Changes

Իմ անունը Կարմիր է

Ավելացվել է 802 262 բայտ, 09:41, 12 Նոյեմբերի 2014
Նոր էջ «{{Վերնագիր |վերնագիր = Իմ անունը Կարմիր է |հեղինակ = [[Օրհան Փամուք]] |թարգմանիչ = Արփի Աթաբեկյան |աղբյ...»:
{{Վերնագիր
|վերնագիր = Իմ անունը Կարմիր է
|հեղինակ = [[Օրհան Փամուք]]
|թարգմանիչ = Արփի Աթաբեկյան
|աղբյուր = [[«Իմ անունը Կարմիր է»]]
}}
[[Category: Արձակ]]
{{Անավարտ}}

:::::Նվիրվում է Ռյույային

:::::Մի մարդ սպանեցին և սկսեցին վիճել։
::::::::::''Ղուրան, «Բաքարա», 72''

:::::Տեսնողին կույրի հետ չես համեմատի։
::::::::::''Ղուրան, «Ֆաթիր», 19''

:::::Աստծունն են և՛ արևելքը, և՛ արևմուտքը։
::::::::::''Զուրան, «Բաքարա», 115''


== 1. Ես հանգուցյալ եմ ==

Այժմ ես հանգուցյալ եմ՝ մի ջրհորի հատակին։ Շատ է անցել այն պահից, երբ վերջին շունչս փչեցի, սիրտս վաղուց կանգ է առել, բայց իմ ստոր մարդասպանից բացի ոչ ոք չգիտի, թե գլխիս ինչեր են եկել։ Իսկ նա՝ այդ զզվելին, որպեսզի համոզված լինի, որ ինձ սպանել է, լսեց իմ շնչառությունը, ստուգեց զարկերակս, հետո ոտքով հարվածեց կրծքիս, ինձ տարավ մինչև ջրհորը, նետեց ներքև։

նախ գլուխս խփվեց ջրհորի քարերին և մաս֊մաս եղավ, դեմքս, ճակատս, այտերս ճզմվեցին, ոսկորներս ջարդվեցին, բերանս լցվեց արյունով։

Չորս օր է՝ տուն չեմ գնացել։ Կինս, երեխաներս ինձ են փնտրում։ Աղջիկս անընդհատ արտասվում է, նայում է պարտեզի դռանը, բոլորի աչքը ճանապարհներին է, դռներին։ Իսկապես դռների՞ն է, չգիտեմ։ Գուցե արդեն համակերպվել են. ի՜նչ վատ է։ Որովհետև երբ մարդ նման վայրում է, այնպիսի զգացում է ունենում, ասես դրսում կյանքը նախկինի պես շարունակվում է։ Մինչև ծնվելս անսահման ժամանակ ունեի։ Մահից հետո՝ անսպառ ժամանակ։ Ապրելիս երբեք չէի մտածի այս ամենի մասին․ լույսերի մեջ կանցկացնեի կյանքս, երկու սև ժամանակի միջև։

Երջանիկ էի, կարծես թե երջանիկ էի. հիմա եմ հասկանում՝ մեր փադիշահի նկարչական արվեստանոցում ամենալավ մանրանկար անողը ես էի, և չկար մեկ այլ ծաղկող, որ վարպետությամբ ինձ մի քիչ նման լիներ։ Դրսում արած գործերով ամիսը իննսուն-հարյուր աքչե էի վաստակում։ Այս ամենն, իհարկե, ավելի անտանելի է դարձնում իմ մահը։

Միայն նախշեր և մանրանկարներ էի անում, զարդարում էի էջերի եզրերը, շրջանակների մեջ գույներ, գունավոր տերևներ, ճյուղեր, ծաղիկներ, թռչուններ նկարում, ոլոր-մոլոր չինական ոճով ամպեր, մեկը մյուսին փաթաթված տերևներ, գույների անտառներ և նրանց մեջ թաքնված եղնիկներ, նավեր, փադիշահներ, ծառեր, պալատներ, ձիեր, որսորդներ էի նկարում... Հնում երբեմն ամաններ էի զարդարում. երբեմն մի հայելու ետևի մասը, գդալի ներսը, երբեմն Բողազիչիի որևէ ամառանոցի, որևէ տան առաստաղը, երբեմն սնդուկի կափարիչն էի զարդարում։ Իսկ վերջին տարիներին աշխատում եմ միայն գրքերի էջերի վրա, որովհետև մեր փադիշահը շատ էր վճարում զարդանախշ գրքերի համար։

Չեմ ասում, թև մահվանը հանդիպելուն պես հասկացա, որ փողը կյանքում կարևոր չէ. անգամ մահից հետո մարդ գիտի, որ փողը կյանքում կարևոր է։

Այժմ այս վիճակում գիտեմ, որ լսում եք իմ ձայնը և այս հրաշքին նայելով՝ ասում եք. «Հերիք է պատմես, թե որքան գումար ես աշխատել կյանքում։ Պատմիր, թե ինչ ես տեսնում այդտեղ։ Ի՞նչ կա մահից հետո, որտե՞ղ է հոգին, ինչպիսի՞ն են դրախտն ու դժոխքը, այնտեղ ինչե՞ր ես տեսնում։ Մահն ինչպիսի՞ բան է, մարմինդ ցավո՞ւմ է»։

Ճիշտ եք, մարդուն միշտ հետաքրքրում է, թե մահից այն կողմ ինչ կա։ Զուտ այդ հետաքրքրությունից՝ արյունալի պատերազմներում դիակների արանքով քայլողների մասին պատմություններ են պատմվել․․․ Հոգին ավանդող վիրավոր ռազմիկների մեջ մահացող ու հարություն առնող մեկին կհանդիպեմ, նա ինձ կպատմի մյուս աշխարհի գաղտնիքների մասին։ Այս մարդուն Թեմուրի զինվորները թշնամի կարծելով՝ թրի մի հարվածով երկու կես կանեն, նա էլ կկարծի, որ մահից հետո մյուս աշխարհում մարդ երկու մասի բաժանված է ապրում։ Նման բան չկա։ Անգամ կարող եմ ասել, որ կյանքում իրարից բաժանված հոգիներն այստեղ միանում են։ Բայց չնայած անհավատների, այնկողմնային կյանքին չհավատացողների և սատանային հնազանդվողների պնդումներին՝ կա մի այլ աշխարհ, կա գոհունակություն։ Ապացույցն այն է, որ այնտեղից ձեզ ձայն եմ տալիս։ Մահացա, բայց ինչպես տեսնում եք, չեմ վերացել։ Մյուս կողմից՝ ստիպված եմ ասել, որ Ղուրանում հիշատակված հոսող գետերով դրախտի արծաթե պալատներին, հասած մրգերով, մեծ տերևներով ծառերին, կույս գեղեցկուհիներին չհանդիպեցի։ Մինչդեռ հիշում եմ, թե «Իրադարձություն» սուրահում պատմվող դրախտի այդ խոշոր աչքերով հուրիներին քանի անգամ եմ հաճույքով պատկերել։ Իհարկե, չտեսա նաև ոչ միայն Ղուրանում նկարագրված, այլև Իբն-ի Արաբիի երազած, չափազանցրած կաթի, գինու, քաղցր ջրի և մեղրի այդ չորս գետերը։ Այնկողմնային աշխարհի հույսերով և երազանքներով ապրող մարդկանց չեմ ուզում հուսահատեցնել, այդ պատճառով պետք է ասեմ, որ պատմածներս միայն իմ սեփական դրության հետ են կապված։ Ցանկացած հավատացյալ մարդ, ով մահից հետո կյանքի մասին մի քիչ գաղափար ունի, կընդունի, որ իմ վիճակում գտնվող մարդու համար դժվար է տեսնել դրախտի գետերը։

Կարճ ասած՝ մանրանկարիչների և վարպետների շրջապատում Զարիֆ Էֆենդի անունով հայտնի մարդը՝ ես, մահացել եմ, բայց հողին չեմ հանձնվել։

Այդ պատճառով էլ հոգիս ամբողջովին չի կարողացել լքել մարմինս։ Դրախտ, դժոխք, որտեղ էլ որ լինի իմ ճակատագիրը, որպեսզի հոգիս կարողանա նրան մոտենալ, մարմինս պետք է դուրս գա կեղտի միջից։ Այս արտասովոր դեպքը, որ կարող էր ուրիշներին էլ պատահել, իմ հոգուն ցավ է պատճառում։ Չեմ զգում, որ գանգս մաս֊մաս է եղել, որ մարմնիս կեսը սառույցի պես հոտում է կոտրվածքների և վերքերի մեջ, միայն զգում եմ, որ մարմինս լքելու համար հոգիս տառապում է։ Կարծես ամբողջ աշխարհն իմ մեջ մի տեղ է կծկվել։

Այդ կծկվածության զգացումը կարող եմ միայն այդ յուրահատուկ մահվան պահին ունեցածս թեթևության զգացումի հետ համեմատել։ Երբ անսպասելի հարվածից գանգս փշրվեց, անմիջապես հասկացա, որ այդ ստորն ուզում է ինձ սպանել, բայց չհավատացի, որ կկարողանա։ Հույսով լի էի, բայց արվեստանոցի և տանս միջև եղած իմ խունացած կյանքն ապրելիս դա երբեք չէի զգացել։ Մատներով, եղունգներով և ատամներով կրքոտ փաթաթվեցի կյանքին։ Գլխիս ստացած մյուս հարվածների ցավերի պատմություններով չհոգնեցնեմ ձեզ։

Երբ ցավով հասկացա, որ մահանալու եմ, տարօրինակ թեթևության զգացում ունեցա։ Այդ անցումային պահն ապրեցի այս թեթևության զգացումով։ Այդ պահը նման էր նրան, երբ մարդն իր երազում ինքն իրեն քնած է տեսնում։ Ամենավերջում իմ ստոր մարդասպանի ձնոտ, ցեխոտ կոշիկները տեսա։ Աչքերս փակեցի, ասես քնելու էի և սկսեցի լողալ քաղցր երազների մեջ։ Այժմ բողոքում եմ ոչ թե այն պատճառով, որ ատամներս բոված սիսեռի հատիկների պես բերանս են լցվել, դեմքս անճանաչելի է դարձել կամ որ ընկած եմ ինչ֊որ ջրհորի հատակին, այլ որովհետև մարդիկ կարծում են, թե դեռ ողջ եմ։ Այն, որ ինձ սիրող մարդիկ հաճախ իմ մասին մտածելով՝ կարծում են, թե Ստամբուլի մի անկյունում հիմարի պես իմ գործերով եմ զբաղված, անգամ՝ թե ուրիշ կնոջ ետևից եմ ընկել, իմ անհանգիստ հոգուն տառապանք է պատճառում։ Թող հնարավորինս շուտ գտնեն իմ մարմինը, նամազ անեն և արդեն հողին հանձնեն։ Եվ որ ամենակարևորն է՝ թող ինձ սպանողին գտնեն։ Ուզում եմ իմանաք, որ մինչև այդ ստորը չգտնվի, անգամ ամենաշքեղ գերեզմանում անհանգիստ պտտվելու եմ, բոլորիդ կասկածամտություն եմ ներշնչելու։ Գտեք մարդասպան այդ շան ծնունդին, ես էլ ձեզ մեկ առ մեկ կպատմեմ, թե մյուս աշխարհում ինչեր եմ տեսել։ Բայց ինձ սպանողին գտնելուց հետո թող աքցանով խոշտանգեն նրան, ութ-տասը ոսկոր, նախընտրելի է՝ կրծքավանդակի ոսկորները, կամաց-կամաց ճզմելով ջարդեն, հետո էլ այդ զզվելի ու յուղոտ մազերը մեկ առ մեկ պոկեն՝ գանգամաշկի մեջ անցքեր բացելով։

Իմ հանդեպ այդքան թշնամանք ունեցող մարդասպանն ո՞վ է, այդքան անսպասելի ինձ ինչո՞ւ սպանեց։ Հետաքրքրվեք այդ ամենով։ Աշխարհը լի է անարժան մարդասպաններով, դուք կասեք, ի՞նչ տարբերություն, եթե մեկը սպանվի։ Ուրեմն ձեզ այս պահից ի վեր զգուշացնում եմ. իմ մահվան թիկունքում մեր հավատին, մեր ավանդույթներին, մեր աշխարհայացքին դեմ զզվելի դավեր են նյութում։ Բացեք ձեր աչքերը, ձեր հավատացած և ապրած կյանքի, իսլամի թշնամիներն ինձ ինչո՞ւ սպանեցին, իմացեք, թե ինչ պատճառով կարող են ձեզ մի օր սպանել։ Մեծ քարոզիչ էրզրումցի Նուսրեթ հոջայի ասածները մեկ առ մեկ իրականանում են։ Եթե նույնիսկ մեզ պատահածները գրքի տեսքով գրառվեն, ասեմ ձեզ, որ անգամ ամենապրոֆեսիոնալ ծաղկողները երբեք ոչինչ չեն նկարի։ Ճիշտ Ղուրանի պես (ինձ հանկարծ սխալ չհասկանաք), այս գրքի ցնցող ուժի պատճառն էլ այն կդառնա, որ այնտեղ ոչ մի նկար չկա։ Կասկածում եմ, որ կհասկանաք դա։

Տեսե՛ք, ես էլ, երբ աշակերտ էի, վախենում էի խորքից եկող ճշմարտությունից, այն կողմից եկող ձայներից, այդ պատճառով ուշադրություն չէի դարձնում, ծաղրում էի այդպիսի բաները։ Վերջս եղավ այս խայտառակ ջրհորի հատակը։ Ձեր գլխին էլ կարող է գալ սա։ Ուշադիր եղեք։ Հիմա միայն հույս ունեմ, որ եթե մի լավ փտեմ, գուցե այդ զզվելի հոտով կարողանան գտնել ինձ, ուրիշ ոչինչ չեմ կարողանում։ Մեկ էլ պատկերացնում եմ, թե ինչպես է մի բարի մարդ տանջելու իմ խայտառակ մարդասպանին։


== 2. Իմ անունը Քարա է ==

Տասներկու տարի անց լուսնոտի նման մտա Ստամբուլ, այն քաղաքը, որտեղ ծնվել ու մեծացել եմ։ Մահացողների մասին ասում են, որ նրանց հողն է կանչում, իսկ ինձ մահն էր կանչում։ Սկզբում, երբ մտա քաղաք, կարծեցի, թե միայն մահ կա, հետո համեմատեցի սիրո հետ։ Բայց սերն այն ժամանակ, երբ առաջին անգամ մտա Ստամբուլ, քաղաքի հետ կապված հուշերիս չափ երկար և մոռացված մի բան էր։ Տասներկու տարի առաջ Ստամբուլում իմ մորաքրոջ փոքր աղջկան սիրահարվեցի։ Ստամբուլից հեռանալուց միայն չորս տարի անց Իրանի անծայրածիր տափաստաններում, ձնոտ սարերում և տխուր քաղաքներում թափառելիս, փոստատար աշխատելիս, հարկ հավաքելիս զգացի, որ կամաց-կամաց մոռանում եմ Ստամբուլի փոքրիկ սիրելիիս դեմքը։ Անհանգստանալով՝ փորձեցի հիշել, բայց ինչքան էլ սիրեի, հասկանում էի, որ մարդ մոռանում է դեմքերը, որոնք երկար ժամանակ չի տեսնում։ Արևելքում քարտուղարություն անելով և ճանապարհորդելով՝ փաշաների համար ծառայելով անցկացրածս վեցերորդ տարում արդեն գիտեի, որ իմ երազանքների մեջ պատկերացրած դեմքը Ստամբուլի իմ սիրելիի դեմքը չէ։ Գիտեմ, որ վեցերորդ տարում իմ սխալ հիշած դեմքը ավելի ուշ՝ ութերորդ տարում մի անգամ էլ մոռացա և կրկին որպես մեկ այլ դեմք սկսեցի հիշել։ Տասներկու տարի անց, երբ երեսունվեց տարեկանում վերադարձա իմ քաղաքը, ցավով հասկացա, որ սիրելիիս դեմքը վաղուց եմ մոռացել։ Իմ ընկերների, բարեկամների, իմ թաղի ծանոթների մեծ մասն այս տասներկու տարվա ընթացքում մահացել էին։ Նեղուցին նայող գերեզմանատուն գնացի, աղոթեց մորս և իմ բացակայության ընթացքում մահացած մորեղբայրներիս համար։ Ցեխոտ հողի հոտը խառնվեց իմ հուշերին, մեկը կոտրել էր մորս գերեզմանի կողքին դրված թասերից մեկը։ Չգիտեմ ինչու կտորտանքներին նայելիս սկսեցի արտասվել։ Հանգուցյալների՞ համար, այդքան տարի անց տարօրինակ կերպով ապրելո՞ւս, թե՞ ճիշտ հակառակը զգալուս, կյանքի ճանապարհորդության ավարտին հասնելս զգալու համար էի արտասվում, չգիտեմ։ Թեթև ձյուն սկսվեց։ Այստեղ-այնտեղ քշվող ձյան հատուկենտ փաթիլներին էի նայում մտասուզված, իմ կյանքի անհայտությունների մեջ ճանապարհս էի կորցրել, երբ տեսա, որ գերեզմանոցի մութ անկյուններից մեկից մի շուն է նայում ինձ։ Արցունքներս դադարեցին։ Քիթս սրբեցի։ Տեսնելով, որ սև շունն ընկերաբար շարժում է պոչը, դուրս եկա գերեզմանոցից։ Ավելի ուշ հայրական կողմից մեր ազգականներից մեկի հին տներից մեկը վարձելով՝ տեղավորվեցի այդ թաղում։ Տանտիրուհին ինձ նմանեցրեց պատերազմի ժամանակ սաֆավիդ զինվորների սպանած որդուն։ Տունը կարգի էր բերելու, ինձ համար ուտելիք էր պատրաստելու։ Ասես ոչ թե Ստամբուլ էի եկել, այլ ժամանակավոր տեղավորվել էի աշխարհի մյուս ծայրին գտնվող արաբական քաղաքներից մեկում, ասես ցանկանալով իմանալ, թե քաղաքն ինչպիսի բան է, դուրս եկա փողոց, երկար քայլեցի։ Փողոցնե՞րն էին նեղացել, թե՞ ինձ էր այդպես թվում։ Որոշ տեղերում, իրար ձգվող տների միջև սեղմված փողոցներում բեռնավորված ձիերին չբախվելու համար ստիպված էի պատերին, դռներին քսվելով քայլել։ Հարուստները շատացե՞լ էին, թե՞ ինձ էր այդպես թվում։ Մի շքեղ կառք տեսա, նման բան ոչ Արաբիստանում, ոչ էլ Պարսկաստանում չկար։ Հպարտ ձիերի կրած ամրոցի էր նման։ Չեմբերլիթաշի մոտ Թավուքփազարըից եկող զզվելի հոտերի մեջ իրար կողքի կանգնած, ցնցոտիավոր անամոթ մուրացկանների տեսա։ Մեկը կույր էր և ձյան թափվող փաթիլներին նայելով՝ ժպտում էր։

Եթե առաջ ասեին, որ Ստամբուլն ավելի աղքատ, ավելի փոքր, ավելի երջանիկ էր, գուցե չհավատայի, բայց սիրտս այդպես էր հուշում։ Իմ թողած սիրելիի տունը պատված էր լորենիներով և շագանակենիներով։ Հարցրի, ասացին, որ այնտեղ արդեն ուրիշն է ապրում։ Իմ սիրելիի մայրը՝ մորաքույրս, մահացել էր, նրա ամուսինն ու դուստրը տեղափոխվել էին, և ինչպես ասացին դռան մոտ կանգնած մարդիկ, ովքեր այդպիսի դեպքերում չեն նկատում, թե ինչպես են կոտրում ձեր սիրտը և երազանքները, նրանց գլխով շատ փորձանք էր անցել։ Հիմա չպատմեմ ձեզ այդ ամենի մասին, բայց ասեմ, որ հին այգու լորենու ճյուղերից ճկույթ մատիս մեծությամբ սառույցի կտորներ էին թափվում, ժամանակին տաք, կանաչ և արևոտ ամառային օրերով լի այգին դժբախտությունից, ձյունից և անխնամությունից մարդուն ստիպում է մտածել մահվան մասին։

Բարեկամներիս դժբախտությունները մասամբ գիտեի մորաքրոջս ամուսնու՝ ինձ Թավրիզ ուղարկած նամակից։ Այդ նամակում մորաքրոջս ամուսինն ինձ կանչում էր Ստամբուլ, ասում էր, որ մեր սուլթանի համար գաղտնի գիրք է պատրաստում, ուզում է, որ իրեն օգնեմ։ Նա լսել էր, որ ես մի շրջան Թավրիզում օսմանյան փաշաների, նահանգապետերի, Ստամբուլի խնդրառուների համար գրքեր էի պատրաստում։ Թավրիզում իմ պատրաստած գրքերի համար գումար էի ստանում ռազմիկներից և օսմանյան զինվորներից, գտնում էի ծաղկողների և գրիչների, որոնք դեռ քաղաքը չէին լքել և Քազվին կամ այլ օտար քաղաքներ չէին գնացել, և աղքատությունից ու անտարբերությունից բողոքող այս մեծ վարպետներին էջերը գրել, նկարել, կազմել տալով՝ գիրքը Ստամբուլ էի ուղարկում։ Եթե երիտասարդ տարիքում մորաքրոջս ամուսնու՝ գրքի զարդարման և գեղեցիկ գրքի հանդեպ ինձ փոխանցած սերը չլիներ, այս գործով չէի զբաղվի։ Մորաքրոջս ամուսնու հին տան փողոցի՝ դեպի շուկա գնացող փողոցի անկյունում աշխատող վարսավիր վարպետը դեռ իր վարսավիրանոցում նույն հայելիների, սափրիչների, թասերի, օճառների հետ էր։ Նայեցինք իրար, բայց չգիտեմ՝ ճանաչեց ինձ։ Ուրախացա, երբ տեսա, որ տաք ջրով լցված՝ գլուխ լվանալու թասն առաստաղից կախված շղթայի ծայրին դեռ նույն աղեղը գծելով ետ ու առաջ է անում։ Երիտասարդությանս որոշ թաղեր, որոշ փողոցներ տասներկու տարում այրվելով՝ մոխիր ու փոշի դառնալով՝ անհետացել էին, նրանց փոխարեն շների ոտնահետքեր, երեխաներին վախեցնող հրդեհի հետքեր էին երևում, իսկ որոշ տեղերում ինձնմաններին զարմացնող շքեղ տներ էին կառուցվել։ Մի քանիսի պատուհասներին ամենաթանկ, գունավոր վենետիկյան ապակիներ էին։ Բարձր պատերից կախվող պատշգամբներից հասկացա, որ իմ բացակայության ընթացքում Ստամբուլում շատ են երկհարկանի շքեղ տներ կառուցվել։

Ինչպես շատ ուրիշ քաղաքներում, Ստամբուլում էլ էր փողը կորցրել իր արժեքը։ Արևելքում գտնվելուս տարիներին մի աքչեով չորս հարյուր ղիրհեմանոց մեծ հաց թխող թոնրատներն այժմ նույն գումարով դրա կեսը և բացի այդ անհամ, իմ մանկությունն ընհանրապես չհիշեցնող հաց էին վաճառում։ Եթե լուսահոգի մորիցս տասներկու ձվի համար երեք աքչե ուզեին, կասեր՝ քանի դեռ հավերը երես չեն առել, գլխներիս չեն նստել, փախչենք ուրիշ աշխարհ, բայց ես գիտեմ, որ արժեզրկումն ամենուր է։ Ասում էին, որ Ֆլամենկոյից, Վենետիկից եկող առևտրական նավերում սնդուկները լի են կեղծ փողերով։ Դրամահատարանում հնում հարյուր դիրհեմ արծաթից հինգ հարյուր աքչե էին ստանում, իսկ այժմ սաֆավիդների դեմ անավարտ պատերազմների պատճառով սկսել են ութ հարյուր աքչե հատել։ Ենիչերիները, տեսնելով, որ իրենց ստացած աքչեները նեղուցն են նետել, և դրանք բանջարավաճառի նավամատույցից թափվելով՝ կանաչ լոբու պես ծովում լողում են, ապստամբել էին, սուլթանի պալատը շրջապատել թշնամու ամրոցի պես։

Նուսրեթ անունով մի հոջա, որ Բեյազիդի մզկիթում քարոզ էր անում և պնդում, որ Մուհամմեդ մարգարեի տոհմից սերող սեյյիդ է, այդ անբարոյականությունների, խարդախությունների, մարդասպանությունների, կողոպուտների ընթացքում նշանավոր էր դարձել։ Էրզրումցի անունով քարոզիչը պատմում էր վերջին տասը տարում Ստամբուլի փորձանքների, Բահչեքափը և Քազանջըլար թաղամասի հրդեհների, քաղաքում ամեն անգամ տասնյակ հազարավորների կյանքը խլող ժանտախտի, սաֆավիդների դեմ պատերազմում չնայած այդքան զոհեր տալուն՝ ոչ մի արդյունքի չհասնելու, Արևմուտքում քրիստոնյաների ապստամբությունների և փոքրիկ օսմանյան ամրոցները ետ խլելու, Մուհամմեդ մարգարեի ճանապարհից շեղվելու, Ղուրանի խրատներից հեռանալու, քրիստոնյաների հանդեպ հանդուրժողականություն ցուցաբերելու, գինու ազատ վաճառքի, թեքքեներում երաժշտական գործիքներ նվագելու մասին։ Էրզրումցու ելույթից ոգևորված պատմելով՝ այս լուրերն ինձ փոխանցող թթու վաճառողն ասաց նաև շուկաները ողողած կեղծ փողերի, նոր դուկանների, առյուծավոր կեղծ ֆլորինների, աստիճանաբար ավելի քիչ արծաթ պարունակող աքչեների, փողոցներում շատացած չերքեզների, աբազաների, մինգերացիների, բոսնիացիների, վրացիների, հայերի պես մարդկանց, մարդուն լուրջ և անդառնալի անբարոյականության գիրկը նետող ամեն ինչի մասին։ Անբարոյականները, ապստամբները հավաքվում են սրճարաններում, մինչև առավոտ բամբասում են։ Անհայտ կիսամերկ մարդիկ, թմրամոլ խենթեր, Քալենդերիների մնացորդները ցույց տալով, թե որն է Ալլահի ճանապարհը, թեքքեներում մինչև առավոտ երաժշտության տակ պարելով՝ այստեղ-այնտեղ շամփուրներ խրելով, ամեն տեսակի անշնորհքություն անելուց հետո իրար հետ և փոքրիկ տղաների հետ սիրով են զբաղվում։

Ուդի անուշ ձայն լսեցի, արդյոք դա՞ էր իմ փնտրածը, թե՞ հուշերս և ցանկություններս իրար խառնած թթու վաճառողին այլևս չկարողանալով դիմանալ՝ միտքս ինձ ելք հուշեց։ Միայն գիտեմ, որ եթե մի քաղաքը շատ եք սիրում, այնտեղ շատ եք զբոսնում, տարիներ անց այդ քաղաքի փողոցները ոչ միայն ձեր հոգին, այլև ձեր մարմինն ինքնըստինքյան կճանաչի, ամենատխուր պահին անգամ ոտքերն իրենք իրենց ձեզ կտանեն դեպի ձեր սիրելի բլուրը։

Այսպիսով, նալբանդ շուկայից դուրս գալով՝ նայեցի Սուլեյմանիյե մզկիթի կողքին դեպի նեղուցը թափվող ձյանը, հյուսիս նայող կտուրների, գմբեթների անկյուններում հյուսիսային սառը քամուց ձյունն արդեն սառել էր։ Քաղաք մտնող մի նավ ինձ փայլուն ողջույն ուղարկեց, իջնող առագաստները նեղուցի մակերեսի մոխրագույնին էին նմանվել։ Կիպարիսր և թխկենին, կաթիլների տեսքը, երեկոյի տխրությունը, ներքևի թաղերի ձայները, վաճառողների և մզկիթի բակում խաղացող երեխաների բղավոցները միանալով գլխումս՝ ստիպում էին զգալ, որ սրանից հետո կյանքս քաղաքից դուրս ոչ մի տեղ չեմ կարող ապրել։ Մի պահ կարծեցի, որ տարիներ առաջմոռացված սիրելիիս դեմքը կհայտնվի աչքերիս առաջ։ Զառիթափով իջա ներքև։ Մտա բազմության մեջ։ Երեկոյան էզանից հետո թոք տապակողի խորտկարանում հաց կերա։ Դատարկ խորտկարանի տիրոջ պատմություններն ուշադիր լսեցի։ Նա ինձ կատվի պես էր նայում ու կերակրում։ Նրանից ներշնչվելով և նրա նկարագրությամբ՝ երբ մութն ընկնելուց հետո Էսիր շուկայի ետևի նեղ փողոցներից մեկը մտա, այնտեղ մի սրճարան գտա։ Ներսում բազմամարդ էր և տաք։ Թավրիզում, իրանյան քաղաքներում դրա նման շատ սրճարաններ էի տեսել, և այնտեղ ոչ թե մեդդահ, այլ փերդեդար կոչվող մի պատմող է վառարանի կողքին, մի քիչ բարձր տեղում նստում։ Մի նկար, հաստ թղթի վրա արագ, բայց հմտորեն արված շան նկար բացեց և կախեց, խոսքի ընթացքում նկարի շանը ցույց տալով՝ իր պատմությունն այդ շան անունից էր անում։


== 3. Ես շուն եմ ==

Ինչպես տեսնում եք, ժանիքներս այնքան սուր են ու երկար, որ դժվարությամբ են տեղավորվում բերանումս։ Գիտեմ, որ սարսափելի տեսք ունեմ, բայց ինձ դուր է գալիս։ Մի անգամ մի մսագործ, նայելով իմ ժանիքների մեծությանն, ասաց. «Սա հո շուն չի, խոզ է»։

Նրա ոտքն այնպես կծեցի, որ ատամներիս ծայրին զգացի, թե ինչպես եմ յուղոտ մսից հետո հասնում ազդրի կոշտ ոսկորին։ Դա շան համար ոչինչ է. ներսից եկող զայրույթով վատ թշնամու մսի մեջ ատամները խրելու չափ հաճելի ոչինչ չի կարող լինել։ Երբ այդպիսի հնարավորություն եմ ունենում, կծելու արժանի զոհի՝ իմ առջևով հիմարի պես անցնելու պահին աչքերս սևանում են, ատամներս կարծես ցավում են և առանց նկատելու՝ կոկորդիցս ձեզ վախեցնող մռնչոցներ եմ սկսում արձակել։

Ես շուն եմ, և դուք էլ, քանի որ ինձ պես տրամաբանող էակներ չեք, մտածում եք, որ շները չեն կարող խոսել։ Բայց մյուս կողմից՝ կարծես հավատում եք, որ հանգուցյալները խոսում են, հավատում եք հեքիաթներին, որտեղ հերոսներն օգտագործում են իրենց չիմացած բառերը։ Շները խոսում են, բայց նրանց համար, ովքեր լսում են իրենց։ Լինում է, չի լինում, մի մայրաքաղաքի ամենամեծ մզկիթներից մեկում, դե, ասենք՝ Բեյազիդ մզկիթում, մի հեռու քաղաքից մի անփորձ հոջա է գալիս։ Երևի պետք է անունը գաղտի պահենք, օրինակ՝ Հուսրեթ հոջա ասենք նրան, բայց էլ ինչ սուտ ասեմ, հիմար հոջա էր։ Որքան հիմար էր, այնքան շատ էր խոսում, մաշալլահ, այդքան էլ ուժ ուներ։ Ամեն ուրբաթ մարդկանց այնքան էր ոգևորում, այնպես էր ստիպում արտասվել, որ ուշաթափվողներ, վատացողներ էին լինում։ Վայ, հանկարծ սխալ չհասկանաք, մյուս ուժեղ խոսք ունեցող հոջաների պես երբեք չէր արտասվում, ճիշտ հակառակը, մինչ մյուսներն արտասվում էին, նրա թարթիչն անգամ չէր շարժվում, կարծես մարդկանց կշտամբելով խոսելիս՝ նրանց ավելի շատ էր ուժ տալիս։ Երևի մարդիկ սիրում էին, որ իրենց կշտամբում է, բոլոր այգեպանները, երիտասարդները, հալվա պատրաստողները, մի շարք այլ մարդիկ և նրա պես շատ այլ հոջաներ այս մարդու ծառան էին դարձել։ Էհ, նա էլ հո շուն չի, կաթ խմած մարդ արարած է. այս երկրպագուների բազմության առաջ իրեն կորցնում էր, մեկ էլ տեսավ, որ բազմությանը արտասվել ստիպելու չափ իրենց վախեցնելն էլ է հաճույք պատճառում, բացի այդ, այդ գործում ավելի մեծ շահույթ կա, այնքան ոգևորվեց, որ անգամ ասաց. «Թանկացման, ժանտախտի, պարտությունների միակ պատճառն այն է, որ մեր մարգարեի ժամանակի իսլամը մոռանալով՝ այլ գրքերի և ստերի հավատացինք։ Մուհամմեդ մարգարեի ժամանակ մևլիթ կարդալ տալի՞ս էին։ Հանգուցյալի քառասուն օրվա ծիսակատարություն անել, հոգու համար հալվա և լոխում պատրաստել կա՞ր։ Մուհամմեդ մարգարեի ժամանակ Ղուրանը երգի պես կարդալ կա՞ր։ Մինարեթ բարձրանալով՝ ձայնս ի՜նչ գեղեցիկ է, արաբերենս ի՜նչ գեղեցիկ է, արաբի պես եմ խոսում ասելով գոռոզանալ, կնոջ պես կոտրատվելով երգեցիկ էզան ասել կա՞ր։ Գերեզման գնալով՝ արտասվում են, հանգուցյալներից օգնություն են խնդրում, դամբարաններ գնալով՝ հեթանոսների պես քարերին են երկրպագում, ծառերից թաշկինակ են կապում, զոհաբերություն են անում։ Մուհամմեդ մարգարեի ժամանակ այս խելք սովորեցնող աղանդավորները կայի՞ն։ Նրանց ուսուցիչ Իբնի Արաբին, Ֆիրավունի՝ հավատով մահանալու վրա երդում տալով՝ մեղավոր դարձավ։ Թարիքաթի մարդիկ, մեվլևիները, հալվեթիները, քալենդերիները, երաժշտական գործիքներ նվագելով՝ Ղուրան կարդալով, տղա-աղջիկ, բոլորը միասին, աղոթում ենք ասող, բայց իրականում պարողները անհավատներ են։ Թեքքեները պետք է փակվեն, նրանց արմատները պետք էյոթ արշին հողի տակ թաղվեն, հողը պետք է ծովը լցնել, որպեսզի միայն այնտեղ կարողանան նամազ անել»։ Ավելի շատ զայրանալով, թքոտելով՝ այս Հուսրեթ հոջան ասաց. «Հե՜յ, հավատացյա՛լ մարդիկ, սուրճ խմելը հարամ է։ Մեր մարգարե Մուհամմեդն ասել է, որ այն թմրեցնում է մարդու ուղեղը, ծակում է ստամոքսը, ողնաշարի ծռություն ու անպտղություն է առաջացնում, և քանի որ սուրճը սատանայի խաղն է եղել, այն չեն խմել։ Բացի այդ, այժմ սրճարաններն իրենց հաճույքի համար ապրող մարդկանց, հաճույքներով տարված հարուստների, դեմ առ դեմ նստած՝ տարբեր անշնորհքություններ անողների տեղ է։ Նախևառաջ պետք է սրճարանները փակել, հետո՝ թեքքեները։ Աղքատները սուրճ գնելու փող ունե՞ն։ Գնում են սրճարաններ, սուրճից հարբում են, ամեն ինչ այնպես են իրար խառնում, այնտեղ ցանկացած շան ասածը որպես ճշմարտություն ընդունելով՝ լսում են։ Չեն մտածում, որ շունն ինձ ու մեր հավատն է հայհոյում»,― ասում է Հուսրեթ հոջան։

Ձեր թույլտվությամբ, այս պարոնի վերջին խոսքին ուզում եմ պատասխան տալ։ Մենք գիտենք, որ հաջը-հոջաների և իմամների հավաքականը մեզ՝ շներիս չի սիրում։ Իմ կարծիքով՝ խնդիրը միայն Մուհամմեդ մարգարեի վրա քնած-մնացած կատվին չարթնացնելու հետ է կապված։ Ուզում եմ ասել, որ կատվի հանդեպ ցուցաբերված այս նրբանկատությունը մեր հանդեպ երբեք ցույց չեն տալիս, և անգամ այս երախտամոռ մարդուն հայտնի է, որ այդ կենդանու հետ մեր հավերժական պատերազմի պատճառով Ռուսուլուլլահը շներին ատում է։ Մսում Են, որ սրբապիղծ ենք, դրա համար թույլ չեն տալիս մզկիթ մտնել, դարեր ի վեր մզկիթների բակերում ծառայողների երկար ավելներով ծեծվել ենք, այս ամենը վատ նպատակ հետապնդող այս սուտ մեկնաբանությունների հետևանքն է։ Ձեզ Ղուրանի ամենագեղեցիկ սուրահներից «Քարանձավն» եմ ուզում հիշեցնել։ Ոչ թե այն պատճառով, որ այս սրճարանում Ղուրան կարդացածներ չկան, այլ որովհետև ուզում եմ հիշողությունը թարմացնել։ Այս սուրահում հեթանոսների հետ ապրելուց հոգնած յոթ երիտասարդի մասին է խոսքը։ Նրանք մի քարանձավ են մտնում ու քնում։ Ալլահը նրանց ականջներին մեկական կնիք է դնում և նրանց ուղիղ երեք հարյուր ինը տարի քնեցնում է։ Երբ արթնանում Են, միայն այս յոթ երիտասարդներից մեկը մարդկանց հանդիպելիս չկարողանալով ծախսել ձեռքի դրամը, հասկանում է, որ շատ ժամանակ է անցել, շատ է զարմանում։ Թույլ տվեք ձեզ հիշեցնել մարդ արարածի կապվածությունն Աստծու հետ, նրա հրաշքները, ժամանակի անցողիկությունը, խոր քնի քաղցրությունը պատմող սուրահի տասնութերորդ հայաթը, ուր խոսք է գնում Էսհաբ-ը Քեհֆ հայտնի քարանձավի, որտեղ յոթ եղբայրները քնած են եղել, մուտքի մոտ նստած մի շան մասին։ Իհարկե, բոլոր շները կարող են հպարտ լինել, որ իրենց մասին խոսվում է Ղուրանում։ Որպես շուն հպարտանում եմ այդ սուրահի համար և թշնամիներին, մեզ նվաստացնող էրզրումցիներին ասում եմ, որ գուցե խելքները գլուխները հավաքեն։ Այդ դեպքում ո՞րն է շների դեմ այս թշնամանքի պատճառը։ Ինչո՞ւ եք ասում, որ շունը կեղտոտ է, ինչո՞ւ երբ ձեր տուն շուն է մտնում, ամբողջ տունը մաքրում, լվանում եք։ Ինչո՞ւ եք ասում, որ մեզ դիպչելով պղծվում են, ձեր հագուստի ծայրով շների թաց մազերին դիպչելիս ինչո՞ւ եք որոշում, որ պետք է ջղային խենթ կնոջ պես այդ հագուստը յոթ անգամ լվանալ։ Եթե շունը մի կաթսա է լպստում, ինչո՞ւ եք ասում, որ կամ պետք է դեն նետել, կամ էլ կաթսայագործն այն պետք է նորից կլայեկի։ Կատուներն արդեն ինչքան ժամանակ է՝ գյուղից դուրս գալով՝ անցել են նստակյաց կյանքի, մտել են քաղաք, բայց հովվաշները մնացել են գյուղերում, միևնույն է, մենք՝ շներս, կեղտոտ ենք համարվում։ Իսլամից առաջ տասներկու ամիսներից մեկը շան ամիս էր։ Իսկ հիմա, եթե շուն ես, ուրեմն փորձանք ես բերելու։ Այս երեկո ձեզ՝ իմ ընկերներին, սեփական խնդիրներով չեմ ուզում զբաղեցնել և հուզել, իմ զայրույթը նրանից է, որ մեր հոջաները սրճարաններում պատմություններ են անում։ Այս էրզրումցի Հուսրեթի հոր անհայտության մասին որ խոսեմ, ի՞նչ կասեք։ Ինձ էլ ասում են, թե՝ ի՞նչ ձևի շուն ես, տերդ մի սրճարանում նկար է կախել, պատմություն անող մեդդահ է, իսկ դու նրան պաշտպանելու համար հոջաներին ես լեզուդ երկարացնում։ Աստված հեռու պահի, լեզուս չեմ երկարացնում. ես մեր սրճարանները շատ եմ սիրում։ Գիտեք, չեմ տխրում, որ իմ նկարն այսքան էժան թղթի վրա են նկարել կամ էլ նրա համար, որ շուն եմ, ես տխուր եմ, որովհետև ձեզ հետ մարդավարի չեմ կարողանում նստել, սուրճ խմել... Մենք խենթանում ենք սուրճի և մեր սրճարանների համար... Բայց դա ի՞նչ է... Վարպետս, տեսեք, ինձ ջազվեից սուրճ է տալիս։ Նկարը սուրճ խմո՞ւմ է՝ կասեք դուք, տեսեք, տեսեք, շունն ինչպես է հաճույքով սուրճ խմում։ Օօ՜հ, ինչ լավ էր, տաքացա, թարմացա, գլուխս սկսեց աշխատել և տեսեք՝ ինչ մտածեցի։ Գիտե՞ք, Վենետիկի դոժը մեր սուլթանի դուստր Նուրհայաթին որպես նվեր չինական մետաքսի կտորեղենից, կապույտ ծաղիկներով չինական ծաղկամաններից բացի էլ ի՞նչ էր ուղարկել։ Մետաքսե մազերով, սամույրից էլ փափուկ, սեթևեթող ֆրանսիական շուն։ Այս շունն այնքան սեթևեթող էր, որ կարմիր մետաքսե հագուստ ուներ։ Մեր ընկերներից մեկը նրա հետ սեր էր արել, դրանից գիտեմ։ Այս շունը սեր անելուց անգամ շորերը չի հանում։ Ֆրանսիացիների մոտ բոլոր շներն էլ հագուստով են ման գալիս։ Այնտեղ անգամ պատմում են, որ երբ մի ազնվազարմ ֆրանսուհի մերկ շուն է տեսել, բղավել է. «Այ, մերկ կենդանի», և ուշաթափվել է։

Ֆրանսիացի անհավատների երկրում ամեն շուն իր տերն ունի։ Խեղճ շների վզերին շղթաներ գցելով՝ ամենաաղքատ ստրուկների պես փողոցներում շղթայած են ման ածում։ Այս մարդիկ հետո այդ խեղճ շներին ստիպում են տուն մտնել անգամ իրենց անկողնում են քնեցնում։ Շունը ոչ միայն չի կարողանում ուրիշ շների հետ սեր անել, անգամ նրանց հետ կողք կողքի չեն կարողանում քայլել։ Այդ խեղճերը շղթաների մեջ փողոցում միմյանց հանդիպելիս իրար հեռվից են նայում։ Անհավատները չեն պատկերացնում, որ մեր Ստամբուլի փողոցներում հոտերով, համայնքներով հանգիստ զբոսնում ենք, առանց տեր ճանաչելու, ուր ուզում՝ մտնում ենք, մեր ուզած տաքուկ անկյունում կծկվելով, մի ստվերի տակ պառկելով՝ մուշ-մուշ քնում ենք, մեր ուզած տեղում կարիքներս հոգում ենք, ուզած բանն ուտում ենք։ Արդյոք այդ պատճառո՞վ են էրզրումցու երկրպագուները Ստամբուլի փողոցներում ողորմության համար իրենց աղոթքներով խնդրում, որ շներին միս չտան, նրանց համար օգնության ֆոնդեր չբացեն։ Եթե այդ ամենի նպատակը շներին թշնամանքից բացի նաև անհավատություն ցուցաբերելն է, հիշեցնեմ, որ շների հանդեպ թշնամանք ցուցաբերելն ինքնին անհավատություն է։ Հուսամ, որ այս խայտառակ մարդկանց վերջը մոտ է. որպես խրատ նրանց դահիճները թող գոնե մեզ հետ հաց կիսեն։ Վերջում սա պատմեմ․ սրանից առաջվա տերս շատ արդարամիտ մարդ էր։ Երբ գիշերը դուրս էինք գալիս գողության, հասույթը կիսում էինք, երբ ես սկսում էի հաչալ, նա կտրում էր զոհի կոկորդը, այսպիսով այդ մարդու բղավոցը չէր լսվում։ Դրա դիմաց իր պատժած մեղավորներին կտրտում էր, եռացնում, տալիս էր ինձ, ես ուտում էի։ Ես հում միս չեմ սիրում։ Էրզրումցի հոջային գլխատողը, հուսամ, արդեն կմտածի այդ մասին, այդ գգվելի մարդու միսը հում ուտելով՝ ստամոքսս չեմ փչացնի։


== 4. Ինձ մարդասպան կկոչեն ==

Այդ հիմարին սպանելուց անգամ վայրկյաններ առաջ, եթե մեկն ասեր, որ ես կարող եմ մարդ սպանել, չէի հավատա։ Այդ պատճառով իմ արածը երբեմն հորիզոնում անհետացող օտար առագաստանավի պես ինձնից աստիճանաբար հեռանում է։ Երբեմն էլ զգում եմ, որ ոչ մի հանցանք չեմ գործել։ Խեղճ Զարիֆ եղբորս իմ ցանկությունից անկախ սպանելուց ի վեր չորս օր է անցել, և այժմ մի քիչ հարմարվել եմ իրավիճակին։ Կցանկանայի իմ առջև ծառացած խնդիրն առանց մարդ սպանելու լուծել, բայց անմիջապես հասկացա, որ այլ ճանապարհ չկա։ Գործս անմիջապես այդտեղ վերջացրի, ամբողջ պատասխանատվությունն ընկավ ինձ վրա։ Մի անմիտի զազրախոսության պատճառով թույլ չտվեցի, որ նկարիչների ամբողջ շրջապատին վտանգ սպառնա։ Բայց դե միշտ էլ դժվար է մարդասպանության հետ համակերպվելը։ Տանը չեմ կարողանում մնալ, փողոց չեմ կարողանում դուրս գալ, դրսում չեմ կարողանում մնալ, անցնում եմ մյուս փողոցը, հետո այդ փողոցից մյուսն եմ քայլում և մարդկանց դեմքերին նայելիս տեսնում եմ, որ շատերն իրենց անմեղ են կարծում, քանի որ մարդ սպանելու առիթ չեն ունեցել։ Այս ճակատագրի փոքրիկ դիպվածի պատճառով դժվար է հավատալ, որ մարդկանց մեծ մասն ինձնից ավելի բարոյական կամ լավն են։ Առնվազն մի քիչ ավելի հիմար դեմքեր ունեն, քանի որ դեռ հանցանք չեն գործել, և բոլոր հիմարների պես բարի տեսք ունեն։ Որպեսզի հասկանայի, որ աչքերում խելքի փայլ, դեմքին՝ հոգուց արտացոլվող ստվեր ունեցող բոլորը թաքնված մարդասպաններ են, այդ խեղճ մարդուն սպանելուց հետո Ստամբուլի փողոցներում չորս օր շրջելն ինձ բավական էր։ Միայն հիմարներն են անմեղ լինում։

Օրինակ՝ այս երեկո Էսիր շուկայի ետևի սրճարանում իմ տաք սուրճով տաքանալիս, ետնամասում շան նկարին նայելով, շան պատմածները բոլորի պես ինքնամոռաց լսելով՝ ծիծաղելիս զգացի, որ կողքիս նստածն ինձ պես մարդասպան է։ Նա էլ էր կարողանում ինձ պես ծիծաղել պատմողի ասածների վրա, բայց թևի՝ իմ թևին այդքան նման լինելու պատճառո՞վ, թե՞ սուրճի գավաթը բռնած անընդհատ շարժվող մատների անհանգստությունից, չգիտեմ՝ հասկացա, որ նա էլ է իմ ցեղից սերում և հանկարծակի շրջվելով՝ ուղիղ նայեցի դեմքին։ Անմիջապես վախեցավ, մտահոգվեց։ Երբ մարդիկ սկսեցին հեռանալ, ծանոթ մեկը նրա թևը մտավ և ասաց.

― Արդեն Նուսրեթ հոջայի մարդիկ են սկսել այստեղ գալ։

Նա կողքինին հասկացրեց, որ լռի։ Նրանց վախերն ինձ էլ փոխանցվեցին։ Ոչ ոք ոչ մեկին չի վստահում, ամեն պահ դիմացինից ստորություն են սպասում։ Եղանակն էլ է ցրտել և փողոցների անկյուններում, պատերի տակ ձյունը հավաքվել, բարձրացել է։ Մթության մեջ մարմինս նեղ փողոցների ճանապարհները միայն զգալով է կարողանում գտնել։ Երբեմն էլ լավ կողպված դռներով, սև տախտակներով փակված պատուհաններով տներից դեռ երևացող լամպի թույլ լույսը դուրս սողալով՝ արտացոլվում է ձյան վրա, իսկ հաճախ ոչ մի լույս, ոչինչ չեմ տեսնում, ականջ դնելով պահակների

Փայտերի՝ քարերին հարվածելու ձայներին, խենթ շների հաչոցներին՝ գտնում եմ տան ճանապարհը։ Երբեմն գիշերվա կեսին քաղաքի նեղ ու սարսափելի փողոցները կարծես լուսավորվում էին ձյան միջից դուրս եկող հիասքանչ լույսով և մթան մեջ ավերակների ու ծառերի միջև հարյուրավոր տարիներ Ստամբուլին յուրահատուկ դարձնող ուրվականներին էի տեսնում։ Երբեմն էլ տներից դժբախտ մարդկանց ձայներ էին գալիս, կամ էլ խռպոտ ձայնով հազում էին, կամ քիթն էին վեր քաշում կամ էլ երազներում արտասվելով՝ բղավում էին, կամ էլ մարդ ու կին փորձում էին իրար սպանել, մինչ երեխաները նրանց կողքին կանգնած արտասվում էին։

Նախքան մարդասպան լինելը նախկին երջանիկ կյանքս հիշելու, ուրախանալու համար մեկ-երկու երեկո այս սրճարանում մեդդահին լսելու էի գնում։ Իմ նկարիչ ընկերների մեծ մասը, ում հետ ամբողջ կյանքս եմ անցկացրել, ամեն երեկո գալիս են այստեղ։ Այն օրից ի վեր, որ ձեռք բարձրացրի այդ հիմարի վրա, ում հետ մանկությունից ի վեր միասին նկարել ենք, ոչ մեկին արդեն չեմ ուզում տեսնել։ Իրար տեսնելով՝ բամբասող եղբայրներիս կյանքում այստեղի խայտառակ խրախճանքի մեջ ամաչեցնող շատ բան կա։ Որպեսզի ինձ մեծամիտ չհամարեն, մի երկու նկար ես էլ արեցի մեդդահի համար, բայց չեմ կարծում, որ դա վերջ կդնի նրանց նախանձին։ Բայց ճիշտ են անում, որ նախանձում են... Ներկ խառնելու, չափելու, էջեր հավաքելու, թեմա ընտրելու, դիմանկար անելու, մարդաշատ պատերազմներ և որսորդական տեսարաններ պատկերելու, կենդանիներ, սուլթաններ, նավեր, ձիեր, ռազմիկներ, սիրահարներ նկարելու գործում, վրձնի գործի մեջ հոգու բանաստեղծությունը ներմուծելու գործում, անգամ ծաղկման գործում ես եմ վարպետը։ Սա ձեզ ասում եմ ոչ թե ինձ գովելու համար, այլ որպեսզի ինձ հասկանաք։ Նախանձը ժամանակի ընթացքում վարպետ նկարչի կյանքում ներկի պես մի նյութ է դառնում։ Անհանգստությունից աստիճանաբար երկարող իմ զբոսանքների ընթացքում երբեմն պարզ, անմեղ եղբայրներիցս մեկին են հանդիպում աչքերս, և հանկարծակի այս տարօրինակ միտքն եմ հղանում, հիմա եթե մտածեմ, որ մարդասպան եմ, դիմացինս դա կհասկանա իմ դեմքից։ Այդպիսով, անմիջապես ինձ ստիպում եմ այլ բաների մասին մտածել, ինչպես երիտասարդ տարիքում նամազ անելիս կանանց մասին մտածելու համար ամոթից այրվում էի։ Բայց չնայած այդ երիտասարդ տարիներին չէի կարողանում չմտածել սեր անելու մասին, այժմ մարդասպանության մասին կարողանում եմ մոռանալ։

Հասկանում եք, որ այս ամենը պատմում եմ, որովհետև իմ վիճակն եմ ուզում նկարագրել։ Անգամ եթե մի բան մտածեմ, ամեն ինչ կհասկանաք։ Սա էլ ձեզ թույլ է տալիս մտածել, որ ես ձեր կողքին ուրվականի պես թափառող անանուն, բնավորություն չունեցող մարդասպան եմ, հանձնված, դեմքի պարզ դիմագծերով սովորական մեղսագործ, ով արժանի է գլխին հարված ստանալ։ Թույլ տվեք ամեն բան չմտածել, մի բան էլ ինձ համար թաքցնեմ, ձեզ պես նրբանկատ մարդիկ էլ են կարողանում ոտնահետքերով գտնել գողին, թող իմ խոսքերից ու գույներից կարողանան հասկանալ, թե ով եմ։ Սա էլ հիմա մեզ բերում է մեծ պահանջարկ ունեցող ոճի թեմային, նկարիչն ունի՞ իր սեփական ոճը, իրեն հատուկ գույնը, ձայնը, պե՞տք է ունենա։

Օրինակ՝ մեծն վարպետ, նկարիչների արքա Բեհզադի մի նկարը դիտարկենք։ Մի մարդասպանության նկար էի տեսել մի անգամ, իմ վիճակին էլ համապատասխանող հրաշալի բան։ Գահի համար մի անգութ պայքարում սպանված մի իրանցի արքայազնի գրադարանից ելած, Հերաթի ոճով իննսունամյա մի կատարյալ գրքի՝ Խոսրովի և Շիրինի պատմությունը պատմող էջերը տեսա։ Խոսրովի և Շիրինի պատմության վերջը գիտեք, ոչ թե Ֆիրդուսիի, այլ Նիզամիի պատմածը։ Երկու սիրահար ինչպիսի արկածներից և փոթորիկներից հետո են ամուսնանում, բայց Խոսրովը նախկին կնոջից երեխա է ունենում, Շիրուեն սատանայի պես է լինում և նրանց հանգիստ չի թողնում։ Այս արքայազնը հոր գահին է աչք դնում և նրա երիտասարդ կնոջ՝ Շիրինի վրա։ Նիզամին Շիրուեի համար գրում է. «Բերանից առյուծի պես գարշահոտ էր փչում»։ Նա կարողանում է հորը պատանդ վերցնել և նստել նրա գահին։ Մի գիշեր մտնում է հոր ու Շիրինի ննջարանը, մթան մեջ շոշափելով՝ կարողանում է նրանց գտնել և հորը դաշունահարում է։ Հայրը մահանում է, արյունը մինչև առավոտ հոսում է ու կողքին հանգիստ քնած գեղեցկուհի Շիրինի վրա թափվում։ Մեծ վարպետ Բեհզադի նկարն այս պատմության հետ մեկտեղ մարդուն վախ է ներշնչում՝ գիշերվա խավարում քնից արթնանալով՝ մութ սենյակում շարժվող օտար մարդու գոյության ասրսափը։ Պատկերացրեք, որ այդ մարդը մի ձեռքում դաշույն է պահում, իսկ մյուսով փաթաթվում է ձեր կոկորդին։ Սենյակի բարակ պատերը, պատուհանները և շրջանակների զարդարանքները, սեղմվող կոկորդից դուրս պրծած խեղդվող ձայների գույնի մեջ կարմիր գորգի նախշերը, և մարդասպանը ձեզ սպանելիս մերկ ու զզվելի ոտքով անխղճորեն տրորում է ձեր հիանալի վերմակը, անհավատալի նրբությամբ ու հաճույքով գործված դեղին և մանուշակագույն ծաղիկները. մի կողմից տեսնում եք նկարի գեղեցկությունը, մյուս կողմից այն հիշեցնում է, թե որքան գեղեցիկ է սենյակը, որտեղ մահանում եք, որքան գեղեցիկ է այն աշխարհը, որը լքում եք։ Նկարի և աշխարհի գեղեցկության անտարբերությունը ձեր մահվան հանդեպ, մահանալիս, անգամ ձեր կնոջ կողքին մենակ լինելը՝ նկարին նայելիս ձեր միտքն եկող առաջին բանն են լինում։ «Բեհզադինն է»,― ասել էր քսան տարի առաջ ինձ հետ գիրքը նայող մի ծեր վարպետ, ու ձեռքերը դողում էին։ Դեմքը ոչ թե մոմի լույսից, այլ նկարը տեսնելու հաճույքից էր լուսավորվել։ «Այնքան է Բեհզադինը, որ անգամ ստորագրության կարիք չկա»։

Բեհզադն էլ գիտեր դա, այդ պատճառով ստորագրությունն անգամ նկարի մի գաղտնի անկյունում չէր նշել։ Ըստ ծեր վարպետի՝ Բեհզադի այս ոճում ամոթ ու ձանձրույթ կար։ Իրական տաղանդն ու վարպետությունը և՛ անառիկ մի հրաշք պատկերելը, և՛ այդ հրաշքի մեջ նկարչի էությունն ի հայտ բերող ոչ մի հետք չթողնելն է։ Խեղճ զոհիս մահվան սարսափով, սովորական ու կոպիտ ոճով սպանեցի։ Իմ ստեղծագործությունից մնաց այն, որ ինձ մատնող ցանկացած անձնական հետք պարզելու համար գիշերներն այստեղ գալով՝ ավելի շատ եմ սկսում մտածել ոճային խնդիրների մասին։ Այն, ինչ կոչում են ոճ, միայն անձնական հետք թողնելու համար առիթ հանդիսացող սխալ է։ Եթե անգամ թափվող ձյան լույսը չլիներ, կգտնեի այս վայրը։ Սա այն հրդեհի տեղն է, ուր քսանհինգ տարվա եղբորս սպանեցի։ Ձյունը մաքրել էր բոլոր այն հետքերը, որ կարող էին իմ ստորագրությունը լինել։ Դա ապացուցում է, որ Աստված էլ ոճի և ստորագրության հարցում համամիտ է իմ և Բեհզադի հետ։ Չորս գիշեր առաջ, ինչպես այդ անխելքն էր ասում, եթե առանց նկատելու աններելի մեղք գործեինք գրքում նախշազարդումներ անելիս, Աստված մեզ՝ նկարիչներիս այսպիսի սեր չէր ցուցաբերի։

Այդ գիշեր, երբ Զարիֆ էֆենդիի հետ մտանք այդ այրվող վայրը, դեռ ձյուն չէր գալիս։ Հեռվից արձագանքող շների հաչոցներն էինք լսում։ «Ինչո՞ւ եկանք այստեղ։ Այս ժամին ինձ այստեղ ի՞նչ ես ցույց տալու»,― հարցնում էր խեղճը։ «Քիչ այն կողմ մի ջրհոր կա, այնտեղից էլ տասներկու քայլ այն կողմ տարիներ առաջ փող եմ թաքցրել հողի տակ։ Եթե իմ պատմածները ոչ մեկին չասես, ես էլ, Էնիշթե էֆենդին էլ քեզ կուրախացնենք»,― ասացի ես։

«Ուրեմն ընդունում ես, որ ի սկզբանե գիտեիր, թե ինչ ես անում...»,― ուրախ ասաց նա։

«Այո՛»,― ակամա ստեցի ես։

«Ձեր արած նկարը մեծ մեղք է, գիտե՞ս,― միամտորեն ասաց նա։― Վիրավորանք. նման բան ոչ ոք չի համարձակվել անել, անհավատություն։ Ձեր տառապանքները, ցավերը, երբեք չեն դադարելու։ Ինձ էլ հանցակից դարձրիք»։

Այդ խոսքերը լսելիս սարսափով հասկանում էի, որ շատ մարդ էր նրան հավատալու։ Ինչո՞ւ։ Որովհետև այդ խոսքերն այնպիսի ուժ, այնպիսի ձգողություն ունեին, որ մարդ ակամա տպավորվում է, ուզում է, որ այդ ամենը ուրիշ մարդկանց վերաբերյալ լինի։ Պատվիրած գրքի գաղտնիության և տված գումարի պատճառով Էնիշթե էֆենդու մասին նման բամբասանքներ շատ էին լինում։ Բացի այդ, գլխավոր վարպետ Օսմանն էլ էր ատում նրան։ Գրիչ եղբորս զրպարտանքի մասին իմանալով անգամ՝ կարծում էի, որ խորամանկորեն փորձել է ծածկել բոլոր ճշմարտությունները։ Որքանո՞վ էր անկեղծ։

Նրան ստիպեցի կրկնել այն պնդումները, որ մեզ իրար էին կապում։ Խոսքը երկարացրեց։ Կարծես մեր աշակերտության տարիների պես վարպետ Օսմանի ծեծից մեզ պաշտպանելու համար փորձում էր իմ մեղքը թաքցնել։ Այդ ժամանակ հավատում էի նրա անկեղծությանը։ Նա աշակերտության տարիներին էլ աչքերը լայն բացում էր, բայց այդ ժամանակ աչքերը դեռ անընդհատ գրելու պատճառով փոքրացած չէին։ Բայց նրան չէի ուզում սիրել, որովհետև պատրաստ էր ամեն բան պատմել ուրիշներին։

«Տե՛ս,― ասացի ես՝ զղջալով։― Մենք գրքեր ենք գրում, լուսանցքներ զարդանախշում, չափում, էջերը գունավոր ոսկով փայլուն զարդարում, ամենագեղեցիկ նկարներն անում, պահարաններ, տուփեր զարդարում։ Տարիներ է՝ սա ենք անում։ Սա մեր գործն է։ Մեզ նկարներ են պատվիրում, այս շրջանակի մեջ մի նավ, մի եղնիկ, մի սուլթան դիր, թող այսպիսի թռչուններ, այսպիսի մարդիկ լինեն, այս պատմական ժողովը այսպես թող մնա, ինչպես ասում են, այնպես էլ անում ենք։ Տես, այս անգամ Էնիշթե էֆենդին ասաց՝ «ինչպիսի գիծ ուզում եմ, գծի՛ր այստեղ»։ Երեք օր ձիու նկարը հասկանալու համար հին, մեծ վարպետների պես հարյուր անգամ ձի նկարեցի։ Ձեռքս վարժեցնելու համար Սամարղանդի կոշտ թղթի վրա գծած մի քանի ձի հանեցի, ցույց տվեցի նրան։ Հետաքրքրվելով՝ վերցրեց թուղթը և լուսնի խունացած լույսի տակ աչքերին մոտեցնելով՝ սկսեց նայել սև-սպիտակ ձիերին։

«Շիրազի, Հերաթի հին վարպետներ»,― ասացի ես։

«Աստծու ցանկացած և տեսած իրական ձիու նկար անելու համար, ասում են, նկարիչը պետք է հիսուն տարի անընդհատ ձի նկարի, և բացի այդ, ասում են, որ ամենագեղեցիկ ձիու նկարը մթության մեջ նկարելիս է ստացվում։ Որովհետև հիսուն տարվա ընթացքում իսկական նկարիչն այնքան է աշխատում, որ կուրանում է, և ձեռքը նկարած ձիու ուրվագծերն անգիր է անում»։

Մանկությունից ի վեր տեսածս նրա անմեղ հայացքը իմ նկարած ձիերին էր գամվել։

«Մեզ պատվիրում են, մենք էլ ամենագաղտնի, ամենաանհասանելի ձիուն փորձում ենք հին վարպետների պես նկարել, այդքան բան։ Իրենց պատվիրածի համար մեզնից պատասխանատվություն պահանջելը սխալ է»։

«Չգիտեմ, սա ճի՞շտ է,― ասաց նա։― Մենք էլ մեր պատասխանատվությունը, մեր կամքն ունենք։ Ես Ալլահից բացի ոչ ոքից չեմ վախենում։ Նա էլ մեզ խելք է տվել, որ կարողանանք լավն ու վատը տարբերել»։

Տեղին պատասխան էր։

«Աստված ամեն բան տեսնում է, ամեն բան գիտի...,― արաբերեն ասացի ես։― Նաև կհասկանա, որ դու, ես այս գործն առանց իմանալու ենք արել։ Էնիշթե էֆենդիի համար ո՞ւմ ես բողոքելու։ Հավատո՞ւմ ես, որ այս գործը մեր սուլթանի կամքով է կատարվում»։

Լռեց։

Մտածեցի, իսկապես այդքան հիմա՞ր էր, թե՞ Աստծու վախից կորցրել էր սառնասրտությունը և հիմարություններ էր դուրս տալիս։ Կանգնեցինք ջրհորի մոտ։ Մթության մեջ մի պահ կարծես տեսա նրա աչքերը, հասկացա, որ վախենում է։ Խղճացի նրան։

Արդեն ուշ էր վերադարձի համար։ Ալլահին մի անգամ էլ աղոթեցի, որ ապացուցի, որ դիմացինս ոչ միայն անխելք վախկոտ է, այլև խայտառակ։

― Այստեղից տասներկու քայլ հաշվելով՝ փորելու ես,― ասացի ես։

― Հետո ի՞նչ եք անելու։

― Կասեմ Էնիշթե էֆենդուն՝ նկարները կայրի։ Ուրիշ ի՞նչ կարող ենք անել։ Եթե լսեն, որ էրզրումցի Նուսրեթ հոջայի համայնքում այդպիսի խոսք կա, ոչ մեզ կենդանի կթողնեն, ոչ էլ արվեստանոցը կմնա։ Նրանցից որևէ մեկին ճանաչո՞ւմ ես։ Այս գումարն այժմ ընդունիր, որ հասկանանք, որ մեզ նրանց չես մատնելու։

― Փողն ինչի՞ մեջ է։

― Թթվի հին ամանում յոթանասուն հազար հատ վենետիկյան ոսկի կա։

Վենետիկյան դուքաները հասկացա, բայց թթվի ամանն ինչո՞ւ էր միտքս եկել։ Այնքան հիմար բան էր, որ հավաստի թվաց։

Այսպիսով, մի անգամ էլ հասկացա, որ Աստված ինձ հետ է, որովհետև ամեն տարի ավելի շատ փողի ետևից ընկնող դպրոցական ընկերս արդեն հաճույքով սկսել էր տասներկու քայլ հաշվել դեպի այն տեղը, որը ցույց էի տվել։ Այդ պահին մտքումս երկու բան կար։ Հողի տակ վենետիկյան ոսկի-մոսկի չկար։ Եթե փող չկարողանամ տալ, այս ստոր հիմարը մեզ կվերացնի։ Մի պահ ցանկացա փաթաթվել այդ հիմարին, համբուրել, ինչպես անում էի աշակերտության տարիներին, բայց տարիները մեզ այնքա՜ն էին հեռացրել իրարից։ Մտածում էի, թե ինչպես է հողը փորելու։ Եղունգներո՞վ։ Այս ամենի մասին մտածելը, եթե, իհարկե, դա կարելի է մտածել համարել, մի ակնթարթի պես արագ անցավ։ Ջրհորի կողքին ընկած քարը անհանգստությամբ երկու ձեռքով վերցրի։ Երբ նա դեռ յոթերորդ-ութերորդ քայլն էր գցում, մոտեցա և ամբողջ ուժով հարվածեցի ծոծրակին։ Քարն այնպիսի արագությամբ և ուժով իջավ գլխին, որ մի պահ ինձ թվաց, թե իմ գլխին եմ հարված ստացել, անգամ խղճացի նրան։ Բայց իմ արածի մասին մտածելու փոխարեն ուզում էի սկսածս գործը հնարավորինս շուտ ավարտել։ Որովհետև այնպես սկսեց թպրտալ գետնին, որ մարդ ուզած-չուզած անհանգստանում էր։

Նրան ջրհորի մեջ նետելուց հետո կարողացա մտածել, որ իմ արածը նկարչի նրբությանն ընդհանրապես չէր համապատասխանում և կոպիտ էր։


== 5. Ես ձեր փեսան եմ ==

Ես Քարայի փեսա Էնիշթե էֆենդին եմ, բայց ուրիշներն ինձ պարզապես Փեսա են ասում։ Մի ժամանակ Քարայի մայրն ուզում էր, որ նա ինձ այդպես կոչի, հետո բոլորը սկսեցին ինձ այդպես անվանել։ Դա սկսվեց Քարայի՝ մեր տուն գնալ-գալիս՝ երեսուն տարի առաջ, այն բանից հետո, երբ տեղափոխվեցինք Աքսարայի ետևի շագանակենիների ու լորենիների ստվերում թաղված մութ ու խոնավ փողոցի տունը։ Դա մինչև այս տուն տեղափոխվելն էր։ Երբ ամռանը Մահմուդ փաշայի հետ գնում էի ճանապարհորդության, աշնանը Ստամբուլ վերադառնալիս տեսնում էի, որ Քարան և մայրը մեր տանն են։ Նրա լուսահոգի մայրն իմ լուսահոգի կնոջ քույրն էր։ Երբեմն էլ ձմռան երեկոներին տուն վերադառնալիս տեսնում էի, որ նրա մայրն ու կինս փաթաթվել են իրար, արցունքոտ աչքերով միմյանց խնդիրներից են խոսում։ Հայրը երկու փոքր ու հեռու մեդրեսեներում էր դաս տվել, բայց ոչ մի տեղ երկար չէր մնացել։ Նյարդային մարդ էր ու շատ էր խմում։ Քարան այդ ժամանակ վեց տարեկան էր, երբ մայրն արտասվում էր, ինքն էլ էր արտասվում, լռելիս՝ լռում։ Ինձ՝ փեսային, վախով էր նայում։ Հիմա գոհ եմ նրան իմ առջև որպես վճռական, հասուն և հարգալից զարմիկ տեսնելու համար։ Իմ հանդեպ ցուցաբերած հարգանքը, ձեռք համբուրելիս՝ ուշադրությունը, նվեր բերած մոնղոլական թանաքամանը տալիս «միայն կարմիր թանաքի համար է» ասելը, իմ առջև ծնկներն ուշադրությամբ միմյանց միացրած, հավաք նստելը, այս ամենն ինձ կրկին հիշեցնում էին, որ նա ոչ միայն խելացի, հասուն մարդ է, այլև ինձ հիշեցնում է, որ ես այն ծեր մարդն եմ, որ միշտ ուզել էի լինել։ Նա հորն էր նման, ում մեկ-երկու անգամ եմ տեսել, բարձրահասակ, նիհար, ձեռքերի մի քիչ նյարդային շարժումներով, բայց դա նրան սազում էր։ Ձեռքերը ծնկներին դնելը, երբ ես կարևոր բան էի ասում, «հասկանում եմ, հարգանքով լսում եմ» ասող հայացքով իմ աչքերի մեջ ոգևորությամբ նայելը և իմ խոսքերի ռիթմին համապատասխան գլուխը շարժելը տեղին էին։ Այս տարիքում գիտեմ, որ իսկական հարգանքը ոչ թե սրտից է գալիս, այլ փոքրիկ կանոններից և գլուխ խոնարհելուց։ Մայրը որդու համար մեր տանն ապագա էր տեսնում, այդ պատճառով նրան հաճախ էր բերում այստեղ։ Այդ տարիներին նրա սերը գրքի հանդեպ մեզ ավելի մտերմացրեց, և ինչպես ընտանիքս էր ասում, նա դարձավ իմ աշակերտը։ Նրան պատմում էի Շիրազի նկարիչների մասին, ովքեր նկարի ամենավերևում նուրբ գիծ են գծում և այդպիսով Շիրազում նոր ոճ են ստեղծել։ Նրան պատմում էի, որ մինչ բոլորը Լեյլայի սիրուց խենթացած Մեջնունին նկարում են անապատներում տառապելիս, մեծ վարպետ Բեհզադը կարողացել է նրան միայնակ պատկերել ճաշ եփող, փչելով ուտելիքը հովացնող, վրանների արանքով քայլող կանանց բազմության մեջ։ Նրան ասում էի, թե որքան ծիծաղելի է, որ Նիզամիի բանաստեղծությունը չկարդացած նկարիչները Խոսրովի՝ կեսգիշերին Շիրինին լճում մերկ լողանալիս տեսնելու նկարում սիրահարների ձիերը և հագուստները իրենց ուզած ներկերով են ներկում։ Եթե այնքան անտարբեր են, որ բանաստեղծությունն ուշադրությամբ չեն կարդում, ուրեմն ձեռքը վրձին են առել միայն փող վաստակելու համար։ Հիմա ուրախությամբ տեսնում եմ, որ Քարան այլ հիմնական գիտելիքներ էլ է ձեռք բերել։ Եթե նկարչության և արվեստի մեջ հիսաթափվել չես ուզում, ուրեմն մի՛ դարձրու քո մասնագիտությունը։ Որքան էլ ընդունակություններ և տաղանդ ունենաս, փող և իշխանություն այլ տեղ փնտրիր, որպեսզի ընդունակությանդ և տաղանդիդ դիմաց ոչինչ չստանալով՝ արվեստից չխռովես։ Պատմեց, որ Ստամբուլի և ծայրամասերի փաշաների ու հարուստների համար գրքեր գրելու պատճառով մեկ առ մեկ ճանաչում է Թավրիզի վարպետ նկարիչներին և ծաղկողներին, և որ նրանք աղքատ են ու հուսահատ։ Ոչ միայն Թավրիզում, Մեշհեդում, Հալեպում շատ նկարիչներ աղքատության և անտարբերության պատճառով թողել են նկարելը ու սկսել են ֆրանսիացի ճանապարհորդներին զվարճացնող տարօրինակ բաներ և բաց տեսարաններով նկարներ անել։ Ասել էր, որ Շահ Աբբասի՝ Թավրիզի հաշտության պայմանագրի ժամանակ մեր սուլթանին նվիրած գրքի թերթերը հնացել են և սկսել են որպես այլ գիր օգտագործվել։ Հնդիկ սուլթան Էքբերը նոր մեծ գրքի համար սկսել է գումարներ վճարել այդ պատճառով Թավրիզի և Քազվինի ամենափայլուն նկարիչները գործը թողնելով՝ վազել են նրա պալատ։

Այս ամենն ինձ պատմելիս երբեմն էլ խոսքին այլ հետաքրքրիր պատմություններ էր խառնում, օրինակ՝ մի հավատացյալ մուսուլմանի զվարճալի պատմությունը կամ էլ սեֆեվիդների՝ ի նշան հաշտության ուզբեկներին պատանդ հանձնած հիմար արքայազնի՝ երեք օրվա մեջ սպանվելու հետ կապված իրարանցումն էր նկարագրում և ժպտում ինձ։ Բայց աչքերին ընկած ստվերից հասկանում եմ, որ երկուսիս էլ վախեցնող այդ դժվար խնդիրը դեռ չի փակվել։

Մեր տուն մտնող-դուրս եկող, մեր մասին պատմվածները լսող, թեկուզ հեռվից մեզնից տեղյակ ցանկացած երիտասարդ տղամարդու պես Քարան էլ, իհարկե, իմ միակ և գեղեցիկ աղջկան՝ Շեքուրեին էր սիրահարվել։ Գեղեցկուհի դստերս այդ ժամանակ բոլորը, շատերն՝ առանց տեսնելու, սիրահարված էին, այդ պատճառով դա ինձ վտանգավոր չէր թվում։ Բայց Քարայի սերը տուն մտնող-ելնող, տանն ընդունելություն ու սեր տեսնող, ինչպես և Շեքուրեին տեսնելու հնարավորություն ունեցող երիտասարդի սեր էր, որ մատնված էր դժբախտության։ Հույս ունեի, որ կկարողանա սերն իր մեջ թաղել, բայց չկարողացավ, և ներսի ուժեղ հրդեհն ուղիղ իմ դստերն ուղղելով՝ սխալ քայլ արեց։ Այդ պատճառով մեր տան դռները փակվեցին նրա առաջ։ Կարծում եմ՝ Քարան գիտի, որ նրա՝ Ստամբուլից հեռանալուց երեք տարի անց՝ ամենագեղեցիկ տարիքում, դուստրս ամուսնացավ մի հեծյալ զինվորի հետ, այս անլուրջ ռազմիկից դուստրս երկու տղա ունեցավ, ինչից հետո նա գնաց պատերազմ և այլևս չվերադարձավ, ու որ չորս տարի է՝ ոչ ոք նրանից լուր չունի։ Այսպիսի բամբասանքները և լուրերը Ստամբուլում արագ են տարածվում, ու մեր միջև եղած լռության պահերին նրա հայացքից հասկանում էի, որ ամեն ինչ վաղուց գիտի։ Անգամ այս պահին գրակալի վրա բաց դրված «Քիթաբուր Ռուհ»-ին նայելիս ականջ է դնում տանը քայլող երեխաների ձայներին, որովհետև հասկանում է, որ երկու տարի է՝ դուստրս երկու երեխաների հետ հայրական տանն է ապրում։ Քարայի բացակայության ժամանակ կառուցածս այս նոր տան մասին ոչինչ չխոսեցինք։ Մեծ հավանականությամբ՝ որոշել է հարստության և հարգանքի տեր դառնալ, այդ պատճառով նման երիտասարդին հարիր չէ այսպիսի թեմաներից խոսելը։ Բայց տուն մտնելուն պես աստիճանների մոտ ասացի, որ երկրորդ հարկն ավելի չոր է, որ երկրորդ հարկում նստելը ոսկորներիս ցավերի դեմ ավելի լավ է։ Երկրորդ հարկ ասելիս տարօրինակ ամոթի զգացում ունեցա, բայց ուզում եմ իմանաք, որ ինձնից ավելի քիչ հարստություն ունեցող մարդիկ, փոքրիկ հողակտոր ունեցող պարզ զինվորականներն անգամ շուտով կկարողանան երկհարկանի տուն կառուցել։ Մենք մի սենյակում նստեցինք, որը ես ձմռանը որպես արվեստանոց եմ օգտագործում։ Հասկացա, որ Քարան զգում է, որ ներքևի սենյակը Շեքուրեին է պատկանում։ Անմիջապես անցա նրան Ստամբուլ կանչելու համար Թավրիզ ուղարկածս նամակի բուն թեմային։

― Ես էլ եմ գիրք պատրաստում հիմա, ինչպես դու ես արել Թավրիզի ծաղկողների և նկարիչների հետ,― ասացի ես։― Իմ պատվիրատուն մեր աշխարհի տիրակալ սուլթանն է։ Քանի որ գիրքը գաղտնի է, սուլթանն ինձ համար գանձապահից գաղտնի գումար է առանձնացրել։ Սուլթանի արվեստանոցի նկարիչների հետ մեկ առ մեկ պայմանավորվեցի։ Նրանցից ոմանց պատվիրում եմ շուն նկարել, ոմանց՝ ծառ, ոմանց՝ լուսանցքի զարդարանքներ և հորիզոնի ամպեր, ոմանց՝ ձիեր։ Ուզում եմ, որ այն, ինչ նկարում են, վենետիկյան վարպետների նկարների պես մեր սուլթանի ամբողջ աշխարհը ներկայացնի։ Բայց սրանք վենետիկցիների պես, ինձ չեն պատկանում, իհարկե, ներքին հանգստության և մեր սուլթանի աշխարհի ուրախությունների և վախերի նկարներն են լինելու։ Եթե փող եմ նկարում, այն պատճառով է, որ ուզում եմ ստորացնել, իսկ սատանա և մահ պատկերել եմ, որովհետև վախենում ենք։ Չգիտեմ, թե բամբասողներն ինչ են ասում։ Ուզում եմ, որ ծառերի անմահությունը, ձիերի հոգնածությունը, շների անամոթությունը մեր սուլթանին և նրա աշխարհը ներկայացնեն։ Ուզել եմ, որ Լեյլեք, Զեյթին, Զարիֆ և Քելեբեք կեղծանուններով նկարիչներս էլ ըստ իրենց ցանկության թեմա ընտրեն։ Ամենասառը, ամենատխուր ձմեռային երեկոներին անգամ իմ սուլթանի նկարիչներից մեկը գրքի համար նկարած մի բան ցույց տալու համար գաղտնի ինձ մոտ եկավ։ Չեմ ասի, թե ինչ նկարներ էինք նկարում, հիմա չեմ կարող ասել։ Ոչ թե նրա համար, որ քեզնից թաքցնում եմ, այլ որովհետև ես էլ չգիտեմ, թե նկարի մասին կոնկրետ ինչ եմ պատմելու, բայց գիտեմ, թե դրանք ինչպիսի նկարներ պետք է լինեն։

Իմ նամակը գրելուց չորս ամիս անց Քարայի՝ Ստամբուլ գալու մասին մեր հին տան փողոցի վարսավիրից լսեցի և նրան մեր տուն կանչեցի։ Գիտեի, որ իմ պատմության մեջ մեզ մեկս մյուսիս կապող տառապանքի և երջանկության խոստում կա։

― Ամեն նկար մի պատմություն է պատմում,― ասացի ես։― Մեր կարդացած գիրքը գեղեցկացնելու համար նկարիչը պատմության ամենագեղեցիկ տեսարանն է պատկերում։ Սիրահարների առաջին հանդիպումը, հերոս Ռոստամի՝ հրեշ դևի գլուխը կտրելը, սեփական որդուն օտար կարծելով՝ նրան սպանած Ռոստամի տառապանքը, սիրուց գլուխը կորցրած Մեջնունի՝ ամայի և վայրի բնության գրկում առյուծների, վագրերի, եղնիկների, բորենիների հետ թափառելը, Ալեքսանդրի՝ պատերազմ գնալուց առաջ թռչուններից ապագան իմանալու համար անտառում սեփական անտառակտցարի՝ արծվի կողմից հոշոտվելը տեսնելու տառապանքը... Այս պատմությունները կարդալիս մեր հոգնած աչքերը նկարներին նայելով հանգստանում են։ Եթե պատմության մեջ մի պահ մեր միտքը և երևակայությունը դժվարանում է, նկարն անմիջապես հասնում է օգնության։ Նկարի միջոցով պատմությունը ծաղկում է։ Ոչ ոք չի կարող մտածել մի նկար, որը պատմություն չունի։

― Կարծում էի, թե չի կարող,― զղջալով ասացի ես։― Բայց դա հնարավոր է։ Երկու տարի առաջ որպես մեր սուլթանի դեսպան մի անգամ էլ էի Վենետիկ գնացել։ Միշտ նայում էի իտալացի վարպետների արած դիմանկարներին։ Առանց իմանալու, թե նկարները որ պատմության հատվածներից են, բայց փորձելով հասկանալ և գուշակել պատմությունը։ Մի օր պալատում պատից կախված մի նկար տեսա, զարմացած մնացի։ Ասես ինչ-որ մեկի, ինձ նման մեկի նկարը լիներ։ Մի անհավատի, իհարկե, ոչ մեզնման։ Բայց նրան նայելիս զգում էի, որ նման ենք։ Միևնույն ժամանակ՝ ինձ ընդհանրապես նման չէր։ Անոսկր, կլոր դեմք, այտոսկրեր ընդհանրապես չուներ, բացի այդ, իմ գեղեցիկ ծնոտին նման չէր նրա ծնոտը։ Ինձ ընդհանրապես նման չէր, բայց կարծես իմ նկարը լիներ։ Ինձ իր պալատը ցույց տված վենետիկցի բեյից իմացա, որ այդ նկարը նրա ընկերոջ՝ իր պես ազնվական մի պարոնի նկար է։ Իր կյանքում որքան կարևոր բան կա, ամբողջը պատկերել էր այդ նկարում։ Ետևի թաց պատուհանից երևացող հողամասը, գյուղը և գույները իրար էին խառնվել և իսկական անտառի տեսք ստացել։ Առջևի սեղանը, ժամացույցը, գրքերը, ժամանակը, խնդիրները, կյանքը, քարտեզը, կողմնացույցը, տուփերը, որոնց մեջ ոսկե դրամներ էին, մանր իրեր, շատ այլ նկարներում տեսած և զգացած անհասկանալի բաներ... Ջինի, սատանայի ստվերը և հոր կողքին երազային նման գեղեցկուհի դուստրը։ Ո՞ր պատմությունը զարդարելու և ամբողջացնելու համար էր արվել այդ նկարը։ Նկարին նայելիս հասկանում էի, որ այդ նկարի պատմությունը հենց ինքն է։ Ոչ թե պատմության ստվերը, նկարն ինքնին արժեք էր։ Ինձ ապշեցրած այդ նկարը երբեք չկարողացա մոռանալ։ Պալատից դուրս եկա, վերադարձա այն տունը, որտեղ հյուրընկալվել էի։ Ես էլ էի ուզում այդպես նկարել։ Ոչ, ոչ թե ես, այլ մեր սուլթանը պետք է այդպես պատկերվի։ Նա պետք է իր ունեցած արժանիքներով, իր աշխարհը ցույց տվող և շրջապատող ամեն ինչով պատկերվի։ Մտածեցի, որ այդ գաղափարով կարելի է գիրք պատկերազարդել։ Վենետիկյան պարոնի այդ նկարը իտալացի վարպետն այնքան գեղեցիկ էր արել, որ անմիջապես հասկանում էիր, թե ում նկարն է։ Եթե այդ մարդուն երբեք չես տեսել և բազմության մեջ պետք լինի նրան գտնել, հազարավոր մարդկանցից այդ նկարի շնորհիվ կգտնես։ Իտալացի վարպետները մարդկանց իրարից տարբերում են ոչ թե ըստ հագուստների կամ նշանների, այլ կարողացել են գտնել մարդկանց ըստ դեմքի ձևի տարբերելու նկարչական տեխնիկան և տաղանդը։ Դա է այն, ինչ կոչում են դիմանկար։ Եթե մի անգամ դեմքդ այդպես նկարել են, արդեն ոչ ոք չի մոռանա քեզ։ Եթե անգամ հեռվում ես, նկարիդ մի անգամ նայողն այնպես կզգա, ասես նրա կողքին ես։ Անգամ քեզ կյանքիդ օրոք չտեսած մարդիկ մահիցդ հետո նկարիդ նայելիս կզգան, ասես ուղիղ քո աչքերի մեջ են նայում։

Երկար լռեցինք։ Փողոց նայող և ներքևի հատվածում կողպված փոքրիկ պատուհանի՝ մեղրամոմե կտորով ծածկված հատվածից ներս ընկնող լույսն իր հետ բերում էր դրսի սարսռեցնող ցրտի գույնը։

― Մի նկարիչ ունեի,ասացի ես,― մեր սուլթանի այս գաղտնի գրքի համար մյուս նկարիչների պես թաքուն ինձ մոտ էր գալիս, մինչև առավոտ աշխատում էինք։ Ամենալավ գրիչներից մեկն էր։ Խեղճ Զարիֆ էֆենդին մի գիշեր այստեղից դուրս եկավ և տուն չվերադարձավ։ Վախենում եմ, որ իմ վարպետ գրչին սպանած լինեն։


== 6. Ես Օրհանն եմ ==

― Սպանե՞լ են,ասաց Քարան։

Այս Քարան բարձրահասակ էր, նիհար և մի քիչ սարսափելի տեսք ուներ։ Քայլում էի նրանց կողմը, երբ պապս ասաց «սպանել են» և ինձ տեսավ։

― Ի՞նչ ես անում այստեղ։

Սակայն այնպես էր նայում, որ առանց ամաչելու գնացի նստեցի նրա ծնկներին, բայց նա ինձ անմիջապես իջեցրեց։

― Համբուրիր Քարայի ձեռքը,ասաց նա։

Համբուրեցի։ Հոտ չուներ։

― Շատ լավն է,― ասաց Քարան և համբուրեց այտերս։― Առյուծի նման է լինելու, երբ մեծանա։

― Օրհանն է, վեց տարեկան է։ Մեծ եղբայր ունի՝ Շևքեթը, յոթ տարեկան է։ Շատ համառն է։

― Գնացի Աքսարայի փողոց,― ասաց Քարան։― Ցուրտ էր, ամենուր ձյուն էր ու սառույց, բայց կարծես ոչինչ չէր փոխվել։

― Ամեն ինչ փոխվել է, փչացել է,― ասաց պապս։― Շատ է փոխվել։

Հետո նայեց ինձ։

― Եղբայրդ որտե՞ղ է։

― Ուսուցչի մոտ։

― Դո՞ւ ինչու ես այստեղ։

― Ուսուցիչս ասաց՝ ապրես, կարող ես գնալ։

― Մենա՞կ ես եկել,― ասաց պապս։― Քեզ պետք է եղբայրդ բերի։

Հետո Քարային ասաց.

― Շաբաթը երկու անգամ Ղուրանի դասերից հետո կազմարար ընկերոջս մոտ են գնում որպես աշակերտ, կազմարարություն են սովորում։

― Պապիկիդ պես նկարել սիրո՞ւմ ես,― ասաց Քարան։

Ես լռեցի։

― Լավ,― ասաց պապս։― Դե, գնա տեսնենք։

Վառարանից եկող ջերմությունն այնքան հաճելի էր, որ նրանցից չէի ուզում հեռանալ։ Մի պահ շնչեցի ներկի ու խեժի հոտը։ Սուրճի հոտ էլ էր գալիս։

― Այլ ձևով նկարելը այլ ձևով տեսնե՞լ է նշանակում,― ասաց պապս։― Խեղճ գրչին այդ պատճառով սպանեցին։ Բացի այդ, նա հին ոճով էր գրում։ Չգիտեմ՝ իսկապես սպանել են, թե չէ, անհայտ կորած է։ Մեր սուլթանի համար գլխավոր նկարիչ Օսման վարպետի հրամանով նրանք «Սուրնամե» են պատկերազարդում։ Բոլորն իրենց տներում են աշխատում։ Վարպետ Օսմանն արվեստանոցում է։ Նախևառաջ ուզում եմ, որ գնաս ու քո աչքով տեսնես։ Վախենում եմ, որ վիճել են և իրար սպանել։ Տարիներ առաջ գլխավոր նկարիչ Օսմանը նրանց կեղծանուններ է տվել. Քելեբեք, Զեյթին, Լեյլեք... Կգնաս, նրանց իրենց տներում կտեսնես...

