Changes

Դավիթ Կոպպերֆիլդ

Ավելացվել է 31 192 բայտ, 10:38, 2 Փետրվարի 2015
/* ԺԹ․ գլուխ */
Եվ հենց որ կառապանը սանձերը շարժեց, Ուրիասը ցած իջավ, բարի ճանապարհ շռայլելով ինձ։ Որքան հիշում եմ, այդ րոպեին նա սկսեց մի բան ուտել առավոտյան խոնավ օդից պաշտպանվելու համար, բայց բերանն այնպես շարժեց, կարծես տանձն արդեն հասել է, և նա հաճույքից շրթունքն է լիզում։
 
 
==Ի․ գլուխ==
 
Թափառականը
 
 
Նույն օրը, երեկոյան, վերոհիշյալ ընտանեկան դեպքի մասին մի շատ լուրջ խոսակցություն եղավ Բուկինհեմի փողոցում։ Այդ նյութը վերին աստիճանի հուզեց տատիս, և նա ձեռքերը կրծքին դրած՝ սկսեց սենյակում ման գալ, և այդ տևեց մոտ երկու ժամ։ Որևէ գրգռում զգալուն պես նա սովոր էր այդպիսի հետևակ քաջագործություններ կատարել, և նրա գրգռման աստիճանը միշտ կարելի էր զբոսանքի տևումով չափել։ Այս անգամ ներքին գրգռումն այնքան մեծ էր, որ տատս հարկ համարեց ննջարանի դուռն էլ բանալ, որպեսզի ամբողջ բնակարանի մի պատից մինչև մյուսը ասպարեզ ունենա իր ընթացքի համար․ և մինչ ես ու մր․ Դիկը լուռ նստած էինք կրակի առջև, նա հավասար քայլերով ու ճոճանակի ճշտությամբ գնում֊գալիս էր մեր մոտով։
 
Երբ մր․ Դիկը մեզ թողեց ու քնելու գնաց, ես նստեցի նամակ գրելու երկու պառավ քույրերին։ Շատ ման գալուց երևի տատս հոգնել էր․ նա կրակի մոտ նստեց ու փեշերը հավաքեց։ Սակայն բաժակը ծնկի վրա բռնելու փոխարեն, ինչպես միշտ սովոր էր անել, վառարանի քիվի վրա անշարժ թողեց և իր ձախ արմունկն աջ բազկին դեմ տալով, սկսեց մտախոհ վրաս նայել։ Հենց որ աչքերս թղթից բարձրացնում էի, նրա հայացաքին էի հանդիպում։
 
― Ոչինչ, ոչինչ, սիրելիս, ― կրկնում էր նա։ ― Ես միայն փոքր֊ինչ նեղացած եմ, միայն հուզված։
 
Գրությամբ զբաղված լինելով, ես միայն տատիս հեռանալուց հետո նկատեցի, որ նա բաժակը լիքն է թողել քիվի վրա։ Երբ այդ գյուտս նրան հայտնելու համար ննջարանի դուռը բախեցի, նա բաց արեց ու մի անսովոր գորովով ասաց․
 
― Սիրտ չունեմ, Տրոտուդ, բան ընդունելու այս գիշեր։
 
Գլուխը շարժեց ու ետ գնաց։
 
Երկու պառավ լեդիներին գրած նամակս առավոտյան տատս կարդաց և հավանեց։ Ես ինքս նամակը փոստ տարա, և այնուհետև ուրիշ բան չէի անում, բացի համբերությամբ պատասխանին սպասելուց։ Արդեն մի շաբաթ անցած կլիներ, երբ մի ձյունաբեր գիշեր տուն էի գալիս դոկտորի մոտից։ Ամբողջ օրը շատ ցուրտ էր․ փչում էր հյուսիս֊արևելյան ցուրտ քամի։ Երեկոյան դեմ քամին դադարեց, խոշոր֊խոշոր քուլաներով ձյուն եկավ ու փափուկ դեզերով գետնի երեսին փռվեց։ Ո՛չ կառքերի աղմուկ էր լսվում, ո՛չ էլ մարդկանց քայլերի ձայնը․ ճանապարհները կարծես փետրով ծածկված լինեին։
 
