Changes

Բասքըրվիլների շունը

Ավելացվել է 72 963 բայտ, 19:21, 23 Ապրիլի 2014
/* Գլուխ VI Բասկերվիլ֊հոլլ */
Բայց պարզվեց, որ դա վերջինը չէ։ Չնայած հոգնածությանս, այնուամենայնիվ չկարողացա քնել և, կողքից կողք շուռ գալով, իզուր ջանում էի քնել։ Ինչ֊որ տեղ հեռվում ժամացույցը զարկում էր յուրաքանչյուր տասնհինգ րոպեն մեկ, և այլևս ոչինչ չէր խախտում տանը թագավորող մեռյալ լռությունը։ Եվ հանկարծ խոր կեսգիշերին լսողությանս հասավ պարզորոշ մի ձայն, որի բնույթին կասկածել չէր կարելի։ Դա հեկեկանք էր, խլացած, ջղաձիգ հեծկլտոցները մի կնոջ, որի սիրտը վշտից կտոր֊կտոր էր լինում։ Ես մի փոքր բարձրացա մահճակալից և սկսեցի լարված լսել։ Լացը գալիս էր մոտիկից, տան ներսից։ Ես սպասեցի մի կես ժամ, ամբողջ էությամբ ուշադրություն դարձաց, բայց այլևս ոչինչ չլսեցի, բացի ժամացույցի զարկերից ու պատերին փաթաթված բաղեղի շրշյունից։
 
 
==Գլուխ VII Սթեփլտոնները Մերիփիթ֊հաուսից==
 
 
Առավոտի թարմ հրապույրը մեր հիշողությունից ջնջեց այն ճնշող տպավորությունը, որ մնացել էր երկուսիս մեջ Բասկերվիլ֊հոլլի հետ ծանոթությունից հետո։ Երբ սըր Հենրիի հետ նստեցինք նախաճաշելու, արևի պայծառ լույսը արդեն ներս էր հորդում գունավոր զինանշաններ ունեցող նեղ ապակիների միջից, հատակին երփներանգ բծեր նետելով։ Մուգ կաղնե շրջակարերը բրոնզի փայլ էին արձակում, և այժմ մեզ համար դժվար էր պատկերացնել, որ ընդամենը նախորդ երեկոյան այս սենյակը այնպիսի տրտմությամբ համակեց մեզ։
 
― Այստեղ տունը մեղք չունի, հավանաբար, մենք ինքներս ենք ամեն ինչում մեղավոր, ― ասաց բարոնետը։ ― Հոգնել էինք ճանապարհից, սառել, ահա և ամեն ինչ մռայլ լույսով էր երևում։ Իսկ գիշերվա ընթացքում հանգստացանք, մեզ հիանալի ենք զգում, և շուրջներս նույնպես ուրախ է։
 
― Սակայն չպետք է ամեն ինչ մեր տրամադրությանը վերագրել, ― պատասխանեցի ես։ ― Ասացեք, օրինակ, մի՞թե դուք գիշերը ինչ֊որ մեկի լացի ձայնը չլսեցիք, ըստ իս՝ կանացի լացի ձայն։
 
― Գիտեք, ես նույնպես ինչ֊որ նման բան զգացի նիրհի մեջ։ Երկար ականջ էի դնում, հետո որոշեցի, որ դա երազում էր։
 
― Ոչ, ես ամեն ինչ պարզ լսեցի և համոզված եմ, որ կին էր լաց լինում։
 
― Հարկավոր է իսկույն խոսել Բերիմոռի հետ։
 
Նա զանգով կանչեց ծառայապետին և դիմեց նրան բացատրության համար։ Ինձ թվաց, թե Բերիմոռի գունատ դեմքն ավելի գունատվեց, երբ լսեց տիրոջ հարցը։
 
― Տանը ընդամենը երկու կին կա, սըր Հենրի, ― պատասխանեց Բերիմոռը։ ― Մեկը աման լվացողն է, որը քնում է մյուս թևում, երկրորդը՝ իմ կինն է, բայց հավատացնում եմ ձեզ, որ նա լաց չի եղել։
 
Եվ այնուամենայնիվ նա մեզ ճիշտ չասաց, որովհետև նախաճաշից հետո, միջանցքում, պայծառ լույսի տակ ես դեմ առ դեմ հանդիպեցի միսիս Բերիմոռին։ Դա բարձրահասակ, իրեն շատ հանգիստ պահող մի կին էր՝ դեմքի խոշոր գծերով ու խիստ սեղմած շրթունքներով։ Սակայն կարմիր, ուռած կոպերով աչքերը մատնեցին նրան։ Ուրեմն, հենց նա էլ գիշերը լաց էր եղել, իսկ եթե այդպես է, ամուսինը չէր կարող այդ մասին չիմանալ։ Եվ այնուամենայնիվ չվախեցավ, որ իրեն կարող էին մերկացնել ատի մեջ։ Ինչո՞ւ։ Եվ ինչո՞ւ էր կինը այդպես դառնորեն հեկեկում։
 
Ինչ֊որ խորհրդավոր ու մռայլ բան էր զգացվում այդ գունատ, բարետես, սևամորուք մարդու մեջ։ Նա առաջինն է հայտնաբերել սըր Չարլզի դիակը և ծերունի Բասկերվիլի մահվան հանգամանքները մեզ հայտնի էին միայն նրա խոսքերից։ Մի՞թե մենք Բերիմոռին էինք տեսել կառքի մեջ Ռիջենթ֊ստրիտում։ Համենայն դեպս, մորուքը ճիշտ այդպիսին էր։ Կառապանը խոսում էր միջահասակ մարդու մասին, բայց այդ տպավորությունը կարող էր սխալ լինել։ Ինչպե՞ս իմանալ ճշմարտությունը։ Ամենից առաջ պետք է, իհարկե, տեսնել Գրիմպենի փոստային գրասենյակի պետին ու իմանալ, թե արդյոք մեր հեռագիրը հանձնվե՞լ է Բերիմոռին անձամբ։ Ամեն դեպքում ես գոնե մի բան կունենամ հաղորդելու Շերլոկ Հոլմսին։
 
Սըր Հենրին նախաճաշից հետո զբաղվեց իր գործարար թղթերով, և ես լիովին կարող էի տնօրինել ժամանակս։ Չորս մղոն անցնելով ճահիճների երկայնքով ձգվող բարեկարգ ճամփով, ես դուրս եկա փոքրիկ, խղճուկ գյուղակի մոտ, որտեղ ամենից առաջ աչքի էին ընկնում մյուսներից ավելի հաստատուն երկու շինություն՝ հյուրանոցն ու դոկտոր Մորտիմերի տունը։ Փոստային գրասենյակի պետը, որ նաև տեղի խանութպանն էր, հիշեց մեր հեռագիրը։
 
― Իհարկե, սըր, ― ասաց նա, ― ես այն հասցրի միստր Բերիմոռին, ինչպես և պատվիրված էր։
 
― Իսկ ո՞վ տարավ։
 
― Տղաս։ Ջեյմս, դու հո հեռագիրը հասցրի՞ր Բասկերվիլ֊հոլլ, միստր Բերիմոռին։
 
― Այո, հայրիկ։
 
― Եվ հանձնեցիր անձամբ իրե՞ն, ― հարցրի ես։
 
― Ոչ, միստր Բերիմոռը ձեղնահարկում էր, և ես հեռագիրը տվեցի նրա կնոջը, իսկ նա խոստացավ իսկույն հանձնել նրան։
 
― Իսկ իրեն՝ միստր Բերիմոռին տեսա՞ր։
 
― Չէ, սըր, ախր ասում եմ, որ նա ձեղնահարկում էր։
 
― Ի՞նչ գիտես որտեղ էր, եթե ինքդ չես տեսել։
 
― Դե կինը պետք է որ իմանար, թե որտեղ է նա, գրգռված ասաց փոստապետը։ ― Չէ՞ որ հեռագիրը հանձնված է։ Իսկ եթե որևէ սխալ է տեղի ունեցել, թող միստր Բերիմոռն ինքը բողոքի։
 
Հարցումները շարունակել անիմաստ էր, բայց ինձ համար պարզվեց, որ Հոլմսի խորամանկ հնարքը ոչ մի բանի չհասցրեց, և մենք այդպես էլ չենք իմանա՝ Բերիմոռը մեկնե՞լ է Լոնդոն, թե ոչ։ Ասենք թե մեկնել է։ Ասենք թե վերջինն է սըր Չարլզին կենդանի տեսել, առաջինն է հետևել ժառանգորդին, հենց որ նա վերադարձել է Անգլիա։ Սրանից ի՞նչ է հետևում․ արդյոք Բերիմոռը գործում է ինչ֊որ մեկի դրդմա՞մբ, թե անձնական նենգ պլաններ ունի։ Ի՞նչ իմաստ ունի Բասկերվիլներին հետապնդելը։ Հիշեցի լրագրերից կտրտված բառերով կազմված տարօրինակ նախազգուշացումը։ Մի՞թե դա Բերիմոռի գործն է։ Իսկ գուցե դա ուղարկված է մեկ ուրիշի կողմից, որը ցանկանում է խանգարել նրան։ Այս ամենի միակ ճշմարտանման բացատրությունը տվեց սըր Հենրին, ասելով, որ եթե հաջողվի Բասկերվիլներին հեռու պահել տոհմական կալվածքից, ապա Բերիմոռ ամուսիններն իրենց անհոգ գոյությունը կպահպանեն մինչև կյանքների վերջը։ Բայց մի՞թե դա ինչ֊որ չափով արդարացնում է այն խոր ու նուրբ դավադրությունը, որն անտանելի ցանցով պարուրում է երիտասարդ բարոնետին։ Հոլմսն ինքը խոստովանեց, որ իր բոլոր սենսացիոն հետաքննությունների մեջ այս գործը ամենախճողվածն է ու բարդը։
 