Աստիճաններով իջնելու փոխարեն ետ եկա։ Այն սենյակից, ուր պատի պահարան կար և Հայրիյեն գիշերը քնում էր, ձայն եկավ, գնացի այնտեղ։ Ներսում ոչ թե Հայրիյեն էր, այլ մայրս։ Ինձ տեսնելով՝ ամաչեց։ Մարմնի կեսը պահարանի մեջ էր։

― Որտե՞ղ էիր,― ասաց նա։

Բայց գիտեր, թե որտեղ էի։ Պահարանի մեջ անցք կար, այնտեղից պապիկի արվեստանոցը, դուռը բաց լինելու դեպքում՝ միջանցքը, միջանցքի մյուս կողմում՝ պապիկիս ննջարանի ներսը երևում է, իհարկե, եթե այդ դուռն էլ է բաց լինում։

― Պապիկի մոտ էի,ասացի ես։― Մայրի՛կ, ի՞նչ ես անում այստեղ։

― Քեզ չասացի՞, որ հյուր ունենք, այնտեղ չպետք է գնաս։

Բղավում էր, բայց բարձր չէ, որովհետև չէր ուզում հյուրը լսի։

― Ի՞նչ էին անում,― հետո մեղմ ձայնով հարցրեց նա։

― Նստել էին, բայց չէին ներկում։ Պապիկս պատմում էր, հյուրը՝ լսում։

― Ինչպե՞ս էր նստած։

Միանգամից նստեցի և ցույց տվեցի հյուրի նստելու ձևը։

― Տես, մայրի՛կ, ես հիմա շատ լուրջ մարդ եմ, հիմա հոնքերս կիտած՝ պապիկիս եմ լսում և մևլիթ լսողի պես գլուխս լրջորեն օրորում եմ։

― Ներքև իջիր,― ասաց մայրս։― Հայրիյեին կանչիր հենց հիմա։

Նստեց, սկսեց իր առջև դրած գրատախտակին մի փոքրիկ թղթի վրա գրել։

― Մայրի՛կ, ի՞նչ ես գրում։

― Չասացի՞՝ շուտ իջիր ներքև, Հայրիյեին կանչիր։

Գնացի խոհանոց։ Եղբայրս եկել էր։ Հայրիյեն նրան հյուրի համար պատրաստված փլավից մի աման լցրեց։

― Դավաճա՛ն,― ասաց եղբայրս։― Ինձ ուսուցչի մոտ թողեցիր-գնացիր։ Ամբողջ գործը ես արեցի։ Մատներս կապտել են։

― Հայրիյե՛, մայրիկս կանչում է։

― Սպասիր՝ հացս ուտեմ, քեզ ծեծելու եմ,― ասաց եղբայրս։― Քո ծուլության, դավաճանության համար պատասխան ես տալու։

Հայրիյեի դուրս գալուն պես եղբայրս, առանց փլավը մինչև վերջ ուտելու, հարձակվեց վրաս։

Ես չփախա, ձեռքս բռնեց, սկսեց ծալել։

― Մի՛ արա, Շևքե՛թ, մի՛ արա, ցավում է։

― էլի գործդ կթողնես կգնա՞ս։

― Ոչ։

― Երդվիր։

― Երդվում եմ։

― Ղուրանով երդվիր։

― Ղուրանով եմ երդվում։

Բայց չթողեց։ Ինձ մոտեցրեց սինուն, նստեցրեց։ Մի կողմից փլավ էր ուտում, մյուս կողմից էլ ձեռքս էր ծալում, որովհետև շատ ուժեղ էր ինձնից։

― Եղբորդ մի՛ տանջիր, անխիղճ,― ասաց Հայրիյեն։ Գլուխը ծածկել էր, դուրս էր գալիս փողոց։― Թող նրան։

― Դու մի՛ խառնվիր, գերի՛ աղջիկ,― ասաց եղբայրս։ Թևս ավելի էր ցավեցնում։― Ո՞ւր ես գնում։

― Կիտրոն գնելու,― ասաց Հայրիյեն։

― Սուտասան,― ասաց եղբայրս,― պահարանում լիքը կիտրոն կա։

Քանի որ թևը թուլացրեց, կարողացա ազատվել, ոտքով հարվածեցի, մի մոմակալ առա ձեռքս, բայց նա ցատկեց ու նստեց վրաս։ Խփեց մոմակալին, սինին շուռ եկավ։

― Դուք փորձանք եք,― ասաց մայրս։ Որպեսզի հյուրը չլսի, չէր բղավում։

Ինչպե՞ս էր կարողացել առանց Քարայի աչքին երևալու միջանցքով անցնել և աստիճաններով իջնել ներքև։ Մեզ բաժանեց։

― Դուք մարդուն խայտառակ կանեք, լակոտներ։

― Օրհանն այսօր սուտ է ասել,― ասաց Շևքեթը։― Ամբողջ գործը վրաս գցելով՝ ինձ ուսուցչի մոտ թողեց, փախավ։

― Լռիր,― ասաց մայրս, ապտակեց նրան։

Թույլ էր խփել, եղբայրս էլ չարտասվեց։

― Ես հայրիկիս եմ ուզում,― ասաց նա։― Երբ վերադառնա, ետ՝ Հասան հորեղբոր մոտ ենք գնալու։

― Լռիր,― ասաց մայրս։

Այնքան էր զայրացել, որ Շևքեթին թևից բռնելով, քարշ տալով՝ տարավ դեպի միջանցքի անկյունը։ Ես էլ նրանց ետևից գնացի։ Մայրս դուռը բացեց, ինձ էլ տեսնելով՝ ասաց.

― Երկուսդ էլ ներս անցեք։

― Բայց մայրի՛կ, ես ոչինչ չեմ արել,― ասացի ես, բայց ներս մտա։

Մայրս դուռը փակեց մեր ետևից։ Ներսում շատ մութ չէր. նռենուն նայող փակ պատուհանների արանքից ներս թույլ լույս էր ընկել, բայց ես վախեցա։

― Մայրի՛կ, դուռը բաց, մրսում եմ,― ասացի ես։

― Մի՛ լացիր, վախկոտ,― ասաց Շևքեթը։― Հիմա կբացի։

Մայրս դուռը բացեց։

― Մինչև հյուրի գնալը խելոք կմնա՞ք,― ասաց նա։― Լավ, ուրեմն մինչև Քարայի գնալը խոհանոցի վառարանի մոտ եք նստելու, վերև չեք բարձրանալու։

― Այնտեղ կձանձրանանք,― ասաց Շևքեթը։― Հայրիյեն ո՞ւր է գնացել։

― Ամեն ինչին խառնվում ես,― ասաց մայրս։

Ախոռից ձիու վրնջոց լսեցինք։ Հետո նորից։ Պապիս ձին չէր, Քարայինն էր։ Կարծես կիրակի էր կամ կրոնական տոնի առավոտն էր սկսվել, մի պահ ուրախ ալիք անցավ մեր միջով։ Մայրս ժպտաց, կարծես ցանկանալով, որ մենք էլ ժպտանք։ երկու քայլ անելով՝ ախոռի այս կողմի դուռը բացեց։

― Դըըրրսսս,― ձայն տվեց նա՝ ներս նայելով։

Շրջվեց, մեզ տանելով Հայրիյեի յուղահոտ, առնետներով լի խոհանոցը՝ նստեցրեց։

― Հանկարծ մինչև հյուրի գնալը դուրս չգաք։ Կռիվ էլ չանեք, որ ոչ ոք չմտածի, թե երես առած, անկարգ երեխաներ եք։

― Մայրիկ,― ասացի ես մինչև նա դուռը կփակեր։― Մայրի՛կ, մի բան ասեմ, պապիկիս խեղճ գրչին սպանել են։



== 7. Իմ անունը Քարա է ==

Երբ առաջին անգամ տեսա Շեքուրեի երեխային, հասկացա, թե տարիներ շարունակ նրա դեմքի որ հատվածն եմ սխալ հիշել։ Օրհանի դեմքի պես Շեքուրեի դեմքն էլ էր նուրբ, իսկ ծնոտն իմ հիշածից ավելի երկար էր։ Այդ պատճառով իմ սիրելիի բերանը, իհարկե, պետք է որ ավելի փոքրիկ ու նեղ լիներ, քան ես տարիներ շարունակ մտածում էի։ Տարիներ շարունակ քաղաքից քաղաք թափառելիս իմ երազներում Շեքուրեի բերանն ավելի երկար եմ պատկերացրել, շրթունքներն՝ ավելի սեղմ, բայց խոշոր ու փայլող բալի պես ավելի հաստ և անդիմադրելի էի պատկերացնում։ Եթե իտալացի վարպետների ոճով Շեքուրեի նկարներից ունենայի, տասներկու տարվա ճանապարհորդության կեսին սիրելիիս դեմքը մոռանալու պատճառով ինձ պանդուխտի պես չէի զգա։ Որովհետև եթե ձեր սրտում ապրում է սիրելիի դիմանկարը, աշխարհը դեռ ձեր տունն է։ Շեքուրեի որդուն տեսնել, նրա հետ խոսել և նրա դեմքին մոտիկից նայել, համբուրելն իմ մեջ դժբախտություն բերող մարդկանց, մարդասպաններին, մեղսագործներին հատուկ անհանգստություն առաջացրեց։ Ներսիցս մի ձայն ասում էր. «Դե, հիմա գնա՛, Շեքուրեին տես»։

Մի պահ մտածեցի՝ առանց փեսայիս որևէ բան ասելու՝ տեղիցս վեր կենամ, մեծ սենյակ տանող բոլոր դռները, հաշվել էի՝ հինգն էին, մեկ առ մեկ բացեմ, մինչև Շեքուրեին կգտնեմ։ Բայց քանի որ մտքովս անցածներն անժամանակ և անմտածված ասել էի, սիրելիիցս տասներկու տարի հեռու մնացի։

Լուռ ու մտածկոտ սպասում էի և նայելով բարձերին, որոնց վրա ով գիտի՝ Շեքուրեն քանի անգամ է նստել, իրերին, որոնց դիպել է, լսում էի փեսայիս։

Պատմում էր սուլթանի այս գիրքը մինչև Հիջրեթի առաջին տարեդարձն ավարտելու մասին։ Մեր աշխարհի պահապան սուլթանը օրացույցի առաջին տարում ուզում էր ցույց տալ, որ ինքն ու իր պետությունը կարողանում են օգտագործել ֆրանսիացիների ոճը։ Քանի որ սուլթանը բացի այդ նաև սուրնամե էր պատվիրել, նկարիչները շատ զբաղված էին։ Այդ պատճառով հրամայել էր, որ տնից դուրս չգան, ոչ թե արվեստանոցի բազմամարդության մեջ, այլ իրենց տներում աշխատեն։ Իհարկե, նաև գիտեր, որ նրանք գաղտնի գալիս են փեսայիս մոտ։

― Գլխավոր նկարիչ Օսման վարպետին կտեսնես,― ասաց փեսաս։― Սսում են՝ կուրացել է, ծերացել է. իմ կարծիքով և՛ կույր է, և՛ ծեր։

Չնայած նրան, որ փեսաս վարպետ նկարիչ չէր, իրականում ուս նրա աշխատանքը չէր, այն, որ նա սուլթանի թույլտվությամբ և խրախուսանքով գիրք է պատրաստելու և ուսումնասիրելու, իհարկե, ծեր վարպետ նկարիչ Օսմանի և իր հարաբերությունների համար լավ կլիներ։

Մանկությունս հիշելով՝ ուշադրությունս կենտրոնացրի տան իրերի վրա։ Հատակին գցած՝ Քուլայից բերված կապույտ գորգը, պղնձե կուժը, սուրճի մատուցարանը և պղնձե ամանը, սուրճի գավաթները, որոնց մասին լուսահոգի մորաքույրս տասներկու տարի առաջ քանի անգամ հպարտությամբ ասել էր, որ Չինաստանով, Պորտուգալիայով են եկել։ Այս իրերը, ինչպես օրինակ՝ անկյունում դրված սադափով զարդարված գրակալի փոքրիկ դարակը, կարմիր մետաքսե բարձը, որի փափկությունը հիշելով հպվում էի նրան, Աքսարայի տնից էին մնացել, ուր Շեքուրեի հետ իմ մանկությունն էր անցել, և այդ տան երջանկության ու նկարչության օրերի փայլից դեռ ինչ-որ բաներ էին կրում իրենց մեջ։ Երջանկություն և նկար։ Կցանկանայի, որ իմ սիրելի ընթերցողները, ովքեր իմ պատմությանն ու իմ ճակատագրին ուշադրություն են դարձնելու, այն հիշեն որպես իմ աշխարհի սկզբնական կետը։ Մի ժամանակ այստեղ գրքերի, գրիչների և նկարների հետ երջանիկ էի։ Հետո սիրահարվեցի և վտարվեցի այս դրախտից։ Սիրո գաղթի ճանապարհներին շատ եմ մտածել այն մասին, որ երիտասարդ տարիքումս կյանքի և աշխարհի հանդեպ իմ լավատեսության համար Շեքուրեի հանդեպ սիրուն եմ պարտական։ Երեխայական պարզությամբ, քանի որ կասկած չունեի, որ սիրուս պատասխանը գտնելու եմ, ծայրահեղ լավատես էի և աշխարհին էլ լավատեսորեն վերաբերվելը ճիշտ էի համարում։ Գրքերն այդ ժամանակ սիրեցի փեսայիս՝ ինձ խորհուրդ տված գրքերի, դպրոցում սովորածների, նկարների և նկարելը ընդունելու միջոցով։ Իմ կրթության արևոտ և ուրախ առաջին ու ամենահարուստ կեսի համար Շեքուրեի հանդեպ տածած սիրուն էի պարտական, բայց նաև նրա համար եմ պարտական, որ ոչնչացնող մութ գիտելիքներիցս էլ կարողացա հրաժարվել։ Սառը գիշերներում տան սենյակներում վառարանի հանգող կրակի հետ մեկտեղ վերանալու ցանկությունը, սեր անելուց հետո իմ երազներում կողքիս կնոջն ամուր սեղմված՝ անտակ անդունդն ընկնելու երազներ տեսնելը և «ոչ մի բանի պետք չեմ» միտքը Շեքուրեից ինձ որպես ժառանգություն են մնացել։

― Գիտեի՞ր, որ մահից հետո,― ավելի ուշ ասաց փեսաս,― մեր հոգիներն այս աշխարհում իրենց անկողիններում մուշ-մուշ քնողների հոգիներին են կարողանում միանալ։

― Չգիտեի։

― Մահից հետո երկար ճամփորդություն կա, այդ պատճառով մահից չեմ վախենում։ Վախենում եմ, որ առանց մեր սուլթանի գիրքն ավարտելու կմեռնեմ։

Մի կողմից՝ փեսայիս ավելի ուժեղ, ավելի խելամիտ և առողջ էի համարում, իսկ մյուս կողմից՝ տասներկու տարի առաջ իր դստեր հետ ամուսնությունը խոչընդոտած մարդու մասին մտածելիս միտքս շեղվում էր իմ գնած հագուստի թանկությանը, ախոռի ձիուն, որն արծաթե պայտեր և ասեղնագործված թամբ ուներ։

Ասացի, որ նկարիչներից ինչ իմանամ, կհայտնեմ նրան։ Ձեռքը համբուրեցի, աստիճաններով իջա, դուրս եկա բակ, զգացի ձյան սառնությունը և հիշեցի, որ ես ոչ երեխա եմ, ոչ էլ ծեր մարդ։ Աշխարհն ուրախությամբ զգում էի իմ մաշկի վրա։ Ախոռի դուռը փակելիս քամի անցավ։ Սիջանցքից դեպի բակը գնալիս ձիս, որի սանձը բռնել էի, ինձ հետ սարսռաց։ Նրա լայներակ ուժեղ ոտքերը, անհամբերությունը դժվարությամբ զսպելը ես էլ գիտեի։ Փողոց դուրս գալուն պես երբ արդեն պատրաստվում էի մի ցատկով հեծնել ձիուն, երբ արդեն պատրաստվում էի հեքիաթային ձիավորի պես անդարձ կորչել փողոցներում, դիմացս անակնկալ կերպով մի գեր կին հայտնվեց, ոտքից գլուխ վարդագույն հագուստներով, ձեռքին մի կապոց՝ շարժվեց դեպի իմ կողմը։ Այնքան բարձրահասակ ու գեր էր, որ նման էր պահարանի։ Բայց շարժուն էր, աշխույժ, անգամ սեթևեթող։

― Առյո՛ւծս, երիտասա՛րդ, իսկապես գեղեցիկ ես, ինչպես և ասում էին,― ասաց նա։― Ամուսնացա՞ծ ես, ամուրի՞ ես։ Գաղտնի սիրելիիդ համար Ստամբուլի հայտնի Էսթերից մետաքսե թաշկինակ կգնե՞ս։

― Ո՛չ։

― Ատլասե կարմիր գոտի՞։

― Ո՛չ։

― Ոչ, ոչ մի՛ ասա։ Քեզ նման առյուծը նշանած, սիրելի չունի՞։ Ո՞վ գիտի՝ քանի աղջիկ են արտասվում, վառվում քեզ համար։

Մի պահ մարմինը լարախաղացի ճկուն մարմնի պես ձգվեց և զարմանալի նրբությամբ մոտեցավ ինձ։ Նույն պահին ոչնչից ամեն ինչ ստեղծող աճպարարի պես ձեռքին մի նամակ երևաց։ Նամակն արագ վերցրի և կարծես տարիներ ի վեր այդ պահին նախապատրաստված՝ հմտորեն թաքցրի գոտուս մեջ։ Մեծ նամակ էր և գոտուս մեջ՝ գոտկատեղիս ու փորիս արանքում սառույցի պես կարծես սկսեց այրվել։

― Ձի՛ նստիր, արագ գնա,― ասաց Էսթերը։― Այս պատի շուրջը պտույտ տուր, առանց արագությունը թուլացնելու գնա, բայց նռենուն հասնելուն պես շրջվիր և նայիր այն տանը, որտեղից դուրս ես եկել, նայիր դիմացի պատուհանին։

Ճանապարհը շարունակելով՝ մի պահ կորավ։ Ձի նստեցի, բայց ասես կյանքում առաջին անգամ էի հեծնում։ Սիրտս բաբախում էր, խուճապի էի մատնվել, չէի կարողանում բռնել ձիու սանձը, բայց հենց ոտքերս ամուր փաթաթվեցին ձիու մարմնին, միտքս և ունակություններս տեղն ընկան և ես ու իմ ձին գնացինք էսթերի նկարագրած ճանապարհով։ Այդ պահին զգացի, որ գուցե իսկապես գեղեցիկ տղամարդ եմ։ Ինչպես հեքիաթներում, ամեն փակ պատուհանի, ամեն վանդակի ետևից թաղամասի մի կին ինձ էր նայում, և ես նորից զգում էի, որ նույն հրդեհից այրվում եմ։ Սա՞ էր իմ ուզածը։ Այդքան տարիների հիվանդությո՞ւնս էր վերսկսվում։ Միանգամից արև ելավ, և ես զարմացա։

Որտե՞ղ է նռան ծառը։ Ահա այս տխուր, փոքրիկ ծա՞ռը։ Այո, սա է։ Ձիուս նստած՝ մի փոքր կողք թեքվեցի։ Ուղիղ իմ դիմաց մի պատուհան կար, բայց ոչ ոք չէր երևում։ Վհուկ Էսթերն ինձ խաբեց։

Հենց այդ պահին սառույցով ծածկված պատուհանն ասես պայթյունով բացվեց, և այնտեղ, արևից փայլող պատուհանի շրջանակում տեսա նրան՝ տասներկու տարի անց, ձնոտ ճյուղերի միջից։ Իմ սևաչյան ի՞նձ էր նայում, թե ինձնից այն կողմ մի այլ կյանքի։ Տխո՞ւր էր, ժպտո՞ւմ էր, թե տխուր ժպտում էր՝ չհասկացա։ Հիմա՛ր ձի, մի՛ լսիր իմ սրտին, դանդաղ գնա։ Կրկին թամբի վրա անամոթաբար ետ շրջվեցի, մի վերջին կարոտով նայեցի՝ մինչև սպիտակ ճյուղերի ետևից երևացող գեղեցիկ և նուրբ դեմքը կորավ։ Ավելի ուշ հասկացա, թե որքան էինք նման Խոսրովին և Շիրինին, պատուհանի տակ ձիով կանգնելու տեսարանը, որը հազար անգամ նկարել էինք, չնայած մեր միջև տխուր մի ծառ էլ կար։ Դա հասկացա այն բանից հետո, երբ բացեցի նամակը, տեսա իմ արած նկարը։ Այդ պահին ես էլ էի սիրուց այրվում, ինչպես մեր սիրելի, պաշտելի գրքերի հերոսները։



== 8. Իմ անունն Էսթեր է ==

Գիտեմ, որ բոլորիդ հետաքրքրում է, թե Քարային տված նամակում ինչ էր գրված։ Քանի որ ինձ էլ էր հետաքրքրում, ամեն բան իմացա։ Եթե ուզում եք, ձեր պատմության էջերը ետ թերթեք, տեսեք՝ մինչև նամակը տալն ինչեր են եղել։ Ուրեմն հիմա կպատմեմ։ Հիմա երեկո է, նեղուցի մոտ մեր հրեական թաղամասի տանն իմ ամուսին Նեսիմի հետ նստած ենք վառարանի մոտ, երկու ծեր մարդ, փորձում ենք վառարանը փայտ գցելով տաքանալ։ Մի՛ մտածեք, թե շատ ծեր եմ. իմ կապոցի մեջ մետաքսե թաշկինակների, ձեռնոցների, գլխաշորերի, Պորտուգալիայի նավից ելած գունավոր վերնաշապիկների հետ մեկտեղ մատանի, ականջօղ, վզնոց, և թանկ, և էժան ապրանք, կանանց ուրախացնող ուլունքներ եմ լցնում, ամբողջ Ստամբուլով մեկ ման եմ գալիս, փողոց չկա, ուր Էսթերը չմտնի։ Դռնեդուռ նամակ եմ տանում, բամբասանք, և Ստամբուլի աղջիկների կեսին ես եմ ամուսնացրել, բայց հիմա սա չեմ ասում ինձ գովաբանելու համար։ Ասում եմ, որ երեկոյան նստած էինք, մեկ էլ դուռը թակեցին, գնացի բացեցի, տեսա՝ այդ հիմար սպասուհի Հայրիյեն, ձեռքին էլ մի նամակ։ Ցրտից, թե հուզմունքից, չհասկացա, դողում էր, պատմում էր, թե Շեքուրեն ինչ է ուզել։ Սկզբում կարծեցի, որ նամակը պետք է Հասանին ուղարկել, զարմացա։ Գեղեցկուհի Շեքուրեի ամուսինը պատերազմից չէր վերադարձել, կարծում եմ, որ հոգին վաղուց ավանդել է։ Ահա այդ անհայտ կորած ռազմիկը մի անկուշտ եղբայր ունի՝ Հասանը։ Բայց հասկացա, որ Շեքուրեի նամակը ոչ թե Հասանի համար է, այլ մեկ ուրիշի։ Ի՞նչ է գրված նամակում, Էսթերը հետաքրքրությունից կգժվի։ Ի վերջո, կարողացա կարդալ նամակը։ Ձեզ անկեղծ ասեմ, մի պահ ինձ վատ զգացի, տխրեցի։ Ինչպես կարդացի նամակը, ձեզ չեմ ասի։ Գուցե իմ հետաքրքրությունը ամոթ է համարվում, ինձ անշնորհք կհամարեմ, բայց դուք էլ, իմ կարծիքով, ամենաքիչը վարսավիրների չափ հետաքրքրասեր եք։ Միայն ասեմ, թե ինչ էր գրված նամակում։ Ահա այսպես էր գրել քաղցր Շեքուրեն. «Քարա էֆենդի, հորս հետ ունեցած մտերմությունից դրդված ես գալիս մեր տուն, բայց չկարծես, թե ինձնից ինչ-որ նշան կստանաս։ Քո գնալուց հետո շատ բան է եղել։ Ես ամուսնացել եմ, հրաշալի երկու երեխա ունեմ։ Մեկը Օրհանն է, քիչ առաջ սենյակ մտավ, տեսաք։ Ես չորս տարի է՝ ամուսնուս եմ սպասում և ուրիշ բանի մասին չեմ մտածում։ Երկու երեխայի և ծեր հոր հետ կարող եմ ինձ միայնակ ու թույլ զգալ, տղամարդու ուժի և պաշտւկասության կարիք կարող եմ զգալ, բայց թող ոչ ոք չմտածի, որ կարող է օգուտ քաղել այս իրավիճակից։ Այդ պատճառով, խնդրում եմ, այլևս չգալ մեր տուն։ Առանց այդ էլ մի անգամ ինձ ամաչեցրիր և այդ անգամ հորս աչքում ինձ բարձրացնելու համար շատ տանջվեցի։ Այս նամակի հետ մեկտեղ քեզ վերադարձնում եմ նաև այն նկարը, որ ինձ համար էիր նկարել թեթևամիտ երիտասարդ տարիքում, որպեսզի ոչ մի հույս չունենաս, ոչ մի սխալ նշան չտեսնես այս ամենի մեջ։ Սխալ է, որ մարդիկ կարծում են, թե մի նկարի նայելով կարելի է սիրահարվել։ Այլևս մի՛ արի մեր տուն, ամենաճիշտը դա է»։

Իմ խեղճ Շեքուրե, տղամարդու պես բեկ, փաշա չէ, որ գրածի տակ մի շքեղ կնիք դնի. թղթի ամենաներքևում անվան առաջին տառն էր դրել, փոքրիկ վախեցած թռչնակի պես, այդքան բան։ Կնիք ասացի, դուք էլ հետաքրքրվում եք, թե ես ինչպես եմ կնքած նամակները բացում-փակում։ Նամակները կնքված չեն։ Շեքուրես կարծում է, թե այս Էսթերն անգրագետ հրեա է, իրենց գրից բան չի հասկանում։ Ճիշտ է, ես ձեր գիրը չեմ կարող կարդալ, բայց կարող եմ տալ, որ ուրիշը կարդա։ Իսկ ձեր նամակը ես ինքս կկարդամ։ Շփոթվեցիք։ Այսպես ասեմ, որ ամենաբութն էլ հասկանա։ Նամակն իր ասելիքը միայն գրով չի փոխանցում։ Նամակը նման է գրքի՝ հոտոտելով, հպվելով, ձեռք տալով էլ է կարդացվում, դրա համար էլ խելացիներն ասում են, կարդա՛, տեսնենք նամակն ինչ է ասում։ Իսկ հիմարներն ասում են՝ կարդա, տեսնենք ինչ է գրված։ Ընդունակությունը ոչ միայն գիրը, այլև ամբողջ նամակը կարդալու մեջ է։ Լսեք, տեսնենք Շեքուրեն ուրիշ ինչ է ասել.

1. Չնայած որ նամակը գաղտնի եմ ուղարկում, նամակ հասցնող Էսթերի հետ եմ ուղարկում, ուրեմն առանձնահատուկ թաքցնելու նպատակ չունեմ։

2. Այն, որ թուղթը եռանկյունի ծալված է, նշանակում է, որ գաղտնի բան է գրված, մինչդեռ նամակը բաց է։ Բացի այդ, մեջը մի մեծ նկար կա։ Նպատակը մեր գաղտնիքը բոլորից թաքցնելու տպավորություն ստեղծելս է։ Դա ավելի շատ ոչ թե սիրո առաջարկության մերժման նամակի է նման, այլ սիրո առաջարկության նամակի։

3. Դա կարելի է կռահել նաև նամակի բույրից։ Նա, ով նամակը ձեռքը կվերցնի, կտատանվի (արդյոք դիտավորյա՞լ են օծանելիք ցանել), բայց այնքան գրավիչ կլինի, որ չի կարողանա անտարբեր մնալ (սա եթերի հո՞տ է, թե՞ նրա ձեռքերի բույրը), այս բույրը բավական կլինի, որ կարդացողը խենթանա։ Կարծում եմ, որ Քարան էլ այդպես կխենթանա։

4. Ես գրել-կարդալ չիմացող Էսթերն եմ, բայց չնայած որ այս նամակը գրված է արագ, առանց մեծ ուշադրություն դարձնելու և անտարբեր, տառերի՝ քամու տակ անուշ թրթռոցից զգացվում է, որ իրականում ասելիքն այլ է։ Չնայած նրան, որ Օրհանի մասին խոսելիս «քիչ առաջ» ասելով նկատի ուներ, որ նամակը նոր է գրել, պարզ է, որ սևագիր է արվել, որովհետև նախադասության մեջ ուշադրություն է զգացվում։

5. Նամակի հետ ուղարկված նկարը անգամ ինձ՝ հրեա Էսթերին պատմում է հայտնի հեքիաթում Շիրինի՝ Խոսրովի նկարին նայելով նրան սիրահարվելու մասին։ Ստամբուլի բոլոր երազկոտ կանայք խենթանում են այս պատմության համար, բայց առաջին անգամ եմ տեսնում, որ այդ նկարն ուղարկեն։

Դա շատ հաճախ է պատահում ձեզ՝ գրագետ մարդկանց հետ, երբ կարդալ չիմացող մեկը գալիս-խնդրում է, և դուք նամակ եք կարդում նրա համար։ Գրվածներն այնքան ցնցող, հուզիչ, անհանգստացնող են, որ նամակի տերն էլ է ամաչում, որ իր անձնական կյանքի մասին իմանում եք, բայց ամաչելով՝ խնդրում է, որ մի անգամ էլ կարդաք նամակը։ Կրկին կկարդաք։ Ի վերջո, նամակն այնքան կկարդացվի, որ երկուսդ էլ անգիր կանեք։ Դրանից հետո նամակը կառնեք ձեռքդ, և նրանք, հարցնելով, թե որ խոսքը որ հատվածում է գրել, մատով ցույց կտան բառերը և առանց հասկանալու՝ ձեզ կնայեն։ Նայելով տառերին, որոնք չեն կարողանում կարդալ, բայց անգիր են արել, երբեմն այնքան եմ հուզվում, որ գրել֊ կարդալ չիմանալու մասին մոռացած, նամակների վրա արտասվող աղջիկներին ցանկանում եմ համբուրել։ Երբեմն էլ այնպիսի մարդիկ են լինում, հանկարծ չնմանվեք նրանց, որ ուզում են կարդալուց հետո կրկին հպվել աղջկա նամակին, առանց հասկանալու՝ հարցնում են, թե որ բառը որտեղ է գրված, «Ի՞նչ ես անելու, էլ չե՞ս կարդալու, ինչի՞ն ես նայելու» ասող այս կենդանիները երբեմն աղջկա նամակն իրենց սեփականությունը համարելով՝ չեն ուզում վերադարձնել։ Նրանց դեմ պայքարելն էլ է դառնում Էսթերի գործը։ Ահա այսպիսի կին եմ ես՝ Էսթերը։ Եթե ձեզ սիրեմ, կօգնեմ։



== 9. Ես Շեքուրեն եմ ==

Երբ Քարան սպիտակ ձիու վրա իմ առջևով անցնում էր, ես ինչո՞ւ էի պատուհանի մոտ։ Ինչո՞ւ հենց այդ պահին մի զգացում ինձ դրդեց բացել պատուհանը և ինչո՞ւ նրան տեսնելիս ձնածածկ նռենու ճյուղերի արանքից երկար նայեցի նրան։ Անկեղծ՝ ոչինչ չեմ կարող ասել։ Հայրիյեի հետ Էսթերին լուր ուղարկեցի, իհարկե, գիտեի, որ Քարան այդտեղով անցնելու է։ Նռենուն նայող պատուհանով, պատի մեջ պահարան ունեցող սենյակ միայնակ էի բարձրացրել, որպեսզի, բոլորի կարծիքով, սպիտակեղեն վերցնեի։ Երբ այդ պահին ներսից բխող ցանկությամբ ամբողջ ուժով բացեցի պատուհանը, նախևառաջ սենյակը լույսով լցվեց, կանգնած մնացի պատուհանի առաջ, և Քարայի հետ հանդիպումը շլացրեց ինձ. շատ գեղեցիկ էր։

Մեծացել էր, հասունացել, երիտասարդ տարիքի անլուրջ պահվածքն անցել էր, գեղեցկադեմ էր դարձել։ «Տե՛ս, Շեքուրե, ասաց ինձ իմ սիրտը, Քարան ոչ միայն գեղեցիկ է, նայի՛ր աչքերի մեջ. որքան երեխայական է, որքան մաքուր սիրտ ունի։ Ամուսնացի՛ր նրա հետ»։ Բայց ես նրան մի նամակ ուղարկեցի, որտեղ ճիշտ հակառակն էի ասում։ Չնայած նրան, որ ինձնից տասներկու տարով մեծ էր, ես իմ տասներկու տարեկան հասակում հասկանում էի, որ նրանից ավելի հասուն եմ։ Այդ ժամանակ տղամարդու պես իմ առջև ուղիղ կանգնած՝ սա կանեմ, նա կանեմ, այստեղից կթռնեմ, այնտեղ կմագլցեմ ասելու փոխարեն ամեն ինչից ամաչելով՝ թաղվում, թաքնվում էր գրքերի ու նկարների մեջ։ Հետո նա էլ ինձ սիրահարվեց։ Մի նկար նկարելով՝ խոստովանեց իր սերը։ Երկուսս էլ արդեն մեծացել էինք։ Երբ տասներկու տարեկան դարձա, հասկացա, որ Քարան խուսափում է ինձ հետ դեմ առ դեմ մնալուց, կարծես եթե նրա աչքերն իմ աչքերին հանդիպեին, կհասկանայի, որ ինձ սիրում է։ Օրինակ, ասում էր. «Այդ փղոսկրե պոչով դանակը կտա՞ս», բայց նայում էր դանակին, հետո հայացքը բարձրացնելով՝ իմ աչքերի մեջ չէր նայում։ Եթե օրինակ հարցնեի. «Բալի օշարակը լա՞վն է», երբ բերանը լիքն էր լինում, չէր ժպտում, չէր կարողանում բոլորի պես ասել, որ լավն է։ Ասես խուլ մարդու հետ խոսելիս ամբողջ ուժով բղավում էր. «Այո՜»։ Որովհետև վախից չէր կարողանում դեմքիս նայել։ Որովհետև այդ ժամանակ գեղեցիկ էի։ Բոլոր տղամարդիկ, նույնիսկ հեռվից, վարագույրների, դռների ու քողի ետևից մեկ անգամ ինձ տեսածներն անմիջապես սիրահարվում էին։ Սա ասում եմ ոչ թե ինձ գովելու համար, այլ որ հասկանաք իմ պատմությունը, կիսեք իմ տխրությունը։ Բոլորին հայտնի Խոսրովի ու Շիրինի պատմության մեջ մի պահ կա, ես ու Քարան այդ մասին շատ ենք խոսել։ Շապուրը նպատակադրվել էր Խոսրովին ու Շիրինին իրար հետ ծանոթացնել։ Մի օր Շիրինն իր ծառայողների հետ գնում է զբոսանքի, Շապուրը գաղտնի կերպով Խոսրովի նկարն է կախում այն ծառերից մեկից, որոնց տակ նրանց ձիերն էին հանգստանում։ Շիրինը գեղեցկադեմ Խոսրովի նկարն այդ գեղեցիկ պարտեզում տեսնելուն պես սիրահարվում է։ Շիրինի՝ Խոսրովի նկարին հիացմունքով ու զարմանքով նայելու պահը շատ նկարիչներ են պատկերել։ Քարան հորս հետ աշխատելիս իսկական նկարին շատ նման կրկնօրինակներ էր պատրաստել։ Ինձ սիրահարվելուց հետո մի կրկնօրինակ էլ իր համար պատրաստեց։ Բայց նկարի Խոսրովի ու Շիրինի փոխարեն Քարային և Շեքուրեին էր պատկերել։ Եթե տակը չգրեր, որ նկարի աղջիկն ու տղան մենք ենք, ես կհասկանայի, որովհետև երբեմն կատակելիս ինձ ու իրեն նույն դիմագծերով, գույներով էր պատկերում։ Ես կապույտ հագուստով էի, իսկ ինքը կարմիր։ Կարծես դա բավական չէր, Խոսրովի և Շիրինի նկարի տակ մեր անուններն էր գրում։ Կարծես պաշտոնապես մեղքը հայտարարելու համար մի տեղ էր թողել, որտեղ ես կկարողանայի տեսնել։ Հիշում եմ՝ ինչպես նայեցի նկարին, դրանից հետո ինչ արեցի։ Քանի որ շատ լավ գիտեի, որ Շիրինի պես նրան չեմ սիրում, նախևառաջ նրան ուշադրություն չդարձրի, մինչև այն ամառային երեկոն, երբ Ուլուդաղից բերված սառույցով բալի օշարակ էինք խմում։ Այդ օրը, երբ Քարան գնաց իր տուն, հորս պատմեցի իմ հանդեպ նրա սիրո մասին։ Այդ ժամանակ Քարան մեդրեսեից նոր էր դուրս եկել։ Ծայրամասային թաղամասերում ուսուցչություն էր անում, ոչ այնքան սեփական ցանկությամբ, որքան հորս ճնշման տակ ուժեղ, հարգանք վայելող Նաիմ փաշայի մոտ էր գնում։ Հայրս, որ ասում էր, թե Քարան գոնե պետք է որպես քարտուղար սկսի աշխատել և որ դրա համար մեծ ջանք չի թափում, այդ երեկո մեր մասին խոսելիս ասաց. «Ուրեմն նշանակում է, որ քո աղքատ զարմիկը դեպի վեր է ձգտում»։ Առանց մորս ասածին ուշադրություն դարձնելու՝ ավելացրեց. «Նշանակում է, որ ավելի խելացի է, քան կարծում էինք»։ Ցավով եմ հիշում, թե դրան հաջորդող օրերին հայրս ինչեր արեց, ինչպես ես հեռացա Քարայից, ինչպես նախ մեր տնից, հետո թաղամասից հեռացավ, բայց չեմ ուզում ձեզ պատմել, որ ինձնից ու հորիցս չհիասթափվեք։ Հավատացեք, այլ տարբերակ չունեինք։ Անհույս սերը հասկանում է, որ անհույս է, օրենքներ չճանաչող սիրտը հասկանում է, թե աշխարհը քանի անկյուն ունի, և այդ ժամանակ գիտակից մարդիկ ճշմարտացի ասում են. «Մեզ համար ապագա չկա», և դրանով ամեն ինչ ասված է։ Ահա այդպես եղավ։ Հիշեցնեմ, որ մայրս մի քանի անգամ ասաց. «Գոնե տղայի սիրտը մի՛ կոտրեք»։ Քարան քսանչորս տարեկան էր, իսկ ես՝ տասներկու։ Հորս Քարայի սիրո խոստովանությունն անամոթություն էր թվում, հավանաբար այդ պատճառով դիտավորյալ մորս խնդրանքին ուշադրություն չդարձրեց։

Երբ իմացանք, որ Ստամբուլից հեռացել է, նրան լրիվ չէինք մոռացել, բայց մեր սրտից ամբողջովին հանել էինք։ Քանի որ տարիներով ոչ մի քաղաքից նրա մասին լուր չէինք ստանում, միշտ ճիշտ եմ համարել մոտս պահել նրա նվիրած նկարը՝ որպես մեր մանկության հուշերի և մեր մանկական ընկերության խորհրդանիշ։ Սկզբում որպեսզի հայրս, հետո էլ որպեսզի իմ ռազմիկ ամուսինը նկարը գտնելով՝ իրեն վատ չզգա, չխանդի, ներքևում գրված Շեքուրե և Քարա անունների վրա Հասան Փաշայի թանաքով վարպետորեն ծաղիկներ նկարեցի։ Այսօր եթե մարդիկ կան, ովքեր իմ դեմ կօգտագործեն այն, որ նկարը նրան վերադարձրի, որ նրան երևացի պատուհանում, գուցե մի քիչ կամաչեն, կմտածեն։

Նրա առաջ տասներկու տարի անց հանկարծակի դուրս գալուց հետո այնտեղ պատուհանի մոտ, երեկոյան արևի կարմիր լույսերի տակ մի պահ կանգնած մնացի, սպասեցի՝ մինչև այգու լույսը թույլ կարմիր երանգ ստացավ, հետո՝ թուրինջի գույն, հիացմունքով նայեցի՝ մինչև որ սկսեցի մրսել։ Քամի չկար։ Եթե փողոցով անցնող մեկը կամ հայրս ինձ տեսներ պատուհանի առաջ, կամ եթե Քարան իր ձիով վերադառնալիս մեր առջևով անցներ, ինչ կասեին, չէի էլ մտածում։ Զիվեր փաշայի դուստրերից մեկը՝ Մեսրուրեն, ում հետ շաբաթը մի անգամ ուրախ-զվարթ գնում էի բաղնիք, այդ աղջիկը, որ անընդհատ ծիծաղում էր, զվարճանում և միշտ հանկարծակի զարմանալի բաներ խոսում, մի անգամ ասաց, որ մարդն իրականում ինքն էլ չգիտի, թե ինչ է մտածում։ Ես այսպես եմ մտածում. երբեմն ինչ֊որ բան եմ ասում, ասելիս հասկանում եմ, որ դա եմ մտածել, բայց երբ հասկանում եմ, սկսում եմ ճիշտ հակառակին հավատալ։

Տխրեցի, երբ իմացա, որ հորս՝ տուն բերած նկարիչներից մեկը՝ խեղճ Զարիֆ էֆենդին, ի դեպ, ձեզնից չեմ թաքցնում, որ բոլորին մեկ առ մեկ զննել էի, ամուսնուս պես անհայտ կորել է։ Նրանց մեջ ամենատգեղը և հոգևոր աղքատը նա է։

Պատուհանը փակեցի, սենյակից դուրս եկա, իջա խոհանոց։

― Մայրիկ Շևքեթը քեզ չլսեց,– ասաց Օրհանը։― Երբ Քարան դուրս էր գալիս ախոռից, խոհանոցից դուրս եկավ և դռան անցքից նայեց նրան։

― Ի՞նչ կա որ,– ասաց Շևքեթը՝ ձեռքն օդում պահած։– Մայրս էլ նրան պահարանի անցքից էր հետևում։

― Հայրիյե,– ասացի ես։– Երեկոյան սրանց համար նուշով քաղցր հաց տապակիր՝ մի քիչ յուղով։

Օրհանն ուրախությունից թռչկոտեց, Շևքեթը ձայն չհանեց։ Երբ աստիճաններով վերև էի բարձրանում, երկուսն էլ ետևիցս եկան՝ իրար ուրախ հրմշտելով, ես էլ ծիծաղելով ասացի.

― Կամաց, կամաց։ Ձեր դիմացը նայեք։

Կատակով բռունցքով հասցրի նրանց նուրբ մեջքերին։

Ինչ գեղեցիկ է երեկոյան երեխաների հետ տանը լինել։ Հայրս անձայն գիրք էր կարդում։

― Հյուրը գնաց,― ասացի ես։– Հուսամ չձանձրացրեց ձեզ։

― Ոչ,– ասաց նա։– Ինձ շատ զվարճացրեց։ Առաջվա պես հարգանք ունի իր փեսայի հանդեպ։

― Լավ է։

― Բայց զգուշավոր է և ուշադիր։

Դա ավելի շատ ասաց ոչ թե իմ պատասխանը ստուգելու համար, այլ որովհետև ցանկանում էր Քարային ստորացնող երանգով փակել խոսակցությունը։ Եթե ուրիշ օր լիներ, իմ սուր լեզվով նրան պատասխան կտայի։ Բայց այս անգամ դեռ մտածելով այդ մարդու մասին, որ հեռանում էր իր ճերմակ ձիու վրա, սարսռացի։ Հետո, չգիտեմ ինչպես, պահարանով սենյակում Օրհանի հետ իրար փաթաթվեցինք։ Շևքեթն էլ մեզ միացավ, մի պահ հրեցին իրար։ Կարծում էի՝ կսկսեն կռվել, բայց հետո նետվեցինք թախտի վրա։ Սկսեցի նրանց շան ձագերի պես սիրել, ծոծրակը, մազերը համբուրեցի, նրանց սեղմեցի կրծքիս, նրանց ծանրությունը զգացի իմ կրծքին։

― Հմ՜մ՜,– ասացի,– ձեր մազերից հոտ է գալիս։– Վաղը Հայրիյեի հետ կգնանք բաղնիք։

― Ես արդեն Հայրիյեի հետ բաղնիք չեմ ուզում գնալ,– ասաց Շևքեթը։

― Շա՞տ ես մեծացել,– ասացի ես։

― Մայրի՛կ, ինչո՞ւ ես այս գեղեցիկ մանուշակագույն վերնաշապիկը հագել,– ասաց Շևքեթը։

Մտա ներսի սենյակ, մանուշակագույն վերնաշապիկս հանեցի, հագա խունացած կանաչը, ինչպես միշտ։ Հագնվելիս մրսեցի, սարսռացի, բայց զգացի, որ մաշկս կրակի պես այրվում է, ավելին՝ զգացի, որ մարմինս ողջ է։ Այտերս մի փոքր կարմիր էի ներկել, երեխաների հետ խաղալիս մաքրվել էր, բայց դա էլ ափիս մեջ թքոտելով մաքրեցի։ Գիտե՞ք, բարեկամներս, բաղնիքում հանդիպածս կանայք, ինձ տեսնող բոլոր մարդիկ ասում են, որ ոչ թե քսանչորս տարեկան, երկու երեխա ունեցող հասուն կին եմ, այլ տասնվեց տարեկան աղջիկ։ Հասկացա՞ք, որ ուզում եմ նրանց հավատաք, որ դուք էլ հավատաք, թե չէ ոչինչ չեմ պատմի։

Թող տարօրինակ չթվա, որ ձեզ հետ խոսում եմ։ Տարիներ շարունակ հորս գրքերին նայելիս կանանց, ամենագեղեցիկներին էի փնտրում։ Կանանց նկարները շատ չէին, բայց միշտ ամոթխած, հայացքը խոնարհ, կամ ամենաշատը՝ ներողություն խնդրողի նման միմյանց էր ուղղված լինում։ Տղամարդկանց, ռազմիկների և սուլթանների պես գլուխը վեր պարզած՝ ուղիղ աշխարհին չէին նայում։ Բայց արագ նկարված էժան գրքերում նկարչի անուշադրության պատճառով որոշ կանանց աչքերը գետնին կամ նկարի մեջ մի այլ բանի, օրինակ՝ մի բաժակի կամ իր սիրեցյալին նայելու փոխարեն ուղիղ ընթերցողին էին նայում։ Միշտ մտածում էի, թե ով է այդ ընթերցողը, ում նայում են։ Դեռ Թեմուրի ժամանակներից մնացած երկու հարյուր տարեկան գրքերի, հետաքրքրասեր անհավատների գնած և այլ երկրներ տեղափոխած մատյանների մասին մտածելիս սարսռում եմ։ Գուցե մի օր իմ պատմությունը հեռվից մեկը կլսի։ Սա չէ՞ գրքերում հիշատակվելու ցանկությունը։ Այս սարսռեցնող զգացողության համար չե՞ն բոլոր սուլթանները, վեզիրները իրենց մասին պատմող, իրենց նվիրված գրքեր գրողներին քսակներով ոսկի տվել։ Երբ այս սարսուռը զգացի իմ ներսում, ես էլ, մի աչքով գրքի ներսը, մյուսով՝ գրքից դուրս նայող կանանց պես, ով գիտի՝ ինձ որտեղից և որ ժամանակից նայող ձեզ՝ ընթերցողներիդ հետ եմ ուզում խոսել։ Ես գեղեցիկ եմ, խելացի եմ, և ինձ դուր է գալիս, որ ինձ եք նայում։ Եթե անգամ ընթացքում մի քանի սուտ ասեմ, դա այն պատճառով է, որ չեմ ուզում իմ մասին սխալ կարծիք կազմեք։ Գուցե ցգացել եք, հայրս ինձ շատ է սիրում։ Ինձնից առաջ երեք տղա է ունեցել, բայց Աստված մեկ առ մեկ վերցրել է նրանց կյանքը, բայց ինձ՝ դստերը ոչինչ չի պատահել։ Հայրս դողում է ինձ վրա, բայց ես չամուսնացա այն մարդու հետ, ում նա էր ընտրել, սիրեցի մի հեծյալի, ում ինքս էի տեսել և հավանել։ Եթե հորս մնար, իմ ամուսինը պետք է ամենամեծ գիտնականը լիներ, և՛ նկարչությունից պետք է հասկանար, և՛ արվեստից, և՛ իշխանություն պետք է ունենար, և Քարունի պես փող պետք է ունենար։ Քանի որ նման բան անգամ նրա գրքերում չկա, ես տարիներ շարունակ պիտի տանը նստած սպասեի։ Ամուսնուս գեղեցկության մասին բոլորն էին խոսում, ես էլ մի անգամ մեր բարեխոսներին լուր տվեցի և հարմար պահը գտնելով՝ բաղնիքից վերադառնալու ճանապարհին նրան տեսա։ Աչքերից կրակ էր թափվում, անմիջապես սիրահարվեցի։ Թխահեր էր, սպիտակամաշկ, կանաչ աչքերով գեղեցկադեմ տղամարդ էր։ Ուժեղ ձեռքեր ուներ, բայց իրականում քնկոտ երեխայի պես անմեղ ու անձայն էր։ Գուցե ամբողջ ուժը պատերազմներում էր սպասել, ավար էր հավաքել և սպառել, այդ պատճառով ինձ թվում էր, թե նրանից արյան հոտ է գալիս, բայց տանը մեղմ ու հանգիստ էր պահում իրեն։ Հայրս, ասելով, որ նա աղքատ ռազմիկ է, ինձ չէր ուզում կնության տալ։ Երբ ասացի, որ ինքնասպան կլինեմ, համաձայնեց։ Մի պատերազմից մյուսին գնացող այդ մարդն ամենամեծ քաջագործությունների շնորհիվ կարճ ժամանակում տասը հազար աքչե արժողությամբ հողի տեր դարձավ, և բոլորը սկսեցին մեզ նախանձել։ Չորս տարի առաջ, երբ սեֆեվիդների հետ պատերազմից հետո պետք է բանակի հետ վերադառնար, չեկավ։ Սկզբում ինձ թվաց, որ լուրջ բան չկա, որովհետև որքան շատ էր պատերազմում, այնքան վարպետանում էր, իր գործերն էր կազմակերպում, ավելի մեծ ավարներ առնում, ավելի մեծ հողեր ձեռք բերում, ավելի շատ զինվորների մարզում։ Մարդիկ կային, որ ասում էին՝ բանակի հետևակ մասից առանձնանալով՝ իր զինվորների հետ սարն է բարձրացել։ Առաջ միշտ հույս ունեի, թե շուտով կվերադառնա, բայց երկու տարվա ընթացքում կամաց֊կամաց հարմարվեցի նրա բացակայությանը. երբ հասկացա, թե Ստամբուլում որքան ռազմիկների կանայք կան, որ ինձ պես կորցրել Են ամուսիններին, ընդունեցի դրությունը։ Գիշերները մեր անկողնում երեխաների հետ իրար փաթաթվելով արտասվում էինք։ Որպեսզի լաց չլինեին, նրանց համար մի սուտ էի հնարում, օրինակ՝ ասում էի, թե մեկն ասել է, որ նրանց հայրը գարնանը վերադառնալու է, ավելի ուշ լսում էի, որ իմ սուտը նրանցից տարածվում էր ուրիշներին, հետո վերադառնում ինձ որպես «ավետիս», և բոլորից առաջ ես էի դրան հավատում։

Ամուսնուս տառապած, բայց մեծ սիրտ ունեցող հոր և նրա պես կանաչաչյա եղբոր հետ Չարշըքափըում մի վարձով տանն էինք ապրում։ Երբ ամուսինս անհայտ կորավ, տանն անհաշտություններ սկսվեցին։ Սկեսրայրս վերսկսեց հայելիների գործը, որը թողել էր, երբ որդին սկսել էր պատերազմներից հարստանալ։ Ամուսնուս եղբայրը, որ մաքսատանն էր աշխատում՝ ամուրի Հասանը, սկսեց իրեն տղամարդ զգալ, երբ կարողացավ տուն փող բերել։ Վախենալով, որ չեն կարող վարձը տալ, մի ձմեռ սպասուհուն տարան ստրուկների շուկա և վաճառեցին։ Ինձնից պահանջում էին, որ խոհանոցում նրա գործերն անեի, լվացք անեի, անգամ շուկայում առևտուր անելու գնայի։ Չասացի, որ ես այդ գործերն անող կին չեմ. լռեցի և ամեն բան արեցի։ Բայց քանի որ Հասանն արդեն գիշերները սպասուհու հետ չէր կարողանում անցկացնել, սկսեց ինձ մոտենալ։ Այդ ժամանակ չիմացա՝ ինչ անել։

Իհարկե, անմիջապես կարող էի այստեղ հորս տուն վերադառնալ, բայց ըստ դատավորի՝ քանի որ հավանաբար ամուսինս դեռ ողջ էր, եթե նրանց զայրացնեի, ինձ երեխաների հետ կստիպեին մնալ սկեսրայրիս կողքին, այսինքն՝ ոչ միայն ստիպված կլինեի վերադառնալ ամուսնուս տուն, այլև կարող էին ինձ և ինձ իր տուն տարած հորս պատժել, ստորացնել։ Իրականում կարող էի սեր անել Հասանի հետ, որ ամուսնուցս ավելի մարդկային ու տրամաբանող տղամարդ էր, և իհարկե, խենթի պես սիրահարված էր ինձ։ Բայց այդպիսի անմիտ քայլն ի վերջո ինձ ոչ թե նրա կինը, այլ, Աստված չանի, սիրուհին կդարձներ։ Քանի որ վախենում էին, որ ժառանգության իմ մասը կուզեմ, անգամ նրանց տնից դուրս կգամ և երեխաներիս հետ կտեղափոխվեմ հորս տուն, չէին ցանկանում, որ դատավորը հաստատեր ամուսնուս մահվան փաստը։ Եթե ըստ դատավորի՝ ամուսինս չի մահացել, իհարկե, չէի կարողանա ամուսնանալ Հասանի հետ, բայց դա նաև նշանակում էր, որ ուրիշ ոչ մեկի հետ չէի կարող ամուսնանալ։ Այս իրավիճակում կապված էի մնում տանը և ամուսնությանը, այդ պատճառով ամուսնուս «անհայտ կորած լինելը», այդ անվերջ անորոշ վիճակը նրանց համար ավելի նախընտրելի էր։ Որովհետև, մի՛ մոռացեք, որ ես նրանց տան գործերն էի անում, ուտելիքը, լվացքը անում էի, և Հասանն էլ խենթի պես ինձ էր սիրահարված։ Սկեսրայրիս ու Հասանի համար ամենալավ լուծումը Հասանի հետ իմ ամուսնությունն էր, բայց դրա համար նախ պետք էր ականատեսներ գտնել, հետո դատավորին համոզել։ Այդ դեպքում, եթե իմ կորած ամուսնու ամենամոտ բարեկամները, հայրը և եղբայրն էլ համաձայնեին, ոչ ոք չէր կարողանա ասել, որ իմ ամուսինը մահացել է, դատավորն էլ կհավատար մի քանի աքչեի դիմաց սուտ ասող ականատեսներին։ Ամենամեծ խնդիրն այն էր, որ պետք է կարողանայի նրան համոզել, որ այրի մնալուց հետո տնից չեմ հեռանալու, ժառանգություն կամ ամուսնության գումար չեմ պահանջելու, ամենակարևորը՝ իմ ընտրյալ Հասանի հետ եմ ամուսնանալու։ Հասկացել էի, որ այս հարցում նրան վստահեցնելու համար պետք է հետը սեր անեմ և պետք է նրան հավատացնելու չափ անկեղծ լինեմ, այդպիսով նաև կկարողանամ սիրահարվել նրան։

Եթե ջանայի, կարող էի Հասանին սիրահարվել։ Հասանն իմ կորած ամուսնուց ութ տարով մեծ էր։ Երբ ամուսինս տանն էր, նրան եղբոր պես էի վերաբերվում, և այդ զգացողությունը մեզ մոտեցրել էր իրար։ Սիրում էի նրա կրքոտ, բայց ոչ պահանջկոտ խառնվածքը, սիրում էի նայել, թե ինչպես է երեխաներիս հետ խաղում և ինձ նայում, ինչպես ծարավից մեռնող մարդն է նայում մի բաժակ սառը բալի օշարակին։ Բայց գիտեի, որպեսզի կարողանայի սիրահարվել մեկին, ով ինձ ստիպում է լվացք անել, ով ինձ սիրուհու, ստրուկի պես է վերաբերվում, չի ամաչում ինձ ուղարկել շուկա՝ առևտուր անելու, պետք է շատ ջանք թափեի։ Այն օրերին, երբ հորս տուն գնալով՝ կաթսաներին, ամաններին, բաժակներին նայելով՝ արտասվում էի, և գիշերները մեկս մյուսին օգնելու համար երեխաների հետ գրկախառնված էինք քնում, Հասանն ինձ այդ հնարավորությունը չտվեց։ Քանի որ չէր հավատում, որ կարող եմ իրեն սիրահարվել, որ դա է մեր ամուսնության միակ ճանապարհը, իրեն անվստահ զգալու պատճառով անշնորհքություններ արեց։ Մի քանի անգամ փորձեց ինձ ճնշել, համբուրել, հպվել, ասաց, որ ամուսինս երբեք չի վերադառնա, որ ինձ կսպանի, սպառնաց, երեխայի պես արտասվեց և քանի որ այդքան շտապեց ու լեգենդների հերոսների պես իսկական և ազնվական սիրուն չսպասեց, հասկացա, որ չեմ կարող նրա հետ ամուսնանալ։

Մի գիշեր, երբ փորձեց բացել այն սենյակի դուռը, որտեղ երեխաների հետ էի քնում, անմիջապես վեր կացա և առանց ուշադրություն դարձնելու երեխաների վախին՝ ամբողջ ձայնով բղավեցի, որ տուն չար ջիներ են մտել։ Սկեսրայրիս արթնացրի և դեռ մոլեգնած Հասանին ջիների վախերի ու իմ բղավոցների մեջ հանձնեցի հորը։ Իմ բղավոցներից, ջիների մասին զառանցանքներից խելացի ծեր մարդը հասկացավ խայտառակ ճշմարտությունը, որդու հարբած լինելը և որ նա եղբոր երկու երեխա ունեցող կնոջն անշնորհք կերպով էր մոտեցել։ Երբ ասացի, որ մինչև առավոտ չեմ քնելու, որդիներիս ջիներից դռան առաջ նստած պաշտպանելու եմ, ոչինչ չասաց։ Առավոտյան հիվանդ հորս խնամելու համար երկար ժամանակով երեխաների հետ գնալու մասին ասացի, և նրանք ընդունեցին պարտությունը։ Վերցնելով ամուսնուս՝ պատերազմներից ինձ համար բերած նվերները, որոնք չէինք վաճառել՝ Հունգարիայից բերած զանգով ժամացույցը, ամենամկանուտ արաբական ձիու ջլերից պատրաստված մտրակը, թավրիզյան փղոսկրից պատրաստված շախմատ, որի քարերը երեխաները կռվելիս էին օգտագործում, և Նախիջևանի պատերազմից բերած արծաթե մոմակալները, որոնք չվաճառելու համար այնքա՜ն վիճեցի, վերադարձա հորս տուն։ Ինչպես և կանխատեսել էի, կորած ամուսնուս տնից իմ հեռանալը Հասանի կպչուն, անշնորհք սերն իմ հանդեպ վերածեց անճար, բայց ուժեղ հրդեհի։ Քանի որ գիտեր, որ հայրը իրեն չի աջակցելու, ինձ սպառնալու փոխարեն սկսեց սիրառատ նամակներ ուղարկել։ Ձեզնից չեմ թաքցնի, որ վերջերս սկսել եմ նորից կարդալ Հասանի այդ նամակները, որոնք ցույց են տալիս նրա հետ նույն հարկի տակ ապրելիս ունեցած իմ հարուստ աշխարհը։ Վերջին նամակներում Հասանը նշում էր, որ ինձ չի ստիպի տանն աշխատել, որովհետև շատ գումար է վաստակում։ Այդ պահին նրա գրածներից, նրա հարգանքից, սիրալիրությունից և քաղցր լեզվից, երեխաների անվերջ կռիվներից ու պահանջներից և հորս բողոքներից ազատվելու համար իմ պատուհանն ասես դեպի աշխարհում հանգիստ շնչելու համար էի բացել։

Հայրիյեի՝ ընթրիքի սեղանը գցելուց առաջ հորս համար Արաբիստանից եկած ամենալավ խուրմայից գոլ խավիծ պատրաստեցի, մեջն էլ մի գդալ մեղր լցնելով՝ մի քիչ լիմոնով խառնեցի, անձայն մոտեցա, և ինչպես նա էր սիրում, Քիթաբուր Րուհր կարդալիս, առանց իմ ներկայությունը զգացնելու, հոգու պես նրա առաջ դրեցի։

Այնքան ողբերգական ու խեղդված ձայնով հարցրեց՝ ձյուն գալի՞ս է, որ անմիջապես հասկացա, սա վերջին ձյունն է, որ հայրս իր կյանքում տեսնելու էր։



== 10. Ես ծառ եմ ==

Ես ծառ եմ, ես շատ մենակ եմ։ Երբ անձրև է գալիս, արտասվում եմ։ Աստծու սիրուն, լսեք իմ պատմածները։ Խմե՛ք ձեր սուրճը, որ չքնեք, որ ձեր աչքերը բացվեն, ինձ ջինի պես նայեք, որ ձեզ պատմեմ, թե ինչու եմ այսքան մենակ։

1. Ասում են, որ վարպետ մեդդահի թիկունքում կախված կտավի վրա ինձ արագ են նկարել։ Ճիշտ է, հիմա կողքիս՝ ո՛չ ուրիշ նուրբ ծառեր, ո՛չ յոթ տերև ունեցող տափաստանային խոտեր, ո՛չ երբեմն սատանայի, երբեմն էլ մարդու նմանվող մութ սարեր, ո՛չ էլ երկնքում գալարվող չինական ամպեր։ Մի տեղ, մի երկինք և հորիզոն։ Բայց իմ պատմությունն ավելի խառն է։

2. Որպես ծառ պարտավոր չեմ գրքի մի մաս լինել, բայց որպես ծառի նկար ոչ մի գրքի էջ չլինելու պատճառով անհանգիստ եմ։ Եթե մի գրքի մեջ մի բան ցույց չեմ տալիս, ուրեմն մարդիկ պետք է հեթանոսների և անհավատների պես իմ նկարի առաջ գորգ գցեն և ինձ երկրպագեն։ Հոջաները հանկարծ չլսեն, ես դրանով գաղտնի հպարտանում եմ ու հետո ամոթով վախենում։

3. Իսկ իմ մենակության իրական պատճառն այն է, որ ես էլ չգիտեմ, թե որ պատմության մասն եմ։ Մի պատմության մի մասն էի լինելու, բայց տերևի նման ընկա այնտեղից։ Պատմեմ ԾԱՌԻՑ ԸՆԿՆՈՂ ՏԵՐԵՎԻ ՊԵՍ ԻՄ՝ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ ԸՆԿՆԵԼՈՒ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ։

Իրանցի շահ Թահմասփը, որ և՛ օսմանցիների գլխավոր թշնամին էր, և՛ աշխարհում ամենաշատ նկարչություն սիրող սուլթանը, սրանից քառասուն տարի առաջ հենց ձանձրանում էր, առաջին գործը զվարճանալն էր։ Հետո սկսեց այդ ամենից, գինուց, երաժշտությունից, բանաստեղծությունից, նկարչությունից ձանձրանալ։ Երբ դադարեց նաև սուրճ խմել, դադարեց մտածել։ Որպեսզի հեռանա դժգոհ, ձանձրալի ծերունիներից, կասկածամիտ օսմանյան զինվորականությունից, մայրաքաղաքը այդ ժամանակ Իրանին պատկանող Թավրիզից տեղափոխեց Կազվին։ Ավելի շատ ծերանալով՝ մի օր ջինի հարվածից ընկավ ճգնաժամի մեջ, գինուն, արվամոլությանը և նկարչությանն ասաց՝ մեղա՛, ինչն էլ նշանակում էր, որ այս մեծ շահը սուրճից էլ հեռանալուց հետո խելքը թռցրել էր։ Այսպիսով, Թավրիզում քսան տարի աշխարհի ամենամեծ հրաշքները ստեղծած հրաշալի հիսուն կազմարարները, ծաղկողները, գրիչները, նկարիչները թռչնի ձագերի պես քաղաքից քաղաք թափառեցին։ Նրանցից ամենափայլուններին՝ շահ Թահմասփի զարմիկին և փեսային, Սուլթան Իբրահիմ Միրզան կանչում է Մեշհեդ, ուր ինքը նահանգապետ էր, և նրանց տեղավորում իր արվեստանոցում, Թեմուրի ժամանակ Հերաթում ամենամեծ բանաստեղծ համարվող Ջամիի «Հեֆթ Էվրենգի» յոթ մեսնեվին է գրել տալիս, սկսում է նրանից նախշազարդ, հրաշալի գիրք ստեղծել։ Շահ Թահմասփը, որ և՛ սիրում, և՛ խանդում էր իր խելացի և հաճելի զարմիկին, զղջում էր, որ դստերը նրան կնության է տվել, լսելով այս հիանալի գրքի մասին, նախանձով լցվեց և զայրույթով զարմիկին Մեշհեդ քաղաքի նահանգապետությունից հանելով՝ Քաին քաղաք վտարեց, հետո կրկին զայրացած՝ վտարեց Սեբզիվար։ Մեշհեդի ծաղկողներն ու նկարիչներն էլ այդպիսով այլ քաղաքներ, այլ երկրներ, այլ սուլթանների, արքայազնների արվեստանոցներ ուղարկվեցին։

Բայց հրաշքով սուլթան Իբրահիմ Միրզայի հրաշալի գիրքը կիսատ չմնաց, որովհետև իսկական գրապահ ուներ։ Այս մարդը ձի էր հեծնում, գնում էր Շիրազ, որովհետև ամենալավ, վարպետաց վարպետ գրիչն այնտեղ էր, այնտեղից ամենանուրբ նեսթալիկը գրողի համար երկու էջ էր վերցնում, տանում Սպահան, հետո սարերն անցնելով՝ գնում մինչև Բուխարա, ուզբեկ խանի մոտ աշխատող մեծ վարպետ նկարչին նկարի ձևավորումն էր անել տալիս, նրա մոտ աշխատողներին էր խնդրում, որ նկարեն։ Հերաթ հասնելով՝ այս անգամ կիսով չափ կույր ծեր վարպետներից մեկին խնդրում էր, որ խոտերի և տերևների գալարումները իր անգիր արածի համաձայն նկարի։ Հերաթում մեկ այլ ծաղկողի մոտ գնալով՝ նկարի միջի դռան վերևի ցուցատախտակի գրությունը ոսկետառ ռիքայով գրել տալով՝ կրկին դեպի հարավ՝ Քաին էր գնում և վեց ամիս ճամփորդելով՝ կեսին հասցրած էջը սուլթան Իբրահիմ Միրզային ցույց տալով՝ ստանում էր իր գովասանքը։

Բոլորը հասկացան, որ եթե այսպես շարունակվի, այդ գործն ավարտ չի ունենա, և թաթար սուրհանդակներ վարձեցին։ Ամեն մեկին մեկական նամակ տվեցին, ուր գրված և նկարագրված էր, թե նկարիչն ինչ պետք է անի։ Այսպիսով, ամբողջ Իրանի, Խորասանի, Ուզբեկստանի, Մավերաննահրի մոտով գրքի էջերը բերող սուրհանդակներ անցան։ Սուրհանդակների արագընթացության հետ մեկտեղ գրքի պատրաստությունն էլ արագացավ։ Երբեմն հիսունիններորդ էջը և հարյուր վաթսուներկուերորդ էջը տեղափոխողները մի ձնոտ գիշեր ոռնացող գայլերով լի մի անտառի մոտի քարվանսարայում էին հանդիպում, զրուցելիս հասկանում էին, որ նույն գրքի համար են աշխատում, իրենց սենյակներից բերում էին էջերը և փորձում հասկանալ, թե որ պատմության որ հատվածում են, ըստ այդմ փորձում էին հասկանալ, թե գրքի որ հատվածն է գրվում այդ պահին։

Այդ օրն իմացա, որ գրքի էջերից մեկում ես էլ եմ տեղ գտնելու։ Ի՜նչ ափսոս, որ ցուրտ ձմեռային օրը ինձ լեռներով տեղափոխող սուրհանդակի ճանապարհն ավազակները կտրեցին։ Նախ ծեծեցին խեղճ թաթարին, հետո իրենց ոճով մերկացրին, բռնաբարեցին և անխղճորեն սպանեցին։ Այդ պատճառով, ես էլ չգիտեմ, թե որ էջից եմ ընկել։ Ձեզ մի խնդրանք ունեմ, ինձ նայելով այսպես ասեք՝ արդյոք Լեյլայի վրանում հովվի հագուստով նրան այցելող Մեջնունի համա՞ր է հով անելու այս ծառը։ Անհույս անհավատի հոգու մթությունը պատմելու համար գիշերի՞ն եմ գրկախառնվելու։ Ամբողջ աշխարհից դուրս գալով՝ ծովեր անցնելով, թռչուններով, մրգերով լի մի կղզում հանգստություն գտած երկու սիրելիի երջանկությա՞նն էի մասնակցելու։ Հնդկական աշխարհը գրավելիս արևահարված, քթի արնահոսությունից մահացող Ալեքսանդրի վերջին պահերին ստվե՞ր կուզեի լինել։ Թե՞ որդուն սիրո և կյանքի խրատներ տվող հոր ուժը և տարիքն եմ մարմնավորելու։ Ո՞ր պատմությանն էի իմաստ ու նրբություն հաղորդելու։

Սուրհանդակին սպանած, ինձ վերցրած ավազակներից մեկը, ով ինձ ամենուր ման տվեց, երբեմն իմ արժեքն իմացողի պես նրբություն էր ցուցաբերում, ասես ծառին նայելիս ավելի էր հասկանում, թե որքան գեղեցիկ է, բայց քանի որ չգիտեր, թե այդ ծառը որ պատմության մասն է, արագ ձանձրանում էր ինձնից։ Ինձ քաղաքից քաղաք տանելուց հետո այդ ավազակն ինձ չպատռեց ու չնետեց, ինչից այդքան վախենում էի, մի տեղ մի նիհար մարդու մի թաս գինու դիմաց վաճառեց։ Այդ խեղճ նիհար մարդը գիշերները երբեմն մոմի ծանր լույսի տակ ինձ էր նայում։ Երբ տխրությունից մահացավ, նրա ունեցվածքը վաճառեցին։

Ինձ գնած վարպետ պատմասացի շնորհիվ մինչև Ստամբուլ հասա։ Այժմ շատ երջանիկ եմ, այս գիշեր այստեղ պատիվ եմ համարում օսմանյան սուլթանի հրաշագործ ձեռքեր, արծվի աչքեր, պողպատե կամք, նուրբ դաստակներ, զգայուն հոգի ունեցող նկարիչների և ծաղկողների հետ լինելը և, ի սեր Աստծու, խնդրում եմ, չհավատաք, որ մի վարպետ նկարիչ պատին կախելու համար ինձ վատ թղթի վրա է նկարել հապճեպ։ Տեսե՛ք՝ ինչպիսի ստեր, ինչպիսի հերյուրանքներ, ինչ անամոթություններ էլ են ասում․ երեկ գիշերը այստեղ այս պատին մի շան նկար կախելով՝ այս անշնորհք շան պատմություններն էր անում վարպետը չէ՞, նաև պատմել էր էրզրումցի Հուսրեթ հոջայի արկածների մասին։ Էրզրումցի Նուսրեթ հոջային սիրողները սա սխալ էին հասկացել, իբրև թե այստեղ նրա մասին վատ են խոսել։ Մենք կարո՞ղ ենք մեր հարգարժան մեծ էֆենդիի մասին ասել, որ նա անհայտ ծագում ունի։ Աստված հեռու տանի։ Երբևէ նման բան կանցնի՞ մեր մտքով։ Սա ի՞նչ շփոթմունք է, ի՞նչ անամոթ հերյուրանք։ Եթե էրզրումցի Հուսրեթի և էրզրումցի Նուսրեթի մասին ենք խոսում, ուրեմն ձեզ սվազցի Շաշը Նեդրեթ հոջայի ծառի պատմությունը պատմեմ։

Այս սվազցի Շաշը Նեդրեթ հոջան էլ գեղեցիկ տղաներին սիրելը և պատկերելը անիծելուց բացի ասում էր, որ սուրճը սատանայական է, որ այն խմողը կուղևորվի դժոխք։ Է, սվազցի՛, մոռացա՞ր, թե ինչպես է կոտրվել իմ այս հսկա ճյուղը։ Ձեզ պատմեմ, բայց երդվեք, որ ոչ ոքի չեք պատմի, որովհետև Աստված հեռու պահի հերյուրանքներից։ Մի առավոտ նայեցի, մաշալլա՜հ, մինարեթի հասակ ունեցող, առյուծի ճանկերով մի հսկա մարդու հետ բարձրացել է այս ճյուղի վրա իմ վարդե տերևների մեջ թաքնվել, շատ կներեք, սեր է անում նրա հետ։ Այդ դևը, որ հետո հասկացա, սատանան էր, այս հոջայի հետ սեր անելիս սիրով համբուրում էր նրա գեղեցիկ ականջը և շշնջում. «Սուրճը հարամ է, սուրճը հարամ է...»։ Սուրճի վնասակարությանը հավատացողը ոչ թե մեր կրոնի օրենքներին, այլ ըստ նրա՝ սատանային պետք է հավատա։

Եվ, ի վերջո, խոսելու եմ ֆրանսիացի նկարիչների մասին։ Եթե նրանց սիրող անպատիվ մեկը կա, թող խրատվի։ Այս ֆրանսիացի նկարիչները թագավորների, քահանաների, պարոնների, անգամ կանանց դեմքերն այնպես են նկարում, որ մարդուն ըստ նկարի կարող ես փողոցում ճանաչել։ Նրանց կանայք փողոցներում ազատ զբոսնում են, արդեն մնացածի մասին դուք մտածեք։

Բայց դա էլ բավական չէ, ավելի են առաջ գնացել։ Ոչ թե անբարոյականության, այլ նկարչության գործում...

Մի մեծ ֆրանսիացի վարպետ նկարչի հետ մեկ այլ վարպետ մի ֆրանսիական մարգագետնում զբոսնելիս նկարչության և արվեստի մասին են խոսում։ Քայլում են մինչև մի անտառ։ Ավելի ուշ վարպետ նկարիչը մյուսին ասում է. «Նոր ոճով նկարելն այնպիսի տաղանդ է պահանջում, որ այս անտառի ծառերից մեկի նկարին նայողը ցանկանա այստեղ գալ, որ գտնի այդ ծառը մյուս ծառերի մեջ»։ Ես Ալլահին շնորհակալ եմ, որ ձեր տեսած ծառի նկարն այդպիսի վարպետությամբ չի նկարվել։ Եթե ըստ ֆրանսիական ոճի նկարվեի, ինձ կեղծ ծառ համարելով՝ Ստամբուլի բոլոր շները վրաս կմիզեին։ Ես չեմ ցանկանում ծառ լինել, ես ցանկանում եմ լինել ծառի իմաստը։



== 11. Իմ անունը Քարա է ==

Ուշ սկսված ձյունը մինչև առավոտ շարունակվեց։ Շեքուրեի նամակն ամբողջ գիշեր նորից կարդացի։ Դատարկ տան դատարկ սենյակում նյարդային քայլելիս մոտենում էի մոմակալին, դժգույն մոմի դողացող լույսի տակ հետևում էի զայրացած տառերի նյարդային դողին, ինձ ստելու համար նետած բառերին, աջից ձախ գալարվող տողերին։ Այդ պահին կրկին հիշում էի պատուհանի միանգամից բացվելը և իմ սիրելիի դեմքը, նրա տխուր ժպիտը։ Վերջին վեց-յոթ տարվա ընթացքում իմ մտապահած Շեքուրեի դեմքերը և բալե շրթունքները մոռացա այն պահին, երբ տեսա նրա դեմքը։

Գիշերը մի պահ սկսեցի երազել ամուսնության մասին։ Իմ երազանքներում ո՛չ իմ սիրուց, ո՛չ էլ նրա պատասխանը ստանալուց կասկած չունեի։ Այսպիսով, շատ երջանիկ էինք, ամուսնանում էինք, բայց աստիճաններ ունեցող մի տան մեջ երջանկությունը ոչնչանում էր։ Չէի կարողանում իմ գործով զբաղվել, կնոջս հետ անընդհատ վիճում էի։ Երբ հասկացա, որ այդ մութ երազները տեսնում եմ Արաբիստանում իմ միայնակ գիշերներում կարդացածս Գազզալիի «Կրոնական գիտությունների վերածննդի»՝ ամուսնության վնասների մասին հատվածի պատճառով, կեսգիշերին հիշեցի, որ միևնույն էջում շատ է խոսվում նաև ամուսնության դրական կողմերի մասին։ Բայց չնայած որ այդքան ջանացի՝ կարողացա հիշել կարդացածս դրական կողմերից միայն երկուսը։ Երբ տղամարդն ամուսնանում է, նրա տունը կարգի բերող է լինում, բայց իմ երազանքների՝ աստիճաններով տանը կարգուկանոն չկար։ Երկրորդը․ տղամարդը մեղքի զգացումով ինքնաբավարարմամբ զբաղվելուց և ավելի մեծ մեղքի զգացումով մութ ետնաբակերում կավատների ետևից ընկած՝ մարմնավաճառներ փնտրելուց է ազատվում։

Այս ազատման միտքը գիշերվա ուշ ժամին կրկին ինձ հիշեցրեց ինքնաբավարարման մասին։ Մի պարզ ցանկությամբ, այդ միտքը հնարավորինս շուտ մոռանալու համար սովորության համաձայն նստեցի սենյակի մի անկյունում, բայց հետո հասկացա, որ դրանով չեմ զբաղվելու։ Տասներկու տարի անց ես կրկին սիրահարվել էի։

Այս պարզ ապացույցն ինձ այնպիսի ոգևորության և վախի զգացում հաղորդեց, որ մոմի լույսի պես դողալով քայլեցի սենյակում։ Եթե Շեքուրեն իրեն այդպես ցույց էր տալիս պատուհանի առաջ, ուրեմն լրիվ հակառակ բովանդակությամբ նամակ ուղարկելու իմաստը ո՞րն է։ Եթե հայրն ինձ չի ուզում տեսնել որպես իր դստեր ամուսին, ուրեմն ինչո՞ւ է ինձ կանչում․ հայր ու աղջիկ ուզում են իմ գլխին խա՞ղ խաղալ։ Սենյակում ետ ու առաջ էի քայլում, զգում էի, որ դուռը, պատը, ճռռացող տախտակներն իմ հարցերին փորձում էին պատասխան տալ։ Նայեցի նկարին, որ տարիներ առաջ էի արել, ուր Շիրինը նայում է Խոսրովի՝ ծառի ճյուղից կախված նկարին։ Նկարել էի Թավրիզից փեսայիս նոր բերած գրքի՝ նույն նկարից ներշնչվելով։ Նկարին նայելն ինձ այնպես չամաչեցրեց, ինչպես հաջորդող տարիներին այն ամեն անգամ հիշելիս (պատճառը նկարի և սիրո խոստովանության պարզությունն էր), ոչ էլ նետեց երջանիկ երիտասարդությանս հուշերի գիրկը։ Առավոտյան մոտ խելքի եկա, Շեքուրեի՝ ինձ նկարը ետ ուղարկելու քայլը դիտեցի որպես նրա կողմից սիրո շախմատում արված քայլ։ Նստեցի, մոմի լույսի տակ Շեքուրեին մի նամակ գրեցի։ Մի քիչ քնելուց հետո առավոտյան նամակը դրեցի կրծքիս և դուրս եկա փողոց, երկար քայլեցի։

Ձյունը լայնացրել էր Ստամբուլի փողոցները, մաքրել էր քաղաքը մարդկային բազմությունից։ Ամեն ինչնման էր իմ մանկությանը, լուռ էր ու խաղաղ։ Իմ մանկության ձյունոտ ձմեռային օրերին, ինչպես և կարծում էի, Ստամբուլի հուշերը, գմբեթները, այգիներն ասես լցվել էին ագռավներով։ Լսելով ձյան վրա իմ կոշիկների ձայնը, նայելով բերանիցս ելնող գոլորշուն, մտածելով, որ արվեստանոցը, ուր իմ փեսան ուզում էր գնալ, այս փողոցների պես անձայն է, ոգևորվում էի։ Հրեական թաղամաս մտնելուց առաջ մի երեխայի խնդրեցի Էսթերին լուր ուղարկել, պետք է նրան տայի Շեքուրեին ուղարկելիք նամակը։ Ցերեկվա նամազից առաջ հանդիպում նշանակեցի։

Սուրբ Սոֆիայի ետևում գտնվող արվեստանոցի շենք ավելի շուտ գնացի։ Մանկությանս տարիներին կարճ ժամանակով այնտեղ որպես աշակերտ աշխատել էի, այնտեղ փեսայիս օգնությամբ էի մտնում-դուրս գալիս։ Շենքը, բացի ճակատային մասից կախված սառույցից, ոչ մի փոփոխության չէր ենթարկվել։

Երիտասարդ ու գեղեցկադեմ աշակերտն առջևից՝ մտանք ներս, խեժի և շրեշի՝ գլխապտույտ առաջացնող հոտի մեջ աշխատող տարիքով կազմարարների, վաղ տարիքում սապատավոր դարձած վարպետ նկարիչների, տխրությամբ վառարանի կրակին նայելու պատճառով առանց ծնկներին դրած թասերին նայելու ներկը խառնող երիտասարդների մոտով անցանք։ Մի անկյունում ուշադրությամբ ծնկներին դրած ջայլամի ձուն ներկող մի ծերունի, ուրախ-ուրախ դարակ ներկող մի մարդ, նրանց հարգանքով հետևող մի երիտասարդ աշակերտ տեսա։ Մի բաց դռնից տեսա, թե ինչպես է վարպետն այպանում երիտասարդ աշակերտներին սխալի համար։ Որպեսզի նրանց բացատրի սխալը, ստիպում է կարմրած դեմքերը մոտեցնել թղթին՝ գրեթե հպվելու չափ։ Մեկ այլ սենյակում մի մտածկոտ ու տխուր աշակերտ գույները, թղթերը, նախշերը մոռացած՝ նայում էր այն փողոցին, որով քիչ առաջ ես ոգևորված քայլում էի։ Բաց սենյակների դռների առաջ էջերը կրկնօրինակող, ներկ պատրաստող, մատիտները սրող նկարիչներն ինձ՝ օտարիս, աչքի պոչով թշնամաբար նայեցին։ Բարձրացանք սառցակալած աստիճաններով։ Արվեստանոցի շենքի երկրորդ հարկի չորս կողմից կառուցված կամարների տակով անցանք։ Ներքևի հարկում ներքին բակում մի շատ երիտասարդ աշակերտ, չնայած հաստ թիկնոցին՝ ակնհայտորեն դողում էր, գուցեև սպասում էր իր պատժին։ Հիշեցի աշակերտության առաջին տարիներին ծուլացող կամ թանկարժեք ներկը անխնա օգտագործող աշակերտների ծեծը, ոտքերի ներբանները մահակով, մինչև արնահոսելը ծեծելը։

Մտանք մի տաք սենյակ։ Ծնկաչոք հանգիստ նստած նկարիչների տեսա, բայց նրանք ոչ թե իմ երազանքների վարպետներն էին, այլ աշակերտությունը նոր ավարտի հասցրած երիտասարդներ։ Մի ժամանակ իմ չափից դուրս հարգանքն առաջացնող այս սենյակում մեծ վարպետներն էին աշխատում, որոնց Օսման վարպետը կեղծանուններ էր շնորհել, արդեն իրենց տներում էին աշխատում, այդ պատճառով այն արդեն ոչ թե մեծ սուլթանի շքեղ արվեստանոցի էր նման, այլ արևելքի դատարկ սարերում կորչող իջևանատան մեծ սենյակի։ Անկյունում՝ մի սնդուկի մոտ կանգնած գլխավոր նկարիչ վարպետ Օսմանը, ում տասնհինգ տարի անց առաջին անգամ էի տեսնում, ավելի շատ ուրվականի էր նման, քան ստվերի։ Ճանապարհորդության ընթացքում, ամեն անգամ, երբ մտածում էի նկարչության մասին, կարծես Բեհզադին՝ երազանքների գրկում հիացմունքով Սուրբ Սոֆիային նայող պատուհանից եկող ձյան ճերմակ լույսի տակ, ճերմակ հագուստով մեծ վարպետին տեսնում էի վաղուց այնկողմնային աշխարհի ուրվականների շարքերում։

Համբուրեցի նրա՝ ծննդանշաններով ծածկված ձեռքը, հիշեցրի իմ անունը։ Ասացի, որ փոքր տարիքում փեսաս ինձ այստեղ էր բերել, բայց ասացի, որ ես նախընտրել էի գրչությունը, կյանքս անց եմ կացրել ճանապարհներին, արևելյան քաղաքներում փաշաների համար քարտուղարություն եմ արել, մատենագիր եմ եղել, Սերհաթ փաշայի և մյուս փաշաների հետ Թավրիզում գրիչների ու նկարիչների հետ ծանոթանալով՝ գրքեր եմ պատրաստել, Բաղդադում և Հալեպում, Վանում և Թիֆլիսում եմ եղել, պատերազմներ եմ տեսել։

― Ա՜հ, Թիֆլիս,– ասաց մեծ վարպետը՝ նայելով ձնածածկ այգուց ներս ընկնող լույսին։– Այնտեղ հիմա ձյո՞ւն է գալիս։

Նա վարվում էր իր արվեստում վարպետանալով կուրացող և կիսով չափ սուրբ, կիսով չափ խենթ կյանք վարող իրանցի վարպետների պես, որոնց մասին շարունակ լեգենդներ են պատմվում, բայց անմիջապես աչքերից հասկացա, որ ջինի պես ատում է փեսայիս, իսկ ինձ կասկածում է։

Նրան պատմեցի, որ արաբական անապատներում ձյունը գալիս է ոչ թե այստեղի պես՝ միայն Սուրբ Սոֆիայի վրա, այլև՝ հուշերի։ Պատմեցի, որ երբ Թիֆլիսի ամրոցի վրա ձյուն է գալիս, լվացք անող կանայք ծաղկի գույն երգեր են երգում, երեխաներն էլ բարձերի տակ ամառվա համար պաղպաղակ են թաքցնում։

― Պատմիր՝ ծաղկողները, նկարիչները ի՞նչ են նկարում քո գնացած երկրներում։

Մի անկյունում էջերի վրա քանոնով գծագրություն անող, երազանքների գիրկն ընկած երազկոտ երիտասարդ նկարիչը գրակալից բարձրացրեց գլուխը, մյուսների հետ մեկտեղ ինձ այնպես նայեց, կարծես ասում էր՝ հիմա ինձ ամենաիրական հեքիաթը պատմիր։ Վստահ էի, որ նրանք շատ անգամ են լսել, թե թաղամասերի նպարավաճառներն ովքեր են, հարևանն ինչու է բանջարավաճառի հետ վիճում, հացի մի օքքան քանիս է, Թավրիզում, Կազվինում, Շիրազում և Բաղդադում ինչպես են նախշազարդում, որ խաների, շահերի, սուլթանների, արքայազնների գրքերի համար որքան են վճարում, առնվազն այսպիսի վայրում ժանտախտի նման արագ տարածվող ամենավերջին բամբասանքներն ու խոսակցությունները, բայց միևնույն է՝ պատմեցի։ Որովհետև ես այնտեղից, արևելքից, Իրանից էի գալիս, ուր բանակները պատերազմում էին, արքայազնները միմյանց կոկորդ կտրելով՝ քաղաքները թալանում և այրում, ուր պատերազմի և խաղաղության մասին ամեն օր են խոսում և արդեն դարեր շարունակ ամենալավ բանաստեղծություններն են գրում, նախշազարդում են և նկարում։

― Հիսուներկու տարի գահին նստած շահ Թահմասփը վերջին տարիներին, ինչպես գիտեք, մոռանալով գրքի, ծաղկման, նկարի հանդեպ սերը, բանաստեղծներին, նկարիչներին, ծաղկողներին թիկունք դարձնելով՝ հոգին ավանդեց, և նրա փոխարեն որդին՝ Իսմայիլը գահ բարձրացավ,– ասացի ես։– Քանի որ նոր շահը, ում հայրը քսան տարի բանտում էր պահել, գիտեր եղբայրների վատ բնավորության և կռվարարության մասին, գահ բարձրանալուն պես խեղդել տվեց եղբայրներին, ոմանց կուրացնելով՝ վերացրեց։ Բայց թշնամիներն ի վերջո նրան թունավորեցին, ազատվեցին նրանից, և գահն անցավ կիսախենթ եղբորը՝ Մուհամմեդ Հյուդաբենդեին։ Նրա օրոք բոլոր արքայազնները, եղբայրները, նահանգապետերը, ուզբեկները, բոլորն ապստամբեցին իրար դեմ և մեր Սերհաթ փաշայի հետ այնպիսի պատերազմի մեջ մտան, որ Իրանը ծածկվեց փոշով, խառնվեց։ Անփող, անխելք և կիսով չափ կույր շահը ոչ գիրք գրելու, ոչ էլ նկարելու ի վիճակի չէր։ Այսպիսով, Կազվինի և Հերաթի լեգենդար նկարիչները շահ Թահմասփի արվեստանոցում հրաշքներ ստեղծող բոլոր ծեր վարպետները և աշակերտները, վրձնով ձիերին վազեցնող, թիթեռներին էջից հանելով թռցնող նկարիչները, գույնի վարպետները, այդ բոլոր վարպետ կազմարարները, ծաղկողները, բոլորն անգործ, անփող, անգամ անտուն մնացին։ Ոմանք փախան հյուսիս՝ շիբանիդների մոտ, ոմանք՝ Հնդկաստան, ոմանք՝ այստեղ՝ Ստամբուլ։ Ոմանք այլ գործերի անցնելով՝ այնտեղ իրենց և իրենց պատիվը սպառեցին։ Ոմանք էլ իրար հետ մտերմացած փոքրիկ արքայազնների, նահանգապետերի մոտ գնալով՝ ամենաշատը երեք-հինգ նկար ունեցող սակավաթիվ գրքերի համար սկսեցին աշխատել։ Շարքային զինվորների, անփորձ փաշաների, երես առած արքայազնների հաճույքի համար արագորեն արված պարզ նախշազարդված էժան գրքերն ամենուր շատացան։

― Քանի՞ այդպիսի գիրք կար,– հարցրեց վարպետ Օսմանը։

― Ասում են, որ հզոր Սադիքի բեյը մի ուզբեկ ձիավորի համար միայն քառասուն ոսկով «Արտասովոր արարածերն» է նկարազարդել։ Արևելյան արշավանքներից Էրզրում վերադարձող անփորձ փաշայի վրանում նկարների մի հավաքածու տեսա, որտեղ նաև վարպետ Սիավուշին պատկանող բաց տեսարաններով նկարներ կային։ Նկարչությունից չհրաժարվող մեծ վարպետները մի նկարի, մի պատմության մասը չեղող առանձին նկարներ նկարելով՝ վաճառում էին։ Մի նկարին նայելիս չես մտածում, թե դա որ պատմության որ հատվածն է, միայն հաճույք ես ստանում նայելիս, օրինակ՝ մտածում ես, թե այս ձին որքան գեղեցիկ է ստացվել և դրա համար ես վճարում նկարչին։ Ե՛վ պատերազմի նկարները, և սիրո տեսարաններով նկարները մեծ պահանջարկ ունեն։ Բազմամարդ պատերազմի տեսարանների գինը հասել է երեք հարյուր աքչեի, և կարծես պատվիրատու չկա։ Ոմանք, որպեսզի էժան լինի, առանց ահարի, առանց յուղաներկի, անգամ առանց ներկ քսելու սև֊սպիտակ նկարներ էին անում։

― Մի երջանիկ, տաղանդավոր գրիչ ունեի,– ասաց վարպետ Օսմանը։― Այնպիսի նրբությամբ էր աշխատում, որ մենք նրան Զարիֆ էֆենդի էինք անվանում։ Բայց նա էլ մեզ լքեց։ Արդեն վեց օր է՝ չկա։ Անհայտ կորել է։

― Մարդ կարո՞ղ է այս արվեստանոցը, այս երջանիկ հայրական տունը լքել-գնալ,― ասացի ես։