Բուկինհեմի փողոցը հասնելու ամենակարճ ճանապարհը սուրբ Մարտինի մոտով էր անցնում։ Այդ եկեղեցին մի ժամանակ շենքերով էր շրջապատված․ դիմացի նրբանցքը շատ նեղ էր ու իջնում էր դեպի Ստրենդը։ Գավթի մոտով անցնելիս մի կին տեսա անկյունում։ Նա նայեց ինձ ու նեղ ճանապարհի մյուս կողմն անցնելով անհետացավ։ Ճանաչեցի նրա դեմքը։ Տեսել էի նրան, բայց չէի հիշում, թե որտեղ։ Նրա պատկերը մի ինչ֊որ բան հիշեցրեց ինձ, որ ուղղակի սրտիս դիպավ․ բայց որովհետև այդ րոպեին մտքերս զբաղված էին, չպարզեցի, թե ի՞նչ էր այն։
 
Եկեղեցու աստիճանների վրա մի մարդ տեսա, որ կռանալով մի հակ դրեց ձյունի վրա և ուղղվեց․ նրա դեմքն ու կնոջ դեմքը միաժամանակ նշմարեցի։ Հազիվ էի զարմանքից ուշքի եկել, երբ նա գլուխը բարձրացրեց, ներքև իջավ և ինձ դիմեց։ Երես առ երես կանգնած էինք ես ու մր․ Պեգգոտին։
 
Այն ժամանակ հիշեցի, թե կինն ով էր։ Մարթան էր, որին Էմլին մի գիշեր փող էր տվել խոհանոցում։ Մարթա էնդլը․․․ որի հետ, Հեմի ասելով, ծերունի մարդը մի վայրկյան էլ չէր ուզի տեսնել իր սիրելի թոռնիկին, եթե օվկիանում թաղած բոլոր գանձերն էլ իրեն տալու լինեին։
 
Ջերմ֊ջերմ իրար ձեռք սեղմեցինք։ Մի քանի վայրկյան ոչ նա էր մի բառ արտասանում, ոչ էլ ես։
 
― Մաստր Դեվի, ― ասաց մր․ Պեգգոտին, աջս ամուր սեղմելով, ― ուրախ եմ որ տեսնում եմ ձեզ։ Բարի լինի մեր հանդիպումը, բարի՜ լինի։
 
― Աստված տա, իմ սիրելի, իմ վաղեմի բարեկամ, ― ասացի ես։
 
― Այս երեկո ուզում էի ձեզ փնտրել, սըր, ― ասաց նա, ― բայց Յարմաութի ճանապարհին լսած լինելով․․․ այժմ գալիս եմ այն կողմերից․․․ որ տատը ձեր հետ է ապրում, կարծեցի թե ուշ կլինի։ Վաղը, մեկնելուցս առաջ, անպատճառ կտեսնեի ձեզ, սըր։
 
― Մի՞թե նորից պիտի մեկնեք։
 
― Այո, սըր, ― ասաց նա, գլուխը անդադար շարժելով։ ― Առավոտյան գնում եմ։
 
― Իսկ այժմ ո՞ւր էիք գնում։
 
― Է՜հ, ― պատասխանեց ալևորը, իսկույն մազերից ձյունը թափ տալով, ― գնում եմ պտույտ անելու՝ ինքս էլ չգիտեմ թե որտեղ։
 
Այն օրերին սուրբ Մարտինի շրջկայքում գտնվում էր «Ոսկե Խաչի» պանդոկը, որ մտքիս մեջ այնքան կապված է խեղճ բարեկամիս թշվառության հիշատակի հետ։ Ես տան ճանապարհը ցույց տվի, թևը մտա ու միասին առաջ գնացինք։ Պանդոկի սենյակներից երկու֊երեքը բակի կողմն էին․ մեկն աչքի անցրի ու տեսնելով որ մաքուր է, ընկերոջս էլ ներս կանչեցի։
 
