Changes
Երբեք։ Ես պառկած էի օրորոցում, մայրիկս իր անկողնում, իսկ Բեթսի Տրոտուդ Կոպպերֆիլդը գնացել էր ընդմիշտ երազների ու ստվերների աշխարհը, այն խորհրդավոր գավառը, որտեղից ես նոր էի եկել․ և սենյակիս պատուհանից փայլող լուսինը շողշողում էր ինձ նման նորեկների երկրավոր կայանի վրա, լույս տալով և այն շիրիմին, որի տակ հանգչում էր ինձ կյանք շնորհող էակի աճյունը։
==Բ․ գլուխ․==
Ես դիտում եմ
Իմ մանկությունը հիշելիս ամենից առաջ մտքիս առջև պատկերանում են՝ նախ մայրս իր սիրուն մազերով ու ջահել տեսքով, և հետո բոլորովին անտեսք Պեգգոտին՝ իր սև֊սև աչքերով, որոնք կարծես մթնեցնում էին նրա ամբողջ դեմքը, և իր այնպես կարմիր ու կլոր թշերով, որ ես զարմանում էի, թե ինչո՞ւ թռչունները չէին գալիս ավելի սիրով նրանց կտցելու, քան մի խնձոր։
Հիշում եմ, թե ինչպես մայրս և Պեգգոտին՝ ինձնից փոքր֊ինչ հեռու նստած, կռանալով կամ չոքելով ձեռքները դեպի ինձ են մեկնում, և ես տմբտմբալով մեկից մյուսին եմ գնում։ Պարզ հիշում եմ, կարծես այդ այսօր լիներ, թե ինչպես շոշափում էի Պեգգոտիի ցուցամատը, երբ նա աշխատում էր բռնել ինձ, ― այն մատը, որ շատ կարելուց քերիչի նման կոշտացել էր։
Գուցե ասելիքս ցնորք համարվի, բայց ինձ թվում է, թե մեզնից շատերը իրենց մանկության օրերից հիշում են ավելի շատ բան, քան կարծում են, և թե երեխաների դիտողության ձիրքը վերին աստիճանի զորեղ ու ճիշտ է։ Դիտելու ձիրքով հռչակված մարդկանց մասին կարելի է ասել, որ նրանք այդ շնորհքը պահպանել են մանկությունից, և ոչ թե հետո են ստացել․ ես նկատել եմ, որ ընդհանրապես այդ մարդիկ թարմ զգացմունք և զվարթ սիրտ ունեն, որ դարձյալ մանկությունից ժառանգած կլինեն։
Գուցե մեղադրեն ինձ, թե սիրում եմ «քարշ գալ» մտքով, այնուամենայնիվ, պետք է ասեմ, որ վերոհիշյալ նկատողությունը մասամբ իմ անձանկան փորձի վրա է հաստատված, եթե հետևյալ պատմությունից երևա, որ ես մի սրատես մանչուկ եմ եղել և կամ այրական հասակումս էլ լավ եմ պահպանել իմ մանկության հիշատակները, ապա ուրեմն ես իսկապես իրավունք ունեմ պարծենալու այդ երկու ձիրքերով։
Դեպի մանկութայնս օրերը ետ նայելիս, ինչպես ասացի, տեսնում եմ, որ առարկաների խառնուրդից նախ և առաջ մայրս և Պեգգոտին են որոշակի պատկերանում մտքիս առջև։ Է՞լ ինչ եմ մտաբերում։ Հապա տեսնեմ։
Ահա անցյալի մշուշից որոշակի ջոկվում է մի տուն․ դա մեր տունն է, թեև հին, բայց միշտ հիշելի ինձ համար։ Գետնահարկում տեսնում եմ Պեգգոտիի խոհանոցը՝ դեպի բակը նայող դռնով․ բակի մեջտեղում՝ մի սյուն և դրա վրա մի աղավնաբույն՝ առանց աղավանիների․ դենը մի ընդարձակ շնաբույն՝ առանց շան․ հետո բազմաթիվ վիթխարի հավեր, որոնք ահարկու և ամեհի շարժումներով դեսուդեն են ման գալիս։ Ահա մի աքլոր, որ ձող է որոնում վրան թառելու և առանձին ուշադրությամբ վրաս է նայում, մինչ ես դողալով եմ դիտում նրան խոհանոցի պատուհանից․ ա՛հ, ինչպես չար էր այդ աքլորը։ Ահա երկար֊երկար վզով սագեր, որոնք շտապում են դեպի ինձ, երբ ես անցնում եմ վանդակի մոտով․ երազումս անգամ տեսնում եմ նրանց, ինչպես առյուծ է տեսնում երազում այն մարդը, որ վայրենի գազաններով է շրջապատված։
Ահա մի երկար նրբացնք Պեգգոտիի խոհանոցից մինչև տան ճակատի դուռը․ ի՜նչ անվերջ էր թվում նա ինձ։ Անլույս մառանը նրբանցքի մեջն է, և գիշերվա մթին, եթե ճրագ չունես ձեռքիդ, պետք է վազելով այնտեղից անցնես, որովհետև ով գիտե ինչեր կլինեն այն տակառների, կճուճների ու պուլիկների արանքում, որոնցից սապոնի, թուռշիի, պղպեղի, մոմի և սուրճի խառն հոտ է փչում։ Հետո գալիս է երկու սենյակ ― մեկը այն, ուր երեկոյան նստում ենք մայրիկս, ես և Պեգգոտին, որովհետև Պեգգոտին գրեթե միշտ մեզ հետ է, երբ մենք մենակ ենք և նա ազատ է իր գործից, և մյուսը՝ այն սենյակը, ուր հավաքվում ենք տոն օրերին։ Դա մի լայն դահլիճ է, որ ինձ, սակայն, դուր չի գալիս։ Տխուր բաներ է հիշեցնում ինձ այդ դահլիճը, որովհետև Պեգգոտին ինձ պատմել էր, ― չեմ հիշում ե՞րբ, բայց երևի մի դար առաջ, ― թե հորս թաղման հանդեսին այնտեղ են հավաքված եղել սևեր հագած հյուրերը։ Այդ սենյակում էր, որ մի կիրակի երեկո մայրիկս Ղազարի հարության պատմությունը կարդաց Պեգգոտիին և ինձ, և ես այնպես վախեցա, որ պետք համարեցին անկողնուց դուրս հանել ինձ և պատուհանից ցույց տալ այն լռիկ հանգստարանը, ուր բոլոր ննջեցյալները խաղաղ քնած էին պայծառ լուսնով լուսավորված դամբարաններում։
