Հիմա արդեն լավ չեմ հիշում, թե ինչ հերթականությամբ ամեն ինչ տեղի ունեցավ։ Հետո իմացա, որ լուրերը Սեռաֆիմի մոտալուտ ժամանումի մասին անհապաղ տարածվեցին ողջ Մոսկորեպում։ Սկսվեցին խռովություններ։ Ինչպես հաճախ է լինում այդպիսի դեպքերում, քաղաքացիները սկսեցին դժգոհություն ցուցաբերել առանց որևէ լուրջ պատճառի։ Օրինակ, ձեռնարկություններից մեկում իմ հոբելյանի առթիվ բանվորներին բաժանում էին մի֊մի կիլոգրամ երշիկ, որը կոչվում էր «Երշիկ դելիկատեսային ձկան ալյուրից»։ Մի կոմունյանուհի, համը տեսավ և ասաց․ «Քաղաքացիներ, սա կեղտ է»։ Մյուս կոմունյանները նույնպես ուշադրություն դարձրին, որ այդ առաջնային դելիկատեսը նման է երկրորդականի։ Կարծես նախկինում դա չէին նկատել և բազմաթիվ անեկդոտներ չէին հնարել։ Ես մտածում եմ, որ նրանք այնպիսի վիճակում էին, որ եթե նույնիսկ նրանց տային իսկական հունգարական սալյամի, նրանք այդ առաջնային դելիկատեսը նույնպես կընդունեին երկրորդական մթերքի տեղ։ Ապստամբությունը տարածվեց նաև այլ ձեռնարկություններում։ Այն իհարկե կարելի էր ճնշել, բայց ինչ֊որ տեղ Նովո Կալուգյան պահակակետի շրջանում քաղաք ներխուժեցին Առաջին օղակի սիմիտները։ Նրանք նետվեցին պրեկոմպիտներ, և կարիքների բավարարման այլ կետեր, բայց նրանց սպասում էր մեծ հիասթափություն։ Նրանք կարծում էին, որ մոսկորեպցիները սնվում եմ բացառապես մրգով և պլոմբիրով։ Բայց նրանց հիասթափությունը այնքան մեծ էր, որ առաջին օղակային և մոսկորեպյան սիմիտները միավորվեցին և սկսեցին ջարդուփշուր անել ամեն ինչ։
===Էդիսոնի վերջը===
Գիշերն անհանգիստ էր։ Վաղ երեկոյից մինչև առավոտ, օդում լսվում էր ծանր ինքնաթիռների աղմուկը։ Նրանք իջնում էին հենց իմ հյուրանովի վրա և նստում, ինչպես ես հեշտությամբ հասկացա նախկին Խոդինսկայա դաշտում։ Հետո իմացա, որ գիշերվա ընթացքում, քաղաք են իջեցվել վեց դեսանտային և երկու մոտոհրաձգային դիվիվզիա։
Երբ փողոցում հայտնվեց տանկերի շարասյունը, աղմուկից փրկություն չկար։
Իմ համարում (ես նորից ապրում էի «Կոմունիստական» հյուրանոցում) զրնգում էին ապակիները և էլեկտրական ջահը առաստաղի տակ, ճոճվում էր ճոճանակի պես։
Ամբողջ քաղաքում, մեկ այստեղ, մեկ այնտեղ՝ բռնկվում էին հրդեհներ և հնչում կրակոցներ։
Լուսաբացից առաջ գլուխս փաթաթեցի վերմակով և քնեցի, բայց երկար քնել չհաջողվեց։ Ժամը յոթին մոտ սարսափելի դղրդոցից, ապակիները զրնգոցով թափվեցին։ Հետո պարզվեց որ մի ապուշ օդաչու գերձայնային արագությամբ, անցել էր տանիքների վրայով։
Լավ է որ գլուխս ծածկված էր։
Ստիպված, թափ տվեցի վերմակից ապակիները, վեր կացա և մոտեցա պատուհանին։
