Changes
Ամփոփելով մեր խոսքը Շուշու կլիմայական առանձնահատկությունների մասին, նշենք, որ քաղաքի թե՛ ջերմային պայմանները (համեմատաբար հով ամառը, մեղմ ձմեռը, տարվա ընթացքում ջերմաստիճանների խիստ տատանումների բացակայությունը) եւ թե՛ օդի խոնավության առանձնահատկությունները (օդի հարաբերական խոնավության ոչ բարձր աստիճանը, ցածր ամպամածությունը, մանավանդ ձմռան ամիսներին, տարվա ընթացքում տեղումների չափավոր քանակը, մանավանդ նոյեմբերից մինչեւ փետրվարը, արեւոտ օրերի մեծ քանակը նույն ամիսների ընթացքում), ինչպես նաեւ մեղմ, ոչ քամոտ եղանակի գերակշռությունը, կամ թույլ ամիսների գերակշռությունը, քաղաքին պոտենցիալ հնարավորություն են տալիս ամբողջ Անդրկովկասում դառնալ հրաշալի առողջարան, որը շատ տեսակետներից գերազանցում է ԽՍՀՄ եւ Արեւմտյան Եվրոպայի հռչակված լեռնային առողջարաններին։ Եթե Շուշի քաղաքի հիշչալ կլիմայական առանձնահատկություններին ավելացնենք եւ այն, որ նա ավելի հարավային աշխարհագրական դիրք ունի եւ այդ պատճառով զգալի չափով ավելի տաք է, քան Եվրոպայի համապատասխան լեռնակլիմայական առողջարանները, որ նա ծովի մակերեւույթի համեմատությամբ բարձր աշխարհագրական դիրք է գրավում, նրա օդը թեթեւ է, մաքուր ու պարզ, նա աննման լեռնային տեսարան ունի, հարուստ անտառային եւ լեռնամարգագետնային բուսականությամբ, քաղաքի շրջապատը իր օդով ու բուսականությամբ բարենպաստ ազդեցություն են թողնում թե՛ հիվանդների, եւ թե՛ առողջ մարդկանց հոգեկան վիճակի վրա, նաեւ ի նկատի ունենանք, որ Շուշուց ոչ հեռու գտնվում են մի շարք բուժիչ հանքային աղբյուրներ (Թթու ջուրը Շուշուց 18 կմ հեռավորության վրա, Շիրլանի հանքային աղբյուրը՝ 20 կմ, հեռավորության վրա, (եւ մի շարք աննման սովորական ոչ հանքային) լեռնային աղբյուրներ, որոնք հայտնի են իրենց համեղ ու մաքուր ջրով (Բոխի աղբյուր—Ղարաբուլաղ, Ցեխի աղբյուր, Շոշռան եւ այլն), այս բոլորը միասին վերցրած ավելի են բարձրացնում Շուշի քաղաքի առողջարանային հնարավորությունները։
===Ջրամատակարարման հարցը Շուշիում===
Շուշի քաղաքի համար հետաքրքիր եւ կարեւոր հարց է բնակչությանը եւ քաղաքին ջուր մատակարարելը, որը սերտորեն կապված է քաղաքի կլիմայական պայմանների, ինչպես նաեւ առողջարանային շինարարության հետ։
Ներկայումս (ինչպես նաեւ մինչեւ 1920 թվականը) քաղաքը ջուր ստանում է թե՛ քաղաքում փորած ջրհորներից<ref>Քաղաքում փորած ջրհորների մասին մանրամասն պատմում է XIXդ․ Միրզա Ջամալ Ջիվանշիրը, որը իր գրքում Мирза Джамал Дживаншир Карабахский, «Карабах наме» (История Карабаха) Изд. Инститыта истории АН Азерб. ССР. Баку, 1959, стр. 72, նշում է, որ Փանահ֊խանը 1750 թվականին նախքան Շուշու բերդի հիմնադրումը իր մերձավորներից մի քանի փորձված ու տեղյակ մարդ է ուղարկում տեղում հարցը քննելու, որոնք հաստատում են, որ այդ բերդի ներսում «երեք փոքրիկ աղբյուրներից բացի ուրիշ հոսող ջրեր չկան, որոնք չեն կարող ապահովել մեծ քանակությամբ հավաքվող ժողովրդի եւ բերդի բնակիչների կարիքը»։ Այդ պատճառով խանի ուղարկած մարդիկ մի քանի տեղ ջրհորներ են փորել եւ հաստատել, որ շատ ուրիշ տեղերում նույնպես կարելի է հորեր փորել եւ ջուր ստանալ։ Հետաքրքիր է պարզել, թե Շուշում որտեղ կարելի է գտնել այդ երկու֊երեք աղբյուրները։ Մոտ 100 տարուց հետո, 1895 թվականի «Կովկասի օրացույցում», Շուշուն նվիրված իր ժողովածվում Կոնտորովիչը գրում է, որ Շուշում պակասում է լավ ջուրը, քաղաքում միայն հազվագյուտ տներ են, որոնք ջրհորներ չունեն, բայց այդ ջրհորներում ջուրը դառն է, խմելու համար ոչ պիտանի։ «Լավ ջուրը քաղաք են բերում բեռներով, փայտի տակառների մեջ, այն աղբյուրներից, որոնք գտնվում են ձորերում»։</ref> եւ թե՛ ջրատար խողովակների միջոցով, որոնցով ջուր են բերում քաղաքից դուրս գտնվող տեղերից։ Անտարակույս 1752 թվականից հետո քաղաքը հիմնականում կարող էր սնվել միայն ջրհորների ջրով, որովհետեւ այնքան էլ հեշտ բան չէր քաղաքին ջուր հասցնել հարեւան գետերից կամ քաղաքից դուրս գտնվող աղբյուրներից ջրատար խողովակների միջոցով, որովհետեւ այդ գետերը եւ աղբյուրները քաղաքի գծից դուրս էին գտնվում եւ տեղադրված էին ձորերում։ Շուշուց ոչ հեռու գտնվող գետերը հոսում են խորը ձորերում, որտեղից ջուրը քաղաք բարձրացնելը XVIII եւ նույնիսկ XIX դարի սկզբին տեխնիկական պայմաններում անհնարին էր, իսկ քաղաքի մոտ գտնվող աղբյուրները այնքան սակավաջուր էին, որ դրանցից քաղաքին ջուր մատակարարելը իմաստ չուներ։ Քաղաքի գծից ներս աղբյուրի ջուր ըստ երեւույթին չի եղել, համենայն դեպս մենք ոչ մի տեղ նրանց հետքերին չենք հանդիպել եւ գրականության մեջ նրանց գոյության մասին ոչինչ չենք գտել (եթե չհաշվենք Միրզա—Ջամալ Ջիվանշիրի վերը բերած հիշատակումը)։
Ինչ վերաբերում է ջրհորներին, ապա նրանց թիվը Շուշում չափազանց շատ էր եւ այժմ էլ քիչ չէ<ref>Քաղաքի նախկին հայկական մասում 1920 թվականին համարյա բոլոր ջրհորները քանդված են եղել, հողով լցված եւ կեղտոտված (նրանց մեջ լցված են եղել մարդկանց դիակներ), իսկ քաղաքի ադրբեջանական մասում նրանք պահպանվել են։</ref>։ Մենք ենթադրում ենք, որ քաղաքը հիմնադրվելուց հետո բավական երկար ժամանակ բնակիչներին խմելու ջուր էին մատակարարում ջրհորներից, բայց XIX դարի վերջերին Շուշում կառուցվում է ջրատար խողովակ Քարին տակ գետի վերին մասից, որը սկսվում է քաղաքից մոտ 20 կիլոմետրից բարձր։ Այնուհետեւ քաղաքը սկսում է կանոնավոր ջուր ստանալ։ Այդ ջրատարը կառուցված է եղել Թադեւոս Թամիրյանի միջոցներով<ref>Թամիրյանները կառուցել են մի քանի բաժին ունեցող ջրամբար, որտեղից մաքրված ջուրը բաշխվում էր քաղաքի թե՛ հայկական եւ թե՛ ադրբեջանական մասում։ Այսպես, օրինակ, հայկական մասում կառուցված աղբյուրները կային Երեւանյան փողոցում՝ զորանոցի մոտ, կար Վանքի աղբյուրը (Կուսանոցի եկեղեցու մոտ), Սեյրանենց աղբյուրը՝ թեմականի մոտ, Ռեալականի մոտ գտնվող աղբյուրը եւ ուրիշներ։ Մի քանի աղբյուրներ կային ադրբեջանական մասում։ Հիշատակենք եւ այն, որ նախքան զորանոցի ջրամբարը եւ Երեւանյան փողոցի վերին մեծ, 4 ծորականոց աղբյուրը կառուցելը, նախ կառուցված է եղել մի փոքր աղբյուր զորանոցի դիմաց՝ Երեւանյան փողոցի վերին մասում, նրա ձախ կողմում, որտեղից մենք դեռեւս իմ մանկության տարիներին ջուր էինք բերում։ Հավանականորեն դա նախապատրաստական աշխատանք էր Թամիրյանների ջրամբարը եւ աղբյուրները կառուցելուց առաջ։ Հետո այդ աղբյուրը փոխադրվել է փողոցի աջ կողմը։ Թամիրյան Թադեւոսի մարմարե հուշարձանը 1920 թվականից հետո երկար տարիներ գտնվում էր Ղազանչեցոց եկեղեցու բակում։</ref>։
Քաղաքում XIX դարում կար եւս մի ուրիշ ջրատար՝ խանի կամ խանի աղջկա ջրմուղը, որը ջուր էր մատակարարում քաղաքի ներքեւի (ադրբեջանական) մասին։ Նրանով աղբյուրի մաքուր ջուր էր գալիս (եւ ոչ թե գետի պղտոր ջուր, ինչպես Քարին տակ գետից) Բոխի աղբյուրի անտառների շրջանից։ Մենք բազմիցս Բոխի աղբյուրի ճանապարհին ականջ էինք դնում գետնի տակից հոսող ջրի քչքչոցին, որը կավաշեն խողովակների միջով հոսում էր դեպի քաղաք։ Տեսել ենք նաեւ այդ խողովակները եւ ջուրը։ Թամիրյանների ջրատար երկաթե եւ հզոր ջրմուղի համեմատությամբ, խանի աղջկա ջրանցքը աննշան քանակությամբ ջուր էր տալիս քաղաքի երկու֊երեք աղբյուրներին, քաղաքի ադրբեջանական մասում։ Աղբյուրներից մեկը գտնվում էր Շեյթան բազարում, մյուսը՝ քաղաքի Ներքեւի դարբասի մոտ, գուցե եւ, ինչպես ասում էին, հանգստյան տան մի ծորակով նույնպես հոսում էր Խանի աղբրի ջուրը։
Վերջին տասնամյակների ընթացքում ջրհորների ջուրը Շուշում այլեւս խմելու պիտանի չէր, այն գործ էր ածվում ծառերը, այգիները, բոստանները ջրելու համար։ Ջրհորները լցվում էին ստորերկյա ջրերով եւ նրանց ջրի մակարդակը առանձնապես բարձրանում էր այն ամիսների ընթացքում, երբ ամենից շատ մթնոլորտային տեղումներ էին լինում։ Մայիս ամսվա ընթացքում նրանց մակարդակը համարյա հասնում էր հողի երեսին։ Ամառվա վերջին եւ ձմռան ընթացքում այն խիստ իջնում էր։ Ջրհորների խորությունը տարբեր էր եւ հասնում էր 10—15 մետրի, նույնիսկ ավելին։
Բացի սովորական ջրհորներից, Շուշում մի քանի տներում կառուցված էին ցեմենտապատ ջրամբարներ, որոնք սնվում էին ոչ թե ստորերկրյա ջրերով, այլ նրանց մեջ անձրեւաջուրը խողովակների միջոցով հավաքվում էր թիթեղյա տանիքներից։ Այս ջուրն արդեն մեծ մասամբ գործ էր ածվում լվացքի եւ գլուխ լվանալու համար։ Հիշյալ ջրամբարները շինվում էին ավելի փոքր խորությամբ (մինչեւ 4—5 մետր խորությամբ), բայց ավելի լայն էին լինում, նրանց մեջ հավաքվում էր ջրի կեղտը, տիղմը (կտուրների եւ խողովակների փոշուց),
որը ժամանակ առ ժամանակ մաքրում էին։
