Changes

Հին հավատք կամ հեթանոսական կրոնք հայոց

Ավելացվել է 9128 բայտ, 20:27, 21 Ապրիլի 2014
/* Կենդանիների պաշտամունք */
Իմաստասերը (Հովհան) կատվապաշտների մասին ասում է, թե այդ մոլորությամբ «յայնոցիկ մղեալ խորխորատ՝ որք զՁի և զՇուն ընտրեցին իւրեանց լինել աստուած», բայց չի նշում, թե հայերն էլ են ընտրել, պաշտել կամ պատիվ մատուցել, մանավանդ, ինչպես հիշեցինք, ըստ ազգային ավանդության, Հայկը, իր թշնամիկներին անարգելով, նրանց <i>շուն</i> կոչեց։
Իսկ ձիու առումով, որ հայերեն կոչվում է նաև <i>երիվար</i>, մեր երկրի համար բավական պատիվ էր ունենալ լավ ու ընտիր մի ցեղ, ինչը երբեմն մեր երկրին տիրող աշխարհակալները ընդունել են որպես հարկ, և առավել մեծ պատիվ էին ձիերին խնամող բնիկ ու ճարպիկ հեծյալներն ու հեծելազորը։ Պատմիչների և վիպասանների հիշատակած ձիերի գույները (սպիտակ, աշխետ, ճարտուկ ճանճկեն, գեղեցիկ սև) քիչ ավելի են բարձրացնում այդ հիրավի չքնաղ կենդանու պատիվը։ Իսկ ձիերի զոհաբերությունը չաստվածներին կամ նրանց տիրոջն ու հեծյալին՝ վերջիններիս թաղման ժամանակ, է՛լ ավելի է բարձրացնում նրանց պատիվը կրոնական առումով։ Գուցե ավելի ևս այն բարձրացնում են ձիակերպ գերեզմանաքարերը, որ մինչ հիմա գտնվում են նաև քրիստոնյաների վրա։
Այսպիսի գերեզմանաքարերի հետ հարկ է հիշել ավելի հաճախակի հանդիպող խոյակերպը, այսինքն ոչխարի ձև ունեցողը, որ Հայաստանի շատ կողմերում է երևում, մանավանդ 16֊րդ, 17֊րդ դարերում հաստատվածները՝ հայտնապես հետևելով հնագույններին, որոնց տապանագրերը ընթերցված չեն կամ մեզ ծանոթ չեն։ Այս ամենապատվական կենդանին, որին խնամելը մարդու առաջին արհեստն էր (խաշնադարմանություն) և արևելքի ու արևմուտքի շատ ազգերի մեջ դեռ առաջինն է, մեր կերկրում էլ ընտիր ու բազմաքանակ տեսակներ ունի և ինչպես հայտնի է, եկամուտի գլխավոր միջոցներից մեկն է և Քրիստոսից շատ դարեր առաջ էլ է վկայել․ այն ժամանակներից մինչև այժմյան քրդերի՝ օտար հովիվների համար այնտեղ արոտատեղիներ են եղել։
 
<s>լրացնելիք</s>
 
=Հրեշներ=
 
Վիշապ, վիրագ, վիշշապաքաղ, եղջերվաքաղ, առլեզ, համբարու, շահապետներ, շվոտ, շավազ, պայեր, պարիկներ, հուշկապարիկներ, ճիվաղներ
 
Մեր լեզվով հրեշ են կոչվում հատկապես կենդանական արարածները, որոնք իրենց մեծությամբ կամ փոքրությամբ, անդամների յալաձևությամբ ծանոթ բնականից դուրս կերպարանք ունեն կամ տարբեր տեսակի կենդանիների խառնուրդ են կամ էլ կիսով չափ ոչ բանական են, կիսով չափ բանական կենդանակերպ։ Եթե որևէ պատճառով է ծագել կենդանիների պաշտամունքը, մարդկանց երևակայությունը այդ պատճառները ավելացրել է այդ կենդանիների վրա։ Եվ քանի որ երևակայությանը չափ ու կանոն չկա, դյուրին էր և է մտքի մեջ հրեշներ ստեղծելը, մանավանդ այնտեղ, որտեղ տեսնվում է բնության սովորական չափից ու ձևից դուրս մի կենդանի, կամ օտար երկրի անծանոթ մի բան է լսվում։
 
Հեթանոսներից շատերի մեջ կար կենդանիներին ու հրեշներին պաշտելու մեկ այլ պատճառ ևս՝ հոգեփոխության հավատքը։ Իբրև թե մահից հետո մարդկանց հոգիները դառնում են ոչ միայն յալ մարդու, այլև կենդանիների հոգի կամ, որ նույնն է, փոխվում են կենդանու։ Այս աղանդը մեր ազգի մեջ չի հիշվում, թեև պես֊պես հրեշների հավատք երևացել է նաև քրիստոնեությունից հետո ու դեռ նշմարվում է։ Կան ոչ միայն երևակայված ձև ունեցող հրեշներ, այլև այնպիսիները, որոնց մարդկային երևակայությունը չի կարողացել տալ որոշակի կերպարանք, և մտքով են ըմբռնվում իբրև ոգիներ, զորություններ ու անտեսանելի ազդողներ։
 