Ոչ մի տեղ ես չեմ տեսել այդ հանգստարանի դալարի պես կանաչ դալար, նրա ծառերի պես ստվերաշատ ծառեր, նրա շիրիմների պես լուռ շիրիմներ։ Ամեն առավոտ, հենց որ իմ անկողնու մեջ չոքելով դուրս եմ նայում, տեսնում եմ այնտեղ արածող գառներ, տեսնում եմ ինչպես փայլուն լույսը շողշողում է արեգակի ժամացույցի վրա և զարմանալով ասում ինքս ինձ․ «Մի՞թե ժամացույցը գոհ է, որ կարող է ժամանակ ցույց տալ այդ տխուր շրջակայքում»։
Ահա մեր վանդակապատ նստարանը եկեղեցում։ Ինչպե՜ս բարձր է նրա թիկունքը։ Նրա մոտի լուսամուտից կարելի է տեսնել մեր տունը, և առավոտյան ժամերգության ժամանակ Պեգգոտին անդադար աչքը ձգում էր դեպի մեր տունը, որ տեսնի, թե արդյոք գողեր չե՞ն մտել և կամ հրդեհ չի՞ պատահել։ Բայց Պեգգոտին չի ուզում, որ ես էլ նույնն անեմ, և նայելս նկատելուն պես աչքով սաստում է, որ միայն պաստորին մտիկ տամ։ Սակայն ես չեմ կարող շարունակ պաստորին նայել․ ես նրան լավ եմ ճանաչում առանց այն տարօրինակ սպիտակ բանի, որ նա հագած ունի, և վախենում եմ, որ միգուցե իր վրա ակնապիշ նայելս տեսնի և հանկարծ աղոթքն ընդհատելով հարցնի, թե ինչո՞ւ եմ այդպես նայում։ Բայց ի՞նչ անեմ։ Անտարակույս հորանջելը վատ բան է, սակայն չէ՞ որ հարկավոր է մի բան անել։ Ես էլ մորս եմ մտիկ տալիս, իսկ նա կարծես չի տեսնում ինձ։ Մտիկ եմ տալիս մոտիկ կանգնած երեխային, և նա ծամածռում է իր երեսը։ Մտիկ եմ տալիս գավթի միջով ներս թափանցող ճառագայթին և տեսնում մի մոլորված էակ ― չկարծեք թե մի մեղավոր մարդ, այլ մի ոչխար, որ մտադիր է եկեղեցի մտնել։ Դիտում եմ որմերի վրա փորագրված անունները և աշխատում մտածել նոր վախճանված մր․ Բոջերսի մասին և երեևակայել, թե արդյոք միստրիս Բոջերսը որքա՞ն լաց եղավ, երբ նրա մարդը զոհ գնաց երկարատև հիվանդության, որի դեմ բժիշկները չէին կարողացել դարման գտնել։ Հարցնում եմ ինձ․ արդյո՞ք դիմել էին մր․ Չիլիպին, և եթե նրա տված դեղն էլ զուր էր անցել, ապա կցանկանայի իմանալ, թե նա ի՞նչ զվարճություն էր զգում մր․ Բոջերսի տապանագիրը ամեն կիրակի կարդալիս։ Մր․ Չիլիպի սպիտակ փողկապը դիտելուց հետո՝ սկսում եմ բեմին մտիկ տալ։ Ի՞նչ լավ խաղալու տեղ կլիներ դա ինձ համար, ինչ լավ բերդ, եթե մի ուրիշ տղա նրա աստիճաններից բարձրանալով ուզենար ինձ պաշարել, և ես թավշե բարձեր ու ծոպեր շպրտեի նրա գլխին։ Այնինչ տոթից ու քահանայի թմրեցուցիչ մրմունջից աչքերս քիչ֊քիչ փակվում են, այլևս ոչինչ չեմ լսում և թրխկալով գլորվում եմ նստարանից։ Երկյուղից համարյա թե մեռած եմ։ Պեգգոտին վերցնում է ինձ ու տուն տանում։
Այժմ տեսնում եմ մեր տան ճակատը․ ննջարանի բաց պատուհաններից բուրավետ օդ է ներս մտնում․ որորների հին բները դեռ ճոճվում են պտղիների գագաթին։ Ահա տան ետևի այգումն եմ՝ այն բակից դուրս, ուր գտնվում է աղավնանոցն ու շան բույնը․ դա կատարելապես թիթեռների աշխարհ է՝ բարձր ցանկապատով և փակ դռնով։ Ծառերը բեռնավորված են առատ ու հասուն պտուղներով, որոնց նմանը ուրիշ ոչ մի այգում չկա․ մայրս քաղում էր մի քանի հատ և քթոցն ածում, մինչ ես նրա մոտ կանգնած, թաքուն թռցնում եմ մի քանի հաղարջ, անշարժ նայում հեռուն։ Քամիները սկսվում են, և ամառը փախչում է։ Ձմեռվա երեկոները մենք խաղում ենք ներքևի հարկում և պար գալիս։ Բազկաթոռի մեջ նստելուց հոգնելով՝ մայրիկս սկսում է մատներին փաթաթել իր ցոլուն մազերը և շտկել ճկուն իրանը, և թե որքան գոհ է այդպես սիրուն լինելուց, ոչ ոք չգիտի այդ՝ ավելի լավ, քան ես։
Դրանք են իմ ամենահին հիշատակները․ և եթե ավելացնեմ, որ մենք կարծես մի քիչ վախենում էինք Պեգգոտիից և շատ բաներում նրա կամքին հետևում, ― այդ կլինի ամենաառաջին կարծիքս, եթե միայն կարելի է դա կարծիք համարել։
