Changes

Մարտին Իդեն, Գլուխ XLII

Ավելացվել է 33 018 բայտ, 12:34, 4 Հունվարի 2015
Նոր էջ «{{Գլուխ|հիմնական=Մարտին Իդեն|նախորդ=Մարտին Իդեն, Գլուխ XLI|հաջորդ=Մարտին Իդեն, Գլուխ XLIII}} Հասավ մի օ...»:
{{Գլուխ|հիմնական=Մարտին Իդեն|նախորդ=Մարտին Իդեն, Գլուխ XLI|հաջորդ=Մարտին Իդեն, Գլուխ XLIII}}

Հասավ մի օր, երբ Մարտինն իրեն բոլորովին միայնակ զգաց։ Նա առողջ էր և ուժեղ, իսկ ոչ մի գործ չուներ անելու։ Դադարելով սովորելուց ու գրելուց, կորցնելով Բրիսենդենին, զրկվելով Ռութի սիրուց՝ նա անսովոր դատարկություն էր զգում իր կյանքում։ Նա իզուր էր փորձում այդ դատարկությունը լցնել ճաշարաններով ու եգիպտական գլանակներով։ Ճիշտ է, Հարավային ծովերն անդիմադրելիորեն ձգում էին նրան, բայց նրան թվում էր, թե Միացյալ Նահանգներում իր անելիքները դեռ չի ավարտել։ Շուտով կտպվեն նրա երկու գրքերը, թերևս նրա այլ գրվածքներն էլ կգտնեն հրատարակիչներ․ իսկ դա նշանակում է՝ դրամ։ Արժե սպասել, որպեսզի ոսկով լի մի տոպրակ առած գնա օվկիանոս։ Մարքիզյան կղզիներում նա տեսել էր մի հիանալի հովիտ, որը կարելի է գնել չիլիական հազար դոլլարով։ Այդ հովիտը մոտ տասը հազար ակր տարածությամբ ձգվում էր պայտանման փոքր ծովածոցից մինչև բարձրաբերձ, իրենց գագաթներով ամպերի մեջ խրված, լեռները։ Նա ամբողջովին ծածկված էր արևադարձային բուսականությամբ, որի մեջ շատ կային կաքավներ ու վարազներ. իսկ լեռներում արածում էին վայրի շների ոհմակներից հալածական վայրի այծերի հոտեր։ Այդ վայրը կուսական բնության բոլորովին անբնակ ու անմշակ մի անկյուն էր։ Եվ այդ բոլորը՝ հովիտը ծովածոցի հետ միասին կարելի էր գնել չիլիական հազար դոլլարով։

Որքան հիշում էր Մարտինը, այդ ծովածոցն արտակարգ գեղեցիկ ու խորն էր. այնտեղ կարող էին կանգնել օվկիանոսային մեծ նավեր, և Խաղաղ օվկիանոսի երկաթուղային տեղեկատուն հանձնարարում էր դա որպես օվկիանոսի այդ մասի լավագույն նավամատույց։ Մարտինը կգնի մի երկկայմանավ, զբոսանավի տիպի արագընթաց մի նավակ և կզբաղվի առևտրով ու մարգարիտի որսով։ Նրա բազան կլինի հովտում։ Այնտեղ նա կկառուցի իր համար նախնադարյան եղեգնյա մի հյուղակ՝ այնպիսին, որի մեջ ապրում է ցեղապետ Թամին, և իր մոտ ծառայելու համար կվարձի սևամորթ բնիկներ։ Նա կընդունի իր մոտ Թայոհայեից եկող ֆակտորներին, առևտրական նավերի նավապետներին, մաքսանենգներին և ծովային ազնիվ թափառաշրջիկներին։ Նրա տունը բաց կլինի բոլորի համար, և նա արքայավայել կընդունի իր հյուրերին։ Թերևս այնտեղ նա կմոռանա ժամանակին իր կարդացած գրքերն ու աշխարհը, որն իրականության մեջ միայն պատրանք դուրս եկավ։

