Changes

Դավիթ Կոպպերֆիլդ

Ավելացվել է 70 979 բայտ, 17:53, 1 Փետրվարի 2015
/* ԺԸ․ գլուխ */
Միս Միլսը և իր օրագիրը իմ միակ սփոփանքն էին, այդ միջոցին։ Տենել նրան, որ նոր էր տեսել Դորային, գտնել այդ օրագրի յուրաքանչյուր երեսի վրա Դորայի անվան գլխատառը․․․ և դրանով ավելի սրտիս վերքը մորմոքել՝ դա էր միակ հաճույքս։ Ինձ թվում էր, թե մինչև այժմ մի թղթաշեն ապարանքի մեջ եմ ապրել, որ շառաչմամբ կործանվել է, միայն ինձ, ու միս Միլսին ավերակների միջև թողնելով։ Թվում էր, թե մի անգութ, չար կախարդ մի դյութական շրջան է գծել սրտիս անմեղ թագուհու շուրջը, և թե ես իրոք անկարող եմ ուրիշ կերպ հասնել նրան, եթե ոչ ժամանակի հզոր թևերի օգնությամբ, որոնք հազար ու հազար մարդկանց հասցրել են իրենց տենչալի նպատակին։
 
 
==ԺԹ․ գլուխ==
 
Ուիկֆիլդ և Հիպ
 
 
Երկարատև վհատությունս վերջ ի վերջո վրդովեց տատիս, և նա բարվոք համարեց Դուվր ուղարկել ինձ՝ իբր թե աչքի անցնելու իր ծովափնյա կոտեջը և ավելի երկարատև պայման կապելու վարձվորի հետ։ Ջենետն այժմ մրս․ Ստրոնգի մոտ էր ծառայում, ուր ես ամեն օր տեսնում էի նրան։ Դուվրից հեռանալիս նա դեռ երկմիտ էր արդյոք ընդմի՞շտ թշնամի մնա արական սեռին, որին վաղուց սովորել էր ատել, թե՞ հաշտվի՝ ամուսնանալով մի նավաստու հետ։ Սակայն վճռեց չամուսնանալ, և կարծեմ՝ ոչ թե սկզբունքին հավատարիմ մնալու համար, այլ որովհետև մի առանձին սեր չէր զգացել դեպի նավաստին։
 
Թեև միս Միլսից բաժանվելը դժվար էր, բայց ես սիրով ընդունեցի տատիս առաջարկը, որ ինձ առիթ էր տալիս մի քիչ հանգիստ վայելելու Ագնեսի մոտ։ Ես դիմեցի բարի դոկտորին, խնդրելով միայն երեք օրվա արձակուրդ, և նա ինձ խորհուրդ տվեց ավելի երկար բացակա լինել։ Սակայն գործելու եռանդս այնքան մեծ էր, որ երեք օրորվ բավականացա և գնալուս խնդիրն որոշվեց։
 
Համայնքում վարած պաշտոնիս հետ սերտ կապ չուներ այդ եռանդը։ Ճշմարիտն ասեմ՝ մեր համբավը շատ գովելի չէր առաջնակարգ պրոկտորների շարքում, և մեր գրասենյակն արագ֊արագ իր անկմանն էր մոտենում։ Մր․ Ջորկինսի օրով գործերի ընթացքը փայլուն չէր, և թեպետ դա մր․ Սպընլոյի արթուն ու ժիր աջակցությամբ փոքր ի շատե շտկվել էր, բայց ոչ այնքան, որ այդ հմուտ առաջնորդի վաղահաս մահով չխախտվեր։ Այժմ սկսեց զգալի կերպով վատանալ։ Մր․ Ջորկինսը, չնայած գրասենյակում վայելած հռչակին, մի անորոշ ու ծույլ մարդ էր, և մեր անձուկ շրջանից դուրս ոչ մի ազդեցիկ վարկ չուներ։ Այժմ ես նրա ձեռքի տակ էի աշխատում և նրա սպառած քթախոտի քանակն ու նրա դանդաղ շարժումները տեսնելով, ավելի քան երբևէ տատիս վճարած հազար ոսկին ափսոսում։
 
Եվ ցավալին միայն այդ չէր, Համայնքը պաշարված էր լիրբ ու խարդախ միջնորդներով, որոնք առանց պրոկտոր լինելու՝ շատ գործեր էին ձեռք բերում և իսկական պրոկտորների հավանությամբ հաջողեցնում, իհարկե եկամտի մասը նրանց տալով։ Մեր գրասենյակի խախուտ վիճակը մեզ էլ ստիպեց այդ քաջերի հետ ընկերանալ, որպեսզի նրանց օգնությամբ գործ գտնենք։ Ամենից ավելի շահաբեր էին ամուսնության արտոնագիր ու կտակի վավերացման գործերը, և այդ ասպարեզում մրցակցությունը իրոք անչափ սաստիկ էր։ Համայնքի յուրաքանչյուր մուտքի առջև մարդորսներ էին դրվում՝ մանրամասն հրահանգով, որ մի սև հագած մարդ կամ համեստ երիտասարդ գա թե չէ, իսկույն ևեթ այս կամ այն պրոկտորի սենյակը քաշեն։ Եվ հրահանգներն այնպես ճիշտ էին կատարվում, որ մի֊երկու անգամ ինձ էլ սխալմամբ ճանկեցին ու հրելով տարան մեր գլխավոր հակառակորդի սենյակը։ Դարանամուտ ասպետները հակառակ շահերի ընդհարումից երբեմն այնպես էին գրգռվում, որ սկսում էր բռնցքակռիվը․ և նույնիսկ մեր առաջին մարդորսը (որ առաջ մի գինեվաճառ էր, իսկ հետո իրավաբան միջնորդների դասակից) մի օր այնպես ծեծ կերավ, որ ստիպված էր, ի խայտառակություն Համայնքի, ամբողջ շաբաթ ջարդված աչքով երևալ։ Այս առաքինի հերոսների համար հեշտ բան էր՝ հենց որ կառքից մի սևազգեստ պառավ իջներ, վազելով նրա թևից բռնել, նրա հարցրած պրոկտրին իսկույն սպանել, ասելով թե իրենց պաշտոնն է նրանց հաջորդել, և դրա մոտ տանել այդ գույժից դեռ չսթափված պառավին։ Այդպիսի գերիներ մեր մոտ էլ շատ էին բերվում։ Գալով ամուսնության արտոնագրերին, մրցությունն այն աստիճան ահեղ էր, որ մի այդպիսի գիր ստանալու համար Համայնք եկող փոքր֊ինչ երկչոտ ջենտլմենին ուրիշ բան չէր մնում անել, բացի հենց առաջին մարդաորսի ձեռքն ընկնելուց և կամ թե իր պատճառով ծագած ջարդը տեսնելուց հետո՝ իսկույն հաղթողի գերին դառնալ։ Մեր կլերկներից մեկը սովոր էր գլխարկը ձեռքին նստած սպասել, որ տուր ու դմբոցը սաստկանա, և ընդհանուր իրարանցումից օգտվելով, զոհի վրա հարձակվել ու նրան մեր սենյակը փախցնել։ Մարդորսության այս եղանակը կարծեմ հիմի էլ շարունակվում է։ Երբ ես վերջին անգամ Համայնք էի գնացել, դռան հետևից սպիտակ գոգնոցով մի հուժկու տղա վրաս ընկավ և ականջիս «Ամուսնության թույլտվությո՞ւն» շշնջալով, ինձ գրկեց և արդեն տանում էր իր պրոկտորի մոտ․ հազիվ պրծա նրա ձեռքից։
 
Այս շեղումից հետո անցնենք Դուվր։
 
Ամեն բան բարեկարգ գտա կոտեջում և փութացի տատիս գրել, թե վարձվորն էլ էշերին նրա նման թշնամի է և անդադար մարտ է մղում նրանց դեմ։ Ինձ պետք եղավ միայն մի գիշեր մնալ Դուվրում․ Առավոտյան Կենտրբրի գնացի։ Արդեն ձմեռ էր․ սառն օդից ու սուր հողմից հույսերս մի քիչ արթնացան։
 
Կենտրբրիի հին փողոցներում շրջելիս մի պարզ հաճույք զգացի, որ հոգուս աղմուկը փարատեց ու սիրտս կազդուրեց։ Աչքի ընկնող նորություններ չտեսա․ ցուցանակները հին էին, կրպակների անունները հին, նրանց մեջ ծառայող մարդիկն էլ հին։ Զարմանում էի, որ քաղաքն այդպես քիչ է փոխվել։ Մի՞թե արդեն վաղուց չէր, որ աշակերտ էի այդ քաղաքում․․․ Հետո միայն հիշեցի, որ ես ինքս էլ քիչ եմ փոխվել։ Տարօրինա՜կ բան․ ինձ թվում էր, թե այն ամոքիչ ու հանգստացուցիչ ազդեցությունը, որ մտքիս մեջ անբաժան էր Ագնեսից, մինչև անգամ իր քաղաքի վրա է տարածվել։ Մայր եկեղեցու պատկառելի աշտարակները, նրանց խորհրդավոր լռությունը, որ ավելի զգալի էր դառնում ագռավների կառանչից, դարավոր դռները, երբեմնի կանգուն, իսկ այժմ փլված, ու բարեպաշտ ուխտավորների բազմության հետ փոշի դարձած անդրիները, ստվերամեծ խորշերը, մամռապատ կամարներն ու որմերը, ալևոր տները, դաշտային տեսարանները, այգիներն ու պարտեզները, այդ միևնույն խաղաղ, ամոքիչ ոգին։
 
