Changes
/* ԳԼՈՒԽ ԻՆՆԵՐՈՐԴ Կեղծ կրիայի պատմությունը */
— Չես կարող պատկերացնել, սիրելի փոքրիկս, թե ինչքան ուրախ եմ քեզ նորից տեսնելու համար,— Դքսուհին քնքշորեն թևանցուկ արեց Ալիսին, և նրանք առաջ շարժվեցին։
Ալիսին ոաճելի էր, որ Դքսուհին լավ տրամադրության մեջ էր և մտաօեց, թե գուցե պղպեղն էր պատճառը, որ նրան այդքան չարացրել էր իրենց առաջին հանդիպման ժամանակ։
— Երբ ես Դքսուհի լինեմ, — ասաց նա ինքնիրեն, — (բայց դա այնքան էլ հավանական չէր) բոլորովին պղպեղ չեմ պահի իմ խոհանոցում։ Ապուրներն առանց դրան էլ համով են։ Պղպեղից մարդիկ դյուրագրգիռ են դառնում, — նա անչափ գոհ մնաց իր հայտնագործությունից։ — Քացախը մարդկանց թթվեցնում է, երիցուկը դառնացնում է, իսկ գարու շաքարը երեխաներին քաղցրացնում է։ Երանի մարդիկ իմանային այս ամենը և քաղցրավենիք գնելիս այդքան ժլատ չլինեին։
Նա լրիվ մոռացել էր Դքսուհուն և անակնկալի եկավ, երբ ականջի մոտ լսեց նրա ձայնը.
— Դու ինչ-որ բանի մասի՞ն ես մտածում, սիրելի՛ս, և մոռացե՞լ ես խոսելը։ Ես հիմա չեմ կարող ասել, թե այստեղից ինչ բարոյախոսություն է բխում, բայց քիչ անց կհիշեմ։
— Գուցե, ոչ մի բարոյախոսություն էլ չկա՞, — համարձակվեց նկատել Ալիսը։
— Դե, դե, երեխա, — խոսելիս Դքսուհին պինդ սեղմվեց Ալիսին, — ամեն ինչ իր բարոյախոսությունն ունի, եթե միայն կարողանաս գտնել։
Ալիսին ամենևին դուր չեկավ Դքսուհու ջերմ վերաբերմունքը, նախ Դքսուհին շատ տգեղ էր, երկրորդ, լինելով իր հասակին՝ սուր կզակը դրել էր Ալիսի ուսին։ Չցանկանալով կոպիտ լինել, աղջիկը հնարավորին չափ դիմանում էր։
— Խաղն այժմ ավելի լավ է ընթանում, — Ալիսը շեղեց խոսակցությունը։
— Ճիշտ է, — համաձայնեց Դքսուհին, — իսկ դրա բարոյախոսությունը հետևյալն է. «Ո՜հ, սեր, ո՜հ, սեր, դու պտտեցնում ես երկրագունդը»։
— Ինչ—որ մեկն ասել է, — շշնջաց Ալիսը, — երկրագունդը պտտվում է այն պատճառով, որ ամեն ոք զբաղվում է իր գործով։
— Դե, իհարկե, դա նույն բանն է, — սուր ծնոտն աղջկա ուսը խրելով ավելացրեց Դքսուհին, — իսկ դրա բարոյախոսությունը՝ «Մտածեք՝ իմաստի մասին, իսկ բառերն իրենք իրենց կգան»։
«Ինչքա՜ն շատ է սիրում ամեն տեղ բարոյախոսություն գտնել», — զարմացավ աղջիկը։
— Համարձակվում եմ ասել, որ դու մտածում ես, թե ինչու ձեռքս չեմ դնում մեջքիդ, — մի փոքր դադարից հետո սկսեց Դքսուհին, — որովհետև քո կարմրաթևիկն ինձ կասկածելի է թվում, բայց և այնպես կփորձեմ։
— Նա կարող է կծել, — զգուշությամբ նկատեց Ալիսը, որովհետև ցանկություն չուներ, որ Դքսուհին գրկեր իրեն։
— Շատ ճիշտ է, — հաստատեց Դքսուհին, — կարմրաթևիկը կծում է մանանեխի պես։ Սա էլ մեկ ուրիշ բարոյախոսություն. շունը շան թաթ չի կծի։
— Միայն թե մանանեխը թռչուն չէ։
— Ճիշտ է, ինչպես միշտ, խելքդ ամեն բան կտրում է։
— Ինձ թվում է՝ մանանեխը ուրիշ կենդանի է։
