Changes
/* ԳԼՈՒԽ ՈՒԹԵՐՈՐԴ Թագուհու քրոքեթի դաշտը */
Երբ դահիճը Դքսուհու հետ հետ եկավ, Կատվի գլուխն այլևս չէր երևում: Թագավորն ու դահիճը կատաղի առաջ նետվեցին փնտրելու Կատվին, իսկ մնացածներն անցան իրենց խաղին:
== ԳԼՈՒԽ ՏԱՍՆԵՐՈՐԴ <br /> Խեցգետնի կադրիլը ==
Կեղծ Կրիան հառաչեց և մաշկաթաթով տրորեց աչքերը: Ապա Նայեց Ալիսին՝ փորձելով խոսել, բայց կարճատև հեկեկանքները խեղդում էին նրան:
— Կարծես կոկորդում ոսկոր է դեմ առել, — ասաց Արծ- վառյուծը և սկսեց ցնցել նրան ու հարվածել մեջքին:
Վերջապես Կեղծ Կրիայի լեզուն բացվեց ու լացակումած շարունակեց.
— Երևի դու երկար չես ապրել ծովի հատակում...
— Երբեք չեմ ապրել, — ասաց Ալիսը:
— Եվ գուցե կենդանի խեցգետին չես տեսել:
(Ալիսն ուզում էր ասել. «Մի անգամ կերել եմ», — բայց կարողացավ զսպել իրեն ու ասաց, — Ոչ, երբեք):
— Ուրեմն դու ոչ մի գաղափար չունես, թե ինչ հիանալի բան է խեցգետնի Կադրիլը:
— Իհարկե ոչ: Այդ ի՞նչ պար է, — հարցրեց Ալիսը:
— Դե, — ասաց Արծվառյուծը, — սկզբում ծովափին շարք են կազմում...
— Երկու շարք, — ճչաց Կեղծ Կրիան, — փոկերը, կրիաները, սաղմոնները և այլ ձկներ, իսկ հետո, երբ ամբողջ ճանապարհը մաքրում են մեդուզաներից...
— Որն, իհարկե, որոշ ժամանակ է խլում, — ընդհատեց Արծվառյուծը:
— Երկու քայլ առաջ են գնում...
— Յուրաքանչյուրն իր, խաղընկեր խեցգետնի հետ, — գոռաց Արծվառյուծը:
— Ճիշտ է, — հաստատեց Կեղծ Կրիան, — երկու քայլ առաջ են գնում, մոտենում խաղընկերներին...
— Փոխում նրանց և նույն կանոնով հետ գնում, — բացատրեց Արծվառյուծը:
— Իսկ հետո, - շարունակեց Կրիան, - շպրտում են...
— Խեցգետինները, — ցատկոտելով օդում, կռնչաց Արծվառյուծը:
— Ծովի մեջ, ինչքան ուժ ունեն...
— Եվ լողում են Նրանց հետևից..., — մռնչաց Արծվառ-յուծը:
— Գլուխկոնծի տալիս ջրում, — կատաղությամբ այս ու այն կողմ նետվելով բղավեց Կեղծ Կրիան:
— Ապա նորից փոխում խեցգետինները... — ճչաց Արծվառյուծը:
— Ու վերադառնում են ափ, ահա և քեզ պարի առաջին մասը: — Կեղծ Կրիան հանկարծակի ցածրացրեց ձայնը, և երկու արարածները, որոնք խոսելու ըեթացքում խելահեղ ցատկոտում էին, կրկին նստեցին ու տխուր-տրտում նայեցին Ալիսին: Երևի գեղեցիկ պար է, — երկչոտ եզրակացրեց Ալիսը:
— Կուզենայիր տեսնել, — հարցրեց Կեղծ Կրիան:
— Իհարկե, շատ կուզենայի, — ասաց Ալիսը:
— Եկ, փորձենք առաջին մասը, — Կեղծ Կրիան դիմեց Արծվառյուծին, — գիտես ինչ, մենք առանց խեցգետինների էլ կարող ենք պարել: Իսկ ո՞վ է երգելու:
— Դու, ես խոսքերը մոռացել եմ,— վճռեց Արծվառյուծը: Եվ նրանք հանդիսավորությամբ սկսեցին պարել Ալիսի շուրջը, երաժշտության տակ շարժելով առջևի թաթերը, և երբեմն էլ շատ մոտից անցնելիս կոխոտում էին նրա ոտնաթաթերը, իսկ Կեղծ Կրիան մեղմ ու տխուր ձայնով երգում էր.