Բայց դրա համար հարկավոր է նստել Կալիֆորնիայում և սպասել, մինչև որ տոպրակը լցվի ոսկով։ Դրամներն արդեն սկսեցին հոսել դեպի նա։ Եթե իր գրքերից թեկուզ մեկը վաճառվի, նա հեշտությամբ կծախի բոլոր գրվածքները։ Կարելի է ժողովածուներ կազմել մանր պատմվածքներից և ոտանավորներիցք որպեսզի ավելի շուտ իրականություն դառնան և՛ հովիտը, և՛ ծովածոցը, և երկկայմ նավը. նա այլևս երբեք չի գրի․ դա վճռել է հաստատ և վերջնականապես։ Բայց հիմա, երբ գրքերը տպվում են, հարկավոր է մի բան անել։ Այսպիսի անզգայության և ամբողջ աշխարհի նկատմամբ անտարբերության մեջ ապրել չի կարելի։

Մի անգամ իմանալով, որ կիրակի օրը Շելլ֊Մոունդի զբոսայգում տեղի է ունենալու որմնադիրների զբոսանք, Մարտինը գնաց այնտեղ։ Անցյալներում նա հաճախ էր լինում այդպիսի զբոսանքներին, շատ լավ գիտեր, թե ինչ են ներկայացնում դրանք իրենցից, և հիմա, մտնելով զբոսայգի, զգաց, թե ինչպես վաղուց մոռացված զգացմունքները զարթնեցին իր մեջ։ Վերջ ի վերջո այդ բանվորներն իր շրջանի մարդիկ են։ Նա ծնվել ու մեծացել է նրանց մեջ, հիմա նա ուրախ էր, որ երկարատև ընդմիջումից հետո տեսնվում է նրանց հետ։

— Ա՜, դա Մարտինն է,— լսեց նա հանկարծ։ Իսկույն մեկը բարեկամաբար իր ձեռքը գրեց նրա ուսին։— Ո՞ւր էիր, հին բարեկամ, նավագնացությա՞ն էիր ելել։ Նստի՛ր, խմե՛նք մի շիշ։

Դրանք իր նույն հին ծանոթներն էին, միայն ինչ-որ նոր դեմքեր էին երևում, իսկ հներից մի քանիսը չկային։ Շատերը որմնադիրներ չէին, բայց ամեն մարդ ուզում էր մասնակցել կիրակնօրյա զբոսանքին, մի կուշտ պարել, զվարճանալ և իր ուժերը չափել։ Մարտինը խմեց նրանց հետ և անմիջապես կենդանացավ։ «Ի՜նչ հիմարություն,— մտածեց նա,— որ ես կտրվեցի սրանցից»։ Նա հաստատ համոզվեց, որ շատ ավելի երջանիկ կլիներ, եթե չհեռանար իր շրջանի մարդկանցիցդ չվազեր գրքային գիտելիքների հետևից և չձգտեր իրենից բարձր կանգնած մարդկանց հետ շփվելու։ Սակայն գարեջուրն այնքան համեղ չէր, ինչպես անցյալ տարիներին, հիմա բոլորովին այլ համ էր տալիս։ Ակներև է, որ Բրիսենդենը ետ է սովորեցրել նրան պարզ գարեջրից. թերևս գրքերը ետ են վարժեցրել նրան՝ պատանեկության իր նախկին ընկերների հետ բարեկամությունից։ Վճռելով ապացուցել ինքն իրեն, որ այնքան էլ ետ չի մնացել այդ բոլորից, նա գնաց տաղավար պարելու։ Այստեղ նա հանդիպեց իր քրոջ կենվորի՝ Ջիմի հետ, որն իր հետ բերել էր մի բարձրահասակ, խարտյաշ կնոջ։ Այդ կինը անմիջապես հասկացրեց, որ գերադասում է Մարտինին։

— Նրա հետ միշտ էլ այդպես է լինում,— ասաց Ջիմն իր բարեկամներին, որոնք ծաղրում էին նրան՝ տեսնելով, թե ինչպես Մարտինն ու խարտյաշը վալս են պարում։— Ես մինչև անգամ չեմ բարկանում, այնքա՜ն ուրախ եմ, որ նրան նորից եմ տեսնում։ Ինչ լավ է պարում, սատանան տանի։ Ի՜նչ կա զարմանալու, որ աղջիկը նրան ցանկացավ։