Մոմի լույսով իմ բարեկամին լավ դիտելիս, տեսա, որ ոչ միայն նրա մազերը երկարել ու խառնվել են, այլ արևից երեսի գույնն էլ սևացել է։ Այժմ նա ավելի ալևոր էր, դեմքն ու ճակատը ավելի խոր ակոսված․ ակներև էր, որ նա անխոնջ թափառել է ամեն տեսակ եղանակին, բայց դեռ շատ հուժկու էր և այնպիսի մարդու նման, որ իր նպատակով զորացած՝ ոչ մի բանից չի կարող հոգնել կամ ընկճվել։ Մինչ ես նրան դիտում էի՝ նա իր հագուստի ու գլխարկի վրայից ձյունը թափ տվեց և երեսը սրբեց․ հետո մեջքը դռան կողմ դարձնելով նստեց սեղանի մոտ, ու նորից աջս ամուր սեղմեց։
 
― Կպատմեմ ձեզ, մաստր Դեվի, ― ասաց նա, ― թե որտե՞ղ եմ եղել և ինչե՜ր լսել։ Հեռու տեղեր ման եկա և քիչ բան իմացա․ բայց ինչ որ իմացա կպատմեմ։
 
Զանգակը հնչեցրի խմիչք ապսպրելու համար։ Մր․ Պեգգոտին էյլից բացի ուրիշ բան չուզեց ընդունել, և մինչև որ էյլը բերին ու վառարանի վրա տաքացրին, նա մտածկոտ նստած էր։ Նրա դեմքի վրա այնքան լուրջ վեհություն կար, որ չէի հանդգնում լռությունը խանգարել։ Երբ սպասավորը հեռացավ, մր․ Պեգգոտին գլուխը շարժեց ու ասաց․
 
― Դեռ մանկությունից նա սիրում էր ծովի մասին պատմել և խոսել այն ափերից, ուր արևը շողշողում էր մութ֊կապույտ ջրերի մեջ։ Ինձ թվում էր, թե որովհետև հայրը խեղդվել է, այդ պատճառով է աղջիկը միշտ ծովի մասին մտածում։ Չգիտեմ․․․ գուցե կարծում է, ասում էի ինքս ինձ, թե իր հայրը դեպի այն ափերը մղված կլինի, ուր ծաղիկներն անթառամ են, արեգակը միշտ պայծառ։
 
― Երևի մանկական ցնորքներ էին, ― ասացի ես։
 
― Երբ աղջիկը․․․ կորավ, մաստր Դեվի, կարծեցի, թե տղան դեպի այն ափերն է տարել նրան։ Ո՞վ գիտի՝ ինչ հրաշքներ պատմած կլիներ այն երկրների մասին․ երևի կասեր, թե մի լեդի կդարձնի նրան այն կողմերում։ Երբ մենք տղայի մորը տեսնելու գնացինք, իսկույն հասկացա, որ բանը ճիշտ այդպես պատահած կլինի։ Եվ ես նեղուցն անցա ու ամպերից ընկածի պես՝ Ֆրանսիայի ափն իջա։
 
Այդ րոպիեն նկատեցի, որ դուռը մի քիչ բացվեց ու ձյան քուլաները ներս ընկան։ Հետո մի քիչ ավելի բացվեց, մի ձեռք նրան կիսաբաց էր պահում։
 
― Ես գտա մի անգլիացի, մի պաշտոնյա ջենտլմեն, ― շարունկեց մր․ Պեգգոտին, ― ասացի նրան, թե եկել եմ եղբորս աղջկան փնտրելու։ Նա ինձ մի քանի թղթեր տվեց․․․ ինքս էլ չգիտեմ՝ ինչպե՞ս են կոչվում այդ թղթերը․․․ որ կարողանամ ազատ ման գալ․ փող էլ ուզեց տալ, բայց շնորհակալ եղա, չընդունեցի, ասելով թե կարոտ չեմ։ Լա՜վ մարդ էր, մաստր Դեվի։ «Ես ձեր մասին կգրեմ, ― ասաց նա, ― կպատմեմ շատերին, որոնք գնալու են ձեր ճամփով, այնպես որ՝ ուր էլ հասնեք, կիմանան, և դուք օտար երկրում մենակ չեք մնա»։ Ինչքան որ լեզուս բացվեց, շնորհակալություն հայտնեցի նրան ու սկսեցի չափչփել ֆրանսիական աշխարհը։
 