Մի երեկո Պեգգոտին և ես մենակ նստած էինք դահլիճի վառարանի մոտ։ Ես նրա համար կարդում էի մի պատմություն՝ կոկորդիլոսների մասին։ Կամ ես էի շատ պարզ կարդում և կամ նա էր անչափ հետաքրքիր, համենայն դեպս, այնքանը կարող եմ հիշել, որ ունկընդիրս մի աղոտ տպավորություն ստացավ, այն է՝ թե կոկորդիլոս ասածդ մի տեսակ բույս է։ Ես հոգնել էի կարդալուց, և քունս սաստիկ տանում էր․ բայց որովհետև այդ երեկո, իբրև մի առանձին շնորհ, իրավունք էին տվել ինձ մի հարևան կնոջ մոտ հյուր գնացած մորս վերադարձին սպասելու, ― ես կգերադասեի մեռնել աթոռիս վրա մնալով, քան թե անկողին մտնել։ Ինչքան թմբրությունս սաստկանում էր, այնքան Պեգգոտին մեծացած և ուռած էր երևում ինձ։ Ես փորձում էի երկու մատով բանալ աչքերս և անքթիթ նայել Պեգգոտիի վրա, որ փութաջան կարում էր․ դիտել նրա մեղրամոմի կտորը, որով թելը մոմում էր ― ինչքա՜ն կնճռոտ գծեր կային վրան և որքան հին պետք է լիներ այդ կտորը․ դիտել նրա նախշուն խփով հարդե կողովը, ուր պահում էր իր մետրաչափը․ փոքրիկ տուփը՝ դուրս քաշվող կափարիչով, որի վրա նկարված էր ս․ Պողոսի տաճարը՝ կարմիր ներկված գմբեթով․ պղնձե մատնոցը և վերջապես իր դեմքը, որ շատ սիրուն էր երևում ինձ։ Քունս այնպես էր տանում, որ եթե մի վայրկյան դադարեի աչքերս ճոթռել, բանս արդեն պրծած էր։ Հանկարծ՝
― Պեգգոտի, ― ասացի ես, ― դու երբևիցե ամուսնացած եղե՞լ ես։
― Մեղա քեզ տեր, ― գոչեց Պեգգոտին։ ― Որտեղի՞ց միտքդ ընկավ այդպիսի բան, մաստր Դեվի։
Եվ այնպես սաստիկ ասաց այդ, որ ես իսկույն սթափվեցի։ Նա վայր դրեց կարը և շեշտակի վրաս նայեց, ասեղի թելը մինչև ծայրը քաշելով։
― Ամուսնացած եղե՞լ ես թե ոչ, Պեգգոտի, ― կրկնեցի ես։ ― Դու գեղեցիկ կինարմատ ես։
Թեև Պեգգոտին բոլորովին ուրիշ գեղեցկություն ուներ, քան մայրիկս, բայց նա էլ ինձ իր տեսակում չքնաղ էր թվում։ Մեր դահլիճում մի աթոռակ կար ծիրանի թավշե երեսով, որի վրա մայրս մի ծաղկեփունջ էր նկարել։ Այդ աթոռի երեսը և Պեգգոտիի գույնը միանգամայն իրար նման էին։ Թավիշը փափուկ էր, Պեգգոտին կոշտ, բայց դրանից բանի էությունը չէր փոխվում։
― Ես գեղեցի՞կ, ա՛յ Դեվի, ― ասաց Պեգգոտին։ ― Չէ, որդի ջան։ Բայց ո՞ր քամին խելքիդ փչեց ամուսնության մասին հարցնել։
― Չգիտեմ։ Միանգամից հո երկու մարդ ունենալ չի կարելի, չէ՞, Պեգգոտի։
― Իհարկե չէ, ― հաստատ կերպով պատասխանեց Պեգգոտին։
― Բայց եթե մարդը մեռնի, չէ՞ որ կարելի է մեկ ուրիշին գնալ, Պեգգոտի։
― Կարելի է, ով ինչպես ուզենա։
― Իսկ դու ինչպե՞ս կուզենայիր, Պեգգոտի։
Այդ հարցնելիս ես ուշադրությամբ նայեցի նրան, ինչպես որ նա էր ինձ նայում։
― Իմ կարծիքը, ― ասաց Պեգգոտին, աչքերն ինձնից դարձնելով և փոքր֊ինչ վարանելուց հետո՝ կարը նորից սկսելով, ― կարծիքս այն է, մաստր Դեվի, որ ես երբեք ամուսնացած չեմ եղել, երբեք էլ մարդու գնալու չեմ․ ես այսքանը միայն գիտեմ։
― Մի՞թե նեղացար վրաս, Պեգգոտի, ― հարցրի ես՝ մի րոպե լուռ նստելուց հետո։
Կարծեցի, թե իրոք նեղացել է, որովհետև շատ կարճ կտրեց իմ խոսքը։ Բայց սխալվում էի․ նա ձեռագործը (դա մի կարկատվող գուլպա էր) մի կողմ դրեց, ձեռքերը մեկնեց և ամուր տրորեց իմ գանգրահեր գլուխը։ Ասում եմ՝ ամուր տրորեց, որովհետև, երբ նա ուժգին շարժումներ էր անում, նրա զգեստի կոճակներից մի քանիսը թռչում էին մարմնի գեր լինելուց։ Եվ ես հիշում եմ, որ մինչ նա ինձ գգվում էր, այդ կոճակներից երկու հատը ճայթելով պոկ եկան և սենյակի մյուս կողմը թռան։
― Դեհ, այժմ էլի մի բան կարդա կոկորդիլոսների մասին, ― ասաց Պեգգոտին, որ դեռ լավ չէր ըմբռնել այդ բառը, որովհետև ես չեմ սիրում որևէ բան կիսատ լսել։
Ես բնավ չէի հասկանում, թե ինչո՞ւ Պեգգոտին այնպիսի խորամանկ աչքով նայեց վրաս և կամ ինչո՞ւ հանկարծ կոկորդիլոսների մասին բան լսելու փափագ զգաց։ Ինչևիցե, մենք նոր եռանդով վերադարձանք դեպի այդ հրեշները․ մեկ թաղում էինք նրանց ձվերն արևակեզ ավազի մեջ, որ ձագեր դուրս գան, մերթ գրգռում էինք նրանց և փախչում ոլոր֊մոլոր տեղերով, մինչ նրանք, իբրև ծանրամարմին հրեշներ, չէին կարող այդ անել․ մեկ էլ բնիկների նման ջուրն էինք նետվում նրանց հետևից և տեգեր մխում նրանց երախը։ Մի խոսքով, կոկորդիլոսների պատմությունը գրեթե անգիր գիտեինք․ գոնե ես գիտեի, եթե ոչ Պեգգոտին, որ կարծես մտքերի մեջ խորասուզված լինելուց մի քանի անգամ ասեղով ծակեց իր մատներն ու ձեռքերը։
Կոկորդիլոսներին թողած, արդեն անցել էինք ալիգատորներին, երբ պարտեզի դռան զանգակը հնչեցրին։ Իսկույն ելանք դեպի դուռը․ եկողը մայրս էր, որն այդ երեկո ավելի սիրուն երևաց ինձ, քան երբևիցե, և նրա հետ գալիս էր սև մազերով ու կարճ մորուքով մի պարոն, որ դեռ անցյալ կիրակի մեզ հետ միասին մեր տուն էր եկել եկեղեցուց։