Սակայն Մարտինը խարտյաշին ազնվորեն վերադարձրեց Ջիմին։ Երեքն էլ ուրախ իրար խփեցին բաժակները և կես դյուժին այլ բարեկամների հետ միասին շարունակեցին հռհռալ ու հրճվել։ Բոլորն էլ ուրախ էին, որ Մարտինը վերադարձավ։ Նրա գրքերից դեռ ոչ մեկը լույս չէր տեսել, հետևաբար նրանց աչքում նա դեռ ոչ մի կեղծ արժեք չէր հանդիսանում, նրանք Մարտինին սիրում էին հենց որպես Մարտինի։ Նա զգում էր իրեն որպես աքսորից վերադարձած իշխան, և նրա միայնակ սիրտը ջերմանում էր այդ անկեղծ ու անմիջական զվարթության մեջ։ Մարտինի տրամադրությունը լավ էր։ Բացի այդ, նրա գրպանում զնգում էին դոլլարները, և նա առատորեն ծախսում էր դրանք, ճիշտ և ճիշտ ինչպես նախկին ժամանակները՝ նավարկությունից վերադառնալուց հետո։

Հանկարծ պարողների միջև Մարտինը տեսավ Լիզզի Քոննոլլիին, որը ինչ֊որ բանվորի հետ գրկված պարում էր։ Մի քիչ ուշ Մարտինը, տաղավարում ման գալիս, տեսավ, որ Լիզզին նստեց այն սեղանի մոտ, ուր զովարար ըմպելիքներ էին խմում, և մոտեցավ նրան։ Լիզզի Քոննոլլին շատ զարմացավ և ուրախացավ այդ հանդիպման համար և հաճույքով նրա հետ գնաց զբոսայգի, ուր կարելի էր զրուցել հանգիստ, առանց վախենալու, որ երաժշտությունը կխանգարի։ Առաջին իսկ բառերից պարզվեց, որ Լիզզին պատկանում է Մարտինին. և վերջինս հասկացավ այդ և նրա աչքերի խոնավ փայլից, և նրա ճկուն մարմնի շարժումներից, և այն բանից, որ նա ագահորեն որսում էր Մարտինի ամեն մի բառը։ Նա արդեն այն մատղաշ աղջիկը չէր, որին ժամանակին հանդիպել էր թատրոնում։ Լիզզի Քոննոլլին կին էր դարձել, և Մարտինը միանգամից նկատեց, թե ինչպես ծաղկել է նրա վառ, տաքարյուն գեղեցկությունը. նրա աշխուժությունը մնացել էր նախկինը, իսկ տաքությունը, ինչպես երևում է չափավորվել է։

— Գեղեցկուհի է, իսկական գեղեցկուհի,— ինքն իրեն մրմնջաց Մարտինն ակամա հիացումով։ Եվ նա գիտեր, որ բավական էր նրան ասել «գնանք» և Լիզզին կգնար նրա հետ մինչև աշխարհի ծայրը։

Այդ պահին Մարտինը հանկարծ այնպիսի հարված ստացավ գլխին, որ հազիվ կարողացավ կանգուն մնալ տեղում։ Հարվածն իջեցրել էին բռունցքով և հարված հասցնող մարդը, ինչպես երևում է, նշան էր բռնել Մարտինի ծնոտին, բայց շտապելուց ու կատաղությունից վրիպել էր։ Մարտինը շուռ եկավ այն ակնթարթին, երբ հարձակվողը պատրաստ էր մի անգամ էլ խփել։ Մարտինը ճարպկորեն թեքվեց մի կողմ, և հարվածը նպատակին չհասավ։ Մարտինը հակահարվածով վայր գցեց իր հակառակորդին. բայց վերջինս իսկույն ոտի կանգնեց՝ կատաղությունից իրեն կորցրած։ Մարտինը նայեց նրա երիտասարդ, մոլեգնությունից այլանդակված դեմքին՝ զարմանալով, թե ինչո՞վ կարող էր այդքան չարացնել նրան։ Սակայն զարմանքը չխանգարեց նորից ետ մղելու հարձակումը և մի ուժեղ հարվածով գետին տապալելու հարձակվողին։ Ջիմը և այլ բարեկամներ շրջապատեցին նրանց և բաժանեցին իրարից։