— Իհարկե ուրիշ կենդանի է, — Դքսուհին պատրաստ էր համաձայնություն տալու այն ամենին, ինչ կասեր Ալիսը, — այս անտառում մանանեխի շատ որջեր կան, իսկ սրա բարոյախոսությունը ավելի լավ է կենդանի լինել, քան անկենդան։
— Հիշեցի, — բացականչեց՛ Ալիսը, որը չէր լսել Դքսուհու վերջին խոսքերը, — դա բանջարեղեն է, չնայած նման էլ չէ։
— Լրիվ համաձայն եմ քեզ հետ, իսկ այստեղից բխում է հետևյալը, «եղիր այնպիսին, ինչպիսին որ կաս» կամ եթե ուզում ես, ավելի պարզ ասեմ. «Երբեք մի պատկերացրու քեզ այլ կերպ, քան այն, ինչ կարող է թվալ ուրիշներին, որպեսզի այն, ինչ դու էիր կամ կարող էիր լինել, ոչ այլ ինչ էր, եթե ոչ այն, ինչ դու էիր կամ թվում էիր ուրիշներին, այլ կերպ լինելով»։
— Գուցե ես ավելի լավ հասկանամ, — քաղաքավարությամբ ասաց Ալիսը, — եթե գրի առնեմ այն, բայց չեմ կարողանում հետևել ձեր ասածին։
— Դա ոչինչ...է համեմատած այն բանի հետ, որ հիմա կասեմ, եթե ցանկանամ, — գոհ պատասխանեց Դքսուհին։
— Խնդրում եմ, ձեզ մի տանջեք՝ ավելի երկար նախադասություններ ասելով։
— Բայց մի՞թե դա տանջանք է, — զարմացավ Դքսուհին, — ես քեզ եմ նվիրում այն բոլորը, ինչ մինչև հիմա ասել եմ։
«Շատ աննշան նվեր է։ Լավ է, որ ծննդյան տարեդարձի նվերներն այդպիսին չեն լինում», — մտածեց Ալիսը, բայց չհամարձակվեց բարձրաձայն արտահայտվել։
— Նորից մտքերի մեջ ընկար, — սուր ծնոտի մի ուժգին հարվածով հարցրեց Դքսուհին։
— Ես իրավունք ունեմ մտածելու, — կտրուկ պատասխանեց աղջիկը, որովհետև արդեն սկսել էր փոքր ինչ անհանգստանալ։
— Ճիշտ այնպիսի իրավունք, ինչպիսին ունեն խոզերը թռչելու, — վրա տվեց Դքսուհին, — և դրա բա...
Բայց այստեղ, ի զարմանս Ալիսի, Դքսուհու ձայնը մարեց, նույնիսկ իր ամենասիրած՝ բարոյախոսություն բառի վրա, և թևն սկսեց զողալ։ Ալիսը վեր նայեց։ Նրանց դիմաց ձեռքերը խաչաձևած, ամպի նման մռայլ կանգնել էր Թագուհին։
— Գեղեցիկ օր է, ձերդ գերազանցություն, — ցածր ու դողդոջուն սկսեց Դքսուհին։
— Այժմ ես քեզ վերջին անգամ եմ զգուշացնում, — ոտքը գետնին խփելով բղավեց Թագուհին, — կամ դու կթռչես, կամ քո գլուխը, և այդ կատարվելու է կես րոպեում։ Ընտրի՛ր։
Դքսուհին ընտրություն կատարեց և մի ակնթարթում չքացավ։
— Շարունակիր խաղը, — Ալիսին դիմեց Թագուհին, աղջիկն այնպես էր վախեցել, որ լուռ քայլեց նրա հետևից դեպի խաղադաշտ։
Մյուս հյուրերը, օգտվելով Թագուհու բացակայությունից, հանգստանում էին ստվերում, բայց հենց որ տեսան նրան, շտապ վերսկսեցին խաղը։ Նա միայն թռուցիկ ասաց, որ մեկ րոպեի հապաղումը կարժենա նրանց կյանքը։ Թագուհին շարունակ վիճում էր խաղացողների հետ և բղավում. «Կտրե՛լ նրա գլուխը, կտրե՛լ սրա գլուխը»։
Մահվան դատապարտվածներին հսկողության տակ էին վերցնում զինվորները։ ճրամանն ի կատար ածելու համար նրանք դադարում էին դարպաս լինելուց, այնպես որ կես ժամ անց ոչ մի դարպաս չմնաց, որովհետև բոլորը՝ Թագավորից, Թագուհուց և Ալիսից բացի, գտնվում էին հսկողությանդ տակ։
Ի վերջո, Թագուհին շնչասպառ, եղավ հրամաններ արձակելուց և դիմելով Ալիսին՝ հարցրեց.