Երբ մայրիկս շեմքի վրա կանգ առավ ինձ մի համբյուր տալու, պարոնն ասաց, թե թագավորն էլ ինձնից ավելի երջանիկ չէ, և կամ նման մի բան։
Ի՞նչ են նշանակում այդ խոսքերը, ― հարցրի ես պարոնին մորս ուսերի ետևից։
Նա գլուխս շոյեց, բայց նրա ձայնն ու կերպարանքը, չգիտեմ ինչու, դուր չեկան ինձ, և ես նեղացա, որ ինձ գգվեցիս նա, մորս ականջն էլ շոշափեց։ Ես նրան բոլոր ուժերով ետ հրեցի։
― Ա՛յ Դեվի, ― նկատեց մայրիկս։
― Սիրուն մանկիկ, ― ասաց պարոնը։ ― Չեմ զարմանում, որ նա նախանձում է։
Ոչ մի ժամանակ մորս երեսն այդպես վարդագույն չէի տեսել։ Նա թեթև հանդիմանեց իմ կոպտությունը և իր շալի մեջ փաթաթելով ինձ, շնորհակալություն հայտնեց պարոնին, որ նեղություն էր կրել մինչև մեր տուն հասցնել իրեն։ Մնաս բարով ասելիս՝ նա աջը մեկնեց պարոնին և կարծեմ այդ միջոցին վրաս նայեց։
― Դե, դու էլ ինձ բարի գիշեր ասա, սիրուն տղա, ― ասաց պարոնը, կռանալով, որ համբուրի մորս ձեռքը։ (Այդ ես լավ նկատեցի)։
― Բարի գիշեր, ― ասացի ես։
― Եկ, բարեկամանանք, ― ասաց պարոնը ծիծաղելով։ ― Եկ մեկմեկու ձեռք թոթվենք։
Աջ ձեռքս մայրիկիս ձախ ձեռքումն էր․ ես մեկնեցի մյուսը։
― Բայց դա ձախն է, Դեվի, ― ծիծաղեց պարոնը։
Մայրս արձակեց աջ ձեռքս, բայց ես վճռել էի չմեկնել աջը, և ձախ ձեռքս տվի պարոնին։ Նա ամուր սեղմեց, ասելով թե քաջ տղա եմ և հեռացավ։
Հիմա էլ տեսնում եմ, թե ինչպես նա պարտեզի մեջ երեսը ետ դարձրեց և դռնակից դուրս գնալիս՝ իր չարագուշակ սև աչքերով մի վերջին ակնարկ ուղղեց մեզ։
Պեգգոտին, որ այդ միջոցին անշարժ ու լուռ կանգնած էր, իսկույն փեղկերը փակեց, և մենք մտանք դահլիճ։ Մայրիկս փոխանակ վառարանի առաջ նստելու, ինչպես որ միշտ անում էր, տեղ բռնեց սենյակի մյուս ծայրում, մի ինչ֊որ երգ մրմնջալով։
― Հուսամ, տիկին, որ լավ անցկացրիք այս երեկոն, ― ասաց Պեգգոտին, որ մոմակալը ձեռքին, տակառի պես անշարժ կանգնած էր ճիշտ սենյակի մեջտեղը։
― Շատ շնորհակալ եմ, Պեգգոտի, ― պատասխանեց մայրս զվարթ ձայնով, ― շա՜տ ուրախ երեկո էր։
― Ինչևիցե, նոր մարդու հետ ծանոթանալը մի դուրեկան փոփոխություն է։
― Այո՛, շատ հաճելի, ― նկատեց մայրս։
Պեգգոտին դարձյալ անշարժ մնաց սենյակում, մայրիկս նորից սկսեց երգել, իսկ իմ վրա քուն եկավ, և ես նիեհեցի, և նիրհիս մեջ ձայներ էի լսում, բայց ոչ այնքան պարզ, որ ասածները հասկանայի։ Եվ երբ սթափվեցի այդ կիսարթուն դրությունից, տեսա, որ Պեգգոտին ու մայրս արտասվել էին։
― Չեմ կարծում, որ մի այդպիսի պարոն դուր գար մր․ Կոպպերֆիլդին, ― ասաց Պեգգոտին, ― երդում եմ անում, որ դուր չէր գա։
― Տեր ողորմյա, ― գոչեց մայրս, ― դու ուզում ես խելագարության հասցնել ինձ։ Արդյոք աշխարհիս երեսին կգտնվի՞ ինձ նման մի թշվառ աղջիկ, որ այնքան տանջանք կրեր իր աղախնուց։ Բայց ինչո՞ւ եմ աղջիկ անվանում ինձ։ Չէ՞ որ ես ամուսնացած էի, Պեգգոտի։
― Երկինքը վկա, ― պատասխանեց Պեգգոտին։
― Ուրեմն ինչպե՞ս համարձակվեցիր, ― ասաց մայրիկս, ― ուզում եմ ասել՝ ինչպե՞ս սիրտ արիր, Պեգգոտի, այնքան կոպիտ, այնքան դառն բաներ ասել երեսիս, մինչ լավ գիտես, որ այս տանից դուրս մի բարեկամ չունեմ, որին դիմել կարենայի։
― Հենց դրա համար էլ կասեմ, տիկին, որ այդ բանը ձեզ վայել չէ։ Ո՛չ, վայել չէ։ Ինչ էլ ասեք, վայել չէ։ Ո՛չ։
Պեգոտտին տաքանալով մոմակալն այնպես շարժեց, որ ես կարծեցի, թե գետնովը կտա։
― Գութ չունես, դու, որ այդպիսի անարդար բաներ ես ասում, ― շարունակեց մայրս, ավելի ուժգին լաց լինելով։ ― Ինչպես ես սիրտ անում, Պեգգոտի, կարծել, թե բանն արդեն վերջացել է, քանի որ ես քեզ, այ անիրավ, հազար անգամ կրկնել եմ, թե մի աննշան քաղաքավարությունից ուրիշ ոչինչ չի պատահել։ Դատարկ֊դատարկ խոսում ես հիացման մասին։ Ես ի՞նչ անեմ դրա դեմ։ Եթե մարդիկ այնքան հիմար են, որ հիանում են ինձանով, մի՞թե ես եմ մեղավոր։ Հարցնում եմ քեզ, ես դրա դեմ ի՞նչ կարող եմ անել։ Մի՞թե ուզում ես, որ գլուխս սափրեմ, երեսիս մուր քսեմ և կամ դեմքս եռման ջրով կամ կրակով և կամ մի ուրիշ այդպիսի բանով այլանդակեմ։ Գիտեմ, Պեգգոտի, քո ուզածն էլ հենց այդ է։ Համոզված եմ, որ կուրախանայիր այդ բանից։
Կարծեմ, այդ ամբաստանությունը սաստիկ դիպավ Պեգգոտիի սրտին։
