչը նրան թվում էր ե՛ւ լավ, ե՛ւ իր կողմից բավարար չափով չճաշակած։ Այ, երբ նա վերադառնա, կապրի այնպես, որ այդ կյանքը լինի ե՛ւ իր անցած կյանքի շարունակությունը, ե՛ւ անսահմանորեն դրանից տարբեր, ավելի հարուստ։ Նա կապրի ավելի լայն բացած աչքերով, ունկնդիր սրտով, զգաստ ուղեղով… Կապրի ինչպես սպունգ եւ միաժամանակ ինչպես ջրցան…
 
Եվ ահա, այժմ՝ առաջին առավոտը Երեւանում… Սկսվում է Ժիրայրի նոր կյանքը՝ տառապանքներից իմաստնա»ած, խոհերով խորացած… Եվ եթե կարելի է մի բառով արտահայտել նրա վերաբերմունքը դեպի Երեւանը, դեպի աշխարհը, ապա այդ բառը, որն ամենագեղեցիկն է եւ ամենակենսալին, ամենաստեղծագործն ու ամենաանհագուրդը, դա՝ ագահություն բառն է։
 
===8===
 
Ժիրայրը գնաց մշտական անձնագիր ստանալու, բայց դեռ շուտ էր, այդ գործով զբաղվող մարդը դեռ չէր եկել։ Քարտուղարուհին, կանխատեսորեն ստուգելով նրա փաստաթղթերը, նկատեց, որ լուսանկար չկա։ Ժիրայրն ինքն իրենից դժգոհ՝ ձեռքով խփեց ճակատին։ Քարտուղարուհին հանգստացրեց նրան, որ նա կհասցնի հենց հիմա լուսանկարվել ու ստանալ նկարը։ Պայուսակից ու բուշլատից դատելով, որ նա եկվոր է, տվեց մոտակա լուսանկարչատան հասցեն։ Ամբողջ խոսակցության ընթացքում աղջիկը շատ սիրալիր էր ու ժպտում էր, եւ Ժիրայրն այդպիսի վերաբերմունքը լիովին վերագրեց նրա սրտաբաց բնավորությանը, գուցե նաեւ լուսանկարի մոռանալու պատճառով իր թողած զվարճալի տպավորությանը։ «Կար ժամանակ,— մտովին հառաչեց նա,— երբ աղջիկները մի այլ պատճառով էին ինձ հետ խոսում այդ կերպ սիրալիր»…
 
Այդ լուսանկարչատունը նա գիտեր, դա վաղուց գոյություն ուներ։ Մուտքի մոտ կախված էր Ժիրայրին այնքան վաղուց ծանոթ ազգանունով ցուցանակը, միայն թե այժմ ավելի գեղեցկարցած եւ թարմացրած։
 
Դրա հակառակ, լուսանկարիչը, դեռ «այն» ժամանակ ծեր, ավելի էր ծերացել ու թոշնել։ Չնայած դրան, նա առաջվա պես աշխույժ էր եւ թեթեւաշարժ։
 
Միայն մի հայացք նետելով այցելուի վրա, նա ասաց քաղաքավարությամբ․
 
— Բարի եք վերադարձել։ Անձնագրի համա՞ր։ Նստեցեք խնդրեմ։ Հանեցեք ձեր բուշլատը։
 
Մոտ քաշելով եռոտանի մի դեղին դինոզավր, ծերունին իր ալեհեր գլուխը սուզեց դրա ետեւից կախված սեւ ծածկոցի տակ, դուրս հանեց, նորից սուզեց, եւ այնտեղից լսվեց նրա ձայնը․
 
— Նայեցեք այս կողմ։
 
Մի անգամ եւս դուրս գալով այնտեղից, նա մոտեցավ Ժիրայրին, նրա գլուխն ուղղեց դեպի աջ, կզակը ծռեց դեպի ձախ, պատի վրա ցույց տվեց էլեկտրական հոսանքի անջատիչը․
 
