Changes

Պահապանները

Ավելացվել է 41 736 բայտ, 14:36, 11 Ապրիլի 2014
/* Գլուխ երրորդ․ Երեք ճանապարհորդ */
Հաջորդ օրն առավոտյան նրանք արագ֊արագ վերջին սայլը բեռնեցին։ Սրանով մեկնեցին Մերին ու Գիրուկը (նրանք այդպես էին անվանում Ֆրեդեգար Կուղբոնցին)։
― Մեկնումեկը պետք է, որ անբաններիդ համար վառարան վառի նոր տանը, ― ասաց Մերին։ ― Դե լավ, վաղը չէ մյուս օրը կտեսնվենք, եթե դուք ճանապարհին մեռելի պես չքնեք։
Ֆալկոն նախաճաշեց ու գնաց, մնաց միայն Փինը։ Ֆրոդոն իրեն կորցրել էր, նա դեռ սպասում էր Գանդալֆին եւ որոշել էր սպասել մինչեւ մութն ընկելը։ Դե իսկ հետո, եթե ինքը հրաշագործին շատ հարկավոր լինի, թող վերջինս գա Ճագարի Գերան։ Մեկ էլ տեսար առաջինը նա հասավ այնտեղ։ Ֆորդոն որոշեց Զայգորդյան գետանցմանը մոտենալ զարտուցի ճանապարհով, որպեսզի գոնե վերջում մի անգամ էլ նայի Հոբիթստանին։
 
― Միաժամանակ ճարպերս կհալեցնեմ, ― ասաց ինքն իրեն, նայելով կիսադատարկ նախասենյակի փոշոտ հայելու մեջ։ Նա շատ նստելուց ահագին լայնքին էր տվել։
 
Կեսօրից քիչ անց հայտնվեցին Քսակ֊Պարկինսները՝ Սերինիան իր սպիտակամազ ժառանգի՝ Լոթոյի հետ։ «Մի կերպ դիմացանք էսօր», ― ասաց նա, շեմից մտնելով։ Դա անքաղաքավարի էր եւ ոչ արդարացի․ մինչեւ գիշերվա ժամը տասներկուսը Պարկուտի տերը մնում էր Ֆրոդոն։ Բայց դե Սերինիայից ի՞նչ պահանջես, ախր նա յոթանասուն տարի ավելի է սպասել, քան ենթադրում էր, նրա հարյուրն արդեն անցել էր։ Եվ հենց այնպես չէր եկել, այլ նայելու, որ Բրենդիզայքներն ու մյուսները սխալմամբ իրենց հետ որեւէ բան չտանեն, եւ մեկ էլ բանալիների համար։ Նրան ճանապարհ դնելը հեշտ գործ չէր․ նա իր հետ բերել էր վաճառաված կայքի ցուցակը եւ ցանկանում էր ստուգել, արդյոք ամեն ինչ տեղո՞ւմ է, թե ոչ։
 
Ստուգեց մեկ անգամ, հետո՝ երկրորդ, ստացավ բանալիների երկրորդ կապուկը եւ հավաստիացավ, որ բանալիների երրորդ կապուկը նրա համր կթողնեն Պարկուտավանում Համեստուկների մոտ։ Նա «հըմ» արեց եւ շրթունքները սեղմեց՝ իբր, գիտենք այդ Համեստուկներին, առավոտյան իրերի կեսը չի լինի, բայց վերջիվերջո գնաց։
 
Պնդերես հյուրերից ազատվելով, երեք ճամփորդները խոհանոցում անշտապ թեյ էին խմում։
 
― Պարկուտում վերջին թեյախմությունն էր․․․ ― ասաց Ֆրոդոն եւ վճռականորեն հետ տարավ աթոռը։ Իրենց ափսեները ի հեճուկս Սերինիայի, չլվացին։ Սամը եւ Փինը արագորեն կապեցին երեք պարկերի բերանները եւ հանեցին շեմքը։ Փինը գնաց այգում զբոսնելու, իսկ Սամն անհետացավ ինչ֊որ տեղ։
 
․․․ Արեւը թեքվեց դեպի մայրամուտ, ու Պարկուտը մռայլ, դատարկված եւ քայքայված էր թվում։ Ֆրոդոն շրջում էր ծանոթ սենյակներում՝ մայրամուտի լույսը դժգունում էր, եւ անկյուններից մռայլ ստվերներ էին դուրս լողում։
 
Շուտով բոլորովին մթնեց։ Նա գնաց այգու հեռավոր դռնակի մոտ՝ հանկարծ ու այնուամենայնիվ Գանդալֆը գա։
 
Պարզ երկնքում աստղեր վառվեցին։
 
― Լավ գիշեր է լինելու, ― բարձրաձայն ասաց Ֆրոդոն։ ― Դա հրաշալի է, քայլելը հաճելի կլինի։ Շատ նստեցինք, ազնիվ խոսք։ Կգնամ, իսկ Գանդալֆն արդեն թող ինքը հասնի իմ հետեւից։ ― Նա շրջվեց տան կողմը եւ իսկույն կանգ առավ, ինչ֊որ մոտիկ տեղից ձայներ լսելով․ երեւի Պարկուտավանից է։ Խոսում էին Համեստուկը ու էլի ինչ֊որ մեկը․ ձայնն անծանոթ էր, բայց սրտխանության չափ քստմնելի։ Օտարականն ինչ֊որ բան էր հարցնում՝ լավ չէր լսվում, լսվում էր միայն ծեր Համեստուկի պատասխանը՝ զգուշավոր ու երկյուղած, համարյա թե վախեցած։
 