<poem>— Մի քիչ արագ չէիր քայլի, — մեռլանն ասաց խխունջին, —
Ծովախոզը մեզ է հասնում ու նստում է իմ պոչին:
Մի տես՝ կրիա ու խեցգետին ոնց են մրցում իրար հետ,
Նրանք արդեն ծովափ հասան, իսկ դու իզուր ես մնում հետ,
Ե՜կ միացիր դու մեր պարին, եկ սլացիր դու մեզ հետ,
Ե՜կ միացիր, եկ միացիր, եկ սլացիր դու մեզ հետ:
Դու չես կարող պատկերացնել, թե ինչ հաճույք կստանանք,
Երբ բոլորիս բարձրացնեն, ծովը նետեն անհատակ...
Բայց խխունջն ասաց — հեռու է, — հետո նայեց նա խեթ-խեթ:
— Շնորհակալ եմ քեզանից, բայց չեմ պարի ես ձեզ հետ:
Ես չեմ կարող և չեմ ուզում, ես չեմ կարող գալ ձեզ հետ:
— հետո ինչ, — ասաց մեռլանը, —որ հեռու ենք ափից մենք.
Ծովից այն կողմ ուրիշ ափ կա, որտեղ հանգիստ մենք կապրենք:
Անգլիայից որքան հեռու՝ Ֆրանսիային այնքան մոտ:
Մի՛ վախեցիր, անգին խխունջ, թող մտքերը քո թախծոտ,
Ե՛կ միացիր դու մեր պարին, եկ սլացիր դիւ մեզ հետ,
Ե՛կ միացիր, եկ միացիր, եկ սլացիր, դու մեզ հետ:</poem>
— Շնորհակալություն, շատ հետաքրքիր էր, — գոչեց Ալիսն ուրախացած, երբ պարը վերջացավ, — ինձ շատ դուր եկավ այդ զվարճալի երգը մեռլանի մասին:
— Ինչ վերաբերում է մեռլանին, — ասաց Կեղծ Կրիան, նրանք... դու իհարկե տեսել ես նրանց:
— Այո, հաճախ տեսել եմ... ճա... — հազիվ զսպեց իրեն Ալիսը:
Նա ուզում էր ասել՝ «ճաշի ժամանակ մի անգամ կերել եմ», բայց շտապ կանգ առավ:
— Ես չգիտեմ, թե որտեղ է գտնվում այդ «ճան», — ասաց Կեղծ Կրիան, — բայց եթե դու հաճախ ես տեսել նրանց, ուրեմն գիտես, թե ինչպիսի տեսք ունեն:
— Իհարկե, — մտածկոտ պատասխանեց Ալիսը, — պոչը գտնվում է բերանի մեջ և ամբողջովին ծածկված է հացի Փշրանքով:
— Հենց դա է քո սխալը, — ասաց Կեղծ Կրիան, — հացի փշրանքը կլվացվի ջրում, բայց պոչը իրոք որ բերանում է և դրա... — այստեղ Կեղծ Կրիան հորանջեց ու փաեց աչքերը, — ասա նրան պատճառը և պատմիր մնացածը, — խնդրեց նա Արծվառյուծին:
— Պատճառն այն է, — սկսեց Արծվառյուծը, — որ նրանք խեցգետինների հետ էին պարում: Եվ երբ ծովից դուրս շպրտվեցին, ստիպված եղան շատ երկար ճանապարհ անցնել, դրա համար էլ պոչը դրեցին բերանի մեջ ու այլևս չկարողացան հանել: Ահա բոլորը:
— Շնորհակալություն, շատ հետաքրքիր էր, — ասաց Ալիսը, — ես առաջ այդքան բան չգիտեի մեռլանի մասին:
— Եթե ուզում ես, ավելին կպատմեմ, — շարունակեց Արծվառյուծը, — գիտե՞ս ինչու է նա մեռլան կոչվում:
— Երբեք այդ մասին չեմ մտածել, ինչու, — հարցրեց Ալիսը:
— Դա վերաբերում է քո ձեռքերին ու մատներին, — հանդիսավոր ձայնով հայտարարեց Արծվառյուծը:
Ալիսը շվարեց:
— Իմ ձեռքերին ու մատներին, — զարմացած կրկնեց նա:
— Այդ ինչից են քո մատնեըն այդպես... Ուզում եմ ասել՝ այդ ինչից են նրանք երբեմն կապտում, — հարցրեց Արծվառյուծը:
Ալիսը նայեց մատներին, մտածեց մի պահ նախքան պատասխան տալը ու ապա.