Վերադառնալով ամայի, կիսամութ ճամփով, ես աղոթում էի աստծուն, որ բարեկամս որքան կարելի է շուտ ազատվի և, այստեղ գալով, ինձնից վերցնի այս ծանր պարտականությունը։
 
Իմ մտածմունքները հանկարծ ընդհատվեցին ետևից եկող արագ քայլերի ձայնից։ Ինչ֊որ մեկը կանչեց ինձ անունով։ Ես շրջվեցի՝ սպասելով տեսնել դոկտոր Մորտիմերին, բայց, ի զարմանս իմ, ետևիցս շտապում էր մի ոչ բարձրահասակ, նիհարավուն, շիկահեր մարդ՝ մոտ երեսսունհինգ֊քառասուն տարեկան, մաքուր սափրված, փոքր֊ինչ թթված դեմքով և նեղ ու երկարավուն կզակով։ Նա հագել էր գորշ կոստյում, գլխին ուներ ծղոտե գլխարկ։ Ուսից կախված էր բուսաբանական թիթեղյա մի արկղիկ, իսկ ձեռքին ուներ կոթավոր կանաչ ցանց՝ թիթեռ բռնելու համար։
 
― Ներեցեք համարձակությանս, դոկտոր Ուոթսն, ― դեռևս շունչը ետ չբերած՝ խոսեց անծանոթը։ ― Մենք այստեղ անմիջական ժողովուրդ ենք ու չենք սպասում պաշտոնական ծանոթության։ Դուք, գուցե, լսել եք իմ մասին մեր ընդհանուր բարեկամ դոկտոր Մորտիմերից։ Ես Սթեփլտոնն եմ Մերիփիթ֊հաուսից։
 
― Ձեզ դժվար չէ ճանաչել արկղիկից ու ցանցից, ― ասացի ես, քանի որ ինձ հայտնի էր, որ միստր Սթեփլտոնը բնսխույզ է։ ― Բայց դուք ինչպե՞ս գլխի ընկաք, թե ես ով եմ։
 
― Ես նստած էի Մորտիմերի մոտ և նա իր ընդունարանի պատուհանից ցույց տվեց ձեզ, երբ դուք անցաք մեր մոտից։ Մենք նույն կողմն ենք գնում, և ես որոշեցի հասնել ձեզ ու անձամբ ներկայանալ։ Հուսով եմ, որ սըր Հենրին այնքան էլ չի հոգնել երկար ճամբորդությունից հետո։
 
― Ոչ, շնորհակալ եմ, նա իրեն լավ է զգում։
 
― Մենք բոլորս վախենում էինք, որ սըր Չարլզի ցավալի մահից հետո նոր բարոնետը չի ցանկանա ապրել այստեղ։ Դժվար է ունևոր մարդուց պահանջել, որ նա իրեն ողջ֊ողջ թաղի այսպիսի խուլ վայրում, բայց ինքներդ էլ հասկանում եք, թե որքան կարևոր է նրա ներկայությունը մեր ամբողջ շրջանի համար։ Ես կարծում եմ, որ այդ պատմությունը սըր Հենրիին սնահավատ վախ չի՞ ներշնչել։
 
― Ոչ, չեմ կարծում։
 
― Դուք, իհարկե, գիտեք ավանդությունը հրեշավոր շան մասին, որն իբր թե հետապնդում է Բասկերվիլների տոհմին։
 
― Այո, գիտեմ։
 
― Ի՜նչ աստիճանի սնահավատ ժողովուրդ են այստեղի ֆերմերները։ Պարզապես ապշեցուցիչ է։ Ախր նրանք բոլորը համարյա պատրաստ են երդվել, որ ճահիճներում տեսել են այդ հրեշին։ Սթեփլտոնը խոսում էր ժպտալով, բայց ես նրա աչքերում կարդացի, որ նա շատ ավելի լուրջ է վերաբերվում իր խոսքերին։ ― Ավանդությունն ամբողջովին տիրել էր սըր Չարլզի երևակայությանը, և հենց դա էլ հասցրեց ողբերգական վախճանի։
 
― Ի՞նչ կերպ։
 
― Երբ մարդու նյարդերն այդպես լարված են, ամեն մի շան հայտնվելը կարող է կործանարար ազդեցություն ունենալ նրա հիվանդ սրտի վրա։ Ինձ թվում է, որ այդ երեկո սըր Չարլզը իսկապես նման մի բան էր տեսել կարմրածառերի ծառուղում։ Ես շատ էի սիրում ծերունուն և, իմանալով նրա հիվանդության մասին, սպասում էի որևէ դժբախտության։
 
― Որտեղի՞ց գիտեիք, որ նրա սիրտը հիվանդ է։
 
― Իմ բարեկամ Մորտիմերից։
 
― Հետևաբար, կարծում եք, որ սըր Չարլզի վրա հարձակվել է ինչ֊որ շուն, և նա մեռել է վախի՞ց։
 
― Գուցե դուք ավելի ստո՞ւյգ տեղեկություններ ունեք։
 
― Ոչ, ես դեռ որոշակի եզրակացության չեմ հանգել։
 
― Իսկ միստր Շերլոկ Հո՞լմսը։
 
Մի պահ շունչս բռնվեց այդ խոսքերից, բայց խոսակցիս հանգիստ դեմքն ու անդրդվելի հայացքն ասում էին, որ նա չէր էլ մտածում իր հարցով ինձ հանկարծակիի բերել։
 
― Դոկտոր Ուոթսն, ինչո՞ւ ձևացնենք, թե իբր մենք ձեզ չենք ճանաչում, ― ասաց նա։ ― Հռչակավոր խուզարկուի մասին լուրերը մեր կողմերն էլ են հասել, իսկ մի՞թե դուք կարող եք փառաբանել նրան, ինքներդ մնալով ստվերում։ Մորտիմերը չժխտեց, որ դուք հենց այն դոկտոր Ուոթսնն եք։ Իսկ եթե դուք հայտնվել եք այստեղ, նշանակում է միստր Շերլոկ Հոլմսը հետաքրքրվել է այս գործով, և ինձ համար, իհարկե, ցանկալի է իմանալ նրա տեսակետը։
 
― Ավա՜ղ, ես ձեր հարցին չեմ կարող պատասխանել։
 
― Այդ դեպքում թույլ տվեք հարցնել․ արդյոք նա պատիվ չի՞ անի մեզ իր այցելությամբ։
 
― Հիմա նա չի կարող հեռանալ Լոնդոնից․ ուրիշ գործեր ունի։
 
― Ի՜նչ ցավալի է։ Նա կարող էր լույս սփռել այն բանի վրա, ինչը բոլորի համար մթությամբ է պարուրված։ Բայց դուք էլ հետաքննություն եք վարում, դոկտոր Ուոթսն, և եթե ես ի վիճակի եմ ինչ֊որ բանով աջակցել ձեզ, տնօրինեցեք ինչպես կամենաք։ Ինձ համար բավական կլիներ ձեր միայն մի ակնարկը, թե ում եք կասկածում, ինչպես եք մտադիր սկսել գործը, ու, թերևս, հենց հիմա ես արդեն կարող էի օգնել ձեզ խորհրդով կամ տեղեկությամբ։
 
― Հավատացնում եմ, ես պարզապես հյուր եմ եկել բարեկամիս՝ սըր Հենրիին, և ոչ մի օգնություն հարկավոր չէ ինձ։
 
― Հրաշալի՜ է, ― բացականչեց Սթեփլտոնը։ ― Դուք շատ ճիշտ եք վարվում․ ամենից առաջ զգուշություն։ Ես լիովին արժանի էի այդպիսի շշպռանքի իմ աներեսության համար և խոստանում եմ այլևս այդ հարցը չշոշափել։
 
Մենք մոտեցանք այն տեղին, ուր ճանապարհից աջ սկսվում էր նեղ ժապավենով ճահիճներում ոլորվող խոտածածկ արահետը։ Ձախից բարձրանում էր թեք, գլաքարերով պատած բլուրը, որտեղ հին ժամանակներում գրանիտ էին մշակում։ Այդ բլրի մեզ դարձած կողմը մի ուղղաձիգ զառիթափ էր՝ ծածկված խիտ հավամրգով ու մոշով։ Հեռվում, հորիզոնի վրա, բարձրանում էին գորշ ծխի քուլաները։
 
Այս արահետով Մերիփիթ֊հաուսը այնքան էլ հեռու չէ, ― ասաց Սթեփլտոնը։ ― Մի ժամ ժամանակ զոհաբերեք և ես հաճույքով ձեզ կներկայացնեմ քրոջս։
 