― Աշակերտ տարիքից ի վեր իմ մեծացրած չորս վարպետները՝ Քելեբեքը, Զեյթինը, Լեյլեքը և Զարիֆը մեր սուլթանի կամքով իրենց տներում էին աշխատում,– ասաց վարպետ Օսմանը։― Դա նրա համար էր, որպեսզի բոլորի հետաքրքրությունն առաջացրած «Սուրնամեի» համար ավելի հանգիստ կարողանան աշխատել։ Սուլթանն այս անգամ վարպետ նկարիչներին հատուկ գրքի համար պալատի բակում հատուկ տեղ չհատկացրեց, հրամայեց, որ իրենց տներում աշխատեն։

Մտածելով, որ հնարավոր է՝ այդ հրամանը փեսայիս գրքի համար է տրվել, լռեցի։ Օսման վարպետը որքա՜ն երկիմաստ է խոսում։

― Նուրի՛ էֆենդի,– ձայն տվեց նա սապատավոր և գունատ նկարչին,– Քարա Չելեբիին մի «վիճակ» տուր։

«Վիճակը» արվեստանոցում այդ հուզիչ ժամանակներում մեր սուլթանի՝ երկու ամիսը մեկ իրենց արվեստանոց այցելության ժամանակ կատարվող արարողություն էր։ Գանձապետ Հազըմը, գլխավոր պատմագիր Լոքմանը և գլխավոր նկարիչ վարպետ Օսմանը մեր սուլթանին պատմում էին արվեստանոցի վարպետների, որ գրքի՝ որ էջերի վրա աշխատելու, ում՝ որ գրի վրա աշխատելու, որ նկարը նկարելու, գույնի վարպետների, գծագիրների, գրիչների, ոսկեձեռ վարպետ նկարիչների մասին՝ մեկ առ մեկ՝ ինչ գործ են անում։

Երբ նախշազարդվող նկարների մեծ մասը գրող գլխավոր պատմագիր Լոքման էֆենդին հիվանդացավ և այլևս չէր կարող դուրս գալ տնից, գլխավոր նկարիչ Օսմանն անվերջանալի վիրավորանքի ու զայրույթի մշուշի մեջ կորցրեց Քելեբեք, Զեյթին, Լեյլեք և Զարիֆ կեղծանուններով չորս վարպետներին՝ տանն աշխատելու պատճառով, մեր սուլթանն էլ դադարեց այցելել արվեստանոց։ Ինձ տխրեցրեց, որ իրական ծիսակատարության փոխարեն ինձ համար նրա նմանակումն էին անում։

Ինչպես շատ այլ նկարիչների դեպքում, Նուրի էֆենդին առանց կյանքն ապրելու և իր արվեստում վարպետանալու ծերացել էր, բայց սապատ էր ձեռք բերել ոչ թե այն պատճառով, որ տարիներով աշխատասեղանի առաջ էր կռացել, այլ որովհետև ստուգել էր, թե ով որ գեղեցիկ էջն է նախշազարդել։

Այսպիսով, մեր սուլթանի՝ արքայազնների թլպատման արարողության մասին պատմող «Սուրնամեի» լեգենդար էջերին առաջին անգամ ոգևորությամբ նայեցի։ Ամեն մասնագիտությունից, ամեն համքարությունից, ամբողջ Ստամբուլի մասնակցությամբ հիսուներկու օր տևած այս թլպատման արարողությունների պատմությունները մինչև Իրան հասել էին, այդ մասին դեռ լսել էի արարողությունը պատմող գիրքը պատրաստելու ընթացքում։

Իմ առաջ դրված առաջին նկարում մեր Ջիհանփենահ սուլթանը լուսահոգի Իբրահիմ փաշայի պալատի պատշգամբում էր նստել, ներքևում՝ ձիարշավարանում տեղի ունեցող իրադարձություններին էր հետևում սիրալիր հայացքով։ Չնայած նրա դեմքը մյուսներից տարբերելու չափ մանրամասներով չէր նկարվել, լավ էր երևում և հարգանք էր ներշնչում։ Իսկ մեր սուլթանի նկարի ձախ կողմում տեղավորված երկու էջանոց նկարի աջ մասում պատուհաններում, կամարների տակ վեզիրները, փաշաները, իրան, թաթար, ֆրանսիացի և վենետիկյան դեսպաններն էին։ Քանի որ սուլթան չէին, նրանց արագ և անուշադիր նկարված ու նպատակին չհասած աչքերը կենտրոնացել էին հրապարակի շարժման վրա։ Ավելի ուշ մյուս նկարներում էլ տեսա նույն դիրքը և տեղադրումը, ու չնայած պատերի նախշերի, ծառերի, կղմինդրների՝ տարբեր ներկերով ներկված լինելուն՝ դրանք կրկնվում էին։ Քանի որ գիրը գրիչներինն էր, նկարները կազմավորվել էին «Սուրնամեի» անվան տակ, էջերը թերթող ընթերցողը միշտ նույն դիրքում, նույն հրապարակին նայող սուլթանի և հրավիրված բազմության հայացքների ներքո ձիարշավարանում ամեն անգամ տարբեր գույների մեջ լրիվ այլ շարժում կտեսնի։

Ես էլ տեսա, այնտեղ՝ ձիարշավարանում, երբ հարյուրավոր ամաններով փլավ և հորթի կարմրացրած միս էին բաժանում, ճագարներից և թռչուններից վախեցողներին տեսա։

Տեսա վարպետ պողպատագործներին, ովքեր մի կառք նստած՝ խմբովի մեր սուլթանի առջևով անցնելիս իրենցից մեկին կառքի մեջ պառկեցնելով՝ նրա մերկ կրծքին սուրանկյուն դազգահի վրա պղինձ են ծեծում, ինչպես են առանց մերկ մարդուն վնասելու մուրճերով աշխատում։ Սուլթանի առջևով կառքով անցնող՝ ապակիների վրա մեխակների, կիպարիսների նախշեր արած ապակեգործներին և ուղտերին բարձած շաքարով լի պարկերով և վանդակների միջի թութակների հետ անցնելիս քաղցր բանաստեղծություններ կարդացող շաքարագործերին և կառքի մեջ տարբեր տեսակի՝ կախիչով, ներկված սայրերով կողպեքները ցույց տալով՝ նոր ժամանակների և նոր դռների անորակությունից բողոքելով անցնող ծեր փականագործներին տեսա։

Աճպարարներին ցույց տվող նկարին վարպետ նկարիչներից և՛ Քելեբեքը, և՛ Լեյլեքը, և՛ Զեյթինն էին դիպել։ Մի աճպարար փայտի վրա մի քանի ձու դրած՝ դրանք այնպես էր շարժում, ասես ձուն գլորվում էր մարմարի վրայով, մյուսն էլ դափ էր նվագում։

Ծովերի ծովակալ Քըլըչ Ալի փաշան ծովերում բռնված և գերի ընկած անհավատներին հավաքել էր, բոլորին նավ նստեցրել և սուլթանի առջև վառոդը պայթեցնելով՝ ցույց էր տվել, թե ինչպես է անհավատների հայրենիքը մաս-մաս անում։ Այդ ամենը նույն կերպով տեսա նկարում։ Տեսա, թե ինչպես են անմորուս, անբեղ կանացի դեմքերով մսավաճառները կեռերից կախված, մաշկահան վարդագույն ոչխարներին ժպտում։ Շղթայված վիճակում մեր սուլթանի մոտ բերված առյուծին զայրացնում էին, և նրա աչքերն արյունով էին լցվում, դիտողները ծափահարում էին, և իսլամը ներկայացնող առյուծը մյուս էջին խոզ անհավատին կերպավորող մոխրագույն և վարդագույն ներկված խոզին վտարում էր։ Սուլթանի մոտով անցնող կառքի մեջ տեղավորված խանութի տանիքից գլխիվայր կախված հաճախորդին սափրող վարսավիրի և այդ հաճախորդին արծաթե ամանի մեջ հոտավետ օճառ ու հայելի մատուցող, բահշիշի ակնկալիք ունեցող կարմիր հագուստով աշակերտի նկարն էլ հագենալով նայելուց հետո հարցրի, թե ով է այդ հրաշալի նկարիչը։

― Կարևորն այն է, որ նկարն իր գեղեցկությամբ մարդու ուշադրությունը հրավիրի կյանքի հարստության, սիրո, Ալլահի ստեղծած աշխարհի գույների, հարգանքի, ներքին մտածմունքների և հավատի վրա, այլ ոչ թե նկարչի ինքնության։

Հասկանալով, որ այստեղ ինձ փեսաս է ուղարկել հարցուփորձ անելու համար, իմ ակնկալածից ավելի զգուշավոր նկարիչ Նուրին արդյոք վարպետ Օսմանի խոսքե՞րն էր կրկնում։

― Այս բոլոր գրությունները Զարիֆ էֆենդի՞ն է արել,– հարցրի ես։– Նրա փոխարեն հիմա ո՞վ է գրում։

Բաց դռան՝ դեպի ներքին բակ նայող անցքից սկսեցին լսվել երեխաների ձայներ, բղավոցներ։ Ներքևում՝ գլխավոր վարպետներից մեկը գրպաններում կարմիր ռուբինի փոշի կամ թղթի մեջ ոսկե տերև թաքցնող աշակերտներին, հավանաբար քիչ առաջ դրսում դողալով սպասող երկու աշակերտին պառկեցրել էր ֆալաքայի վրա։ Ծաղրելու համար առիթ փնտրող երիտասարդ նկարիչները նայելու համար հավաքվել էին դռան մոտ։

― Մինչև աշակերտները հրապարակի գետինը ներկեն վարդի գույնով, ինչպես մեր Օսման վարպետն է հրամայել,– զգուշավոր ասաց Նուրի էֆենդին,– մեր Զարիֆ էֆենդի եղբայրն էլ վերադառնալով՝ այս երկու էջի գիրն էլ կավարտի, Աստված տա։ Ամեն անգամ մեր վարպետ նկարիչ Օսմանը Զարիֆ էֆենդուց պահանջում է, որ ձիարշավարանի գետինը մի գույնով ներկի։ Վարդագույն, հնդկական կանաչ, քրքումի դեղին կամ էլ սագի արտաթորանքի գույնի։ Որովհետև նկարին նայող աչքը առաջին նկարից կհասկանա, որ այդ վայրը հրապարակ է, որ պետք է հողի գույն ունենա, երկրորդ, երրորդ նկարում մի քիչ զբաղվելու համար այլ գույներ կուզի։ Նախշը կատարվում է էջն ավելի աշխույժ դարձնելու համար։

Մի անկյունում նախշազարդ կազմով մի գիրք տեսանք, որը ծառան էր թողել։ Պատերազմի մասին մի գրքի՝ շրջափակումից դեպի պատերազմի զարգացումը ցույց տվող մի էջանոց նկարի վրա էին աշխատում, բայց ակնհայտ է, որ լսելով ներբաններին փայտերի հարվածներ ստացող իրենց ընկերների բղավոցները՝ վազեցին նայելու։ Մի կաղապարով նկարված շրջափակման նավերը կարծես ծովի ջրերի վրա չէին մնում, բայց այս անցողիկությունը, առագաստների անշարժությունը ոչ թե կաղապարից էր, այլ երիտասարդ նկարիչների անընդունակությունից։ Ցավով տեսա, նկատեցի, որ կաղապարը վայրենաբար կտրած-հանած էր մի հին գրքից, գուցե մատյանից։ Երևում էր, որ վարպետ Օսմանն արդեն շատ բանի վրա ուշադրություն չի դարձնում։ Երբ հերթը հասավ իր աշխատանքային սեղանին, Նուրի էֆենդին հպարտությամբ ասաց, որ երեք շաբաթ շարունակ աշխատել է սուլթանի կնիքի գրության վրա և ավարտել է։ Հարգանքով նայեցի մաքուր թղթին, որի վրա կնիքն էր արված և գիրը։ Թղթի վրա ոչինչ գրված չէր, որպեսզի չհասկացվի, թե ում և ինչ նպատակով է ուղարկվում։ Գիտեմ, որ արևելքում շատ կամակոր փաշաներ, սուլթանի կնիքի՝ այս ազնվական և ուժեղ գեղեցկությունը տեսնելուն պես հրաժարվել են համընդհանուր ապստամբությունից։ Հետո ծաղկող Ջեմալի ավարտած վերջին հրաշքները տեսանք, բայց իրական արվեստի՝ գիծը, նախշը առաջ քաշելու համար պատրվակ փնտրող գույնի և նախշի վարպետներին երես չտալու համար առաջ անցանք։ Լուսանցք գծող Նասըրը Թեմուրի տղաների ժամանակից մնացած Նիզամիի «Համսե»֊ից մի էջ, Շիրինին մերկ լողանալիս տեսնող Խոսրովի տեսարանն էր շտկում։

Իննսուներկու տարեկան մի կույր վարպետ, որ միայն վաթսուն տարի առաջ Թավրիզում վարպետ Ռեհզադի ձեռքը համբուրելու և այդ պահին մեծ վարպետի կույր և գինովցած լինելու մասին պնդող պատմությունից բացի այլ բան չգիտեր, մեր սուլթանին երեք ամիս անց որպես տոնի նվեր հանձնվելիք տուփի նախշերը սեփական դողացող ձեռքերով ցույց տվեց։

Ներքևի հարկի նեղ սենյակները, ուր ութսունին մոտ նկարիչներ և աշակերտներ էին աշխատում, թաղվել էին լռության մեջ։ Սա այն լռությունն էր, որ միշտ տիրում էր ինձ հայտնի այդ ծեծի ավարտից հետո։ Երբեմն նյարդայնացնող ծիծաղ կամ կատակ, երբեմն էլ աշակերտական տարիները հիշեցնող մի քանի հեծկլտոց և լաց էր լսվում, որ ընդհատվում էր ճնշված տնքոցով, իսկ վարպետ նկարիչներն էլ սեփական աշակերտական տարիներին ստացած ծեծն էին հիշում։ Իննսուներկու տարեկան կիսակույր վարպետն ինձ ստիպեց զգալ, որ այս վայրը բոլոր պատերազմներից և տակնուվրա եղած ամեն բանից հեռու է։ Աղմուկ բարձրանալուց առաջ էլ է այսպիսի լռություն տիրելու։ Նկարչությունը մտքի լռությունն է և աչքի երաժշտությունը։ Վարպետ Օսմանի ձեռքը համբուրելիս ոչ միայն մեծ հարգանք, այլև հոգիս տակնուվրա անող մի այլ զգացում ունեցա, մի մեծ մարդու հանդեպ զգացած հիացմունքին խառնված խղճահարություն, մեղքի տարօրինակ զգացում։ Գուցեև այն պատճառով, որ իմ փեսան, ով ուզում էր, որ եվրոպացի վարպետների ոճը կրկնօրինակվի, նրա մրցակիցն էր։

Նույն պահին մեծ վարպետին կյանքում վերջին անգամ տեսնելու որոշում կայացրի և նրան դուր գալու, նրան ուրախացնելու անհանգստության մեջ մի հարց տվեցի.

― Իմ մե՛ծ վարպետ, ինքնատիպ նկարչին սովորական նկարչից ի՞նչն է տարբերում։

Կարծեցի, որ սեփական շահերը հետապնդող այսպիսի հարցերին սովոր գլխավոր նկարիչը սկզբից ինձ գոհացնող պատասխան չի տա. միևնույն է, այդ պահին արդեն մոռացել էր իմ գոյության մասին։

― Ինքնատիպ նկարչին անընդունակ, անհավատ նկարչից տարբերող չափանիշ չկա,― լրջորեն ասաց նա։― Դա փոխվում է ժամանակի ընթացքում։ Իմ արվեստին սպառնացող վտանգների դեմ նկարչի բարոյականությունն ու տաղանդը կարևոր են։ Այսօր մի երիտասարդ նկարչի յուրահատկությունը հասկանալու համար երեք հարց կտայի։

― Որո՞նք են այդ հարցերը։

― Նոր ավանդույթի համաձայն՝ չինացիների և ֆրանսիացիների ազդեցության տակ սեփական ոճը պե՞տք է համապատասխանի մյուս բոլորի ոճին։ Որպես նկարիչ բոլորից առանձին ոճ, ձև ուզո՞ւմ է, փորձո՞ւմ է այն իր նկարչության մեջ ֆրանսիացի վարպետների պես ստորագրությամբ ապացուցել։ Ահա դա հասկանալու համար ես առաջինը նրան ոճի և ստորագրության մասին կհարցնեի։

― Հետո՞,– հարցրի ես հարգանքով։

― Հետո մեր գրքերը պատվիրող շահերը և սուլթանները կմահանան, կազմերը կպոկվեն, մեր նկարած նկարներն այլ գրքերում, այլ ժամանակներում կօգտագործվեն։ Այդ ամենի մասին մտածելիս այս նկարիչն ի՞նչ է զգում, ահա դա կհարցնեի։ Սա այնպիսի զգայուն բան է, որ ոչ տխրելով, ոչ էլ ուրախանալով չես կարող արտահայտել։ Այդ պատճառով նկարչին ժամանակի մասին կհարցնեի։ Նկարելու ժամանակի և Աստծու ժամանակի մասին։ Հասկանո՞ւմ ես, որդյա՛կ։

Չէի հասկանում, բայց չասացի։

― Երրո՞րդը,– հարցրի ես։

― Երրորդը կուրությունն է,– ասաց մեծ վարպետ գլխավոր նկարիչ Օսմանը և լռեց, ասես դա մեկնաբանություն չպահանջող ակնհայտ բան էր։

― Կուրության ի՞նչը,– ճնշվելով ասացի ես։

― Կուրությունն անձայն է։ Քիչ առաջ իմ նշած առաջին և երկրորդ հարցը միավորում է կուրությունը։ Նկարչության ամենախորին տեղն այնտեղ է, ուր Աստծու մթության մեջ տեսնում ես անտեսանելին։

Լռեցի, դուրս եկա։ Սառցակալած աստիճաններով առանց շտապելու ներքև իջա։ Գիտեի, որ մեծ վարպետի երեք հարցը ոչ միայն Քելեբեքի, Զեյթինի, Լեյլեքի հետ խոսակցություն բացելու, այլև իմ կյանքի ընթացքում այդ լեգենդար հասակակիցներիս հասկանալու համար էի հարցնելու։

Անմիջապես չգնացի վարպետ նկարիչների տուն։ Հրեական թաղամասին մոտ՝ նեղուցից դեպի Բոազիչի բացվող տեսարանով բլրի վրայի նոր շուկայում Էսթերին հանդիպեցի։ Առևտուր անող ստրկուհիները, աղքատ թաղամասի գունաթափ ու լայն հագուստ կրող կանայք և գազարի, սերկևիլի, սոխի ու բողկի կապոցների մեջ խրված բազմության մեջ մտնելուն վարդագույն հրեական հագուստով, աշխույժ շարժուն մարմնով, անընդհատ շարժվող ծնոտով և արագ-արագ բարձրացող, ինձ ազդանշաններ տվող հոնքերով ու աչքերով Էսթերը ուրախ էր։

Իրեն տվածս նամակն այնպիսի խորհրդավոր և հմուտ շարժումներով դրեց հագուստի տակ, ասես ամբողջ շուկան մեզ էր հետևում։ Ասաց, որ Շեքուրեն իմ մասին է մտածում։ Վերցրեց փողը, և երբ ասացի. «Միայն թե արագ ուղիղ նրան հասցրու», ասաց, որ դեռ շատ գործ ունի, ցույց տվեց կապոցը և ասաց, որ միայն կեսօրին մոտ կարող է նամակը հասցնել Շեքուրեին։ Նաև խնդրեցի Շեքուրեին հայտնել, որ գնացել եմ երեք երիտասարդ վարպետներին հանդիպելու։




== 12. Իմ անունը Քելեբեք է ==

Ցերեկվա նամազից առաջ էր։ Դուռը ծեծեցին։ Բացեցի, տեսա՝ Քարա Չելեբին է։ Աշակերտության տարիներին մի շրջան մեզ հետ էր։ Փաթաթվեցինք, համբուրվեցինք։ Հետաքրքիր էր՝ իմ փեսայից լուր ունի՞, թե ոչ։ Սակայն ասաց, որ եկել է իմ նկարները նայելու, մեր ընկերության և մեր սուլթանի անունից ինձ մի հարց տալու համար։

― Լավ, ասացի ես, ի՞նչ հարց։

― Ոճ և ստորագրություն,– ասաց նա։

Լավ, քանի որ նա հարցրեց, ես պատասխանում եմ։


'''Ոճ և ստորագրություն'''

Ասացի, որ ոչ թե աչք շոյելու և հավատի, այլ փողի և փառքի համար նկարող մարդիկ որքան շատանան, այնքան ոճի և ստորագրության հանդեպ հետաքրքրության փոխարեն ավելի շատ տգեղություն և ագահություն կտեսնենք։ Այս նախաբանն անում էի ոչ թե հավատալով, այլ որովհետև ոճն է այդպես թելադրում։ Որովհետև իրական տաղանդը և ունակությունը ոսկու և փառքի սիրուց անգամ վնաս չի կրի։ Անգամ, եթե ճշմարտությունն եք ուզում լսել, ինչպես իմ դեպքում, փողը և փառքը տաղանդի տեր մարդու իրավունքն են և նրան դեպի սերն են տանում։ Բայց եթե այդպես ասեմ, նկարիչների մի մասի նախանձից տառապող սովորական նկարիչները, պատճառաբանելով, որ ցավալի քայլի եմ դիմել, կհարձակվեն վրաս, ստիպված կլինեմ բրնձի վրա ծառ նկարել՝ ապացուցելու համար, որ այս գործը նրանցից շատ եմ սիրում։ Քանի որ գիտեմ՝ ֆրանսիական ազդեցության տակ, արևմուտքից ճիզվիտ քահանաների բերած նկարներին խաբվելով, ճանապարհից շեղված որոշ խեղճ չինացի վարպետների ազդեցության տակ այս ոճը, ձեռագիրը և անձնական հաճույքները արևելքից են մեզ հասել, ձեզ այս թեմայով երեք առակ պատմեմ։

Երեք պատմություն ոճի և ստորագրության մասին։


'''Այբ'''

Ժամանակին Հերաթի հյուսիսային լեռների մի ամրոցում նկարչության և նկարի հետաքրքրություն ունեցող մի ջահել խան էր ապրում։ Հարեմի կանանցից միայն մեկին էր սիրում խանը։ Այդ թաթար գեղեցկուհին էլ խանին էր սիրահարված։ Մինչև լույս սեր էին անում և այնքան երջանիկ էին, որ ուզում էին կյանքը միշտ այդպես անցնի։ Այս ցանկությունն իրականացնելու լավագույն ճանապարհն էլ գրքերը բացելով՝ հին վարպետների հիանալի և կատարյալ նկարներին ժամերով, օրերով նայելը, անընդհատ նայելն էր։ Նույն պատմությունների ճշգրիտ, միմյանց կրկնող կատարյալ նկարներին նայելով՝ զգում էին, որ ժամանակը կանգ է առել և պատմության մեջ ասվող ոսկե շրջանի երջանիկ ժամանակին իրենց սեփական ժամանակն է խառնվել։ Խանի արվեստանոցում նույն նկարները գրքերի համար կատարյալ կրկնօրինակող մեծ վարպետ նկարիչ էր աշխատում։ Ինչպես որ ավանդույթն է թելադրում, նկարիչը Ֆերհաթի՝ Շիրինի հանդեպ սիրուց տառապանքի, Մեջնունի և Լեյլայի՝ իրար տեսնելիս հիացմունքով ու կարոտով նայելու կամ Խոսրովի և Շիրինի դրախտային պարտեզում միմյանց բազմանշանակ հայացքները մի գրքի էջերին նկարելիս սիրահարների փոխարեն խանին ու թաթար գեղեցկուհուն էր նկարում։ Խանն ու իր սիրելին այդ էջերին նայելիս հավատում էին, որ իրենց երջանկությունը հավերժ է լինելու, վարպետ նկարչին գովեստներով ու ոսկով էին պատում։


Հաճոյախոսությունների և ոսկու առատությունն, ի վերջո, նկարչին շեղեց ճիշտ ճանապարհից, և նա սատանայի դրդմամբ մոռացավ, որ նկարների կատարելության համար պարտական է իր ուսուցիչներին ու հպարտորեն կարծեց, որ եթե իրենից մի բան ավելացնի, նկարներն ավելի սիրելի կդառնան։ Մինչդեռ վարպետ նկարչի այս նորամուծությունները, սեփական ոճի հետքերը խանը և սիրելին որպես թերություն դիտեցին և անհանգստացան։ Երբ խանը նկարներին նայելիս հասկացավ, որ նախկին երջանկությունը չի գգում, սկզբում խանդեց իր թաթար գեղեցկուհուն՝ ասելով, որ բոլոր էջերին նրա նկարներն են։ Հետո, որպեսզի այդ թաթար գեղեցկուհուն ստիպի իրեն խանդել, մեկ այլ հարճի հետ սեր արեց։ Հարեմի բամբասկոտներից այդ ամենի մասին լսելն այնքան տխրեցրեց թաթար գեղեցկուհուն, որ կախվեց բակի մայրի ծառից։ Խանը, հասկանալով իր սխալը և տեսնելով, որ նկարիչը միայն հետաքրքրված է սեփական ոճով, նույն օրը հրամայեց կուրացնել սատանային խաբված նկարչին։


'''Բեն'''

Արևելյան երկրներից մեկում նկարչության սիրահար մի երջանիկ ու ծեր սուլթան էր ապրում, նոր էր ամուսնացել մի գեղեցկուհի չինացու հետ և շատ երջանիկ էր։ Սակայն սուլթանի՝ առաջին կնոջից ունեցած գեղեցկադեմ որդին և երիտասարդ կինը սիրահարվում են։ Հորը դավաճանած որդին՝ վախեցած և արգելված սիրուց ամաչելով՝ փակվեց արվեստանոցում և սկսեց նկարել։ Քանի որ իր սիրո ցավով և ուժով էր գրում, բոլոր նկարներն այնքան գեղեցիկ էին, որ նայողները չէին կարողանում տարբերել հին վարպետների գործերից, սուլթանն էլ իր որդով շատ էր հպարտանում։ Իսկ երիտասարդ չինուհին նկարներին նայելով՝ ասում էր. «Այո, շատ գեղեցիկ է։ Բայց տարիներ կանցնեն, եթե նա իր նկարների տակ չդնի իր ստորագրությունը, ոչ ոք չի իմանա»։ «Եթե որդիս ստորագրի իր նկարները, արդյոք նրան հանիրավի չե՞ն մեղադրի հին վարպետներին կրկնօրինակելու մեջ»,― ասում էր սուլթանը։ Չինուհին հասկանալով, որ չի կարողանա համոզել ծեր ամուսնուն, ի վերջո, կարողացավ արվեստանոցում փակված երիտասարդ տղային հասցնել ստորագրության հետ կապված բամբասանքները։ Ավելին, սերն իր մեջ թաղելու պատճառով ոտնահարված ինքնասիրությամբ որդին գեղեցիկ ու ջահել խորթ մոր թելադրանքով, սատանայի խրախուսանքով խաբվեց և մի նկարի անկյունում, պատի և խոտերի միջև իր կարծիքով անտեսանելի մի տեղ դրեց իր ստորագրությունը։ Իսկ նրա առաջին նկարը Խոսրովի և Շիրինի պատմությունից մի հատված էր։ Այն հատվածը, որտեղ Խոսրովի և Շիրինի ամուսնությունից հետո Խոսրովի՝ առաջին ամուսնությունից ծնված որդին՝ Շիրուեն, սիրահարվում է Շիրինին և մի գիշեր պատուհանից մտնելով՝ դաշունահարում Շիրինի կողքին պառկած հորը։ Ահա, ծեր սուլթանը այս պատմության նկարին նայելիս հանկարծ նկարի մեջ մի թերություն զգաց․ տեսել էր ստորագրությունը, բայց ինչպես շատերս ենք անում, առանց այն նկատելու միայն զգացել էր, որ թերի նկար է։ Քանի որ հին վարպետները նման բան չէին կարող անել, սուլթանը սկսեց անհանգստանալ։ Դա նշանակում էր, որ այդ գիրքը ոչ միայն պատմությանը, լեգենդին, այլև գրքին չհամապատասխանող մի բան, մի իրականություն էր պատմում։ Ծեր սուլթանը դա զգալուն պես վախեցավ։ Այդ ընթացքում նկարիչ որդին, ինչպես և նկարում է պատկերված, պատուհանից մտավ և ինչպես նկարում է պատկերված, հսկայական դաշույնը, առանց հոր աչքերի մեջ նայելու, խրեց նրա՝ վախից փքվող կուրծքը։


'''Գիմ'''

Սրանից երկու հարյուր հիսուն տարի առաջ Ռեշիդուդդինի Քազվինցին իր պատմության մեջ հաճույքով գրում է, որ Քազվինում նկարազարդումը, ծաղկումը, և նկարչությունը ամենահարգարժան, ամենասիրված արվեստներն են եղել։ Քազվինում այդ ժամանակ գահին Բյուզանդիայից մինչև Չինաստան քառասուն երկրի վրա իշխող (նկարչության սերը կարող է այս մեծ ուժի գաղտնիքը լինել) շահը, ցավոք սրտի, որդի չուներ։ Որպեսզի մահից հետո իր նվաճած երկրները չմասնատվեն, շահը որոշեց իր գեղեցիկ դստեր համար խելացի նկարիչ ամուսին գտնել։ Արվեստանոցի երեք ամուրի երիտասարդ նկարիչների միջև մրցույթ սկսվեց։ Ռաշիդուդդինի պաւոմության համաձայն՝ մրցույթի թեման շատ պարզ էր. ով ամենագեղեցիկ նկարը կնկարի։ Ինչպես և Ռաշիդուդդինը, երիտասարդ նկարիչներն էլ գիտեին, որ հին վարպետների պես պետք է նկարեն։ Այդ պատճառով երեքն էլ ամենասիրելի տեսարանն էին նկարել։ Մի դրախտային պարտեզում նոճի և մայրի ծառեր, վախեցած ճագարներ և անհանգիստ ճնճղուկներ, սիրուց տառապած, գլխահակ մի գեղեցիկ աղջիկ։

Նույն նկարը ճիշտ հին վարպետների պես նկարած երեք նկարիչներից ամենաշատն իր վրա ուշադրություն հրավիրել ցանկացողը նկարի գեղեցկությանը տիրանալու համար այգու ամենագաղտնի վայրում՝ նարգիզների մեջ իր ստորագրությունն էր թողել։ Բայց իրեն հին վարպետների համեստությունից հեռացնող այս անամոթության պատճառով Քազվինից Չինաստան վտարվեց։ Այսպիսով, մյուս երկու նկարիչների միջև կրկին մրցույթ սկսվեց։ Այս անգամ երկուսն էլ բանաստեղծության պես գեղեցիկ նկար արեցին։ Նկարիչներից մեկը վրձնի սխալ հարվածի պատճառով, թե դիտավորյալ, անհայտ է, չինացու շեղ աչքերով, արտահայտված այտոսկրերով աղջկա սպիտակ ձիու քիթը մի քիչ տարօրինակ էր նկարել։ Դա հոր ու դստեր կողմից անմիջապես որպես թերություն էր դիտարկվել։ Չնայած այս նկարիչը չէր ստորագրել նկարի տակ, ձիու քթին ասես վարպետորեն մի թերություն էր ավելացրել հիանալի նկարում։ Թերությունը ոճի մայրն է՝ ասել էր շահը և այդ նկարչին էլ վտարել Բյուզանդիա։ Ստորագրություն և թերություն չունեցող, հին վարպետների պես նկարող տաղանդավոր նկարչի և շահի դստեր ամուսնության օրը, ըստ Ռաշիդուդդինի Քազվինի երկար պատմության, մի ուրիշ դեպք էլ տեղի ունեցավ․ հարսանիքից մի օր առաջ շահի դուստրը ամբողջ օրը տխրությամբ նայեց ապագա ամուսնու՝ երիտասարդ և գեղեցիկ վարպետի նկարին։ Երբ երեկոն իջավ, գնաց հոր մոտ, ասաց. «Հին վարպետները հիանալի նկարներում գեղեցիկ աղջիկներին չինացու պես էին նկարում, և դա արևելքից եկող անխախտ օրենք է։ Բայց երբ մեկին սիրում էին, այդ գեղեցկուհու հոնքին, աչքին, շրթունքներին, մազերին, ժպիտին, անգամ թարթիչին իրենց սիրելիից մի հետք, մի բան էին դնում։ Նկարների այս գաղտնի թերությունը նշան էր իրենց սիրո մասին, որը գիտեին միայն իրենք և իրենց սիրելին։ Ձիու վրա նստած գեղեցիկ աղջկա նկարին ամբողջ օրը նայեցի, հայրիկ, այդ աղջիկն ինձ ընդհանրապես նման չէ։ Այս նկարիչը հավանաբար մեծ վարպետ է, բացի այդ, ջահել է ու գեղեցիկ, բայց ինձ չի սիրում»։ Այսպիսով, շահը չեղյալ հայտարարեց հարսանիքը և հայր ու դուստր ամբողջ կյանքում միասին ապրեցին։

― Ոճ կոչվածը այդ դեպքում այդ երրորդ պատմության համաձայն սկսվում է թերությունից,― բարեկիրթ ու հարգալից ասաց Քարան։– Նկարիչն իր սիրելի գեղեցկուհու դեմքին, աչքին, ժպիտին գաղտնի նշաննե՞ր է տալիս։

― Ո՛չ,– ասացի ես ձայնի գոհ և հպարտ արտահայտությամբ։– Վարպետ նկարչի՝ սիրելի աղջկանից նկարին անցնող ամեն բան ոչ թե թերություն, այլ ի վերջո կանոն է դառնում։ Որովհետև որոշ ժամանակ անց բոլորը սկսում են աղջիկներին այդ վարպետի պատկերածի պես նկարել։

Մի քիչ լռեցինք։ Տեսնելով, որ իմ երեք պատմությունները համակ ուշադրությամբ լսող Քարան ականջ է դնում կողքի սենյակում ետուառաջ քայլող իմ գեղեցկուհի կնոջ ձայներին, ուշադիր նայեցի նրա աչքերի մեջ։

― Առաջին պատմությունը վկայում է, որ ոճը թերություն է,― ասացի ես։– Երկրորդ պատմությունը ցույց է տալիս, որ կատարյալ նկարը ստորագրության կարիք չունի։ Իսկ երրորդ պատմությունը միավորում է առաջինի և երկրորդի գաղափարը, և այդ դեպքում ստորագրության ու ոճի միջոցով անամոթաբար ու հիմարաբար իրեն գովաբանելուց բացի ուրիշ ոչինչ չկա. այդ է ցույց տալիս։

Այս մարդը, ում դաս էի տալիս, ինչքա՞ն էր հասկանում նկարչությունից։

― Իմ պատմություններից հասկացա՞ր թե ով եմ,– ասացի ես։

― Հասկացա,― ասաց նա, բայց ընդհանրապես համոզիչ չէր։

Սահմանափակվելով նրա հայացքով և արտահայտություններով՝ մի՛ փորձեք ինձ հասկանալ։ Ձեզ անմիջապես ասեմ, թե ես ով եմ։ Քազվինի հին վարպետների պես նկարում եմ, պատկերում։ Ժպտալով եմ ասում, բոլորից լավն եմ, և եթե զգացմունքներս ինձ չեն դավաճանում, ես ոչ մի կապ չունեի ծաղկող Զարիֆ էֆենդու անհետացման հետ, ինչն էլ Քարային այստեղ էր բերել։ Քարան ինձ հարցրեց, թե ամուսնությունը և արվեստն ինչպես կարելի է համատեղել։ Շատ եմ աշխատում և սիրելով եմ աշխատում։ Թաղամասի ամենագեղեցիկ աղջկա հետ նոր եմ ամուսնացել։ Եթե չեմ նկարում, նրա հետ խենթի պես սեր ենք անում։ Հետո կրկին աշխատում եմ։ Այդ ամենի մասին չասացի։ Ասացի, որ դա մեծ խնդիր է։ Եթե նկարչի վրձինը թղթի վրա հրաշքներ է գծում, կնոջ հետ նույն հաջողության չի կարող հասնել, այդպես ասացի։ Հետո ավելացրի, որ ճիշտ հակառակն էլ է լինում, եթե կնոջը երջանկացնում է, նկարչի վրձինը սկսում է կորցնել փայլը։ Նկարչի տաղանդին նախանձող բոլորի պես Քարան էլ հավատալով այս ստերին՝ ուրախացավ։ Ասաց, որ ուզում է տեսնել իմ ամենավերջին նկարները։ Նրան նստեցրի իմ գրասեղանի մոտ, ներկերի, թանաքների, ողորկման սարքերի, վրձինների, գրիչների և սրիչների առաջ։ Երբ Քարային ցույց էի տալիս մեր արքայազնի թլպատման տոնի արարողությունների մասին պատմող «Սուրնամեի» երկու էջանոց նկարը, նստեցի նրա կողքի կարմիր բարձին և բարձի տաքությունից հիշեցի, որ քիչ առաջ այնտեղ գեղեցիկ կոնքերով կինս էր նստել։ Երբ իմ եղեգնյա գրչով մեր արքայազնի առջև կանգնած դժբախտ դատապարտյալների ճակատագիրն էի պատկերում, խելացի կինս օգնում էր ինձ։

Երկու էջանոց տեսարանը, որը նկարում էի, պատմում էր պարտքը չվճարելու համար բանտ ընկածների և նրանց ընտանիքների՝ սուլթանի գթասրտությամբ փրկվելը։ Սուլթանը, ինչպես և տեսել էի ծիսակատարության ժամանակ, նստած էր արծաթե դրամներով ծածկված գորգին, քիչ այն կողմ՝ գլխավոր գրագիրն էր, ձեռքն էր տվել պարտքերի գիրքը, վզերն իրար շղթայված, սուլթանի առաջ տխրությամբ և ցավով, հոնքերը կիտած, խոժոռված դեմքով կանգնած դատապարտյալներին, սուլթանի գթասրտության համար բոլորի հնչեցրած երջանիկ աղոթքներին, բանաստեղծություններին ուդով ու թմբուկով նվագակցողներին կարմիր հագուստով ու գեղեցիկ դեմքերով էի նկարել, պարտք ունենալու ծանր ամոթը լավ հասկանալու համար էլ, չնայած՝ ոչ մի մեղք չունեին, դժբախտ դատապարտյալներից ամենավերջինի կողքին հոգնածությունից տգեղացած, մանուշակագույն հագուստով կնոջը և կարմիր վերարկուով, երկար մազերով տխուր, գեղեցիկ աղջկան էի նկարել։ Շղթայված և շարքով կանգնած դատապարտյալների երկու էջի, նկարի կարմիրի գաղտնի տրամաբանության, հին վարպետների բացթողումների, սիրով նկարածս անկյունի շան և սուլթանի ատլասե հագուստը նույն գույնով չնկարելու, այդ ամենի շուրջ կնոջս հետ ծիծաղելով մեր խոսածների մասին այս խոժոռ դեմքով Քարային էլ էի պատմելու, որ հասկանա՝ նկարչությունը նշանակում է սիրել կյանքը, բայց նա ինձ շատ ամոթալի բան հարցրեց։ Արդյոք գիտե՞մ, թե խեղճ Զարիֆ էֆենդին որտեղ է։ Ի՞նչ խեղճ։ Ոչ մի գրոշ չարժեցող կրկնօրինակող, գիրը միայն փողի համար անող, սակավ ներշնչանքով հիմար։

― Ո՛չ, չգիտեմ,– ասացի ես։

Հարցրեց՝ արդյոք էրզրումցի հոջայի շրջապատի ջղային մարդկանցից մեկի՝ Զարիֆ էֆենդուն վատություն անելու մասին մտածե՞լ էի։

Ինձ մի կերպ զսպեցի և չասացի, որ նա էլ դրանցից մեկն է։

― Ոչ, ինչո՞ւ,– ասացի ես։

Ստամբուլ քաղաքում մեզ գերության մեջ պահող աղքատությունը, ժանտախտը, անբարոյականությունը, խայտառակությունը մեր մարգարե Ռեսուլուլլահի ժամանակի իսլամից հեռանալով՝ նոր, տգեղ սովորություններ ձեռք բերելուց և ֆրանսիական ավանդույթներին՝ մեր հասարակության մեջ մտնելուց բացի ուրիշ ոչ մի բանով չի կարելի բացատրել։ Էրզրումցի հոջան էլ էր այդպես ասում, բայց նրա թշնամիներն ուզում էին էրզրումցիների երաժշտություն նվազող թեքքեներ մտնել, սրբերի գերեզմանները պղծել, անգամ ավելի հեռուն գնալով՝ սուլթանին խաբել։ Այժմ, քանի որ գիտեն՝ ես հարգարժան էրզրումցիներին նրանց պես չեմ ատում, ուզում են քաղաքավարի հարցնել՝ արդյոք ե՞ս եմ սպանել Զարիֆ էֆենդուն։ Մի պահ հասկացա, որ այս բամբասանքները տարածվել են նկարիչների շրջապատում։ Ներշնչանքից զուրկ անտաղանդների խումբը հիմա մեծ հաճույքով լուրեր է տարածում այն մասին, որ ես ստոր մարդասպան եմ։ Այս նախանձ նկարիչների ասեկոսեները լուրջ ընդունելու համար միայն այս հիմար Քարայի այդ չերքեզական գլուխը թանաքամանի մեջ խոթելու ցանկություն ունեցա։ Քարան փորձելով ամեն ինչ մտապահել՝ նայում էր իմ նկարչական արվեստանոցին, թուղթ կտրելու երկար մկրատներին, մանրուքներով լի ամաններին, ներկի թասերին, աշխատելիս երբեմն կրծոտածս խնձորին, ետևի վառարանի ծայրին դրած սրճեփին, սուրճի բաժակներին, բարձերին, պատուհանի արանքից ներս ընկնող լույսին, էջի չափը տեսնելու համար օգտագործվող հայելուն, վերնաշապիկներիս և այնտեղ դուռը ծեծելուց հետո սենյակից արագ դուրս գալիս անկյունում իմ կնոջ՝ մեղքի պես նետած կարմիր թաշկինակին էր ուշադրությամբ նայում։ Չնայած որ մտքերս թաքցնում էի նրանից՝ իմ նկարները և սենյակը նրա անամոթ ու զայրացած հայացքներին էի հանձնում։ Գիտեմ, բոլորիդ կզարմացնի այս հպարտությունը, բայց ամենաշատ գումար վաստակողը և ուրեմն ամենալավ նկարիչը ես եմ։ Որովհետև Աստված ուզել է, որ նկարչությունը ուրախության պես լինի, որպեսզի մարդկանց էլ ցույց տա, որ աշխարհն ուրախություն է։




== 13. Իմ անունը Լեյլեք է ==

Ցերեկվա նամազի ժամանակ էր։ Դուռը թակեցին, բացեցի, տեսնեմ՝ իմ մանկության ընկեր Քարան է։ Փաթաթվեցինք։ Մրսել էր, ներս հրավիրեցի, անգամ չհարցրի՝ ինչպես է գտել տան ճանապարհը։ Փեսան նրան ուղարկել էր իմանալու, թե Զարիֆ էֆենդին ինչո՞ւ է կորել, որտե՞ղ է։ Բայց միայն դա չէր. վարպետ Օսմանից էլ էր լուր բերել և ասաց, որ մի հարց ունի՝ վարպետ Օսմանն ասել էր, որ ինքնատիպ նկարչին մյուսներից տարբերողը ժամանակն է՝ նկարչության ժամանակը։ Ուզո՞ւմ եք իմանալ՝ ինչ եմ մտածում։ Լսեք։


ՆԿԱՐՉՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԺԱԱԱՆԱԿԸ

Ինչպես բոլորը գիտեն, հնում մեր աշխարհի նկարիչները, օրինակ՝ արաբ հին վարպետներն էլ, աշխարհին այժմյան ֆրանսիացի անհավատների պես էին նայում և փողոցի թափառաշրջիկներին ու շանը խանութի դազգահների և նեխուրի մոտ նստած էին նկարում։ Քանզի չգիտեին, որ այսօր ֆրանսիացի վարպետները հպարտորեն գովաբանում են իրենց ոճը, աշխարհը նրանց համար սահմանափակվում էր շանը և նեխուրը տեսնելով։ Հետո մի բան եղավ, և մեր ամբողջ նկարչական աշխարհը փոխվեց։ Այդտեղից սկսելով՝ պատմեմ ձեզ։

Երեք պատմություն նկարի և ժամանակի մասին։


'''Այբ'''

Երեք հարյուր հիսուն տարի առաջ Բաղդադի մոնղոլների ձեռքն ընկած և անխղճորեն թալանված մի փետրվարյան ցուրտ օր Իբնի Շաքիրը ոչ միայն ամբողջ արաբ աշխարհի, այլև ամբողջ իսլամի ամենահայտնի և ամենապրոֆեսիոնալ գրիչն էր, և չնայած երիտասարդ տարիքին՝ Բաղդադի աշխարհահռչակ գրադարաններում նրա գրած Ղուրանի քսաներկու հատոր կար։ Քանի որ հավատում էր, որ այդ գրքերն ապրելու են մինչև մեծ դատաստանի օրը, Իբնի Շաքիրն ապրում էր խոր և անավարտ ժամանակի մտքով։

Մի քանի օրում մոնղոլ Հաքան Հյուլագյուի զինվորների ձեռքով մեկ առ մեկ պատռվելով, մաս-մաս լինելով, այրվելով՝ Տիգրիսի ջրերը նետված և այսօր անհայտ դարձած այդ լեգենդար գրքերից վերջինի համար մի ամբողջ գիշեր մոմակալների դողացող լույսի տակ հերոսի պես աշխատել էին։ Մեջքը դարձնելով դեպի արևածագը՝ արևմուտք՝ հորիզոնին նայելու, ապագայի և գրքերի անմահության համար արաբ վարպետ գրիչների՝ հինգ հարյուրամյակ կուրության դեմ պայքարելու գործը սկսելու համար Իբնի Շաքիրն առավոտվա զովության մեջ Հալիֆե մզկիթի մինարեթը բարձրացավ և հինգ հարյուր տարի տևող գրագրության ավանդույթն ավարտին հասցնող ամեն ինչին պատվով ականատես եղավ։ Նախ Հիլագյուլի անխիղճ զինվորների՝ Բաղդադ մտնելը տեսավ և կանգնած մնաց մինարեթի առաջին աստիճանին։ Տեսավ, թե ինչպես է ամբողջ քաղաքը թալանվում և փլուզվում, ինչպես են հարյուր հազարավոր մարդիկ սպանվում, ինչպես են սպանում հինգ հարյուր տարի Բաղդադը ղեկավարող իսլամի խալիֆներից վերջինին, ինչպես են բռնաբարում կանանց, ինչպես են փլվում գրադարանները, ինչպես են տասնյակ հազարավոր գրքեր նետվում Տիգրիս։ Երկու օր անց աճյունների նեխահոտի և մահվան բղավոցների մեջ, նետվող գրքերից հոսող թանաքի գույնով կարմրող Տիգրիսի հոսքին նայելիս գեղեցիկ ձեռագրով գրած և այժմ անհետացած այդքան գրքերի այդ սարսափելի կոտորածն ու ավերածությունը կանգնեցնելու անիմաստության մասին մտածեց և երդվեց, որ այլևս երբեք ոչինչ չի գրի։ Ավելին՝ ցանկացավ իր ցավը և տեսած ողբերգությունը Աստծու համար արտահայտել իր նկարչական արվեստով, որը մինչ այդ որպես ապստամբություն էր դիտել և թերագնահատել էր։ Եվ մինարեթից թղթի վրա, որը միշտ իր հետ էր կրում, նկարեց այն ամենն, ինչ տեսավ։ Մոնղոլական զավթումից հետո իսլամական նկարչության՝ երեք հարյուր տարի տևող ուժը և հեթանոսների ու քրիստոնյաների նկարչության տարբերությունները, աշխարհի այն մասում, ուր Աստված տեսնում է, վերևից, հորիզոնի գիծը գծելով և ներսից ցավով նկարվելու համար պարտական ենք այս երջանիկ հրաշքին։ Հետո Իբնի Շաքիրը նկարների և սրտի նկարչության ուժով քայլեց դեպի հյուսիս, որտեղից մոնղոլական բանակն էր գալիս, և սովորեց չինացի վարպետների պես նկարել... Այսպիսով, պարզ դարձավ, որ հինգ հարյուր տարի արաբական գրիչների սրտի անվերջ ժամանակի գաղափարը ոչ թե գրականության, այլ նկարչության մեջ էր իրականացվելու։ Ամբողջ ապացույցն այն է, որ գրքերը, հատորները պատռվեցին և ոչնչացվեցին, բայց ներսի նկարված էջերի, այլ գրքերի, այլ հատորների մեջ մտնելով՝ հավերժորեն ապրելով՝ շարունակեցին ցույց տալ Աստծու աշխարհը։


'''Բեն'''

Եթե չլիներ ամեն բանի կրկնությունը և եթե այդ պատճառով մահ չլիներ, մարդ չէր զգա, որ ժամանակ կոչվածը գոյություն ունի, և կկարծեր, թե աշխարհը գոյություն չունի։ Միշտ նույն պատմություններով և նկարներով պատկերված և՛ հին, և՛ նոր ժամանակներում Ֆահիր շահի փոքր բանակը, Սելահաթթին խանի զինվորների, Սամարղանդի Սալիմի կարճ պատմության մեջ պատմվածի պես «ոչնչացրեց»։ Այն բանից հետո, երբ Մուզաֆֆեր Ֆահիր շահը պատանդ վերցրեց Սելահաթթին խանին և նրան տանջելով սպանեց, ինչպես և պահանջում է ավանդույթը, առաջին գործը սեփական կնիքը պատրաստելու համար լուսահոգու գրադարան ու հարեմ այցելելը եղավ։ Գրադարանում փորձառու կազմարարը հանգուցյալ շահի գրքերը մաս-մաս անելով՝ էջերը խառնելով՝ փորձում էր նոր գրքեր պատրաստել, գրիչները և քարտուղարները «միշտ պարտվող» Սելահաթթին խանի անունը «Մուգաֆֆեր» Ֆահիր շահի անունով էին փոխում, և նկարիչները գրքերի ամենագեղեցիկ նկարներում վարպետորեն պատկերված Սելահաթթին խանի՝ արդեն մոռացվող նկարը ջնջելով՝ փոխարենը Ֆահիր շահի ավելի երիտասարդ դեմքն էին պատկերում։ Հարեմ մտնելով՝ Ֆահիր շահին շատ ժամանակ չպահանջվեց անմիջապես գտնելու ամենագեղեցիկ կնոջը, սակայն բռնի ուժով նրան տիրանալու փոխարեն, քանի որ գրականությունից և նկարչությունից հասկացող մարդ էր, որոշեց գրավել նրա սիրտը և խոսեց նրա հետ։ Այսպիսով, լուսահոգի Սելահաթթին խանի գեղեցիկ և արտասվալից աչքերով կինը՝ Ներիմանը, որպես նոր ամուսին Ֆահիր շահից մի բան ցանկացավ։ Լեյլայի և Մեջնունի սերը պատմող մի գրքում Լեյլայի կերպարանքում Ներիման սուլթանի առջև որպես Մեջնուն պատկերված լուսահոգի ամուսին Սելահաթթին խանի դեմքը չպետք է ջնջեին։ Տարիներ շարունակ պատվիրած գրքերով անմահության իրավունքը գոնե մի էջում պետք է պահպանվեր լուսահոգու համար։ Մուզաֆֆեր Ֆահիր շահն այս պարզ ցանկությունը մեծահոգաբար ընդունեց, և նկարիչները միայն այդ նկարին չդիպան։ Այսպիսով, Ներիմանը և Ֆահիրը սեր արեցին և շուտով միմյանց սիրելով՝ մոռացան անցյալի սարսափները։ Բայց Ֆահիր շահը չմոռացավ Լեյլայի և Մեջնունի գրքի այդ նկարը։ Նրան անհանգստացնողը կնոջ՝ նախկին ամուսնու հետ նկարը չէր, ոչ էլ խանդը, ո՛չ։ Այդ հիանալի գրքում, հին լեգենդների մեջ չպատկերվելը, կնոջ հետ հավերժի մեջ, անմահների հետ մեկտեղ չլինելն էր նրան անհանգստացնում։ Այն բանից հետո, երբ հինգ տարի կասկածը նրան ներսից կրծեց, Ֆահիր շահը Ներիմանի հետ երկար սեր անելուց հետո մի երջանիկ գիշեր, մոմակալը ձեռքին գողի պես մտավ սեփական գրադարանը, Լեյլայի և Մեջնունի գիրքը բացեց և Ներիմանի հանգուցյալ ամուսնու դեմքի փոխարեն որպես Մեջնուն սեփական դեմքը սկսեց նկարել։ Բայց նկարչությունը սիրող շատ ուրիշ խաների պես անփորձ նկարիչ էր և չկարողացավ սեփական դեմքը լավ նկարել։ Այսպիսով, առավոտյան գիրքը բացող կասկածամիտ գրագիրը հայտարարեց, որ Ներիմանի դեմքով Լեյլայի առջև լուսահոգի Սելահաթթին խանի դեմքի փոխարեն նկարված նոր դեմքը ոչ թե Ֆահիր շահինն է, այլ նրա գլխավոր թշնամի, երիտասարդ և գեղեցկադեմ Աբդուլլահ շահինը։ Այս բամբասանքը ազդեց Ֆահիր շահի զինվորների տրամադրության վրա և քաջալերեց հարևան երկրի երիտասարդ և խիստ նոր ղեկավար Աբդուլլահ շահին։ Նա էլ առաջին պատերազմի ժամանակ Ֆահիր շահին պարտության մատնեց, նրան գերի վերցրեց և սպանեց, տիրացավ նրա հարեմին ու գրադարանին և մշտապես գեղեցիկ Ներիման սուլթանի նոր ամուսինը դարձավ։


'''Գիմ'''

Ստամբուլում նկարիչ Ուզուն Մեհմեդի, իսկ Իրանում խորասանցի Աուհւսմմեդ անունով հայտնի ծաղկողի պատմությունը նկարիչների համար որպես երկար կյանքի և կուրության օրինակ էին պատմում, բայց իրականում նկարչության և ժամանակի առումով դա մի ասացվածք էր։ Ինը տարեկանում որպես աշակերտ է սկսել նկարել, ըստ այդմ՝ մոտավորապես հարյուր տասը տարի առանց կուրանալու նկարող այս վարպետի ամենամեծ առանձնահատկությունն այն է, որ նա առանձնահատկություն չունի։ Բայց այստեղ ոչ թե բառախաղ եմ անում, այլ անկեղծորեն գովաբանում եմ։ Ամեն ինչ բոլորի պես, ավելի շատ հին մեծ վարպետների ոճով էր նկարում և այդ պատճառով էլ մեծ վարպետ էր։ Համեստությունը որպես Աստծուն ծառայություն դիտելը, նկարչության գործին ամբողջովին նվիրվելը նրան բոլոր արվեստանոցների ներքին վեճերից և չնայած հարմար տարիք ունենալուն՝ գլխավոր նկարիչ լինելու հաճույքից միշտ հեռու էին պահել։ Ամբողջ նկարչական կյանքի ընթացքում, հարյուր տասը տարի մի անկյունում մնացած մանրամասները, էջի անկյունը լցնելու համար նկարվող խոտերը, ծառերի հազարավոր տերևները, ամպերի շարժումները, ձիերի՝ մեկ առ մեկ սանրվող մազերը, աղյուսե պատերը և միմյանց կրկնող պատերի անհաշիվ նախշերը և շեղաչք, նուրբ ծնոտով միմյանց նման տասնյակ հազարավոր դեմքերը համբերությամբ նկարեց։ Շատ երջանիկ էր և շատ անձայն։ Իրեն ապացուցելու կարիք չունեցավ, ոճի և անհատականության պահանջներ չներկայացրեց։ Որ խանի կամ արքայազնի արվեստանոցում էլ աշխատեր, այդ վայրը դիտում էր որպես իր տուն, իրեն էլ որպես այդ տան մի իր։ Խաները, շահերը իրար կոկորդ կտրելուց, նկարիչների էլ հարեմի կանանց նման քաղաքից քաղաք նոր տերերի մոտ գնալուց հետո նոր արվեստանոցի ոճը նրա գծած տերևների, խոտերի, իրերի ելևէջներում, նրա համբերության գաղտնի շարժումներում սկսեց ի հայտ գալ։ Ութսուն տարեկան հասակում արդեն մոռացան, որ նա էլ է մահկանացու, մարդիկ սկսեցին հավատալ, որ իր պատկերած լեգենդների մեջ է ապրում։ Գուցեև այդ պատճառով էլ ոմանք ասում էին, որ նա ժամանակից այն կողմ է ապրում, դրա համար էլ չի ծերանում ու մահանում։ Չնայած անտուն, անհայրենիք կյանքը արվեստանոցի սենյակներում, վրաններում և ժամանակի մեծ մասը թղթին նայելով անցկացնելուն՝ չէր կուրացել։ Ոմանք դա բացատրում էին նրանով, որ ժամանակը կանգ է առել։ Ոմանք էլ իրականում ասում էին, որ նա կույր է եղել, բայց ամեն ինչ հիշողությամբ է նկարել, այդ պատճառով էլ արդեն տեսնելու կարիք չի ունեցել։ Երբեք չի ամուսնացել, երբեք սիրով չի զբաղվել այս լեգենդար վարպետը, հարյուր տարի նկարած շեղաչք, սուր ծնոտներով և լուսնի պես գեղեցկադեմ տղամարդու օրինակից բացի չինացու և խորվաթի խառնուրդ տասնվեց տարեկան աշակերտին շահ Թահմասփի արվեստանոցում հարյուր տասնինը տարեկանում տեսնելով՝ ճշմարտացիորեն սիրահարվում է և անհավատալի գեղեցկության տեր աշակերտ տղայի սիրտը գրավելու համար իսկական սիրահարի պես տրվում նկարիչների վեճերին, դավերին, ստերին և խարդավանքներին։ Նա ընկավ հուսահատության մեջ, որից կարողացել էր հարյուր տարի շարունակ հեռու մնալ, և չնայած պատկերում էր խորասանցի վարպետներին, արդեն չէր հավատում հին լեգենդների հավերժությանը։ Երբ մի կեսօրի տարված էր գեղեցիկ աշակերտին հետևելով, բաց պատուհանի առաջ Թավրիզի սառը քամուց մրսել էր, հաջորդ օրը հիվանդացել ու կուրացել և երկու օր անց արվեստանոցի քարե բարձր աստիճաններից ընկնելով՝ մահացել էր։

― Խորասանցի Ուզուն Մեհմեդի անունը լսել էի, բայց այս պատմությունը չգիտեի,– ասաց Քարան։

Այս խոսքերը նրբանկատորեն ասաց, որպեսզի ցույց տար, որ հասկացել է՝ պատմությունն ավարտվել է, որ գլուխը լի է իմ պատմություններով։ Մի քիչ լռեցի, որպեսզի ինձ ուզածի պես կարողանա նայել։ Քանի որ ձեռքերիս անգործությունն ինձ անհանգստացնում էր, երկրորդ պատմությունն անելուց անմիջապես հետո շարունակեցի նկարել այն նկարը, որն ընդհատվել էր, երբ դուռը թակել էին։ Ինչպես միշտ ոտքերիս մոտ նստած իմ ներկերը խառնող, մատիտներս սրող, երբեմն սխալներս ջնջող գեղեցկադեմ Մահմուդն ինձ նայելով և լսելով անձայն նստել էր կողքիս, ներսից կնոջս շարժումների ձայնն էր լսվում։

― Ա՜ա՜,– ասաց Քարան,– սուլթանը ոտքի է կանգնել։

Հիացմունքով նկարին նայելիս այնպես վարվեցի, ասես նրա հիացմունքը կարևոր չէ, բայց ձեզ ուղիղ ասեմ. «Սուրնամեում» մեր նկարագրածի պես թլպատման արարողությունների ժամանակ պատշգամբի պատուհանի տակ արհեստավորների, համքարությունների, ժողովրդի, զինվորների և ռազմիկների հոսքին հիսուներկու օր հետևող մեր մեծ սուլթանը բոլոր երկու հարյուր նկարներում նստած է պատկերված։ Միայն այդ նկարում հրապարակի բազմությանը արծաթադրամներով լի թասերից փող նետելիս նրան կանգնած նկարեցի։ Փող վերցնելու համար իրար ճզմող, բռունցքներով ծեծող, ոտքերով հարվածող, գետնից փող հավաքելիս դեպի երկինք տնկվող հետույքներով բազմության հիացմունքն ու ուրախությունը պատկերել կարողանալու համար եմ արել։

― Եթե մի նկարի թեմայում սեր կա, նկարն էլ պիտի սիրով արվի,― ասացի ես։― Եթե ցավ կա, պետք է նկարից էլ ցավ կաթի։ Բայց եթե ցավը նկարի մարդկանցից կամ նրանց արցունքների պատճառով չէ, նկարին նայելու առաջին պահին չի երևա, բայց կզգացվի։ Այն պետք է զգացվի նկարի ներքին ներդաշնակությունից։ Ես դարերով հիացմունքի նկարը նկարող հարյուրավոր վարպետ նկարիչների պես ցուցամատը նրա բերանը դնող մեկին չեմ նկարել, ստիպել եմ, որ ամբողջ նկարով հիանան մարդիկ։ Դա էլ կկատարվի սուլթանին ոտքի կանգնեցնելով։

Մի հետք փնտրելով՝ նայեցի իմ իրերին և նկարչական նյութերին, իրականում մտածեցի իմ ամբողջ կյանքի վրա ունեցած նրա հայացքի մասին և նրա աչքերով տեսա իմ տունը։

Ժամանակին Թավրիզում, Շիրազում կառուցված տան, բաղնիքի, ամրոցի նկարներ կան, ամեն ինչ տեսնող և հասկացող մեծ Աստծու ուշադրության տակ նկարիչն իր նկարած պալատը կարծես մեջտեղից մի մեծ հրաշագործ ածելիով կտրված է տեսնում, ներսից՝ ամանեղենին, բաժակներին, դրսից՝ անտեսանելի պատերի զարդարանքներին, վարագույրներին, վանդակի թութակին և ամենագողտրիկ անկյուններին, բարձերին և բարձին նստած, արև չտեսած գեղեցկուհուն է նկարում։ Այդ նկարին հիացմունքով էր նայում, ինչպես և հետաքրքրվում էր իմ ներկերով թղթերով գրքերով իմ գեղեցկադեմ աշակերտով, օտար ճանապարհորդների համար արածս հագուստների, գրքերի և ամսագրերի էջերով, մի փաշայի համար գաղտնի կատարածս բաց տեսարաններով նկարները և ամոթալի էջերը, ապակուց, բրոնզից, կավից գույնզգույն թանաքամաններս, փղոսկրից սրիչներս, ոսկե սայրով գրիչներս և իմ գեղեցիկ աշակերտի հայացքն էր դիտում։

― Ի տարբերություն հին վարպետների՝ ես շատ եմ պատերազմ տեսել, շա՜տ,– ասացի ես՝ լռությունը իմ սեփական գոյությամբ լցնելու համար։– Ռազմական սայլեր, թնդանոթներ, բանակներ, մահացածներ։ Մեր սուլթանի պատերազմական վրանների առաստաղները միշտ ես եմ նկարել։ Պատերազմից հետո, երբ վերադառնում էինք Ստամբուլ, բոլորից մոռացված պատերազմի տեսարանները, երկու կես եղած մարմինները, իրար խառնված բանակները, շրջափակված ամրոցների դիտակետերից մեր թնդանոթներին և բանակին սարսափով նայող խեղճ անհավատ զինվորներին, կտրված գլուխներով ապստամբներին, ամբողջ ուժով հարձակվող ձիերի ոգևորությունն էլ եմ ես նկարել։ Տեսածս ոչ մի բան չեմ կարողանում մոռանալ, նոր սրճաղաց, կյանքում առաջին անգամ տեսած պատուհանի բռնակ, թնդանոթ, նոր ֆրանսիական ատրճանակի ձգան, հրավերքի ժամանակ ով ինչ գույնի հագուստ է հագել, ով ինչ է կերել, ով ձեռքն ինչպես, որտեղ է դրել...

― Քո այդ երեք պատմությունն ի՞նչ է ցույց տալիս,– հարցրեց Քարան ձայնի՝ ամեն ինչ ամփոփող և մի քիչ հաշիվ պահանջող արտահայտությամբ։

― Այբը,― ասացի ես։– Մինարեթի մասին առաջին պատմությունը ցույց է տալիս, որ նկարչի տաղանդն ինչ էլ լինի, կատարյալ նկար նկարողը ժամանակ ունի։ Բենը՝ հարեմի, գրքի մասին երկրորդ պատմությունը, ցույց է տալիս, որ ժամանակից դուրս գալու միակ ճանապարհը տաղանդն է և նկարը։ Երրորդն էլ դու ասա։

― Գիմը,– ինքնավստահ ասաց Քարան։– Հարյուր տասնինը տարեկան նկարչի երրորդ պատմությունն էլ միավորում է այբը և բենը ու ցույց է տալիս, որ կատարյալ կյանքից և նկարչությունից հեռացողի ժամանակն ավարտվում է, և նա մահանում է։



== 14. Իմ անունը Զեյթին է ==

Ցերեկվա նամազից հետո էր. արագ-արագ, բայց հաճույքով գեղեցիկ տղաների դեմքեր էի նկարում, երբ դուռը թակեցին։ Ձեռքս հուզմունքից դողաց, մատիտս ցած դրեցի։ Գրկիս աշխատանքային սինին դժվարությամբ մի կողմ դրեցի և արագ վազելով դեպի դուռը՝ բացելուց առաջ աղոթեցի. Տե՛ր Աստված... Իմ պատմածները լսող մարդի՛կ, Աստծուն մեր այս կեղտոտ և աղքատ աշխարհից հեռու, մեր սուլթանի ստոր ծառասերից շատ ավելի մոտ լինելու համար ձեզնից ոչինչ չեմ թաքցնի։ Հնդկաստանի սուլթանը՝ աշխարհի ամենահարուստ շահ Էքբեր խանը, ապագայում աշխարհահռչակ գրքի պատվեր էր տալիս, իսլամական երկրի չորս կողմ լուրեր տարածվեցին, որ աշխարհի ամենափայլուն նկարիչները պետք է իր մոտ գնան, Ստամբուլ ուղարկած մարդիկ երեկ ինձ մոտ եկան, հրավիրեցին Հինդ աշխարհ։ Դուռը բացեցի, այս անգամ ոչ թե նրանք էին, այլ մանկությունից ի վեր իմ ծանոթ Քարան։ Առաջ մեզ հետ ընկերություն չէր անում, նախանձում էր։ Այո՞։ Խոսելու, ընկերանալու, նկարչությունս տեսնելու համար էր եկել։ Նրան ներս հրավիրեցի, որ իմ բոլոր իրերը տեսնի։ Գլխավոր նկարիչ վարպետ Օսմանի հետ էլ էր նոր հանդիպել։ Մեծ վարպետը մի մեծ խոսք էր ասել նրան. նկարչի ինքնատիպությունը երևում է նրա կուրությունից և հիշողությունից։ Դե հասկացեք.


ԿՈՒՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ

Նկարչությունից առաջ խավար էր և նկարչությունից հետո էլ խավար է լինելու։ Մեր ներկերով, մեր տաղանդով և սիրով հիշում ենք, որ Աստված մեզ ասել է՝ տեսեք։ Հիշել՝ նշանակում է իմանալ տեսածդ։ Իմանալ՝ նշանակում է տեսածը հիշել։ Տեսնել՝ նշանակում է առանց հիշելու իմանալ։ Ուրեմն նկարել՝ նշանակում է հիշել մթությունը։ Իմանալով, որ ներկերը և տեսողությունը ստեղծվել են մթությունից, մեծ վարպետների սերը նկարչության հանդեպ ցանկանում է, որ Աստված ներկերով դառնա դեպի մթությունը։ Հիշողություն չունեցողը ո՛չ Աստծուն է հիշում, ո՛չ էլ նրա մթությունը։ Բոլոր մեծ վարպետների նկարները գույների մեջ ժամանակից դուրս այդ խոր մթությունն են փնտրում։ Հերաթի հին մեծ վարպետների գտած այս մթությունը հիշելն ինչ է նշանակում, պատմեմ ձեզ, հասկացեք։

Երեք պատմություն կուրության և հիշողության մասին։


'''Այբ'''

Բանաստեղծը գրում էր սրբերի պատմություններ Նեֆեհաթուլ Ունսի՝ Լամիի Չելեբիի թուրքերենի, քարաքոյունցի տիրակալի արվեստանոցում հայտնի դարձած վարպետ շեյխ Ալի Թավրիզեցու, Խոսրովի և Շիրինի հիանալի հատորի նկարվելու մասին։ Ըստ իմ լսածի՝ տասնմեկ տարի շարունակ կազմվող այդ լեգենդար գրքում վարպետաց վարպետ շեյխ Ալին այնպիսի ընդունակություն էր ցուցաբերել և այնպիսի հիանալի նկարներ էր արել, որ միայն հին վարպետներից ամենամեծը՝ Բեհզադը կարող էր անել, Ջիհան շահը, երբ գիրքը դեռ միայն կիսատվել էր, հասկացել էր, որ աշխարհում նմանը չունեցող գրքի տեր է դառնում։ Իր գլխավոր թշնամի Աքքոյունլու առաջնորդ երիտասարդ Ուզուն Հասանի վախով ու նրա հանդեպ նախանձով ապրող Քարաքոյունլու Ջիհան շահն անմիջապես մտածեց, որ հիանալի գիրքն ավարտելուց հետո, բացի վաստակած հարգանքից, այդ գրքի ավելի լավը Աքքոյունլու Ուզուն Հասանի համար կարող է նկարել։ Սեփական երջանկությունը «իսկ եթե մյուսներն էլ այսքան երջանիկ լինեն» վախով թունավորող, նախանձող լինելու պատճառով Ջիհան շահն անմիջապես զգաց, որ եթե վարպետ նկարիչն այդ գրքից ևս մեկը, անգամ եթե ավելի լավը նկարի, իր գլխավոր թշնամի Ուզուն Հասանին կնվիրի։ Այսպիսով, որպեսզի ուրիշ ոչ ոք այդ հիանալի գրքին չտիրանա, այն ավարտելուց հետո որոշեց սպանել վարպետ նկարիչ շեյխ Ալիին։ Բայց իր հարեմի մի բարեհոգի չերքեզ գեղեցկուհի նրան հիշեցրեց, որ վարպետին կուրացնելր բավական է։ Այս փայլուն որոշումը, որը Ջիհան շահն անմիջապես ընդունեց, նաև իր շրջապատի շողոքորթողներից մինչև վարպետ նկարիչ շեյխ Ալիին հասավ, բայց ինչպես սովորական այլ նկարիչներն են անում, գիրքը կիսատ թողնելով՝ չլքեց Թավրիզը։ Անգամ կուրությունը հետաձգելու համար գրքի աշխատանքը դանդաղեցնելու կամ գիրքն անթերի չդարձնելու համար վատ նկարելու մասին չէր մտածել։ Սովորականից ավելի սիրով ու հավատով աշխատեց։ Տանը, որտեղ միայնակ էր ապրում, առավոտյան նամազից հետո սկսում էր աշխատել, կեսգիշերին, մոմերի լույսի տակ մինչև հոգնած աչքերից դառն արցունքներ թափվելը միշտ նույն ձիերը, նոճիները, սիրահարներին, հսկաներին և գեղեցկադեմ արքայազններին էր նկարում։ Հաճախ Հերաթի հին մեծ վարպետերի նկարներից մեկն էր դիտում օրեր շարունակ, առանց թղթին նայելու նույն նկարն էր կրկնօրինակում։ Ի վերջո, Քարաքոյունլու Ջիհան շահի համար պատրաստած գիրքն ավարտվեց, վարպետ նկարիչը, ինչպես և սպասում էր, սկզբում գովասանքներ և ոսկի ստացավ, հետո սրածայր փետուրով կուրացվեց։ Շեյխ Ալին, դեռ ցավերը չանցած, հեռացավ Հերաթից, գնաց Աքքոյունլու Հասանի մոտ։

― Այո, կույր եմ,– ասաց նրան։– Բայց վերջին տասնմեկ տարում նկարածս գրքերի բոլոր գեղեցկությունները մատիտի ամեն շարժումից մինչև ամեն վրձնի հարված իմ հիշողության մեջ են, և ձեռքս առանց իմ տեսողության կարիքը զգալու անգիր գիտի դա։ Իմ տիրակալ, քեզ մոտ եմ եկել և կարող եմ ամենագեղեցիկ գիրքր զարդարել, որովհետև իմ աչքերն այս աշխարհի կեղտին արդեն ուշադրություն չեն դարձնում. Աստծու բոլոր գեղեցկությունները կարող եմ հիշողությանս միջոցով նկարել։

Ուզուն Հասանն անմիջապես հավատաց մեծ վարպետին, վարպետն էլ իր խոսքի տերը լինելով՝ երբևէ գոյություն ունեցած ամենահիանալի նկարն արեց Աքքոյունլու տիրակալի համար։ Ավելի ուշ Աքքոյունլու Ուզուն Հասանը Քարաքոյունլու Ջիհան շահին Բինգյոլի մոտ պարտության մատնելով սպանեց։ Բոլորը գիտեն, թե դա որքան բարոյական ուժ էր տվել հաղթանակած տիրակալին։ Այդ հիանալի գիրքը վարպետ շեյխ Ալի Թավրիզեցու՝ լուսահոգի Ջիհան շահին ձոնած նախորդ գրքի հետ հաղթանակած Ուզուն Հասանի՝ լուսահոգի Ֆաթիհ սուլթան Մեհմեդ խանին Օլթուքբելիի պատերազմում պարտության մատնելուց հետո մեր սուլթանի գանձարան են բերել։ Տեսնողները գիտեն։


'''Բեն'''

Լուսահոգի Քանունի Սուլթան Սուլեյմանը գրիչներին ավելի էր գնահատում։ ժամանակի դժբախտ նկարիչները քիչ անց պատմելիք պատմությունս անում էին որպես օրինակ այն բանի, որ նկարչությունը գրից ավելի կարևոր է, բայց ինչպես կնկատեն ուշադրությամբ լսողները, այս առակը կուրության և հիշողության մասին է։ Աշխարհի տիրակալ Թեմուրի մահից հետո իրար հետ մտերմացած և միմյանց դեմ անխղճորեն պատերազմող որդիների և թոռների առաջին գործը միմյանց քաղաքները գրավելիս լինում էր իրենց սեփական անունով դրամ հատելը և մզկիթում ուրբաթօրյա նամազ անելը, իսկ երկրորդ գործը՝ ձեռքն ընկած գրքերը մաս-մաս անելով՝ կազմին իրենց գովաբանող «աշխարհի տիրակալ» նոր դիմելաձևով և նոր գրություններով կազմելն էր լինում, որպեսզի տեսնողներն այդ տիրակալի գրքին նայելով՝ հավատային, որ նա աշխարհի տիրակալն է։

Նրանցից Թեմուրի թոռ Ուլուղ բեյի որդի Աբդուլլաթիֆր Հերաթը գրավելուն պես պատվիրեց հորը նվիրված գիրք գրել։ Նկարիչներին, գրիչներին և կազմարարներին հրամայեց արագ գործի անցնել, նրանց ստիպեց այնպես արագ աշխատել, որ պատռվող գրքերից ելնող նկարները, էջերը իրար էին խառնվել։ Առանց ուշադրություն դարձնելու, թե որ պատմությունը որ գրքինն է, նկարները պատահական կազմելով՝ մատյաններ էին պատրաստում։ Քանի որ նկարչություն սիրող Ուլուղ բեյին դա պատշաճ չէր, որդին հավաքելով Հերաթի բոլոր նկարիչներին՝ նկարները շարքով դասավորելու համար ցանկացավ, որ իրենց պատմությունները պատմեն։ Բայց ամեն մեկից մեկ այլ պատմություն էր լսում, և նկարներն ավելի էին խառնվում իրար։ Այդ ժամանակ վերջին հիսունչորս տարվա ընթացքում Լերաթը կառավարող բոլոր շահերի, արքայազնների գրքերի վրա տքնաջան աշխատելուց հետո մոռացված վերջին ծեր նկարչին փնտրեցին, բայց չգտան։ Երբ հասկացան, որ նկարներին նայող ծեր վարպետը կույր է, բոլորն անհանգստացան, անգամ ծիծաղողներ եղան, բայց ծեր վարպետը դեռ յոթ տարեկանը չլրացած, խելացի, բայց գրել-կարդալ չիմացող երեխա պահանջեց։ Անմիջապես գտան ու բերեցին։ Երեխայի առաջ մի նկար դրեցին, ծեր նկարիչն ասաց՝ պատմիր, թե ինչ ես տեսնում։ Երբ երեխան պատմում է տեսածը, ծեր նկարիչր, կույր աչքերը երկինք հառած, ուշադիր լսում է և հետո այսպես է ասում.

― Ֆիրդուսու «Շահնամեից» Ալեքսանդրի՝ մահացած Դարեհին գրկելը... Սաադիի «Գյուլիստանից» գեղեցիկ աշակերտին սիրահարված ուսուցչի պատմությունը... Նիզամիի «Գաղտնիքների գանձարանից» բժիշկների մրցույթը...

Ծեր և կույր նկարչի վրա զայրացած մյուս նկարիչներն ասացին.

― Դա մենք էլ կարող էինք ասել, սրանք հայտնի պատմությունների ամենահայտնի հատվածներն են։

Ծեր նկարիչն այս անգամ երեխայի առաջ ամենաբարդ նկարները դրեց և կրկին ուշադրությամբ լսեց նրան։

― Ֆիրդուսու «Շահնամեից» Որմիզդի՝ գրիչներին թունավորելով մեկ առ մեկ սպանելը,– կրկին ասաց նա՝ երկինք նայելով։― Մևլանայի «Մեսնեվիից» կնոջը և կնոջ սիրեկանին տանձի ծառի կատարին տեսած ամուսնու վատ պատմությունը և էժան նկարը,– ասաց նա և առանց տեսնելու՝ տղայի նկարագրություններով ճանաչելով նկարները՝ կարողացավ ապահովել գրքերի կազմելը։ Երբ Ուլուղ բեյն իր բանակով մտավ Հերաթ, ծեր նկարչին հարցրեց, թե ինչպես է կարողացել առանց տեսնելու գուշակել նկարները, որոնք անգամ վարպետ նկարիչները չեն ճանաչել։

― Պատճառն այն չէ, որ իմ կուրությունից հիշողությունս ուժեղացել է,– ասաց ծեր նկարիչը։― Ես ոչ միայն պատմությունների երազանքներով եմ ապրում, չեմ մոռանում այն, ինչ մնում է բառերի հիշողության մեջ։

Ուլուղ բեյն ասաց, որ այդ բառերը և պատմություններն իր նկարիչներն էլ գիտեն, բայց չեն կարողանում հերթականությամբ դասավորել նկարները։

― Որովհետև,– ասաց ծեր նկարիչը,― նրանք սեփական տաղանդի և արվեստի՝ նկարչության մասին շատ լավ են մտածում, բայց չգիտեն, որ հին վարպետներն այս նկարները Աստծու հիշողությամբ էին նկարում։

Ուլուղ բեյը հարցրեց, թե երեխան դրա մասին ինչպես կարող էր իմանալ։

― երեխան չգիտի,– ասաց ծեր նկարիչը։– Միայն իբրև կույր ու ծեր նկարիչ՝ ես գիտեմ, որ Աստված աշխարհը ստեղծել է այնպես, ինչպես այն կցանկանար տեսնել յոթ տարեկան խելացի երեխան։ Հետո էլ մեզ բառեր տվեց, որ կարողանանք մեր տեսածը պատմել իրար, խոսել, բայց մենք բառերից պատմություններ ստեղծեցինք և կարծեցինք՝ նկարչությունն այդ պատմություններն անելու համար է ստեղծվել։ Մինչդեռ նկարչությունն իրականում նշանակում է փնտրել Աստծու հուշերը, տեսնել աշխարհն այնպես, ինչպես նա է տեսնում։


'''Գիմ'''

Բոլոր նկարիչների իրավացի և հավերժական վախի՝ կուրության պատճառով մի շրջան արաբ նկարիչների՝ արևածագի հետ դեպի արևմուտք՝ հորիզոնին երկար նայելով, մի դար անց Շիրազի նկարիչների մեծ մասն առավոտյան դատարկ ստամոքսով՝ ընկույզով ծեծած վարդի տերևներ ուտելով էին հայտնի։ Կրկին նույն շրջանում Սպահանի ծեր նկարիչները համատարած, որպեսզի կուրության պատճառ համարվող արևի լույսը չդիպչի աշխատանքային սեղանին, սենյակի մի կիսամութ անկյունում և հիմնականում մոմի լույսի տակ էին աշխատում, և Բուխարայի ուզբեկական արվեստանոցներում վարպետները օրվա վերջում շեյխերի օրհնած ջրով լվանում էին աչքերը։ Այս բոլոր հնարքների մեջ կուրությանն ամենապարզ մոտեցողն, իհարկե, Հերաթում մեծ վարպետ Բեհզադի ուսուցիչ վարպետ Սեյյիթ Միրեքի գտածն է։ Ըստ վարպետ նկարիչ Միրեքի՝ կուրությունը դժբախտություն չէ, ամբողջ կյանքը նրա գեղեցկությանը զոհաբերած նկարչին Աստծու պարգևած վերջին երջանկությունն է։ Որովհետև նկարչությունը նկարչի փնտրտուքն է՝ տեսնելու աշխարհն այնպես, ինչպես Աստված է տեսնում, և այս եզակի տեսարանը միայն երկար աշխատանքային կյանքում աչքերը հոգնեցնելուց, նկարչի հոգնելուց հետո կուրանալով, հիշատակվելով է ձեռք բերվում։ Նշանակում է՝ միայն կույր նկարիչների հիշողությունից կարելի է հասկանալ, թե Աստված աշխարհն ինչպես է տեսնում։ Երբ ծեր նկարիչը տեսնում է այս երազանքը, այսինքն՝ երբ հիշողությունների և կուրության խավարում աչքերի առաջ տեսնում է Աստծուն, հիանալի պատկերն իրականություն դարձնելու համար ձեռքը նկարում է այն, ինչ անգիր հիշում է։ Ժամանակաշրջանի Հերաթի նկարիչների և սրբերի պատմությունները գրի առած պատմիչ Միրզա Մուհամմեդ Հայդար Դուգլաթի համաձայն՝ վարպետ Սեյյիթ Միրեքն այս ոճով ձի նկարել ցանկացող նկարչի մասին էլ մի պատմություն պատմեց։ Ըստ այդմ՝ նույնիսկ ամենաանտաղանդ նկարիչը, քանի որ գլուխը դատարկ է, ինչպես և այսօրվա ֆրանսիացի նկարիչներինը, մի ձիու նայելով նկարելիս անգամ ըստ իր հիշողության է նկարում։ Որովհետև միևնույն ժամանակ և՛ ձիուն, և՛ թղթին ոչ ոք չի նայում։ Սկզբում նկարիչը նայում է ձիուն, հետո անմիջապես նկարում է այն, ինչ ունի մտքում։ Անգամ կարճ ժամանակում արված ձիու նկարն այն ձիուն չի պատկերում, որին տեսնում է, այլ այն ձիու հիշողությունը, որին քիչ առաջ տեսել էր։ Իսկ դա ապացույցն է այն բանի, որ անգամ ամենաաղքատ նկարիչը նկարը հնարավոր է դարձնում միայն հիշողության միջոցով։ Այդ շրջանի հերաթցի վարպետները, ովքեր նկարչի մասնագիտական կյանքր համարում էին ավելի ուշ վրա հասնող կուրության և կույրերի հիշողությանը նախապատրաստվելու փուլ, գրքասեր շահերի և արքայազնների համար արած նկարները որպես ձեռքի վարժություն, որպես կրկնություն էին դիտում, աշխատանքը, անընդհատ նկարելը և օրեր շարունակ անդադար մոմի լույսի տակ էջերին նայելն էլ, այդ պատճառով, նկարչին կուրության հասցնող երջանիկ աշխատանք էր համարվում։ Վարպետ նկարիչ Միրեքն ամբողջ կյանքի ընթացքում երբեմն եղունգի, բրնձի, անգամ մազի վրա բոլոր տերևներով ծառեր նկարելով կուրությունը դիտավորյալ և արագորեն մոտեցնելով՝ երբեմն էլ երջանիկ և արևոտ այգիներ նկարելով՝ խավարը զգուշությամբ հետաձգելով՝ ամենաերջանիկ ավարտին հասնելու համար ամենահարմար ժամանակն էր միշտ փնտրել։ Յոթանասուն տարեկանում Սուլթան Հուսեյին Բայքարին կողպեքներով փակված գանձարանում կուտակված հազարավոր գրքերի էջերը այս մեծ վարպետին պարգևատրելու համար բացեց նրա առջև։ Վարպետ Միրեքը զենքերով, մետաքսե ու թավշյա կտորներով և ոսկով լի գանձարանի ոսկե մոմակալների լույսի ներքո Հերաթի հին վարպետներից յուրաքանչյուրի լեգենդար գրքերի հիանալի էջերին երեք օր֊երեք գիշեր անընդհատ նայելուց հետո կուրացավ։ Ասես Աստծու հրեշտակներին դիմավորելու պես՝ գիտակցաբար և Աստծուն ապավինելով, այս նոր իրավիճակից հետո մեծ վարպետն այլևս չխոսեց և չնկարեց։ «Ռեշիդի պատմությունը» գրած Միրզա Մուհամմեդ Հայդար Դուգլաթը ասում է, որ Աստծու անմահ ժամանակի տեսարաններին միաձուլված նկարիչը երբեք սովորական մահկանացուների համար գրվող գրքերի էջերին չի անդրադառնա, և ավելացնում է. «Այնտեղ, ուր կույր նկարչի հիշողությունները հասնում են Աստծուն, կա կատարյալ լռություն, երջսնիկ խավար և դատարկ էջի հավերժություն»։

Վարպետ Օսմանի՝ կուրության և հիշողության մասին հարցը տալիս, իհարկե, գիտեի, որ Քարան ավելի շատ ոչ թե իմ պատասխանի, այլ իմ իրերին, սենյակին, նկարներին հանգիստ նայելու համար է տալիս։ Բայց միևնույն է, ինձ երջանիկ էի զգում, որ պատմածս պատմություններն իրենց ազդեցությունն էին թողնում նրա վրա։

― Կուրությունը մի երջանիկ աշխարհ է, ուր սատանան և մեղքը չեն կարող մտնել,– ասացի նրան։

― Թավրիզում,― ասաց Քարան,֊ վարպետ Միրաքի ազդեցության տակ կուրությունը Աստծու բարեգթության ամենամեծ դրսևորումը համարող հին ոճ ունեցող նկարիչներից ոմանք, չնայած արդեն տարիքով էին, ամաչում էին, որ դեռ չեն կուրացել, վախենում էին, որ դա կդիտվի որպես անտաղանդություն և ապաշնորհություն, այդ պատճառով կույր էին ձևանում։ Քազվինցի Ջեմալեթթինի ազդեցությունը կրող այս բարոյականության պատճառով էլ ոմանք իսկապես, չնայած կույր չլինելուն՝ աշխարհին կույրի պես նայելու համար խավարի մեջ հայելիների առաջ նստած, լամպի աղոտ լույսի տակ շաբաթներով առանց մի բան ուտելու կամ խմելու Հերաթի հին վարպետների էջերին էին նայում։

Դուռը թակեցին։ Բացեցի, տեսնեմ՝ գեղեցիկ աչքերը լայն բացած մի գեղեցկադեմ աշակերտ է արվեստանոցից։ Ասաց, որ մեր ծաղկող Զարիֆ էֆենդի եղբոր մարմինը գտել են մի խոր ջրհորի հատակին, հուղարկավորությունը կեսօրին Միհրիմահ մզկիթում է լինելու, և լուրն ուրիշներին հասցնելու համար վազելով հեռացավ։ Տեր Աստված, պահապան եղիր մեզ։



== 15․ Իմ անունը Էսթեր է ==

Սե՞րն է մարդուն հիմար դարձնում, թե՞ միայն հիմարներն են սիրահարվում։ Տարիներ շարունակ մանրավաճառությամբ, խնամախոսությամբ եմ զբաղվում, բայց սրա պատասխանը չգիտեմ։ Կցանկանայի տեսնել մի զույգ, անգամ մի տղամարդ, որ սիրահարվելով ավելի խելացի է դառնում, ավելի խորամանկ։ Միայն գիտեմ, որ եթե տղամարդը դիմում է խորամանկությունների, փոքրիկ թակարդների, խարդախությունների, ուրեմն սիրահարված չէ։ Իսկ մեր Քարա էֆենդին ցույց է տալիս, որ արդեն կորցրել է սառնասրտությունը, անգամ Շեքուրեի մասին ինձ հետ խոսելիս իրեն կորցնում է։ Շուկայում նրան ասացի, որ Շեքուրեն շարունակ իր մասին է մտածում, որ նրան երբեք այդպիսի վիճակում չեմ տեսել և դրա նման բոլորին ասածս կրկներգը ասացի։ Այնպես էր նայում, որ խղճացի նրան։ Ասաց, որ նամակն անմիջապես Շեքուրեին հասցնեմ։ Բոլոր հիմարները կարծում են, որ իրենց սերը պարտադիր արագություն է պահանջում, իրենց սիրո ուժը բացեբաց ցուցադրելով՝ սիրո ձեռքը զենք են դնում։ Դիմացինն էլ եթե խելացի է, ուշացնում է պատասխանը։ Արդյունքում՝ սիրո մեջ արագություն ցուցաբերելով՝ գործերը դանդաղեցնում են։ Այդ պատճառով, եթե Քարա էֆենդին իմանար, որ շտապ հասցնելու կարիք ունեցող նամակը նախ մեկ այլ տեղ եմ տանելու, ինձ շնորհակալություն կհայտներ։ Շուկայում նրան երկար սպասելով՝ սառել էի։ Տաքանալու համար նախ մտածեցի, որ կարող եմ երեխաներիցս մեկի՝ ճանապարհին գտնվող տուն մտնել։ Այն աղջիկներին, ում համար նամակատարություն եմ արել և ինքս եմ ամուսնացրել, երեխա եմ կոչում։ Այս նիհար աղջիկն ինձ այնքան շնորհակալ էր, որ շուրջս թիթեռի պես պտտվելուց բացի նաև ինձ մի քանի արծաթադրամ էր տալիս։ Հղի էր, ուրախ էր։ Ինձ համար լորենու թեյ տաքացրեց, համը վայելելով խմեցի։ Երբ մենակ մնացի, Քարա էֆենդու տված փողերն էլ հաշվեցի։ Քսան արծաթադրամ։ Կրկին ճանապարհ ընկա։ Նեղ փողոցներով, սառած ցեխածածկ դժվարանցումներով գնացի։ Տան դուռը թակելիս սովորության համաձայն կատակով բղավեցի.

