Changes
: Տեսնելով, որ տիրոջն արդեն ոչնչով չի կարելի օգնել, կառապանը որոշեց առաջին հերթին բացել նախասենյակ տանող դուռը։ Բայց նրա առջև ծառացավ տարօրինակ և անսպասելի մի արգելք։ Բանալին դռան փականի մեջ չէր։ Բանալին սենյակում ընդհանրապես չկար։ Այն ժամանակ կառապանը դուրս եկավ պարտեզ տանող դռնից և գնաց ոստիկանի և բժկի ետևից։ Տիրուհուն, որի վրա, բնականաբար, ամենից շատ էր կասկած ընկնում, անգիտակից վիճակում տարան իր ննջարանը։ Գնդապետի մարմինը դրեցին բազմոցին, իսկ դեպքի վայրը մանրամասն զննեցին։
: Գնդապետի ծոծրակին գտան մի ինչ-որ բութ գործիքով հասցված մի մեծ պատռված վերք։ Թե ինչ գործիքով՝ գուշակելը դժվար չէր։ Դիակի կողքին ընկած էր անսովոր ձևի մի մահակ՝ ամուր փայտից և ոսկրե բռնակով։ Գնդապետն ուներ բազմապիսի զենքերի հավաքածու, տարբեր երկրներից բերված, ուր հարկ էր եղել կռվելու, և ոստիկանությունը ենթադրեց, որ մահակը պատկանում է ավարների թվին։ Սակայն ծառաները պնդում են, թե առաջ նրանք այդ մահակը չեն տեսել։ Բայց քանի որ տունը լիքն է ամեն տեսակի տարօրինակ բաներով, ապա հնարավոր է, նրանց աչքից վրիպել է դրանցից մեկը։ Ոստիկանությանը չհաջողվեց սենյակում այլևս ոչինչ հայտնաբերել։ Անհայտ մնաց, թե ուր կորավ բանալին՝ ոչ սենյակում, ոչ միսիս Բարկլեյի և ոչ էլ նրա դժբախտ ամուսնու մոտ չգտան։ Դուռը, վերջ ի վերջո, հարկադրված եղավ բացել տեղի փականագործը։
: Այսպիսին էր գործերի վիճակը, Ուոտսոն, երբ երեքշաբթի առավոտյան մայոր Մերֆիի խնդրանքով մեկնեցի ՕլդեշոտՕլդերշոտ, որպեսզի օգնեմ ոստիկանությանը։ Կարծում եմ, դուք կհամաձայնեք, որ գործն ինքնին խիստ հետաքրքիր է, բայց դրա հետ մանրամասն ծանոթանալով տեսա, որ այն հազվագյուտ հետաքրքրություն է ներկայացնում։
: Նախքան սենյակի զննումը, ես հարցաքննեցի ծառաներին, բայց նրանցից ոչ մի նոր բան չիմացա։ Միայն սպասուհի Ջեյն Ստյուարտը մի կարևոր մանրամասնություն հիշեց։ Լսելով, որ տերերը վիճում են, նա գնաց խոհարարուհու ետևից, եթե հիշում եք։ Տերն ու տիրուհին վիճում էին շատ ցածր, այնպես որ վեճի մասին նա ավելի շատ գուշակել էր գրգռված տոնից՝ քան խոսակցությունից։ Բայց, շնորհիվ իմ համառության, նա, այնուամենայնիվ, նրանց խոսակցությունից մի բառ հիշեց․ միսիս Բարկլեյը երկու անգամ արտասանել էր «Դավիթ» անունը։ Դա շատ կարևոր հանգամանք է՝ այն մեզ տալիս է վեճի բանալին։ Չէ որ, ինչպես գիտեք, գնդապետի անունը Ջեյմս էր։
: Գործում մի հանգամանք էլ կա, որն ուժեղ տպավորություն է թողել և՛ ծառաների և՛ ոստիկանության վրա։ Մահացու սարսափը աղճատել էր գնդապետի դեմքը։ Դեմքի ջղաձգությունն այնքան սարսափելի էր, որ մարդու մարմինը դող էր ընկնում։ Պարզ էր, որ գնդապետը տեսել էր իր ճակատագիրը, և դա նրան աննկարագրելի սարսափ էր պատճառել։ Այն, մի խոսքով, միանգամայն համապատասխանում էր կնոջ հանցավորության մասին ոստիկանական վարկածին, եթե, իհարկե, ընդունենք, որ գնդապետը տեսել է իրեն հարվածողին։ Իակ այն փաստը, որ վերքը ծոծրակի վրա էր, հեշտ բացատրեցին, թե գնդապետը փորձել է հարվածից խույս տալ։ Միսիս Բարկլեյը ոչինչ բացատրել չի կարողանում․ նյարդային նոպայից առաջացած ցնցումն ապրելուց հետո նա ժամանակավորապես գտնվում էր անգիտակից վիճակում։