― Ոչ, պարոն Պարկինսը մեկնել է։ Այսօր առավոտյան, իմ Սամն էլ է նրա հետ, ամեն ինչ արդեն տեղափոխել են։ Հենց այդպես էլ տեղափոխել են, ինչ որ չեն վաճառել՝ տեղափոխել են․․․ Իսկ թե ինչու ու ինչի համար՝ դա արդեն իմ գործը չէ․․․ դե եւ ոչ էլ ձերը։ Հայտնի է, թե ուր՝ Ճագարի Գերան, իսկ գուցեեւ ավելի հեռու, դա բլորը գիտեն։ Այ, հրեն՝ ուղիղ ճանապարհ է։ Չէ, ես ինքս չեմ եղել, իմ ինչին է պետք, էնտեղ ժողովուրդը վատն է։ Չէ, ինչ֊որ բան հաղորդել հանձն չեմ առնի։ Բարի գիշեր։
 
Քայլերը փափուկ իջան Զառիթափից, եւ Ֆրոդոն զարմացավ, թե ինքն ինչու է այդքան ուրախ, որ իջան, եւ ոչ թե բարձրացան։ «Ըստ երեւույթին, ես անչափ հոգնել եմ հարցաքննություններից եւ ամեն տեսակ հետաքրքրասիրությունից, ― մտածեց նա։ ― Սարսափելի հետաքրքրասեր ժողովուրդ է մեզ մոտ»։
 
Նա մեկ ուզեց ծերուկ Համեստուկից իմանալ, թե ով էր նրան նեղել, բայց հանկարծ միտքը փոխեց ու արագ քայլեց դեպի Պարկուտ։ Փինը իր տոպրակին հենված նստած քնել էր։ Սամը չկար։ Ֆրոդոն ներս նայեց սեւ դռնից։
 
― Սա՜մ, ― կանչեց նա։ ― Ո՞ւր ես․․․ ժամանակն է։
 
― Գալի՜ս եմ, տեր իմ, ― արձագանքեց Սամը ինչ֊որ խորքերից, շրթունքները մաքրելով։ Նա մառանում հրաժեշտ էր տալիս գինու տակառին։
 
Ֆրոդոն ծածկեց ու կողպեց կլոր դուռը, իսկ բանալին տվեց Սամին։
 
― Դու վազիր քո սենյակը, իսկ այնտեղից՝ կարճ ճանապարհով, կհանդիպենք մարգագետնի կողմի դռնակի մոտ։ Գյուղով չենք գնա՝ թաքուն հետեւում են, ականջ են դնում։ Դե, թռիր։
 
Սամը սուրաց մթության մեջ։
 
― Դե վերջապես գնում ենք, ― Փինին ասաց Ֆրոդոն։
 
Նրանք պարկերը մեջքներին գցեցին, ցուպերը վերցրեցին ու գնացին Պարկուտի արեւմտյան պատի երկարությամբ։
 
― Մնաք բարով, ― ասաց Ֆրոդոն, նայելով սեւ, կույր պատուհաններին։ Նա ձեռքը թափահարեց, շրջվեց եւ (ճիշտ այնպես, ինչպես Բիլբոն, միայն թե ինքն այդ մասին չգիտեր) սուզվեց այգու թփերի մեջ՝ Փինի հետեւից։ Նրանց թռան ցածրիկ, բարակ գերանի վրայով եւ գնացին դաշտ, ալեկոծելով խավարը եւ խշխշացնելով բարձր խոտերը։
 
Պայմանավորված դռնակի մոտ նրանք կանգ առան, ձգեցին պարկերի փոկերը եւ շուտով լսվեց Սամի ոտնաձայնն ու ֆսֆսոցը։
 
Լիքը լցրած ուղեպարկը նա բարձրացրել էր համարյա ուսերի վրա, իսկ գլխին ինչ֊որ ճմրթված ֆետր էր դրել, իբրեւ գլխարկ։ Մթության մեջ իսկ եւ իսկ թզուկ էր։
 
― Որը որ ծանր է, դա, իհարկե, ինձ եք տվել, ― ասաց Ֆրոդոն։ ― Խեղճ խխունջներ ու չարքաշ արարածներ, ովքեր իրենց տունն ու կահույքը սեփական մեջքին են կրում․․․
 
― Իմ պարկը շատ թեթեւ է, տեր իմ, ինչքան ուզեք՝ ավելացրեք, ― հայտարարեց Սամը բարի ու կեղծ ձայնով։
 
― Էդ մեկը չէ, Սամ, ― ասաց Փինը։ ― Մի կերպ կտանի, ինքն է դասավորել՝ մեզ էլ, իրեն էլ հավասար։ Դե ինքը մի փոքր ճարպակալել է․ մի քիչ կքայլի, պարկն էլ կթեթեւանա, ինքն էլ։
 
― Ողորմացեք ծեր, անուժ հոբիթին, ― ծիծաղելով աղաչեց Ֆրոդոն։ ― Ճամփի վերջում ես հալից ընկած կօրորվեմ, ոնց որ եղեգը քամուց։ Սակայն կատակը մի կողմ։ Սամ, դու երեւի քեզ վրա չափից շատ ես վերցրել, այ որ դադար տանք, կնայենք ու կտեղափոխենք։
 
Եվ նա վերցրեց իր ցուպը։
 
― Գիշերային զբոսանքից լավ ի՜նչ կա, ― ասաց նա։ ― Քնելուց առաջ մի երկու լիգ մաքուր օդում։
 