― Մենա՞կ ու ոտքով՞։
 
― Ավելի շատ ոտքով։ Երբեմն շուկա գնացող բարի մարդիկ առաջարկում էին իրենց սայլը նստել, երբեմն էլ այս կամ այն կոնդուկտորն էր ձրի տեղ տալիս դիլիժանսում։ Շատ անգամ էլ երկար մղոններ ոտքով էի անցնում մի զինվորի կամ մշակի հետ, որ իր ծնողներին տեսնելու էր գնում։ Ո՛չ ես էի կարողանում նրանց հետ խոսել, ո՛չ նրանք ինձ հետ, բայց ոչինչ։ Դա մեզ ամենևին չէր արգելում ընկեր լինել երկար ու փոշոտ ճամփու վրա։
 
― Մի՞թե կարելի է, որ մր․ Պեգգոտիի նման մի բարի մարդ ամեն տեղ ընկեր չգտներ։
 
― Հենց որ գալիս էի մի քաղաք, ― շարունկեց նա, ― մի իջևանի բակ էի մտնում ու սպասում, մինչև մի անգլերեն իմացող մարդ գտնեմ․ միշտ էլ գտնվում էր։ Այնուհետև պատմում էի նրան, թե եղբորս աղջկան փնտրելու եմ դուրս եկել․ նա էլ ասում էր, թե ինչ նշանավոր մարդիկ են իջևանել հյուրանոցում։ Այնուհետև նայում էի, որ մտնող֊ելնող հյուրերի մեջ մեր աղջկան նման մի աղջիկ տեսնեմ։ Երբ տեսնում էի, որ մեր Էմլին նրանց մեջ չի, հեռանում էի մի ուրիշ տեղ։ Իմ համբավը տարածվել էր խեղճ մարդկանց մեջ, այնպես որ՝ մի նոր գյուղ մտնելուս պես իմանում էի, որ իմ մասին արդեն լսել են։ Իսկույն հրավիրում էին, որ իրենց տնակի առջև նստեմ, աղ ու հացով հարգում էին ու քնելու տեղ տալիս։ Մայրեր կային՝ Էմլիիս հասակով աղջկա տեր, որոնք սպասում էին ինձ, մաստր Դեվի, գյուղի տափում, մեր Փրկչի Խաչի մոտ, որ հյուրասիրություն շնորհեն ինձ։ Մայրեր էլ կային, որոնց աղջիկը մեռել էր։ Եվ միայն աստաված գիտի, թե որքա՜ն այդ մայրերը բարեգութ էին դեպի ինձ։
 
Դռան մոտ կանգանածը Մարթան էր։ Ես պարզ նշմարեցի նրա գունատ դեմքը․ նա ագահությամբ ականջ էր դնում։ Վախենում էի, որ մր․ Պեգգոտին, մեջքը շուռ տալով, հանկարծ նրան կտեսնի։
 
― Եվ շատ անգամ իրենց մանուկներին ծնկներիս վրա էին նստեցնում․․․ մանավանդ փոքրիկ աղջիկներին, ― ասաց մր․ Պեգգոտին, ― շատ անգամ էլ իրիկունները, դռան առջև այդ երեխաների շրջանում նստած կտեսնեիք ինձ, ասես թե նրանք սիրելի Էմլիիս զավակները լինեն։ Օ՜հ, իմ Էմլիս։
 
Եվ հանկարծ վշտից բռնվելով մր․ Պոգգոտին բարձր ձայնով հեկեկաց։ Ես դողդոջ ձեռքս նրա ձեռքի վրա դրի, որով երեսը ծածկել էր։
 
