Changes

Ճանճերի տերը

Ավելացվել է 5562 բայտ, 07:51, 15 Հուլիսի 2014
Ժողովը կիսաձայն համաձայնությամբ մրմնջաց։
< < < երկու պակասող էջ > > >Փոքրիկը կամակոր գլուխը թափահարեց. — Էն ոլորմոլորների հետ կռվելուց իսկականից քնած էի, բայց սրանք որ չքվեցին, ես արդեն զարթնել էի ու ծառերի մեջ շարժվող մի ահավոր ու սև բան տեսա։ Ռալֆը խեցին նրա ձեռքից վերցրեց, և փոքրիկը նստեց։ — Ես էլ քեզ ասում եմ, որ քնած էիր։ Էնտեղ ոչ ոք էլ չի եղել, ո՞ւմ ճարն է կտրել, անտառում գիշերով թափառի։ Տենց մա՞րդ կա։ Երկար ընդմիջում առաջացավ։ Բոլորի ծիծաղը գալիս էր գիշերով մենակ դուրս գալու մտքի վրա։ Ապա ոտքի կանգնեց Սայմոնը։ Ռալֆն ապշահար նրան էր նայում. — Յա՞։ Դո՞ւ ինչի էիր գիշերվա կեսին թրև գալի։ Սայմոնը ջղաձգված նրա ձեռքից պոկեց խեցին. — Ես ուզում էի... մի տեղ գնալ... իմ իմացած տեղը։ — Ի՞նչ տեղ։ — Էդպես մի տեղ կա, անտառի մեջ։ Նա վարանեց։ Ջաքը բոլորի համար հարցը լուծեց, միայն իրեն հատուկ ծաղրական արհամարհանքով ասելով. — Հասկացանք էլի՝ ցռիկ էիր կպել։ Սայմոնի փոխարեն վիրավորվելով, Ռալֆը խեցին վերցրեց, խիստ նայելով նրա աչքերին։ — Մյուս անգամ տենց բաներ չանես։ Հասկացա՞ր, էն էլ՝ գիշերով։ Առանց էդ էլ մեռան գազանի մասին ավել֊պակաս խոսելով, մնում էր հիմա էլ գիշերները փոքրերը քեզ տեսնեն անտառում գնալ֊գալուց, ոնց որ... Առաջացած ծաղրական ծիծաղը վախով ու կշտամբանքով էր շաղախված։ Սայմոնը բերանը բացեց, որ խոսի, բայց խեցին Ռալֆի ձեռքին էր, և նա լուռ նստեց տեղը։ Ռալֆը դարձավ Խոզուկի կողմը. — Ուրիշ ասելիք ունե՞ս։ — Ճստոներից մեկն էլ կար, այ, էն մեկը։ Փոքրիկները Փըրսիվալին դուրս հրեցին կենտրոն։ Մինչև ծնկները խոտի մեջ թաղված, նա նայում էր իր ծածկված ոտքերին և ինքն իրեն փորձում համոզել, որ ապահով տեղ է ընկել՝ թաքստոց։ Ռալֆը հիշեց ժամանակին նույն տեղում կանգնած մի ուրիշ փոքրիկ տղայի, և, ընկրկելով, իսկույն վռնդեց այդ պատկերը։ Սա ջանք չէր խնայել այն մտքից սրբելու, որքան կարելի է հեռու քշելու համար և միայն սրա պես ուղղակի հիշեցումը կարող էր նորից կենդանացնել այդ հուշը։ Փոքրերին այդպես էլ չէին հաշվել. մասամբ, որովհետև բոլորին ստույգ մի տեղ հավաքել չէր հաջողվում, մասամբ էլ այն պատճառով, որ սարի գագաթին Խոզուկի տված հարցերից առնվազն մեկի պատասխանը Ռալֆը հաստատ գիտեր։ Փոքրերն ինչ տեսք ասես, որ չունեին՝ շիկահեր, սևուկ, պեպենոտ և անխտիր՝ կեղտոտ, բայց նրանց բոլորի դեմքերը փշաքաղվելու աստիճան անբիծ էին՝ մանուշակագույն խալն այլևս ոչ ոք չէր տեսել։ Երանի թե Խոզուկն այն օրը, սարի վրա, իր թերացումը կոծկելու համար, այդքան չաքլորանար։ Անձայն խոստովանելով, որ հիշեց այն, ինչը հիշելու ենթակա չէր, Ռալֆը Խոզուկին գլխով արեց. — Հարցրու, տես ինչ ունի ասելու։ Խոզուկը ծունկի իջավ, խեցին ձեռքին. — Անունդ ի՞նչ է։ Մանչուկը քաշվեց իր թաքստոցը։ Խոզուկն անօգնական տեսքով նայեց Ռալֆին, որն անողորմ հարցրեց. — Ի՞նչ է անունդ։ Նրա լռությունից սրտնեղելով, ամբողջ ժողովը վրա տվեց. — Անունդ ի՞նչ է, ի՞նչ է անունդ։ — Հերի՛ք։ Ռալֆը կիսախավարի մեջ հայացքը հառեց մանչուկին։ — Դե հիմա ասա, անունդ ինչ է։ — Փըրսիվալ Վիմզ Մեդիսըն, ծխական քահանայի տուն, Հաքըթ Սենթ Անթընի, Համփշիր, հեռախոսը, հեռախոսը, հեռա... Եվ, ասես այդ հասցեն խարսխված լիներ ողբի անհատակ աղբյուրներին, մանչուկը սկսեց հեկեկալ։ Նրա փոքրիկ դեմքը կնճռոտվեց, բերանը նմանվեց լայն ու մութ քառակուսի խոռոչի, աչքերից հորդացին արցունքները։ Սկզբում նա կանգնած էր որպես կատարյալ վշտի լուռ մարմնավորում, բայց հետո լացն անզուսպ դուրս ժայթքեց՝ երկար ու սաստիկ, խեցու կանչի պես։ — Դե լավ, հերիք եղավ, սո՛ւս մնա։
Փըրսիվալ Վիմզ Մեդիսընը սուս չէր մնում։ Ոչ մի հեղինակություն, նույնիսկ մարմնական սպառնալիքն ի զորու չէր զսպել նրա ողբ ու կոծի հորձանքը։ Փոքրիկը, ձիգ կանգնած, շարունակում էր հեծկլտալ, ասես գամված լիներ լացին։
Վստահելի
381
edits