― Մի երկու լի՞գ, ― հարցրեց Սամը։ ― Տեր իմ, շատ ծավալվեցիր։ Լիգը նույնիսկ հսկա մարդու համար հեշտ բան չէ՝ երկու հազար քայլ։ Իսկ մեր, հոբիթականով՝ երեւի մի չորս հազար կդառնա։ Չէ, տեր իմ, ե՛ս համաձայն չեմ այդպիսի երեկոյան զբոսանքների․․․
 
Նրանք իծաշարուկի գնում էին կանաչ ցանկապատի երկարությամբ, հողաբաժան թփուտների կողքով, եւ գիշերային խավարը պարուրել էր նրանց։ Թիկնոցները մուգ էին, քայլում էին անտեսանելի, ասես երեքն էլ կախարդական մատանի էին հագել։ Երբ երեք հոբիթ գնում են սուսիկ ու փուսիկ՝ նրանց հետեւելը դժվար է։ Նույնիսկ զգուշավոր դաշտային գազանիկները հազիվ էին նկատում անաղմուկ ճամփորդներին։
 
Երբ Նորգորդն իր գողտրիկ հովտով մնաց հեռվում, իսկ կածանը բարձրացավ սարը, եւ փողոցի լամպի հեռավոր լույսը վերջին անգամ թափանցեց ծառերի միջից, Ֆրոդոն շրջվեց ու նորից ձեռքը թափահարելով հրաժեշտ տվեց։
 
― Ի՞նչ իմանաս, էլ երբեւէ կտեսնե՞մ մեր հովիտը, ― ցածր ձայնով խոսեց նա։
 
Անտառապատ, զառիկող բլրի գագաթից նրանք մտան եղեւնուտ, կածանից դուրս եկան եւ մտան խեժահոտ խավարը, չր ճյուղեր կոտրատեցին, կոն հավաքեցին եւ խարույկ վառեցին։ Կրակն ուրախ պար սկսեց դարավոր եղեւնու արմատների մոտ, հոբիթները տաքացան եւ սկսեցին ննջել։ Յուրաքանչյուրն իր ձեւով տեղավորվեց արմատների արանքում, փաթաթվեց թիկնոցով ու վերմակով եւ տեղնուտեղը խոր քուն մտավ։
 
Պահակ չէին թողել․ նույնիսկ Ֆրոդոն չէր անհանգստացել, չէ՞ որ նրանք Հոբիթստանում էին․․․ Խարույկը մոխրակույտի էր վերածվել, եւ րոշ գազաններ էին հայտնվել քնածներին նայելու։ Աղվեսը, որ պատահաբար վազում էր նրանց կողքով, կանգնեց ու սկսեց հոտոտել։
 
― Հոբիթներ են, ― ասաց ինքն իրեն։ ― Ա՜յ քեզ բան․․․ Չորսկողմը հազարումի հրաշքներ են լինում, բայց որ հոբիթը քնի անտառո՞ւմ, ծառի տակ, այն էլ ոչ մենակ, երեք հոգով․․․ Չէ֊է֊է՜, այստեղ ինչ֊որ բան կա թաքնված․․․
 
Նա, իհարկե, իրավացի էր, բայց այդպես էլ տարակուսած մնաց։
 
Անշտապ նախաճաշելով, ժամը տասի մոտերքը նրանք ճանապարհ ընկան։ Պարզ, տաք օր էր։ Շատ չանցած նրանք շոգեցին, պարկերն ավելի ու ավելի էին սեղմում ուսերը, իսկ ճանապարհը գալարվում էր բլուրներն ի վեր ու նորից իջնում ներքեւ, բայց հետո սահուն վայրէջքով շրջվեց դեպի լայնարձակ հովիտը։ Նրանց առջեւ փռվեց նոսր անտառը, որը հեռվում ձուլվում էր ծառերի գորշ պատի հետ։ Երբ հոբիթները բլրից իջան, երեկոյանում էր։ Առայժմ ոչ մի կենդանի շնչի չէին հանդիպել՝ Անտառաեզր հազարից մեկն էր գալիս, եւ ինչի՞ համար գային այստեղ։ Երեք ճամփորդները մեկ֊երկու ժամ առաջ էին գնում խոտածածկ ճանապարհներով, երբ հանկարծ Սամը կանգ առավ ու ականջ դրեց։
 
― Կարծես թե մեր հետեւից կամ ձի է գալիս կամ պոնի, ― ասաց նա։
 
Նրանք հասել էին ոլորանին, որտեղից ոչինչ չէր երեւում։
 
― Գուցե Գանդա՞լֆն է, ― ենթադրեց Ֆրոդոն, բայց իսկույն էլ զգաց, ր ո՛չ, Գանդալֆը չէ, եւ հանկարծ նրա մոտ ցանկություն առաջացավ թաքնվել այդ հեծյալից, ով էլ որ նա լինի։
 
― Հիմարություն է, իհարկե, ― ասաց նա, ասես ներողություն խնդրելով, ― բայց այնուամենայնիվ պետք չէ, որ մեզ ճանապարհին տեսնեն, թող կորչեն բլորն էլ․․․ Իսկ եթե Գանդալֆն է, ― քմծիծաղով ավելացրեց նա, ― ապա մենք նրան մի լավ կդիմավորենք, որ մյուս անգամ չուշանա։ Մեկ֊երկու֊երեք, դե վազեք ու տեսեք․․․
 