Մր․ Ուիկֆիլդի տան այն գետնահարկի փոքր սենյակը մտնելուս պես, ուր մի ժամանակ Ուրիաս Հիպն էր պարապում, գտա մր․ Միկաբրին, որ ամենամեծ արագությամբ սահեցնում էր իր գրիչը։ Նա հագած էր պաշտոնական ֆրակի նման մի սև հանդերձ և իր հաղթ մարմնով բոլորովին լցնում էր փոքր սենյակը։
 
Մր․ Միկաբրը վերին աստիճանի ուրախացավ ինձ տեսնելով, թեև փոքր֊ինչ շվարեց։ Նա ուզում էր իսկույն Ուրիասի մոտ տանել ինձ, սակայն այդ պատվից ես հրաժարվեցի։
 
― Այս տունը ես վաղուց եմ ճանաչում, ― ասացի ես, ― ինքս էլ կգտնեմ վերև տանող ճանապարհը։ Դե, ասացեք, ձեր իրավաբանությունն ինչպե՞ս է գնում, մր․ Միկաբր։
 
― Սիրելիդ իմ Կոպպերֆիլդ, ինձ նման վառ երևակայության տեր մարդու համար մի քանի անհարմար կողմեր ունի իրավաբանությունը․ դա իր չոր ու ցամաք մանրամասներով մտքի թռիչքը կաշկանդում է։ Նույնիսկ մեր պաշտոնական թղթակցության մեջ, ― նկատեց մր․ Միկաբրը, իր պատրաստած նամակների վրա ակնարկելով, ― մարդուս միտքը զբաղված է վսեմ ոճեր գտնելու համար ճախր անելու ազատությունից։ Բայցևայնպես, պիտի ասեմ, մե՜ծ գիտություն է, ահագի՜ն։
 
Այնուհետև իմացա, որ նա իր ընտանիքով Ուրիաս Հիպի հին տնակումն է բնակվում։
 
― Մրս․ Միկաբրը շատ ուրախ կլինի իր սեփական հարկի տակ ընդունել ձեզ, ― ասաց մր․ Միկաբրը։ ― Այո, այդ հարկը իմ բարեկամ Հիպի ասելով խոնարհ է, բայց մի օր կարող է ավելի շքեղ տնտեսական հարդարումների պատվանդան հանդիսանալ։
 
Հարցրի նրան՝ արդյոք իր ընկեր Հիպից գո՞հ է։ Պատասխանելուց առաջ նա հարկ համարեց մի լավ ստուգել՝ դուռը փա՞կ է, թե՞ փակ չէ, և ապա ասաց մեղմ ձայնով․
 
― Սիրելիդ իմ Կոպպերֆիլդ, դրամական տագնապի ճնշման ներքո աշխատող մարդու դրությունը բավական ծանր է ընդհանրապես։ Այդ ծանրությունն ավելի սաստիկ է, երբ մանավանդ ստիպված ես ապագա աշխատանքիդ արդար վարձը առաջուց ստանալ՝ դրամի ձևով։ Կարող եմ միայն այն ասել, թե իմ բարեկամ Ուրիաս Հիպը խնդիրներս այնպիսի եղանակով իրագործեց․․․ այժմ ավելորդ է այդ հիշատակել․․․ որ հավասարապես պատիվ է բերում թե՛ իր գլխին և թե՛ իր սրտին։
 
― Մի՞թե։ Չէի կարծում, թե նա շատ առատաձեռն է, ― նկատեցի ես։
 
― Ներեցե՜ք, ― ասաց մր․ Միկաբրը բռնազբոսիկ եղանակով։ ― Անձնական փորձով եմ խոսում իմ բարեկամ Հիպի մասին։
 
― Ուրախ եմ, որ ձեր փորձն այդպես հաջող է։
 
― Շատ բարի եք, սիրելիդ իմ Կոպպերֆիլդ, ― ասաց մր․ Միկաբրն և մի ինչ֊որ երգ մրմնջաց։
 
― Շուտ֊շո՞ւտ եք տեսնում մր․ Ուիկֆիլդին, ― հարցրի ես խոսկացության նյութը փոխելու համար։
 
― Ոչ շատ հաճախ, ― ասաց մր․ Միկաբրը մտածկոտ։ ― Մր․ Ուիկֆիլդը, կարող եմ ասել, շատ պատվական սրտով մարդ է, բայց․․․ կարճ կտրենք․․․ արդեն անպետք։
 
― Արդյոք իր ընկերը չէ՞, որ ցանկանում է նրան այդպես դարձնել։
 
― Սիրելի Կոպպերֆիլդ, ― պատասխանեց մր․ Միկաբրը իր աթոռի վրա անհանգիստ կերպով շարժվելուց հետո, ― թույլ տվեք՝ մի նկատողություն անեմ։ Ես այստեղ մի խորհրդակից մարդ եմ։ Կան նյութեր, որ պաշտոնիս բնույթը նկատի առնելով, նույնիսկ մրս․ Միկաբրի առջև անկարող եմ շոշափել (թեև քաջ գիտեք, որ նա կյանքիս ալեծածան բերմունքների ընկերն է և շատ պայծառ մտքի տեր կին)։ Հետևաբար համարձակություն կառնեմ ասելու, թե այսուհետև կցանկանայի մեր մտերմական հարաբերության մեջ․․․ որ անշուշտ երբեք չպիտի խանգարվեն․․․ մի գիծ քաշել։ Այդ գծի մի կողմը, ― ասաց մր․ Միկաբրը, մի գիծ քաշելով սեղանի վրա, ― մարդկային մտքի օգուտները դասված կլինեն՝ մի թեթև բացառությամբ, մյուս կողմը՝ այդ բացառությունը, այսինքն՝ մր․ Ուիկֆիլդի ու մր․ Հիպի գործերն իրենց ամեն պարագաներով։ Վստահ եմ, որ երիտասարդությանս ընկերոջը չեմ վշտացնի, եթե մի այսպիսի բան առաջարկեմ նրա լուսամիտ դատողությանը։
 
Մր․ Միկաբրի դեմքի կնճռոտվելն ապացույց էր, որ նա գոհ չէ իր պաշտոնից։ Ես պատասխանեցի, թե ամենևին չեմ վշտանում․ նրա կասկածը փարատվեց և աջս սեղմեց։
 
― Սակայն հավատացեք, սիրելի Կոպպերֆիլդ, ― ասաց մր․ Միկաբրը, ― ես հափշտակված եմ միս Ուիկֆիլդով։ Նա մի գերազանց օրիորդ է, շատ շնորհալի, առաքինի ու չափազանց սրտացավ։ Պատիվս վկա, ― գոչեց մր․ Միկաբրը, իր մատի ծայրը համբուրելով ու ջենտլմենի պես գլուխ տալով, ― ամենախորհին մեծարանքս միս Ուիկֆիլդին։ Այո՜։
 
― Շատ ուրախ եմ, ― ասացի ես։
 
― Եթե այն ախորժելի երեկույթին, որ բախտ ունեցանք վայելելու ձեր Լոնդոնի բնակարանում, չասեիք մեզ, Կոպպերֆիլդ, թե Դ․ է ձեր սիրեկան տառը, այժմ հաստատ կասեի, թե Դ․ չէ, այլ Ա․ է։
 
Յուրաքանչյուր մարդ զգացած կլինի, թե կան րոպեներ, երբ ամեն բան ինչ որ անում ենք և կամ լսում, կարծես արդեն վաղուց ենք արել կամ լսել, շատ վաղուց, կարծես նորից շրջապատված ենք նույն դեմքերով, նույն իրերով, նույն պայմաններով․ կարծես արդեն շատ լավ գիտենք, թե ինչ կասվի հաջորդ րոպեին, իբր թե ամեն բան միանգամից մտաբերած լինենք։ Ոչ մի ժամանակ այս խորհրդավոր զգացումը այնպես ուժով չէր տիրել սրտիս, ինչպես որ մր․ Միկաբրի վերոհիշյալ խոսքերը լսելուցս առաջ։
 
Թողի նրան մինչև նոր այցելություն ու խնդրեցի հայտնել ողջյուններս իր բոլոր գերդաստանին։ Մր․ Միկաբրը նորից նստեց սեղանի առջև ու գրիչն առնելով գլուխը թեքեց՝ ավելի հանգիստ գրելու համար։ Պարզ նկատելի էր, որ այդ նոր պաշտոնն ընդունելուց ի վեր մի բան է անցել նրա և իմ միջև, որ մեզ արգելում էր առաջվա նման մտերիմ լինել և խճողում էր մեր նախկին հարաբերության նկարագիրը։
 
Հին դահլիճում մարդ չկար, բայց երևում էին մրս․ Հիպի նոր ներկայության հետքերը։ Ես Ագնեսի սենյակի դուռը բաց արի․ նա նստած էր վառարնի մոտ իր փոքրիկ սեղանի առջև և մի բան էր գրում։
 
Նա գլուխը բարձրացրեց՝ տեսնելու, թե ո՞վ է ներս մտել։ Ինչ ուրախություն էր ինձ համար, որ նա ինձ նկատելուն պես, դեմքի լուրջ արտահայտությունը փոխելով, հանկարծ ժպտաց ու ինձ սիրով բարևեց։
 
― Օ՜հ, Ագնես, ― ասացի ես, երբ որ նստեցինք իրար մոտ, ― այս օրերս ես ձեզ շատ էի կարոտել։
 
― Իրո՞ք, ― պատասխանեց նա։ ― Նորի՞ց։ Եվ այսպես շո՞ւտ։
 
Ես գլուխս շարժեցի։
 
― Չգիտեմ ինչի՞ց է, Ագնես․ ինձ թվում է, թե ես կարոտ եմ մի հատկության, որից զուրկ եմ։ Դուք սովոր էիք այն երջանիկ հին օրերում այնքա՜ն մտածել իմ փոխարեն, և ես այնքա՜ն սովոր էի ձեր խորհրդին և օգնությանը դիմել, որ կարծես իրոք այն հատկությոնից զուրկ եմ մնացել։
 
― Ո՞ր հատկությունից, ― հարցրեց Ագնեսը զվարթ ձայնով։
 
― Ինքս էլ չգիտեմ ինչ անուն տամ այդ հատկությանը։ Ես կարծեմ բավական հաստատամիտ ու լուրջ եմ։
 
― Անտարակույս, ― ասաց Ագնեսը։
 
― Եվ համբերող, չէ՞, Ագնես, ― հարցրի ես անվստահ։
 
― Այո՛, ― ժպտալով պատասխանեց Ագնեսը։ ― Փոքր֊ինչ էլ համբերող։
 
― Բայցևայնպես երբեմն այն աստիճան ողորմելի ու նեղսիրտ եմ, այ աստիճանի վարանոտ ու փոքրոգի, որ վստահություն ստանալու համար ինձ պետք է․․․ ինչպե՞ս ասեմ․․․ մի հենակետ, մի նեցուկ։
 
― Բոլորը մեկ է, ― ասաց Ագնեսը։
 
― Եվ այդ նեցուկը դուք եք, Ագնես․ միայն դուք եք իմ մտքերի ու գործերի հենարանը։ Գալիս եք Լոնդոն՝ և ես իսկույն սթափվելով պարզ տեսնում եմ նպատակս և ըստ այնմ գործում։ Հեռանում եք՝ և դարձյալ սրտիս լքումն է տիրում։ Բայց բավական է՝ ձեզ տեսնեմ, որ նույն րոպեին նոր մարդ դառնամ։ Հարկավ ինձ վշտացնող հանգամանքներն այս սենյակը մտնելուս պես չփոխվեցին․ բայցևայնպես արդեն զգում եմ մի բարերար ազդեցություն, որ դեպի լավն է փոխում ինձ։ Ի՞նչ բան է դա։ Ինչո՞ւմն է ձեր գաղտնիքը, ո՜վ Ագնես։
 
Նա իր գլուխը կախել էր և աչքերը վառարանին հարել։
 
― Սա մի հին պատմություն է, ― շարունակեցի ես։ ― Չծիծաղեք, եթե ասեմ, որ միևնույնը կյանքիս թե մանր և թե խոշոր բաներումն էլ կրկնվել է։ Հին ցավերս չնչին էին, մանկական, հիմիկվանը՝ շատ ծանր են․ բայց ամեն անգամ, երբ թողել եմ քույրիկիս․․․
 
Ագնեսը վրաս նայեց, ինչ երկնային հայացք, և իր աջն ինձ մեկնեց, որը սրտանց համբուրեցի։
 
― Բայց, Ագնես, ամեն անգամ, երբ ձեր խորհրդից, առաջնորդող հրահանգներից զուրկ եմ մնացել, ես մոլորվել եմ ու հազար տեսակ փորձանքների մեջ ընկել․ սակայն միշտ էլ՝ ձեզ տեսնելուս պես հոգիս իսկույն խաղաղվել է։ Ահա այժմ էլ ձեզ մոտ եմ գալիս, որպես մի հոգնած ուղևոր, և չեք կարող երևակայել, թե որքա՜ն քաղցր հանգիստ եմ գտնում։
 
Խոսքերս այնքա՜ն ջերմ էին, սրտիս հուզումն այնպե՜ս անկեղծ, որ ձայնս դողաց և ես երեսս ծածկեցի ու լաց եղա։ Գրածս զուտ ճշմարտություն է։ Ո՛չ անհետևողականությունն էր հոգս պատճառում ինձ, ո՛չ էլ սրտիս հակասությունները, որոնք կարող են և ամեն մարդու սրտի մեջ լինել․ ես չէի ասում ինձ, թե կարող էի ուրիշի պես վարվել և ավելի լավ, քան մինչև այժմ, ոչ էլ թե շատ բան եմ արել, որ խղճիս ձայնին միանգամայն հակառակ էր․ բնա՜վ ոչ։ Միայն այս գիտեի, որ Ագնեսի մոտ, նրա կողքին ես հանգիստ եմ, հոգով սրտով երջանիկ։
 
Ագնեսի քույրական վարմունքը, նրա պայծառ աչքերը, գողտրիկ ձայնը և այն թովիչ հանդարտությունը, որի շնորհիվ նրա տունը մի սրբարան էր դարձել ինձ համար, սրտիս հույզերը մեղմեցին, և ինչ որ մեր վերջին տեսակցությունից հետո պատահել էր, բոլորը նրան պատմեցի։
 
― Այլևս ձեզ հաղորդելու բան չունեմ, Ագնես, ― ասացի ես խոստովանությունս ավարտելով։ ― Բայց հույսերս այժմ ձեր վրա է։
 
― Ինչո՞ւ, Տրոտուդ, իմ վրա, ― քաղցր ժպիտով ասաց Ագնեսը։ ― Դուք պետք է մեկ ուրիշի վրա հույս դնեք։
 
― Դորայի՞ վրա։
 
― Անշուշտ։
 
― Բանն էլ, Ագնես, հենց այդ է, ― ասացի ես շփոթվելով, ― որ Դորային վստահելը դժվար է, ոչ թե նրա համար, որ նա․․․ Դորան անմեղության ու մաքրության տիպար է, այլ․․․ ճշմարիտ, Ագնես, ինքս էլ չգիտեմ, ինչպե՞ս ասեմ։ Նա չափազանց երկչոտ է, ամեն բանից իսկույն ևեթ սարսափող։ Երբ ես մր․ Սպընլոյի մահվանից փոքր֊ինչ առաջ պետք էի համարել ասել նրան, թե․․․ սակայն եթե լսելու համբերություն ունենաք, ամեն բան մանրամասն կպատմեմ։
 
Եվ Ագնեսը լսեց, թե ի՞նչ էի ասել Դորային իմ չքավորության մասին, խոհարարության գրքի մասին, տնտեսական հաշիվների մասին և այլն։
 
― Օ՜հ, Տրոտուդ, ― գոչեց Ագնեսը մեղմ ժպիտով։ ― Դարձյալ առաջվա անզգույշ տղան եք։ Շատ լավ է, որ վճռել եք անձնական ջանքով այս աշխարհում ճանապարհ բանալ, բայց ի՞նչ հարկ կար այդ ամենը շտապով հայտնել նրա պես երկչոտ, սիրելի ու դեռ անփորձ աղջկան։ Խե՜ղճ Դորա։
 
Ագնեսի ձայնով արտահայտված այդ բարեսիրտ զիջողության պես քնքուշ բան դեռ կյանքումս չէի լսել։ Ինձ թվաց, թե նա գգվելով, փայփայելով համբուրում է Դորային և նրան պաշտպանելիս, լռելայն ինձ է կշտամբում, թե ինչո՞ւ ես շտապեցի այդ մանկան սիրտն աղմկել։ Ինձ թվաց, թե տեսնում եմ, ինչպես Դորան իր սրտագրավ պարզությամբ փաղաքշում է Ագնեսին, շնորհակալություն հայտնում նրան, հեզաբար իմ անձի դեմ բողոքում նրան և միևնույն ժամանակ սեր հայտնում ինձ՝ իր անմեղ սրտի ամբողջ ուժով։
 
Որքա՜ն էի շնորհակալ Ագնեսից, որքա՜ն էի հիանում նրանով։ Աչքս դեպի ապագան ուղղելիս՝ դրա պայծառ հեռանկարի մեջ Ագնեսն ու Դորան միացած էին երևում ինձ, իբրև սրտակից և իրար արժանի ընկերուհիներ։
 
― Ուրեմն ի՞նչ անեմ, Ագնես, ― հարցրի ես մի քանի վայրկյան կրակին լուռ նայելուց հետո։ ― Ի՞նչ խորհուրդ կտաք։
 