― Իսկ այս սիրուն որդյակս, ― գոչեց մայրս, բազկաթոռիս մոտենալով ու գգվելով ինձ։ ― Իմ Դեվիս։ Ո՞ր քարասիրտը կհամարձակվի ակնարկել, թե ես սեր չունեմ այս հրեշտակիս համար, այս անգին գանձիս համար, որի նմանը դեռ չի եղել աշխարհում։
― Այդպիսի ակնանրկ երբեք ոչ ոք չի արել, ― ասաց Պեգգոտին։
― Հենց դու արիր, Պեգգոտի, ― պատասխանեց մայրիկս։ ― Ինքդ էլ գիտես, որ արիր։ Քա խոսքերից ուրիշ ի՞նչ կարելի էր հասկանալ, ա՛յ անսիրտ․ այնինչ դու էլ ինձ նման լավ գիտես, որ ես միայն սրա սիրուն անցյալ ամսին նոր հովանոց չգնեցի ինձ համար, թեև հինը արդեն մաշվել է և շղարշը գզգզվել։ Այս բանը հո լա՞վ գիտես, հո չե՞ս կարող ուրանալ։
Այնուհետև մայրիկս գորովանքով դարձավ ինձ և իր թուշը իմ թշին դնելով՝ ասաց․
― Ես քեզ համար փի՞ս մայրիկ եմ, Դեվի ջան։ Ես մի անգութ, անսիրտ, ինքնասեր, չար մայրի՞կ եմ քեզ համար։ Դե ասա «այո», ասա որդի ջան, և Պեգգոտին քեզ կսիրի։ Նրա սերը հո իմից ավելի կարժի, Դեվի։ Ես քեզ իսկի չեմ սիրում, չէ՞։
Այստեղ մենք բոլորս միասին լաց եղանք։ Հիշում եմ, որ ամենից ավելի ճվացողը ես էի, բայց երեքս էլ սրտանց էինք լաց լինում։ Ես իսպառ հուսահատվել էի և կարծեմ վրդովված սրտիս հենց առաջին հուզմունքից «չար գազան» անվանեցի Պեգգոտիին։ Պատվական արարածը սաստիկ վշտացավ և հավանական է, որ այս առթիվ նրա շրջազգեստը բոլորովին անկոճակ մնաց, որովհետև երբ նա մորս հետ հաշտվելուց հետո՝ ինձ հետ էլ հաշտվելու համար բաղկաթոռիս մոտ չոքեց, կոճակները դեսուդեն թռան մի սոսկալի ճայթյունով։
Բոլորս էլ միանգամայն ընկճված սրտով գնացինք քնելու։ Հեկեկանքս երկար ժամանակ արգելում էր ինձ քուն մտնել և երբ մի անգամ ես հեծկլտանքով անկողնուս մեջ ցնցվեցի, տեսա, որ մայրս նստած է իմ կողքին, գլուխը վրաս խոնարհած։ Ես քուն մտա նրա գրկում և շատ խոր քնեցի։
Հետևյա՞լ կիրակին էր արդյոք կամ ավելի ուշ, լավ չեմ հիշում, ես նորից տեսա այն պարոնին։ Օրերը մտքիցս ընկել են։ Բայց նա եկեղեցումն էր և հետո դուրս ելավ մեզ հետ միասին։ Նա մեր տունը եկավ, մեզ հետ էլ ներս մտավ, պատճառ բռնելով, թե ուզում է տեսնել մեր գեղեցիկ կռնկենին (geranium), որ փթթում էր դահլիճի պատուհանում։ Չեմ ասի, թե նա շատ հետաքրքրվեց այդ բույսով, սակայն հեռանալուց առաջ մորս խնդրեց մի ծաղիկ շնորհել իրեն։ Մայրս առաջարկեց, որ նա ինքն ընտրի մի հատ, բայց նա մերժեց, չգիտեմ ինչո՞ւ, և այն ժամանակ մայրս մի փոքրիկ ոստ պոկեց և նրան տվեց։ Պարոնն ասաց, թե երբեք չի բաժանվի այդ պարգևից․ և նա ինձ հիմար երևաց, որովհետև մի՞թե չգիտեր, որ ծաղիկը մի երկու օրից հետո կթառամի։
Պեգգոտին սկսել էր երեկոներն առաջվանից սակավ նստել մեզ հետ։ Մայրս այժմ հարգանքով էր վարվում նրա հետ և կարծես ավելի մեծ հարգանքով, քան թե առաջ, և մենք երեքս մտերիմ էինք իրար հետ․ բայց և այնպես այն չէինք, ինչ որ առաջ, նախկին զվարթությունն անհետացել էր մեր միջից։ Երբեմն ինձ թվում էր, թե Պեգգոտին դժգոհ էր, որ մայրս սկսել էր հագնել պահարանի ամենաշքեղ զգեստները և կամ թե շուտ֊շուտ գնալ դրացուհու մոտ․ բայց ես չէի կարողանում լավ հասկանալ, թե ինչու էր դժգոհ։
Հետզհետե ես ընտելացա սևամորուս պարոնին։ Այժմ էլ նա ինձ սիրելի չէր, այժմ էլ ես նրան նախանձում էի․ բայց թե լոկ մանկական բնազդից և անորոշ զգացումից զատ, թե մայրիկիս սիրելու համար ես ու Պեգգոտին այդ մարդու օգնության կարոտ չէինք, ես մի ուրիշ պատճառ էլ ունեի խորշելու նրանից կամ զզվելու, ― այդ պատճառը դեռ մատչելի չէր տհաս մտքիս։ Առժամանակ ես միամիտ էի։ Ես կարող էի միայն մանր֊մունր բաներ դիտել, բայց դեռ ուժիցս վեր էր այդ մանրիկ բաներից մի այնպիսի ուռկան հյուսել, որ ես դրանով մարդ բռնեի։
Մի աշնան առավոտ, մինչ ես ու մայրս նստած էինք մեր պարտեզում, հանկարծ տեսանք մր․ Մեորդստոնին (արդեն գիտեի նրա անունը) ձի հեծած դեպի մեզ գալիս։ Նա կանգ առավ, մորս ողջունեց և ասաց, թե Լոռուստոֆտ է գնում նավակով զբոսնող բարեկամներին տեսնելու, և հետո զվարթ֊զվարթ առաջարկեց ինձ իր թամբի առջև նստեցնել, եթե միայն ուզենամ։