Մարտինն ամբողջ մարմնով դողում էր։ Ահա և նախկին երջանիկ օրերը՝ պարեր, զվարճություն, ծեծկռտուք։ Աչքի առաջից չհեռացնելով իր անակնկալ հակառակորդին՝ նա արագ նայեց Լիզզի Քոննոլլիին։ Սովորաբար աղջիկները ճչում էինք երբ տեղի էին ունենում նման ընդհարումներ, բայը Լիզզին չճչաց, այլ նայում էր շունչը պահած, ամբողջ մարմնով դեպի առաջ կքած, ձեռքերը կրծքին սեղմած. նրա այտերն այրվում էին, իսկ աչքերը փայլում էին հիացումից։

Մարտինի վրա հարձակվող մարդն այդ միջոցին ոտքի թռավ և աշխատում էր պոկվել իրեն զսպող բանվորների ձեռքից։

— Աղջիկն ինձ հետ էր ուզում գնալ,— բղավում էր նա ցասկոտ,— նա ուզում էր գնալ ինձ հետ, իսկ այս լիրբը տարավ նրան։ Թողե՛ք, ես նրան ցույց կտամ։

— Գժվե՞լ ես, ինչ է,— ասում էր Ջիմը՝ զսպելով երիտասարդին։— Իմացիր, դա Մարտին Իդենն է։ Ավելի լավ է, որ նրա հետ գործ չունենաս. նա քեզ հում֊հում կուտի։

— Բայց ինչո՞ւ տարավ իմ աղջկան,― գոռում էր նա։

— Նա հաղթել է Թռչող Հոլանդացուն, իսկ դու հիշո՞ւմ ես, թե նա ինչ տղա էր։ Եվ Մարտինը ոլորեց նրան հինգերորդ ռաունդում։ Դու մի րոպե էլ չես դիմանա. հասկացա՞ր։

Այդ հաղորդումն, ըստ երևույթին, մի փոքր խաղաղեցրեց երիտասարդին, որովհետև նա ուշադիր հայացքով չափեց Մարտինին և արդեն նվազ եռանդուն եղանակով ասաց.

— Այնքան էլ նման չէ։

— Այդպես էր կարծում նաև Թռչող Հոլանդացին,– հավատացնում էր նրան Ջիմը։— Գնա՛նք, գնա՛նք այստեղից։ Ի՜նչ է, ուրիշ աղջիկներ չկա՞ն, գնանք։

Վերջապես երիտասարդը համակերպվեց, և նրանք բոլորն ուղղվեցին դեպի տաղավարը։

— Դա ո՞վ է,— հարցրեց Մարտինը Լիզզիին.— և առհասարակ ինչի համար էր այս ամենը։

Նա տխրությամբ զգում էր, որ մինչև անգամ կռիվն այնքան չի գրգռում իրեն, ինչքան առաջ։ Վարժվելով ինքնավերլուծման, նա արդեն չէր կարող մտածել ու զգալ նախնադարյան մարդու պես։

Լիզզին թափ տվեք գլուխը։

— Հենց այնպես, տղա է,— ասաց նա,— վերջերս ես նրա հետ էի ման գալիս։

Մի քիչ լռելուց հետո նա ավելացրեց.