Մի պահ մտածեցի, որ ես պետք է սըր Հենրիի մոտ լինեմ, բայց հետո հիշեցի նրա սեղանին կիտված հաշիվներն ու թղթերը։ Այդտեղ ես նրան ոչնչով չէի կարող օգնել։ Իսկ Հոլմսը խնդրեց ծանոթանալ Բասկերվիլլ֊հոլլի հարևանությամբ ապրող մարդկանց հետ։ Ես ընդունեցի Սթեփլտոնի հրավերը, և մենք թեքվեցինք աջ։
 
― Հիանալի տեղեր են, ― ասաց նա՝ նայելով կանաչ բլուրների ալիքաձև գծին, բլուրներ, որոնց վրա լեռնակոհակների պես վեր էին խոյանում գրանիտե թմբերի ֆանտաստիկ շարքերը։ ― Այս ճահիճները երբեք ձեզ չեն ձանձրացնի։ Իսկ որքա՜ն գաղտնիքներ են թաքցնում՝ անսահման, ամայի, հանելուկային։
 
― Դուք լա՞վ գիտեք այս ճահիճները։
 
― Ախր ես ընդամենը երկրորդ տարին եմ այստեղ։ Տեղացի հնաբնակները, թերևս, ինձ նորեկ անվանեն։ Մենք տեղափոխվեցինք այստեղ սըր Չարլզի գալուց անմիջապես հետո, բայց ես, իմ կոչման համաձայն, արդեն հետազոտել եմ ամեն մի անկյուն։ Համարձակվում եմ ասել, որ այժմ քիչ կան այնպիսի մարդիկ, որ ինձանից լավ իմանան տորֆային ճահիճները։
 
― Իսկ մի՞թե դա այդքան դժվար գործ է։
 
― Շատ դժվար։ Ահա, օրինակ, նայեցեք այն հարթավայրին՝ տեղ֊տեղ վեր բարձրացող քմահաճ բլուրներով։ Ձեր կարծիքով, ինչո՞վ է դա նշանավոր։
 
― Նրա վրայով հարմար է քառատրոփ արշավել։
 
― Ձեր փոխարեն ամեն մեկն էլ այդպես կասեր, մինչդեռ այդ սխալը շատերի մահվան պատճառ է հանդիսացել։ Տեսնո՞ւմ եք, թե որքան վառ կանաչ բացատներ կան այնտեղ։
 
― Այո, հավանաբար, դրանք այն տեղերն են, որտեղ հողն ավելի լավ է։
 
Սթեփլտոնը ծիծաղեց։
 
― Ձեր արջևում հսկայական Գրիմպենյան ճահճուտն է, ― ասաց նա։ ― Բավական է մարդ կամ կենդանի ընկնի այդ ճահճուտը՝ մի անզգույշ քայլ, և ամեն ինչ վերջացած է։ Ես հենց երեկ տեսա, թե ինչպես մեկի պոնին ընկել էր այնտեղ, և, իհարկե, զոհվեց։ Նրա գլուխը երկար ժամանակ բարձրանում էր ճահճուտի վրա, նա անդադար ձգում էր պարանոցը՝ ջանալով դուրս պրծնել, բայց վերջ ի վերջո ճահիճը խեղճին ներս քաշեց։ Այնտեղ նույնիսկ երաշտի ժամանակ վտանգավոր է գնալ, իսկ աշնանային անձրևներից հետո դա լրիվ կործարանար տեղ է։ Եվ այնուամենայնիվ, ես շատ անգամներ եմ հասել Գրիմպենյան ճահճուտի հենց կենտրոն ու անվնաս վերադարձել։ Նայեցեք, ևս մի դժբախտ պոնի։
 
Կանաչ ճահճուտում թավալվում ու զարկվում էր ինչ֊որ մութ բան։ Հետո մացառների վրա ուրվագծվեց տանջալիորեն ձգված մի պարանոց, և ահավոր խրխինջը տարածվեց ճահիճներում։ Սարսափից քարացա, բայց իմ ուղեկիցը, ըստ երևույթին, ավելի ամուր նյարդեր ուներ։
 
― Վերջացավ, ― ասաց նա։ ― Ներծծեց։ Երկրորդը երկու օրում միայն իմ աչքի առջև։ Իսկ էլի քանիսն են զոհվել։ Նրանք ինչպես որ հայտնվում են այնտեղ երաշտի ժամանակ, այդպես էլ մնում են մինչև աշուն։ Եվ հաճախ ոչնչանում են։ Այո, Գրիմպեսյան ճահճուտը սարսափելի տեղ է։
 
― Եվ դուք այնուամենայնիվ հասնո՞ւմ եք այնտեղ։
 
― Այո, այնտեղ երկու֊երեք արահետ կա, որոնցով ճարպիկ մարդը կարող է անցնել։ Ես գտել եմ դրանք։
 
― Բայց ինչո՞ւ եք այդպիսի վտանգավոր տեղ գնում։
 
― Այ, տեսնում եք հեռվում ահա այն բլուրները։ Դրանք իսկական կղզյակներ են անանց ճահճուտում, որը քիչ֊քիչ շրջապատել է նրանց բոլոր կողմերից։ Կարողանաք հասնել այնտեղ, և ինչպիսի՜ հազվագյուտ բույսեր, ի՜նչ թիթեռներ կգտնեք։
 
― Դե ինչ, երբևէ կփորձեմ։
 
Սթոփլտոնը զարմանքով նայեց ինձ։
 
― Ի սեր աստծո, հանեք ձեր գլխից այդ միտքը, ― ասաց նա։ ― Ձեր մահը կծանրանա իմ խղճի վրա։ Ետ վերադառնալ չեք կարող, հավատացեք ինձ։ Ես ինքս էլ համարձակվում եմ այնտեղ գնալ, որովհետև նշանների բարդ սիստեմ ունեմ։
 
― Սպասեցե՛ք, ― բացականչեցի ես։ ― Այդ ի՞նչ է։
 
Ոչ բարձր, երկարաձիգ ու անասելի թախծոտ մի ոռնոց տարածվեց ճահիճների վրա։ Օդը լցվեց դրանով, բայց որտեղից էր գալիս՝ անհնար էր որոշել։ Սկսվելով իբրև անլսելի տնքոց, այդ ձայնը հետզհետե փոխվում էր խուլ ոռնոցի ու նորից ցածրանում մինչև սրտաճմլիկ հեծեծանքը։ Սթեփլտոնը մի տեսակ տարօրինակ նայեց ինձ։
 
― Խորհրդավոր տեղեր են, այս ճահիճները, ― ասաց նա։
 
― Այդ ի՞նչ էր։
 
― Ֆերմերներն ասում են, որ Բասկերվիլների շունն է այդպես ոռնում, երբ փնտրում է իր զոհին։ Ես առաջ էլ էի լսել այդ ոռնոցը, բայց այսօր մի տեսակ շատ բարձր էր։
 
Վախից սառելով՝ ես նայեցի ընդարձակ, դեպի հորիզոն ձգվող հարթավայրը, որ ծածկված էր կանաչ ճիմերով։ Ո՛չ խշշոց, ո՛չ կյանքի ամենաչնչին նշան, միայն երկու ագռավ բարձր կռավում էին՝ նստած մեր ետևի քարե սյունին։
 
― Դուք հո կրթված մարդ եք, ձեզ չի կարելի խաբել այդպիսի անհեթեթություններով, ― ասացի ես։ ― Ինչպե՞ս եք բացատրում այդ ոռնոցը։
 
― Ճահճուտը երբեմն խիստ տարօրինակ ձայներ է արձակում։ Ո՛չ այն է տիղմն է նստում, ո՛չ այն է ջուրն է բարձրանում վերև, ո՛չ այն է էլի ինչ֊որ բան, ո՞վ է հասկանում։
 
― Ո՛չ, ո՛չ։ Դա կենդանի արարածի ձայն էր։
 
― Գուցե։ Դուք երբևէ լսե՞լ եք, թե ինչպես է ճչում ջրցուլը։
 
― Ոչ, չի պատահել։
 
― Այժմ Անգլիայում այդ թռչունը խիստ հազվադեպ է պատահում, ըստ էության համարյա վերացել է, բայց այսպիսի ճահճուտներում ամեն ինչ հնարավոր է։ Ես բնավ չէի զարմանա, եթե պարզվեր, որ մենք լսեցինք այդ տեսակի վերջին ներկյացուցիչներից մեկի ձայնը։
 
― Կյանքումս ավելի տարօրինակ ու ահավոր ձայն չեմ լսել։
 
― Ինչ ասել կուզի, խորհրդավոր վայրեր են։ Նայեցեք այն բլրին։ Ձեր կարծիքով այդ ի՞նչ է։
 
Թեք լանջը ծածկված էր կարծես գորշ քարերի օղակներով։ Ես հաշվեցի մոտ քսան հատ։
 
― Ի՞նչ են դրանք։ Փարախնե՞ր։
 
― Ո՛չ, դրանք մեր հարգելի նախապապերի կացարաններն են։ Նախապատմական մարդը խիտ բնակեցրել է տորֆային ճահիճները, և քանի որ նրանցից հետո այստեղ ոչ ոք չի ապրել, ապա այս աղջ տնային հարմարությունը մնացել է անվնաս ու անձեռնմխելի։ Միայն տանիքներն են հանված։ Ցանկության դեպքում կարելի է գալ այստեղ և տեսնել օջախն ու մահիճը։
 