― Շնորհակալ եմ, սըր, ― ասաց նա, ― ուշք մի դարձրեք վրաս։
 
Մի վայրկյանից հետո նա իր աջը սրտին դրեց ու պատմությունը շարունկեց։
 
― Երբեմն էլ, լուսադեմին, մղոններով ուղեկցում էին ինձ, և երբ մնաս բարովի ժամանակ ասում էի․ «Շատ շնորհակալ եմ ձեզնից․ աստված ձեր տունը շե՜ն պահի», նրանք կարծես հասկանում էին ինձ ու սիրով պատասխան տալիս։ Վերջապես մինչև ծովը հասա։ Էլ ավելորդ է ասել, որ ինձ նման նավաստու համար Իտալիա անցնելը դժվար բան չէր։
 
Այդ երկիրն էլ մյուսի պես՝ սկսեցի մենակ ու ոտքով չափչփել։ Իտալացիք էլ լավ մարդիկ էին, և ես քաղաքից քաղաք թափառելով, գուցե մինչև Իտալիայի մյուս ծայրն անցնեի, եթե չլսեի, թե զվիցերական լեռներում աղջկան տեսել են։ Մի տղա, որ երիտասարդի սպասավորին ճանաչում էր, պատմեց ինձ, թե երեքին էլ միասին այնտեղ է տեսել․ նա ինձ հայտնեց, թե ինչպե՞ս են ճամբորդում, և ասաց, թե որտե՞ղ կարելի է գտնել նրանց։ Ես դեպի այն սարերը դիմեցի, մաստր Դեվի, գիշեր֊ցերեկ քայլելով։ Եվ որքան ես շատ էի գնում, այնքան էլ կարծես սարերն ինձնից փախչում էին։ Բայց վերջապես հասա նրանց ու անցա։ Եվ հենց որ այն տեղին մոտեցա, ուր լսծիս նայելով նրանք պիտի իջած լինեին, սկսեցի մտածել ինքս ինձ․ «Ի՞նչ անեմ, երբ որ տեսնեմ Էմլիին։
 
Մեզ լրտեսող Մարթա Էնդլը, չնայելով սառ քամուն, դեռ շեմքի մոտ կանգնած էր ու ձեռքի շարժումով ինձ աղաչում էր, որ իրեն դուրս չանեմ։
 
― Ես երբեք չեմ կասկածել նրան, ― ասաց մր․ Պեգգոտին։ ― Երբե՜ք։ Ամենևի՜ն։ Միայն թե նա երեսս տեսներ․․․ ձայնս լսեր․․․ միայն թե հնար գտնեի հիշեցնելու նրան, այն տնակը, որտեղից որ փախել է, միտքը գցել իր մանկությունը․․․ այն ժամանակ, ես գիտեմ, մի շքեղ լեդի էլ դարձած լիներ, իսկույն ևեթ ոտքերս կընկներ։ Այո՛, կընկներ, գիտեմ։ Շատ անգամ երազումս լսում էի նրա ճիչը՝ «Ապե՜ր, ապե՜ր» ու մեռելի պես առջևս ընկած տեսնում նրան։ Շատ անգամ երազիս մեջ վերցնում էի նրան ու շշնջում․ «Էմլի, հոգյակ իմ, ես եկել եմ քեզ ներելու, քեզ մեր տո՜ւնը տանելու»։
 
Ծերունին կանգ առավ, գլուխը շարժեց ու հառաչելով շարունակեց․
 
― Այժմ ինձ համար տղան ոչինչ էր։ Էմլին էր ամեն բան։ Ես նրա համար գեղջկուհու շորեր գնեցի․ գիտեի, որ մի անգամ նրան գտնեմ թե չէ՝ ուր էլ գնամ, նա էլ ինձ հետ միասին կերթա քարոտ ճամփով և էլ երբեք չի բաժանվի ինձնից։ Այժմ ես ուրիշ բան չէի ուզում, ուզում էի միայն այդ հասարակ շորերը հագցնել նրան, նրա շքեղ զարդերն ու զգեստը ոտնակոխ անել և թև֊թևի տված տուն վերադառնալ․․․ տեղ֊տեղ կանգնելով, որ նրա ցաված ոտքերը բժշկեմ ու մանավանդ սրտի վերքը դարմանեմ։ Իսկ տղի վրա․․․ նայել անգամ չէի ուզի։ Բայց, մաստր Դեվի, այդ երջանիկ րոպեն դեռ չէր հասել․․․ Ես ուշացա․ նրանք արդեն մեկնել էին՝ դեպի այս կողմը, մի քանիսը՝ դեպի այն կողմը։ Այս կողմն էլ ման եկա, այն կողմն էլ, բայց Էմլիիս հետքը չգտա, ու ետ եկա հայրենիք։
 