Քաղաքի խմելու ջուրը, որը ստացվում էր Քարին տակ գետից սկիզբ առնող ջրմուղով (Թամիրյանների կառուցած ջրմուղով), հորդ անձրեւների օրերին այնքան պղտորվում էր, որ նրանցից ջուր խմելը անդուրեկան էր դառնում։ Այդպիսի օրերին ունեւոր քաղաքացիները ջուրը գնում էին ջրկիրներից (սուչիներից), որոնք ավանակներին բարձած տափակ փայտի տակառներով աղբյուրի ջուր էին բերում Ղարաբուլաղից, Ցեխի աղբրից, Ռուսի աղբրից (սպանդանոցի մոտից), վաճառելով քաղաքացիներին բեռը (երկու տակառը) 5 կոպեկով<ref>Ռուսի աղբյուրի ջուրը ջրկիրները վաճառում էին, խաբելով քաղաքացիներին, որ այդ ջուրը բերել են ձորերում գտնվող ուրիշ մաքուր աղբյուրներից։ Ջկրիկներին ձեռնտու էր ջուրը բերել Ռուսի աղբրից, որը քաղաքի Վերին (Երեւանյան) դարբասին շատ մոտ էր եւ հարմար ճանապարհ ուներ (գտնվում էր հենց քաղաքից դուրս տանող խճուղու վրա), իսկ մնացած աղբյուրները ձորերում էին եւ անհարմար ճանապարհների վրա։ Ռուսի աղբյուրը սպանդանոցի մոտ էր գտնվում, քաղաքի հայկական մասի Վերին գերեզմանատան տակ, նրա ջուրը մաքուր չէր համարվում, հավաքվում էր գերեզմանատան շրջանից։ Ռուսի աղբյուր էր կոչվում, որովհետեւ զորանոցում բնակվող ռուս զինվորները ջուրը այնտեղից էին վերցնում։</ref>։
Այն քաղաքացիները, որոնք միջոց կամ ցանկություն չունեին հորդ անձրեւների օրերին ջրկիրներից մաքուր աղբրի ջուր գնել, նրանք պղտոր ջուրը լցնում էին կավի մեծ կարասների մեջ, նրանց մեջ գցում էին շիբ կամ մի քանի կտոր ածուխ, որոնք օգնում էին ջուրը մաքրելուն։
===Հողը, բուսականությունը եւ կենդանի աշխարհը===
Շատ դժվար է որոշակի խոսք ասել Շուշու բնական լանդշաֆտի եւ նրա հողաբուսական ծածկույթի մասին։ Այստեղ գործ ունենք մի քաղաքի հետ, որի բնական լանդշաֆտը եւ մասնավորապես նրա հողաբուսական ծածկույթը մի քանի դարերի ընթացքում խիստ կերպով փոխվել է մարդու գործունեության ազդեցության ներքո։ Փոխվել է տեղի բուսական ծածկույթը եւ բնական բուսականության տեղ առաջ են եկել այգիներ, բանջարանոցներ, զբոսայգիներ, բնական ծառերի փոխարեն աճել են այգիներ եւ պտղատու ծառեր, թթենիներ, ակացիա, լորենիներ, թփեր (վարդեր, հաղարջ, մարդու կամքին հակառակ տարածվել են մոշուտները, որոնք ծածկում էին 1920 թվականին քաղաքի ավերված մասը), եղնջուտներ եւ մոլախոտեր։ Բնական բուսական ծածկույթի փոփոխման եւ այգիների ու բանջարանոցների առաջացման զուգահեռ (իսկ այդ այգիները եւ բանջարանոցները գտնվում էին շուշեցիների համարյա ամեն մի տան մոտ) փոխվել է քաղաքի հողի ծածկույթը, իսկ հողի մանրակրկիտ վերլուծության բացակայությունը հնարավորություն չի տալիս դատելու Շուշու սարահարթի թե հողային եւ թե բուսական ծածկույթի մասին մինչեւ այստեղ քաղաք հիմնելը։
Առավել եւս արմատական փոփոխության է ենթարկվել քաղաքի կենդանական աշխարհը, որովհետեւ անհետացել են վայրի կենդանիները եւ բազմացել ընտանի կենդանիները։ Այդ պատճառով Շուշու անցյալի բնական հողաբուսական ծածկույթի եւ կենդանական աշխարհի մասին մենք ստիպված ենք դատել կողմնակի տվյալների հիման վրա (քաղաքը շրջապատող վայրերի, տեղանքի հողերի, բուսականության եւ կենդանական աշխարհի հիման վրա կամ հարցի պատասխանը փնտրել անցյալի պատմական աղբյուրների մեջ)։