― Ախր, դա ամբողջ մի քաղաք է։ Իսկ ե՞րբ է այն բնակելի եղել։
 
― Նեոլիթյան մարդու<ref>Նեոլիթայն մարդ ― վաղ քարե դարի մարդը, որի կուլտուրան բնութագրվում է հղկված քարե արտադրանքներով։</ref> օրոք, ճշգրիտ ժամանակաշրջանը չի որոշված։
 
― Իսկ ինչո՞վ է զբաղվում այդ մարդը։
 
― Հոտեր էր արածացնում, հենց այստեղ, լանջերին, իսկ երբ քարե կացինն սկսեց իր տեղը զիջել բրոնզե լախտին, սովորեց անագ մշակել։ Տեսնո՞ւմ եք ահա այն խանդակը հանդիպակաց բլրի վրա։ Այդ նրա աշխատանքի հետքերն են։ Այո, դոկտոր Ուոթսն, դուք շատ հետաքրքիր բաներ կգտնեք մեր ճահիճներում։ Ա՛խ, ներեցեք, խնդրեմ։ Սա, հավանորեն, Cyclopides է։
 
Մեր մոտով թռավ֊անցավ մի փոքրիկ թիթեռնիկ, և Ստեփլտոնը ապշեցուցիչ արագությամբ ու ճարպկությամբ նետվեց նրա ետևից։ Ես սարսափով նկատեցի, որ թիթեռնիկը սլացավ ուղիղ դեպի ճահճուտը, բայց իմ նոր ծանոթը, ասես ոչինչ չէր պատահել, ցատկում էր մի թմբից մյուսն ու թափահարում էր կանաչ ցանցորսիկը։ Գորշ կոստյումն ու պոռթկուն շարժումները նրան ինչ֊որ վիթխարի թիթեռի տեսք էին տալիս։ Ես կանգնել ու նայում էի նրան հիացմունքի ու վախի խառը զգացումով․ ինձ շարունակ թվում էր, որ ահա նա ուր որ է կսայթաքի ու կթաղվի դավաճան ճահճուտը։ Հանկարծ իմ ետևում լսվեցին ինչ֊որ մեկի քայլերը։ Ես շրջվեցի ու համարյա կողքիս տեսա մի կնոջ։ Նա հայտնվեց այն կողմից, ուր ծուխ էր երևում, ցույց տալով Մերիփիթ֊հաուսի մոտիկությունը։ Բայց ավելի շուտ նրան նկատել չէի կարող, քանզի արահետը, որով նա գալիս էր, իջնում էր ներքև։
 
Ես կասկած չունեի, որ դա միսս Սթեփլտոնն է, քանի որ դժվար թե այս կողմերում ուրիշ կանայք պատահեին։ Բացի դրանից, նրա մասին ինձ ասել էին որպես գեղեցկուհու, իսկ արահետով եկող կինը իսկապես ապշեցնում էր իր անսովոր գեղեցկությամբ։ Քրոջ ու եղբոր միջև ավելի մեծ տարբերություն դժվար էր պատկերացնել։ Եղբայրը մոխրագույն աչքերով դժգույն շիկահեր էր, քույրը՝ նրբագեղ, բարեկազմ, բարձրահասկ մի թխահեր։ Այդպիսի կրակոտ թխահեր կանանց Անգլիայում չէի պատահել։ Նրա նուրբ, հպարտ դիմագծերը այնքան կանոնավոր էին, որ դեմքը կարող էր անկենդան թվալ, եթե չլինեին արտահայտիչ բերանն ու հրաշալի տամուկ աչքերի սուր հայացքը։ Իդեալական կազմվածքը, շքեղ հագուստը՝ որքա՜ն տարօրինակ էր այդպիսի էակին տեսնել տորֆային ճահիճների մեջ ոլորվող ամայի արահետի վրա։ Երբ ես շրջվեցի, այդ կնոջ հայցացքն ուղղված էր Ստեփլտոնի վրա, բայց նա իսկույն արագացրեց քայլերն ու մոտեցավ ինձ։ Ես բարձրացրի գլխարկս, արդեն պատրաստվելով բացատրել իմ ներկայությունն այստեղ, երբ հանկարծ նրա խոսքերն իմ միտքը ուղղեցին բոլորովին ուրիշ կողմ։
 
― Հեռացե՛ք այստեղից, ― ասաց նա, ― անմիջապես մեկնեք Լոնդոն։
 
Ի պատասխան ես միայն շշմած հայացքս հառեցի նրան։ Նա փայլեցրեց աչքերն ու անհամբերությամբ ոտքով դոփեց։
 
― Ինչո՞ւ մեկնեմ, ― հարցրի ես։
 
― Բացատրություն մի պահանջեք։ ― Նա խոսում էր կամաց, արագ ու փոքր֊ինչ ղատասում էր։ ― Աստծո սիրույն, լսեցեք ինձ։ Մեկնեցե՛ք, և որպեսզի այլևս ձեր ոտքն այստեղ չդիպչի։
 
― Բայց ես նոր եմ միայն եկել։
 
― Աստվա՜ իմ, ― բացականչեց նա, ― մի՞թե չեք հասկանում, որ ես ձեր բարին եմ ցանկանում։ Մեկնեցեք Լոնդոն։ Այսօր ևեթ։ Ձեզ այստեղ մնալ չի կարելի։ Ս՜֊ս։ Եղբայրս գալիս է։ Ոչ մի խոսք չասեք նրան․․․ Բարի եղեք, պոկեք ինձ համար ահա այն խոլորձը։ Այստեղ մեզ մոտ շատ խոլորձ կա, բայց դուք մի փոքր ուշացել եք, աշնան դեմ նրանք սկսում են թառամել, և այստեղի բնությունը կորցնում է իր գեղեցկությունը։
 
Սթեփլտոնը թողեց թիթեռնիկի հետապնդումը և մոտեցավ մեզ՝ ամբողջովին կարմրատակած ու շնչակտուր։
 
― Ա՜խ, այդ դո՞ւ ես, Բերիլ, ― ասաց նա, և ես այդ ողջյունի մեջ մի առանձին ջերմություն զգացի։
 
― Այդ ինչպե՜ս ես տաքացել, Ջեկ։
 
― Այո, ես ընկա մի հրաշալի Cyclopides֊ի ետևից։ Ուշ աշնանն այստեղ դրանց հաճախ չես պատահի։ Բայց ափսոս, չկարողացա բռնել։
 
Նա խոսում էր հանգիստ֊անփույթ տոնով, միաժամանակ իր մոխրագույն մանրիկ աչքերը քրոջից դարձնում ինձ վրա։
 
― Դուք, կարծես, արդեն ծանոթացե՞լ եք։
 
― Այո, ես սըր Հենրիին ասում էի, որ հիմա արդեն ուշ է մեր ճահիճների գեղեցկությամբ հիանալ՝ խոլորձները թոշնում են։
 
― Ի՞նչ։ Ինչ ես կարծում, ո՞վ է կանգնած քո առջև։
 
― Սըր Հենրի Բասկերվիլը։
 
― Ո՛չ, ո՛չ, ― ասացի ես, ― ուրիշի տիտղոսով ինձ մի մեծարեք։ Ես ընդամենը սըր Հենրիի բարեկամն եմ, դոկտոր Ուոթսնը։
 
Սրտնեղության կարմիրը պատեց նրա արտահայտիչ դեմքը։
 
― Ուրեմն, մենք խոսում էինք առանց իրար հասկանալու, ― ասաց նա։
 
― Այո, այնքան էլ շատ ժամանակ չունեիք խոսելու, ― նկատեց Սթեփլտոնը՝ շարունակելով քննախույզ նայել քրոջը։
 
― Ես դոկտոր Ուոթսնին մեր հարևանի տեղը դրեցի, ― ասաց կինը։ ― Իսկ նրա համար, երևի, բոլորովին միևնույն է՝ ծաղկում են հիմա խոլորձները, թե ոչ։ Բայց դուք, այդուհանդերձ, կանցնե՞ք մեզ մոտ՝ Մերիփիթ֊հաուս։
 
Մի քանի րոպեից մենք մոտեցանք մռայլ տեսքով մի ֆերմայի, որը, հավանաբար, հեռավոր ժամանակներում ծառայել էր որևէ ունևոր անասնապահի համար իբրև կացարան, իսկ հետո վերակառուցվել էր ավելի ժամանակակից ոճով։ Ֆերման շրջապատում էր փոքրիկ պարտեզը․ ծառերը այդտեղ, ինչպես և ճահիճներում, ցածրիկ էին, վտիտ։ Լքվածություն ու տխրություն էր համակում մարդու։ Դուռը բացող ծառան սազական էր տանը՝ ծեր, ամբողջովին կնճռապատ, դեղնած սերթուկով։ Սակայն սենյակները զարմացրին ինձ իրենց չափերով ու նրբագեղ կահավորությամբ․ վերջինս, երևի, պետք էր վերագրել տիրուհու ճաշակին։ Պատուհանից նայեցի անծայրածիր, գրանիտե գլաքարերով լցված ճահիճներին, որոնք ձգվում էին մինչև հեռվում հազիվ նշմարվող հորիզոնի գիծը, ու մտածեցի․ «Ի՞նչն է այս կրթված մարդուն ու նրա գեղեցկուհի քրոջը բերել այս խուլ վայրերը»։
 
