Changes
{{Վերնագիր
|վերնագիր = Ալիսը հրաշքների աշխարհում
|հեղինակ = [[Լուիս Քերոլ]]
|թարգմանիչ =
|աղբյուր = [[«Ալիսը հրաշքների աշխարհում»]], Երևան
}}
[[Կատեգորիա:Արձակ]]
[[Կատեգորիա:Հեքիաթ]]
<poem>Ոսկի կեսօր. մեղմ սահում է
Մեր նավակը գետն ի վար:
«Իսկ եթե Մարտյան Նապաստակի գժությունը բռնած լինի երանի Գլխարկագործի մոտ գնայի»:
== ԳԼՈԻԽ ՅՈԹԵՐՈՐԴ <br /> Խելահեղ թեյըմպում ==
Տան առջև՝ ծառի տակ սեղան էր դրված, որի շուրջը նստած Մարտյան Նապաստակն ու Գլխարկագործը թեյ էին խմում, իսկ նրանց մեջտեղում գտնվող Քնամուկը խորը քնած էր: Մարտյան Նապաստակն ու Գլխարկագործը արմունկները հենել էին Քնամկան վրա որպես բարձի և քաղցր-քաղցր զրուցում էին նրա գլխի վրայով:
«Ի՛նչ անհարմար վիճակի մեջ է խեղճ Քնամուկը, — մտածեց Ալիսը, — բայց երևի ոչինչ չի զգում, որովհետև քնած է»:
Չնայած սեղանը բավական երկար էր, բայց նրանք երեքով խմբվել էին մի անկյունում:
— Տեղ չկա, տեղ չկա, — աղջկան տեսնելուն պես միաբերան գոռացին նրանք:
— Տեղ շատ կա, — զայրացավ Ալիսն ու նստեց սեղանի ծայրին գտնվող մեծ բազկաթոռի մեջ:
— Գինի կցանկանայի՞ր, — քաջալերող ձայնով հարցրեց Մարտյան Նապաստակը:
Ալիսը նայեց սեղանին, բայց թեյից բացի ոչինչ չտեսավ:
— Իսկ ու՞ր է գինին, — զարմացավ Ալիսը:
— Այստեղ գինի չկա, — ասաց Մարտյան Նապաստակը:
— Այդ դեպքում ձեր կողմից մեծ անքաղաքավարություն է առաջարկել այն, ինչ չկա, — վրդովվեց Ալիսը:
— Քո կողմից էլ մեծ անքաղաքավարություն էր առանց հրավերի նստելը, — պատասխանեց Մարտյան Նապաստակը:
— Ես չգիտեի, որ այս սեղանը միայն ձեզ համար է, և բացի այդ, այստեղ երեքից ավելին կարող են նստել:
— Քո մազերը կտրել է պետք, — նկատեց Գլխարկագործը: Նա մինչ այդ հետաքրքրությամբ դիտում էր Ալիսին, և սա նրա առաջին խոսքն էր:
— Խնդրում եմ ուրիշի գործերին չխառնվել, - խիստ ասաց Ալիսը, — դա անվայել բան է:
Լսելով այդ, Գլխարկագործը աչքերը չռեց, բայց ասաց հետևյալը.
— Ի՞նչ նմանություն կա ագռավի և գրասեղանի միջև18:
«Այժմ մի քիչ կծիծաղենք, ինչ լավ է, որ անցանք հանելուկներին», — մտածեց Նա և բարձրաձայն ավելացրեց.
— Հենց հիմա կասեմ դրա պատասխանը:
— Կարծում ես կարո՞ղ ես, - հարցրեց Մարտյան Նապաստակը:
— Իհարկե:
— Դե, ուրեմն ասա, — ավելացրեց Մարտյան Նապաստակը:
— Կասեմ, — շտապ վրա բերեց Ալիսը, — առնվազն... առնվազն, ես կարծում եմ, որ... գիտե՞ք ինչ, դրանք միևնույն բաներն են:
— Բոլորովին էլ ոչ, — հակաճառեց Գլխարկագործը, — եթե այդպես լիներ, ապա հետևյալ նախադասությունները միևնույն բանը կնշանակեին. «Ես տեսնում եմ այն, ինչ ուտում եմ» և «Ես ուտում եմ այն, ինչ տեսնում եմ»:
— Նույն ձևով էլ կարող էիր ասել, — ավելացրեց Մարտյան Նապաստակը, — որ «Ես սիրում եմ այն, ինչ ունեմ» և «Ես ունեմ այն, ինչ սիրում եմ» մտքերը մեկ իմաստ ունեն:
— Դու նույնպես կարող էիր ասել, — շարունակեց Քնամուկը խոսելով քնի մեջ, որ՝ «Ես շնչում եմ, երբ քնած եմ» նույնն է, ինչ որ՝ «Ես քնած եմ, երբ. շնչում եմ»:
— Դա քեզ համար է միևնույնը, — սաստեց Գլխարկագործը և այստեղ խոսակցությունն ընդհատվեց, խումբը մի պահ լուռ նստեց: Մինչ այդ Ալիսը մտածում էր ագռավների ու գրասեղանների մասին, բայց ոչ մի նմանություն չկարողացավ գտնել:
Գլխարկագործը առաջինը խզեց լռությունը և, դիմելով Ալիսին, հարցրեց.
