Changes
[[Կատեգորիա:Արձակ]]
==ՆՎԻՐՈՒՄՆ==
<poem>::::::::::Գիրքս նվիրում եմ
::::::Հազարավոր եղբայրներիս,
::::::որ մնացին Կերչի թերակղզու բզկտված հողում,
::::::որ նեղուցի ջրերի վրա ընդմիշտ քնեցին,
::::::որ անցան աշխարհի փշոտ ճամփաներով՝
:::::::::ցավի ու ամոթանքի փշերը սրտերում,
::::::որ գերության ճամբարներում
:::::::::մեռան կարոտով ու պայծառ հավատով...
::::::որ ուժասպառ կռվեցին մահվան ու կարոտի դեմ,
::::::որ մեկիկ-մեկիկ ընկան
:::::::::սովից, տիֆից, թաքուն արցունքներից,
::::::որ կեղտի միջով պատիվը տարան առանց կեղտոտելու,
::::::որ արադար էին,
:::::::::բայց գնացին Բուդապեշտի փողոցներում արդարանալու,
::::::որ ընկան և ընկնելով արդարացան,
:::::::::բայց մնացին մեղավոր էլի ինը տարի,
::::::որ 1953-ի մարտին լաց եղան բոլորի հետ,
:::::::::թեև ծիծաղելու էր ժամանակը,
::::::Արև էր,
::::::Լույս էր և նրանց համար։</poem>
==ԸՆԹԵՐՑՈՂԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ==
Փողոցով անցնում ենք ես ու ընկերս՝ այս գրքի հերոս Տիգրան Բաղմանյանը։
Ես կարճահասակ եմ, Տիգրանը՝ բարձրահասակ, Տիգրանն ինձ նայում է վերից.
— Դե պատմիր, տղաս,— ասում է հովանավորի տոնով և այնպես բարձր, որ մեր կողքից անցնող երկու կլորերես աղջիկները փռթկացնում են։
— Մերսի սինյորա,— նրանց է դիմում Տիգրանը։
Աղջիկները կարկամում են.
— Ի՞նչ։
Տիգրանը հանում է լայնեզր գլխարկը.
— Մերսի։
Աղջիկները հեռանում են ծիծաղելով։ Տիգրանը նայում է նրանց հետևից հայրական գորովանքով ու կրկին դիմում է ինձ.
— Ի՛նչ սերունդ է աճում...
Ես ժպտում եմ։
Քաղաքում գրեթե բոլորը ճանաչում են նրան, բոլորը սիրում են՝ սկսած բուլվարում նստող ծերունիներից, որոնց համար նա ով գիտե ինչ հոգեշահ բառեր է գտնում, մինչև պատանիներն ու ջահել աղջիկները, որոնց հետ նա երբեմն «խիստ» է հայրաբար, երբեմն ուրախ կատակաբան, երբեմն թախծոտ հոգեկից, բայց միշտ՝ սրամիտ...
— Ա՜, Կարուզո, մեր խոնարհ հարգանքները, դարձյալ երգո՞ւմ ես։
Անծանոթը կանգնում է, ժպտում.
— Երգում եմ։
— Երգիր, Կարուզո, երգիր...
Անծանոթը ժպտում է.
— Իսկ շատերին դուր է գալիս։
Տիգրանը զարմանում է.
— Հավանո՞ւմ են։
— Հավանում են։
— Առանց խմելո՞ւ։
— Առանց խմելու։
— Փոշուց է,— հառաչում է Տիգրանը։
— Ո՞նց թե։
— Քաղաքի փոշին փչացնում է մարդկանց ճաշակը։
Անծանոթը կոտրված ժպտում է։
— Ծանոթացիր,— ասում է ինձ Տիգրանը,— հրաշալի կոշկակար էր, հետո երգեց։ Առայժմ մեծ հաջողություն չունի, թեև արդեն սովորել է «ր»֊ի փոխարեն «ռ» ասել։
Անծանոթը շփոթվում է.
— Դե լավ, էլի, տո...
Բայց Տիգրանն արդեն նրան չի նայում, ժպտում է, ձեռքը տարել է լայնեզր գլխարկին։
Դիմացից գալիս է մի նիհար աղջիկ.
— Միլեդի։
Աղջիկը հանկարծ քրքջում է։
— Տիգրա՞ն։
— Նո՞ւս։
— Չընդունեցին։
— Ի՞նչ կարդացիր։
— Չարենց՝ «Ես իմ անուշ Հայաստանի...»։
— Եվ չընդունեցի՞ն։
— Չընդունեցին,— տխրում է աղջիկը։
— Ավելի վատ ստուդիայի համար,— ասում է Տիգրանը,— ես քո մեջ Դեզդեմոն եմ տեսնում։ Բայց գուցե դա նրանից է, որ իմ տեսողությունն արտակարգ սուր է։ Հարգանքներս, Ավետ,— մի կողմ է շրջվում ընկերս։
Արտիստը ժպտում է նրան, անցնում։
— Այ, սրան ընդունել են,— շարունակում է Տիգրանը։
Հանկարծ գլխի է ընկնում.
— Ծանոթացեք,— ցույց է տալիս ինձ,— գրող է, թեև գուցե գյուղատնտես պիտի լիներ։ Ինքը մեղք չունի, քննադատներն են սխալվել... Ասենք նրանք էլ մեղք չունեն, գուցե նրանք էլ կահույք պիտի պատրաստեին...
Աղջիկը ձեռքը մեկնում է ինձ, ժպտում է հին ծանոթի նման։ Իսկ Տիգրանի հայացքն արդեն ուրիշ տեղ է։
Մայթով դանդաղ գալիս է մի ծերունի։ Ձեռնափայտով է, հնատարազ, ակնոցով, մտախոհ է, անուշադիր։ Ծերունին չի տեսնում Տիգրանին, մինչդեռ Տիգրանը ժպտում է նրան մի քիչ խորամանկ ու լայնաշուրթ։ Ժպտում է, հանել է գլխարկը։ Ծերունին մոտենում է, հիմա կանցնի մեր մոտով։ Այստեղ Տիգրանը խոնարհվում է և բարձրաձայն ողջունում.
— Բարև ձեզ, պարոն Մարգար։
Ծերունին բարձրացնում է գլուխը, մեղավոր ժպտում մի մարդու նման, որ չի նկատել մտերիմ ծանոթին.
— Ասու պարին,— ասում է վանեցու առոգանությամբ։ Հետո կանգնում է, մեղքը քավելու համար մեկնում է ձեռքն ու մրմնջում.
— Ուշքս վրաս չէր, է, ի՞նչ կա, ի՞նչ չկա...
Հանկարծ լրջանում է։
Տիգրանը ժպտում է ավելի ու ավելի պայծառ, մինչդեռ ծերունու շուրթերի անկյուններում խտանում է բարկությունը.
— Զեվզեկ...
Մենք ծիծաղում ենք։
Ծերունին հեռանում է։
Ախր ծերունին Տիգրանի հայրն է, Բաղմանյանց պարոն Մարգարը...