Changes

Պահապանները

Ավելացվել է 16 613 բայտ, 07:04, 3 Հունիսի 2014
/* Գլուխ չորրորդ․ Ուղիղ դեպի սնկերը */
― Դեհ, պարոն Փերեգրին, ― հարցրեց նա, ― որտեղի՞ց եք գալի, ո՞ւր եք գնում։ Եթե ինձ մոտ եք եկել՝ ապա քիչ էր մնում կողքովս անցնեիք։
― Ձեզ մոտ ենք եկել, բայց ոչ լրիվ ձեզ մոտ, ― պատասխանեց Փինը։ ― Ճիշտն ասած, քանի որ դուք արդեն գլխի եք ընկել, ուրեմն մենք ակամա ընկանք այստեղ։ Լաստանավի ճամփին անտառում մոլորվեցինք։
― Որ շտապում էիք, ուրեմն ավելի լավ էր ճանապարհով գնայիք, ― նկատեց տանտերը։ ― Չնայած բանն այդ չէ։ Դե լավ, մնացեք ինձ մոր, ման եկեք, ազատ, անարգել։ Դուք նույնպես, պարոն Պարկինս․․․ Թեպետ սունկի հարցում ո՞նց եք։ Առաջվա նմա՞ն, ― նա հռհռաց։ ― Այո, ա՛յ, տեսնո՞ւմ եք, հիշում եմ, հիշում եմ փոքրիկ Ֆրոդո Պարկինսին։ Այ թե ավազակն էր, հա՜․․․ Ձեր ազգանունը, ճիշտն ասած, մոռացել էի, բայց հիշեցրին։ Էսօրվա եկողը, ձեր կարծիքով, ինչի՞ մասին էր հարցնում․․․
 
Նրանք սպասում էին անհամբերությունը զսպելով։
 
― Այո՜ս, ― անշտապ ու հաճույքով ասաց Անգեղը, ― սեւուկի վրա մոտեցավ բաց դարպասին ու խցկվում է դռնկից։ Սեւ, ամբողջապես սեւերի մեջ, դեպքը չի երեւում, ասես վախենում է, որ կճանաչեմ։ Ես էլ մտածում եմ․ «Մի սրա՜ն տեսեք։ Էս ի՞նչի է հասել մեր Հոբիթստան։ Սահմանը մոտիկ է, ով ասես թրեւ է գալիս»։ Ճիշտ է, օրումս դրա նմանը չէի տեսել։ Դուրս եմ գալիս։ «Դեհ, ― ասում եմ, ― բարով, ի՞նչ կա։ Էդ դուք սխալ եք եկել, նորից հետ գնացեք, ճանապարհը դուրս կգաք»։
 
Նա ինձ դուր չեկավ․ նույնը եւ Բռնիկին՝ դուրս վազեց, հոտոտեց, պոչը քաշեց տակն ու վնգստաց։ Իսկ նա, սեւը, նստել է ու չի շարժվում։ «Ես հեռվից եմ, ― խոսում է ցածր, խուլ, կարծես ձայն չունի, ու արեւմուտքի կողմն է նայում, ուրեմն, իմ հողի միջով․․․ ― Պարկինսն այստե՞ղ է»։ Իսկ ինքը շվշվոցով է խոսում, ֆսֆսացնում ու կռանում է վրաս։
 
Կռանում է, իսկ դեմք չկա, գլխաշորի տակից մի անցք է երեւում։ Էստեղ դող ընկավ մարմինս։ Դոհ, դողը՝ դող, բայց ո՞ւր է խցկվում, երբ իրեն չեն խնդրո՞ւմ․․․
 
«Դե, քաշվիր էստեղից, ― ասում եմ։ ― Էստեղ քեզ ինչ Պարկինս, ինչ բան։ Սխալ տեղ ես մտել։ Պարկինսները Նորգորդում են ապրում, շուռ արի ու գնա, մենակ թե ո՛չ իմ հողով, ասում եմ, այլ ճանապարհով»։
 
«Պարկինսն այնտեղ չէ, ― շշնջում է, իսկ նրա շշնջոցը ֆսֆսոցով է։ ― Պարկինսն այստեղ է եկել։ Նա այստեղ է, մոտիկ։ Եթե նա հայտնվի ու դու ինձ ասես՝ ոսկի կբերեմ»։
 
«Բեր, բեր, ― ասում եմ, ― միայն թե ո՛չ ինձ։ Իսկ հիմա չքվի՛ր, քանի ողջ առողջ ես, թե չէ որ շներին բաց եմ թողել․․․»։
 