― Մանրավաճառն է եկել, մանրավաճառը։ Սուլթանի կնոջը վայել ամենաընտիր գլխաշոր ունեմ, Քաշմիրից բերած հիանալի շալեր, Բուրսայի թավշից գոտի, ամենաընտիր մետաքսագործ եգիպտական կտորից վերնաշապիկ, գույնզգույն կտորներով ծածկոցներ, անկողնու սպիտակեղեն, գույնզգույն թաշկինակներ ունեմ։

Դուռը բացեցին, ներս մտա։ Ինչպես միշտ տնից անկողնու, քնի, կարմրացրած յուղի հոտ էր գալիս, ծերացող չամուսնացած տղամարդկանց այդ սարսափելի հոտը։

― Շատախոս,– ասաց նա։― Ինչո՞ւ ես բղավում։

Առանց մի խոսքի նամակը տվեցի նրան։ Կիսամութ սենյակում ստվերի պես մոտենալով՝ ձեռքիցս խլեց։ Անցավ կողքի սենյակ, այնտեղ միշտ վառվող լամպ կար։ Կանգնեցի դռան շեմին։

― Հայրդ տանը չէ՞,– ասացի ես։

Չպատասխանեց։ Կլանված կարդում էր նամակը։ Թողեցի, որ կարդա։ Քանի որ լամպը թիկունքում էր, դեմքը չէի կարողանում տեսնել։ Երբ նամակն ավարտվեց, նորից սկսեց կարդալ։

― Դե,― ասացի ես։– Ի՞նչ է գրել։

Հասանը կարդաց.

― Սիրելի՛ Շեքուրե հանըմ, ես գնահատում և հասկանում եմ, որ տարիներ շարունակ մի մարդու երազանքով ես ապրել, ամուսնուդ ես սպասում և նրանից բացի ոչ մեկի մասին չես մտածում։ Քեզ պես կնոջից ազնվությունից ու բարոյականությունից բացի ուրիշ ի՞նչ կարելի է սպասել։ (Հասանը բարձր ծիծաղեց)։ Բայց նկարչության հետ կապված՝ հորդ այցելելը չի նշանակում, որ ցանկանում եմ քեզ հետևել։ Դրա մասին երբեք չեմ էլ մտածել։ ես չեմ պնդում, որ քեզնից մի նշան կամ քաջալերում եմ ստացել։ Երբ դեմքդ պատուհանից ինձ լույսի պես շողաց, հասկացա, որ դա Աստծու՝ իմ հանդեպ ցուցաբերած գթասրտություն է, ուրիշ ոչինչ։ Որովհետև քո դեմքը տեսնելու երջանկությունն ինձ բավական է։ («Այս հատվածը Նիզամիից է վերցրել»,– զայրույթով ընդհատեց նա)։ Բայց եթե ինձ ասում ես, որ չմոտենամ, ասա՛, արդյոք հրեշտա՞կ ես, որին չի կարելի մոտենալ։ Լսիր ինձ, լսիր սա. կեսգիշերին իջևանատան անհույս տիրոջից ու մահապատժից վախած ավազակներից բացի ուրիշ ոչ մի հյուր չունեցող դատարկ ու անիծյալ իջևանատան պատուհաններից մերկ լեռներին բախվող լուսնի լույսին նայելիս և ինձնից էլ դժբախտ միայնակ գայլերի ոռնոցները լսելով քնել փորձելիս մտածում էի, որ մի օր անսպասելի այդ պատուհանի տակ կտեսնեմ քեզ։ Լսիր, հիմա, երբ հորդ այցելության եմ գալիս, ինձ վերադարձնում ես մանկության տարիներին նկարածս նկարը։ Ես գիտեմ՝ դա նշանակում է, որ քեզ գտել եմ, ոչ թե, որ դու մահացել ես։ Որդիներիցդ մեկին՝ Օրհանին տեսա։ Խե՜ղճ որբուկ։ Ես նրա հայրը կդառնամ։

― Մաշալլահ, լավ է գրել,– ասացի ես։― Բանաստեղծ է դարձել։

― Արդյոք հրեշտա՞կ ես, ում արգելված է մոտենալ,– ասաց նա։― Իբն-ի Զերհանիից է գողացել այդ խոսքը։ Ես ավելի լավ կգրեմ։

Գրպանից հանեց իր նամակը.

― Վերցրու, սա Շեքուրեին տար։

Նամակի հետ տված գումարն ինձ առաջին անգամ անհանգստություն պատճառեց։ Այս մարդու՝ անպատասխան սիրուն խենթի պես կապվելու մեջ զզվելի մի բան կար։ Կարծես իմ զգացմունքները հաստատելու համար Հասանն առաջին անգամ ազնվականությունը մի կողմ դրեց և կոպիտ ասաց.

― Նրան ասա՝ եթե ուզենք, դատավորի միջոցով իրեն տուն կբերենք։

― Իսկապես ասե՞մ։

Լռություն տիրեց։

― Մի՛ ասա,– ասաց նա։

Սենյակի լամպի լույսն ընկավ դեմքին, և իր մեղքն իմացող երեխայի պես գլուխը կախեց։ Նրա վիճակը գիտեի, դրա համար էլնրա սիրո հանդեպ հարգանք էի տածում, նամակները տանում էի։ Ոչ թե փողի համար, ինչպես կարծում են մարդիկ։

Տնից դուրս էի գալիս, երբ դռան մոտ Հասանն ինձ կանգնեցրեց։

― Շեքուրեին ասո՞ւմ ես, թե նրան որքան եմ սիրում,– հուզված և անմտաբար հարցրեց նա։

― Քո նամակներում այդ մասին չե՞ս գրում։

― Ասա՛ ինձ՝ ինչպե՞ս կարող եմ նրան և հորը համոզել։

― Լավ մարդ լինելով,– ասացի ես և քայլեցի դեպի դուռը։

― Այս տարիքում շատ ուշ է...,– ասաց նա անկեղծ դառնությամբ։

― Սկսել ես շատ փող վաստակել, Հասան տասնապետ։ Դա մարդուն ավելի լավն է դարձնում,– ասացի ես ու դուրս եկա։

Տան ներսն այնքան մութ ու տխուր էր, որ դրսում եղանակն ասես տաքացած լիներ։ Արևն ընկավ դեմքիս։ Մտածեցի, որ Շեքուրեին երջանկություն եմ ցանկանում։ Բայց խոնավ, ցուրտ ու մութ տանը նստած այդ խեղճի մասին էլ էի մտածում։ Առանց նախօրոք որոշելու, պարզապես որովհետև ուզում էի, մտա Լալելիի համեմունքների շուկա, կարծում էի, որ դարչինի, քրքումի, պղպեղի բույրի մեջ ինձ ավելի լավ կզգամ, բայց սխալվել էի։ Տանը Շեքուրեն նամակները վերցնելուց հետո առաջինը Քարայի մասին հարցրեց։ Ասացի, որ սիրո հրդեհը փաթաթվել է նրան։ Շեքուրեին դա դուր եկավ։

― Տներում շյուղերով գործող կանայք անգամ, բոլորը հարցնում են, թե ինչո՞ւ են Զարիֆ էֆենդուն սպանել,― մի ուրիշ թեմա բացեցի ես։

― Հայրիյե՛, հալվա պատրաստիր, խեղճ Զարիֆ էֆենդու կնոջը՝ Քալբիյեին տար,– ասաց Շեքուրեն։

― Հուղարկավորությանը բոլոր էրզրումցիները, մեծ բազմություն է գալու,– ասացի ես։― Բարեկամներն ասում են՝ անպայման վրեժը լուծելու են։

Բայց Շեքուրեն սկսել էր Քարայի նամակը կարդալ։ Ուշադիր ու զայրույթով նայեցի դեմքին։ Այս կինն այդքան կյանքի փորձ ուներ, որ կարող էր անգամ կռահել, թե կրքերն ինչպես են արտացոլվում մարդկանց դեմքին։ Նամակը կարդալիս ուրախացավ, որ լռում եմ, զգաց, որ Քարայի նամակին հատուկ կարևորություն տալն ինձ էլ է դուր գալիս։ Այսպիսով, երբ նամակն ավարտելուն պես ինձ ժպտաց, որպեսզի Շեքուրեին դուր գա, ստիպված հարցրի.

― Ի՞նչ է ասում։

― Ինչպես մանկության տարիներին... Սիրում է ինձ։

― Ի՞նչ ես մտածում։

― ես ամուսնացած եմ։ Սպասում եմ ամուսնուս։

Ի տարբերություն իմ ենթադրությունների՝ այս սուտն ասելու համար չզայրացա, անգամ պետք է ասեմ, որ դա ինձ հանգստացրեց։ Եթե բոլոր երիտասարդ կանայք, ում համար նամակ եմ տարել և ում կյանքի մասին այդքան խրատներ եմ տվել, Շեքուրեի պես զգուշավոր լինեին, և իմ, և նրանց գործը ավելի հեշտ կլիներ, անգամ ոմանք շատ ավելի լավ ամուսիններ կարող էին ունենալ։

― Մյո՞ւսն ինչ է ասում,֊ կրկին հարցրի ես։

― Հասանի նամակը հիմա չեմ ուզում կարդալ,― պատասխանեց նա։– Հասանը գիտի՞, որ Քարան Ստամբուլ է վերադարձել։

― Անգամ չգիտի, որ նա գոյություն ունի։

― Հասանի հետ խոսո՞ւմ եք,– հարցրեց գեղեցկուհին՝ լայն բացելով սև աչքերը։

― Միայն որովհետև դու ես ուզում։

― Այո՞։

― Նա տառապում է։ Քեզ շատ է սիրում։ Եթե անգամ սիրտդ ուրիշին պատկանի, սրանից հետո շատ դժվար կլինի նրանից ազատվել։ Նամակներն ընդունելդ շատ հույս է տվել նրան։ Վախեցիր նրանից։ Որովհետև ոչ միայն ցանկանում է քեզ տուն վերադարձնել, այլև եղբոր մահն ընդունել տալով՝ քեզ հետ ամուսնանալուն է պատրաստ։– Իմ վերջին խոսքի սպառնալից ոճը մեղմացնելու և այդ դժբախտի սուրհանդակը չդառնալու համար ժպտացի։

― Իսկ մյուսն ի՞նչ է ասում,– հարցրեց նա. բայց արդյոք գիտե՞ր, թե ում մասին է հարցնում։

― Նկարի՞չը։

― Միտքս խառնվել է,– հանկարծ ասաց նա՝ գուցեև վախենալով սեփական մտքերից։– Ինձ թվում է, որ ամեն ինչ ավելի է խառնվելու։ Հայրս արդեն ծերանում է։ Առաջիկայում մեզ, այս որբ երեխաներին ի՞նչ է լինելու։ Զգում եմ, որ բոլորիս մի վատ բան է մոտենում, սատանան մեզ համար մի վատ բան է պատրաստում։ Էսթեր, ինձ այնպիսի բան ասա, որ երջանիկ լինեմ։

― Մի՛ անհանգստացիր, իմ սիրելի՛ Շեքուրե,– դողալով ասացի ես։– Դու իսկապես շատ խելացի ես, շատ գեղեցիկ ես։ Մի օր քո գեղեցկադեմ ամուսնու հետ նույն անկողնում կպառկես, կփաթաթվես նրան, բոլոր դժբախտություններդ կմոռանաս ու երջանիկ կլինես։ Դա կարդում եմ քո աչքերի մեջ։

Այնպիսի սեր բարձրացավ օդ, որ ցանկացա արտասվել։

― Լա՛վ, բայց ո՞ր մեկն է լինելու այդ ամուսինը։

― Այդ խելացի սիրտդ քեզ չի՞ հուշում։

― Դժբախտ եմ, որովհետև չեմ հասկանում, թե սիրտս ինձ ինչ է հուշում։

Լռություն տիրեց։ Մ՝ի պահ մտածեցի, որ Շեքուրեն ինձ ընդհանրապես չի վստահում, ինձնից նոր խոսք լսելու համար վարպետորեն թաքցնում է անվստահությունը, ուզում է, որ իրեն խղճամ։ Երբ հասկացա, որ նամակներին այդ պահին չի պատասխանելու, կապոցս վերցրի և պատրաստվելով դուրս գալ՝ բոլոր աղջիկներին, անգամ շլություն ունեցողներին ասածս այս խոսքերը կրկնեցի.

― Եթե այդ գեղեցիկ աչքերդ լայն բացես, ոչ մի վատ բան չի պատահի, սիրելի՛ս, մի՛ անհանգստացիր։


== 16. Ես Շեքուրեն եմ ==

Հնում ամեն անգամ, երբ մանրավաճառ Էսթերը գալիս էր, երազում էի, որ ինձ նման խելացի, գեղեցիկ, լավ դաստիարակված, այրի, բայց բարոյական կնոջ սիրտը գրավող սիրահարն է ինձ նամակ ուղարկել։ Տեսնելով, որ ստացածս նամակներն իմ մշտական երկրպագուներից են, գոնե ամուսնուս սպասելու համար ուժ ու համբերություն էի ձեռք բերում։ Իսկ հիմա մանրավաճառ Էսթերի գնալուց հետո ամեն անգամ մտքերս խառնվում էին, և ինձ ավելի խեղճ էի զգում։

Լսեցի աշխարհի ձայները։ Խոհանոցից եռացող ուտելիքի ձայնն էր լսվում, և լիմոնի ու սոխի հոտ էր զգացվում։ Գիտեմ՝ Հայրիյեն սմբուկ է եռացնում։ Շևքեթն ու Օրհանը բակում՝ նռան ծառի տակ իրար հրելով թրերով խաղում էին. լսում էի նրանց ձայները։ Հայրս անձայն կողքի սենյակում էր։ Բացեցի Հասանի նամակը, կարդացի և նորից հասկացա, որ հետաքրքիր ոչինչ չկա։ Միայն նրանից մի քիչ ավելի վախեցա ու նրա հետ նույն տանը ապրած ժամանակ իմ անկողին մտնելու փորձերին դիմադրելու համար ինքս ինձ շնորհավորեցի։ Հետո Քարայի նամակն այնքան զգույշ վերցրի, ասես կոտրվող իր էր։ Կրկին կարդացի, ու մտքերս խառնվեցին։ Նամակները մի կողմ դրեցի, արև ելավ, և ես մտածեցի, եթե մի գիշեր Հասանի հետ անցկացնեի և նրա հետ սեր անեի, ոչ ոք չէր նկատի, բացի Աստծուց։ Իմ անհայտ կորած ամուսնուն է նման, երկվորյակի պես։ Երբեմն այսպիսի հիմար ու տարօրինակ բան եմ մտածում։ Արևից տաքանալով՝ ասես զգացի, որ մարմին ունեմ, զգացի մաշկս, կրծքերս։ Երբ արևի լույսն ընկավ վրաս, Օրհանը ներս մտավ։

― Մայրի՛կ, ի՞նչ ես կարդում,– ասաց նա։

Լավ, քիչ առաջ ձեզ ստեցի՝ ասելով, թե Էսթերի նոր բերած նամակները նորից չեմ կարդացել։ Կրկին կարդում էի։ Բայց այս անգամ իսկապես նամակները ծալելով դրեցի հագուստիս տակ և Օրհանին ասացի.

― Արի նստիր ծնկներիս, տեսնեմ։

Եկավ։

― Օ՜օ՜ֆ, մաշալլահ, ինչ ծանր ես, մեծացել ես,― ասացի ես ու համբուրեցի։– Շատ ես սառել։

― Մայրի՛կ, ինչքան տաք ես,― ասաց նա ու մեջքով հենվեց կրծքերիս։

Իրար ամուր հպված՝ առանց խոսելու նստելը երկուսիս էլ դուր էր գալիս։ Նրա վիզը հոտոտեցի, համբուրեցի։ Ավելի ամուր գրկեցի։ Լռություն տիրեց, այդպես կանգնած մնացինք։

― Խուտուտ է գալիս,― երկար լռելուց հետո ասաց նա։

― Ասա տեսնեմ,– լուրջ ձայնով ասացի ես։― Եթե ջիների սուլթանը գա, եթե ինձնից ուզածդ ամեն բան ուզես, կյանքում ամենաշատը ի՞նչ կցանկանաս։

― Կուզեմ, որ Շևքեթը մեզ հետ չլինի։

― Ուրիշ ի՞նչ կուզես; Կուզե՞ս հայր ունենալ։

― Ոչ, ես քեզ հետ կամուսնանամ հենց մեծանամ։

Վատը ոչ թե ծերանալն է, տգեղանալը, անգամ առանց ամուսնու և աղքատ մնալը, այլ այն, որ կյանքում ձեզ ոչ ոք չնախանձի։ Տաքացած Օրհանին գրկիցս իջեցրի։ Մտածելով, որ ինձ պես վատհոգի մեկը պետք է լավ մարդու հետ ամուսնանա, գնացի հորս մոտ։

― Մեր սուլթանը գրքի վերջնական տարբերակը սեփական աչքերով տեսնելով՝ ձեզ կպարգևատրի,– ասացի։– Դարձյալ Վենետիկ կգնաք։

― Չգիտեմ,― ասաց հայրս։– Այս սպանությունն ինձ վախեցրեց։ Մեր թշնամիները պետք է որ ուժեղ լինեն։

― Գիտեմ, որ իմ այս վիճակը նրանց քաջալերում է, սխալ հասկացվելու, անհիմն հույսերի տեղիք է տալիս։

― Ինչպե՞ս։

― Հնարավորինս շուտ պետք է ամուսնանամ։

― Ի՞նչ,― ասաց հայրս։― Ո՞ւմ հետ։ Բայց դու ամուսնացած ես։ Սա ի՞նչ նորություն է։ Երկրպագո՞ւդ ով է։ Անգամ եթե հարմար ու անհամբեր երկրպագու ունենաս,― ասաց խելացի հայրս,– չեմ կարծում, որ նրան հեշտությամբ հավանենք։ Որպեսզի ամուսնանաս, գիտես, շատ մեծ խնդիրներ պետք է լուծենք,― այսպես եզրափակեց նա այդ դժբախտ դրությունը։

Երկար լռությունից հետո էլ այսպես ասաց.

― Ուզում ես ինձ թողնել հեռանա՞լ, սիրելի՛ս։

― Երեկ երազումս տեսա, որ ամուսինս մահացել է։ Բայց այդպիսի երազ տեսնող կնոջ պես չարտասվեցի։

― Նկարին նայելով՝ այն տեսնողներ կան, ուրեմն պետք է հնարավոր լինի մեկնաբանել երազները։

― Կարծում եք արժի՞ ձեզ պատմել տեսածս երազը։

Մի պահ լռություն տիրեց, և իրար ժպտացինք՝ խոսածի հետևանքների մասին արագորեն մտածող մարդկանց պես։

― Կարող եմ երազդ մեկնաբանելով հավատալ նրա մահվանը, բայց քո սկեսրայրին, տեգրոջը և նրանց կարծիքին ականջ դնող դատավորն այլ ապացույցներ է պահանջելու։

― Երկու տարի է անցել, ինչ երեխաների հետ այստեղ եմ տեղափոխվել, բայց սկեսրայրս ու տեգրս ինձ չեն կարողանում ետ տանել։

― Որովհետև շատ լավ գիտեն իրենց սխալները,― ասաց հայրս։― Բայց դա դեռ չի նշանակում, որ կհամաձայնեն քո ամուսնալուծությանը։

― Եթե մեր աղանդը մալիքիականությունը կամ հանբալիականությունը լիներ,– ասացի ես,– չորս տարի անց դատավորն ինձ իրավունք կտար ամուսնալուծվելու, բացի այդ, նպաստ կնշանակեր։ Բայց մենք, փառք Աստծու, հանեֆիականության հետևորդներ լինելով՝ դա չենք կարողանում անել։

― Ինձ մի՛ պատմիր Սկյուտարի դատավորի փոխանորդի մասին։ Այդ ամենն անիմաստ է։

― Պատերազմում անհայտ կորած ամուսինների բոլոր ստամբուլցի կանայք ամուսնալուծվելու համար վկաների հետ նրա մոտ են գնում։ Քանի որ դատավոր է, հարցնելով՝ ամուսինդ կորե՞լ է, որքա՞ն ժամանակ է կորել, գումարի խնդիր ունե՞ս, սրանք վկանե՞րդ են ասելով՝ անմիջապես ամուսնալուծվելու իրավունք է տալիս։

― Սիրելին, ո՞վ է այս ամենով լցնում գլուխդ,― ասաց նա։― Ո՞վ է քեզ հիմարացրել։

― Եթե ամուսնալուծվելուց հետո ինձ հիմարացնող մեկը կա, անշուշտ, դուք եք ինձ ասելու և իմ ամուսնության հարցում որոշումը դուք եք կայացնելու։

Իմ խորամանկ հայրը, տեսնելով, որ դուստրն էլ իր պես խորամանկ է, սկսեց ճպճպացնել աչքերը։ Իրականում հայրս աչքերն այսպես արագ երեք պատճառով էր թարթում. 1. Երբ նեղն էր ընկնում, խորամանկություն գտնելու համար արագ-արագ գլուխը սկսում էր աշխատեցնել։ 2. Երբ լռությունից ու տառապանքից անկեղծորեն արտասվում էր։ 3. Երբ նեղն ընկած ժամանակ խորամանկություն անելով՝ առաջին և երկրորդ պատճառները խառնելով՝ հետո այնպիսի տպավորություն էր թողնում, ասես տառապանքից արտասվելու է։

― Երեխաներիդ վերցնելու ես, գնաս, ծեր հորդ մենա՞կ ես թողնելու։ Գիտե՞ս, որ մեր գրքի (այո, ասաց մեր գիրքը) պատճառով սպանվելուց եմ վախենում, բայց հիմա, երբ ուզում ես երեխաներին վերցնել ու գնալ, ուզում եմ մեռնել։

― Հայրի՛կ, դո՞ւք չէիք միշտ ասում, որ պետք է անպիտան սկեսրայրիցս փրկվելու համար ամուսնալուծվեմ։

― Չեմ ուզում, որ ինձ լքես։ Ամուսինդ կարող է մի օր վերադառնալ։ Եթե անգամ չվերադառնա, ոչինչ։ Միայն թե այս տանը մնա հորդ հետ։

― Այս տանը ձեզ հետ ապրելուց բացի ոչինչ չեմ ուզում։

― Սիրելիս, քիչ առաջ ասացիր, որ ուզում ես հնարավորինս շուտ ամուսնանալ։

Ահա այսպես է լինում հոր հետ վիճելը։ Ի վերջո, ես էլ եմ հավատում, որ սխալ եմ գործում։

― Ասում էի,– ասացի ես՝ գլուխս կախելով։ Հետո, որպեսզի չարտասվեմ, քաջալերվելով միտքս եկած առաջին բանի ճշմարտացիությունից, ասացի.

― Դե, ես էլ երբեք չե՞մ ամուսնանալու։

― Իմ տան դռները բաց են այն փեսայի առաջ, ով քեզ ինձնից չի վերցնելու և հեռու չի տանելու։ Երկրպագուդ ո՞վ է։ Մեզ հետ այստեղ, այս տանը կապրի՞։

Լռեցի։ Իհարկե, երկուսս էլ գիտեինք, որ մեզ հետ նույն տանն ապրող փեսային հայրս չի հարգելու և սկսելու է ճնշել։ Հայրս նրան «տնփեսա» կոչելով խորամանկորեն ու վարպետորեն այնքան էր ստորացնելու, որ ես այդ մարդու հետ ոչ մի օր չէի ցանկանա ապրել։

― Գիտե՞ս չէ, որ առանց հորդ համաձայնության չես կարող ամուսնանալ։ Չեմ ուզում, որ ամուսնանաս, թույլ չեմ տալիս։

― Ես չեմ ուզում ամուսնանալ, ուզում եմ ամուսնալուծվել։

― Որովհետև սեփական շահերից բացի ոչ մի բանի մասին չմտածող կենդանին կարող է քեզ նեղացնել։ Գիտես՝ որքան եմ սիրում քեզ, չէ՞, սիրելին։ Այս գիրքն էլ պիտի ավարտենք։

Լռեցի, որովհետև եթե սկսեի խոսել, իմ զայրույթը նկատած սատանայի դրդմամբ հորս դեմքին ասելու էի՝ գիտեմ, որ գիշերները Հայրիյեի հետ է անցկացնում, բայց ինձ պես աղջկան վայե՞լ է ծեր հորն ասել, որ տեղյակ է նրա՝ սիրուհի ունենալուն։

― Ո՞վ է ուզում քեզ հետ ամուսնանալ։

Գլուխս կախեցի և լռեցի, բայց ոչ թե ամոթից, այլ զայրույթից։ Ավելի վատ՝ չնայած, որ գիտեի՝ զայրացած եմ, պատասխան չգտնելս ինձ ավելի էր զայրացնում։ Այդ պահին պատկերացնում էի հորս Հայրիյեի հետ այդ ծիծաղելի ու զզվելի վիճակում, անկողնում։ Արդեն ուզում էի արտասվել, դրա համար գլուխս կախ ասացի.

― Սմբուկը կրակին եմ թողել, կվառվի։

Աստիճանների կողքով անցա այն սենյակն, ուր երբեք չբացվող պատուհանը դեպի ջրհորի տեսարանն էր նայում։ Մթան մեջ շոշափելով՝ արագ գտա անկողինս, ինձ գցեցի մահճակալին։ Ա՜խ, ինչ գեղեցիկ էր մանկության տարիներին նեղանալով անկողնու վրա պառկած արտասվելուց հետո քնելը։ Միայն ես եմ սիրում ինձ, և այդ մենակությունն այնքան ցավալի է, որ իմ սեփական մենակության վրա արտասվելիս իմ հեծկլտոցներն ու բղավոցները լսող դուք ինձ օգնության եք գալիս։

Քիչ անց նայեցի՝ Օրհանը պառկել էր իմ անկողնու վրա, գլուխը հենել կրծքիս. նա էլ խոր հոգոց հանելով՝ արտասվում էր։ Նրան սեղմեցի ինձ ու գրկեցի։

― Մի՛ արտասվիր, մայրի՛կ,– քիչ անց ասաց նա։– Հայրիկս կվերադառնա պատերազմից։

― Որտեղի՞ց գիտես։

Լռեց։ Բայց այնքան սիրեցի, այնպես հպեցի կրծքիս, որ մոռացա բոլոր տխրություններս։ Իմ նիհար Օրհանի նուրբ մարմնին փաթաթված քնելուց առաջ հիմա միայն մի բանի մասին եմ մտածում, ասեմ ձեզ։ Քիչ առաջ հորս ու Հայրիյեի մասին զայրացած ձեզ ասածներիս համար զղջում եմ։ Ոչ, չեմ ստել, բայց կրկին այդպես մտածելուս համար այնքան եմ ամաչում, որ ուզում եմ՝ դուք ասածս մոռանաք, որ երբեք ասած չլինեի, որ դուք էլ մտածեիք, որ հորս և Հայրիյեի միջև նման բան չի եղել։




== 17. Ես ձեր փեսան եմ ==

Դժվար է աղջկա հայր լինել, դժվար է։ Ներսում արտասվում էր, լսում էի հեծկլտոցները, բայց ձեռքիս գրքի էջերին նայելուց բացի ուրիշ ոչինչ չէի կարողանում անել։ Այն հատորում, որի վրա աշխատում էի՝ «Մեծ դատաստանի օրվա իրադարձությունների մասին գրքի» մի էջում մահից երեք օր անց հոգին Աստծուց թույլտվություն ստանալով՝ այցելում է իր մարմնին, որի մեջ նախկինում ապրում էր։ Հոգին հին մարմնի՝ գերեզմանում արյան և հոտած ջրերի մեջ տխուր վիճակը տեսնելով՝ տրտմում է, ասում՝ խեղճ մարմին, խեղճ սիրելի, նախկին մարմինս։ Սուգ է պահում։ այսպիսով, որոշ ժամանակ Զարիֆ էֆենդու ցավալի ավարտը, ջրհորի հատակին ընկած վիճակը, հոգու՝ գուցե նրան ոչ թե գերեզմանոցում, այլ ջրհորում այցելության գալու և, իհարկե, շատ տխրելու մասին մտածեցի։ Երբ Շեքուրեի հեծկլտոցները դադարեցին, նայեցի մահվան գրքերին։ Մի բրդյա վերնաշապիկ հագա, այծի մորթուց հաստ գոտիս պինդ կապեցի, ճագարի մորթուց տաբատս հագա և դուրս եկա։ Տեսա՝ դռան մոտ Շևքեթն է կանգնած։

― Պապի՛կ, ո՞ւր ես գնում։

― Դու ներս գնա։ Հուղարկավորությա՛ն։

Ձյունով ծածկված դատարկ փողոցներում, հոտած, հնացած, դժվարությամբ կանգուն մնացող աղքատ տների, տների փլատակների միջով անցա։ Ծայրամասային թաղամասերի, այգիների, դաշտերի արանքով սայլեր, անիվներ վաճառող, երկաթագործների խանութների, թամբագործների, պայտագործների մոտով անցնելով՝ դեպի պարիսպները ուշադիր, ծեր քայլերով սառույցի վրա սահելով՝ փորձելով չընկնել, երկար քայլեցի։ Չգիտեմ, թե ինչու էին հուղարկավորությունը Էդիրնեքափըի Միհրիմահ մզկիթում անում։ Մզկիթում փաթաթվեցի հանգուցյալի զայրացած ու համառ երևացող, մեծագլուխ, զարմացած եղբայրներին։ Մանրանկարիչների, գրիչների հետ միմյանց փաթաթվելով՝ արտասվեցինք։ Երբ հանկարծակի իջած մոխրագույն մշուշի մեջ հոգեհանգստի արարողությունն էր անցնում, պատվանդանին դրված դագաղին նայեցի և այնքան զայրացա այդ ստոր մարդասպանի վրա, որ «Ալլահումմե Բարիք» աղոթքն անգամ շփոթեցի։ Նամազից հետո, երբ մարդիկ դագաղն իրենց ուսերին էին առնում, ես դեռ մանրանկարիչների և գրիչների հետ էի։ Լեյլեքի հետ իմ գրքի վրա՝ ջահի աղոտ լույսի տակ մինչև առավոտ անցկացրած որոշ գիշերներ խոսում էինք Զարիֆ էֆենդու գրության էժանության, գույների մեջ իր անփորձությունը ցույց տվող, գրությանը հարուստ տեսք տվող կապույտ ներկի մասին, ես էլ ասում էի, որ իրավացի է, բայց ուրիշ մարդ չկա։ Այդ պահին երկուսս էլ մոռացանք այդ մասին և բարձր արտասվելով՝ փաթաթվեցինք իրար։ Զեյթինի ընկերական, հարգալից հայացքը, գրկախառնությունն ինձ ստիպեցին մտածել, որ լավ փաթաթվել իմացող մարդը լավ մարդ է։ Այդ միտքն ինձ այնքան դուր եկավ, որ կրկին մտածեցի, որ բոլոր մանրանկարիչներից, գրիչներից ամենաշատը նա է հավատում իմ գրքին։ Բակի դռան աստիճաններին գլխավոր վարպետ Օսմանի հետ կողք կողքի հայտնվեցինք և չիմացանք՝ ինչ ասել միմյանց։ Տարօրինակ, լարված պահ էր. հանգուցյալի եղբայրներից մեկը սկսեց հեծկլտալով ծիծաղել, ցուցադրական ուշադրություն ցուցաբերող մեկն էլ սկսեց աղոթք կարդալ։

― Ո՞ր գերեզմանոցն են տանելու,– հարցրեց նա միայն որովհետև ուզում էր ինչ-որ բան ասել։

― Չգիտեմ,― ասացի ես, բայց անհանգստացա, որ իմ պատասխանը թշնամական կհնչի, և առանց մտածելու՝ աստիճաների վրա կողքիս կանգնած մարդուն ես էլ հարցրի.

― Ո՞ր գերեզմանոցն են տանելու։ Էդիրնեքափը՞։

― Էյուփ,– ասաց մի մորուքավոր ու զայրացած հիմար երիտասարդ։

― Էյուփ,– ասացի ես՝ նայելով վարպետին, բայց նա արդեն լսել էր մորուքավոր ու զայրացած երիտասարդ հիմարի պատասխանը։

Այսպիսով, հայացքով ինձ ցույց տվեց, որ հասկացել է, և ես էլ հասկացա՝ չի ուզում, որ մեր հանդիպումն ավելի երկար տևի։ «Գաղտնի» գրքիս գրության, մանրանկարչության, զարդարման համար մեր սուլթանի՝ ինձ նախընտրելն, իհարկե, վարպետ Օսմանի համար դժվար էր ընդունել։ Բացի այդ, մեր սուլթանն իմ ազդեցությամբ մանրանկարչության մեջ հակվում էր դեպի եվրոպական ոճը։ Մի անգամ մեծ վարպետ Օսմանին սուլթանը ստիպել էր մի իտալացի նկարչի՝ իր սեփական դիմանկարը կրկնօրինակել։ Գիտեմ, որ վարպետ Օսմանը զզվելով է նկարել այդ նկարը, իտալացի նկարչին «Տառապանք» է կոչել և ասել, որ դրա համար ես եմ պատասխանատու։ Իրավացի էր։ Աստիճանների մեջտեղում կանգնելով՝ մի պահ նայեցի երկինք։ Վստահ լինելով, որ մարդիկ ինձնից առաջ են անցել, սառցակալած աստիճաններով իջա ներքև։ Դեռ երկու աստիճան էլ չէի իջել, երբ մեկն ինձ թևանցուկ անելով՝ փաթաթվեց. Քարան էր։

― Շատ ցուրտ է,– ասացի ես։– Մրսո՞ւմ եք։

Կասկած չունեի, որ Շեքուրեի սիրտը նա է գրավել։ Անգամ ինձ թևանցուկ անելու մեջ զգացվում էր, թե որքան վստահ է իր վրա։ Նրա պահվածքի մեջ մի բան կար, որ ասում էր. ես տասներկու տարի աշխատել եմ, մարդ եմ դարձել։ Աստիճաններով իջանք, միայն հիմա չպատմի, թե արվեստանոցում ինչեր է իմացել։

― Դու ինձնից առաջ քայլիր, որդի՛ս,― ասացի ես։― Գնա՛, հասի՛ր մարդկանց։

Զարմացավ, բայց չհակառակվեց։ Ինձ անգամ դուր եկավ, որ դանդաղ բաց թողեց թևս ու սկսեց քայլել։ Եթե Շեքուրեին նրան կնության տամ, մեզ հետ նույն տանը կապրի՞։

Արդեն Էդիրնեքափըջից դուրս էինք եկել, երբ ներքևում՝ մառախուղի մեջ գրեթե կորչող դագաղը և այն ուսերի վրա կրող, զառիթափից ներքև՝ դեպի նեղուց արագ իջնող մանրանկարիչների, գրիչների, աշակերտների բազմությունը տեսա։ Այնքան արագ էին քայլում, որ ձյունով ծածկված արահետից դեպի Էյուփ տանող ցեխոտ ճանապարհի կեսն արդեն անցել էին։ Լռության ու մառախուղի մեջ ճանապարհի ձախ կողմում Հանըմ սուլթան հիմնադրամի մոմի գործարանի ծխնելույզից թանձր ծուխ էր բարձրանում։ Պարիսպների տակ՝ Էյուփի հույն մսագործների համար ժրաջան աշխատող սպանդանոցներ կային ու մաշկողներ։ Այդտեղից եկող մսի հոտը տարածվել էր դժվար նկատվող Էյուփի մզկիթի գմբեթների և գերեզմանոցի նոճիների վրա։ Մի քիչ քայլելուց հետո ներքևում լսեցի Բալաթի նոր հրեական թաղամասերից եկող, այդտեղ խաղացող երեխաների ձայները։ Երբ հասանք Էյուփ, Քելեբեքը մոտեցավ ինձ։ Ինչպես միշտ՝ հուզված տեսքով, արագորեն սկսեց խոսել խնդրի մասին.

― Այս գործը Զեյթինն ու Լեյլեքն են արել,― ասաց նա։― Նրանք էլ, բոլորի պես, շատ լավ գիտեին, որ ես ու լուսահոգին մտերիմ չէինք։ Գիտեին նաև, որ բոլորը գիտեն։ Մեր միջև վարպետ Օսմանից հետո արվեստանոցի գլխավոր վարպետի նշանակվելու հետ կապված նախանձ, անգամ՝ փոխադարձ թշնամանք կա։ Հիմա ենթադրում են, որ մեղքն ինձ վրա է ընկնելու, առնվազն՝ գլխավոր գանձապետի, և նրա ցուցումով մեր սուլթանն ինձնից, ո՛չ մեզնից, երես է թեքելու։

― Ո՞ւմ նկատի ունես մեզ ասելով։

― Մենք ասում ենք, որ արվեստանոցում պետք է նախկին բարոյականությունը տիրի, չպետք է շարժվենք իրանյան վարպետների ճանապարհով, չպետք է փողի համար ամեն թեմայով նկարենք։ Ասում ենք, որ մեր գրքերը զենքի, բանակի, գերիների, զավթումների փոխարեն պետք է սրբերի պատմություններ մտնեն, հին գրքերից պետք է հրաժարվենք, ինքնատիպ նկարիչների՝ շուկայի խանութներում մի քանի գրոշի դիմաց ցանկացածի համար ցանկացած թեման նկարելով՝ աղքատիկ բաներ չպետք է անենք։ Մեր սուլթանը համարում է, որ մենք ճիշտ ենք։

― Ինքդ քեզ զուր ասեկոսեների թեմա ես դարձնում,– ասացի ես, որպեսզի չշարունակի։– Վստահ եմ, որ այս գործն արվեստանոցում ոչ ոք չէր կարող անել։ Բոլորդ եղբայրներ եք։ Հնում չնկարվող մի քանի թեմայի նկարվելը չպետք է պատճառ դառնա թշնամանքի համար։

Միևնույն ժամանակ, ինչպես և լուրը ստանալու առաջին պահին, մի բան հաստատ հասկացա։ Զարիֆ էֆենդուն սպանողը պալատի արվեստանոցի վարպետներից մեկն էր և գերեզմանոցի զառիթափով բարձրացող բազմության մեջ էր։ Վստահ էի, որ մարդասպանը շարունակելու է սատանայություններն ու խորամանկությունները, վստահ էի, որ իմ գրքի դեմ թշնամաբար է տրամադրված, մեծ հավանականությամբ՝ իմ տուն գալով՝ գրքիս համար մանրանկարչության և նկարչության առաջադրանքներ է ստանում։ Իմ տուն եկող նկարիչների մեծ մասի պես Քելեբեքն է՞լ էր սիրահարված դստերս։ Շարունակելով իր պնդումները՝ արդյոք մոռացե՞լ էր, որ ես ճիշտ իր հայացքներին հակառակ նկարներ եմ ուզում, թե՞ վարպետորեն ցանկանում էր ինձ ինչ-որ բան հասկացնել։ Ոչ, հավանաբար ոչինչ չէր ուզում հասկացնել՝ մտածեցի ես քիչ անց, Քելեբեքն էլ մյուս վարպետ մանրանկարիչների պես իմ հանդեպ ընդգծված երախտագիտության զգացում ուներ։ Պատերազմների և մեր սուլթանի անտարբերության պատճառով գանձարանից մանրանկարիչներին տրվող գումարը, նվերները և լուրջ հավելյալ մուծումները բոլորը մի շրջան իմ գրքի շնորհիվ էին վաստակել։ Գիտեի, որ ինձ բոլորը խանդում էին։ Անգամ այդ պատճառով, և ոչ միայն այդ պատճառով, նրանց հետ իմ տանն առանձին-առանձին էի հանդիպում, և դա չէր նշանակում, որ իմ հանդեպ թշնամանք էին զգալու։ Իմ բոլոր մանրանկարիչներն այնքան հասուն մարդիկ էին, որ իրենց շահերի պատճառով ստիպված էին սիրել մի մարդու։ Խելացի գտնվելով՝ մարդկային պատճառ էին գտնում և կարողանում էին անկեղծորեն սիրելնրան։ Որպեսզի լռությունը չշարունակվի, և նույն թեման նորից չկրկնվի, ասացի. «Մաշալլա՛հ, որքան արագ իջան զառիթափից, այնքան էլ արագ կարողանում են վերև բարձրանալ»։

Քելեբեքը բոլոր ատամները ցույց տալով՝ սիրալիր ժպտաց.

― Ցուրտ է։

Սա կարո՞ղ է մարդ սպանել։ Օրինակ՝ նախանձից։ Իսկ հետո ի՞նձ։ Պատճառ փնտրելով՝ այս մարդը կարող է իմ կրոնը վիրավորել։ Բայց նա մեծ վարպետ է, իսկական տաղանդ, ինչո՞ւ պետք է սպանի։ Ծերությունը միայն զառիթափերով քայլելիս դժվարանալ չի նշանակում, մարդ պետք է մահից էլ վախենա, այդ չկամությունը ոչ թե սիրուհու՝ ոգևորությամբ անկողին մտնելուն է նման, այլ արգելքից հրաժարվելուն։ Հանկարծակի զգացմունքով այդ պահին ընդունածս որոշումը ուղիղ ասացի նրան.

― Էլ գիրքս չեմ շարունակելու։

― Ինչպե՞ս թե,― ասաց շփոթված Քելեբեքը։

― Այն դժբախտություն է բերում։ Սուլթանն էլ գումար չի տալիս։ Զեյթինին ու Լեյլեքին էլ ասա։

Գուցե դեռ հարցեր տար, բայց հանկարծակի հայտնվեցինք բլրի խիտ նոճիների, բարձր ձարխոտերի ու գերեզմանաքարերի արանքում։ Քանի որ գերեզմանը շրջապատված էր մարդկանցով, միայն «բիսմիլլահի» և բազմության՝ Ռեսուլուլլահ ասելուց ու արտասվելու ձայների կրկնապատկվելուց հասկացա, որ այդ պահին հանգուցյալի մարմինն իջեցնում են գերեզման։

― Դեմքը լավ բացեք,― ասաց մեկը։

Պատանքը բացում էին, ճզմված երեսին երևացող միակ աչքին էին նայում, բայց քանի որ ետևի շարքերում էի, ոչինչ չէի տեսնում։ Ես մահվան աչքերի մեջ ոչ թե գերեզմանում, այլ մի ուրիշ տեղ էի նայել։ Մի հուշ․ երեսուն տարի առաջ մեր սուլթանի լուսահոգի պապը որոշել էր Կիպրոսի կղզին վենետիկցիների ձեռքից վերցնել, Շեյխուլիսլամ Էբուսութ էֆենդին էլ հիշելով, որ մի ժամանակ եգիպտացի սուլթանները Մեքքայի և Մեդինայի ծախսերը հոգալու համար գումար էին առանձնացրել, հրովարտակ էր գրել, որի համաձայն՝ սուրբ համարվող կղզին քրիստոնյա անհավատների ձեռքին չպետք է մնա։ Այսպիսով, ես որպես դեսպան առաջին առաջադրանքս էի կատարելու՝ վենետիկցիների համար այս անսպասելի որոշումը՝ կղզիների՝ մեզ հանձնումն էի հայտնելու։ Վենետիկում եկեղեցիներ տեսա, կամուրջների, պալատների վրա զարմացա, ամենահարուստ տների նկարներով հիացա, այս հիացմունքի մեջ էլ ցուցաբերած հյուրասիրությանը վստահելով՝ նրանց սպառնալիքներով լի մի նամակ տվեցի և մեր սուլթանի վերամբարձ արտահայտությամբ հայտնեցի, որ Կիպրոսը ետ ենք ցանկանում։ Վենետիկցիներն այնքան զայրացան, որ անմիջապես ժողով հավաքեցին, որի արդյունքում եկան այն եզրակացության, որ նման նամակի քննարկումն անգամ տեղին չէ։ Ավելին՝ զայրացած բազմությունն ինձ դոժի պալատում փակեց, պահապանների, դռնապանների հսկողությունից խույս տալով ներս մտնող թափառականները փորձում էին ինձ խեղդել։ Ի վերջո, դոժի երկու մտերիմ ռազմիկներն ինձ փախցնելով պալատի վտանգներից՝ դեպի ջրատարը բացվող ետնաբակ տարան։ Այնտեղ այսօրվա նման մառախուղի մեջ ինձ դիմավորող, թևանցուկ անող ճերմակ հագուստով երկարահասակ, դժգույն դեմքով նավավարին տեսնելով՝ կարծեցի, որ նա հենց ինքը մահն է, և աչքերի մեջ նայելով՝ այնտեղ ինձ տեսա։ Կարոտով երազեցի, որ գիրքս գաղտնի ավարտելուց հետո կարող եմ մի անգամ էլ Վենետիկ գնալ։ Մոտեցա գերեզմանին, որը խնամքով ծածկել էին։ Այժմ այնտեղ նրան հրեշտակներն են հարցաքննում, սեռը, կրոնը, նրա մարգարեին։ Մտածեցի սեփական մահվանս մասին։

Մի ագռավ ցատկեց դեպի ինձ։ Սիրով նայեցի Քարայի աչքերի մեջ և ցանկացա, որ ինձ թևանցուկ անի, վերադարձի ճանապարհին միանա ինձ։ Նրան ասացի, որ գրքիս վրա աշխատելու համար հաջորդ օրը վաղ առավոտյան նրան կսպասեմ իմ տանը։ Որովհետև հենց մտածեցի սեփական մահվան մասին, ևս մեկ անգամ որոշեցի, որ ինչ էլ լինի՝ պետք է ավարտեմ գիրքս։



== 18. Ինձ մարդասպան են կոչելու ==

Խեղճ Զարիֆ էֆենդու՝ մաս-մաս եղած աճյունի վրա ցեխոտ սառը հող նետելիս բոլորից շատ ես արտասվեցի։ Բղավում էի՝ մահացածի հետ ինձ էլ հողին հանձնեք, մարդիկ գոտկատեղիցս բռնում էին, որպեսզի գերեզմանի մեջ չընկնեմ։ Երբ սկսեցի շնչահեղձ լինել, ձեռքի ափերով ճակատս սեղմելով՝ գլուխս ետ տարան, որ կարողանամ շնչել։ Հանգուցյալի ազգականների հայացքից էլ հասկանալով, որ հեծկլտոցներս և արցունքներս չափից ավելին էին, ինձ հավաքեցի։ Արվեստանոցի բամբասկոտներն ըստ իմ արտասվելու կարող էին սկսել մտածել, որ ես ու Զարիֆ էֆենդին մտերիմ ենք եղել։ Որպեսզի այլևս ուշադրություն չգրավեմ, մինչև հուղարկավորության արարողության ավարտը թաքնվեցի սոճու ետևում։ Դժոխք ուղարկածս հիմարից ավելի հիմար բարեկամն ինձ գտավ այնտեղ, իր կարծիքով բազմանշանակ հայացքով նայեց աչքերիս մեջ, փաթաթվեց։ Հետո հիմարն այսպես ասաց.

― Դու Շաբա՞թն էիր, թե՞ Չորեքշաբթին։

― Չորեքշաբթին մի ժամանակ լուսահոգու անունն էր։

Զարմացավ։ Մեզ իրար դեռ գաղտնիքի պես կապող այս կեղծանունների պատմությունը պարզ է։ Մեր աշակերտության տարիներին՝ այդ ժամանակ աշակերտության միջին աստիճանից դեպի վարպետի աստիճան նոր անցած մանրանկարիչ Օսմանի հանդեպ բոլորիս հարգանքը, հիացմունքը, սերը շատ մեծ էր։ Մեծ նկարիչ էր, ամեն բան նա էր մեզ սովորեցրել, Աստված նրան և կախարդական տաղանդ, և ջինի խելք էր տվել։ Ամեն առավոտ մեզնից մեկը գնում էր վարպետի տուն, նրա մատիտների տուփը, պայուսակը, թղթերով լի թղթապանակը վերցնելով՝ նրա ետևից քայլում էր դեպի արվեստանոց։ Այնքան էինք ուզում նրան ուղեկցել, որ երբեմն վիճում էինք։ Վարպետ Օսմանը մի սիրելի աշակերտ ուներ։ Բայց առանց այդ էլ ամեն առավոտ այդ աշակերտի գալը մշտական բամբասանքի և անշնորհք կատակների տեղիք էր տվել։ Այդ պատճառով մեծ վարպետը որոշել էր, որ շաբաթվա յուրաքանչյուր օր մեկս պետք է գնա նրա ետևից։ Մեծ վարպետը ուրբաթ օրերն աշխատում էր, շաբաթ օրերը արվեստանոց չէր գալիս։ Նրա շատ սիրելի որդին, որ մեզ պես աշակերտություն էր անում և հետագա տարիներին նրան ու բոլորիս դավաճանելով՝ թողեց արվեստը, հորը երկուշաբթի օրերը աշակերտի պես ուղեկցում էր։ Բոլորիցս տաղանդավոր, նիհար ու երկարահասակ Հինգշաբթի եղբայր էլ ունեինք։ Նա երիտասարդ տարիքում անհայտ հիվանդությունից բարձր տաքության մեջ մահացավ։ Լուսահոգի Զարիֆ էֆենդին չորեքշաբթի օրերն էր գալիս, այդ պատճառով նրա անունը Չորեքշաբթի էր, բայց հետո մեր մեծ վարպետը մեր անունները փոխեց՝ Երեքշաբթիից՝ Զեյթինի, Ուրբաթից՝ Լեյլեքի, Կիրակիից՝ Քելեբեքի։ Սիրո և արտահայտության, գրության նրբության պատճառով նրան Զարիֆ անունն էր տվել։ Մեծ վարպետը, ինչպես և մեզ բոլորիս, նրան էլ մի շրջան ամեն առավոտ հավանաբար ասել էր. «Բարով եկար, Չորեքշաբթի՛, տեսնեմ՝ ինչպես ես»։

Երբ փորձում էի հիշել, թե ինձ ինչպես էր կոչում, կարծեցի, թե կարտասվեմ։ Աշակերտությանս տարիներին, չնայած ծեծին՝ վարպետ Օսմանր մեզ սիրում էր, մեր մանրանկարչության գեղեցկությունից լացը գալիս էր, երբ համբուրում էր, մեր տաղանդն էլ ծաղկում էր, մեզ զգում էինք ինչպես դրախտում։ Այդ երջանիկ տարիները ստվերող նախանձի գույնն անգամ լրիվ այլ էր այդ ժամանակ։ Տեսնո՞ւմ եք, որ ինձ երկու մասի բաժանված եմ զգում, ինչպես այն մարդիկ, ում գլուխն ու ձեռքերը մի վարպետ է նկարել, իսկ մարմինը և հագուստը՝ մեկ ուրիշը։ Ինձ պես Աստծուց վախեցող մեկը հանկարծակի չի կարող մարդասպան դառնալ։ Որպեսզի ցույց տայի, որ իմ հին կյանքը դեռ շարունակվում է, մարդասպանին հատուկ երկրորդ ձայն մշակեցի։ Իմ հին կյանքի հետ ընդհանրապես կապ չունեցող այդ ծաղրող և դավաճան երկրորդ ձայնով եմ խոսում հիմա։ Եթե մարդասպան չլինեմ, ձեզ ծանոթ այդ ձայնն էլ կլսեք երբեմն, բայց ոչ այն նախադասությամբ, որն ասում է. «Ես մարդասպան չեմ»։ Թող ոչ ոք չփորձի միավորել այս երկու ձայնը, որովհետև ինձ դավաճանող սեփական ոճ ու թերություն չունեմ։ Ես հավատում եմ, որ ոճը մանրանկարիչներին միմյանցից տարբերող թերություն է, այլ ոչ թե, ինչպես շատերն իրենց գովաբանելով ասում, յուրահատկություն։ Բայց իմ յուրահատուկ իրավիճակում ընդունում եմ, որ դա կարող է խնդիրներ ստեղծել։ Որովհետև վարպետ Օսմանի՝ մեզ սիրով տված և Էնիշթե էֆենդու՝ սիրով օգտագործած կեղծանուններից չեմ ուզում հասկանաք՝ ես Քելեբեքն եմ, Զեյթինը, թե Լեյլեքը։ Եթե հասկանաք, մեծ հավանականությամբ անմիջապես վազելով՝ Բոսթանջըբաշըի տանջողներին կհանձնեք։ Այդ պատճառով, ամեն ինչի մասին մտածելով՝ չեմ կարող ասել։ Անգամ եթե մտքումս ասեմ, հասկանում եմ, որ դուք ինձ հետևում եք։ Առանց զայրույթի չեմ կարողանում մտածել կյանքիս՝ ինձ մատնող մանրամասների մասին։ Այբ, Բեն, Գիմ ասելով՝ երեք պատմություն պատմելիս իմ մտքի մի անկյունում ձեր հայացքն եմ ստուգում։ Տասը հազար անգամ իմ պատկերած ռազմիկներին, սիրահարներին, արքայազններին և լեգենդար հերոսներին նկարելիս մեջքով էի դարձած այդ լեգենդար ժամանակներում նրանց հետ պատերազմած թշնամիներին, վիշապներին, գեղեցիկ աղջիկներին, որոնք արտասվում էին։ Բայց մյուս կողմից էլ մեջքով էի շրջված դեպի այդ հիանալի նկարին նայող արվեստասերները։ Իմ ոճը և անհատականությունը ոչ միայն իմ նկարչության, այլև իմ սպանության և բառերի մեջ են թաքնված։ Փորձեք իմ բառերի գույնից հասկանալ՝ ով եմ ես։ Կարծում եմ, որ ինձ ձերբակալելը խեղճ Զարիֆ էֆենդու դժբախտ հոգուն էլ մի քիչ հանգստություն կբերի։ Ես հիմա ծառերի տակ, թռչունների ծլվլոցի ներքո նեղուցի ոսկե պարիսպներին ու Ստամբուլի գմբեթներին էի նայում՝ մեկ անգամ էլ նկատելով, թե ապրելը որքան գեղեցիկ է, նրա վրա բահերով հող էինք լցնում։ Խե՜ղճ Զարիֆ էֆենդի, վերջերս այդ խոժոռված էրզրումցի հոջայի մարդկանց հետ մտերմանալուց հետո ինձ չէր սիրում, բայց այս քսան տարվա ընթացքում, երբ մեր սուլթանի համար գրքեր ենք նկարազարդում, երբեմն մեզ իրար մոտիկ էինք զգում։ Քսան տարի առաջ մի պահ մեր սուլթանի լուսահոգի հոր Շահնամեի համար աշխատելիս ընկերացել էինք, բայց ամենաշատը Ֆիզուլիի դիվանին կցվելիք ութ նախշով էջի վրա աշխատելիս մտերմացանք։ Այն ժամանակ այստեղ էր գալիս, որպեսզի միանար իրավացի, անիրավ, անիմաստ ցանկություններին (մանրանկարիչն իր հոգում պետք է զգա այն տեքստը, որը զարդարում է)։ Մի ամառային երեկո, երբ ճնճղուկների երամները մեր գլխավերևում խենթի պես պտտվում էին, բարձրաձայն ինձ համար Ֆիզուլիի դիվանից կարդացած տողերը համբերությամբ լսեցի։ Այդ գիշերվանից այս տողն էր իմ մեջ տպավորվել. «Ես ես չեմ, եսը միշտ դու ես»։ Բացի այդ մտածում եմ, թե այս տողերն ինչպես պետք է պատկերեմ։ Հենց իմացա, որ աճյունը հայտնաբերվել է, վազելով տուն գնացի, զգացի, որ փոքրիկ այգին, որտեղ բանաստեղծություն էինք կարդում, մնացել է ձյան տակ և տարիներ անց մեր տեսած բոլոր այգիների պես փոքրացել է։ Կողքի սենյակից կանանց աստիճանաբար բղավոցներից կարելի էր ասել, որ նրանք մենամարտում են, բարձր բղավոցներ էին լսվում։ Երբ մեծ եղբայրն էր խոսում, ուշադրությամբ լսեցի, խեղճ Զարիֆ էֆենդու դեմքը մաս-մաս էր եղել, գլուխը ճզմվել էր։ Չորս օր մնացել էր ջրհորի հատակին, երբ նրան հանել էին, եղբայրները չէին կարողացել ճանաչել, խեղճ կինը՝ Քալբիյեն, ստիպված էր եղել գիշերվա խավարում այդ անճանաչելի դիակը կտոր-կտոր եղած հագուստից ճանաչել։ Նախանձ եղբայրների ձեռքով ջրհոր նետված Հովսեփի՝ Մադիանի առևտրականների կողմից ջրհորից հանելը հիշեցի։ Հովսեփի և Զուլեյհայի այս տեսարանը պատկերելը շատ էի սիրում, որովհետև հիշեցնում է, որ կյանքում ամենահիմնական զգացմունքը եղբայրների նախանձն է։

Երբ մի պահ լռություն տիրեց, զգացի, որ ինձ են նայում։ Արտասվե՞մ։ Բայց նայում եմ Քարային։ Ստոր մարդ, բոլորիս նայում է և իրեն Էնիշթե էֆենդու կողմից նկարիչների մոտ ուղարկված, ամեն ինչ իմանալու համար ուղարկված մարդու ոճ է վերագրում։

― Ո՞վ կարող էր անել այս ստորությունը,– բղավեց նրա մեծ եղբայրը։– Կյանքում անգամ մրջյունին վնաս չտված մեր եղբորը ո՞ր անխիղճը կարող էր սպանել։

Նրա արտասվալից պատասխանին ես էլ անկեղծորեն միացա և պատասխան փնտրեցի։ Ովքե՞ր էին Զարիֆի թշնամիները։ Եթե ես չեմ սպանել, ուրիշ ո՞վ կարող է սպանած լինել։ Մի ժամանակ, կարծում եմ այն տարիներին, երբ «Հուներնամեն» էր պատրաստվում, հիշում եմ, թե ինչպես ուշադրություն չէր դարձնում հին վարպետների ոճին, ավելի էժան, ավելի արագ գրելու համար էջերի անկյունները վատ ներկերով փչացնում էր, մինչդեռ մենք՝ նկարիչներս, այնքան ուշադրություն էինք դարձնում դրան։ Այդ պատճառով ոմանց հետ վիճում էր։ Ովքե՞ր էին նրանք։ Բայց ավելի ուշ ոչ թե թշնամանքի, այլ ներքևի հարկի գեղեցկադեմ կազմարար աշակերտի պատճառով էին մարդիկ սկսել բամբասել, բայց սա շատ հին պատմություն էր։ Բացի այդ, կային մարդիկ, ովքեր Զարիֆի նրբությանը, նիհարությանը և կանացի տեսքին էին նախանձում, բայց դա այլ պատճառներ ուներ. Զարիֆի՝ հին ոճին ծառայի պես նվիրվելը, գրության և նկարի գույների ներդաշնակության հարցում բծախնդրություն անելը, այլ նկարիչների՝ հատկապես իմ՝ գոյություն չունեցող թերությունները վարպետ Օսմանի մոտ բարեկիրթ մեծամտությամբ ասելը... Վերջին վեճը վարպետ Օսմանի՝ մի ժամանակ շատ զգայուն թեմա դարձած՝ պալատական մանրանկարիչների պալատական գործից բացի դրսում աշխատելու, պալատից դուրս մանր-մունր պատվերներ ընդունելու հետ էր կապված։ Մեր սուլթանի հետաքրքրության և գլխավոր գանձապետից եկող գումարի՝ վերջին տարիներին պակասելու պատճառով բոլոր մանրանկարիչները սկսեցին գնալ անփորձ փաշաների երկհարկանի տները, և ամենաշատ վարպետություն ունեցողները գիշերները սկսեցին այցելության գնալ Էնիշթեին։

Ես չնեղացա, երբ Էնիշթեն որոշեց իր գիրքը՝ մեր գիրքը չշարունակել, պատճառաբանելով, որ այն դժբախտություն է բերում։ Իհարկե, կարծում է, որ միամիտ Զարիֆ էֆենդուն գիրքը գարդարող մեզնից մեկն է սպանել։ Նրա փոխարեն եթե դուք լինեիք, երկու շաբաթվա մեջ մեկ անգամ ձեր տուն մարդասպանին կհրավիրեի՞ք նկարելու համար։ Թե՞ սկզբում որոշել եք՝ ով է իսկական մարդասպանը, ով՝ ամենալավ նկարիչը։ Չեմ կասկածում, որ կարճ ժամանակում կհասկանա, թե իր տուն եկող նկարիչների մեջ ծաղկումից դեպի գրություն, լուսանցքներ գծելուց մինչև նկարչություն, դիմանկարներ անելուց մինչև էջի ուղղումներ անող ամենատաղանդավոր նկարիչն ով է և դրանից հետո միայն ինձ հետ կշարունակի աշխատել։ Չեմ կարծում, թե այնքան կստորանամ, որ մտածեմ՝ ես ոչ թե տաղանդավոր մարդ եմ, այլ մի սովորական մարդասպան։

Իր հետ եկած այդ Քարա էֆենդուն, այդ հիմարին էի հետևում աչքի ծայրով։ Երբ գերեզմանոցից այդ երկուսը, իրարից բաժանվելով՝ թաղման ցրվող բազմության հետ իջան Էյուփի նավահանգիստ, ես էլ գնացի նրանց ետևից։ Նրանք այնտեղից չորս թիակով նավ նստեցին, ես էլ ավելի ուշ հանգուցյալին և հուղարկավորությունը լրիվ մոռանալով՝ ծիծաղող երիտասարդ աշակերտների հետ նստեցի վեցաթի նավ։ Մի պահ Ֆեներքափըի մուտքի մոտ մեր նավերն իրար բախվելու չափ մոտեցան, և շատ մոտիկից տեսա, թե ինչպես է Քարան Էնիշթեին շշնջալով ինչ֊որ բան պատմում, ու հանկարծ մտածեցի, թե մարդ սպանելը որքան հեշտ բան է։ Աստվա՜ծ իմ, այս անհավատալի ուժը բոլորիս շնորհել ես, բայց վախեցրել ես, որ չօգտագործենք։ Բայց եթե մարդ մի անգամ այդ վախը հաղթահարելով՝ անցնի գործողության՝ անմիջապես լրիվ այլ մարդ կդառնա։ Հնում ոչ միայն սատանայից, այլև իմ ներսի ամենափոքր վնասարարության նշանից անգամ սարսափում էի։ Իսկ հիմա զգում եմ, որ վատությանը կարելի է դիմանալ, անգամ՝ մանրանկարչի համար դա անհրաժեշտ է։ Եթե ուշադրություն չդարձնենք սպանությունից հետո մի քանի օր շարունակ տևած ձեռքերիս դողին, այդ թշվառին սպանելուց ի վեր ավելի լավ եմ նկարում, ավելի փայլուն ու վստահ եմ ներկում և որ ամենակարևորն է՝ տեսնում եմ, որ երևակայությունս հրաշքներ է գործում։ Բայց իմ նկարները գնահատող ո՞վ կա Ստամբուլում։ Ջիմալիի մոտ նեղուցի մեջտեղից զայրացած նայեցի Ստամբուլին։ Ձյունով ծածկված գմբեթները հանկարծակի դուրս եկած արևի տակ փայլեցին։ Քաղաքը որքան մեծ ու գունավոր է, այնքան ձեր մեղքերը թաքցնելու համար շատ անկյուններ կան, որքան մարդաշատ է, այնքան հեշտությամբ կարող եք ձեր մեղքի հետ թաքնվել մարդկանց ետևում։ Քաղաքների միտքը ոչ թե գիտնականներով, գրադարաններով, նկարիչներով, գրիչներով ու դպրոցներով պետք է չափվի, այլ մութ փողոցներում հազարավոր տարիներ խորամանկորեն կատարված սպանությունների թվով։ Չեմ կասկածում, որ Ստամբուլն ամբողջ աշխարհի ամենախելացի քաղաքն է։ Ունքափը նավամատույցում Քարայի և Էնիշթեի ետևից ես էլ իջա նավից, իրար հենված՝ զառիթափով բարձրանալիս ես նրանց հետևում էի։ Սուլթան Մեհմեդ մզկիթի ետևի այրված շինություններից մեկի մոտ կանգնելով՝ մի անգամ էլ խոսեցին ու բաժանվեցին։ Էնիշթե էֆենդին միայնակ մնալուն պես խղճուկ ծերուկի նմանվեց։ Վազելով գնացի նրա մոտ, ցանկացա հանգուցյալ թշվառի հերյուրանքներից բոլորիս պաշտպանելու համար ամեն բան պատմել և հարցնել.

― Ճի՞շտ է այն, ինչ այս Զարիֆ էֆենդին ասել է. մեր նկարած նկարներում մեր սուլթանի վստահությունը չարաշահելը, մեր նկարչական ավանդույթներին դավաճանելը, մեր կրոնը հայհոյելը։ Ավարտե՞լ եք վերջին մեծ նկարը։

Երեկոյան ձնածածկ փողոցի մեջտեղում կանգնեցի, նայեցի տուն վերադարձող երեխաներին, հայրերին, ջիներին, փերիներին, ավազակներին, գողերին և ձնածածկ ծառերի տխրությանը մատնված մութ փողոցին։ Փողոցի ծայրին Էնիշթե էֆենդու երկհարկանի, շքեղ տանը, հիմա մերկ շագանակենու ճյուղերի արանքից մի պահ տեսածս կտուրի տակ աշխարհի ամենագեղեցիկ կինն էր ապրում։ Բայց ես չեմ ուզում խելագարվել։




== 19. Ես փողն եմ ==

Քսաներկու համարի օսմանյան սուլթանական ոսկին եմ։ Ինձ վրա Ջիհանփենալ սուլթանի հայտնի կնիքն է։

Այստեղ, հուղարկավորությունից հետո, մի տխուր, բայց գեղեցիկ սրճարանում մեր սուլթանի մեծ վարպետներից Լեյլեքն այժմ գիշերվա կեսին իմ նկարն է անում, վրաս ոսկեջուր չի քսել, բայց ձեր երևակայության մեջ այն կարող եք ավելացնել։

Ես այստեղ եմ, բայց մեծ վարպետ, մանրանկարիչ ձեր եղբայր Լեյլեքի քսակի մեջ եմ։ Հիմա ոտքի է կանգնում, ինձ հանում է քսակից և ձեզ է ցույց տալիս։ Բարև, բարև, ողջույն վարպետ արվեստագետներին և հյուրերին։ Իմ փայլից ձեր աչքերը մեծանում են, ոգևորվում եք լամպի լույսի տակ իմ արտացոլանքից և, ի վերջո, նախանձում եք իմ տիրոջը՝ Լեյլեքին։ Իրավացի եք, որովհետև մանրանկարչի տաղանդն ինձնով է չափվում։ Վարպետ Լեյլեքն ինձ պես այս ոսկիներից վերջին երեք ամսվա ընթացքում քառասունյոթ հատ էր վաստակել։ Մենք բոլորս այս քսակի մեջ ենք, և Լեյլեք Չելեբին, տեսեք, մեզ ոչ ոքից չի թաքցնում ու գիտի, որ Ստամբուլի մանրանկարիչներից ոչ ոք այդքան շատ չի վաստակում։ Մանրանկարիչների շրջապատում այդպիսի ընդունելություն գտնելու և անիմաստ վեճերի պատճառ դառնալու համար ինձ հպարտ եմ զգում։ Հնում, երբ դեռ չէինք հարմարվել սուրճին և դեռ մեր միտքը պարզ չէր, միամիտ մանրանկարիչները երեկոյան չէին բավարարվում վեճերով այն մասին, թե ով է ավելի տաղանդավոր, ով է իրական գույների վարպետը, ով է ամենալավ ծառը նկարում, ով է ամպեր նկարելու հարցում ամենամեծ վարպետը, այլև ամեն գիշեր իրար ծեծում էին, միմյանց ատամներն էին փշրում։ Հիմա ես կարողանում եմ ամեն բանի հետևել, արվեստանոցի աշխատանքային կարգապահությանն էլ գեղեցիկ ներդաշնակություն, անգամ Հերաթի հին վարպետներին վայել կեցվածք եմ տալիս։

Այս տրամաբանության ներդաշնակության և կեցվածքի հետ ինձ հետ մեկտեղ ձեր փոխած տարբեր բաները թվարկեմ․ երիտասարդ ու գեղեցիկ սիրուհու ոտք, ոսկրե եզրերով, ընկուզենուց պատրաստված վարսավիրական լավ հայելի, իննսուն արծաթադրամ, արծաթազօծ, դարակներ ունեցող, լավ ներկված սնդուկ, հարյուր քսան թարմ հաց, երեք հոգանոց գերեզմանի հող և դագաղ, արծաթե թևնոց, ձիու մեկ տասնորդական մաս, ծեր և գեր սիրուհու ոտքեր, գոմեշի ձագուկ, երկու լավ չինական ափսե, մեր սուլթանի արվեստանոցի իրանցի մանրանկարիչներից Թավրիզի դերվիշ Մեհմեդի և նրա նմանների մեծ մասի մի ամսվա վարձ, վանդակ ու որսորդական բազե, Փանայոթի գինու տասը գավաթ, աշխարհում հայտնի տղաներից մեկի՝ Մահմուդի հետ դրախտային ժամ և անթիվ-անհամար շատ ուրիշ հնարավորություններ։ Այստեղ գալուց առաջ մի շրջան մի աղքատ կոշկակարի աշակերտի կեղտոտ գուլպայի մեջ տասն օր եմ անցկացրել։ Խեղճն ամեն օր անկողնում ինձ հետ էր քնում՝ մտածելով իր անելիքների մասին։ Օրորոցայինի պես այդ քաղցր երկար բանաստեղծության տողերն ինձ ապացուցեցին, որ փողն ամեն տեղ կարող է հայտնվել։ Ի դեպ, եթե պատմեմ մինչև այստեղ գալը գլխովս անցած արկածները, մի քանի հատորանի գիրք կլինի։ Մենք մեր մտերիմների հետ ենք, մենք մերոնցով ենք, ոչ ոքի չեք ասի, և եթե իմ Լեյլեք էֆենդին էլ չի նեղանա, ձեզ մի գաղտնիք բացեմ։ Երդվո՞ւմ եք։ Լա՛վ, խոստովանում եմ։ Ես Չեմբերլիթաշի դրամահատարանից դուրս եկած իսկական օսմանյան սուլթանական ոսկի չեմ։ Ես կեղծ փող եմ։ Ինձ Վենետիկում են պատրաստել ցածրորակ ոսկուց և այստեղ բերելով՝ օգտագործել են որպես օսմանյան ոսկի։ Շնորհակալ եմ, որ հասկանում եք ինձ։ Որքան հասկացա Վենետիկի դրամահատարանից՝ այս գործը երկար տարիներ շարունակվում է։ Վենետիկի անհավատները ցածրորակ ոսկին արևելք տանելով՝ բաժանում են, իսկ իրական ոսկիները կրկին նույն դրամահատարանում են հայտնվում որպես վենետիկյան դուքաներ։ Հավատալով այն սկզբունքին, որ եթե վրան մի բան է գրված, ուրեմն միջինը պետք է այդ գրությանը համապատասխանի, օսմանցին էլ կեղծ վենետիկյան ոսկիները տարածեց ամբողջ Ստամբուլով մեկ։ Հետո սկսեցին կծելով ստուգել դրամները, որոնց մեջ ոսկին՝ ավելի քիչ, պղինձն ավելի շատ էր լինում։ Օրինակ՝ եթե այրվում ես սիրո կրակից, գնում ես գեղեցկադեմ Մահմուդի մոտ, որին ամբողջ աշխարհն է սիրահարված, սկզբում փողն է կծում և քեզ ոչ թե մի, այլ կես ժամով տեղափոխում է դրախտ։ Վենետիկյան անհավատը տեսնում է, որ սեփական սրտի փողը այսպիսի ահավոր ավարտ է ունենում, ասում է՝ գոնե օսմանյան ոսկու ձևը ստանամ, սրանք տարբերությունը չեն զգա։ Հիմա ուշադրություն դարձնենք տարօրինակ իրադրությանը։ Արդեն այս վենետիկյան անհավատը նկարելիս կարծես չի նկարում, կարծես իր Նկարածը վերածում է իսկական կյանքի։ Բայց փող հատելիս էլ իրական դրամը չի հատում, այլ նրա կեղծը։ Վենետիկից երկաթե նավակներ նստեցինք, նավ նստեցինք, օրորվելով գնացինք Ստամբուլ։ Անսպասելի հայտնվեցի ոսկեգործի խանութում, մի վարպետի սխտորահոտ բերանում։ Մի քիչ սպասեցինք, հետո ոսկին մանրելու համար մի անխելք գյուղացի եկավ։ Խորամանկ վարպետ ոսկեգործը, «Տեսնենք, քո ոսկին իսկական է, թե ոչ, պետք է կծեմ» ասելով՝ գյուղացու ոսկին դրեց բերանը։

Բերանում հանդիպեցի գյուղացու ոսկուն և հասկացա, որ իսկական օսմանյան էր։ Սխտորի հոտի մեջ ինձ տեսնելով՝ ասաց.

― Դու իսկական չես։

Ճիշտ էր ասում, բայց քանի որ նրա ասածից ինձ վիրավորված զգացի, ստեցի.

― Ինքդ ես կեղծ։

Այդ ընթացքում անխելք գյուղացին էլ հպարտանում էր.

― Իմ ոսկին կեղծ չի կարող լինել։ Ես այն քսան տարի առաջ թաղել էի, այն ժամանակ այսպիսի անբարոյականություններ չէին անում։

Երբ ես անհանգստանում էի, թե ինչ է լինելու, ոսկերիչը բերանից գյուղացու ոսկու փոխարեն ինձ հանեց։

― Վերցրու, քո ոսկին ստոր վենետիկցի անհավատների կեղծ փողն է, ես չեմ ուզում,― ասաց նա։― Չե՞ս ամաչում,― նախատեց հիմար գյուղացուն։

Նա էլ պատասխանեց, հետո ինձ վերցրեց ու գնաց։ Մյուս ոսկերիչներից էլ նմանաատիպ պատասխաններ ստանալով՝ հիսաթափվեց և որպես ցածրորակ ոսկի՝ ինձ մանրեց իննսուն արծաթադրամի։ Յոթ տարի տևող անավարտ թափառումներս ահա այսպես սկսվեցին։

Հպարտությամբ ասեմ, որ իմ ժամանակի մեծ մասը Ստամբուլում մի քսակից մյուսը, մի գոտուց մյուս գրպանը թափառելով եմ անցկացրել։ Ինձ համար ամենասարսափելին մի ամանի մեջ դիմացի պարտեզում քարի տակ տարիներ շարունակ թաղված մնալն է։ Իհարկե, ինձ հետ է պատահել, բայց չգիտես ինչու՝ այդ շրջանը երկար չէր թվում ինձ։ Այն մարդկանց մեծ մասը, ովքեր ինձ իրենց ձեռն էին առել, հատկապես երբ հասկացել էին, որ իսկական չեմ, ցանկանում էին հնարավորինս շուտ ինձնից ազատվել։ Դեռ չեմ հանդիպել մեկին, ով իմ՝ կեղծ դրամ լինելու պատճառով զգուշացրած լինի գնորդին։ Բայց կեղծ լինելս չնկատելով՝ ինձ հարյուր քսան արծաթադրամի արժեք տվողները, հենց հասկանում էին, որ իրենց խաբել են, մինչև մեկ ուրիշին խաբելով ինձնից ազատվելը՝ զայրույթի, տխրության ու անհամբերության պահեր էին ապրում։ Չնայած այդպիսի պահերին՝ բազմիցս փորձում էին խաբել ուրիշներին (շտապելուց ու զայրույթից միշտ անհաջողության էին հանդիպում), ինձ իրենց վաճառած մարդկանց «անբարոյական» ասելով՝ անկեղծորեն հայհոյում էին։ Այս վերջին յոթ տարվա ընթացքում Ստամբուլում հինգ հարյուր վաթսուն մարդու ձեռքն եմ ընկել, մտել եմ ցանկացած տուն, խանութ, շուկա, մզկիթ, եկեղեցի, սինագոգ։ Թափառելիս հասկացա, որ իմ մասին ավելի շատ են բամբասում, քան կարծում էի, իմ մասին լեգենդներ ու ստեր էին պատմում։ Անընդհատ երեսիս ասում էին, որ ինձնից բացի ուրիշ արժեք չի մնացել, որ դաժան եմ, ոչինչ չեմ տեսնում, ես էլ եմ փող սիրում, ինչ ափսոս է, որ աշխարհն իմ վրա է հիմված, որ ամեն բան ես կարող եմ գնել, որ վատն եմ, անարժեք ու ստոր։ Նրանք, ովքեր հասկանում էին՝ կեղծ եմ, ավելի էին զայրանում, ավելի վատ բաներ էին ասում։ Երբ արժեզրկվեցի, իմ փոխարժեքը սկսեց բարձրանալ։ Բայց չնայած այս բոլոր դաժան խոսքերին, անմիտ հերյուրանքներին՝ տեսա, որ մարդկանց մեծ մասը ինձ անկեղծորեն սիրում է։ Մտածում էի, որ այս անսեր ժամանակներում այդքան անկեղծ, անգամ ուժեղ սերը պետք է որ բոլորիս ուրախացնի։

Փողոցներ, թաղամասեր, Ստամբուլի բոլոր անկյունները տեսա, հրեաների, աբազինների, արաբների, մինգերյացիների ձեռքով անցա։ Մանիսա գնացող մի էդիրնեցի հոջայի քսակում մի անգամ Ստամբուլից դուրս եկա։ Երբ մեր ճանապարհը կտրեցին ավազակները և ասացին՝ կամ կյանքդ, կամ քսակդ, խեղճ հոջան մեզ գաղտնի թաքցրեց հետանցքում։ Այդ տեղը սխտոր սիրող մարդուց էլ վատ հոտ ուներ և ավելի անհարմարավետ էր։ Բայց անմիջապես հետո գործերն ավելի բարդացան, որովհետև ավազակները ոչ թե ասացին՝ կամ կյանքդ, կամ քսակդ, այլ՝ կամ կյանքդ, կամ էլ քեզ բռնաբարելու ենք, և շարք կանգնեցին։ Էլ չասեմ, թե այդ փոքրիկ անցքում ինչեր քաշեցինք։ Այդ պատճառով էլ ընդհանրապես չեմ սիրում Ստամբուլից դուրս գնալը։ Ստամբուլում ինձ միշտ սիրել են։ Ջահել աղջիկներն ինձ այնպես էին համբուրում, ասես նրանց երազանքների ամուսինն էի, ինձ դնում էին մետաքսե քսակների մեջ, բարձերի տակ, մեծ կրծքերի արանքում, վարտիքների մեջ, գիշերը քնի մեջ ստուգում էին՝ տեսնելու՝ արդյոք այնտե՞ղ եմ։ Ինձ թաքցրել են մի բաղնիքի վառարանի եզրին, երկարաճիտ կոշիկի մեջ, համեմունք վաճառողի հիանալի բուրող խանութում՝ փոքրիկ շշի տակ, մի խոհարարի ոսպի պարկի գաղտնի գրպանում։ Ուղտի կաշվից գոտիների, եգիպտական գույնզգույն կտորների, ներսից բրդե կտորով պատված կոշիկների, գույնզգույն անդրավարտիքների գաղտնի անկյուններում զբոսնեցի ամբողջ Ստամբուլով։ ժամագործ վարպետ Պետրոն ինձ զանգազարկով ժամի գաղտնի հատվածում էր դրել, մի հույն նպարավաճառ ինձ դրել էր պանրի մեջ, կնիքների, թանկարժեք իրերի և բանալիների հետ մեկտեղ բրդե կտորների մեջ փաթաթվելով՝ ինձ դրել են խողովակների, վառարանների մեջ, պատուհանների շեմին, կոշտ ծղոտից բարձերի ետևում, պահարանների և սնդուկների գաղտնի հատվածներում։ ճաշասեղանի մոտից վեր կենալով՝ ինձ ստուգելու համար եկող հայրեր, առանց պատճառի ինձ շաքարի պես բերանները դնող կանայք, հոտոտելով՝ քիթը մտցնող երեխաներ, ոչխարի մորթուց քսակից հանելով՝ օրը յոթ անգամ ինձ նայող, մի ոտքով գերեզմանում ծերեր տեսա։ Մի բծախնդիր չերքեզ կին կար, ամբողջ օրը տունը սրբելուց հետո մեզ հանում էր քսակից և փայտե խոզանակով մաքրում։ Միաչքանի ոսկերիչն անընդհատ մեզնով աշտարակներ էր պատրաստում, ծաղկի պես բուրող բեռնակիրը և նրա ընտանիքն ասես մի տեսարանի նայելու պես մեզ էին նայում, իսկ մի գրիչ (անունը կարևոր չէ) երեկոյան մեզ տարբեր ձևերով շարում էր։ Կարմիր փայտից նավակներով եմ զբոսնել մտել եմ պալատ, դուրս եմ եկել Հերաթում պատրաստված գրքերի մեջ, վարդ բուրող կոշիկների կրունկում, անասունների լծի ծածկոցի տակ եմ թաքնվել։ Կեղտոտ, մազոտ, գեր, յուղոտ, դողացող ծեր հարյուրավոր ձեռքեր տեսա։ Իմ մեջ ներծծվեցին ափիոնի հոտով ժողովատեղիների, մոմի գործարանների, թյունոսի բաստուրմայի և ամբողջ Ստամբուլի բույրերը։ Այս ամբողջ ոգևորության և շարժման միջով անցնելուց հետո գիշերվա մթան մեջ զոհի կոկորդը կտրելով՝ ինձ իր քսակի մեջ գցած ստոր ավազակի՝ տանը «թո՜ւհ, ամեն ինչ քո պատճառով եղավ» ասելով՝ ինձ վրա թքելիս նեղանում էի, ուզում էի գետնի տակն անցնել։ Բայց եթե ես չլինեմ, մանրանկարչի լավ կամ վատ լինելը ոչ ոք չի տարբերի, և այդ պատճառով մանրանկարիչները կսկսեն իրար ոչնչացնել։ Դրա համար էլ ամենատաղանդավոր, ամենախելացի մանրանկարչի քսակը մտնելով՝ այստեղ եկա։

Եթե դուք նրանից ավելի լավ մանրանկարիչ եք, փորձեք ինձ ձեռք բերել։




== 20. Իմ անունը Քարա է ==

Արդյոք հայրը տեղյա՞կ էր իմ ու Շեքուրեի նամակագրությանը։ Նամակներից զգում էի, որ նա հորից վախեցած փոքրիկ աղջիկ է, և իմ մասին ոչինչ չեն խոսել, բայց զգում էի, որ այդպես չէ։ Մանրավաճառ Էսթերի հայացքի խորամանկությունը, Շեքուրեի՝ պատուհանի առաջ երևալու կախարդանքը, Էնիշթեի՝ ինձ նկարիչների մոտ ուղարկելու վճռականությունը և այս առավոտվա համար ինձ կանչելիս զգացածս նրա անճարակությունն ինձ անհանգստացնում էին։

Առավոտյան փեսաս ինձ իր առջև նստեցնելով՝ սկսեց պատմել Վենետիկում տեսած դիմանկարների մասին։

Մեր Ջիհանփենահ սուլթանը դեսպանի տեսքով շատ պալատներ, հարուստ տներ, եկեղեցի է մտել։ Հազարավոր դիմանկարների առաջ օրերով կանգնել է, կտավի, տախտակի վրա, շրջանակի մեջ, պատերին նկարված հազարավոր դեմքեր է տեսել։

― Բոլորը իրարից տարբեր, միայնակ, չկրկնվող դեմքեր են,– ասաց նա։

Դրանց բազմազանությունից, գույներից, նրանց վրա ընկնող լույսից, նրբությունից, անգամ կոպտությունից, աչքերի արտահայտությունից հարբել էր։

– Կարծես բոլորր վարակված լինեին սեփական դիմանկարները նկարելու պատվերներով,– ասաց նա։– Ամբողջ Վենետիկը, նրանք, ովքեր փող և ուժ ունեին, և որպես իրենց կյանքի ականատես, և որպես հիշողություն դիմանկարներ էին պատվիրում, բացի այդ, դա նրանց հարստության, ուժի, իշխանության նշանն է։ Միշտ այդտեղ՝ մեր առաջ կանգնելու, իրենց գոյությունը միմյանց զգացնելու համար, բոլորից առանձին և տարբեր լինելը ցույց տալու համար։

Բառերն այնքան նվաստացնող էին, որ կարծես նախանձից, զայրույթից, ագահությունից էր խոսում, բայց Վենետիկում տեսած դիմանկարների մասին խոսելիս դեմքը երբեմն երեխայի դեմքի պես լուսավորվում էր և կենսալից դառնում։

Նկարչության սիրահար հարուստները, արքայազնները, մեծ ընտանիքները ամեն պահ դիմանկարի այնպիսի համաճարակով էին հիվանդանում՝ եկեղեցիների պատերին Աստվածաշնչից, կրոնական պատմություններից հատվածներ պատկերելով, անգամ այս անհավատները պարտադիր պայման էին դնում, որ նկարում իրենց դեմքն էլ պատկերված լինի։ Այսպիսով, օրինակ, սուրբ Ստեփանի թաղումը պատկերող նկարին էի նայում, բայց գերեզմանի մոտ արտասվող մարդկանց շարքում կանգնած էր ուրախ֊զվարթ արքայազնը։ Հետո մի նկարում, ուր պատկերված է, թե սուրբ Պետրոսն ինչպես է իր ստվերով բուժում հիվանդներին, անկյունում ցավից տառապող դժբախտ հիմարի՝ բարեկիրթ տանտիրոջ՝ խոզից էլ առողջ եղբորը նկատելով՝ հանդարտվում եմ։ Հաջորդ օրը՝ այս անգամ հանգուցյալների հարությունը պատմող մի նկարում քիչ առաջվա կեսօրվա ճաշին կուշտ կերած հարևանի աճյունին եմ նայում։

― Ոմանք այնքան էին զարգացրել իրենց գործը,― ասաց փեսաս այնպիսի վախով, կարծես սատանայի գայթակղության մասին էր խոսում,– որ նկարում տեղ գտնելու համար մարդկային բազմության մեջ բաժակները խմիչք լցնող մի ծառա, մեղք գործած կնոջը քարկոծող անխիղճ մարդ կամ էլ անգամ արյունոտ ձեռքերով մարդասպան լինելուն էին պատրաստ։

― Ճիշտ ինչպես հին իրանական լեգենդներ պատմող գրքերում,― ասացի ես՝ ձևացնելով, թե չեմ հասկացել։– Դա նման է նրան, երբ տեսանք, թե շահ Իսմայիլն ինչպես գահ բարձրացավ։ Կամ էլ Խոսրովի ու Շիրինի պատմության մեջնրանցից շատ հետո եկող Թեմուրի նկարը տեսնելուն։

Տան մեջ ինչ-որ տեղից ձայն էր գալիս։

― Բայց այդ ֆրանսիական նկարները կարծես մեզ վախեցնելու համար են նկարում,– հետո ասաց փեսաս։– Միայն դրանք պատվիրողների ուժն ու հարստությունը չեն վախեցնում մեզ։ Բացի այդ, այս աշխարհում լինելու՝ շատ հատուկ ու խորհրդավոր բան լինելն են փորձում մեզ հավատացնել։ Չկրկնվող դեմքերով, աչքերով, կեցվածքներով և ստվերոտ ծալքերով հագուստով խորհրդավոր էակի օրինակ դառնալով՝ ցանկանում են մեզ վախեցնել։

Մի անգամ Քորնո լճի ափին մի հարուստ տան մեջ խենթ հետաքրքրասերների, արքայից մինչև կարդինալներ, զինվորներից մինչև գեներալներ՝ ֆրանսիական պատմության բոլոր հայտնիների դեմքերի նկարագրությունների, հավաքած հիանալի դիմանկարների, տան սենյակներում մոլորվելու մասին պատմեց։

― Իմ հյուրասեր տանտերը հպարտորեն ցույց էր տալիս տան սենյակները, երբ ինձ մենակ թողեց, որ ուզածիս պես ես էլ շրջեմ։ Այդ կարևոր անհավատների դիմանկարներն իրական են երևում, և որքան ուղիղ նայում էին աչքերիս մեջ, հասկանում էի, որ այս աշխարհում կարևոր են դառնում միայն որովհետև նրանց դիմանկարներն արվել են։ Դիմանկարներն այնպիսի խորհրդավորություն են ստեղծում, որ մարդիկ դադարում են իրար նմանվել։ Կարծես եթե այս ոճով ինձ նկարեն, կհասկանամ, թե ինչու եմ ապրում այս աշխարհում։

Հերաթի հին վարպետները, հասկանալով, որ կատարյալ և անփոփոխ իսլամական նկարչությունը դիմանկարի հանդեպ հետաքրքրասիրության պատճառով կկործանվի, վախեցել են և հրաժարվել այդ մտքից։

― Բայց կարծես նաև ուզում էի զգալ, որ բոլորից հեռու եմ, տարբեր եմ, նման չեմ,– ասաց նա։

Այսպիսով, երբ սատանան նրան դրդելէ մեղք գործելու, զգացել է, թե ինչպես է մի զգացմունք իրեն հրում դեպի այն, ինչն իրեն այդքան վախեցնում է։

― Ինչպե՞ս ասեմ, կարծես մեղսագործի ցանկություն լիներ, կարծես Աստծու առաջ մեծամտանալ, ինձ մեծ մարդ համարել, աշխարհի կենտրոն զգալու նման բան լիներ։

Ավելի ուշ եվրոպացի վարպետների ձեռքին երեխայական խաղի վերածվող բանի, մեր մեծ սուլթանին ուղղվելու դեպքում մի խորհրդավորության վրայով էլ անցնելով, ամեն հանդիպածին իր ազդեցության տակ գցելու ուժի, մեր կրոնին ծառայելու մասին էր մտածել։ Ահա այդ ժամանակ մտածեցի մի գիրք կազմել, որտեղ մեր սուլթանի և նրան ներկայացնող պատմությունների նկարները կլինեն։ Որովհետև Ստամբուլ վերադարձած փեսաս մեր սուլթանին եվրոպացի վարպետների ոճով նկարվելու առավելությունների մասին էր պատմել։ Նա սկզբում մի փոքր հակառակվել էր։

― Կարևորը պատմությունն է,– ասել էր։– Գեղեցիկ նկարը պատմությունը նրբորեն զարդարում է։ Պատմությունն ամբողջացնող նկարի մասին մտածելիս կարծում եմ, որ այն ի վերջո երկրպագության առարկա է դառնալու, որովհետև եթե չենք կարողանում հավատալ գոյություն չունեցող պատմությանը, ուրեմն նկարին ենք հավատալու։ Դա նման է Քաբբայում մեր մարգարեի՝ արձանները ջարդելուց առաջ նրանց երկրպագելուն։ Եթե այն մի պատմության մի մասը չի լինելու, օրինակ՝ այս մեխակը կամ այս լկտի թզուկին ինչպե՞ս ես նկարելու։

― Մեխակի գեղեցկությունը, նրա յուրահատկությունը ցույց տալով։

― Հետո էլ էջի վերջում այն դնելու ես աշխարհի կենտրոնո՞ւմ։

― Վախեցա,– ասաց փեսաս։– Տեսնելով, թե մեր սուլթանի մտքերն ինձ ուր են տանում, մի պահ անհանգստացա։

Այսպիսով, զգացի, որ փեսաս վախենում է աշխարհի և թղթի կենտրոնում Ալլահի նպատակից բացի մեկ այլ բան նկարել։

― Հետո կցանկանաս պատից կախել մի նկար, որի կենտրոնում թզուկ ես նկարել,– ասել է մեր սուլթանը՝ ինձ պես կարծելով, որ փեսաս վախենում է։

― Բայց նկարն անհնար է պատից կախել, որովհետև պատից կախած նկարին, անկախ նպատակից՝ սկսում ենք երկրպագել։ Եթե, ինչպես անհավատներն են անում, Հիսուս մարգարեի՝ միևնույն ժամանակ Աստված լինելուն հավատայի, այդ ժամանակ կհասկանայի, որ Աստված կարող է երևալ աշխարհում, անպետք մարդու մեջ կարող է ի հայտ գալ, կարող էի ընդունել, որ մարդու նկար կարող եմ անել ու կախել պատից։ Պատից կախված ցանկացած նկարի, ի վերջո, առանց հասկանալու սկսելու ենք երկրպագել, հասկանում ես, չէ՞։

― Նրան այնքան լավ էի հասկանում,― ասաց փեսաս ինձ,― որ վախենում էի, թե միևնույն բանի շուրջ ենք մտածում։

― Այդ պատճառով չեմ կարող համաձայնել, որ իմ նկարը պատից կախեն,– ասաց մեր սուլթանը։

― Բայց ուզում էր,– շշնջաց փեսաս՝ սատանայի պես ժպտալով ինձ։

Հիմա իմ վախենալու ժամանակն էր։

― Բայց ֆրանսիացի վարպետների ոճով նկարել էլ եմ ցանկանում,― ասաց մեր սուլթանը։― Պետք է այս նկարը թաքցնել գրքերի էջերի մեջ։ Դու պետք է ասես, թե որ գիրքը պետք է լինի։

― Մի պահ զարմանքով ու հիացմունքով մտածեցի,– ասաց Էնիշթեն։

Հետո քիչ առաջվա սատանայական ծիծաղով այնպիսի հայացքով նայեց ինձ, որ մի պահ քիչ էր մնում հավատայի, թե փեսայիս փոխարեն ուրիշ մարդու հետ եմ խոսում։

― Մեր սուլթանն ինձ հրամայեց, որ անմիջապես սկսեմ աշխատել գրքի վրա։ Երջանկությունից գլուխս պտտվում էր։ Նաև հրամայեց նվեր պատրաստել Վենետիկի դոժի համար, քանի որ ինձ նորից նրա մոտ էր ուղարկելու։ Ուզում էր, որ երբ գիրքն ավարտվի, հիջրի օրացույցի համաձայն Իսլամի խալիֆի, մեր մեծ սուլթանի հաղթական ուժի ականատեսը լինեն։ Բայց որպեսզի վենետիկցիների հետ համաձայնության մասին ոչ ոք չիմանա և արվեստանոցում բամբասանքներ չսկսվեն, ինձնից պահանջեց, որ գիրքը գաղտնի գրվի։ Ես էլ սիրով ու գաղտնի սկսեցի նկարել նկարները։




== 21. Ես ձեր փեսան եմ ==

Այսպիսով, ուրբաթ առավոտյան սկսեցի պատմել, թե մեր սուլթանի գիրքը, ուր տեղ են գտնելու եվրոպացի վարպետերի ոճով արված նկարները, ինչպիսին է լինելու։ Սկզբնական կետն այն էր, թե նույն պատմությունն ինչպես էի պատմելու մեր սուլթանին և նրան ինչպես էի ստելու, թե իբր պատրաստում եմ գիրքը։ Բայց իմ թաքուն նպատակն այն էր, որ Քարային թելադրեի նկարները մեկնաբանող պատմությունները, որոնք, սակայն դեռ չէի սկսել գրել։

Ասացի, որ գրքի նկարների մեծ մասն ավարտել եմ, աշխատում եմ վերջին նկարի ավարտի վրա։

― Մահն իր նկարն ունի,― ասացի ես։― Որպեսզի գրքում երևա, թե մեր սուլթանի աշխարհը որքան խաղաղ է, խելացի մանրանկարիչ Լեյլեքին խնդրեցի ծառ նկարել, Շահմերանի նկարը կա, մեզ դեպի հեռուներ տանող ձիու նկար կա, միշտ խորամանկ ու գիտուն շուն կա, փող կա... Սրանք իմ արվեստանոցի վարպետ նկարիչներն այնքան գեղեցիկ են նկարել, որ ասացի՝ Քարա՛, եթե մի անգամ նայես, անմիջապես կասես, թե նրանց նկարագրած պատմությունն ինչպիսին պետք է լինի։ Կհասկանաս՝ բանաստեղծությունը և նկարը, գույնը և բառը, բոլորը եղբայրներ են։

Մի պահ մտածեցի՝ ասե՞մ, որ դստերս կարող եմ նրան կնության տալ։ Մեզ հետ այս տանը կապրի՞։

Ինքս ինձ ասացի՝ մի՛ խաբվիր քեզ ուշադիր լսելուն, դեմքի մանկական արտահայտությանը։ Հույս ունի Շեքուրեին վերցնել ու փախչել։ Բայց իմ գիրքը միայն Քարան կարող էր ավարտին հասցնել։

Նամազից վերադառնալիս իտալացի վարպետների նկարչական գյուտի՝ ստվերների մասին էլ խոսեցի։

― Եթե այնպես է նայում, ասես քայլում է փողոցով, կանգնում է, շատախոսելով՝ աշխարհին է նայում, ուրեմն պետք է իմանանք այդ պահին փողոցում ամենաշատ երևացող բանը՝ ստվերն էլ մեր նկարներում պատկերել, ինչպես եվրոպացի վարպետներն են անում։

― Իսկ ստվերն ինչպե՞ս են պատկերում,– հարցրեց Քարան։

Երբեմն զգում էի, որ ինձ լսելիս զարմիկս անհանգիստ է։ Երբեմն իր բերած մոնղոլական թանաքամանի հետ էր խաղում։ Երբեմն էլ ձեռքն էր վերցնում վառարանի ունելին, կրակն էր խառնում։ Երբեմն պատկերացնում էի, թե ինչպես է այդ երկաթով խփում գլխիս, սպանում ինձ, որովհետև նկարչությունը հեռացնում եմ Ալլահից, որովհետև Հերաթի վարպետների երազներից ելած նկարներին և ամբողջ նկարչական ավանդույթին դավաճանում եմ, որովհետև մեր սուլթանին էլ հավատացրել եմ դրանում։ Երբեմն առանց շարժվելու երկար նստում էր, նայում աչքերիս մեջ։ Կարծում եմ՝ երբեմն մտածում է՝ մինչև աղջկադ հետ ամուսնանալը անգամ ստրուկդ կլինեմ։

Մի անգամ, ինչպես մանկության տարիներին, նրան տարա այգի, փորձեցի հոր պես պատմելնրան ծառերի, արևի տակ շողացող տերևների, հալվող ձյան, մեր փողոցի տների՝ հեռվից ավելի փոքր երևալու տրամաբանության մասին։ Բայց սխալ արեցի, անգամ դա բավական էր, որ հասկանայի՝ անցյալում մեր միջև եղած հոր֊որդու հարաբերությունները վաղուց սպառվել էին։ Մանկության տարիների հետաքրքրասիրության և սովորելու ցանկության փոխարեն աղջկաս վրա աչք դրած հիմարի անիմաստ խոսքերի դեմ փորձում էի համբերություն ցուցաբերել։ Տասներկու տարի շարունակ թափառած երկրների, քաղաքների ծանրությունր, փոշին ամբողջ ուժով ներծծվել էր զարմիկիս հոգու մեջ։ Ինձնից ավելի հոգնած էր. նրան խղճացի։ Ոչ միայն տասներկու տարի առաջ Շեքուրեին նրան կնության չտալու համար, դա անհնար էր, այլև մուսուլման մանրանկարիչների, Հերաթի լեգենդար վարպետների ոճից բացի իմ երազած նկարները և այս հիմարությունները պնդելով պատմելուս համար էի զայրանում։ Ահա այսպես պատկերացրի, որ նա ինձ սպանելու է։

Բայց նրանից չեմ վախենում, ճիշտ հակառակը՝ փորձեցի իրեն վախեցնել։ Որովհետև զգում էի, որ նա պետք է գրի վախի նկարի տեքստը։ Ինչպես այդ նկարներում, մարդն էլ իրեն պետք է դնի աշխարհի կենտրոնում, ասացի ես, հետո ավելացրի.