― Իմ կարծիքով, ― ասաց Ագնեսը, ― ձեր ազնիվ անելիքը՝ այն երկու լեդիներին մի պարզ նամակ գրելն է։ Ի՞նչ կասեք, մի գաղտնի ճանապարհ բռնելը ստոր բան չէ՞։
 
― Այո, ստոր է, եթե այդ է ձեր կարծիքը։
 
― Այդպիսի բաներում ես մի թշվառ դատավոր եմ, ― ասաց Ագնեսը, համեստաբար վարանելով, ― սակայն սիրտս վկայում է․․․ մի խոսքով՝ ես զգում եմ, որ թաքուն ու ծածուկ բան բռնելը ձեր բնավորությանը վայել չէ։
 
― Կարծեմ, Ագնես, դուք անչափ լավ գաղափար ունեք բնավորությանս մասին։
 
― Վայել չէ ձեր բնական անկեղծությանը, ― պատասխանեց Ագնեսը։ ― Այս պատճառով, եթե ես ձեր տեղը լինեի, այն երկու լեդիներին կգրեի, ամեն բան կարևլվույն չափ պարզ կպատմեի և կխնդրեի, որ թույլ տան երբեմն նրանց տունն այցելել։ Եվ որովհետև դուք ջահել եք ու նոր եք ձգտում մի դիրք ստեղծել կյանքի մեջ, լավ կլիներ ասել նրանց, թե ինչ պայման էլ առաջարկեն, հոժար սրտով կընդունեք։ Համենայն դեպս կաղաչեի նրանց, որ Դորայի կամքը չիմացած՝ մի բացասական պատասխան չտան, այլ նախ նրա հետ խորհրդակցեն, երբ էլ այդ հարմար գտնեն։ Ես շատ կրակոտ չէի լինի, ― ասաց Ագնեսը քաղցրությամբ, ― ոչ էլ շատ մեծապահանջ։ Ես կապավինեի իմ սիրուն, իմ հաստատուն բնավորությանը և, մանավանդ Դորային։
 
― Իսկ եթե Դորան նորից սարսափի՞, երբ այդ մասին իր հետ խոսեն․ եթե նորից լաց լինի՜ և չուզենա իմ մասին խոսել։
 
― Մի՞թե այդ հավանական է, ― հարցրեց Ագնեսը շատ սրտագին համակրությամբ։
 
― Աստված իմ, չէ՞ որ նա մի թռչնիկի պես վախկոտ է։ Եվ եթե այն քույրերը չկամենան ասածներս ընդունել․․․ չէ՞ որ պառավ օրիորդները երբեմն ուրույն քմահաճույք են ունենում։
 
― Չեմ կարծում, Տրոտուդ, որ պետք լինի երկար մտածել այս մասին, ― ասաց Ագնեսը հեզահամբյուր հայացքով։ ― Աշխատեցեք միայն լավ կշռել, որ ինչ քայլ էլ անելու լինեք, ազնիվ լինի, և երբ տեսնեք որ ազնիվ է, մի տատնվեք, իսկույն արեք։
 
Վարանումս անհետացավ։ Թեթևացած սրտով, անելու քայլիս ահագին խորհուրդը պարզ տեսնելով, նստեցի նամակը գրելու և ամբողջ երեկոն դրա շարադրությանը նվիրեցի․ այդ նշանավոր գործի համար Ագնեսը իր գրասեղանն ինձ տվեց։ Բայց նախ ներքև իջա մր․ Ուիկֆիլդին և Ուրիաս Հիպին տեսնելու։
 
Ուրիասին տեսա դեռ գաճի հոտ բուրող գրասենյակում, որ նոր էր շինված պարտեզի մեջ․ անչափ ստոր ու գարշելի թվաց ինձ նրա դեմքը՝ թղթերի ու գրքերի դեզերում։ Նա ինձ իր քծնի շարժումներով ընդունեց և այնպես ձևացրեց, իբր թե գալուս մասին բան չի լսել մր․ Միկաբրից․ բայց ես հարկավ չհավատացի։ Մտանք մր․ Ուիկֆիլդի սենյակը, որ նախկին սենայկի միայն ստվերն էր, որովհետև բոլոր ընտիր կահկարասին նոր ընկերոջ մոտ էր տարված։ Ուրիասը կրակի առջև կանգ առավ, իր մեջքը տաքացնելով ու կզակը շփելով, մինչ մր․ Ուիկֆիլդն ու ես ողջունում էինք իրար։
 
― Դուք, իհարկե, մեզ մոտ կմնաք այս գիշեր, ― ասաց մր․ Ուիկֆիլդը, մի ակնարկ նետելով Ուրիասին՝ կարծես նրա հաճությունն իմանալու համար։
 
― Ինձ համար տեղ կունենա՞ք, ― հարցրի ես։
 
― Անշուշտ, մաստր Կոպպերֆիլդ․․․ ներեցեք՝ ուզում էի միստր ասել, բայց մաստրն այնպես մտերմական է, ― ասաց Ուրիասը․․․ Սիրով պատրաստ եմ ձեզ զիջել ձեր առաջվա սենյակը, եթե միայն կամենաք։
 
― Ո՛չ, ո՛չ, ― ասաց մր․ Ուիկֆիլդը։ ― Ձեզ ի՞նչ հարկավոր է նեղություն կրել։ Ուրիշ սենյակ էլ կճարվի։
 
― Սակայն գիտե՞ք, ― ասաց Ուրիասը, ատամները ցույց տալով, ― ես անչափ գոհ կլինեի․․․
 
Կարճ կտրելու համար ես ասացի, թե մյուս սենյակում կմնամ ու կամ հյուրանոց կերթամ և մինչև երեկո հրաժեշտ տալով ընկերներիս, դարձյալ վերև բարձրացա։
 
Հույս ունեի մեկնակ լինել Ագնեսի հետ, բայց անմիջապես մրս․ Հիպն էլ այնտեղ եկավ իր հյուսվածքով ու նստեց կրակի մոտ, ասելով թե Ագնեսի սենյակն ավելի տաք է, քան դահլիճն ու ճաշարանը, ուր իբր թե քամի է փչում, ուր իր հոդացավին վնասակար է։ Թեև ես առանց խղճահարվելու պատրաստ էի մատնել նրան մայր տաճարի ամենաբարձր աշտարակի հողմերին, սակայն ստիպված լինելով առաքինության հարկ վճարել, քաղաքավարի կերպով բարևեցի։
 
― Խոնարհաբար շնորհակալ եմ, սըր, ― ասաց մրս․ Հիպն իր առողջությունը հարցնելուս փոխարեն։ ― Ինչպես էլ լինի՝ ապրում եմ, թեև չեմ կարող առողջությունովս պարծենալ։ Եվ ինչի՞ս է պետք առողջությունը։ Միայն թե Ուրիասիս մի տեղ հաստատված տեսնեի, այնուհետև մահս էլ որ գա, ինձ հոգ չէ։ Ինչպե՞ս գտաք Ուրիասիս, սըր։
 
Ես նրան առաջվա պես գարշելի էի գտել, և պատասխանեցի, թե ոչ մի փոփոխություն չեմ նկատել նրա վրա։
 
― Է, մի՞թե բնավ չի փոխվել, ― ասաց մրս․ Հիպը։ ― Խոնարհաբար թույլտվություն կխնդրեմ, սըր, մի ուրիշ կարծիք ունենալու այդ մասին։ Մի՞թե նրա վրա նիհարություն չնկատեցիք։
 
― Ոչ ավելի, քան առաջ, ― ասացի ես։
 
― Մի՞թե, ― գոչեց միս Հիպը։ ― Ուրեմն դուք նրան մայրական աչքով չեք նայել։
 
Մայրական աչքը, որ այժմ իմ վրա էր ուղղված, որքան էլ որդու համար խանդակաթ լիներ, շատ վատ աչք երևաց ինձ, և անտարակույս մայրն ու որդին լիովին իրար նվիրված էին։ Այդ աչքն ինձ թողնելով, Ագնեսին անցավ։
 
― Իսկ դուք, միս Ուիկֆիլդ, չե՞ք նկատում, որ որդիս հյուծվում ու մաշվում է, ― հարցրեց մրս․ Հիպը։
 
― Ոչ, ― ասաց Ագնեսը, հանգիստ շարունակելով իր ձեռագործը։ ― Չափից դուրս եք անհանգիստ լինում նրա մասին։ Նա լիովին առողջ է։
 
Մրս․ Հիպը ուժեղ փռշտաց ու սկսեց հյուսել։
 
Նա ոչ մի րոպե իր հյուսվածքը վայր չդրեց, ոչ էլ մեզնից հեռացավ։ Ես բավական վաղ էի եկել, և մինչև ճաշը դեև երեք֊չորս ժամ կար․ բայց նա շարունակ նստած էր, և նրա ճաղերի շարժումն այնպես միակերպ էր, ինչպես ավազի շարժումը մի ավազե ժամացույցում։ Նա նստած էր վառարանի մի կողմը, ես նստած էի սեղանի առջև, իսկ Ագնեսը վառարանի մյուս կողմը՝ փոքր֊ինչ ինձանից հեռու։ Հենց որ ես նամակիս վրա լուռ մտածելով աչքերս վերցնում էի ու Ագնեսի խոհուն դեմքին հանդիպում, որ իր հրեշտակային արտահայտությամբ խրախույս էր ծորում սրտիս մեջ, նույն վայրկյանին զգում էի, որ պառավի չար աչքը վրաս էր նայում, ապա իսկույն Ագնեսի վրա էր անցնում, հետո նորից իմ վրա և հետո արագ իր հյուսվածքի վրա ընկնում։ Այդ հյուսվածն ի՞նչ էր, չգիտեմ, որովհետև անտեղյակ եմ այդ արհեստին․ բայց նա ինձ մի ուռկան էր թվում, իսկ երկայն ճաղերը շարժելով կրակի մոտ նստած մրս․ Հիպը՝ մի չար վհուկ, որ իսկույն պատրաստ էր որսը բռնել, եթե միայն չվախենար մոտակա բարի հրեշտակից։
 