Նա ֆշշացրեց, ասես ձեռ առավ ինձ ու ձին քշեց վրաս։ Հազիվ հասցրի հետ թռչել, իսկ նա ձին ասպանդակեց ու դուրս եկավ ճանապարհ, եւ գնա ու իմացիր ով էր, ի՜նչ էր․․․ Դեհ, իսկ դուք ո՞ւր եք գնում․․․
 
Ֆրոդոն նայում էր կրակին ու մտածում, թե հիմա ինչպե՞ս պետք է հասնեն լաստանավ։
 
― Չգիտեմ, թե ձեզ ինչ ասեմ, ― ծիծաղեց նա։
 
― Չգիտե՞ս, ուրեմն լսիր ինչ որ կասեն, ― խորհուրդ տվեց Անգեղը։ Է՜հ, պարոն Ֆրո՛դո, պարոն Ֆրո՛դո, ախր ինչ կար էդ Նորգորդում։ Էնտեղի ժողովուրդը վատն է (Սամը աթոռի վրա շարժվեց եւ խիստ նայեց Անգեղին)։ Այ միշտ էլ էդպես եք եղել, չի լինի, որ սկզբից մտածեք, մի բան էլ խորհրդակցեք։ Հենց լսեցի, որ դուք հեռացել եք մոտիկ հարազատներից՝ Բրենդիզայքներից, ու կպել պապի եղբորը, դե ասում եմ, լավ բան չսպասես։ Ծեր Բիլբոն ճաշն եփել է, իսկ պետք է ուտեք դուք։ Նա հո հարստությունը արդար քրտինքով չի՞ ձեռք գցել հեռավոր երկրներում։ Իսկ հիմա էլ մարդիկ են գտնվել, որոնց համար շատ հետաքրքիր է, թե էդ ո՞ւմ գանձերն են թաղված նրա մոտ, Նորգորդում։
 
Ֆրոդոն լռեց։ Փնթփնթան Անգեղը ճիշտ նշանակետին էր խփում։
 
― Այ, էսպիսի բաներ, պարոն Ֆրոդո, ― շարունակեց նա։ ― Լավ է, գոնե խելք եք արել, որ վերադառնում եք հարազատ վայրեր։ Ականջ դրեք բարի խորհրդիս՝ վերադարձե՞լ եք, ուրեմն, սուսուփուս ապրեք ձեզ համար։ Օտարների հետ գլուխ չդնեք։ Ձեր այստեղ եղած բարեկամներն էլ ձեզ հերիք են, ճիշտ եմ ասում։ Իսկ եթե էն սեւը նորից երեւա, արդեն ես նրա հաշիվը կմաքրեմ, ուզում եք կասեմ, որ դուք ընդմիշտ մեկնել եք Հոբիթստանից, կամ էլ թե չէ մեռել եք։ Դե նրանք երեւի ոչ թե ձեզ են հետապնդում, այլ պարոն Բիլբոյին, դուք պետք է ձեր ազգանունը փոխեք։
 
― Թերեւս, դուք ճիշտ եք, ― համաձայնեց Ֆրոդոն, աչքը կրակից չկտրելով։
 
Անգեղը մտազբաղ նայեց նրան։
 
― Դուք, տեսնում եմ, ուզում եք ձեր խելքով ապրել, ― նկատեց նա։ ― Այն էլ ասենք, որ արդեն ժամանակն է։ Դե էդ սեւի մասին էլ, երեւում է, որ ինձնից էլ շատ գիտեք, հազիվ թե ես զարմացրի ձեզ։ Գիտեք, ուրեմն, ձեր իմացածը ձեզ պահեք, ես հետաքրքրասեր չեմ։ Բայց երեւում է, որ ձեր սիրտն անհանգիստ է։ Մտածում եք, ո՞նց սուսիկ֊փուսիկ հասնեք լաստանավ, չէ՞։
 
― Մտածում եմ, ― խոստովանեց Ֆրոդոն, ― մենակ թե այստեղ մտածելու բան չկա, հարկավոր է գնալ եւ ինչ լինելու է թող լինի։ Շնորհակալություն ձեր բարության համար։ Ախր ես ձեզնից եւ ձեր շներից, չեք հավատա, երեսուն տարի վախեցել եմ։ Հիմարություն է, իհարկե։ Եթե մի հուսալի բարեկամ ունենայի․․․ Էհ, ափսոսում եմ, որ ձեզնից բաժանվում եմ։ Դե, գուցե դեռ կգամ այցի, այն ժամանակ էլ կնստենք, կզրուցենք։
 