Սամն ու Փինը վազելով ձախ, անհետացան ճանապարհից ոչ հեչու գտնվող ձորակում։ Ֆրոդոն դանդաղեց․ հետաքրքրասիրությունը, թե ինչ֊որ ուրիշ մի զգացում խանգարեց նրան թաքնվել։ Սմբակների դոփյունը մոտեցավ։ Նա հազիվ հասցրեց իրեն գցել ծառի հետեւի խիտ խոտերի մեջ ու գլուխը հանեց հաստ արմատի վրայից։
 
Ոլորանից դուրս եկած սեւ ձին բոլորովին նման չէր հոբիթների պոնիներին, իսկ բարձրահասակ հեծյալը կռացել էր թամբի վրա, եւ լայն ու սեւ թիկնոցի տակից երեւում էին միայն նրա ասպանդակներն ու կոշիկները։ Դեմքը ծածկված էր կնգուղով։
 
Ձին հավասարվեց ծառին, որի հետեւում պառկած էր Ֆրոդոն եւ քարացավ։ Հեծյալն էլ էր անշարժ․ նա ասես ականջ էր դնում։ Խռպոտ ֆսֆսոցը հասնում էր Ֆրոդոյին։ Հեծյալի գլուխը շրջվեց աջ, հետո՝ ձախ։ Թվում էր, նա հոտառությամբ ինչ֊որ հազիվ զգացվող հոտ էր որսում։
 
Անսպասելի ու խելագար մի սարսափ պատեց Ֆրոդոյին․ իրեն տեսնում են, իրեն հիմա կգտնեն․․․ եւ հանկարծ հիշեց Մատանին։ Նա չէր համարձակվում շնչել, վախենում էր շարժվել, բայց Մատանին հանկարծ դարձավ նրա միակ հույսը եւ ձեռքն ինքն իրեն սողաց գրպանը։ Միայն թե հագնի, հագնի այն, եւ ամեն ինչ կարգին կլինի, ինքը ապահով կլինի։ Գանդալֆն արգելել է․․․ դե լա՜վ․․․ Բիլբոն էլ է հագել Մատանին եւ ոչինչ։ Ես չէ՞ որ իմ տանն եմ, Հոբիթստանում, մտածեց ու ձեռքը հպեց շղթային։ Այդ վայրկյանին հեծյալն ուղղվեց ու սանձերը ձգեց։ Ձին անվստահ ոտքերը փոխեց, առաջ քայլեց ու շորորալով գնաց։
 
Ֆրոդոն սողաց դեպի ճանապարհի եզրը ու նայեց հեծյալի հետեւից, մինչեւ նա անհետացավ մթնշաղի հեռուներում։ Հեռու հեռվում սեւ ձին շրջվեց դեպի աջ, դեպի ճանապարհամերձ անտառակը։
 
― Սա ինչ֊որ զարմանալի է, եթե չասենք, որ սարսափելի է, ― քրթմնջաց Ֆրոդոն, գնալով իր ուղեկիցների մոտ։
 
Փինը եւ Սամը բերանքսիվայր պառկած էին եւ ոչինչ չէին տեսել։ Ֆրոդոն պատմեց նրանց տարօրինակ հեծյալի մասին։
 
― Չգիտեմ ինչու, ես համոզված էի, որ նա ինձ է փնտրում եւ ինձ է հոտոտում։ Այդ ամենը տարօրինակ է, Հոբիթստանում երբեք այդպիսիք չեն եղել։
 
― Առհասարակ Մեծ ժողովուրդը մեզ հետ ի՞նչ գործ ունի, ― փնթփնթաց Փինը։ ― Էդ ի՞նչ է քարշ եկել մինչեւ էստեղ։ Որտեղի՞ց է եկել․․․
 
― Ներողություն եմ խնդրում, ― հանկարծ միջամտեց Սամը։ ― Ես գիտեմ որտեղից։ Այդ սեւ իավորը Նորգորդից է, քանի որ այստեղ միայն նա է, մեն մենակ։ Եվ նույնիսկ գիտեմ, թե դեպի ուր է ճամփա ընկել։
 
― Այսինքն ինչպե՞ս, ― խստորեն հարցրեց Ֆրոդոն՝ Սամի վրա մի զարմացած հայացք գցելով։ ― Գիտես ու չե՞ս ասել։
 
― Ախր ես նոր միայն հիշեցի, տեր իմ, մեծահոգաբար ներող եղեք։ Դա ախր էսպես է եղել․ երեկ գնացի իմ ծերուկի մոտ բանալիները տալու, նա էլ թե՝ «Ա՜յ քեզ բան, ― ասում է, ― բա ես հիմարս էլ կարծում եմ, թե դու քո Ֆրոդո տիրոջ հետ միասին էս առավոտ մեկնել ես։ Գիտե՞ս, էստեղ մեկը կպել֊պոկ չէր գալիս․ ո՞ւր է, ասում է, մեկնել Պարկինսը Զառիթափի Պարկուտից։ Իսկ ո՞ւր ունի կորչելու, մեկնել է՝ պրծավ գնաց։ Ես էլ ուղարկեցի նրան Ճագարի Գերան, բայց նա, հասկանո՞ւմ ես, ինձ իսկի դուր չեկավ։ Մեկնել է, ասում եմ, մեկել է պարոն Պարկինսը եւ հետ չի գալու։ Պատկերացնո՞ւմ ես, նա ֆշշաց ինձ վրա իսկը օձի պես»։ «Իսկ նա ումոնցի՞ց էր» ― էդ ես եմ հորս հարցնում։ «Ի՞նչ իմանաս, ― ասում է, ― բայց ր հոբիթ չէր, էդ մեկը հաստատ։ Էնպես բոյով էր ու սեւ, կռացել էր վրա ու ֆսֆսում էր։ Երեւում է, հեռուներից էր, Մեծ ժողովրդից։ Մի տեսակ ֆսֆսացնելով էր խոսում»։ Դե ես ժամանակ էլ չունեի հորս հարցուփորձ անելու, չէ՞ որ դուք ինձ սպասում էիք, ու հետո էլ մոռացա ձեզ ասեմ։ Համ էլ իմ ծերուկը լավ չի տեսնում, իսկ երբ էդ ձիավորը եկել էր, արդեն մթնած էր եղել։ Հայրիկը կարծես թե ամեն ինչ ասել է, ոնց եղել է, իսկ թե մի բան էլ ես եմ մոռացել, է՛հ, էլ ո՜նց կլիներ, առանձնապես մի բան չկա, ճի՞շտ է, տեր իմ։
 