— Պարզապես ձանձրանում էի... Բայց ես երբեք չէի մոռանում,— նա ցածրացրեց ձայնը և հայացքն ուղղեց դեպի անորոշ տարածությունը։— Ի՞նչ է նա ինձ համար, հենց այնպես, թո՛ւ․․․

Մարտինն ուշադիր նայեց աղջկան՝ գիտենալով, որ հիմա, բոլոր կանոնների համաձայն, պետք է բռնել և սեղմել նրա ձեռքը, բայց լսելով պարզ խոսքը՝ սկսեց մտածել այն հարցի մասին, թե իրոք արժեք ունի նուրբ, քերականորեն ճիշտ լեզուն և․․․ մոռացավ պատասխանել Լիզզիին։

— Դուք լավ հաշիվ տեսաք նրա հետ,— ծիծաղելով ասաց աղջիկը։

— Նա ուժեղ տղա է,— վեհանձնորեն առարկեց Մարտինը․— եթե նրան չհեռացնեին, հարկավոր կլիներ երկար զբաղվել նրա հետ։

— Ո՞վ էր այն երիտասարդ կինը, որի հետ ես տեսա ձեզ մի անգամ,— հարցրեց Լիզզին։

― Հենց այնպես, մի ծանոթ կին,― պատասխանեց նա։

— Դա վաղուց էր,— մտածկոտ ասաց աղջիկը,— կարծես հազար տարի առաջ։

Մարտինը ոչինչ չասաց և փոխեց խոսակցության նյութը։ Նրանք գնացին ճաշարան, պատվիրեցին գինի և թանկարժեք աղանդեր, հետո Մարտինը պարեց նրա հետ, միայն նրա հետ, մինչև որ աղջիկը հոգնեց։ Մարտինը հրաշալի պարող էր, և աղջիկը պտույտ էր գալիս նրա հետ՝ երանությունից ոտքերը գետնից կտրած, գլուխը դրած նրա ուսին, կարծես ուզենալով, որ այդպես շարունակվի առհավետ։ Հետո նրանք նորից գնացին զբոսայգի, ուր աղջիկը, վաղեմի բարի սովորությամբ, նստեց խոտի վրա, իսկ Մարտինը պառկեց և գլուխը դրեց նրա ծնկին։ Նա շուտով նիրհեց, իսկ աղջիկը քնքշաբար շոյում էր նրա մազերը և նայում նրան, առանց թաքցնելու իր սերը։

Մարտինը հանկարծ բացեց աչքերը և նրա հայացքում կարդաց սիրո խոստովանությունը։ Լիզզին պատրաստվում էր աչքերը խոնարհել, բայց իսկույն լարեց իր կամքը և վճռական ու համարձակ նայեց նրան։

— Ես բոլոր այդ տարիները սպասում էի,― ասաց աղջիկը հազիվ լսելի ձայնով։

Մարտինը զգաց, որ իրոք դա այդպես է, թեև կարող էր անհավանական թվալ։ Մի մեծ գայթակղություն պատեց նրա սիրտը։ Նրանից էր կախված երջանկացնել այդ աղջկան։ Եթե իրեն վիճակված չէ երջանկություն, ինչո՞ւ չերջանկացնել նրան։ Նա կարող էր ամուսնանալ այդ աղջկա հետ և տանել նրան Մարքիզյան կղզիները՝ բնակվելու համար եղեգնաշեն դղյակում։ Նա շատ էր ուզում ենթարկվել այդ փորձությանը, բայց մի ներքին ձայն հրամայում էր չանել այդ։ Հակառակ իրեն, նա հավատարիմ էր մնում իր սիրույն։ Ազատությունների և թեթևամտության նախկին օրերն անցան. անկարելի էր վերադարձնել այդ օրերը։ Նա փոխվել էր, և միայն այժմ էր հասկանում, թե ինչքան է փոխվել։

— Ես ամուսնանալու հարմար մարդ չեմ, Լիզզի,— ասաց նա ժպտալով։

Աղջկա ձեռքը մի ակնթարթում կանգ առավ, բայց հետո նորից սկսեց խառնել նրա մազերը։ Մարտինը նկատեց, որ նրա դեմքը հանկարծակի ընդունեց խիստ, վճռական արտահայտություն, որը սակայն արագ անհետացավ, և նրա այտերը դարձյալ քնքշորեն շառագունեցին, իսկ աչքերը նայում էին քնքուշ ու փաղաքշորեն։