― Արդեն վաղո՞ւց, մր․ Պեգգոտի։
 
― Մի քանի օր կլինի, մաստր Դեվի։ Գիշերով մեր տնակին մոտենալիս պատուհանում ճրագ տեսա․ հետո ավելի մոտեցա և ապակու միջից կամաց նայեցի։ Մրս Գըմիջը մենակ նստած էր վառարանի մոտ։ «Չվախենաս, ես եմ, Դանիե՜լը, ասացի ես ու ներս մտա։ Երբեք այդպես տարօրինակ չէր երևացել ինձ մեր հին նավը։
 
Մր․ Պեգգոտին զգուշությամբ ծոցից հանեց մի փոքրիկ ծրար, որի մեջ երկու֊երեք նամակներ կային, և սեղանի վրա դրեց։
 
― Ահա այս առաջին նամակը, ― ասաց նա, մյուսներից մի նամակ ջոկելով, ― իմ մեկնելուց մի շաբաթ հետո է եկել։ Մեջն էլ եղել է, մի թերթիկով փաթաթված, այս հիսուն ստեռլինգի տոմսակը․ գիշերով են դրել մեր դռան տակ։ Էմլին աշխատել է իր ձեռագիրը կեղծել, բայց մի՞թե ես չէի ճանաչի։
 
Նա դրամատոմսը հանդարտ ծալեց, ճիշտ առաջվա ձևով, և մի կողմ դրեց։
 
― Իսկ այս նամակը, որ երկու կամ երեք ամիս առաջ է ստացվել, մրս․ Գըմիջի հասցեով է, ― ասաց նա, մի ուրիշ նամակ բաց անելով, և մի քանի վայրկյան զննելուց հետո՝ տվեց ինձ ու մեղմ ձայնով ավելացրեց։ ― Խնդրեմ կարդացեք, մաստր Դեվի։
 
Ես հետևյալը կարդացի․
 
«Օ՜հ, ի՜նչ պիտի զգաք, երբ որ այս նամակն ստանաք ու իմանաք, որ իմ հանցավոր ձեռքն է գրում այս տողերը։ Բայց փորձեցեք, փորձեցե՜ք․․․ ոչ թե իմ սիրուս, այլ հորեղբորս սիրու համար, գեթ մի վայրկյան ներող սրտով հիշել ինձ։ Աղաչում եմ, գթացեք թշվառիս ու մի կտոր թղթի վրա գրեցեք ― առո՞ղջ է նա, և ի՞նչ ասաց իմ մասին՝ առաջ քան թե հավիտյան դադարեիք ձեր շրջանում արտասանել իմ անունը․․․ արդյոք սովո՞ր է, գիշերվա դեմ, իմ տուն գալու րոպեին, առաջվա պես դռան մոտ նստել ու սպասել՝ ում որ այնքան սիրում էր։ Օ՜հ, սիրտս կտրտվում է այդ բոլորը հիշելիս։ Ոտքներդ ընկնելով աղաչում եմ ու լալով, լալո՜վ պաղատում, խիստ միք լինի դեպի ինձ, ինչպես որ արժանի եմ, որ լինեք․․․ այո, լիովին արժանի․․․ այլ մարդասեր եղեք և գրեցեք ինձ «Դստրիկ» և մի՛ տաք ինձ այն անունը, որ անպատվել եմ, այլ կարեկցելով տագնապիս՝ գոնե մի երկու բառ գրեցեք հորեղբորս մասին, որին երբեք, այլևս երբեք իմ աչքերը տեսնելու չեն այս աշխարհում։
 