― Իմ մանրանկարիչներից մեկն ինձ համար մահը շատ գեղեցիկ պատկերեց։ Կնայե՞ս։

Մի տարի շարունակ վարպետ մանրանկարիչներին թաքուն պատվիրածս նկարներն էլ այսպես սկսեցի նրան ցույց տալ։ Սկզբում ամաչում էր, անգամ վախենում։ Տեսնելով, որ մահը պատկերված է, ինչպես Շահնամեի մահվան տեսարաններում, Աֆրասյաբի, Սիավուշի գլխատման կամ Ռոստամի՝ չիմանալով, որ Սոհրաբն իր որդին է, սպանելու պատմությունների ներշնչանքով, անմիջապես ըմբռնեց թեման։ Լուսահոգի սուլթան Սուլեյմանի հուղարկավորությունը ներկայացնող նկարների տխուր ու ծանր գույներով պատկերված նկարում եվրոպացի վարպետների ոճի հասկացությունը և իմ՝ սեփական մատիտով ավելացրած մի ստվերի գործ կար։ Հորիզոնի գիծը և ամպերը իրար խառնելով՝ ցույց տվեցի սատանայական խորությունը։ Նրան հիշեցրի, որ մահը վենետիկյան պալատներում պատկերվել է որպես յուրօրինակ անձնավորություն։

― Այնքա՜ն են ուզում յուրահատուկ և անզույգ երևալ, տես, նայում են մահվան աչքերի մեջ։ Մարդ ոչ թե մահից, այլ միայնակ, անզույգ և կանոններից դուրս լինելու ցանկության ուժից պետք է վախենա,― ասացի ես։– Նայիր այս նկարին և գրիր նրա պատմությունը։ Խոսեցրու մահը, ահա թուղթ, ահա գրիչ։ Գրածդ անմիջապես գրիչ վարպետին կտամ։

Մի պահ անձայն նայեց նկարին։

― Ո՞վ է նկարել,– հարցրեց հետո նա։

― Քելեբեքը։ Ամենատաղանդավորը նա է։ Վարպետ Օսմանը տարիներ շարունակ սիրում էր նրան ու հիանում։

― Այս շան նկարի նման մի նկար էլ, բայց ավելի կոպիտ, տեսել եմ այն սրճարանում, ուր մեդդահը պատմություններ է պատմում,― ասաց Քարան։

― Իմ մանրանկարիչների մեծ մասը, ովքեր կապված են վարպետ Օսմանին և արվեստանոցին, չեն հավատում իրենց նկարածներին։ Կարող եմ պատկերացնել, թե գիշերն այստեղից դուրս գալով՝ փողի համար արած նկարները և ինձ ինչպես են սրճարաններում անշնորհք ծաղրում։ Մի անգամ մեր սուլթանը դեսպանատնից բերած մի վենետիկցի նկարչի պատվիրեց իր դիմանկարը։ Ավելի ուշ վարպետ Օսմանի համար այդ յուղաներկ նկարի կրկնօրինակը սեփական ոճով նկարեցին։ Վարպետ Օսմանն ասաց, որ ես եմ մեղավոր վենետիկցի նկարչին այդ ամոթալի նկարը պատվիրելու համար։ Իրավացի էր։

Բացի նկարից, որն ամբողջ օրը չէի կարողացել ավարտել, նրան ցույց տվեցի բոլոր նկարներս, որպեսզի պատմությունները գրի, նրան պատմեցի մանրանկարիչների բնավորությունների մասին և ասացի, թե նրանց որքան եմ վճարել։

Խոսելով ապագայի, վենետիկյան նկարների՝ աստիճանաբար ավելի փոքր պատկերվելուց, դրա՝ անհավատություն լինելու կամ չլինելու մասին, նաև խոսեցինք, որ խեղճ Զարիֆ էֆենդին կարող էր փողի նախանձի և զայրույթի պատճառով սպանված լինել։ Արդեն վստահ էի, որ մի մութ գիշեր տուն վերադառնալու հաջորդ առավոտյան, ինչպես և խոստացել էր, գալու է, կրկին լսելու է իմ գրքի պատմությունները։ Բաց դռան առաջ ոտնաձայներին ականջ դնելիս սառը գիշերվա մեջ այնպիսի բան էի զգում, որն իմ անքուն ու անհանգիստ մարդասպանին ինձնից ու իմ գրքից ավելի ուժեղ և ավելի սատանայական էր դարձնում։

Նրա ետևից դուռն ամուր փակեցի, ինչպես ամեն գիշեր, ետևում որպես ոլոռի աման օգտագործածս ջրի թասը դրեցի, կրակը հանգցնելուց հետո անկողին մտնելուց առաջ տեսա՝ Շեքուրեն մթան մեջ իր ճերմակ գիշերազգեստով ուրվականի պես կանգնած է իմ առաջ։

― Վստա՞հ ես, որ ուզում ես այդ մարդու հետ ամուսնանալ,― հարցրի նրան։

― Ոչ, հայրի՛կ։ Անգամ դադարել եմ մտածել ամուսնության մասին։ Բացի այդ, ես ամուսնացած եմ։

― Եթե դեռ ուզում ես ամուսնանալ նրա հետ, արդեն կարող եմ թույլ տալ։

― Նրա հետ չեմ ուզում ամուսնանալ։

― Ինչո՞ւ։

― Որովհետև դուք չեք ուզում։ Ես չեմ ուզում մեկին, ում դուք անկեղծորեն չեք ուզում։

Մի պահ տեսա, թե վառարանի ածուխները մթության մեջ ինչպես փայլեցին նրա աչքերում։ Ոչ թե դժբախտությունից, այլ զայրույթից էին աչքերը թաց, բայց ձայնի մեջ նեղացածություն չկար։

― Քարան քեզ շատ է սիրում,– ասացի նրան ես՝ ասես գաղտնիք էի հայտնում։

― Գիտեմ։

― Ամբողջ օրը պատմածներս ոչ թե նկարչության հանդեպ սիրուց, այլ քո սիրուց լսեց։

– Ձեր գիրքն ավարտին է հասցնելու, ամենակարևորը դա է։

― Ամուսինդ մի օր վերադառնալու է,– ասացի ես։

Չգիտեմ ինչու՝ գուցե լռության պատճառով, այդ գիշեր հասկացա, որ նրա ամուսինն այլևս չի վերադառնալու։

― Երազում տեսածներս պետք է որ ճիշտ լինեն. նրան սպանել են։ Վաղուց թռչուններին կեր է դարձել։

Այս վերջին խոսքերը տարօրինակ զայրույթով ասաց և շշուկով, որպեսզի քնած երեխաները չլսեն։

― Եթե ինձ սպանեն,– ասացի ես,― ուզում եմ, որ այս գիրքն ավարտվի։ Երդվիր։

― Երդվում եմ, բայց ո՞վ է ավարտին հասցնելու ձեր գիրքը։

― Քարան։ Դու կարող ես ստիպելնրան, որ ավարտի։

― Դուք արդեն ստիպում եք, հայրի՛կ,― ասաց նա։– Իմ կարիքը չունեք։

― Ճիշտ է, բայց քեզ համար է հանդուրժում ինձ։ Եթե ինձ սպանեն, կարող է վախենալ ու հրաժարվել գրքից։

― Այդ դեպքում ինձ հետ չի կարող ամուսնանալ,– ժպտալով ասաց խելացի աղջիկս։

Ինչի՞ց էի հասկանում, որ ժպտում է։ Ամբողջ խոսակցության ընթացքում աչքերում մեկընդմեջ երևացող փայլից բացի ուրիշ ոչինչ չկարողացա տեսնել։ Սենյակի մեջտեղում իրար դեմ դիմաց, լարված կանգնած էինք։

― Նրան նամակներ գրո՞ւմ ես, նշաններ տալի՞ս ես,― անհամբեր ասաց նա։

― Ինչպե՞ս կարող եք նման բան մտածել։

Երկար, տառապալից լռություն տիրեց։ Հեռվում մի շուն հաչաց։ Մի քիչ մրսեցի, դողացի։ Սենյակն արդեն այնքան մութ էր, որ իրար ընդհանրապես չէինք տեսնում, միայն զգում էինք, որ կանգնած ենք դեմ դիմաց։ Հետո հանկարծ փաթաթվեցինք, ամբողջ ուժով գրկեցինք իրար։ Սկսեց արտասվել, ասաց, որ մորն է կարոտել։ Վարսերը մոր վարսերի պես էին բուրում, համբուրեցի, շոյեցի Նրան։ Տարա իրար գրկած քնած երեխաների մոտ, պառկեցրի անկողնում։ Մտածելով անցած երկու օրվա մասին՝ արդեն ոչ մի կասկած չունեի՝ Շեքուրեն և Քարան նամակագրվում են։




== 22. Իմ անունը Քարա է ==

Գիշերը տուն վերադառնալուց հետո իրեն մայրս համարող տանտիրուհուց ազատվելով՝ անմիջապես փակվեցի սենյակում և պառկելով անկողնու վրա՝ մտածեցի իմ Շեքուրեի մասին։ Սկսենք ձայներից, որոնց ուշադրություն դարձնելն ինձ համար խաղի էր վերածվել։ Տասներկու տարի անց նրանց տուն երկրորդ անգամ գնացի, բայց նրան չտեսա։ Բայց վստահ էի, որ ինձ կախարդանքով է շրջապատել, որ անընդհատ ինձ կարողանում էր տեսնել, որպես ապագա ամուսնու զննում էր ինձ, դրանից իր համար խաղ էր սարքել։ Այդ պատճառով ինձ անընդհատ թվում էր, թե ես էլ եմ տեսնում նրան։ Իբնի Արաբիի սիրուց չերևացողին երևացող ցույց տալու ունակությունը, իսկ չերևացողին անընդհատ կողքին զգացնելու ցանկությունն այսպիսով ավելի լավ հասկացա։ Տան տախտակների ճռճռոցից, ձայներից կարողանում էի հասկանալ, որ Շեքուրեն հետևում է ինձ։ Մի պահ հասկացա, որ երեխաների հետ կողքի սենյակում է, որովհետև լսեցի, թե երեխաներն ինչպես էին վիճում, բայց մոր սպառնալից հայացքն ու կիտած հոնքերը ստիպեցին, որ աշխատեն ցածր խոսել։ Մերթընդմերթ լսում էի նրա ցուցադրական փսփսոցը, հետո ծիծաղը լսեցի։ Մեկ ուրիշ անգամ, երբ նրանց պապն ինձ պատմում էր լույսի ու ստվերի հրաշքների մասին, Շևքեթն ու Օրհանը ներս մտան և ակնհայտ ծրագրված ուշադիր շարժումներով սինիով մեզ համար սուրճ բերեցին։ Իրականում դա պետք է Հայրիյեն աներ, բայց մայրը հավանաբար ցանկացել էր, որ երեխաներն ապագա հորը մոտիկից տեսնելու հնարավորություն ունենան, ու որպեսզի կարողանա նրանց հետ այս մարդու մասին խոսել։

― Ինչ գեղեցիկ աչքեր ունես,– ասացի Շևքեթին և զգալով, որ փոքրիկ եղբայր Օրհանը նախանձում է, ավելացրի,– քո աչքերն էլ են մեծ։

Անմիջապես գրպանիցս հանեցի թառամած մեխակի թերթիկը, դրեցի սինու վրա, հետո երկուսին էլ համբուրեցի։ Ավելի ուշ տնից ծիծաղի ձայներ եկան։

Երբեմն ինձ հետաքրքրում էր, թե փակ դռների, անգամ առաստաղի որ մասում, որ անցքում է ինձ հետևող աչքը, ինձ որ անկյունից է դիտում, տան որոշ ճաքերին, ճեղքերին կամ թերություններին նայելով՝ ենթադրություններ էի անում, պատկերացնում էի, թե այդ ճաքի ետևում Շեքուրեն ինչպես է տեղավորվել, հետո միանգամից կասկածում էի, որ մեկ այլ մութ կետից է հետևում, որպեսզի հասկանայի՝ արդյոք ճիշտ եմ մտածում, անընդհատ պատմող փեսայիս անհարգալից վերաբերվելով՝ վեր էի կենում, փեսայիս պատմությանն ականջ դնողի մտազբաղ, զարմացած և մտածկոտ դեմքի արտահայտությամբ սենյակում քայլում էի, մոտենում սենյակի այն կետին, ուր կարծում էի, որ Շեքուրեն է։ Այդ անցքի ետևում Շեքուրեի աչքերին չհանդիպելը տխրեցնում էր։ Մի պահ ինձ սարսափելի միայնակ էի զգում, անհամբեր էի դառնում մի մարդու պես, ով չգիտի՝ ինչ անել կյանքում։ Երբեմն այնքան ուժգին էի զգում, որ Շեքուրեն ինձ հետևում է, և այնպես էի հավատում, որ հիմա նրա հայացքի տակ եմ, որ սիրելի աղջկա վրա տպավորություն գործելու համար իրեն ավելի լուրջ, ուժեղ և հզոր մարդ ցույց տվող մեկի պես փորձեցի մի քիչ դերասանություն անել։ Այդպիսի պահերին մտածում էի, որ Շեքուրեն ու երեխաներն ինձ դիմավորելու են պատերազմից չվերադարձած ամուսնու, իրենց կորած հոր հետ։ Հիշեցի փեսայիս պատմած՝ Վենետիկի ճանաչված մարդկանց դիմանկարների մասին։ Կցանկանայի, որ Շեքուրեն ոչ թե տանջարանների կամ կորած ամուսնու արած՝ ձեռքի ուժի, թրի ծայրով թռցրած գլուխների պատմություններ լսեր, այլ իրենց գրած նամակների կամ էլ նկարած կտավների շնորհիվ հայտնի դարձածների մասին իր հորից լսած պատմություններին հավատար։ Այս հայտնիների, ինչպես փեսաս է ասում, աշխարհի՝ անզեն աչքով տեսանելի մթության և խորհրդավոր անկյունների ուժից ներշնչանքով արված նկարներին նայելիս ես՝ ոչինչ չտեսած զարմիկս, այդ հրաշքները պատկերացնելու համար այնքան ջանք էի թափում, որ, ի վերջո, ոչինչ չէի կարողանում պատկերացնել, ինձ վատ էի զգում, ստորացած։

Մի պահ կրկին Շևքեթը մոտեցավ։ Երբ վճռականորեն հպվեց ինձ, մի պահ կարծեցի՝ Մավերաուննեհիրում որոշ արաբ ցեղերի և Կովկասի լեռների չերքեզների պես տան ամենամեծ տղա երեխան հյուրի ձեռքը պետք է ոչ միայն տուն մտնելիս, այլև տնից ճանապարհելիս էլ համբուրի։ Ուստի ձեռքս մեկնեցի, որ համբուրի ու ճակատին դնի։ Միևնույն ժամանակ՝ մոտիկից լսեցի Շեքուրեի ծիծաղը։ Ինձ վրա՞ էր ծիծաղում։ Անհանգստացա և որպես փրկություն, ասես հենց դա էին ինձնից սպասում, Շևքեթին գրկեցի ու համբուրեցի։ Այդ ընթացքում հասկանալով, որ փեսայիս խոսքն ընդհատել եմ, բայց որպեսզի ցույց տայի, որ նրա հանդեպ անհարգալից չեմ, ժպտացի ու հոտոտեցի երեխային, որ զգայի՝ արդյոք մոր պե՞ս է բուրում։ Երբ զգացի, որ ձեռքիս մեջ մի կտոր թուղթ է դրել, Շևքեթն արդեն շրջվել ու գնում էր։ Թուղթն ամուր սեղմելով բռունցքիս մեջ՝ թանկարժեք իրի պես թաքցրի։ Հասկանալով, որ դա Շեքուրեի գաղտնի նամակն է ինձ, երջանկությունից զարմացած ժպտացի Էնիշթեին։ Մի՞թե սա ապացույց չէր այն բանի, որ Շեքուրեն խենթի պես սիրում է ինձ։ Մի պահ անսպասելի պատկերացրի, թե ինչպես ենք Շեքուրեի հետ խենթի պես սեր անում։ Այնպես հավատացի, որ երազանքս շուտով իրականություն է դառնալու, որ զգացի՝ փեսայիս առաջ լրիվ անհարմար պահի բանս սկսեց բարձրանալ։ Շեքուրեն տեսա՞վ դա։ Ուշադրությունս շեղելու համար երկար ականջ էի դնում փեսայիս պատմածներին։

Հետո, երբ փեսաս շրջվեց գրքի մեկ այլ էջ բերելու համար, բացեցի բուրումնավետ թուղթը, նայեցի ու տեսա, որ վրան ոչինչ գրված չէ։ Քանզի չէի հավատում, որ թուղթը դատարկ է, մի քանի անգամ շուռումուռ տվեցի։

― Պատուհանը,– ասաց փեսաս։– Ապագայի ոճն օգտագործելը նշանակում է աշխարհին պատուհանից նայել։ Այդ ի՞նչ թուղթ է։

― Ոչի՛նչ, Էնիշթե էֆենդի,― ասացի ես, բայց հետո երկար հոտոտեցի թուղթը։

Կեսօրի ճաշից հետո, քանի որ չէի ցանկանում օգտագործել փեսայիս գիշերանոթը, թույլտվություն խնդրեցի և գնացի այգու զուգարան։ Շատ ցուրտ էր։ Առանց հետույքս սառեցնելու՝ արագ գործս ավարտելով՝ դուրս եկա, երբ Շևքեթը, ասես ճանապարհս կտրելով՝ խորհրդավոր լռությամբ կանգնեց իմ առաջ։ Ձեռքին պապի՝ դեռ տաք միզամանն էր։ Իմ ետևից զուգարան մտնելով՝ դատարկեց։ Դրսում՝ դատարկ անոթը ձեռքին, կլոր այտերն ուռցնելով՝ գեղեցիկ աչքերով նայեց իմ աչքերի մեջ։

― Դու մեռած կատու տեսե՞լ ես,– ասաց նա։

Քիթը նման էր մոր քթին։ Արդյոք մայրը հետևո՞ւմ էր մեզ։ Նայեցի՝ Շեքուրեին տարիներ անց առաջին անգամ տեսածս երկրորդ հարկի երազային պատուհանը փակ էր։

― Ո՛չ։

― Կախված հրեայի տան մեռած կատուն ցույց տա՞մ։

Առանց պատասխանիս սպասելու Փողոց դուրս գալով՝ քայլեց։ Գնացի նրա ետևից։ Ցեխոտ, սառցապատ ճանապարհով քառասուն-հիսուն քայլ արեցինք, մտանք մի անխնամ այգի։ Թաց ու նեխած տերևների հոտ էր գալիս։ Երեխան տեղանքը շատ լավ իմացողի վստահությամբ ու արագ քայլերով մտավ մերկ թզենու և նշենու ետևում թաքնված մի դեղին դռնով։ Տունը դատարկ էր, բայց կարծես այնտեղ մեկն ապրում էր. չոր էր ու մի քիչ տաք։

― Սա ո՞ւմ տունն է,– հարցրի ես։

― Հրեաների։ Երբ նա մահացավ, կինը երեխաների հետ տեղափոխվեց Յեմիշի նավամատույցի հրեական թաղամաս։ Հիմա տունը մանրավաճառ Էսթերը փորձում է վաճառել։

Գնաց սենյակի մի անկյունը, եկավ։

― Կատուն գնացել է, չկա,– ասաց նա։

― Մեռած կատուն ինչպե՞ս կարող է գնալ։

― Պապս ասում է, որ հանգուցյալները շրջում են։

― Բայց ոչ նրանք,― ասացի ես,― նրանց հոգիները։

― Որտեղի՞ց գիտես,– ասաց նա։ Լրջորեն, պինդ գրկել էր գիշերանոթը։

― Գիտեմ։

― Դու միշտ գալի՞ս ես այստեղ։

― Մայրս է գալիս Էսթերի հետ։ Գիշերները ուրվականներ են գալիս, բայց ես չեմ վախենում այս տնից։ Դու երբևէ մարդ սպանե՞լ ես։

― Այո։

― Քանի՞ հոգի։

― Այդքան էլ շատ չէ. երկու։

― Թրո՞վ։

― Թրով։

― Նրանց հոգիները թափառո՞ւմ են։

― Չգիտեմ։ Գրքերի ասելով՝ պետք է որ թափառեն։

― Հասան հորեղբայրը մի կարմիր թուր ուներ, շատ սուր էր։ Բացի այդ, դաշույն ուներ, պոչը սուտակից էր։ Հորս դո՞ւ ես սպանել։

Գլխովս ո՛չ «այո»֊ի, ոչ «ո՛չ»–ի նման մի շարժում արեցի։

― Որտեղի՞ց գիտես, որ հայրդ մահացել է։

― Մայրս երեկ ասաց։ Արդեն չի վերադառնալու։ Երազում է տեսել։

Մեր սեփական չնչին շահերը, ցանկասիրության այրող զգացումները և մեր սիրտը կոտրող հանուն սիրո արվող չարությունները փորձում ենք պատճառաբանել ավելի վեհ նպատակներով, ես էլ այս որբուկների հայրը լինելու ևս մեկ որոշում կայացրի այդ պահին և այդ պատճառով, տուն վերադառնալով՝ սկսեցի ուշադիր լսել նրանց պապին, որը պատմում էր գրքի և նկարների մասին, որոնք պետք է ավարտին հասցնել։

Սկսեմ պատմել փեսայիս ցույց տված նկարներից, օրինակ՝ ձիուց։ Չնայած այս նկարում մարդ չկա, ձիու շուրջը ոչինչ չկա, ես չեմ ասում, չի կարելի ասել, որ սա միայն մի ձիու նկար է։ Նա այնտեղ էր, բայց ակնհայտ էր, որ այնտեղ ուրիշներն էլ կային, ո՞վ գիտի՝ Քազվինի ոճով նկարված փշերի միջից ով էր դուրս գալու։ Դա կարելի էր հասկանալ ձիու թամբից և նրա վրա արված նախշերից։ Գուցե շուտով ձիու կողքին թրով մեկն էր երևալու։ Պարզ է, որ փեսաս արվեստանոցից մի վարպետ նկարչի գաղտնի պատվիրել էր ձի նկարել։ Գիշերը եկած նկարիչը սկսել էր նկարել իր հիշողության մեջ մեխված և միայն պատմության մի մասը եղող ձին։ Հավանաբար երբ նկարիչը նկարում էր ձիուն, որի նմանը հազարավոր անգամներ տեսել էր պատերազմների, սիրո տեսարաններ պատկերող նկարներում, փեսաս, ներշնչվելով ֆրանսիացի վարպետների ոճից, միջամտել էր նրա գործին։ Օրինակ՝ «Հեծյալին մի՛ նկարիր,– ասել էր նա։– Այնտեղ էլ մի ծառ նկարիր։ Բայց ետևում ու թող փոքր լինի»։

Գիշերը եկած նկարիչը սնդուկի մոտ փեսայիս հետ էր նստում։ Մոմի լույսի տակ հաճույքով էր նկարում այս նկարը, որովհետև փեսաս նրան խոստացել էր իրեն խորթ, այլ նկարների չնմանվող, կանոններից դուրս յուրաքանչյուր նկարի համար լավ վճարել և անկեղծ ասած՝ այս տարօրինակ նկարը գրավում էր նրան։ Բայց փեսայիս պես այս նկարիչն էլ մի պահից ի վեր չէր հասկանում, թե այս ձիու նկարը ո՞ր պատմության համար է նկարում։ Փեսաս ինձնից պահանջում էր, որ այս կիսով չափ վենետիկյան, կիսով չափ իրանական ոճով նկարներին նայելով՝ դիմացի էջին նրանց համապատասխան նկար անեի։

Շեքուրեին հասնելու համար անպայման պետք է գրեի այս պատմությունները, բայց մեդդահի սրճարանում պատմածներից բացի ուրիշ ոչնչի մասին չէի կարողանում մտածել։




== 23. Ինձ մարդասպան են կոչելու ==

Ժամացույցս ցույց էր տալիս, որ արդեն երեկո է, դեռ էզանը չէր հնչել, բայց գրքի հենարանի կողքին դրած մոմն արդեն վաղուց վառել էի։ Երբ սև Հասանփաշա թանաքի մեջ թաթախած, լավ մշակված, գեղեցիկ փայլեցրած թղթի վրա մատիտն արագ սահեցնելով՝ մի ափիոնի սիրահարի նկարի հիշողությամբ արագորեն նկարելով՝ ավարտին էի հասցրել, ամեն երեկո դուրս կանչող այդ ձայնը լսեցի իմ ներսում։ Բայց զսպեցի ինձ։ Այնքան վճռական էի, որ երեկոյան դուրս չեմ գալու և տանը մնալով՝ աշխատելու եմ, որ մի պահ անգամ փորձեցի ներսից մեխել դուռը։ Արագ-արագ նկարածս այս գիրքը առավոտյան մինչև բոլորի արթնանալը Գալաթայից եկած մի հայ էր պատվիրել։ Չնայած կակազում էր՝ որպես թարգմանիչ և ուղեվար էր աշխատում։ Ֆրանսիացի, իտալացի ճանապարհորդների համար հագուստների մասին գիրք էր ուզում և անմիջապես փորձեց սակարկել։ Առավոտյան հագուստ նկարագրող քսան նկարանոց ցածրորակ գրքի համար հարյուր քսան արծաթադրամ ստացա և երեկոյան նամազի ժամանակ խնամք և ուշադրություն ցուցաբերելով ստամբուլցի տասնյակ մարդկանց հագուստներին՝ մի շնչում նկարեցի։ Շեյխուլիսլամի գլխավոր դռնապան, իմամ, ենիչերի, դերվիշ, հեծյալ, դատավոր, մսավաճառ, դահիճ, աղաչող մուրացկան, բաղնիք գնացող կին, ափիոնի սիրահար նկարեցի։ Մի քանի արծաթադրամ ավելի վաստակելու համար այդ գրքերից այնքան շատ եմ պատրաստել, որ նկարելիս չձանձրանալու համար խաղեր էի խաղում, դատավորին նկարում էի՝ առանց վրձնի ծայրը թղթից կտրելու կամ մուրացկանի աչքերը փակ էի նկարում։ Բոլոր ավազակները, բանաստեղծները, էզանի ժամի ջիներն ու սատանաները վեր էին կենում, բոլորով ոտքի էին կանգնում և ցույց էին տալիս, որ ճանապարհից շեղվել են։ Մեր ներսի անհանգիստ ձայնն ասում է՝ դո՛ւրս, դո՛ւրս, վազի՛ր դեպի մարդիկ, դեպի մթությունը, աղքատությունը, թշվառությունը, խայտառակությունը։ Իմ տարիները նվիրել եմ այս ջիներին ու սատանաներին հանգստացնելուն։ Շատ մարդիկ նկարները դիտում էին որպես իմ վրձնի տակից ելած հրաշքներ, բայց ես դրանք այդ ջիների ու սատանաների օգնությամբ եմ նկարել։ Սակայն յոթ օր առաջ այդ ստորին սպանելուց ի վեր նրանց արդեն նույնիսկ երեկոյան չեմ կարողանում հանգստացնել։ Այնքան անհանգիստ են, որ կարծում եմ՝ գուցե եթե մի քիչ դուրս գամ, կհանդարտվեն։ Այս խոսքն ասելուց հետո, ինչպես միշտ առանց հասկանալու՝ փողոց ելա։ Արագ քայլեցի։ Ձնոտ փողոցներում, ցեխոտ անցումներում, սառած զառիթափերին, դատարկ մայթերին առանց կանգ առնելու քայլեցի։ Որքան քայլում էի, որքան իջնում էի քաղաքի դատարկ, անհայտ անկյունները, այնքան գիշերվա մթությունը, մեղքս ծանրանում էին մեջքիս, նեղ փողոցներում քարե տների, դպրոցների, մզկիթների պատերից իմ ոտնաձայնի արձագանքից վախերս թեթևանում էին։ Ոտքերս իրենք իրենց տանում էին այն հեռավոր թաղամասն, ուր գալիս եմ ամեն գիշեր, այն փողոցներն, ուր անգամ ուրվականներն ու ջիները չեն կարողանում առանց դողալու մտնել։ Ասել էի, որ այդ թաղի տղամարդկանց կեսը Իրանի հետ պատերազմում էր զոհվել, մյուս կեսն էլ լքել էր թաղամասը, որովհետև այն դժբախտություն է բերում, բայց ես նման բաների չեմ հավատում։

Իրանյան պատերազմների պատճառով այդ գեղեցիկ թաղամասի գլխին եկած միակ դժբախտությունր քառասուն տարի առաջ որպես թշնամու բույն Քալենդերների թեքքեն փակելն էր։ Մոշի փշերի և ամենասառը եղանակին անգամ լավ բուրող դափնիների մոտով քայլեցի, կոտրված խողովակի ու կոտրված կողպեքով պատուհանների արանքի տախտակները մշտական բծախնդրությամբ ուղղեցի, մտա ներս։ Հարյուրամյա ծխի ու խոնավության հոտն առա։ Այնտեղ լինելն այնքան էր երջանկացնում ինձ, որ կարծեցի՝ արտասվելու եմ։ Հիմա ուզում եմ ասել այն, ինչ երբեք չեմ ասել. Աստծուց բացի ոչ մեկից չեմ վախենում, այս աշխարհում իմ պատիժն ինձ համար մի գրոշ անգամ չարժի։ Ինձ պես մարդասպանների վախը՝ Ղուրանում, օրինակ՝ «Ֆուրքան» սուրահում նկարագրված դատաստանի օրվա տառապանքն է։ Հազվագյուտ հին գրքերում հին արաբ մանրանկարիչների՝ կաշվի վրա նկարած պարզ, երեխայական, բայց սարսափելի դժոխքի տեսարանները և գրեթե չինական ու մոնղոլական վարպետների պես նկարած սատանաների տառապանքները հիշեցնող այդ պատժի գույներն ու ուժն եմ պատկերացնելու և միայն այսպես եմ կարողանում մտածել։ «Իսրա» սուրահն ի՞նչ է ասում երեսուներորդ հայաթում։ Առանց լուրջ պատճառի՞ է Ալլահն ասում՝ մի՛ սպանեք այն մարդուն, ում սպանությունն արգելել եմ։ Լա՛վ, այդ դեպքում դժոխք ուղարկածս ստորը նաև այն հավատացյալը չէր, ում սպանությունն Ալլահն արգելել էր։ Ես էլ նրա գանգը փշրելու շատ լուրջ պատճառներ ունեի։ Մեր սուլթանի պատվիրած այդ գաղտնի գրքի համար աշխատողների՝ մեր դեմ հերյուրանքներ էր տարածել այդ մարդը։ Եթե չկտրեի նրա ձայնը, Էնիշթե էֆենդուն, բոլոր նկարիչներին, անգամ վարպետ Օսմանին անհավատ հայտարարելով՝ ագահ էրզրումցի հոջայի մարդկանց նրանց դեմ կլարեր։ Եթե մի անգամ մեկը բարձրաձայն ասի, որ նկարիչներն անհավատ են, առանց այդ էլ իրենց ուժը ցույց տալու համար պատրվակ փնտրող այս էրզրումցիները ոչ միայն մեզ՝ վարպետ մանրանկարիչներին, այլև ամբողջ արվեստանոցը հողին կհավասարեցնեն, և մեր սուլթանը լռությամբ կհետևի դրան։ Ինչպես միշտ այստեղ գալիս՝ անկյունում դրած ավելով ու փալասներով մաքրեցի սենյակը։ Այդ ընթացքում նաև տաքացա և ինձ Ալլահի լավ ծառան զգացի։ Որպեսզի ինձ միշտ ցույց տա իր գթասրտությունը, երկար աղոթեցի իմ Աստծուն։ Այնքան ցուրտ էր, որ աղվեսն էլ կդողար։ Կոկորդս սկսում էր ցավել, դուրս եկա։

Անմիջապես հետո այդ տարօրինակ հոգեվիճակում հասա մի ուրիշ թաղամաս։ Լքված թեքքեով թաղից ինչպես եկա այստեղ, ինչի մասին մտածեցի, ինչպես եղավ, որ երկու կողմից նոճիներով պատված այս փողոցն ընկա՝ չգիտեմ։ Բայց որքան էլ քայլեմ, մի մտքից չեմ կարողանում ազատվել, այն ինձ ներսից կրծում է, գուցե եթե ձեզ ասեմ, այդ բեռը կթեթևանա։ Կուզեք՝ նրան խայտառակ բամբասկոտ կոչենք, կուզեք՝ խեղճ Զարիֆ էֆենդի, միևնույն է։ Լուսահոգի գրիչը լուսահոգի դառնալուց կարճ ժամանակ առաջ Էնիշթեին զայրացած մեղադրելով՝ ինձ մի բան էլ ասաց։ Երբ ասաց, որ բոլոր նկարներում Էնիշթե էֆենդու անհավատի ոճն է օգտագործել, շատ զարմացա։ Այդ պահին այդ խայտառակն ասաց.

― Բացի այդ, մի վերջին նկար էլ կա։ Այդ նկարում Էնիշթեն հայհոյում է այն ամենին, ինչին հավատում ենք։ Նրա արածն արդեն ոչ թե անհավատություն է, այլ լրիվ հայհոյաՆք։

Այդ լկտիի հերյուրանքից երեք շաբաթ առաջ Էնիշթե էֆենդին ինձնից պահանջեց, որ մի նկարի տարբեր անկյուններին ֆրանսիական նկարի պես մեկը մյուսից զարմանալի կերպով տարբերվող չափերի տարբեր բաներ նկարեմ՝ ինչպես, օրինակ՝ ձի, փող, մահ։ Այն էջերը, որոնց վրա պետք է նկարեի, խեղճ Զարիֆ էֆենդին էր գծել ու գրել։ Էնիշթեն այդ թղթերի մեծ մասը այլ թղթերի հետ կարծես ինձնից ու մյուս մանրանկարիչներից ուզում էր թաքցնել, որովհետև միշտ ծածկում էր։ Ուզում էի Էնիշթեին հարցնել, թե այդ վերջին մեծ նկարում ինչ է պատկերված, բայց շատ պատճառներ ունեի չհարցնելու համար։ Իհարկե, եթե հարցնեմ, կկասկածի, որ ես եմ սպանել Զարիֆ էֆենդուն և բոլորին կհայտնի իր կասկածների մասին։ Ինձ անհանգստացնում էր նաև այն, որ եթե հարցնեի, Էնիշթեն կասեր, որ Զարիֆ էֆենդին իրավացի էր։ Սա Զարիֆ էֆենդուց ինձ անցած կասկած չէր։ Երբեմն ինքս ինձ ասում եմ, որ այդ հարցը կտամ որպես իմ սեփական ենթադրություն, բայց դա չի թեթևացնում իմ վախերը։ Գուցե սարսափելի չէ, երբ մարդն առանց գիտակցելու անհավատություն է գործում, բայց հիմա ես ամեն ինչ գիտակցում եմ։ Ամեն անգամ գլխիցս ավելի խելացի ոտքերս ինձ տանում են Էնիշթե էֆենդու տան փողոց։ Մի անկյուն մտա և հնարավորինս երկար նայեցի տանը։ Ծառերի արանքում երկհարկանի, մեծ ու տարօրինակ հարուստ տուն։ Չգիտեի, թե Շեքուրեի սենյակը որ մասում է։ Շահ Թահմասփի ժամանակներում Թավրիզում արված որոշ նկարների պես տունը կարծես մեջտեղից դանակով կիսված լիներ։ Քանի որ Շեքուրեին չէի կարող տեսնել փակ պատուհանների ետևում, փորձեցի նրան նկարել իմ երազանքներում։

Դուռը բացվեց։ Մթան մեջ տեսա՝ ինչպես է Քարան դուրս գալիս տնից։ Բակի դռան ետևից Քարային սիրով նայող Էնիշթեն էլ փակեց դուռը։ Անգամ անմտորեն երազանքների գիրկն ընկած գլուխս անմիջապես ցավով այս երեք եզրակացությունն արեց։

'''Առաջին.''' Քանի որ Քարան ավելի էժան է և անվտանգ, Էնիշթե էֆենդին մեր գիրքը նրա միջոցով ավարտին կհասցնի։

'''Երկրորդ.''' Գեղեցկուհի Շեքուրեն Քարայի հետ է ամուսնանալու։

'''Երրորդ.''' Խեղճ Զարիֆ էֆենդու ասածները ճիշտ էին. նրան իզուր էի սպանել։

Իմ դաժան միտքը հասկանում էր, որ մեր գիրքը լույս չի տեսնի, իսկ մարմինս ըմբոստանում էր։ Առաջին պահին, երրորդ եզրակացությանը գալուն պես մտքիս մի մասը ամբողջ ուժով ընդդիմացավ իմ՝ զզվելի մարդասպան լինելուն։ Այդ ընթացքում ոտքերս կրկին մտքիցս ավելի արագ և տրամաբանական գտնվեցին և ինձ անգամ տարան Քարա էֆենդու ստվերի ետևից։ Քանի՞ փողոց անցանք, ինձ թվում էր, որ իմ առջևից՝ կյանքից ու ինքն իրենից գոհ քայլող Քարային սպանելը շատ հեշտ կլինի, և կարծեցի՝ կազատվեմ այդ մտքից, որն ինձ այդքան ճնշում էր։ Անգամ այդ դեպքում ստիպված չէի լինի խեղճ Զարիֆ էֆենդուն սպանել։ Հիմա եթե ութ-տասը քայլ վազելով հասնեմ նրա ետևից, ամբողջ ուժով խփեմ Քարայի գլխին, ամեն բան նախկինի պես կլինի, Էնիշթե էֆենդին գիրքն ավարտելու համար ինձ կկանչի։ Բայց խելքիս ավելի ուշադիր և զգուշավոր կողմը (ճշմարտացիությունը հիմնականում ի՞նչ է, եթե ոչ վախկոտություն) դեռ ասում էր, որ այն ստորը, ում սպանելով՝ նետեցի ջրհորը, իրականում հերյուրանքներ տարածող մեկն էր։ Եթե դա ճիշտ է, նշանակում է՝ նրան իզուր չեմ սպանել, և Էնիշթեն, ում գրքում ոչ մի գաղտնի բան չկա, ինձ իր տուն էր կանչելու։ Բայց իմ առջևից քայլող Քարային նայելիս ամեն ինչ հասկանում էի. ոչինչ չէր լինելու։ Ամեն բան երևակայական էր։ Բոլորիս հետ էլ պատահում է։ Երբեմն ասելով, որ տրամաբանական ենք մտածում՝ շաբաթներ, տարիներ շարունակ երազելուց հետո մի օր մի բան տեսնում ենք, մի դեմք, մի հագուստ, մի երջանիկ մարդ, և մի պահ հասկանում ենք, որ մեր երազանքներն իրականություն չեն դառնալու, օրինակ՝ այդ աղջիկը երբեք իմ կինը չի դառնա, օրինակ՝ այսինչ պաշտոնին երբեք չեմ հասնի։

Քարայի դեմքին, ծոծրակին, վեր ու վար անող ուսերին, ջղայնացնող քայլվածքին (կարծես քայլերն աշխարհին էր բաշխում) սրտիս տաքուկ փաթաթվող խորին ատելությամբ էի նայում։ Խղճի խայթից հեռու, առջևում երջանիկ ապագա ունեցող Քարայի պես մարդիկ ամբողջ աշխարհն իրենց սեփական տունն են համարում, ամեն դուռը սեփական ախոռ մտնող սուլթանի պես բացելով՝ մեզ՝ ներսիններին անմիջապես ստորացնում են։ Ինձ դժվարությամբ զսպեցի, որ գետնից մի քար վերցնելով՝ չվազեմ ու չխփեմ նրան։ Մենք նույն կնոջը սիրահարված երկու տղամարդ էինք։ Նա՝ առջևում, ես՝ ետևից, նրա համար աննկատելի, Ստամբուլի փողոցներով վեր ու վար էինք անում, շների պատերազմների դաշտի վերածված դատարկ փողոցներից, հրդեհի փլատակներից, որտեղ ջիներն էին բնակվում, մզկիթների բակերից, որտեղ գմբեթներին հրեշտակներն են քնած, հոգիների հետ փսփսալով խոսող նոճիների կողքից, ձնածածկ գերեզմանոցի մոտից, որտեղ ուրվականներն էին ապրում, մարդկանց կոկորդը կտրող ավազակներից մի քիչ այն կողմ, անհամար խանութների, ախոռների, թեքքեների, մոմի գործարանների, թամբագործների արհեստանոցների, պատերի արանքով երկու եղբոր պես անցնելիս կարծում էի, որ ոչ թե նրան հետևում եմ, այլ կրկնօրինակում։




== 24. Իմ անունը Մահ է ==

Ինչպես տեսնում եք, ես մահն եմ, բայց մի՛ վախեցեք, որովհետև միևնույն ժամանակ ես նկար եմ։ Բայց ձեր աչքերում կարդում եմ, որ վախենում եք։ Խաղով տարված երեխաների պես ինձ դուր է գալիս, որ իմանալով իմ իրական չլինելը, այնպես եք սարսափում, ասես իսկական մահին եք հանդիպել։ Ինձ նայելիս զգում եք, թե այդ անխուսափելի վերջին պահին ինչպես եք սարսափից դողալու։ Սա կատակ չէ. մահվան հետ հանդիպելուն պես, հատկապես առյուծ կտրած տղամարդկանց մեծ մասը հանձնվում են։ Հազար անգամ նկարված մարմիններով պատված պատերազմի դաշտերն արյունով, վառոդով ու շիկացած զրահներով ծածկված չեն, դրա համար էլ արտաթորանքի ու նեխած մսի հոտ է գալիս։ Գիտեմ, որ առաջին անգամ եք մահվան նկար տեսնում։ Սրանից մի տարի առաջ մի բարձրահասակ, նիհար ու խորհրդավոր ծերունի ինձ նկարող երիտասարդ նկարչին կանչեց իր տուն։ Երկհարկանի տան կիսամութ արվեստանոցում անուշաբույր, նրբահամ ընտիր սուրճ հյուրասիրեց, որից երիտասարդ մանրանկարիչը թարմացավ։ Հետո էլ կապույտ պատերով սենյակում, ստվերների մեջ ամենալավ հնդկական թղթերը, սկյուռի մորթուց պատրաստված խոզանակները, ոսկեգույն թերթերը, տարբեր մատիտները, մարջանի պոչով սրիչները ցույց տալով՝ ոգևորեց վարպետ նկարչին, որը նրան հասկացրել էր՝ մեծ գումար է վճարելու։

― Ինձ համար մահվան նկարն արա,― հետո ասաց նա։

― Առանց կյանքում մահվան նկար տեսնելու չեմ կարող մահ նկարել,– ասաց տաղանդավոր նկարիչը, ով հետո իմ նկարն էլ էր անելու։

― Որպեսզի կարողանաս մի բան նկարել, պարտադիր չէ դրա նկարը տեսնել,― ասաց ոգևորված ծերունին։

― Այո, գուցե պարտադիր չէ,– ասաց իմ նկարն անող վարպետը։– Բայց եթե ուզում ես, որ նկարը հին նկարիչների նկարների պես կատարյալ լինի, այն պետք է հազարավոր անգամներ նկարված լինի։ Նկարիչը, որքան էլ վարպետ, նոր թեման առաջին անգամ աշակերտի պես է նկարում, ինչն ինձ վայել չէ։ Մահը պատկերելիս չեմ կարող իմ վարպետությունը մի կողմ դնել, որովհետև դա ինձ համար մահվանը հավասար բան կլինի։

― Գուցե այս մահը քեզ կմոտեցնի քո թեմային,― ասաց ծերունին։

― Մեզ վարպետ է դարձնում ոչ թե թեման ապրելը, այլ թեման ընդհանրապես չապրելը։

― Ուրեմն այդ վարպետությունը պետք է ծանոթանա մահվան հետ։

Այսպիսով, հին վարպետներին և նրանց տաղանդը հարգող մանրանկարիչներին վայել կերպով՝ երկիմաստ, անուղղակի, բառախաղերով և ակնարկներով լի նուրբ զրույց վարեցին։ Քանի որ թեման իմ գոյությունն էր, հասկացա, որ համակ ուշադրությամբ լսածս այս զրույցը կտխրեցնի մեր սրճարանի բոլոր ընտիր նկարիչներին։ Միայն մի պահ այսպես խոսեցին.

― Արդյոք նկարչի տաղանդը չափվում է հին վարպետների կատարյալ նկարչությա՞մբ, թե՞ նրանով, որ բոլորին անտեսանելի թեմաներն են պատկերում,– ասաց տաղանդավոր, գեղեցիկ աչքերով, խելացի նկարիչը։ Չնայած որ ինքն էլ գիտեր այդ հարցի պատասխանը, զգուշավոր էր։

― Վենետիկցիները նկարչի ուժը չափում են թեմաներով, որ երբեք չեն պատկերվել, և ոճը գտնելով,– ասաց համառ ծերունին։

― Վենետիկցիները վենետիկցու պես են մահանում,– ասաց նկարիչը, որ ինձ էր նկարելու։

― Բայց բոլորի մահը նման է իրար,– ասաց ծերունին։

― Լեգենդը և նկարչությունը ոչ թե բոլորի՝ միմյանց նմանվելու, այլ միմյանց նման չլինելու պատմությունն է,― ասաց խելացի նկարիչը։

― Վարպետ նկարիչը միմյանց չնմանվող լեգենդները մարդկանց պես նկարելով է վարպետանում։

Այսպիսով, վենետիկցու և մուսուլմանի մահվան, Ազրաիլի, Ալլահի մյուս հրեշտակների, նրանց՝ անհավատի նկարներին ընդհանրապես չնմանվելու մասին սկսեցին խոսել։ Քիչ անց ինձ նկարել պատրաստվող և այդ պահին մեր սրճարանում գեղեցիկ աչքերով ինձ նայող երիտասարդ վարպետը այս մեծ խոսքերից ձանձրացել էր, ուզում էր ինձ նկարել, բայց չգիտեր, թե ինչպիսին եմ։ Երիտասարդ վարպետին խաբել ցանկացող խորամանկ ծերունին դա անմիջապես զգաց։ Ստվերների սենյակում իզուր վառվող լամպի լույսի տակ փայլող աչքերը հառեց տաղանդավոր երիտասարդ նկարչին։

― Մահվան այն նկարը, որ վենետիկցին մարդու պես է նկարել, իրականում Ազրաիլի պես հրեշտակի է նման,– ասաց նա։― Բայց՝ մարդկային կերպարանքով, ինչպես Ղուրանը բերելիս Ջեբրայիլը մեր մարգարեին մարդու կերպարանքով երևալը։ Հասկանո՞ւմ ես։

Հասկացա, որ Աստծուց անհավատալի շնորհված երիտասարդն անհամբեր է, ուզում է ինձ նկարել։ Որովհետև սատանայական ծեր մարդը սկսեց նրա մեջ այս սատանայական միտքն արթնացնել։ Դրա համար էլ ոչ թե մեր իմացածը, այլ մեզ անծանոթ կիսամութ մի բան ենք ուզում նկարել։

― Այդ մահն ընդհանրապես չեմ ճանաչում,– ասաց նկարիչը, որ քիչ անց նկարելու էր ինձ։

― Մենք բոլորս գիտենք մահը,– ասաց ծերունին։

― Նրանից վախենում ենք, բայց չենք ճանաչում։

― Դու էլ այդ վախդ նկարիր,– ասաց ծերունին։

Քիչ անց իմ նկարն էր արվելու։ Զգացի, որ վարպետ նկարչի ծոծրակը թմրեց, թևերի մկանները լարվեցին, մատների ծայրերը փնտրեցին մատիտը։ Բայց քանի որ իսկական վարպետ էր, զգալով, որ այդ լարվածությունն իր հոգում եղած նկարչության սերն ավելի կխորացնի, իրեն զսպեց։ Խորամանկ ծերունին էլ հասկացավ, այդ պատճառով, որպեսզի քիչ անց արվելիք նկարս ներշնչի նրան, դիմացը դրված գրքերից Էլ-Ջեվզիյյեի «Հոգու գրքից», Գազզալիի «Դատաստանի օրվա իրադարձություններից», Սույութիից մահվան մասին հատվածներ կարդաց։ Այսպիսով, իմ այս նկարն անելիս, որին հետո դուք նայելու և վախենալու եք, տաղանդավոր վարպետ նկարիչը լսեց, որ մահվան հրեշտակի հազարավոր թևերը ձգվում են դրախտից մինչև աշխարհ և Արևելքի ամենահեռու կետից մինչև Արևմուտքի ամենահեռու կետը, և որ հավատացյալների համար այդ թևերը բարօրություն են, իսկ անհավատների համար նրանցից յուրաքանչյուրը կրակ է, և որ ձեր՝ նկարիչների մեծ մասը դժոխք է գնալու, և ինձ մեխերով գամված պատկերեց։ Լսելով այն մասին, որ Ալլահի հոգեառ հրեշտակի ձեռքին մի գիրք է լինելու, և այդ գրքերի էջերին մարդկանց անունները շրջանակի մեջ են առնված լինելու, բայց որ մահվան ժամը միայն Աստված գիտի, և որ այդ պահը գալուն պես յոթերորդ հարկի ներքևի ծառից մի տերև է ընկնելու, երբ այս տերևը մեկը վերցնի և վրան գրածը կարդա, կհասկանա, թե հերթն ում է հասել, այդ պատճառով նկարիչն ինձ սարսափելի, բայց մեծ դատաստանի օրվա մասին ամեն ինչ իմացողի պես էր նկարել։ Քանի որ խենթ ծերունին կարդացել էր, որ մարդկային կերպարանքով եկող մահվան հրեշտակին ձեռքը պարզած մահացող մարդու կյանքից հետո շրջապատը լցվում է լույսով, խելացի նկարիչն ինձ նկարեց լույսերի մեջ, որովհետև գիտեր, որ հանգուցյալի շուրջը հավաքված մարդիկ այդ լույսը չեն տեսնում։ Քանի որ ծերունին «Հոգու գրքից»՝ հին գերեզման թալանողների ականատեսների, մարմնի տարբեր տեղերից մեխված հանգուցյալի, հողը փորելիս նոր մահացածի փոխարեն երևացող կրակների մեջ փշրված գանգերի երևալու մասին էր կարդացել, այդ պատճառովնրան համակ ուշադրությամբ լսող հիանալի նկարիչն իմ նկարն անելիս նայողին վախեցնող ամեն բան պատկերել էր։

Բայց հետո զղջաց։ Ոչ թե վախից, այլ ընդհանրապես այս նկարը նկարելու համար։

Ես էլ ինձ զգում էի ինչպես մեկը, ում մասին հայրը ամոթով և զղջումով է հիշում։ Տաղանդավոր նկարիչն ինչո՞ւ էր զղջում ինձ նկարելու համար։

1. Որովհետև մահվան նկարը՝ այսինքն՝ ինձ, բավականաչափ վարպետորեն չէր նկարել։ Ինչպես տեսնում եք, ո՛չ վենետիկցի մեծ վարպետների, ո՛չ էլ Հերաթի հին վարպետների նկարածների պես կատարյալ չեմ։ Ինձ նկարող մեծ վարպետի՝ մահվան լրջությանն անվայել այս խղճուկ վիճակիցս ես էլ եմ ամաչում։

2. Ծերունու սատանայական ճանապարհին խաբվելով՝ ինձ նկարած վարպետ նկարիչը անսպասելի, առանց մտածելու՝ ֆրանսիացի վարպետների ոճն ու հայացքներն էր կրկնօրինակել և հին վարպետների հանդեպ անհարգալից վերաբերմունք էր ցուցաբերել, այդ պատճառով առաջին անգամ ապրած տարօրինակ անբարոյականության զգացումը կրծում էր նրա հոգին։

3. Այստեղ, ինչպես իմ գոյության հետ համակերպվելով՝ ծիծաղող որոշ հիմարներն են հասկանում, նա էլ հասկացավ․ մահվան հետ չես կատակի։

Ինձ նկարող վարպետ նկարիչը գիշերը փողոցներում զղջալով՝ առանց կանգ առնելու քայլեց, որոշ չինացի վարպետների պես մտածեց, որ ինքն այն է, ինչ նկարել է։




== 25. Իմ անունն Էսթեր է ==

Քըզըլմինարեցի, քարաքեդիցի կանայք Բիլջիքի ոճով վերմակի համար մանուշակագույն ու կարմիր կտոր էին պատվիրել, առավոտյան վաղ դրեցի կապոցիս մեջ։ Նոր եկած պորտուգալական նավից դուրս եկած չինական մետաքսի կտորի կանաչը թողեցի տանը, կապույտը դրեցի կապոցի մեջ։ Մտածելով, որ անդադար ձյուն է գալիս, ձմեռն ասես վերջ չունի, մի քանի բրդե գուլպա, հաստ բրդե գոտի, գույնզգույն հաստ բրդե անթենոցներ էլ ծալելով՝ տեղավորեցի, որ կապոցս բացելուն պես անգամ ամենաքիչ հետաքրքրվող կնոջ սիրտը գույներից ջերմանա։ Հետո ոչ թե առևտրի, այլ բամբասանքի համար ինձ կանչող կանանց համար թեթև, բայց թանկարժեք մետաքսե թաշկինակներ, փողի քսակներ, զարդարված բաղնիքի թասեր դրեցի ու բարձրացրի, ա՜ա՜յ, կապոցը շատ ծանր է, մեջքս կկոտրվի։ Դրեցի գետնին։ Նորից բացեցի, մտածում էի՝ ինչն եմ հանելու, երբ դուռը թակեցին։ Նեսիմը դուռը բացեց ու ձայն տվեց։ Դռան մոտ կարմիր կտրած Հայրիյեն էր։ Ձեռքին նամակ կար։

― Շեքուրե հանըմն է ուղարկել,― շշնջաց նա։

Այնքան հուզված էր, կարծես սիրահարվածը, ամուսնանալ ցանկացողը ինքը լիներ։

Լուրջ-լուրջ վերցրի նամակը, հիմար աղջկան խորհուրդ տվեցի առանց որևէ մեկի աչքին երևալու՝ տուն վերադառնալ։ Նեսիմը հարցական ինձ էր նայում։ Նամակ տանել-բերելիս մեծ, բայց թեթև ձևական կապոցն էի վերցնում։

― Էնիշթե Չելեբիի դուստրը՝ Շեքուրեն սիրուց այրվում է,― ասացի ես։– Խեղճը լրիվ խենթացել է։

Ծիծաղելով դուրս եկա, բայց անմիջապես ամաչեցի։ Չէի ցանկանում ծաղրել Շեքուրեի սրտի արկածը, ընդհակառակը՝ ուզում էի լաց լինել նրա տխուր կյանքի համար։ Եվ ի՜նչ գեղեցիկ էր իմ սևաչյան։

Առավոտվա ցրտից ավելի դատարկ ու թշվառ տեսք ստացած մեր հրեական թաղամասի կիսավեր տների առջևով արագ-արագ քայլեցի։ Հետո, տեսնելով Հասանի փողոցի անկյունում անցնող֊ գնացողին ստուգող կույր մուրացկանին՝ ամբողջ ձայնով գոռացի.

― Մանրավաճա՜ռ։

― Չաղ շատախոս,– ասաց նա։– Եթե չգոռաս էլ, քեզ ոտնաձայներից կճանաչեմ։

― Զզվելի կույր,– ասացի ես։– Դժբախտություն բերող թաթար։ Կույրերը Ալլահից լքված ծառաներ են։ Գրողը տանի քեզ։

Առաջ նման բաների վրա ուշադրություն չէի դարձնում, չէի զայրանում նման բաների վրա։ Հասանի տան դուռը հայրը բացեց։ Աբազանցի էր, կարդացած, կիրթ մարդ։

― Տեսնենք այս անգամ մեզ համար ինչ եք բերել,– ասաց նա։

― Ծույլ տղադ քնա՞ծ է։

― Քնա՞ծ, աչքը ճանապարհիդ է։ Քեզնից լուրեր է սպասում։

Այդ տունն այնքան մութ էր, որ ամեն անգամ ինձ թվում էր, թե գերեզման եմ մտնում։ Շեքուրեն երբեք չէր հարցնում, թե նրանք ինչ են անում, բայց այս տան մասին միշտ այնպես էի պատմում, որ երբեք չմտածի այդ գերեզմանոց վերադառնալու մասին։ Անգամ անհնար է պատկերացնել, որ մի ժամանակ իմ գեղեցիկ Շեքուրեն այս տան տիկինն է եղել, չարաճճի տղաների հետ այս տանն է ապրել։ Ներսից քնի և մահվան հոտ էր գալիս։ Մտա մյուս սենյակ՝ դեպի խոր մթություն։ Ոչինչ հնարավոր չէր տեսնել։ Դեռ նամակը չէի հանել, երբ Հասանը մթան մեջ այն խլեց ձեռքիցս։ Ինչպես միշտ թողեցի, որ միայնակ կարդա ու բավարարի հետաքրքրասիրությունը։ Անմիջապես գլուխը կտրեց թղթից.

― Ուրիշ ոչինչ չկա՞,– հարցրեց նա՝ իմանալով, որ ոչինչ չկա։– Կարճ նամակ է,– ասաց նա և կարդաց. «Քարա՛ էֆենդի, մեր տուն ես գալիս, ամբողջ օրը նստում ես, բայց լսել եմ, որ հորս գրքի համար մի տող անգամ չես գրել։ Առանց հորս գիրքն ավարտին հասցնելու ոչ մի հույս չունենաս»։

Նամակը ձեռքին՝ կարծես այդ ամենն իմ մեղքն է, ինձ մեղադրելով՝ աչքերիս մեջ էր նայում։

― Արդեն ոչինչ չի ասում ամուսնացած լինելու, ամուսնու՝ պատերազմից վերադառնալու մասին,― ասաց նա։– Ինչո՞ւ։

― Ես ի՞նչ իմանամ՝ ինչո՞ւ,– ասացի ես։– Ես չեմ գրում այս նամակները։

― Երբեմն կասկածում եմ,― ասաց նա և նամակը տասնհինգ արծաթադրամի հետ ինձ վերադարձրեց։

― Որոշ տղամարդիկ փող վաստակելուն պես ժլատ են դառնում, դու այդպիսին չես,― ասացի ես։

Այս մարդու մեջ այնպիսի սատանայական, խելացի բան կար, որ չնայած բոլոր մութ ու վատ կողմերին՝ չէի հասկանում, թե Շեքուրեն ինչու է դեռ ընդունում նրա նամակները։

― Շեքուրեի հոր գիրքը ո՞րն է։

― Գիտես՝ որն է։ Ասում են՝ ամբողջ գումարը մեր սուլթանն է տալիս։

― Այդ գրքի պատճառով են նկարիչներն իրար սպանում,– ասաց նա։

― Փողի՞ համար, թե՞, Աստված հեռու տանի, մեր կրոնին անհարգալից վերաբերվելու համար։ Այդ նկարներին նայողը կուրանում է։

Այդ ամենն այնպիսի ժպիտով ասաց, որ հասկացա՝ չպետք է լուրջ ընդունեմ, գոնե ես ոչ մի լուրջ բան չէի տեսնում։ Հասանն էլ, իմ օգնության կարիքը զգացող մյուս բոլոր տղամարդկանց պես, ում համար նամակ էի բերում, վիրավորվելով՝ սկսում էր ինձ ստորացնել։ Ես էլ սովորության համաձայն ցույց էի տալիս, թե տխրել եմ, որպեսզի ուրախանան։ Իսկ երբ աղջիկներն են իրենց վիրավորված զգում, փաթաթվում են ինձ և արտասվում։

― Դու խելացի կին ես,― ասաց Հասանը՝ փորձելով մեղմել վիճակը։― Արագ տար սա։ Ինձ այդ հիմարի պատասխանն է հետաքրքիր։

Մի պահ ուզում էի ասել՝ Քարան այդքան հիմար չէ։ Այդպիսի իրավիճակներում տղամարդկանց խանդն առաջացնելը մանրավաճառ Էսթերի համար շահավետ էր։ Բայց վախեցա զայրույթի հանկարծական ալիքից։

― Փողոցի անկյունի այդ թաթար մուրացկանը շատ անշնորհք է,― ասացի դուրս գալիս։

Որպեսզի կույրի հետ նորից վեճի չբռնվեի, փողոցի մյուս ծայրից քայլելով՝ առավոտվա այդ վաղ ժամին անցա Թավուքփազարըի մոտով։

Ինչո՞ւ մուսուլմանները հավի գլուխն ու ոտքերը չեն ուտում։ Որովհետև տարօրինակ են։ Իմ լուսահոգի տատիկը պատմում էր, որ երբ Պորտուգալիայից եկել էին, հավի խաշած տոտիկներ էին ուտում։

Քամերարալըղըում ծառաներով շրջապատված, ձիու վրա ուղիղ նստած հպարտ փաշայի կին կամ հարուստի դուստր կամ էլ կին տեսա ու խոր հոգոց հանեցի։ Եթե հայրը գրքերին նվիրված, երազանքների աշխարհում զբոսնող մեկը չլիներ, եթե ամուսինը սաֆավիդների պատերազմից հաղթանակով վերադառնար, Շեքուրեն էլ այս հպարտ կնոջ պես կապրեր։ Բոլորից շատ նա էր դրան արժանի։

Երբ մտա Քարայի տան փողոցը, մի պահ սիրտս սկսեց արագ բաբախել։ Ուզո՞ւմ էի, որ Շեքուրեն ամուսնանար այս մարդու հետ։ Կարողանում եմ Շեքուրեին ու Հասանին միաժամանակ և՛ իրար հետ կապի մեջ, և՛ հեռու պահել, բայց Քարայի՞ն։ Շեքուրեի հանդեպ սիրուց բացի ամեն բան կարգին է։

― Մանրավաճա՜ռ։

Միայնությունից, տխրությունից, ամուսին չունենալուց խենթացած սիրահարներին նամակ տալիս տեսածս երջանկությունը ոչ մի բանի հետ չեմ փոխի։ Եթե անգամ վստահ լինեն, որ ամենավատ լուրն են ստանալու, հենց սկսում են նամակը կարդալ, բոլորը պատվում են հույսի սարսուռով։ Քանի որ Շեքուրեն Քարային չէր պատմել ամուսնու վերադարձի մասին, «հույս չունենաս» խոսքն ասել էր մի պայմանով, Քարան, իհարկե, իրավացիորեն հույս ուներ։ Հաճույքով նայեցի, թե ինչպես է նամակը կարդում։ Երջանկությունից խռովվեց, անգամ վախեցավ։ Պատասխան գրելու համար ետ քաշվեց, ես էլ, խելացի մանրավաճառ կնոջ պես, բացեցի կեղծ կապոցս, ներսից մի սև քսակ հանեցի, ցույց տվեցի Քարայի հետաքրքրասեր տանտիրուհուն։

― Ամենալավ իրանական թավշից է,– ասացի ես։

― Որդիս զոհվել է պարսկական պատերազմում,― ասաց նա։― Դու Քարայի համար ումի՞ց ես նամակ տանում֊բերում։

Դեմքից հասկանում էի, որ ուզում է իր տգեղ աղջկան կամ ով գիտի՝ ում առյուծ Քարայի հետ ամուսնացնել։

― Ոչ մեկից,― ասացի ես։– Բայրամփաշայում մահամերձ աղքատ բարեկամներից մեկը գումար է ուզում։

― Վա՜յ, վա՜յ,― ասաց նա՝ առանց հավատալու։― Ո՞վ է այդ թշվառը։

― Քո որդին ինչպե՞ս է զոհվել պատերազմում,― համառորեն հարցրի ես։

Թշնամաբար նայեցինք իրար։ Այրի, միայնակ կնոջ համար որքան դժվար է կյանքը։ Եթե մանրավաճառ, նամակ տանող-բերող Էսթեր լինեիք, կտեսնեիք, որ կյանքում միայն հարստությունը, իշխանությունը և հեքիաթային սիրո պատմություններն են մարդկանց հետաքրքրում։ Մնացածը՝ տխրությունը, ամուսնալուծությունը, նախանձը, մենակությունը, թշնամանքը, արցունքները, բամբասանքները և հավերժական աղքատությունն այս տան իրերի պես նման են իրար, այս հին, խամրած գույներով գորգը, կարկանդակի դատարկ սինու վրա մի շերեփ ու թաս, վառարանի կողքին՝ կրակխառնիչ ու մոխրի արկղ, մեծ ու փոքր հին սնդուկ, տղամարդու գլխարկի դարակ, որպեսզի ոչ ոք չհասկանա, որ տանն այրի կին կա, գողերին վախեցնելու համար՝ մի հին սուր։

Քարան մի զնգզնգացող քսակով ետ եկավ։

― Մանրավաճա՛ռ,– ասաց ինձնից հետաքրքրասեր տանտիկնոջը լսելի ձայնով։– Վերցրու սա, տար խեղճ հիվանդին։ Եթե պատասխան ունի, թող անմիջապես ուղարկի։ Այսօր ամբողջ օրը Էնիշթե Չելեբիի մոտ եմ լինելու։

Այս բոլոր խաղերի կարիքը չկար։ Քարայի պես երիտասարդ կտրիճը կարիք չուներ թաքցնելու, որ նշաներ ստանալով՝ թաշկինակ, նամակ ուղարկելով՝ իր համար հարսնացու է փնտրում։ Թե՞ իսկապես ուզում էր տանտիրուհու դստեր հետ ամուսնանալ։ Երբեմն Քարային ընդհանրապես չէի վստահում և վախենում էի, որ Շեքուրեին կդավաճանի։ Չնայած որ ամբողջ օրը Շեքուրեի հետ նույն տանն է անցկացնում, նրանից ոչ մի նշան չի կարողանում ստանալ։ Փողոցում բացեցի քսակը, միջից տասներկու արծաթադրամ և մի նամակ դուրս եկավ։ Այնքան հետաքրքրված էի նամակով, որ անմիջապես վազեցի Հասանի մոտ։ Բանջարավաճառները շարել էին կաղամբն ու գազարը... Չնայած պռսասոխերի գրավիչ տեսքին՝ դիպչելու ժամանակ չունեի։ Երբ մտա փողոց, տեսա, որ կույր թաթարը կրկին հայհոյում է։ Միայն նրա ուղղությամբ թքեցի՝ թո՜ւհ։ Այս ստորն ինչո՞ւ ցրտից չի սառչում՝ մեռնում։ Երբ Հասանը նամակը մտքում կարդում էր, չէի կարողանում համբերել։ Ի վերջո, չդիմանալով՝ խնդրեցի, որ ինձ համար էլ կարդա։

«Իմ սիրելի Շեքուրե՛ հանըմ, ուզում ես, որ ավարտեմ հորդ գիրքը։ Իմացի՛ր, որ դրանից բացի այլ նպատակ չունեմ։ Այդ տուն այս նպատակով եմ գալիս, այլ ոչ թե, ինչպես դու ասացիր՝ քեզ անհանգստացնելու համար։ Շատ լավ եմ հասկանում, որ քո հանդեպ իմ սերն իմ խնդիրն է։ Բայց այդ սիրո պատճառով քո հոր՝ իմ փեսայի ցանկությամբ գրքի համար անհրաժեշտ տեքստը չեմ կարողանում գրել։ Տանը, երբ զգում եմ քո գոյությունը, սառում եմ ու չեմ կարողանում հորդ օգնել։ Շատ մտածեցի, սա միայն մի պատճառ կարող է ունենալ․ տասներկու տարի անց միայն մեկ անգամ կարողացա պատուհանի մոտ տեսնել քո դեմքը։ Այժմ այդ երազը կորցնելուց շատ եմ վախենում։ Եթե քեզ կարողանայի մի անգամ էլ մոտիկից տեսնել, չէի վախենա կորցնել դեմքդ, հեշտությամբ կավարտեի հորդ գիրքը։ Շևքեթն ինձ երեկ տարավ կախված հրեայի տուն։ Մեզ այս դատարկ տանը ոչ ոք չի տեսնի։ Շևքեթը երեկ ասաց, որ երազում ամուսնուդ մահացած ես տեսել»։

Հասանը նամակի որոշ հատվածներ առանց այն էլ տհաճ ձայնը կնոջ ձայնի պես բարակացնելով՝ խենթացած սիրահարի դողացող աղաչանքների պես ծիծաղելով էր կարդում։ «Քեզ մեկ անգամ տեսնելու» ցանկության պարսկերեն արտահայտությունը ծաղրեց։

― Հենց տեսավ, որ Շեքուրեն հույս է տալիս, անմիջապես սկսեց սակարկել,― ասաց նա։― Այս հաշվենկատությունն իսկական սիրահարի գործ չէ։

― Նա իսկապես սիրում է Շեքուրեին,― միամտաբար ասացի ես։

― Այս խոսքդ էլ ապացուցում է, որ դու Քարային ես պաշտպանում,― ասաց նա։– Եթե գրել է, որ եղբորս մահը երազում տեսել է, նշանակում է, որ ամուսնու մահն ընդունում է։

― Դա ընդամենը երազ է,― ասացի ես հիմարաբար։

― Ես գիտեմ, թե Շևքեթը որքան խելացի ու խորամանկ է։ Այս տանը քանի՜ տարի միասին ենք ապրել։ Եթե մոր թույլտվությունն ու պահանջը չլիներ, Քարային կախված հրեայի տուն չէր տանի։ Եթե Շեքուրեն կարծում է, որ եղբորիցս, մեզնից կարող է ազատվել, սխալվում է։ Եղբայրս դեռ ողջ է ու վերադառնալու է պատերազմից։

Առանց խոսքն ավարտելու՝ մտավ ներսի սենյակ, վառարանի կրակից մոմ էր վառելու, բայց ձեռքն այրեց ու գոռաց։ Ձեռքը լպստելով՝ ի վերջո մոմը վառելով՝ դրեց գրակալի եզրին։ Մի պատրաստի փետրավոր գրիչ հանելով՝ թաթախեց թանաքամանի մեջ և արագ-արագ գրեց։ Անմիջապես հասկացա՝ նրան դուր է գալիս, որ իրեն եմ նայում, բայց որպեսզի ցույց տայի, որ նրանից չեմ վախենում, դժվարությամբ ժպտացի։

― Ո՞վ է այդ կախված հրեան։ Դու կիմանաս։

― Նրանց տան մոտ մի դեղին տուն կա։ Ասում են՝ նախկին սուլթանի սիրելի բժիշկը շատ հարուստ Մոշե Համոնը տարիներ շարունակ եղբորը ամասիացի հրեա սիրուհու հետ այդտեղ է թաքցրել։ Տարիներ առաջ փեսախի տոնի նախօրեին հրեական թաղամասում մի հույն երիտասարդ է կորչում, ասում են, իբրև նրա արյունից փեսախ պատրաստելու համար են սպանել։ Իսկ կեղծ վկաները սկսում են հարձակվել հրեաների վրա, սուլթանի սիրելի բժշկին եղբոր ու այդ գեղեցիկ կնոջ հետ առևանգում են, սուլթանի հրամանով թաքցնում։ Երբ սուլթանը մահանում է, թշնամիները չեն կարողանում գեղեցիկ կնոջը գտնել, բայց միայնակ ապրող մարդուն կախել են տալիս։

― Եթե չսպասի պատերազմից եղբորս վերադարձին, Շեքուրեին էլ կպատժեն,― ասաց Հասանն ու տվեց նամակները։

Բայց դեմքին՝ զայրույթի ոչ մի նշան, միայն իսկական սիրահարներին հատուկ դժբախտություն և տխրություն։ Այդ պահին տեսա, թե սերն ինչպես է կարճ ժամանակում ծերացրել այդ մարդուն։ Մաքսատանն աշխատած գումարն էլ նրան չէր ջահելացրել։ Վիրավորական հայացքներից, այդքան սպառնալիքներից հետո մտածեցի, որ կրկին կհարցնի, թե ինչպես կարող է խաբել Շեքուրեին։ Բայց արդեն այնքան վատ մարդու էր վերածվել, որ չէր հարցնում։ Երբ մարդ մի անգամ ընդունում է, որ վատ մարդ է (ի դեպ, անպատասխան սիրահարվելը դրա պատճառ կարող է լինել) դրանից հետո ահավոր բաներ կարող են կատարվել։ Այնքան վախեցա այդ սարսափելի կարմիր թրից, որի մասին երեխաներն էին խոսում, ու շատ սուր էր, և նրա մտքերից, որ ինձ մի կերպ փողոց գցեցի։ Ահա այսպես բռնվեցի թաթար մուրացկանի հայհոյանքներից։ Բայց անմիջապես հավաքեցի ինձ. գետնից վերցրած մի քար փաթաթեցի թաշկինակի մեջ։

― Վերցրու, կեղտոտ թաթար,― ասացի ես։

Առանց ծիծաղելու նայեցի՝ ինչպես է հույսով ձգվում դեպի քարը՝ կարծելով, թե փող է։ Առանց հայհոյանքները լսելու՝ լավ ամուսին գտնելով՝ ամուսնացրածս աղջիկներից մեկի տուն գնացի։ Սիրելի աղջիկս նախօրեից մՆացած, բայց դեռ խրթխրթան սպանախով կարկանդակ հյուրասիրեց ինձ, ցերեկվա համար լիքը ձվով և իմ սիրածի պես մի քիչ սալորով թթվեցրած գառան մսի ռագու էր եփում։ Սիրտը չկոտրելու համար սպասեցի ու թարմ հացով երկու լիքը շերեփ կերա։ Խաղողի օշարակ էլ էր եռացրել, առաՆց ամաչելու՝ վարդի մուրաբա ուզեցի, մի գդալ ավելացրի օշարակին, որ կերածս լավ մարսեմ, խմելուց հետո անբախտ Շեքուրեիս նամակները տարա։




== 26. Ես Շեքուրեն եմ ==

Ուզում էի ձեզ ասել, որ երբ Հայրիյեն ասաց՝ Էսթերը եկել է, երեկ լվացած, չորացրած սպիտակեղենն էի դնում սնդուկի մեջ։ Բայց ինչո՞ւ ստեմ ձեզ։ Լա՛վ, երբ Էսթերն եկավ, պահարանի անցքից հորս ու Քարային էի հետևում, և քանի որ Քարայից ու Հասանից անհամբեր նամակ էի սպասում, անընդհատ մտածում էի Էսթերի մասին։ Որովհետև ինչպես զգում էի մահվան հանդեպ հորս վախը, այնպես էլ գիտեի, որ Քարայի հետաքրքրությունն իմ հանդեպ հավերժական չէ։ Քարան և սիրահարված էր, և ուզում էր ամուսնանալ։ Քանի որ ցանկանում էր ամուսնանալ, հեշտությամբ սիրահարվում էր։ Եթե ոչ ինձ հետ, մեկ ուրիշի հետ կամուսնանար և ամուսնանալուց առաջ այդ կնոջն էլ անմիջապես կսիրահարվեր։ Խոհանոցում Հայրիյեն Էսթերին մի անկյունում էր նստեցրել, ձեռքն էլ մի բաժակ վարդաջրի օշարակ տվել՝ մեղավոր հայացքով ինձ էր նայում։ Հայրիյեի՝ հորս սիրուհին դառնալուց հետո անընդհատ մտածում եմ, որ նա իր տեսած ամեն բան հորս պատմում է, վախենում էի։

― Իմ սևաչյա, իմ դժբախտ գեղեցկուհի, ուշացա, որովհետև իմ ամուսին Նեսիմ կոչեցյալը բաց չէր թողնում,– ասաց Էսթերը։– Քեզ սպասեցնող ամուսին չունես, գնահատիր դա։

Երբ նամակները հանեց, ձեռքից խլեցի։ Հայրիյեն նստեց մի անկյունում, որպեսզի ոչ ոքի չխանգարի, բայց կարողանա ամեն բան լսել։ Որպեսզի Էսթերը չկարողանա դեմքիս նայել, նրան մեջքով նստեցի, սկզբում Քարայի նամակը կարդացի։ Կախված հրեայի մասին մտածելիս մի պահ դողացի։ «Մի՛ վախեցիր, Շեքուրե՛, ամեն ինչ լավ կլինի»,― ասացի ինքս ինձ և սկսեցի կարդալ Հասանի նամակը։

Նա էլ էր անհանգիստ։

«Շեքուրե՛ հանըմ, այրվում եմ, բայց գիտեմ, որ դա քեզ համար նշանակություն չունի։ Գիշերներն իմ երազներում ինձ լերկ բլուրների վրա քո ստվերի ետևից վազելիս եմ տեսնում։ Ամեն անգամ, երբ նամակներս անպատասխան ես թողնում, ասես եռասայր նետ խրվի սիրտս։ Սա գրում եմ՝ հուսալով, որ կպատասխանես։ Մարդիկ խոսում են, երեխաներդ ասում են՝ երազիդ ամուսնուդ մահն ես տեսել, արդեն ասում ես, որ այրի կին ես։ Ճի՞շտ է, չգիտեմ։ Միայն գիտեմ, որ դեռ եղբորս կինն ես, որ պետք է այս տանը կապված լինես։ Քանի որ արդեն հայրս էլ է ասում, որ իրավացի եմ, այսօր քեզ տուն վերադարձնելու համար գնում ենք դատավորի մոտ։ Մեր հավաքած մարդկանց հետ ենք գալու, թող հայրդ էլ իմանա։ Կապոցդ պատրաստիր, տուն ես վերադառնում։ Պատասխանդ անմիջապես Էսթերի հետ կուղարկես»։

Նամակը երկրորդ անգամ կարդալուց հետո ինձ հավաքեցի և հարցական նայեցի Էսթերին։ Բայց ո՛չ Հասանի, ո՛չ էլ Քարայի մասին նոր ոչինչ չասաց։ Կաթսաների պահարանի անկյունում թաքցրածս մատիտն անմիջապես հանելով՝ թուղթը դրեցի հացի տախտակին և արդեն սկսելու էի Քարային նամակ գրել, երբ մի բան հիշեցի։ Շրջվելով՝ նայեցի Էսթերին. երեխայի պես այնպիսի երջանկությամբ էր վայելում վարդաջրի օշարակը, որ մի պահ կարծեցի՝ հիմարություն է մտածել, որ Էսթերը գիտի, թե ես ինչ եմ մտածում։

― Ինչ լավ ես ժպտում, գեղեցկուհի՛ս,– ասաց նա։― Մի՛ անհանգստացիր, ամեն բան լավ ավարտ կունենա։ Քեզ պես գեղեցկուհու, տաղանդավոր աղջկա հետ ամուսնանալ ցանկացող հարուստ պարոնները, փաշաները շատ են Ստամբուլում։

Գիտեք, որ երբեմն մեկին մեր հավատացած բանի մասին այնպես ենք պատմում, որ ինքներս մեզ հարցնում ենք՝ ինչո՞ւ առանց հավատալու այս խոսքն ասացի։ Ահա ես էլ այդպես ասացի։

― Բայց, Էսթեր, երկու երեխա ունեցող այրի կնոջ հետ ո՞վ կցանկանա ամուսնանալ, Աստծու սիրուն։

― Քեզ նմանի հետ շա՜տ շատերը,― ասաց նա՝ ձեռքի շարժումով ցույց տալով, թե որքան շատ։

Նայում էի աչքերի մեջ։ Մտածում էի, որ նրան չեմ սիրում։ Այնքան լռեցի, մինչև հասկացավ, որ նամակ չեմ տալու, անգամ հասկացավ, որ պետք է գնա։ Երբ Էսթերը գնաց, ինչպեն ասեմ ձեզ, նույն լռությունն իմ հոգում զգալով՝ քաշվեցի իմ անկյունը։ Պատին հենվելով՝ երկար ժամանակ ոչինչ չմտածելով՝ մթության մեջ ոտքի վրա մնացի։ Իմ մասին մտածեցի, մտածեցի, թե ինչ եմ անելու, իմ մեջ մեծացող վախի մասին մտածեցի։ Այդ ընթացքում լսում էի՝ ինչպես են Օրհանն ու Շևքեթը վերևում խոսում։

― Կնկա պես վախկոտ ես,– ասաց Շևքեթը։– Ետևից ես հարձակվում։

― Ատամս շարժվում է,– ասաց Օրհանը։

Մյուս կողմից էլ հետևում էի, թե Քարան ու հայրս ինչ են անում։ Քանի որ արվեստանոցի կապույտ դուռը բաց էր, հանգիստ լսում էի, թե ինչ են խոսում։

― Իտալացի վարպետների դիմանկարներից հետո մարդ վախով հասկանում է,– ասաց հայրս,– որ նկարի մեջ աչքերն արդեն միանման կլոր ու պարզ անցքեր չեն, այլ լույսը հայելու պես արտացոլող և ջրհորի պես ներծծող մեր աչքերին են նման։ Շրթունքները թղթի պես ուղիղ դեմքերի մեջտեղում ոչ թե մեկական ճեղք են, այլ իմաստալից կետեր։ Քիթը ոչ թե մեծ դեմքը մեջտեղից երկու մասի բաժանող խարխուլ պատ է, այլ ամեն մեկիս համար առանձին ձև ունեցող մեկական կենդանի, հետաքրքիր գործիք։

Արդյոք Քարան ինձ պես զարմանո՞ւմ էր, երբ հայրս անհավատ նկարիչների մասին խոսելիս ասում էր «մենք»։ Անցքից նայելիս Քարայի դեմքն այնքան գունատ էր երևում, որ մի պահ վախեցա։ Իմ սիրելի թխահեր, իմ դժբախտ կտրիճ, իմ մասին մտածելով ամբողջ գիշեր չքնելու պատճառո՞վ ես այսքան գունատ։

Գուցե չգիտեք. Քարան բարձրահասակ է, նրբակազմ ու գեղեցկադեմ։ Լայն ճակատ, նշաձև աչքեր, ուժեղ ու նուրբ քիթ ունի։ Ինչպես և մանկության տարիներին, ձեռքերը երկար են և բարակ, մատները շարժուն են և ճկուն։ Երբ ոտքի էր կանգնում, կարելի էր տեսնել՝ որքան նրբակազմ է, ձիգ, ուսերը մի քիչ լայն, բայց գեղեցիկ։ ՄանկությաՆ տարիներին և՛ մարմինը, և՛ դեմքն անհամաչափ էին։ Տասներկու տարի անց այս մութ անկյունից նրան առաջին անգամ դիտելիս անմիջապես հասկացա, որ հասուն մարդ է դարձել։ Այժմ, երբ մթության մեջ աչքս մոտեցնում եմ անցքին, Քարայի դեմքին տասներկու տարի առաջ տեսածս տխրությունն եմ տեսնում։ Ինձ համար այսքան տառապելն ինձ մեղքի և հպարտության զգացողություն է ներշնչում։ Գրքի համար արված մի նկարի նայելիս հորս պատմածները լսող Քարայի դեմքն ամբողջովին երեխայական ու անմեղ էր։ Հենց այդ պահին տեսնելով, թե ինչպես է վարդագույն շրթունքները երեխայի պես բացում, հանկարծակի ցանկացա կուրծքս նրանց արանքում դնել։ Մատներս նրա ծոծրակի, մազերի վրայով սահեցնելիս Քարան իմ երեխաների պես կուրծքս բերանը դնելով երջանկությունից աչքերը կփակի և խեղճ, անճարակ երեխայի պես կհասկանա, որ միայն իմ սիրով կարող է խաղաղություն գտնել և մինչև կյանքի վերջ կսիրի ինձ։ Այս երազն ինձ այնքան դուր եկավ, որ մի քիչ քրտնելով՝ պատկերացրի, որ նա ոչ թե սատանայի նկարին է նայում, որը հայրս էր ցույց տալիս, այլ զարմանքով և ուշադրությամբ նայում է, թե ինչպես են կրծքերս ուռչում։ Ոչ միայն կրծքիս, նաև վզիս, ամեն ինչիս հարբած մարդու պես էր նայում։ Ինձ այնքան էր սիրում, որ անգամ երիտասարդ տարիքում չասած բառերն էր ասում, հասկանում էի, որ հիացած է իմ դեմքով, հայացքով, իմ հպարտ կեցվածքով, իմ փորձառությամբ, ամուսնուս համբերատար ու քաջությամբ սպասելով, նրան գրած նամակներիս գեղեցկությամբ։

Մի պահ զայրացա կրկին ամուսնանալս կազմակերպող հորս վրա։ Հոգնել եմ եվրոպացի նկարիչների կրկնօրինակումներից, իր նկարիչներին պատվիրած նկարներից, Վենետիկի հուշերից։ Աչքերս կրկին փակելով՝ ասացի՝ Աստվա՜ծ իմ, ես սա իմ կամքով չեմ արել, երազումս Քարան այնքան գրավիչ մոտեցավ ինձ, որ մթության մեջ կարծես նրան իմ կողքին կանգնած զգացի։ Հանկարծակի հասկացա, որ իմ թիկունքում է կանգնած, համբուրում է ծոծրակս, վիզս, ականջներիս ետևը, հասկացա, որ շատ ուժեղ է։ Քանի որ ուժեղ էր, մեծ և կոպիտ, ինձ ապահով էի զգում։ Ծոծրակս խուտուտ էր գալիս, պտուկներովս սարսուռ էր անցնում։

Կարծես մթության մեջ աչքերս փակելիս զգացի, որ նրա բանն ինձ է մոտենում։ Գլուխս պտտվեց։ Արդյոք Քարայինն ինչպիսի՞ն է։

Երբեմն իմ երազներում տառապող ամուսնուս եմ տեսնում։ Տեսնում եմ, որ ամուսինս սաֆավիդ զինվորների նիզակներից, նետերից վիրավորված մարմնով մեզ է մոտենում, բայց մեր միջև մի գետ կա։ Գետի մյուս կողմից ինձ արյան ու ցավի մեջ ձայն է տալիս, նայում եմ և տեսնում, որ շալվարի առաջը հսկայական է։ Եթե բաղնիքում Գյուլլու հարսի պատմածները և ծեր պառավների ասածը ճիշտ է, ուրեմն այդ մեծ բանն այնքան էլ մեծ չէր։ Եթե Քարայինը նրանից մեծ է, եթե երեկ Շևքեթի հետ ուղարկածս դատարկ թղթից հետո գոտու տակ տեսածս այդ հսկայական բանն է (կարծում եմ որ, այո, իսկապես դա էր) վախեցա, որ իմ մեջ չի մտնի, կամ էլ շատ կցավեցնի։

― Մայրի՛կ, Շևքեթն ինձ նմանակում է։

Դուրս եկա պահարանի մութ անկյունից, անձայն գնացի դիմացի սենյակ, սնդուկից կարմիր բրդե անթևնոցս հանեցի, հագա։ Իմ ներքնակն էին հանել, կանգնել վրան՝ գոռգոռալով կռվում էին։

― Ձեզ չե՞մ ասել, որ երբ Քարան գալիս է, տանը չպետք է բղավեք։

― Մայրիկ, ինչո՞ւ ես կարմիր անթևնոցդ հագել,– հարցրեց Շևքեթը։

― Բայց, մայրիկ, Շևքեթն ինձ նմանակում է,– ասաց Օրհանը։

― Քեզ չե՞մ ասել, որ նրան չնմանակես։ Սա ի՞նչ կեղտոտ բան է։

Անկյունում մի կաշվի կտոր կար։

― Սատկած կենդանու կաշի է,– ասաց Օրհանը։– Շևքեթն է վերցրել ճանապարհից։

― Տարեք շուտ գցեք այնտեղ, որտեղից վերցրել եք։

― Թող Շևքեթը տանի։

― Ասացի՝ գնացեք։

Տեսնելով, թե որքան վճռական եմ, քանի որ ինչպես միշտ նրանց խփելուց առաջ սկսեցի զայրացած կրծել շրթունքիս ծայրը, վախեցան ու դուրս եկան։ Հուսամ՝ շուտ կվերադառնան ու չեն հիվանդանա։

Բոլոր նկարիչներից ամենաշատը Քարային հավանեցի, որովհետև բոլորից շատ եմ սիրում և գիտեմ նրա հոգին։ Թուղթ ու գրիչ հանեցի և արագ, ասես առանց մտածելու, գրեցի. «Լա՛վ, երեկոյան էզանից առաջ կախված հրեայի տանը կհանդիպեմ քեզ։ Հորս գիրքը հնարավորինս շուտ ավարտին հասցրու»։

Հասանին չպատասխանեցի, որովհետև անգամ եթե գնար դատավորի մոտ, չէի հավատում, որ նրա և հոր հավաքած մարդիկ անմիջապես կգային մեր տուն։ Եթե այդպես լիներ, նամակ չէր գրի, ինձնից պատասխան չէր սպասի, այլ անմիջապես մեր տուն կգային։ Հիմա ինձնից նամակ է սպասում, եթե չգրեմ, կխենթանա և մարդկանց արագ հավաքելով կգա մեր տուն։ Չմտածեք, որ նրանից չեմ վախենում։ Իրականում Քարային վստահում եմ, որովհետև ինձ կարող է նրանից պաշտպանել։ Բայց ասեմ, թե ինչ եմ զգում, հավանաբար այդքան էլ չեմ վախենում Հասանից, որովհետև նրան էլ եմ սիրում։ Եթե ասեք, թե սիրել ինչ է նշանակում, չեմ զայրանա, կասեմ, որ ճիշտ եք։ Այն տարիներին, երբ նույն հարկի տակ սպասում էինք պատերազմից ամուսնուս վերադարձին, տեսել եմ, թե այդ մարդը որքան խղճուկ է, թույլ և որքան է օգտվում առիթներից։ Բայց հիմա Էսթերն ասում է, թե նա որքան գումար է վաստակում, և Էսթերի բարձրացող հոնքերից հասկանում եմ, որ սուտ չի ասում։ Քանի որ արդեն փող և ինքնավստահություն ունի, կարծում եմ, որ Հասանին վանող դարձնող այդ բոլոր թերությունները վերացել են և ինձ գրավող այդ մութ, ջինի պես տարօրինակ կողմն է ի հայտ եկել։ Դա բացահայտեցի ինձ համառորեն ուղարկած նամակներից։ Քանի որ և՛ Քարան, և՛ Հասանը սիրահարված են ինձ, շատ են տառապել։ Քարան տասներկու տարով հեռացավ, անհետացավ նեղացավ։ Հասանն ինձ ամեն օր թռչունների ու եղնիկների նկարներով զարդարված նամակներ ուղարկեց։ Այդ նամակները կարդալիս սկզբում վախեցա, հետո սկսեցի հետաքրքրվել։ Քանի որ գիտեի՝ Հասանն էլ ինձնով է հետաքրքրվում, չզարմացա, որ գիտի իմ երազի մասին։ Ես միայն կասկածում էի, որ Քարային ուղարկած նամակներս Էսթերը տալիս է Հասանին, որ կարդա։ Այդ պատճառով Քարային նամակս Էսթերի միջոցով չուղարկեցի։ Դուք կիմանաք՝ իմ կասկածներն իրավացի՞ են, թե՞ ոչ։

― Ո՞ւր մնացիք,– հարցրի, երբ երեխաները վերադարձան։

Բայց անմիջապես հասկացան, որ իսկական զայրույթով չասացի։ Օրհանից թաքուն՝ Շևքեթին մի անկյուն տարա՝ մութ պահարանի անկյունը։ Նրան առա գիրկս։ Վիզը, մազերը, ծոծրակը համբուրեցի։

― Մրսել ես, սիրելի՛ս,– ասացի։– Այդ գեղեցիկ ձեռքերդ դիր ձեռքերիս մեջ, մայրիկը կտաքացնի...