— Այդ չհի ուզում ասել ես,— ասաց Լիզզին,— ամեն պարագայում դա քիչ է մտահոգում ինձ։ Այո,— կրկնեց նա մի փոքր ընդմիջումից հետո,— դա քիչ է մտահոգում ինձ։ Ես պարծենում եմ ձեր բարեկամությամբ. պատրաստ եմ ամեն բան անել ձեզ համար։ Երևի, ես այդպիսին եմ։

Մարտինը նստեց։ Նա վերցրեց աղջկա ձեռքը և ջերմորեն սեղմեց, բայց առանց կրքի։ Այդ ջերմությունից ցուրտ փչեց Լիզզիի վրա։

— Չխոսենք այդ մասին,— ասաց Լիզզին։

— Դուք լավ, ազնիվ աղջիկ եք,— հայտարարեց Մարտինը,— ես ինքս պետք է հպարտանամ ձեր բարեկամությամբ։ Եվ հպարտանում եմ, այո՛, այո՚։ Դուք ինձ համար լույսի ճաճանչ եք խավար ու մռայլ աշխարհում, և ես էլ ձեզ հետ կլինեմ այնպես ազնիվ, ինչպես դուք ինձ հետ։

— Ինձ համար միևնույն է՝ ազնիվ եք ինձ հետ, թե ոչ։ Դուք կարող եք ինձ հետ անել այն ամենը, ինչ ուզում եք․ կարող եք ցեխը շպրտել ինձ և կոխոտել, եթե ուզում եք. բայց դա կարող եք միայն դուք․— ասաց նա, հպարտորեն բարձրացնելով գլուխը,— զուր չէ, որ ես մանկությունից սովորել եմ ինքս հոգալ իմ մասին։

— Ա՛յ, դրա համար էլ պետք է ազնիվ լինեմ ձեզ հետ,— սիրալիր ասաց Մարտինը։— Դուք այնքան հիանալի և ազնիվ եք, որ ես էլ պետք է ազնիվ վարվեմ ձեզ հետ։ Ես չեմ կարող ամուսնանալ և չեմ կարող... այո՛, չեմ կարող սիրել առանց ամուսնանալու, թեպետ դա անցյալում պատահում էր։ Ես շատ եմ ցավում, որ այսօր հանդիպեցի ձեզ, բայց հիմա արդեն ոչինչ չի կարելի անել։ Լիզզի, ես մինչև անգամ անկարող եմ պատմել, թե ինչքա՜ն հավանում եմ ձեզ։ Ավելին, ես հիանում և խոնարհվում եմ ձեր առաջ. դուք սքանչելի, իսկապես սքանչելի աղջիկ եք։ Բայց ի՞նչ օգուտ այդ բանը ձեզ ասելուց. ես կուզենայի միայն մի բան ասել։ Մեր կյանքր դժնդակ է եղել։ Թույլ տվեք ինձ հեշտացնել ձեր կյանքը։— Աղջկա աչքերում ուրախություն փայլեց և իսկույն հանգավ։— Շուտով ես կստանամ շատ դրամ, խիստ շա՜տ դրամ։

Եվ այդ պահին նա մոռացավ և՛ հովիտը, և՛ ծովածոցը, և՛ եղեգնյա հյուղակը, և՛ սպիտակ զբոսանավը։ Վերջ ի վերջո ինչի համար է այդ բոլորը, չէ որ նա ամենայն հեշտությամբ կարող է նավարկության գնալ ուզած ծովում և ուզած տեղը։

— Ես կուզենայի ձեզ տալ այդ դրամը։ Դուք կարող եք դասընթացներ հաճախել, սովորել որևէ մասնագիտություն։ Կարող եք սղագրուհի դառնալ. ես կօգնեմ ձեզ։ Թերևս ձեր ծնողներր ողջ են։ Ես կարող եմ գնել նրանց համար, օրինակ՝ նպարեղենի խանութ։ Ասացեք միայն, թե ինչ եք ուզում, և ես ձեզ համար կանեմ ամեն բան։

