Changes
/* Դալլաս */
Դա Օխլամոնովն էր։
===Գաղտնի հավաքույթ===
Մենք գնում էինք ինչ֊որ նրբանցքներով, բակերով, երկու մայրուղի անցանք վազքով, հետո շարունակեցինք ճանապարհը լուռ ու խորհդավոր այգու միջով և նորից գաղտքգողի ծուռումուռ ճանապարհով, սեղմվելով տների պատերին, խուսափելով գիշերային պարեկներից և պատահական անցորդներից։ Սակայն, որքան հասկացա, այս քաղաքում պատահական անցորդներ չեն լինում։
Երբ երկրորդ զբոսայգում կանգնեցինք շունչ քաշելու համար, ես հարցրի Օխլամոնովին, թե ուր ենք գնում։
― Բարեկամների մոտ, ― կարճ պատասխանեց նա և մենք շարժվեցինք առաջ։
Երկնքում ամպերը արդեն ծվեն֊ծվեն էին արված, բայց ինքնաթիռները դեռ թռչում էին, կատաղորեն մասնատելով լույս արձակող գոլորշու կույտերը։
Նորալուսնի մանգաղը ամոթահար ցցվել էր այդ խառնաշփոթի մեջ։
Մի հինգ֊վեց րոպե քայլելուց հետո, մենք անցանք մի ցածր կառույցի մոտով և կանգ առանք խիտ թփուտների առջև։
― Ուշադիր ինձ լսեք, ― շշնջաց Օխլամոնովը։ Հիմա մենք սողալով կանցնենք այս թփուտների տակով, այնտեղ ցանկապատի մեջ մի անցք կա։ Նրանից այն կողմ՝ մի լայն փողոց է։ Ես դուրս կգամ անցքից և վազքով կանցնեմ փողոցը։ Դուք մի քիչ կսպասեք։ Եթե ինձ հետ մի բան պատահի, ես կսկսեմ բղավել «օգնեցե՜ք, թալանում են»։ Այդ դեպքում դուք կմնաք տեղում, թփերի տակ, մերոնցից մեկնումեկը կգա ձեր ետևից։ Հավանական է նույնիսկ, որ նա ձեզ ծանոթ լինի։ Եթե դուք ոչինչ չլսեք, ապա մի երկու րոպե հետո դուրս եկեք և վազեք ուղիղ դեպի դիմացի մեծ տունը։ Մտեք ձախ մուտքը, դուռը փակեք և իջեք նկուղ։ Զգույշ եղեք, այնտեղ մութ է։ Իջնելիս բռնվեք բազիրքից։
Մեր գործողությունների այդ մասը բարեհաջող անցավ և արդեն մի քանի րոպե հետո Օխլամոնովը ձեռքիցս բռնած ինձ քարշ էր տալիս ինչ֊որ մռայլ նկուղային լաբիրինթոսով։ Հետո նա թակեց, բացվեց ինչ֊որ դուռ, փակվեց, հետո բացվեց մեկ ուրիշը, և ես տեսա երկու սեռի երիտասարների մի խումբ, որոնք լամպերի լուսավորության տակ քեֆ էին անում․․․ Սիմիչի մեծ դիմանկարի տակ։
Պարոնայք, ― բղավեց Օխլամոնովը, և նրա ձայնը երկար լռությունից հետո խլացուցիչ էր։ ― Տեսեք, թե ում եմ բերել։ Մեր Կլասիկը մեզ հետ է։ Տուգանայի՛ն մեր Կլասսիկին։
Երիտասարդները միանգամից ոտքի կանգնեցին, նրանց ձեռքերում պլաստամսե բաժակներ էին։ Ինչ֊որ մի աղջիկ, մինչև ոտքերը հասնող երկար, սև կիսաշրջասգեստով ինձ էլ տվեց մի բերնեբերան լցված բաժակ։
― Խմեք մեզ հետ։
― Օ՞վ եք դուք, ― հարցրի ես անվստահ վերցնելով բաժակը։
― Մի՞թե չհասկացաք, Վիտալիյ Նիկիտիչ, ― ժպտալով ասաց Օխլամոնովը։ ― Մենք ձեր համախոհներն ենք։ Մենք Սիմիտներ ենք։
Ներկաները հետաքրքրությամբ ինձ էին նայում։ Ինչ֊որ տեղ, վերջում գտնվող սեղաններից մեկի առաջ, ես նկատեցի Ձերժինի վիրավոր ճակատը։
― Թանկագին կոմսորներ, ― ասացի ես, ման գալով մի տեղ, որ դնեմ բաժակը։ Դուք շատ հմուտ պրովոկացիա եք կազմակերպել, բայց դա ինձ հետ չի անցնի։ Ես սիմիտ չեմ։ Անցյալ կյանքում ես շատ մարդկանց էի ճանաչում, Սիմ Սիմիչ Կարնավալովին նույնպես։ Բայց երբեք նրա համախոհը չեմ եղել, երբեք չեմ կիսել նրա գաղափարները և այսպիսի էժանագին ձևով չեմ խաբվի։
Այդ ասելով, ես մեքենայաբար, ինձ համար անսպասելի, միանգամից խմեցի բաժակի պարունակությունը և հազիվ մնացի ոտքիս վրա։
Կյանքումս շատ բան եմ խմել՝ և՛ դենատուրատ, և՛ պոլիտուրա, և՛ ինքնաթիռների արգելակների համար նախատեսված հեղուկ, բայց այսպիսի զզվելի բան դեռ չէի փորձել։
― Կեցցե՛ Կլասիկը, ― բացականչեց Օխլամոնովը։
― Կեցցե՜, ― բղավեցին բոլորը միասին։
― Իմիջիայլոց, ― ասացի ես, ― ինքս երբեք ինձ Կլասիկ չեմ անվանել։ Այդ դուք եք հնարել այդ մականունը, ես այդ անվանմանը չեմ հավակնում։
― Մեր Կլասիկի համեստությանը ուռա՜, ― նորից բացականչեց Օխլամոնովը։
― Փառք Սիմին, ― բղավեց ինչ֊որ մեկը։
― Կեցցե՜ միապետությունը։
Հիմարներ, մտածեցի ես։ Մի՞թե մտածում են, որ իմ կյանքի փորձով, կարելի խաբել ինձ այս էժանագին միջոցներով։
― Ձերժին Գավրիլովիչ, ― բղավեցի ես։ Այդ ինչո՞ւ ես անկյունում թաքնվել։
― Ես ամենևին էլ չեմ թաքնվում, ― ասաց Ձերժինը և դուրս գալով իր տեղից ինձ մոտեցավ։ ― Ուրախ եմ, թանկագինս, որ դու մեզ մոտ ես եկել։ Ես միշտ էլ գիտեի, որ դու մեզ հետ ես և մեզ կօգնես։ Մի բաժակ էլ տվեք Կլասիկին։
Այն նույն աղջիկը տվեց ինձ երկրորդ բաժակը։ Ես վերցրեցի այն։ Ես կորցնելու բան չունեի։
― Ուրեմն այսպես, ― ասաց Ձերժինը։ ― Սա պրովոկացիա չէ։ Հավատում ես, թե ոչ, բայց վախենալու պատճառ չունես։ Միևնույն է Գլխավոր Հնգանկյունին դատապարտել է քեզ մոռացության։ Եթե մենք նույնիսկ սադրիչներ դուրս գանք, ավելի վատ բան չենք կարող անել։ Այնպես որ, վստահիր մեզ, արի խմենք, հետո կխոսենք։