Ձեռքերից զզվելի հոտ էր գալիս, բայց ոչինչ չասացի։ Գլուխը հենելով կրծքիս՝ ամուր փաթաթվեցի։ Քիչ անց տաքացավ և հաճույքից փայլող կատվի պես երես առավ։

― Մայրիկիդ ինչքա՞ն ես սիրում։

― Մմ՜մ՜հ՜մ՜մ՜մ՜։

― Շա՞տ։

― Շատ։

― Բոլորից շա՞տ։

― Բոլորից շատ։

― Այդ դեպքում ես էլ քեզ մի բան կասեմ,– ասացի ես՝ կարծես գաղտնիք էի հայտնում։– Բայց ոչ մեկին չես ասելու, լա՞վ։ Ես էլ քեզ եմ բոլորից շատ սիրում, հասկացա՞ր,– շշնջացի ականջին։

― Օրհանից էլ շա՞տ։

― Օրհանից էլ շատ։ Օրհանը փոքրիկ, թռչնի պես բան է, ոչինչ չի հասկանում։ Դու ավելի խելացի ես, հասկանում ես։

Մազերը հոտոտելով՝ համբուրեցի։

― Այդ պատճառով հիմա քեզնից մի բան եմ ուզելու։ Երեկ Քարա էֆենդուն թաքուն դատարկ նամակ տվեցիր։ Այսօր էլ ես տանելու, լա՞վ։

― Հորս նա է սպանել։

― Ի՞նչ։

– Հորս նա է սպանել։ Երեկ կախված հրեայի տանն ասաց։

― Ի՞նչ ասաց։

― Ասաց՝ հորդ ես եմ սպանել։ Ես շատ մարդ եմ սպանել։

Ինչ-որ բան կատարվեց։ Շևքեթը գրկիցս իջավ, սկսեց արտասվել։ Ինչո՞ւ է այս երեխան լալիս։ Գուցե քիչ առաջ չդիմացա ու ապտակեցի։ Չեմ ուզում, որ մտածեք, թե քարսիրտ եմ։ Բայց զայրացա, երբ այդպես խոսեց մարդու մասին, ով նրանց հոր պես էր նայելու։

Հուզվեցի, երբ տեսա, որ խեղճ որբուկը դեռ արտասվում է։ Ես էլ էի ուզում լաց լինել։ Փաթաթվեցինք իրար։ Երբեմն հեծկլտում էր, բայց մի՞թե ապտակի պատճառով էր արտասվում։ Գլուխը շոյեցի։

Ամեն ինչ այսպես սկսվեց, գիտեք, որ երեկ զրուցելիս հորս ասացի, որ երագում ամուսնուս մահն եմ տեսել։ Իրականում պարսիկների հետ պատերազմի գնալուց ի վեր չորս տարի շարունակ հաճախ էի նրան երազում տեսնում, բացի այդ, տեսնում էի մի հանգուցյալի, բայց պարզ չէր նա էր, թե ոչ։

Երազները միշտ այլ նպատակ են ունենում։ Պորտուգալիայում, որտեղից Էսթերի տատիկն է սերում, երազները ծառայում են անհավատների՝ սատանայի հետ հանդիպմանը և սիրով զբաղվելուն։ Այդ ժամանակ Էսթերի ընտանիքը հրաժարվել էր հրեականությունից և որոշել էր ձեզ պես կաթոլիկ քրիստոնյա դառնալ, բայց պորտուգալական եկեղեցու ճիզվիտ ինկվիզիտորները, չհավատալով սրան՝ բոլորին տանջելով՝ մեկ առ մեկ նրանց երազների ջիներին ի հայտ են բերում, տանջանքի սպառնալիքով նրանց վերագրում են նաև երազներ, որ չեն տեսել և ստիպում են խոստովանություններ անել, որպեսզի կարողանան բոլոր հրեաներին բռնել։ Նշանակում է՝ այնտեղ երազներ սատանայի հետ գործարքի մեջ մտնելուն և նրանց մեղադրելով վերացնելու նպատակին է ծառայում։

Երազները երեք նպատակ ունեն.

'''Այբ.''' Մի բան ես ցանկանում, բայց անգամ թույլ չեն տալիս, որ ցանկանաս։ Այդ դեպքում ասում ես, որ երազումդ ես տեսել։ Այսպիսով, կարծես անկախ քո կամքից ցանկանացածդ բանն ես սկսում ցանկանալ։

'''Բեն.''' Ուզում ես մեկին վատություն անել։ Օրինակ՝ մեկի մասին հերյուրանքներ ես տարածում։ Այդ ժամանակ ասում ես՝ երազումս տեսել եմ, որ այսինչ կինը դավաճանում է կամ էլ, որ այսինչ փաշային տակառներով գինի էին տանում։ Այսպիսով, եթե անգամ չհավատան, վատության գոնե մի մասը տպավորվում է մարդկանց մեջ։

'''Գիմ.''' Մի բան կուզես, բայց չես էլ իմանա՝ ինչ։ Մի խառը երազ կպատմես։ Անմիջապես մեկնաբանելով՝ քեզ կասեն, թե ինչ պետք է ուզես, ինչ կարող են քեզ տալ։ Օրինակ՝ ասում ես, որ ամուսնու, երեխայի տան կարիք ունես... Այս երազներն իրականում այն չեն, ինչ քնելիս տեսել ենք։ Բոլորը պետք է ցերեկվա երազածը պատմեն որպես գիշերվա երազ, որպեսզի այն իր նպատակին ծառայի։ Գիշերվա իսկական երազը միայն հիմարներն են պատմում։ Նման դեպքերում քեզ կամ ծաղրում են, կամ ամեն անգամվա պես երազիդ վատ մեկնաբանություն են տալիս։ Իսկ իրական երազները ոչ ոք լուրջ չի ընդունում, անգամ տեսնողները։ Իսկ դուք լո՞ւրջ եք ընդունում։

Երբ հպանցիկ ասացի, որ այդպիսի երազ եմ տեսել, հայրս նախևառաջ ասաց, որ այն չի կարող ընդունվել որպես ճշմարտություն։ Բայց երբ վերադարձավ հուղարկավորությունից, այդ անգամ եկավ եզրակացության, որ ամուսինս մահացել է։ Այսպիսով, չորս տարուց ի վեր կորած ամուսնուս մահվանը ոչ միայն բոլորը հավատացին, այլև ընդունեցին, ասես հայտարարեցին այդ մահվան մասին։ Այդ ժամանակ իսկապես հասկացան, որ երեխաները որբ են մնացել և տխրեցին։

― Երազներ տեսնո՞ւմ ես,– հարցրի Շևքեթին։

― Այո՛,― ասաց նա ժպտալով։– Հայրս չի գալիս, բայց ես քեզ հետ եմ ամուսնանում։

Նեղ քիթը, սև աչքերը, լայն ճակատը ոչ թե հորն էին նման, այլ ինձ։ Երբեմն ինձ մեղավոր եմ զգում, որ համառ որդիներս չեն ժառանգել հոր լայն ու բարձր ճակատը։

― Դե՛, գնա եղբորդ հետ թրով խաղա։

― Հորս հին թրո՞վ։

― Այո։

Լսելով երեխաների ձայները և փայտի թխթխկոցները երկար նայում էի առաստաղին՝ փորձելով հաղթահարել իմ ներսում բարձրացող վախն ու անհանգստությունը։ Իջա խոհանոց, Հայրիյեին ասացի.

― Հայրս ինչքան ժամանակ է՝ ձկան ապուր է ուզում։ Գուցե քեզ Քադըրգա ուղարկեմ։ Շևքեթի սիրած պաստեղից մի քանի թերթ թաքցրել եմ, հանիր, տուր երեխաներին։

Մինչ Շևքեթը խոհանոցում ուտում էր, ես ու Օրհանը բարձրացանք վերև։ Նրան գրկեցի, վիզը համբուրեցի։

― Քրտնել ես,– ասացի ես։– Ի՞նչ է պատահել։

― Շևքեթը հորեղբորս կարմիր թրի պատճառով ինձ խփեց։

― Կապտել է,– ասացի ես, ձեռք տվեցի։– Ցավո՞ւմ է։ Շևքեթը հոգատար չէ։ Տե՛ս՝ քեզ մի բան եմ ասելու։ Դու շատ խելացի ես, նուրբ ես։ Քեզնից մի բան եմ ուզելու։ Եթե անես, Շևքեթին ու բոլորին անհայտ գաղտնիք կասեմ քեզ։

― Ի՞նչ։

― Տեսնո՞ւմ ես այս թուղթը։ Կգնաս պապիդ մոտ։ Առանց նրան ցույց տալու՝ սա Քարա էֆենդիին կտաս։ Հասկացա՞ր։

― Հասկացա։

― Կանե՞ս։

― Ի՞նչ գաղտնիք ես հայտնելու ինձ։

― Դու թուղթը տար,– ասացի ես։

Նորից համբուրեցի անուշաբույր վիզը։ Անուշաբույր ասելիս հիշեցի. որքան ժամանակ է՝ Հայրիյեն երեխաներին բաղնիք չի տարել։ Ինչ Շևքեթը հասունացել է բաղնիքի կանանց տեսնելու համար, չեն գնացել։

― Գաղտնիքը հետո կասեմ։

Համբուրեցի։

― Շատ խելացի ես, շատ գեղեցիկ ես։ Շևքեթը չարաճճի է։ Նա մոր վրա անգամ ձեռք կբարձրացնի։

― Չեմ տանի,– ասաց նա։– Քարա էֆենդուց վախենում եմ, նա հորս սպանել է։

― Շևքեթն է ասել, չէ՞,– ասացի ես։– Արագ իջիր ներքև, կանչիր նրան։

Տեսնելով, որ զայրացած եմ, վախեցած իջավ գրկիցս ու գնաց։ Գուցե մի քիչ էլ գոհ էր, որ Շևքեթը պատասխան է տալու։ Քիչ անց երկուսն էլ շնչակտուր եկան։ Շևքեթի մի ձեռքին պաստեղ էր, մյուսում՝ թուրը։

― Եղբորդ ասել ես, որ Քարա էֆենդին է սպանել ձեր հորը,– ասացի ես։– Այլևս նման բան չլսվի այս տանը։ Քարա էֆենդուն սիրելու եք, հարգելու եք։ Հասկացա՞ք։ Ամբողջ կյանքն առանց հոր չեք անցկացնելու։

― Ես նրան չեմ ուզում։ Ես կգնամ մեր տուն, Հասան հորեղբոր մոտ կվերադառնամ, հորս կսպասեմ,― անամոթաբար ասաց Շևքեթը։

Մի պահ այնքան զայրացա, որ ապտակեցի նրան։ Թուրը ձեռքից ընկավ։

― Հորս եմ ուզում,– լաց լինելով ասաց նա։

Բայց ես նրանից ավելի էի լալիս։

― Ձեր հայրն արդեն չկա, չի վերադառնալու,― ասացի ես արտասվելով։

Երկար լացեցինք։ Մի քիչ արտասվելուց ինձ ավելի լավ մարդ էի զգում, այդ պահին հասկացա, որ արտասվում եմ։ Լացելով փաթաթվեցինք իրար, պառկեցինք մահճակալին։ Շևքեթը գլուխը հենել էր կրծքիս։ Երբեմն երբ այսպես հպվում է, զգում եմ, որ չի քնում։ Գուցե ես էլ քնեի նրանց հետ, բայց մտածում էի, թե ներքևում ինչ է կատարվում։

Եռացրած թուրինջի քաղցր հոտ էր գալիս։ Անմիջապես վեր ցատկելով՝ այնպիսի աղմուկ բարձրացրի, որ երեխաներն արթնացան։

― Իջեք ներքև, թող Հայրիյեն ձեզ կերակրի։

Սենյակում մենակ էի։ Սկսել էր ձյուն գալ։ «Աստված իմ, օգնիր ինձ»,– աղաչեցի ես, հետո Ղուրանը բացեցի, «Ալի Իմրան» սուրահից մեկ անգամ էլ կարդալով, որ Ալլահի ճանապարհին սպանվածներն Ալլահի մոտ են գնում, ինձ հանգիստ զգացի լուսահոգի ամուսնուս համար։ Արդյոք հայրս Քարային ցո՞ւյց էր տվել մեր սուլթանի համար նկարած նկարը։ Ասում էր, որ նկարն այնպիսի հավատ է ներշնչում, որ նայողը, մեր սուլթանի աչքերին նայել փորձող բոլորի պես վախենալով՝ հայացքը թեքում է։

Օրհանին կանչեցի ինձ մոտ։ Առանց գիրկս առնելու երկար համբուրեցի։

― Հիմա առանց վախենալու և առանց պապիդ ցույց տալու անմիջապես այս թուղթը Քարային ես տալու։ Հասկացա՞ր։

― Ատամս շարժվում է։

― Եթե ուզում ես, վերադառնալուց հետո կարող եմ քաշել,– ասացի ես։– Կհպվես նրան, նա էլ զարմանքից կփաթաթվի քեզ։ Այդ ժամանակ թուղթը թաքուն կտաս։ Հասկացա՞ր։

― Վախենում եմ։

― Վախենալու ոչինչ չկա։ Եթե Քարան չլինի, ո՞վ քեզ հայրություն կանի, գիտե՞ս։ Հասան հորեղբայրը։ Կուզե՞ս, որ Հասան հորեղբայրը հայրդ լինի։

― Ոչ։

― Ուրեմն գնա, իմ գեղեցիկ, խելացի Օրհան,– ասացի ես։― Թե չէ կբարկանամ... Եթե լաց լինես, ավելի շատ կբարկանամ։

Հուսահատությամբ ու հնազանդորեն մեկնած փոքրիկ ձեռքում դրեցի Նամակը։ Աստվա՜ծ իմ, ամեն ինչ՝ այս որբուկների անհայր չմնալու համար, օգնիր ինձ։ Ձեռքը բռնելով՝ տարա դռան մոտ։ Դռան շեմին վերջին անգամ վախով նայեց ինձ։ Մի անկյուն քաշվելով՝ հետևեցի, թե ինչպես է ամաչկոտ քայլերով մտնում սենյակ, մոտենում հորս և Քարային, կանգնում, մի պահ կանգնած մնում՝ չիմանալով ինչ անել, թիկունքում ինձ փնտրելով՝ մի պահ շրջվելով անցքին նայում։ Սկսեց արտասվել։ Բայց ի վերջո կարողացավ իրեն նետել Քարայի գիրկը։ Քանի որ Քարան հասկանում էր, որ պետք է երեխաներիս հայրը դառնալուն արժանի լինի, տեսնելով իր գրկում արտասվող Օրհանին՝ չանհանգստացավ, նախևառաջ ստուգեց երեխայի ափերը։ Հորս զարմացած հայացքի տակ Օրհանը ետ դարձավ, և ես նրան անմիջապես գիրկս առա, համբուրեցի, իջեցրի խոհանոց, նրան իր սիրած չամիչից տվեցի ու ասացի.

― Հայրիյե՛, դու երեխաների հետ գնա Քադըրգայի նավամատույց, Քոստայի խանութից հորս ապուրի համար տառեխ գնեք։ Վերցրու այս քսան արծաթադրամը, ձկան փողի մնացորդով վերադարձին Օրհանի սիրած դեղին թզից ու թթի չրից կառնեք։ Իսկ Շևքեթին՝ չորացրած սիսեռ և ընկույզի սուջուխ։ Մինչև երեկոյան էզանը որքան կուզես զբոսնիր նրանց հետ, բայց ուշադի՛ր՝ չմրսեն։

Երթ բոլորը հագնվելով դուրս եկան, ինձ դուր եկավ տան լռությունը։ Վերև բարձրացա, սկսեսրոջս պատրաստած, ամուսնուս՝ ինձ նվիրած հայելին հանեցի թաքցրած տեղից՝ նարդոս բուրող բարձերի արանքից, կախեցի։ Կանգնեցի նրա առջև։ Նայելիս ինձ թվաց, որ եթե անգամ մի փոքր շարժում անեմ, կկարողանամ իմ մասնատված մարմինը տեսնել հայելու մեջ։ Կարմիր բրդե անթևնոցս ինձ սազում էր, բայց ուզում էի, որ մորս օժիտի սնդուկից հանած մանուշակագույն վերնաշապիկն էլ հագնեմ։ Սնդուկից հանեցի նաև տատիկիս՝ սեփական ձեռքով ասեղնագործած ծաղկավոր պիստակի գույնի ժակետը, բայց վրաս չեղավ։ Մանուշակագույն վերնաշապիկը հագնելիս մրսեցի, դողացի, ինձ հետ մեկտեղ մոմի կրակն էլ դողաց։ Իհարկե, ամենավերջում ներսից աղվեսի մորթով կարմիր փարաջաս էի հագնելու, բայց վերջին պահին մտափոխվելով՝ անձայն անցնելով հորս սենյակի մոտով՝ մորս նվիրած լայն ու երկար, հիանալի բրդից փարաջան հանեցի սնդուկից, հագա։ Բայց այդ պահին դռան մոտ ձայներ լսելով՝ մի պահ խուճապի մատնվեցի. Քարան է գալիս։ Անմիջապես մորս հին փարաջան հանեցի, մորթե կարմիր փարաջան հագա։ Կուրծքս սեղմում էր, բայց ինձ դուր էր գալիս։ Ամենափափուկ, ամենասպիտակ քողը կապեցի, ամբողջովին փակեցի դեմքս։ Իհարկե, դեռ Քարա էֆենդին դուրս չէր եկել, հուզմունքից սխալվել էի։ Եթե հիմա դուրս գամ, կասեմ, որ հորս համար երեխաների հետ ձուկ գնելու եմ ելել։ Աստիճաներով կատվի պես իջա։ Դուռը ուրվականի պես ծածկեցի։ Անձայն անցա բակը, փողոց դուրս գալով՝ մի պահ կանգ առա, ետ նայեցի. քողիս տակից մեր տունը լրիվ օտար թվաց ինձ։ Փողոցներում ոչ ոք չկար, անգամ կատու չկար։ Թեթև ձյուն էր գալիս։ Վախենալով՝ մտա լքված այգի, ուր արևն անգամ չի մտնում։ Նեխած տերևների, խոնավության ու մահվան հոտ էր գալիս, բայց կախված հրեայի տուն մտնելուն պես ինձ տանը զգացի։ Ասում են, որ գիշերներն այստեղ ջիները հանդիպում են, կրակ վառելով՝ միասին զվարճանում։ Դատարկ տանն իմ ոտնաձայները լսելը սարսափելի էր. առանց շարժվելու սպասեցի։ Այգում շարժում լսեցի, բայց անմիջապես ամեն բան թաղվեց լռության մեջ։ Մոտիկից շան հաչոց լսվեց, մեր թաղամասի բոլոր շներին ճանաչում էի հաչոցով, բայց այս մեկին չճանաչեցի։ Հետո լռության մեջ մի բան զգացի, անշարժացել էի՝ ասես չէի ցանկանում, որ տանը մեկը լսեր իմ ոտնաձայները։ Երբ փողոցով մեկը խոսելով անցավ մտածեցի Հայրիյեի և երեխաների մասին, հուսամ՝ չեն մրսի։ Դրան հետևող լռության մեջ աստիճանաբար սկսեցի զղջում զգալ։ Քարան չէր գալու, ես սխալ էի գործել, պետք է առանց արժանապատվությունս ոտնահարելու տուն վերադառնայի։ Սարսափով պատկերացնում էի, որ Հասանը հետևում է ինձ, երբ այգում խշխշոց լսեցի։ Դուռը բացվեց։ Անմիջապես տեղս փոխեցի։ Չգիտեմ՝ ինչու այդպես արեցի, բայց երբ կանգնեցի արևի լույսի տակ մնացած պատուհանի ձախ կողմում, հասկացա, որ Քարան ինձ, ինչպես հայրս է ասում, կտեսնի ստվերների մեջ։ Քողս իջեցրի և ոտնաձայները լսելով՝ սպասեցի։ Դռան շեմն անցնելուց հետո ինձ տեսած Քարան մի քանի քայլ արեց և կանգնեց։ Այսպիսով, մի քանի քայլ հեռավորության վրա կանգնած՝ միմյանց նայեցինք։ Ավելի առողջ և ուժեղ էր երևում, քան տեսնում էի անցքից։ Լռություն տիրեց։

― Բարձրացրու քողդ,– շշնջաց նա։– Խնդրում եմ։

― Ես ամուսնացած եմ, ամուսնուս եմ սպասում։

― Բարձրացրու քողդ,– ասաց նույն ձայնով։― Նա երբեք չի վերադառնալու։

― Դա ասելու համա՞ր ես ինձ այստեղ կանչել։

― Ոչ, քեզ տեսնելու համար։ Տասներկու տարի քո մասին եմ մտածում։ Բարձրացրու քողդ, սիրելիս, ուզում եմ մեկ անգամ տեսնել քեզ

Քողս բարձրացրի։ Առանց ձայն հանելու՝ դեմքիս, աչքերիս մեջ երկար նայելն ինձ դուր եկավ։

― Ամուսնությունը, մայրությունը քեզ ավելի են գեղեցկացրել։ Դեմքդ էլ է փոխվել։

― Իսկ դու ինձ ինչպե՞ս էիր հիշում։

― Ցավով, որովհետև հիշելիս հասկանում էի, որ ոչ թե քո, այլ քո երազանքի մասին էի մտածում։ Հիշում ես, չէ՞՝ ինչպես էինք մեր մանկության տարիներին խոսում սիրահարված Խոսրովի ու Շիրինի մասին։ Երբ Շիրինն առաջին անգամ ծառի ճյուղին տեսավ Խոսրովի նկարը, ինչո՞ւ միանգամից չսիրահարվեց, այլ սիրահարվելու համար երեք անգամ նայեց նկարին։ Դու ասում էիր, որ հեքիաթներում ամեն ինչ պետք է երեք անգամ լինի։ Ես ասում էի, որ սերը պետք է առաջին պահին բռնկվի։ Բայց ո՞վ կարող էր Խոսրովի նկարն այնքան իրական նկարել, որ նա սիրահարվեր, որ կարողանար ճանաչել։ Այդ մասին չէինք խոսում։ Գուցե եթե այս տասներկու տարվա ընթացքում քեզնից այդպիսի նկար ունենայի, այսքան չտառապեի։ Նկարին նայելով սիրահարվելու մասին առակը և իմ տառապալից ճանապարհն ինձ շատ բան սովորեցրին։

Քանի որ այդ պահին ուշադրությունս կենտրոնացրել էի նրա՝ քայլ առ քայլ ինձ մոտենալուն, ասածները բառ առ բառ չէին տպավորվում մտքումս, այլ անմիջապես խառնվում էին իմ հիշողություններին։ Դրանց մասին հետո հիշելով՝ մեկ առ մեկ մտածելու էի։ Այժմ միայն զգում էի նրա ասածների կախարդանքը, կապվում էի նրան։ Ինձ մեղավոր էի զգում տասներկու տարի նրան տառապանք պատճառելու համար։ Ինչ գեղեցիկ խոսքեր ասող, ինչքան լավ մարդ էր Քարան։ Միամիտ երեխայի պես։ Դա կարդում էի նրա աչքերից։ Ինձ վստահություն էր տալիս այն, որ ինձ այդքան սիրում է։ Փաթաթվեցինք։ Այնքան դուր եկավ ինձ, որ մեղքի զգացում անգամ չունեցա։ Մեղրից էլ քաղցր, շատ հաճելի զգացողությունից հալվեցի։ Ավելի ամուր գրկեցի նրան։ Թույլ տվեցի, որ համբուրի, ես էլ իրեն համբուրեցի։ Համբուրվելիս կարծես ամբողջ աշխարհը քաղցր մթության մեջ թաղվեց։ Ցանկացա, որ բոլորը մեզ պես իրար փաթաթվեն։ Կարծես հիշում էի, թե ինչ է նշանակում սիրել։ Լեզուն մտցրեց բերանս։ Դա ինձ այնքան էր դուր գալիս, որ կարծես մեզ հետ մեկտեղ աշխարհը փայլող բարության մեջ էր մտնում, ոչ մի վատ բան չէի կարողանում հիշել։ Եթե իմ այս խեղճ պատմության մասին մի օր գիրք գրվի, և եթե Հերաթի լեգենդար նկարիչներն այն պատկերազարդեն, ասեմ, թե Քարայի և իմ փաթաթվելն ինչպես է պատկերվելու։ Հորս՝ ոգևորությամբ ինձ ցույց տված որոշ էջեր կան. տեքստի համաձայն՝ տերևների շարժումները և, պատերի զարդարանքները նույն ոգևորությամբ, իսկ էջի գրերը և շրջանակը նույն կերպ իր թևով ճեղքող ճնճղուկի անհանգստությունը և սիրահարների անհանգստությունը նման են իրար։ Իրար հեռվից նայող, բազմանշանակ բառերով միմյանց նախատող սիրահարներն այս նկարներում այնքան փոքր են պատկերվում, այնքան հեռվից են երևում, որ մարդ մի պահ կարծում է՝ պատմությունը ոչ թե նրանց, այլ իրենց տեսած հիանալի պալատի և բակի, սիրով մեկ առ մեկ ներկված տերևներով այգու և դրանք լուսավորող զարդանախշ գիշերվա և մուգ ծառերի մասին է պատմում մեզ։ Բայց եթե ուշադրություն դարձնեք այս նկարներում նկարչի՝ միայն անկեղծ ապավինությամբ նկարած գաղտնի գույների շարանին և ամբողջ նկարի բոլորի անկյուններից դուրս եկող այս խորհրդավոր լույսին, ապա անմիջապես կհասկանաք, որ այս նկարների գաղտնիքը ներկն է, որը սիրուց է պատրաստված։ Կարծես պատկերված սիրահարներից լույս է ճառագում։ Երբ Քարան ու ես փաթաթվել էինք, հավատացեք ինձ, կարծես ամբողջ աշխարհին նույն կերպով բարություն էինք հաղորդում։

Այսպիսով, Փառք Աստծու, բավականաչափ կյանքի փորձ ունեմ, որպեսզի հասկանամ, որ ոչ մի լավ բան երկար չի տևում։ Սկզբում Քարան ամուսնուս պես կուրծքս առավ իր ափերի մեջ։ Ինձ այնքան դուր եկավ, որ ցանկացա՝ ամեն բան մոռանալով՝ պտուկները դնի բերանը։ Չարեց, որովհետև ինքն էլ վստահ չէր։ Կարծես չգիտեր՝ ինչ անել, բայց շատ էր ուզում։ Այսպիսով, շարունակեցինք միմյանց գրկել, և մեր միջև վախն ու ամոթի զգացումը մեծացավ։ Երբ բռնեց կոնքերիցս, նրա մեծացող բանը կպավ փորիս։ Սկզբում ինձ դուր եկավ, հետաքրքրեց, չամաչեցի։ Եթե այսքան երկար գրկենք իրար, պարզ է, որ պետք է այսպես լինի։ Հետո, երբ այն դուրս հանեց, գլուխս մյուս կողմ թեքեցի, բայց գործիքի մեծությունից մեծացող աչքերս չկարողացա նրանից հեռացնել։ Ավելի ուշ, երբ ինձ առաջարկեց ղըփչաղ կանանց, անգամ բաղնիքում պատմություններ պատմող կանանց չարած անշնորհքություններն անել, զարմացած ու անճարակ՝ կանգնած մնացի։

― Հոնքերդ մի՜ կիտիր, սիրելիս,– աղաչեց նա։

Վեր կացա, նրան հրեցի, և չնայած տխրելու էր, սկսեցի բղավել։




== 27. Իմ անունը Քարա է ==

Կախված հրեայի տան խավարում գեղեցիկ հոնքերը կիտելով ինձ կշտամբող Շեքուրեի ասելով՝ գուցե կարող էի իմ ցանկությունները բավարարել Թիֆլիսում հանդիպածս չերքեզ աղջիկների, ղըփչաղ անբարոյականների, իջևանատներում վաճառվող աղքատ հարսերի, թուրքմեն ու պարսիկ այրիների, Ստամբուլում աստիճանաբար ավելացող սովորական մարմնավաճառների, մինգերիացի անամոթների, խարդախ աբազացիների և հայ վհուկների, ճենովական հանրապետության և ասորի պառավների, երկսեռ կանանց, անհագուրդ տղաների միջոցով, բայց ոչ Շեքուրեի։ Արաբիստանի փոքրիկ տաք քաղաքների ետնաբակերից մինչև Կասպից ծովի ափերը, Իրանից մինչև Բաղդադ, ամեն կարգի էժան, աղքատ, միջակների հետ շփվելով՝ ես, ըստ Շեքուրեի երևակայության, երևում է՝ բոլոր չափերս կորցրել եմ, մոռացել եմ ու մոռացել, որ որոշ կանայք ինքնասիրություն ունեն։ Ուրեմն իմ սիրո խոսքերն էլ անկեղծ չէին։ Սիրելիիս խոսքերը, որոնցից իմ սեռական ցանկությունն աստիճանաբար նվազում էր, հարգանքով էի լսում, ամաչում էի իմ վիճակից, իմ սխալից, բայց ինձ երկու բան էր գոհացնում։

1. Հիմնականում, նման իրավիճակներում այլ կանանց կենդանու պես էի պատասխանում։ Բայց Շեքուրեի զայրույթին ու խոսքերին չհամարձակվեցի նույն ոճով ու զայրույթով պատասխանել։

2. Շեքուրեն չափից շատ գիտեր իմ ճանապարհորդությունների մասին, ուրեմն ավելի էր հետաքրքրվում ինձնով, քան կարծում էի։

Տեսնելով, որ տխրել եմ, Շեքուրեն էլ սկսեց ինձ համար տխրել։

― Եթե ինձ իսկապես կուրորեն սիրում ես,– ասաց նա՝ կարծես ցանկանալով ներողություն խնդրել,– պատվարժան տղամարդու պես քեզ կզսպեիր և չէիր վիրավորի կնոջը, որի հանդեպ լուրջ զգացմունքներ ես տածում։ Ինձ հետ ամուսնանալու համար խորամանկությունների միայն դու չես դիմում։ Քեզ այստեղ գալիս որևէ մեկը տեսա՞վ։

― Ոչ։

Գեղեցիկ դեմքը, որր տասներկու տարի շարունակ չէի կարողանում հիշել, շրջեց դեպի պարտեզի դուռը ու կողքից տեսնելու հաճույքը պարգևեց ինձ։ Մի պահ ինչ-որ ձայն լսվեց, երկուսս էլ լռեցինք ու սպասեցինք, բայց ոչ ոք չեկավ։ Քանի որ դեռ տասներկու տարեկանում Շեքուրեն ինձնից ավելի գիտակ էր, միշտ ավելի անհանգիստ էր լինում։

― Կախված հրեայի ուրվականն այստեղ է լինում,― ասաց նա։

― Այստեղ գալի՞ս ես։

― Ջիներ, վհուկներ, ուրվականներ... նրանք քամու հետ են գալիս, մտնում են իրերի մեջ, լռության մեջ ձայն են տալիս։ Ամեն բանի մասին խոսում են։ Այստեղ գալու կարիք չկա։ Ամեն ինչ լսում եմ։

― Շևքեթն ինձ այստեղ բերեց, որ մահացած կատու տեսնեմ, բայց չկար,― ասացի ես։

― Նրան ասել ես, որ հորը սպանել ես։

― Այդպես չեմ ասել։ Ի՞նքն է այդպես ասել քեզ։ Ես ոչ թե նրա հորն եմ ուզում սպանել, այլ նրա հայրն եմ ուզում դառնալ։

― Ինչո՞ւ ես ասել, որ հորը սպանել ես։

― Նախ հարցրեց՝ երբևէ մարդ սպանե՞լ եմ։ Ես էլ նրան ճշմարտությունն ասացի, որ երկու մարդ եմ սպանել։

― Հպարտանալու համա՞ր։

― Եվ հպարտանալու, և բարձրանալու այն երեխայի աչքին, ում մորը սիրում եմ։ Որովհետև հասկացա, որ այդ փոքրիկ ավազակներին տանն անընդհատ հոր պատերազմական հերոսությունների մասին ես պատմում։

― Հպարտացիր այդ դեպքում, որովհետև քեզ չեն սիրում։

― Շևքեթը չի սիրում, բայց Օրհանը սիրում է,― ասացի ես սիրելիիս սխալը գտնելու հպարտությամբ։– Բայց ես երկուսի համար էլ հայր եմ դառնալու։

Մի պահ կիսամթի մեջ գոյություն չունեցող մի բանի ստվեր անցավ և կարծես խուճապից երկուսիս մարմին դող պատեց։ Երբ ուշքի եկանք, Շեքուրեն զուսպ հեծկլտում էր։

― Իմ խեղճ ամուսինը մի եղբայր ունի՝ Հասանը։ Ամուսնուս վերադարձին սպասելիս երկու տարի նրա և սկեսրայրիս հետ նույն տանն ապրեցինք։ Սիրահարվեց ինձ։ Հիմա ինչ-որ բան է կասկածում, կարծում է, որ ես ինչ֊որ մեկի, գուցեև քեզ հետ եմ ամուսնանալու։ Ինձ տեղեկացրին, որ ինձ ուզում է ստիպողաբար տանել տուն։ Քանի որ դատավորի համար ես չեմ կարող այրի համարվել, ասում են, որ ինձ ամուսնուս անունով կարող են այդ տուն վերադարձնել։ Ամեն պահի կարող են գալ մեր տուն։ Հայրս էլ չի ցանկանում, որ դատավորի որոշմամբ այրի դառնամ, որովհետև կարծում է, որ ամուսնալուծվելուց հետո մեկի հետ ամուսնանալու և լքելու եմ իրեն։ Մորս մահից հետո ապրած մենակության մեջ իմ ու երեխաների վերադարձը նրան շատ երջանկացրեց։ Մեզ հետ կապրե՞ս։

― Ինչպե՞ս։

― Եթե ամուսնանանք, հորս, մեզ հետ կապրե՞ս։

― Չգիտեմ։

― Արագ մտածիր։ Շատ ժամանակ չես ունենա, հավատա՛ ինձ։ Հայրս զգում է, որ մի վատ բան է մոտենում և իրավացի է։ Եթե Հասանը և նրա մարդիկ ենիչերիների հետ գան մեր տուն, հորս տանեն դատավորի մոտ, կասե՞ս, որ տեսել ես ամուսնուս դիակը։ Դու Իրանից ես գալիս, քեզ կհավատան։

― Կասեմ, բայց ես չեմ սպանել նրան։

― Լավ, ինձ այրի համարելու համար մեկ այլ ականատեսի հետ դատավորին կասե՞ս, որ պատերազմի դաշտում տեսել ես իմ ամուսնու արյունոտ դիակը։

― Չեմ տեսել, սիրելի՛ս, բայց քեզ համար կասեմ։

― Սիրո՞ւմ ես երեխաներիս։

― Սիրում եմ։

― Ի՞նչն ես սիրում, ասա։

― Շևքեթի ուժը, վճռականությունը, ճշմարտացիությունը, խելքը, համառությունն եմ սիրում,– ասացի ես։– Օրհանի նեղացկոտությունը, նրբությունը, խելքը։ Սիրում եմ, որ նրանք քո երեխաներն են։

Մի քիչ ժպտաց, մի քիչ արտասվեց իմ սևաչյան։ Կարճ ժամանակում հարցը լուծել ցանկացողի հաշվենկատ անհանգստությամբ անմիջապես անցավ ուրիշ թեմայի.

― Հորս գիրքը պետք է ավարտվի ու հանձնվի մեր սուլթանին։ Մեր շուրջը տարածվող դժբախտություններն այդ գրքի պատճառով են։

― Զարիֆ էֆենդու սպանությունից բացի ուրիշ ի՞նչ սատանայություն կա։

Մի պահ նրան դուր չեկավ այդ հարցը։ Փորձեց անկեղծ երևալ, այդ պատճառով էլ չկարողացավ և ասաց.

― Էրզրումցի Նուսրեթ հոջայի կողմնակիցները լուրեր են տարածում, որ հորս գրքում անհավատություն ու եվրոպական ոճի նկարներ կան։ Մեր տուն մտնող նկարիչները միմյանց նախանձելով՝ դավե՞ր են նյութում։ Դու նրանց ճանաչում ես, ավելի լավ կիմանաս։

― Լուսահոգի ամուսնուդ եղբայրն է՞լ,― ասացի ես,– այդ նկարիչների, հորդ գրքի, Նուսրեթ հոջայի կողմնակիցների հետ կապ ունի, թե՞ միայնակ է գործում։

― Կապ չունի, բայց Հասանը միայնակ չի գործում,– ասաց նա։

Խորհրդավոր, տարօրինակ լռություն տիրեց։

― Հասանի հետ նույն տանն ապրելիս քեզ տեսնո՞ւմ էր։

― Երկու սենյականոց տանն ապրելու չափ։

Ոչ շատ հեռվից երկու շուն, անմնացորդ նվիրվելով իրենց գործին, այդ պահին սկսեցին անհանգիստ հաչալ։

Չկարողացա ասել այդքան պատերազմած, հաղթանակած, հողակտոր ստացած լուսահոգի ամուսինդ ինչո՞ւ է քեզ ու եղբոր հետ նույն տանն ապրել։ Միայն վախենալով և ամաչելով՝ այս հարցը տվեցի իմ մանկության սիրելիին.

― Ինչո՞ւ ամուսնացար այդ մարդու հետ։

― Անշուշտ մեկի հետ ամուսնացնելու էին,– ասաց նա։

Դա ճիշտ էր, և խելացիորեն, առանց ինձ վիրավորելու՝ ամուսնուն գովելով բացատրեց, թե ինչու է նրա հետ ամուսնացել.

― Դու գնացիր ու չեկար։ Երևի նեղանալը սիրո նշան է, բայց նեղացած սիրելին էլ ձանձրալի է, և նրա հետ չես կարող ապագա ունենալ։

Դա էլ էր ճիշտ, բայց ավազակի հետ ամուսնանալու պատճառ չէր կարող լինել։ Դժվար չէր Շեքուրեի խորամանկ հայացքից հասկանալ, որ Ստամբուլից հեռանալուցս կարճ ժամանակ անց նա էլ բոլորի պես ինձ մոռացել էր։ Այս բացահայտ սուտն ասաց, որպեսզի մի փոքր մեղմի կոտրված սրտիս ցավը, ես էլ մտածեցի, որ դա էլ բարյացակամության նշան է, որի համար պետք է շնորհակալ լինեմ։ Սկսեցի պատմել, թե ճամփորդություններիս ընթացքում ինչպես էի անընդհատ նրա մասին մտածում, ինչպես չէի կարողանում հանել մտքիցս, ինչպես էր նրա երազն ուրվականի պես գիշերը մտնում իջևանատուն։ Սրանք ամենագաղտնի, ամենախոր տառապանքներն էին, որ կարծում էի, թե ոչ մեկին չեմ կարողանա պատմել, բայց այդ պահին զարմանքով նկատեցի, որ ընդհանրապես անկեղծ չէի։

Կյանքում առաջին անգամ զգացի այս տարբերությունդ երբ մարդ երբեմն այնքան է ուզում տպավորիչ ներկայացնել իրականությունը, որ զգում է, թե որքան կեղծավոր են հնչում իր բառերը։ Այսպես եմ ասում, որպեսզի հասկանաք իմ այդ պահի զգացմունքներն ու մտքերը։ Ամենալավ օրինակը հավանաբար կարող էր տալ այդ պահին մեզ անհանգստացնող մի նկարիչ։ Անգամ ամենակատարյալ նկարը, օրինակ՝ մի ձիու նկար, անգամ իսկական ձիուն Աստծու խնամքով պատկերած ձիու նկարը կարող է ճշմարտացիորեն չպատկերել վարպետ նկարչի ամենաանկեղծ զգացմունքները։ Անկեղծությունը ոչ թե նկարչի կամ մեզ պես Աստծու խոնարհ ծառաների տաղանդի և կատարելության պահերին, այլ ճիշտ հակառակը՝ լեզվի սայթաքումների, սխալների, հիասթափության և դառը վիրավորանքի պահերին է ի հայտ գալիս։ Այս ամենն ասում եմ այն տիկնանց համար, ովքեր այս իրավիճակին հիասթափությամբ են նայում, այդ պահին Շեքուրեի հանդեպ զգացածս ամենաուժեղ ցանկության և իմ ճամփորդությունների ընթացքում հանդիպած նուրբ դեմքով, բրոնզագույն մաշկով, մորեգույն շրթունքներով մի քազվինցի գեղեցկուհու հանդեպ զգացած գլխապտույտ առաջացնող ցանկության միջև ոչ մի տարբերություն չկար։ Սիրելի Շեքուրեն հասկանում էր, որ Աստծու տված խոր կյանքով և սուր ընկալումներով և նրա համար տասներկու տարի իսկական չինական տանջանքներին հավասար սիրո տառապանքներ կրեցի, և նրա հետ տասներկու տարուց հետո առաջին անգամ միայնակ մնալուն պես իմ մութ ցանկությունն արագորեն բավարարելուց բացի ոչինչ չտեսնող թշվառ ցանկասերի պես վարվեցի։ Նիզամին գեղեցկուհի Շիրինի բերանը նմանեցնում է մարգարիտներով լի թանաքամանի։ Զայրացած շները կրկին սկսեցին ամբողջ ուժով հաչալ, և Շեքուրեն անհանգստացած ասաց.

― Ես գնամ։

Այդ պահին միասին նկատեցինք, որ չնայած դեռ երեկո չէր, ուրվական հրեայի տունը բավականին մութ էր։ Նրան մի անգամ էլ փաթաթվելու համար մարմինս ինքնըստինքյան մի շարժում արեց, բայց նա ճնճղուկի պես անմիջապես տեղը փոխեց։

― Ես դեռ գեղեցի՞կ եմ։ Արագ ասա։

Ասացի, լսեց և խոսքերիս հավատալով՝ համաձայնեց։

― Իսկ հագո՞ւստս։

Ասացի։

― Լա՞վ եմ բուրում։

Իհարկե, Շեքուրեն էլ գիտեր, որ նիզամիի սիրո շախմատ կոչվածը ոչ թե այսպիսի գրական խաղերով, այլ սիրահարների միջև ավելի խոր, բազմիմաստ հոգևոր շարժումներով է տեղի ունենում։

― Հիմա ի՞նչ ես անելու,– հարցրեց նա։– Իմ որբուկներին կարողանալո՞ւ ես նայել։

Տասներկու տարուց ավելի տևած քարտուղարության, պատերազմների և դիակների՝ ինձ տված անգին փորձից ելնելով՝ խոսելով իմ փայլուն ապագայից՝ փաթաթվեցի նրան։

― Քիչ առաջ ինչ գեղեցիկ էինք փաթաթվել,― ասաց նա։― Իսկ հիմա ամեն բան կորցրել է առաջին պահի կախարդանքը։

Որպեսզի ապացուցեի իմ անկեղծությունը, ավելի ամուր գրկեցի և հարցրի, թե ինչո՞ւ է տասներկու տարի առաջ իր համար նկարած և պահած նկարս Էսթերի միջոցով ետ ուղարկել։ Աչքերում կարդալով զարմանքն իմ միամտության վրա և իմ հանդեպ աճող սերը, համբուրեցի նրան։ Այս անգամ գլխապտույտ ցանկասիրության գիրկը չէի ընկել, բայց հասկացա, որ երկուսիս սիրտը, կուրծքը, ստամոքսը, ամենուր խրվող ուժեղ սերն արծվի թևերի բախումների պես ամեն բան ցնցում է։ Արդյոք սեր անելը սերը հանդարտեցնելու ամենալավ ձևը չէ՞։

Մեծ կուրծքը ձեռքերիս մեջ առնելիս Շեքուրեն ինձ ավելի հստակ վճռականությամբ ու քաղցրությամբ հրեց։ Ես այնքան հասուն տղամարդ չեմ, որ կարողանամ ամուսնանալուց առաջ կնոջ հետ սեր անել ու հետո վստահելի ամուսնություն ունենալ։ Ես դեռ այնքան անփորձ էի, որ չգիտեի՝ արագ գործերին սատանան է խառնվում, երջանիկ ամուսնությունը նախևառաջ շատ համբերություն ու աշխատանք է պահանջում։ Թևերիցս դուրս պրծնելով՝ իջեցրեց քաթանե քողը և շարժվեց դեպի դուռը։ Բացված դռնից տեսնելով վաղ մթնող փողոցների վրա թափվող ձյունը՝ մոռանալով, որ այստեղ միշտ շշուկով էինք խոսում (գուցեև կախված հրեայի հոգին չարթնացնելու համար), բղավեցի։

― Սրանից հետո ի՞նչ ենք անելու։

― Չգիտեմ,― ասաց նա՝ հարմարվելով սիրո շախմատի կանոններին։

Հին այգում, որն արագ ծածկվում էր ձյունով, իմ գեղեցկուհին ոտնահետքեր թողնելով՝ անձայն հեռացավ։



== 28. Ինձ մարդասպան կկոչեն ==

Վստահ եմ՝ ձեզ հետ էլ է պատահում, որ Ստամբուլի երկար փողոցներում օրորվելով քայլելիս, որևէ խորտկարանում մի կտոր քալյե ուտելիս կամ էլ սազի նախշերին համակ ուշադրությամբ նայելիս հանկարծ ներկա պահը ձեզ անցյալ է թվում։ Ուզում եմ ասել՝ կարծես փողոցում ձյան վրա քայլելիս ձյան վրայով էի քայլում։ Այն տարօրինակ բաները, որ պատմելու եմ, կարծես և՛ ներկայում, և՛ անցյալում են կատարվել։

Երեկոյան մոտ արդեն մութն ընկնում էր, մանր ձյուն էր գալիս, և ես քայլում էի Էնիշթե էֆենդու փողոցով։ Ի տարբերություն մյուս որոշ գիշերների՝ այստեղ էի եկել վճռականությամբ՝ իմանալով, թե իրականում ինչ եմ ուզում։ Ինչպես նախորդ գիշերներին, ես այլ բաների մասին մտածելով՝ Թեմուրի ժամանակից մնացած, Հերաթի չզարդարված գրքերի, մորս առաջին անգամ մի գրքի համար յոթ հարյուր արծաթադրամ վաստակելու մասին պատմելուս և իմ մեղքերի, իմ հիմարությունների մասին խորասուզված մտածելիս ոտքերս ինձ այս փողոց բերեցին։ Այստեղ էի եկել՝ իմանալով և մտածելով անելիքիս մասին։ երբ վախենալով, թե ոչ ոք չի բացի, փորձեցի թակել հսկայական բակի դուռը, մի հպումով դուռն ինքըստինքյան բացվեց, կրկին հասկացա, որ Աստված ինձ հետ է։ Էնիշթե էֆենդու գրքին նոր նկարներ ավելացնելու համար այստեղ եկածս գիշերները փայլող նախասենյակում ոչ ոք չկար։ Աջ կողմում ջրհորի դույլն էր ու վրան՝ ցրտից գոհ ճնճղուկ, քիչ այն կողմ, չգիտես ինչու, գիշերվա այս ժամին չվառվող վառարան, ձախ կողմում ախոռ կար, որտեղ միայն հյուրերն էին թողնում իրենց ձիերը, ամեն բան իր տեղում էր։ Ախոռի կողքի բաց դռնից ներս մտնելով՝ ոտքերս խփելով փայտե աստիճաններին ու հազալով բարձրացա վերև։ Հազիս ոչ ոք չպատասխանեց, ինչպես և իմ ցեխոտ կոշիկների աղմուկին, որոնք աշխատասենյակի մուտքի մոտ հանեցի և դրեցի դռան կողքին շարված մյուս կոշիկների կողքին։ Ինչպես միշտ այս տուն գալիս նայեցի՝ Շեքուրեի կանաչ ու նուրբ կոշիկները կա՞ն, թե՞ չէ։ Քանի որ չտեսա, ենթադրեցի, որ հավանաբար տանը ոչ ոք չկա։ Մի պահ մտա աջ կողմի սենյակն, ուր, կարծում եմ, Շեքուրեն է քնում երեխաների հետ։ Ձեռք տվեցի ներքնակին, անկողնուն, անկյունում դրված սնդուկն ու փետուրի պես թեթև պահարանը բացելով՝ նայեցի։ Երբ երազում էի, որ սենյակի այդ նուրբ նշի հոտը Շեքուրեի մաշկի հոտն է, վերևի պահարանից մի բարձ ընկավ հիմար գլխիս, հետո էլ անկյունում դրված պղնձե ջրամանին և բաժակներին բախվելով՝ ընկավ հատակին։ Երբ աղմուկ ենք լսում, հասկանում ենք, որ սենյակը դատարկ է, բայց ես հասկացա, որ սենյակը ցուրտ է։

― Հայրիյե՛,– ներսից ձայն տվեց Էնիշթե էֆենդին,– Շեքուրե՛, ո՞ր մեկդ է։

Արագ դուրս եկա սենյակից, անցա մեծ սենյակի մոտով ու մտա կապույտ դռնով արվեստանոցը, ուր ձմեռվա օրերին Էնիշթե էֆենդու գրքի համար էինք աշխատում, և ասացի.

― Ես եմ, Էնիշթե՛ էֆենդի, ես։

― Դու ո՞վ ես։

Այդ պահին հասկացա, որ Էնիշթե էֆենդին վարպետ Օսմանի՝ մանկության տարիներին մեզ տված անուններն էր խորամանկորեն ծաղրում։ Շքեղ գրքի վերջին էջին հպարտ գրչի ստորագրության պես «ձեր աղքատ, մեղավոր ծառան» խոսքերով սկսելով՝ կեղծանունս և հայրանունս մեկ առ մեկ արտասանեցի։

― Հը՞,– ասաց նա սկզբում։– Ահա,– ասաց հետո։

Մանկության տարիներիս լսած ասորական պատմության մեջ մահվանը հանդիպած մարդուն հավերժական թվացող մի քանի վայրկյանի պես ամեն բան թաղվեց լռության մեջ։ Եթե հիմա որևէ մեկը կարծում է, թե մահվան մասին խոսեցի, որովհետև այստեղ եմ եկել սպանելու համար, ուրեմն գիրքը սխալ եք հասկացել։ Այդպիսի նպատակ ունեցող մարդն արդյոք կթակի՞ դուռը, կոշիկները կհանի՞, կգա՞ առանց դանակի։

― Ուրեմն եկար,– կրկին ասաց նա պատմվածքի ծերունու պես։

Բայց հետո սկսեց այլ ոճով խոսել.

― Բարով ես եկել, որդյա՛կ, ասա տեսնեմ՝ ի՞նչ ես ուզում։

Արդեն մութն ընկել էր։ Գարնանը բացված նոճուն և նռենուն նայող փոքրիկ ու նեղ պատուհանի՝ մեղրամոմով ծածկված մակերեսից սենյակ այնպիսի լույս էր ընկնում, որը թույլ էր տալիս տեսնել իրերի ուրվագծերը, որոնք շատ դուր կգային չինացի նկարիչներին։ Ինչպես միշտ իր անկյունում՝ մի գրակալի գլխին նստած Էնիշթե էֆենդու դեմքն ամբողջությամբ չէր երևում, նրա հետ այստեղ մինչև առավոտ մոմի լույսի տակ այս վրձիններով, թանաքամաններով, գրիչներով և կնիքներով լցված սենյակում նկարելով, նկարչության մասին խոսելով՝ փորձում էի հուզմունքով զգալ այն մտերմությունը, որ առաջ էի զգացել։ Այդ օտարության զգացողությունից, իմ անհանգստությունից, նկարելիս մեղք գործելուս մասին մտածելիս և մեդրեսեի աշակերտների իմացած ճանապարհի անհանգստությունների մասին խոսելուց ամաչելուս համար, չգիտեմ՝ այդ պահին որոշեցի, որ իմ խնդիրների մասին նրան մի պատմությամբ կպատմեմ։ Սպահանցի Մուսաֆիր շեյխ Մուհամմեդի պատմությունը գուցե դուք էլ եք լսել։ Գույն ընտրելու, էջի ձևավորման, մարդ, կենդանի և դեմք նկարելու, նկարի մեջ՝ բանաստեղծական հուզմունք, երկրաչափության մեջ գաղտնի տրամաբանություն օգտագործելու հարցում այս նկարչից լավը չկար։ Երիտասարդ տարիքում վարպետ դառնալուց հետո այս տաղանդավոր նկարիչը երեսուն տարի շարունակ և թեմա ընտրելու, և երևակայության, և ոճի հարցում իր ժամանակի ամենաքաջ ու նախաձեռնող նկարիչն էր դարձել։ Սև մատիտի ոճով Չինաստանից մոնղոլների միջոցով եկած սարսափելի սատանաներին, պոզավոր ջիներին, ձի հեծած ծառաներին, կիսամարդ-կիսահրեշ էակներին, ուղտերին, ջիներին, սատանայական նուրբ և զգայուն հերաթյան նկարին նա իր տաղանդը և հավասարակշռությունն էր ավելացրել, Պորտուգալիայից և Ֆլամենկոյից եկած նավերից ելած դիմանկարներին բոլորից առաջ նա էր ուշադրություն ցուցաբերել, Չինգիզ խանի ժամանակներից մնացած, մոռացված ոճերի մասին հնացող գրքերը հանելով՝ նրան կենդանություն էր տվել, Ալեքսանդրի՝ կանանց կղզում լողացող մերկ գեղեցկուհիներին նայելը, Շիրինի՝ լիալուսնի լույսի տակ լողանալը տեսնելիս Խոսրովի գրգռվելու պես թեմաները բոլորից առաջ խիզախորեն նա էր պատկերել, մեր մարգարեի՝ իր ձի Բուրաքի վրա նստած սլանալը, շահերի պայքարը, շների բազմացումը, շեյխերին գինովցած նկարելով՝ ամբողջ նկարչական հասարակությանը իրեն սիրել տվեց։ Այս ամենն արել էր թաքուն գինի խմելով, ափիոն օգտագործելով, երեսուն տարի շարունակ տևող աշխատասիրությամբ և ոգևորությամբ։ Հետո, երբ մեծացավ, դարձավ մի կրոնավոր շեյխի առաջնորդը, կարճ ժամանակում ոտքից գլուխ փոխվելով՝ եկավ այն եզրակացության, որ երեսուն տարի շարունակ արած նկարներն անհավատություն են քարոզում, հրաժարվեց իր նախկին կյանքից։ Ավելին՝ իր կյանքի մնացած երեսուն տարին անցկացրեց քաղաքից քաղաք, պալատից պալատ, գրադարանից գրադարան գնալով՝ իր պատրաստած գրքերը շահերի, սուլթանների գանձարաններում, գրադարաններում փնտրելով և ոչնչացնելով։ Որ շահի գրադարանում գտնում էր տարիներ առաջ արած նկարը, ամեն գնով, եթե չէր կարողանում քաղցր լեզվով, ապա խորամանկությամբ, մի պահ, երբ ոչ ոք ուշադրություն չէր դարձնում, կամ պատռում էր գրքի այն էջը, որտեղ իր արած նկարն էր, կամ էլ լոգարան տանելով՝ սեփական հրաշքի վրա ջուր լցնելով՝ փչացնում էր։ Այս պատմությունը պատմել էի որպես նկարչի՝ սեփական հավատն ակամա մոռանալու պատճառած տառապանքի օրինակ։ Նրան հիշեցրի, որ քանի որ շեյխ Մուհամմեդը հարյուրավոր գրքեր էր զարդանկարել, դրանք չէր կարող մեկ առ մեկ փնտրել, այդ պատճառով արքայազն Աբբաս Միրզայի նախարարական քաղաք Քազվինի հսկայական թանգարանն այրեց։ Ականատեսի պես, մի քիչ էլ չափազանցելով՝ պատմեցի սարսափելի հրդեհի ժամանակ նկարչի՝ տառապանքի և զղջման զգացմունքներից այրվելով մահանալու մասին։

― Վախենո՞ւմ ես,– սիրով հարցրեց Էնիշթե էֆենդին,– մեր արած նկարներից, որդյա՛կ։

Սենյակն այնքան մոտ էր, որ չէի կարող տեսնել՝ այդ հարցը տալիս ժպտում էր, թե ոչ, բայց կռահեցի։

― Մեր գիրքն այլևս գաղտնի չէ,– ասացի ես։– Գուցե դա կարևոր չէ, բայց ամենուր խոսում են։ Ասում են, որ անուղղակի վիրավորում ենք մեր կրոնը։ Այստեղ ասում են, որ ոչ թե մեր սուլթանի պատվիրած և ցանկացած գիրքն ենք պատրաստում, այլ մեր ցանկացած գիրքը, անգամ ասում են, որ սուլթանին ծաղրող, անհավատություն քարոզող, անհավատ վարպետներին կրկնօրինակող գիրք ենք պատրաստում։ Ասում են, որ մեր գիրքն անգամ սատանային է սիրալիր ներկայացնում։ Ասում են, որ աշխարհին փողոցի կեղտոտ շան հայացքով նայող, ձիու մլակի մեծությամբ մզկիթ նկարելով (այն պատճառաբանությամբ, որ մզկիթը ետևում է)՝ մզկիթ գնացող հավատացյալ մարդկանց ենք ծաղրում։ Գիշերներն այս մտքերի պատճառով չեմ կարողանում քնել։

― Նկարները միասին ենք արել,― ասաց Էնիշթե էֆենդին։– Ոչ միայն այդպիսի բաներ չենք արել, անգամ չենք էլ մտածել նման բաների մասին։

― Իհարկե ոչ,– ասացի ես՝ չափազանցնելով։– Բայց որտեղից են լսել՝ չգիտեմ, ասում են՝ վերջին նկարում ոչ թե անուղղակի անհավատություն, այլ բացահայտ ծաղր կա։

― Վերջին նկարը տեսե՞լ ես։

― Երկէջանի նկարի համար մեծ թերթի՝ ինձ ցույց տված տարբեր անկյուններում ձեր ուզած նկարները ձեր ուզած ձևով եմ պատկերել,– ասացի ես ուշադիր ու վճռական՝ հույս ունենալով, որ Էնիշթե էֆենդին դա կգնահատի։ Բայց նկարն ամբողջությամբ չեմ տեսել։ Եթե տեսնեի, այդ զզվելի հերյուրանքները լսելիս խիղճս հանգիստ կլիներ։

― Ինչո՞ւ ես մեղավոր զգում,– հարցրեց նա։– Ի՞նչն է քեզ տանջում։ Ո՞վ է քո մեջ կասկած առաջացնում։

― Երբ մարդ կասկածում է այն գրքին, որի վրա ամիսներ շարունակ երջանկությամբ աշխատել է, երբ հարձակվում է այնպիսի բաների վրա, որոնք սուրբ է համարում, կյանքը դժոխքի է նմանվում։ Եթե միայն կարողանայի տեսնել այդ վերջին նկարը։

― Դա՞ է քո խնդիրը,– ասաց նա։– Դրա համա՞ր ես եկել այստեղ։

Անմիջապես անհանգստացա։ Արդյոք կարո՞ղ էր մտածել այնպիսի ահավոր բանի մասին, ինչպես այն, որ խեղճ Զարիֆ էֆենդուն ես եմ սպանել։

― Մեր սուլթանին գահընկեց անելով՝ նրա փոխարեն գահին արքայազնին բարձրացնել ցանկացողներն էլ հավատալով այս հերյուրանքներին՝ լուրեր են տարածում, որ այս գիրքը մեր սուլթանն է գաղտնի հովանավորում,– ասացի ես։

― Այդ ամենին քանի՞ հոգի է հավատում,– ասաց նա հոգնած, ձանձրացած ձայնով։– Մի քիչ հետաքրքրություն ունեցող և դրանից գլխապտույտ զգացող զայրացած յուրաքանչյուր հոջա սկսում է ասել, որ կրոնն անտեսության են մատնում։ Հաց վաստակելու ամենավստահելի միջոցը սա է։

Արդյոք մտածո՞ւմ էր, որ այս հերյուրանքները նրան պատմելու համար էի եկել։

― Խե՜ղճ լուսահոգի Զարիֆ էֆենդի,– ասացի ես դողացող ձայնով։― Մարդիկ ասում են, որ նա այս վերջին նկարն ամբողջությամբ տեսել է, և մենք, հասկանալով, որ դա վիրավորում է մեր կրոնը, սպանել ենք նրան։ Այս ամենն արվեստանոցում ինձ մի մտերիմ վարպետ պատմեց։ Գիտեք, թե աշակերտները, ծառաներն ինչպիսին են. բոլորը բամբասում են։

Այս տրամաբանությանը հետևելով՝ աստիճանաբար հուզվելով՝ երկար խոսեցի։ Չգիտեմ, թե այդ պահին ասածներիս որ մասն եմ լսել, որ մասն եմ այդ բամբասկոտ ստորին սպանելուց հետո վախից հորինել, որ մասն եմ այդ պահին պատմելիս երևակայել։ Այդքան պատմելուց հետո արդեն հույս ունեի, որ Էնիշթե էֆենդին կհանի այդ երկէջանի նկարը և ցույց կտա, կհանգստացնի ինձ։ Մեղքի մեջ թաղվելու ճանապարհին իմ վախերից միայն այսպես կարող էի ազատվել, ինչո՞ւ չէր հասկանում։ Մի պահ ցանկացա նրան թափ տալ և խիզախորեն հարցրի.

― Մարդ կարո՞ղ է իր կամքից անկախ անհավատ նկար նկարել։

Պատասխանելու փոխարեն, կարծես սենյակում քնած երեխա կար, հանկարծ զգուշացնող ձեռքի շատ նուրբ շարժում արեց, և ես լռեցի։ Շշնջալով ասաց.

― Սենյակում շատ մութ է. այս մոմը վառենք։

Վառարանի կրակով վառած մոմերի լույսի տակ նրա դեմքին անսովոր հպարտության արտահայտություն տեսա, որն ինձ դուր չեկավ։ Թե՞ խղճահարության արտահայտություն էր։ Արդյոք ամեն ինչ հասկացե՞լ էր և կարծում էր, որ ես ստոր մարդասպան եմ, թե՞ վախենում էր ինձնից։ Այդ պահին հիշում եմ, որ կարծես իմ մտքերն ինձ չէին պատկանում, կարծես իմ մտքերն ուրիշի մտքերն էին, և ես զարմացած հետևում էի դրանց։ Հատակի գորգի մի անկյունն ասես գայլի մորթուց լիներ, ինչո՞ւ մինչ այս չէի նկատել։

― Նկար, մանրանկարչություն, գեղեցիկ գրքեր սիրող բոլոր խաների, շահերի, սուլթանների հետաքրքրությունը երեք եղանակ ունի,― ասաց Էնիշթե էֆենդին։― Սկզբում քաջ են, մտերմիկ ու հետաքրքրասեր։ Քանի որ ուրիշի նկարներն են նայում, դրա դիմաց հարգանք են պահանջում։ Սկզբում սովորում են, իսկ հետո գրքերը սեփական հաճույքի համար են պատվիրում։ Քանի որ սովորել են, որ նկարները նայելիս պետք է շատ հավանեն, պետք է հարգալից լինեն, ցանկանում են, որ մահից հետո այս աշխարհում մնացող գրքերն էլ հայտնի դառնան։ Իսկ իրենց կյանքի աշնանը ոչ մի սուլթան արդեն անմահության մասին չի մտածում։ Այս աշխարհի անմահության և ապրող մյուս սերունդների, թոռների հուշերում ապրելու ցանկությունը հասկանում եմ։ Նկարչությունը սիրող ղեկավարները մեզ պատվիրած, իրենց անունները կրող, երբեմն էլ իրենց սեփական պատմությունների հիման վրա կազմված գրքերով արդեն անմահացել են այս աշխարհում։ Երբ ծերանում են, ցանկանում են հաջորդ կյանքում լավ տեղ ունենալ։ Բոլորն էլ հասկանում են, որ նկարն այդ ճանապարհին խոչընդոտ է ստեղծում։ Ինձ ամենաշատը տխրեցնող ու թևաթափ անողը դա է։ Շահ Թահմասփն էլ, որ վարպետ նկարիչ էր ու երիտասարդ տարիներն անց էր կացրել սեփական արվեստանոցում, մահվանը մոտենալով՝ փակեց այդ հիանալի արվեստանոցը, հրաշալի նկարիչներին հեռացրից Թավրիզից, բաժանեց իր պատվիրած զրքերը, սկսեց զղջալ։ Ինչո՞ւ են բոլորը կարծում, որ նկարչությունը փակում է դրախտ տանող ճանապարհները։

Գիտե՞ք՝ ինչու, որովհետև մեր մարգարեի խոսքն այն մասին է, որ դատաստանի օրը նկարիչները Աստծու կողմից ամենախիստ կերպով պատժվելու են։

― Ոչ թե նկարիչները,― ասաց Էնիշթե էֆենդին,– այլ պատկերողները։ Սա պատմություն է Բուհարիից։

― Դատաստանի օրը պատկերողից կպահանջվի կյանքը զոհաբերել իր նկարածներին,– զգուշորեն ասացի ես։– Բայց քանի որ ոչինչ չի կարողանալունկարել, դժոխային տառապանքներ է կրելու։ Չմոռանանք, կերտողը Ղուրանում Ալլահի բնորոշումներից մեկն է։ Կերտողը, գոյություն չունեցողին կյանք տվողը, անշունչը շնչավոր դարձնողր Ալլահն է։ Ոչ ոք չպետք է մրցի նրա հետ։ Նրա գործին խառնվող, նրա պես արարող լինելը պնդող նկարիչներն ամենամեծ մեղքն են գործում։

Այնքան կոպիտ ասացի, կարծես նրան էլ էի մեղադրում։ Նայեց աչքերիս մեջ.

― Քո կարծիքով մենք դա՞ էինք անում։

― Ոչ,– ասացի ես ժպտալով։– Բայց լուսահոգի Զարիֆ էֆենդին, տեսնելով վերջին նկարի ամբողջական տարբերակը, սկսեց այդպես մտածել։ Նա ասում էր, որ հեռապատկերով, գիտությամբ նկարելը, եվրոպացիների ոճով նկարելը սատանայական գործ է։ Վերջին նկարում օգտագործելով եվրոպական ոճը՝ այնպես ենք պատկերել մահացածի դեմքը, որ նայողին նկարն իրական է թվում, այնքան, որ մարդիկ ցանկանում են երկրպագել նրան, ինչպես եկեղեցիների նկարների առաջ։ Հեռապատկերը միայն նրա համար չէ, որ Ալլահը նայի փողոցի շանը, այլ ֆրանսիացի վարպետների ոճր օգտագործելով, մեր իմացածը, մեր տաղանդը անհավատների տաղանդի և ոճի հետ խառնելով, մեր միամտությունը մեզնից խլելով՝ իրենց ծառան դարձնող սատանա լինելու համար։

― Ոչ մի միամտություն չկա,― ասաց Էնիշթե էֆենդին։– Մանրանկարչության, նկարչության մեջ որքան էլ հրաշքներ ստեղծվեն, երբ որևէ արվեստանոցում ցանկանամ արտասվել ինձ ցնցող գեղեցկություն տեսնելիս, կիմանամ, որ այնտեղ նախկինում ինձ անհայտ երկու տարբեր մասնիկ միավորվելով՝ մի նոր հրաշք են կերտել։ Բեհզադի և ամբողջ իրանական նկարչության գեղեցկության համար պարտական ենք արաբական նկարչության և մոնղոլաչինական նկարչության խառնուրդին։ Շահ Թահմասփի ամենագեղեցիկ նկարները իրանական ոճի և թուրքմենական զգացմունքայնության միավորումն են։ Այսօր բոլորը Հնդկաստանի Էքբեր խանի արվեստանոցների մասին են պատմում, նկարիչներին խրախուսում են անցնել եվրոպացի վարպետների ոճին։ Ե՛վ Արևելքը, և՛ Արևմուտքը Աստծունն են։ Աստվա՛ծ, պաշտպանիր մեզ միամիտների և անխառնի ցանկություններից։

Մոմի լույսի տակ երևացող դեմքը փափուկ էր ու լուսավոր, իսկ պատին ընկնող ստվերը՝ մութ ու վախեցնող։ Չնայած նրա ասածները տեղին ու ճիշտ էի համարում, չէի հավատում նրան։ Քանի որ կարծում էի, թե ինձ կասկածում է, ես էլ իրեն էի կասկածում։ Մեկընդմեջ ականջ էր դնում ներքևի բակի դռան ձայնին, զգում էի, որ ինձնից բացի ուրիշին էլ է սպասում։

― Ինձ պատմեցիր սպահանցի Մուսաֆիր շեյխ Մուհամմեդի մասին, ով այրում է այն գրադարանը, ուր իր նկարներն էին, և ինքն իրեն,― ասաց նա։– Ես էլ քեզ պատմեմ այդ լեգենդի մեկ այլ տարբերակը, որը չգիտես։ Այո՛, կյանքի վերջին երեսուն տարում նկարիչն իր նկարներն է փնտրել։ Բայց երբ թերթում է գրքերը, ավելի շատ տեսնում է ոչ թե իր սեփական նկարները, այլ իրենից ներշնչված նկարիչների կրկնօրինակումները։ Իսկ հաջորդող տարիներին նկարիչների երկու սերունդ իր ժխտած նկարներն օգտագործում էին որպես օրինակ, այդ նկարները նկարում էին իրենց հիշողության մեջ, ոչ միայն անգիր էին անում, այլև ընդունում էին որպես հոգու մի մաս։ Շեյխ Մուհամմեդը, փորձելով գտնել սեփական նկարները և վերացնել, հասկացավ, որ երիտասարդ նկարիչները մի քանի գրքերում դրանք կրկնօրինակել են, այլ պատմություններ պատկերելիս օգտվել են իր նկարներից, որ դրանք տպավորվել են բոլորի հիշողության մեջ, տարածվել ամբողջ աշխարհով մեկ։ Գրքից գիրք, նկարից նկար, տարիներ շարունակ նայելով՝ հասկանում ենք. լավ նկարիչը միայն հրաշքներով չի տպավորվում մեր հիշողության մեջ, ի վերջո, մեր հիշողությունն էլ է փոփոխության ենթարկում։ Մեկ անգամ մեզ վրա տպավորություն գործելուց հետո նկարչի տաղանդն ու նկարներն ամբողջ աշխարհի գեղեցկության չափանիշն են դառնում։ Սպահանցի նկարիչը կյանքի վերջում սեփական նկարներն այրելուց հետո ոչ միայն ականատես եղավ դրանց բազմացմանը, այլև տեսավ, որ բոլորն աշխարհը տեսնում են այնպես, ինչպես մի ժամանակ ինքն էր տեսել։ Հասկացավ, որ երիտասարդ տարիքում արած նկարներն արդեն տգեղ են իր համար։

Իմ հիացմունքը, Էնիշթե էֆենդուն դուր գալու ցանկությունս չկարողացա զսպել և ծնկի եկա։ Ձեռքերը համբուրելիս աչքերս լցվեցին արցունքով, և զգացի, որ իմ հոգում նա գրավում է վարպետ Օսմանի տեղը։

― Նկարիչը,― ասաց Էնիշթե էֆենդին իրենից գոհ ձայնով,― ականջ դնելով իր նկարին, իր սեփական խղճին և չվախենալով կանոններից, որոնց հավատում է, առանց վախենալու կնկարի։ Թշնամիների, հետամնաց մարդկանց, նախանձների կարծիքը նրան չպետք է հետաքրքրի։

«Բայց Էնիշթե էֆենդին անգամ նկարիչ էլ չէ»,― մտածեցի ես՝ արտասվելով ու համբուրելով ծննդանշաններով և հետքերով ծածկված ձեռքը։ Հետո ամաչեցի այդ մտքից։ Կարծես ուրիշ մեկն էր ստիպել ինձ այդպիսի սատանայական ու լկտի բան մտածել։ Բայց դուք էլ գիտեք, որ ես ճիշտ եմ։

― Ես չեմ վախենում նրանցից,― ասաց Էնիշթեն։– Որովհետև մահից չեմ վախենում։

Ովքե՞ր են նրանք։ Գլուխս թափ տվեցի՝ ցույց տալով, թե հասկանում եմ։ Բայց ներսումս զայրույթ էի զգում։

Ուղիղ Էնիշթեի կողքին տեսա Էլ-Ջեվզիյյեի «Հոգու գրքի» հին տարբերակը։ Սինիների մեջ, գրիչների տուփի և սնդուկի վրա, փետրավոր գրիչների, սրիչների, սայրերի, թանքամանի, գրչատուփերի արանքում տեսա բրոնզե թանաքամանը։

― Ապացուցեմ, որ չեմ վախենում նրանցից,― ասացի ես խիզախորեն։― Հանեք վերջին նկարը, ցույց տանք նրանց։

― Արդյոք դա չի՞ վկայի, որ նրանց հերյուրանքներն առնվազն լուրջ ենք ընդունում, նշանակություն ենք տալիս դրանց։ Վախենալու ոչինչ չենք արել, ինչո՞ւ վախենանք։ Ի՞նչը կարող է արդարացնել քո վախը։

Հոր պես շոյեց մազերս։ Վախեցա, որ կրկին կարտասվեմ ու փաթաթվեցի նրան։

― Գիտեմ, թե ինչու է խեղճ գրիչ Զարիֆ էֆենդին սպանվել,– ոգևորված ասացի ես։– Զարիֆ էֆենդին ձեր, ձեր գրքի, մեր մասին հերյուրանքներ տարածելով՝ էրզրումցի Նուսրեթ հոջայի մարդկանց պատվիրելու էր հարձակվել մեզ վրա։ Որոշել էր, որ այստեղ սատանայի դրդմամբ անհավատություն է կատարվում, ու սկսել էր դա ամենուր տարածել, ձեր գրքի համար աշխատող մյուս նկարիչներին սկսել էր ձեր դեմ լարել։ Հնարավոր է, որ նախանձից լինի, հնարավոր է՝ սատանային խաբվելուց։ Ձեր գրքի համար աշխատող մյուս նկարիչներն էլ են լսել թե Զարիֆ էֆենդին մեզ բոլորիս վերացնելու համար որքան վճռական էր։ Կարող եք ենթադրել, որ բոլորը վախեցել են, ինձ պես սկսել են կասկածել։ Նրանցից մեկը մի գիշեր անհանգստանալով, որ Զարիֆ էֆենդին կստիպի իրեն ձեր դեմ, մեր դեմ, մեր գրքի, մանրանկարչության, նկարչության, մեր հավատացած ամեն ինչի դեմ դուրս գալ, այդ ստորին սպանելով՝ ջրհորն է նետել։

― Ստո՞ր։

― Զարիֆ էֆենդին վատ մարդ էր, ստոր դավաճան,― ասացի ես։– Անարժա՛ն,– այնպես բղավեցի, ասես սենյակում իմ առջև էր կանգնած։

Լռություն տիրեց։ Վախենո՞ւմ էր ինձնից։ Ես վախենում էի ինքս ինձնից։ Կարծես ուրիշ մեկի զայրույթի ու խելքի քամին էր ինձ քշում, բայց ինձ դուր էր գալիս։

― Մեզ ու սպահանցի մանրանկարչի պես խուճապի մատնված նկարիչն ո՞վ է։ Ո՞վ է սպանելնրան։

― Չգիտեմ,– ասացի ես։

Բայց ցանկացա՝ դեմքիս արտահայտությունից հասկանա, որ ստում եմ։ Հասկանում էի, որ այստեղ գալով սխալ եմ գործել, բայց մեղքի և զղջման զգացողություն էլ չունեի։ Տեսնում էի, որ Էնիշթե էֆենդին կասկածում է, բայց դա ինձ դուր էր գալիս և ուժ էր տալիս։ Ցանկանում էի տեսնել նկարը ոչ թե տեսնելու համար՝ նկարում անհավատություն կա թե ոչ, այլ պարզապես հետաքրքրված էի։ Արագ մտածեցի, որ եթե հասկանա՝ ես մարդասպան եմ ու ինձնից վախենա, կհանի և ցույց կտա նկարը։

― Կարևո՞ր է իմանալ, թե ով է սպանել այդ ստորին,– ասացի ես։– Արդյոք նրան վերացնողը լավ գործ չի՞ արել։

Ինձ քաջալերեց այն, որ աչքերիս մեջ չէր կարողանում նայել։ Ձեզնից ավելի լավ ու բարոյական լինելուն հավատացող մարդիկ ձեր փոխարեն ամաչելով՝ ահա այսպես չեն կարողանում նայել ձեր աչքերի մեջ։ Հիմնականում ձեզ այսպես մատնելով՝ կարծում են, որ ձեզ տանջող դահիճներին են մատնում։ Դրսում՝ բակի դռան առաջ զայրացած շները սկսեցին հաչալ։

― Էլի ձյուն է գալիս,– ասացի ես։– Այս ուշ ժամին բոլորը որտե՞ղ են։ Ինչո՞ւ են ձեզ տանը մենակ թողել գնացել։ Անգամ մի մոմ չեն վառել։

― Շատ տարօրինակ է, շա՜տ,― ասաց նա։― Չհասկացա։

Այնքան անկեղծ էր, որ հավատացի և չնայած մյուս նկարիչների հետ նրան ծաղրելուն՝ իրականում մեկ անգամ ևս զգացի, որ սիրում եմ նրան։ Մի պահ չհասկացա, թե ինչպես զգաց իր հանդեպ տածած ուժեղ սերն ու հարգանքը, կրկին այդ անդիմադրելի հայրական սիրով շոյեց մազերս։ Զգացի, որ վարպետ Օսմանի՝ Հերաթի հին վարպետների ազդեցությամբ նկարածներն ապագա չունեն։ Այնպիսի տգեղ միտք էր, որ ինձնից վախեցա։ Բոլորիս հետ էլ պատահում է, երբ դժբախտությունից հետո առանց ուշադրություն դարձնելու, որ ծիծաղելի ու հիմար ենք երևում, վերջին հույսով ցանկանում ենք, որ ամեն ինչ կրկին նախկինի պես լինի։

― Շարունակենք նկարել մեր գիրքը,― ասացի ես։– Թող ամեն ինչ նախկինի պես լինի։

― Նկարիչներից մեկը դաժան մարդ է։ Գիրքը Քարա էֆենդու հետ եմ շարունակելու։

Արդյոք ինձ դրդո՞ւմ էր նրան սպանելու։

― Հիմա որտե՞ղ է Քարան,– ասացի ես։― Ո՞ւր են ձեր դուստրն ու նրա երեխաները։

Զգում էի, որ կարծես այլ ուժի ազդեցության տակ էի ասում այս խոսքերը, բայց չկարողացա ինձ զսպել։ Դրանից հետո երջանիկ լինելու և հուսալու համար ուրիշ ճանապարհ չունեի։ Միայն կարող էր խելացի և հեգնական լինել և միշտ այս երկու զվարճալի, սիրալիր ջինի, խելքի և հեգնանքի ետևում նրանց ղեկավարող սատանայի գոյությունն էի զգում։ Միևնույն ժամանակ բակի դռան ետևի շները կարծես արյան հոտ առնելով՝ խենթի պես սկսեցին ոռնալ։

Այս պահը նախկինում ապրե՞լ էի։ Մի հեռավոր քաղաքում, հիմա ինձ շատ հեռու թվացող պատմության մեջ, երբ դրսում ձյուն էր գալիս, որը չէի կարողանում տեսնել, մոմի լույսի տակ ինձ ներկ գողանալու մեջ մեղադրող թուլամորթ հիմարին փորձում էի արտասվելով բացատրել, որ ես մեղավոր չեմ։ Այդ ժամանակ էլ, ինչպես այժմ, հեռվում՝ բակի դռան մոտի շներն արյան հոտ առածի պես սկսել էին ոռնալ։ Էնիշթե էֆենդին էլ, այդ կնճռոտ ու վատ ծերուկի պես հպարտ ծնոտով, աչքերիս մեջ դաժանորեն նայելով՝ նպատակ ուներ ինձ ճնշել։ Եթե տասը տարվա նկարչական աշակերտության տարիներիցս մնացած այս վատ հիշողությունը հստակ ուրվագծերով, բայց խունացած գույներով նկարի պես պատկերացնեի, այս պահը դեռ անորոշ և խունացած հուշ կնկարեի։ Այսպիսով, իմ ներսի աշխատասեր նկարիչը, որի գոյության մասին մեզ գլխավոր նկարիչ վարպետ Օսմանն էր ասել, ինձ ստիպեց վեր կենալ, անցնել նստած Էնիշթե էֆենդու թիկունքով և աշխատանքային սեղանի վրայի ապակե, կավե, բյուրեղյա՝ ինձ ծանոթ թանաքամանների արանքում դրված նոր հսկայական ու ծանր բրոնզե թանաքամանը վերցնել։ Իմ արածներն ու տեսածները կարծես ոչ թե այդ պահին էի ապրում, այլ հին հուշի պես հստակ ուրվագծերով և խունացած գույներով էի տեսնում։ Երբեմն պատահում է, որ մեզ երազում տեսնում ենք ու սարսռում։ Նույն զգացմունքով, ձեռքիս նեղ բերանով մեծ բրոնզե թանաքամանը բռնած՝ ասացի.

― Մանկությանս տարիներին, երբ տասը տարեկան էի, այսպիսի թանաքաման տեսա։

― Երեք հարյուր տարեկան մոնղոլական թանաքաման է,– ասաց Էնիշթե էֆենդին։― Քարան է Թավրիզից բերել։ Միայն կարմիր թանաքի համար է օգտագործվում։

Հենց այդ պահին սատանան ինձ դրդեց ամբողջ ուժով թանաքամանն իջեցնել այդ հիմարի գլխին։ Բայց ես նրան չլսեցի։ Դրա փոխարեն հույսով ասացի.

― Զարիֆ էֆենդուն ես եմ սպանել։

Հասկանում եք, չէ՞՝ ինչու ասացի՝ հույսով։ Հույս ունեի, որ Էնիշթեն ինձ կհասկանա և կների։ Ինչպես և հույս ունեի, որ ինձնից կվախենա ու ինձ կօգնի։




== 29. Ես ձեր փեսան եմ ==

Երբ ասաց, որ սպանել է Զարիֆ էֆենդուն, սենյակում տևական լռություն տիրեց։ Մտածեցի, որ ինձ էլ է սպանելու։ Երկար ժամանակ սիրտս արագ բաբախում էր։ Արդյոք ինձ սպանելու համա՞ր էր այստեղ եկել, թե՞ խոստովանելու, թե՞ վախեցնելու համար։ Արդյոք ինքը գիտե՞ր, թե ինչ էր ուզում։ Վախեցա, երբ հասկացա, որ տարիներ շարունակ իմացել եմ այս հիանալի նկարչի տաղանդը, ընդունակությունները, բայց նրա սիրտն իրականում չեմ ճանաչել։ Զգում էի, որ այդ հսկայական կարմիր թանաքամանը ձեռքին՝ դեռ կանգնած է իմ ետևում, հետո անմիջապես կանգնեց թիկունքիս, բայց չշրջվեցի և չնայեցի նրան։ Քանի որ գիտեի՝ իմ լռությունը նրան անհանգստացնում է, ասացի.