Լիզզին նստած էր անշարժ, իր առջևը նայելով չոր աչքերով, և ոչինչ չէր պատասխանում։ Մարտինը հանկարծ պարզ հասկացավ այն ամենը, ինչ զգում էր աղջիկն այդ րոպեին, և սիրտը հիվանդագին ճմլվեց։ Նա չպետք է ասեր այդ։ Այն, ինչ Մարտինն առաջարկում էր նրան, այնքան չնչին էր այն բոլորի համեմատությամբ, որ աղջիկը պատրաստ էր տալ նրան։ Դրա՜մ՝ սիրո փոխարեն։ Նա առաջարկում էր աղջկան այն, ինչ ավելորդ էր իր համար, առանց որի ինքը կարող էր յոլա գնալ, իսկ աղջիկը տալիս էր նրան իր անձը ամբողջությամբ՝ առանց վախենալու ո՛չ խայտառակությունից, ո՛չ մեղքից, ո՛չ հավիտենական տանջանքներից։

— Չխոսենք դրա մասին,— ասաց նա և հանկարծ հազաց, կարծես կոկորդն էր բռնվել,— ժամանակն է գնալու։ Ես հոգնել եմ։

Զբոսանքը վերջացել էր, և գրեթե ամբողջ հասարակությունը գնացել էր. բայց երբ Մարտինն ու Լիզզին դուրս եկան ծառերի հետևից, տեսան իրենց սպասող ընկերներին։ Մարտինը միանգամից հասկացավ, թե բանն ինչումն է. սպասվում էր կռիվ․ սրանք իր թիկնապահներն էին և իրեն ուղեկցելու էին մինչև այգու դռնակը։ Նրանց հետևից շարժվում էր մի այլ խումբ այն տղայի ընկերները, որից Մարտինը «խլեց» աղջկան։ Մի քանի ոստիկան նախատեսելով անկարգությունը մոտեցան, որպեսզի ընդհարման առաջն առնեն, և երկու խմբերին էլ ուղեկցեցին մինչև Սան֊Ֆրանցիսկո մեկնող գնացքը։ Մարտինը նախազգուշացրեց Ջիմին, որ Տասնվեցերորդ փողոցի կանգառում կիջնի և կնստի Օքլենգ տանող տրամվայը։ Լիզզին անտարբեր էր ամբողջ այդ անցուդարձին։

Գնացքր կանգ առավ Տասնվեցերորդ փողոցի մոտ։ Կանգառում սպասող տրամվայի տոմսավաճառը անհամբեր խփում էր գոնգը։

— Վերցրու աղջկան ու գնա,— բղավեց Ջիմը։— Շո՛ւտ, գնա՛. իսկ մենք նրանց այստեղ կպահենք։

Հակառակորդ խումբն առաջին հերթին շփոթված էր այդ մարտախաղով, բայց անմիջապես դուրս թռչելով վագոնից՝ սկսեց հետապնդել փախչողներին։

Տրամվայում նստած ուղևորները առանձին ուշադրություն չդարձրին երիտասարդի և աղջկա վրա, որոնք արագ վազեցին դեպի տրամվայը և գրավեցին առջևի երկու ազատ տեղերը։ Ոչ ոք չէր կասկածում, որ այս զույգը որևէ կապակցություն ունի Ջիմի հետ, որը թռչելով վագոնի աստիճանին բղավեց։

- Քշի՛ր ամենայն արագությամբ, ծերո՛ւկ, ոչ մեկին թույլ չտաս բարձրանալ։

Դրանից անմիջապես հետո Ջիմը արդեն ցած էր թռել տրամվայից և սկսել էր բռունցքներով ետ մղել տրամվայ նստել ցանկացող մարդկանց։ Տրամվայի ամբողջ երկայնքով սկսվեց տուրուդմբոցը։ Ջիմի ընկերները գրավեցին բաց վագոնի աստիճանը և հերոսաբար վանում էին գրոհները։ Տրամվայը շարժվեց գոնգի ուժեղ հարվածների տակ, և Ջիմի բարեկամները աստիճանից ցած թռան։ Ճակատամարտի դաշտը մնաց շատ հետևում, և ուղևորների մտքովն էլ չանցավ, թե այդ շքեղ հագնված երիտասարդն ու գեղեցիկ բանվորուհին էին տեղի ունեցող իրարանցման պատճառը։