— Նայեցեք դրան։
 
Դինոզավրը նորից դարձավ հինգոտանի։ Բրածո այդ կենդանին, դեղին խորանարդ գլխով, թափահարեց իր մարդկային ձեռքերը եւ ասաց․
 
— Լավ է։
 
Ալեհեր լուսանկարիչը դուրս ելավ վերջին անգամ, կանգնեց գործիքի կողքին, ասաց հանդիսավոր․
 
— Ուշադրություն…
 
Գործիքի առջեւամասից նա պոկեց կոշկաներկի տուփի մեծության սեւ կափարիչը, օդում մի բարդ շարժում կատարեց դրանով։ Կափարիչը դանդաղ ճախրելով մոտեցավ եւ արագ փակեց դինոզավրի միակ աչքը։
 
— Քսան րոպեից կստանաք,— խոստացավ ծերունին։— Իսկ որպեսզի չձանձրանաք՝ խնդրեմ, այսօրվա թերթեր, այս ամսվա ժուռնալներ, այս տարվա մոդաների ալբոմ։ Իսկ եթե կուզենաք՝ խնդրեմ, բոլոր ժամանակների կոմպլետկներ…
 
Նա ձեռքով ցույց տվեց անկյունում դրված սեղանը, որի վրա դարսված էին լրագրերի կոմպլեկտներ հիշեցնող մեծ կազմեր՝ ստվարաթղթե թերթերով։
 
Անցյալից եկող այդպիսի մանրուք, բայց Ժիրայրը հիշեց․— ծերունին պահում էր ոչ միայն հին տարիների նեգատիվները, այլեւ պոզիտիվները, որոնցով ամեն մարդ, ըստ հարկի, կարող էր տարիներ հետո նորից պատվիրել իր նկարը։
 
Նա գնաց Ժիրայրի նկարը մշակելու՝ նախապես հարցնելով․
 
— Ձեզ վե՞ց հատ։ Երե՞ք։ Միանգամայն բավական է։ Եթե էլի կարիք լինի՝ կարող եք պատվիրել վաղը կամ երեսուն տարի հետո։ Ավելի երկար երաշխիք չեմ կարող տալ, որովհետեւ արդեն ծերանում եմ…
 
Ժիրայրը բաց արեց սեղանի վրա դրված կոմպլեկտներից մեկը եւ սկսեց թերթել։ 1912 թիվ։ Ապա հաջորդը՝ 1932 թիվ։ Երրորդը՝ 1915 թիվ։ Դա նման էր ժամանակի մեջ ետ ու առաջ ճոճվելու։ Կոմերիտական։ Աղա։ Կարմիր հարսանիք։ Եկեղեցական պսակ։ Պիոներների ջոկատ՝ դրոշակով։ Ոստիկան՝ պատիվ բռնած։ Խանում՝ լայնեզր շլյապայով եւ հին մոդայի կոֆտայով։ Կարմիրբանակայիններ՝ ձիերի վրա։ Ուսանող՝ ուսադիրներ ունեցող համազգեստով…
 
Եվ բոլոր ալբոմներից տեղ֊տեղ պոկված էին նկարներ՝ երբեմն առանձին֊առանձին, երբեմն մի քանի հատ իրար կողքի։ Տխուր հունձ… Երբեմն դրանք պոկվել էին՝ տանելով իրենց հետ ստվարաթղթի մի շերտ, երբեմն, ընդհակառակը, թողնելով դրա վրա իրենց հետքը։
 
Ի՞նչ օրինաչափությամբ էին պոկված դրանք։ Ինչո՞ւ շուրջն ամեն տեղ ապրում ղին այլ լուսանկարներ, իսկ դրանք չկային… Իսկ ի՞նչ օրինաչափությամբ է չորանում ծառն անտարում։ Շուրջը բոլոր մյուսներին բավարարում է ե՛ւ հողը, ե՛ւ խոնավությունը, ե՛ւ արեւը, իսկ նրանց՝ ոչ։
 
