Changes
Բայց պատմության մեջ հաշտության և բանականության հաղթանակի րոպեները կարճատև են ու վաղանցուկ։ Եթե տաճարում, ընդհանուր աղոթքի մեջ բարեպաշտորեն ի մի են հյուսվում ձայները, ապա նրա պատերից դուրս, վանքի մենախցում, ուսյալ վանական Գեննադիոսն արդեն մերկացնում է լատիններին և ճշմարիտ հավատի դավաճանությունը։ Այն կապը, որ հազիվհազ ամրանում էր բանականության շնորհիվ, կրոնական ֆանատիզմն իսկույնևեթ քանդում է։ Ու եթե հունադավան հոգևորականությունը չի էլ մտածում անկեղծորեն ենթարկվելու մասին, ապա Միջերկրական ծովի մյուս ծայրին հռոմեական հոգևորականությունը մոռացության է տալիս օգնության խոստումը։ Ճիշտ է, մի քանի թիանավ է առաքվում և մի քանի հարյուր զինվոր, բայց հետո քաղաքը թողնվում է բախտի քմահաճույքին։
== Պատերազմը սկսվում Է ==
Պատերազմ նյութելիս բռնակալները, եթե դեռևս լիակատար զինված չեն՝ հաճությամբ են բարբաջում խաղաղության մասին։ Այդպես էլ Մահմուդը, գահ բարձրանալուց հետո, Կոստանդինոս կայսեր դեսպաններին ընդունելիս հենց նրանց է ամենից ավելի շռայլում իր ամենաբարեհաճ և հանգստաբեր խոսքերը։ Նա, հրապարակավ և հանդիսավոր, երդվում է աստծով ու մարգարեով, հրեշտակներով ու ղուրանով, որ սրբությամբ կպահպանի բասիլևսի հետ կնքած դաշնագրերը։ Եվ միաժամանակ այդ երկերեսանին համաձայնագիր է կնքում հունգարների ու սերբերի հետ երեք տարի երկկողմանի չեզոքություն պահպանելու մասին, հենց այն երեք տարին, որոնց ընթացքում մտադիր է անարգել նվաճել Կոստանդնուպոլիսը։ Եվ իսկույն, խաղաղության մասին խոսքեր շռայլելուց և խաղաղություն պահպանելու երդումներ տալուց անմիջապես հետո, Մահմուդը երդմնազանց է դառնում և պատերազմ է հրահրում։