Ճաշի ժամանակ էլ նա մեր վրա միևնույն անքթիթ աչքով էր հսկում։ Ճաշից հետո նրա տեղը որդին բռնեց, և երբ մր․ Ուիկֆիլդն ու ես Ուրիասի հետ մենակ մնացինք, նա շարունակեց լրտեսել ինձ, գարշելի ցնցումներ անելով, որոնց հազիվ էի դիմանում։ Նույն բանը հյուրասենյակումն էլ կրկնվեց, ուր մայրն եկավ հյուսելու և դիտելու․ երբ Ագնեսը նվագում կամ երգում էր, միս Հիպը շտապում էր դաշնամուրի մոտ նստել։ Մի անգամ նա խնդրեց, որ Ագնեսը մի հայտնի բալադ երգե, որից, իր ասելով, Ուրիասը միշտ զմայլված է մնում (Ուրիասն այդ միջոցին հորանջում էր բազկաթոռում)․ հետո որդուն նայեց և Ագնեսին ասաց, թե որդին հափշտակված էր։ Պարզ էր, որ նա իր վրա դրված որոշ պարտք էր կատարում։
 
Այսպես տևեց մինչև կես֊գիշեր։ Մայրն ու որդին երկու ահռելի չղջիկների պես իրենց ներկայությամբ ամբողջ տունն ապականում էին և այն աստիճան ինձ գրգռում, որ ես գրեթե չկարողացա քնել։ Հյուսելն ու հսկելը առավոտյան նորից սկսվեց և ամբողջ օրը տևեց։
 
Գոնե մի տասը րոպե Ագնեսի հետ ազատ խոսելու ժամանակ չգտա և միայն նամակս հազիվ նրան ցույց տվի։ Երեկոյան խնդրեցի նրան, որ միասին զբոսնելու գնանք, սակայն մրս․ Հիպն իսկույն սկսեց իր ցավերի սաստկանալը առաջ բերել, և Ագնեսը հիվանդին կարեկցելով՝ լավ համարեց նրա հետ մնալ։ Երեկոյան դեմ ես մենակ դուրս ելա մտածելու, թե ի՞նչ անեմ ― արդյոք լա՞վ է, որ մինչև այժմ թաքցում եմ Ագնեսից, ինչ որ Որիաս Հիպն ասել էր ինձ Լոնդոնում։ Այդ հրեշի դիտավորությունը սկսել էր սաստիկ տանջել ինձ։
 
Դեռ նոր էի Բամսգեթի ճանապարհով քաղաքից դուրս եկել, երբ մի ձայն լսեցի, որ անունս էր տալիս իմ հետևից։ Շուռ եկա։ Կանչողի մաշված վերարկուն ու ճոճվող մարմինը նշմարելուս պես իմացա, թե ո՞վ է։ Կանգ առա Ուրիաս Հիպին սպասելու։
 
― Ի՞նչ եք ուզում, ― ասացի ես։
 
― Ի՜նչ արագ եք քայլում, ― ասաց Ուրիասը։ ― Ոտքերս բավական երկար են, բայց ո՞վ կհասնի ձեր հետևից։
 
― Ո՞ւր եք գնում։
 
― Կցանկանայի մի քիչ զբոսնել ձեզ հետ, մաստր Կոպպերֆիլդ, եթե միայն բարեհաճեք այդ պատիվը շնորհել ինձ, իբրև մի հին բարեկամի։
 
Այդ ասելուն պես նա մի արագ ոստյունով, որ կարող էր կամ ինձ հեգնելու և կամ դուր գալու նշան լինել, ինձ հետ հավասար քայլեց։
 
― Ուրիաս, ― ասացի ես մի կարճատև լռությունից հետո՝ ըստ կարելվույն քաղաքավարի։
 
― Ի՞նչ կհրամայեք, մաստր Կոպպերֆիլդ։
 
― Ճշմարիտ ասած (խնդրեմ չվշտանաք), ես դուրս եմ եկել մենակ զբոսնելու, որովհետև շատ եմ հոգնած իմ ցերեկվա ընկերներից։
 
Ուրիասը խեթ֊խեթ վրաս նայեց ու դեմքը սաստիկ ծռկտելով ասաց․
 
― Մորս մասին է ձեր խոսքը։
 
― Անտարակույս։
 
― Է՜հ։ Գիտեք, մաստր Կոպպերֆիլդ, որ մենք խոնարհ մարդիկ ենք։ Եվ մեր խոնարհությունը լավ ճանաչելով, աշխատում ենք ոտնակոխ չլինել նրանցից, որոնք մեզ պես խոնարհ չեն։ Սիրո մեջ ամեն խորամանկություն ներելի է, սըր։
 
Այս ասելուն պես նա ոսկրոտ ձեռքերով իր կզակը կամաց շփեց, կամաց էլ քրքջաց․ այդ միջոցի նա մի չարասիրտ կապկի էր նման։
 
― Բանն այս է, մաստր Կոպպերֆիլդ, ― ասաց նա, շարունակելով կզակը շոյել, ― բանն այս է, որ դուք մի վտանգավոր ոսոխ եք, միշտ էլ եղել եք վտանգավոր։
 
― Ուրեմն ի՞մ պատճառով եք պահանորդ դնում միս Ուիկֆիլդի մոտ և նրա տունը բանտ դարձնում։
 
― Ա՜հ, մաստր Կոպպերֆիլդ, այդ ինչ ծանր խոսքեր են։
 
― Ինչ խոսքեր էլ գործածեմ, իմաստը նույնը կլինի։ Եվ այդ իմաստը ձեզ լիովին հայտնի է, Ուրիաս։
 
― Բնավ ոչ։ Ես կցանկանայի մի ավելի պարզ բան լսել։ Խնդրեմ մեկնեցեք ձեր ասածը։
 
― Մի՞թե կարծում եք, ― ասացի ես, հարկադրելով ինձ չափավոր ու հանգիստ լինել, ― թե ես միս Ուիկֆիլդի վրա ուրիշ կերպ եմ նայում, քան իմ սիրելի քրոջս վրա։
 
― Է՜հ, մաստր Կոպպերֆիլդ, ես այդ հարցին պատասխանել պարտավոր չեմ։ Կարող եք այդպես նայել և կամ ուրիշ կերպ։
 
Կյանքումս չէի տեսել այդ մարդու չարանենգ դեմքի, նրա անթերթերունք աչքերի նման վատթար բան։
 
― Դե, ուրեմն, ― ասացի ես, ― հարգելով Ագնեսին․․․
 
― Ի՜մ Ագնեսին, ― գոչեց Ուրիասը, դեպի մի կողմ ծռվելով։ ― Խնդրեմ հաճեցեք, մաստր Կոպպերֆիլդ, պարզ Ագնե՜ս անվանել նրան։
 
― Հարգելով Ագնես Ուիկֆիլդին․․․ Աստվա՜ծ նրան հովանի լինի․․․
 
― Շնորհակալ եմ այդ մաղթանքի համար, մաստր Կոպպերֆիլդ, ― խոսքս կտրեց Ուրիասը։
 
― Ես ձեզ մի բան կասեմ, որ կուզենայի ասել․․․ և Ջեկ Կեչին։
 
― Ո՞ւմ, սըր, ― հարցրեց Ուրիասն, իր վիզը տնկելով և ձեռքն ականջին դնելով։
 
― Դահճին, ― ասացի ես։ ― Այն հետին արարածին, որ կարող էր միտքս ընկնել (պիտի խոստովանեմ, որ իսկապես Ուրիասի դեմքն էր, որ հիշեցրեց ինձ դահճին)․․․ Ես նշանված եմ մի ուրիշ օրիորդի հետ։ Հուսամ որ այսքանը ձեզ բավական է։
 