— Ինձ թվում է՝ մելռանից:
— Իսկ եթե ձեռքերդ մտցնես ջրի մեջ, — Արծվառյուծը խորաթափանց հայացքով նայեց Ալիսին, — մեռլանով կմաքրեն մելանը, հիմա հասկացար:
— Իսկ ովքե՞ր, — հետաքրքրվեց Ալիսը:
— Իհարկե տափակաձկներն ու փափկասունները, — որպեսզի ձեռքերդ տափակ ու փափուկ մնան, - սպառված համբերությամբ պատասխանեց Արծվառյուծը, — ամեն մի փոքրիկ ծովախեցգետին գիտե այդ հասարակ բանը:
— Եթե ես մեռլան լինեի, - Ալիսը դեռ երգի տպավորության տակ Էր, — ծովախոզին կասեի, «խնդրում եմ, հետ քաշվեք, մենք ձեզ չենք ուզում»:
— Նրանք ստիպված Էին ծովախոզին իրենց մեջ պահել, — ասաց Կեղծ Կրիան, — Խելքը գլխին ոչ մի ձուկ առանց նրա տեղ չի գնում:
— Իսկապես, — զարմացավ Ալիսը:
— Դե, իհարկե, եթե մի ձուկ գար ինձ մոտ ու ասեր, որ ճանապարհորդության Է գնում, ես կհարցնեի, «խոզուկ ունես»:
— Դուք ուզում եք ասել, «խոզուկի հետ»:
— Ինչ որ ասում են, լսի՛ր, — վիրավորվեց Կեղծ Կրիան, իսկ Արծվառյուծը շարունակեց.
— Դե, պատմիր քո արկածներից մի քանիսը:
— Ուզում եք, ձեզ պատմեմ իմ այսօրվա արկածները, — երկչոտ սկսեց Ալիսը, — կարիք չկա երեկվա դեպքերի մասին խոսել, որովհետև ես երեկ ուրիշ Էի:
— Բացատրիր միտքդ, — ասաց Կեղծ Կրիան:
— Ոչ, ոչ, սկզբից արկածները, — անհամբերությամբ բղավեց Արծվառյուծը, — բացատրությունները սարսափելի երկար ժամանակ են խլում:
Ալիսն սկսեց պատմել նրանց բոլորը՝ սկսած այն պահից, երբ ինքն առաջին անգամ տեսավ Սպիտակ ճագարին: Սկզբում անհամարձակ Էր խոսում, որովհետև երկու արարածները, աչքներն ու բերանները լայն բացած, շատ Էին մոտեցել իրեն, բայց շուտով հունի մեջ ընկավ և վախն Էլ անցավ: Ունկնդիրները բացարձակ լռություն Էին պահպանում: Նա արդեն պատմում էր, թե ինչպես Թրթուրի մոտ արտասանեց «Ծերացել ես, Վիլյամ հայրիկ» ոտանավորը, և բառերը ճիշտ չէին ստացվում, երբ Կեղծ Կրիան խոր շունչ քաշեց ու ասաց.
— Շատ հետաքրքիր է:
— Չափազանց հետաքրքիր է,—ավելացրեց Արծվառյուծը:
— Բառերը ճիշտ չէին ստացվում, — մտածկոտ կրկնեց Կեղծ Կրիան, — ապա փորձիր մի որևէ բան անգիր ասել: Ասա նրան, թող մի ոտանավոր արտասանի, — ու նայեց Արծվառյուծին, կարծես համոզված, որ վերջինս իշխանություն ունի Ալիսի վրա:
— Արտասանիր «խոսեց հանկարծ ալարկոտը», — առաջարկեց Արծվառյուծը:
«Մի տես, սրանք ինչպես են հրամաններ արձակում և ստիպում դասերս կրկնել, կարծես դպրոցում լինեմ», — դժգոհ մտածեց Ալիսը, բայց և այնպես հնազանդ կանգնեց ու սկսեց, բայց նրա մտքերը դեռ լցված էին խեցգետնի Կադրիլով և իր արտասանածից ոչինչ չէր հասկացվում. բառերն էլ, անշուշտ, խիստ տարօրինակ էին հնչում:
<poem>Խոսեց հանկարծ խեցգետինը ու ձայն տվեց նա այսպես.