Դժբախտաբար, քաղաքի շրջակայքի տվյալները բոլորովին նույնը չեն, ինչ վերաբերվում է Շուշու սարահարթին եւ հաճախ շրջակայք ասելով վերցնում են ավելի լայն ուղղահայաց տարածքներ, իսկ Շուշու անցյալին վերաբերող հողաբուսական ծածկույթի մասին պատմական աղբյուրները չափազանց քիչ են։ Եթե դատելու լինենք Շուշու բարձրության մասին ծովի մակերեւույթի համեմատությամբ, մանավանդ որ՝ այն գտնվում է 1300֊ից մինչեւ 1500 մետր բարձրության վրա եւ հաշվի առնենք, որ Փոքր Կովկասի սահմաններում անտառային գոտին տարածվում է մինչեւ 1800—1900 մետր բարձրությունը եւ միաժամանակ ի նկատի ունենանք, որ Շուշու շրջակայքում շատ կան համատարած խառն անտառներ, այդ դեպքում պետք է համարել, որ Շուշին ամբողջապես ընկած է խառն անտառների գոտում եւ չի բարձրանում մինչեւ մերձալպյան մարգագետինների գոտին։ Բայց այդ դեպքում ինչո՞վ կարելի է բացատրել, որ քաղաքի բնակեցված մասից ավելի բարձր ընկած լեռների լանջերը այժմ բոլորովին անտառազուրկ են<ref>Ի նկատի ունեմ եւ քաղաքի նախկին հայկական մասը՝ մինչեւ 1920 թվականը զբոսայգուց վերեւ ընկած տարածությունը, որտեղով անցնում է դեպի Քարին տակ գյուղը տանող լեռնային ճանապարհը («Քերծի գյուղ») եւ այն բարձրությունները, որոնք ընկած են 1400—1600 մետր բարձրությամբ, օրինակ, Ջըդըր դուզի մոտակայքը։</ref>։
Մի շարք ցուցմունքների համաձայն (որոնց ճշտության մեջ ես վստահ չեմ) այն տեղը, որտեղ իբր թե 1752 թվականին հիմնադրվել է Շուշի քաղաքը, մինչեւ այդ եղել է Շոշ (Շուշիքենդ) գյուղի արոտատեղին, ուրեմն, նա անտառազուրկ է եղել դարեր շարունակ՝ քաղաքի հիմնադրումից առաջ եւս<ref>Мирза Дживаншир Карабахский, Карабах-наме (История Карабаха)в Баку, 1959, стр. 73.</ref>։
Բայց ինչո՞ւ Շուշու բարձրության վրա այժմ չկան եւ դարեր առաջ չն եղել անտառներ, մինչդեռ Շուշու դիմաց ընկած լեռների լանջերին (Քարին տակ գյուղից վեր) անտառներ կան՝ նույնիսկ ավելի բարձր ընկած լեռների լանջերին։ Արդյո՞ք դա լեռների տարբեր տեղադրման հետեւանք չէ։ Կամ գուցե դա բացատրվում է Շուշու պլատոյի երկրաբանական կազմվածքով, այն հանգամանքով, որ նա կրաքարի շերտերից է, որոնք մեծ խորությամբ ներս են ծծում հողի վերին շերտերի մակերեսային ջրերը, ջրազուրկ անում այդ շերտերը եւ նրանց անպետք դարձնում անտառների աճման համար, իսկ խոտի ծածկույթը այնտեղ առկա է։ Գուցե այստեղ ծառերի աճին խանգարում են չափազանց աննշան բուսահողի շերտը եւ նրա տակ գտնվող ժայռոտ բնահողը։ Կամ գուցե Շուշու սարահարթի լանջերին մինչեւ բերդի հիմնադրումը (կամ նրանից հետո), այնուամենայնիվ, անտառներ են եղել, իսկ հետո կտրտել<ref>1920—21 թվականների օրինակը ցույց է տալիս, որ վառելիք ձեռք բերելու դժվարությունները ստիպեցին ավերումից ողջ մնացած տների տերերին (հայերին) քանդել իրենց տները եւ շալակով փայտը կրել ադրբեջանական մասը, այնտեղ որպես վառելիք վաճառելու համար, 1920 թ․ քաղաքի ավերման ժամանակ կտրտված էին հայկական մասի բոլոր ծառերը եւ այն վառելանյութի վարածած։</ref>։ Այդ կարող էր լինել նույնիսկ քաղաքի հիմնադրումից առաջ, խաշնարածների ձեռքով։