― Աղնի՞վ խոսք, ― ասաց Ուրիասը։
 
Ուզում էի խոսքերս բարկանալով հաստատել, բայց նա ձեռքս ամուր բռնեց ու սեղմեց։
 
― Օ՜հ, մաստր Կոպպերֆիլդ, ― ասաց նա։ ― Եթե շնորհ անեիք խոստովանել ինձ այդ գաղտնիքն այն գիշեր, երբ ես սրտիս վիճակը համարձակ մերկացնում էի ձեր առջև և ձեր հանգիստը խանգարում, ձեր ննջարանին կից պառկելով ― ձեզ վրա բնավ չէի կասկածի։ Այժմ լիովին միամիտ եմ և կշտապեմ մորս հեռացնել, երջանիկ զգալով, որ կարող եմ մի այդպիսի վստահության նշան տալ ձեզ։ Հավատացած եմ, ներողամիտ կլինեք այն զգուշության միջոցների համար, որ գործի էի դրել, դրդվելով կրքից։ Ափսո՜ս, մաստր Կոպպերֆիլդ, որ իմ մտերմությունը մտերմությունով չէիք փոխարինում։ Ես շատ անգամ ձեզ այդպես անելու առիթ էի տալիս։ Բայց դուք երբեք այնքան չէիք բացվում իմ առջև, ինքան որ ցանկալի էր։ Գիտեմ, գիտեմ, դուք երբեք այնքան չեք սիրել ինձ, ինչքան որ ես եմ ձեզ սիրել։
 
Այդ ասելիս նա շարունակ սեղմում էր աջս իր գեշ ու պաղ մատներով, մինչ ես զուր աշխատում էի ազատվել նրանից։ Վերջապես նա իր ոսպագույն վերարկուի թևով կուռս ծածկեց, և ես ստիպվեցի այդպես գնալ նրա հետ միասին։
 
― Արդյոք չվերադառնա՞նք, ― ասաց Ուրիասը, քաղաքի կողմը դարձնելով ինձ, ուր լուսինն արդեն արծաթափայլ լույս էր սփռում պատուհանների վրա։
 
― Այս խնդիրը թողնելուց առաջ, ― ասացի ես, երկար լռությունը խզելով, ― լավ իմացեք, Ուրիաս Հիպ, որ Ագնես Ուիկֆիլդը ձեզնից այնքա՜ն բարձր է և ձեր ամեն ձգտումներից այնքա՜ն վեր, որքան ահա այս լուսինը։
 
― Եվ այնպե՜ս հեզահամբյուր է, չէ՞, ― ասաց Ուիրասը։ ― Սակայն խոստովանեցեք, մաստր Կոպպերֆիլդ, որ դուք այնքան չեք սիրել ինձ, ինչքան ես եմ ձեզ սիրել։ Դուք միշտ շատ խոնարհ եք համարել ինձ, այնպես չէ՞։
 
― Ես չեմ սիրում, երբ մարդ անդադար իր խոնարհության մասին է խոսում և կամ ուրիշ հատկության մասին։
 
― Էհ, ― ասաց Ուրիասը, որի դեմքը ավելի կապարագույն երևաց ինձ լուսնի լույսով։ ― Այդ ինձ հայտնի էր։ Բայց դուք չգիտեք, մաստր Կոպպերֆիլդ, թե որքա՜ն վայելուչ է իրավացի խոնարհությունն իմ վիճակի տեր մարդու համար։ Հայրս ու ես աղքատաց դպրոցումն ենք կրթվել, իսկ մայրս՝ որբանոցում։ Առավոտից մինչև գիշերը խոնարհություն են մեզ սովորեցրել և ուրիշ կանոն չեն ավանդել։ Մեզ պատվիրել են խոնարհ լինել ամենքի առջև, մեզ ստիպել են այսինչ տեղ գլխարկ հանել, ուրիշ տեղ՝ գլուխ թեքել, միշտ մեր չափը ճանաչել, մեծերի առջև միշտ խոնարհվել։ Եվ որքան շատ էին այդ մեծերը։ Հայրս իր խոնարհության համար մոնիտըրի<ref>Monitor ― ազդարար, խրատող։ Monitor-medal ― մեդալ, որ տալիս են առաջադեմ աշակերտին։</ref> մեդալ ստացավ։ Ես էլ ստացա։ Այդ հատկության շնորհիվ է, որ հայրս լուսարարի պաշտոն էլ ընդունեց։ Ազնվականները հորս խոնարհությունն այնպես էին սիրում, որ միշտ պատրաստ էին առաջ քաշել նրան։ «Խոնարհ եղիր, Ուրիաս, ― ասում էր հայրս, ― և իմացիր որ առաջ կերթաս։ Դպրոցում շարունակ այդ են հնչեցրել իմ և քո ականջին, և դրանով միայն կարելի է հաջողություն գտնել։ Խոնարհ եղիր, որդի, ― կրկնում էր հայրս, ― որ դու էլ գտնես հաջողություն»։ Եվ իրա՜վ վատ չէ այդ կանոնը, մաստր Կոպպերֆիլդ։
 
Առաջին անգամ մտածեցի, որ այդ սուտ խոնարհության ատելի սովորությունը կարող էր դրսից մտած լինել Հիպի գերդաստանը։ Ես տեսել էի միայն հունձը, բայց սերմերի մասին չէի մտածել։
 
― Դեռ մանուկ հասակից, ― ասաց Ուրիասը, ― ես գիտեի խոնարհության արժեքը գնահատել ու դրանից օգուտ քաղել։ Խոնարհությամբ էի իմ հացն ուտում և ախորժակս միշտ լավ էր։ Չէի շտապում ուսման մեջ շատ առաջ գնալ, լավ իմանալով, որ գիտությունն առանց խոնարհության ոչինչ բան է։ Այս էր պատճառը, որ երբ դուք ուզում էիք լատիներեն սովորեցնել ինձ, ես համեստաբար հրաժարվեցի։ «Մարդիկ կսիրեն միշտ քեզնից բարձր լինել, ― ասում էր հայրս, ― դու էլ աշխատիր միշտ նրանցից ցածր լինել»։ Եվ ես ահա շատ ցածր եմ, շատ խոնարհ, մաստր Կոպպերֆիլդ, բայց և այնպես անազդեցիկ ու անզոր չեմ։
 
Այդ բոլորն ինձ պատմեց, որպեսզի իմանամ, թե նա այժմ վճռել է վարձատրել իրեն, իր ձեռք բերած իշխանությունը գործածելով։ Այդ նպատակը պարզ կարդում էի նրա դեմքի վրա լուսնի լույսի տակ։ Ես ոչ մի ժամանակ նրա ստորության, նենգության ու չարության մասին որևէ կասկած չէի ունեցել, բայց այժմ միայն առաջին անգամ պարզ տեսա, թե ինչ գետնաքարշ, ոխակալ ու անգութ ոգի պիտի զարգանար նրա մեջ այդ վաղ սկսված երկարատև ընկճումից։
 
Նրա պատմության միակ լավ հետևանքն այն եղավ, որ նա թևս բաց թողեց, որպեսզի նորից իր կզակը երկու ձեռքով շփի։ Մի անգամ նրանից զատվելով, որոշեցի զատ էլ մնալ, և այսպես բաժան ետ գնացինք, թեև քայլակից, բայց գրեթե լուռ։
 
Ուրիաս Հիպը զվարթացել էր, բայց թե արդյոք իմ հայտնած գաղտնիքի՞, թե իր հայտնած պատմության շնորհիվ, չգիտեմ։ Ընթրիքի ժամանակ սովորականից ավելի շատ խոսեց․ մինչև անգամ հարցրեց մորը (որին զբոսանքից ետ գալուն պես արձակել էր լրտեսելու պաշտոնից), թե արդյոք ժամանակը չէ՞, որ նրա որդին պսկավի, և հետո մի այնպիսի ակնարկ նետեց Ագնեսի վրա, որ ինչ ասես կտայի, միայն թե նրա վիզը կոտրեի։
 
Երբ ընթրիքից հետո երեք տղամարդիկս միասին մնացինք, Ուրիասն ավելի աշխուժացավ։ Նա շատ գինի չէր խմել, հետևաբար այդ աշխուժանալու պատճառը ուրիշ բան չէր, եթե ոչ հանդուգն հաղթանակի զգացումը, որ ուզում էր ի ցույց հանել իմ առջև։
 
Երեկ Ուրիասն աշխատել էր մր․ Ուիկֆիլդին հարբեցնել, բայց նպատակին չէր հասել։ Ճաշարանից հեռանալիս Ագնեսն ինձ աչքով էր արել․ ես նրա միտքը հասկացել էի ու գրեթե իսկույն ընկերներիս առաջարկել՝ միայն մի բաժակով բավականանալ և հյուրասենյակում միանալ նրան։ Այժմ էլ մտադիր էի նույնն անել, սակայն Ուրիասն առաջս կտրեց։
 
― Շատ սակավ ենք տեսնում մեր այսօրվա հյուրին, սըր, ― ասաց նա, մր․ Ուիկֆիլդին դիմելով, որ սեղանի մյուս ծայրին էր նստած (ինչպիսի՜ հակապատկեր այդ երկուսի միջև), ― և եթե չմերժեք, ես կցանկանայի մի երկրորդ բաժակ առաջարկել նրա կենացը։ Ձեր կենացը, մաստր Կոպպերֆիլդ։
 
Ստիպվեցի գեթ ձևի համար, նրա մեկնած աջը շոշափել․ հետո բոլորովին ուրիշ զգացումով նրա խեղճ զոհի աջը սեղմեցի։
 
― Դե՛, ընկեր իմ, ― գոչեց Ուրիասը, ― այժմ ձեզ կմնա առաջարկել մի բաժակ, որ Կոպպերֆիլդին հաճելի լիներ։
 