— Այսօր ամսի քանի՞սն է:
Նա գրպանից հանել էր ժամացույցը և մերթ ընդ մերթ թափահարելով, ականջին մոտեցնելով, անհանգստացած նայում էր վրան:
Ալիսը քիչ մտածեց, ապա պատասխանեց.
— Չորսը:
— Երկու օր հետ է մնացել, — հառաչեց Գլխարկագործը, — ես քեզ չէի ասում, որ կարագը սրա համար չէ, ՛— բարկացած նայելով Մարտյան Նապաստակին՝ ավելացրեց:
— Դա ամենաընտիր կարագն է, — մեղավորի նման արդարացավ Մարտյան Նապաստակը:
— Այո, բայց երևի մեջը հացի փշրանքներ էին ընկել, — փնթփնթաց Գլխարկագործը, — դու չպետք է կարագը հացի դանակով քսեիր:
Մարտյան Նապաստակը վերցրեց ժամացույցն ու մտածկոտ նայեց: Հետո մտցրեց թեյի բաժակի մեջ ու կրկին նայեց, բայց չկարողացավ հարմար պատասխան գտնել, կրկնեց քիչ առաջվա ասածը.
— Դա ամենաընտիր կարագն է:
Ալիսը նրա ուսի վրայից հետաքրքրությամբ դիտում էր:
— Ի՜նչ ծիծաղելի ժամացույց է, — նկատեց նա, — ամսվա օրերն է ցույց տալիս և ոչ թե օրվա ժամերը:
— Ինչո՞ւ ես զարմանում, — հարցրեց Գլխարկագործը, — մի՞թե քո ժամացույցը տարիներն է ցույց տալիս:
— Իհարկե ոչ, — անմիջապես վրա ավեց Ալիսը, — չէ որ երկար ժամանակ նույն տարին է լինում:
— Ճիշտ այդպես էլ իմ ժամացույցն է19:
Ալիսը բոլորովին խճճվեց: Գլխարկագործի խոսքերը թեև արտասանվեցին քերականորեն ճիշտ, բայց անիմաստ հնչեցին:
— Ես ձեզ բոլորովին չեմ հասկանում, — հնարավորին չափ քաղաքավարի ասաց Ալիսը:
— Քնամուկը նորից է քնել, — նկատեց Գլխարկագործը և տաք թեյ լցրեց նրա քթին:
Քնամուկը վրդովված թափահարեց գլուխը և առանց աչքերը բացելու խոսեց.