Ռևոլյուցիայի հրապարակում տանկեր էին կանգնած։ Մեծ թատրոնի մոտ գտնվող զբոսայգում զինվորները իրենց կատելոկներով հերթ էին կանգնել ճամբարային խոհանոցի մոտ։ Բայց հիմնականում ամեն ինչ հանգիստ էր։
Ժամը յոթին ես միացրեցի հեռուստացույցը։
Էկրանին հայտնվեցին հաղորդավարներ Սեմյոնովը և Մալյավինան։
― Խոսում է Մոսկվան, ― հայտնեց Սեմյոնովը սովորական ձայնով։ Դուք լսում եք վերջին լուրերը։ Աշխատանքային մեծ հաղթանակի համար մեր սիրելի Գենիալիսիմուսը այսօր շնորհավորել է Լենինի, Գենիալիսիմուսի և Աշխատանքային Փառքի առաջին աստիճանի շքանշանակիր, տրիկոտաժի «Կարմիր գուլպա» ֆաբրիկայի կոլեկտիվին, որը սեպտեմբերի կեսին կատարել է երկու տարվա համար նախատեսված հանձնարարությունները․․․
Հետո հաղորդեցին մետրոյի շինարաների, պողպատ արտադրող գործարանի հաջողությունների մասին, դոնորական շարժման ընդլայման և Գենիալիսիմուսի Գեղարոեստական Տաղանդների անվան Տրետյակովյան Գալերեայում բացված մանկական նկարների ցուցահանդեսի մասին։ Ցուցադրեցին մի քանի նկար, որոնք ինչպես ասաց հաղորդավար Մալյավինան, երեխաներին հատուկ անմիջականությամբ արտահայտում են նրանց անվերապահ սերը Գենիալիսիմուսի հանդեպ և նվիրվածությունը կոմունիզմի գործին ու պետական անվտանգությանը։ Եվ ոչ մի խոսք, ապստամբությունների, հրդեհների, տանկերի և ինքնաթիռների մասին։
Ես մտածում էի, որ միգուցե, այդ մասին պատմեն հաղորդման վերջում, բայց հաղորդման վերջը չտեսա։ Հնչեց հեռախոսազանգը և խոսափողում լսվեց Էդիսոն Քսենոֆոնտովիչի, կամ ավելի ճիշտ Էդիկի հուզված ձայնը։
― Վիտյուշ, մի զարմացիր, ես քեզ հետ գործ ունեմ։ Շատ լուրջ և շտապ։ Չե՞ս կարող անհապաղ գալ ինձ մոտ։
― Քեզ մո՞տ, ― հարցրի ես սարկազմով։ ― Իսկ դու պատկերացնո՞ւմ ես, թե ինչ է կատարվում քաղաքում։
― Այո֊այո, ― անհամբեր ասաց նա։ Ես ամեն ինչ գիտեմ։ Բայց միևնույն է, ես քեզ հետ շատ կարևոր գործ ունեմ։ Ներքևում, հյուրանոցի մոտ, քեզ սպասում է զրահամեքենան և անցաթուղթը, որը ստորագրել է անձամբ պաշտպանության նախարարը։ Այդ անցաթղթով դու ոչ մի տհաճություն չես ունենա։ Ես քեզ սպասում եմ․․․
Չհասցրեցի ցած դնել խոսափողը, երբ դուռը ծեծցին։ Բացելով այն ես տեսա արդեն ծանոթ ԲԵԶՈ֊ի փոխգնդապետին, որը ասաց, որ իրեն հանձնարարված է հասցնել ինձ ստորգետնյա քաղաք։
Ճանապարհին ես չէի պոկվում դիտարկման ճեղքից և ցնցված էի այն բանից, որ մի քանի ժամվա ընթացքում Մոսկվան վերածվել է ճակատամարտող քաղաքի։
Տառացիորեն բոլոր փողոցները լցված էին զորքերով։ Ճանապարհային շարժումը ղեկավարում էին կարմիր թևակապերով զինվորականները։
Տհաճություններ մեզ հետ իսկապես չեղան, բացի անհամար ստուգումներից, որոնց պատճառով մենք ծախսեցինք ճանապարհի վրա երկուսուկես ժամ, եթե ոչ ավելի։
Ես գտա Էդիկին իր կաբինետում շատ հուզված վիճակում։