― Միշտ համեցեք, ― ասաց Անգեղը։ ― Իսկ առայժմ ինձ լսեք։ Օրն իրիկնանում է, մեր ընթրելու ժամն է։ Չէ՞ որ մենք պառկում ու վեր ենք կենում արեւի հետ։ Գուցե մեզ հետ կընթրե՞ք։
 
― Շատ շնորհակալ ենք, ― ասաց Ֆրոդոն։ ― Միայն վախենում եմ, որ չուշանանք։ Առանց այդ էլ գիշերվա կողը հազիվհազ տեղ հասնենք։
 
― Տա՛, տա՛, տա՛, էհ, շտապելուց չեք թողնում մի խոսք ասեմ։ Իսկ իմ ասածն ի՞նչ է․ կընթրենք, ես ծածկասայլ ունեմ, դե դրանով էլ ձեզ կտանեմ։ Էդպես արագ կհասնեք, եւ ապահով կլինի, թե չէ ի՜նչ իմանաս, ինչ կարող է պատահել։
 
Դա փոխում էր իրերի վիճակը, եւ Ֆրոդոն համաձայնեց հուրախություն իր ուղեկիցների։ Արեւը համարյա ծածյվել էր բլուրների հետեւում, աղջամուղջը թանձրանում էր։ Հայտնվեցին Անգեղի երկու որդիներն ու երեք աղջիկները․ հսկայական սեղանը մի րոպեում բացեցին։ Ուտելիքը մի դյուժին հյուրերի կբավականացներ։ Մոմեր բերեցին, բուխարիկը վառեցին։ Գարեջուր ինչքան ուզես կար։ Գլխավոր ճաշը՝ խոզապուխտով տապակած սունը, մի րոպեում կերան։ Կրակի մոտ պառկած շները ոսկորներ էին կրծում։
 
Ընթրիքից հետո Անգեղն ու որդիները լապտերները ձեռքներին գնացին սայլը պատրաստելու։ Երբ հյուրերը դուրս եկան, արդեն բոլորովին մութ էր։ Նրանք պարկերը դրեցին սայլի մեջ եւ իրենք էլ տեղավորվեցին։ Անգեղը սանձով խփեց երկու լավ կերակրված պոնիների կողերին։ Նրա կինը կանգնած էր լուսավորված դռան մեջ։
 
― Զգույշ եղիր, ― ձայն տվեց նա։ ― Օտարների հետ չկռվշտես, կհասցնես եւ՝ ուղիղ տուն։
 
― Լավ, ― ասաց Անգեղը, եւ սայլը դարպասից դուրս եկավ։
 
Շատ խաղաղ, բոլորովին անքամի, բայց զով գիշեր էր։ Գնում էին դանդաղ, առանց լապտերի, մինչեւ ամբարտակ՝ ճանապարհով, իսկ հետո՝ հողաթմբով։ Ճամփաբաժանում Անգեղն իջավ, նայեց այս ու այն կողմ՝ անթափանցելի խավար եւ ոչ մի ձայն։ Գետից մառախուղը քուլա֊քուլա բարձրանում էր ջրպատնեշի վրա ու սողում դաշտերը։
 
― Ա՜յ թե մո՜ւթ է, ― ասաց Անգեղը։ ― Դե հետ գնալիս լապտերը կվառեմ, իսկ հիմա գնանք։
 
Մինչեւ լաստանավ երկու֊երեք լիգ էր մնում։ Հոբիթները թիկնոցներով պինդ փաթաթված նստել էին․ լսվում էր միայն անիվների ճռճռոցը եւ սմբակների կտկտոցը։ Ֆրոդոյին թվում էր, թե սայլը չի գնում, այլ հազիվ սողում է։ Փինը ննջում էր, Սամը զգուշավոր նայում էր մառախուղի մեջ։
 
Վերջապես, աջից աղոտ սպիտակին տվեցին երկու բարձր սյուն՝ շրջադարձ դեպի լաստանավը։ Անգեղը ձգեց սանձափոկերը, սայլը մի պահ կանգ առավ ու սկսեց իջնել ստորոտը։ Նորից լռության վայրկյան․․․ Իսկ հետո բոլոր լսեցին այն ձայնը, որ վախենում էին լսել՝ սմբակների ընդհատ թխկթխկոցը։ Այն մոտենում էր գետի կողմից։
 
Անգեղը թռավ ցած, գրկեց ձիերի վզերը, որ պոնիները չֆռթկացնեն, եւ հայացքը սեւեռեց մշուշոտ խավարին։ Թրխկ֊թրխկ֊թրխկ, թխկթխկում էին սմբակները, եւ այդ ձայնը խուլ արձագանք էր տալիս գիշերվա պաղաղ օդում։
 