― Բնակության համար տարօրինակ տեղ ենք ընտրել, այնպես չէ՞, ― ասաց Սթեփլտոնը՝ ասես պատասխանելով իմ մտքերին։ ― Բայց և այնպես, այստեղ մեզ համար լավ է, այնպես չէ՞, Բերիլ։
 
― Այո, շատ լավ է, ― պատասխանեց նա, բայց նրա խոսքերը մի տեսակ անհամոզիչ հնչեցին։
 
― Ես դպրոց ունեի հյուսիսային կոմսություններից մեկում, ― ասաց Սթեփլտոնը։ ― Իմ խառնվածքի մարդու համար այդպիսի աշխատանքը չորուցամաք է, անհետաքրքիր, բայց ինձ հրապուրում էր երիտասարդության հետ սերտ մոտիկությունը։ Ինչպչսի՜ երջանկություն է որևէ բան տալ նրանց քեզանից, քո գաղափարներից, տեսնել, թե աչքիդ առաջ ինչպես են ձևավորվում պատանի մտքերը։ Բայց ճակատագիրը շուռ եկավ մեր դեմ։ Դպրոցում համաճարակ բռնկվեց․ երեք տղա մահացան։ Մեզ այնպես էլ չհաջողվեց այդ հարվածից հետո գործը շտկել, իմ կապիտալի մեծ մասը անվերադարձ կորավ։ Բայց և այնպես, եթե բաժանված չլինեի իմ թանկագին երեխաներից, կուրախանայի այդ անհաջողությամբ, քանզի բուսաբանության ու կենդանաբանության նկատմամբ ինձ պես մոլություն ունեցող մարդն այստեղ աշխատանքի անսպառ աղբյուր ունի։ Հետո, քույրս էլ բնության պակաս սիրահար չէ։ Դոկտոր Ուոթսն, այս խոստովանության մեղավորը ինքներդ եք․ ո՞վ էր ձեզ ասում այդպիսի տխուր հայացք հառել մեր ճահիճներին։
 
― Այո, չեմ ժխտում, ինձ իսկապես թվում է, որ այստեղ ապրելը ձանձրալի է ոչ այնքան ձեզ, որքան ձեր քրոջ համար։
 
― Ոչ, ես չեմ ձանձրանում, ― արագ պատասխանեց քույրը։
 
― Մենք զբաղված ենք գիտական աշխատանքով, ունենք մեծ գրադարան ու շատ հետաքրքիր հարևաններ։ Դոկտոր Մորտիմերը իր բնագավառում շատ կարդացած մարդ է, դժբախտ սըր Չարլզը՝ նույնպես հիանալի զրուցակից։ Մենք նրա հետ շատ մտերիմ էինք, և ես նույնիսկ չեմ կարող ասել, թե այդ կորուստը որքան ծանր է մեզ համար։ Իսկ ի՞նչ կասեք, եթե ես այսօր այցելեմ սըր Հենրիին։ Դա նրան չի՞ խանգարի։
 
― Ես համոզված եմ, որ նա շատ ուրախ կլինի ծանոթանալ ձեզ հետ։
 
― Այդ դեպքում բարի եղեք նախազգուշացնել նրան։ Գուցե մեզ հաջողվի օգնել նրան սկզբնական շրջանում, քանի դեռ չի հարմարվել նոր տեղին․․․ Իսկ հիմա, դոկտոր Ուոթսն, եկեք վերև բարձրանանք, ես ձեզ ցույց կտամ իմ թեփաթևավորների հավաքածուն։ Համարձակվում եմ ասել, որ Անգլիայի այս մասում դուք ավելի ամբողջական հավաքածու չեք գտնի։ Իսկ երբ վերջացնենք, նախաճաշն էլ պատրաստ կլինի։
 
Բայց ես շտապում էի հովանավորյալիս՝ սըր Հենրիի մոտ։ Մռայլ ճահիճները, դժբախտ պոնիի վախճանը, հանելուկային ոռնոցը, որն ինչ֊որ կապի մեջ էր մտնում Բասկերվիլների տոհմում գոյություն ունեցող մռայլ ավանդության հետ․ այդ ամենը տխրությամբ էր համակել ինձ։ Իսկ այդ շատ թե քիչ անորոշ տպավորություններին ավելացան նաև միսս Սթեփլտոնի միանգամայն պարզորոշ խոսքերը, որոնք այնպիսի համոզիչ վստահությամբ ասվեցին, որ ես չէի կարող կասկածել դրանց լրջությանն ու խորությանը։ Ես հրաժարվեցի նախաճաշի համառ հրավերքներից և նույն արահետով ուղևորվեցի տուն։
 
Սակայն, բացի այդ արահետից, այստեղ, ըստ երևույթին, կար և մի ուրիշ, ավելի կարճ ուղի, քանզի դեռ ճամփա չէի ընկել, երբ իմ առջև տեսա միսս Սթեփլտոնին։ Այտերի վառվող կարմրությունը ավելի մեծ հմայք էր տալիս նրան։ Նա նստած էր ճամփեզրի քարին՝ ծանր շնչելով ու ձեռքը կրծքին սեղմած։
 
― Ես ուզում էի հասնել ձեզ, դոկտոր Ուոթսն, և ամբողջ ճանապարհը վազել եմ, ― խոսեց նա։ ― Չհասցրի նույնիսկ գլխարկս դնել։ Ես չեմ ուշանա, թե չէ եղբայրս կարող է նկատել իմ բացակայությունը։ Ուզում եմ միայն ներողություն խնդրել իմ հիմար սխալի համար․ չէ՞ որ ես ձեզ սըր Հենրիի տեղը դրեցի։ Խնդրում եմ մոռանաք այն ամենը, ինչ ասացի։ Դա ոչ մի կապ չունի ձեզ հետ։
 
― Ինչպե՞ս կարող եմ մոռանալ, միսս Սթեփլտոն։ Իմ բարեկամ սըր Հենրիի ճակատագիրը շատ է հետաքրքրում ինձ։ Ասացեք, ինչո՞ւ էիք այդպես պնդում, որ նա մեկնի Լոնդոն։
 
― Կանացի քմահաճույք, դոկտոր Ուոթսն։ Երբ մենք ավելի մոտիկից ծանոթանանք, դուք կհամոզվեք, որ ես միշտ չէ, որ կարող եմ բացատրել իմ խոսքերն ու արարքները։
 
― Ո՛չ, ո՛չ։ Ես հիշում եմ, թե ինչ հուզված ձայն ունեիք, հիշում եմ ձեր աչքերը։ Միսս Սթեփլտոն, անկեղծ եղեք ինձ հետ, խնդրում եմ։ Հենց որ ես հայտնվեցի այստեղ, իսկույն զգացի, որ շուրջս ինչ֊որ ուրվականներ են հավաքվում։ Կարծես քայլում ես Գրիմպենյան ճահճուտի վրայով․ ուր որ է կթաղվես այդ կանաչ մարգագետիններից մեկի մեջ, և ոչ ոք քեզ չի օգնի այնտեղից դուրս գալու։ Բացատրեցեք, թե ի՞նչ էիք ակնարկում, և ես ձեր նախազգուշացումը կհաղորդեմ սըր Հենրիին։
 
Անվճռականության ստվեր անցավ միսս Սթեփլտոնի դեմքի վրայով, բայց, մի վայրկայն էլ չանցած, նրա հայացքը նորից խստացավ, և նա պատասխանեց․
 
― Դուք իմ խոսքերին չափազանց մեծ նշանակություն եք տալիս, դոկտոր Ուոթսն։ Սըր Չարլզի մահը ցնցել է ինձ ու եղբորս։ Մենք հաճախ էինք հանդիպում հանգուցյալի հետ, որովհետև նրա սիրած զբոսանքը ահա այս արահետով էր, որը տանում է դեպի մեր տուն։ Բասկերվիլների տոհմի վրա ծանրացած անեծքի ավանդությունը տանջում էր սըր Չարլզին, և երբ աղետը պայթեց, ես հասկացա, որ նրա երկյուղները հիմնավոր էին։ Այժմ ինձ շատ է անհանգստացնում սըր Չարլզի ժառանգի գալուստը, և ես հարկ եմ համարում նախազգուշացնել այն վտանգի մասին, որ սպառնում է նրան։ Ահա և բոլորը, ուրիշ ոչինչ չեմ ուզում ասել։
 
― Բայց ձեր կարծիքով, ո՞րն է այդ վտանգը։
 
― Դուք գիտե՞ք շան ավանդությունը։
 
― Ես այդ անմտությանը չեմ հավատում։
 
― Իսկ ես հավատում եմ։ Եթե դուք թեկուզ որևէ ազդեցություն ունեք սըր Հենրիի վրա, տարեք նրան այստեղից։ Սա ճակատագրական վայր է Բասկերվիլների համար։ Աշխարհը մեծ է։ Ինչո՞ւ պետք է սըր Հենրին ապրի հենց այստեղ, ուր նրան վտանգ է սպառնում։
 
