Changes
/* Թռիչքը */
Իսկ այն մասին, ինչ եղել է իրականում, նույնիսկ անհարմար է պատմել։ Որոշ մանրամասներ ես հաճույքով բաց կթողնեի և միայն իմ բացառիկ ազնվությունը թույլ չի տալիս, մի քայլ անգամ նահանջել ճշմարտությունից։
Ուրեմն այսպես, ճիշտն ասած, թռիչքի մասին ես ունեմ շատ անորոշ հիշողություններ։ Որովհետև, հենց որ մենք պոկվեցինք գետնից, ես նորից քնեցի։ Հետո ինձ արթնացրեց ուղեկցորդուհին, որը իր առջևից հրում էր խմիչքներով սայլակը։ Ժպտալով ծառայողական ժպիտով, նա հարցրեց ինձ, թե ինչ եմ ես խմելու։ Իհարկե ես ասացի․ օղի։ Նա նորից ժպտաց և մեկնեց ինձ պլաստմասայից պլաստմասե բաժակը և խաղալիքի չափս ունեցող (50 գրամ) «Սմիռնոֆֆ» օղու փոքրիկ շիշը։ Նա արդեն պատրաստվում էր առաջ շարժվել, երբ քնքշորեն բռնեցի նրա արմունկը և հարցրեցի, մոտավորապես ո՞ր տարիքի երեխաներին են տալիս այսպիսի քանակ։ Նա հասկացավ կատակը և անմիջապես, նույն ժպիտով, հանեց երկրորդ շիշը։ Ես էլ ժպտացի և գրավեցի նրա ուշադրությունը այն հանգամանքի վրա, որ երբ տոմս էի վերցնում, և մուծում նրա համար հիմնավոր գումար կանխիկ դրամով, ինձ խոստացվեց անսահման քանակությամբ խմիչք։ Նա զարմացավ և հայտնեց, որ անսահմանափակ քանակով ոչ մի բան բնությունում չի լիում։ Դրա համար էլ նա համենայն դեպս կուզենար իմանալ, թե քանի հատ այսպիսի սրվակ ինձ կբավարարի։
― Լավ, ― ասացի ես, տվեք տասը հատ։
Երբ ես շարեցի բոլոր շշերը իմ առջև, հարևանս, որը պատվիրել էր մի բաժակ տոմատի հյութ, հանեց մուգ ակնոցը և սկսեց հետաքրքրությամբ հետևել իմ գործողություններին։ Հետո ներողություն խնդրեց և հարցրեց, մի՞թե ես իսկապես պատրաստ եմ տեղավորել իմ մեջ օղու այսպիսի սարսափելի քանակ։ Ես բացատրեցի նրան, որ կես լիտրը ռուս մարդու համար միայն սկզբնական, և կարելի է ասել բնական չափն է։
Առանց ակնոցի նրա դեմքը ինձ ավելի ծանոթ թվաց, քան առաջ։ Ինչ֊որ տեղ ես նրան անկասկած տեսել էի։ Խմելով ևս երկու սրվակ , ստույգ հիշեցի, թե հատկապես որտեղ։ Մյունխենում, գլխավոր կայարանում։ Այնտեղ, տոմսարկղի մոտ, կախված էին ձախ տեռորիստների դիմանկարները, որոնցից ամեն մեկի համար ոստիկանությունը խոստանում էր հիսուն հազար մարկ։
Հիմա հիսուն հազարը կողքս էր նստած։