— Իհարկե, իհարկե, դու ասացիր այն, ինչ ես ինքս էի ուզում ասել:
— Գուշակեցի՞ր հանելուկը, — նորից Ալիսին դիմեց Գլխարկագործը:
— Ոչ, հանձնվում եմ, — պատասխանեց Ալիսը, — ո՞րն է պատասխանը:
— Գաղափար անգամ չունեմ, — ասաց Գլխարկագործը:
— Ես էլ, — շարունակեց Մարտյան Նապաստակը:
Ալիսը ծանր հառաչեց:
— Լավ կլիներ, որ դուք ժամանակն օգտավետ անցկացնեիք, քան թե վատնեիք անպատասխան հանելուկներ առաջարկելով:
— Եթե դու ճանաչեիր ժամանակին այնպես, ինչպես ես, — ասաց Գլխարկագործը, — ապա նրան անօգտավետ վատնելու մասին չէիր խոսի: ժամանակը՝ դա նա է:
— Չեմ հասկանում, ինչ եք ուզում ասել:
— Իհարկե, չես հասկանա, — Գլխարկագործը արհամարհանքով շարժեց գլուխը, — Համարձակվում եմ ասել, դու երբեք ժամանակի հետ չես խոսել:
— Թերևս, — զգույշ պատասխանեց Ալիսը, — բայց գիտեմ, որ ժամանակ էի վատնում երաժշտություն սովորելու համար:
— Լավ, ամեն ինչ պարզ է, — նկատեց Գլխարկագործը,. — ժամանակը տանել չի կարող, երբ վատնում են իրեն: Եթե դու նրա հետ լավ հարաբերությունների մեջ լինեիր, նա ուզածիդ պես կվարվեր ժամացույցիդ հետ: Օրինակ, ասենք առավոտյան ժամը ինն է, դպրոց գնալու ժամանակը: Դու միայն շշնջա նրա ականջին, և մի ակնթարթում սլաքները կպտտվեն: Մեկն անց կեսն է, ճաշի ժամն է:
— Ի՜նչ լավ կլիներ, — շշնջաց Մարտյան Նապաստակը:
— Իհարկե, չտեսնված կլիներ, — մտածկոտ ասաց Ալիսը, — միայն թե ես ուտել չէի ցանկանա:
— Սկզբում, հավանաբար, այդպես կլիներ, — բացատրեց Գլխարկագործը, — բայց սլաքները ուզածիդ չափ կարող ես պահել մեկն անց կեսի վրա:
— Ուրեմն դուք այդպե՞ս եք վարվում:
Գլխարկագործը մռայլ օրորեց գլուխը:
— Ես՝ ոչ, — պատասխանեց նա: — Մենք անցյալ տարի մարտ ամսին վիճեցինք, գիտես, հենց սրա խելագարվելուց առաջ (նա թեյի գդալով ցույց տվեց Մարտյան Նապաստակին): Այդ Փոսիկի Թագուհու տված համերգին էր, և ես պիտի երգեի.
<poem>Շողա չղջիկ, կայծկլտա,
Ուզածդ ով կիմանա...</poem>
Երևի դու գիտես այդ երգը:
— Դրա նման ինչ-որ բան լսել եմ, — ասաց Ալիսը:
— Իսկ շարունակությունն այսպես է, — նորից երգեց Գլխարկագործը.
<poem>Թռչիր օդում շարունակ,
Ինչպես թեյի մի պնակ...
Շողա, չղջիկ, կայծկլտա...20</poem>
Այստեղ Քնամուկը թափ տվեց իրեն ու սկսեց երգել քնի մեջ. «Շողա, չղջիկ, կայծկլտա...» և շարունակեց այնքան ժամանակ, մինչև նրան կսմթեցին, ու նա լռեց:
— Դե, ես հազիվ էի առաջին քառյակը վերջացրել, — ասաց Գլխարկագործը, — երբ Թագուհին վեր թռավ ու ճչաց. «Նա սպանում է ժամանակը: Կտրել նրա գլուխը»:
— Ի՜նչ սարսափելի վայրագություն,—բացականչեց Ալիսը:
— Այդ օրվանից, — տխուր շարունակեց Գլխարկագործը, — Ժամանակը չի կատարում իմ խնդրանքը: Մեզ մոտ միշտ ժամը վեցն է:
Մի պայծառ միտք ծագեց Ալիսի գլխում:
— Ուրեմն ա՞յդ է պատճառը, որ այստեղ շատ թեյի նպասք կա, — հարցրեց նա:
— Այո, — հառաչեց Գլխարկագործը, — մեզ մոտ միշտ թեյի ժամն է, և մենք չենք հասցնում ափսեները լվանալ:
— Եվ շարունակ պտտվում եք սեղանի շու՞րջը:
— Ճիշտ այդպես, հենց որ բաժակները փոխելու հարկ է լինում:
— Իսկ ե՞րբ ամեն ինչ նորից սկսեք, — համարձակվեց հարցնել Ալիսը:
— Եկեք ուրիշ բանի մասին խոսենք, — ընդմիջեց Մարտյան Նապաստակը հորանջելով, — ես արդեն հոգնեցի այդ ամենից: Առաջարկում եմ, որ այս երիտասարդ օրիորդը մեզ մի հեքիաթ պատմի:
— Շատ Ալիսոս, բայց ես ոչ մի հեքիաթ չգիտեմ, — Ալիսին փոքր-ինչ տագնապ պատճառեց Մարտյան Նապաստակի առաջարկությունը:
— Դե, ուրեմն, Քնամուկը թող պատմի, — միաժամանակ բղավեցին Գլխարկագործն ու Մարտյան Նապաստակը և սկսեցին աջ ու ձախ կսմթել նրան, — արթնացի՛ր, Քնամուկ:
Քնամուկը դանդաղ բացեց աչքերը:
— Ես քնած չէի, — խռպոտ ու թույլ ձայնով ասաց նա, — և լսեցի ամբողջ խոսակցությունը, բառ առ բառ:
— Մեզ մի բան պատմիր, — ասաց Մարտյան Նապաստակը:
— Ի՜նչ կլինի, պատմեցեք, — խնդրեց Ալիսը:
— Շտապիր, — ավելացրեց Գլխարկագործը, — թե չէ չվերջացրած՝ նորից քուն կմտնես:
— Լինում է, չի լինում, երեք քույր են լինում, — վրա տվեց Քնամուկը, — էլսին, Լասին ու Թիլլին21 . նրանք բնակվում էին ջրհորի հատակում...
