Changes
/* Եղանակներ */
Մեր միջին դարերի վարդապետներից ոմանք շատ դյուրամտությամբ, գուցե Հայկի ընդգծուն պատվարդությամբ ասել են, թե այդ 12 անունները նրա 12 որդիների ու դուստրերի անուններն են, մինչդեռ ծանոթագույն որդիների (Արմենակի և այլոց) անունները նրանց մեջ չկան։ Հնարավոր է, որ մի քանիսը հատուկ անձանց ու դյուցազունների անուններ են, բայց մնացածները պատշաճում են եղանակներին։
Առաջինը նավասարդն է, որ երկու ձևով է դրվում որպես տարեգլուխ՝ բնական և քաղաքական։ Ըստ վերջինիս՝ սկսվում է ներկայիս օգոստոս ամսվա մեջ, իսկ ըստ առաջինի՝՝ մարտի գիշերահավասարին կամ գարնանամուտին։ Եվ այդ ժամանակ, ամիսների շարքն էլ շրջելով, արեգը (պատշաճորեն) դառնում է տարվա առաջին ամիսը։ Հայերենով եղել են <i>նավասարդ</i> անվան այլազան ու անհամար ստուգաբանություններ։ Շատ հավանական է, որ այն ծագում է հին հնդիկներից՝ <i>նավա֊սարատա</i> անունից, ինչը նշանակում է «նոր տարի» կամ «նոր շատ»։ Երկրորդ և երրորդ անսանունները շատ օտար զուգադիպությամբ նշանակում են վրաց լեզվի երկու և երեք թվերը։ Սա, որքան հարմար է ամիսների թվակարգին, այնքան էլ խորթ ու անընդունելի է հայ հոգուն, որ կարող էր հակառակորեն ասվել, թե իր երկրորդ և երրորդ ամսանունները վրացիներն են իրենց թվահամար արել։ Երկրորդ ամսանունը՝ հոռին, ըստ վերոհիշյալ վարդապետների, Հայկի մի դստեր անունն է։ Ավելի լավ չէ՞ր լինի ասել, թե կոչել են Հայկի հանրածանոթ Խոռ որդու անունով և պատվի արժանացրել եգիպտական Հորի (Orus) պես, թեև հույների և հռոմեացիների մոտ հիշատակվում է գեղեցկության Հորսա դիցուհին (որից հեռու չէ <i>խորտիկ</i> անվանումը, որ մեզանում ասվում է գեղեցկության նշանակությամբ)։ Թողնում ենք նաև այս անվան «արև» նշանակությունը պարսկերենում։ Մեր վարդապետներից ոմանք <i>հոռի</i>֊ն ստուգաբանում են «հոր» և «հորել», այսինքն՝ այդ ամսին, ըստ ին ու նոր ժամանակների սովորության, ցորենը և նմանները ժողովում են հորերի մեջ ու պահում<ref>Ավելի նորալուր բան է գրված Հովհաննես Երզնկացու անվամբ հավաքված «Տոնապատճառ»֊ի մեջ․ «Այր ոմն զ«արտրան ամիս ի Հոռի փոխարկեաց, որդւոյն իւրոյ Խոռէն կոչելով, յաղագս ընչաւէտութեանն իւրոյ՝ աղերսեաց զարմենեսեան, յետ մեռանելոյ որդւոյն իւրոյ յիշատակելով զանուն նորա ի ձեռն ամսեանն, որպս Յուլիսն և Օգոստոս՝ ի ձեռն անուանցն՝ և թագաւորքնյիշատակին», և այլն։ Ասում է այս պատճառով էլ Զատիկի 3֊րդ կիրակիի տոնը, որ դրված է հոռի ամսվա սկզբում, կոչվեց Աշխարհամատրան։</ref>։
Երրորդ ամիսն է սահմը կամ սահմին և սահեմին․ այս անունը նույնպես գալիս է Հայկի դստեր անունից։ Դա հարմար է իգական սահուն անվանը և նմանվում է եբրայական <i>Նոյեմ</i>֊ին։ Հույները ևս ունեն Սամիա անունով մի հավերժահարս, որը Մեանդր գետի դուստրն էր։