― Ահա հենց դրա համար էլ նա որոշել է ապրել այստեղ։ Այդպես է նրա բնավորությունը, և եթե դուք ավելի պարզ չարտահայտվեք, դժվար թե ինձ հաջողվի տանել նրան այստեղից։
 
― Ես ձեզ ավելի որոշակի տեղեկություններ տալ չեմ կարող, քանի որ այդպիսիք չունեմ։
 
― Այդ դեպքում, միսս Սթեփլտոն, թույլ տվեք ևս մեկ հարց տալ ձեզ։ Եթե դա այն ամենն է, ինչ պետք է ասեիք ինձ, ուրեմն, ինչո՞ւ էիք վախենում, որ հանկարծ ձեր եղբայրը կարող է լսել ձեզ։ Ըստ իս, այստեղ չկա մի այնպիսի բան, որ կարող էր դուր չգալ նրան կամ մեկ ուրիշին։
 
― Եղբայրս շատ է ուզում, որ Բասկերվիլ֊հոլլը չամայանա, դա կվնասի աղքատ մարդկանց, որոնք ապրում են այստեղ՝ ճահիճներում։ Նա սաստիկ կբարկանա ինձ վրա, եթե իմանա, որ ես որևէ կերպ ձգտում եմ ազդել սըր Հենրիի վրա։ Բայց ես կատարեցի իմ պարտքը և այլևս ոչ մի խոսք չեմ ասի։ Իսկ հիմա ես պետք է գնամ, թե չէ նա կնկատի իմ բացակայությունը և կկասկածի, որ խոսել եմ ձեզ հետ։ Մնաք բարով։
 
Նա շուռ եկավ ու շուտով անհետացավ գլաքարերի մեջ, իսկ ես, համակված ինչ֊որ անորոշ վախով, քայլերս ուղղեցի դեպի Բասկերվիլ֊հոլլ։
 
 
===Գլուխ VIII Դոկտոր Ուոթսնի առաջին հաշվետվությունը===
 
 
Սկսած այսօրվանից ես դեպքերի ընթացքը կշարադրեմ միստր Շերլոկ Հոլմսին ուղղված իմ նամակներով, որոնք այժմ դրված են առջևս, սեղանի վրա։ Դրանք պահպանվել են ամբողջությամբ, եթե չհաշվենք մի կորած թերթը, և իմ բոլոր մտքերն ու կասկածները կհաղորդեն ավելի ճշգրիտ, քան կարող էի անել ինքս՝ հույս դնելով միայն հիշողությանս վրա, չնայած այնտեղից դեռ չեն ջնջվել այն օրերի ողբերգական դեպքերը։
 
Բասկերվիլ֊հոլլ, 13 հոկտեմբերի
 
 
Թանկգին Հոլմս․
 
Իմ նախորդ նամակներից ու հեռագրերից դուք գիտեք այն ամենը, ինչ տեղի է ունեցել վերջին ժամանակներս աշխարհի այս ամենախուլ անկյունում։ Ինչքան երկար ես ապրում այստեղ, այնքան ավելի ու ավելի է հոգուդ մեջ ներծծվում այս ճահիճների, այս անծայրածիր տարածությունների վհատությունը, որոնք, սակայն, զուրկ չեն ինչ֊որ մռայլ հմայքից։ Հերիք է ոտք դնես այստեղ, և զգում ես, որ ժամանակակից Անգլիան մնաց ետևում, իսկ նրա փոխարեն տեսնում ես շուրջդ նախապատմական մարդու կացարանի ու աշխատանքի հետքերը միայն։ Այդ վաղուց անհետացած ցեղը հիշեցնում է իրեն ամենուրեք․ ահա նրա քարանձավները, ահա գերեզմանները, ահա վիթխարի քարաբեկորները, որոնք մնացել են այնտեղ, ուր, հավանաբար, եղել են նրա կռատները։ Դիտելով պարզ գործիքներով փորված բլրալանջերը, որտեղ մթին են տալիս այդ քարանձավները, մոռանում ես, թե որ դարում ես ապրում, և եթե հանկարծ դրանցից մեկի ցածրիկ կամարի տակ հայտնվեր գազանի մորթի հագած մազոտ մի արարած և աղեղի մեջ դներ կայծքարի սայրով նետը, կզգայիք, որ նրա ներկայությունն այդտեղ ավելի տեղին է, քան ձերը։ Ամենատարօրինակն այն է, որ այդ մարդիկ այսպես խիտ բնակեցրել են այս անբերի տեղերը։ Ես երկրաբան չեմ, բայց, ըստ իս, դա բոլորովին էլ ռազմատենչ ցեղ չի եղել, այլ ավելի շուտ ճնշված ցեղ, որը բավարարվել է նրանով, ինչից ուրիշները հրաժարվել են։
 
Սակայն այս ամենը ոչ մի կապ չունի իմ այստեղ գալու հետ և, հավանաբար, բոլորովին հետաքրքիր չէ այնպիսի հույժ պրակտիկ մարդուն, որպիսին դուք եք։ Ես մինչև հիմա չեմ կարող մոռանալ ձեր անտարբերությունը այն հարցին՝ արև՞ն է երկրի շուրջը պտտվում, թե՝ երկիրը արևի։ Ուրեմն, եկեք անցնենք այն փաստերին, որոնք անմիջական կապ ունեն սըր Հենրի Բասկերվիլի հետ։
 
Վերջին մի քանի օրերը դուք ինձանից ոչ մի լուր չեք ստացել այն պարզ պատճառով, որ ես պատմելու բան չունեի։ Բայց հետո տեղի ունեցավ մի տարօրինակ դեպք, որի մասին ձեզ կզեկուցեմ իր ժամանակին, իսկ այժմ քննենք մեր գործի համար կարևոր նշանակություն ունեցող մի շարք այլ հանգամանքներ։ Այդ հանգամանքներից մեկը, հույժ էական, չնայած ես իմ նամակներում համարյա չեմ հիշատակել նրա մասին, ճահիճներում թաքնվող տաժանակիր աքսորականն է։ Բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ նա հեռացել է այս տեղերից՝ հուրախություն միայնակ ֆերմաների բնակիչների։ Նրա փախուստից անցել է երկու շաբաթ, և այդ ժամանակից նրա մասին ձեն֊ձուն չկա։ Դժվար է պատկերացնել, որ մարդ այսքան ժամանակ կարող է ապրել ճահիճներում։ Ճիշտ է, թաքնվելու տեղ կա․ քարանձավներից յուրաքանչյուրը կարող էր ապաստան ծառայել նրան։ Բայց ախր առանց սնունդի չես կարող ապրել, եթե միայն ոչխարներ չբռնես ու չմորթես։ Չէ, աքսորականն անշուշտ հեռացել է այս վայրերից, ուստի հեռավոր ֆերմաների բնակիչներն այժմ հանգիստ են քնում։
 
Մենք՝ Բասկերվիլ֊հոլլում ապրող չորս առողջ, ուժեղ տղամարդիկս, հարկ եղած դեպքում կարող ենք պաշտպանել մեզ, բայց խոստովանում եմ՝ Սթեփլտոնների մասին մտածելիս, ես անհանգստանում եմ։ Մոտ հարևաններ չունեն, այնպես որ չեն կարող հույս դնել որևէ մեկի օգնության վրա։ Աղախինը, ծեր ծառան, քույրն ու եղբայրը, վերջինս, հավանաբար, շատ էլ ուժեղ մարդ չէ, ահա և Մերիփիթ֊հաուսի բոլոր բնակիչները։ Նրանք լրիվ անօգնական կլինեն այդ նոթինգհիլյան մարդասպանի ձեռքում, եթե նա թափանցի նրանց տուն։ Մենք սըր Հենրիի հետ շատ էինք անհանգստանում նրանց համար և նույնիսկ ուզում էինք, որ ձիապան Փերկինսը գիշերի Մերիփիթ֊հաուսում, բայց Սթեփլտոնը այդ մասին լսել անգամ չուզեց։
 
Բանն այն է, որ մեր բարեկամ բարոնետն սկսում է խիստ հետաքրքրություն ցուցաբերել իր գեղեցկուհի հարևանուհու նկատմամբ։ Ասենք, դա զարմանալի էլ չէ, որովհետև նա կենդանի, գործարար մարդ է, ձանձրանում է այդպիսի խուլ վայրում, իսկ Բերիլը, պետք է խոստովանել, հմայիչ ու գեղեցիկ կին է։ Նրա մեջ ինչ֊որ էկզոտիկ կրակոտություն կա, ի հակաադրություն իր սառնարյուն ու բոլորովին անկիրք եղբոր։ Միաժամանակ Սթեփլտոնի մեջ զգացվում է թաքնված մի կրակ։ Դատելով ամեն ինչից, նա քրոջ վրա մեծ ազդոցություն ունի․ ես շատ անգամներ եմ որսացել նրա այն հայացքները, որ նա խոսակցության ժամանակ նետում է եղբոր վրա, կարծես սպասելով իր խոսքերի հավանությանը։ Ուզում եմ հավատալ, որ նրանք հաշտ են իրար հետ։ Աչքերի այդպիսի չոր փայլը և բարակ, սեղմված շրթունքները հաճախ խոսում են հաստատակամ, գուցե նաև դաժան բնավորության մասին։ Համենայն դեպս, այդ բնագետը հետաքրքիր տիպ է, և դուք անպատճառ կհետաքրքրվեք նրանով։
 
