Changes
Համբույր, կին, դուր գալ… Ի՞նչ է պատահել Ժիրայրին այսօր… Նա այնտեղ, անընդհատ եւ անընդհատ, երազում էր Բրաբիի մասին, բայց նրա երազների մեջ Բրաբին կին չէր, այլ Բրաբին էր, իր Բրաբին։ Իսկ այսօր նա շարունակ ու շարունակ վերադառնում է դեպի կինը, բայց այժմ արդեն դա կինն է ընդհանրապես, բայց ոչ Բրաբին…
==10==
Այդ ամբողջ օրը Ժիրայրը շրջում էր տարիների իր անբաժան ընկեր պայուսակը ձեռքում բռնած։ Լուսանկարչատուն, վարսավիրանոց, խանութներ… Քանի դեռ նա ածիլված չէր եւ մանավանդ բուշլատով էր եւ իր մնացյալ խեղճ, աղքատիկ հագուստով՝ պայուսակը սազում էր նրա տեսքին եւ ոչ ոք նրա վրա ուշադրություն չէր դարձնում։ Բայց երբ նա, ունիվերմագում եւ այլ խանութներում հետզհետե գնեց եւ հագավ բաց֊սրճագույն կոստյում՝ կրեմագույն վերնաշապկի հետ, դեղին տուֆլիներ, ֆետրե գլխարկ, մարդկի սկսեցին ուշադրություն դարձնել նրա վրա, ավելի շուտ՝ նրա պայուսակի։ Մանավանդ որ պայուսակը հետզհետե ավելի էր ուռուցկանում ու կլորանում մի կերպ իր մեջ տեղավորված բուշլատից ու մյուս հագուստներից։
Մարդկանց հայացքները, վերջապես, հասան Ժիրայրի գիտակցությանը։ Իսկ երբ նա վերջին խանութում գնեց մի լավ փողպատ եւ կապեց՝ նայելով հայելու մեջ, եւ դրանից հետո կռացավ՝ վերցնելու պայուսակը, նա, ոչ առանց կսկիծի, զգաց, որ հասել է ժամանակը, որպեսզի ինքը եւ իր այդքան տարիների անբաժան ընկերն ընդմիշտ անջատվեն միմյանցից…
Նրա գիտակցության ինչ֊որ անկյունում ինքնաբերաբար ծագեց մի հիմար միտք,— որքա՛ն հիմար մտքեր էին ծագում այսօր նրա գլխում,— որ անարդար բան է, երբ մի ընկերը նորում է իր տեսքը ոտից գլուխ, իսկ մյուսին թողնում է հնոտիքի մեջ։ Հարկավոր է նրա վրայից նույնպես հանել քրքրվածը եւ փոխարենը հագցնել նորը… Բայց այդտեղ նա սթափվեց, ծիծաղեց իր վրա, ուժով ստիպեց իրեն ըմբռնել այն պարզ միտքը, որ իր «ընկերն» իրոք ընկեր չէ, որ նա չունի հագուստ, որը կարելի լիներ փոխել, որ ինքը հենց «հագուստ» է, պատյան, որը փոխել՝ կնշանակեր դեն նետել այն եւ փոխարենը վերցնել մի այլ պատյան՝ պորտֆել, փոքրիկ ճամբրուկ՝ արհեստավորական գործիքներով, կամ մի այլ բան…
Եվ հենց այդտեղ էլ նա ցավով անդրադարձավ, որ գիտեր իր առաջիկա անելիքի կեսը միայն՝ նետել պայուսակը։ Իսկ թե ինչ էր վերցնելու դրա փոխարեն իր ձեռքը՝ հայտնի չէր…
Որովհետեւ քաղաքի կենտրոնում մարդիկ շատ էին եւ համարյա բոլորը, նրա մոտով անցնելիս, նայում էին նրան ու նրա բեռին, նա սկսեց ճնշվել այդ հայացքներից եւ ընտրել ավելի եւ ավելի սակավամարդ փողոցներ։ Այդպիսով նա մտավ, վերջապես, մի նրբանցք եւ շունչ քաշեց։ Նա հիշում էր այդ նրբանցքը՝ երկար, ոլորապտույտ։ Կարելի էր շատ րոպեներ քայլել այնտեղով եւ չհանդիպել ոչ ոքի…
Բայց դա կարելի էր, իսկ այժմ այլեւս կարելի չէ։ Ամեն քայլափոխին նրան հանդիպում էին մարդիկ։ Եվ եթե կենտրոնական փողոցներում, ուրիշ մարդկանցով լի, նրանք երբեմն չէին նկատում Ժիրայրին, ապա այստեղ, յուրաքանչյուրը, մենակության մեջ նրա հետ դեմ֊դիմացի թողնված, անպայման նայում էր տարօրինակ անցորդին, եւ Ժիրայրը չէր կարողանում որոշել՝ իր քրքրված գորշ պայուսա՞կն էին անտեղի համարումն նրանք, թե՝ նոր եւ գեղեցիկ հագուստը…