Չորրորդ ամիսն է տրեն․ ասվում է, որ Հայկի որդիների դասից է։ Շատ հավանական է՝ մատնանշում է Տիր չաստվածին, որը պիտի հիշատակվի իր նմանների կարգում։
Հինգերորդ ամիսը քաղոցն է, որ, ըստ Հայկի ազգաբանության, նրա որդիներից մեկի անվամբ է։ Ոմանք ասում են, որ <i>քաղ</i> նշանակում է «արու այծ», ինչը հարմարում է իր ամսի տաքությանը (տարվա վերջերը)։ Ըստ այլոց՝ առավել պատշաճ է այգուց ու արտից քաղ անելուն։
Վեցերորդը արանց ամիսն է։ Այն ոչ թե հարմարեցված է, այլ համարվում է Հայկի <i>որդին</i>։
Յոթերորդ ամիսը կրում է Մեհեկ, Մեհեկի կամ Մեհեկան դստեր անունը, որ անշուշտ, անհարմար չէ, բայց հիշեցնում է լուսնի մահիկը, նաև Մեհ կամ Մահ կոչված դիցական անձերին, ինչպես մեզանում առկա Մահևան, Մեհնդակ և այլ անունները։
Ութերորդ ամսանունն էր Արեգը, որ դուստրերից մեկի անունից էր։ անունը հայտանշում է արեգակին, մանավանդ, ըստ վերոգրյալի, համարվում է, որ արեգակը իր նոր շրջանը սկսում է այդ ամսի մեջ՝ գարնանամուտին։
Իններորդ ամիսն ահկին կամ ահեկանը, որը ոչ որդիների կարգից էր համարվում և ոչ էլ դուստրերի։ Ինչ նշանակելը և ամսակարգի մեջ երբ մտնելը անհայտ են, որովհետև տոմարագիրները ասում են, թե այս անվան փոխարեն ամիսը նախկինում <i>հարվանց</i> էր կոչվում, և այդ նշանակում էր երկրագործական մի բան, ինչպես խոտ հարելը։
Տասներորդ ամսանունը՝ մարերի, դուստրերից մեկի անունից էր և հարմար իգականի, բայց հեռավոր ձևով հիշեցնում է նաև արիական մրրիկների ձայները։
Տասնմեկերորդ ամսանունն է մարգաց։ Այս անվան համար տոմարագիրները վկայում են, ինչպես ահեկի համար․ «Ի գործոց առին զանուանս»։ Այսինքն՝ այդպես է անվանվում նույն ամսվա ընթացքում մարգերի ու դաշտերի ծաղիկներով և խոտերով զարդարվելու կամ դրանք հնձելու և երկրագործական այլ աշխատանքների պատճառով։
Տասներկուերորդը վերջին ամիսն է՝ կոչված հրոտից կամ հրորտից։ Համարվում է Հայկի արու զավակների դասից։ Ըստ ոմանց՝ այդ անունը հրի անունից է կազմվել այդ ամսվա տաքության պատճառով։ Պարթևների և պարսիկների մետ կան սրա նման հատուկ անձանց անուններ։ Գուցե նույնն է Փրավորտը, քանզի հայերս նրանց <i>ֆ</i> տառը փոխում ենք <i>հ</i>֊ի։ Հույները (Դելփիքում) ունեին <i>հերոիդ</i> կոչված մի տոն։ Բայց ինձ հայտնի չէ՝ դա գալիս է իրենց Հերով անվանված դյուցազնուհո՞ւց, թե՞ այլ աղբյուրից։ Հնդիկներն էլ երբեմն իրենց Շիվա մեծ չաստվածին կոչում են Րուտրա։ Գերմանացիները իրենց մի չաստվածի կոչում էին Hrodr, Hrudro, Hrede։ Ֆրանսիացիների Ռոեզ (Rodez) քաղաքն էլ նրանց Roth կամ Ruth դիքի անվամբ է կոչվել։
Հայոց ամիսները բոլոր 30֊ական օրով էին, ինչպես այլոց մի մասի մոտ, և հարկ էր տարվա 365 օրերի մնացորդ հինգն էլ լրացնել մի հավելվածով, որ և կոչվում է <i>Ավելյաց</i>։ Այս հինգ օրերը կոչվում էին վերոհիշյալ հինգ մոլորակների անուններով Լուծ, Եղջերու և այլն։
