Changes
/* Գլուխ IX. Ունիվերսալիաների աշխարհը */
== Գլուխ IX. Ունիվերսալիաների աշխարհը==
Նախորդ գլխի վերջում մենք տեսանք, որ այնպիսի գոյերն, ինչպիսիք են հարաբերությունները, թվում է՝ ունեն մի կեցություն, որն ինչ-որ ձևով տարբեր է ֆիզիկական օբյեկտների, ինչպես նաև գիտակցությունների և զգայական տվյալների կեցություններից: Սույն գլխում մենք պետք է քննարկենք, թե որն է այս կեցության բնույթը, և թե ինչ օբյեկտներ կան, որ ունեն այսպիսի կեցություն: Մենք կսկսենք վերջին հարցից:
Պրոբլեմը, որը հիմա մեզ հուզում է, շատ հին է, քանզի այն փիլիսոփայության մեջ է ներմուծվել Պլատոնի կողմից: Պլատոնի «գաղափարների տեսությունը» հենց այս պրոբլեմի լուծման փորձ է, և իմ կարծիքով, այն մինչև օրս կատարված ամենահաջող փորձերից մեկն է: Վարը պաշտպանվող տեսությունը մեծ մասամբ Պլատոնինն է՝ միայն այնպիսի փոփոխություններով, որոնք ժամանակը ցույց է տվել, որ անհրաժեշտ են:
Այն ձևը, որով պրոբլեմը առաջ էր գալիս Պլատոնի համար, շատ թե քիչ հետևյալն էր: Եկեք քննարկենք, ասենք, այնպիսի մի գաղափար, ինչպիսին ''արդարությունն'' է: Եթե ինքներս մեզ հարցնենք, թե ինչ է արդարությունը, բնական կլինի այս, այդ և այն արդար արարքները քննարկել՝ փորձելով բացահայտել այն, ինչ ընդհանուր է նրանց համար: Նրանք բոլորը պետք է, ինչ-որ առումով, մաս լինեն մի ընդհանուրի, որը կհայտնաբերվի ամեն մի արդար բանում և ուրիշ ոչնչում: Այս ընդհանուրը, որի շնորհիվ այդ բոլոր արարքներն արդար են, կլինի բուն արդարությունը, այն զուտ էությունը, որի միախառնվելը սովորական կյանքի փաստերի հետ ստեղծում է արդար արարքների բազմազանությունը: Նույնը կարելի է պնդել ցանկացած այլ բառի համար, որը կարող է կիրառվել սովորական փաստերի համար: Այդպիսի բառ է, օրինակ, «սպիտակությունը»: Բառը կիրառելի կլինի մի շարք կոնկրետ իրերի համար, քանի որ նրանք բոլորը մի ընդհանուր բնության կամ էության մաս են կազմում: Այս մաքուր էությունն այն է, ինչ Պլատոնն անվանում է «գաղափար» կամ «ձև» (Չպետք է ենթադրել, որ այդ «գաղափարները», այն առումով ինչ նա նկատի ունի, գոյություն ունեն գիտակցությունների մեջ, թեև գիտակցությունները կարող են ըմբռնել նրանց): ''Արդարություն'' «գաղափարը» ոչ մի արդար արարքի հետ նույնական չէ. այն մասնավորից տարբեր ինչ-որ բան է, որի մաս են կազմում մասնավորները: Քանի որ մասնավոր չէ, այն չի կարող գոյություն ունենալ զգայական աշխարհում: Դեռ ավելին, այն զգայելի բաների նման անցողիկ կամ փոփոխական չէ. այն մշտապես նույն ինքն է, անփոփոխ է ու անկործանելի:
Այսպիսով՝ Պլատոնը հանգում է մի վերզգայական աշխարհի, որն ավելի իրական է, քան սովորական զգայական աշխարհը: Նա հանգում է գաղափարների անփոփոխ աշխարհին, միայն որն էլ զգայությունների աշխարհին տալիս է իրականության այն աղոտ արտացոլանքը, որը կարող է պատկանել վերջինին: Պլատոնի համար ճշմարիտ իրական աշխարհը գաղափարների աշխարհն է, որովհետև զգայությունների աշխարհի բաների մասին ինչ էլ մենք փորձենք ասել, մեզ կհաջողվի միայն ասել, որ նրանք դրսևորում են այս-այս գաղափարները, որոնք, հետևաբար, կազմում են նրանց ողջ բնույթը: Այստեղից հեշտ է անցնել միստիցիզմի: Մենք կարող ենք հույս ունենալ, որ մի խորհրդավոր պայծառացմամբ զգայելի օբյեկտների պես կտեսնենք գաղափարները: Եվ մենք կարող ենք պատկերացնել, որ գաղափարները գոյություն ունեն երկնքում: Իրերի այս միստիկական զարգացումը շատ բնական է, բայց տեսության հիմքերը տրամաբանության մեջ են, և այն տրամաբանության վրա այնպես է հիմնված, որ մենք պետք է այդ քննարկենք: ժամանակի ընթացքում «գաղափար» բառը ձեռք է բերել շատ զուգորդումներ, որոնք, երբ կապակցվում են Պլատոնի «գաղափարների» հետ, ամբողջովին մոլորեցնող են: Այս պատճառով «գաղափար» բառի փոխարեն մենք կգործածենք «ունիվերսալիա» բառը՝ նկարագրելու համար այն, ինչ նկատի ուներ Պլատոնը: Այն գոյի էությունը, որ Պլատոնը նկատի ուներ, այն է, որ այդ գոյը հակադիր է զգայության մեջ տրված մասնավորին: Մենք խոսում ենք զգայությամբ տրված ամեն ինչի կամ զգայության մեջ տրվածի հետ նույն բնույթ ունեցողի՝ որպես մասնավորի մասին: Ի հակադրություն սրան՝ ''ունիվերսալիան'' կլինի որևէ բան, որն ընդհանուր է շատ մասնավորների համար, և որն ունի այն առանձնահատկությունները, որոնք, ինչպես մենք տեսանք, տարբերություն են մտցնում արդարության ու սպիտակության և արդար արարքների և սպիտակ իրերի միջև:
Երբ քննում ենք հասարակ բառերը, տեսնում ենք, որ կոպիտ ասած, հատուկ անուններով նշանակվում են մասնավորներ, մինչդեռ մյուս գոյականներով, ածականներով, նախդիրներով և բայերով նշանակվում են ունիվերսալիաներ: Դերանուններով նշանակվում են մասնավորներ, բայց նրանք բազմիմաստ են, միայն կոնտեքստի կամ հանգամանքների միջոցով ենք մենք իմանում, թե ինչ մասնավոր է նրանով նշանակված: «Հիմա» բառով նշանակված է մի մասնավոր, բառացիորեն ներկա պահը, բայց դերանունների պես, նրանով նշանակված է բազմիմաստ մասնավոր, որովհետև ներկան միշտ փոփոխվում է:
Մենք կտեսնենք, որ առանց ունիվերսալիս! մատնանշող առնվազն մեկ բառի ոչ մի նախադասություն չի կարելի կազմել: Դրան ամենամոտը կլիներ «ես սիրում եմ այս»-ի պես մի պնդում: Բայց անգամ այստեղ «սիրել» բառով ունիվերսալիա է նշանակված, որովհետև ես կարող եմ սիրել ուրիշ բաներ, ուրիշ մարդիկ էլ կարող են բաներ սիրել:
Այսպիսով՝ բոլոր ճշմարտությունները ենթադրում են ունիվերսալիաներ, իսկ ճշմարտությունների ամեն մի իմացություն ենթադրում է ունիվերսալիաների հետ ծանոթություն:
Երբ տեսնում ենք, որ բառարանում գտնվող գրեթե բոլոր բառերով նշանակվում են ունիվերսալիաներ, տարօրինակ է դառնում, որ բացի փիլիսոփայության ուսանողներից գրեթե ոչ ոք չի գիտակցում, որ կան այնպիսի գոյեր, ինչպիսիք ունիվերսալիաներն են: Մենք բնական կերպով կանգ չենք առնում նախադասության այն բառերի վրա, որոնցով նշանակված չեն մասնավորներ: Եվ եթե մեզ հարկադրում են կանգ առնել մի բառի վրա, որով ունիվերսալիա է նշանակված, մենք բնական կերպով մտածում ենք, թե նրանով նշանակված է այն մասնավորներից մեկն ու մեկը, որոնք մտնում են ունիվերսալիայի մեջ: Օրինակ, երբ մենք լսում ենք «Չարլզ I-ի գլուխը կտրվել է» նախադասությունը, մենք կարող ենք բավականին բնականոն ձևով մտածել Չարլզ I-ի, Չարլզ I-ի գլխի և ''նրա'' գլուխը կտրելու գործողության մասին. սրանք բոլորը մասնավորներ են: Բայց մենք սովորաբար կանգ չենք առնում նրա վրա, ինչ նկատի է առնված «գլուխ» կամ «կտրել» բառերով. սրանք ունիվերսալիաներ են: Մենք գտնում ենք, որ նման բառերը ոչ կատարյալ են և անէական, թվում է՝ նրանց հետ գործ ունենալու համար նախ անհրաժեշտ է կոնտեքստ: Այս պատճառով մեզ հաջողվում է խուսափել նման բոլոր ունիվերսալիաները նկատելուց, մինչև որ փիլիսոփայություն սովորելը նրանց բռնի կերպով ներկայացնում է մեր ուշադրությանը:
Մենք կարող ենք ընդհանուր առմամբ ասել, որ նույնիսկ փիլիսոփաների շրջանում շատ կամ հաճախ նկատվել են միայն այն ունիվերսալիաները, որոնք նշանակված են ածականներով կամ գոյականներով, մինչդեռ բայերով և նախդիրներով նշանակված ունիվերսալիաները սովորաբար աչքից վրիպել են: Այս բացթողումը շատ մեծ ազդեցություն է ունեցել փիլիսոփայության վրա: Հազիվ թե չափազանցություն լինի ասել, որ, սկսած Սպինոզայից, մետաֆիզիկայի մեծ մասը մեծապես պայմանավորված է եղել դրանով: Այն, թե ինչպես է սա տեղի ունեցել, սխեմատիկորեն հետևյալն է. ընդհանուր առմամբ ածականներն ու հասարակ գոյականներն արտահայտում են եզակի բաների որակներ կամ հատկություններ, մինչդեռ նախդիրներն ու բայերը հակված են երկու և ավելի բաների միջև հարաբերություններ արտահայտելու: Այս պատճառով նախդիրների և բայերի անտեսումը հանգեցրեց այն համոզման, որ ամեն մի պնդում կարելի է ավելի շուտ համարել մի եզակի բանի ինչ-որ հատկության վերագրում, քան թե երկու կամ ավելի բաների միջև հարաբերության արտահայտում: Ոատի կամ տիեզերքում կարող է լինել միայն մեկ բան, կամ, եթե շատ բաներ կան, նրանք որևէ կերպ չեն կարող փոխազդել, քանի որ ամեն մի փոխազդեցություն կլիներ հարաբերական, իսկ հարաբերություններ չեն կարող լինել:
Այս տեսակետներից առաջինը, որ պաշտպանվել է Սպինոզայի կողմից, իսկ մեր օրերում նրա կրողներն են Բրեդլին և շատ ուրիշ փիլիսոփաներ, կոչվում է ''մոնիզմ'', երկրորդը, որ պաշտպանվել է Լայբնիցի կողմից, բայց այսօր այնքան էլ տարածված չէ, կոչվում է ''մոնադիզմ'', որովհետև մեկուսացած բաները կոչվում են ''մոնադներ'': Իմ կարծիքով, որքան էլ հետաքրքիր լինեն հակամարտող այս երկու փիլիսոփայությունները, նրանք արդյունք են մի տեսակի ունիվերսալիաների նկատմամբ միակողմանի ուշադրության: Դա այն տեսակն է, որ ներկայացվում է ածականներով և գոյականներով և ոչ բայերով ու նախդիրներով:
Իրականում, եթե որևէ մեկը մտահոգվի ժխտել, որ ընդհանրապես կան այնպիսի գոյեր, ինչպիսիք են ունիվերսալիաները, մենք կտեսնենք, որ մենք չենք կարող խիստ կերպով ապացուցել, որ կան այնպիսի գոյեր, ինչպիսիք են ''որակները'', այսինքն՝ այն ունիվերսալիաները, որոնք ներկայացվում են ածականներով և գոյականներով, մինչդեռ մենք կարող ենք ապացուցել, որ պետք է լինեն ''հարաբերություններ'', այսինքն՝ այնպիսի ունիվերսալիաներ, որոնք ընդհանուր առմամբ ներկայացվում են բայերով և նախդիրներով: Լուսաբանման համար եկեք վերցնենք ''սպիտակություն'' ունիվերսալիան: Եթե մենք հավատանք, որ կա նման ունիվերսալիա, մենք պետք է ասենք, որ իրերը սպիտակ են, որովհետև նրանք ունեն սպիտակության որակը: Այս տեսակետն, այնուամենայնիվ, ջանադրաբար հերքվեց Բերկլիի և Հյումի կողմից, որոնց այս առումով հետևեցին ուշ էմպիրիստները: Այն ձևը, որն ընդունեց նրանց հերքումը, «վերացական գաղափարների» հերքումն էր: Նրանք ասում էին, որ երբ մենք ուզում ենք մտածել սպիտակության մասին, մենք կազմում ենք ինչ-որ մասնավոր սպիտակ բանի պատկեր և դատում ենք այս մասնավորի մասին զգուշանալով, որ նրանից չբխեցնենք որևէ այնպիսի բան, որը մենք չենք կարող ցույց տալ, որ նույն ձևով ճշմարիտ է բոլոր մյուս սպիտակ բաների համար: Որպես մեր իրական մտավոր գործընթացների բացատրություն՝ սա, անկասկած, մեծ մասամբ ճշմարիտ է: Օրինակ՝ երկրաչափության մեջ, երբ մենք ցանկանում ենք բոլոր եռանկյունների մասին ինչ-որ բան ապացուցել, նկարում ենք մի կոնկրետ եռանկյուն և դատում ենք դրա մասին՝ զգուշանալով, որ չօգտագործենք որևէ առանձնահատկություն, որն ընդհանուր չէ այդ և այլ եռանկյունների համար: Սկսնակ մարդը սխալներից խուսափելու համար հաճախ օգտակար է համարում պատկերել մի քանի եռանկյուններ՝ որքան հնարավոր է իրարից տարբեր, որպեսզի համոզվի, որ իրենց դատողությունները բոլորի համար էլ հավասարապես կիրառելի են: Բայց հենց որ ինքներս մեզ հարցնում ենք, թե մենք ինչպես գիտենք, որ ինչ-որ բան սպիտակ է կամ եռանկյուն, մի դժվարություն է ծնվում: Եթե մենք ցանկանում ենք խուսափել սպիտակություն և եռանկյունություն ունիվերսալիաներից, մենք պետք է ընտրենք սպիտակի ինչ-որ մասնավոր նմուշ կամ ինչ-որ մասնավոր եռանկյուն, և ասենք, որ այն ամենն, ինչ ճիշտ տեսակի նմանություն ունի մեր ընտրած մասնավորին, սպիտակ է կամ եռանկյուն: Բայց այդ դեպքում պահանջվող նմանությունը պետք է լինի ունիվերսալիա: Անօգուտ կլինի ասել, որ ամեն մի զույգ տարբեր տեսակ նմանություն ունի, որովհետև այդ դեպքում մենք ստիպված կլինենք ասել, որ այս նմանությունները նման են իրար, և այսպիսով ստիպված կլինենք ընդունել, որ նմանությունն ունիվերսալիա է: Հետևաբար, նմանության հարաբերությունը պետք է լինի ունիվերսալիա: Իսկ ստիպված լինելով ընդունել luju ունիվերսալիան՝ մենք տեսնում ենք, որ այլևս չարժե ստեղծել բարդ և հավատ չներշնչող տեսություններ, այնպիսի ունիվերսալիաներից խուսափելու համար, ինչպիսիք են սպիտակությունը և եռանկյունությունը:
Բերկլիին և Հյումին չհաջողվեց հասկանալ «վերացական գաղափարների» իրենց մերժման այս հերքումը, որովհետև, ինչպես իրենց հակառակորդները, նրանք մտածում էին միայն ''որակների'' մասին և որպես ունիվերսալիաներ ամբողջովին անտեսում էին ''հարաբերությունները''։ Հետևաբար այստեղ մենք ունենք մեկ այլ առում, որում ռացիոնալիստները, թվում է, ճիշտ են եղել՝ ի հակադրություն էմպիրիստների, թեև հարաբերություններն անտեսելու կամ մերժելու պատճառով ռացիոնալիստների կատարած բխեցումները, եթե նրանք ինչ-որ բան արժեին, ավելի մեծ չափով էին ենթակա սխալական լինելու, քան էմպիրիստների կատարածները:
Քանի որ տեսանք, որ այնպիսի գոյերն, ինչպիսիք են ունիվերսալիաները, պետք է գոյություն ունենան, հաջորդ կետը, որ պետք է ապացուցել, այն է, որ նրանց կեցությունը լոկ մտային չէ: Սա նշանակում է, որ այն կեցությունը, որ նրանց է պատկանում, անկախ է այն բանից, թե արդյոք մտածվում է նրանց մասին, կամ թե արդյոք նրանք որևէ ձևով ընկալվում են գիտակցությունների կողմից: Նախորդ գլխի վերջում մենք արդեն շոշափել ենք այս հարցը, բայց այժմ պետք է ավելի մանրամասն քննարկենք, թե այդ ինչպիսի կեցություն է, որ պատկանում է ունիվերսալիաներին:
Քննարկենք այսպիսի մի պնդում. «Էդինբուրգը Լոնդոնի հյուսիսում է»: Այստեղ մենք ունենք երկու վայրերի միջև հարաբերություն, և, թվում է, պարզ է, որ հարաբերությունը գոյություն ունի անկախ նրա մասին մեր գիտելիքից; Երբ իմանում ենք, որ Էդինբուրգը Լոնդոնի հյուսիսում է, մենք իմանում ենք մի բան, որը կապված է միայն Էդինբուրգի և Լոնդոնի հետ: Պնդումն իմանալով՝ մենք այն ճշմարիտ չենք դարձնում, ընդհակառակը, լոկ ըմբռնում ենք մի փաստ, որ կար մինչև մեր իմանալը: Եթե անգամ չլինեին մարդիկ, որ իմանային հյուսիսի և հարավի մասին, և նույնիսկ եթե ողջ տիեզերքում չլինեին գիտակցություններ, Երկրի մակերևույթի այն հատվածը, որտեղ Էդինբուրգն է, կլիներ այն հատվածի հյուսիսում, որտեղ Լոնդոնն Է։ Սա իհարկե, կամ Բերկլիի կամ Կանտի հիման վրա մերժվում է շատ փիլիսոփաների կողմից: Բայց մենք այս հիմքերն արդեն քննարկել ենք և պար. գել, որ նրանք բավարար չեն: Հետևաբար, մենք այժմ կարող ենք համարել, թե ճշմարիտ է, որ ոչ մի մտային բան