― Դե ծերուկից ի՞նչ պահանջես, ― պատասխանեց Ֆրոդոն։ ― Ես ինքս էլ լսեցի, ինչպես էր նա խոսում օտարականի հետ, որն իմ մասին էր հարցնում, նույնիսկ ուզում էի գնալ հարցնել նրան, թե ի՞նչ է պատահել։ Ափսոսում եմ, որ չգնացի եւ ափսոս, որ այն ժամանակ ինձ չես ասել։ Ավելի զգույշ պետք է լինենք։
 
― Իսկ գուց դա այն ձիավորը չէ, ― միջամտեց Փինը։ ― Մենք ծածուկ ենք դուրս եկել, քայլել ենք անաղմուկ, նա չէր կարող մեզ հետեւել։
 
― Իսկ ֆսֆսում ու հետեւում էր ինչպես նա, ― ասաց Սամը։ ― Եվ նրա նման էլլ ոտքից գլուխ սեւ էր։
 
― Իզուր մենք Գանդալֆին չսպասեցինք, ― փնթփնթաց Ֆրոդոն։ ― Իսկ գուցեեւ ոչ իզուր, դժվար է ասել։
 
― Հիմա դու էդ ձիավորի մասին որեւէ բան գիտե՞ս, թե՞ պարզապես ենթադրություններ ես անում, ― Ֆրոդոյի փնթփնթոցը լսելով, հարցրեց Փինը։
 
― Խելքը գլխին ոչինչ չգիտեմ, իսկ գուշակել վախենում եմ, ― մտածկոտ պատասխանեց Ֆրոդոն։
 
― Դե, քո գործն է, սիրելի ազգականս․․․ Խնդրեմ, քո գաղտնիքները քեզ պահիր, միայն թե հետո ի՞նչ պետք է անենք․․․ Ես դեմ չէի լինի, եթե հանգիստ առնեինք, ընթրեինք, բայց ավելի լավ է ոտքներս գետնից կտրենք։ Թե չէ ես ինչ֊որ վատ եմ զգում այդ հոտոտող իավորների մասին ձեր պատմություններից։
 
― Այո, ավելի լավ է չդանդաղենք, ― ասաց Ֆրոդոն։ ― Եվ եկեք ճանապարհով չգնանք, թե չէ հանկարծ այդ ձիավրը հետ կգա կամ մեկ ուրիշը կհայտնվի։ Քայլներս արագացնենք, մինչեւ Նապատասակի Բլուրները պետք է քայլենք ու քայլենք։
 
․․․ Երբ նրանք նորից ճանապարհ ընկան, մայրամուտի վառ արեւը խամրում էր նրանց թիկունքում։ Ճանապարհը կտրուկ թեքվում էր ձախ, իսկ աջ կողմում պապտին էր տալիս հզոր թավուտը՝ անվերջ ու անսահման։
 
― Այնտեղ էլ կգնանք, ― ասաց Ֆրոդոն։
 
Հոբիթները մոմ չվառեցին․ մտան մի հսկայական փչակ, հանգստացան, մի քիչ կերան (մի ժամանակ ընթրում էին) եւ նույնիսկ երգեցին իրիկնային երգը, որը վերջանում էր հետեւյալ խոսքերով․ «Իսկ հետո էլ քնել։ Իսկ հետո էլ քնել․․․»
 
― Իսկույն քնել․․․ Իսկույն քնել․․․ ― գոռաց Փինը։
 
― Կամաց, ― ասաց Ֆրոդոն։ ― Կարծես թե նորից սմբակների ձայն է լսվում։
 
Երեքն էլ ստվերների պես քարացան։ Հովտից սմբակների կտկտոց էր լսվում, առայժմ դեռ հեռավոր, բայց ավելի ու ավելի մոտեցող, քամահար կողմից։ Նրանք իրենց նետեցին անտառի խորքը, մռայլ ծառերի թանձր ստվերի մեջ։
 
― Չենք փախչի, ― ասաց Ֆրոդոն։ ― Մենք չենք երեւում, իսկ ես ուզում եմ տեսնել՝ մի՞թե եւս մեկը։
 
Կտկտոցը մոտենում էր։ Ինչպես հարկն է թաքնվելու ժամանակ արդեն չունեին, եւ Սամն ու Փինը մտան կոճղի հետեւը, իսկ Ֆրոդոն պառկեց արահետից ոչ հեռու։ Սրա բաց մոխրագույն շերտը հատում էր անտառային մթնշաղը; Երկինքն աստղոտվում էր, բայց դեռ լուսինը դուրս չէր եկել։
 