Հենց նույն օրը նա այցի եկավ սըր Հենրիին, իսկ հաջորդ առավոտյան մեզ տարավ այնտեղ, ուր տեղի էր ունեցել անառակ Հուգոյի հետ կախված դեպքը։ Մենք մի քանի մղոն մտանք ճահիճների խորքը ու հայտնվեցինք ոչ մեծ մի դաշտում, այնքան մռայլ, որ հենց ինքնին կարող էր նպաստել նման լեգենդի ստեղծմանը։ Փշրվող քարե սյուների միջև ընկած նեղ անցուղին մեզ դուրս բերեց ճահճուտով ծածակված մի բաց մարգագետնիկ։ Նրա մեջտեղում ընկած էին վերևից նեղացող և ինչ֊որ հրեշի վիթխարի փտած ժանիքներ հիշեցնող երկու հսկայական քարեր։ Այստեղ ամեն ինչ ճշտորեն համընկնում էր այն տեսարանի նկարագրությանը, ուր խաղացվել է այդ վաղեմի ողբերգությունը։ Սըր Հենրին հետաքրքրությամբ շուրջն էր նայում ու մի գլուխ հարցնում Սթեփլտոնին՝ մի՞թե նա հավատում է մարդկային գործերում գերբնական ուժերի միջամտությանը։ Նրա տոնն անփույթ էր, բայց, ըստ երևույթին, շատ լուրջ էր վերաբերվում այդ ամենին։ Սթեփլտոնը պատասխանում էր զուսպ, շատ բան թերասելով ու պարզապես խնայելով երիտասարդ բարոնետին։ Նա մեզ պատմեց մի քանի նմանօրինակ դեպքեր, երբ ընտանիքները սերնդեսերունդ իրնց վրա զգում էին ինչ֊որ չար ուժերի ազդեցությունը, և բոլոր այդ պատմություններից հետո մեզ մոտ այն տպավորությունն ստեղծվեծ, որ Սթեփլտոնը այստեղի շատ բնակիչների հետ միասին հավատում է Բասկերվիլների շան ավանդությանը։
 
Վերադարձի ճամփին մտանք Մերիփիթ֊հաուս՝ նախաճաշելու։ Հենց այդ ժամանակ էլ սըր Հենրին ծանոթացավ միսս Սթեփլտոնի հետ։ Առաջին իսկ հանդիպումից նա հրապուրվեց նրանով, և հազիվ թե ես սխալված լինեմ, եթե ասեմ, որ այդ զգացմունքը փոխադարձ է։ Երբ տուն էինք վերադառնում, նա մի գլուխ նրա մասին էր խոսում, և այդ պահից համարյա օր չի անցնում, որ մենք չհանդիպենք Սթեփլտոններին։ Այսօր նրանք մեզ մոտ են ճաշում, իսկ սըր Հենրին արդեն խսում է եկող շաբաթ նրանց այցելելու մասին։
 
Թվում է, թե Սթեփլտոնը քրոջ համար ավելի լավ ամուսին երազել իսկ չէր կարող, և, այնուամենայնիվ, ես շատ անգամներ եմ նկատել, որ նա խոժոռվում է, երբ սըր Հենրին ուշադրություն է դարձնում քրոջը։ Ըստ երևույթին, Սթեփլտոնը շատ է կապված Բերիլին, և նրա համար տխուր կլինի մենակ, բայց ախր դա եսասիրության գագաթնակետն է՝ արգելք լինել այդպիսի փայլուն միությանը։ Եվ այնուամենայնիվ, փաստը մնում է փաստ․ Սթեփլտոնը պարզապես չի ուզում, որ այդ մտերմությունը փոխվի սիրո, և, ինչպես նկատել եմ, ամեն կերպ աշխատում է նրանց առանձին չթողնել։ Ի դեպ, եթե գործը բարդանա նաև սիրավեպով, ապա ձեր ցուցումը՝ աչք չհեռացնել սըր Հենրիից, համարյա անիրագործելի կդառնա։ Իսկ եթե ես խստորեն հետևեմ ինձ տրված ցուցումին, մտածեցեք, թե ինչպես կխարխլի իմ հեղինակությունն այստեղ։
 
Օրերս, ավելի ճիշտ հինգշաբթի օրը, մեզ մոտ նախաճաշում էր դոկտոր Մորտիմերը։ Նա գերեզմանաթմբի պեղումներ էր կատարում Երկար ցածրադաշտում։ Նախապատմական մարդու գանգ է գտել այնտեղ, որը աննկարագրելի ցնծություն է պատճառում նրան։ Իր գործի մեկ ուրիշ այդպիսի էնտուզիաստ երևի չգտնես։ Նախաճաշից հետո հայտնվեցին Սթեփլտոնները, և, սըր Հենրիի խնդրանքով, դոկտորը մեզ բոլորիս առաջնորդեց կարմրածառի ծառուղին, ցույց տալու, թե ամեն ինչ ինչպես էր եղել այն ճակատագրական գիշերը։ Այդ ծառուղին երկար է, կիսամութ, երկու կողմից համատարած պարսպի պես ձգվում են խուզված կարմրածառերն ու ճիմի նեղ շերտերը։ Նրա հեռավոր ծայրում գտնվում է կիսաքանդ տաղավարը։ Հենց մեջտեղում ճահիճ տանող դռնակն է, որի մոտ ծերուկ Բասկերվիլը թափ է տվել սիգարի մոխիրը։ Դռնակը փայտից է, սպիտակ ներկված ու փակված սողնակով, նրա ետևում փռված են անսահման ճահիճները։ Հիշեցի ձեր տեսությունը այստեղ կատարված ողբերգության առիթով ու փորձեցի պատկերացնել, թե այդ բոլորն ինչպես է եղել։ Դռնակի մոտ կանգնած, Բասկերվիլը տեսել է ինչ֊որ բան, որը մոտենում էր ճահիճների կողմից և այնպես է վախեցել, որ գլուխը կորցրել է, սկսել է վազել ու վազել է այնքան, որ ուժասպառությունից ու սարսափից ցած է ընկել։ Նա վազել է երկար, մութ ծառուղով։ Բայց ո՞վ է նրան փախուստի մատնել։ Ճահիճների կողմից եկող որևէ գա՞մփռ, թե ոըրվականային մի շուն՝ վիթխարի, սև, անմռունչ։ Իսկ գուցե դա մարդկայի՞ն ձեռքի գործ է։ Գուցե գունատ, զգուշավոր Բերիմոռն ավելի շատ բան գիտե, քան ասում է։ Մշուշ ու լիակատար անորոշություն։ Եվ, այնուամենայնիվ, այդ ամենի ետևում աննահանջ ստվերի պես կանգնած է ոճրագործությունը։
 
Վերջին անգամ, ձեզ գրելուց ի վեր, ինձ հաջողվեց ծանոթանալ մեր հարևաններից ևս մեկի՝ միստր Ֆրեկլենդի հետ, որն ապրում է մեզնից հարավ չորս մղոնի վրա, Լեֆտեր֊հոլլում։ Դա մի ծերունի է, ալեհեր, կարմրադեմ ու շատ մաղձոտ։ Միստր Ֆրեկլենդը ցնորված է բրիտանական օրենսդրության հարցում և ամբողջ մի կարողություն տվել է քամուն ամեն տեսակ դատերի վրա։ Նա դատվում է բացառապես հանուն իր հաճույքի՝ հանդես գալով մեկ հայցվորի, մեկ պատասխանողի դերում, իսկ այդպիսի զվարճությունները, ինչպես գիտեք, էժան չեն նստում։ Հանկարծ նրա խելքին կփչի արգելել երթևեկությունն իր տիրույթի մոտով՝ թող ծխական խորհուրդն ապացուցի, որ դա ճիշտ չէ։ Հետո սեփական ձեռքով կջարդի ինչ֊որ մեկի դռնակն ու կասի, որ այդտեղ դարեր շարունակ ճանապարհ է եղել, թող տերը դատի տա նրան ուրիշի սահմանները խախտելու համար։ Նա անգիր գիտե հնագույն համայնքի իրավունքը և իր գիտելիքները կիրառում է մի դեպքում հարևան Ֆերվորսի գյուղակի շահերից ելնելով, մյուս դեպքում ի վնաս նրա։ Այնպես որ գյուղակի բնակիչները փոխնփոխ մեկ ցնծությամբ տանում են նրան փողոցներով, մեկ հանձնում սիմվոլիկ հրկիզման։ Ասում են, իբր, հիմա միստր Ֆրեկլենդի ձեռքին յոթ դատ կա, որոնք, ամենայն հավանականությամբ, կկլանեն նրա կարողության մնացորդները, և նա, այդպիսով, զրկվելով իր խայթից, կդառնա լիովին անվնաս, խաղաղ մի ծերուկ։ Մյուս բոլոր դեպքերում նա մեղմ, բարեհոգի մարդ է, և ես նրա մասին հիշատակում եմ լոկ այն պատճառով, որ դուք պահանջում եք մեր բոլոր հարևանների նկարագրությունը։
 