Ժիրայրը փնտրեց 1936 թվի ալբոմը, բայց այդպիսին չկար սեղանի վրա։ Այդ թվի գարնանը նա լուսանկարվել էր իրենց հիմնարկի պատի թերթի համար, երբ նրան պարգեւատրել էին որպես լավ աշխատողի։
 
Կոմպլեկտներից մեկը Ժիրայրի ուշադրությունը գրավեց իր անհասկանալի մակագրությամբ։ Կազմի վրա, փոխանակ տարեթվի, գրված էր միայն մի տառ՝ «Փ»։ Այնտեղ կային տարբեր տարիների լուսանկարներ, դա երեւում էր հագուստների, բեղերի, ֆոնի, աքսեսուարի տարբերությունից։ Ովքե՞ր էին նկարված այնտեղ, ի՞նչն էր կապում նրանց բոլորին իրար հետ։ Թե՞ գուցե դա պատահական հավաքածու էր։
 
Ալբմում ներկայացված էր մի ամբողջ ժողովուրդ՝ թախծոտ աչքերով։ Աչքերը՝ ահա թե ինչն էր նրանց մեջ ընդհանուրը։ Աչքերը՝ սեւ ու շագանակագույն, նշաձեւ ու գեղեցիկ։ Եվ բոլորը՝ թախծոտ։ Դա հայ ժողովուրդն էր։
 
Թերթելով ալբոմը, Ժիրայրն աստիճանաբար սկսեց նկատել նաեւ իրար նման դիմագծեր ունեցող մարդկանց՝ տարբեր տարիքի մեջ։ Երկու, երեք, երբեմն ավելի նկարներ ներկայացնում էին նույն մարդուն կամ գուցե արյունակից հարազատների։
 
Խորքի դռնից սպասարան դուրս ելավ ծերունին՝ պատրաստի փոքրիկ լուսանկարները ձեռքին։ Ժիրայրը մեծ զարմանքով նայեց նրան։
 
— Ի՞նչ եք նայում ինձ,— հարցրեց ծերունին։
 
Ժիրայրը մի պահ ոչինչ չպատասխանեց։
 
— Բացատրեք, ինչո՞ւ եք նայում, դե՞,— քաջալերաբար ժպտաց լուսանկարիչը՝ սպասողական նայելով նստածին, կարծես քաջ գիտենալով նրա պատասխանը։
 
— Հիմարություն եւ ուրիշ ոչինչ,— գլուխն օրորեց Ժիրայրը։— Ձեզ մոտ լուսանկարների աշխարհ է եւ կենդանի մարդն անսպասելի է դառնում այստեղ։
 
— Ճիշտ է,— գոհ պատախսանեց ծերունին։— Ես այդպես էլ հասկացա ձեզ։ Բայց, ափսոս, որքան էլ կենդանի, ես այլեւս պոզիտիվ չեմ, այլ նեգատիվ, մազերս՝ սպիտակ, իսկ դեմքս՝ համարյա սեւ… Համեցեք ձեր նկարները։ Նայեցեք։ Հավանո՞ւմ եք։ Չէի ասի, թե սա դուք եք։ Սա դուք էիիք՝ քսան րոպե առաջ։
 
— Քսանութ,— ժպտաց Ժիրայրը՝ նայելով պատի ժամացույցին։— Ի միջի այլոց, ի՞նչ է նշանակում՝ «Փ»։
 
— Տիեզերք։
 
— Ներեցեք,— հակաճառեց Ժիրայրը՝ վճարելով լուսանկարների համար,— բայց տիեզերքը «փ»֊ով չի սկսվում։
 
— Եվ սկսվում է, եւ վերջանում։
 
— Լավ,— համաձայնվեց ժիրայրը՝ չուզենալով գլուխ կոտրել խրթին կամ անհեթեթ այդ բացատրության վրա,— ենթադրենք, թե այդպես է։ Բայց ի՞նչ կապ ունի տիեզերքը ձեր լուսանկարչատան հետ։
 
— Դուք ինձ հիասթափեցնում եք, երիտասարդ,— հանդիմանաբար գլուխն օրորեց ծերունին։— Ի՞նչպես չեք տեսնում, որ դրանք երկուսն անսահման նման են իրար…
 