― Հը, ո՞նց տեղ հասար, ― հարցրեց նա։ Ամեն ինչ կարգի՞ն է։ Տենսում եմ, որ կարգին է։ Եթե կարգին չլիներ, դու այստեղ չէիր հասնի։ Այն ինչ տեղի է ունենում սարսափելի է։ Այդ քո Սիմը․․․
― Ինձ մոտ ոչ մի Սիմ չկա, ― ասացի ես։
― Գիտեմ, գիտեմ, դու վերանվանեցիր նրան։ Բայց կարծես թե, դա նրան նույնիսկ դուր եկավ։ Եվ այժմ, նա գալիս է Սեռաֆիմ անունով։ Զորքերը, որոնք ուղարկված են նրան դիմավորելու համար, առանց կրակոցի անցնում են նրա կողմը։ Անկեղծ ասած, ես ուղղակի չեմ հասկանում, թե ինչպես դա հնարավոր դարձավ։ Դեռ երեկ մարդիկ գովաբանում էին կոմունիզմը, իրենց հավատարմությունը հայտնում Գենիալիսիմուսին, հիանում նրա ամեն մի բառով, իսկ այսօր ջարդում են նրա հուշարձանները, վառում դիմանկարները և միասնաբար անցնում Սեռաֆիմի կողմը։ Մի՞թե այդ բոլոր բառերը, երդումները հավերժ հավատարմության մասին միայն մասսայական երեսպաշտություն էին։
― Այո, ― ասացի ես, ― հնարավոր է։ Ամբոխը միշտ էլ երեսպաշտ է։ Երբ կնքում էին Ռուսաստանը, ժողովուրդը հաճույքով նետեց Դնեպրը, հին աստվածներին, որոնց մինչ այդ աղոթում էր։
Զանգեց հեռախոսը։ Պրոֆեսորը վերցրեց խոսափողը։
― Այո, լսում եմ։ Ի՜նչ եք ասում։ Դե իհարկե, դա անրհրաժեշտ էր անել։ Որտե՞ղ է նա հիմա։ Ահա։ Իսկ Սեռաֆի՞մը։ Արդե՞ն։ Այդքան արա՞գ։ Դե ինչ, եթե լինեն նորություններ՝ զանգեք։
Նա դրեց խոսափողը և շփոթված ինձ նայեց։
― Ամեն ինչ վեջացավ։
― Ի՞նչն է վերջացել, ― հարցրի ես։
― Վերջացավ մի ողջ ժամանակաշրջան։ Երկու ժամ առաջ ԲԵԶՈ֊ի հատուկ տիեզերական ջոկատը ձերբակալել է տիեզերքում Գենիալիսիմուսին, իջեցրել ուղեծրից և տարել Լուբյանկա։
― Ինտեռեսանտ, ― ասացի ես։
― Ինտեռեսա՞նտ, ― բղավեց նա։ ― Քո կարծիքով դա հետաքրքի՞ր է։ Այդ դեպքում, միգուցե քեզ համար հետաքրքիր կլինի իմանալ, որ Սեռաֆիմը, չափի զգացողությունը կորցրած և գազազած ամբոխի ուղեկցությամբ, մտել է օղակային ճանապարհ և շարժվում է դեպի կենտրոն, Գենիալիսիմուսի Ռազմավարական Մտահղացումների պողոտայով։
― Ի՞նչ մտահղացումներ, ― հարցրի ես։
― Դա Մինսկի շոսսեն է, ― ասաց Էդիկը։
Նա մտազբաղ մոտեցավ իր ապարատին, վերցրեց վարդով բաժակը, մի քիչ խմեց, և կարծես հանգստացավ։
― Հա, իմիջիայլոց, ― ասաց նա, կարծես արթնանալով, չե՞ս ուզում, ― և մեկնեց ինձ բաժակը։
― Շնորհակաություն, ― խուսափեցի ես, ― ես արդեն փորձել եմ։
― Լսիր, ― ասաց Էդիկը, ես մի միտք ունեմ։ Ի՞նչ ես կարծում, ի՞նչ մարդ է Սեռաֆիմը։ Նա, հավանաբար, ցանկանո՞ւմ է երկար ապրել։
― Նա արդեն, փառք աստծո, առանց այդ էլ երկար է ապրում։
― Բայց երևի թե, նա ուզում է էլ ավելի երկար ապրել։
― Ո՞վ չի ուզում, ― ասացի ես։