Բայց եթե ձեր սիրտը զայրացած է դեպի ինձ․․․ և գիտեմ որ իրավամբ․․․ այն ժամանակ աղաչում եմ, պատվական մրս․ Գըմիջ, հարցնել նրան, որի առջև ամենից շատ եմ հանցավոր, որին խոսք էի տվել ամուսինը լինելու․․․ արդյոք պե՞տք է իմ այս թշվառ խնդիրը մերժել։ Եթե նա այնքան կարեկից լինի, որ խորհուրդ տա մի քանի տող գրել ինձ․․․ վստահ եմ՝ կտա, որովհետև միշտ վեհանձն ու ազնիվ է ― այն ժամանակ, բայց ոչ առաջ, ասացեք նրան, որ ամեն անգամ, երբ ականջ եմ դնում գիշերվա հողմին, ինձ թվում է, թե նա հորեղբորս ու նրա կողմից է գալիս և հետո երկինք բարձրանում՝ իմ դեմ աստծու առջև բողոքելու։ Ասացեք նրան, որ եթե ինձ վիճակված լինի վաղը մեռնել (օ՜հ, ինչպես կցանկանայի մեռնել, միայն թե պատրաստ լինեի), իմ վերջին խոսքերովս նրան ու հորեղբորս պիտի օրհնեմ ու վերջին շնչովս նրա՜ն երջանիկ կյանք մաղթեմ։
 
Այդ նամակի մեջ էլ մի գումար կար՝ հինգ ստեռլինգ, որ նմանապես ամբողջ էր մնացել։ Մր․ Պեգգոտին այդ դրամատոմսն էլ առաջվանի ձևով ծալեց։ Նամակին կցված էր մի մանրամասն հրահանգ պատասխանի համար, որ ձեռքից ձեռք պիտի անցներ նախքան նպատակին հասնելը։ Այդ հասցեին նայելով դժվար էր որոշել, թե աղջիկը որտեղ է թաքնված, բայց կարելի էր ենթադրել, թե այն տեղից է գրել ուր նրան տեսած կլինեին։
 
― Ի՞նչ պատասխան տվեց, ― հարցրի ես մր․ Պեգգոտիին։
 
― Մրս․ Գըմիջը գրելու վարժ չէ, սըր, ― ասաց նա։ ― Այս պատճառով պատասխանը Հեմն է շարադրել, իսկ պառավը միայն արտագրել է։ Գրել են Էմլիին, թե ես գնացել եմ նրան փնտրելու և հիշել, թե ի՞նչ էի ասել մեկնելիս։
 
― Այդ էլ նամակ է։
 
― Ոչ, սա փող է, սըր, ― ասաց մր․ Պեգգոտին, ծրարը բանալով։ ― Տեսնո՞ւմ եք, տասն ստեռլինգ։ Տակն էլ գրված՝ «Հավատարիմ բարեկամից», ինչպես և առաջինի մեջ։ Բայց առաջինը մեր դռան տակն էր դրված, իսկ սա փոստով է եկել, երեկ չէ մյուս օրը։ Գնում եմ փնտրելու նրան այս ծրարի դրոշմով։
 
Եվ նա ցույց տվեց ինձ այդ դրոշմը։ Դա վերին Հռենոսի վրա գտնվող մի քաղաք էր։ Մր․ Պեգգոտին Յարմաութում գտել էր այդ երկիրը ճանաչող մի քանի օտարազգի վաճառականների․ նրանք էլ գծել էին մի կոպիտ քարտեզ, որ նա շատ լավ հասկացել էր։ Նա քարտեզը սեղանի վրա փռեց ու մի ձեռքը կզակին դեմ տալով, մյուսովն սկսեց իր անցնելու ճանապարհը ցույց տալ։
 
― Ինչպե՞ս է Հեմը, ― հարցրի ես, խոսակցության նյութը փոխելու համար։
 
― Աշխատում է, ինչքան որ կարելի է, ― ասաց մր․ Պեգգոտին և գլուխը շարժեց։ ― Ամեն տեղ լավ անուն ունի, ամենքն էլ նրան հարգում են։ Ով էլ ասես նրան օգնելու պատրաստ է, ինքն էլ պատրաստ է ամենքին օգնել։ Դեռ ոչ մի մարդ նրա բերնից գանգատ չի լսել, բայց, մեր մեջ մնա, քույրս ասում է, թե խեղճի սիրտը շատ կոտրված է։
 