Մեր այստեղ առաջադրած հարցերը պահանջում են քննել եւ պարզաբանել, որը կարելի է անել մանրակրկիտ հետազոտության միջոցով, մասնավորապես Շուշու պլատոյի անտառազուրկ լանջերին հողային ծածկույթի մանրամասն հետազոտության միջոցով։ Գործին կօգնի նաեւ երկրաբանական, հողային եւ բուսական անալիզը Կլոր թմբի շրջանում («Պյուլուր թումբ»), քաղաքից վերեւ գտնվող ուղեկալի մոտ, դեպի Բոխի աղբյուր տանող ճանապարհին, նաեւ քաղաքից ցածր գտնվող ժայռերի վրա, որոնք նույնպես անտառազուրկ են (Շուշուց ցած իջնող խճուղու զիգզագների վրա)։
==Գլուխ II — Շուշին անցյալում, հիմնադրման տարեթիվը, զարգացման եւ անկման պատմական փուլերը==
Շուշին հին քաղաք չէ։ Համաձայն ադրբեջանական աղբյուրների<ref>Мирза Джамал Дживаншир Карабахский, История Карабаха, Баку, 1959, стр. 73.</ref>, նա հիմնադրվել է XVIII դարի կեսերին Փանահ֊խանի կողմից որպես բերդաքաղաք Շուշու բարձրավանդակի վրա։ Շուշու բարձրավանդակը անմատչելի դիրք ուներ, որը հարեւան հայկական Շոշու (Շուշիքենդ) գյուղի վարելատեղն եւ արոտավայրերն էր ներկայացնում։ Վարանդայի հայ Մելիք Շահնազարը նվիրել էր այն իր դաշնակից Փանահ Ալի֊խանին՝ այնտեղ բերդ հիմնելու համար։ Նոր կառուցած բերդաքաղաքը կոչվում էր սկզբում Փանահաբադ, իսկ հետո վերանվանվեց Շուշի, կամ ավելի ճիշտ՝ տեղական ժողովրդական լեզվով «Շոշվա ղալա»։
Շուշու բերդաքաղաքի հիմնադրման եւ բնակեցման ճշգրիտ տարեթվի մասին մեր պատմության մեջ սկզբում փոքր տարաձայնություն կար, բայց ընդհանրապես Շուշու հիմնադրումը համարում էին XVIII դարի հիսունական թվականները<ref>Այսպես, ըստ պատմաբան Լեոյի (Պատմություն Ղարաբաղի հայոց թեմական հոգեւոր դպրոցի, Թիֆլիս, 1914 թ․) Շուշին հիմնվել է 1750—1752 թթ․, ըստ նրա մյուս աշխատության (Պատմություն հայոց, հատոր 3, Ե․, ՀՍՍՀ գիտ․ ակադ․ հրատ․, 1946) —1752—54 թթ․ ըստ Միրզա֊Ջամալ Ջիվանշիրի (Ղարաբաղի պատմություն, Բաքու, 1959) եւ Միրզա Ադիգյոզալ Բեկի (Мирза Адигезалйбек Карабахский, История Карабаха, Баку, 1950ф. (1756—57 թթ․) մուսուլմանական 1170), ըստ Ադրբեջանի պատմության I հատորի (История Азербайджана I-oм, изд. Ак. Н. Азерб. ССР. 1958 թ․) Փանահաբադի (Շուշու) բերդի կառուցումը սկսված է 1750 թ․խ ավարտված—1756—1757 թթ․</ref>։
Դեռեւս Լեոն Ղարաբաղի հայոց թեմական դպրոցի 75֊ամյակին նվիրված իր աշխատության մեջ գրում է․ «Անհավանական է, որ քաղաքը Շուշի անունը՝ «Շոշվա֊ղալա» ստացել է Շուշու հայաբնակ փոքր գյուղի անունից, այլ, ընդհակառակը, հավանականորեն գյուղը բերդից ստացած պիտի լինի իր անունը, իսկ բերդը, հավանականորեն, գոյություն է ունեցել հին ժամանակներում»<ref>ԼԵՈ․ Պատմություն Ղարաբաղի հայոց թեմական հոգեւոր դպրոցի, 1838—1913 թթ․։ Հրատարակություն նույն դպրոցի հոգաբարձության, Թիֆլիս, 1912, էջ 60։</ref>։
<references />