― Իհարկե, ― ծիծաղեց նա ուրախ։ ― Բոլորն էլ ուզում են։ Միայն թե, դա բոլորին չի տրված։ Ուրեմն լսիր․․․ ― Նա շուրջը նայեց, համոզվեց, որ դուռը փակ է, և արագ շշնաց։ ― Երբ նրան տեսնես, պատմիր իմ և իմ հայտնագործության մասին։ Ասա, որ նա հրամայի ինձ ձեռք չտալ և չխանգարել աշխատանքիս։ Ես նրա հետ կկիսվեմ, էլիքսիր կմատակարարեմ, և նա կապրի որքան ցանկանա։
― Աստվա՜ծ չանի, ― բացականչեցի ես։ ― Խնդրում եմ, այդպիսի բան չանես։ Եթե նա ապրի, որքան ուզում է, նա այնքան բեկորներ կգրի, որ բոլորին նրանց տակ կթողնի։
― Դե ինչ ես ասում, ― պատասխանեց նա։ Ի՜նչ բեկորներ։ Հիմա նա դրա ժամանակը չի ունենա։ Հասկացիր։ Այն ինչ ասում եմ, շատ լուրջ է։ Եթե նա հրամայի ինձ ձեռք չտալ և աշխատելու հնարավորություն տա, կապրի հավերժ։ ― Մի քիչ լռելուց հետո, նա ուշադիր նայեց ինձ և որոշ ժամանակ մտածելուց հետո ասաց․ ― Դու էլ կապրես։ Մինչև արդյունաբերական մասշտաբներով արտադրելը մենք երեքս կօգտագործենք էլիքսիրը։ Ես, նա և դու։
― Դու մոռացար ևս մի մարդու մասին, ― հիշեցրի ես։
― Ո՞ւմ։ Ախ այո։ Կարծում եմ նրան արդեն ոչ մի էլիքսիր չի օգնի։
Նա վերցրեց բաժակը, մի կում արեց և նորից մեկնեց ինձ։
― Կուլ տուր, մի վախեցիր։ Միայն սկզբից է թվում այդքան զզվելի։ Իսկ հետո, երբ փորձես և հասկանաս, որ դա դարձնում է քեզ հավերժ երիտասարդ, էլիքսիրը կթվա քեզ նեկտարի նման համեղ։
Նորից զանգեց հեռախոսը։ Նա նետվեց խոսափողի կողմը, իսկ ես վերցրի այդ երկու բաժակները և փոխեցի նրանց տեղերը։ Պատուհանից այն կողմ ինչ֊որ բան էր կատարվում։ Գալիս ու գնում էին զինվորական շոգեմեքենաերը։ Ինչ֊որ տեղ սլացավ շտապ օգնության մեքենան։
― Այո֊այո, ասում էր պրոֆեսորը այդ ընթացքում։ ― Ամեն ինչ հասկանալի է։ Անպայման կանեմ այն ամենը, ինչ ներում են ուժերս։
― Սարսափելի բան է, ― ասաց նա, դնելով խոսափողը։ ― Ամբոխը փողոցներում բռնում ու մասերի է բաժանում բարձր կարիքների ապահովում ունեցող կոմունյաններին և ԲԵԶՈ֊ի գործակալներին։ Օ, Գենա՜, կարծես ես հուզվում եմ։
Նա վերցրեց բաժակը և, աֆեկտի մեջ, միանգամից խմեց մինջև վերջ։ Հետո հանկարծ մտքի մեջ ընկավ, հեռացրեց բաժակը բերանից և տեսավ ոսկոռներն ու գանգը։ Նրա աչքերը լի էին սարսափով, երբ նա տեղափոխեց հայացքն ինձ վրա։
― Լսիր, ասաց նա։ ― Իմ կարծիքով ես խառնեցի բաժակները։ Ես ինչ֊որ այն չխմեցի։ Ես խմեցի մահը, ― բղավեց նա ու նետեց բաժակը գետնին և այն գլորվեց գրասեղանի տակ։ ― Գենա՜, Գենա՜, Գենա՜, ― ձեռքերով բռնած գլուխը կրկնում էր դժբախտ պրոֆեսորը։ Հետո հանկարծ կանգ առավ, ուշադիր նայեց ինձ և կամաց հարցրեց․
― Այդ դո՞ւ արեցիր։
― Այո, ― ասացի ես և քմծիծաղեցի, տեսնելով, թե նա ոնց է գունատվում։ Կյանքում շատ զարմանալի բաներ էի տեսել, բայց այն ինչ տեղի էր ունենում հիմա, անմոռանալի տպավորություն թողեց։
