Changes
Եվ իրոք նա տեսավ, որ հայրը դեռ նստել էր սեղանի առաջ։ Ըստ մշտական սովորության, սեղանը պատրաստված էր հյուրասրահում, թեև տան մեջ իսկական ճաշասենյակ էլ կար։ Այդ հյուրասրահը տան ամենամեծ սենյակն էր, որ կահավորված էր մի տեսակ հնամենի հավակնությամբ։ Կահույքը չափազանց հին էր, սպիտակ, և երեսապատված էր կարմիր, հնամաշ, մետաքսանման պաստառով։ Լուսամուտների միջև հայելիներ էին դրված պատին՝ նույնպես սպիտակ ու ոսկեգույն շրջանակներով, որոնք հնաոճ զարդաքանդակներով էին պաճուճված։ Պատերին, որոնք պաստառված էին սպիտակ ու տեղ֊տեղ ճաքճքած թղթով, աչքի էին ընկնում երկու խոշոր դիմանկարներ. մեկը մի իշխան էր, որ երեսուն տարի առաջ մեր շրջանի գեներալ֊նահանգապետն էր եղել, իսկ մյուսը՝ վաղուց վախճանյալ մի եպիսկոպոս։ Հանդիպակաց անկյունում մի քանի սրբապատկեր կար, որոնց առջև գիշերը կանթեղ էր վառվում... ոչ այնքան ի նշան բարեպաշտության, որքան սենյակը լուսավորելու համար։ Ֆյոդոր Պավլովիչը շատ ուշ էր պառկում, առավոտյան դեմ՝ ժամը երեքին կամ չորսին, իսկ մինչ այդ մերթ քայլում էր սենյակում, մերթ նստում էր բազկաթոռին ու մտածում։ Դա սովորություն էր դարձել նրա համար։ Շատ անգամ մեն-մենակ էր գիշերում տան մեջ, ծառաներին ուղարկելով բակի շենքը, բայց ավելի հաճախ նրա հետ մնում էր ծառա Սմերդյակովը, որ քնում էր նախասենյակում՝ օթոցի վրա։
Սակայն Բաղաամի էշը հանկարծ սկսել էր խոսել։ Առիթ ծառայող նյութը տարօրինակ մի դեպք էր. առավոտյան, վաճառական Լուկյանովյի խանութում գնումներ կատարելու ժամանակ, Գրիգորին նրանից լսել էր, թե մի ռուս զինվոր ասիական հեռավոր սահմանի վրա գերի է ընկել մահմեդականներին, և երբ նրանք, տանջալից ու անմիջական մահվամբ սպառնալով, ստիպել են հրաժարվել քրիստոնեությունից և ընդունել իսլամը, զինվորը մերժել է դավաճանել իր հավատքին և հանձն է առել տանջանքները, թողել է, որ իրեն մորթազերծ անեն, և մահացել է փառաբանելով ու գովեբգելով Քրիստոսին, այդ սխրագործության պատմությունն էլ հենց տպված է եղել նույն առավոտ ստացված թերթում։ Եվ ահա այդ դեպքն էր պատմել Գրիգորին ճաշի վրա։ Ֆյոդոր Պավլովիչը միշտ էլ սիրում էր ծիծաղել ու խոսել ճաշից հետո, աղանդերը ճաշակելու ժամանակ, թեկուզ և Գրիգորիի հետ։ Իսկ այս անգամ տրամադրությունը հատկապես թեթև էր, հաճելի զվարթությունը հորդում էր նրանից։ Կոնյակն ըմպելով ու լսելով այդ պատմությունը, նա ասաց, թե պետք է անմիջապես սրբերի կարգը դասել այդպիսի զինվորին և նրա քերթված մորթն ուղարկել մի որևէ վանք. «Ա՜յ թե ժողովուրդ կթափվի, փողն էլ հետը»։ Գրիգորին հոնքերը կիտեց, տեսնելով, որ Ֆյոդոր Պավլովիչը չի հուզվել բնավ, այլ, ըստ իր մշտական սովորության, սկսում է սրբապիղծ բաներ առել։ Եվ ճիշտ այդ վայրկյանին Սմերդյակովը, որ կանգնած էր դռան մոտ, հանկարծ ժպտաց։ Առաջ էլ Սմերդյակովին շատ հաճախ արտոնվում էր սպասարկել սեղանի վրա, այսինքն ճաշի ավարտին։ Իսկ այն օրից, երբ Իվան Ֆյոդորովիչը ժամանեց մեր քաղաքը, նա սկսեց գրեթե ամեն անգամ ներկայանալ ճաշին ու սպասարկել։