Սմբակները լռեցին։ Ֆրոդոյի աչքին ծառերի արանքում մի սեւություն ցոլաց՝ եւ երկու ստվերը, ասես մեկը ձիու սանձից բռնած տանում էր, ձուլվեցին մթությանը։ Հետո սեւ կերպարանքը հայտնվեց այնտեղ, որտեղ իրենք արահետից դուրս էին եկել, ճիշտ նույն տեղում։ Ստվերը երերաց, ու Ֆրոդոն ցածր, տհաճ ֆսֆսոց լսեց, իսկ հետո ստվերն ասես սողաց դեպի նա։
 
Ֆրոդոն նորից մտածեց, որ հարկավոր է հագնել Մատանին; Եվ կարծես թե ինչ֊որ մեկի հրամանին ենթարկվելով, առանց հասկանալու, թե ինչ է անում, փնտրեց գրպանում։ Սարսափելի լռություն իջավ, բայց հանկարծ մի զրնգուն երգ լսվեց ու ծիծաղ տարածվեց։ Ջինջ ձայներն ուրախ զանգակների պես ալեկոծեցին գիշերային զով օդը։ Սեւ ստվերը բարձրացավ, հետ֊հետ գնաց ու ձիու ստվերին ձուլվելով, արահետի մյուս կողմում սուզվեց մթնշաղի մեջ։ Ֆրոդոն շունչ քաշեց։
 
― Էլֆե՜րն են, ― բացականչեց Սամը խռպոտ ձայնով, ասես քնից էր վեր կացել։ ― Տեր իմ, էլֆե՜րը․․․
 
Նա ուզում էր նետվել ձայների կողմը, բայց Ֆրոդոն ու Փինը հետ պահեցին նրան։
 
― Այո, էլֆերն են, ― ասաց Ֆրոդոն։ ― Չէ՞ որ սա Անտառեզրն է, նրանք համարյա ամեն գարնան ու աշնան անցնում են այստեղով։ Ա՜յ թե ժամանակին եկան․․․ Ախր դուք ոչինչ չտեսաք, իսկ Սեւ Հեծյալը իջավ ձիուց ու սողաց ուղիղ դեպի մեզ։ Եվ կսողար, եթե նրանց երգը չլիներ։ Դա վախեցրեց նրան։
 
― Դե, իսկ էլֆերի մոտ գնո՞ւմ ենք, թե չենք գնում, ― շտապեցրեց Սամը։ Հեծյալի մասին արդեն չէր էլ հիշում։
 
― Լսում ես, չէ՞, իրենք են մեզ մոտ գալիս, ― ասաց Ֆրոդոն։ ― Հարկավոր է միայն սպասել։
 
Երգը մոտենում էր։ Մի զիլ ձայն բոլորից բարձր էր երգում։ Հրաշալի հնամյա բառեր էին, միայն Ֆրոդոն էր հասկանում, այն էլ դժվարությամբ։ Բայց եւ ուշադիր լսել էլ առանձնապես պետք չէր։ Ֆրոդոն այսպես հասկացավ երգը․
 
<poem>
Հեռո՜ւ հեռավոր ծովերից այն կողմ
Անվերջ շողացող հուր արշալույսի,
Տարածվի՜ր դու մեր լեռների վրա
Ու անմար պահիր կրակը հույսի։
 
Օ, դու Էլբերեթ, Գիլթոնիել,
Դու հեռավոր լույս՝ հույսի, հավատի,
Աղջամուղջային մեր հեռուներից
Քեզ խոնարհ ողջո՛ւյն, հարգանք ու պատիվ։
 
Դու մութ երկնքից քշեցիր հավետ
Մշուշները չար, մշուշները սեւ,
Եվ գիշերային քո տերության մեջ
Փայլատակեցին աստեղերը լուսե։
 
Օ՜, դու Էլբերե՛թ, Գիլթոնիե՛լ,
Կապույտ տաճարում ճառագող դու շող,
Հեռո՜ւ հեռավոր ծովերից անդին
Մենք հիշում ենք լույսը հավերժող։
</poem>
 
Եվ երգը վերջացավ։
 
― Ախր սրանք անդրծովյան էլֆերն են։ Երգն էլ Էլբերեթի մասին է, ― զարմացավ Ֆրոդոն։ ― Հեռուներից հազվադեպ են նրանք հասնում մեզ մոտ՝ Հոբիթստան, նրանցից Միջերկրում էլ համարյա չկան։ Շատ տարօրինակ է․․․
 
Հոբիթները նստած էին արահետից ոչ հեռու ու սպասում էին։ Շուտով էլֆերը երեւացին։ Նրանց աչքերը փայլում էին աստղային փայլով, մազերը ծփում էին մեղմիկ, եւ արահետը արծաթավուն էր նրանց ոտքերի տակ։ Նրանց լուռ անցան, եւ միայն վերջին էլֆը շրջվեց, նայեց հոբիթներին ու ծիծաղեց։
 
― Մի՞թե Ֆրոդոն է, ― զրնգուն բացականչեց նա։ ― Այս ուշ ժամին․․ Մոլորվե՞լ եք, ինչ է։ ― Նա կանչեց մյուսներին, եւ էլֆերը շրջապատեցին նստածներին։
 
