: ― Եվ դեռ մի պարագա էլ կա, ոչ այնքան ակնհայտ և ավելի հետաքրքիր։ Երկու ձեռագրերն էլ իրենց մեջ ինչ-որ ընդհանրություն ունեն։ Դրանք պատկանում են արնակցական կապ ունեցող մարդկանց։ Ձեզ դա առավել ակնհայտորեն կերևա, երբ դիտեք, որ e-ն ամենուր գրված է ինչպես հունարեն « », բայց ես տեսնում եմ շատ ավելի նուրբ նշաններ, որոնք նույնն են ասում։ Ոչ մի կասկած չունեմ, որ ձեռագրի երկու նմուշներում էլ նկատվում է տոհմական նմանություն։ Հասկանալի է, որ ձեզ հայտնում եմ միայն այդ փաստաթղթի ուսումնասիրության հիմնական արդյունքները։ Ես արել եմ քսաներեք եզրակացություն ևս, որոնք ավելի հետաքրքիր են փորձագետներին, քան ձեզ։ Եվ այդ ամենը ավելի ու ավելի էին ինձ համոզում, որ այդ նամակը գրել են հայր ու որդի Կանինգեմները։
: Երբ այդ եզրակացությանը հանգեցի, հաջորդ քայլը եղավ ուսումնասիրել հանցագործության մանրամասները և տեսնել, թե դրանք օգուտ կտա՞ն արդյոք։ Ես տեսուչի հետ գնացի Կանինգեմների կալվածքը և տեսա այն ամենը, ինչ պահանջվում էր։ Ամենայն համոզվածությամբ կարող եմ հաստատել, որ սպանվածի վերքը ատրճանակի կրակոցի արդյունք է, որը կատարվել էր մոտավորապես չորս յարդ հեռավորությունից։ Հագուստի վրա վառոդի ոչ մի հետք չկար։ Այդ պատճառով էլ Ալեք Կանինգտոնը ակնհայտորեն ստեց, ասելով, որ երկու տղամարդ կռվում էին իրար հետ, երբ որոտաց կրակոցը։ Այնուհետև, հայր ու որդի միանման ցույց տվեցին այն տեղը, որտեղով հանցագործը նետվել էր փախուստի։ Բայց հենց այդ տեղով է անցնում բավականին լայն, կիսաչոր առուն։ Քանի որ խոնավ հունի մեջ ոչ մի հետք չկար, ես հաստատ համոզվեցի, որ Կանինգեմները ոչ միայն նորից ստեցին, այլև, որ դեպքի վայրում ոչ մի անծանոթ մարդ չի եղել։
: Այժմ ինձ մնում էր պարզել, այդ արտասովոր հանցագործության շարժառիթները։ Որպեսզի հասնեմ նպարակիսնպատակիս, որոշեցի սկզբում իմանալ, թե կոտրելով Էկտոնի դուռը, ինչ նպատակով է կատարվել գողությունը։ Ինչպես ես հասկացա գնդապետի խոսքերից, Կանինգեմների և ձեր միջև, միստր Էկտոն, դատավեճ կար։ Բնականաբար, անմիջապես գլխումս միտք ծագեց, որ նրանք թափանցել են ձեր գրադարանը, որպեսզի ինչ-որ փաստաթուղթ ձեռք բերեն, որը կարևոր դեր է խաղում այս գործում։
: ― Միանգամայն ճիշտ է, ― ասաց միստր Էկտոնը, ― նրանց դիտավորության մեջ կասկած լինել չի կարող։ Ես անհերքելի իրավունք ունեմ նրանց ունեցվածքի կեսի վրա, և եթե նրանց հաջողվեր գողանալ մի կարևոր թուղթ, որ ես, ի երջանկություն ինձ, պահում եմ իմ հավատարմատարի հուսալի չհրկիզվող պահարանում, նրանք, անկասկած, կշահեին դատավեճը։
: ― Ահա, բանն էլ այդ է, ― ասաց Հոլմսը ժպտալով։ ― Դա խելահեղ, անխոհեմ փորձ էր, որտեղ զգացվում էր երիտասարդ Ալեքի ազդեցությունը։ Ոչինչ չգտնելով, նրանք փորձել են կասկածները ցրել՝ ձևացնելով սովորական գողություն, և այդ նպատակով տարել են ինչ ընկել է ձեռքները։ Այս բոլորը բավականին պարզ էր, բայց շատ բան առաջվա նման ինձ համար մութ էր մնում։ Ամեն ինչից շատ ցանկանում էի սկզբում գտնել գրության պակասող մասը։ Ես հավատացած էի, որ Ալեքն է սպանվածի ձեռքից խլել թուղթը և համարյա հավատացած էի, որ խցկել է խալաթի գրպանը։ Ուրիշ ու՞ր կարող էր դնել։ Հարցն այն էր, թե արդյոք դեռ այնտե՞ղ էր, թե ոչ։ Այդ պարզելու համար արժեր ջանք թափել և հանուն դրա մենք բոլորս գնացինք կալվածք։