Փակելու համար խելքից դուրս այդ խոսակցությունը, Ժիրայրը հարցրեց․
 
— Ինձ ցույց չե՞ք տա 36 թվի ալբոմը։ Ես ուզում եմ տեսնել ինձ այնտեղ։
 
— Եթե չեք պոկված,— նախազգուշացրեց լուսանկարիչը։— Հույս ունենանք, որ ճողոպրել եք։ Կան նաեւ այդպիսիները՝ որոշ քանակությամբ։
 
Նա սեղանի վերեւի պատի պահարանից հանեց պահանջված կոմպլեկտը։ Դրեց սեղանի վրա, բայց ձեռքը դրեց վրան՝ թույլ չտալով բաց անել։
 
— Դուք, երիտասարդ, երեկ երեկո նայե՞լ եք երկնքին։
 
— Այո։ Բայց ինչո՞ւ եք հարցնում։
 
— Տեսե՞լ եք երեկվա աստղերը։ Երեկվա,— շեշտեց նա։
 
— Իհարկե։
 
Ակներեւ էր, որ ծերունին առաջին անգամը չ, ինչ վարում էր այդ խոսակցությունը։ Նա ժպտաց եւ օրորեց գլուխը
 
— Ոչ, երիտասարդ, ոչ միայն դուք, այլեւ Վիկտոր Համբարձումյանն անգամ չէր կարող տեսնել երեկվա աստղերը։ Դուք երկնակամարում տեսել եք մի աստղ, ինչպիսին նա եղել է տասնմեկ լուսային տարի սրանից առաջ։ Եվ տեսել եք մի աստղ, ինչպիսին նա եղել է հարյուր տարի առաջ։ Մի ուրիշը՝ միլիոն տարի սրանից առաջ։ Եվ այդպես շարունակ։ Ժամանակների խառնուրդ է երկնքում, երիտասարդ։ Մենք նայում ենք եւ հիացմունքից հառաչում՝ Լեյլու աստղը թարթեց Մեջնունի աստղին եւ Մեջնունի աստղն իսկույն նույնպիսի թարթումով պատասխանեց նրան։ Բայց գիտե՞ք, որ այդ երկու թարթումների միջեւ անցել են լուսային տարիներ, ընդ որում՝ նախ եղել է պատասխան֊թարթումը, ապա միայն առաջին թարթումը…
 
— Դուք փիլիսոփա եք,— հարգանքով ասաց Ժիրայրը եւ հանկարծ նրա համար պարզ դարձավ, թե ինչ էր նշանակում միակ տառն ալբոմի վրա։
 
— Հիմա նայեցեք այստեղ,— կարծես հետեւելով նրա մտքերին, ասաց ծերունին՝ բաց անելով «Փ» ալբոմը։— Դուք նմանություն գտնո՞ւմ եք այս պատանի աղջկա եւ այս տարիքոտ կնոջ միջեւ։
 
— Այո, իհարկե։
 
— Գիտե՞ք, որ նրանք մայր ու աղջիկ են։
 
— Կարելի էր ենթադրել։
 
— Իսկ գիտե՞ք, որ պատանի աղջիկը մայրն է, իսկ տարիքոտ կինը՝ աղջիկը…
 
Տպավորությունը Ժիրայրի վրա արտակարգ էր իր անսպասելիությամբ։ Ծերունին շողաց ներքին բավականությունից։ Անշուշտ, առաջին անգամը չէր, որ նա ականատես էր լինում այդ անսպասելի նախադասության թողած տպավորությանը։
 