― Հրաշք է, որ կա․․․ ― ասացին նրանք։ ― Երեք հոբիթ գիշերով անտառում։ Այսպիսի բան չի եղել Բիլբոյի ժամանակներից․․․ Ի՞նչ է պատահել․․․
 
― Ոչինչ էլ չի պատահել, ով Զարմանահրաշ ժողովուրդ, ― ասաց Ֆրոդոն։ ― Պարզապես մեր ճանապարհները համընկան։ Ես սիրում եմ աստղալից երեկոյան զբոսնել եւ ուրախ կլինեի ձեզ ուղեկցելու համար։
 
― Առանց ձեզ էլ մենք լավ ենք զգում, ձանձրալի հոբիթներ․․․ ― ծիծաղեցին էլֆերը։ ― Որտեղի՞ց գիտեք, թե մեր ճանապարհները համընկնում են՝ չէ՞ որ մեր ուղին ձեզ հայտնի չէ։
 
― Իսկ դուք որտեղի՞ց գիտեք ես ով եմ, ― ի պատասխան հարցրեց Ֆրոդոն։
 
― Այստեղ իմանալու բան էլ չկա, պատասխանեցին նրանք։ ― Մենք քեզ Բիլբոյի հետ շատ ենք տեսել։ Այդ դու մեզ չես տեսել։
 
― Ո՞ւր եք գնում եւ ո՞վ է ձեր առաջնորդը, ― հարցրեց Ֆրոդոն։
 
― Ես եմ, Գարալդը, ― պատասխանեց հոբիթներին առաջինը նկատած էլֆը։ ― Գարալդը Փառավորաց զարմից։ Մենք տարագիրներ ենք, մեր ազգուտակը վաղուց ի վեր հեռացել է, եւ Ծովը մեզ է սպասում։ Ճիշտ է, մերոնցից դեռեւս կան Ազատքում։ Մի խոսքով, ավելի լավ է քո մասին պատմիր, Ֆրոդո։ Երեւում է, ինչ֊որ բան կարգին չէ՞․․․
 
― Ո՜վ ամենաիմաց ժողովուրդ, ― միջամտեց Փինը, ― ասացեք մեզ, ովքե՞ր են Սեւ Հեծյալները։
 
― Սեւ Հեծյալները՞, ― կամաց արագանքեցին նրանք։ ― Ի՞նչ գործ ունեք Սեւ Հեծյալների հետ։
 
― Մեր հետեւից երկուսը գալիս էին․․․ գուցեեւ մեկը, ― ասաց Փինը, ― հնեց հիմա հետ մնաց, երբ դուք երեւացիք։
 
Էլֆերն իսկույն չպատասխանեցին։ Նրանք իրենց լեզվով խորհրդակցեցին, հետո Գարալդը շրջվեց դեպի հոբիթները։
 
― Մենք դեռեւս կսպասենք, այդ մասին չենք խոսի, ― ասաց նա։ ― Իսկ դուք իսկապես որ պետք է գաք մեզ հետ։ Դա մեր սովորություններից դուրս է, բայց ոչինչ, թող այդպես լինի, եկեք։ Մեզ հետ էլ կգիշերեք։
 
― Զարմանահրա՛շ, զարմանահրա՜շ ժողովուրդ․․․ Ես հուսալ անգամ չէի համարձակվում, ― ասաց Փինը, իսկ Սամը պարզապես պապանձվել էր ուրախությունից։
 
― Շնորհակալություն, ով Գարալդ Փառավորաց զարմից, ― ասաց Ֆրոդոն եւ խորարհվեց։ ― Էլեն սեյլա լյումենն օմեննթիէյլվո, աստղդ լուսավորեց մեր հանդիպումը, ― ավելացրեց նա հին էլֆերեն լեզվով։
 
― Օհո՜, բարեկամներ, ― ծիծաղելով զգուշացրեց յուրայիններին Գարալդը, ― բարձրաձայն գաղտնի խոսակցություններ չվարեք, մեզ հետ Հին Բարբառի գիտակ կա։ Բիլբոն, պարզվում է, հրաշալի ուսուցիչ է։ Ողջույն քեզ, ո՜վ էլֆերի բարեկամ․․․ ― ասաց նա, Ֆրոդոյին խոնարհվելով։ ― Մենք ուրախ ենք, որ ուղեկիցներ ենք։ Գնանք, բայց քայլիր մեջտեղով, որ հետ չընկնես ու մոլորվես՝ առջեւում երկար ճանապարհ է։
 
― Երկա՞ր է, իսկ դուք ո՞ւր եք գնում, ― նորից հարցրեց Ֆրոդոն։
 
― Անտառեզրի ամենախորքը։ Հեռու պետք է գնանք, բայց այնտեղ կհանգստանաս եւ քո վաղվա ճամփան կկարճանա։
 
― Նրանք գնում էին լուր ու ստվերների պես, քանի որ էլֆերը հոբիթներից էլ անաղմուկ էին քայլում։ Փինը սկսել էր ննջել ու սայթաքել, բայց կողքից էլֆ էր քայլում՝ թեւից բռնած, ու չէր թողնում, որ ընկնի։ Իսկ Սամը քայլում էր Ֆրոդոյի կողքից եւ քայլում էր ասես սարսափելի, բայց հիասքանչ երազում։
 