― Հարկավ։ Եվ ինչպե՞ս կարող էր չկոտրվել։ Խե՜ղճ տղա։
 
― Էլ ո՛չ առողջությունն է բանի տեղ դնում, ո՛չ էլ կյանքը, մաստր Դեվի, ― ասաց մր․ Պեգգոտին մի հանդիսավոր շշունջով։ ― Որտեղ էլ պետք լինի մի ծանր բան կատարել փոթորկալից եղանակին, Հեմն այնտեղ է, որտեղ էլ միայն պարտք զգացվի օգնել մեկին, նույնիսկ կյանքը վտանգելով, ամենից առաջ նա է հասնում օգնելու։ Բայց էլի մի երեխայի պես հեզիկ է։ Յարմաութում մանուկ չկա, որ Հեմին չճանաչի։
 
Մր․ Պեգգոտին նամակները շուտ հավաքեց, ծալեց, ծրարեց և զգուշությամբ ծոցը դրեց։ Դռան հետևից նայող դեմքը չէր երևում այլևս։ Ձյունը դեռ շարունակում էր ներս ընկնել․ ուրիշ ոչինչ։
 
― Դե, ― ասաց մր․ Պեգգոտին, իր պայուսակին նայելով։ ― Շատ ուրախ եմ, մաստր Դեվի, որ ձեզ տեսա այս երեկո, սա մի բարի նշան է։ Վաղը, լուսանալուն պես, կմեկնեմ։ Դուք գիտեք, թե ինչ ունեմ այստեղ, ― շարունակեց նա, աջը ծոցին դնելով։ ― Շատ եմ վախենում, որ գուցե մեռնեմ՝ այս փողերը ետ չտված։ Եթե մեռնեմ, կամ կորչեն, կամ թե գողանան, և այն տղան չիմանա, թե պահել էի․․․ կարծեմ, գերեզմանն էլ չի կամենա ընդունել ինձ։ Ես այն աշխարհից ետ կգամ։
 
Նա վերկացավ, ես էլ վերկացա և մենք նորից ամուր իրար աջ սեղմեցինք։
 
― Հազար ու հազար մղոն կանցնեմ, ― ասաց նա, ― մինչև վերջին շունչս քարշ կգամ այս փողերը նրա երեսին խփելու համար։ Միայն թե այդպես անեի և Էմլիիս գտնեի, էլ ուրիշ բան չեմ ուզում։ Եթե չգտնեմ, գոնե մի օր կլսի, թե նրա ապերը, նրան սիրող ապերը մինչև իր կյանքի վերջը նրան փնտրելով՝ շունչը փչեց։ Եվ եթե լավ եմ ճանաչում նրան, այդ արդեն կստիպի նրան վերջ ի վերջո վերադառնալ դեպի տուն։
 
Երբ դուրս ելանք, նկատեցի, որ Մարթան շտապեց մթության մեջ թաքնվել։ Մինչև նրա անհետանալը ես մի քիչ ետ պահեցի ծերունուն։
 
Մր․ Պեգգոտին ասաց, թե մտադիր է Դուվր տանող ճանապարհի իջևանում գիշերել, ուր հույս ունի մի մաքուր սենյակ ճարել։ Մինչև Ուեստմինստրի կամրջի մյուս կողմն անցա նրա հետ և այնտեղ մենք միմյանց հրաժեշտ տվեցինք։ Ինձ թվում էր, թե ամբողջ բնությունը լռել է, պատկառելով այդ ծերունուց, որ մենակ առաջ էր գնում թարմ ձյունի միջով։
 
Ես վերադարձա «Ոսկե Խաչի» պանդոկը, հույս ունեի նորից տեսնել Մարթային, որի դեմքն այնպես սաստիկ ազդել էր վրաս։ Նա այնտեղ չէր։ Ձյունը մեր քայլերի վերջին հետքը ծածկել էր․ միայն իմ քայլերի նոր հետքն էր երևում, բայց դա էլ, երբ շուռ եկա նայելու, արդեն սկսել էր ձյունի նոր֊նոր քուլաների տակ անհետանալ։
Ադմին, Վստահելի
1876
edits