Եղանակն այնպես ախորժելի ու պարզ էր, և ձին քայլելու եռանդից այնպես կայտառ փռնչում էր և դոփում ցանկապատի առջև, որ ես էլ գնալու փափագ զգացի։ Մայրս վերև ուղարկեց ինձ, որ Պեգգոտին շորերս փոխի․ այդ միջոցին մր․ Մեորդստոնը ձիուց իջավ և երասանը բռնելով սկսեց հանդարտ դեսուդեն քայլել քսուկի (aube՛pine) ցանկապատի դրսի կողմից, մինչև մայրս կամաց ման էր գալիս ներսի կողմից։ Պեգգոտին ու ես մի փոքրիկ լուսամուտից դիտում էինք նրանց․ նրանք կռացան՝ իրենց բաժանող քսուկի ցանկապատն ավելի մոտիկից զննելու համար, և Պեգգոտին, որ մինչ այդ վայրկյանը հրեշտակի պես զվարթ էր, հանկարծ այնպես չարացավ, որ ձեռքի խոզանակը սկսեց մազերիս ներհակ կողմը շարժել, այն էլ չափազանց բիրտ կերպով։
Վերջապես մր․ Մեորդստոնը և ես ճանապարհ ընկանք, և ձին թեթևաքայլ առաջ գնաց մարգագետնով։ Պարոնը բռնել էր ինձ մի ձեռքով, և ես թեպետ անհանգիստ տղաներից չէի, բայց և այնպես անդադար ուզում էի ետ նայել նրա երեսը դիտելու համար։ Նա ուներ, եթե կարելի այսպես ասել, սևորակ ծանծառ աչքեր, դժվարանում եմ ավելի հարմար բառ գտնել բնորոշելու այն աչքերը, որոնք այնքան խորություն չունեն, որ հայացքը նրանց մեջ ընկղմես, ― աչքեր, որոնք այս կողմ այն կողմ դառնալիս երբեմն շիլ էին երևում։ Երբ ես թաքուն դիտում էի նրան, վրաս մի տեսակ ահ էր գալիս, և զարմանալով հարցնում էի ինձ՝ թե արդյոք ի՞նչ է նրա մտամոլոր թարթափանքի պատճառը։ Նրա մազերը և մորուքը մոտիկից նայելիս ավելի խիտ և ավելի սև էին երևում։ Դեմքի ստորին մասը բոլորովին քառակուսի էր, իսկ կզակը, որ ամեն օր թրաշվելուց սև֊սև կետերով էր ծածկվել, հիշեցնում էր ինձ ճիշտ այն մոմե պատկերը, որ կես տարի առաջ ցույց էին տվել մեր գյուղում։ Նրա կանոնավոր հոնքերը, երեսի սպիտակ գույնը, սև մազերն ու բծերը ― սատանան տանի այդ բոլորը և նրա հիշատակը ― ստիպում էին չնայելով իմ երկբայության, խոստովանել որ նա գեղեցիկ տղամարդ է։ Հավաստի եմ, որ խեղճ մայրս էլ միևնույն կարծիքին էր։ Մենք հասանք մի ծովեզրյա պանդոկի, ուր երկու պարոն մի առանձին սենյակում սիգար ծխելով փռված էին առնվազն չորս աթոռի վրա․ երկուսն էլ հասարակ ժաքետով էին։ Մի անկյունում խառնիխուռն դիզված էին զանազան շորեր, նավորդի վերարկուներ և մի դրոշակ։
Մեր ներս մտնելուն պես նրանք աշնորհք կերպով տեղերից թռան ու գոչեցին․
― Հե՜յ, Մեորդստոն, կարծում էինք, թե մեռել ես։
― Դեռ ոչ, ― ասաց մր․ Մեորդստոնը։
― Իսկ այդ տղան ո՞վ է, ― հարցրեց պարոններից մեկը, ինձ բռնելով։
― Սա Դևին է, ― պատասխանեց մր․ Մեորդստոնը։
― Ո՞ր Դեվին, ― հարցրեց միևնույն պարոնը։ Դեվի Ջոնսը՞։
― Դեվի Կոպպերֆիլդը, ― ասաց մր․Մեորդստոնը։
― Ի՞նչ։ Այն հրապուրիչ միստրիս Կոպպերֆիլդի բեռն ու դա՞րդը, ― գոչեց պարոնը, ― այն փոքրիկ ու սիրուն այրիի՞։
― Քինիոն, ―ասաց մր․ Մեորդստոնը, ― զգույշ կացեք, լսող կա։ Մի չարաճճի ականջ է դնում։
― Եվ ո՞վ է այդ չարաճճին, ― հարցրեց պարոնը ծիծաղելով։
Ես իսկույն գլուխս բարձրացրի իմանալու, թե ո՞վ է։
― Շեֆիլդցի Բրուքսը, ― ասաց մր․ Մեորդստոնը։
Ես ուրախացա, լսելով, որ չարաճճին շեֆիլդցի Բրուքսն է, որովհետև սկզբում կարծել էի, թե ես եմ։
Երևի թե այդ շեֆիլդցի Բրուքսը մի շատ ծաղրելի համբավ ուներ, որ նրա անունը հիշվելուն պես երկու պարոնն էլ քահ֊քահ ծիծաղեցին, մր․ Մեորդստոնն էլ նույնը արեց։ Այդ քրքիջից հետո Քինիոն կոչվող պարոնն ասաց․
― Եվ ի՞նչ է մտածում շեֆիլդցի Բրուքսը առաջիկա գործի մասին։
― Չեմ կարծում, որ Բրուքսը այդ գործից շատ բան հասկանա, ― պատասխանեց մր․ Մեորդստոնը․ ― բայց երևի թե ընդհանրապես հավան չէ։
Նորից քրքիջ բարձրացավ, և մր․Քինիոնն ասաց, թե մի շիշ շերրի կապսպրե Բրունքսի կենացը խմելու համար։ Եվ երբ գինի բերին, նա ինձ էլ մի քիչ առաջարկեց, հետն էլ բիսքվիթ և իմ խմելուց առաջ ոտքի ելավ ու ասաց․ «Կորչի այդ շեֆիլդցի Բրուքսը»։ Բաժակը թունդ ծափահարությամբ և այնպիսի զվարթ ծիծաղով ընդունվեց, որ ես էլ սկսեցի ծիծաղել, իսկ նրանք ավելի քրքջացին։ Մի խոսքով բոլորս էլ շատ ուրախ էինք։