անհրաժեշտ չէ, որ լինի «Էդինբուրգը Լոնդոնի հյուսիսում է» փաստի մեջ: Բայց այս փաստը ներառում է «հյուսիսում» հարաբերությունը, որն ունիվերսալիա է: Ամբողջ փաստը չէր կարող ոչ մի մտային բան չպարունակել, եթե «հյուսիսում» հարաբերությունը, որը փաստի բաղկացուցիչ մասն է, պարունակեր որևէ մտային բան: Ուստի մենք պետք է ընդունենք, որ հարաբերությունը, ինչպես և տերմինները, որ այն կապակցում է, կախված չէ մտածողությունից, այլ պատկանում է մի անկախ աշխարհի, որն ըմբռնվում է, բայց չի ստեղծվում մտածողության կողմից:
Այնուամենայնիվ, այս եզրակացությունը հանդիպում է այն դժվարությանը, որ չի թվում, թե «հյուսիսում» հարաբերությունը ''գոյություն ունի'' այն նույն առումով, ինչ Էդինբուրգն ու Լոնդոնը գոյություն ունեն: Եթե մենք հարցնենք. «Որտե՞ղ և ե՞րբ գոյություն ունի այս հարաբերությունը», պատասխանը պետք է լինի. «Ոչ մի տեղ և երբեք»: Չկա տեղ կամ ժամանակ, որտեղ մենք կարողանանք գտնել «ավելի հյուսիս» հարաբերությունը: Այն ոչ Էդինբուրգում է, ոչ էլ Լոնդոնում, քանզի այն կապակցում է երկուսին և չեզոք է նրանց նկատմամբ: Մենք չենք կարող ասել նաև, որ այն գոյություն ունի որնէ կոնկրետ ժամանակ: Ուստի «ավելի հյուսիս» հարաբերությունն արմատապես տարբերվում է այսպիսի բաներից: Այն ոչ տարածության մեջ է, ոչ ժամանակի, ոչ նյութական է, ոչ մտային, բայց և այնպես այն ինչ-որ բան է:
Մեծ մասամբ ունիվերսալիաներին պատկանող խիստ քմահաճ կեցությունն է, որ շատ մարդկանց բերել է այն եզրակացությանը, թե ունիվերսալիաներն իսկապես մտային են: Մենք կարող ենք մտածել մի ունիվերսալիստի ''մասին'', և այդ դեպքում մեր մտածելը, ինչպես որնէ այլ մտավոր գործողություն, գոյություն ունի լրիվ սովորական իմաստով: Օրինակ, ենթադրենք, թե մենք մտածում ենք սպիտակության մասին: Այդ դեպքում ''ինչ-որ մեկ առումով'' կարելի է ասել, որ սպիտակությունը «մեր գիտակցության մեջ է»: Այստեղ մենք ունենք այն նույն երկիմաստությունը, որ մենք IV գլխում Բերկլիին քննարկելիս նշեցինք: Ճշգրիտ ասած, ոչ թե սպիտակությունն է մեր գիտակցության մեջ, այլ սպիտակության մասին մտածելու գործողությունը: Այստեղ շփոթություն է պատճառում նաև սրա հետ կապված «գաղափար» բառի երկիմաստությունը, որ մենք նշեցինք նույն տեղում: Այս բառի մի իմաստով, այսինքն՝ այն իմաստով, որը մատնանշում է մտածողության գործողության ''օբյեկտը'', սպիտակությունը «գաղափար» է: Ուստի, եթե երկիմաստությունից չզգուշանանք, մենք կարող ենք սկսել մտածել, թե սպիտակությունը «գաղափար» է մյուս իմաստով, այսինքն՝ մտածողության գործողության իմաստով: Այսպիսով մենք սկսում ենք մտածել, թե սպիտակությունը մտային է: Բայց այսպես մտածելով՝ մենք նրանից առևանգում ենք ունիվերսալության էական հատկությունը: Մեկ մարդու մտածողության