Եվ նրբանցքն ինքը նույնպես, որը մի ժամանակ երկար էր, այլեւս երկար չէ։ Շուտով Ժիրայրը դուրս եկավ մի շատ մեծ շենքի շինարարության մոտ։ Շեղակի ու երկար ձգվել էր ապագա շենքը՝ ընդհատելով նրբանցքը։ Իր երկարության մեծ մասում դա դեռեւս նկուղային հարկ էր՝ հազիվ մինչեւ գետնի մակերեսը բարձրացած։ Մյուս մասում դա միայն փորված հիմք էր, որտեղ բանվորներն այժմ նետում էին խոշոր քարեր՝ հետզհետե գծագրելով ապագա պատերի հիմքը։
Ժիրայրը հիշեց․ «այն» ժամանակ, երբ կառուցվում էր որեւէ շենք, անպայման կատարվում էր դրա հիմնադրումը։ Մարդիկ այդ արարողությանը գալիս էին երկուական գլխարկներով․— նորերը՝ գլխներին, հները՝ թեւերի տակ։ Եվ երբ համապատասխան անձնավորությունը երկարավուն հիմնափոսերից մեկի մեջ դնում էր առաջին հիմնաքարը, մյուսները բոլոր կողմերից այնտեղ էին նետում իրենց թեւատակերին պահած գլխարկները…
Այժմ, անշուշտ, այդ սովորությունը գոյություն չուներ, այլապես հարկ կլիներ բաց անել գլխարկի նորանոր գործարաններ…
Իսկ ի՞նչ կլինի, եթե Ժիրայրը տուրք տա հին սովորությանը, նետի այնտեղ իր գլխարկը, իսկ դրա հետ մեկտեղ նաեւ պայուսակը՝ բուշլատով եւ ամբողջ մյուս բեռով…
Մոտենալով այն երկարավուն փոսին, ուր բանվորները նետում էին սուր կողեր ունեցող անկանոն լեռ քարեր, Ժիրայրը ձեռքով արեց մի բանվորի՝ «սպասիր»։ Վերջինս հասկացողաբար կանգ առավ՝ քարը երկու ձեռքերում, ծնկների մոտ բռնած։ Ժիրայրը փոսի մեջ նետեց իր բեռը, եւ բանվորը ծանր քարը շպրտեց դրա վրա՝ թաղելով ընդմիշտ։ Բայց այդ րոպեին մոտիկում լսվեց մի խիստ ձայն․
— Սպասեցեք… Այդ ի՞նչ եք անում այդտեղ…
Արագ քայլերով մոտեցավ մաքուր հագնված մի երիտասարդ՝ աշխղեկը։ «Այն» թվականին, երբ ամեն մարդու ստիպում էին կասկածել ամեն մարդու վրա, աշխղեկին, անպայման, կարող էր թվալ, թե դժոխային մեքենա դրեցին ապագա շենքի տակ։ Բայց այժմ նա բարկացած էր միայն այն պատճառով, որ մի անծանոթ մարդ ինչ֊որ բան է կատարում շենքի հիմքի հետ,— թեկուզեւ անմեղ բան,— առանց իրազեկ դարձնելու նրան։
— Մի անհանգստանաք, ընկեր,— ժպտաց Ժիրայրը,— ես այնտեղ նետեցի իմ հագուստն ու պայուսակը։
— Այդպիսի սովորություն գոյություն չունի,— առանց իր տոնը մեղմացնելու, ասաց աշխղեկը։— Գլխարկ՝ խնդրեմ։ Մնացածը վերցնել։ Հանիր, վարպետ…
Դեռ նոր էր բանվորը ետ տարել քարը, երբ աշխղեկը ձեռքով արեց արագ֊արագ՝ «տեղը դնել»… Դառնալով դեպի Ժիրայրը, նա շփոթված վար կախեց աչքերը եւ շշնջաց․
— Ներողություն…
Ապա, բռնելով նրա ձեռքը, ամուր սեղմեց սպորտսմենի իր ամբողջ ուժով, նայեց ուղիղ աչքերի մեջ եւ ասաց կայտառ․
— Բարով եք վերադարձել…— Եվ ավելացրեց համարյա չդողացող ձայնով․— իսկ իմ հայրն այլեւս երբեք իր պայուսակը չի գցի ոչ մի հիմքի մեջ…
Որովհետեւ նա դեռ բռնել էր Ժիրայրի ձեռքը, Ժիրայրն ուժով, համարյա կոպտությամբ պոկեց այն եւ շտապեց շուռ տալ երեսը, գնալ։ Արագ հեռանալով այդտեղից, նա իր ետեվում լսեց աշխղեկի նորից խիստ ձայնը՝ ուղղված բանվորներին․
— Ի՞նչ եք հավաքվել, մարդ չե՞ք տեսել, ի՞նչ է։ Գնացեք ձեր աշխատանքին…