― Ավելի լավ է, դուք թաքնվեք, տեր իմ, ― շտապով տիրոջը խորհուրդ տվե Սամը։ ― Պառկեք սայլի հատակին եւ ծածկվեք ճյուղերով, իսկ մենք այդ ձիավորին մի կերպ ճանապարհ կդնենք։ ― Նա թռավ սայլից ու կանգնեց Անգեղի կողքին՝ հեծյալ է, թող հեծյալ լինի, միայն թե սկզբում թող իրեն տրորեն։
 
Թրխկ֊թրխկ֊թրխկ․․․ Հիմա կհասնի։
 
― Հեյ, ո՞վ է, ― գոռաց Անգեղը։
 
Սմբակների թխկթխկոցը լռեց։ Մի քանի քայլի վրա գժագրվեց թիկնոցավոր ձիավորի ուրվագիծը։
 
― Հապա մի կա՛նգ առ, ― հրամայեց Անգեղը։ Նա սանձափոկերը նետեց Սամին եւ քայլեց առաջ։ ― Կանգնիր, որտեղ որ կանգնած ես։ Քեզ ի՞նչ է պետք, ո՞ւր ես գնում։
 
― Ես պարոն Պարկինսի հետեւից եմ գնում։ Ձեզ այդպիսի մեկը չի՞ հանդիպել, ― խուլ հարցրեց մեկի ձայնը, շատ ծանոթ․․․ Դե, իհարկե, Մերի Բրենդիզայքն է։ Թիկնոցի տակից երեւաց լապտերը եւ լուսավորեց Անգեղի զարմացած դեմքը։
 
― Պարոնն Մերի՜, ― բացականչեց նա։
 
― Նույն ինքը։ Իսկ դուք կարծում էիք ո՞վ է, ― հարցրեց Մերին՝ հայտնվելով մառախուղի միջից ու սանձը թափահարելով։
 
Վախն իսկույն անցավ․ նրանց առջեւ ընդամենը մի հեծյալ հոբիթ էր իր պոնիով, բայց ականջները շարֆով փաթաթված։
 
― Ֆրոդոն սայլից թռավ նրա մոտ։
 
― Գտնվեցի՞ք, կորածնե՜ր, ― ուրախ ասաց Մերին։ ― Իսկ ես արդեն մտածում էի, որ ինչ֊որ տեղ նստել մնացել եք եւ ընթրիքին չեք հասցնի։ Մառախուն էլ մի կողմից պատեց։ Ես էլ գնացի ձորերն ստուգելու, թե չէ մեկ էլ տեսար մի տեղ ընկաք, ձեզ ազատողն ո՞վ է։ Եվ ահա, պատահում է, չէ՞, իրար չենք հանդիպել։ Իսկ դուք նրանց որտե՞ղ գտաք, պարոն Անգեղ։
 
― Պարզապես նրանք ճամփով չեն եկել, ― պատասխանեց նա։ ― Քիչ էր մնում շները բաց թողնեի նրանց վրա, համբերեք, իրենք ձեզ կպատմեն։ Իսկ հիմա, ուրեմն, ներող եղեք, պարոն Մերի, պարոն Ֆրոդո եւ մյուսներ, ես տուն պիտի գնամ։ Դե մեր տիկինը, ինքներդ էլ հասկանում եք, գիշերն էլ վրա տվեց․․․
 
Նա սայլը հետ շրջեց եկած ճանապարհի կողմը։
 
― Ուրեմն, բոլորին բարի գիշեր, ― ասաց նա։ ― Ա՜յ թե օր էր էսօրվա օրը, պատմես՝ չեն հավատա։ Լավ, ամեն ինչ լավ է, երբ լավ է վերջանում, դուք դեռ պետք է, իհարկե, տեղ հասնեք․․․ Դե կտեսնենք էլի․․․
 
Նա լապտերները վառեց ու ամբողջ հասակով կանգնեց։ Իսկ հետո հանկարծ մի հսկայական զամբյուղ հանեց նստարանի տակից։
 
― Էն է հա՜ մոռանում էի, ― ավելացրեց նա։ ― Էս կնոջս կոմից, մեջը մի քիչ բան կա, գուցե պետք գա՝ հատուկ ողջույններով պարոն Պարկինսին։
 
Նրանք հայացքով ուղեկցում էին աղոտ լապտերները, որ արագ անհետացան մթին գիշերվա մեջ։ Հանկարծ Ֆրոդոն ծիծաղեց․ նա պինդ փակված զամբյուղից զգաց տապակած սունկի գրգռիչ հոտը։
 
===Գլուխ հինգերորդ․ Դավադրության բացահայտումը===