Արահետի երկու կողմերում անտառը գնալով խտանում էր․ իրար խառնվող ծառերը մատղաշ էին, իսկ դրանց բները՝ հաստ, հետո արահետը խորացավ լեռնահովտի մեջ, աջից ու ձախից մթնում էին կաղնուտները։ Վերջապես էլֆերը շրջվեցին խոր թավուտը, որտեղ ասես հրաշքով մի կանաչ նեղ կածան բացվեց․ ավելի ու ավելի խիտ էին պարփակվում ծառերի բարձր պատերը, բայց հանկարծ դրանք նահանջեցին եւ, գիշերվա լույսի պես, առջեւում տարածվեց փայլատ մոխրագույն մարգագետինը։ Երեք կողմից այն շրջապատված էր անտառով, իսկ արեւելքից հատվում էր զառիթափով, եւ ծառերի հսկայական սաղարթները նրանց ոտքերին էին հասնում ինչ֊որ տեղ ներքեւից։
 
Էլֆերը նստեցին խոտերի վրա ու իրար մեջ մի ցածրաձայն խոսակցություն սկսեցին, ասես հոբիթներին դադարել էին նկատել։ Իսկ վերջիններս ննջում էին թիկնոցների ու ծածկոցների մեջ փաթաթված։ Գիշերը վրա հասավ, հովտում մարեցին հեռավոր գյուղական կրակները։ Փինը պինդ քնեց՝ այտը ճիմակտորին դրած։
 
Արեւելքում բարձր երկնքում վառվեց Աստղային Ցանցը, Ռեմիրաթը․ մառախուղը ճեղքելով, բոցավառ սուտակի պես հուրհրաց Բորգիլը։ Հետո հանկարծ, ասես կախարդանքով, երկինքը պարզվեց, իսկ աշխարհի ծայրին փայլփլեց Երկնային Սուսերակիր Մենալվաֆորը վառվռուն գոտիով։ Էլֆերը նրան դիմավորեցին զրնգուն երգով, եւ ինչ֊որ տեղ մոտակայքում բռնկվեց խարույկի բոսոր կրակը։
 
― Այդ ինչո՞ւ եք նստել, ― հոբիթներին կանչեցին էլֆերը։ ― Եկեք մեզ մոտ․․․ Հիմա զրույցի եւ զվարճության ժամանակն է։
 
Փինը նստեց, աչքերը տրորեց ու, մրսելով կուչ եկավ։
 
― Բարի գալուստ, բարեկամներ․․․ Խարույկը վառվում է, եւ ընթրիքը ձեզ է սպասում, ― ասաց էլֆը՝ կռանալով քնատ Փինի վրա։
 
Կանաչ մարգագետինը մտնում էր անտառ ու դառնում անտառային շքասրահ, որին տանիք էին ծառայում ծառերի ճյուղերը։ Հզր բները սյունաշարերի էին նման։ Շքասրահի կենտրոնում բոցավառվում էր խարույկը, իսկ ճյուղերից կախված փայլփլում էին ոսկե ու արծաթե լապտերները։ Էլֆերը նստել էին կրակ շուրջը՝ խոտի ու կլոր քոթուկների վրա։ Ավելի ճիշտ, ոմանք նստած էին, մյուսները բաժանում էին գավաթներն ու գինի լցնում, իսկ երրորդները ուտելիք էին բերում։
 
― Աղքատիկ հյուրասիրւթյուն է, ― ներողություն էին խնդրում նրանք հոբիթներից, ― չէ՞ որ մեք մեր տանը չենք, սա դաշտային կանգառ է։ Այ, կգաք մեզ մոտ, այն ժամանակ կհյուրասիրվեք ինչպես հարկն է։
 
― Ի՞նչ եք ասում, նույնիսկ ծննդյանս օրը ավելի համեղ չեն հյուրասիրել, ― ասաց Ֆրոդոն։
 
Հետագայում Փինը այնքան էլ լավ չէր հիշում, թե ինչ է կերել ու խմել․ ավելի շատ նայում էր էլֆերի պարզ դեմքերին եւ ունկնդրում նրանց ձայները, որ տարբեր էին ու զարմանահրաշ, եւ նրան թվում էր, թե հրաշալի երազ է տեսնում․ միայն հիշում էր, որ հաց էին տալիս․ սպիտակ ու այնքան համեզ, ասես դու սովից ուշաթափվում էիր, իսկ քեզ մսի մի չաղլիկ կտոր էին տալիս, հետո նա մի գավաթ ինչ֊որ վճիտ հեղուկ խմեց, ասես աղբյուրից, ու ոսկեգույն, ինչպես ամառային երեկոն։
 
Իսկ Սամը նույնիսկ խոսքերով չէր կարող նկարագրել, թե ինչ էր եղել այնտեղ եւ առհասարակ ոչ մի կերպ չէր կարող պատկերել, թեպետ այդ երջանկությունը հիշում էր մինչեւ կյանքի վերջը։ Նա, իհարկե, ասաց մի էլֆի․ «Էհ, տեր իմ, թե իմ այգում էլ այդպիսի խնձորներ լինեին, այ նոր ես այգեպան կլինեի․․․ Ճիշտն ասած, խնձորներն ինչ են որ, համա թե երգում եք, հա՜․․․»։
 
Ֆրոդոն ուտում էր, խմում ու խոսում ոչ առանց դժվարության բառերն ընտրելով։ Նա էլֆերերն հավիզհազ էր հասկանում եւ համակ ուշադրություն դարձած լսում էր։ Նրան հաճելի էր, որ կարող էր գոնե նրանց մայրենի լեզվով շնորհակալություն հայտնել իրեն հյուրասիրող էլֆերին։ Իսկ նրանք ժպտում էին եւ ուրախանում․ «Այ թե հոբիթ է․․․»։