Այժմ միստր Ֆրեկլենդը իր համար մի շատ տարօրինակ զբաղմունք է գտել։ Լինելով սիրող֊աստղագետ և ունենալով հրաշալի մի հեռադիտակ՝ նա օրերով պառկում է իր տան տանիքին և դիտում ճահիճները՝ հուսալով գտնել փախած աքսորականին։ Եթե միստր Ֆրեկլենդն իր անսպառ եռանդն օգտագործեր միայն դրա վրա, ապա ամեն ինչ հիանալի կլիներ, սակայն լուրեր են պտտվում, որ նա իբր պատրաստվում է պատասխանատվության կանչել դոկտոր Մորտիմերին, որն ինչ֊որ գերեզման է քանդել՝ առանց մոտ ազգականների համաձայնության։ Ինչպես կռահում եք, խոսքը վերաբերում է նեոլիթյան մարդու գանգին, որ հայտնաբերված է Երկար ցածրադաշտի գերեզմանաթմբի պեղումների ժամանակ։ Այո, միստր Ֆրեկլենդը որոշ բազմազանություն է մտցնում մեր կյանքում, իսկ այժմ դա մեզ համար խիստ անհրաժեշտ է։
 
Այժմ, հաղորդելով ձեզ այս ամենը, ինչ կարելի էր՝ փախած աքսորականի, Սթեփլտոնների, դոկտոր Մորտիմերի ու միստր Ֆրեկլենդի մասին Լեֆտեր֊հոլլից, ես կանցնեմ ամենակարևոր կետին ու կպատմեմ Բերիմոռների մասին, մասնավորապես այն տարօրինակ դեպքերի, որոնք կատարվեցին այս գիշեր։
 
Սկսեմ Լոնդոնից ուղարկած ձեր հեռագրից, որով պետք է համոզվեինք, թե այդ օրը Բերիմոռը տանն էր եղել։ Դուք արդեն գիտեք փոստապետի հետ իմ զրույցի մասին, որից պարզվեց, որ մեր ստուգումը ոչ մի արդյունք չտվեց և մենք այնպես էլ չստացանք մեզ անհրաժեշտ տեղեկությունները։
 
Ես սըր Հենրիին պատմեցի իմ անհաջողության մասին, և նա, իրեն հատուկ անմիջականությամբ, անմիջապես կանչեց Բերիմոռին ու հարցրեց հեռագրի մասին։ Բերիմոռն ասաց, որ հեռագիրն ստացվել է։
 
― Տղան հեռագիրը տվեց ձեր ձե՞ռքը, ― հարցրեց սըր Հենրին։
 
Բերիմոռը զարմացած նայեց նրան ու մի րոպե մտածեց։
 
― Ոչ, ― ասաց նա, ― ես այդ ժամանակ ձեղնահարկում էի, և հեռագիրը կինս բերեց։
 
― Իսկ պատասխանն ինքնե՞րդ գրեցիք։
 
― Ոչ, ես ասացի կնոջս ինչպես պատասխանել, նա իջավ ներքև ու գրեց։
 
Երեկոյան Բերիմոռը սեփական նախաձեռնությամբ նորից վերադարձավ այդ թեմային։
 
― Սըր Հենրի, ես լավ չհասկացա, թե դուք ինչո՞ւ էիք հարձուփորձում այն հեռագրի մասին, ― ասաց նա։ ― Մի՞թե ես մեղանչել եմ ինչ֊որ բանում ու կորցրել ձեր վստահությունը։
 
Սըր Հենրին ջանաց հավաստիացնել Բերիմոռին, որ դա այդպես չէ, և, որպեսզի վերջնականապես հանգստացնի նրան, բավական շատ նվերներ տվեց իր հին իրերից, քանի որ Լոնդոնում կատարած գնումներն արդեն հասել էին Բասկերվիլ֊հոլլ։
 
Ինձ շատ է հետաքրքրում միսիս Բերիմոռը։ Նա շատ պատկառելի, հարգարժան կին է՝ պուրիտանական հակումներով, և, ըստ երևույթին, ոչ այնքան էլ խելոք։ Թվում է, թե ավելի անվրդով էակ դժվար է պատկերացնել, բայց դուք արդեն գիտեք, որ առաջին գիշերը ես լսեցի նրա դառն հեկեկանքը, և այդ օրվանից շատ անգամներ եմ արցունքի հետքեր նկատել նրա դեմքին։ Ինչ֊որ ծանր վիշտ է կրծում այդ կնոջը։ Երբեմն մտքովս անցնում է, թե գուցե դա անմաքուր խղճի տառապանքներից է։ Իսկ հետո ես սկսում եմ Բերիմոռի մեջ կասկածել տնային բռնակալի։ Ինձ միշտ թվացել է, որ նա կասկածելի, տարօրինակ անձնավորություն է, իսկ անցած գիշերվա դեպքերը վերջնականապես ուժեղացրին կասկածներս։ Սակայն այդ պատահարն ինքնին այնքան էլ կարևոր չէ։ Դուք, հավանաբար, հիշում եք, որ ես այնքան էլ խոր չեմ քնում, իսկ այստեղ՝ Բասկերվիլ֊հոլլում, երբ ամբողջ ժամանակ հարկ է զգույշ լինել, քունս առանձնապես զգայուն է։ Երեկ գիշեր, մոտ ժամը երկուսին, ես գողունի քայլեր լսեցի սենյակիս մոտ։ Վեր կացա, բացեցի դուռն ու նայեցի միջանցք։ Ինչ֊որ մեկի երկար, սև ստվերը սահեց այնտեղով։ Ստվերն ընկնում էր մի մարդուց, որը կամացուկ անցնում էր միջանցքով՝ մոմը ձեռքին։ Նա ներքնաշապիկով էր, տաբատով, ոտաբոբիկ։ Ես նշմարեցի նրա աղոտ ուրվագիծը միայն։ Բայց հասակից կռահեցի, որ դա Բերիմոռն է։ Նա քայլում էր անձայն, դանդաղ, և նրա յուրաքանչյուր շարժման մեջ ինչ֊որ գողային, զգուշացող բան կար։
 
Դուք իմ նամակներից արդեն գիտեք, որ երկու միջանցքները հատվում են սրահով, որը շրջապատում է հոլլը։ Ես սպասեցի, մինչև Բերիմոռը ծածկվեց աչքիցս, և շարժվեցի նրա ետևից։ Երբ մտա սրահ, նա արդեն միջանցքի հեռավոր ծայրում էր։ Հետո սենյակներից մեկի բաց դռնից լույս շողաց, ուրեմն, նա մտավ այնտեղ։ Պետք է ձեզ ասեմ, որ այդ սենյակներն անբնակ են, այնտեղ նույնիսկ կահույք չկա, հետևաբար, Բերիմոռի վարմունքը բոլորովին հանելուկային էր։ Նա կանգնել էր այնտեղ, ըստ երևույթին անշարժ, որովհետև մոմի բոցը չէր թրթռում։ Աշխատելով քայլել որքան կարելի է անձայն՝ ես անցա ամբողջ միջանցքը և կողափայտի ետևից նայեցի բաց դռնից ներս։
 
Բերիմոռը կանգնել էր լուսամուտի մոտ, մոմը մոտեցրած ապակուն։ Ես տեսնում էի նրա կիսադեմը՝ լարվածության մեջ քարացած դեմքը, դեպի ճահիճների անթափանց խավարն ուղղված հայացքը։ Մի քանի րոպե նա անքթիթ նայում էր պատուհանից դուրս, հետո կամացուկ տնքաց ու անհամբեր շարժումով հանգցրեց մոմը։ Ես անմիջապես վերադարձա սենյակս և շուտով դռան ետևից լսեցի նույն գաղտագողի քայլերը։ Երկար ժամանակ անցնելուց հետո, թույլ քնի միջից ինձ հասավ, թե ինչպես ինչ֊որ տեղ բանալի պտտեցին կողպեքի մեջ, բայց թե ո՞րտեղից էր գալիս այդ ձայնը՝ դժվար էր որոշել։
 
Թե այս բոլորն ինչ է նշանակում, չգիտեմ, բայց այս մռայլ տանը ինչ֊որ գաղտնի գործեր են կատարվում, որոնց էությանը մենք վաղ թե ուշ հասու կլինենք։ Չեմ ուզում ձեզ անհանգստություն պատճառել սեփական տեսություններիս շարադրմամբ, քանզի դուք խնդրել եք հաղորդել միայն փաստեր։ Այսօր առավոտյան ես երկար խոսեցի սըր Հենրիի հետ, և մենք գործողության պլան մշակեցինք՝ նկատի ունենալով իմ գիշրային դիտումները։ Բայց ես կլռեմ այդ մասին մինչև հաջորդ նամակս, որը դրանից միայն կշահի։
<references />
Ադմին, Վստահելի
1876
edits