Դու դեռ չե՞ս տեսել Կեղծ Կրիային։
— Ոչ, — զարմացավ Ալիսը, — ես նույնիսկ չգիտեմ, թե դա ինչ բան է։
— Նրանից ապուր են պատրաստում, — բացատրեց Թագուհին։
— Ես այդպիսի բան ոչ տեսել եմ, ոչ էլ լսել, – եզրակացրեց Ալիսը։
— Դե, ուրեմն, — առաջարկեց Թագուհին, — գնանք նրա մոտ, և նա քեզ կպատմի իր պատմությունը։
Երբ միասին առաջ էին շարժվում, Ալիսը լսեց, թե ինչպես Թագավորը ցածրաձայն ասաց բոլոր ներկա գտնվողներին.
— Դուք ներված եք։
«Ա՜յ քեզ հիանալի բան», — ուրախացավ աղջիկը, նա։
Իրեն այնքան դժբախտ էր զգում, որ Թագուհին այդքան շատ մարդկանց մահվան էր դատապարտել։
Շուտով նրանք մոտեցան արևի տակ խոր քնած Արծվառյուծին։ (Եթե դուք չգիտեք, թե ինչ բան է Արծվառյուծը, նայեք նկարին)։
–Վե՛ր կաց, ծույլի մեկը և այս երիաասարդ օրիորդին տար Կեղծ Կրիայի մոտ: Ես պետք է գնամ ներկա գտնվելու մահապատժին, — Արծվառյուծին դիմեց Թագուհին և, նրանց մենակ թողնելով, հեռացավ։ Ալիսին՜բոլորովին դուր չեկավ թռչունը, բայց ավելի ապահով էր մնալ նրա հետ, թան թե հետևել կատաղած Թագուհուն։
Արծվառյուծը ելավ, շփեց աչքերը, հետո նայեց Թագուհու հետևից այնքան, մինչև վերջինս անհետացավ, ապա կամացուկ քրքջաց.
— Ծիծաղելի է, — ասաց Արծվառյուծը, չգիտես՝ ինքն իր հետ էր խոսում, թե Ալիսի։
— Ի՞նչն է ծիծաղելի։
— Դե իհարկե նա, այդ ամբողջը նրա, երևակայության արդյունքն է։ Գիտես, նրանք երբեք մարդ չեն գլխատում։ Գնացինք։
— Այստեղ բոլորն ասում են՝ «Գնացինք», — դժգոհեց Ալիսը և դանդաղ հետևեց Արծվառյուծին, — իմ կյանքում ինձ երբեք այդքան չեն հրամայել։
Նրանք այնքան էլ չէին գնացել, երբ հեռվից նկատեցին Կեղծ Կրիային՝ տխուր ու մենակ նստած ժայռի բեկորին։ Երբ մոտ եկան, լսեցին նրա խոր հառաչները, կարծես տառապյալ լիներ։ Ալիսը սրտանց խղճաց Կրիային։
— Ի՞նչ վիշտ ունի, — հարցրեց նա Արծվառյուծին։
Արծվառյուծը պատասխանեց համարյա նույն խոսքերով, ինչ որ ասել էր Թագուհու հասցեին։
— Այդ ամբողջը նրա երևակայության արդյունքն է, նա ոչ մի վիշտ էլ չունի։ Գնացինք։