Ամենայն սնոտի հավատների մի գլխավոր պատճառը, ինչպես տեսանք սկզբում, վախն էր, որը առավելագույնս է ազդել հրեշներին վերաբերող հավատալիքի վրա։ Այսինքն՝ հրեշներն ընդհանրապես ահարկու և վնասակար բաներ են․ միայն մարդակերպների մեջ կան բարերար և բարեբարո կարծվածներ, որոնց կհիշենք պարզ, ոչ բանական հրեշների մաիսն խոսելուց հետո։
 
Ինչպես պաշտելի կենդանիների մեջ նախ հիշվեց օձը, այդպես էլ հրեշների կարգում օձն ու վիշապն են առաջնություն ցույց տալիս։ Մի՞թե պատճառը դրախտի օձի, սատանայի և Եվայի մասին հեռավոր հիշատակումներն են, որոնք կան ազգերից շատերի հնագույն ավանդությունների մեջ։ Գուցե այս թեթև կարծիքին թեթև մի կշիռ էլ տա <i>վիրագ</i>֊ը, որ սովորաբար նշանակում է «կատաղի ու անճոռնի (գազան)»։ Բայց երբեմն գոյականաբար էլ մի գազանակերպ էակ է կարծել տալիս։ Եթե անունը լիներ զուտ հայկական, կկարողանայինք քննել, թե <i>վիշ֊ապ</i>֊ի պես <i>վիր֊ագ</i>֊ն էլ մի բարդություն չէ՞ր լինի՝ <i>վիր</i>֊ը համարելով <i>վիհ</i>, քանզի սա գրվում է նաև <i>վիրհ</i>։ Բայց օտար լեզուներից հների մեջ ևս կա այսպիսի անուն ու մերձավոր իմաստ։ Ինչպես մեր, այնպես էլ հնդիկների լեզվում <i>ուրակ</i> նշանակում է «մեծ, անճոռնի օձ»։ Հռոմեացիները <i>ուրագ</i> (Uragus) էին կոչում իրենց դժոխքի չաստված Պլուտոնին՝ թերևս <i>այրել</i> (urere) բառի իմաստով։ Դարձյալ՝ <i>վիրագ</i> (Virago) էին կոչում վիթխարի<raf></raf> այրասիրտ կնոջը, իսկ կույսին, ընդհակառակը՝ <i>վիրգո</i> (Virgo)։ Ըստ հնդիկների էլ՝ <i>վիրաճա</i> նշանակում է թե՛ կույս, թե՛ առաջին կույսը (Եվա)։ Նրանք իրենց դյուցազնական ու մեծ զորությունն էլ կոչում են <i>վիրա</i>։ Ըստ այժմյան լեզվագետների՝ մեր նախնի հայոց և հնդիկների լեզուները քույրեր են, կրոնական շատ իմաստներ էլ՝ իրար համաձայն, ուստի ընդունում ենք, որ <i>վիրագ</i> նշանակում է «վիշապ»։
 
Այս մեծ սողունին հիշեցինք պաշտված բնական կենդանիների կարգում։ Առավել ևս պաշտելի կամ խորշելի էր հրեշ վիշապը, որ սնահավատ հայերի մտքում ու աչքում, ըստ Եզնիկի, թվում էր «կեղծս ի կեղծս լինել», այսինքն՝ երբեմն մարդկակերպ էր հայտնվում, երբեմն՝ օձաձև։ Երբեմն հայտնվում էր երկրի վրա, երբեմն էլ թևավորվելով բարձրանում էր օդ և թերևս այն մրրկելով՝ առաջ էր բերում վերոհիշյալ վիշապ հանելը։ Ցամաքի վրա էլ էր մեծ վնաս հասցնում՝ հափշտակելով արտերի բերքն ու հունձքը և իր պես թվացյալ գրաստներին շալակել տալով՝ աներևութացնում էր։ Վախկոտ մշակներն էլ նրանց վախեցնելու համար գոռնում էին՝ բռնի՛ր, որոնց ծաղրելով՝ Եզնիկը ասում է․ «Վիշապն՝ որ ինքն գրաստ է, այնու զի անասուն և անխպսուն է, զիա՞րդ որ ինքն գրաստ է՝ զայլ գրաստ վարիցէ․․․ ի զուր է Կա՛լ, կա՛լ ասել ումեք ի կալս, և ոչ Ա՛ռ, ա՛ռ»։
=Ծանոթագրություններ=
<references/>