Ակամա եմ հիշում մր․ Ուիկֆիլդի առաջարկած բաժակներն ի պատիվ տատիս, մր․ Դիկի, Դոկտորների Համայնքի, Ուրիասի։ Մր․ Ուիկֆիլդը զույգ֊զույգ էր պարպում, թեև իր ախտն զգում էր և զուր ճգնում դիմադրել նրան։ Խե՜ղճ մարդ․ որքա՜ն էր ամաչում Ուրիասի վարմունքից և միևնույն ժամանակ՝ որքա՜ն աշխատում ծածկել նրանից այդ զգացումը։ Այնինչ Ուրիասը կծկվում ու գալարվում էր ցնծությունից, տեսնելով որ խայտառակում է նրան իմ առջև։ Այդ տեսարանը պժգալի էր, և գրիչս հրաժարվում է դա նկարագրելուց։
 
― Է՜յ, պատվական ընկեր, ― գոչեց վերջապես Ուրիասը։ ― Ես եմ այժմ առաջարկում մի բաժակ, և խոնարհաբար կցանկանայի, որ բաժակները լիքը լցվեն, որովհետև աշխարհիս ամենաչքնա՜ղ օրիորդի կենացը պիտի խմենք։
 
Ագնեսի խեզճ հոր ձեռքին բաժակը դատարկ էր։ Նա բաժակը վայր դրեց, աչքերը պատի պատկերին հառեց, իր ճակատը ձեռքով ծածկեց ու ետ ընկավ բազկաթոռի մեջ։
 
― Ես մի խոնարհ էակ եմ և արժանի չեմ նրա կենացն առաջարկել, ― շարունակեց Ուրիասը, ― բայց պաշտո՜ւմ եմ նրան․․․ երկրպագո՜ւմ։
 
Կարծեմ ոչ մի ֆիզիկական ցավ չէր կարող Ագնեսի հոր ալևոր գլխին այնքան լլկել, ինչքան այն հոգեկան ներքին տանջանքը, որ այժմ նա ուզում էր ճնշել երկու ձեռքով։
 
― Ագնեսը, ― ասաց Ուրիասն առանց մր․ Ուիկֆիլդի վրա նայելու և կամ ուզենալու նրա վիճակը հասկանալ, ― Ագնես Ուիկֆիլդը, համարձակ կասեմ, իգական սեռի զարդն ու պսակն է։ Ընկերական շրջանում ազատ խոսելը ներելի է։ Նրա հայր լինելը մեծ պարծանք է, իսկ նրա ամուսին լինելը․․․
 
Աստված չտա ինձ կյանքումս երկրորդ անգամ մի այնպիսի ճիչ լսել, ինչպիսին որ Ագնեսի հայրն արձակեց հանկարծ ոտքի կանգնելով։
 
― Ի՞նչ պատահեց, ― գոչեց մեռելի պես սփրթնած Ուրիասը։ ― Հո չե՞ք գժվել, մր․ Ուիկֆիլդ։ Կարծեմ ես էլ իրավունք ունեմ ուրիշ մեկի պես ասելու, թե ձեր Ագնեսը մի օր իմ Ագնեսը կդառնա։ Գուցե ավելի իրավունք ունեմ, քան մի ուրիշ մարդ։
 
Ես գրկեցի մր․ Ուիկֆիլդին ու սկսեցի նրան ամեն բանով, մանավանդ իր սիրով դեպի Ագնեսը, աղաչել, որ մի քիչ հանգստանա։ Ծերունին կարծես խելագարվել էր․ իր մազերը փետում էր, ճակատին բռունցքներով խփում, ինձ իր մոտից դեն հրում և առանց մի բառ ասելու, նույնիսկ առանց իմանալու, թե ի՞նչ է ուզում իր հուսահատ դրության մեջ, աչքերն ապուշ֊ապուշ այս կողմ, այն կողմ շրջելով, մոլեգնաբար կտրտվում․․․ զարհուրելի տեսարան։
 
Անկապ, բայց և եռանդուն, ջերմ խոսքերով պաղատում էի նրան՝ այդպիսի վայրագ վհատության անձնատուր չլինել, ականջ դնել ինձ։ Աղերսում էի հիշել Ագնեսին, հիշել և ինձ, մտաբերել, թե ինչպես ենք Ագնեսն ու ես միասին աճել, ինչպես հարգել, ինչպես եմ սիրել Ագնեսին, որ նրա պարծանքն էր, նրա սփոփանքը։ Ամեն կերպ աշխատում էի նրա ուշքը դստեր վրա դարձնել, մինչև անգամ կշտամբում նրան, որ արիություն չունի Ագնեսից թաքցնելու այս տեսարանը։ Խոսքերս երևի թե ազդեցին, կամ թե նրա մոլեգնությունն ինքն իրեն իջավ, որովհետև նա քիչ֊քիչ դադարեց ինքն իր հետ կռվելուց ու սկսեց մեղմանալ։ Սկսեց մինչև անգամ վրաս նայել․․․ նախ մտամոլոր, հետո գիտակից աչքերով ու վերջապես ասաց․․․ «Գիտեմ, Տրոտուդ։ Իմ սիրելի դստրիկն ու դուք․․․ գիտեմ։ Բայց տեսե՜ք դրան»։
 
Նա մատնացույց արեց Ուրիասին, որ գունատ դեմքով ու դողալով կծկվել էր մի անկյունում․ Ուրիասն անշուշտ զգում էր, որ շատ է սխալվել իր հաշիվների մեջ։
 
― Տեսեք դահճիս, ― շարունակեց մր․ Ուիկֆիլդը։ ― Դրա շնորհիվ է, որ հետզհետե կորցրի իմ անունն ու համբավը, հոգուս հանգիստը, տունս֊տեղս, ընտանի կյանքիս երջանկությունը։
 
― Ես պահպանել եմ ձեզ համար ձեր անունն ու համբավը, ձեր հանգիստը, տուն֊տեղը, ընտանի կյանքի երջանկությունը, ― շտապ֊շտապ ասաց Ուրիասը մի գրգռված, դժգոհ, բայց և զիջում խնդրող ձայնով։ ― Այդքան էլ մի վշտանաք, մր․ Ուիկֆիլդ։ Եթե ձեր սպասածից փոքր֊ինչ ավելի հեռու անցա, բնավ փույթ չէ․ ես կարող եմ, կարծեմ և ետ դառնալ։ Մի վատ բան հո չեմ արել։
 
― Ես գիտեի, որ ամեն մարդ մի նպատակ ունի, ― ասաց մր․ Ուիկֆիլդը, և գոհ էի, որ այդ մարդը շահի հույսով է ինձ հետ կապվել։ Սակայն տեսեք, թե ի՞նչ է այդ մարդը․․․ տեսեք ի՜նչ է։
 
― Լռեցրեք դրան, եթե կարող եք, Կոպպերֆիլդ, ― գոչեց Ուրիասը, իր երկու ցուցամատը դեպի ինձ ուղղելով։ ― Լավ ուշք դրեք․․․ դա իսկույն մի բան կասի և հետո կզղջա, որ ասաց, և դուք կափսոսաք, որ լսեցիք։
 
― Այո, անեն բան կասեմ, ― գոչեց մր․ Ուիկֆիլդը հուսահատ ձայնով։ ― Եվ ինչո՞ւ լռեմ։
 
― Զգուշացեք, ասում եմ ձեզ, ― գոռաց Ուրիասը, շարունակելով ինձ դիմել։ ― Եթե դրա բերանը չփակեք, դուք այլևս դրա բարեկամը չեք։ Եվ ինչո՞ւ պիտի լռեք, մր․ Ուիկֆիլդ։ Պիտի լռեք, որովհետև աղջկա հայր եք։ Դուք ու ես գիտենք, ինչ որ գիտենք։ Գիտե՞նք, թե ոչ։ Լավ է քնած շներին չզարթնեցնեք․․․ ո՞ւմ է հարկավոր զարթնեցնել նրանց։ Մի՞թե չեք տեսնում, որ ես այնքան խոնարհ եմ, ինչքան որ կարելի է խոնարհ լինել։ Ասում եմ ձեզ, եթե անչափ հեռու գնացի, ինքս էլ ցավում եմ դրա համար։ Էլ ի՞նչ եք ուզում ինձնից, սըր։
 