Երբ ավելի մոտեցան, նրանց տեսնելուն պես Կեղծ Կրիան բարձրացրեց իր թախծոտ, արցունքով լի աչքերը։
— Ահա այս երիտասարդ օրիորդը, — ասաց Արծվառյուծը, — ուզում է լսել քո պատմությունը։
— Ես կպատմեմ նրան, — խուլ ու հուսահատ խոսեց Կեղծ Կրիան, — նստեք և մինչև վերջացնելս ոչ մի ծպտուն չհանեք։
Նրանք նստեցին և մի քանի րոպե ոչ մեկը ոչ մի ձայն չհանեց։
Ալիսը մտածում էր. «Չգիտեմ, թե նա ինչպես է վերջացնելու, երբ դեռ չի էլ սկսել», բայց համբերությամբ սպասում էր։
— Մի ժամանակ, — վերջապես սկսեց Կեղծ Կրիան ծանր հոգոցով, — ես իսկական Կրիա էի։
Այս խոսքերին հաջորդեց երկարատև դադար, որ ժամանակ առ ժամանակ խախտվում էր Արծվառյուծի կռնչոցներով և Կեղծ Կրիայի անվերջանալի սրտաճմլիկ հեկեկանքներով։ Ալիսն ուզում էր կանգնել ու ասել. «Շնորհակալություն ձեր հետաքրքիր պատմության համար», բայց մտածեց, որ այս բոլորին ինչ–որ բան է հաջորդելու, ուսաի գերադասեց լռել։
— Երբ մենք փոքր էինք, — շարունակեց Կեղծ Կրիան, որն այժմ քիչ թե շաա հանգստացել էր, չնայած, երբեմն հեծկլտում էր, — ծովային դպրոց էինք գնում։ Մեր ուսուցիչը ծեր Կրիա էր։ Մենք նրան Չախմախ էինք անվանում։
— Ինչո՞ւ էիք Չախմախ անվանում, — հարցրեց Ալիսը։
— Շատ պարզ, որովհետև նա ախմախ չէր... Իսկապես, դու շատ բութ ես, — զայրացած շպրտեց Կեղծ Կրիան։
— Անհարմար չե՞ս զգում, այդպիսի հասարակ հարց ես տալիս, — ամոթանք տվեց Արծվառյուծը։
Հետո նրանք լռեցին և այնպիսի հայացք նետեցին խեղճ աղջկա վրա, որ սա ամոթից քիչ էր մնում գետինը մտներ։
Վերջապես Արծվառյուծը ասաց Կեղծ Կրիային.
— Շարունակի՛ր, բարեկամ։ Պատմությունդ մի ձգիր ամբողջ օրը։
Կեղծ Կրիան կրկնեց նույն խոսքերը.
— Այո, մենք ծովային դպրոց էինք գնում,— և դիմելով Ալիսին, ասաց, — բայց դու կարող ես չհավատալ դրան։
— Ես բոլորովին էլ չասացի, որ չեմ հավատում, — ընդմիջեց Ալիսը։
— Ո՜չ, ասացիր, — պնդեց Կեղծ Կրիան։
— Լեզուդ քեզ քաշիր, — բղավեց Արծվառյուծը, մինչ Ալիսը կբանար բերանը։
Կեղծ Կրիան վրա բերեց.