գործողությունն անհրաժեշտաբար տարբերվում է մեկ այլ մարդու մտածողության գործողությունից, ժամանակի մի պահի մարդու մտածողության գործողությունն անհրաժեշտաբար տարբերվում է մեկ այլ պահի նույն մարդու մտածողության գործողությունից: Ուստի, եթե սպիտակությունը լիներ մտածողությունը և ոչ թե նրա օբյեկտը, ոչ մի մարդ նրա մասին չէր կարող մտածել երկու անգամ: Այն, ինչ ընդհանուր է սպիտակության մասին բազում տարբեր պատկերացումների համար, նրանց ''օբյեկտն'' է, իսկ այդ օբյեկտը տարբերվում է նրանց բոլորից: Այսպիսով՝ ունիվերսալիաները խոհեր չեն, թեև երբ իմացվում են, նրանք մտածողության օբյեկտներ են:
Հարմարության համար մենք կասենք, որ առարկաները ''գոյություն ունեն'', երբ նրանք ժամանակի մեջ են, այլ կերպ ասած, երբ մենք կարող ենք ցույց տալ ինչ-որ պահ, որում նրանք գոյություն ունեն (չբացառելով նրանց՝ բոլոր պահերին գոյություն ունենալու հնարավորությունը): Այսպիսով՝ խոհերն ու զգացմունքները, գիտակցություններն ու ֆիզիկական օբյեկտները գոյություն ունեն: Բայց ունիվերսալիաներն այս իմաստով գոյություն չունեն: Սենք կասենք, որ նրանք ''կեցցեն'' կամ ''ունեն կեցություն'', որտեղ «կեցությունը» հակադրված է «գոյությանը» որպես արտաժամանակյա բան: Հետևաբար, ունիվերսալիաների աշխարհը կարելի է նկարագրել նաև որպես կեցության աշխարհ: Կեցության աշխարհը անփոփոխ է, խիստ և սքանչելի մաթեմատիկոսի, տրամաբանի, մետաֆիզիկական համակարգեր կառուցողի և բոլոր նրանց համար, ովքեր կատարելությունը կյանքից շատ են սիրում: Գոյության աշխարհն անցողիկ է, անորոշ, առանց հստակ սահմանների, առանց որևէ պարզ նպատակի կամ կարգավորվածության, բայց այն պարունակում է բոլոր խոհերն ու զգացմունքները, բոլոր զգայական տվյալները և բոլոր ֆիզիկական օբյեկտները, այն ամենն, ինչ որևէ փոփոխություն է մտցնում կյանքի և աշխարհի արժեքի մեջ: Կախված մեր խառնվածքից՝ մենք կգերադասենք խորհրդածել կամ մեկի, կամ մյուսի մասին: Այս մեկը, որը մենք չենք գերադասում, մեզ հավանաբար կթվա մեր գերադասած աշխարհի աղոտ ստվերն ու գրեթե անարժան որևէ առումով իրական համարվելու: Բայց ճշմարտությունն այն է, որ երկուսն էլ նույն ձևով հայցում են մեր անաչառ ուշադրությունը, երկուսն էլ իրական են, և երկուսն էլ կարևոր են մետաֆիզիկների համար: Իհարկե, հենց որ մենք տարբերակում ենք երկու աշխարհները, անհրաժեշտ է դառնում քննարկել նրանց հարաբերությունները:
Բայց նախ և առաջ մենք պետք է քննենք ունիվերսալիաների մեր իմացությունը: Այս քննարկումը մեզ կզբաղեցնի հաջորդ գլխում, որտեղ մենք կտեսնենք, որ այն լուծում է ''a priori'' գիտելիքի պրոբլեմը, որից մենք սկզբից եկանք ունիվերսալիաները քննարկելուն:
== Գլուխ X. Ունիվերսալիաների՝ մեր իմացության մասին==
== Գլուխ XI. Ինտուիտիվ իմացության մասին==