Էդիսոնը նստեց բազմոցին, ձեռքերով բռնեց քունքերը և աչքիս առաջ սկսեց ծերանալ։ Չհավատալով ինքս ինձ, ես տեսա, թե ինչ արագությամբ սկսեցին աճել, սպիտակել ու թափվել նրա մազերը։ Դեմքը թոռշոմում ու կնճռոտվում էր խորոված կարտոֆիլի պես։
Հանկարծ վերջին ուժերը դուրս պոռթկեցին։ Խղճուկ ծերունին սկսեց ամբողջապես ցնցնվել, բռունցքները սեղմած վեր թռավ, ատելությամբ ինձ նայեց, թքեց և թափեց բոլոր ատամները, որոնք թխկոցով թափվեցին հատակին։
Նա նայեց թափված ատամներին, հետո ինձ, բայց ոչ թե ատելությամբ, այլ հեզ խոնարյությամբ։
― Այս ի՜նչ արեցիր, ― ասաց նա ու ժպտաց փոս ընկած բերանով։ Իհ շտերբե։ Հետո պառկեց բազմոցին ու մահացավ։
― Իհարկե, ես նրան մի քիչ խղճացի։ Չէ որ մենք հանդիպել էինք անցայլ կյանքում և նույնիսկ միասին խմել։ Բայց ես գիտեի, որ Էլիքսիրը գարշելի բան է, և պետք է այն ոչնչացնել ստեղծողի հետ միասին։ Եթե մարդիկ հավասար չեն կյանքում, նրանք գոնե պետք է հավասար լինեն մահում։ Բայց ես ոչ փիլիսոփայելու, ոչ էլ տխրելու ժամանակ ունեի, որովհետև ստորերկրյա քաղաքում հնչում էին կրակոցներ։
Ես վերցրի անկյունում դրված երկաթի կտորը և սկսբից խփեցի այն անոթին, որում եփում էր կյանքը, հետո մյուսին՝ որտեղ մահն էր։ Ապակին շաղ եկավ հատակին, հեղուկը թափվեց, և երկու լճակ կազմեց։ Լճակները հոսում էին և ձգտում էին միանալ։ Երկուսն էլ թափանցիկ էին և իրարից չէին տարբերվում։ Բայց մեկում կյանքն էր, մյուսում՝ մահը։ Նրանց միանալուց մի վայրկյան առաջ, ես հասկացա, որ հիմա մի սարսափելի բան տեղի կունենա և նետվեցի դեպի դուռը։ Լճակները միանալով դարձան պայթուցիկ նյութ, որը միանգամից բռնկվեց անտանելի սպիտակ կրակի սյունով, խփեց առաստաղին և վառեց այն թղթի նման։ Կրակի մեջ ինչ֊որ շղթայական ռեակցիա տեղի ունեցավ։ Սյունը դարձավ մրրիկ, որը շարժվելով սենյակով վառում էր ամեն ինչ։ Ես տեսա, թե ինչպես վեր բարձրացավ սևացած պարկետը, վառվեցին գրասեղանի անկյունը, վարագույրները և սկսեցին հալվել ապակիները։ Խանձված թարթիչներով և ունքերով ես դուրս թռա սենյակից։
Ստորերկրյա փողոցում խուճապ էր տիրում։ Փողոցով վազում էին զենքով և առանց զենք մարդիկ։ Մեծ արագությամբ սլացավ ծանր զրահամեքենան, այս ու այն կողմ կրակելով։ Այն զրահամեքենան, որով ես եկել էի, դեռ կանգնած էր մայթի մոտ, գոլորշու քուլաներ արձակելով։ Ես արագ թռա մեքենայի մեջ և հրամայական տոնով ասացի փոխգնդապետին․
― Գնացինք։
Նա չէր պատասխանում։ Ես նայեցի նրան և նկատեցի, որ նրա քունքից արյուն է հոսում։
Մեծ դժվարությամբ պոկեցի նրան ղեկից և դուրս գցեցի մեքենայից։ Հետո, մի կերպ գլուխ հանելով պեդալների ու լծակների մեջ, ես շրջեցի մեքենան և շարժվեցի ստորգետնյա քաղաքից դուրս։