― Օ՜հ, Տրոտուդ, Տրոտուդ, ― բացականչեց մր․ Ուիկֆիլդը, ձեռքերը գալարելով։ ― Մի՞թե ես այսպես էի, երբ դուք ինձ առաջին անգամ տեսաք։ Այն ժամանակ էլ իմ անկումը սկսվել էր, բայց որքա՜ն տխուր, ի՜նչ թշվառ ճանապարհ եմ անցել այնուհետև։ Թուլությունս եղավ իմ կորստյան պատճառը։ Հիշողոըթյա՜ն թուլություն, մոռացությա՜ն թուլություն։ Միակ զավակիս մոր մահվան տխուր հիշատակն ինձ համար հիվանդություն դարձավ, զավակիս սերը, ամեն բան մոռացնելով, նմանապես հիվանդություն դարձավ։ Ինչ բանի որ կպա, իմ ցավով վարակեցի։ Թշվառացրի այն էակին, որին սիրում եմ ամենից շատ․․․ և դուք գիտեք, թե ինչպե՜ս եմ սիրում։ Կարծեցի, թե այս աշխարհում կարելի է միայն մեկին սիրել և ուրիշ ոչինչ չսիրել․ կարծեցի, թե կարելի է միայն մեկին ողբալ, միայն մի էակի, որ այս աշխարհից մեկնել է, և չլինել մյուս ամեն սգավորների ցավին ողբակից։ Եվ այսպես ահա բոլոր կյանքս մաշեցի։ Ես իմ հիվանդոտ, երկչոտ սիրտը գիշատեցի․ նա էլ իր հերթին ինձ գիշատելով իր վրեժը լուծեց։ Ես ստոր եմ վշտիս մեջ, ես ստոր եմ սիրուս մեջ, ստոր նաև մարդկային վշտին ու սիրույն անտարբեր լինելուս համար։ Տեսեք, թե ինչ զազիր ավերակ եմ, և ատեցեք ինձ, փախեք ինձնից։
 
Նա ընկավ աթռի վրա ու սկսեց հեկեկալ։ Ծայրահեղ հուզումն արդեն անցել էր։ Ուրիասն իր անկյունից դուրս ելավ։
 
― Ինքս էլ այն բոլորը չգիտեմ, ինչ որ հիմարաբար արել եմ, ― ասաց մր․ Ուիկֆիլդը, ձեռքերը մեկնելով, ասես թե աղաչելու, որ ես իրեն չդատապարտեմ։ ― Բայց դա գիտի, դա, որ միշտ իմ կողքին էր, միշտ էլ իմ չար թելադիրն ու սադրիչն էր։ Տեսնում էք, թե ինչպես է երկանաքարի ծանրությամբ իմ վզին նստել։ Տեսնում էք դրան իմ տանը, տեսնում էք բոլոր գործերիս տեր դարձած։ Մի րոպե առաջ լսեցիր դրան։ Էլ ի՞նչ կարող եմ ասել ձեզ։
 
― Այդքանն էլ շատ է, կարող էիք դրա կիսովն էլ բավականանալ և կամ բնավ ոչինչ չասել, ― նկատեց Ուրիասը թե՛ սպառնական և թե՛ քծնի եղանակով։ Ձեր լեզուն հարկավ գինուց է բացվել, սակայն վաղն ուշքի կգաք, սըր։ Եթե ես էլ ավելի բան ասացի, ի՞նչ վնաս։ Չէ՞ որ ասածս ետ առա։
 
Դուռը բացվեց և Ագնեսը, որ բոլորովին գունատ էր, հանդարտ ներս մտնելով, խեղճ հոր վզին փարվեց ու արիաբար ասաց նրան․
 
― Հայրիկ, դու առողջ չես։ Եկ ինձ հետ։
 
Ծերունին, կարծես ամոթից բոլորովին ընկճվելով, գլուխը դստեր ուսին դրեց և նրա հետ միասին դուրս գնաց։ Ագնեսի աչքերը մի վայրկյան միայն իմ աչքերին հանդիպեցին, բայցևայնպես հասկացա, որ պատահած դեպքն իրեն հայտնի էր։
 
― Չէի կարծում, որ ծերունին դեռ այդքան բռնկվելու ընդունակ է, մաստր Կոպպերֆիլդ, ― ասաց Ուրիասը։ ― Բայց ոչինչ։ Վաղը նորից կհաշտվենք։ Ինչ որ արել եմ, նրա օգտի համար եմ արել։ Ես միշտ խոնարհաբար նրա օգուտն եմ կամեցել։
 
Ես նրան պատասխան չտվի և այն կոկիկ սենյակը բարձրացա, ուր մի ժամանակ Ագնեսը հաճախ մոտս էր նստում՝ դասեր սերտելու միջոցին։ Մինչև ուշ գիշեր ոչ ոք ներս չմտավ։ Վերցրի մի գիրք ու փորձեցի կարդալ։ Ժամացույցը տասներկուսը խփեց․ ես դեռ կարդում էի՝ առանց հասկանալու, թե ի՞նչ եմ կարդում, երբ Ագնեսը կամաց ուսիս դիպավ։
 
― Առավոտյան վաղ մեկնելու եք, Տրոտուդ։ Եկա մնաս բարով ասելու։
 
Նա լաց էր եղել, բայց երեսը հանգիստ էր, գեղեցիկ։
 
― Աստված ձեզ պահապան լինի, Տրոտուդ, ― ասաց նա ձեռք տալով ինձ։
 
― Սիրելի Ագնես, ― ասացի ես, ― տեսնում եմ, չեք ուզում, որ այն դեպքի մասին խոսեմ․․․ բայց մի՞թե չի կարելի մի բան անել։
 
― Մեր հույսն աստված է, ― պատասխանեց Ագնեսը։
 
― Մի՞թե ես էլ չեմ կարող օգնել․․․ ես, որ թշվառ վշտերս ձեզ հայտնելու համար եմ եկել։
 
― Եվ իմ վշտերը մեղմելու, ― հարեց Ագնեսը։ ― Ո՛չ, սիրելի Տրոտուդ։
 
― Սիրելի Ագնես, իմ կողմից հանդգնություն կլիներ խորհուրդ տալ ձեզ, մինչ ես աղքատ եմ, այն բաներով, որով դուք այնքան հարուստ եք՝ բարությամբ, քաջությամբ, վեհանձնությամբ․ սակայն գիտեք, թե որքա՜ն եմ ձեզ սիրում և որքա՜ն եմ ձեզ պարտական։ Ագնես, արդյոք դուք մի թյուր հասկացած պարտքի զգացման չե՞ք զոհել ձեզ։
 
Նա ձեռքս թողեց ու մի քայլ ետ քաշվեց։ Դեռ չէի տեսել նրան այդքա՜ն հուզված։
 
― Ասացեք, մի այդպիսի դիտավորություն հո չունե՞ք, սիրելի Ագնես։ Դուք, որ քրոջից էլ ավելի պաշտելի եք ինձ, մտածեցեք, թե ձեր սրտում ի՜նչ անգին գանձեր կան, ինչպիսի՜ սեր է ձեր սերը։
 
Շատ անգամ դրանից հետո մտքով տեսել եմ այդ դեմքն ու նրա վայրկենական հայացքը, որի մեջ ո՛չ զարմացում, ո՛չ կշտամբանք էր երևում։ Սակայն շատ չանցած ինչպես որ մտաբերել եմ, Ագնեսը սիրուն ժպտաց ու հանդարտ ձայնով ասաց, թե նա իր վրա վստահ է, թե ես կարող եմ միամիտ լինել իր մասին, և ինձ «Եղբայրս» անվանելով, հեռացավ։
 
Դեռ առավոտը չէր լուսացել, երբ ես դիլիժանսում տեղ բռնելու գնացի։ Մեկնելուս րոպեին, մինչ կառքումն էլ մտքով Ագնեսի հետ էի, հանկարծ տեսա Ուրիաս Հիպի գլուխը, որ մթության մեջ դեպի վերևի նստարանն էր բարձրանում։
 
― Կոպպերֆի՜լդ, ― շշնջաց նա, կառքի կտուրից վայր կախվելով, ― ձեզ կարծեմ ցանկալի կլինի հեռանալուց առաջ իմանալ, որ մենք արդեն հաշտվել ենք։ Ես նոր մտա նրա սենյակը, և նա գառնուկի պես մեղմացավ։ Ի՜նչ արած, հո գիտեք, որ թեև ես մի խոնարհ մարդ եմ, բայց օգտակար եմ նրա համար։ Նա էլ այդ շատ լավ գիտի, երբ հարբած չէ։ Համենայն դեպս ի՜նչ պատվական մարդ է նա, մաստր Կոպպերֆիլդ։
 
― Ուրեմն դուք ներողությո՞ւն խնդրեցիք նրանից։
 
― Անշո՜ւշտ, ― ասաց Ուրիասը։ ― Մի՞թե ինձ նման խոնարհի համար ներողություն խնդրելը դժվար բան է։ Ոչի՜նչ բան է․․․ Սակայն ի դեպ, մաստր Կոպպերֆիլդ, ― ցնցվելով հարեց Ուրիասը, ― արդյոք ձեզ պատահե՞լ է մի չհասած տանձ քաղել։
 
― Գուցե։
 
― Իսկ ես քաղել եմ, և հենց երեկ երեկոյան, ― ասաց Ուրիասը։ ― Տանձը դեռ խակ է, բայց փույթ չէ․ շուտով կհասնի։ Պետք է միայն փոքր֊ինչ սպասել, և ես գիտե՜մ սպասել։
 
Եվ հենց որ կառապանը սանձերը շարժեց, Ուրիասը ցած իջավ, բարի ճանապարհ շռայլելով ինձ։ Որքան հիշում եմ, այդ րոպեին նա սկսեց մի բան ուտել առավոտյան խոնավ օդից պաշտպանվելու համար, բայց բերանն այնպես շարժեց, կարծես տանձն արդեն հասել է, և նա հաճույքից շրթունքն է լիզում։
Ադմին, Վստահելի
1876
edits