Changes
: ― Նրա անունը Սիրիլ է, ― ժպտալով ասաց Հոլմսը։
: Դեռատի այցելուն կարմրեց և ծիծաղեց։
: ― Այո, միստր Հոլմս, նրա անունը Սիրիլ Մորթոն է։ Նա ինժեներ-էլեկտրիկ է, և, հուսով եմ, մենք ամռան վերջին կամուսնանանք։ Աստված իմ, այդ ինչպե՞ս պատահեց, որ նրա մասին խոսեցի։ Ես միայն ցանկացա ասել, որ այդ միստր Վուդլին ինձ զզվելի թվաց, իսկ միստր Կարուտերսը, որն ավելի տարեց էր, հաճելի տպավորություն թողեց։ Սևահեր էր, դեմքը դեղնավուն, հիվանդագին, մաքուր սափրված, լավ շարժուձև և հաճելի ժպիտ ուներ։ Համարյա ամբողջ ժամանակ լուռ էր, միայն հարցրեց, թե ապրելու ինչ միջոցներ են մնացել հորս մահից հետո, և իմանալով, որ ապրուստի միջոց չունենք, առաջարկեց, որ իր տասնամյա միակ աղջկան երաժշտություն դասավանդեմ։ Ես պատասխանեցի, որ չէի ցանկանա մորս մենակ թողնել, բայց նա ասաց, որ ես կարող եմ ամեն շաբաթ և կիրակի օրերը տուն մեկնել։ Նա տարին կվճարի հարյուր գինեյ, կիրակի օրերը թույլ կտա տուն մեկնել։ Իհարկե, լավ առաջարկություն էր։ Վերջի Վերջ ի վերջո, համաձայնեցի և մեկնեցի Չիլտերն-Գրեյնջ, որը Ֆարնեմից վեց մղոն էր հեռու։ Միստր Կարուտերսի կինը մահացել էր և տնտեսությունը վարում էր տնային տնտեսուհին, շատ հարգալից տարեց մի կին՝ միսիս Դիկսոնը։ Աղջիկն ուղղակի սքանչելի էր։ Մի խոսքով, ամեն ինչ բարեհաջող էր։ Ինքը՝ միստր Կարուտերսը, շատ բարի էր, սիրում էր երաժշտությունը, և երեկոներն այդ պատճառով շատ հաճելի էին անցնում։ Իսկ ամեն շաբաթ ես մեկնում էի քաղաք՝ տուն։
: Իմ կյանքը մթագնող առաջին ամպը եղավ միստր Վուդլիի՝ այն դեղին բեղերով երիտասարդի գալը։ Նա եկել էր ընդամենը մի շաբաթով, բայց այդ շաբաթն ինձ ավելի երկար թվաց, քան երեք ամիսը։ Նա սարսափելի մարդ էր, բոլորին կոպտում էր և տանջում, բայց ամենից վատթարը նրա վերաբերմունքն էր իմ հանդեպ։ Նա համառորեն սիրահետում էր ինձ ամենաստոր ձևով, անվերջ պարծենում իր հարստությամբ, կրկնում, որ եթե իր հետ ամուսնանամ, իմը կլինեն Լոնդոնի լավագույն ադամանդները, և վերջապես, երբ նրան հայտնեցի, որ չեմ ցանկանում ընդհանուր ոչինչ ունենալ իր հետ, գրկեց ինձ, չնայած իմ դիմադրությանը, և երդվեց, որ բաց չի թողնի, քանի դեռ իրեն չեմ համբուրել։ Նա սարսափելի ուժեղ էր, և ես չկարողացա պոկվել նրա գրկից։ Բարեբախտաբար, այդ պահին ներս մտավ միստր Կարուտերսը և բառացիորեն ինձ պոկեց նրանից։ Այդ ամբարտավանը նետվեց տանտիրոջ վրա, նրան գցեց գետնին և ապտակեց։ Սրանով ավարտվեց միստր Վուդլիի՝ որպես հյուր այդ տանը մնալու պատմությունը։ Միստր Կարուտերսը հաջորդ օրը ներողություն խնդրեց ինձնից և հավատացրեց, որ այլևս երբեք չեմ ենթարկվի նման ստորացման․ ինքը դրանով կզբաղվի։ Իսկապես, միստր Վուդլին այդ օրվանից չքվեց։
: Այժմ, միստր Հոլմս, ես անցնում եմ այն դեպքերին, որոնք հարկադրեցին խորհրդի գալ ձեզ մոտ։ Ամեն շաբաթ օր ես հեծանիվով ուղեվորվում եմ Ֆարնեմ կայարանը, որպեսզի հասնեմ 12.22-ի գնացքին։ Չիլտերն-Գրեյնջից մինչև կայարան ճանապարհն ամայի է, հատկապես ամայի է այնտեղ, ուր ճանապարհի մի կողմում չարլինգտոնոյան անմշակ հողատարածությունն է, իսկ մյուս կողմում՝ Չարլինգտոն-հոլի շրջակա անտառները։ Ճանապարհի այս մասը ձգվում է մղոնից շատ, և դժվար է ավելի ամայի վայր պատկերացնել։ Երբեմն կհանդիպես սայլի կամ միայնակ թափառող գյուղացու և այսպես մինչև Կրուկսբերի-հիլ, որտեղ ճանապարհը դուրս է գալիս մայրուղի։ Երկու շաբաթ առաջ, այդտեղով անցնելիս, ես պատահաբար նայեցի շուրջս և ինձնից մոտավորապես երկու հարյուր յարդ հեռավորության վրա մի հեծանվորդի տեսա։ Նա միջին տարիքի մարդ էր, և ես նկատեցի, որ կարճ, սև մորուք ուներ։ Երբ ետ նայեցի, հեծանվորդն անհետացել էր, և ես նրան մոռացա։ Պատկերացրեք զարմանքս, միստր Հոլմս, երբ երկուշաբթի, ետ վերադառնալիս, դարձյալ նկատեցի նույն հեծանվորդին նույն տեղում։ Իմ զարմանքն ավելի աճեց, երբ այդ պատմությունը նույնությամբ կրկնվեց հաջորդ շաբաթ և երկուշաբթի օրերին։ Հեծանվորդն ամբողջ ժամանակ իրեն պահում էր ինձնից պատկառելի հեռավորության վրա, և ես ոչ մի կերպ չէի կարող նրա վարմունքը պնդերեսություն համարել։ Եվ, այնուամենայնիվ, այդտեղ ինչ-որ տարօրինակ և տհաճ բան կար։ Ես ամեն ինչ պատմեցի միստր Կարուտերսին, նա անհանգստացավ և ասաց, որ պատվիրել է թեթև, զսպանակավոր կառք ու ձի, որ այլևս մենակ չգնամ այդ ամայի ճանապարհով։