― Շները դեռ չեն լռել։

Այսպիսով, մի անգամ էլ լռեցինք։ Հասկացա, որ այս անգամ մահից կամ այս վտանգավոր դրությունից միակ ելքն իմ խոսքերն են լինելու։ Բացի մանրանկարչությունից ու նկարչությունից նրա մասին գիտեի նաև, որ խելացի է։ Եթե հավատում եք, որ նկարչի ստեղծագործության մեջ նրա էությունը, հոգին չպետք է երևա, ուրեմն հպարտանալու առիթ կա։ Լավ, ինչպե՞ս էր կարողացել ինձ հանկարծակիի բերել դատարկ տանը։ Ծեր խելքս արագ-արագ այս ամենի մասին էր մտածում, բայց խաղն այնքան խառն էր, որ նրանից չէի կարողանում դուրս գալ։ Շեքուրեն որտե՞ղ է։

― Ավելի շուտ էիր հասկացել, որ նրան ես եմ սպանել չէ՞,– հարցրեց նա։

Չէի հասկացել մինչև այն պահը, երբ նա ասաց։ Բացի այդ, հիմա մի քիչ մտածում եմ, որ ճիշտ է արել Զարիֆ էֆենդուն սպանելով, որովհետև կարծում էի, որ գուցեև իսկապես լուսահոգի վարպետ գրիչն իսկապես սկսելու էր վախենալ և բոլորիս մեծ խնդիրների առաջ էր կանգնեցնելու։ Այսպիսով, երբ տանը միայնակ դեմ առ դեմ էի մնացել մարդասպանի հետ, հանկարծակի գոհունակություն զգացի։

― Չեմ զարմանում, որ սպանել ես նրան,– ասացի ես։– Մեզ պես մարդիկ, ովքեր գրքերով են ապրում, երազում գրքի էջեր են տեսնում, այս աշխարհում միշտ ինչ-որ բանից վախենում են։ Ավելին, մենք արգելված, ավելի վտանգավոր գործով ենք զբաղված, մուսուլմանական քաղաքում ենք զբաղվում նկարչությամբ։ Յուրաքանչյուր նկարիչ, ինչպես սպահանցի Մուսաֆիր շեյխ Մուհամմեդը, մեղքի զգացողություն ունենալու, զղջալու, ինքն իրեն բոլորից առաջ մեղադրելով, մեղա գալով՝ Աստծուց ու համայնքից ներողություն խնդրելու մեծ պատճառներ ունի։ Մեր գրքերը մեղավորների ու ներողություն խնդրողի պես ենք պատրաստում։ Լավ գիտեմ, որ մեգ անհավատության մեջ մեղադրող հոջաների, հավատացյալների, կանանց, շեյխերի հարձակումների առաջ ընկրկելու, այս հավերժական մեղքի զգացմունքը և սպանում է նկարչի երևակայությունը, և այն ավելի վառ է դարձնում։

― Այսինքն՝ ինձ չես մեղադրում, որ հիմար Զարիֆ էֆենդուն վերացրել եմ։

― Գրի, մանրանկարչության, նկարչության մեջ մեզ գրավողը ահա այս վախն է։ Առավոտից մինչև երեկո, գիշերները մոմի լույսի տակ մինչև կուրանալը ծնկաչոք մեզ նկարին և գրքերին նվիրելը ոչ միայն փողի և բարեսրտության համար է, այլև մյուս մարդկանց աղմուկից, հասարակությունից փախչելու հնարավորություն։ Բայց այդ կրքի դիմաց ցանկանում ենք, որ ներշնչանքով արված նկարները նաև տեսնեն ու գնահատեն մարդիկ, ումից փախչում ենք։ Իսկ եթե մեզ անհավա՞տ համարեն։ Սա որքա՜ն ցավ է պատճառում իսկական տաղանդավոր նկարչին։ Մինչդեռ իսկական նկարն անտեսանելի է, թաքնված է անտեսանելիի մեջ։ Առաջին պահին նկարը տեսնելիս բոլորն ասում են, որ վատն է, իրական չէ, անհավատություն է։ Իրական նկարիչը և՛ գիտի, որ պետք է այնտեղ գնա, և՛ վախենում է այնտեղի մենակությունից։ Բայց ամբողջ կյանքում ո՞վ կդիմանա այս սարսափելի, նյարդային կյանքին։ Տարիներ շարունակ զգացած վախերի պատճառով նկարիչը նախևառաջ կարծում է, որ ինքն իրեն մեղադրելով՝ կարող է փրկվել։ Նրան հավատում են միայն այն ժամանակ, երբ խոստովանում է իր մեղքը, բայց հետո նրան բռնում են։ Սպահանցի նկարիչն այդ գործն ինքնուրույն արեց։

― Դու նկարիչ չես,― ասաց նա,–– և ես նրան չեմ սպանել վախենալու պատճառով։

― Նրան սպանեցիր, որպեսզի ուզածիդ պես առանց վախի նկարես։

Երկար ժամանակ է՝ այսպիսի խելացի բան չէր ասել նկարիչը, որ ցանկանում էր սպանել ինձ։

― Գիտեմ, այդ ամենն ասում ես ինձնից ազատվելու, ինձ խաբելու, այս իրավիճակից դուրս գալու համար,– ասաց նա և ավելացրեց։– Բայց վերջին ասածդ ճիշտ է։ Ուզում եմ, որ սա հասկանաս։ Լսի՛ր ինձ։

Շրջվելով՝ նայեցի աչքերի մեջ։ Ինձ հետ խոսելիս երևում էր, որ մեր միջև եղած նախկին ոճի մասին լրիվ մոռացել էր, իրեն կորցրել էր։ Բայց ինչո՞ւ։

― Ես քեզ միշտ հարգալից կվերաբերվեմ, մի՛ անհանգստացիր,― ասաց նա։ Ինձ շրջանցելով՝ կանգնեց դիմացս, ծիծաղեց, բայց շատ դառնացած էր երևում։― Ինչպես և հիմա,– ասաց նա։― Ինչ֊որ բան եմ անում, բայց կարծես ես ես չեմ, իմ ներսում ինչ-որ բան է եռում, և ամբողջ վատությունը նա է անում։ Բայց նրա կարիքը շատ ունեմ։ նաև նկարելիս ունեմ նրա կարիքը։

― Դրանք սատանայի մասին պառավների հնարած բամբասանքներ են։

― Այսինքն՝ սո՞ւտ եմ ասում։

Ինձ սպանելու համար բավականաչափ քաջություն չուներ, դրա համար էլ, զգում էի, ցանկանում է իրեն զայրացնեմ։

― Չես ստում, բայց չես ճանաչում քո զգացմունքները։

― Ո՛չ, շատ լավ եմ ճանաչում։ Առանց մահանալու արդեն տանջվում եմ։ Անկախ մեր կամքից՝ քո պատճառով մինչև կոկորդը խրվեցինք մեղքի մեջ։ Իսկ հիմա ասում ես, որ ավելի քաջ լինեմ։ Քո պատճառով ես մարդասպան դարձա։ Նուսրեթ հոջայի կատաղած շները մեզ կսպանեն։

Չհավատալով իր խոսքերին՝ ավելի բարձր էր բղավում, ձեռքի թանաքամանն ավելի զայրացած էր սեղմում։ Ձնածածկ փողոցով անցնողներն արդյոք նրա գոռոցները լսելով կգայի՞ն։

― Ինչպե՞ս եղավ, որ սպանեցիր նրան,– ասացի ես ոչ այնքան հետաքրքրությունից դրդված, որքան ցանկանալով ժամանակ շահել։― Ինչպե՞ս հանդիպեցիք այդ ջրհորի մոտ։

― Քո տնից դուրս գալու գիշերը Զարիֆ էֆենդին ինքը գտավ ինձ,– ասաց նա պատմելու անսպասելի ցանկությամբ։– Ասաց, որ տեսել է երկէջանի վերջին նկարը։ Շատ փորձեցի լռեցնելնրան։ Տարա մինչև այրված տունը, ասացի, որ ջրհորի մոտ փող եմ թաքցրել։ Փողի մասին լսելով՝ հավատաց։ Սրանից լավ չի կարելի ապացուցել, որ նկարիչը փողի համար է աշխատում։ Այդ պատճառով էլ տխուր չեմ, նա տաղանդավոր, բայց սովորական նկարիչ էր։ Պատրաստ էր սառած հողը եղունգներով փորել։ Եթե ջրհորի մոտ իսկապես թաղած ոսկի ունենայի, նրան սպանելու կարիք չէր լինի։ Որպես գրիչ թշվառականի ես ընտրել։ Լավ էր գրում լուսահոգին, բայց նրա գրությունների գույնի ընտրությունն ու օգտագործումը պարզ էին։ Ոչ մի հետք չթողեցի։ Ասա՛ ինձ՝ ո՞րն է ոճի գլխավոր տարրը։ Հիմա և՛ ֆրանսիացիները, և՛ չինացիները նկարչի տաղանդի գույնից, ոճից են խոսում։ Լավ նկարչին մյուսներից պետք է ոճը տարբերի, չէ՞։

― Մի՛ անհանգստացիր, նոր ոճը չի կարող նկարչի սրտի ցանկությամբ լինել,– ասացի ես։– Մի արքայազն մահանում է, մի շահ պարտվում է պատերազմում, անավարտ համարվող մի ժամանակաշրջան ավարտվում է, մի արվեստանոց փակվում է, և այնտեղի նկարիչերը հեռանալով՝ իրենց համար այլ տուն, այլ գրքասեր հովանավորներ են փնտրում։ Մի օր մի սուլթան տարբեր տեղերից, օրինակ՝ Հերաթից և Հալեպից եկած այս անտուն-անտեղ, զարմացած ու տաղանդավոր նկարիչներին և գրիչներին իր վրանում, պալատում սիրով հավաքում է, խնամքով հիմնում սեփական արվեստանոցը։ Իրար հետ անհաշտ նկարիչները սկզբում սեփական ոճի համաձայն են նկարում, հետո փողոցի երեխաների պես նրանց միջև նմանություն, ապա բախում և հաշվեհարդար է տեղի ունենում։ Տարիներ շարունակ ձգվող կռիվների, նախանձի, խարդախության և նկարչական աշխատանքների վերջում նոր ոճ է ի հայտ գալիս։ Այդ արվեստանոցի ամենափայլուն, ամենատաղանդավոր նկարչի համար մեծամասնությունն է ոճ ընտրում։ Ասենք, որ նա ամենաբախտավոր նկարիչն է։ Մնացած նկարիչներին բաժին է ընկնում միայն այս ոճը կատարելագործելը՝ հավերժ կրկնօրինակելով։

Առանց ուղիղ աչքերիս նայելու՝ ձայնի անսպասելի, մեղմ երանգով ինձնից անկեղծություն ու գթասրտություն պահանջելով և գրեթե երիտասարդ աղջկա դողդոջուն ձայնով դողալով ասաց.

― Ես ոճ ունե՞մ։

Մի պահ կարծեցի, թե աչքերիցս արցունքներ են թափվելու։ Ամբողջ ուժով, նրբությամբ ու սիրով, փորձելով նրբանկատ լինել՝ ասացի այն, ինչին հավատում էի.

― Վաթսուն տարվա ընթացքում տեսածս ամենատաղանդավոր, ամենախորհրդավոր, ամենանուրբ, ամենազարմանալի նկարիչը դու ես։ Եթե անգամ հազար նկարչի ձեռագիր տեսնեմ միևնույն թղթի վրա, անմիջապես կճանաչեմ քո աստվածատուր գրչի հպումը։

― Ես էլ եմ այդպես կարծում, բայց դու այնքան խելացի չես, որ հասկանաս իմ տաղանդի գաղտնիքը,– ասաց նա։– Հիմա ստեր ես ասում, որովհետև վախենում ես ինձնից։ Մեկ է, պատմի՛ր ինձ իմ ոճի մասին։

― Քո մատիտը կարծես իր ճանապարհը ոչ թե քո հպումով, այլ սեփական ընթացքով է կարողանում գտնել։ Քո մատիտի նկարածը ոչ լուրջ է, ոչ կատակ։ Մի բազմամարդ տեսարան նկարելիս մարդկանց հայացքներից, էջի դիրքից, տեքստի իմաստից ելած լարվածությունը քո նկարում վերածվում է անվերջ նուրբ շշնջոցի։ Ես քո նկարներին կրկին այդ շշունջը լսելու համար եմ նայում։ Ամեն անգամ ժպտալով նկատում եմ, որ իմաստը փոխվել է, ինչպես ասեմ, փորձում եմ նկարը կրկին տեքստի պես կարդալ։ Այսպիսով, իմաստի այս շերտերն իրար ետևից դասավորվելիս, ֆրանսիացի վարպետների համաձայն, հեռուներ հասնող խորություն է ի հայտ գալիս։

― Հը՜մ՜մ՜։ Լավ։ Հանգիստ թող ֆրանսիացի նկարիչներին։ Նորից ասա։

― Քո վրձինն իսկապես այնքան հիանալի է, այնքան ուժեղ, որ նկարիդ նայողը ոչ թե աշխարհին, այլ քո նկարածին կարող է հավատալ։ Այսպիսով, դու քո տաղանդով կարող ես անգամ ամենաամուր հավատ ունեցող մարդուն շեղել ճանապարհից, մի նկարով կարող ես ամենաանհույս հավատացյալին էլ Ալլահի ճանապարհով ուղեկցել։

― Ճիշտ է, բայց չգիտեմ՝ դա գովասա՞նք է, թե ոչ։ Մի անգամ էլ ասա։

― Ոչ մի նկարիչ քեզ պես չգիտի ներկի չափը, գաղտնիքները։ Դու ես միշտ պատրաստում ամենափայլուն, ամենակենդանի, ամենաիրական ներկերը։

― Լա՛վ, ուրի՞շ։

― Գիտես, որ Բեհզադից ու Միր Սեյյիդ Ալիից հետո դու ես ամենամեծ նկարիչը։

― Ճիշտ է, գիտեմ։ Եթե դու գիտես, ուրեմն ինչո՞ւ ես քո գիրքը միջակ Քարա էֆենդու, ոչ թե ինձ հետ կազմում։

― Նրա արած գործի համար նկարչի տաղանդի կարիք չկա,― ասացի ես։– Դա՝ առաջինը, իսկ երկրորդը՝ նա քեզ պես մարդասպան չէ։

Ինձ սիրալիր ժպտաց, որովհետև ես էլ թեթևության զգացումով ժպտացի։ Զգում էի, որ այս մղձավանջից այս ձայնով, այս ոճով եմ դուրս գալու։ Այսպիսով, սկսեցի խոսել նրա ձեռքի բրոնզե մոնղոլական թանաքամանի մասին, և մենք ոչ թե հոր ու որդու, այլ երկու հետաքրքրասեր, փորձառու ծերունու պես հաճելի զրույցի բռնվեցինք։ Բրոնզի ծանրության, թանաքամանի հավասարակշռության, թանաքամանի բերանի նեղության, հին գրիչների եղեգների երկարության և իմ առաջ թեթև թափ տված՝ նկատելի թանձրություն ունեցող կարմիր թանաքի գաղտնիքների մասին... Խոսում էինք այն մասին, որ եթե մոնղոլները չինացի վարպետներից սովորած կարմիր ներկի գաղտնիքները Խորասան, Բուխարա, Հերաթ չբերեին, մենք Ստամբուլում երբեք չէինք կարողանա նկարել այս նկարներր։ Մինչ մենք խոսում էինք, կարծես ժամանակի թանձրությունն էլ էր ներկի պես փոխվում, և ժամանակն արագ էր անցնում։ Զարմանում էի, թե ինչու տանը դեռ ոչ ոք չկա, ուզում էի, որ ծանր թանաքամանը տեղը դնի։

― Երբ գիրքդ ավարտվի, նկարներս տեսած մարդիկ կհասկանա՞ն իմ տաղանդի չափը,– ասաց նա հին ժամանակների հանդարտությամբ։

― Աստված տա, հաջողությամբ այս գիրքը մի օր ավարտին հասցնենք, մեր սուլթանն այն կվերցնի, կնայի, իհարկե, առաջինը կստուգի՝ արդյոք ոսկե թերթիկներր տեղում են, թե ոչ, կնայի սեփական նկարին, ինչպես «Շեմաիլնամեին»–ին, բոլոր սուլթանների պես ոչ թե մեր հիանալի նկարով, այլ իր սեփական պատկերով կհիանա և հետո, եթե բարեհաճի և՛ Արևելքից, և՛ Արևմուտքից ներշնչվելով մեր նկարած հրաշքներին սիրով նայել, որքա՜ն երախտապարտ կլինենք։ Դու էլ գիտես, որ եթե հրաշք չլինի, երբեք չի հարցնի, թե շրջանակն ով է արել, գիրը ումն է, այս մարդուն ու ձիուն ով է նկարել և գիրքը կփակի գանձարանում։ Բայց բոլոր տաղանդավոր մարդկանց պես մենք կշարունակենք նկարել՝ հույս ունենալով, որ մի օր այդ հրաշքը տեղի կունենա։

Մի քիչ լռեցինք, կարծես համբերատար սպասում էինք։

― Ե՞րբ կլինի այդ հրաշքը,― հարցրեց նա։– Մինչև կուրանալը մեր նկարած այդքան նկարներն, ի վերջո, ե՞րբ են հասկանալու։ Իմ վաստակած, մեր վաստակած սերը ե՞րբ ենք ստանալու։

― Երբեք։

― Ինչպե՞ս։

― Երբեք քո ուզածը քեզ չեն տա,– ասացի ես։– Ապագայում ավելի քիչ են հասկանալու քեզ։

― Բայց գրքերը դարերով ապրում են,– ասաց նա հպարտ ձայնով, բայց լիովին անվստահ։

― Իտալացի վարպետներից ոչ ոք քո բանաստեղծականությունը, հավատը, զգացմունքայնությունը, գույների պարզությունն ու փայլը չունի, հավատա՛ ինձ։ Բայց նրանց նկարներն ավելի են հավատ ներշնչում, ավելի շատ են նման կյանքին։ Ոչ թե աշխարհին մինարեթի բարձունքից նայելու և հեռապատկեր կոչվածին ուշադրություն չդարձնելու պատճառով, այլ փողոց, արքայազնի սենյակ, անկողին, սեղան, հայելի, վագր, աղջիկ ու փող իրար հետ են նկարում, ամեն բան նկարում են, գիտեն։ Ես նրանց արած ամեն ինչին չեմ հավատում։ Ինձ համար շատ պարզունակ է աշխարհը կրկնօրինակել այնպիսին, ինչպիսին կա, դա ինձ դուր չի գալիս, բայց հին ոճով արված նկարները շատ գրավիչ են։ Տեսած ամեն բան հենց այդպես էլ նկարում են։ նրանք իրենց տեսածն են նկարում, իսկ մենք մեր նայածը։ Նրանց արածը տեսնելուն պես հասկանում ես, որ մինչև մեծ դատաստանի օրը տանող ճանապարհը եվրոպական ոճի ճանապարհով է անցնում։ Դա այնքան գրավիչ է, որ ոչ միայն Վենետիկի, այլև եվրոպական երկրների դերձակները, մսագործները, զինվորները, քահանաները, նպարավաճառները... բոլորը պատվիրում են իրենց այդպես նկարել։ Որովհետև այդ նկարները մի անգամ տեսնելուն պես դու էլ ես ուզում քեզ այդպես տեսնել, ուզում ես հավատալ, որ բոլորից տարբերվող, աննման, յուրահատուկ և տարօրինակ էակ ես։ Մարդուն ոչ թե խելքով, այլ նոր ոճով, աչքի տեսածի պես նկարելն է այդ հնարավորությունը տալիս։ Առաջիկայում մի օր բոլորը նրանց պես կնկարեն։ Նկար ասելով ամբողջ աշխարհը նրանց արածը կհասկանա։ Այստեղ նկարչությունից չհասկացող խեղճ հիմար դերձակն անգամ կցանկանա, որ այնպիսի նկար արվի, որ հավատա ոչ թե մի սովորական հիմար, այլ յուրօրինակ, աննման էություն ունեցող մարդ լինելուն։

― Էհ, ուրեմն մենք էլ այդպես կնկարենք,– ասաց կատակասեր մարդասպանը։

― Չենք անի,― ասացի ես։– Լուսահոգի Զարիֆ էֆենդուց իմացա՞ր, թե որքան էր վախենում եվրոպական նկարները կրկնօրինակելուց։ Եթե անգամ առանց վախենալու փորձեն, արդյունքը նույնը կլինի։ Ի վերջո, մեր ոճը կմահանա, մեր գույները կխունանան։ Մեր գրքերով, մեր նկարներով ոչ ոք չի հետաքրքրվի։ Հետաքրքրվողներն էլ ոչինչ չհասկանալով՝ կասեն՝ ինչո՞ւ հեռապատկեր չկա, կամ էլ գրքերն ընդհանրապես չեն գտնի։ Որովհետև անտարբերության հետ ժամանակն ու փորձանքներն էլ աստիճանաբար կվերացնեն մեր նկարները։ Քանի որ գրքերը արաբական խեժով, ձվով, ոսկորով ու մեղրով են պատված, և էջերը ձվից ու օսլայից պատրաստված նյութով են փայլեցված, ագահ առնետները գրքերը կկրծեն, սպիտակ մրջյունները, բզեզները, հազարավոր միջատները մեր գրքերը կրծոտելով կվերացնեն։ Կազմերը կմասնատվեն, էջերը կպոկվեն, գողերը, անտարբեր ծառաները, երեխաները, վառարան վառող կանայք էջերը, նկարներն անմիտ կպատռեն։ Փոքրիկ արքայազնները նկարներն իրենց խաղալիք մատիտներով կփչացնեն, մարդկանց աչքերը կհանեն, էջերով կսրբեն իրենց քիթը, անկյունները կներկեն սև մատիտով, այդ նկարները մեղք համարողները ամեն բան կջնջեն, նկարները պատռելով, կտրելով՝ կօգտագործեն այլ նկարներ անելու կամ խաղալու և զվարճանալու համար։ Մայրերը կասեն, որ նկարներն անշնորհք են ու կպատռեն, իսկ հայրերը, տղամարդիկ կանանց նկարների վրա ձեռնաշարժությամբ կզբաղվեն։ Էջերը ոչ միայն դրանից, այլև ցեխից, խոնավությունից, վատ խեժից, թքից ու տարբեր կեղտից և ուտելիքի մնացորդներից կկպչեն իրար։ Կպչուն հատվածներում բորբոսից ու կեղտից հետքեր, ուռուցքների պես ծաղիկներ կբացվեն։ Հետո տանիքներից կսկսի անձրև թափվել, ջրհեղեղ կլինի, ցեխաջրի հոսք, և մեր գրքերը կվերանան։ Ջրերի, խոնավության, միջատների և անտարբերության պատճառով խմոր դառած, պատռված, ծակծկված, խունացած, անընթեռնելի էջերի հետ հրաշալի չոր սնդուկի միջից դուրս եկած հրաշքն էլ, ամենավերջին գիրքն էլ, իհարկե, մի օր դաժան հրդեհի կրակներին կուլ գնալով՝ կվերանա։ Ստամբուլում քսան տարին մեկ մի թաղամաս է վառվում ու վերանում, գրքերը կդիմանա՞ն։ Բաղդադը մոնղոլներն այրեցին ու թալանեցին, բայց այնտեղ ավելի շատ գիրք ու գրադարան էին այրում, ամեն երեք տարին մեկ այդ քաղաքը վերանում էր և նորից վերածնվում։ Ո՞ր նկարիչը կարող է երազել, որ հազար տարուց ավելի կարող է ապրեցնել իր հրաշքը, որ մի օր իր նկարներին կնայեն, որ իրեն Բեհզադի պես կհիշեն։ Ոչ միայն մեր արածները, այլև դարեր շարունակ այս աշխարհում արված ամեն բան հրդեհների, միջատների, անտարբերության պատճառով կվերանա։ Այսպիսով, Շիրինի՝ պատուհանից Խոսրովին հպարտությամբ նայելը, Խոսրովի՝ լիալուսնի լույսի տակ լողացող Շիրինին հետևելը և բոլոր սիրահարների՝ միմյանց նրբորեն ու մանրակրկիտ հետևելը, Ռոստամի՝ սպիտակ սատանային ջրհորի հատակին խեղդելով սպանելը, սիրուց խելագարված Մեջնունին՝ անապատում ճերմակ վագրի և քարայծի հետ ընկերություն անելիս դժբախտը պաշտպանում էր հոտը ամեն գիշեր զուգավորվող էգ գայլից, հետո հոտը պահպանող դավաճան շունը գայլին որպես նվեր մի ոչխար է տալիս, բայց նրան բռնում են և կախում ծառից, ծաղիկներով, հրեշտակներով, տերևեր ունեցող ճյուղերով, թռչուններով և արցունքներով արված այս բոլոր զարդարանքները, Հաֆեզի խորհրդավոր բանաստեղծությունները զարդարելու համար պատկերված բոլոր ուդ նվագողները, հազարավոր, տասնյակ հազարավոր նկարիչ աշակերտների տեսողությունը փչացնող, վարպետներին կուրացնող, պատերի բոլոր զարդարանքները դռան, պատերի վրա կախված փոքրիկ ցուցատախտակներին, նկարի մեջ իրար վրա դրված նկարների մեջ թաքնված բոլոր երկտողերը, պատերի տակ, անկյուններում, ճակտոցների վրա, ոտքերի ներբաններին, փշերի տակ, ժայռերի արանքում թաքնված համեստ ստորագրությունները, սիրահարներին ծածկող վերմակների բոլոր ծաղիկները, մեր սուլթանի լուսահոգի պապի՝ թշնամի անհավատների վրա հաղթանակով հարձակվելու ժամանակ անկյունում համբերատար սպասող բոլոր կտրված գլուխները, անհավատների դեսպանի՝ մեր սուլթանի նախապապի ոտքերը համբուրելիս ետևում երևացող թնդանոթները, որոնց նկարչությանը դու էլ ես քո երիտասարդ տարիներին մասնակցել, բոլոր հրացանները, վրանները, պոզավոր, անպոզ, պոչավոր, անպոչ, ժանիքավոր, սուր ճանկերով բոլոր սատանաները, գիտունիկ հոպոպ, թռչկոտող ճնճղուկ, անփորձ ուրուր, տաղանդավոր սոխակ և այլ տարբեր թռչուններ, հանգիստ կատուներ, անհանգիստ շներ, շտապող ամպեր, նկարում կրկնվող հազարավոր փոքրիկ, գեղեցիկ խոտեր, անփորձ կերպով ստվերած ժայռեր և մարգարեի համբերատարությամբ առանձին-առանձին նկարված տերևներով հազարավոր նոճի, սոճի և նռենի, Թեմուրի կամ շահ Թահմասփի ժամանակներից մնացած պալատների օրինակով նկարված, բայց ավելի ուշ շրջանի պատմություններով զարդարված պալատներ և հարյուր հազարավոր աղյուսներ, տափաստանում ծաղիկների վրա և գարնանը ծաղկած ծառերի տակ փռված գորգին նստած գեղեցիկ կանանց ու տղամարդկանց երաժշտությունը լսող տասնյակ հազարավոր տխրադեմ արքայազն, վերջին հարյուր հիսուն տարվա ընթացքում Սամարղանդից Ստամբուլ հազարավոր նկարիչ աշակերտների արցունքոտ ծեծի գնով ստացված այդ հրաշալի նկարները, ճենապակին ու գորգերը, այդ հիանալի այգիները, որ դեռ նույն ոգևորությամբ ես նկարում և ուրուրներ, մահվան ու պատերազմի անհավատալի տեսարաններ, արքայազններ, որոնց որսացել են, և նրբորեն փախչող վախեցած եղնիկներ, քո և մահացած շահերի, գերի ընկած թշնամիների, անհավատ ռազմական նավերի և թշնամական քաղաքների ու գրչից կաթող մթության կաթիլներից փայլող մութ գիշերվա մեջ աստղերը, ուրվականի պես նոճիները և կարմիր գույնով պատկերված սիրո և մահվան նկարները, բոլորը, բոլորը վերանալու են։

Ամբողջ ուժով թանաքամանն իջեցրեց գլխիս։ Հարվածի ուժից առաջ թեքվեցի։ Մի պահ կարծես ամբողջ աշխարհը պատվեց իմ ցավով, և ամեն ինչ դեղին գույն առավ։ Չնայած մի կողմից մտածում էի, որ իմ հանդեպ արվածը վաղուց էր ծրագրված, իսկ մյուս կողմից՝ գլխիս ստացած հարվածով կամ այդ հարվածի պատճառով ցանկանում էի տխրեցնող բարյացակամությամբ իմ մարդասպանը դառնալ ցանկացող խենթին ասել՝ ոչ, սխալ ես անում։ Բրոնզե թանաքամանով մի անգամ էլ խփեց գլխիս։

Այս անգամ հասկացա, որ սա ոչ թե սխալ է, այլ խենթություն, զայրույթ և, ի վերջո, կարող է վերածվել մահվան։ Այնքան վախեցա, որ ամբողջ ուժով ցավից ոռնալով սկսեցի բղավել։ Եթե իմ բղավոցը նկարեին, այն ամբողջովին կանաչ կլիներ։ Հասկացա, որ երեկոյի մթան մեջ, դատարկ փողոցներում այդ գույնը ոչ ոք չի սիրի, հասկացա, որ մենակ եմ։ Իմ բղավոցից վախեցավ ու կանգ առավ։

Մի պահ նայեցինք միմյանց աչքերի մեջ։ Աչքերի մեջնայելով՝ սարսափի և ամոթի հետ մեկտեղ տեսա նաև, որ դա նրա համար սովորական և ընդունելի բան է դարձել։ Նա ոչ թե իմ ճանաչած վարպետ նկարիչն էր, այլ օտար, հեռու և չար անծանոթ։ Այդ զգացումն այդ պահի մենակությունս դարերի պես երկարացրեց։ Ցանկացա ձեռքը բռնել, ասես ուզում էի փաթաթվել այդ աշխարհին, բայց չստացվեց։ Աղաչեցի, կամ կարծեցի, որ այդպես եմ անում.

― Որդի՛ս, որդի՛ս, մի՛ սպանիր ինձ։

Ինձ չլսեց, ասես երազ էի տեսնում։ Սի անգամ էլ հարվածեց թանաքամանով։ Խելքս, տեսածներս, հուշերս, աչքերս, բոլորը վախի էին վերածվել ու խառնվել իրար։ Ոչ մի գույն չէի տեսնում և հասկանում էի, որ բոլոր գույները կարմիր են։ Կարծում էի, թե կարմիր թանաքն իմ արյունն է։ Նրա ձեռքի թանաքն էլ իմ անընդհատ հոսող կարմիր արյունն է։ Որքան անիրավ, անխիղճ, դաժան էր այդ պահին մահանալը։ Բայց հասկացա, որ սա է այն տեղը, ուր իմ արյունոտ ծեր գլուխը պետք է հանգրվաներ։ Հետո նկատեցի, հուշերս դրսի ձյան պես ճեփ-ճերմակ էին։ Գլուխս ցավում էր, բերանս թմրում էր։

Հիմա պատմեմ ձեզ մահվան մասին։ Գուցե արդեն վաղուց հասկացել եք. մահն ամեն բանի ավարտը չէ, հաստատ։ Բայց ինչպես բոլոր գրքերում են գրում, դա անհավատալի ցավալի բան է։ Ոչ միայն մաս-մաս լինող գանգս ու ուղեղս, կարծես մարմնիս բոլոր մասերը իրար խառնվելով, ցավերից ցնցվելով՝ այրվում էին։ Այս անավարտ ցավին դիմանալն այնքան դժվար էր, որ կարծես խելքիս մի մասն ընկնում էր քաղցր քնի մեջ։ Մահից առաջ հիշեցի մանկությանս տարիներին լսածս մի ասորական հեքիաթ։ Մի ծեր միայնակ մարդ կեսգիշերին արթնանում է քնից, մի բաժակ ջուր է խմում։ Երբ բաժակը դնում է սեղանին, տեսնում է, որ մոմը չկա։ Ո՞ւր է։ Ներսից բարակ լույս էր երևում։ Լույսին հետևելով՝ մտնում է իր սենյակ, տեսնում է, որ անկողնում մեկ ուրիշն է պառկած՝ ձեռքին մոմ։ Հարցնում է.

― Դու ո՞վ ես։

― Մահը,― ասում է անծանոթը։

Ծերունին մի պահ խորհրդավոր լռում է։

― Ուրեմն եկար,― ասում է հետո։

― Այո,– ինքնագոհ ասում է մահը։

― Ոչ,– վճռականորեն ասում է ծերունին,– դու իմ կիսատ մնացած երազն ես։

Անծանոթի ձեռքի մոմը հանգչում է, և ամեն բան կորչում է մթության մեջ։ Ծերունին մտնում է իր դատարկ անկողինն ու քնում։ Եվս քսան տարի ապրում է։

Հասկանում էի, որ նույն բանն ինձ հետ չի կատարվի, որովհետև մի անգամ էլ էր գլխիս խփել թանաքամանով։ Այնքան խոր ցավ էր, որ արդեն դժվարությամբ էի զգում հարվածները։ նա էլ, թանաքամանն էլ, մոմի թույլ լույսից լուսավորվող սենյակն էլ արդեն հեռանում էին ինձնից։ Բայց միևնույն է, ապրում էի. դա հասկանում էի այս աշխարհին փարվելու, փախչելու ցանկությունից, ձեռքերով արյունոտ գլուխս, դեմքս պաշտպանելու համար արածս շարժումներից, մի պահ, կարծում եմ, նրա թևը կծելուց և դեմքիս թանաքամանի հարված ստանալուց։ Հավանաբար մի պահ փորձեցինք իրար խեղդել, իհարկե, եթե դա կարելի է այդպես անվանել։ Նա շատ ուժեղ էր և շատ զայրացած։ Ես ընկա մեջքիս։ Ծնկներն ուսերիս սեղմելով՝ ինձ գրեթե մեխեց հատակին ու մահամերձ ծերունուն անհարգալից լեզվով ինչ֊որ բաներ պատմեց։ Գուցե նրան չհասկանալու, չլսելու, արյունոտ աչքերին չնայելու համար մի անգամ էլ թանաքամանով հարվածեց։ Թանաքամանից թափվող թանաքից և, կարծում եմ, իմ արյունից ամբողջովին կարմրեց։

Տխրելով, որ այս աշխարհում տեսածս վերջին բանն ինձ թշնամաբար վերաբերվող այս մարդն է լինելու, աչքերս փակեցի։ Անմիջապես հետո մի նուրբ լույս տեսա։ Այդ լույսը քնի պես այնքան հաճելի ու գրավիչ էր, որ կարծեցի, թե բոլոր ցավերս կհանդարտվեն։ Լույսի մեջ մեկին տեսա։ Երեխայի պես հարցրի.

― Դու ո՞վ ես։

― Ազրաիլն եմ,– ասաց նա։– Այս աշխարհում մարդ արարածի ճամփորդությանը ես եմ վերջ դնում։ Ես եմ երեխաներին մայրերից, կանանց ամուսիններից, սիրելիներին միմյանցից, հայրերին դուստրերից բաժանում։ Այս աշխարհում ինձ հետ համեմատվող շնչավոր չի մնալու։

Հասկանալով, որ մահն անխուսափելի է, սկսեցի արտասվել։ Դրանից ավելի վատ էի զգում։ Մի կողմից ինձ հիմարացնող ցավ էի զգում։ Այդ վայրը խառնաշփոթ ու դաժան տեղ էր, որտեղ ամբողջ դեմքս արյան մեջ էր կորել։ Իսկ մյուս կողմից՝ կար մի տեղ, որտեղ խառնաշփոթն ավարտվում էր, բայց այդ տեղս օտար էր ու սարսափելի։ Այդտեղից վախենում էի, որովհետև այն լուսավոր աշխարհն էր, ուր Ազրաիլն էր ինձ կանչում։ Բայց նաև հասկանում էի, որ ինձ այդքան տառապանք պատճառած այս աշխարհում երկար ժամանակ չեմ կարող մնալ, այս սարսափելի ցավի և տառապանքի երկրում ինձ համար ոչ մի խաղաղ անկյուն չի մնացել։ Այս աշխարհում մնալու համար կարծես պետք էր ապրելիս այս սարսափելի ցավին դիմանալ, և դա էլ իմ ծեր վիճակում չէի կարող անել։ Այսպիսով, մահից անմիջապես առաջ ինքս ցանկացա մահանալ։ Միևնույն ժամանակ էլ հասկացա, որ ամբողջ կյանքում մտածել էի, գրքերում փնտրել էի այն հարցի պատասխանր, թե մարդիկ ինչպես են, ի վերջո, կարողանում մահանալ։ Հասկացա, որ պատասխանն այս պարզ ցանկության մեջ է։ Նաև հասկացա, որ մահն ինձ ավելի խելացի է դարձրել։ Սիևնույն է, երկար ճամփորդության պատրաստվելուց առաջ իր սենյակը, իրերին, տանը վերջին անգամ նայող մարդու անվճռականություն զգացի։ Անհանգստությամբ ու կարոտով ցանկացա դստերս վերջին անգամ տեսնել։ Այնքան շատ էի ուզում, որ մի պահ հասկացա՝ եթե ատամներս սեղմեմ, դիմանամ ցավին ու աճող ծարավին, կկարողանամ սպասել դստերս։ Այսպիսով, իմ աչքերի առաջ այդ մահացու և հաճելի լույսը հանկարծ մարեց, ու միտքս բացեց իր դռներն այն աշխարհի ձայների առաջ, որտեղ մահանում էի։ Լսում էի, թե ինչպես է ինձ սպանողը քայլում սենյակում, զայրացած փնտրում վերջին նկարը, չի գտնում և քանդում է ներկերի հավաքածուները, ոտքով հարվածում սնդուկներին, տուփերին, թանաքամաններին, գրակալին։ Հասկացա, որ մերթընդմերթ տնքում եմ, ծերացած թևերով ու հոգնած ոտքերով տարօրինակ շարժումներ եմ անում։ Սպասեցի։ Ցավս չէր մեղմանում, արդեն չէի կարողանում դիմանալ ծարավին, ցավին։ Միևնույն է, մի քիչ էլ սպասեցի։ Այդ պահին մտածեցի, որ դուստրս կարող է հանդիպել ստոր մարդասպանին, բայց անգամ չցանկացա այդ մասին մտածել։ Միևնույն ժամանակ զգացի, թե ինչպես է ինձ սպանողը դուրս գալիս սենյակից։ Հավանաբար գտել էր վերջին նկարը։ Շատ էի ծարավել, բայց սպասեցի։ Դե, աղջի՛կս, իմ գեղեցկուհի՛ Շեքուրե, արի՛։ Չեկավ։ Արդեն ուժ չունեի ցավին դիմանալու։ Հասկացա, որ առանց դստերս տեսնելու մահանալու եմ։ Դա այնքան դաժան էր, որ ցանկացա տխրությունից մահանալ։ Հենց այդ պահին իմ ձախ կողմում ինձ անծանոթ դեմք տեսա, և նա բարի ժպիտով ինձ մի բաժակ ջուր տվեց։ Ամեն բան մոռանալով՝ արագ նետվեցի բաժակին։ Բաժակը ետ քաշեց և ասաց.

― Մուհամմեդ մարգարեն սուտ է ասել,– ասաց նա։– ժխտի՛ր նրա ասածները։

Սատանան էր։ Չպատասխանեցի, անգամ չվախեցա նրանից։ Քանի որ երբեք չէի հավատում, որ նկարչությունը սատանային խաբվել է նշանակում, վստահությամբ սպասեցի։ Երազեցի ինձ սպասվող հավերժական ճամփորդության և ապագայի մասին։

Այդ պահին քիչ առաջ տեսածս հրեշտակր մոտեցավ, և սատանան անհետացավ։ Հասկանում էի, որ սատանային հեռացրած այդ լուսե հրեշտակը Ազրաիլն է։ Բայց մյուս կողմից էլ իմ ըմբոստացող կողմն ինձ հիշեցնում էր, որ «Դատաստանի օրվա իրադարձություններում» Ազրաիլը հազարաթև է, Արևելքից Արևմուտք ձգվող և ամբողջ աշխարհն իր ձեռքերում պահող հրեշտակն է։

Երբ մտքերս խառնվեցին, լույսերով ողողված այղ հրեշտակը մոտեցավ ինձ և կարծես ցանկանալով օգնել՝ այո՛, ճիշտ Գազգալիի «Մարգարտափայլում» ասածի պես սիրալիր ասաց.

― Բա՛ց արա բերանդ, թող հոգիդ դուրս գա այնտեղից։

― Բերանիցս աղոթքից բացի ոչինչ դուրս չի գա,– պատասխանեցի նրան։

Բայց սա վերջին պատրվակն էր։ Հասկացել էի, որ չեմ կարողանալու դիմադրել, որ արդեն ժամանակս եկել է։ Մի պահ ամաչեցի, որ այս արյունոտ տգեղ մարմինս այս վատ վիճակում թողնելու եմ դստերս, ում երբեք չեմ տեսնելու։ Ինձ սեղմող նեղ հագուստից ազատվելու պես ցանկացա դուրս գալ այս աշխարհից։ Բերանս բացեցի և մեր մարգարեի համբարձումը պատմող նկարների պես ամեն բան ծածկվեց գույնզգույն ու ոսկեզօծ շքեղ լույսով։ Աչքերիցս դառն արցունքներ հոսեցին։ Թոքերիցս, բերանիցս դժվարությամբ դուրս եկավ վերջին շունչս, և ամեն ինչ թաղվեց լռության մեջ։

Հիմա տեսնում էի, որ հոգիս մի քիչ հեռացել է մարմնիցս, որ Ազրաիլն այն բռնել է իր ձեռքում։ Հոգիս մեղվի չափ էր, լույսերի մեջ էր և մարմինս լքելիս դողում էր, այդ պատճառով Ազրաիլի ձեռքերի մեջ սնդիկի էր նման։ Բայց հիմա ոչ թե նրա մասին էի մտածում, այլ այն նոր աշխարհի, ուր քիչ անց գնալու էի։

Այդքան ցավից հետո ինձ հանգիստ էի զգում և մահվան վախն ինձ ցավ չէր պատճառում։ Ճիշտ հակառակը՝ հանգստացել էի, և այդ պահին իրավիճակը կայուն էր։ Հասկացել էի, որ ապրելիս զգացածս այդ խեղդվելու զգացողությունն է ժամանակավոր։ Արդեն ամեն բան դարեր շարունակ, մինչև դատաստանի օրը այսպես էր մնալու։ Դրանից ոչ դժգոհում էի, ոչ էլ գոհ էի։ Մի ժամանակ ինձ հետ արագ, միմյանց ետևից պատահած դեպքերը այժմ տեղավորվել էին անծայրածիր վայրում և միաժամանակ գոյություն ունենալով՝ տարածվել այնտեղ։ Հիմա ամեն բան միևնույն պահին էր կատարվում, ինչպես կատակասեր մանրանկարիչն է բոլոր անկյուններում միմյանց հետ կապ չունեցող տարբեր բաներ նկարում երկէջանի թերթերի վրա։




== 30. Ես Շեքուրեն եմ ==

Ձյունն այնքան ուժեղ էր, որ լցվում էր քողիցս ներս, աչքերիս մեջ։ Նեխած տերևներով, ցեխով, կոտրված ճյուղերով ծածկված այգում դժվարությամբ քայլեցի, բայց փողոց դուրս գալուն պես սկսեցի արագ գնալ։ Գիտեմ, ձեզ հետաքրքիր է, թե ինչ եմ մտածում։ Քարային որքա՞ն եմ վստահում։ Այդ դեպքում անկեղծորեն ասեմ, ինձ էլ է շատ հետաքրքիր, թե ինչ եմ մտածում։ Հասկանում եք, չէ՞՝ մտքերս խառնվել են։ Բայց, միևնույն է, գիտեմ, ինչպես միշտ, զբաղվելու եմ ուտելիքով, երեխաներով, հորս գործերով, այլ գործերով, և որոշ ժամանակ անց սիրտս, առանց իմ հարցի կարիքը զգալու, ինձ կշշնջա։ Մինչև վաղը կեսօր կիմանամ, թե ում հետ եմ ամուսնանալու։ Մի բան կա, որ մինչև տուն հասնելն ուզում եմ անմիջապես ասել ձեզ։ Ոչ, սիրելիներս, Քարայի բանի մեծությունը հիմա կարևոր չէ։ Եթե կուզեք, դրա մասին հետո կարող ենք խոսել։ Ես խոսելու եմ Քարայի այս շտապողականության մասին։ Չեմ կարծում, որ նա ցանկասիրությունից բացի ուրիշ բանի մասին չի մտածում։ Իրականում, եթե այդպես լիներ, ինձ համար միևնույն կլիներ։ Ես զարմանում էի նրա անմտության վրա։ Նշանակում է՝ չէր մտածում, որ կարող էր ինձ վախեցնելով հեռացնել իրենից, կարող էր իմ պատվի հետ խաղալ և իմ զգացմունքները սառեցնել, անգամ կարող էր ավելի վտանգավոր հետևանքների հանգեցնել։ Դեմքի տխուր արտահայտությունից հասկանում էի, թե որքան է ինձ սիրում, որքան է ցանկանում։ Տասներկու տարի սպասելուց հետո ինչո՞ւ է անմտություն անում և երկու օր չի՞ կարողանում սպասել։ Գիտե՞ք, ես զգում եմ, որ սիրահարված եմ այդ անփորձությանը, երեխայական տխուր հայացքներին։ Դա զգացի, երբ նրա վրա զայրանալու փոխարեն սկսեցի խղճալ։

«Վայ, խեղճ երեխա,– ասում էր իմ ներքին ձայնը։― Ե՛վ այսքան տառապում ես, և՛ այսքան անփորձ ես»։

Նրան այնքան էի ուզում պաշտպանել, որ անգամ կարող էի մի սխալ բան անել, կարող էի այդ երես առածին տրվել։ Մտածելով խեղճ երեխաների մասին՝ քայլերս արագացրի։ Այդ պահին, ուժեղ ձյան և վաղ սկսված մթան մեջ մի մարդ կարծես ուրվականի պես հարձակվում էր վրաս։ Գլուխս կախեցի և արագ անցա։ Երբ բակի դռնով ներս մտա, անմիջապես հասկացա, որ Հայրիյեն ու երեխաները դեռ չեն վերադարձել։ Դե, երեկոյան նամազը դեռ չէր սկսվել։ Աստիճաններով բարձրացա։ Տնից թուրինջի մուրաբայի հոտ էր գալիս, հայրս իր մութ սենյակում էր, ոտքերս սառել էին, երբ լամպը ձեռքիս մտա սենյակ, տեսնելով, որ պահարանը բաց է, բարձերը ընկել են, և շուրջն ամեն ինչ թափթփված է, մտածեցի, որ Օրհանն ու Շևքեթն են արել։ Տան լռությունը, մշտական լռությունը, անսովոր լռությունը։ Տնային հագուստ հագնելուն պես մթության մեջ մի պահ ցանկացա միայնակ նստել և ընկնել երազանքների գիրկը, բայց ներքևից՝ ուղիղ ներքևի սենյակից, ոչ թե խոհանոցից, այլ ամառային արվեստանոցից ձայներ եկան։ Հայրս այս ցուրտ եղանակին այնտե՞ղ էր իջել։ Բայց այնտեղ լույս չէի տեսել։ Այդ մասին էի մտածում, երբ այս անգամ նախասրահից դեպի բակ բացվող դռան ձայնը լսեցի։ Հետո բակի դռան մոտից այդ չարաբաստիկ շների բարձր հաչոցները լսվեցին։

― Հայրիյե՛,– բղավեցի ես։– Շևքե՛թ, Օրհա՛ն...

Մրսում էի։ Հորս վառարանր վառվում էր, մտածեցի՝ նրա հետ նստեմ, տաքանամ։ Արդեն ոչ թե Քարայի, այլ երեխաների մասին էի մտածում։ Լամպը ձեռքիս գնացի նրա մոտ։ Միջանցքով անցնելիս մտածեցի՝ իջնեմ ներքև, վառարանին ջուր դնեմ ձկան ապուրի համար։ Մտա կապույտ դռնով սենյակ, ամեն ինչ խառնված էր, մտածում էի, թե հայրս այս ինչ է արել, երբ նրան հատակին ընկած տեսա։ Սարսափահար ճչացի։ Մեկ անգամ էլ ճչացի։ Հետո հորս դիակին նայելով՝ լռեցի։ Տեսեք՝ ձեր լռությունից, սառնասրտությունից հասկանում եմ, որ վաղուց գիտեիք, թե այս սենյակում ինչ է կատարվել։ Եթե ոչ ամեն ինչ, գոնե մեծ մասը։ Այժմ ձեզ հետաքրքրում է, թե ինչպես եմ արձագանքելու իմ տեսածներին, ինչ եմ զգում։ Երբեմն նկարի նայելիս մարդիկ, փորձելով հասկանալ նկարի հերոսի ցավը, մտածում են, թե նա ինչպես է հասել այդ ցավալի կետին։ Իսկ դուք, եթե իմ փոխարեն լինեիք, եթե ձեր հայրն էլ այսպես սպանվեր, ի՞նչ կզգայիք։ Պետք է փորձեք դա հասկանալ, ոչ թե իմ ցավը։

Ուրեմն, երեկոյան տուն եմ վերադառնում, մեկը հորս սպանել է։ Այո՛, սկսեցի մազերս պոկել, այո՛, բարձր լաց եղա։ Մանկության տարիներիս պես ամբողջ ուժով փաթաթվեցի նրան ու հոտոտեցի։ Այո՛, վախից, ցավից, մենակությունից դողացի, չէի կարողանում շնչել։ Այո՛, տեսածիս չհավատացի, Աստծուն աղաչեցի, որ նա ոտքի կանգնի, ինչպես միշտ նստի իր անկյունում, գրքերի մոտ։ Վեր կաց, հայրի՛կ, վեր կաց, մի՛ մահացիր, դե, հայրի՛կ, վեր կաց։ Բայց արնոտ գլուխը մաս֊մաս էր եղել։ Վախեցա պատռված թղթերից, ջարդված սեղաններից, ներկի հավաքածուներից, թանաքամաններից, վայրենաբար մաս-մաս արված բարձերից, գրակալներից, գրասեղաններից, հորս սպանած չարությունից, սենյակը, ամեն բան այսպես վերացրած ատելությունից։ Արդեն չէի արտասվում։ Երբ կողքի փողոցով երկու հոգի մթան մեջ ծիծաղելով անցնում էին, աշխարհի հավերժական լռությունը կարողանում էի լսել իմ մտքում, իմ դեմքի արցունքները, քթիցս հոսող փսլինքր ձեռքերով մաքրում էի։ Երկար մտածեցի երեխաների, մեր կյանքի մասին։ Լսեցի լռությունը։ Վազեցի։ Հորս ոտքերից բռնելով՝ քարշ տվեցի մինչև հյուրասենյակ։ Այնտեղ, չգիտես ինչու, ինձ ավելի ծանր թվաց, բայց ուշադրություն չդարձնելով՝ սկսեցի աստիճաններով ներքև իջեցնել։ Սանդուղքի մեջտեղում ուժերս հատեցին, և նստեցի, գուցե կարտասվեի, բայց մի ձայն լսվեց, կարծելով, թե Հայրիյեն ու երեխաներն են գալիս, հորս ոտքերն առա թևերիս տակ, այս անգամ ավելի արագ ներքև իջա։ Այնքան ահավոր տեսք ուներ, այնպես էր արնոտվել, որ սիրելի հորս գլուխն աստիճաններին խփվելով՝ թաց շորի ձայներ էր հանում։ Ներքևում արդեն չգիտես ինչու թեթևացած մարմինը շրջեցի, նախասրահով անցկացնելով՝ արագ ախոռ տարա, իսկ այնտեղից էլ՝ ամառային արվեստանոց, մութ սենյակի ներսը տեսնելու համար վազեցի խոհանոցի վառարանի մոտ։ Վերադառնալով՝ մոմի լույսի տակ տեսա, թե արվեստանոցն ինչպես է տակնուվրա եղել։ Ո՞վ է արել, տեր Աստված։ Միտքս արագ էր աշխատում, որոշ բաներ արագ էի հաշվարկում։ Հորս թողեցի տակնուվրա եղած սենյակում, որի դուռն ամուր փակեցի։ Խոհանոցից մի դույլ վերցրի, ջրհորից ջուր լցրեցի, վերև բարձրացա, լամպի լույսի տակ մաքրեցի հյուրասենյակի, հետո՝ աստիճանների արյունը։ Այս ամենը շատ արագ արեցի։ Բարձրացա իմ սենյակը, արնոտված հագուստս հանեցի, մաքուր հագուստ հագա։ Ձեռքիս դույլով ու փալասով մտնելու էի հորս սենյակ, երբ լսեցի, որ բակի դուռը բացվում է։ Միևնույն ժամանակ երեկոյան նամազը սկսվեց։ Ամբողջ ուժս հավաքեցի և լամպը ձեռքիս՝ գնացի նրանց աստիճանների մոտ դիմավորելու։

― Մայրի՛կ, մենք ենք եկել,– ասաց Օրհանը։

― Հայրիյե՛, ո՞ւր մնացիք,– ամբողջ ուժով բղավեցի ես, բայց կարծես ոչ թե բղավում էի, այլ շշնջում։

― Մայրի՛կ, բայց երեկոյան նամազից չենք ուշացել...,– ասաց Շևքեթը։

― Լռի՛ր, պապիկդ հիվանդ է, քնած է։

― Հիվա՞նդ է,– ներքևից հարցրեց Հայրիյեն։ Բայց իմ լռությունից հասկանալով, որ զայրացած եմ, ասաց։– Շեքուրե՛ հանըմ, Կոստային էինք սպասում։ Երբ տառեխը բերեցին, անմիջապես դափնու տերևներ գնեցինք, երեխաների համար՝ թզի, հոնի չիր։

Ուզում էի ներքև իջնելով՝ շշուկով Հայրիյեի վրա զայրանալ, բայց մտածեցի, որ աստիճաններով իջնելիս լամպի լույսի տակ կերևան թաց աստիճանները, արյան հետքերը, որ չեմ հասցրել մաքրել։ Երեխաներն աղմուկով բարձրացան աստիճաններով, հանեցին կոշիկները։

― Շշ՜շ՜,– ասացի ես՝ նրանց ուղղելով դեպի մեր սենյակը։― Պապիկը քնած է, այդ կողմ մի՛ գնացեք։

― Կապույտ դռնով սենյակ եմ գնալու, վառարանի մոտ,– ասաց Շևքեթը։– Պապիկիս սենյակ չեմ մտնի։

― Պապիկդ այնտեղ է քնել,– շշուկով ասացի ես։

Մի պահ կանգ առան։

― Եթե մտնեք, ձեր պապին հիվանդացրած վատ ջիները ձեզ էլ կվարակեն,― ասացի ես։– Սենյակ մտեք, տեսնեմ։― Երկուսի ձեռքից էլ բռնեցի, տարա այն սենյակ, ուր միասին էինք քնում։

― Ասեք տեսնեմ՝ ինչ արեցիք մինչև այս ժամը փողոցում։

― Արաբ մուրացկանների տեսանք,– ասաց Շևքեթը։

― Որտե՞ղ,– հարցրի ես։― Դրոշ ունեի՞ն։

― Զառիթափին։ Հայրիյեին մի կիտրոն տվեցին, իսկ Հայրիյեն նրանց փող տվեց։ Նրանց վրա շատ ձյուն էր թափվել։

― Ուրի՞շ։

― Հրապարակում նետ ու աղեղով մարզվող մարդիկ կային։

― Այս ձնոտ եղանակի՞ն,– ասացի ես։

― Մայրի՚կ, մրսում եմ,– ասաց Շևքեթը։― Կապույտ դռնով սենյակ եմ գնալու։

― Այս սենյակից դուրս չեք գալու,– ասացի ես։― Թե չէ կմահանաք։ Ես վառարանն այստեղ կբերեմ։

― Ինչո՞ւ կմահանանք,– ասաց Շևքեթը։

― Բայց ոչ ոքի չե՞ք ասելու, լա՞վ։

Խոստացան, որ չեն ասի։

― Երբ դուք դրսում էիք, մի մահացած ճեփ-ճերմակ մարդ եկավ այստեղ, հեռվից, մի հեռու երկրից, խոսեց ձեր պապի հետ։ Հետո իմացանք, որ նա ջին է։

Հարցրին, թե ջինը որտեղից է գալիս։

― Գետի մյուս ափից,– ասացի ես։

― Այնտեղից, որտեղ իմ հա՞յրն է,– ասաց Շևքեթը։

― Այո, այնտեղից,― ասացի ես։― Ջինը եկել էր ձեր պապի գրքերի նկարներին նայելու։ Այդ նկարներին նայող մեղավորն անմիջապես մահանում է։

Լռություն տիրեց։

― Տեսեք, ես ներքև եմ իջնում՝ Հայրիյեի մոտ,– ասացի։– Վառարանն էլ այստեղ կբերեմ, ուտելիքի սինին էլ։ Հանկարծ սենյակից դուրս չգաք, թե չէ կմահանաք, որովհետև ջինը դեռ տանն է։

― Մայրի՚կ, մայրի՛կ, մի՛ գնա,― ասաց Օրհանը։

― Եղբորդ համար դու ես պատասխանատու,– ասացի ես Շևքեթին։– Եթե դուրս էլ գաք, և ջինը ձեզ չսպանի, ես կսպանեմ։

Նրանց ապտակելուց առաջ սովորաբար արածս դեմքի սարսափելի արտահայտությունը ցույց տվեցի։

― Հիմա աղոթեք, որ ձեր հիվանդ պապիկը չմահանա։ Եթե խելոք մնաք, Աստված կընդունի ձեր աղոթքները, և ձեզ ոչինչ չի պատահի։

Սկսեցին աղոթել, չնայած որ այդքան էլ անկեղծ չէին երևում։ Իջա ներքև։

― Ինչ֊որ մեկը թուրինջի մուրաբան թափել է,― ասաց Հայրիյեն։– Կատուն չէր կարող անել, իսկ շուն ներս չի կարող մտնել...

Հանկարծ տեսավ դեմքիս սարսափելի արտահայտությունն ու լռեց։

― Աստվա՜ծ իմ,― ասաց նա։– Ի՞նչ է պատահել։ Ձեր հորն ինչ֊որ բա՞ն է պատահել։

― Մահացել է։

Բղավեց։ Ձեռքի դանակն ու սոխն այնպես խփեց տախտակին, որ ձուկը ցատկեց։ Մի անգամ էլ բղավեց։ Միևնույն ժամանակ երկուսս էլ տեսանք, որ ձախ ձեռքից արյուն է հոսում, բայց ոչ թե տառեխից, այլ առաջին բղավոցի ժամանակ կտրած ցուցամատից։ Վազելով բարձրացա վերև, դիմացի սենյակից մի կտոր շոր վերցրեցի, հետո լսեցի, որ երեխաների սենյակից աղմուկ է գալիս։ Պատռած կտորը ձեռքիս՝ մտա սենյակ։ Տեսա, որ Շևքեթը բարձրացել է Օրհանի վրա, ծնկներով սեղմելով նրա ուսերը՝ խեղդում է։

― Ի՞նչ եք անում,– ամբողջ ուժով բղավեցի ես։

― Օրհանն ուզում էր սենյակից դուրս գալ,– ասաց Շևքեթը։

― Սուտ է,– ասաց Օրհանը։– Շևքեթն էր դուռը բացել, ես ասացի, որ դուրս չգա։

Սկսեց լաց լինել։

― Եթե լուռ չմնաք, երկուսիդ էլ կսպանեմ։

― Մայրի՛կ, մի՛ գնա,– ասում էր Օրհանը։

Ներքևում փաթաթեցինք Հայրիյեի մատն ու կանգնեցրինք արնահոսությունը։ Երբ ասացի, որ հայրս իր մահով չի մահացել, վախենալով սկսեց Աստծուն աղոթել՝ պաշտպանիր մեզ Տեր։ նայելով վիրավոր մատին՝ արտասվեց։ Արդյոք աչքերը տրորելով արտասվելու չա՞փ շատ էր սիրում հորս, թե՞ սիրելու չափ արտասվում էր։ Ցանկացավ վերև բարձրանալ ու տեսնել հորս։

― Վերևում չէ,― ասացի ես։– Ետևի սենյակում է։

Կասկածով նայեց դեմքիս։ Բայց հասկանալով, որ ես չեմ կարողանա նայել, չկարողացավ հաղթահարել հետաքրքրասիրությունն ու վախը։ Լամպը վերցրեց ու գնաց։ Խոհանոցի շեմից չորս-հինգ քայլ արեց, սենյակի դուռը հարգանքով, անհանգստությամբ դանդաղ հրեց, ձեռքի լամպի լույսի տակ տեսա, որ նայում է տակնուվրա եղած սենյակին։ Սկզբում չկարողացավ տեսնել հորս ու լամպը բարձրացնելով՝ փորձեց լուսավորել մեծ սենյակի անկյունները։

― Ա՜ա՜հ,– բղավեց նա։

Հորս տեսավ այնտեղ, որտեղ թողել էի, ուղիղ դռան կողքին։ Առանց շարժվելու՝ նայեց նրան։ Նախասենյակի և ախոռի պատի վրա երևացող ստվերն անշարժացել էր։ Երբ նայում էր, ես փորձում էի պատկերացնել, թե ինչ է տեսնում։ Երբ վերադարձավ, արտասվում էր։ Ուրախացա, երբ տեսա, որ ասածներս հասկանում է։

― Հիմա ինձ լսիր, Հայրիյե՛,― ասացի ես։

Ձեռքս ինքնըստինքյան վերցրել էր ձկոտ դանակը, և այն թափահարելով էի խոսում.

― Վերևի հարկն էլ է տակնուվրա եղել։ Չարաբաստիկ սատանան այնտեղ էլ է մտել, ամեն բան ջարդել է, փչացրել, ամեն անկյուն քրքրել է։ Հորս դեմքը, գլուխը այնտեղ է փշրել, այնտեղ է սպանել։ Որպեսզի երեխաները չտեսնեն, դու էլ սկզբում չվախենաս, ես հորս ներքև իջեցրի։ Ձեզնից հետո ես էլ էի դուրս եկել։ Հայրս տանը մենակ էր։

― Չեմ իմացել,– լկտիորեն ասաց նա։― Որտե՞ղ էիր։

Մի քիչ լռեցի, ցանկացա, որ զգա իմ լռությունը։ Հետո ասացի.

― Քարայի հետ էի։ Կախված հրեայի տանը հանդիպեցինք Քարայի հետ, բայց ոչ մեկին չես ասելու։ Հորս մահվան մասին էլ դեռ ոչ մեկին չես ասելու։

― Ո՞վ է սպանել նրան։

Իսկապես հիմա՞ր էր, թե՞ ինձ վատ վիճակի մեջ գցելու համար էր անում։

― Եթե իմանայի, սպանությունը չէի թաքցնի,– ասացի ես։― Չգիտեմ։ Դու գիտե՞ս։

― Ես որտեղի՞ց իմանամ,– ասաց նա։― Հիմա ի՞նչ ենք անելու։

― Ցույց ես տալու, թե ոչինչ չի եղել,― ասացի ես։

Ուզում էի բղավելով արտասվել, բայց լռեցի։ Մի քիչ լռեցինք։ Ավելի ուշ ասացի.

― Թող ձուկը։ Երեխաների համար սեղան դիր։

Երբ սկսեց արտասվել, փաթաթվեցի նրան, իրար ամուր գրկեցինք։ Մի պահ միայն ոչ միայն ինձ, երեխաներին, այլև բոլորիս խղճացի ու սիրեցի նրան։ Մյուս կողմից էլ նրան փաթաթվելիս մեջս կասկած ընկավ, անհանգիստ դողացի։ Գիտեք, թե որտեղ էի, երբ հորս սպանում էին։ Գիտեք, որ Հայրիյեին ու երեխաներին տնից հեռացնելն այլ նպատակ էր հետապնդում, այդ ամենը պատահականություն էր... Բայց Հայրիյեն գիտի՞։ Երբ նրան պատմում էի, հասկանո՞ւմ էր, կհասկանա՞ր։ Ե՛վ կհասկանար, և՛ կկասկածեր։ Նրան ավելի ամուր գրկեցի, բայց երբ սկսեցի սպասուհու խելքով մտածել, մտածեցի, որ հավանաբար կարծում է, թե ես իմ խարդախությունն եմ փորձում ծածկել, և ինձ թվաց, թե խաբում եմ նրան։ Մինչ հորս այստեղ սպանում էին, ես Քարային էի հանդիպում, համբուրվում էի նրա հետ։ Եթե միայն Հայրիյեն այդպես մտածեր, ինձ այդքան մեղավոր չէի զգա, բայց գիտեմ, որ դուք էլ եք այդպես մտածում։ Խոստովանեք, անգամ կարծում եք, թե ձեզնից ինչ֊որ բան եմ թաքցնում։ Ինչքա՜ն մեղք եմ։ Ինչքա՜ն դժբախտ։ Այսպիսով, երբ սկսեցի արտասվել, Հայրիյեն էլ ինձ միացավ ու փաթաթվեցինք։

Վերևի հարկում սեղան գցեցինք։ Ես ձևացրի, թե ինչ֊որ բան եմ ուտում։ Այդ ընթացքում ասելով, թե գնում եմ հորս նայելու՝ սենյակից դուրս էի գալիս և արտասվում։ Քանի որ շատ էին չարաճճիություն արել, ուտելուց հետո երեխաները անկողին մտնելուն պես փաթաթվեցին ինձ։ Երկար ժամանակ չէին կարողանում ջինի վախից քնել։

― Ինչ-որ ձայն է գալիս, լսեցի՞ր,― այսպես ասելով՝ անհանգստանում էին։

Որպեսզի հանգստանան և քնեն, խոստացա նրանց մի սիրո պատմություն պատմել։ Գիտեք, մթության մեջ բառերը թևեր են առնում։

― Մայրի՛կ, ոչ մեկի հետ չես ամուսնանա, չէ՞,– ասաց Շևքեթը։

― Լսիր,– ասացի ես։– Մի արքայազն է լինում, մի գեղեցկուհու է սիրահարվում հեռվից։ Ինչպե՞ս։ Որովհետև այդ գեղեցկուհու նկարն է տեսնում։

Ինչպես դժբախտ և տխուր ժամանակներում էի անում, պատմությունը ոչ թե իմ իմացածի պես, այլ ինձնից որոշ մանրամասներ ավելացնելով, հորինելով էի պատմում։ Քանի որ մտքովս անցնող ամեն ինչ իմ հուշերի և տառապանքների ներկերով էի ներկում, պատմածներս իմ գլխով անցածներին ուղեկցող տխուր նկարչության էին նման։ Երբ երկուսն էլ քնեցին, տաք անկողնուց դուրս գալով՝ Հայրիյեի հետ հավաքեցինք զզվելի մարդասպանի տակնուվրա արած իրերը։ Քանդած սնդուկները, գրքերը, շորերը, շպրտած, ջարդված բաժակներր, ամանները, թանաքամանները, կոտրված գրակալը, ներկի տուփերը, ատելությամբ պատառոտած թղթերը, էջերը մեկ առ մեկ հավաքելիս երկուսիցս մեկը մերթընդմերթ արտասվում էր։ Կարծես ավելի շատ սենյակի, իրերի տակնուվրա լինելու, մեր հանգստի՝ այսքան վայրենաբար խախտման համար ավելի էինք տխրում, քան հորս մահվան համար։ Երբ մեկի սիրելին մահանում է, հավատալով, որ տան մնացած մյուս իրերն իրենց նախկին կյանքով են ապրում, մխիթարվում են և վարագույրների, ծածկոցների, արևի լույսի մշտական տեսքին խաբվելով՝ երբեմն չեն հավատում, որ Ազրաիլը տարել է իրենց սիրելի մարդուն։ Մեզ ոչ այսպիսի մխիթարանք, ոչ էլ այդպիսի երազանքի հնարավորություն էր սպասում, քանի որ տունը, որը հայրս համբերությամբ ու սիրով էր կերտել, դռները, անկյունները ուշադրությամբ ներկել էր, լկտիորեն տակնուվրա էր եղել։ Այս գործն անողը հիշեցնում էր դժոխային դաժանության մասին և վախեցնում էր մեզ։

Իմ ցանկությամբ ներքև իջնելով՝ ջրհորից թարմ ջուր բերելով աբդեսթ ընդունեցի, լուսահոգի հորս՝ հավատի և մահվան մասին խոսելիս կարդացած «Ալի Իմրան» սուրահը կարդացի իր ամենասիրած հերաթյան կազմով Ղուրանից։

Երկուսս էլ մի պահ վախով նկատեցինք, որ բակի դուռը ճռճռում է, բայց ոչ ոք ներս չմտավ։ Կեսգիշերին ստուգելով բակի դռան կողպեքը՝ դռան ետևում դրեցինք ռեհանի ծաղկամանը, որը գարնանային առավոտները հայրս էր ջրհորի ջրով ջրում։ Տուն մտնելուն պես լամպի լույսի տակ երևացող մեր ստվերներից վախեցանք՝ կարծելով, թե դա մեկ ուրիշինն է։ Ամենաշատը վախեցել էինք, երբ հորս արյունոտ դեմքն էինք լվանում, հագուստն էինք փոխում․ դա նման էր անձայն արարողության։ Քանի որ գիտեինք, որ միայն մի տարբերակ ունենք՝ ասել, որ իր մահով է մահացել։ Հորս արյունոտ հագուստը, ներքնազգեստը հանելուն պես զարմացնողը և հիացնողը մութ սենյակում նրա վրա ընկած մոմի լույսի տակ մաշկի կենսալից ու ճերմակ գույնն էր։ Քանի որ երկուսս էլ դեռ վախից դողում էինք, հորս՝ ծննդանշաններով և վերքերով ծածկված մերկ մարմնին նայելուց ընդհանրապես չէինք ամաչում։ Երբ Հայրիյեն վերև բարձրացավ ներքնազգեստ, կանաչ մետաքսե վերնաշապիկ վերցնելու, մի պահ չդիմացա և նայեցի խեղճ հորս այն տեղին ու շատ ամաչեցի իմ արածից։ Մաքուր զգեստներ հագցնելուց, վզի, դեմքի, մազերի արյունը ուշադրությամբ մաքրելուց հետո ամբողջ ուժով փաթաթվեցի հորս, քիթս մոտեցրի մորուքին ու հոտոտեցի, հետո երկար լաց եղա։

Ինձ անխիղճ, անգամ մեղավոր համարողների համար ասեմ, որ երկու անգամ արտասվեցի.

1. Երբ վերևի սենյակը հավաքում էի, որպեսզի երեխաները ոչ մի բան չնկատեն, ծովախխունջը մանկությունիցս մնացած սովորության համաձայն մոտեցրի ականջիս և նկատեցի, որ ծովի ձայնն արդեն նվազել է։

2. Երբ տեսա, որ պատռվել է նաև այն կարմիր բարձը, որի վրա վերջին քսան տարում հայրս այնքան էր նստել, որ այն նրա հետույքի մի մասն էր դարձել։

Բացի անդառնալի վնասից ամեն բան հին վիճակին բերելուց հետո Հայրիյեն խնդրեց, որ այդ գիշեր մեր սենյակում պառկի, բայց ես դաժանորեն մերժեցի։

― Երեխաներն առավոտյան կկասկածեն,― ասացի։

Բայց իրականում ցանկանում էի երեխաներիս հետ առանձին մնալ և Հայրիյեին պատժել։ Մտա անկողին, երկար ժամանակ չկարողացա քնել։ Ոչ թե մտածում էի այն սարսափելի բաների մասին, որ տեսա, այլ այն սարսափների մասին, որ սպասվում էին։



== 31. Իմ անունը Կարմիր է ==

Երբ «Շահնամե»֊ի հեղինակ Ֆիրդուսին Գազնե եկավ, շահ Մահմուդի պալատի բանաստեղծները նրան ծաղրեցին որպես գյուղացու, երբ ասաց այն քառյակի վերջին տողերը, որոնք ոչ մի բանաստեղծ չէր կարողանում ավարտին հասցնել, ես այնտեղ էի՝ Ֆիրդուսու վերնաշապիկի վրա։ «Շահնամե»–ի լեգենդար հերոս Ռոստամը կորած ձիու ետևից գնում է հեռու երկրներ՝ կողքից կախած կապարճը, լեգենդար հսկա նետով երկու կես արած արարածների արյան մեջ. շահի գեղեցիկ դստեր հետ իջևանած տանը գիշերը սեր անելիս ես վերմակի ծալքերի մեջ էի։ Ես ամենուր եմ և ամեն տեղ։ Երբ Թուրն իր եղբայր Իրեչի գլուխը դաժանաբար կտրեց, երազի պես գեղեցիկ, լեգենդար բանակները տափաստանում միմյանց բախվեցին, և Ալեքսանդրի գեղեցիկ քթից արևահարվելու պատճառով անդադար արյուն էր թափվում, ես այնտեղ էի։ Շաբաթվա ամեն օրը մի գմբեթի տակ, այլ աշխարհից եկող հիանալի գեղեցկության հետ գիշերն անցկացնելուց հետո նրա պատմությունը լսող սասանյան շահ Բեհրեմ Գյուրի՝ երեքշաբթի օրն այցելած և նկարը տեսնելուն պես սիրահարված գեղեցկուհու հագուստի վրա և Շիրինի՝ Խոսրովի նկարը տեսնելով նրան սիրահարվելիս թագից մինչև վերաշապիկը՝ Խոսրովի ամբողջ հագուստի վրա էի։ Ամրոցները շրջապատող բանակների դրոշների վրա, հյուրասիրության սեղանների ծածկոցներին, սուլթանների ոտքերը համբուրող դեսպանների թավշե հագուստների, երեխաների սիրելի հեքիաթների թրի վրա էի։ Հնդկաստանից և Բուխարայից եկող հաստ թղթերի վրա գեղեցիկ աչքերով աշակերտների, վարպետ մանրանկարիչների հայացքի ներքո նուրբ վրձիններով նկարվելով՝ գորգերը, պատերի նախշերը, խոնարհ գեղեցիկ կանանց՝ պատուհանի արանքից փողոցին նայելիս հագած վերնաշապիկները, կռվող աքլորների կատարները, լեգենդար երկրների լեգենդար մրգերն ու նուռը, սատանայի բերանը, շրջանակների միջի նուրբ գիծը, վրանների ոլորուն նախշերը, անզեն աչքով տեսանելի ծաղիկները, որոնք նկարիչը սեփական հաճույքի համար է նկարել, շաքարե թռչունների արձանների բալե աչքերը, հովիվների գուլպաները, լեգենդներից ելած արևածագերը և հազարավոր, տասնյակ հազարավոր ռազմիկների, շահի, արքայազնի դիակը և վերքերը ցույց տվեցի։ Պատերազմներում, ուր վերքերը ծաղկի պես բացվում են, գեղեցիկ տղաները և բանաստեղծները տափաստանում գինի խմելով երաժշտություն լսելիս ամենամեծ վարպետ բանաստեղծի հագուստի, հրեշտակների թևերի, կանանց շրթունքների, հանգուցյալների վերքերի և արյան մեջ կորած կտրված գլուխների ներկն եմ ես։

Լսում եմ, թե ինչ եք հարցնում.

― Ի՞նչ է նշանակում գույն լինել։

Գույնը աչքի հպումն է, խուլերի երաժշտությունը, բառ է մթության մեջ։ Տասնյակ հազար տարիներ մի գրքից մյուսը, մի իրից մյուսը քամու պես հոգիների զրույցը լսելու պատճառով իմ հպումը նմանվել է հրեշտակների հպմանը։ Մի կողմս այստեղ ձեր հայացքին է պատասխանում, դա իմ ծանր կողմն է։ Մյուս կողմս օդում ձեր հայացքներով թևեր է առնում, դա իմ թեթև կողմն է։ Որքան ուրախ եմ, որ կարմիր եմ։ Այրվում եմ, ուժեղ եմ, գիտեմ, որ ինձ նկատում են, նաև գիտեմ, որ անդիմադրելի եմ։ Չեմ թաքնվում, ինձ համար նրբությունը թուլություն չէ, այլ մի բան, որ իրականություն է դառնում վճռականության և կամքի միջոցով։ Ինձ ի ցույց եմ դնում։ Այլ գույներից, ստվերներից, բազմությունից կամ մենակությունից չեմ վախենում։ Որքան գեղեցիկ է ինձ սպասող մակերեսին սեփական հաղթական կրակը լցնելը։ Այնտեղ, ուր ես եմ տարածվում, աչքերը փայլում են, կրքերը բորբոքվում, հոնքերը բարձրանում, սրտի բաբախումն արագանում։ Ի՛նձ նայեք․ որքան գեղեցիկ է ապրելը։ Հետևեք ինձ. որքան գեղեցիկ է տեսնելը։ Ապրել նշանակում է տեսնել։ Ամենուր տեսանելի եմ։ Կյանքն ինձնով է սկսվում, ամեն բան վերադառնում է ինձ, հավատացեք։

Լռեք և լսեք, թե ինչպես այսքան հիանալի կարմիր դարձա։ Ներկից հասկացող վարպետ նկարիչը Հնդկաստանի ամենատաք վայրից եկող ամենալավ կարմիր չորացրած միջատին իր ճզմիչով ծեծելով, փոշի դարձնելով՝ դրանից հինգ դիրհեմ, մի դիրհեմ ձագախոտ և կես դիրհեմ էլ օճառախոտ պատրաստեց։ Կաթսան երեք օքքա ջուր լցնելով՝ ձագախոտը մեջը գցեց ու եռացրեց։ Հետո օճառախոտը գցեց ջրի մեջ, մի լավ խառնեց։ Այնքան խառնեց, մինչև որ եկավ սուրճ խմելու ժամանակը։ Մինչ նա խմում էր, ես քիչ անց ծնվելիք երեխայի պես անհանգիստ էի։ երբ սուրճից թարմացավ, աչքերը ջինի աչքերի պես բացվեցին, կարմիր փոշին լցրեց կաթսայի մեջ, այս գործի համար օգտագործած բարակ ու մաքուր փայտիկներից մեկով խառնեց։ Այժմ իսկական կարմիր էի դառնալու, բայց թանձրությունը շատ կարևոր էր. չէր կարելի թողնել, որ ջուրն իզուր եռա, բայց պետք էր մի քիչ եռացնել։ Փայտիկի ծայրով ջրից մի քիչ վերցրեց, քսեց բութ մատի եղունգին (երբեք չէր կարելի այլ մատի եղունգին քսել)։ Օհ՜հ՜, որքան հաճելի է կարմիր լինել։ Նրա եղունգը կարմիր ներկեցի, ջրի պես չհոսեցի եղունգի ծայրից, թանձրությունս լավն էր, բայց թանձրուկներ կային։ Կաթսան իջեցրեց կրակից, ինձ մաս-մաքուր կտորի մեջ քամեց, ավելի մաքուր դարձա։ Հետո դրեց կրակի վրա, երկու անգամ էլ եռացրեց, մինչև որ փրփրեցի, մի քիչ ծեծած պաղլեղ լցրեց, թողեց, որ սառչեմ։ Մի քանի օր անցավ, այնտեղ կաթսայի մեջ, առանց որևէ բանի խառնվելու սպասեցի։ Մինչ մտածում էի բոլոր էջերին, ամենուր, ամեն ինչին քսվելու մասին, այդպես անշարժ մնալն իմ սիրտը կոտրում էր։ Այդ մթության մեջ մտածեցի, թե ինչ է կարմիր լինելը։

Մի անգամ մի իրանյան քաղաքում մի կույր նկարիչ հիշողությամբ ձի է նկարում, որի թամբի ծածկոցի նախշերին մի աշակերտի վրձնով քսվելիս լսեցի, թե ինչպես են երկու կույր վարպետ վիճում։

― Ամբողջ նկարչական կյանքի ընթացքում սիրով ու հավատով աշխատելու համար, ի վերջո, իհարկե, մենք ենք կուրացողը, մենք գիտենք, մենք ենք հիշում, թե կարմիրն ինչպիսի գույն է, ինչպիսի զգացողություն,― ասաց նա, որ անգիր գիտեր ձիուն։– Բայց եթե ի ծնե կույր լինեինք, ինչպե՞ս կհասկանայինք մեր սիրուն աշակերտի նկարած կարմիր գույնը։

― Գեղեցիկ խնդիր է,– ասաց մյուսը։– Բայց գույնը ոչ թե հասկանում են, այլ՝ զգում։

― Դա ասեք նրան, ով երբեք չի զգացել կարմիրը, վարպետ։

― Եթե մատի ծայրով դիպչելով զգանք, ապա կասեի, որ այն երկաթի ու պղնձի պես մի մետաղի է նման։ Եթե առնենք ափի մեջ, ապա կայրի։ Եթե համտեսենք, աղի մսի պես կկշտացնի։ Եթե բերանի մեջ դնենք, ապա կլցնի այնտեղի դատարկությունը։ Եթե հոտոտենք, ձիու հոտ կզգանք։ Եթե ծաղկի պես բուրեր, մարգարտածաղկի պես կլիներ, ոչ թե կարմիր ծաղկի։

Այդ ժամանակ՝ հարյուր տասը տարի առաջ, քանի որ շահերը եվրոպական նկարչությունը վտանգ չէին համարում, և լեգենդար մեծ վարպետները սեփական ոճին հավատում էին, ինչպես Աստծուն, եվրոպական վարպետների՝ թրից ստացած ամենասովորական վերքի կամ ամենապարզ բրդե հագուստի կարմիրի տարբեր երանգներն օգտագործելն անբարոյականություն և օտարամոլություն համարելով՝ ծիծաղում և անցնում էին։ Նրանք ասացին, որ միայն անփորձ, անորոշ և կամազուրկ նկարիչը կարող է մի հագուստի կարմիրի համար կարմիրի տարբեր երանգներ օգտագործել։ Ստվերը չի կարող պատրվակ լինել։ Միևնույն է, կա միայն մեկ կարմիր և միայն նրան կարելի է հավատալ։

― Ո՞րն է այս կարմիրի իմաստը,– կրկին հարցրեց հիշողությամբ ձի նկարող կույր նկարիչը։

― Գույների իմաստն այն է, որ այնտեղ են՝ մեր առաջ, և կարողանում ենք տեսնել,– ասաց մյուսը։― Անհնար է կույրին պատմել կարմիրի մասին։

― Հերետիկոսները, անհավատներն էլ են Ալլահին ժխտելու համար ասում, որ նա անտեսանելի է,– ասաց ձին կարող կույր նկարիչը։

― Մինչդեռ նա տեսանելի է նրա համար, ով տեսնում է,– ասաց մյուս վարպետը։― Ղուրանն այդ պատճառով է ասում, որ տեսնողը և չտեսնողը երբեք չեն կարող միավորվել։

Գեղեցիկ աշակերտն ինձ դանդաղ քսեց ձիու թամբի ծածկոցին։ Գեղեցիկ նկարի սևին ու սպիտակին իմ լիությունը, ուժը և կենդանությունը հաղորդելն այնպիսի հաճելի զգացողություն էր, որ կատվի մազերից պատրաստված վրձնով ինձ թղթի վրա տարածելիս ուրախությունից ցնցվում էի։ Այսպիսով, ես նկարում էի և կարծես աշխարհին ասում էի «եղիցի», և աշխարհը կերտվում էր իմ արյան գույնից։

Կույրը կարող է ժխտել, բայց ես ամենուր եմ։




== 32. Ես Շեքուրեն եմ ==

Առավոտյան՝ մինչև երեխաների արթնանալը, նախևառաջ անկողնուց վեր կացա, Քարային անմիջապես կախված հրեայի տուն կանչող նամակ գրեցի և Հայրիյեի ձեռքը տալով՝ ասացի, որ վազելով հասցնի Էսթերին։ Հայրիյեն նամակը վերցնելիս մեր գլխին գալիք փորձանքների վախով նայեց աչքերիս մեջ, բայց ես, քանի որ արդեն հայր չունեի, որից կարող էի վախենալ, անամոթաբար նայեցի նրա աչքերի մեջ։ Դա էլ ցույց էր տալիս, թե սրանից հետո մեր միջև հարաբերությունները և կանոնները փոխվելու են։ Խոստովանեմ ձեզ, որ վերջին երկու տարվա ընթացքում անհանգստանում էի, որ Հայրիյեն հորիցս կհղիանա և մոռանալով սպասուհու պարտականությունները՝ տանտիրուհի կդառնա։ Մինչև երեխաների արթնանալը խեղճ հորս այցելեցի և սառած, բայց դեռ փափուկ ձեռքը հարգանքով համբուրեցի։ Հորս կոշիկները, գլխարկը, մանուշակագույն վերարկուն թաքցրի, ու երբ երեխաներն արթնացան, ասացի, որ պապիկը լավացել է և առավոտ վաղ գնացել Մուսթաֆա փաշայի մոտ։ Հայրիյեի՝ առավոտյան զբոսանքից վերադառնալուց հետո նախաճաշի սեղանը գցելիս և թուրինջի մուրաբայից մնացածն էլ սեղանի կենտրոնում դնելիս մտածում էի, որ Էսթերն արդեն ծեծում է Քարայի դուռը։ Ձյուն չէր գալիս, արև էր դուրս եկել։

Կախված հրեայի տան այգին մտնելիս նույնը տեսա․ տան պատերից, պատուհանների ծայրերից կախված սառույցը արագ հալվում էր, բորբոսնած ու նեխած տերևներով պատված այգին հաճույքով տաքանում էր արևի տակ։ Ասես Քարային ոչ թե երեկ երեկոյան, այլ շաբաթներ առաջ էի հանդիպել։ Մեր առաջին հանդիպման նույն տեղում ինձ էր սպասում։ Քողս բարձրացրի և ասացի.

― Ուրախացիր, եթե ցանկանում ես. արդեն մեր միջև հորս հակառակումների, համառումների և կասկածների համար տեղ չկա։ Երբ երեկ գիշեր դու այստեղ անպատվաբեր կերպով ինձ վրա էիր հարձակվում, մեկը, մի ստոր մտել է մեր դատարկ տունն ու սպանել հորս։

Հավանաբար ձեզ ավելի շատ հետաքրքրում է ոչ թե Քարայի պատասխանը, այլ այն, թե ինչու եմ նրա հետ այսքան վերամբարձ և ձայնի կեղծավոր արտահայտությամբ խոսում։ Ես էլ չգիտեմ պատասխանը։ Մտածեցի, որ եթե արտասվեմ, Քարան կփաթաթվի ինձ և նրան ավելի արագ կմոտենամ, քան կարծում էի։

― Տունը տակնուվրա է արել, շատ բան է ջարդել, երևում է, որ զայրույթով ու ատելությամբ է լցված եղել։ Չեմ կարծում, որ այդ ստորը գործն ավարտին հասցրել ու հանգստացել է։ Գողացել է հորս գրքի վերջին էջը։ Ուզում եմ, որ ինձ, մեզ հորս նկարը նրանից պաշտպանես։ Բայց մեզ որպես ո՞վ ես պաշտպանելու, ահա դա է խնդիրը։

Խոսելու համար մի քայլ էր անելու, բայց իմ հայացքով նրան հասկացնելով, որ ինքս կանեմ, հեշտությամբ լռեցրի նրան։

― Հորս մահից հետո դատավորի աչքերում ինձ համար իմ ամուսինը, ամուսնուս ընտանիքն է պատասխանատու։ Անգամ հորս մահից առաջ էր այդպես, որովհետև ըստ դատավորի՝ ամուսինս ողջ է։ Ամուսնուս եղբայրը մեծ եղբոր բացակայության պայմաններում փորձել էր ինձ հետ հարաբերություններ ունենալ, և այս անշնորհքությունը սկեսրայրիս խնդրի առաջ էր կանգնեցրել, այդ պատճառով էի կարողացել առանց այրիանալու հորս մոտ վերադառնալ։ Այժմ, երբ հայրս մահացել է և քանի որ եղբայր չունեմ, նշանակում է, որ լրիվ անտեր եմ։ Կամ էլ իմ տերն անկասկած տագրս է և սկեսրայրս։ Նրանք առանց այդ էլ արդեն փորձում են ինձ տուն վերադարձնել, պատրաստվում էին հորս ստիպել ինձ ետ ուղարկել, գիտես, որ որոշել են ինձ սպառնալիքներով ճնշել։ Հենց իմանան, որ հայրս մահացել է, ինձ տուն տանելու համար անմիջապես այստեղ են գալու։ Քանի որ չեմ ուզում այդ տուն վերադառնալ, թաքցնում եմ հորս մահը։ Գուցե իզուր եմ թաքցնում, որովհետև նրանք էլ կարող են սպանած լինել հորս։

Հրեայի տան կոտրված կողպեքների և պոկված պատուհանների արանքից նրբորեն ներս ընկնող բարակ լույսի շողը տան հնացած փոշին լուսավորելով՝ հենց այդ պահին ընկավ իմ և Քարայի միջև։

― Միայն այդ պատճառով չէ, որ թաքցում եմ հորս մահը,― ասացի՝ նայելով Քարայի սիրառատ, համակ ուշադրությամբ նայող աչքերի մեջ։― Վախենում եմ՝ չկարողանամ ապացուցել, թե որտեղ եմ եղել հորս սպանության ժամանակ։ Վախենում եմ, որ Հայրիյեի վկայությունը ոչ մի արժեք չի ունենա, և իմ դեմ, հատկապես հորս գրքի դեմ նյութված դավերի մի մասը կդառնամ։ Եթե չունեմ կոնկրետ հովանավոր, տեր, հորս մահը հայտարարելու, մարդասպանությունը դատավորին ընդունել տալու տեսանկյունից առաջին հայացքից որքան էլ հեշտացնի, ավելի ուշ միայն քիչ առաջ թվարկածներիս պատճառով, օրինակ՝ Հայրիյեն կարող է իմանալ, որ հայրս չէր ուզում, որ քեզ հետ ամուսնանամ, կարող եմ ենթադրել, որ այդ ամենն ինձ համար մեծ խնդիր է լինելու։

― Հայրդ չէ՞ր ուզում, որ ինձ հետ ամուսնանաս,― հարցրեց Քարան։

― Ոչ, որովհետև ինչպես գիտես, վախենում էր, որ ինձ իրենից կհեռացնես։ Այժմ, քանի որ արդեն այդ վատությունը հորս չես կարող անել, խեղճ հայրս էլ մեր ամուսնությանը ոչ մի կերպ չի կարողանա դեմ լինել։ Իսկ դու դե՞մ ես։

― Ոչ, գեղեցկուհի՛ս։

― Լա՛վ։ Իմ հովանավորն էլ քեզնից փողի և ոսկու պահանջ չունի։ Իմ անունից սեփական ամուսնության պայմանները քննարկելու համար ներողություն եմ խնդրում։ Բայց, ցավոք սրտի, անմիջապես պետք է անցնեմ մանրամասները քննարկելուն, քանի որ ամուսնության որոշ պայմաններ էլ ունեմ։

Քանի որ երկար ժամանակ լռեցի, Քարան պատասխանն ուշացնելու համար ներողություն հայցող ձայնով ասաց.