Ծովափի ժայռերում մի պտույտ անելուց հետո, նստեցինք արոտի վրա, սկսեցինք հեռադիտակով աչքի անցնել շրջակայքը։ Երբ դիտակն ինձ էին տալիս, ես ոչ մի բան չէի կարողանում նշմարել, թեև ասում էի, որ լավ եմ տեսնում․ այնուհետև պանդոկ վերադարձանք ճաշելու։ Այն երկու պարոններն անդադար ծխում էին, և ես ժաքետների կծու հոտից հետևացնում էի, թե այդ հագուստների կարելուց ի վեր պարոնները ուրիշ ոչինչ չեն արել, բացի ծխելուց։ Չմոռանամ ասել, որ ճաշից հետո մենք նավ մտանք, ուր նրանք երեքն էլ խցիկն իջան և սկսեցին թղթեր զննել․ նավի հարկից ներքև նայելիս ես նկատեցի, որ նրանք շատ են զբաղված։ Այդ միջոցին ինձ թողել էին մի շիկահեր և զվարճալի մարդու հետ, որ իր ահագին գլխի վրա մի փոքրիկ փայլուն գլխարկ էր կրում, իսկ շերտավոր շապկի կրծքին մեծ տառերով մակագրված էր «Արտուտիկ»։ Կարծեցի թե այդ նրա անունն է, չէ՞ որ միշտ նավի վրա է բնակվում և տուն չունի, որ իր անունը դռան վրա գրի․ երևի այդ պատճառով է լանջին գրել։ Բայց երբ ես նրան «Արտուտիկ» անվանեցի, նա ասաց, թե այդ իր անունը չէ, այլ նավինը։
Ամբողջ օրը նկատում էի, որ մր․ Մեորդստոնը մյուս երկու պարոններից ավելի լուրջ ու ծանր է։ Նրանք շատ կայտառ ու անհոգ էին․ իրար հետ համարձակ կատակ էին անում, բայց նրա հետ՝ շատ սակավ։ Ինձ թվում էր, թե նա մյուսներից ավելի հնարագետ և զգուշամիտ է, և թե նրանք էլ ինձ նման ահ են զգում նրանից։ Նշմարեցի նաև, որ մր․ Քինիոնը ինչ֊որ բան պատմելիս, երկու անգամ աչքի ծայրով մր․ Մեորդստոնին նայեց, կարծես ստուգելու, թե չի՞ բարկանա արդյոք․ մի անգամ էլ, երբ մր․ Պեսնիգը (մյուս պարոնը) սկսել էր անչափ եռանդուն խոսել, մր․ Քինիոնը ոտքով հրեց նրան և աչքով թաքուն նշան արեց ուշքը դարձնելու մր․ Մեորդստոնին, որ լուռումունջ նստած էր։ Չեմ կարող մտաբերել, որ մր․ Մեորդստոնը ամբողջ օրվա ընթացքում գեթ մի անգամ ծիծաղած լիներ, բացի շեֆիլդցի Բրուքսին հիշելիս, որի մասին հենց ինքն էր կատակ արել։
Երեկոյան դեմ տուն վերադարձանք․ հրաշալի երեկո էր։ Մայրիկս և մր․ Մեորդստոնը դարձյալ մի անգամ զբոսանք արին քսուկի ցանկապատի երկայնքով, մինչ ես թեյ էի խմում։ Պարոնի մեկնելուց հետո, մայրիկս ինձ պատմել տվեց, թե այն օրն ինչպե՞ս անցկացրի և կամ թե նրանք ի՞նչ խոսեցին և արին։ Պատմեցի, ինչ որ լսել էի իր մասին, և նա ծիծաղելով ասաց, թե այն պարոններն անամոթ ու վայրահաչ մարդիկ են․ սակայն ես տեսա և զգացի, որ պատմածս իրեն դուր եկավ։ Ինչպես որ ես գիտեմ այսօր, այնպես էլ ճիշտ այն օրը գիտեի, որ գուշակությունս ուղիղ էր։ Այս առթիվ հարցրի նրան, թե արդյոք ճանաչո՞ւմ է շեֆիլդցի Բրուքսին․ նա պատասխանեց, թե ոչ, միայն կարծում է, թե այդ մարդը մի դանակ շինող կլինի։
Ինչպե՞ս ասեմ, որքան էլ հավաստի լինի, մայրիկիս դեմքն արդեն վաղուց փոխված է, արդեն չկա, այլևս գոյություն չունի, մինչ ես այս րոպեիս էլ պարզ տեսնում եմ նրան ճիշտ այնպես, ինչպես որ փողոցով անցնող յուրաքանչյուր անձի դեմք։ Ինչպե՞ս ասեմ, թե նրա անմեղ ու կուսական գեղեցկությունը թառամած է ու կորած, քանի որ նրա շունչը մինչև այսօր էլ դիպչում է թշիս, ինչպես դիպել էր այն երեկո։ Կարելի՞ է միթե ասել, , թե նա ընդմիշտ փոխված է, մինչ իմ սիրտը, մանկական զգացումներիս հավատարիմ, միայն այդպես է հիշում նրան և այսօր էլ սրբությամբ պահում այն, ինչ֊որ երբեմն սիրել էր։
Մորս մասին գրելիս ես ճիշտ այնպես եմ երևակայում նրա պատկերը, ինչպես որ ես այն երեկո, երբ մեր խոսակցությունը վերջանալուց հետո՝ ես գնացի քնելու, իսկ նա եկավ բարի գիշեր ասելու ինձ։ Նա զվարթ֊զվարթ չոքեց անկողնուս մոտ և կզակը ձեռքերի վրա դնելով ու ժպտալով ասաց․
― Հապա կրկնիր Դեվի ջան, ի՞նչ ասացին իմ մասին։ Հավատալս չի գալիս։
― Հրապուրիչ․․․ ― սկսեցի ես։
Մայրիկս ձեռքը շրթունքներիս դրեց, որ լռեմ։
― Հրապուրիչ չէ, ― ասաց նա ծիծաղելով։ ― Անկարելի է, Դեվի, որ հրապուրիչ ասած լինեն։ Հաստատ գիտեմ, որ այդպես չէ։
― Բայց ասացին՝ հրապուրիչ միստրիս Կոպպերֆիլդ, ― կրկնեցի ես շեշտելով։ ― Եվ սիրուն։
― Չէ՛, չէ՛, սիրուն չէր լինի նրանց ասածը։ Իսկի սիրուն չէր լինի, ― ընդհատեց մայրս, դարձյալ մատները իմ շրթունքին դնելով։
― Եվ սիրուն ու փոքրիկ այրին։ Հենց այդպես։
― Ա՜խ, ի՜նչ անամոթ, ի՜նչ հիմար մարդիկ են եղել, ― գոչեց մայրս և ծիծաղելով երեսը ծածկեց։ Ի՜նչ անշնորհք մարդիկ են եղել, չէ՞, Դեվի։
― Այո՛, մայրիկ։
― Բայց տես, այդ մասին բան չպատմես Պեգգոտիին․ նա կբարկանա նրանց վրա։ Ես էլ սաստիկ բարկացած եմ, բայց կուզենայի, որ Պեգգոտին բան չիմանար։
Ես, իհարկե, խոսք տվի։ Մենք մի քանի անգամ իրար ամուր համբուրեցինք, և հետո ես անուշ քուն մտա։