Այդ ճակատամարտը հուզեց Մարաինին, և նրանում զարթնեց առաջվա մարտական ավյունը. բայց մի պահ անց սովորական թախիծը նորից պատեց նրան։ Նա ծեր էր, ամբողջ դարերով ավելի տարիքոտ, քան նրա պատանեկության այդ անհոգ ու ազատ բարեկամներր։ Նրա անցած ճամփան չափազանց երկար էր, և ետ դառնալու մասին չէր կարելի մտածել։ Նրան այլևս չէր հրապուրում այն ապրելակերպը, որ նա վարել էր անցյալում։ Նա հեռացել էր բարեկամներից. նրանց կյանքը Մարտինի համար զզվելի էր, ինչպես և էժանագին գարեջուրը, որից հրաժարվել էր։ Նա չափազանց առաջ էր գնացել։ Հազարավոր գրքեր, որպես պատ, բաժանում էին նրանց։ Նա ինքն է իրեն վտարել նրանց շարքից։ Նա հրապուրվեց ճամփորդությամբ դեպի խոհականության անսահման տարածությունները, որտեղից այլևս վերադարձ չկա։ Սակայն նա չդադարեց մարդ լինելուց։ Եվ նա առաջվա նման ձգտում էր մարդկային ընկերության։ Բայց նա դեռ չի գտել իր նոր հայրենիքը։ Ո՛չ բարեկամներ, ո՛չ մերձավորներ, ո՛չ նոր բուրժուական ծանոթներ, ոչ էլ մինչև անգամ այս աղջիկը, որին նա բարձր էր գնահատում և հարգում, չէին կաբող նրան հասկանալ։ Նա տխրությամբ ու դառնությամբ էր մտածում այդ մասին։

— Հաշտվեցեք նրա հետ,— խորհուրդ տվեց Մարտինը Լիզզիին, որին ուղեկցեց մինչև բանվորական թաղը, ուր ապրում էր աղջիկը՝ Վեցերորդ փողոցի ու շուկայի միջև։

Նա նկատի ուներ այն երիտասարդին, որի տեղն ինքն այսօր ակամա գրավել էր։

— Չեմ կարող... հիմա,— պատասխանեց Լիզզին։

— Դատա՜րկ բան է,— զվարթ գոչեց Մարտինը.— Բավական է սուլեք, և նա վազելով կգա։

— Բանն այդ չի,— ասաց աղջիկը պարզ ու հասարակ։

Եվ Մարտինը շատ լավ հասկացավ, թե նա ինչ էր ուզում ասել։ Լիզզին հանկարծ ձգվեց դեպի Մարտինը։ Այդ շարժման մեջ ոչինչ չկար տիրական և գրգռիչ, դա երկչոտ ու հեզ էր։ Մարտինը հուզված էր մինչև հոգու խորքը։ Նա խոր կարեկցություն զգաց և, նրան գրկելով, ամուր համբուրեց։

— Աստվա՜ծ իմ,— հեկեկաց աղջիկը.— ես կարող եմ ուրախությամբ մեռնե՛լ ձեզ համար... մեռնե՛լ ձեզ համար։

Նա հանկարծ պոկվեց Մարտինից և անհետացավ դռան հետևում։ Մարտինի աչքերից արտասուք ցայտեց։

— Մարտին Իդե՛ն,— մրմնջաց նա ինքն իրեն,— դու գազան չես, դու անպետք նիցշեական ես։ Դու պետք է ամուսնանայիր նրա հետ և տայիր նրան այն երջանկությունը, որին անչափ ձգտում է։ Բայց դու չես կարող. և դա ամոթ ու խայտառակություն է։ «Ծեր թափառաշրջիկը դառնորեն տրտընջում է» — քրթմնջաց նա հիշելով Հենլիին. «Ամբողջ մեր կյանքը սխալ է ու ամոթանք»։ Այո՛, մեր կյանքը սխալ ու ամոթանք է։
Վստահելի
1318
edits