— Ինչպես տիեզերքում, ժամանակի խառնուրդ է նաեւ լուսանկարչատանը, երիտասարդ։ Ոչ միայն այս ալբոմում, այլեւ բոլոր մյուս։ Ես կարող եմ իրար մոտ բերել երկու նկար՝ պապը եւ թոռը։ Պապը՝ մի տարեկան, մորից մերկ, փորի վրա պառկած։ Եվ թոռը՝ ալեհեր ծերունի՝ ձեռնափայտով ու ակնոցներով։ Պապին, իհարկե, ես չեմ նկարել, ես այդքան հին լուսանկարիչ չեմ։ Բերել էին ինձ մոտ մեծացնելու,— իհարկե, նկարը, եւ ոչ թե նրան,— իսկ ես մի օրինակ պահեցի ինձ համար։ Կամ սա։ Նայեցեք։ Տեսնո՞ւմ եք այս պիոներին՝ փողկապով ու լայնեզր գլխարկով։ Հայրն է։ Իսկ սա՝ նույնպես փողկապով ու լայնեզր գլխարկով՝ որդին։ Դա ես ինքս եմ դիտմամբ նկարել միեւնույն ֆոնի վրա։ Դա մեր կողքի հին դպրոցի պատն էր։ Անցյալ տարի քանդեցին։ Ափսոս։ Ես ուզում էի երրորդ սերնդին եւս նկարել նույն ֆոնի վրա։ Էֆեկտի համար։ Իհարկե, ամեն սերունդ ունի իր ֆոնը, ես դա գիտեմ։ Իսկ լայնեզր գլխարկը ես մինչեւ հիմա էլ պահում եմ։ Եթե կուզենաք՝ ձեզ էլ կնկարեմ դրանով։ Դուք պիոներ եղե՞լ եք։
 
— Հենց դժբախտությունն էլ այն է, որ «եղել եմ» եւ այլեւս չեմ,— ժպտաց Ժիրայրը։
 
— Դա ոչինչ։ Երբեմն ծերունիներն էլ են նկարվում այդ գլխարկով։ Նախկին պիոներները։ Դուք, երիտասարդ, անշուշտ ուշադրություն դարձրել եք, որ ահա մի քանի տարի է, ինչ մեր երկիրն սկսել է բաց թողնել խորհրդային ծերունիների առաջին քանակները։
 
— Ինչո՞ւ եք ինձ անվանում երիտասարդ։ Ես արդեն երեսունինը տարեկան եմ։
 
— Կարծում եք հարաբերականորե՞ն, իմ համեմատությա՞մբ։ Դուք ուշադիր նայե՞լ եք Վալերի Բրյուսովի կամ Հովհաննես Թումանյանի վերջին լուսանկարներին, երբ նրանք հիսուն ու մի քանի տարեկան էին։ Խոր ծերունիներ… Չկարծեք, թե միայն բեղ ու մորուք ունենալու պատճառով։ Իսկ հիմա մարդիկ ավելի ուշ են ծերանում, ոմանք՝ բոլորովին։ Իսկ այժմ, խնդրեմ, գտեք ձեզ այստեղ…
 
Նա ձեռքը վերցրեց 36 թվի ալբոմից։
 
Ժիրայրը հուզմունքով բաց արեց այն եւ սկսեց թերթել։ Ուշադիր նայելով ամեն մի նկարի, նա շուռ տվեց առաջին ստվարաթուղթը, երկրորդը, երրորդը։ Ուզում էր շուռ տալ նաեւ չորրորդը, բայց ծերունին բռնեց նրա ձերքը․
 
— Անցնում եք ձեզ, երիտասարդ, ահա դուք։
 
— Ե՞ս…— ապշեց Ժիրայրը՝ հայացքը հառելով կրծքից հետ լուսանկարված մի երիտասարդի վրա։ Եվ, ինքն էլ չիմացավ, թե ինչպես, դուրս թռավ նրա բերանից․— այս հիմա՞րը…
 
Ալբոմից նրան էր նայում կյանքով հարբած մի զվարթ, անհոգ դեմք։ Թվում էր, թե ուր որ է նա բաց է անելու բերանը եւ ասելու, որ Հովիկի դեղը նա հիմա կպատվիրի եւ տուն վերադառնալիս հետը կբերի, իսկ զրպարտությունների հերքումը կգրի մի քանի օր հետո, կիրակի, երբ ազատ ժամանակ ունենա դրանով զբաղվելու։ Շատ վռազ չէ…
 