«Մի քիչ շաքար ցանեք վրաս, խորովվեցի թե չէ ես»:
Ինչպես սագը իր կոպերով, այդպես էլ սա իր քթով
Գորտին շտկում, ձիգ կոճկվում ու պառկում է անվրդով:
Արտույտի պես թռվռում է, երբ ավազներն են տաքուկ,
Բիթը ցցած շրջում է Նա, ինչպես գոռոզ շնաձուկ:
Իսկ երբ ջրերն են վարարում և շնաձուկն է գալիս,
Պոչը քաշած ու սրտաճաք՝ իսկույն փախուստ է տալիս:</poem>
— Սա բոլորովին նման չէ այն ոտանավորին, որ ասում էի երեխա ժամանակս, — սրտնեղեց Արծվառյուծը:
— Ես երբեք այդպիսի բան չեմ լսել, չլսված հիմարություն է, — ավելացրեց Կեղծ Կրիան:
Ալիսը ձայն չհանեց, նստեց գետնին՝ դեմքը ափերի մեջ սառած, ու սկսեց մտածել, արդյոք որևէ բան նորից իր բնական հունով կընթանա, թե ոչ:
— Բացատրիր ասածդ, — պնդեց Կեղծ Կրիան:
— Նա չի կարող, — շտապ վրա տվեց Արծվառյուծը և դիմեց աղջկան, — հաջորդ քառյակն ասա:
— Բայց ինչպես... Բայց նա ինչպես էր կարողանում քթով գոտին շտկել, ձիգ կոճկվել, — համառեց Կեղծ Կրիան:
— Երևի պարել էր սովորում, — Ալիսն այնպես էր մոլորվել, որ չգիտեր ինչպես շեղել խոսակցության նյութը:
— Դե շուտ, մյուս քառյակն ասա, — անհամբերությամբ կրկնեց Արծվառյուծը, — այն սկսվում է՝ «Անցնում էի ես պարտեզով...»:
Ալիսը չհամարձակվեց հակաճառել, չնայած համոզված էր, որ ամեն ինչ սխալ է ստացվելու ու դողացող ձայնով շարունակեց.
<poem>Անցնում էի ես պարտեզով, մեկ էլ տեսնեմ ծառիփ տակ
Բուն ու Հովազն ընկերացած կիսում էին կարկանդակ:
Հովազն իսկույն իրեն վերցրեց կարկանդակն ու տակինը,
Իսկ պնակը Բվին թողեց որպես նրա բաժինը:
Անուշ արեց կարկանդակը ու թույլ տվեց, որ խեղճ բուն
Մի լավ լպստի գդալը, հետո իր հետ տանի տուն:
Մինչդեռ իր գրպանը դրեց պատառաքաղ ու դանակ
Ու խնջույքը եզրափակեց՝ զիլ ոռնալով ծառի տակ:</poem>
— Ի՞նչ օգուտ այդ ցնդաբանությունից, եթե չես կարողանում բացատրել, — ընդհատեց Կեղծ Կրիան, — կյանքումս նման խառնաշփոթ բան չեմ լսել:
— Ճիշտ է, լավ կանես այլևս չշարունակես, — ասաց Արծվառյուծը:
Սրա վրա Ալիսն անչափ ուրախացավ:
— Ուզում ես փորձենք Խեցգետնի Կադրիլի մի ուրիշ ձև, — շարունակեց Արծվառյուծը, — թե ուզում ես, որ Կեղծ Կրիան մի ուրիշ երգ երգի:
— Թող երգի, երգի, եթե իհարկե դեմ չէ, — Ալիսը թախանձեց այնպես ջերմագին, որ Արծվառյուծը խիստ վիրավորվեց:
— Հըմ, ճաշակն ընկեր չունի: Լսիր, բարեկամ, երգիր «Կրիայի ապուրը»:
Կեղծ Կրիան խոր հառաչեց ու սկսեց հեկեկանքից խզվող ձայնով մռլտալ:
<poem>Ապուր գեղեցիկ՝ ով չի ցանկանում,
Սպասում է մեզ ապուրամանում,
Տաք, համով ապուր, տաք, համով վռիկ,
Ապուր իրիկվա, ապուր գեղեցիկ,
Ապուր իրիկվա,
Տաք, համով վռիկ:
Ապուր գեղեցիկ,
Տաք, համով վռիկ,
Ապուր գեղեցիկ:
Ապուր գեղեցիկ՝ տաք-տաք ամանում,
Մուկ ու թռչնի միս ով է ցանկանում,
bpp կա տաք վռիկ, այնքան գեղեցիկ,
Շատ էժան վռիկ, այնքան գեղեցիկ:
Ապուր իրիկվա,
Ապուուուր գեղեցիիքւկ,
Տաք, համով վռիկ՝
ԱՊՈՒՐ ԳԵՂԵՑԻԿ:
Ապուր իրիկվա,
Տաք, համով վռիկ՝
Ապուր գեղեցիկ:</poem>
— Նորից կրկներգը, — գոռաց Արծվառյուծը:
Կեղծ Կրիան հենց նոր էր սկսել, երբ հանկարծ հեռվից լսվեց.
— Ատյա՛նն է գալիս:
— Գնացինք, — բացականչեց Արձվառյուծը և Ալիսի ձեռքից բռնելով առաջ սլացավ, առանց սպասելու երգի ավարտին:
— Ի՞նչ ատյան, — հևալով հարցրեց Ալիսը:
Արծվառյուծը միայն ասաց.
— Գնացինք, — և ավելի արագ վազեց:
Քամին մեղմորեն նրանց ականջին էր հասցնում երգի մելամաղձոտ հնչյունները, որոնք գնալով կամաց-կամաց մարում էին.
<poem>Ապուր իրիկվա,
Տաք, համով վռիկ՝
Ապուր գեղեցիկ:</poem>