Կարծեմ հաջորդ օրն էր, այսքան ժամանակ անցնելուց հետո, լավ չեմ հիշում, որ Պեգգոտին ինձ այն զարմանալի ու համարձակ առաջարկությունն արավ, որի մասին այժմ պիտի խոսեմ․ բայց այդ դեպքը գուցե և երկու ամսից հետո էր պատահել։
Առաջվա պես մի երեկո նա ու ես նստած էինք (մայրիկս դարձյսլ տանը չէր) գուլպայի և մետըաչափի, մեղրամոմի, սուրբ Պողոսի պատկերով կափարիչ ունեցող փոքրիկ տուփի և կոկորդիլոսների գրքի հետ միասին, երբ Պեգգոտին, մի քանի անգամ վրաս նայելուց և բերանը իբր թե խոսելու համար, բայց առանց բան ասելու բանալուց հետո, ― որից հարկավ կվախենայի, եթե չկարծեի, թե նա միայն հորանջում է, ― վերջապես ասաց փաղաքշանքով․
― Մաստր Դեվի, լավ չէ՞ր լինի, որ երկուսս միասին մի երկու շաբաթով Յարմաուտ գնայինք եղբորս մոտ։ Ինչպե՞ս լավ քեֆ կանեինք։
― Եղբայրդ բարի՞ մարդ է, ― հարցրի ես։
― Մի գիտենայիր, թե որքա՜ն բարի, ― գոչեց Պեգգոտին, ձեռքերը բարձրացնելով։ ― Հապա ծո՞վը, նավակնե՞րը, ծովա՞փը, հապա Է՞մը, որ սիրով քեզ հետ խաղ կաներ․․․
Պեգգոտին ակնարկում էր իր Հեմ քեռորդուն, որ արդեն հիշված է առաջին գլխում, բայց այնպես հնչեցնելով նրա անունը, որ կարծես մի էական բայ լիներ։<ref>Անգլերեն է ― նշանակում է՝ եմ, իսկ հեմ՝ ապուխտ։</ref>
Ես հրապուրվեցի այդ զբոսանքի հեռանկարով և պատասխանեցի, թե իրոք կուզենայի գնալ, բայց մայրիկս թույլ կտա՞։
― Մի գինեի վրա գրազ կգամ, ― ասաց Պեգգոտին, ուշադիր վրաս նայելով, ― որ թույլ կտա։ Եթե կամենաս, հենց որ տուն գա, հարցնեմ իրեն։ Ի՞նչ կասես։
― Բայց մենք որ գնանք, նա ինչ կանի, ― ասացի ես և որպեսզի ավելի ուժ հաղորդեմ հարցին, արմունկս սեղանին դեմ տվի։ ― Չէ՞ որ նրան անկարելի է մենակ մնալ։
Եվ Պեգգոտին հանկարծ սկսեց մի ծակ որոնել գուլպայի կրունկում, որը, սակայն, այնքան փոքր էր, որ չէր էլ արժի կարկատել։
― Քեզ եմ ասում, ա՛յ Պեգգոտի, հո չի՞ կարող նա մենակ մնալ։
― Ա՛յ, օրհնվես դու, ― ասաց Պեգգոտին, վերջապես կրկին վրաս նայելով։ ― Միթե չգիտե՞ս, որ նա երկու շաբաթով հյուր պիտի գնա մեր հարևան տիկին Գրեյպրի մոտ։ Տիկին Գրեյպրի տանը շատ հյուրեր պետք է հավաքվեն։
Օ՜, եթե այդպես է, պատրաստ էի Յարմաուտ գնալ, միայն թե անհամբեր սպասում էի մորս վերադարձին Գրեյպրի տանից (այն երեկո մայրս հենց նրա մոտ էր), որ ստույգ իմանամ, թե թույլ կտա՞ իրագործել մեր երևելի ծրագիրը։ Մայրս այնքան չզարմացավ, որքան ես ենթադրել էի, և անմիջապես հավանություն տվեց, որ գնանք․ մենք էլ միևնույն գիշեր ամեն բան պատրաստեցինք և որոշեցինք, որ իմ սենյակի ու սննդի փողն առանձին վճարվի Յարմաութում։
Մեկնելու օրը շուտ վրա հասավ։ Շուտ վրա հասավ մինչև անգամ ինձ համար, որ տենդային տագնապի մեջ ժամ֊ժամ սպասում էի, թե ահա գետինը կշարժվի և կամ՝ մի հրեղեն սար կբարձրանա, և կամ բնության մի ուրիշ դղրդյուն կպատահի և մեր արշավը կխափանի։ Մենք գնալու էինք մի կառքով, որ պիտի մեկներ հետևայլ օրը, նախաճաշից հետո։ Ինչքան փող ասես կտայի, միայն թե թույլ տային ինձ հենց գիշերվանից հագնվել և կոշիկներով ու գլխարկով քնել։
Այսօր էլ սիրտս հուզվում է, թեև այդ մասին թեթև եմ խոսում, երբ հիշում եմ, թե ինչպես շտապում էի մեր երջանիկ տունը թողնել՝ առանց բնավ կասկածելու, թե ի՞նչ եմ թողնում հավիտյան։
Սիրով եմ մտաբերում, որ երբ կառքը դռան առջևն էր, և մայրիկս ինձ համբուրում էր, ես գորովալի սեր զգացի դեպի նա և դեպի այն տունը, որից դեռ ոչ մի անգամ չէի բաժանվել, և լաց եղա։ Քաղցր է ինձ հիշել, որ մայրիկս էլ լաց էր լինում։
Քաղցր է ինձ հիշել, որ երբ կառքը սկսեց շարժվել, մայրիկս բակի դռնակից դուրս վազեց և հրամայեց կանգ առնել, որպեսզի էլի մի անգամ համբուրի ինձ։ Սիրելի է հիշատակել և այն սրտառուչ թախիծն ու գութը, որով նա դարձյալ մի անգամ գրկեց ինձ։
Երբ մենք նրան ճանապարհի վրա կանգնած թողինք, մր․ Մեորդստոնը մոտեցավ նրան և կարծես թե կշտամբեց, թե ինչո՞ւ է այնքան հուզված։ Ես ետ էի նայում կառքի միջից և զարմանում, թե նա այնտեղ ի՞նչ գործ ուներ։ Պեգգոտին էլ, որ մյուս կողմից էր մտիկ տալիս, շատ գոհ չէր, ինչքան որ նկատեցի։
Երկար ժամանակ լուռ նստած նայում էի Պեգգոտիին և մտածում՝ եթե նա հանկարծ դեն ձգի ինձ, ինչպես անում են հեքիաթներում, արդյոք ես չէ՞ի կարողանա նորից գտնել մեր տունը այն կոճակների օգնությամբ, որ նա անշուշտ թափած կլիներ ճանապարհին։