— Հարգանք ունեցեք,— նախատեց ծերունին,— չէ՞ որ այդ դուք եք։
 
Հանկարծ Ժիրայրն անսպասելիորեն թեքվեց դեպի լուսանկարը եւ, առանց վախենալու թատրոնականությունից, առանց վախենալու ծիծաղելի լինելուց, շոյեց իր նկարը եւ ասաց․
 
— Ներողություն կոպիտ խոսքերին համար։ Ներիր ինձ, սիրելիս։ Դու հիմար չէիր, ոչ։ Եվ հիմա էլ դու նույն աչքերով ես նայում կյանքին, նույն, նույն… Որովհետեւ քեզանից խլեցին ամեն ինչ՝ կին, երեխաներ, տուն, խլեցին քո երիտասարդությունը, պատիվը, ազատությունը, բայց քո հավատը՝ ոչ…
 
Կարելի՞ էր արդյոք կասկածել, որ փիլիսոփա֊լուսանկարիչը ոչնչով չէր զիջում իր արտասովոր այցելուին։ Լայն շարժումով բաց անելով դուռը դեպի փողոց, նա ձեռքը մեկնեց դեպի այն կողմ եւ ասաց թատրոնական ժեստով․
 
— Գնա, երիտասարդ… Քո տեղը լուսանկարների մեջ չէ, այլ կենդանի մարդկանց։ Գնա եւ տար քեզ հետ քեզ…
 
Փողոցում գործնական առօրյայի շունչն իսկույն զգաստացրեց Ժիրայրին, եւ նա մտքում ծիծաղեց իր եւ լուսանկարչի վրա։ Բայց սիրտը հանդիմանում էր նրան կեղծիքի համար։ Սուրբ պահերի վրա չեն ծիծաղում։ Մի ձեւացնիր քո առաջ, թե իբր ծիծաղում ես։
 
===9===
 
Երբեմն, երբ մտնում ես մի աղքատիկ բնակարան, որտեղ բնակիչներն աշխատել են ուրիշների աչքին բարեկեցիկ ցույց տալ իրենց գոյությունը, դու, իրոք, խաբվում ես առաջին հայացքից։ Բայց շատ շուտով դու ճոխ սեղանի ետեւում տեսնում ես ցամաք հացով անցկացվող սովորական օրերը, գեղեցիկ վերմակի տակ՝ քրքրված ներքնակը…
 
Ժիրայրը երջանիկ էր, որ Երեւանի վրա նետած իր երկրորդ հայացքը չէր բերում նրան տխուր հիասթափություն։ Ո՛չ քաղաքն էր իր ցույց դրել իրեն շքեղ երեսի կողմից եւ ո՛չ էլ ինքն ր վերադարձածի իր խնդությունը վերագրել նրան։ Քաղաքն այդպիսին էր իրապես։
 
Ճիշտ է, այժմ շրջելով երեկվանից ավելի շատ, նա տեսնում էր նաեւ իր գիտեցած Երեւանի անխախտ մնացած ոչ միայն անկյունները, այլեւ խոշոր հատվածներ, ամբողջ թաղամասեր։ Բայց այժմ դրանք ե՛ւ նույնն էին, ե՛ւ ուրիշ։ Գուցե նոր Երեւանի ֆո՞նն էր պատճառը, որի վրա երեւում էին դրանք ամեն անգամ։ Գուցե բուն այդ հին վայրերում գոյություն ունեցող ինչ֊որ բարեկարգություննե՞ր, որոնք Ժիրայրը ոչ այնքան նկատում էր, որքան զգում։ Եվ, գուցե, ամենայն հավանականությամբ, պատճառը մարդի՞կ էին՝ ամեն տեղ շաղ եկած, որոնք ոչ միայն պարզապես անծանոթ էին նրան, այլեւ նրա ճանաչած մարդկանցից որոշակիորեն ավելի լավ հագնված ու գեղեցիկ։
 