— Մենք ամենալավ կրթությունն էինք ստանում, փաստորեն ամեն օր դպրոց էինք հաճախում։
— Ես էլ եմ սովորել ամենօրյա դպրոցում, դա ինչ հպարտանալու բա՞ն է որ։
— Արտադասարանային առարկաներ անցնու՞մ էիք, — նկատելիորեն անհանգստացած հարցրեց Կեղծ Կրիան։
— Այո, մենք սովորում էինք ֆրանսերեն ու երաժշտություն, — պատասխանեց Ալիսը։
— Իսկ լվացք անե՞լ, — կրկին հարցրեց Կեղծ Կրիան։
— Իհարկե ոչ, — արհամարհանքով նետեց Ալիսը։
— Դե, ուրեմն ձեր դպրոցն այնքան էլ լավը չէր, — մեծ ափսոսանքով ասաց Կեղծ Կրիան, — իսկ մեր դպրոցում ծրագրի վերջում գրված էր. «Ֆրանսերեն, երաժշտություն և լվացք՝ դասերից հետո»։
— Դուք երևի դրա կարիքը այնքան էլ չէիք զգում, — ասաց Ալիսը, — որովհետև ապրում էիք ծովի հատակում։
— Ես չէի կարող սովորել այդ առարկաները, — հառաչեց Կեղծ Կրիան, — ես միայն հիմնական դասընթացն էի անցնում։
— Իսկ ի՞նչ առարկաներ էին դրանք։
— Սկզբում, անշուշտ, մրել—կարթել, — բացատրեց Կեղծ Կրիան, — իսկ հետո թվաբանության չորս գործողությունները՝ գուշակել, մանել, ցանկապատել, բարակել։
— Ես երբեք «ցանկապատման» մասին չեմ լսել, դա ի՞նչ բան է։
Արծվառյուծը զարմանքից բարձրացրեց Թևերը։
— Երբեք չե՞ս լսել «ցանկապատելու» մասին, — բացակաչեց նա, — դու երևի գիտես, թե ի՞նչ է «այգի գցելը»։
— Այո, — թերահավատորեն ասաց Ալիսը, — դա նշանակում է ծառապատել մի որոշ տարածություն։
— Դե, եթե դու չգիտես, թե ինչ բան է «ցանկապատելը», — շարունակեց Արծվառյուծը, — ուրեմն դու ապուշ ես։
Ալիսն այլևս չհամարձակվեց հարցեր տալ և դիմեց Կեղծ Կրիային.
— Ուրիշ ի՞նչ առարկաներ էիք անցնում։
— Հին դարերի և նորագույն մատնություն, — պատասխանեց Կեղծ Կրիան և սկսեց մաշկաթաթերի վրա հաշվել առարկաները, — Հին ու նոր դարերի մատնություն, ջրագրության հետ միասին, և հետո բծագրություն։ Այդ առարկայի դասատուն՝ ծեր Բծավոր Կարմրախայտը շաբաթը մեկ անգամ էր գալիս։ Նա մեզ սովորեցնում էր կարմրել և խայտալ ծանծաղուտների մեջ։
— Իսկ ինչպե՞ս էիք անում այդ բոլորը։
— Դե, հիմա չեմ կարող ցույց տալ, որովհետև շատ եմ գեր, իսկ Արծվառյուծը նման բան չի սովորել։
— Ժամանակ չունեի, — ասաց Արծվառյուծը, — ես դասական լեզուների ուսուցչի մոտ էի գնում, նա մի ծեր խեցգետին էր։
— Ես երբեք նրա մոտ չեմ սովորել, — հառաչեց Կրիան, — ասում են, նա ուսուցանում էր հիներեն ու սատիներեն։
— Ճիշտ է, — իր հերթին հառաչելով ասաց Արծվառյուծը և երկու արարածներն իրենց դեմքերը թաքցրին մաշկաթաթերի մեջ։
— Իսկ մի օրվա մեջ քա՞նի դաս էիք անում, — հարցրեց Ալիսը, շտապելով փոխել խոսակցության նյութը։
— Առաջին օրը՝ տասը, — պատասխանեց Կեղծ Կրիան, — իսկ հաջորդ օրը՝ ինը, և այսպես շարունակ։
— Ի՜նչ հետաքրքիր դասացուցակ է։
— Այդ պատճառով էլ դրանք դասեր են կոչվում, — նկատեց Արծվառյուծը, — որովհետև դասավորվելով պակասում են։
Սա Ալիսի համար մի նոր հայտնություն էր և նախքան նոր հարց տալը մի պահ մտածեց այդ մասին։
— Ուրեմն տասնմեկերորդ օրը պետք է տոն լիներ։
— Անկասկած, — պատասխանեց Կեղծ Կրիան։
— Իսկ ի՞նչ էիք անում տասներկուերորդ օրը, — աշխույժ հարցրեց Ալիսը։
— Բավական է դասերի մասին խոսենք, — վճռական ձայնով ընդհատեց Արծվառյուծը, — այժմ նրան խաղերի մասին պատմիր։
== ԳԼՈՒԽ ՏԱՍՆԵՐՈՐԴ <br /> Խեցգետնի կադրիլը ==