Վեճն ավարտվեց, բայց, տարօրինակ բան, Ֆյոդոր Պավլովիչը, որն այնքան զվարթ էր, վերջում խոժոռվեց հանկարծ։ Հոնքերը կիտեց ու մի բաժակ կոնյակ կոնծեց։ Եվ այդ բաժակն արդեն բոլորովին ավելորդ էր։
Դմիտրի Ֆյոդորովիչի ետևից իսկույն ներս վազեցին նաև Գրիգորին ու Սմերդյակովը։ Նրանք էին նախասենյակում դիմադրում Դմիտրիին, ներս չէին թողնում նրան, կատարելով այն հրահանգը, որ հենց Ֆյոդոր Պավլովիչն էր տվել մի քանի օր առաջ։ Օգտվելով այն հանգամանքից, որ Դմիտրին, ներխուժելուց հետո, մի պահ կանգ առավ շուրջը նայելու համար, Գրիգորին վազելով շրջանցեց սեղանը, փակեց երկու փեղկերը հանդիպակաց դռան, որ տանում էր դեպի ներքին սենյակները, և կանգնեց փակ դռան առաջ, թևերը խաչաձև տարածելով և պատրաստվելով, այսպես ասած, մինչև արյան վերջին կաթիլը պաշտպանելու մուտքը։ Տեսնելով այդ, Դմիտրին ոչ թե գոռաց, այլ մի տեսակ սուր ոռնոց արձակեց ու նետվեց Գրիգորիի վրա։
Բայց հոր տանից դուրս գալուց հետո Ալյոշայի հոգեվիճակն ավելի ևս վշտաբեկ էր ու ճնշված, քան այնտեղ մտնելու պահին։ Նրա միտքը նույնպես փշրվել ու ցաքուցրիվ էր եղել կարծես, բայց նա միաժամանակ զգում էր, որ վախենում է միակցել ցիրուցան բեկորները և մի ընդհանուր եզրակացություն հանել օրվա ընթացքում ունեցած բոլոր տանջալի ու հակասական ապրումներից։ Հուսահատության հասնող մի բան կար Ալյոշայի սրտում, ուր առաջ երբեք այդպիսի զգացողություն չէր եղել։ Բոլոր մտահոգությունների վրա սարի նման կանգնած էր գլխավոր, ճակատագրական և անլուծելի հարցը՝ ինչո՞վ է վերջանալու իր հոր ու ավագ եղբոր բախումն այդ սարսափելի կնոջ առնչությամբ։ Հիմա արդեն ինքն էր վկա։ Ինքն էր ներկա եղել ու տեսել նրանց հանդիպումը դեմ առ դեմ։ Բայց դժբախտությունը, լիակատար ու սարսափելի դժբախտությունը կարող էր գալ միա՛յն Դմիտրիի գլխին. անխուսափելի փորձանք էր սպասում նրան։ Պարզվեց, որ կան նաև ուրիշ մարդիկ, որոնց նույնպես վերաբերում է այդ ամբողջը և գուցե շատ ավելի մեծ չափով, քան մինչ այդ կարող էր կարծել Ալյոշան։ Նույնիսկ առեղծվածային մի բան էր դառնում այս խնդիրը։ Իվանը վերջապես արեց այն քայլը, որ այնքան երկար ժամանակ ցանկանում էր Ալյոշան։ Բայց հիմա, չգիտես ինչու, Ալյոշան զգում էր, որ մերձեցման այդ քայլը վախեցրեց իրեն։ Իսկ այդ կանա՞յք։ Տարօրինակ բան, ցերեկը մեծագույն վարանումով էր գնում դեպի Կատերինա Իվանովնայի տունը, իսկ այժմ ոչ մի շփոթմունք չէր զգում, այլ ընդհակառակը՝ ինքն էր շտապում նրա մոտ, կարծես նրանից ցուցմունք գտնելու ակնկալությամբ։ Սակայն եղբոր հանձնարարածն ակներևորեն ավելի դժվար էր հաղորդել նրան հիմա, քան առաջ. երեք հազար ռուբլու խնդիրը վերջնականապես պարզվել էր, և Դմիտրին, այժմ արդեն խայտառակված զգալով իրեն և էլ ոչ մի հույս չունենալով, անշուշտ կանգ չի առնի այլևս ու թավալգլոր կգնա դեպի կործանում։ Եվ դեռ, ավելին, պատվիրել էր նաև պատմել Կատերինա Իվանովնային այն տեսարանը, որ հենց նոր էր տեղի ունեցել հոր և իր միջև։