Ավեկյաց օրերի անունները հարցնել են տալիս, թե արդյոք ամբողջ ամսվա օրերը իրենց հատուկ անունները չունեին, և մեկական պահապան ոգիներ չկային, ինչպես ունի զանդիկների կրոնը։ Սա անհավանական չէ, և (թեպետ մեր ձեռքը եկած մատյանների մեջ չենք գտել) ոմանք ասում են, թե գտել ու հրատարակել են<ref>Շահան Ջրպետ (ֆրանսերեն, 1820 թ․)։ «Հայկական աշխարհ» օրագիր, 1868, էջ 261։</ref> Հարմար ու անհարմար սրանք են՝
# արեգ,
# հրանդ (իբրև հրախառն հող),
# արամ,
# մարգար (իբրև Sylvanus),
# ահրանք (կիսայրյաց՝ ըստ Ջրպետի, և ահընկեց),
# մազդեղ կամ մազթեղ,
# աստղիկ,
# միհր,
# ձոպաբեր (խռովաբեր),
# մուրց (հաղթանակ),
# երեզհան կամ երեզկան (անապատակեցություն՝ ըստ Ջրպետի)
# անի,
# պարխար,
# վանատ (վանատուր)
# արամազդ,
# մանի (ծագումն)
# ասակ (անսկիզբ)
# մասիս,
# անահիտ,
# արագած,
# գորգոր (գրգուռ),
# կորդի կամ կորդիք,
# ծմակ,
# լուսնակ,
# ցրոն (կամ սփյուռ),
# նպատ,
# վահագն,
# սեի՞ն (լեռ),
# վարագ,
# գիշերավար։
Եթե այս անունները նույնիսկ չլինեին, անտարակույս է, որ օրերի մեջ խտրություն կար․ մի մասը համարվում էր բարի, մի մասը՝ չարագուշակ։ Մեզանում հիշատակվում են նաև օրվա կամ գիշերվա մի քանի պահեր կամ բաժիններ, բայց ոչ կրոնական անուններով, ինչպես զանդիկների մոտ։ Դիցաբանական է թվում միայն <i>արշալույս</i>֊ը կամ <i>աշալուսք</i>֊ը։ Զանդիկներն էլ սա (Ա պահ) անվանում էին <i>ուշահինա</i> կամ <i>օշեն</i>։ Շատ հավանական է, որ գիշերը (քննության արժանի անուն) իր ահարկու մթությամբ կրոնական երևակայություններ ու կերպարանքներ ծնած լինի մեր նախնիների մտքում, և թերևս դրանցից է հիմա էլ տեղ֊տեղ լսվող <i>գիշերամուտ</i> կամ <i>գիշերամութ</i> անվանումը։
Ազգերից շատերը ցերեկը կամ տիվը բաժանում են երեք կամ չորս պահի, նույքանի և գիշերը կամ ցայգը։ Սրանց որոշակի բաժանումը և անունները նշանակված չեն, մանավանդ, որ շատ նման կամ մոտ նշանակությամբ բառերը շփոթություն են առաջացնում։ Որպես կարծիք հավանական ենք համարում՝ տվնջյան Ա պահը և նրա մասերը՝ արշալույս, այգ և լուսադեմ, աղոթարան, Բ․ առավոտ, արևի ծայրեր, Գ․ միօրե կամ հասարակ օր, Դ․ երեկո, արևմուտ։
Գիշերվա Ա պահ․ խաղաղական, ցայգ, գիշերվա աղոտություն (աղօտք), Բ․ գիշեր, հասարակ կամ խոր գիշեր, Գ․ հավախոս։
Պահերը հայտնապես բնական ու գործածական են, և անկարելի չէ կարծել, թե գոնե մի մասին ժամանակին հարմարեցվել են դիցաբանական կամ աղթարական զրույց և առասպել։ Իսկ պահերի յուրաքանչյուր մասերին, այսինքն օրվա 24 ժամերին, մեկական նվիրական ոգի կամ պահապան կարգելը հավանական չի թվում։ Ըստ երևույթին, սոսկ իմաստասերի կամ իմաստակի գրչով են հնարվել այդ անունները, որ հիշատակվել են նաև որոշ բառգրքերում պարզապես ժամերի բնական միջոցին պատշաճեցնելու ցանկությամբ (ոչ շատ հաջող) առանց կրոնական նշանակության։ Դրանք են․
=Կենդանիների պաշտամունք=