— Իսկ ինչո՞վ էին սնվում, — հարց տվեց Ալիսը, որը միշտ հետաքրքրություն էր ցուցաբերում ուտելիքի մասին եղած զրույցին:
՚— Օշարակով, — մի երկու րոպե մտածելուց հետո պատասխանեց Քնամուկը:
— Բայց միայն դրանով սնվել հնարավոր չէ, — մեղմ նկատեց Ալիսը, — նրանք կհիվանդանային:
— Այդպես էլ եղավ, նրանք ծանր հիվանդացան, — հաստատեց Քնամուկը:
Ալիսը փորձեց պատկերացնել այդ արտասովոր ապրելակերպը, բայց բան դուրս չեկավ:
— Իսկ ինչո՞ւ էին նրանք բնակվում ջրհորի հատակում, — հարցրեց նա:
— Մի քիչ թեյ ավելացրու, — ամենայն լրջությամբ ասաց Մարտյան Նապաստակը:
— Ես դեռ ոչինչ չեմ լցրել, — վիրավորվեց Ալիսը, — այնպես որ, ավելացնել չեմ կարող:
— Ուզում ես ասել, պիտի ասեի լցրու և ոչ թե ավելացրու, — նկատեց Գլխարկագործը, — իհարկե, ավելի հեշտ է ավելացնելը, քան թե ոչինչ չլցնելը:
— Ոչ ոք ձեր կարծիքը չհարցրեց, — խիստ ասաց Ալիսը:
— Հիմա ո՞վ է ուրիշի գործերին խառնվում, — հաղթականորեն բացականչեց Գլխարկագործը:
Ալիսը չգիտեր ինչ պատասխան տար: Նա մի բաժակ թեյ լցրեց, հացին կարագ քսեց ու դիմելով Քնամկանը, կրկնեց.
— Իսկ ինչո՞ւ էին նրանք, բնակվում ջրհորի հատակում:
Քնամուկը դարձյալ մի երկու րոպե մտածեց, ապա ասաց.
— Դա օշարակի ջրհոր էր:
— Այդպիսի ջրհոր չի լինում: — Ալիսն արդեն սկսել էր բարկանալ:
Գլխարկագործն ու Մարտյան Նապաստակը սաստեցին նրան՝ սուս, սուս, իսկ Քնամուկը նեղացած շարունակեց.
— Եթե չես կարող քեզ զսպել, ապա ինքդ վերջացրու պատմությունը:
— Ոչ, խնդրում եմ, շարունակեք, — մեղմացավ Ալիսը, — ես ձեզ այլևս չեմ ընդհատի, հնարավոր է, որ մի այդպիսի ջրհոր լինի
— Մի հատ այդպիսին, իհարկե, կա, — արհամարհանքով նետեց Քնամուկը, — բայց և այնպես համաձայնեց շարունակել, — հա, ուրեմն այդ երեք քույրերը սովորեցին կրել...