― Այո։

― Առաջինը,― սկսեցի ես,– եթե իմ հանդեպ անտանելի վատ վարվես կամ ինձնից հետո ուրիշի հետ ամուսնանաս, ինձնից նաֆաքայով ամուսնալուծվելու համար երկու վկայի առաջ երդվելու ես։ Երկրորդը, եթե առանց պատճառի կամ կոնկրետ պատճառով վեց ամսից ավել տնից հեռանաս, կարող ես ինձնից նաֆաքայով ամուսնալուծվել և դրա համար երկու վկայի առաջ երդում կտաս։ Երրորդը, ամուսնանալուց հետո, իհարկե, իմ տուն կտեղափոխվես, բայց մինչև հորս սպանած ստորը չգտնվի, կամ մինչև դու նրան չգտնես (նրան ուզում եմ սեփական ձեռքերով տանջել) և մինչև մեր սուլթանի գիրքը քո տաղանդի և ջանքերի շնորհիվ ավարտելով՝ պատվով նրան չհանձնեք, ինձ հետ նույն անկողինը չես կիսելու։ Չորրորդը, այդ անկողինն ինձ հետ կիսող տղաներին քո երեխաների պես ես սիրելու։

― Լա՛վ։

― Լա՛վ։ Եթե խոչընդոտներն արագ վերացնենք մեր ճանապարհից, շատ արագ ամուսիններ կդառնանք։

― Ամուսիններ՝ այո, բայց առանձին անկողիններում։

― Ամեն բանի սկիզբն ամուսնությունն է– ասացի ես։– Սկզբում դա լուծենք։ Սերը ամուսնությունից հետո է գալիս։ Մի՛ մոռացիր՝ ամուսնանալուց առաջ բռնկվող սիրո հրդեհը ամուսնությամբ մարում է, և մնում են միայն դատարկ ու տխուր փլատակներ։ Իհարկե, ամուսնությունից հետո վրա հասած սերն էլ է ավարտվում, բայց նրան փոխարինելու է գալիս երջանկությունը։ Չնայած դրան՝ որոշ հիմարներ շտապելով՝ ամուսնությունից առաջ սիրահարվելով, սերն այրելով սպառում են։ Ինչո՞ւ։ Որովհետև կարծում են, կյանքի ամենամեծ նպատակը սերն է։

― Ո՞րն է ճիշտը։

― Իրականում՝ երջանկությունը։ Ե՛վ սերը, և՛ ամուսնությունը փորձում են այն ձեռք բերել։ Ամուսին, տուն, երեխաներ, գիրք։ Արդյոք չե՞ս տեսնում, որ իմ վիճակը, չնայած նրան, որ ամուսինս կորած է համարվում, իսկ հայրս մահացել է, ավելի լավն է, քան քո չոր մենակությունը։ Եթե չլինեին որդիներս, որոնց հետ ամբողջ օրը ծիծաղում եմ, վիճում, սիրում, ես կմահանայի։ Հիմա ուշադիր կլսես ինձ, որովհետև գիտեմ՝ մտածում ես իմ մասին, անգամ գիշերը ինձ հետ, անգամ եթե ոչ նույն անկողնում, հորս դիակի և երեխաներիս հետ նույն տանիքի տակ անցկացնելու համար ամեն ինչ կանես։

― Լսում եմ։

― Ամուսնալուծվելու տարբեր ճանապարհներ կան։ Կեղծ վկաներ, որոնք կասեն, որ պատերազմի գնալուց առաջ ամուսինս ինձնից բաժանվել է, օրինակ՝ երդվել է, որ եթե պատերազմից երկու տարվա ընթացքում չվերադառնա, ես կարող եմ ամուսնալուծված համարվել, կարող են այսպես ստել ու երդվել։ Կամ էլ կարող են ասել, որ ամուսնուս դիակը տեսել են պատերազմի դաշտում, կարող են պատմել մանրամասների մասին։ Բայց եթե հաշվի առնենք տան դիակը և այն, որ տագրս և սկեսրայրս կհակառակվեն, այս սուտ վկայությունները վստահելի ճանապարհ չեն, և խելացի, զգուշավոր դատավորն էլ վախենալով՝ չի համաձայնի։ Նայելով նրան, որ ամուսինս ինձ առանց նաֆաքայի թողնելով՝ չորս տարի չի վերադարձել պատերազմի դաշտից, մեր հավատի տեր հանեֆիականներն էլ մեզ ամուսնալուծության իրավունք չեն տա։ Բայց քանի որ Սկյուտարի դատավորը իմ վիճակի և իրանական պատերազմների պատճառով ամեն օր ավելացող կանանց ամուսնալուծվելու հնարավորություն տալու համար մեր սուլթանի և շեյխուլիսլամի թողտվությամբ երբեմն սաֆիական դատավորին է տեղ տալիս, նա էլ մեզ արագ ամուսնալուծելով՝ նաֆաքա է տալիս։ Եթե հիմա երկու վկա գտնեմ, նրանց մի քիչ փող տամ, միասին Սկյուտար գնանք, դատավորին հանդիպենք, ինձ ամուսնալուծության իրավունք տալու համար նրան փոխարինող դատավորին գտնենք, այս վկաների օգնությամբ իմ ամուսնալուծությունն ապահովելով՝ այս ճանապարհին թուղթ, տեղեկանք էլ վերցնելով ամուսնալուծությունից անմիջապես հետո, առանց սպասելու ամուսնանալու իրավունք տվող մեկ այլ փաստաթուղթ կարող ենք ապահովել և այդ ամենը կեսօրից հետո անելով՝ կանցնենք Ստամբուլի մյուս ափը։ Քանի որ երեկոյան մոտ մեզ ամուսնացնող իմամ գտնելը շատ դժվար չի լինի, այս գիշեր ինձ հետ որպես իմ ամուսին կարող ես իմ և երեխաների հետ մնալ նույն հարկի տակ, այսպիսով՝ մեզ կփրկես այդ սրիկայի վախից սարսափելի գիշեր անցկացնելուց, տան բոլոր ձայներին ականջ դնելուց, առավոտյան հորս մահվան մասին հայտարարելիս բոլորի աչքի առաջ անտեր, խեղճ կին երևալուց։

― Այո,― ասաց Քարան սիրով և մի քիչ երեխայաբար։– Այո, կամուսնանամ քեզ հետ։

Քիչ առաջ ասացի, որ չգիտեի, թե ինչու եմ Քարայի հետ այսքան հպարտ ու կեղծավոր լեզվով խոսում։ Հիմա գիտեմ, զգում էի, որ միայն ձայնի այս արտահայտությամբ կարող էի փոքր տարիքում անլուրջ Քարային համոզել անելու այնպիսի բաներ, որոնց իրականությանը ես անգամ չէի հավատում։

― Ամուսնալուծվելուս և երեկոյան մոտ Աստծու կամքով կատարվելիք ամուսնության անվավերությունը պնդողների, որպեսզի հորս գիրքը չավարտվի՝ վատություն անողների, մեր թշնամիների դեմ շատ անելիք ունենք, բայց հիմա առանց այդ էլ մտքերս խառնվել են, ավելի չբարդացնենք ամեն բան։

― Մտքերդ խառը չեն,– ասաց Քարան։

― Որովհետև սրանք ոչ թե իմ մտքերն են, այլ տարիներ շարունակ հորիցս լսածները,― ասացի ես։

Այդպես ասացի, որպեսզի չկարծի, թե այդ ամենն իմ կանացի գլխից է դուրս գալիս, և որ հավատա ասածներիս։ Քարան ասաց նույնը, ինչ ասում էին բոլոր տղամարդիկ, երբ ինձ խելացի էին համարում.

― Շատ գեղեցիկ ես։

― Այո,– ասացի ես։– Ինձ դուր է գալիս, երբ գովաբանում են իմ խելքը։ Երբ փոքր էի, հայրս էլ էր այդպես անում։

Ուզում էի ասել, որ երբ զարգացա ու մեծացա, հայրս դադարեց գովել խելացիությանս համար, բայց սկսեցի արտասվել։ Արտասվելիս կարծես իմ միջից դուրս եկած մի ուրիշ կին էի դառնում և գրքի ցավալի նկարին նայող ընթերցողի պես կարծես իմ սեփական կյանքը դրսից էի տեսնում։ Սեփական խնդիրներիս ուրիշների խնդրի պես նայելիս արտասվեցի, և երբ Քարան ինձ փաթաթվեց, երկուսս էլ մեզ լավ զգացինք։ Բայց այս անգամ էլ փաթաթվելիս մեր միջև եղած դրական լիցքերը մեր փակ շրջանում էին մնում և չէին կարողանում հասնել թշնամիների աշխարհին։




== 33. Իմ անունը Քարա է ==

Իմ այրի, որբ ու տխուր Շեքուրեն փետուրի պես թեթև քայլերով հեռացավ, ես մնացի հրեայի տան լռության մեջ՝ նրանից ինձ անցած նուշի բույրի և ամուսնության երազանքների հետ։ Մտքերս խառնվել էին, բայց գլուխս գրեթե ցավելու չափ արագ էր աշխատում։ Անգամ բավականաչափ չտխրելով փեսայիս մահվան համար՝ արագ վերադարձա տուն։ Մի կողմից՝ ներսիս կասկածը հուշում էր, որ ինձ օգտագործում էր որպես իր մեծ ծրագրի մի մաս, մյուս կողմից էլ չէի դադարում մտածել ամուսնության երազանքների մասին։

Տան շեմին կանգնած տանտիրուհուն բացատրություն տալուց հետո, որն ուզում էր իմանալ, թե առավոտյան այս ժամին ուր էի գնացել և որտեղից եմ վերադառնում, գոտուցս քսաներկու վենետիկյան ոսկի հանելով՝ դողացող մատներով դրեցի քսակի մեջ։ Երբ կրկին դուրս եկա, հասկացա, որ Շեքուրեի թաց, տխուր սև աչքերն ամբողջ օրը չեմ մոռանալու։

Սկզբում վենետիկյան հինգ ոսկին անընդհատ ժպտացող հրեա ոսկերչի մոտ մանրեցի։ Հետո գնացի այն թաղամասը, որի անունը չեմ սիրում (ասեմ ձեզ, անունը՝ Յաքութլար) մտածկոտ վերադարձա այն փողոցը, ուր այն տունն էր, որտեղ իմ մահացած փեսան, Շեքուրեն ու երեխաները ինձ էին սպասում։ Երբ փողոցներով գրեթե վազելով անցնում էի փեսայիս մահվան օրը՝ հրաշալի ամուսնության երազանքներով ու ծրագրերով, մի նոճի գրպանումս փողի զնգզնգոցը լսելով՝ նայեց ներքև։ Այդ պահին թաղամասի՝ հալվող սառույցից արագահոս դարձած աղբյուրն ասաց.

― Ուշադրություն մի՛ դարձրու, կազմակերպիր քո գործերը և երջանիկ եղիր։

― Մի՛ հավատա նրան,― մտածմունքների տեղիք տալով՝ ասաց անկյունում իրեն լպստող դժբախտություն բերող մի սև կատու։– Բոլորը, ինչպես և դու, կասկածում են, որ փեսայիդ սպանության մեջ քո մատն էլ է խառը։

Կատուն դադարեց իրեն լպստել, և մի պահ նայեցի նրա խորհրդավոր աչքերին։ Գիտեք, Ստամբուլի կատուները երես առած են լինում, քանի որ մարդիկ են երես տալիս։

Մեծ սև աչքերի կոպերը կիսափակ լինելու պատճառով միշտ կիսաքնած թվացող իմամ էֆենդուն ոչ թե տանը, այլ թաղամասի մզկիթի բակում գտա ու տվեցի այն տարածված դատական հարցը, թե դատարանում վկայություն տալը երբ է պարտադիր, երբ՝ կամընտրական, և հպարտ արտահայտությամբ նրա տված պատասխանը կարծես առաջին անգամ լսելով՝ հոնքերս վեր քաշեցի։ Իմամ էֆենդին ասաց, որ եթե վկաները շատ են, ապա մյուսները կամընտրական են ելույթ ունենում, բայց եթե միայն մեկ վկա կա, Ալլահի կամքն է վկայություն տալ։

― Հենց դա է իմ խնդիրը,– ասացի ես։

Ինչպես բոլորը գիտեն, բոլոր վկաները ծուլանալով՝ օգտվում են այս ակամա իրավիճակից, դատարան չգնալու համար պատրվակ են փնտրում։

― Է՜հ,– ասաց իմամ էֆենդին,― դու էլ մի քիչ փող տուր։

Ես էլ քսակը բացելով՝ նրան ցույց տվեցի վենետիկյան ոսկիները։ Մզկիթի լայն բակը, իմամի դեմքը, բոլորս մի պահ լուսավորվեցինք ոսկու փայլի տակ։ Հարցրեց, թե խնդիրն ինչ է։ Ասացի, թե ով եմ։

― Էնիշթե էֆենդին հիվանդ է,― բացատրեցի ես։– Մահից առաջ ցանկանում է, որ դստեր այրիությունը պաշտոնապես հաստատվի, որպեսզի նրա համար նաֆաքա նշանակեն։

Սկյուտարի դատավորի փոխանորդի մասին ասելու կարիք անգամ չկար։ Ամեն ինչ հասկացող իմամ էֆենդին դժբախտ Շեքուրե հանըմի մասին արդեն երկար ժամանակ մտածում էր, անգամ կարծում էր, որ այդ գործն ուշացրել են։ Ամուսնալուծվելու համար անհրաժեշտ երկրորդ վկային Սկյուտարի դատավորի դռան մոտ գտնելու փոխարեն իմամ էֆենդին իր եղբորն էր բերելու։ Հիմա եթե նրա համար էլ մի ոսկի տայի, թաղամասում ապրող և Շեքուրեի ու որբուկների խնդիրներն իմացող եղբորն էլ լավություն կանեի։

Իմամ էֆենդուն երկու ոսկի տվեցի, երկրորդ վկայի համար էլ զեղչ արեց, անմիջապես պայմանավորվեցինք։ Իմամ էֆենդին գնաց եղբոր մոտ։

Սրանից հետո մեր կյանքը նմանվելու էր Հալեպի սրճարանների այն պատմություններին, որ ասացողները պատմում ու պատմելիս պարում են։ Այդ պատմությունները մեսնեվիի պես գրելով գիրք կազմողները, չնայած գեղեցիկ ձեռագրին, պատճառաբանում էին, որ շատ կասկած, շատ խարդախություն կա դրանց մեջ, ընդհանրապես լուրջ չէին ընդունում, չէին նկարազարդում։ Իսկ ես ամբողջ օրվա ընթացքում մեր արկածի էջերին չորս տեսարան հավաքելով՝ գծելով նկարեցի։

ԱՌԱՋԻՆ տեսարանում նկարիչը մեզ պետք է Ունքափըից Սկյուտար գնացող չորս կարմիր նավակների մեջ նեղուցի ջրերի մեջտեղում թավ բեղերով, մկանուտ թիավարողների հետ պատկերի։ Մինչ իմամն ու նրա տխուր դեմքով նիհար եղբայրը՝ չնախատեսված զբոսանքից գոհ, թիավարողների հետ զրուցում են, ես աղքատիկ նավակի ծայրին նստած՝ աչքերիս առաջ երջանիկ ամուսնության անավարտ երազանքներ, ձմեռային արևոտ առավոտյան սովորականից ավելի թափանցիկ երևացող նեղուցի ջրերի հատակին մի վատ նշան, օրինակ՝ ծովահենների նավի մնացորդներ տեսնելով՝ սարսափած նայում եմ ծովի ջրերին։ Ուրեմն նկարիչը որքան էլ ուրախ գույներով նկարի ծովը և ամպերը, իմ երջանկության երազանքների չափ ուժեղ վախերիս էլ համընկնելու չափ մի մութ բան, օրինակ՝ սարսափելի ձուկ նկարելով՝ պետք է դնի ծովի հատակին, որպեսզի մեր արկածներն ընթերցողը այդ պահին չմտածի, թե ամեն ինչ վարդագույն լույսի մեջ է։

Մեր ԵՐԿՐՈՐԴ նկարը սուլթանների պալատները, պալատական ժողովները, եվրոպական դեսպանների ընդունելությունը, մարդաշատ տներն է ցույց տալիս, մանրամասնորեն և լավ դասավորված նկարների՝ Ռեհզադին վայել նրբությունները, այսինքն՝ նկարի կատակն ու հեգնանքն էլ պետք է հաշվի առնի։ Այսինքն՝ մի կողմից պարոն դատավորը կարծես ձեռքի արգելող շարժումով ինձ ու իմ մեկնած կաշառքին ասում է՝ երբեք և ոչ, մյուս ձեռքով էլ ամաչելով պետք է իմ վենետիկյան ոսկիները դնի գրպանը, և որպես այս կաշառքի արդյունք՝ միևնույն ժամանակ նկարում երևալու է նաև, որ Սկյուտարի դատավորի փոխարեն շաֆիական փոխանորդ Շահափ էֆենդին է նստած։ Միմյանց հետևող իրադարձությունները նկարում միաժամանակ կարող են պատկերվել։ Դրա լուծումը կարող են միայն խելացի նկարիչները ստանալ՝ էջերի խորամանկ դասավորության միջոցով։ Այսպիսով, օրինակ՝ իմ կաշառք տալը տեսնող աչքը նկարի մեկ այլ տեղում բարձի վրա ծալապատիկ նստածի՝ փոխանորդ լինելը տեսնելով, անգամ եթե մեր պատմությունը չկարդա, անմիջապես կհասկանա, որ երկու վենետիկյան ոսկին գրպանը դրած, դատավորի փոխարեն Շեքուրեին ամուսնալուծելու համար նստածը շաֆիական փոխանորդն է։

ԵՐՐՈՐԴ նկարն էլ պետք է նույն տեսարանը ցույց տա, բայց այս անգամ պատերը, բոլոր ճյուղերը նկարելիս պետք է ավելի քիչ անցումների հնարավորություն տվող չինական ոճի զարդարանքներ օգտագործի և դրանք ավելի մուգ գույնով ներկի և դատավորի փոխանորդի վերևում խորհրդավոր ու գույնզգույն ամպեր նկարի, որպեսզի բոլորը հասկանան, որ մեր պատմությունը խաղ է։ Չնայած մեկ առ մեկ պարոն դատավորին ներկայանալուն՝ նկարում իմամն ու եղբայրը պետք է միասին երևան։ Նրանք այնպես են պատմում Շեքուրեի ամուսնու՝ չորս տարի պատերազմից չվերադառնալու, ամուսնու բացակայության պատճառով Շեքուրեի աղքատ մնալու, երկու որբ երեխաների՝ տխուր ու քաղցած լինելու, դեռ ամուսնացած համարվելու պատճառով այս որբուկներին հայրություն անելու թեկնածու չգտնելու, ամուսնացած լինելու պատճառով՝ Շեքուրեին առանց ամուսնու թույլտվության անգամ պարտքով գումար չհատկացնելու մասին, որ նույնիսկ դատարկ պատերը կարտասվեին և նրան ամուսնալուծվելու իրավունք կտային, բայց անսիրտ փոխանորդը ուշադրություն չդարձրեց և հարցրեց, թե ով է Շեքուրեի խնամակալը։ Քանի որ մի պահ հապաղեց, ես անմիջապես ասացի, որ մեր սուլթանի տասնապետ և դեսպան եղած հարգարժան հայրը դեռ ողջ է։

― Մինչև նա դատարան չգա, չեմ կարող ամուսնալուծության իրավունք տալ,– ասաց փոխանորդը։

Անհանգստացած ասացի, որ Էնիշթե էֆենդին հիվանդ ու մահամերձ է, Աստծուց վերջին ցանկությունը դստերն ամուսնալուծված տեսնելն է, ու որ ես եմ նրան ներկայացնում։

― Ինչի՞ն է պետք, որ դուստրն ամուսնալուծվի,― ասաց նա։– Մահամերձ մարդն ինչո՞ւ պետք է այդքան ցանկանա, որ դուստրը վաղուց պատերազմի դաշտում կորած ամուսնուց բաժանվի։ Դե, եթե դստեր համար վստահելի թեկնածու կա, կհասկանամ, որովհետև ուզում է հանգիստ խղճով հեռանալ աշխարհից։

― Կա, պարոն փոխանորդ,― ասացի ես։

― Ո՞վ է։

― Ես եմ։

― Ինչպե՞ս։ Դու հովանավորի ներկայացուցիչն ես,– ասաց դատավորի փոխանորդը։– Ի՞նչ գործով ես զբաղվում։

― Օտար երկրներում փաշաների համար քարտուղարություն, գրագրություն, մատենագրություն եմ արել։ Պարսկական պատերազմների պատմությունն ավարտին հասցրի և շուտով հանձնելու եմ մեր սուլթանին։ Հասկանում եմ նկարչությունից և մանրանկարչությունից։ Ես այդ աղջկա սիրուց արդեն քսան տարի է՝ այրվում եմ։

― Ազգակա՞ն ես։

Դատավորի փոխանորդի մոտ այնպես ամաչեցի սեփական կյանքս բացահայտ իրի պես սեղանին դնելու համար, որ լռեցի։

― Շաղգամի պես կարմրելու փոխարեն պատասխանիր, թե չէ ամուսնալուծության իրավունք չեմ տա։

― Մորաքրոջս աղջիկն է։

― Հմ՜մ՜ հասկացա։ Կկարողանա՞ս նրան երջանկացնել։

Հարցնելիս ձեռքով անշնորհք շարժում արեց։ Թող նկարիչն այս անշնորհքությունը չնկարի։ Թող միայն ցույց տա, թե ինչպես է դեմքս կարմրել, այդքանը բավական է։

― Ես լավ եմ վաստակում։

― Քանի որ շաֆիական եմ, ասում եմ, որ չորս տարուց ի վեր պատերազմից չվերադարձած այս դժբախտ Շեքուրեին ամուսնալուծելը գրքին և իմ հավատին չի հակասում,– ասաց պարոն փոխանորդը։– Նրան ամուսնալուծության իրավունք եմ տալիս։ Արդեն եթե ամուսինը պատերազմից վերադառնա, նրա հանդեպ ոչ մի իրավունք չի ունենա։

Դրան հաջորդող նկարը, այսինքն՝ ՉՈՐՐՈՐԴԸ, ցույց է տալու, թե ինչպես է դատավորը սև թանաքով տառերի պահանջկոտ բանակներով կնքում ամուսնալուծության, Շեքուրեի՝ արդեն այրի լինելու և անմիջապես հետո ամուսնանալուն ոչ մի խոչընդոտ չլինելը հաստատող թուղթը և տալիս է ինձ։ Այդ պահին զգացածս երջանկության փայլը ո՛չ դատարանի պատերը կարմիր ներկելով, ո՛չ էլ նկարի վրա ալ կարմիր շրջանակներ գծելով կարող է արտահայտվել։ Փոքր քույրերին, աղջիկներին, ավագ քույրերին ամուսնալուծելու համար եկած մյուս տղամարդկանց և կեղծ վկաների՝ դատավորի դռան առաջ կուտակվող բազմության միջով անցնելով՝ վազեցի դուրս։ Նեղուցն անցնելով ուղիղ դեպի Յաքութլար թաղամաս՝ մեր հարսանիքն անել ցանկացող սիրալիր իմամ էֆենդուն և նրա եղբորը դեռ ոչինչ չասացի։ Քանի որ հասկացա՝ փողոցում ինձ տեսնողները նախանձելով իմ անհավատալի երջանկությանը՝ դավեր են նյութում, ուստի վազքով գնացի իմ Շեքուրեի փողոց։ Ինչի՞ց էին չարաբաստիկ ագռավները հասկացել, որ տանը հանգուցյալ կա. տանիքի վրա ցատկոտում էին։ Վատ էի զգում, որ չեմ կարողանում տխրել փեսայիս համար, մի արցունք անգամ չեմ կարողանում թափել, բայց տան ամուր փակված կողպեքներից, դռնից, լռությունից, անգամ նռենուց անմիջապես կռահեցի, որ ամեն ինչ լավ է։ Հավանաբար հասկացել եք, որ այդ պահին արագ֊արագ էի շարժվում։ Գետնից վերցրած քարը նետեցի բակի դռան կողմը, բայց չկարողացա նշանակետին խփել։ Մի քար էլ նետեցի, խփեցի տանիքին։ Զայրացած՝ մի քանի անգամ էլ խփեցի։ Այդ պահին մի պատուհան բացվեց։ Երկրորդ հարկի այն պատուհանն էր, ուր չորս օր առաջ՝ չորեքշաբթի, նռենու ճյուղերի արանքից առաջին անգամ տեսա Շեքուրեին։ Օրհանը երևաց այնտեղ, պատուհանի արանքից լսվում էր նրան կշտամբող Շեքուրեի ձայնը։ Մի պահ հույսով նայեցինք իրար ես ու իմ գեղեցկուհին։ Որքան հաճելի էր, որքան գեղեցիկ։ Հավանաբար «սպասիր» նշանակող շարժում անելով՝ պատուհանը փակեց։ Մինչ երեկո շատ ժամանակ կար. թափուր այգում աշխարհի, ծառերի, ցեխոտ փողոցի գեղեցկությամբ հիանալով՝ հույսով սպասեցի։ Շատ չանցած՝ Հայրիյեն կարծես ոչ թե սպասուհու, այլ տանտիկնոջ պես հագնված, գլուխը ծածկած՝ դուրս եկավ։ Առանց իրար մոտենալու անցանք թզենու մոտ։

― Մմեն ինչ լավ է,― ասացի նրան։ Ցույց տվեցի դատավորից վերցրած փաստաթուղթը։– Շեքուրեն ամուսնալուծված է։ Հիմա մյուս թաղամասից իմամ եմ...,– ուզում էի ասել գտնելու եմ, բայց ասացի,― Իմամ է գալիս։ Թող Շեքուրեն պատրաստվի։

― Շեքուրե հանըմն ասում է, որ թեկուզ քիչ, բայց հարսին տանող մարդիկ պետք է լինեն, թաղամասի բնակիչները թող տուն գան, հարսանեկան ճաշկերույթ լինի։ նուշով, ծիրանի չրով փլավ ենք պատրաստել։

Հաճույքով երևի կպատմեր, թե դեռ ինչեր են պատրաստել, բայց ես ընդհատեցի։

― Եթե հարսանիքն այդքան մեծ լինի,– ասացի ես,― Հասանն ու նրա մարդիկ լուրը կառնեն, կընդհատեն հարսանիքը, խայտառակություն կլինի, ամուսնությունն անվավեր կհամարեն, և ոչինչ չենք կարողանա անել։ Ամեն ինչ ջուրը կընկնի։ Ոչ միայն Հասանից ու սկեսրայրից, Էնիշթե էֆենդուն սպանած սատանայից էլ չենք կարողանա փրկվել։ Վախենո՞ւմ եք։

― Ինչպե՞ս չվախենանք,– ասաց նա ու սկսեց արտասվել։

― Ոչ ոքի ոչինչ չեք ասելու,― ասացի ես։– Էնիշթեին էլ գիշերանոց հագցրեք, անկողինը բացեք և ոչ թե հանգուցյալի, այլ հիվանդի պես պառկեցրեք, անկողնու կողքին բաժակներ, դեղեր դրեք, դուռը փակեք։ Թող սենյակում լամպ չլինի, որպեսզի ամուսնանալիս Շեքուրեի հովանավորը հիվանդ հայրը լինի։ Հարսի համար պատվիրակություն չի կարող գալ, վերջին պահին մի քանի հարևան կկանչեք, այդքանը։ Նրանց կանչելիս կասեք, որ սա Էնիշթե էֆենդու վերջին ցանկությունն է եղել... Ոչ թե երջանիկ, այլ տխուր հարսանիք է լինելու։ Եթե այս գործը հաջողությամբ գլուխ չբերենք, մեզ կվերացնեն, իսկ քեզ էլ կպատժեն, հասկանո՞ւմ ես։

Արտասվելով գլուխն օրորեց։ Նստելով իմ ճերմակ ձին՝ ասացի, որ գնում եմ վկաների ետևից, շուտով տուն եմ վերադառնալու, թող Շեքուրեն պատրաստվի, ասացի, որ այսուհետ ես եմ տան տղամարդը ու որ այժմ գնում եմ վարսավիրի մոտ։ Այս ամենը չէի ծրագրել։ Այդ պահին խոսելիս էի մտածում և ինչպես զգում էի որոշ պատերազմների ընթացքում, հավատում էի, որ Աստծու սիրելի և հովանավորյալ ծառան եմ, որ նա ինձ պաշտպանում է, այդ պատճառով ամեն ինչ լավ է լինելու։ Եթե մի անգամ այս վստահությունը զգաք ձեր սրտում, ձեր մտածածը, ձեր ցանկացածը կանեք, և ձեր արածները ճիշտ կլինեն։ Յաքութլար թաղամասից դեպի նեղուց տանող չորս փողոցով քայլեցի, մտա հարևան փողոց, ուր Յասին փաշա մզկիթի մորուքավոր, լուսավոր դեմքով իմամին տեսա, ավելի պոչով բակից քշում էր անամոթ շներին։ Պատմեցի իմ խնդրի մասին, ասացի, որ մորաքրոջս դստեր հայրը մահամերձ է, որ նրա վերջին ցանկությունը մեր երկուսի ամուսնությունն է, որ դուստրը պատերազմից չվերադարձած ամուսնուց այսօր Սկյուտարի դատավորի որոշումով ամուսնալուծվել է։ Իմամն ասաց, որ ամուսնալուծված կինը միայն չորս ամիս անց կարող է նորից ամուսնանալ, բայց ես հակառակվեցի՝ ասելով, որ Շեքուրեի ամուսինը չորս տարի է՝ կորած է համարվում, և որ այդ պատճառով կինը հղի չի կարող լինել։ Սկյուտարի դատավորի՝ կնոջն այս առավոտյան հենց այդ նպատակով ամուսնալուծությունը հաստատող թուղթը ցույց տվեցի։ Ասացի, որպեսզի իմամ էֆենդին վստահ լինի, որ ամուսնությանը խոչընդոտող ոչինչ չկա։ Այո, հարսնացուն իմ ազգականն է, բայց մորաքրոջս աղջիկ լինելը խոչընդոտ չէ։ Նախորդ ամուսնությունը պաշտոնապես ավարտվել է, մեր միջև կրոնի, դասի, սոցիալական տարբերություն չկա։ Տվածս ոսկիներն ընդունեց, ասաց, որ եթե ամբողջ թաղամասի աչքի առաջ հարսանիք անի, այրի կնոջ որբ երեխաներին էլ լավություն կանի։ Իմամ էֆենդին սիրո՞ւմ էր նուշով, ծիրանի չրով փլավ։ Սիրում էր, բայց դեռ նայում էր բակի շներին։ Ոսկին վերցրեց։ Հագնելով հարսանեկան հագուստը՝ մազերը, մորուքը, գլխարկը շտկելու էր և գալու էր ամուսնական արարողությունը կատարելու։ Հարցրեց տան տեղը, նկարագրեցի։

Տասներկու տարի սպասված ամուսնությունը որքան էլ արագ իրականանար, փեսան, մոռանալով անհանգստությունների և վտանգների մասին՝ բնականաբար, իրեն պետք է հանձներ վարսավիրի ձեռքն ու հաճելի շատախոսությամբ ուղեկցվող հարսանեկան սափրմանը։ Ոտքերս ինձ բերեցին շուկայի կողքի այն վարսավիրի մոտ, որն աշխատում էր լուսահոգի փեսայիս, մորաքրոջս, գեղեցիկ Շեքուրեի՝ մանկության տարիներից հետո լքած Աքսարայի կիսավեր տան փողոցում։ Այն օրը, երբ տարիներ անց վերադարձա այստեղ, այսինքն՝ հինգ օր առաջ, այս վարսավիրին էի հանդիպել։ Այս անգամ, երբ ներս մտա, ինձ գրկեց և իսկական ստամբուլցի վարսավիրի պես «տասներկու տարի որտե՞ղ էիր» հարցնելու փոխարեն սկսեց պատմել թաղամասի ամենավերջին բամբասանքների մասին և խոսքն ավարտեց «կյանք» կոչվող այդ իմաստալից ճամփորդության վերջում մեր բոլորի գտնելիք հանգրվանի մասին խոսքերով։

Չեմ ասի, թե կարծես ոչ թե տասներկու տարի, այլ տասներկու օր է անցել, մեր վարպետ վարսավիրը ծերացել էր, հետքերով ծածկված ձեռքերով բռնել էր ածելին և դողացնելով տանում էր այտիս վրայով։ Չափից դուրս խմիչքին նվիրված և իր վարպետին հիացմունքով նայող վարդագույն մաշկով, գեղեցիկ շուրթերով, կանաչ աչքերով որդուն դարձրել էր իր աշակերտը։ Եթե համեմատենք տասներկու տարի առաջվա հետ, ներսում մաքրություն ու կարգուկանոն էր տիրում։ Եռման ջուր լցնելով՝ մազերս, դեմքս խնամքով լվաց։ Բաժակը կախեց առաստաղից կախված շղթայից։ Լայն ու հին տաշտերը կլայեկած էին, վառարանը մաքուր էր, ժանգոտած չէր և ագաթի պոչով սափրիչները սուր էին։ Մետաքսե կտորից էլ մաքուր գոգնոց ուներ, որը տասներկու տարի առաջ կծուլանար կապել։ Իր տարիքի հետ համեմատած՝ երկարահասակ էր, նրբակազմ։ Կարծեցի, որ այդ նուրբ տղային աշակերտության վերցնելուց հետո հենց վերջինս է վարպետի վարսավիրանոցը և նրան կարգի բերել, և ակամա երագելով այն մասին, որ ամուսնությունը ոչ միայն միայնակ տղամարդու տանը, այլև գործին, խանութին է նոր շունչ ու առատություն բերում, ինձ հանձնեցի վարդաբույրի, տաք ջրի, օճառի, վարսավիրական հաճույքներին։ Որքան ժամանակ էր անցել՝ չգիտեմ, վարսավիրի տաղանդավոր մատների և փոքրիկ վարսավիրանոցը ջերմացնող վառարանի տաքությամբ կյանքի այդքան դժվարություններից հետո այսօր կարծես անվերադարձ կերպով ինձ ամենամեծ նվերն անելու համար Աստծուն երախտագիտություն էի հայտնում և պատրաստվում էի հարցնել, թե նրա ստեղծած աշխարհի ո՞ր խորհրդավոր նժարի վրա եմ, և ուզում էի տխրել այն տանը մահացած Էնիշթեի համար, որի տերն էի դառնալու քիչ անց, երբ վարսավիրի՝ անընդհատ բաց դռան մոտ շարժում նկատեցի։ Շրջվեցի, տեսա, որ Շևքեթն է։

Անհանգիստ, բայց ինքնավստահ՝ մի թուղթ մեկնեց ինձ։ Նրան ոչինչ չկարողացա ասել, ասես ամենավատ լուրը սպասելիս դողալով կարդացի. «Եթե հարսնացուի պատվիրակություն չլինի, չեմ ամուսնանա։ Շեքուրե»։ Ձեռքից բռնելով՝ Շևքեթին նստեցրի գիրկս։ Ուզում էի իմ Շեքուրեին գրել. «Ինչպես ասես, սիրելին»։ Բայց գրել-կարդալ չիմացող վարսավիրի մոտ գրիչ ու թանաք իհարկե չկար։ Այսպիսով, զգուշորեն Շևքեթի ականջին շշնջացի, որ մորն ասի.

― Լավ։

Նույն շշունջով հարցրի, թե պապն ինչպես է։

― Քնած է,– ասաց նա։

Հիմա հասկանում եմ, որ դուք էլ, Շևքեթն էլ (Շևքեթն, իհարկե, այլ բաներ էլ է կասկածում) փեսայիս մահվան համար ինձ եք կասկածում։ Ի՜նչ ափսոս։ Նրան մի կերպ համբուրեցի։ Շևքեթը դժգոհ դեմքով գնաց։ Հարսանիքին էլ տոնական զգեստը հագին՝ հեռվից ինձ թշնամաբար էր նայում։

Քանի որ Շեքուրեն հայրական տնից չէր գնում փեսայի տուն, այլ հակառակը՝ ես էի որպես տնփեսա գնում նրա հոր տուն, հարսնացուի պատվիրակությունն այս հատուկ իրավիճակին համապատասխանում էր։ Իհարկե, ես, ինչպես ուրիշներն են անում, ի վիճակի չէի իմ հարուստ ընկերներին, բարեկամներին պատրաստելով, ձի նստելով՝ Շեքուրեի դռան մոտ գալ։ Բայց միևնույն է, Ստամբուլ վերադառնալուց ի վեր վեց օրվա ընթացքում հանդիպածս մանկության ընկերներիցս երկուսին (մեկն ինձ պես գրագիր էր դարձել, իսկ մյուսը բաղնիք ուներ), ինձ սափրելիս երջանկություն մաղթող հուզված վարսավիրիս էլ վերցրի, հետո ճերմակ ձիս, որով առաջին օրը եկել էի Ստամբուլ, և գնացինք իմ սիրելի Շեքուրեի տուն այնպես, ասես նրան տնից առնելով՝ մեկ այլ տուն, մեկ այլ կյանք էինք տանելու։

Դուռը բացող Հայրիյեին մեծ բախշիշ տվեցի։ Շեքուրեն կարմիր հարսանեկան զգեստ էր հագել և գլխից մինչև ոտքերն իջնող վարդագույն արծաթաթել հարսանեկան քող գցել։ Ներսի լացի ձայների, հեծկլտոցների, հոգոցների (մի կին բղավեց երեխաների վրա), բացականչությունների ու մաշալլահների միջով տնից դուրս գալով՝ հմտորեն հեծավ բերածս պահեստային երկրորդ ճերմակ ձին։

Վերջին պահին վարսավիրն ինձ խղճացել և դհոլ ու զուռնա նվազող էր ճարել ինձ համար։ Նրանք առջևից գնալով՝ հարսի ծանր պարեղանակ սկսեցին նվագել, և մեր աղքատ, տխուր, բայց հպարտ պատվիրակությունը ճանապարհ ընկավ։ Մեր ձիերը շարժվելուն պես հասկացա, որ Շեքուրեն սովորականի նման իր խորամանկությամբ ինչ֊որ բաներ է կազմակերպել։ Մեր պատվիրակության շնորհիվ, անգամ եթե վերջին պահին, հարսանիքի մասին ամբողջ թաղամասն էր իմացել, այսպիսով, իրականում քանի որ բոլորը դա հաստատելու էին, հետո մեր ամուսնությունը ոչ ոք չի կարողանա ժխտել։ Մյուս կողմից՝ մեր ամուսնության մասին այսքան բացահայտ հայտարարելը, մեր թշնամիներին, Շեքուրեի նախկին ամուսնուն և ընտանիքին ձեռնոց նետելու պես հարսանիք անելն այս գործը վտանգի էր ենթարկում։ Ես կնախրնտրեի Շեքուրեի հետ առանց որևէ մեկին անելու, առանց հարսանիք անելու գաղտնի ամուսնանալ, նրա ամուսինը լինել և դրանից հետո պաշտպանել մեր ամուսնությունը։ Հարսի պատվիրակության առջևից հեքիաթային կամակոր ճերմակ ձիուս թամբին թաղամասի փողոցներով անցնելիս մի նեղ փողոցի արանքից կամ մի մութ բակի դռնից դուրս թռչելով մեզ վրա հարձակվող Հասանին և նրա մարդկանց էի վախով փնտրում։ Դռան առաջ, պատերի տակ կանգնելով՝ մեր տարօրինակ պատվիրակությանը, իրականում առանց հասկանալու այդ ամենին հետևող, բայց հարգանքով նայող ծերունիներին, թաղամասի հասուն տղամարդկանց, կանգնելով մեզ ողջունող անծանոթների տեսա։ Անկախ իմ կամքից՝ շուկայի գույնզգույն սերկևիլներից, գազարներից, խնձորներից մի քանի քայլ հեռանալով՝ «մաշալլահ» ասող բանջարավաճառի հաճույքից, տխուր նպարավաճառի ժպիտից, աշակերտին կարկանդակների այրվածքները մաքրել տվող հացթուխի հայացքներից, իրականում Շեքուրեի՝ շշնջյունների և բամբասանքների ցանցը վարպետորեն շրջանառության մեջ դնելու, ամուսնալուծության և ինձ հետ ամուսնանալու՝ թաղամասում կարճ ժամանակում լսելով ընդունվելու փաստ անմիջապես ընկալեցի։ Բայց միևնույն է, տհաճ և անսպասելի հարձակման, անգամ վիրավորանքի, տգեղ խոսքերի ամեն պահի պատրաստ էի։ Այդ պատճառով շուկայից դուրս գալիս բղավոցներով, կատակներով մեր ետևից ընկած, փող ցանկացող երեխաների բազմությունից չէի դժգոհում, նրանց բերած ուրախությունը, աղմուկը և բազմության՝ մեզ պաշտպանելն ու մեզ համաձայնություն տալը պատուհանների արանքից, վանդակների, կողպեքների արանքից տեսածով հիացած կանանց ժպիտներից ի վերջո հասկացա։ Փառք Աստծու, հարսնացոփ պատվիրակությունն արդեն վերադառնում էր եկած ճանապարհով։ Ես նայում էի ճանապարհին, բայց իրականում մտածում էի Շեքուրեի, նրա ցավի մասին։ Ինձ, իհարկե, այն չէր տխրեցնում, որ նա ստիպված էր հոր մահվան օրն ամուսնանալ, այլ այն, որ հարսանիքն այսքան անշուք և աղքատիկ էր երևում։ Արծաթագործ, նախշազարդ թամբերով ձիերին, այդ ձիերի սամույրե, մետաքսե, ոսկեթել հագուստներով հեծյալներին, հարյուրավոր ձիերի և սայլերի վրա բեռնած նվերներին և օժիտին ու ետևից քայլող փաշաների աղջիկներին, սուլթանին և կառքերի մեջ նստած՝ հին օրերի հարստությունը պատմող հարեմի ծեր կանանց բազմությանն էր արժանի իմ Շեքուրեն։ Մինչդեռ հարսանիքին բոլոր հարուստ աղջիկների աչքերից իրեն պաշտպանելու համար ալ կարմիր մետաքսե ծածկոցը փայտերով ձիու չորս կողմը տարածող չորս ծառա չկար, մրգեր, ոսկե և արծաթե կոնֆիտի, փայլուն քարեր ու թելերով զարդարված հսկայական հարսանեկան մոմերի՝ արմավենու պես նրա առաջ ցուցադրական պահելով քայլող սպասավոր էլ չկար։ Դհոլ ու զուռնա նվազողներն էլ, քանի որ իրենք էլ չէին հարգում այդ պատվիրակությունը, հաճախ դադարում էին նվագել, և քանի որ մեր առջև «հեռացեք, մի կողմ անցեք, հարսնացուն է գալիս» ասող էլ չկար, մեր խումբը խառնվեց շուկայի բազմությանը, աղբյուրից ջուր առնող ծառայողներին։ Այստեղ աչքերս լցվում են ոչ թե ամոթից, այլ ավելի շատ՝ տխրությունից։ Մի պահ, երբ արդեն տանն էինք մոտենում, համարձակվեցի ձիուս վրա շրջվել ու նրան նայել։ Վարդագույն հարսանեկան քողի և ալ կարմիր գլխանոցի տակ տեսա, որ Շեքուրեն այս աղքատությունից (որին արժանի չէր) տխրելու փոխարեն, իրեն հանգիստ էր զգում, որ անփորձանք կարողացանք անցնել ճանապարհը, և ես էլ ինձ ավելի հանգիստ զգացի։ Այսպիսով, գեղեցկուհի հարսնացուին, որի հետ քիչ անց ամուսնանալու էի, բոլոր փեսաների պես իջեցրի ձիուց, թևանցուկ արեցի և իմ պատրաստած մի քսակ ոսկին դանդաղ լցրեցի նրա գլխից ներքև, որպեսզի բոլորը կարողանան տեսնել և զվարճանալ։ Այդ տխուր խմբին հետևող երեխաները հավաքում էին ոսկիները, երբ ես և Շեքուրեն սկզբում մտանք այգի, անցանք նախասենյակը և տուն մտնելուն պես սարսափով զգացինք, որ տունը տաք է ու դիակի հոտ է գալիս։ Երբ մարդիկ տուն մտան, և ծեր կանայք մի անկյունում նստեցին, երեխաները մեկ այլ, տեսա, որ Օրհանը կասկածով ինձ է նայում, իսկ Շեքուրեն ձևացնում է, թե հոտ չկա, ես էլ սկսեցի կասկածել։ Բայց ես պատերազմի դաշտում այնքան էի զգացել պատռված հագուստով, գողացված կոշիկներով, երկարաճիտ կոշիկներով, գոտիներով, դեմքերը, մարմինները, շուրթերը թռչուններին կեր դարձած և արևի տակ մնացած դիակների հոտը բերանիս մեջ, կոկորդումս, թոքերումս, որ վստահ էի՝ չէի սխալվում։ Ներքևում՝ խոհանոցում, Հայրիյեին հարցրի, թե Էնիշթե էֆենդին որտեղ է, ինչպես է ամբողջ տնից այսպիսի հոտ գալիս, ասացի, որ բոլորն ամեն ինչ կհասկանան։ Դա ոչ թե ասել էր նշանակում, այլ մրթմրթալով զառանցել։ Մյուս կողմից էլ մտածում էի, որ Հայրիյեի հետ առաջին անգամ տանտիրոջ պես խոսեցի։

― Ինչպես հրամայեցիք, անկողինը բացեցինք, գիշերանոցը հագցրինք, վերմակով ծածկեցինք, կողքին բաժակներ ու դեղեր դրեցինք։ Եթե հոտ է գալիս, հավանաբար սենյակի վառարանից է,― ասաց կինն արտասվելով։

Երկու կաթիլ արցունք ընկավ տապակվող գառան թավայի մեջ։ Սկզբում նրա արտասվելուց հասկացա, որ Էնիշթե էֆենդին գիշերները նրա հետ է անցկացնելիս եղել, բայց հետո ամաչեցի այս մտքիցս։

Խոհանոցի մի անկյունում անձայն ու հպարտ նստած Էսթերը կուլ տվեց՝ ինչ ծամում էր ու վեր կացավ։

― Երջանկացրու Շեքուրեին,– ասաց նա։– Գնահատիր նրան։

Ստամբուլ եկած առաջին օրը փողոցներով քայլելիս լսածս ուդի ձայնը լսեցի իմ ներսում, բայց նրա ներդաշնակության մեջ ավելի շատ կյանք կար, քան տխրություն։ Ավելի ուշ այն կիսամութ սենյակում, որտեղ իմ փեսան էր գիշերանոցով պառկած, Շեքուրեին և ինձ ամուսնացնելիս էլ այդ երաժշտությունն էի լսում։ Հայրիյեն նախօրոք աննկատ օդափոխել էր սենյակը, լամպը հեռու անկյունում էր դրել, այդ պատճառով գիշերանոցով փեսաս ոչ թե դիակի, այլ հիվանդի էր նման։ Նա հարսանիքի ընթացքում Շեքուրեի հովանավորն էր։ Իմ վարսավիր ընկերը և թաղամասը լավ ճանաչող մի ծեր մարդ էլ վկաներն էին, իմամի ցանկություններով, խրատներով և բոլորի աղոթքներով ավարտված արարողության րնթացքում գիտուն ծերունին անհանգստանալով իմ փեսայի առողջության համար գլուխը կասկածով մոտեցրեց լուսահոգուն, բայց հենց իմամը հաստատեց ամուսնությունը, տեղիցս ցատկելով՝ փեսայիս քարացած ձեռքը բռնեցի և ամբողջ ուժով սեղմեցի։

― Մի՛ անհանգստացիր, իմ սիրելի՛ փեսա,– բղավեցի ես։– Շեքուրեին, երեխաներին գոհ ու ապահով, հանգիստ ու սիրով պահելու համար ամեն բան կանեմ։

Հետո կարծես փեսաս հիվանդի անկողնուց, բարձից ինձ ինչ-որ բան է ուզում ասել, ականջս հարգանքով մոտեցրի նրան, բայց երբ տեսա մեր հարգարժան ծերունու ժամացույցը, ասես կյանքից դուրս գալով՝ խրատներն ասես խորհրդավոր եթեր խմելու պես հարգալից, համակ ուշադրությամբ լսեցի, ուշադրությամբ բացեցի աչքերս և ականջներս ու ձևացրի, թե փեսայիս եմ լսում։

Իմամ էֆենդին և թաղամասի ծերունին գնահատող ու հաստատող հայացքներով նայեցին ինձ, երբ տեսան, թե ինչպիսի նվիրվածությամբ ու հավերժ կապվածությամբ եմ լսում փեսայիս՝ հիվանդի անկողնուց, մահվան շեմից ինձ շշնջած խրատները։ Հուսամ՝ արդեն ոչ ոք չի մտածում, որ կապ ունեմ փեսայիս սպանության հետ։

Սենյակի մարդկանց ասացի, որ խեղճ հիվանդ մարդը ցանկանում է մենակ մնալ։ Մի վայրկյանում սենյակից դուրս եկա և Հայրիյեի փլավով տապակած գառան միսը (հիմա ես էլ եմ դիակի և ուրցի, քիմիոնի ու կարմրացրած գառան մսի հոտը շփոթում) ուտելու համար հավաքված տղամարդկանց մոտ գնալիս անցա մյուս սենյակ և սեփական տանը մտածկոտ, տխուր քայլող դժբախտ տղամարդու պես անմտածված բացելով Հայրիյեի սենյակի դուռը՝ ներս մտա, ուշադրություն չդարձնելով տղամարդ տեսած կանանց սարսափին, սիրով նայեցի Շեքուրեին, ով ինձ տեսնելուն պես երջանիկ ժպտաց, և ասացի.

― Հայրդ է կանչում, Շեքուրե, մենք ամուսնացանք, պետք է նրա ձեռքը համբուրես։

Շեքուրեի հարսանիքի հասարակությունն ապահովելու համար վերջին պահին կանչած թաղամասի մի քանի կանայք և երիտասարդ աղջիկներ, որոնց հայացքի նվիրվածությունից կարող էի ասել, որ հարազատներ են, անհանգստացած սկսեցին հավաքվել, դեմքերը ծածկել, բայց իրականում ինձ ոտքից գլուխ նայելով՝ ուզածի չափ հետևեցին։ Ավելի ուշ հարսանեկան բազմությունը ուտելուց, ընկույզ, նուշ, պաստեղ, շաքար և մեխակի կոնֆետներ ճաշակելուց հետո, երեկոյան նամազից քիչ անց հեռացավ։ Կանանց սենյակում Շեքուրեի մերթընդմերթ հոսող արցունքները և երեխաների չարաճճիություններն ու կռիվները փչացնում էին ուրախությունը։ Իսկ տղամարդկանց հատվածում հարևանների հարսանեկան գիշերների կատակների վրա չծիծաղելս մեկնաբանվեց որպես հիվանդ աներոջս համար անհանգստություն։ Այս ամբողջ տխրության մեջ ես անընդհատ հիշում էի, որ ուտելուց առաջ հոր ձեռքը համբուրելու համար Շեքուրեի հետ իմ փեսայի սենյակ մտնելով՝ մենակ մնալով՝ նախևառաջ հանգուցյալի սառած ու քարացած ձեռքը երկուսս էլ անկեղծ հարգանքով համբուրեցինք, հետո էլ սենյակի մութ անկյունը քաշվելով՝ երկար համբուրվեցինք, ասես ջուր էինք խմում։ Կնոջս տաք լեզվից այն կոնֆետների համն էր գալիս, որ երեխաներն են անընդհատ ծամում։




== 34. Ես Շեքուրեն եմ ==

Երբ բոլորը գնացին, մեր տխուր հարսանիքի վերջին հյուրերի՝ կոշիկները հագնելուց, հագնվելուց, կանանց՝ դեմքերը փակելուց, երեխաների՝ վերջին քաղցրավեիքն ուտելուց և բակի դռնից դուրս գալուց հետո երկար լռություն տիրեց։ Բոլորս բակում էինք, և ջրհորի կիսով չափ լիքը դույլից զգուշորեն ջուր խմող ճնճղուկի կտկտոցներից բացի ոչ մի ձայն չէր լսվում։ Վառարանի լույսի տակ փայլող փոքրիկ գլխի կարճ աղվամազերով այս թռչունը մի պահ մթության մեջ կորավ, և սիրտս ցավեց հորս համար, ով գիշերվա մեջ մխրճված մեր դատարկ տանը՝ վերևում, անկողնում մահացած պառկած էր։

― Երեխաներ,– ասացի ես Օրհանին և Շևքեթին, որոնք ձայնիցս հասկանում էին, որ լուրջ բան եմ ասելու– Այստե՛ղ եկեք։

Եկան։

― Արդեն Քարան է ձեր հայրը։ Համբուրեք նրա ձեռքը։

Անձայն հնազանդվեցին, համբուրեցին։

― Իմ դժբախտ որբուկները անհայր են մեծացել, այդ պատճառով չգիտեն, թե հորն ինչպես են ենթարկվում, ինչպես են նրան լսելիս աչքերի մեջ նայում և ինչպես են վստահում նրան,– ասացի ես Քարային։― Այդ պատճառով, եթե քեզ անհարգալից, օտարի պես վերաբերվեն, եթե անփորձ լինեն, երեխայություն անեն, գիտեմ, որ սկզբում նրանց կներես և դա կվերագրես հորն առանց տեսնելու, առանց հիշելու մեծանալուն։

― Ես հորս հիշում եմ,– ասաց Շևքեթը։

― Շշշ... լսիր,– ասացի ես։– Սրանից հետո Քարայի խոսքը ձեզ համար իմ խոսքից էլ ավելի կարևոր է։

― Եթե քեզ չլսեն,– ասացի Քարային,– եթե անհարգալից վերաբերվեն, լկտիություն, երեսառածություն, անշնորհքություն անեն կամ ամենափոքր նշան անեն, սկզբում զգուշացրու, բայց ներիր նրանց,– ասացի ես մի պահ՝ առանց օգտագործելու ծեծ բառը։― Քո սրտում նրանք պետք է գրավեն նույն տեղը, ինչ որ ես։

― Շեքուրե՛ հանըմ, ոչ միայն քո ամուսինը դառնալու համար,― ասաց Քարան,― այս սիրելի որբուկների հայրը դառնալու համար էլ եմ քեզ հետ ամուսնանում։

― Լսեցի՞ք։

― Աստվա՛ծ իմ, միշտ լուսավորիր մեր ճանապարհը,– ասաց Հայրիյեն անկյունից։― Աստվա՛ծ իմ, պաշտպանիր մեզ։

― Լսեցիք, չէ՞,– ասացի ես։― Ներեք ինձ, իմ գեղեցիկ տղաներ։ Եթե մեկ անգամ չհնազանդվեք ձեր հոր խոսքին, նա, միևնույն է, կների ձեզ։

― Հետո էլ կներեմ,― ասաց Քարան։

― Բայց եթե երրորդ անգամ չեն հնազանդվում... Այդ դեպքում արժանի եք ծեծի,– ասացի ես։― Հասկացա՞ք։ Ձեր նոր հայր Քարան ձեր լուսահոգի հոր մնացած՝ Ալլահի պատիժ պատերազմներից, ամենաահավոր, ամենասարսափելի տառապանքներից է դուրս եկել, շատ խիստ է։ Պապը նրանց երես է տվել, դրել է գլխին, բայց արդեն հիվանդ է։

― Ես ուզում եմ պապիս մոտ գնալ,― ասաց Շևքեթը։

― Եթե չլսեք, Քարան ձեզ ցույց կտա, թե ինչ է ծեծը։ Այդ ժամանակ ձեր պապը չի կարող ձեզ պաշտպանել այնպես, ինչպես ինձնից էր պաշտպանում։ Եթե չեք ուզում զայրացնել ձեր հորը, ուրեմն արղեն չպետք է կռվեք, ամեն բան պետք է կիսեք, պետք է աղոթեք, առանց անգիրները սովորելու չպետք է քնեք... Հասկացա՞ք։

Քարան կռացավ և մի շարժումով Օրհանին գիրկը նստեցրեց, բայց Շևքեթը հեռու կանգնեց։ Մի պահ ցանկացա նրան փաթաթվել և արտասվել։ Իմ խեղճ, տխուր որբուկ, խեղճ անտեր Շևքեթ, որքան մենակ ես դու այս մեծ աշխարհում։ Մի պահ ինձ Շևքեթի պես փոքրիկ երեխա զգացի, և Շևքեթի մանկությունը մի պահ խառնվելով իմ մանկության հետ՝ սարսափելի թվաց։ Որովհետև իմ սեփական մանկության մասին մտածելը, մի ժամանակ հորս գրկին Օրհանի պես նստելը, բայց ոչ թե Օրհանի պես՝ իր ծառի հետ չհամակերպված մրգի պես, այլ հաճույքով նստելը, հորս փաթաթվելը և շների պես միմյանց անընդհատ հոտոտելը հիշեցի։ Ուզում էի արտասվել, բայց ինձ զսպեցի և ակամայից ասացի.

― Դե Քարային «հայրի՛կ» ասեք տեսնեմ։

Որքան ցուրտ գիշեր էր, որքան անձայն էր մեր բակը։ Հեռուներում շներն անհանգիստ հաչում էին։ Մի քիչ էլ ժամանակ անցավ։ Լռությունը մուգ ծաղկի պես բացվեց և տարածվեց։

― Լավ, երեխաներ,― ասացի ես հետո։– Եկեք տուն գնանք, այստեղ ցուրտ է։

Հարսանիքի գիշերը միայնակ մնալուց վախեցող զույգի անփորձությամբ ոչ միայն ես և Քարան, այլև երեխաները, Հայրիյեն, մենք բոլորս կարծես օտարի մութ տուն մտնելուց ամաչելով՝ ներս գնացինք։ Ներսում հորս դիակի հոտն էր գալիս, բայց կարծես ոչ ոք չէր նկատում։ Աստիճաններով անձայն բարձրանալով՝ մեր ձեռքի լամպերից առաստաղի վրա երևացող ստվերները, ինչպես միշտ պտտվելով՝ խառնվում էին իրար, մեկը մեծանում էր, մյուսը՝ փոքրանում, բայց սրանք ինձ առաջին անգամ պատահող բան էին թվում։ Վերևում՝ սենյակներ մտնելուց առաջ կոշիկներն էինք հանում, երբ Շևքեթն ասաց.

― Քնելուց առաջ պապիս ձեռքը համբուրե՞մ։

― Ես քիչ առաջ նայեցի,― ասաց Հայրիյեն։― Պապիկդ այնպիսի ցավեր ունի, այնքան վատ է զգում, որ վատ հոգիներ են մտել նրա մեջ, հիվանդության կրակն ամենուր էր։ Սենյա՛կ մտեք, ես ձեր անկողինը կբացեմ։

Նրանց արդեն տարել էր սենյակ։ Անկողինը բացելիս, սպիտակեղենը դնելիս, վերմակները բացելիս այնպես էր խոսում, ասես վերցրած ամեն բան մի աննման հրաշք էր, ասես այստեղ այս կեսգիշերին տաք սենյակում մաքուր սպիտակեղենի մեջ և թռչնի փետուրներից տաք վերմակների մեջ պառկելը սուլթանի պալատում պառկելու պես բան էր։

― Հայրիյե՛, մեզ հեքիաթ պատմիր,– ասաց գիշերանոթին նստած Օրհանը։

― Լինում է չի լինում, մի կապույտ մարդ է լինում,– ասաց Հայրիյեն։– Եվ նրա մտերիմ ընկեր ջինը։

― Մարդն ինչո՞ւ է կապույտ,– ասաց Օրհանը։

― Հայրիյե, ի սեր Աստծու,– ասացի ես։– Այս երեկո ջիների, փերիների, ուրվականների մասին հեքիաթ մի՛ պատմիր։

― Ինչո՞ւ չպատմի,― ասաց Շևքեթը։– Մայրի՛կ, երբ մենք գնում ենք, դու անկողնից վեր կենալով՝ պապիկի սենյա՞կ ես գնում։

― Ձեր պապիկը, Աստված նրան պահապան, հիվանդ է,― ասացի ես։– Իհարկե, նրան նայելու համար գիշերը նրա մոտ եմ գնալու։ Հետո նորից վերադառնալու եմ։

― Թող Հայրիյեն գնա պապիս մոտ,― ասաց Շևքեթը։– Գիշերները Հայրիյե՞ն չի նայում պապիս։

― Վե՞րջ,– ասաց Հայրիյեն Օրհանին։

Քաղցր մտածմունքների գիրկն ընկած Օրհանի հետույքը փալասով սրբելիս նայեց գիշերանոթի մեջ և այնպես խոժոռվեց, ասես ոչ թե հոտից էր դժգոհում, այլ պարունակության սակավությունից։

― Հայրիյե՛,– ասացի ես։– Անոթը դատարկիր ու վերադարձիր։ Թող Շևքեթը գիշերները դուրս չգա։

― Ինչո՞ւ չպետք է դուրս գամ,– ասաց Շևքեթը։– Ինչո՞ւ Հայրիյեն չի կարող ջիների, փերիների մասին հեքիաթ պատմել։

Օրհանը ոչ թե վախից, այլ ստամոքսը դատարկելուց հետո միշտ դեմքին հայտնվող հիմար արտահայտությամբ լավատեսորեն ասաց.

― Որովհետև տանը ջիներ կան, հիմար։ Մայրի՛կ, կա՞ն։

― Եթե սենյակից դուրս գաք, ասեք՝ տեսնեմ պապիկս ի՞նչ է անում, ջինը ձեզ կգտնի։

― Քարայի անկողինը որտե՞ղ է,― ասաց Շևքեթը։― Որտե՞ղ է քնելու այս գիշեր։

― Չգիտեմ,– ասացի ես։― Հայրիյեն է նրա անկողինը բացելու։

― Մայրի՛կ, դու էլի մեզ հետ ես պառկելու, չէ՞,― ասաց Շևքեթը։

― Քանի՞ անգամ ասեմ, որ նախկինի պես միշտ ձեզ հետ եմ պառկելու։

― Մի՞շտ։

Հայրիյեն գիշերանոթը դուրս տարավ։ Պահարանի մեջ թաքցրածս տեղից հանեցի այն վերջին ինը նկարները, որ ստոր մարդասպանը չէր գողացել, նստեցի անկողնու վրա և լամպի լույսի տակ փորձելով հասկանալ նրանց գաղտնիքը՝ երկար նայեցի։ Այնքան գեղեցիկ են այս նկարները, որ մարդ նայում է ինչպես իրենց մոռացված հուշերին, և որքան նայում է, այնքան տեսնում է, որ նկարներն էլ, գրի պես, խոսում են իրենց նայողի հետ։ Նկարներին նայելիս սկսեցի մտածել։ Օրհանի՝ քթիս հենած գեղեցիկ գլխի հոտից հասկացա, որ Օրհանն էլ է ինձ հետ նայում այդ տարօրինակ ու կասկածելի կարմիր գույնին։ Այդ պահին ցանկացա նրան կրծքով կերակրել։ Ավելի ուշ, երբ վախեցավ իր տեսած մահվան նկարից ու կարմրավուն շրթունքների արանքով սկսեց արագ շնչել, մի պահ ցանկացա Օրհանին ուտել։

― Ուտեմ քեզ, լա՞վ։

― Մայրի՛կ, ինձ խուտուտ տուր,― ասաց նա ու նետվեց անկողնու վրա։

― Վե՛ր կաց այդտեղից, հիմա՛ր,― բղավեցի ես ու ապտակեցի, որովհետև նկարների վրա էր ընկել։

Տեսա, որ նկարներին ոչինչ չի պատահել, ամենավերևի ձին էր մի քիչ ճմրթվել, բայց միայն մի քիչ։

Երբ Հայրիյեն վերադարձավ դատարկ գիշերանոթը ձեռքին, նկարներր հավաքեցի։ Արդեն ուզում էի սենյակից դուրս գալ, երբ Շևքեթը տագնապած բղավեց.

― Ո՞ւր մայրի՛կ, ո՞ւր ես գնում։

― Գալիս եմ։

Անցա մեծ սենյակի մոտով, ցուրտ էր։ Քարան նստած էր հորս բարձի մոտ՝ այն անկյունում, ուր չորս օր շարունակ հորս հետ նկարչությունից, մանրանկարչությունից ու հեռապատկերից էր խոսել։ Նկարները շարեցի նրա դիմացի գրակալին, բարձի վրա, հատակին։ Մի պահ մոմի լույսի տակ սենյակում մի լույս տարածվեց։ Լույսը կարծես ջերմություն ու զարմանալի կենդանություն բերեց, կարծես մի պահ ամեն ինչ սկսեց շարժվել։ Լուռ, հարգալից, առանց շարժվելու երկար նայեցինք նկարներին։ Երբ մի քիչ շարժվում էինք, դիմացի սենյակից եկող մահվան հոտը կրող օդից մոմի լույսը դողում էր, և հորս խորհրդավոր նկարներն էլ կարծես շարժվում էին։ Արդյոք հորս մահվանը պատճառ դառնալու համա՞ր էին նկարներն աչքիս ավելի մեծ երևում։ Այդ ձիու տարօրինակությունից, անկրկնելի կարմիր գույնից, ծառի, երկու դերվիշի տխրությունի՞ց էի կախարդվել, թե՞ այդ նկարների պատճառով հորս, անգամ ուրիշներին էլ սպանած մարդասպանից էի վախենում։ Որոշ ժամանակ անց Քարայի հետ հասկացանք, որ մեր լռությունը ոչ թե նկարների պատճառով է, այլ ամուսնության առաջին գիշերը նույն սենյակում միասին մնալուց։ Երկուսս էլ ցանկացանք խոսել։

― Երբ առավոտյան արթնանանք, բոլորը պետք է արդեն իմանան, որ խեղճ հայրս քնի մեջ մահացել է,― ասացի ես։

Չնայած ճիշտ էի խոսում, զգում էի, որ անկեղծ չեմ։

― Առավոտյան ամեն բան լավ կլինի,– ասաց Քարան նույն տարօրինակ ձայնով՝ ճշմարտությունն ասելիս ճշմարտությանը չհավատալով։

Ինձ մոտենալու համար ակամա շարժում անելիս ցանկացա նրան փաթաթվել, գլուխը երեխայի գլխի պես առնել ափերիս մեջ։ Այդ պահին լսեցի, որ հորս սենյակի դուռը բացվեց և սարսափով տեղիցս ցատկեցի, վազելով բացեցի դուռը ու նայեցի։ Մոմի թույլ լույսի տակ տեսա, որ հորս սենյակի դուռը կիսաբաց է։ Անցա սառը միջանցքով։ Հորս սենյակից դեռ վառվող վառարանի պատճառով դիակի հոտ էր գալիս։ Շևքե՞թն էր եկել այստեղ, թե՞ ուրիշ մեկը։ Վառարանի թույլ լույսի տակ հորս դիակը հանգիստ պառկած էր գիշերանոցի մեջ։ Որոշ գիշերներ քնելուց առաջ մոմի լույսի տակ «Հոգու գիրք» կարդալիս նրան՝ «բարի գիշեր, հայրի՛կ» ասելս հիշեցի։ Սի քիչ թեքվելով՝ բաժակը ձեռքիցս վերցնելիս ասում էր՝ «Ջրի պես երկար կյանք ունենաս, իմ գեղեցկուհի՛», ինչպես մանկության տարիներին, համբուրում էր այտս, նայում էր աչքերիս մեջ։ Նայեցի հորս սարսափելի դեմքին ու վախեցա։ Ե՛վ չէի ցանկանում նայել, և՛ կարծես սատանայի դրդմամբ ուզում էի տեսնել, թե որքան է տգեղացելնրա դեմքը։

Սարսափած վերադարձա կապույտ դռնով սենյակ, ուր Քարան հարձակվեց վրաս, նրան հրեցի, բայց ոչ այնքան զայրույթից, որքան հանկարծակիի գալուց։ Մոմի դողացող լույսի տակ հրմշտեցինք իրար, բայց դա իսկական պայքար չէր, այլ միայն պայքարի կրկնօրինակում։ Մեզ դուր էր գալիս միմյանց խփվել, միմյանց թևին, ոտքին, կրծքին հպվել։ Իմ հոգեվիճակը նման էր նիզամիի նկարագրած Խոսրովի և Շիրինի հոգեվիճակին։ Արդյոք այդքան շատ նիզամի կարդացած Քարան զգո՞ւմ էր, որ «Շուրթերս մի՛ համբուրիր, մի՛ արա» ասելիս ուզում էի ասել՝ «արա՛»։

― Մինչև այդ սատանան չգտնվի, հորս մարդասպանը չհայտնաբերվի, քեզ հետ անկողին չեմ մտնի,– ասացի ես։

Սենյակից փախչելով դուրս գալիս ամոթից կարմրեցի, որովհետև այնքան բարձր էի բղավել, որպեսզի երեխաներն ու Հայրիյեն էլ լսեն։ Բացի այդ, կարծես ուզում էի, որ ոչ միայն նրանք, այլև իմ խեղճ հայրը և նրա մարմինը, ով գիտի՝ որ մոռացված հողի տակ վաղուց հոտելով փոշիացող հանգուցյալ ամուսինս էլ լսեն իմ բղավոցը։

Երեխաների մոտ գնալուն պես Օրհասն ասաց.

― Մայրի՛կ, Շևքեթը միջանցք է դուրս եկել։

― Դո՞ւրս ես եկել,– ասացի ես և այնպես առաջ եկա, ասես հարվածելու էի։

― Հայրիյե՛,– գոռաց Շևքեթն ու փաթաթվեց նրան։

― Դուրս չի եկել,– ասաց Հայրիյեն,– միշտ սենյակում էր։

Մի պահ դողացի ու չկարողացա նայել նրա աչքերի մեջ։ Հորս մահը հայտարարելուց հետո երեխաներն իմ զայրույթից պաշտպանվելու համար Հայրիյեի մոտ են գնալու, իրենց գաղտնիքներր նրան են բացելու, այս ստոր սպասուհին առիթից օգտվելով՝ փորձելու է իր պայմանները թելադրել։ Կփորձի հորս սպանության մեջ ինձ մեղադրել ու երեխաներիս հովանավորը կդառնա։ Նրանց կհանձնի Հասանին։ Կանի, այո։ Այս ամբողջ անամոթությունը լուսահոգի հորս անկողին մտնելու պատճառով է։ Արդեն ձեզնից չեմ թաքցնում. իհարկե, միասին էին։ Նրան սիրալիր ժպտացի, հետո Շևքեթին գիրկս առնելով՝ համբուրեցի։

― Շևքեթը միջանցք էր դուրս եկել՝ ասում եմ,– ասաց Օրհանը։

― Անկողի՛ն մտեք, ես էլ եմ պառկելու, ձեզ անպոչ բորենու ու սև ջինի հեքիաթը կպատմեմ։

― Բայց Հայրիյեին ասացիր, որ ջիների մասին հեքիաթ չպատմի,― ասաց Շևքեթը։― Ինչո՞ւ Հայրիյեն այս գիշեր չի կարող պատմել։

― Անմարդաբնակ քաղաքով անցնելո՞ւ են,– ասաց Օրհանը։

― Անցնելու են,― ասացի ես։― Այդ քաղաքում ոչ մի երեխա հայր ու մայր չի ունենալու։ Հայրիյե՛, իջիր ներքև, կողպեքները մի անգամ էլ ստուգիր։ Մենք հեքիաթի կեսից քնած ենք մնալու։

― Ես չեմ քնելու,― ասաց Օրհանը։

― Քարան այս գիշեր որտե՞ղ է պառկելու,― ասաց Շևքեթը։

― Արվեստանոցում,― ասացի ես։– Այսպես, փաթաթվեք մայրիկին, լավ տաքանանք վերմակի տակ։ Այս ո՞ւմ սառած ոտիկներն Են։

― Իմը,– ասաց Շևքեթը։― Իսկ Հայրիյե՞ն որտեղ է պառկելու։

Երբ սկսեցի պատմել հեքիաթը, ինչպես միշտ, երբ Օրհանը քնեց, ձայնս իջեցրի։

― Երբ ես քնեմ, սենյակից դուրս չես գա, չէ՞, մայրի՛կ,– ասաց Շևքեթը։

― Դուրս չեմ գա։

Իսկապես այդպիսի նպատակ չունեի։ Երբ Շևքեթը քնեց, իրականում մտածում էի, թե երկրորդ ամուսնությանս ամուսնական գիշերը որդիներիս փաթաթված քնելն ինչպիսի երջանկություն է, բացի այդ, ներսում գեղեցկադեմ, խելացի ու ցանկասեր ամուսինս էր։ Այդ մտքերով էի քնել, բայց անհանգիստ էի։ Հետո, ինչպես հիշում էի, քնաթաթախ, անհանգիստ աշխարհում նախևառաջ լուսահոգի հորս հետ զայրացած խոսեցի, հետո այդ հոգու կողքին ինձ էլ սպանել ցանկացող ստոր մարդասպանի տեսիլքից փորձեցի փախչել, բայց հորս հոգուց էլ սարսափելի և իմ ետևից ընկած մարդասպանն աղմկոտ շարժումներ էր անում։ Երազումս նա մեր տան վրա քար նետեց։ Նշան բռնեց պատուհանին, կտուրին։ Հետո դռան վրա էլ քար նետեց, անգամ մի պահ թվաց, թե փորձում է դուռը բացել։ Հետո անհասկանալի կենդանու ոռնոցի կամ տնքոցի պես լացակումած ձայն լսվեց, ու սիրտս սկսեց արագ բաբախել։ Քրտինքի մեջ կորած արթնացա։ Այդ տարօրինակ ձայնը ե՞ս էի երազումս լսել, թե՞ իսկապես տանն էր լսվել։ Քանի որ չէի հասկանում, ավելի ուժեղ փաթաթվեցի երեխաներիս և առանց շարժվելու սկսեցի նրան սպասել։ Արդեն համոզվելու էի, որ ձայնը երազումս եմ լսել, երբ նույն տնքոցը նորից լսեցի։ Այդ պահին մի բան մեծ աղմուկով ընկավ բակ։ Սա էլ քա՞ր էր։ Սարսափեցի։ Բայց անմիջապես ավելի վատ բան եղավ, տան մեջ էի ձայներ լսում։ Հայրիյեն ո՞ւր էր, Քարան ո՞ր սենյակում էր քնել, ի՞նչ վիճակում էր իմ խեղճ հոր դիակը։ Աստվա՛ծ իմ, պահապան եղիր մեզ։ Երեխաները հանդարտ քնած էին։

Եթե ամուսնացած չլինեի, անկողնուց վեր կկենայի, տան տղամարդու պես իրավիճակը հսկողության տակ պահելու համար կփորձեի հաղթահարել վախս, ջիներին, հոգիներին ձեռնոց կնետեի։ Իսկ հիմա միայն կծկվել էի, փաթաթվել երեխաներիս։ Կարծես աշխարհում ոչ ոք չկար և ոչ ոք օգնության չէր հասնելու ինձ ու երեխաներիս։ Մի վատ բանի սպասելով՝ աղոթեցի Աստծուն։ Մենակ էի, ինչպես երազներում։ Ասեցի, թե ինչպես է բացվում բակի դուռը։ Բակի դուռն էր, չէ՞։ Այո։ Մի պահ, անգամ առանց մտածելու, թե ինչ եմ ուզում, վեր կացա, գլխանոցս վերցրի ու դուրս թռա։

― Քարա՛,– շշնջացի աստիճաների մոտ։

Ինչ-որ կոշիկ էի հագել ու ներքև էի իջնում։ Վառարանից արագ վառածս մոմը բակ դուրս գալուն պես հանգավ։ Ուժեղ քամի էր սկսվել, բայց երկինքն ամպամած չէր։ Երբ աչքերս հարմարվեցին մթանը, տեսա, որ կիսալուսինր լավ լուսավորել է բակը։ Աստվա՜ծ իմ։ Բակի դուռը բաց էր։ Ցրտից դողում էի։ Ինչո՞ւ դանակ չվերցրի։ Ձեռքիս մոմակալ, անգամ տախտակի կտոր չկար։ Մթության մեջ մի պահ տեսա, որ բակի դուռը ճոճվում է, ավելի ուշ կարծես թե ճռճռոցը լսեցի։ Կարծես երազս իրականանում էր։ Ամեն ինչ գիտակցելով՝ քայլում էի բակով։ Տնից, կարծես տանիքի ներքևի մասից չխկոց լսելուն պես հասկացա, որ խեղճ հորս հոգին է փորձում լքել մարմինը։ Հորս հոգու տառապանքները տեսնելը և ցավ էր պատճառում, և հանգստացնում էր ինձ։ Եթե այս բոլոր ձայների պատճառը հայրս է, ասացի ես ինքս ինձ, ուրեմն ինձ ոչ մի վատություն չի անի։ Մյուս կողմից՝ հնարավորինս շուտ մարմնից դուրս գալով՝ միայնակ վեր խոյանալ փորձող հոգու ցավն այնքան տխրեցրեց, որ խեղճ հորս օգնելու համար Աստծուն աղոթեցի։ Միտքը, որ հորս հոգին ոչ միայն ինձ, երեխաներին էլ է պաշտպանում, ինձ հանգստացրեց։ Եթե բակի դռան մյուս կողմում մի վատ բան պատրաստող չար մարդ կա, թող վախենա հորս անհանգիստ հոգուց։ Հենց այդ պահին մտածեցի՝ արդյոք հորս անհանգստություն պատճառողը Քարա՞ն է։ Հայրս ցանկանում է Քարայի՞ն վատություն անել։ Քարան որտե՞ղ էր։ Մյդ պահին բակի դռան մյուս կողմում՝ փողոցում, Քարային տեսա և կանգ առա։ Ինչ֊որ մեկի հետ էր խոսում։ Ճանապարհի մյուս կողմի դատարկ պարտեզից, ծառերի ետևից տեսա՝ մեկը Քարային ինչ-որ բան է պատմում։ Հասկացա, որ քիչ անց առաջ անկողնում լսածս ձայները Հասանինն էին, ինչպես և հասկացա, որ ինչ-որ բան պատմող մարդը Հասանն է։ Ձայնի մեջ աղաչանք, կարծես լաց կար, բայց սպառնալից երանգն էլ էր անպակաս։ Հեռվից նրանց լսեցի, անձայն գիշերվա մեջ սկսել էին հաշիվներ մաքրել։ Այդ պահին նաև հասկացա, որ այս կյանքում երեխաներիս հետ միայնակ եմ։ Մտածում էի, որ Քարային սիրում եմ, բայց իրականում միայն ուզում էի սիրել Քարային։ Որովհետև Հասանի տխուր ձայնի մեջ սիրտս կտոր֊կտոր անող ցավ էի լսում։

― Վաղն այստեղ դատավորին, ենիչերիներին, վկաներին եմ բերելու, ովքեր երդվելու են, որ եղբայրս ողջ է, դեռ իրանական սարերում պատերազմում է,– ասում էր նա։― Ձեր ամուսնությունն օրինական չէ։ Այդտեղ անբարոյականությամբ եք զբաղված։

― Շեքուրեն քոնը չէ, քո լուսահոգի եղբոր կինն է,– ասաց Քարան։

― Եղբայրս ողջ է,– վստահ ասաց Հասանը։– Նրան տեսնող վկաներ կան։

― Այս առավոտ, չորս տարի անհայտ կորած լինելու պատճառով Սկյուտարի դատավորը նրանց ամուսնալուծեց։ Եթե ողջ է, թող վկաներն ասեն, որ արդեն ամուսնալուծվել են։

― Շեքուրեն մի ամսից կարող է ամուսնանալ,– ասաց Հասանը։– Կրոնին ու Ղուրանին հակասում է։ Շեքուրեի հայրն ինչպե՞ս է այսպիսի խայտառակություն թույլ տվել։

― Էնիշթե էֆենդին,― ասաց Քարան,– ծանր հիվանդ է, մահամերձ... Իսկ ամուսնալուծությանը դատավորն է իրավունք տվել։

― Էնիշթեին միասին եք թունավորել,– ասաց Հասանը։– Հայրիյեի հե՞տ եք գլուխ բերել այս գործը։

― Իմ աները տխուր է Շեքուրեի հանդեպ քո արածների հանդեպ։ Քո արած անշնորհքության պատասխանը եղբայրդ էլ կարող է պահանջել, եթե իսկապես ողջ է։

― Ամեն ինչ սուտ է,― ասաց Հասանը։– Շեքուրեի պատճառաբանություններն են տնից փախչելու համար։

Տնից բղավոց լսվեց. Հայրիյեն էր։ Հետո Շևքեթն էլ բղավեց, իրար վրա էին գոռում։ Ակամա ես էլ վախով բղավեցի և առանց իմանալու՝ ինչ անեմ՝ վազեցի տուն։

Շևքեթը աստիճաններով վազելով՝ իջավ բակ։

― Պապիկս սառույցի պես է,– բղավեց նա։– Պապիկս մահացել է։

Մենք փաթաթվեցինք։ Նրան գրկեցի։ Հայրիյեն դեռ բղավում էր։ Բղավոցները, ամեն բան Քարան էլ, Հասանն էլ լսել էին։

― Մայրի՛կ, պապիկին սպանել են,– ասաց Շևքեթը։

Բոլորը լսեցին դա։ Հասանը լսե՞լ էր։ Ամուր փաթաթվեցի Շևքեթին։ Առանց խուճապի մատնվելու մտա տուն։ Աստիճանների գլխին Հայրիյեն հարցնում էր, թե երեխան ինչպես է արթնացել ու թաքուն դուրս եկել սենյակից։

― Մայրի՛կ, ասում էիր, որ մեզ մենակ չես թողնի,– ասաց Շևքեթն ու սկսեց լաց լինել։

Մտածում էի բակի դռան մոտ կանգնած Քարայի մասին։ Քարան չէր փակում բակի դուռը, որովհետև Հասանի մասին էր մտածում։

Շևքեթին համբուրեցի, ամուր փաթաթվեցի, հոտոտեցի վիզը, հանգստացրի ու հանձնեցի Հայրիյեին։

― Դուք բարձրացեք վերև,― ասացի շշուկով։

Բարձրացան վերև։ Ես վերադարձա բակի դռան մոտ։ Կարծում էի՝ դռան ետևից, որտեղ ես էի կանգնած, Հասանն ինձ չի կարող տեսնել։ Մութ պարտեզում տե՞ղն էր փոխել, թե՞ փողոցի անկյան մութ ծառերի ետևն էր անցել, չգիտեմ։ Բայց ինձ տեսնում էր, պատասխանում էր ինձ։ Ինձ զայրացնում էր ոչ թե այն, որ մթության մեջ առանց մարդու դեմքը տեսնելու եմ խոսում, այլ, որ սիրահարվել էի մեկին, ով (ինչպես և հայրս էր ինձ զգալ տալիս) պնդում էր, որ ես միշտ սխալ եմ և մեղավոր։ Դա տխրությամբ ընդունում էի ու նյարդայնանում։ Աստվա՛ծ իմ, օգնի՛ր ինձ։ Մի՞թե սերը ոչ թե զուր տանջվելու, այլ քեզ հասնելու ճանապարհ չէ։ Հասասն ասաց, որ ես Քարայի հետ միավորվել եմ ու սպանել հորս։ Ասաց, որ լսել է, թե երեխան ինչ է ասել, որ իրականում ամեն բան պարզից էլ պարզ է, որ մենք դժոխային մեղք ենք գործել։ Առավոտյան ամեն բան պատմելու է դատավորին։ Եթե ես մեղավոր չեմ, հորս չեմ սպանել, ինձ ու երեխաներիս իր տուն է վերադարձնելու և մինչև եղբոր՝ պատերազմից վերադառնալը մեզ հայրություն է անելու։ Եթե ես մեղավոր եմ, ուրեմն կինը, ով պատերազմող ամուսնուն անխղճորեն լքել է, ցանկացած պատժի արժանի է։ Այս ամենը համբերությամբ լսելուց հետո ծառերի արանքում մի պահ լռություն տիրեց։

― Հիմա սեփական ցանկությամբ կվերադառնաս քո իսկական ամուսնու տուն,– ասաց Հասանը ձայնի լրիվ այլ արտահայտությամբ։– Եթե երեխաներիդ վերցնես, առանց որևէ մեկի աչքին երևալու՝ արագ ու անձայն վերադառնաս տուն, ես էլ այս կեղծ ամուսնության մասին այս երեկո իմացածներս, ձեր գործած մեղքերը, ամեն բան կմոռանամ, ամեն ինչ կներեմ։ Տարիներով քեզ հետ համբերատար կսպասենք եղբորս վերադարձին, Շեքուրե՛։

Հարբա՞ծ էր։ Ձայնի մեջ այնպիսի երեխայական բան կար, որ նույնիսկ սկսեցի մտածել՝ այս առաջարկության համար ամուսնուս կյանքով է պատասխան տալու։

― Հասկանո՞ւմ ես,– կանչեց նա ծառերի ետևից։

Մթության մեջ չէի կարողանում հասկանալ, թե որտեղ է։ Բոլորիս, մեզ՝ մեղավոր ծառաներիդ օգնի՛ր, Աստվա՛ծ իմ։

― Որովհետև ես գիտեմ, Շեքուրե՛, դու չես կարող նույն հարկի տակ ապրել մեկի հետ, ով սպանել է հորդ։

Մի պահ մտածեցի՝ գուցե նա է սպանել հորս ու հիմա գուցե մեզ է ձեռ առնում։ Հասանը սատանա էր, բայց գուցեև սխալվում եմ։

― Լսի՛ր, Հասա՛ն էֆենդի,– ասաց Քարան դեպի մթությունը։― Աներոջս սպանել են, դա ճիշտ է։ Մի ստոր մարդ է սպանելնրան։

― Ամուսնությունից առաջ է սպանվել, չէ՞,– ասաց Հասանը։― Նրան սպանել եք այս ամուսնության, կեղծ ամուսնալուծության, կեղծ վկաների, ձեր խարդախությունների դեմ դուրս գալու համար։ Եթե Քարային հարգեր, ոչ թե հիմա, այլ տարիներ առաջ դստերը նրա հետ կամուսնացներ։

Քանի որ իմ լուսահոգի ամուսնու և ինձ հետ տարիներ շարունակ ապրել էր, բոլորիս անցյալը մեզ պես լավ գիտեր։ Ավելին՝ ամուսնուս հետ տանը մեր խոսած, մոռացված և այժմ մոռանալ ցանկացածս ամեն բան Հասանը խանդոտ սիրահարի կրքով մինչև վերջ հիշում էր։ Նրա հետ, նրա եղբոր հետ տարիներ շարունակ այնքան հուշեր էինք ունեցել, որ ես վախեցա, թե հիմա կսկսի պատմել, ու ես կհասկանամ, թե Քարան որքան օտար է, որքան նոր ու հեռու։

― Մենք կասկածում ենք, որ դու ես նրան սպանել,– ասաց Քարան։

― Դուք եք նրան սպանել, որ կարողանաք ամուսնանալ։ Դա պարզ է։ Իսկ ես ոչ մի պատճառ չունեի նրան սպանելու համար։

― Սպանել ես, որ մենք չկարողանանք ամուսնանալ,― ասաց Քարան։– Լսելով, որ Շեքուրեի ամուսնալուծությանն ու մեր ամուսնությանը համաձայնություն է տվել, խենթացար։ Միշտ էլ զայրացել ես Էնիշթե էֆենդու վրա, որ Շեքուրեին խրախուսել է տուն վերադառնալ։ Ցանկանում էիր նրանից վրեժ լուծել։ Գիտեիր, որ քանի դեռ նա ողջ է, Շեքուրեին երբեք չես կարող ետ բերել։

― Մի՛ երկարացրու,― վստահ ասաց Հասանը։– Ես չեմ լսելու։ Այստեղ շատ ցուրտ է։ Մինչև փորձում էի քար նետելով ձեր ուշադրությունը գրավել, սառեցի։ Ինձ չէիք լսում։

― Քարան ներսում հորս նկարներին էր նայում,– ասացի ես։

Արդյոք սխա՞լ արեցի։ Հասանն այնպիսի կեղծավոր ոճով խոսեց, ինչպես Քարայի հետ խոսելիս երբեմն ես եմ անում.

― Շեքուրե՛ հանըմ, եթե դու եղբորս կինը լինելով՝ երեխաներիդ վերցնելով՝ դեռ օրինական ամուսնուդ՝ հերոս հեծյալ ամուսնուդ տուն վերադառնաս, ամենալավ գործն արած կլինես։

― Ո՛չ,– ասացի ես՝ ասես շշնջալով գիշերվա մեջ։― Ոչ, Հասա՛ն, ո՛չ։

― Այդ դեպքում եղբորս հանդեպ պատասխանատվությունն ու կապվածությունն ինձ ստիպում են առավոտյան անմիջապես հայտնել դատավորին։ Հետո ինձնից են հաշիվ պահանջելու։

― Իհարկե, պահանջելու են,– ասաց Քարան։– Երբ գնաս դատավորի մոտ, ես էլ ստիպված կլինեմ ասել, որ դու Ալլահի սիրելի ծառա Էնիշթե էֆենդուն սպանել ես։ Այս առավոտ։

― Լա՛վ,– հանգիստ ասաց Հասանը։― Այդպես ասա։

Բղավեցի.

― Երկուսիդ էլ կտանջեն,– բղավեցի ես։– Մի՛ գնացեք դատավորի մոտ, սպասեք։ Ամեն բան կպարզվի։

― Ես տանջանքից չեմ վախենում,– ասաց Հասանը։– Ինձ երկու անգամ տանջել են, և ամեն անգամ տեսել եմ, որ միայն տանջանքի միջոցով կարելի է մեղավորին տարբերել անմեղից։ Թող տանջանքից վախենան հերյուրանքներ տարածողները։ Ես դատավորին, ենիչերիներին, շեյխուլիսլամին, բոլորին պատմելու եմ Էնիշթե էֆենդու գրքի և նկարների մասին։ Բոլորն այդ նկարների մասին են խոսում։ Ի՞նչ կա այդ նկարներում։

― Ոչինչ,― ասաց Քարան։

― Ուրեմն անմիջապես նայել ես նկարները։

― Էնիշթե էֆենդին ցանկացել է, որ ես գիրքն ավարտին հասցնեմ։

― Լա՛վ, Աստված տա, որ մեզ միասին տանջանքների ենթարկեն։

Երկուսն էլ լռեցին։ Ավելի ուշ ամայի այգուց եկող ոտնաձայներ լսեցինք։ Գնո՞ւմ էր, թե՞ մոտենում էր մեզ։ Ոչ կարողանում էինք տեսնել, ոչ էլ հասկանում էինք, թե ինչ է անում։ Պարտեզի մյուս ծայրին փշերի, թփերի, մոշուտների միջով մթության մեջ անցնելով զուր նեղություն էր կրել։ Եթե անգամ ծառերի միջով անցնելով՝ պտտվեր մեր առաջ, կարող էր առանց երևալու կորչել, բայց մեզ մոտեցող ոտնաձայներ չլսեցինք։ Մի պահ բղավեցի.

― Հասա՛ն։

Բայց ոչ մի ձայն չլսվեց։

― Լռիր,― ասաց Քարան։

Երկուսս էլ ցրտից դողում էինք։ Առանց երկար սպասելու, դռներն ամուր կողպելով՝ մտանք տուն։ Մինչև երեխաների տաքացրած անկողինը մտնելը մի անգամ էլ նայեցի հորս։ Իսկ Քարան շարունակեց նկարները նայել։



== 35. Ես ձի եմ ==

Մի մտածեք, թե ես միշտ այսպես հանգիստ եմ կանգնում, իրականում դարեր շարունակ վազում եմ։ Անցնում եմ դաշտերով, մտնում եմ պատերազմի մեջ, շահերի մտածկոտ դուստրերին եմ կրում մեջքիս, ամուսնացնում, հեքիաթից մտնում եմ պատմության մեջ, պատմությունից լեգենդ եմ անցում, գրքից գիրք, էջից էջ եմ վազում։ Այդքան պատմության, լեգենդի, այդքան գրքի ու պատերազմի մեջ տեղ գտնելուց հետո անպարտ հերոսներին, լեգենդար սիրահարներին, երազներից ելած բանակներին ուղեկցելուս, մեր հաղթական սուլթանների հետ արշավանքից արշավանք վազելուս պատճառով, իհարկե, ես շատ, շատ նկարներ ունեմ։

Ի՞նչ զգացողություն է, երբ քեզ այդքան շատ են նկարում։

Իհարկե, հպարտանում եմ, բայց նաև միշտ հարցնում եմ՝ արդյոք ե՞ս եմ այդ նկարվողը։ Նկարներից էլ կարելի է հասկանալ, որ դեմքս միշտ տարբեր է երևում։ Բայց միևնույն է՝ նկարների միջև ընդհանրություն, միություն է զգացվում։

Վերջերս մանրանկարիչները պատմություն էին անում, ու ես մի բան իմացա։ Ֆրանսիացի անհավատների թագավորր Վենետիկի դոժի դստեր հետ էր ցանկանում ամուսնանալ։ Կամուսնանա, բայց եթե հանկարծ վենետիկցին աղքատ է, դուստրն էլ՝ տգե՞ղ։ Ամենավարպետ նկարչին ասում է՝ գնա՛, Վենետիկի դոժի դստերը, ունեցվածքը, իրերը նկարիր։ Վենետիկցիները չգիտեն, թե ինչ է նշանակում անձնական կյանք. նկարչին ոչ միայն դստերը, այլև իրենց ձիերը, իրենց պալատներն են ցույց տալիս։ Տաղանդավոր նկարիչն էլ այնքան լավ է նկարում, որ եթե աղջկան, ձիուն տեսնես, անմիջապես կճանաչես։ Մինչ ֆրանսիացի թագավորն իր պալատի բակում վենետիկյան նկարներին նայելով՝ մտածում էր՝ ամուսնանալ այդ աղջկա հետ, թե չէ, իր ձին սիրահարվում է նկարի գեղեցիկ զամբիկին ու փորձում է բարձրանալ նկարի վրա։ Ձիապանները դժվարությամբ են կարողանում բռնել ձիուն, որն իր հսկայական գործիքով նկարը մաս-մաս էր արել։ Ասում են, որ ֆրանսիական ձիուն այդքան ոգևորողը ոչ թե վենետիկյան զամբիկի գեղեցկությունն էր, այլ
Վստահելի
1318
edits