Երկրորդ տպավորություն, ճիշտ տպավորություն… Իսկապես, ինչո՞ւ ենք մենք ամեն ինչում թերագնահատում երկրորդը, տալիս ենք առաջնություն առաջինին… Գուցե դա իրավացի է միայն սպորտային մրցումների նկատմամբ։ Բայց առաջին համբույրը, օրինակ, միշտ լինում է այնպիսի շփոթմունքի մեջ, որ դու չես զգում դրա ամբողջ երանությունը։ Դու այդ զգում ես միայն երկրորդի ժամանակ։ Առաջին համբույրը՝ դա երկրորդ համբույրն է։ Իսկ առաջինն ի՞նչ, դա… զրոյական համբույր է…
 
Ժիրայրը համարյա ցասումով ետ հրեց իրենից այդ հիմար մտքերն ու դատողությունները, նայեց շուրջը։
 
Անցավ մի երիտասարդ՝ ուշադիր նայելով Ժիրայրին։ Մի՞թե ծանոթ։ Ոչ, իհարկե։ Նա հազիվ լինի քսանհինգ տարեկան, ուրեմն «այն» ժամանակ եղել է ինը տարեկան…
 
Երիտասարդը մոտեցավ եւ շշնջաց․
 
— Լավ ածելիքներ։ Շվեդական։
 
Եվ հենց գրպանից հանեց դեղբերի մի տուփ ցելոֆանի տակից երեւացող գունագեղ պիտակով։ «Սպեկուլյանտ»,— մտածեց Ժիրայրը, բայց մերժելիս ժպտաց նրան։
 
Շուտով նա անցավ ունիվերմագի մոտով։ Այնտեղ, առաջին հարկում, խռնվել էին տղամարդիկ։ «Շվեդական շեղբեր»,— նորից ժպտաց Ժիրայրը եւ այդտեղ միայն հիշեց, որ ահա երեք օր է, ինչ նա չի ածիլվել։ «Այնտեղ» դա միանգամայն բնական էր, բայց այստեղ…
 
Նա սկսեց աչքերով փնտրել վարսավիրանոց։
 
…Ով երկրորդ անգամ չի կարդում գիրքը՝ ուրեմն նա ոչինչ չի կարդում։ Ով «բիս» չի բղավում երգչին՝ նորից լսելու իր հավանած երգը՝ նշանակում է նա այնքան էլ չի հավանել եւ ուժեղ չէ նրա ցանկությունը՝ ավելի լրիվ ըմբոշխնելու այն…
 
Ժիրայրն այս անգամ չբարկացավ, այլ ներողամտաբար ժպտաց պրտկերես մտքի վրա, որը համառորեն վերադարձել էր իր գլուխը։ «Էլի՞ դու, հիմար միտք, տափակ դատողություն… Ի՞նչ ես ուզում ինձանից, անպիտան, կորիր գնա»…
 
Բայց ինչո՞ւ հիմար, ինչո՞ւ տափակ։ Ժիրայրը պատրաստվում է սկսել իր երկրորդ կյանքը եւ այժմ դա նրան թվում է ավելի սքանչելի, քան առաջինը։ Ոչ, ոչ, դա նրանից չէ այդպես թվում, որ նա սպասում է ինչ֊որ նոր եւ արտակարգ բանի։ Ի՞նչ նոր եւ արտակարգ բան կարող է սպասել մի մարդ՝ առանց մասնագիտության, առանց մեծ կրթության, առանց մինչեւ իսկ ջահել հասակի… Լավագույն դեպքում նրա կյանքը կրկնվելու է նույնությամբ։ Բայց եւ այնպես դա լինելու է սքանչելի, որովհետեւ Ժիրայրն այժմ գիտե, կյանքի համբույրի համը…
 
Դա նրանից է, որ մի օր խլեցին նրանից այդ կյանքը եւ ստիպեցին տարիներ շարունակ կսկծալ դրա համար, նորից ու նորից անդրադառնալ դրան, նորից ու նորից զգալ կորցրածի երբեմնի երանությունը։ Սարսափելի միտք, բայց, իրոք, գուցե դա լա՞վ եղավ, որ նա ժամանակավորապես զրկվեց կյանքից։ Նա սկսեց գնահատել այն…
 
Ահա ապրում են այս մարդիկ եւ, անշուշտ, ամեն վայրկյան չեն մտածում իրենց գոյության սքանչելիության մասին։ Ահա, օրինակ, այս ծերունին։ Քայլում է իր համար, բացել է թերթը եւ կարդում է քայլելիս։ Մի՞թե մտածում է երբեւէ, թե ինչ երջանկություն է՝ քայլել ասֆալտով, չսպասել, թե թրմփալու ես փոսի մեջ, սայթաքելու ես ցեխի վրա, ոտքդ դիպչելու է քարի կամ… կտրված ծառի կոճղի… Քայլել անտարբեր եւ կարդալ իր թերթը…
 
Իսկ Ժիրայրը պատրաստ է համբուրել ասֆալտը, պառկել դրա վրա բերանքսիվայր, շոյել դա երկու ձեռքերով, եւ օրհնել դա հնարող գիտնականին, դա փռող պետությանը…
 
Ապրել երկրորդ կյանքով… Եվ ոչ թե պարզապես ապրել։ Տասնվեց տարի, երկու ամիս եւ տասնհինգ օր ապրել կրկնապատկված կյանքով՝ կորցրած նույնքան ժամկետի դիմաց… Իսկ այնուհետեւ, այդպիսի ինտենսիվ, հարուստ կյանքի վարժված, ապրել է՛լ ավելի, եռապատկված, տասնվապատկված կյանքով՝ այն տարիների, տասնամյակների, դարերի դիմաց, երբ դու չես եղել եւ այլեւս չես լինելու…
 
Ժիրայրը հանկարծ զգաց, որ արագացրել է քայլերը, համարյա վազում է։ Բայց զգալուց հետո էլ նա չդանդաղեցրեց իր ընթացքը։ Հարկավոր է շտապել, շտապել, շտապել… Կյանքը սլանում է նրա կողքերով, լգխավերեւով, ոտքերի տակով, նրա միջով։ Նա զգում է սլացող կյանքի առաջացրած քամին։ Շտապել, սլանալ դրա հետ, հավասարվել դրան այնպես, որ այլեւս դադարի քամին, որ ոչինչ քո մոտով չանցնի առաջ, քեզանից առաջ։ Այդպես, երբեմն, կողք֊կողքի գնում են տրամվայն ու ավտոբուսը։ Եվ եթե քեզ դուր է եկել մի գեղեցիկ կին ավտոբուսում, ապա դու կուշտ կարող ես նայել նրան քո տրամվայի լուսամուտից, որպես թե երկուսդ էլ անշարժ նստած լինեք դեմ֊դիաց…
 
Նորից կին… Ինչո՞ւ այդ պատկերն է մտնում նրա գլուխն ամեն անգամ․— համբույր… կին…
 
Շտապել, շտապել, շտապել… Բայց դեպի ո՞ւր։ Ամեն տեղ, ամեն տեղ… Այո, նաեւ դեպի վարսավիրանոց։ Շտապել, վար թափել դեմքն աղավաղող այդ մազերը, վերստանալ ավելի երիտասարդ տեսք՝ որքան որ հնարավոր է, որքան որ մատչելի է դա նրան։ Երիտասարդը կարող է շրջել նաեւ չածիլված, նա կարող է դուր գալ նաեւ այդպես։ Բայց Ժիրայրի նման միջին տարիքի մարդը…
 
Համբույր, կին, դուր գալ… Ի՞նչ է պատահել Ժիրայրին այսօր… Նա այնտեղ, անընդհատ եւ անընդհատ, երազում էր Բրաբիի մասին, բայց նրա երազների մեջ Բրաբին կին չէր, այլ Բրաբին էր, իր Բրաբին։ Իսկ այսօր նա շարունակ ու շարունակ վերադառնում է դեպի կինը, բայց այժմ արդեն դա կինն է ընդհանրապես, բայց ոչ Բրաբին…