— Իսկ ինչ էին կրում, — ամբողջովին մոռանալով իր խոստումը, հետաքրքրվեց Ալիսը:
— Օշարակ, — այս անգամ արդեն առանց մտածելու պատասխանեց Քնամուկը:
— Ինձ մի մաքուր բաժակ է պետք, — ընդհատեց Գլխարկագործը, — եկեք բոլորս մի-մի աթոռ այն կողմ գնանք:
Խոսելիս նա փոխեց տեղը: Նրան հետևեց Քնամուկը: Մարտյան Նապաստակը գրավեց Քնամկան տեղը, իսկ Ալիսը մեծ տհաճությամբ նստեց Մարտյան Նապաստակի աթոռին: Գլխարկագործը միակն էր, որ այդ փոփոխությունից շահեց: Ալիսի վիճակն առաջվանից ավելի վատ էր, որովհետև Մարտյան Նապաստակը քիչ առաջ շրջել էր կաթի ամանն իր ափսեի մեջ:
Ալիսը չէր ուզում Քնամկանը նորից վիրավորել և շատ զգուշությամբ հարցրեց.
— Բայց ես չեմ հասկանում, թե նրանք որտեղից էին օշարակ կրում:
— Դու կարող ես ջուր կրել ջրհորից, — պատասխանեց Գլխարկագործը, — նրանք էլ օշարակ էին կրում օշարակի ջրհորից: է՜հ, հիմարի մեկը:
— Բայց չէ՞ որ նրանք բնակվում էին ջրհորում, — ուշադրություն չդարձնելով Գլխարկագործի վերջին խոսքին, հարցրեց Ալիսը:
— Իհարկե, — հաստատեց Քնամուկը, — ջրհորում:
Այս պատասխանն այնպես շփոթեցրեց խեղճ Ալիսին, որ նա մի որոշ ժամանակ չընդհատեց Քնամկանը:
— Նրանք սովորում էին գրել, — հորանջելով ու աչքերը տրորելով շարունակեց Քնամուկը, — գրում էին զանազան բառեր, այն ամենը, ինչ սկսվում է «Մ» տառով:
— Ինչու «Մ» տառով, — հարցրեց Ալիսը:
— Իսկ ինչո՞ւ ոչ, — ասաց Մարտյան Նապաստակը:
Ալիսը լռեց:
Քնամուկն արդեն փակել էր աչքերն ու ննջում էր, բայց Գլխարկագործը կսմթեց նրան, վերջինս թույլ ճիչ արձակելով արթնացավ.
— Այն ամենը, ինչ սկսվում է «Մ» տառով, օրինակ՝ մկան թակարդ, մարդ, միտք և միլիոն»: Դու հաճախ ասում ես՝ «միլիոններ ու միլիոններ», բայց երբևէ տեսել ես այդքան շատ բառ գրված:
— Եթե դուք ինձ եք հարցնում, — շփոթվեց Ալիսը, — չեմ տեսել:
— Ուրեմն, լռիր, — սաստեց Գլխարկագործը:
Ալիսը չկարողացավ հանդուրժել այդ կոպտությունը: Նա վիրավորված ոտքի ելավ ու հեռացավ: Քնամուկն անմիջապես քուն մտավ: Ոչ ոք ուշադրություն չդարձրեց նրա գնալուն: Ալիսը մերթ ընդ մերթ հետ էր նայում, հուսալով, որ կկանչեն իրեն: Վերջին անգամ տեսավ, թե ինչպես Մարտյան Նապաստակն ու Գլխարկագործը փորձում էին Քնամկանը խցկել թեյամանի մեջ:
— Ինչ էլ որ լինի, այլևս հետ չեմ դառնա, — Ալիսը սկսեց փնտրել անտառից դուրս գալու ճանապարհը, — սա ամենա- հիմար թեյըմպումն էր, որ երբևէ տեսել եմ իմ ամբողջ կյանքում:
Հանկարծ Ալիսը ծառերից մեկի վրա դուռ նշմարեց:
— Ա՜յ քեզ բան, այսօր ամեն ինչ արտասովոր է: Ինձ թվում է, ես անմիջապես կկարողանամ ներս մտնել:
Ալիսը քայլերն ուղղեց դեպի դուռը և նորից հայտնվեց երկար սրահում՝ փոքրիկ ապակե սեղանի մոտ:
— Այս անգամ գործն ավելի լավ գլուխ կբերեմ, — վճռեց նա ու վերցնելով փոքրիկ ոսկե բանալին, բացեց պարտեզ տանող դուռը: Ապա կերավ սնկից (գրպանում դեռ մի կտոր կար), դարձավ մեկ ոտնաչափ, հետո անցավ նեղ միջանցքով ու վերջապես հայտնվեց գեղատեսիլ պարտեզում՝ զով շա- տըրվանների ու գեղեցիկ ծաղկաթմբերի միջև: